• The Who

    Ռուֆուսի խնդրանքով, այստեղ էլ եմ բացում թեման: Նախնական տարբերակն՝ այստեղ:
    Ոչ ոք չէր կարող կանխագուշակել, որ Ցինցինատիի երկուշաբթի երեկոյան համերգին նման դեպք կպատահի: "The Who" խմբի համերգի բոլոր 18,358 տոմսերը վաճառվել էին համերգից դեռ մի քանի շաբաթ առաջ, բայց դրանցից միայն 3,000-ից 4,000-ն էին կանխորոշված տեղերի համար, իսկ մնացածն այսպես կոչված «փառատոնային տոմսեր» էին՝ «ով առաջինն եկավ, նա էլ նստեց» սկզբունքով: Ունկնդիրները սկսեցին հավաքվել դեռ կեսօրին, իսկ երեկոյան ժամը 8-ին հերթն արդեն մի քանի թաղամաս էր ձգվում:
    Երեկոյան մոտ ժամը 7-ին խումբն ուշացումով սկսեց սարքավորման վերջնական ստուգումները, ինչից որոշ սպասողների թվաց, թե համերգը սկսել է առանց իրենց: Մուտքերից մեկի մոտ անհանգիստ երկրպագուները մի քանի պատուհան ջարդեցին, ինչից հետո այդ մուտքի մոտ ամբոխը ձնահոսքի նման առաջ շարժվեց:
    Դևիդ Հեքը պատմում է իր վերհուշները. «Ամբոխն ավելի ու ավելի էր խտանում, ու ոչ ոք չէր զիջում: Մի քանի անգամ մեզ օդ բարձրացրին ու ետ պտտեցին: Միակ բանը, որ ես կարող էի անել, կնոջս երկու ձեռքով գրկելն ու մարդկանց մեզանից հետ հրելն էր: Իսկապես, դա միակ բանն էր, որ ես կարող էի անել: Հետո կինս ասաց, որ կանգնած է ինչ-որ մեկի վրա, ու ես փորձեցի նրան ետ քաշել, որպեսզի մարդիկ կարողանան հետ դառնալ: Մենք անցանք, բայց գետնին պառկած մարդը վեր կենալ չէր կարողանում: Մեզ նրանից հեռու հրեցին, ու ժողովուրդը պարզապես անցավ նրա վրայով»:
    Այդ երեկոյան տասնմեկ հոգի մահացան:
    Նյու-Յորք Թայմզ

    The Who-ն անգլիական լեգենդար ռոք-խումբ է, որը կազմավորվել է Ռոջեր Դոլթրիի (ծնվել է 1944 թ. մայիսի 1-ին) կողմից "Detours" անվան տակ: 15 տարեկանում ավարտելով դպրոցը, նա հինգ տարի աշխատել է մետաղամշակման գործարանում: Աշխատանքից հետո Ռոջերը զբաղվում էր կիթառներ պատրաստելով ու որոշ ժամանակ անց սկսեց խումբ հավաքել: Շուտով նրան միացավ Ջոն Էնթվիսլը (ծնվել է 1944 թ. սեպտեմբերի 10-ին), խմբի միակ անդամն, ով երաժշտական կրթություն ուներ: Երբ ռիթմ-կիթառահարի կարիք առաջացավ, Էնտվիստլը հիշեց իր դպրոցական ընկեր Փիթ Թաուշենդին (ծնվել է 1945 թ. մայիսի 19-ին). Մի անգամ, երբ խումբը ելույթ էր ունենում ակումբում, բեմ բարձրացավ մի կիսահարբած խուլիգան, մի կողմ հրեց թմբկահարին, նստեց նրա տեղն ու ինքն իր համար ունկնդրություն կազմակերպեց, որն ավարտվեց հարվածայիններին հասցված քացիով: Հաջորդ օրը նրան խումբ ընդունեցին: Դա Քեյթ Մունն էր (ծնվել է 1946 թ. օգոստոսի 23-ին):
    Վերցնելով Մունին, խումբը 1963 թվականին իր անվանումը փոխեց ու դարձավ "The Who": Նրանց ճակատագիրը սկզբում իր ձեռքը վերցրեց Պիտեր Միդենը, "High Numbers" նոր անվանումը տվեց ու գրեց առաջին սինգլը՝ "I'm the Face" երգը, որն իրականում Սլիմ Հարպոյի "Got Live If You Want lt" երգի ձևափոխում էր, փոխեց նրանց իմիջը «մոդերի» երիտասարդական շարժման ոգով:

    Մի երկու խոսք մոդերի մասին: Դա մի շարժում էր, որն առաջացավ վաթսունական թվականներին ու իր գագաթնակետին հասավ 1964-ին: Մոդերի շարժումը բավականին նման էր ժամանակակից էմոներին. նրանք հագնում էին թանկարժեք հագուստներ, լավ, կարճ սանրվածքներ ունեին, տղաներն աչքերը ներկում էին, ստիմուլացնող հաբեր էին ընդունում, որպեսզի կարողանաին գիշերները չքնել: Ի տարբերություն մոդերին թշնամի ռոկերների, որոնք հաճախ նրանց ծեծում էին, մոտոռոլլերներ էին վարում, ոչ թե մոտոցիկլետներ:
    Միդենի փորձը մոդերին փաթաթել "High Numbers" խումբը հաջողություն չունեցավ: Այդ գործին լծվեցին երկու նոր մենեջերներ՝ Քեյթ Լամբերտն ու Քրիս Սթեմփը: Խումբը նորից վերցրեց "The Who" անվանումը, իսկ խմբի ներսում ղեկավարումն անցավ Թաուշենդին: Ամեն հինգշաբթի նրանք նվագում էին «Սթեմփս» հայտնի ակումբում, իսկ իրենց մշտական կետն էր մոդերի «Հարյուր Դեմքեր» ակումբը:
    Փիթ Թաուշենդը մոդերի պոետն էր: Նա ընդգծում էր այն փաստը, որ իրենց դերն անիմաստ է "I Cant Explain" ու ավելի ուշ՝ մոդերի մեծ հիմն դարձած "My Generation" երգերում: Վերջինի հերոսն ապստամբում է մեծերի իշխանության դեմ, մրթմրթալով. «Գոնե գրողի ծոցը կորեիք»: «Ես պարզապես խոսում եմ իմ սերնդի մասին», ասում էր Թաուշենդը: Իսկ այդ սերունդը, նորից իր խոսքերով, ծնվել էր «պլասմասսայից գդալը բերանում (ինչպես ասվում է "Substitute" երգում):
    Հենց սկզբից խումբը ներկայացավ որպես գժերի հավաքածու: Մենեջերներն այն ներկայացնում էին որպես պոպ-արտի ներկայացուցիչ: Իրենք իրենց ու ժողովրդին էքստազի հասցնելով, նրանք սկսում էին կիթառները ջարդել ինչին պատահեր: Երկար ժամանակ գրեթե ամեն շաբաթ սկանդալ էր տեղի ունենում: Մեկ "The Who"-ն պատրաստվում էր թողնել-գնալ Լամբերտից ու Սթեմփից, մեկ Լամբերտն ու Սթեմփն էին ուզում լքել "The Who"-ն, մեկ Դոլթրին էր գնում, երդվելով նոր խումբ կազմել, բայց մի շաբաթից վերադառնում էր, մեկ Թաուշենդն էր ստուդիայում վեճի ժամանակ կիթառով հարվածում Դոլթրիի գլխին, իսկ պատասխան հարվածը Թաուշենդին հիվանդանոց էր ուղարկում: Իհարկե, այս ամենն իրականում դերասանական խաղ էր, որը հիանալի կերպով բեմադրում էր Թաուշենդը, բայց պահի տակ այդ դիմակահանդեսի տակից էլ զգացվում էր խմբի անդամների ոչնչացման մոլուցքի եզրին կանգնած նիհիլիստական կոնֆլիկտը: Թաուշենդն ինքը համերգների ժամանակ ասես դիվահար լիներ: Նա ջարդում էր կիթառը, Ռոջերը միկրոֆոնի լարը փաթաթում էր վզի շուրջը, շպրտում այն կամ հարվածում թմբուկներին, Քեյթը բարձրանում էր հարվածայինների վրա ու դրանց վրա ձեռքերով ռիթմ խփում, իսկ կուլմինացիայի պահին Փիթը կիթառի գրիֆը խրում էր ուժեղացուցիչի մեջ, Դոլթրին միկրոֆոնը շպրտում էր գետնին, Մունը ծակում էր թմբուկներն ու միայն Էնթվիսլն էր անշարժ, մռայլ կիսաժպիտով նվագում բասի վրա:
    Թեև խումբն ամենակատաղի ու բարձր երաժշտությունն էր նվագում ունկնդիրների համար, սկզբնական շրջանում նրան բավականին հատուկ էին փոխառումները: Թաուշենդի գրած ու առաջին ձայնագրություն դարձած "I Саn't Explain" երգը գրեթե գրագողություն էր "Kinks" խմբի երգչախմբային ոճից: "The Kids Are Alright"-ը չափազանց շատ էր "Beatles" հիշեցնում, իսկ "А Legal Matter"-ն ու "Substitute"-ը միանշանակորեն "Rolling Stones"-ից էին ոգեշնչված: Այդ շրջանում Քեյթ Մունը հակված էր "Beach Boys"-ի ոճի հարմոնիզացիաների, իսկ Դոլթրին համարում էր, որ հնչողությունը գլխավորապես պետք է հենվի նեգրական ռիթմ-էնդ-բլյուզի ու սոուլի վրա:

    Փիթը գրեց "My Generation" երգը, որը տաս տարվա ընթացքում առավել հաճախ էր կատարվում համերգների ժամանակ: Հետո թողարկվեց արդեն "My Generation" ալբոմը, որը երկու սկավառակների տեսքով էր մատուցվում. եթե առաջինը մաքուր ռիթմ-էնդ-բլյուզային ոճում էր, ապա երկրորդն «ինքնաոչնչացման» հնչողությամբ էր: Ձայնագրության վատ որակից հիասթափված՝ խումբը սկսեց համագործակցել "Reaction" ընկերության հետ ու ձայնագրեց Top 5 ընկած երեք սինգլ. "Substitute", "I'm а Boy" ու "Happy Jack":
    1966 թվականի "A Quick One" ալբոմում խումբը սկսեց յուրահատուկ գծեր ցուցաբերել՝ եզակի գործիքավորում, գրոտեսկային բառեր, և այլն: Այդ շրջանում խումբն արդեն սպառել էր իր սկզբնական ագրեսսիայի զգալի մասն ու բեմի վրա իրեն ավելի հանգիստ էր պահում:
    Հաջորդեցին "Track" ընկերության հետ կատարված ձայնագրությունները՝ նախ "Pictures of Lily" սինգլը, հետո՝ "I Can See for the Miles" երգը, որը երկար ժամանակ համարվում էր նրանց լավագույն կատարումը: Բայց խումբը ֆինանսական պրոբլեմներ ուներ. չնայած չարտերի կայուն բարձր դիրքերի, սկավառակները վատ էին վաճառվում:

    1968 թվականին իրավիճակը փոխվեց. առանձին երգերից, որոնք իրենցից փոքրիկ մանրանկարներ էին ներկայացնում, Թաուշենդն անցավ լայն կտավի՝ առաջին ու միակ իսկական ռոք-օպերային՝ "Tommy"-ին: Նա լայնացրեց ռոքի սահմանները, մինչև վերջ հավատարիմ մնաց նրան ու տեղափոխեց ռոքը նոր չափողականություն: Երբ "The Who"-ն առաջին անգամ կատարեց այն, խումբը հանկարծ լեգենդար դարձավ: Այդ դիրքը հաստատվեց 1969 թ. Վուդսթոքի եռօրյա ռոք-փառատոնում նրանց ելույթից հետո: Հաջորդ երկսկավառականի ալբոմը սկզբում հաջողություն չունեցավ, բայց մի ամսից հետաքրքրություն ծնեց ու բավականին լավ էր վաճառվում դեռ երկուսից երեք տարի: Ժամանակն ընթանում էր, բայց "Tommy"-ի ֆենոմենը չէր կրկնվում: Երբ թողարկվեց "Who's Next" սկավառակը, նրա վրա Փիթի երաժշտությունը հարթ էր, մշակված, պակաս աբստրակտ: Այս սկավառակից է "Behind Blue Eyes" երգը, որի տարբերակ 2003 թվականին խիստ անտաղանդ կերպով ձայնագրեց Limp Bizkit խումբը, նմանակելով "Nightwish" խմբի "Angels Fall First" երգի կիթառային պարտիաներին ու կտրել-հանելով երգի դրայվային մասը, որը գաղափարական տեսանկյունից այն ամբողջական էր դարձնում: 1971 թվականին դուրս եկան"Let's See Action" ու "Join Together" սինգլերը, իսկ մի փոքր ավելի ուշ լույս տեսավ"Meaty, Beaty, Big and Bouncy" հավաքածուն: Դրանից հետո խմբի անդամները սկսեցին անհատական պրոյեկտներով զբաղվել, մինչև "Quadrophenia" ռոք-օպերան ձայնագրելու համար նորից հավաքվելը: "Quadrophenia"-ից հետո նրանք նորից իրենց անհատական պլաններին անցան: Հավաքելով խմբի ամբողջ նյութն ու լրացնելով այն իր ստեղծագործություններով, Ջոն Էնթվիսլը թողարկեց "The Who By Numbers" սկավառակը: Չնայած մնացած եռյակը ոչ մի հետաքրքրություն չարտահայտեց պրոյեկտի մեջ մասնակցելու հարցում, դիսկոգրաֆիաներում այն սովորաբար վերագրում են ամբողջ խմբին:

    1975-ից "The Who"-ում պառակտումներ սկսեցին: Հարաբերություննեը վերականգնվեցին միան 1977-ի վերջին. խումբը ստուդիա մտավ ու ձայնագրեց "Who Are You?" ալբոմը, որի հնչողությունը շատ ավելի փափուկ ու գունաշատ էր, քան առաջ, ի շնորհիվ լարային նվագարանների ներմուծման ու ստեղնայինների դերի ավելացման: 1978 թվականի հոկտեմբերի 7-ին մահացավ Քեյթ Մունը: Նրա տեղը գրավեց Քեննի Ջոունսը, որն արդեն համագործակցել էր խմբի հետ: Բամբասանքների հերթական ալիքից, մի քանի համերգներից ու "It's Hard" սկավառակի թողարկումից հետո, 1982 թվականի վերջին խումբը հայտարարեց ցրվելու մասին: Բայց եռամյա լռությունից հետո "The Who"-ն ելույթ ունեցավ "Live Aid" փառատոնին: 1989 թվականին Թաուշենդն, Էնթվիսլն ու Դոլթրին պայմանավորվեցին խմբի 25-ամյակին նվիրված ամերիկյան համերգների շարքի մասնակցել: Հարվածայիններին Սայմոն Ֆիլիպսին նստեցնելով ու ավելացնելով զգալի քանակությամբ նվագակցող երաժիշտներ, Հոլիվուդում նրանք իրենց հյուրախաղերն ավարտեցին "Tommy"-ի բեմադրությամբ:
    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. The Who սկսել է Rhayader Նայել օրիգինալ գրառումը
    Մեկնաբանություն 1 Մեկնաբանություն
  • Հարցում

    Ո՞ր թիմը կդառնա Եվրո 2020 հաղթող (ձայն: 2)

    1. Ավստրիա (ձայն: 0)

    2. Բելգիա (ձայն: 0)

    3. Խորվաթիա (ձայն: 0)

    4. Չեխիա (ձայն: 0)

    5. Դանիա (ձայն: 0)

    6. Անգլիա (ձայն: 0)

    7. Ֆինլանդիա (ձայն: 0)

    8. Ֆրանսիա (ձայն: 1)

    9. Գերմանիա (ձայն: 0)

    10. Հունգարիա (ձայն: 0)

    11. Իտալիա (ձայն: 1)

    12. Նիդերլանդներ (ձայն: 0)

    13. Հս․ Մակեդոնիա (ձայն: 0)

    14. Լեհաստան (ձայն: 0)

    15. Պորտուգալիա (ձայն: 0)

    16. Ռուսաստան (ձայն: 0)

    17. Շոտլանդիա (ձայն: 0)

    18. Սլովակիա (ձայն: 0)

    19. Իսպանիա (ձայն: 0)

    20. Շվեդիա (ձայն: 0)

    21. Շվեյցարիա (ձայն: 0)

    22. Թուրքիա (ձայն: 0)

    23. Ուրաինա (ձայն: 0)

    24. Ուելս (ձայն: 0)