• Մարդասպան նինձան / Ninja Assassin

    Մարդասպան նինձան / Ninja Assassin



    ԱՄՆ, Գերմանիա, 2009

    Ռեժիսյոր` Ջեյմս ՄակՏիգ
    Սցենարիստ` Մեթյու Սենդ, Ջ. Մայքլ Ստրաժինսկի
    Դերերում` Ռեյն, Սանգ Կյոնգ, Ռենդոլ Դակ Կիմ, Ջոնաթան Չան-Պինսլի, Յուկի Իվամոտո, Բեն Մայլզ, Նաոմի Հարրիս, Ստեֆեն Մարկուս, Լին Դեն Պեմի և ուրիշներ
    IMDb-ի գնահատականը` 6.8/10 (4824 ձայն)
    Համաշխարհային վարձույթում հավաքած գումարը՝ $54 119 419
    Ժանրը՝ մարտաֆիլմ, թրիլլեր, դրամա, քրեական
    Պաշտոնական սայթը՝ http://ninja-assassin-movie.warnerbros.com/

    Ռեյզոն աշխարհի ամենավտանգավոր մարդասպան-նինձաներից է: Նրան մանկուց դաստիարակել ու մեծացրել են «Օզունու» գերգաղտնի կլանի անդամները՝ երեխային վերածելով պրոֆեսիոնալ մարդասպանի: Մի օր Օզունու կլանը անգթորեն սպանում է Ռեյզոյի ընկերոջը, և նա, տանջվելով խղճի խայթից, որոշում է փախչել իր ուսուցիչներից: Սակայն գաղտնի կլաններն իրենց անդամներին հենց այնպես բաց չեն թողնում…



    Կասկածից վեր է, որ Վաչովսկի երղբայրների անուններն առհավետ գրված են կինեմատոգրաֆի պատմության մեջ. պարզապես անհնար է թերագնահատել նրանց ստեղծած «Մատրիցան» ու դրա մասսայական պաշտամունքը: Այդուհանդերձ՝ եղբայրների՝ որպես ռեժիսյորական դուետի ապագան այսօր բավականին անորոշ է: Համենայն դեպս՝ նրանց «Մատրիցա» եռերգությանը հաջորդող աշխատանքը կինոդիտողները չընդունեցին. «Սփիդ ռեյսերը» չափազանց կասկածելի ֆիլմ դուրս եկավ: Անշուշտ՝ Վաչովսկի եղբայրների ցուցադրած վիզուալ խրախճանքը լայն հասարակության շրջանակներում բավականին լուրջ հիացմունք առաջացրեց, բայց կինոթատրոններից դուրս գալով՝ շատերն ուղղակի ուսերը թոթվում էին ու իրար հարցնում. «Իբր ի՞նչ»: Եղբայրների պրոդյուսերական գործունեությունն ավելի հաջող էր. 2004 թվին, հավատալով ռեժիսյոր Ջեյմս ՄակՏիգին ու դառնալով նրա ֆիլմի պրոդյուսերները, Վաչովսկիները կարողացան ստեղծել եթե ոչ նոր բրենդ, ապա, համոզված կերպով կարելի է ասել, այդ տարվա ամենաուժեղ ֆիլմերից մեկը՝ ««V» նշանակում է վենդետան»: Դժվար է ասել, թե ինչը պայմանավորեց նրանց հաջորդ ընտրությունը՝ սեփական անհաջողությու՞նը, թե՞ իրենց հովանավորյալի հաջողությունը, սակայն «Մարդասպան նինձայի» ռեժիսյորական անթոռը կրկին վստահվեց ՄակՏիգին:



    Ֆիլմի ստեղծման պատությունն արժանի է հատուկ ուշադրության: Նախապրոդաքշնի փուլն ինքնին խիստ հետաքրքիր էր: Կինոնկարի 40 միլիոնանոց բյուջեի քառորդ մասը տրամադրել է Գերմանիայի հատուկ կինոֆոնդը (տեսարանների մեծամասնությունն էլ նկարահանվել են հենց այդ երկրում): Զարտուղի ճանապարհներով մի կերպ հավաքելով մնացած 30 միլիոնը՝ ֆիլմի ստեղծողներն արդեն պատրաստ էին սկսել նկարահանումները, սակայն Վաչովսկի եղբայրները մեկնարկից մի քանի շաբաթ առաջ հանկարծ մերժեցին ֆիլմի սցենարը՝ այն «բավականաչափ լավը» չհամարելով: Նկարահանաման թիմը հրատապ կարգով օգնության կանչեց Մայքլ Ստրաժինսկիին, ով արագացված տեմպերով (երեք օրից էլ պակաս ժամանակահատվածում) այնպես ձևափոխեց սցենարի տեքստը, որ արդյունքից գոհ եղբայրներն ի վերջո կանաչ լույս վառեցին նկարահանման պրոցեսի առաջ: Հիշարժան է նաև գլխավոր դերասանների ցանկը. նրանց շարքում են կորեացի պոպ-աստղ Ռեյնը (նկարահանվել է «Սփիդ ռեյսերում») և Բեն Մայլզը (««V» նշանակում է վենդետա» ֆիլմից), ինչն արդեն իսկ հուշում է, թե իրականում ում ձեռքերում է նկարահանման պրոցեսի ղեկը: Այնուամենայնիվ՝ հարկ է արժանին մատուցել Վաչովսկիներին. ինչ-ինչ, բայց ավանդույթները նրանք չեն խախտում: Հենց այդ պատճառով էլ ֆիլմի գլխավոր չարագործի դերը խաղում է լեգենդար Սյո Կոսուգին՝ կարատեի աշխարհի յոթակի չեմպիոնն ու այնպիսի ֆիլմերի աստղը, ինչպիսիք են «Նինձայի վրեժը» (1983) և «Նինձայի 9 մահերը» (1985):



    Այս նոր կինոնկարի թողարկման մյուս մանրամասները, ինչպես ընդունված է, ծածկված են գաղտնիքի քողի տակ: Սակայն քանի որ ֆիլմի ցուցադրությունն արդեն մեկնարկել է աշխարհով մեկ (ինչպես նաև տրեյլերի սուբյեկտիվ վերլուծության հիման վրա), արդեն այսօր կարելի է որոշակի գուշակություններ անել: «Մարդասպան նինձան» հազիվ թե դուր գա լուրջ կինեմատոգրաֆի երկրպագուներին. ռեժիսուրայի, սյուժետի ու դերասանական խաղի առումով սա բավականին «միջակ» կինո է: Համենայն դեպս՝ ամերիկացի քննադատները արդեն բավականին խիստ «մշակման» են ենթարկել ՄակՏիգի աշխատանքը: Բայց նինձիցուին, սև հագած ստվերներին, գեղեցիկ ձեռնամարտերին ու արևելյան էկզոտիկային կարոտած հանդիսատեսին սա, կարծես թե, չի վախեցրել, վկա՝ այն, որ ֆիլմի եկամուտներն արդեն ծածկել են 40 միլիոնանոց բյուջեն: Այսպիսի նեղ-մասնագիտական թեմատիկա ունեցող աշխատանքներն այսօր ավելի ու ավելի հազվադեպ են հայտնվում, այնպես որ՝ «Մարդասպան նինձան» կարելի է փրկօղակ համարել այսպիսի ֆիլմերի սիրահարների համար՝ իրար հար և նման մարտաֆիլմերի անվերջ շարքում: Եվ ուրեմն, եթե երեխա ժամանակ ձեզ միշտ հուզել են սյուրիկեններ նետող ու կատանաներով կռվող սևազգեստ մարդիկ, ոչ մի դեպքում բաց մի՛ թողեք այս ֆիլմը դիտելու հնարավորությունը: Փոքրիկ կինոդիտողներին, ի դեպ, խորհուրդ չենք ձեզ հետ տանել կինոթատրոն. մարտերի տեսարաններն ինչքան գրավիչ, հրաշալի կերպով բեմադրված ու դինամիկ են, այնքան էլ՝ դաժան ու արյունալի: