«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Անուկապատում ըստ Ուլուանա

Ես ու ատելի ատամնաբույժները
Ատամնաբույժները մանկությանս ամենաակնառու սարսափահարուցիչներից են եղել։ «Ատամնաբույժ» բառն անգամ մեջս սարսուռ էր առաջացնում... Ատամներս էլ փոքր ժամանակ հեչ լավ վիճակում չէին, և դա է՛լ ավելի էր մեծացնում վախս այդ մարդկանց նկատմամբ...

Հիշում եմ իմ առաջին հանդիպումն ատամնաբույժի հետ... Դեռ դպրոց չէի գնում, տատիկիս տանն էի մնում էդ շրջանում, ատամս էլ արդեն երկար ժամանակ ուռած էր ու անտանելի ցավում էր։ Վերջը տատիկս ու պապիկս որոշեցին, որ ինձ հարկավոր է ատամնաբույժի մոտ տանել։ Մինչ այդ հասակակիցներիցս զանազան հավանական ու անհավանական պատմություններ էի լսել ատամ հանելու զարզանդելի գործընթացի մասին, ընդ որում՝ խիստ մանրամասն, ու դրանցից ամենասարսափելիի մասին մտածելով էլ տատիկիս ու պապիկիս հետ ուղևորվեցի այդ ահասարսուռ արկածին ընդառաջ...

Ատամ հանելու չարագուշակ գործիքը ճիշտ և ճիշտ էնպիսին էր, ինչպիսին որ նկարագրել էին ծանոթներս։ Նախապես գիտեի, որ էդ սրածայր զզվելի գործիքը պիտի խրեն ատամիս մեջ ու ցավեցնելով դուրս քաշեն։ Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ։ Ատամից ազատումն ահավոր ցավոտ էր, ու ես, իհարկե, մի լավ լացեցի։ Դրանից հետո ատամնաբույժներն աչքիս գրողը դարձան...

Այդ արարածների հետ հաջորդ հանդիպումս տեղի ունեցավ մեր դպրոցում, կարծեմ 2-3-րդ դասարանում էի, եկան մեր դասարան, ստուգեցին բոլորի ատամները, ու ինձ անողոքաբար տարան իրենց հետ՝ հերթական դաժան գործընթացն իրականացնելու... :cry

Դրանից հետո մեր դպրոցի ատամնաբույժին դպրոցի միջանքներում էլ տեսնելիս, ավելի ճիշտ՝ ի՞նչ միջանցք, նույնիսկ դպրոցից դուրս ցանկացած տեղ պատահաբար հանդիպելիս ակնթարթորեն սիրտս թուլանում էր, սփրթնում էի ու արագ փոխում ճանապարհս, որ հանկարծ դեմ առ դեմ չհանդիպեմ։ Չգիտես ինչու, ինձ թվում էր, որ ինձ որտեղ տեսնի՝ կանգնեցնելու է ու ատամներս ստուգի՝ համապատասխան հետևանքներով։ :D Իրոք, էնքան հստակ ու իրական էր թվում ինձ էդ տեսարանը. փողոցի մեջտեղում կանգնած ատամներս ստուգելիս։ :D

Հետո մի անգամ, կարծեմ 4-րդ դասարանում էի, ատամս էլի ահավոր ցավում էր, ու պետք էր ատամնաբույժի մոտ գնալ։ Ծնողներս ինձ մի կերպ համոզել էին, որ հայրս ինձ տանի ինչ–որ ատամնաբուժարան՝ ատամս հանելու։ Էդպես վախը սրտումս գնացի պապայիս հետ, ինչքան մոտենում էինք, էնքան սրտիս աշխատանքն արագանում էր։ Հասանք, պարզվեց՝ հերթ է։ Էդտեղ ահագին թեթևություն զգացի. «մահապատիժն» անհայտ ժամանակով հետաձգվեց... Բայց դե դա երկար չտևեց, շուտով եկան մի քանի երիտասարդ աղջիկներ, ըստ երևույթին՝ ատամնաբույժի օգնականներն էին, և մեզ կանչեցին։ Ես խուճապի մատնվեցի, կպա պապայիցս ու ոչ մի կերպ չէի ուզում գնալ... Պապաս մի կողմից, էս աղջիկները՝ մյուս կողմից, սկսեցին ինձ շատ մեղմորեն համոզել, որ ոչ մի սարսափելի բան չկա, շատ կարճ է լինելու և այլն։ Աղջիկներից մեկը նույնիսկ ասաց, որ բժիշկն ընդամենը դեղ է քսելու, ատամս չի հանելու, բայց դե ես հո գիտեի, որ իմ ատամի հարցը դեղով լուծվողներից չէր։ Հետս էլ էնպես էին խոսում, կարծես փոքր երեխա լինեի, դրանից էլ ավելի էի ներվայնանում։ Չգիտեմ՝ ինչքան տևեցին էդ աղջիկների ապարդյուն հորդորները, բայց հիշում եմ, որ դրանք կտրուկ կերպով ընդհատվեցին գլխավոր ատամնաբույժի սարսափազդու ներխուժմամբ... Հանկարծ մեզ մոտեցավ կարճահասակ չաղոտ մի կին՝ կարճ կտրած խուճուճ մազերով, ու սկսեց բոբոյավարի գոռգոռալ.

– Չհասկացա՛։ Էս ի՞նչ ա կատարվում ստեղ։ :angry Էսքան ժամանակում ես հիմա քանի հոգու արդեն սպասարկել, ուղարկել էի։ Է՞ս ինչ բան էր։ Հե՛նց հիմա վերջացրե՛ք, շու՛տ։ :sad

Ես վախից տեղումս սսկվեցի։ Քիչ հետո աղջիկները մի կողմ քաշվեցին։ Իսկ բոբո կինը, ձեռքիցս կոպտորեն բռնելով, ինձ քարշ տվեց դեպի համապատասխան սենյակ... Նույն կոպտությամբ ինձ շպրտեց ատամնաբուժական աթոռին, ու ես արդեն չգիտեի՝ ավելի շատ ատամս հանելուց եմ վախենում, թե էդ բոբոյից... Բայց երևի, այնուամենայնիվ, երկրորդի հանդեպ վախն ավելի ուժեղ էր, թե չէ ամենայն հավանականությամբ կփախչեի։ Հիշում եմ՝ վախեցած ձայնով մի կերպ հասցրի արտաբերել.

– Իսկ... չի՞ ցավում... ,– ասացի՝ հուսալով գոնե որևէ մխիթարական բան լսել։

Կինն արհամարհական տոնով շպրտեց.

– Ցավում ա. այ էսքան,– ու կոպտորեն կսմթեց դաստակիս դրսի կողմը։ Պետք է ասեմ, որ ահագին էլ ցավեց։ :( Բայց դե ձայն չհանեցի, հատկապես որ ժամանակ էլ չունեցա. բերանս անմիջապես բացել տվեց ու ինչ–որ բան փչեց մեջը, որից հետո բերանիս խոռոչը տարօրինակ կերպով քարացավ ու մի քիչ բթացավ։ Հետո զարմանալիորեն արագ հանեց երկու փչացած ատամներս, որի ժամանակ ես շատ ուժեղ գոռացի՝ մասամբ ցավից, մասամբ վախից։ Եվ ամեն ինչ վերջացավ։

Հաջորդ ատամնաբուժական արկածը կրկին դպրոցում էր։ Կարծեմ 5–րդ դասարանում էի։ Մաթեմատիկայի դաս էր, ուսուցչուհին որոշ ժամանակով դասարանից դուրս էր եկել, մեկ էլ դուռը բացվեց, և այ քեզ անակնկալ. անիծյալ ատամնաբույժները մեզ հյուր եկան ոչ բարով... :aaa Ես էլ նստում էի պատուհանի կողմի՝ հենց դռան դիմացն ընկած շարքի առաջին նստարանին։ Սովորության համաձայն, իհարկե, սիրտս ընկավ չոքերս... Անելանելիության մի աննկարագրելի զգացողություն համակեց։ Եվ մինչ ատամնաբույժները մոտեցան պատի կողմի շարքի առջևում գտնվող ուսուցչի սեղանին, ինքս էլ չնկատեցի, թե ոնց անկախ ինձնից վերցրի պայուսակս ու պուկ՝ դուրս  թռա դասարանից... Ինքս իմ արածից շոկի մեջ էի... Ախր ես ահավոր անհամարձակ, ամաչկոտ երեխա էի, ո՞նց էդպիսի բան արեցի, ո՞նց համարձակությունս հերիքեց, էլ չեմ ասում ամոթի մասին... Էնքան արագ տեղի ունեցավ էդ ծլկումը, որ նույնիսկ չհասցրի մտածել դրա մասին։ Երեխաներն էլ անմիջապես անակնկալի եկած ու զվարճացած գոռացին. «Անահիտը փախա՜վ :yahoo»։ Իսկ ես արագ իջա առաջին հարկ, ճանապարհին էլ հանդիպեցի մեր դասարանի աղջիկներից մեկի քրոջը, որը իր դասերը վերջացրել էր ու սպասում էr, որ քույրն էլ վերջացնի, միասին գնան տուն։ Դա մեր վերջին դասն էր, բայց ռիսկ չարեցի տուն գնալ։ Դասից փախչելու գաղափարն ինձ էնքան էլ հոգեհարազատ չէր. ես ընդամենը ատամնաբույժից էի փախել։ :8 Ուստի կանգնել էի առաջին հարկի միջանցքում, դասարանցուս քրոջն էլ պարբերաբար ուղարկում էի վերև՝ տեղեկություններ բերելու։ Պարզվեց՝ ուսուցչուհին դեռ չէր եկել, ատամնաբույժներին էլ իմ փախուստը, բարեբախտաբար, շատ չէր հետաքրքրել, համենայնդեպս, ոչ այն աստիճանի, որ զբաղվեին ինձ բերման ենթարկելու գործով, այնպես որ կարծես թե անհանգստանալու բան առանձնապես չունեի։ Հետո, երբ արդեն զանգի ժամը մոտ էր, դասարանցուս քույրն ասաց, որ ուսուցչուհին եկել է դասարան, երեխաներն էլ խաբար էին տվել, որ ես փախել եմ, բայց դե քանի որ դասն արդեն ավարտվում էի, նա էլ, թեև զարմացել ու մի փոքր էլ ջղայնացել է, բայց գլուխ չի դրել։ Ես էլ զանգը տալուց հետո արդեն թեթևացած գնացի տուն՝ մտածելով, որ էս անգամ էլ լավ պրծա...

Ատամնաբույժների նկատմամբ վախս անցավ ինստիտուտն ավարտելուց հետո միայն, երբ առիթ ունեցա երկար տարիների ընդմիջումից հետո արդեն մեծավարի այցելել ատամնաբույժի։ Ճիշտ է, հատուկ հետս փափուկ բան էի վերցրել, որ ցավելու ժամանակ ձեռքումս սեղմեմ, բայց, ի բարեբախտություն ինձ, դրա կարիքն ընդհանրապես չզգացվեց։ Հաճելիորեն զարմացած էի։ Դրանից հետո ատամնաբույժի մոտ գնալը սովորական երևույթ դարձավ։

Երևանը
Մի քիչ էլ Երևանի մասին...

Երևանը միշտ էլ սիրել եմ, թեկուզ ուղղակի որպես իմ հայրենի քաղաք, քաղաք, որում ծնվել ու ապրել եմ մինչև ԱՄՆ մեկնելս։ Բայց էս անգամ Հայաստան գալով՝ Երևանը մի տեսակ ուրիշ տեսանկյունից տեսա ու ավելի սիրեցի՝ արդեն ոչ միայն որպես իմ քաղաք, այլև որպես քաղաք, որը հոգի ունի, դեմք ունի։ Ճիշտ է, շատ քաղաքներում լինելու առիթ չեմ ունեցել, որ կարողանամ համեմատել տարբեր քաղաքների հետ, բայց, օրինակ, ի տարբերություն Նյու Յորքի, որում ապրում եմ արդեն երկու տարի, Երևանն ինձ համար իսկապես հոգի ու դեմք ունեցող քաղաք է՝ իր բոլոր  անկատարություններով հանդերձ։ Սիրում եմ Երևանը։ :)

Հայաստանն ու մարդիկ
Մինչև Հայաստան գալս Հայաստանից ով չէր ալարում, ինձ փորձում էր համոզել, որ Հայաստանում կյանքն էնքան անտանելի է դարձել, որ հենց որ գամ, միանգամից էն աստիճանի կզզվեմ ու կհիասթափվեմ, որ ոչ միայն այլևս վերադառնալու ցանկություն չեմ ունենա, այլև նույնիսկ գալուս համար կփոշմանեմ... Չէի հավատում, որովհետև նախ էդքան հավ չեմ, որ չհիշեմ, թե իմ երկիրն ինչ վիճակում էր, երբ գնացի, ու Հայաստան գալով՝ ես շատ լավ գիտակցում եմ, թե ուր եմ գալիս, վերջիվերջո, վերջին երկու տարին  չհաշված՝ ամբողջ կյանքս էնտեղ եմ ապրել, ու սիրում եմ Հայաստանը՝ ինչպիսին էլ որ լինի։ Ես հո նոր չէի՞ իմանալու, որ իմ երկիրը կաշառակերության, ամենաթողության, տգիտության և որոշ այլ  բացասական երևույթների մեջ թաղված է։ Բայց որ վերջին երկու տարում կայծակնային արագությամբ աներևակայելի դժոխքի վերածված լիներ, էնպես, որ ես դրանից շոկի մեջ ընկնեի ու խուճապահար փախչեի՝ երբևէ հետ չգալու որոշմամբ՝ ճիշտն ասած՝ մի քիչ հեքիաթների ոլորտից էր թվում, ու էդպես էլ դուրս եկավ։

Ճիշտ է, նաև գիտակցում եմ, որ երկրի վիճակի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար մի ամիսը, այն էլ վազվզոցի մեջ անցկացրած, էնքան էլ բավարար չէ, բայց միաժամանակ հաշվի առնելով, որ տուրիստ չեմ, այլ ընդամենը երկու տարի առաջ էդտեղից գնացած տեղացի, մի ամիսը քիչ թե շատ հերիք էր, որ համոզվեի, որ համարյա ոչինչ էլ չի փոխվել. հա, գուցե որոշ բացասական երևույթներ մի քիչ ավելի են բարգավաճել, բայց նաև որոշ մանր–մունր դրական փոփոխություններ են եղել։ Իհարկե, չեմ կարող ճշգրիտ գնահատել լավի ու վատի համամասնությունը, բայց ընդհանուր առմամբ  ես տեսա էն Հայաստանը, որը ճանաչում էի. ոչ մի բանից չզարմացա, ոչ մի բանից չհիասթափվեցի։ Հարազատ մարդկանցով շրջապատված լինելը կամ էն միտքը, որ ուզածդ պահին կարող ես շփվել նրանց հետ, էնքան ջերմություն էր տալիս, որ մնացածն արդեն պակաս կարևոր էր դառնում։ Ու մտածում էի՝ բայց ինչ մեծ երջանկություն է հարազատներին էդքան մոտ գտնվելը, զգալը, որ նրանք հասանելի են, նույնիսկ եթե հետները չես ապրում, գոնե փոքր հեռավորության վրա են, ու պետք եղած ժամանակ կարճ ժամանակում կարող են կողքիդ հայտնվել, երջանկություն, որ ունեցած ժամանակ երբեք չես գիտակցում ու գնահատում։ Ու ընդհանրապես էն գիտակցումը, որ Հայաստանն էնքան փոքրիկ է, որ ուր էլ գնաս, ուր էլ լինես, մեկ է, ամեն ինչ ու բոլորը կողքիդ են, էնքան հավես էր։ :)) Հայաստանում ամեն տեղ կարծես մոտակայք լինի։ :)

Հայաստանյան հանդիպումներ
Մի ամբողջ ամիս Հայաստանում... Երկու տարի, երեք ամիս էնտեղ չլինելուց հետո... Ահագին մեծ բան էր թվում էդ երկու ամիսը, քանի դեռ չէինք գնացել, բայց պարզվեց՝ նույնիսկ մտերիմ մարդկանց հետո կարգին շփվելու համար չբավարարեց։ Բայց էլի գոհ եմ։ Մեկնելուց առաջ մի մեծ ցուցակ էի կազմել այն մարդկանց, որոնց հետ պիտի անպայման հանդիպեմ։ Բայց ցուցակը, հատկապես ամսվա առաջին կեսի ընթացքում, ոչ միայն չէր կրճատվում, այլև ընդլայնվում էր. դե, հանդիպումից հանդիպում էր ծնվում, որը մի կողմից, իհարկե, շատ հաճելի էր, մյուս կողմից էլ յուրաքանչյուր «լևի» հանդիպում լրջորեն վտանգում էր մյուս հանդիպումների իրականացումը։ :))

Երբ գիտակցեցի, որ մի տասն օր է մնացել մեկնելուն, խուճապի մեջ ընկա. զգացի, որ չեմ հասցնում նախատեսածս բոլոր մարդկանց հետ հանդիպել կամ ուզածիս չափ շփվել։ Բայց ճարը գտա. գրաֆիկն ավելի խտացրի. նախկին օրական երեք հանդիպման փոխարեն արդեն փորձում էի օրական երեքը կազմակերպել։ Հիմնականում հաջողվում էր։ :)) Ճիշտ է, օրվա վերջին ուժասպառ էի լինում ու հատկապես էդ պահերին սկսում էի կարոտել Նյու Յորքի մեր չափից դուրս խախանդ առօրյան :D, բայց դե հանդիպումներն ամեն դեպքում հաճելի էին։ Ահագին մտերիմ ու հարազատ մարդկանց հետ հանդիպեցի, լիքը ակումբցիների հետ ռեալում ծանոթացա, որոշ մտերիմ, բայց մինչ այդ միայն վիրտուալ ընկերների հետ հարաբերություններն ամրապնդվեցին ռեալով։

Մի խոսքով՝ այցն ընդհանուր առմամբ կարելի է բավական հաջողված համարել։ Ճիշտ է, շատերի հետ չհասցրի շփվել այնքան որքան ուզում էի(ն(ք)), նախատեսածս մարդկանցից մի երկուսի հետ ընդհանրապես չհասցրի հանդիպել, բայց դե հո չէր կարող ամեն ինչ իդեալական լինել։ Համենայնդեպս, ԱՄՆ–ում ապրածս ավելի քան երկու տարվա ընթացքում էնքան հանդիպումներ չէի ունեցել, որքան էս մի ամսվա ընթացքում Հայաստանում ունեցա։ Բայց  ամենավատն էն էր, որ մամաս, ինչպես ինքն է ասում, մեր գալուց բան չհասկացավ, քանի որ անընդհատ հանդիպումների էինք գնում, ու տանը համարյա չէինք լինում... :( Ճիշտն ասած՝ ես ինքս էլ շատ էի ուզում էնպես լիներ, որ մեր այցը ոչ թե որպես արտակարգ իրավիճակ անցկացնեինք, այլ գոնե մի քիչ էլ ապրեինք առօրեական, հանգիստ կյանքով, էնպես, կարծես հենց էդտեղ ենք ապրում, ուղղակի ապրեինք, էլի, ոչ թե առավոտից իրիկուն վզվզալով մի հանդիպումից մյուսին վազեինք՝ անընդհատ գցել–բռնելով, թե ոնց անենք, ում հետ ոնց, երբ, ումից հետո խցկենք հանդիպումը,  որ մնացած ժամանակի մեջ տեղավորվենք։ Բայց, մեկ է, լավ էր։ :love

Շնորհավոր Նոր տարի, մի քիչ էլ հայացք դեպի անցյալ...
Էս Նոր տարվա օրերին հիշեցի մեր հին ու չքավոր օրերը... Հիշեցի, թե ինչ գնով էինք ամեն անգամ տոներին իրար համար նվերներ գնում։ Աշակերտ ժամանակ ես, քույրս ու եղբայրս հացի գնալու շնորհիվ ամիսներով կուտակած տասը դրամանոցների կուտակումից առաջացած խղճուկ գումարն ի մի էինք բերում, որ մամայի համար նվեր առնեինք։ Սկզբում դեռ ոչ իրար համար, ոչ էլ պապայի համար նվեր չէինք գնում. միայն մամայի համար։ Հետո սկսեցինք իրար էլ անակնկալ նվերներ անել. երևի արդեն ինչ–որ չափով մեզ սկսել էինք մեծ զգալ (որոշ դեպքերում կարելի է հստակ հիշել, թե երբվանից էսինչ առումով մեծ դարձար)։ Ուսանող ժամանակ ամենօրյա երկու հարյուր դրամիցս աշխատում էի օրական միայն հարյուրը ծախսել՝ հիսունը դասի գնալու, հիսունը՝ վերադառնալու համար։ Երթուղային նստում էի միայն ուշանալու դեպքում, իսկ էն ժամանակ դեռ հայտնի ուշացող չէի :)), քիչ էր պատահում, մնացած ժամանակ ավտոբուսով էի երթևեկում։ Երբեմն էլ մի բան էի ուտում կամ քսերոքսի վրա ծախսում որոշ գումար, բայցևայնպես, ամիսների ընթացքում հաջողացնում էի բավականաչափ գումար կուտակել, որպեսզի քրոջս ու եղբորս հետ համատեղ ուժերով կարողանայինք բոլորս բոլորիս համար նվերներ գնել։ Մի հատ մեծ պարկ ունեինք, իսկը Ձմեռ պապիկի պարկ, Նոր տարվա շեմին մեջը հերթով դնում էինք բոլորիս նվերները՝ միաժամանակ հոգալով էն մասին, որ ոչ ոք չտեսն իր համար նախատեսված նվերը, ու հենց տասներկուսը խփում էր, սեղանի մոտ շնորհավորանքներ ասելուց հետո անհամբերությամբ նետվում էինք ննջասենյակ, նվերներով լի պարկը հանդիսավոր բերում էինք, դնում հյուրասենյակում, հերթով հանում նվերները, ոգևորությամբ հանձնում տերերին։ Ի՜նչ հավես էր, ի՜նչ ուրախություն, ի՜նչ հուզմունք... Անցյալով եմ ասում,  բայց մինչև հիմա էլ էդ ավանդույթը պահպանվել է, ուղղակի հիմա նվերներն անհամեմատ ավելի հեշտությամբ են գնվում, անհամեմատ ավելի թանկ ու լավն են լինում, բայց արի ու տես, որ հիմիկվա նվերներից կարծես բոլորս ուրախանում ենք նույնքան, որքան էն ժամանակվա համեստ ու գուցե «ստից» նվերներից...

Հեռուստատեսության մասին
Ավելի քան երկու տարի Հայաստանի հեռուստատեսությունից հեռու լինելուց հետո վերջերս հանգամանքների բերումով բավականաչափ դիտել եմ հեռուստացույց ու մի հետաքրքիր բան եմ նկատել, որ նախկինում կարծես չկար. բավական նոստալգիկ է դարձել մեր հեռուստատեսությունը. անընդհատ հին ծրագրեր, հին համերգներ, հին իրադարձություններ... Ճիշտն ասած՝ գլոբալ առումով դեռ դժվարանում եմ գնահատել էս երևույթը, այսինքն՝ սպառվածության հետևա՞նք է, թե՞ պարզապես հինը վերապրելու, վայելելու ու գուցե վերագնահատելու փորձ։ Համենայնդեպս, զգում եմ, որ հինը նայելը հաճելի է։ Գուցե ես էլ եմ նոստալգիկոտ, դրանի՞ց է։ Թե՞ ուղղակի հինն իսկապես ավելի լավն էր...

«Էլի» բառը
Իմ ուսանողական տարիներին մի անգամ կուրսեցիներով հավաքվել էինք, մեզ հետ եկել էր նաև մեր բուհում դասավանդող ամերիկացի դասախոսներից մեկը, որը կարծեմ մի քիչ հայերեն գիտեր, որոշ բաներ հասկանում էր, ու որ հայերենից խոսք եղավ, մի հարց տվեց, որին պատասխանելը, պարզվեց, բավական բարդ էր։ Ասեց. «Ձեր «էլի» բառն ի՞նչ է նշանակում։ Ինչքան փորձում եմ հասկանալ, ոչ մի կերպ չի հաջողվում»։ Փորձեցինք բացատրել, միաժամանակ ինքներս էլ էինք փորձում ի մի բերել «էլի»–ի բոլոր հնարավոր իմաստները, ու զգացինք, որ էնքան էլ հեշտ չի։ Դե, սկզբում ասեցինք «ավելի շատ» իմաստը, բայց դա ամենահեշտն ու ամենահասկանալին էր, մեր ամերիկացին բոլորովին էլ դա նկատի չուներ. «Էն որ մի բան եք ասում, ու վերջում ասում եք՝ էլի»։ Հը՜մ... Դե արի ու էս մարդուն բացատրի էդ տեսակ «էլի»–ի իմաստը։ Օրինակներ. «մի բան արա, էլի», «գիտեմ, ուղղակի դժվարանում եմ բացատրել, էլի», «մի մտածի, լավ կլինի, էլի» «չէ՛, էլի, չգնամ», «... ընդ որում, ինքը գիտեր, էլի, որ ես գալու եմ, նենց չէր, որ անակնկալի եկավ», և, վերջապես, «լավ, էլի», «դե, զզվացրի՛ք, է՛լի»։ :D «Էլի»–ի բազմաթիվ իմաստային նրբերանգներ, որոնցից օրինակ չեմ բերել, հնարավոր է բացահայտել միմիայն համատեքստում, ու շատ դեպքերում նույնիսկ ամբողջ նախադասությունը բավական չէ՝ հենց տվյալ նրբերանքը ցույց տալու համար։ Դե արի ու ամերիկացուն բացատրի էդ բոլորը։

Ի դեպ, հաշվի առնելով մեր ազգային մտածելակերպի ու հոգեբանության անբաժանելի մաս հանդիսացող այնպիսի երևույթներ, ինչպիսիք են մուննաթը, լոպպազությունը և ընդհանրապես էմոցիոնալությունը` թե՛ դրական և թե՛ բացասական իմաստներով, դրականի դեպքում, մասնավորապես, ժողովրդական լեզվով ասած՝ ջիգյարը, կարելի է նկատել, որ «էլի»–ն որոշ դեպքերում վերոնշյալ երևույթների դիպուկ արտահայտչամիջոցներից է՝ էնքան խորն արմատավորված ու ու միաձուլված մեր էությանը, որ շատ դեպքերում ուղղակի չենք կարող զգալ։

Մի խոսքով՝ բացառիկ կոլորիտային բառ ա, էլի։ :))

«Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս...»
Բարբարոսը չգիտեմ, բայց ճկունության առումով Չարենցի էս խոսքերը խիստ դիպուկ են բնութագրում մեր լեզուն։ Ո՞վ չգիտի, որ ճկունությունն ընդհանրապես դրական հատկանիշ է, դե, մեր հայերենն էլ, ինչպես գիտեք, ճկունություն ունի՝ աշխարհը չունի։ Առաջին հայացքից ուղղակի հրաշալի հատկանիշ է. ճկուն է, ուրեմն արտահայտչաձևերն էլ համապատասխանաբար ավելի շատ են, նրբերանգներով հարուստ։ Նույն միտքը բազում ձևերով կարելի է արտահայտել՝ ամենատարբեր նրբերանգներ հաղորդելով ասածիդ։ Մի խոսքով՝ թվում է, թե ոնց ուզես՝ կարող ես ճկել։ Բայց արի ու տես, որ մեր լեզվի էս բացառիկ հատկանիշը մենք՝ լեզվակիրներս, հաճախ էնքան ենք չարաշահում, որ որոշ գերճկումների հետևանքով մեր լեզուն բառացիորեն ձևախախտվում է՝ նմանվելով բոլոր կողմերից լոճած (դե, անհաջող կերպով ճկած, էլի) ռետինե զանգվածի... Ուրիշ լեզուներում, ելնելով դրանց կառուցվածքային առանձնահատկություններից, էդպիսի ճկումներ սկզբունքորեն հնարավոր չեն. կարծր զանգված են, մի թեթև էլ որ քաշես, կկոտրվեն կամ կպատռվեն։ Իսկ մերն ինչքան ուզում ես՝ քաշի, չի պատռվի, փոխարենը կլոճվի, դրա համար էլ մենք, էսքան հարուստ, սիրուն ու ճկուն լեզու ունենալով հանդերձ, գրագետ չենք խոսում, ու մեր գրականի ու խոսակցականի միջև անդունդը սարսափելիորեն խորն է։ Համենայնդեպս, իմ իմացած ոչ մի լեզվում դրանց միջև անդունդն էդքան խորը չէ, որքան հայերենում։ Ինչու՞, որովհետև հայերենն էնքան ճկուն է, որ ճկելիս չենք զգում, թե երբ ենք անցնում թույլատրելիի սահմանը...

Այսինքն՝ բարբարոսն էլ գուցե մենք ենք, ոչ թե մեր լեզուն...

Կահույքափոխանակություն
Էստեղ՝ ԱՄՆ–ում, մի հետաքրքիր ու բավական օգտակար սովորույթ կա. ուսանողների շրջանում խիստ տարածված ու սովորական երևույթ է օգտագործած կահույքն իրար վաճառելը։ Դե, բնական է, ուսանողներն անընդհատ տեղափոխվում են մի տեղից մյուսը, շատերն ընդհանրապես հեռանում են հայրենիք, իրենց կահույքն էլ էժան գնով վաճառում այլ ուսանողների, որոնք նոր են տեղափոխվել ու հաստատվել տվյալ տարածքում կամ պարզապես կահույքի կարիք ունեն։ Վաճառքն առավելագույնս հարմարավետ ու արդյունավետ կազմակերպելու լայն հնարավորություններ էլ ունեն. կարող են էլ. փոստով հայտարարություն տալ, որն ստանում են որոշակի տարածքի սահմաններում կամ պարզապես տվյալ համալսարանում սովորող բոլոր ուսանողները։ Հաճախ պատահում է նաև, որ ուսանողը տեղափոխվելիս օգտագործած կահույքը վաճառելու ժամանակ չի ունենում կամ գուցե համարում է, որ վաճառելու համար այն այլևս բավականաչափ ներկայանալի վիճակում չէ, դրա համար էլ կահույքը դնում է դրսում՝ աղբամաններից ոչ հեռու մի տեղ, որպեսզի ցանկացողները տեսնեն, վերցնեն։ Ու, պատկերացրեք, լավ էլ վերցնում են։

Երբ ամուսինս դեռ ուսանող էր, մենք էլ Նյու Ջերսիում մի համալսարանական քաղաքում էինք ապրում, բնականաբար, մենք էլ առնչվեցինք էդ երևույթին։ Երբ տեղափոխվեցինք ամուսնացածների հանրակացարան, ստիպված էինք ամբողջ տունը զրոյից կահավորել՝ սրանից–նրանից գնելով օգտագործված կահույք, մի մասն էլ լրացնելով դեսից–դենից գտածով։ Ի դեպ, գտածոները հաճախ այնքան լավ վիճակում էին լինում, որ նույնիսկ զարմանում էինք, թե ինչպես կարելի էր նման կահույքը դեն նետել։ Մի անգամ տեսանք, որ մեր հնդիկ հարևանը, որը նաև ամուսնուս ընկերն էր, կնոջ հետ տնից դուրս էր հանում իրենց մետաղյա մահճակալը, մեզ էլ էդ պահին հենց մահճակալ էր պետք, վերցրինք ու բերեցինք տուն։ Հաճախ մտածում էի՝ տեսնես քանի՞ հոգու ձեռքի տակով են անցել էս բոլոր իրերը, մենք որերո՞րդն ենք, ու դեռ քանի՜ հոգու ձեռքն են ընկնելու մեզնից հետո... Երբեմն կահույքը զարմանալի ճամփորդություններ է կատարում...

Երբ արդեն պիտի տեղափոխվեինք Նյու Յորք, որոշեցինք մեր ունեցած կահույքի մի մասը վաճառել, հատկապես որ իրեր կային, որոնք տեղափոխման համար հեչ հարմար չէին. կամ չափից դուրս ծանր էին, ու նախընտրում էինք դրանց փոխարեն ավելի թեթևը գնել, կամ էլ էնքան հնամաշ էին, որ հերթական տեղափոխման «չարչարանքին» պարզապես չէին դիմանա։ Մյուս կողմից էլ, քանի որ ավելի ընդարձակ բնակարան էինք տեղափոխվում, ավելի շատ առնելիք ունեինք, քան վաճառելիք։ Հարևանից մեզ հասած մահճակալը, որ առանձնապես վաճառելու բան չէր, ուղղակի դրեցինք դրսում, որից հինգ րոպե հետո իմացանք, որ արդեն տարել են։ Մի հատ էլ բազմոց ունեինք, որ համ կարգին ծանր էր, համ էլ առանձնապես աչքներիս լույսը չէր, որոշեցինք վաճառել, տեղը մի ուրիշը գնել՝ էլի նույն սկզբունքով։ Պարզվեց՝ մեր դիմացի հարևանն էլ, որին իսկի չէինք էլ ճանաչում, տեղափոխվելիս իր բազմոցը որոշել էր թողնել միջանցքում։ Մեզ էլ հենց դա էր պետք։ Միանգամից կրկնակի տեղափոխման խնդրից էլ ազատվեցինք։ Մի պահ էնպիսի վիճակ էր, որ արդեն գնել էինք այն ամենը, ինչ մեզ պետք էր նոր տուն տեղափոխվելու համար, բայց դեռ գրեթե ոչինչ չէինք վաճառել։ Տանն ուղղակի շարժվելու տեղ չկար արդեն։

Էդ օրերին մեկ էլ հնդիկ հարևանուհիս, կարդալով մեր հայտարարությունը, գալիս է մեր տուն՝ բազմոցն առնելու։ Մտնում է, աչքն ընկնում է պատի տակ մի կերպ տեղավորված բազմոցին, որը մի երկու շաբաթ առաջ հարևանից էինք ստացել, ու ի՞նչ ասի, որ լավ լինի.

– Վայ, էս մեր բազմոցն է եղել։ :))

– Ո՞նց,– իմ հերթին զարմանում եմ ես։ :o

– Հա, մի տարի առաջ դրել էինք դրսում, որ ում պետք է՝ վերցնի, ձեր էս դիմացի հարևանն էլ եկավ, տարավ։ :))

Մի խոսքով՝ իրենց մեր հին բազմոցը բաժին հասավ, մեզ էլ իրենց հնագույնը։ :D Կարևորը՝ երկուսս էլ գոհ էինք։ :))

Էսպես էլ ապրում ենք...
Մամաս գնաց երեկ։ :(

Քանի էստեղ էր, ու մոտ մեկուկես ամիս միասին ապրում էինք մեր տանը, ամեն ինչ էնքան բնական ու սովորական էր, էնքան հարազատ ու ճիշտ, որ կարծես էդպես էլ պետք է լիներ, կարծես միշտ էլ էդպես էր եղել, երբեք էլ չէինք բաժանվել ու չէինք էլ բաժանվելու։ Ներքուստ բնավ չունեի էն գիտակցումը, որ սա ընդամենը մեկուկես ամիս է տևելու, ու պետք է առավելագույնս որսալ էդ մեկուկես ամիսը, գիտակցել ու գնահատել դրա թանկությունը, որից հետո նորից գնալու է Հայաստան, իսկ ես մնալու եմ էստեղ, որտեղ միակ հարազատս ամուսինս է։ Նույնը քրոջս եկած ժամանակ էր...

Իսկ ճանապարհելուց հետո մնում է էն ծանր զգացումը, որ էս ամբողջ ընթացքում կարող էի շատ ավելի լավը լինել։ :(

Ու դատարկություն... Դատարկություն, որն ուրիշ ոչ մի բանով չի լցվում, ուղղակի որոշ ժամանակ անց գլխին կափարիչ ես դնում, որ չտեսնես, ու շարունակում ապրել՝ փորձելով չհիշել կափարիչի տակ նենգորեն վխտացող դատարկության մասին...

Յուրօրինակ անակնկալ
Ամուսինս մի քանի օրով Միչիգան էր գնացել՝ կոնֆերանսի։ Դե, բնականաբար, տարբեր երկրներից մարդիկ են եղել։ Վերջին օրը, երբ կոնֆերանսից հետո գիտնականներով հավաքվել, բանկետ են արել, մեկ էլ հանկարծ ամերիկացի գիտնականներից մեկը մոտեցել է խոսափողին ու հայտարարել, որ անակնկալ ունի։ Ասել է, որ մտադիր է բոլոր այդ պահին ներկա եղած գիտնականների երկրների հիմները երգել։ Պարզվում է՝ մարդը ժամանակին ծանրամարտի չեմպիոն է եղել, տարբեր երկրներում լսել է նրանց հիմները, հետաքրքրվել ու հատուկ սովորել թե՛ բառերը, թե՛ երաժշտությունը։ Էդպիսի հոբբի ունի։ Ամուսինս էլ մտածել է՝ դե, Հայաստանինը դժվար թե իմանա, բայց քիչ հետո հաճելիորեն զարմացել է, երբ առաջինը հենց Հայաստանի հիմնն է երգել ու, ինչպես ամուսինս է պատմում, գրեթե առանց օտար առոգանության։ Էդպես հերթով երգել է մոտ քսան երկրների հիմները։ Համենայնդեպս, ինքն ասել է, որ համարյա բոլոր երկրներինը գիտի՝ չհաշված որոշ մանր–մունր անհայտ երկրներ։  Մենք էլ ահագին ուրախացանք, որ Հայաստանը, փաստորեն, դրանց մեջ չի մտնում։ :))

Էս էլ իմ մանկության ստեղծագործություններից
Chuk–ը որ իր բլոգում մանկության ստեղծագործությունները դրեց, ես էլ իմ մանկության դատարկացնդաբանական բանաստեղծություններից մեկը հիշեցի։ Ցավոք, արխիվներս չեն պահպանվել, բայց դրանցից մեկը, որ մեր տանն ամենապոպուլյարն էր, անգիր հիշում եմ։ Կարծեմ մի տասը տարեկանում եմ գրել, բայց էն ժամանակ էլ զուտ զվարճանքի համար էի գրել։ Հանդիսավոր կարդում էի, ընտանիքով ծիծաղում էինք. :))

Փոքրիկ, ճիվաղ մի ծիտիկ

Բակում գտավ պարսատիկ,

Պարսատիկը նա վերցրեց

Ու մոր աչքին կրակեց։

Մայրը աչիկը բռնած,

Սարսափած ու վախեցած՝

Արագ–արագ իջավ բակ,

Ծտին տվեց մի ապտակ։ :}

Հ. Գ. Բանաստեղծությունը գրելիս «ճիվաղ» բառի իմաստը սխալ եմ իմացել. չգիտես ինչու, կարծում էի, թե ճիվաղ նշանակում է շատ նիհար, վտիտ։ :oy

Ջրի բերած, ջրի տարած...
Ավելի քան քսան տարի առաջ ծնողներս մեր շքամուտքի միջանցքում մի թեթև բաճկոն էին գտել, որից հետո հայտարարություն էին գրել գտնված անհայտ բաճկոնի մասին, փակցրել պատին, որ եթե տերը գտնվի, դիմի, վերադարձնեն։ Բայց էդպես էլ ոչ ոք չէր դիմել, ու գտածոն մնացել էր իրենց։

Բաճկոնը մի քանի տարի հայրս հագավ, հետո որոշ ժամանակ տանը մի տեղ լքված մնացել էր, ես էլ մի գեղեցիկ օր հայտնաբերեցի ու սկսեցի հաճույքով հագնել։ Մինչև հիմա էլ չգիտեմ՝ իրականում կանացի է, թե տղամարդու, կարծես երկուսն էլ։ Դպրոցի բարձր դասարաններում սկսեցի հագնել, մինչև էսօր էլ դեռ հագնում էի՝ ավելի քան 15 տարի :oy։ Էսօր մամայիս հետ խանութներում շրջելու ընթացքում մի քանի նոր գնած հագուստով տոպրակը, որի մեջ նաև բաճկոնս էի դրել, մոռացա խանութներից մեկում (իրականում հստակ հայտնի չէ, թե որ մեզնից որ մեկը դա արեց, բայց հաշվի առնելով իմ անջատվածությունը՝ ենթադրվում է, որ կորցնողը ես եմ եղել), ու էդպես կորավ իմ բազմաչարչար բաճկոնը...:(  Նոր գնած շորերը մեծ բան չէին՝ մոտ տասը դոլլարի պատմություն։ Բայց բաճկոնս... ախր շատ էի սիրում... :( Դրանից երբեք ուրիշ որևէ մեկի հագին չեմ տեսել (նույնիսկ մտածում եմ՝ կարո՞ղ է ընդհանրապես ուրիշ մոլորակից էր ընկել մեր շենք :D)։

Ինչպես ասում են՝ ջրի բերած, ջրի տարած...

Մայրս ասում է. «Դե, մենք գտանք, դու էսքան տարի հագար, հերիք էր, էլի, հիմա էլ թող մի ուրիշը գտնի ու հագնի ;)»։ :D Էհ, ինչ ասեմ, թող հաջորդ գտնողը բարով մաշի :) (ես կարծես թե կարգին չհասցրի...)։

Բլո՞գ, թե՞ թարախակույտ
Ակումբի բլոգի բացման համար մի քանի ամիս նստել էի Չուկի ականջին, հա հիշեցնում, բզում էի, որ շուտ բացեր։ Կարծում էի՝ լավ բան եմ անում։ Էն էլ բանից պարզվեց, որ բլոգ կոչվածն Ակումբում վերածվելու է իրար գզելու հերթական բեմահարթակի, դառնալու է մի վայր, որտեղ գրեթե բոլորն ազատորեն դուրս են թափելու իրենց մեջ կուտակված մաղձը։ Քողարկված կամ բացահայտ ատելությամբ, հեգնանքով լի գրառումները կարծես գնալով շատանում են ու միաժամանակ արագ տեմպերով ախտահարում մյուսներին... Մեկնաբանությունների մասին էլ չեմ խոսում։

Մյուս կողմից էլ մտածում եմ՝ գուցե լավն էլ սա էր, թե չէ միայն Ակումբի գրառումներով, փաստորեն, դժվար էր լիարժեք պատկերացում կազմել այն  մասին, թե ում մեջ ինչքան մաղձ ու ատելություն կա դիմացինի նկատմամբ։ Իսկ ես սիրում եմ մարդկանց խորությամբ ուսումնասիրել։

Հասկանում եմ, երբ մարդու սիրտն անտանելի խառնում է, փսխումն անխուսափելի է, բայց դրա համար զուգարան կա, չէ՞, ի՞նչ պարտադիր է հյուրասենյակում բոլորի ներկայությամբ փսխել հատակին, որ մյուսների սիրտն էլ սկսի խառնել գարշահոտից...

Թե՞ մենակ իմ սիրտն է խառնում էդ հոտից...

Չէ, չսիրեցի Ակումբի բլոգը... :( Ես էսպիսին չէի պատկերացրել...

Մի քիչ էն ծեծված ու ծեծող կարոտի մասին...
Ինչ միամիտն էի մինչև ԱՄՆ գալս, երբ կարծում էի, թե գիտեմ՝ ինչ է իսկական կարոտը։ Հա, Հայաստանում էլ էի երբեմն կարոտում։ Փոքր ժամանակ, երբ մայրս մեզ տանում էր տատիկի տուն ու մի քանի օրով կամ մեկ–երկու շաբաթով թողնում էնտեղ, ահավոր կարոտում էի։ Օրերն էինք հաշվում, թե երբ պիտի գա, մեզ տանի։ Ոչ թե տատիկի տանն էր վատ, այլ առանց մամայի էր վատ, ու էդ պարագայում մնացածն արդեն կարևոր չէր։

Հիշում եմ՝ մի անգամ զգացի, որ ահավոր կարոտեմ եմ եղբորս՝ նույն հարկի տակ ապրելու ու ամեն օր տեսնելու դեպքում։ Պարզվում է՝ էդպես էլ է պատահում... Կարելի է մարդու հետ ամեն օր տեսնվել,

հետը շփվել ու միաժամանակ ուժեղ կարոտել։ Պարզապես էդ շրջանում, չգիտեմ՝ ոնց էր ստացվել, մի տեսակ հեռացել էինք իրարից, ու մի օր հանկարծ պարզեցինք, որ երկուսս էլ ահավոր կարոտել ենք իրար։ Ու դա էնքան իրական էր, որ «կարոտել էի քեզ» բառերը ոչ մեկիս համար էլ տարօրինակ չհնչեցին, թեև կողքից կարող էր ծիծաղելի թվալ։

Այնուամենայնիվ, հիմա որ հիշում եմ Հայաստանում ապրածս կարոտները, դրանք բոլորը մանուկ կարոտիկներ են թվում էն մեծ ու հասուն կարոտի կողքին, որը հիմա՝ ԱՄՆ–ում ապրելիս եմ զգում...

Ճիշտ է, չեմ կարող ասել, թե ամբողջ օրը կարոտակեզ ման եմ գալիս։ Չէ, միայն պարբերաբար է կարոտն այցելում, թեև ոչ հազվադեպ։ Բայց այցելելիս՝ լավ բեռով–բարձով, տեղը–տեղին... Պատահում է՝ հանգիստ նստած եմ ինձ համար, կարծես կարոտի նշաններ չկան, միտքս էլ լրիվ ուրիշ բաներով է զբաղված, բայց մեկ էլ պահի տակ ինչ–որ մանրուքից, արտաքուստ անէական մի բանից ակնթարթորեն հո չի խոցում... Էնքան խորն ու ցավոտ, որ թվում է՝ եթե հենց հիմա մերոնց չտեսնեմ, չգրկեմ, ուղղակի կմեռնեմ... Ու լացում եմ՝ անհույս, անզուսպ... Էդ պահերին, որպես կանոն, դուրս են ժայթքում մեջս կուտակված բառերը, որոնց դեմ ամբողջ ընթացքում պայքարում եմ ներքուստ. «Զզվու՜մ եմ էս քամբախ Ամերիկայի՜ց... Տու՜ն եմ ուզու՜մ... (մեկը լիներ, ասեր՝ Ամերիկա՞ն է քամբախ, թե՞ քո երկիրը)»։ Երբեմն ահագին ժամանակ է պահանջվում, որ ամուսինս ինձ էդ վիճակից հանի։ Հետո ամեն ինչ անցնում է։ Կյանքը շարունակվում է։ Երբեմն նույնիսկ թվում է (կամ գուցե էդպես էլ կա), թե կյանքը հրաշալի է, թեկուզ Ամերիկայում։ Ու էդպես մինչև կարոտի հաջորդ նոպան...

Կարոտը երբեմն շատ նենգաբար է հարձակվում. շեշտակի հարված թիկունքից... Պատահում է՝ տանը նստած եմ և պահի տակ փորձում եմ նստածս տեղից պատկերացնել պատուհանից այն կողմ գտնվող մոտակա տեղանքի դասավորությունը, և պատկերն ակամա սկսում է գծագրվել մեր Երևանի տան շրջակայքի տեսքով... Մի տեսակ հանգստության ու ջերմության ծանոթ զգացողություն սկսում է ներսս սողոսկել՝ հաճելիորեն լցնելով ինչ–որ դատարկ մնացած տեղեր... Ու մեկ էլ կտրուկ կերպով դաժանորեն շպրտվում եմ դեպի իրականություն... Ու պատկերն ակնթարթորեն փոխվում է... Էդ շրխկալն էնքան ցավոտ է լինում, որ «գետնին պառկած» ցավից գալարվում եմ, հետո դրան անմիջապես հաջորդում է էն սրտակեղեք գիտակցումը, որ էն տեղանքը, որ քիչ առաջ պատկերացնում էի, ու ինձ թվում էր՝ կողքիս է, իրականում անհույս, անհնար կերպով հեռու է ինձնից... Ու կարոտը մի հատ էլ պառկածս վիճակում քացով խփում է փորիս...

Համանման ձևով երբեմն մեքենայով կամ ավտոբուսով ինչ–որ փողոցով անցնելիս ինքս էլ չեմ նկատում, թե ոնց փողոցի որոշակի մասեր աչքիս դառնում են Երևանի ինչ–որ ծանոթ փողոցի մի հատված... Ու մի պահ իրոք սկսում եմ հավատալ, որ, ասենք, Բաղրամյանով ենք անցնում, կամ Կիևյանի կամրջով... Էլի էն ծանոթ ջերմությունը սկսում է աննկատ տարածվել ներսումս... Ու մեկ էլ նորից՝ շրը՜խկ... Վերադարձ դեպի դաժան իրականություն. առռըհա քեզ Կիևյան, Բաղրամյան։ Ու էլի ջարդուփշուր...

Պարբերաբար լինում են նաև նմանատիպ սյուժեներով երազներ։ Չէ, իրադարձություններով ավելի հարուստ, ավելի գունեղ ու հանգամանալից։ Էսօր էդպիսի մի երազից արթնանալով՝ սկսեցի լացել...

Ու մի՛ ասեք, թե այս ամենը կանցնի, կսովորեմ, կընտելանամ և այլն, ինչպես բոլորն են անում։ Ես սրան ընտելանալու ոչ մի ցանկություն չունեմ։ Տուն եմ ուզում։