• Անդաստան

    Որոշել եմ ժամանակ առ ժամանակ ներկայացնել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր արարողությունները, ինչպես նաև այլ կարևոր իրողություններ: Ավելի շատ կաշխատեմ կանգ առնել այն հարցերի վրա, որոնց շուրջ համեմատաբար ավելի քիչ են իրազեկված մեր ժողովրդի լայն շրջանակները: Սկսենք անդաստանի արարողությամբ:
    Անդաստանը աշխարհի չորս կողմերի հանդիսավոր օրհնության կարգն է: Այն սովորաբար կատարվում է եկեղեցու ատյանում, իսկ եթե ատյանը փոքր է, ապա եկեղեցու կենտրոնական մասում:
    Անդաստան բառն իր պարզ նշանակությամբ կապվում է արտ կամ ցանք բառերի հետ և թեպետ այսօրվա պաշտամունքային լեզվում բոլորովին այլ նշանակություն ունի, մեզ հնարավորություն է տալիս գտնելու կապը նախնական իմաստի և այսօրվա արարողության միջև: Հնում երկրագործների համար սովորություն էր արտի օրհնություն կատարելը: Այն կատարվում էր քահանայի միջոցով և համայքի ներկյությամբ, բերքի արգասավորության և առատության համար: Ենթադրվում է, որ այս սովորությունը կապված էր Դեմետրե դիցուհու պաշտամունքի հետ, որ հետագայում, հեթանոսական որոշ այլ սովորությունների պես, վերաիմաստավորվել ու քրիստոնեացվել է` ստանալով բոլորովին այլ բովանդակություն: Մեծամասամբ երկրագործ մեր ժողովրդի համար այս սովորությունը մեծ նշանակություն է ունեցել: Հետագայում որոշակի փոփոխությունների ենթարկվելով` այն դարձել է եկեղեցու անբաժան արարողություններից մեկը:
    Անդաստանի կատարման կարգը հետևյալն է. Ավետարանի ընթերցումից հետո հոգևորականները զգեստավորվում են շուրջառներով: Հանդիսապետը (արարողությունը վարող հոգևորականը), ձեռքին խաչ ու գավազան, կանգնում է ատյանում` դեմքով արևելք: Մյուս հոգևորականները, ձեռքներին խաչ կամ Ավետարան (հանդիսավոր տոներին նաև մասունքներ), շարվում են նրա երկու կողմերում: Սարկավագաց և դպրաց դասերը, բուրվառով, խաչվառով, մոմերով ու քշոցներով, շարվում են նրանց դիմաց` դեմքով արևմուտք: Արարողությունն սկսվում է սարգավագի` հատուկ եղանակով երգվող քարոզով, որի ամեն մի տանը հանդիսապետը պատասխանում է ՙՏեր ողորմյայով՚: Քարոզից հետո սկսվում է աշխարհի չորս կողմերի տյառնագրությունը հետևյալ կարգով.
    Արևելեան կողմն աշխարհիս եւ Հայրապետութիւն Հայոց:
    Արևմտեան կողմն աշխարհիս եւ Թագավորութիւն քրիստոնեից (կամ Հանրապետութիւն Հայոց):
    Հարաւային կողմն աշխարհիս` երկիրս, անդաստանս եւ պտղաբերութիւն տարվոյս:
    Հիւսիսային կողմն աշխարհիս` վանս, անապատս, քաղաքս եւ գիւղս եւ բնակեալ ժողովուրդս ի սմա:
    Արաողությունը փակվում է ՙՊահպանիչ՚ աղոթքով:Որոշ տոների ժամանակ հավարտ երգվում է շարական, ընթերցվում Ավետարան:
    Տարվա մեջ Անդաստան կատարվում է 25 անգամ` 11 անգամ առավոտյան և 14 անգամ երեկոյան: Տարվա վերջին Անդաստանը կատարվում է Խաչվերացի տոնին` առավել հանդիսավոր կերպով: Խաչապայտի մասունքն իր պահարանով դրվում է հատուկ պատվանդանի վրա, զարդարվում ծաղիկներով ու ռեհանով և ծածկվում մետաքսե նրբահյուս շղարշով: Մասունքի կողքին դրվում է նաև վարդաջուր սրսկելու անոթը: Մեծ թափոր է կազմվում` բաղկացած ճոխ զգեստավորված քահանայից, սարկավագաց և դպրաց դասերից: Արարողության ընթացքում երգվում են հոգեզմայլ շարականներ, կատարվում պատշաճ ընթերցումներ Ավետարանից, կարդացվում առանձնահատուկ աղոթքներ ու քարոզներ: Թափորը պտտվում է եկեղեցու շուրջը, հատուկ կերպով օրհնվում են աշխարհի չորս կողմերը, վարդաջուր է սրսկվում հավատացյալների վրա: Արարողությունը փակվում է հանդիսապետի կողմից Կենաց Փայտով տրված օրհնությամբ և ՙՊահպանիչով՚:
    Խաչվերացի Թափոր Անդաստանը, հիրավի, մեր եկեղեցու ամենագեղեցիկ արարողություննորից մեկն է և տեսանելի կերպով լավագույնս արտահայտում է Խաչափայտի գերադարձի հաղթական շքերթի և նրա միջոցով աշխարհի օրհնության սրբազան իրողությունը: