• ArmNet Awards 2010 մրցանակաբաշխությունը, դրա կազմակերպվածությունն ու ընթացքը

    Ստորև ներկայացված է 11 կայքերի անունից «ArmNet Awards 2010» մրցույթի կազմակերպիչներին հասցեագրված բաց-նամակ վերլուծություն-կոչը, որն ուղարկվել է կազմակերպիչների email հասցեներին:


    ArmNet Awards 2010 կայքերի մրցանակաբաշխությունը կարճ ժամանակում իր վրա հրավիրեց այսպես կոչված «համացանցային հանրության» ուշադրությունը: Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 600 կայք, որոնց օգտին, 25.11.2010 դրությամբ, ըստ մրցույթի կազմակերպիչների հաղորդման` գրանցվել է ընդհանուր 80.000 քվե (http://www.panarmenian.net/rus/it_telecom/news/57386/), ըստ մեր հաշվարկների՝ մոտ 44.000 քվե:

    Ուրախալի և ողջունելի է նման մրցույթ, մրցանակաբաշխություն անցկացնելու մտահղացումը, որն ըստ էության պետք է նպաստի հայկական կայքերի զարգացմանը, ճանաչմանը, առաջխաղացմանը:

    Սակայն մրցույթը ընթանում է լուրջ բացթողումներով ու թերություններով, որոնք խիստ մտահոգիչ են ու վտանգում են մրցույթի նկատմամբ հավատը:


    Կայքերի գրանցումը

    Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար անհրաժեշտ էր ընդամենը ներմուծել կայքի հասցեն ու կատեգորիան: Կատեգորիայի դերն ու նշանակությունը չափազանց անորոշ են. այն նախատեսված է ընդամենը կայքերի դասակարգման, այլ ոչ մրցութային կատեգորիա լինելու համար: Այսպիսով ստացվում է, որ միմյանց հետ մրցում են սոցիալական ցանցերը, ֆորումները, բլոգները, անձնական էջերը, լրատվական կայքերը, բիզնես կայքերը և այլն: Մինչդեռ յուրաքանչյուր ոլորտն ու կայքի տիպը, ունենալով իր առանձնահատկությունները, չեն կարող դասվել նույն շարքում, գնահատվել նույն կերպ:

    Ըստ կազմակերպման ձևի՝ ցանկացած ոք կարող էր ներմուծել ցանկացած կայքի հասցե, ու այդ կայքն արդեն մրցույթի մասնակից է՝ անկախ այդ կայքի տերերի դրանից տեղյակ կամ անտեղյակ լինելու հանգամանքից: Սրա զավեշտալի դրսևորումներից մեկն էր հանրահայտ blogspot.com բլոգային ոչ հայկական համակարգի՝ մրցանակաբաշխությանը գրանցված լինելու փաստը: Այս կայքը մրցող կայքերի ցանկից հեռացվեց հանրային քվեարկությունը սկսվելուց երկու թե երեք օր անց:

    Բայց բացի զավեշտալի դրվագներից կայքերի նմանատիպ գրանցումը կարող է վնասել որոշ կայքերի հեղինակությանն ու ունեցած համբավին: Այսպիսով, կայքի տերերը չիմանալով, որ իրենց կայքը գրանցված է ու մասնակցում է ինչ-որ մրցանակաբաշխության, բնականաբար չեն անցկացնում կայքի համար քվեարկելու ագիտացիոն աշխատանքներ, արդյունքում կայքը հավաքում է զրո կամ շատ քիչ ձայն՝ արտաքին աչքի համար տպավորություն ստեղծելով, որ կայքի համար ոչ ոք չի քվեարկում: Այստեղ հարկ է նշել, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քվեարկողները հիմնականում չեն ուսումնասիրում ներկայացված բոլոր 600-ից ավելի կայքերը, այլ հիմնականում քվեարկում են այն կայքերի համար, ուր իրենց ուղղորդել էին: Եվ իրապես անհնար էլ էր ակնկալել, որ նման քանակի կայքերի դեպքում քվեարկողն ունակ է դրանք բոլորը դիտել ու ընտրություն կատարել. նա պետք է քվեարկեր կա՛մ այն կայքի օգտին, որին իրեն ուղղորդել են, կա՛մ այն կայքի օգտին, որին արդեն վաղուց ծանոթ է:

    Այստեղ հետաքրքիր է ուսումնասիրել կայքերի քվեարկության դինամիկան: Այսպիսով, ըստ մեր հաշվարկների, 25.11.2010 դրությամբ մրցույթին մասնակցող կայքերից ավելի քան 200-ը ստացել են 0-ից 5 քվե: Կարելի է ենթադրել, որ առնվազն սրանց մի մասի տերերը տեղյակ չեն եղել մրցույթին իրենց մասնակցության մասին, հակառակ դեպքում կքվեարկեին գոնե իրենք, կուղղորդեին իրենց մտերիմներին:


    Գրանցման վերջնաժամկետի անհստակություն

    Կայքերի գրանցման հետ կապված հաջորդ խնդիրը գրանցման վերջնաժամկետի անհստակությունն է: Մասնավորապես՝ «Պայմաններ» էջում կայքերի գրանցման վերջնաժամկետ նշված չէ, գրված է միայն, որ նոյեմբերի 15-ից մեկնարկում է հանրային քվեարկությունը: Միայն ֆեյսբուքի համանուն էջում հանդիպում է նոյեմբերի 13-ին կատարված մի անգլերեն գրառում, որտեղ ասվում է. «2 days left until the website registration for Armnet Awards 2010 ends! Please, Tell Your Friends to register now!», ինչպես նաև նոյեմբերի 15-ին գրանցման էջի անհետանալն են հուշում, որ գրանցումների վերջնաժամկետը հենց այդ օրն է: Սակայն նոյեմբերի 17-ին կամ 18-ին գրանցված կայքերի ցանկում նկատվում է երեք նոր գրացնումների ավելացում, որոնցից երկուսը կրկնություն են (մեկը թերևս սխալ գրանցում), մյուսը՝ եզակի: Խոսքը գնում է dalma.am (http://www.armnetawards.am/?mod=poll...t&site_id=1019), և erebuni-plaza.am (http://www.armnetawards.am/?mod=poll...t&site_id=1020, http://www.armnetawards.am/?mod=poll...t&site_id=1018) կայքերի գրանցման մասին: Այն, որ այդ կայքերը ոչ թե նախկինում ուշադրությունից էին վրիպել, այլ ուշ են գրանցվել, ապացուցվում են նաև site_id հերթական համարներով (1018, 1019, 1020), այս հերթական համարներին գերազանցող id-ով կայք մրցույթին մասնակցող կայքերի ցանկում չկա: Հատկանշական է, որ այս երկու կայքերը նշված են մրցույթի կազմակերպիչ SPMS կազմակերպության կայքի պորտֆոլիոյում (http://spms.am/portfolio.html): Կարելի է անել երկու ենթադրություն, որ մրցույթի կազմակերպիչները հեռակա կարգով ավելացրել են իրենց կայքերը, կամ էլ մրցանակաբաշխության կայքն ունեցել է տեխնիկական թերություն. չնայած գրանցման էջը չի պատկերվել, բայց գոյություն ունեցել է, և ինչ-որ մեկը «խաղ է խաղացել»՝ կազմակերպիչ կազմակերպության պորտֆոլիոյի կայքերը գրանցելով:


    Ժյուրին

    Ժյուրիի կազմը տպավորիչ է, սակայն որոշ չափով անհասկանալի: Մասնավորապես, անհասկանալի է ժյուրիի ոչ հայ անդամների դերն ու նշանակությունը, երբ այս մարդիկ ըստ էության չգիտեն հայկական կայքերի առանձնահատկությունները, վեբ ոլորտի ընդհանուր մակարդակը, առավել ևս անհասկանալի է, թե ինչպես են կարողանալու գնահատել զուտ հայերեն կայքերը: Այսպիսով, եթե ժյուրիի ոչ հայ անդամներն իսկապես մասնակցելու են կայքերի գնահատման գործընթացին, համահայկական կայքերի մրցույթում ակամա առավելություն են ստանում ոչ հայերեն ու ոչ հայ այցելուի համար նախատեսված կայքերը:


    Տեղեկատվություն

    Քվեարկության մեկնարկից հետո կայքում նկատելի են բազմաթիվ փոփոխություններ: Փոխվում է քվեարկության կարգը, կայքերի ռեյտինգի պատկերման կարգը, դասավորման կարգը և այլն: Մինչդեռ կայքում նախատեսված չէ անգամ նորությունների բաժին, որով մրցույթի մասնակիցներն ու քվեարկողները կարող են տեղեկանալ կատարված փոփոխությունների մասին. փոփոխություններ, որոնք կարող են անգամ վճռորոշ լինել:

    Կայքի գլխավոր էջում որոշ ժամանակ անց հայտնվում են նախագծի twitter և facebook համակարգերում էջերի հղումները: Մի կողմ թողնելով այն, որ սա ամենաարդյունավետ միջոցը չի տվյալ կայքի այցելուներին տեղեկացնելու փոփոխությունների ու ընթացքի մասին, արձանագրենք, որ twitter-ի էջը 28.11.2010 դրությամբ դատարկ էր, 29.11.2010-ին այնտեղ հայտնվում են առաջին հաղորդագրությունները (երբ արդեն հանրային քվեարկությունը մոտենում էր ավարտին), իսկ facebook-ի էջում առկա էր սակավ տեղեկատվություն:


    Քվեարկության անհավասար պայմաններ, լցոնումներ

    Քվեարկության մեկնարկից սկսած՝ քվեարկության կարգը բազում անգամներ ենթարկվել է փոփոխությունների: Այսպիսով.
    • Քվեարկության առաջին օրը հնարավոր էր քվեարկել յուրաքանչյուր կատեգորիայից միայն մեկ կայքի օգտին, մինչդեռ կատեգորիաները նախատեսված էին ընդամենը կայքերի դասակարգումը ու գտնելը հեշտացնելու համար, այլ ոչ թե որպես մրցութաին անվանակարգ: Մինչդեռ մրցույթի պայմաններում հստակ նշված էր, որ «քվեարկության մասնակիցները կարող են քվեարկել այնքան քանակով կայքերի օգտին, որքան ցանկանում են»: Սա մրցույթի պայմանների խախտում էր, որը, ճիշտ է, քվեարկության հաջորդ օրը շտկվեց, սակայն հայտնի չէ, թե քվեարկողներից քանիսն այս ընթացքում իմանալով, որ իրենք այլևս իրենց նախընտրած կայքի համար ձայն չեն կարող տալ՝ լքեցին կայքը:
    • Նոյեմբերի 16-ին մրցույթի ֆեյսբուքի էջում մրցույթի կազմակերպիչներին տրվում է հարց. «Մի հատ հարց էլի - նույն մարդը կարող է ամեն օր քվեարկել?», որին մրցույթի ներկայացուցիչը տալիս է տարօրինակ պատասխան. «Նարինե: Այս պահին` ոչ», իսկ հաջորդ օրը՝ նոյեմբերի 17-ին, նույն տեղում տեղեկացնում. «@Narine: Այսուհետ կկարողանաք քվեարկել ամեն օր, մեկից ավելի կայքերի համար, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԿԱՅՔԻ ՀԱՄԱՐ»: Այդ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր IP-ից յուրաքանչյուր կայքի համար հնարավոր էր քվեարկել 24 ժամը մեկ, մինչդեռ մրցույթի պայմաններում հստակ գրված էր. «Նույն կայքի օգտին կարելի է քվեարկել միայն մեկ անգամ»: Սա մրցույթի պայմանների փաստացի խախտում է ու անհավասար պայմանների ստեղծում: Ամեն օր քվեարկելու հնարավորության մասին նորմալ չի իրազեկվել, մրցույթի պաշտոնական կայքում շարունակում է մնալ պայմանը, որ յուրաքանչյուր կայքի օգտին կարելի է քվեարկել միայն մեկ անգամ: Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր գիտեն 24 ժամը մեկ քվեարկելու մասին, հայտնվում են արտոնյալ վիճակում՝ հնարավորություն ունենալով իրենց նախընտրած կայքի համար քվեարկել ամեն օր, կամ էլ՝ իրենց բարեկամներին ուղղորդել ամեն օր քվեարկելու:
    • Կայքերի մրցանակաբաշխություն իրականացնող կայքը, լինելով տեխնիկապես անկատար, առաջին օրը հնարավորություն չէր տալիս Internet Explorer և Opera զննարկիչներ օգտագործողներին քվեարկել: Այս թերությունը շտկվել է, բայց հայտնի չէ, թե այդ ընթացքում քանիսն են մտել քվեարկելու ու չկարողանալով՝ դուրս եկել կայքից՝ չվերադառնալով, ինչը նշանակում է, որ մի շարք կայքեր կորցրել են ձայներ:
    • Տեխնիկական խնդիրներ են ծագել նաև այլ օրերին, մասնավորապես նոյեմբերի 19-ին կայքում հերթական փոփոխություններն իրականցնելիս, ըստ որի՝ քվեարկության հիմնական էջում կայքերը պետք է դասակարգվեին այբբենական կարգով, տվյալ կայքի վիճակագրություն էջում մի քանի ժամ «անհետացել» էր «Քվեարկել» կոճակը. այն իրականում չէր անհետացել, այլ էջի կոդի սխալի պատճառով մնացել էր վիճակագրության դաշտի ետևում ու շարքային օգտագործողի համար կիրառելի չէր, մինչդեռ սա հենց այն էջն է, ուր ուղղորդում են կայքերն իրենց այցելուներին քվեարկելու համար: Այսպիսով քանի՜ կայք քանի՛ ձայն է այդ ընթացքում կորցրել, անհայտ է:
    • Մրցույթի կազմակերպիչները, անվտանգության նկատառումներից ելնելով, ընտրել են մասնակցի ինքնությունը IP հասցեով որոշելու ոչ արդյունավետ տարբերակը, որի արդյունքում մի կողմից մի շարք քվեարկողներ, ովքեր իրենց ինտերնետ մատակարարից ստանում են դինամիկ IP, հնարավորություն են ստացել կապն անջատել-միացնելով հասցեն փոխելով նորից քվեարկել, մյուս կողմից մի շարք մեծ կազմակերպությունների աշխատակիցներից, ովքեր բոլորը ելք են ստանում միևնույն IP-ով, միայն մեկն էր կարողանում քվեարկել տվյալ կայքի օգտին: Սրա ցայտուն օրինակ է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցը (ՀԴԻՑ), որի մեջ մտնող 644 դպրոցներ, որոնք ունեն իրական հասցեներ, բայց ելք ունեն միևնույն IP հասցեով (PROXY սերվերից), ու, փաստորեն, տարբեր դպրոցներից նույն կայքի օգտին քվեարկել ցանկացողներից միայն առաջինն էր հաջողացնում քվեարկել, մյուսները ստանում էին տեղեկացում, որ «արդեն քվեարկել են», որովհետև ստուգվում է միայն վերջին մակարդակի IP հասցեն: Սրա արդյունքում ստանում ենք պատկեր, որ մի կողմից որոշ կայքեր նույն անձի կողմից ստանում են բազում քվեներ, մյուս կողմից բազում մարդկանցից միայն մեկն է կարողանում քվեարկել սիրելի կայքի օգտին:
    • Մրցույթին մասնակցող կայքերի քվեարկության դինամիկան ուսումնասիրելով՝ նկատելի է, որ առավելագույն ձայներ հավաքել են սակավ այցելություններ ու քիչ ճանաչում ունեցող կայքեր (օրինակ՝ akarmazyan.com, cactus.am): Զավեշտալի է, երբ օրական կտրվածքով կայքը ստանում է ավելի շատ ձայն, քան այցելություն ունի (քվեների քանակը դիտվել է մրցանակաբաշխության կայքում, այցելությունների քանակը՝ circle.am կայքում): Սա հիմնականում իրականացվել է սոց. Ցանցերում լոբբինգ անցկացնելու միջոցով, որը մի կողմից թույլատրելի է, իսկ մյուս կողմից կայքերի հեղինակության, ունեցած վարկի, օգտակարության, այցելությունների շեմի իրական պատկերը ցույց չի տալիս: Հետաքրքիր օրինակ է sarm.am կայքի (Ստանդարտների ազգային ինստիտուտի կայք) քվեարկության ուսումնասիրությունը, որը մինչև նոյեմբերի 23-ը ունեցել է սակավ քվեներ, մինչդեռ նոյեմբերի 24-ից հետո ունեցել է կտրուկ թռիչք, ընդհուպ օրվա մեջ մինչև 873 ձայն, ներկայումս թերևս զբաղեցնելով առաջին տեղը: Սա հետաքրքիր է նաև նրանով, որ այդ օրերին մի շարք կայքեր վճարովի լցոնումների մասին առաջարկ են ստացել, այդ առաջարկների մասին տեղեկացված են նաև կազմակերպիչները, ինչպես ասվում է հետևյալ հրապարակումով (http://www.panarmenian.net/rus/it_telecom/news/57386): Այսպիսով կարելի է ենթադրել, որ կայքերի ստացած շատ ձայներ ոչ թե տվյալ կայքը՝ իր որակներով ընտրելու հետևանք է, այլ նույնիսկ առանց կայքին ծանոթ լինելու քվեարկումներ, ինչը թույլատրելի է, բայց չի արտացոլում կայքը հավանելու, գնահատելու աստիճանը:



    Թափանցիկության բացակայություն

    Քվեարկությունը մեկնարկելու առաջին ժամերին կայքերի ցանկում յուրաքանչյուր կայքի կողքին երևում էր, թե տվյալ կայքի օգտին քանիսն են քվեարկել: Սա մրցույթի մասնակիցներին հնարավորություն էր տալիս հսկողություն սահմանել ու դիտարկել քվեարկության դինամիկան՝ ընթացքում նկատելով հնարավոր զեղծարարությունը: Սակայն ժամեր անց այս հնարավորություն վերացվեց:
    Քվեարկության երկրորդ օրը քվեարկության գլխավոր էջում կայքերը դասակարգվում էին ըստ առավելագույն ստացված քվեների, որը նույնպես հնարավորություն էր տալիս մոնիտորինգ իրականացնել, սակայն կարճ ժամանակ անց այս հնարավորությունը ևս հանվեց. կայքերը դասակարգվեցին այբբենական կարգով՝ մրցույթի մասնակիցներին փաստացի զրկելով այլ կայքերի քվեարկության դինամիկան ու հնարավոր զեղծարարությունը ինքնուրույն ստուգելու, դիտարկելու հնարավորությունից: Մասնակցին հասանելի էր մնում միայն տվյալ կայքի վիճակագրությունը նայելը, իսկ 600-ից ավելի կայք նման կերպ ստուգելը հարմար տարբերակ չէ:

    Այս ամենը կասկածի տեղիք է տալիս և թուլացնում վստահությունը ողջ մրցույթի նկատմամբ:


    Ժամային գոտի

    Քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 15-ին, մինչդեռ վիճակագրությունների էջում հաշվառվում է նոյեմբերի 14-ից: Մրցույթի ներկայացուցիչը facebook-ի էջում դա պատճառաբանում է այսպես. «Ժամային գոտիների տարբերության պատճառով, որոշ ձայներ հաշվառվել են Նոյեմբերի 14-ին: Օրինակ, եթե Երևանում Նոյեմբերի 15-ի ժամը 00:00-ն էր, ապա Փարիզում, օրինակ, Նոյեմբերի 14-ի ժամը 21:00-ն էր: Այդ իսկ պատճառով, որոշ ձայներ հաշվարկվել են ամսի 14-ին»: Թեև ամենայն հավանականությամբ սա ընդամենը սերվերային ժամանակից Հայաստանյան ժամանակի անցումը հաշվի չառնել է: Մնում է տարակուսել. Ի՞նչ կապ ունի ժամային գոտին, եթե մրցույթը հայաստանյան է և մեկնարկել է Հայաստանի ժամանակով նոյեմբերի 15-ին ժամը 00:00-ին:


    Ամփոփում

    Հաշվի առնելով այս ամենը՝ եզրակացնում ենք, որ մրցանակաբաշխության առնվազն առաջին, հանրային քվեարկության փուլը կազմակերպվել ու իրականացվել է վատ, փաստացի այն չի ներկայացնում ժողովրդի ընտրության իրական պատկեր. հանրային քվեարկության արդյունքում մի կողմից շատ ձայներ են հավաքել ռեյտինգ չունեցող կայքեր, մյուս կողմից քիչ ձայներ են հավաքել բարձ ռեյտինգ ունեցող կայքեր:
    Հետևաբար՝ կոչ ենք անում.

    ա) Վերացնել «Ժողովրդական ընտրություն» անվանակարգը (այս անվանակարգում հաղթող պետք է ճանաչվի հանրային քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը), քանի որ այն փաստացի չի արտահայտում ժողովրդական ընտրության արդյունքը,

    բ) Գտնել միջոց ժյուրիի դատին հանձնելու անարդարացիորեն 75 «ընտրված» կայքերից դուրս մնացած կայքերը, որոնց մի կողմից խանգարել են ուռճացված ձայներով կայքերը, մյուս կողմից մրցանակաբաշխության քվեարկությունը կազմակերպող կայքի տեխնիկական խնդիրներն ու կազմակերպվածության պատճառով կորցրած ձայները:


    Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու խոր ափսոսանք ապրել այս մրցանակաբաշխությանը մասնակցելու, մաս կազմելու համար:


    Մեկնաբանություն 31 Մեկնաբանություն
    1. Jarre-ի ավատար
      Jarre -
      Լավ եք ներկայացրել փաստերը։

      Ցավալի է, որ էս երկրում ամեն հարցի սենց տափակ ու անարդար ձևով են մոտենում՝ չհասկանալով, թե քանի հոգու են հիասթափեցնում իրենց անորակ աշխատանքի պատճառով։

      Համենայն դեպս էս մրցույթով չի որոշվում կայքի օգատակարությունը, որակը և այցելությունները։

      Ամեն մեկն էլ գիտի իր արած գործի որակը
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Առայժմ արձագանքել են միայն circle.am-ից՝ տեղեկացնելով, որ կպատասխանեն օրվա ընթացքում:
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Այս կոչն իրենց մոտ տեղադրել են Հրապարակն ու 1in.am-ը (իմ կարծիքով ոչ հաջող վերնագրով):
    1. Kuk-ի ավատար
      Kuk -
      Հրապարակի վերնագիրը հլը ոչինչ, կարելիա ասել՝ նորմալ ա, բայց էն 1-ին,ամ-ի վերնագիրը կացին ա լրիվ: Թե ինչ կապ ուներ մարտի մեկը, ինչով ա նման մարտի մեկին… Զզվում եմ սենց անասուն վերնագրերով «հոդվածներից»:
    1. Ապե Ջան-ի ավատար
      Սա էլ հայերի թերի աշխատանքի արդյունքը: Մրցանակաբաշխության մեկնարկին բազմաթիվ մարդիկ իրենց թանկ ժամանակը տրամադրեցին մրցույթին իրենց արդար քվեները տալով, բայց հիմա ինչ է պարզվում, որ ամեն ինչ այդքանել «արդար» չէ կազմակարպված:
    1. gevorg ghazaryann-ի ավատար
      իմ կայքի ձայների համար փող չեմ տվել,ուստի ես սուս եմ մնում:իսկ ԱԿՈՒՄԲն որերօրդ տեղում է՞,650 ձայնօվ....
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
      Հրապարակի վերնագիրը հլը ոչինչ, կարելիա ասել՝ նորմալ ա, բայց էն 1-ին,ամ-ի վերնագիրը կացին ա լրիվ: Թե ինչ կապ ուներ մարտի մեկը, ինչով ա նման մարտի մեկին… Զզվում եմ սենց անասուն վերնագրերով «հոդվածներից»:

      Արթ
      , ես զանգել ու պահանջել եմ վերնագիրը փոխել, բայց առնվազն դեռ չեն փոխել: Պարզապես իրականում պահանջել չեմ կարող, իրենց խմբագրությունն է, ինչ վերնագիր ուզեն կարող են դնել:


      Ապե Ջան, հայտարարության մեջ ոչ թե խոսվում է արդարությունից, այլ կազմակերպչական ձևից, ինչի արդյունքում ստացված պատկերը ըստ մեզ իրականին չի համապատասխանում: Մենք համարում ենք, որ հանրային քվեարկությունն իրեն չի արդարացրել:
    1. Վիշապ-ի ավատար
      Վիշապ -
      Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
      Հրապարակի վերնագիրը հլը ոչինչ, կարելիա ասել՝ նորմալ ա, բայց էն 1-ին,ամ-ի վերնագիրը կացին ա լրիվ: Թե ինչ կապ ուներ մարտի մեկը, ինչով ա նման մարտի մեկին… Զզվում եմ սենց անասուն վերնագրերով «հոդվածներից»:
      Իմ աչքով էլ ընկավ էդ դեբլիությունը Հոդվածն էլ առանց ֆորմատավորելու պարզապես քոփի–փեյսթել են։ Իդիոտո, կրետինո, բալվանո...
    1. tikopx-ի ավատար
      tikopx -
      մնումա ես նամակը կարդան, ու նորից անցկացնեն, ավելի նորմալ մակարդակով, բյաց դժվար տենց բան անեն, որովհետև լավ փող են կերել արդեն
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Քիչ առաջ մասնակից կայքերը ստացան հետևյալ նամակը.
      Թանկագին գործընկերներ և ArmNet Awards 2010 մրցույթի մասնակիցներ,

      Շնորհակալություն ենք հայտնում ArmNet Awards 2010 մրցույթին Ձեր մասնակցության համար: Մրցույթի առաջին փուլն ավարտված է և արդեն հայտնի են հանրային քվեարկության արդյունքում կայքերի դասակարգումն ըստ հավաքած քվեների: Քվեարկության փակման պահին կայքում գրանցվել է 82,345 քվե 640 կայքերի օգտին:

      Բազմաթիվ կայքեր քարոզչական և խրախուսական միջոցառումներ են իրականացրել սոցիալական ցանցերում և իրենց կայք-էջերում` նպաստելով իրենց օգտին քվեարկողների ձայների կտրուկ բարձրացմանը: Այսօրինակ քարոզչական արշավները շատ ուրախալի են և ցույց են տալիս, որ մրցույթը կարճ ժամանակում մեծ ժողովրդականություն է ձեռք բերել և կտրուկ ակտիվացրել է հայաստանյան ինտերնետ միջավայրը: Սակայն ցավով նշում ենք, որ քվեարկության ընթացքում գրանցվել են քվեարկության կանոնների խախտումներ, որոնք մասնավորապես վերաբերել են մրցույթի այն կանոնին, որի համաձայն նույն անձÕ! ¨ (օգտագործողը) մեկ կայքի օգտին մեկից ավելի անգամ չի կարող քվեարկել: Ինտերնետի հնարքներին տիրապետող որոշ մասնակից կայքեր, կիրառելով այս կամ այն մեթոդը, կարողացել են շրջանցել արգելքը և թույլ են տվել չարաշահումներ: Միևնույն ժամանակ համակարգը լիարժեք հնարավորություն չի տվել քվեարկել նրանց, ովքեր աշխատում են այնպիսի կազմակերպություններում, որտեղ ինտերնետի ելքն իրականացվում է մեկ IP-ով:

      Հաշվի առնելով վերը նշվածը և առաջնորդվելով մրցույթն արդար և անաչառ անցկացնելու ցանկությամբ` կազմակերպիչները որոշում են կայացրել երկրորդ փուլում ժյուրիի դատին հանձնել ոչ միայն հանրային քվեարկությամբ առաջին 75 տեղերը զբաղեցրած կայքերը, այլ մրցույթին մասնակցող բոլոր կայքերը: Միաժամանակ կազմակերպիչները ներողություն են խնդրում այն մասնակից կայքերից, որոնք ազնվորեն են մասնակցել մրցույթին և բոլոր քվեարկողներից, ովքեր իրենց քվեն են տվել սիրելի կայքի օգտին: Ցանկանալով բացառել անարդար ընտրությունը` կազմակերպիչները վստահություն են հայտնու! մ, որ պրոֆեսիոնալ ժյուրին ճիշտ կգնահատի յուրաքանչյուր կայքի արժանիքները և կբացահայտի լավագույններին:

      Ուսումնասիրելով մրցույթին մասնակցող բոլոր 640` ժյուրին նախևառաջ կբացառի այն կայքերին, որոնք չեն բավարարում մրցույթին մասնակցելու կանոններին, օգտագործում են այլ կայքերից կամ աղբյուրներից ձեռք բերված կամ չլիցենզավորված բովանդակություն կամ բռնության, պոռնոգրաֆիայի և նմանօրինակ տարրեր են պարունակում:

      Կրկին ներողություն ենք խնդրում այն բոլոր մասնակիցներից, որոնք ազնվորեն են մասնակցել քվեարկությանը` միաժամանակ լիահույս ենք, որ մասնակից կայքերը կկարողանան ըստ արժանվույն գնահատել կազմակերպիչների որոշումը, որի միակ նպատակն է տուրք չտալ անարդարությանը:

      Հարգանքով`
      ArmNet Awards 2010 կազմակերպիչներ
      Հայտարարության տակ ստորագրած կայքերը ստացել են տեղեկատվություն, որ մանրամասն պատասխան՝ հնչած հարցերին, կլինի 24 ժամերի ընթացքում:

      Կարծում եմ, որ որոշումը ճիշտ է
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      ArmNet Awards-ի կազմակերպիչներն ակնկալել էին, որ կգրանցվեն խախտումներ
      Չորեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2010 12:50 PCNews.am

      «Օնլայն քվեարկություն հայտարարելիս մենք հաշվի ենք առել, որ խախտումներ կգրանցվեն, բայց ոչ այս ծավալներով. քվեարկության ընթացքում այնպիսի կայքեր են առաջ անցել, որոնք երբեք այդքան այցելու անգամ չեն ունեցել»,-PCNews.am-ի թղթակցին ասաց մրցույթի կազմակերպիչներից Ժիրայր Թերզյանը:

      Քվեարկության առաջին իսկ օրերին պարզ դարձավ, որ հնարավոր է միևնույն կայքի օգտին քվեարկել ամեն օր: Նման բան կազմակերպիչները չէին նախատեսել: Թերզյանի խոսքով` քվեների լցոնումները կատարվել են IP հասցեները փոխելու շնորհիվ: «Հայաստանյան շատ պրովայդերներ նույնիսկ օրական մի քանի անգամ փոխում են բաժանորդների IP հասցեները, սա նույնպես նպաստել է խախտումների ծավալների մեծացմանը»,-նշեց կազմակերպիչը:

      Այն հարցին, թե ինչպիսի միջոցներով են պայքարել խախտումների դեմ, Թերզյանը պատասխանեց, որ բացի IP-ներից, կայքը հաշվի է առել նաև cookie-ներն ու ID-ները, սակայն «նպակադրված գործողությունների արդյունքում հնարավոր է եղել շրջանցել արգելքները»:

      Մրցույթի կազմակերպիչներն ակնկալել են խախտման դեպքեր, բայց չեն նախատեսել, որ ArmNet Awards-ը մեծ իրարանցում կառաջացնի: Թերզյանը տեղեկացրեց, որ քվեարկության ընթացքում գրանցվել են նույնիսկ դեպքեր, երբ սպամների միջոցով մասնակիցներին առաջարկել են քվեարկել փողի դիմաց:

      Քվեարկության փակման պահին կայքում գրանցվել է 82,345 քվե 640 կայքերի օգտին: Ամենաշատ ձայներ հավաքած կայքերի դասակարգումն արդեն տեղադրված է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:


      Հաշվի առնելով վերը նշվածը և առաջնորդվելով մրցույթն արդար և անաչառ անցկացնելու ցանկությամբ` կազմակերպիչները որոշում են կայացրել երկրորդ փուլում ժյուրիի դատին հանձնել ոչ միայն հանրային քվեարկությամբ առաջին 75 տեղերը զբաղեցրած կայքերը, այլ մրցույթին մասնակցող բոլոր կայքերը: Միաժամանակ կազմակերպիչները ներողություն են խնդրում այն քվեարկողներից, ովքեր ազնվորեն իրենց քվեն են տվել սիրելի կայքի օգտին` վստահություն հայտնելով, որ պրոֆեսիոնալ ժյուրին ճիշտ կգնահատի յուրաքանչյուր կայքի արժանիքները և կբացահայտի լավագույններին:

      Ուսումնասիրելով մրցույթին մասնակցող բոլոր 640` ժյուրին նախևառաջ կբացառի այն կայքերին, որոնք չեն բավարարում մրցույթին մասնակցելու կանոններին, օգտագործում են այլ կայքերից կամ աղբյուրներից ձեռք բերված կամ չլիցենզավորված բովանդակություն կամ բռնություն, պոռնոգրաֆիա և նմանօրինակ տարրեր են պարունակում:

      Մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան ArmNet Awards 2010-ի հաղթողները, տեղի կունենա դեկտեմբերի 4-ին:Armnet 2010- ի շրջանակերում դեկտեմբերի 4-ին կկայանա նաև ArmNet կոնֆերանս` նվիրված վեբ տեխնոլոգիաներին և բիզնեսի տարբեր ոլորտներում դրանց ներդրման հնարավորություններին «Աութսորսինգից դեպի նորարարություն» խորագրի ներքո:

      Մրցանակաբաշխությունը կազմակերպում են SPMS ընկերությունը, Circle.am կայքը և Orange-Armenia ընկերությունը` ՀՀ Էկոնոմիկայի Նախարարի բարձր հովանու ներքո:
      Աղբյուր՝ PCNews.am
    1. tikopx-ի ավատար
      tikopx -
      բայց վերջնա, ազգային ստանդարտի համար ինչքան մարդա քվեարկել
      Սրանց ո մնա ՀՀ-ի բոլոր քաղաքացիները ամեն օր այցելում են իրանց կայք
      ԱՄՈԹ կազմակերպիչներին:
    1. AMzone-ի ավատար
      AMzone -
      իմ վարկածով, ու վարկածիս վրա 100% վստահ եմ, կայքերի 98% -ը որոնք մեծ քվեներ են հավաքել եղելա կեղծիքի շնորհիվ,.
    1. Lion-ի ավատար
      Lion -
      Սակայն ցավով նշում ենք, որ քվեարկության ընթացքում գրանցվել են քվեարկության կանոնների խախտումներ, որոնք մասնավորապես վերաբերել են մրցույթի այն կանոնին, որի համաձայն նույն անձÕ! ¨ (օգտագործողը) մեկ կայքի օգտին մեկից ավելի անգամ չի կարող քվեարկել: Ինտերնետի հնարքներին տիրապետող որոշ մասնակից կայքեր, կիրառելով այս կամ այն մեթոդը, կարողացել են շրջանցել արգելքը և թույլ են տվել չարաշահումներ:

      «Օնլայն քվեարկություն հայտարարելիս մենք հաշվի ենք առել, որ խախտումներ կգրանցվեն, բայց ոչ այս ծավալներով. քվեարկության ընթացքում այնպիսի կայքեր են առաջ անցել, որոնք երբեք այդքան այցելու անգամ չեն ունեցել»,-PCNews.am-ի թղթակցին ասաց մրցույթի կազմակերպիչներից Ժիրայր Թերզյանը:

      Քվեարկության առաջին իսկ օրերին պարզ դարձավ, որ հնարավոր է միևնույն կայքի օգտին քվեարկել ամեն օր:
      Հանճարեղ է: Մարդիկ մրցույց են կազմակերպում և անցկացնում ու այս պարզագույն բաները հաշվի չեն առնում: Գրողը տանի, նույնիսկ ես, ինտերնետից ամենասովորական օգտվողս, առաջին իսկ վայրկյանին ֆայմեցի, որ հնարավոր է քվեարկել մի քանի անգամ, տարբեր կոմպերից, իսկ մրցույթի կազմակերպիչներին դա "պարզ է դարձել" միայն քվեարկության առաջին օրերին...??!!
    1. Երվանդ-ի ավատար
      Երվանդ -
      Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
      Հանճարեղ է: Մարդիկ մրցույց են կազմակերպում և անցկացնում ու այս պարզագույն բաները հաշվի չեն առնում: Գրողը տանի, նույնիսկ ես, ինտերնետից ամենասովորական օգտվողս, առաջին իսկ վայրկյանին ֆայմեցի, որ հնարավոր է քվեարկել մի քանի անգամ, տարբեր կոմպերից, իսկ մրցույթի կազմակերպիչներին դա "պարզ է դարձել" միայն քվեարկության առաջին օրերին...??!!
      Էս պահը բացեց, համաձայնվեց:
    1. AMzone-ի ավատար
      AMzone -
      ասումեն 2010թ. պարզվելա, որ կարելիյա IP, և cookie շրջանցել, իսկ հայտնաբերողները ինտերնետային կայքերի մրցանակաբաշխություն անցկացնող մասնագետներ են եղել.
      մեկը լիներ իրանց կայքը գնահատեր, գրառումներից մեկը որը արել եմ մրցանակաբաշխության սկզբում. դրանից հետո են սքսել իրենց կայքի ծակերը փակել.

      Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
      եթե միքիչել խորանանք ես կայքի մեջ, կարողա տրաքի. http://www.armnetawards.am/js
    1. gevorg ghazaryann-ի ավատար
      http://www.armnetawards.am/?mod=poll...y&categoryId=1
      իմ կայքը՝ Արվեստ, պատմություն, մշակույթ:
      armenianararat.do.am
      26 տեղ ու 21 քվես
    1. Universe-ի ավատար
      Universe -
      Էտի լռիվ դառդաստանա, դաժե մի հատ նորմալ-մարդավարի սայթերը չեն բացել նայել, տեսնեն կատեգորիային համապատասխանումա թե չէ... Սոց ցանցերն եմ դեռ մենակ նայել, կեսը դաժե մոտավոր կապ չունի Սոցիալական ցանցերի հետ...
      Խնդրեմ http://armnetawards.am/?mod=poll&act...&categoryId=11
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Նոր վերադարձանք մրցանակաբաշխության արարողությունից:

      Արդեն ոչ թե ստորագրած բոլոր կայքերի, այլ իմ անունից (որովհետև մյուսների հետ չեմ համաձայնեցրել) ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ փաստորեն մեր ձայնը լսելի դարձավ և մեր կոչի երկու կետերն էլ կատարվեցին: Հիշեցնեմ, որ մենք կոչ էինք արել.
      ա) Վերացնել «Ժողովրդական ընտրություն» անվանակարգը (այս անվանակարգում հաղթող պետք է ճանաչվի հանրային քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը), քանի որ այն փաստացի չի արտահայտում ժողովրդական ընտրության արդյունքը,

      բ) Գտնել միջոց ժյուրիի դատին հանձնելու անարդարացիորեն 75 «ընտրված» կայքերից դուրս մնացած կայքերը, որոնց մի կողմից խանգարել են ուռճացված ձայներով կայքերը, մյուս կողմից մրցանակաբաշխության քվեարկությունը կազմակերպող կայքի տեխնիկական խնդիրներն ու կազմակերպվածության պատճառով կորցրած ձայները:
      Մրցույթի կազմակերպիչները որոշել էին ժյուրիի դատին հանձնել բոլոր կայքերը, այլ ոչ թե 75 առավելագույն ձայներ հավաքածները, իսկ մրցանակաբաշխության արարողությանը հայտնի դարձավ, որ փաստորեն վերացվել է նաև «Ժողովրդական ընտրություն» անվանակարգը (նոմինացիան):

      Այսպիսով մնացել էին հետևյալ անվանակարգերը (ներկայացնում եմ անվանակարգը, անվանակարգում հաղթած կայքը, ինչպես նաև հանրային քվեարկության արդյունքում ստացած քվեների քանակն ու զբաղեցրած դիրքը).
      • Դիզայն և հարմարավետություն, bg.am, 148-րդ տեղ (70 քվե), Պողոսյան պարտեզներ
      • Նորարարություն, e-gov.am, 112-րդ տեղ (101 քվե), ՀՀ Էլեկտրոնային կառավում
      • Տեխնիկական կատարում, parajanovmuseum.am, 116-րդ տեղ (99 քվե), Փարաջանովի թանգարանի կայք
      • Բովանդակություն, armcomedy.com, 75-րդ տեղ (186 քվե),
      • Տարվա առաջընթաց, rate.am, 73-րդ տեղ (191 քվե)
      • Գլխավոր մրցանակ, parajanovmuseum.am, 116-րդ տեղ (99 քվե), Փարաջանովի թանգարանի կայք
      • Orange-ի հատուկ մրցանակ, a1plus.am, 101-րդ տեղ (114 քվե)


      Իհարկե մեզնից ամեն մեկը սուբյեկտիվորեն կարող է համարի, որ նոմինացիաներից յուրաքանչյուրում մեկ այլ կայք ավելի լավն է, բայց անձամբ ես այս կայքերից յուրաքանչյուրը արժանի եմ համարում տվյալ անվանակարգում հաղթելու համար ու սիրով ու սրտանց շնորհավորում եմ այդ կայքերը ստեղծողներին ու պահողներին՝ նորանոր հաջողություններ ցանկանալով:

      Առաջին 4 նոմինացիաների համար կային 4-5 նոմինանտ կայքեր, այսինքն ընդհանուր մոտ 20 նոմինանտ կայք ու ես շատ ուրախ եմ, որ hayeren.am կայքը այդ նոմինանտներից էր՝ «Նորարարություն» նոմինացիայում: Ես ուրախ եմ, որ ժյուրին այդքան բարձր էր գնահատել մեր կայքը: Մենք ինքներս (հիշեցնեմ որ նախագծի հիմնական հեղինակներն են Արշակը, Nerses_AM-ն ու ես) կշարունակենք այդ նախագծի զարգացումը, ունենք դեռ բազում գաղափարներ, որոնք կյանքի ենք կոչելու, անկախ որևէ մրցանակաբաշխությունից՝ ուղղված ինտերնետի կիրառողների հարմարության համար:


      Մի փոքրիկ դիտարկում. ես դիտավորյալ եմ բերել հանրային քվեարկության ժամանակ հաղթող կայքերի ստացած քվեներն ու զբաղեցրած դիրքը: Սա գալիս է ցույց տալու, որ մեր դիտարկումները ու պահանջները ճիշտ ու տեղին էին. հաղթած կայքերից միայն երկուսն են, որ հանրային քվեարկության արդյունքում կանցնեին ժյուրիի ընտրությանը՝ այն էլ 73-րդ ու 75-րդ դիրքերով: Սա իսկապես նշանակում է, որ մեր դիտարկումը, որ հանրային քվեարկությունը ձախողվել էր, ճիշտ էր: Անկախ նրանից թե որոշում ընդունելիս մեր այս հայտարարությունն ինչ դեր ու նշանակություն է ունեցել, ես ուրախ եմ, որ մեր մտահոգությունը կիսել են նաև կազմակերպիչներն ու ընդունել այդ ճիշտ որոշումը. շնորհակալություն նրանց:

      Քանի որ մրցույթն իսկապես ակտիվություն մտցրեց ինտերնետային կյանքում, հուսով եմ, որ մրցույթը շարունակական կլինի՝ հաջորդ տարիներին ավելի մանրամասն ու լավ մշակված-կազմակերպված՝ հաշվի առնելով այս տարվա բոլոր բացթողումները:



      հ.գ. Լրացուցիչ մրցանակ ստացավ freenet.am կայքը՝ հայկական ինտերնետի զարգացման հարցում ունեցած ավանդի համար: