• ArmNet Awards 2010 մրցանակաբաշխությունը, դրա կազմակերպվածությունն ու ընթացքը

    Ստորև ներկայացված է 11 կայքերի անունից «ArmNet Awards 2010» մրցույթի կազմակերպիչներին հասցեագրված բաց-նամակ վերլուծություն-կոչը, որն ուղարկվել է կազմակերպիչների email հասցեներին:


    ArmNet Awards 2010 կայքերի մրցանակաբաշխությունը կարճ ժամանակում իր վրա հրավիրեց այսպես կոչված «համացանցային հանրության» ուշադրությունը: Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 600 կայք, որոնց օգտին, 25.11.2010 դրությամբ, ըստ մրցույթի կազմակերպիչների հաղորդման` գրանցվել է ընդհանուր 80.000 քվե (http://www.panarmenian.net/rus/it_telecom/news/57386/), ըստ մեր հաշվարկների՝ մոտ 44.000 քվե:

    Ուրախալի և ողջունելի է նման մրցույթ, մրցանակաբաշխություն անցկացնելու մտահղացումը, որն ըստ էության պետք է նպաստի հայկական կայքերի զարգացմանը, ճանաչմանը, առաջխաղացմանը:

    Սակայն մրցույթը ընթանում է լուրջ բացթողումներով ու թերություններով, որոնք խիստ մտահոգիչ են ու վտանգում են մրցույթի նկատմամբ հավատը:


    Կայքերի գրանցումը

    Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար անհրաժեշտ էր ընդամենը ներմուծել կայքի հասցեն ու կատեգորիան: Կատեգորիայի դերն ու նշանակությունը չափազանց անորոշ են. այն նախատեսված է ընդամենը կայքերի դասակարգման, այլ ոչ մրցութային կատեգորիա լինելու համար: Այսպիսով ստացվում է, որ միմյանց հետ մրցում են սոցիալական ցանցերը, ֆորումները, բլոգները, անձնական էջերը, լրատվական կայքերը, բիզնես կայքերը և այլն: Մինչդեռ յուրաքանչյուր ոլորտն ու կայքի տիպը, ունենալով իր առանձնահատկությունները, չեն կարող դասվել նույն շարքում, գնահատվել նույն կերպ:

    Ըստ կազմակերպման ձևի՝ ցանկացած ոք կարող էր ներմուծել ցանկացած կայքի հասցե, ու այդ կայքն արդեն մրցույթի մասնակից է՝ անկախ այդ կայքի տերերի դրանից տեղյակ կամ անտեղյակ լինելու հանգամանքից: Սրա զավեշտալի դրսևորումներից մեկն էր հանրահայտ blogspot.com բլոգային ոչ հայկական համակարգի՝ մրցանակաբաշխությանը գրանցված լինելու փաստը: Այս կայքը մրցող կայքերի ցանկից հեռացվեց հանրային քվեարկությունը սկսվելուց երկու թե երեք օր անց:

    Բայց բացի զավեշտալի դրվագներից կայքերի նմանատիպ գրանցումը կարող է վնասել որոշ կայքերի հեղինակությանն ու ունեցած համբավին: Այսպիսով, կայքի տերերը չիմանալով, որ իրենց կայքը գրանցված է ու մասնակցում է ինչ-որ մրցանակաբաշխության, բնականաբար չեն անցկացնում կայքի համար քվեարկելու ագիտացիոն աշխատանքներ, արդյունքում կայքը հավաքում է զրո կամ շատ քիչ ձայն՝ արտաքին աչքի համար տպավորություն ստեղծելով, որ կայքի համար ոչ ոք չի քվեարկում: Այստեղ հարկ է նշել, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քվեարկողները հիմնականում չեն ուսումնասիրում ներկայացված բոլոր 600-ից ավելի կայքերը, այլ հիմնականում քվեարկում են այն կայքերի համար, ուր իրենց ուղղորդել էին: Եվ իրապես անհնար էլ էր ակնկալել, որ նման քանակի կայքերի դեպքում քվեարկողն ունակ է դրանք բոլորը դիտել ու ընտրություն կատարել. նա պետք է քվեարկեր կա՛մ այն կայքի օգտին, որին իրեն ուղղորդել են, կա՛մ այն կայքի օգտին, որին արդեն վաղուց ծանոթ է:

    Այստեղ հետաքրքիր է ուսումնասիրել կայքերի քվեարկության դինամիկան: Այսպիսով, ըստ մեր հաշվարկների, 25.11.2010 դրությամբ մրցույթին մասնակցող կայքերից ավելի քան 200-ը ստացել են 0-ից 5 քվե: Կարելի է ենթադրել, որ առնվազն սրանց մի մասի տերերը տեղյակ չեն եղել մրցույթին իրենց մասնակցության մասին, հակառակ դեպքում կքվեարկեին գոնե իրենք, կուղղորդեին իրենց մտերիմներին:


    Գրանցման վերջնաժամկետի անհստակություն

    Կայքերի գրանցման հետ կապված հաջորդ խնդիրը գրանցման վերջնաժամկետի անհստակությունն է: Մասնավորապես՝ «Պայմաններ» էջում կայքերի գրանցման վերջնաժամկետ նշված չէ, գրված է միայն, որ նոյեմբերի 15-ից մեկնարկում է հանրային քվեարկությունը: Միայն ֆեյսբուքի համանուն էջում հանդիպում է նոյեմբերի 13-ին կատարված մի անգլերեն գրառում, որտեղ ասվում է. «2 days left until the website registration for Armnet Awards 2010 ends! Please, Tell Your Friends to register now!», ինչպես նաև նոյեմբերի 15-ին գրանցման էջի անհետանալն են հուշում, որ գրանցումների վերջնաժամկետը հենց այդ օրն է: Սակայն նոյեմբերի 17-ին կամ 18-ին գրանցված կայքերի ցանկում նկատվում է երեք նոր գրացնումների ավելացում, որոնցից երկուսը կրկնություն են (մեկը թերևս սխալ գրանցում), մյուսը՝ եզակի: Խոսքը գնում է dalma.am (http://www.armnetawards.am/?mod=poll...t&site_id=1019), և erebuni-plaza.am (http://www.armnetawards.am/?mod=poll...t&site_id=1020, http://www.armnetawards.am/?mod=poll...t&site_id=1018) կայքերի գրանցման մասին: Այն, որ այդ կայքերը ոչ թե նախկինում ուշադրությունից էին վրիպել, այլ ուշ են գրանցվել, ապացուցվում են նաև site_id հերթական համարներով (1018, 1019, 1020), այս հերթական համարներին գերազանցող id-ով կայք մրցույթին մասնակցող կայքերի ցանկում չկա: Հատկանշական է, որ այս երկու կայքերը նշված են մրցույթի կազմակերպիչ SPMS կազմակերպության կայքի պորտֆոլիոյում (http://spms.am/portfolio.html): Կարելի է անել երկու ենթադրություն, որ մրցույթի կազմակերպիչները հեռակա կարգով ավելացրել են իրենց կայքերը, կամ էլ մրցանակաբաշխության կայքն ունեցել է տեխնիկական թերություն. չնայած գրանցման էջը չի պատկերվել, բայց գոյություն ունեցել է, և ինչ-որ մեկը «խաղ է խաղացել»՝ կազմակերպիչ կազմակերպության պորտֆոլիոյի կայքերը գրանցելով:


    Ժյուրին

    Ժյուրիի կազմը տպավորիչ է, սակայն որոշ չափով անհասկանալի: Մասնավորապես, անհասկանալի է ժյուրիի ոչ հայ անդամների դերն ու նշանակությունը, երբ այս մարդիկ ըստ էության չգիտեն հայկական կայքերի առանձնահատկությունները, վեբ ոլորտի ընդհանուր մակարդակը, առավել ևս անհասկանալի է, թե ինչպես են կարողանալու գնահատել զուտ հայերեն կայքերը: Այսպիսով, եթե ժյուրիի ոչ հայ անդամներն իսկապես մասնակցելու են կայքերի գնահատման գործընթացին, համահայկական կայքերի մրցույթում ակամա առավելություն են ստանում ոչ հայերեն ու ոչ հայ այցելուի համար նախատեսված կայքերը:


    Տեղեկատվություն

    Քվեարկության մեկնարկից հետո կայքում նկատելի են բազմաթիվ փոփոխություններ: Փոխվում է քվեարկության կարգը, կայքերի ռեյտինգի պատկերման կարգը, դասավորման կարգը և այլն: Մինչդեռ կայքում նախատեսված չէ անգամ նորությունների բաժին, որով մրցույթի մասնակիցներն ու քվեարկողները կարող են տեղեկանալ կատարված փոփոխությունների մասին. փոփոխություններ, որոնք կարող են անգամ վճռորոշ լինել:

    Կայքի գլխավոր էջում որոշ ժամանակ անց հայտնվում են նախագծի twitter և facebook համակարգերում էջերի հղումները: Մի կողմ թողնելով այն, որ սա ամենաարդյունավետ միջոցը չի տվյալ կայքի այցելուներին տեղեկացնելու փոփոխությունների ու ընթացքի մասին, արձանագրենք, որ twitter-ի էջը 28.11.2010 դրությամբ դատարկ էր, 29.11.2010-ին այնտեղ հայտնվում են առաջին հաղորդագրությունները (երբ արդեն հանրային քվեարկությունը մոտենում էր ավարտին), իսկ facebook-ի էջում առկա էր սակավ տեղեկատվություն:


    Քվեարկության անհավասար պայմաններ, լցոնումներ

    Քվեարկության մեկնարկից սկսած՝ քվեարկության կարգը բազում անգամներ ենթարկվել է փոփոխությունների: Այսպիսով.
    • Քվեարկության առաջին օրը հնարավոր էր քվեարկել յուրաքանչյուր կատեգորիայից միայն մեկ կայքի օգտին, մինչդեռ կատեգորիաները նախատեսված էին ընդամենը կայքերի դասակարգումը ու գտնելը հեշտացնելու համար, այլ ոչ թե որպես մրցութաին անվանակարգ: Մինչդեռ մրցույթի պայմաններում հստակ նշված էր, որ «քվեարկության մասնակիցները կարող են քվեարկել այնքան քանակով կայքերի օգտին, որքան ցանկանում են»: Սա մրցույթի պայմանների խախտում էր, որը, ճիշտ է, քվեարկության հաջորդ օրը շտկվեց, սակայն հայտնի չէ, թե քվեարկողներից քանիսն այս ընթացքում իմանալով, որ իրենք այլևս իրենց նախընտրած կայքի համար ձայն չեն կարող տալ՝ լքեցին կայքը:
    • Նոյեմբերի 16-ին մրցույթի ֆեյսբուքի էջում մրցույթի կազմակերպիչներին տրվում է հարց. «Մի հատ հարց էլի - նույն մարդը կարող է ամեն օր քվեարկել?», որին մրցույթի ներկայացուցիչը տալիս է տարօրինակ պատասխան. «Նարինե: Այս պահին` ոչ», իսկ հաջորդ օրը՝ նոյեմբերի 17-ին, նույն տեղում տեղեկացնում. «@Narine: Այսուհետ կկարողանաք քվեարկել ամեն օր, մեկից ավելի կայքերի համար, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԿԱՅՔԻ ՀԱՄԱՐ»: Այդ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր IP-ից յուրաքանչյուր կայքի համար հնարավոր էր քվեարկել 24 ժամը մեկ, մինչդեռ մրցույթի պայմաններում հստակ գրված էր. «Նույն կայքի օգտին կարելի է քվեարկել միայն մեկ անգամ»: Սա մրցույթի պայմանների փաստացի խախտում է ու անհավասար պայմանների ստեղծում: Ամեն օր քվեարկելու հնարավորության մասին նորմալ չի իրազեկվել, մրցույթի պաշտոնական կայքում շարունակում է մնալ պայմանը, որ յուրաքանչյուր կայքի օգտին կարելի է քվեարկել միայն մեկ անգամ: Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր գիտեն 24 ժամը մեկ քվեարկելու մասին, հայտնվում են արտոնյալ վիճակում՝ հնարավորություն ունենալով իրենց նախընտրած կայքի համար քվեարկել ամեն օր, կամ էլ՝ իրենց բարեկամներին ուղղորդել ամեն օր քվեարկելու:
    • Կայքերի մրցանակաբաշխություն իրականացնող կայքը, լինելով տեխնիկապես անկատար, առաջին օրը հնարավորություն չէր տալիս Internet Explorer և Opera զննարկիչներ օգտագործողներին քվեարկել: Այս թերությունը շտկվել է, բայց հայտնի չէ, թե այդ ընթացքում քանիսն են մտել քվեարկելու ու չկարողանալով՝ դուրս եկել կայքից՝ չվերադառնալով, ինչը նշանակում է, որ մի շարք կայքեր կորցրել են ձայներ:
    • Տեխնիկական խնդիրներ են ծագել նաև այլ օրերին, մասնավորապես նոյեմբերի 19-ին կայքում հերթական փոփոխություններն իրականցնելիս, ըստ որի՝ քվեարկության հիմնական էջում կայքերը պետք է դասակարգվեին այբբենական կարգով, տվյալ կայքի վիճակագրություն էջում մի քանի ժամ «անհետացել» էր «Քվեարկել» կոճակը. այն իրականում չէր անհետացել, այլ էջի կոդի սխալի պատճառով մնացել էր վիճակագրության դաշտի ետևում ու շարքային օգտագործողի համար կիրառելի չէր, մինչդեռ սա հենց այն էջն է, ուր ուղղորդում են կայքերն իրենց այցելուներին քվեարկելու համար: Այսպիսով քանի՜ կայք քանի՛ ձայն է այդ ընթացքում կորցրել, անհայտ է:
    • Մրցույթի կազմակերպիչները, անվտանգության նկատառումներից ելնելով, ընտրել են մասնակցի ինքնությունը IP հասցեով որոշելու ոչ արդյունավետ տարբերակը, որի արդյունքում մի կողմից մի շարք քվեարկողներ, ովքեր իրենց ինտերնետ մատակարարից ստանում են դինամիկ IP, հնարավորություն են ստացել կապն անջատել-միացնելով հասցեն փոխելով նորից քվեարկել, մյուս կողմից մի շարք մեծ կազմակերպությունների աշխատակիցներից, ովքեր բոլորը ելք են ստանում միևնույն IP-ով, միայն մեկն էր կարողանում քվեարկել տվյալ կայքի օգտին: Սրա ցայտուն օրինակ է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցը (ՀԴԻՑ), որի մեջ մտնող 644 դպրոցներ, որոնք ունեն իրական հասցեներ, բայց ելք ունեն միևնույն IP հասցեով (PROXY սերվերից), ու, փաստորեն, տարբեր դպրոցներից նույն կայքի օգտին քվեարկել ցանկացողներից միայն առաջինն էր հաջողացնում քվեարկել, մյուսները ստանում էին տեղեկացում, որ «արդեն քվեարկել են», որովհետև ստուգվում է միայն վերջին մակարդակի IP հասցեն: Սրա արդյունքում ստանում ենք պատկեր, որ մի կողմից որոշ կայքեր նույն անձի կողմից ստանում են բազում քվեներ, մյուս կողմից բազում մարդկանցից միայն մեկն է կարողանում քվեարկել սիրելի կայքի օգտին:
    • Մրցույթին մասնակցող կայքերի քվեարկության դինամիկան ուսումնասիրելով՝ նկատելի է, որ առավելագույն ձայներ հավաքել են սակավ այցելություններ ու քիչ ճանաչում ունեցող կայքեր (օրինակ՝ akarmazyan.com, cactus.am): Զավեշտալի է, երբ օրական կտրվածքով կայքը ստանում է ավելի շատ ձայն, քան այցելություն ունի (քվեների քանակը դիտվել է մրցանակաբաշխության կայքում, այցելությունների քանակը՝ circle.am կայքում): Սա հիմնականում իրականացվել է սոց. Ցանցերում լոբբինգ անցկացնելու միջոցով, որը մի կողմից թույլատրելի է, իսկ մյուս կողմից կայքերի հեղինակության, ունեցած վարկի, օգտակարության, այցելությունների շեմի իրական պատկերը ցույց չի տալիս: Հետաքրքիր օրինակ է sarm.am կայքի (Ստանդարտների ազգային ինստիտուտի կայք) քվեարկության ուսումնասիրությունը, որը մինչև նոյեմբերի 23-ը ունեցել է սակավ քվեներ, մինչդեռ նոյեմբերի 24-ից հետո ունեցել է կտրուկ թռիչք, ընդհուպ օրվա մեջ մինչև 873 ձայն, ներկայումս թերևս զբաղեցնելով առաջին տեղը: Սա հետաքրքիր է նաև նրանով, որ այդ օրերին մի շարք կայքեր վճարովի լցոնումների մասին առաջարկ են ստացել, այդ առաջարկների մասին տեղեկացված են նաև կազմակերպիչները, ինչպես ասվում է հետևյալ հրապարակումով (http://www.panarmenian.net/rus/it_telecom/news/57386): Այսպիսով կարելի է ենթադրել, որ կայքերի ստացած շատ ձայներ ոչ թե տվյալ կայքը՝ իր որակներով ընտրելու հետևանք է, այլ նույնիսկ առանց կայքին ծանոթ լինելու քվեարկումներ, ինչը թույլատրելի է, բայց չի արտացոլում կայքը հավանելու, գնահատելու աստիճանը:



    Թափանցիկության բացակայություն

    Քվեարկությունը մեկնարկելու առաջին ժամերին կայքերի ցանկում յուրաքանչյուր կայքի կողքին երևում էր, թե տվյալ կայքի օգտին քանիսն են քվեարկել: Սա մրցույթի մասնակիցներին հնարավորություն էր տալիս հսկողություն սահմանել ու դիտարկել քվեարկության դինամիկան՝ ընթացքում նկատելով հնարավոր զեղծարարությունը: Սակայն ժամեր անց այս հնարավորություն վերացվեց:
    Քվեարկության երկրորդ օրը քվեարկության գլխավոր էջում կայքերը դասակարգվում էին ըստ առավելագույն ստացված քվեների, որը նույնպես հնարավորություն էր տալիս մոնիտորինգ իրականացնել, սակայն կարճ ժամանակ անց այս հնարավորությունը ևս հանվեց. կայքերը դասակարգվեցին այբբենական կարգով՝ մրցույթի մասնակիցներին փաստացի զրկելով այլ կայքերի քվեարկության դինամիկան ու հնարավոր զեղծարարությունը ինքնուրույն ստուգելու, դիտարկելու հնարավորությունից: Մասնակցին հասանելի էր մնում միայն տվյալ կայքի վիճակագրությունը նայելը, իսկ 600-ից ավելի կայք նման կերպ ստուգելը հարմար տարբերակ չէ:

    Այս ամենը կասկածի տեղիք է տալիս և թուլացնում վստահությունը ողջ մրցույթի նկատմամբ:


    Ժամային գոտի

    Քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 15-ին, մինչդեռ վիճակագրությունների էջում հաշվառվում է նոյեմբերի 14-ից: Մրցույթի ներկայացուցիչը facebook-ի էջում դա պատճառաբանում է այսպես. «Ժամային գոտիների տարբերության պատճառով, որոշ ձայներ հաշվառվել են Նոյեմբերի 14-ին: Օրինակ, եթե Երևանում Նոյեմբերի 15-ի ժամը 00:00-ն էր, ապա Փարիզում, օրինակ, Նոյեմբերի 14-ի ժամը 21:00-ն էր: Այդ իսկ պատճառով, որոշ ձայներ հաշվարկվել են ամսի 14-ին»: Թեև ամենայն հավանականությամբ սա ընդամենը սերվերային ժամանակից Հայաստանյան ժամանակի անցումը հաշվի չառնել է: Մնում է տարակուսել. Ի՞նչ կապ ունի ժամային գոտին, եթե մրցույթը հայաստանյան է և մեկնարկել է Հայաստանի ժամանակով նոյեմբերի 15-ին ժամը 00:00-ին:


    Ամփոփում

    Հաշվի առնելով այս ամենը՝ եզրակացնում ենք, որ մրցանակաբաշխության առնվազն առաջին, հանրային քվեարկության փուլը կազմակերպվել ու իրականացվել է վատ, փաստացի այն չի ներկայացնում ժողովրդի ընտրության իրական պատկեր. հանրային քվեարկության արդյունքում մի կողմից շատ ձայներ են հավաքել ռեյտինգ չունեցող կայքեր, մյուս կողմից քիչ ձայներ են հավաքել բարձ ռեյտինգ ունեցող կայքեր:
    Հետևաբար՝ կոչ ենք անում.

    ա) Վերացնել «Ժողովրդական ընտրություն» անվանակարգը (այս անվանակարգում հաղթող պետք է ճանաչվի հանրային քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը), քանի որ այն փաստացի չի արտահայտում ժողովրդական ընտրության արդյունքը,

    բ) Գտնել միջոց ժյուրիի դատին հանձնելու անարդարացիորեն 75 «ընտրված» կայքերից դուրս մնացած կայքերը, որոնց մի կողմից խանգարել են ուռճացված ձայներով կայքերը, մյուս կողմից մրցանակաբաշխության քվեարկությունը կազմակերպող կայքի տեխնիկական խնդիրներն ու կազմակերպվածության պատճառով կորցրած ձայները:


    Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու խոր ափսոսանք ապրել այս մրցանակաբաշխությանը մասնակցելու, մաս կազմելու համար:


    Մեկնաբանություն 31 Մեկնաբանություն
    1. Ungrateful-ի ավատար
      Ungrateful -
      Armcomedy-ի ու Ա1+-ի հաղթանակները հաճելիորեն զարմացրեցին: Ոնց նկատեցի` տվյալ կայքերի ներկայացուցիչներն էլ էին զարմացած:
    1. Rammstein-ի ավատար
      Rammstein -
      parajanovmuseum.am
      …Երեւի Փարաջանովին չեմ սիրում, դրա համար…
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Այս նյութում հրապարակված են բոլոր նոմինանտ կայքերը.

      ArmNet Awards 2010-ի հաղթողները հայտնի են

      Շաբաթ երեկոյան ավարտվեց ArmNet Awards 2010 մրցույթը, որը եզրափակվեց մրցանակաբաշխության պաշտոնական արարողությամբ:

      Միջազգային ժյուրիի կողմից ընտրվեցին տարվա լավագույն կայքերը 7 անվանակարգերում, ինչպես նաև հատուկ մրցանակ հանձնվեց Orange-ի կողմից լավագույն մոբայլ կայքի համար:
      «Դիզայն և հարմարավետություն» անվանակարգում լավագույնը ճանաչվեց http://bg.am կայքը` փոքր տարբերությամբ իր հետևում թողնելով http://deemcommunications.com, http://armenianmusicawards.ru և http://parajanovmuseum.am կայքերին: Ժյուրին առանձնապես գնահատեց կայքի ինտերֆեյսը, բովանդակության և ձևի համահունչ կապը:

      «Տարվա առաջընթաց» անվանակարգին արժանացավ http://www.rate.am կայքը` մասնավորապես առօրյա կյանքում մեծ օգտակարության և ազդեցության, ինչպես նաև կարճ ժամանակում մեծ լսարան հավաքելու համար: Հաղթանակի մեծ հնարավորություններ ունեին նաև http://hand-made.am, http://www.e-gov.am և http://www.hayland.am կայքերը:

      «Լավագույն նորարարություն» անվանակարգում ժյուրին միաձայն լավագույնը ճանաչեց http://e-gov.am կայքը: Բարձր գնահատվեցին այս նախագծի շրջանակներում ներդրված էլեկտրոնային գործիքները, որոնք ժողովրդավարացման լուրջ հիմք են ստեղծում`հիմնվելով նորագույն տեխնոլոգիական լուծումների վրա: Հաղթանակին հավակնում էին նաև http://armenianfamilytree.com, http://e-courses.am և http://hayeren.am կայքերը:

      «Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում հաղթող դարձավ http://parajanovmuseum.am կայքը` հավաքելով ավելի շատ ձայներ, քան http://e-courses.am, http://e-gov.am և http://tvarm.ru կայքերը:

      «Լավագույն բովանդակություն» անվանակարգը, որը թերևս ամենաերկար քննարկումներն էր առաջացրել ժյուրիի անդամների կազմում, հանձնվեց http://armcomedy.com կայքին` որպես թարմ ոճ ու օրիգինալ մոտեցում ունեցող և հասարակական հնչողության թեմաներ արծարծող կայք: Ժյուրին կայքն առանձնացրեց նաև այն առումով, որ վերջինս համացանցում լրատվական կայքերից բացի ամենահաճախ մեջբերվող կայքերից է: Անվանակարգում առաջադրվել էին նաև http://arartplatform.com, http://armenian-tales.ru և http://yerevan.ru կայքերը:

      Orange-ի հատուկ մրցանակը, որը նախատեսված է կայքի լավագույն մոբայլ տարբերակի համար, հանձնվեց mobile.a1plus.am կայքին: Այս անվանակարգում մասնակիցները թեև թվով քիչ էին, սակայն mobile.a1plus.am կայքն արագորեն ստացավ Orange-ի և ժյուրիի բարձր գնահատականը` հատկապես հարմարավետ ինտերֆեյսի և նյութերի օպերատիվ թարմացման համար:

      ArmNet Awards 2010 Գլխավոր մրցանակին արժանացավ http://parajanovmuseum.am կայքը: Գլխավոր մրցանակը տրվում է ժյուրիի կողմից բոլոր անվանակարգերում առավելագույն թվով ձայներ հավաքած կայքին: http://parajanovmuseum.am կայքը, որը համաչափորեն զարգացած է թե տեխնիկական կատարման, թե բովանդակային, թե դիզայնի առումով, միանշանակ ընդունվեց ժյուրիի բոլոր անդամների կողմից որպես լավագույնը: Ժյուրիի գնահատմամբ` կայքը մեծապես կարող է նպաստել նաև հայկական մշակույթը արտասահմանում ներկայացնելուն:

      «Ընտրությունը ժյուրիի համար շատ բարդ է եղել, քանի որ բազմաթիվ կայքեր արժանի էին հայտնվել առաջին տեղում, սակայն շահելով ժյուրիի համակրանքը մի տեսանկյունից` այնուամենայնիվ զիջում էին մի շարք այլ պարամետրերով: Այդ պատճառով գերադասել ենք ընտրել համաչափ կառուցված և զարգացող կայքերը: Հաշվի առնելով Հայաստանում ինտերնետի կտրուկ զարգացման միտումները` վստահ ենք, որ այս տարվա մասնակիցները և հաղթողները հաջորդ տարի կրկին կմասնակցեն մրցույթին, և անկասկած մեծ փոփոխություններով` ժամանակին համընթաց», ասաց Ժյուրիի նախագահ, Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

      Մրցանակաբաշխության ավարտին «Հայաստանի ինտերնետի զարգացման գործում ունեցած ավանդի համար» հատուկ շնորհակալական մրցանակ հանձնվեց freenet.am կայքին:
      ArmNet Awards 2010-ի Ժյուրին կազմված է հայ և արտասահմանցի փորձագետներից, որոնց թվում` Vkontakte, Rutube, Opera Software, Microsoft, RAEC կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք բացի ոլորտի մասնագետներ լինելուց, նաև յուրօրինակ «դրսի» աչք էին քննարկումների ժամանակ:
      Աղբյուր՝ 1in.am
    1. Վիշապ-ի ավատար
      Վիշապ -
      «Լավագույն բովանդակություն» անվանակարգը, որը թերևս ամենաերկար քննարկումներն էր առաջացրել ժյուրիի անդամների կազմում, հանձնվեց http://armcomedy.com կայքին`
      Է՜խ… («էխ»–ը ո՞նց ա հայերեն)

      Հլը ստեղ՝

      ArmComedy Wins “Best Content” Nomination – ArmNet Awards-ի լավագույն բովանդակություն անվանակարգում հախթեցինք
      Ողբամ ձեր լավագույն բովանդակությունը…

      Հ.Գ.
      Քայլ առ քայլ, կամաց–կամաց մենք կշարունակենք Հայաստանը դարձնել ավելի լավ և զվարճալի տեղ
    1. Jarre-ի ավատար
      Jarre -
      Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
      Է՜խ… («էխ»–ը ո՞նց ա հայերեն)

      Հլը ստեղ՝

      ArmComedy Wins “Best Content” Nomination – ArmNet Awards-ի լավագույն բովանդակություն անվանակարգում հախթեցինք
      Ողբամ ձեր լավագույն բովանդակությունը…

      Հ.Գ.
      Վիշապ ջան, իմ կարծիքով իրանց հումորը հեռուստատեսությամբ հեռարձակվող հումորային ծրագրերից շատ ավելի մակարդակով է։
    1. Garun-ի ավատար
      Garun -
      Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
      Վիշապ ջան, իմ կարծիքով իրանց հումորը հեռուստատեսությամբ հեռարձակվող հումորային ծրագրերից շատ ավելի մակարդակով է։
      Խնդրում եմ ձեռք բարձրացնի այն մեկը, ով ծիծաղել է նրանց կատակների վրա:Նույն «անմակարդակ» Կարգին Սերիալ եվ հաղորդումն ինչքան էլ եվ տհաճ է, նույնչափ եւ ծիծաղելի է: Այնպես որ համեմատության դեպքում բանասեր երիտասարդներն հաստատ չեն շահի:

      Բայց ինձ ավելի շատ հուզեց ընտրված կայքերից երկուսի գրագիտությունը (կամ ինչպես նշում են կազմակերպիչները «գրագետ հայերեն տարբերակ»ը):

      Ընդամենը 2 կայք՝ ա1պլյուս եվ արմկոմեդի ... տեղ-տեղ անգրագիտության լավ դասագիրք կարող են հանդիսանալ /մի կողմում լրագրողներն են, մյուս կողմում Բրյուսովի կադրեր - առնվազն զարմանալ կարելի է/: Ինչպես կարող է Բովանդակություն բաժնում հաղթանակած կայքը լինել անգրագետ հայերենով՝ ասենք զարմանալու կարիք չկա - Ժյուրիի 11 նշված անդամներից 7ը /այդ թվում եվ նախագահը/ հաստատ չեն տիրապետում հայերենին /մնացյալի գրագիտության մասին տեղեկացված չեմ/:

      Ինչ վերաբերում է մնացած կայքերին, ապա ըստ իս ... նորմալ կայքեր են, բայց ոչ ֆավորիտներ
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Ցավոք սրտի հայկական կայքերի շատ մեծ մասն է փայլում անգրագիտությամբ: Ու կարծում եմ ճիշտ դիտարկում է գրագետին տեղ տալը, գուցե նույնիսկ կարելի է ինչ-որ շահագրգիռ կողմի ուղղորդել՝ գրագիտության մրցույթ անցկացնելու: Բայց կոնկրետ այս դեպքում, կարծում եմ, խնդիր դրված չէր գտնել գրագետ ու անսխալ գրողներին: Իհարկե հրաշալի կլիներ, որ այդ նույն կայքերը գրագետ գրեին, եթե հեղինակների գրագիտությունը թերի է, ապա ունենային սրբագրիչներ, եթե սրբագրիչի վճարելը մեծ ծախս է, ապա գոնե գնեին ու օգտագործեին ուղղագրություն ստուգող ծրագիրը՝ նյութերը հրապարակելուց առաջ:

      Բայց ունենք այն, ինչ ունենք:

      Հիմա կոնկրետ արմքոմեդիի մասին. ես ինքս այդ կայքի օգտվողներից չեմ, երկրպագուներից չեմ: Բայց կայքը, ի տարբերություն բազմաթիվ ուրիշ կայքերի, ունի հեղինակային բովանդակություն, ընդ որում այնպիսի հեղինակային բովանդակություն, որը ցիտվում է լիքը ուրիշ տեղերում: Թեկուզ նույն ակումբում որոնում կատարելով կգտնեք բազում մեջբերումներ այդ կայքից: Ես որքան հասկանում եմ ժյուրին հենց այդ չափանիշներին է նախապատվություն տվել: Լրացնեմ, որ բազում մարդիկ իրոք հավանում են այնտեղի նյութերը, կայքի մշտական այցելուն են:

      Ես չգիտեմ, կայքը բովանդակային առումով լավագու՞յնն էր, թե՞ ոչ. ներկայացված 624 կայքերի մեջ կան բազումները, որոնց ես արժանի եմ համարում այդ անվանակարգում հաղթելու: Բայց տվյալ կայքը համարում եմ այդ արժանիներից մեկը, անկախ գրագիտության աստիճանից (որը ցավոք չի բավարում) ու ինձ դուր գալ-չգալուց:


      Իսկ Ա1+-ի համար առավել քան ուրախ եմ: Իհարկե այստեղ էլ այդ գրագիտության բացը կա, որը երբեմն շատ է ներվայնացնում, բայց սա մի լրատվամիջոց է, որը տարիներ շարունակ չնայած բոլոր ճնշումներին մեզ լրատվություն է տալիս ու գտնում նորանոր ուղիներ, այդ լրատվությունը տալու համար:
    1. ArmBoy-ի ավատար
      ArmBoy -
      Եթե հավես ունեք, մի քանի րոպե տրամադրեք եւ ընթերցեք այս գրառման մեկնաբանությունները: Նկատի ունեմ, որ քվեարկության թերությունների մասին ասված էր դեռեւս շատ վաղուց:
    1. Garun-ի ավատար
      Garun -
      Թող ինձ ներեն բոլոր նրանք, ովքեր Ա1Պլյուսի կողմնակիցներն են, բայց ինչպես կարելի է նման հոդվածի հեղինակին համարել լրագրող /եվ քանի որ հոդվածն էլ անանուն է, կայքն էլ - թերթ կամ մեդիա անվանել/:

      Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկատվություն էր հրապարակվել, թե Սերժ Սարգսյանի թիկնապահներից մեկը` «Գնդո» մականունով, ինչ-ինչ խնդիրներ է ունեցել Գագիկ Բեգլարյանի հետ,որն էլ նրա ծեծել է:
    1. AMzone-ի ավատար
      AMzone -
      վատ չի, հետաքրքիր քննադաություններ էր, չնայած ես միքանի անգամ, մեջբերել եմ, կայքի վերաբերյալ թերություններն ու Բագերը, որով կարելի էր, հաշված րոպեների ընթացքում վերացնել, մի որոշ մասւ շպկել էին, իսկ մնացածւ մինչ միքանի օր առաջ դեռ արկա էր կայքի սխալների մեջ, այդ մասին ֆորումում ես մեջբերում էյ կատարել ու նշել հերթականությամբ, բայց դե ակումբի օրենսգրքի համաձայն այդ բոլոր գրարումներս ջնջվել էին.

      իմ կարծիքը կազմակերպվածի մասին,..
      սա տխմար, չկայացած ու անիմաստ մի բան էր, եթե ինձ ինչոր մեկը կասի թե չեմ գնահատում ուրիշի կատարած գործւ, ապա ես պատրաստ եմ, ապացուցել թե այդտեղ գործ չկա արած, ուղակի սատկած էշ հովանավորներ էին ճարել ու միքիչ կլպել.
    1. Garun-ի ավատար
      Garun -
      սա տխմար, չկայացած ու անիմաստ մի բան էր, եթե ինձ ինչոր մեկը կասի թե չեմ գնահատում ուրիշի կատարած գործւ, ապա ես պատրաստ եմ, ապացուցել թե այդտեղ գործ չկա արած, ուղակի սատկած էշ հովանավորներ էին ճարել ու միքիչ կլպել.
      Ես այդչափ կատեգորիկ չէի լինի, չնայած .... առավել կարճ եվ համառոտ դժվար թե լիներ նկարագրել այդ ամենը: