• Խաչվերաց

    Հայ Առաքելական Եկեղեցին սեպտեմբերի 12-ին նշում է Խաչվերացը, որը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենագլխավոր, ինչպես նաև Հայ Եկեղեցու տաղավար վերջին` հինգերորդ տոնն է: Տոնը շարժական է և նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Խաչվերացը հիշատակն է Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման):
    610 թ. պարսից Խոսրով Բ արքան մեծաքանակ զորքով հարձակվում է Բյուզանդական կայսրության վրա: Սկզբնական հաջողություներից ոգևորված՝ պարսկական զորքերը 614 թ. մտնում են Երուսաղեմ: Շատերը սրի են քաշվում, շատերն էլ գերեվարվում: Վերջինների մեջ էր նաև Երուսաղեմի Զաքարիա հայրապետը: Բայց պարսիկներն այսքանով չեն բավարարվում. մտնում են Ս. Հարության տաճար և ի նշան քրիստոնյաներին ուղղված անարգանքի` գերի վերցնում այնտեղ պահվող խաչափայտը, որը Դ դարի սկզբում Կոստանդիանոս կայսեր մոր` Հեղինեի կողմից գտնվել և պաշտամունքի առարկա էր դարձել բոլոր քրիստոնյաների համար:
    Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. բյուզանդական զորքերը Հերակլ կայսեր գլխավուրությամբ խաչափայտը վերադարձնելու համար պատերազմի են դուրս գալիս պարսիկների դեմ: Վերջիններիս օժանդակում էր նաև հայկական զորախումբը Մժեժ Գնունու գլխավորությամբ: Բյուզանդացիները հաղթանակ են տանում, գերեվարությունից ազատվում է նաև խաչափայտը: Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը, խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ. Պոլսում պահելուց հետո, անձամբ` կառքի մեջ ծնկած ու այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Ս. Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը` Խաչվերացը:
    Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո այն քրիստոնյա աշխարհի համար դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտության խորհրդանշան, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել: Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է և գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է: Խաչն այսօր մեզ համար դարձել է փրկության միջոց, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժշկության աղբյուր:
    Խաչվերացի տոնը քրիստոնյաների համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պատահական չէր, որ գտնվելուց հետո Քրիստոսի խաչափայտը մյուս երկու` ավազակների խաչերից տարբերելու համար միջոց ընտրվեց մահացած մարդկանց վրա հերթով դնելը: Փրկչի խաչափայտի հպումից հանգուցյալը հարություն առավ, քանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի Սուրբ Արյունով ստացավ նորոգելու, բժշկելու և հարություն տալու զորություն: Քրիստոս, խաչի վրա մեռնելով, հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանը: Ըստ Գրիգոր Տաթևացու, խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի և բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը:
    Խաչվերացը մեծ հանդիսավորությամբ է տոնվում Հայ Եկեղեցում: Եկեղեցու հայրերը, տաղավար տոներին առավել մեծ ժողովրդականություն հաղորդելու նպատակով, որոշ տաղավար տոների կցել են տոնի խորհրդին համահունչ որոշ հավելյալ արարողություններ: Այսպես Ս. Ծնունդին կատարվում է Ջրօրհնեքը, Վերափոխմանը` Խաղողօրհնեքը, իսկ Խաչվերացին` Աշխարհօրհնեքը կամ Խաչվերացի թափոր անդաստանը: Անդաստանն աշխարհի չորս կողմերի օրհնության կարգն է, որը սովորաբար կատարվում է եկեղեցու ներսում: Իսկ Խաչվերացի տոնին այն կատարվում է ավելի մեծ հանդիսավորությամբ. խաչը կամ խաչի մասունքը կրող ճաճանչը զարդարվում է ռեհանով (ավանդության համաձայն` երբ խաչափայտը գտնվել է աղբանոցի վերածված Գողգոթայում, այն ամբողջովին պատված է եղել ռեհանով, որը զերծ է պահել խաչափայտը փտումից և աղտոտումից) և ծաղիկներով: Հանդիսավոր թափորը շարականների երգակցությամբ հաղթական սուրբ նշանը դուրս է բերում եկեղեցուց և հանդիսապետ հոգևորականի առաջնորդությամբ կարգ է կատարում` պտտվելով եկեղեցու շուրջը, կանգ առնելով և օրհնելով աշխարհի չորս կողմերը ու օրհնված վարդաջուր ցողելով հավատացյալների վրա:
    Ժողովուրդը Խաչվերացին կատարում է ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով: Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել: Շատ տեղեր Խաչվերացը ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր»,- այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:
    Խաչվերացի հաջորդ օրը` սեպտեմբերի 15-ին, մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին: