• Ավատար / Avatar

    Ավատար / Avatar



    ԱՄՆ 2009

    Ռեժիսյոր՝ Ջեյմս Կեմերոն
    Սցենարիստ՝ Ջեյմս Կեմերոն
    Դերերում՝ Սեմ Ուորթինգտոն, Սթիվեն Լենգ, Զոե Սալդանա, Սիգուրնի Ուիվեր, Միշել Ռոդրիգես, Սի-Սի-Էյջ Փաունդեր, Ջովաննի Ռիբիզի, Ջոել Մուր, Դիլիպ Ռաո, Լազ Ալոնսո, Ուես Սթադի և ուրիշներ
    IMDb-ի գնահատականը՝ 8.8/10 (89,584 ձայն)
    Ֆիլմի բյուջեն՝ $230 000 000
    Համաշխարհային վարձույթում հավաքած գումարը՝ $726 612 776
    Ժանրը՝ ֆանտաստիկ, մարտաֆիլմ, թրիլլեր
    Պաշտոնական սայթը՝ http://www.avatarmovie.com/


    2154 թվական: Ջեյք Սալլին հաշմանդամի հիվանդասայլակին գամված նախկին ծովային հետևակ է: Սակայն կամքի ուժի ու գործելու անհագ ցանկության շնորհիվ նա կարողանում է բարեհաջող կերպով անցնել հատուկ ընտրության միջով ու մեկնել Պանդորա՝ Երկրին ամենամոտիկ մոլորակը, որի վրա բանական կյանք կա: Արդեն մի քանի տարի է, ինչ մարդկությունը Պանդորայի վրա հայտնաբերել է մի հազվագյուտ հանքանյութ, որը թույլ կտա լուծել Երկրի էներգետիկ ճգնաժամը: Եվ քանի որ Պանդորայի մթնոլորտը խիստ թունավոր է մարդկանց համար, նախագծվում ու մեկնարկում է «Ավատար» ծրագիրը, որի շնորհիվ օպերատորի գիտակցությունը միանում է հեռակառավարվող կենսաբանական մարմնին՝ նրա ավատարին, որն ընդունակ է դիմանալու օտար մոլորակի դաժան կլիմային:Ասես վերածնվելով ավատարի տեսքով՝ Ջեյքը հատուկ հանձնարարություն է ստանում. թափանցել բնիկ Նա-վի ցեղի մեջ, որը մոլորակի վրա հանքափորային աշխատանքներին խոչնդոտող հիմնական հանգամանքն է: Թափանցել՝ բնավ էլ ոչ խաղաղ նպատակներով…



    «Ավատարը» կարելի կլիներ Կեմերոնի կարապի երգը համարել, եթե հենց ինքը՝ մաեստրոն իր ստեղծագործությունը չդիտարկեր որպես ինչ-որ նոր փուլի սկիզբ: Դեռևս նկարահանումների սկսվելուց առաջ նա հասկացել էր, որ ֆիլմը չպետք է լինի իր պրոֆեսիոնալ վերելքի հերթական աստիճանը, այլ պետք է դառնա իսկական Իրադարձություն: Իրադարձություն, որ բծախնդիր հանդիսատեսին կմատուցեր ռեժիսյորի հարուստ երևակայության պտուղը՝ զարմանալի ու գեղեցիկ մի ողջ աշխարհ: Սցենարի առաջին տարբերակը Կեմերոնը գրել էր դեռ 15 տարի առաջ, սակայն այն ժամանակ գոյություն ունեցող տեխնոլոգիաները պարզապես թույլ չէին տալիս ռեժիսյորին պատշաճ կերպով իրականացնել իր գաղափարները: Մի քանի տարի անց՝ 1999-ին, ֆիլմի նկարահանման համար պահանջվող մոտավոր գումարն ավելի որոշակի գնահատական ստացավ, բայց ոչ մի կինոընկերություն այդպես էլ չհամարձակվեց տրամադրել պահանջվող 400 միլիոն դոլարը: Կեմերոնին այլևս ոչինչ չէր մնում, քան զինվել համբերությամբ ու սպասել: Կինոնկարի ստեղծման աշխատանքները վերսկսվեցին միայն հինգ տարի անց և շարունակվեցին ևս հինգ տարի: Փոխարենը՝ այսօր մենք կարող ենք վայելել, թերևս, ժամանակակից կինեմատոգրաֆիայի ամենատեխնոլոգիական ֆիլմը:



    Կեմորոնը, հիրավի, տիտանական աշխատանք է կատարել՝ մշակելով ու նկարահանման հրապարակում կիրառելով մի շարք հեղափոխախան գաղափարներ: Նախ և առաջ՝ նրա մտածածի ու պատկերացրածի իրականացման համար հարկավոր էր լիովին «թվայնացնել» դերասաններին: Այս հնարքի օգտագործման օրինակներ մինչ այսօր կարող էինք դիտել, օրինակ, հոլիվուդյան մեկ ուրիշ ավանգարդիստի՝ Ռոբերտ Զեմեկիսի աշխատանքներում («Բևեռային էքսպրես», «Բեովուլֆ»): Սակայն Կեմերոնը performance capture տեխնոլոգիան հասցրեց որակական նոր մակարդակի: Նկարահանումների ժամանակ դերասաններից յուրաքանչյուրին «զինում» էին նոր տեսակի դիմային ցուցիչներով, որոնց հաղորդած տվյալները գրանցում էր հենց այդ դերասանների գլխին ամրացված հատուկ տեսախցիկը: Բացի չափումների առավել մեծ ճշտություն ունենալուց՝ այդ տեսախցիկները «սովորել» էին նաև գրանցել աչքերի շարժումը, ինչը թվայնացված մոդելին ազատում էր դրանց հիմնական խնդրից՝ անբնականությունից: Երկրորդը. նկարահանումների ընթացքում Կեմերոնը փորձարկեց ու հաջողությամբ կիրառեց «Վիրտուալ տեսախցիկ» կոչվող իր ֆիրմային նոու-հաուն, որի օգնությամբ օպերատորը տեսախցիկի միջով նայում է իսկական դերասաններին, բայց տեսնում է նրանց համակարգչային պրոտոտիպները, և այդ ամենը՝ իրական ժամանակում և իրական միջավայրում:



    Երրորդ. ռեժիսյորն անձամբ (Վինս Պեյսի հետ համատեղ) մշակեց լրիվ նոր տեսակի ստերեո տեսախցիկներ, որոնց շնորհիվ հնարավորություն ստացավ նկարելու այնպիսի ծավալուն-եռաչափ տեսարաններ, որոնք այսօր անհասանելի են ցանկացած ուրիշ տեխնոլոգիայի համար: 2009 թվի օգոստոսի 21-ին ամբողջ աշխարհում կինոլրագրողների ու քննադատների համար ցուցադրվեց «Ավատարի» 15 րոպեանոց մի հատված, ընդ որում՝ հենց 3D ֆորմատով: Այդ աննախադեպ ակցիայի արձագանքները բազմաթիվ ու բազմազան էին, սակայն դրանց բոլորին միավորում էր մեկ ընդհանուր բնորոշ գիծ՝ շարքային հանդիսատեսի անկեղծ հիացմունքը Կեմերոնի հեղինակած ստերեո-էֆեկտների նկատմամբ: Այս կարծիքը հաստատել կամ ժխտել մենք, անշուշտ, հիմա չենք կարող. ասենք միայն, որ «հեղափոխություն» ու «ճեղքում» բառերն այս համատեքստում ամենաշատն են հնչել: Մաեստրոյի սերը 3D-ի հանդեպ ընդհանրապես արժանի է ամենաբարձր գովեստների: Կեմերոնն անգամ համաձայնեց կես տարով հետաձգել ֆիլմի պրեմիերան, որպեսզի աշխարհով մեկ ևս չորսուկես հազար կինոթատրոններ իրնեց դահլիճները համալրեն ստերեո-սարքավորումներով: Ժամանակին համր կինոն իր տեղը զիջեց հնչյունային կինոյին. հնարավոր է, որ այսօր մենք դառնում ենք իրական եռաչափ կինեմատոգրաֆի ծնունդի վկաները: Համենայն դեպս՝ Կեմերոնը խոստացել է, որ եթե «Ավատարը» շահույթները ծածկեն ֆիլմի բյուջեն, ապա ինքը ֆիլմը կվերածի եռերգության:



    Տեխնոլոգիաներն, անշուշտ, լավ բան են: Բոլոր վերոհիշյալ նորարարությունները կարող էին հեշտ ու հանգիստ այս ֆիլմը վերածել հերթական «eye candy»-ի, եթե ռեժիսյորի աթոռը զբաղեցրած լիներ ուրիշ մեկը: Բայց «Ավատարը» գրավում է ոչ միայն իր պատկերով, այլ նաև բովանդակությամբ: Կինոնկարի գաղափարական ֆոնն առավել մոտ է արևմտյան մենթալիտետին, քանի որ հանդիսատեղի ենթագիտակցության մեջ արթնացնում է Ամերիկայի նվաճման հին, բայց ոչ այնքան բարի ժամանակները: Տեխնոլոգիապես ավելի թույլ աբորիգենների դանդաղ, բայց անդառնալի բնաջնջումը, ցավոք սրտի, միշտ էլ եղել է մարդկային ցեղի բնորոշ հատկանիշը: Եվ ժամանակին բազմաթիվ անվանի ռեժիսյորներ առանց վարանելու անդրադարձել են այս թեմային. նշենք, օրինակ, Սփիլբերգի «Ամիստադը», Կոստների «Գայլերի հետ պարողը» և այլն: Կեմերոնն, իր հերթին, ոչ թե պարզապես թարմացնում է այս գաղափարը, այլ ցույց է տալիս, թե ինչի կարող է վերածվել այն ապագայում: Եվ թեկուզ հնդկացիներին փոխարինել են սրականջ աբորիգենները, իսկ ոսկին իր տեղը զիջել է այլմոլորակային միներալ Ունոբտանիումին, ֆիլմի առանցքային միտքը նույնն է. ոչնչացման ուղին անխուսափելիորեն ավարտվում է փակուղով, անկախ քաղաքակրթության տեխնոլոգիական զարգացման աստիճանից ու ռազմական հզորությունից:



    Ասենք՝ «Ավատարում» գաղափարը չի ճնշում բովանդակությանը, այլ պարզապես իմաստով է հագեցնում ֆիլմը, ստիպում է մտածել: Կեմերոնի հիմնական նպատակն է եղել հանդիսատեսին գլխովին սուզել իր ստեղծած ֆանտաստիկ աշխարհի մեջ, որը միաժամանակ և՛ անհավատալի է, և՛՝ այնքա՜ն բնական, որ ասես՝ երազի ու իրականության մի զարմանալի կոկտեյլ լինի: Ռեժիսյորը նաև օգտագործել է «քաղաքակրթությունների կոնտրաստի» հնարքը: Մի կողմում ապագայի տեխնոգեն մարդկությունն է, որը հիմնավորապես ոչնչացրել է Երկրի ռեսուրսները, փակվել է մետաղե, ապակյա ու բետոնե պատերի մեջ և մոռացել է սեփական բնույթը: Մյուս կողմում Պանդորայի կուսական աշխարհն է, որ բնակեցված է հոգատար, խելացի ու հպարտ էակներով, ովքեր թույլ չեն տալիս սեփական արատներին գերիշխել առողջ բանականության վրա: Հենց սա է պատճառը, որ Պանդորան այդպիսի ցնցող ու արբեցուցիչ ազդեցություն է ունենում մարդկության… ու հանդիսատեսի վրա: Արտասահմանյան կինոսիրողներն արդեն կարողացել են գնահատել «Ավատարը». շուտով այդ հնարավորությունը կունենա նաև հայ հանդիսատեսը: Այնպես որ՝ եթե «կինո» բառը ձեզ համար հնչյունների անիմաստ կույտ չէ, կինոթատրոն այցելել-չայցելելու հարցը ձեր չպետք է անհանգստացնի: Երաշխավորում ենք՝ միանշանակ:



    Հետաքրքիր փաստ: Ֆիլմի 40%-ը իրական կադրեր են, իսկ 60%-ը՝ համակարգչային ֆոտոռեալիստիկ գրաֆիկա:
    Մեկնաբանություն 2 Մեկնաբանություն
    1. -=BaZeL^4=--ի ավատար
      -=BaZeL^4=- -
      Yahoo-ի վրա backscreen վիդեոներ կան ...
    1. Լ.յ.ո.վ.-ի ավատար
      Լ.յ.ո.վ. -
      3D մասը շատ լավ են արել, բայց ֆիլմը իրա սցենարով, կռվի դրվագներով, անգամ անկախատեսելիությամբ` ուղակի զիբիլա... Ոնց որ Պոկահոնտաս մուլտֆիլմի սցենարը տող առ տող արտագրած լինեին
      Ու կարծում եմ տարօրինակ չի, որ օսկար չստացավ
  • Հարցում

    Ո՞ր թիմը կդառնա Եվրո 2020 հաղթող (ձայն: 2)

    1. Ավստրիա (ձայն: 0)

    2. Բելգիա (ձայն: 0)

    3. Խորվաթիա (ձայն: 0)

    4. Չեխիա (ձայն: 0)

    5. Դանիա (ձայն: 0)

    6. Անգլիա (ձայն: 0)

    7. Ֆինլանդիա (ձայն: 0)

    8. Ֆրանսիա (ձայն: 1)

    9. Գերմանիա (ձայն: 0)

    10. Հունգարիա (ձայն: 0)

    11. Իտալիա (ձայն: 1)

    12. Նիդերլանդներ (ձայն: 0)

    13. Հս․ Մակեդոնիա (ձայն: 0)

    14. Լեհաստան (ձայն: 0)

    15. Պորտուգալիա (ձայն: 0)

    16. Ռուսաստան (ձայն: 0)

    17. Շոտլանդիա (ձայն: 0)

    18. Սլովակիա (ձայն: 0)

    19. Իսպանիա (ձայն: 0)

    20. Շվեդիա (ձայն: 0)

    21. Շվեյցարիա (ձայն: 0)

    22. Թուրքիա (ձայն: 0)

    23. Ուրաինա (ձայն: 0)

    24. Ուելս (ձայն: 0)