Նայել RSS հոսքը

Monk

«Հռոմի երգիչները» միայն զվարճացնու՞մ են, թե՞ նաև դաստիարակում

Գնահատական. 2 ձայն, 5.00 ընդհանուր:
Տանը եղածս ժամանակ ռադիոս հիմնականում միացրած է լինում: Հանրայինի ալիքի վրա է միշտ, քանի որ մեջներից էլի մի քիչ խելքը գլխին ալիքն է: Այսօր ողջ օրվա ընթացքում լուրերի շարքում հաղորդում էին նաև Գագիկ Գինոսյանի և Անդրանիկ սարկավագ Մանուկյանի՝ լրագրողներին տված ասուլիսի մասին: Մարդիկ լուրջ մտահոգություններ էին հայտնում հայ ազգային երգ-երաժշտության և պարերի տխուր վիճակի, մեր հասարակության անճաշակության և օտարամոլության, վայ արվեստագետների թեթև ձեռքով իրականացվող և ԶԼՄ-ների կողմից լայն տարածում ստացող սեփական մշակութային ցեղասպանության և այլնի մասին: Դուրս հատկապես շատ եկան Լուկիանոսի՝ Գինոսյանի կողմից մեջբերված խոսքերը. «Հռոմը գնում է կործանման, քանի որ նրա երգիչները դադարել են դաստիարակելուց և միայն զվարճացնում են»: Բավականին դիպուկ կերպով Գինոսյանը օրինակ բերեց մեր այսօրվա վիճակը: Ինչ որ է, ասուլիսը չպատմեմ, այլ նշեմ, թե հատկապես ինչից ջղայնացա: Հանրային ռադիոն, որի հաղորդավարները օրվա ընթացքում լրատվական ծրագրով ոգևորված հաղորդում էի վերոնշյալ ասուլիսի մասին, նույնիսկ երիտասարդական մի հաղորդում անդրադարձավ առկա մտահոգություններին, քիչ առաջ համերգ էր դրել. թուրքապարսկաարաբական անճաշակությամբ ուղղակի փայլատակող հայալեզու և ռուսալեզու երգանման ինչ որ բաներ, մեր էստրադայի երգչիստների կերկերուն ձայնով լալահառաչ վայնասուններ, խրոնիկ սիրահարվածության և մերժված սիրո երազախաբության տվայտանքներ… Դե արի ու մի ասա, այ Հանրային ռադիոյի ղեկավարություն, որ այդքան մտահոգված եք խնդրո առարկայով, ձեր ծրագրերը կազմելիս ինչո՞վ եք մտածում: Կրկնում եմ, սա դեռ մեջների նորմալ ռադիոալիքն է այդ առումով: Էլի բավականին լուրջ և կրթադաստիարակչական ծրագրեր ու հաղորդումներ ունեն, նորմալ և կարգին համերգներ դնում են: Իսկ այ եթե նայենք Արցախում եթեր հեռարձակվող ռադիոալիքների արածին, ուղղակի զարհուրել կարելի է: Անվիճելի առաջատարը «Փեյս» ալիքն է: Տներում, աշխատանքի ու հասարակական վայրերում, մեքենաներում և այլուր այս ալիքը շատ են լսում: Երևի եթե մրցույթ լինի թուրքերի, արաբների, հնդիկների, պարսիկների և այլոց «երգարվեստի» թափոնները մեզ մոտ գովազդելու, տարածելու և դրանցով զոմբիացնելու մեր ժողովրդին, նշյալ ազգերն իրենց հսկայական ռեսուրսներով հանդերձ չեն կարողանա անգամ ոտք գցել այս ալիքի հետ: Կիսագրագետ ու անգրագետ դիջեյները ֆանտաստիկ հնարքով չգիտես որտեղից որտեղ պեղում են անճաշակության ու աղբի (որին անգամ երգ անվանել չի կարելի) գլուխգործոցները և դրանցով բառի բուն իմաստով ձևավորում ու սնում են մարդկանց երաժշտական ճաշակը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը: Ողբալի վիճակ է: Ոչ, պարոն Գինոսյան, մերոնք չեն զվարճացնում պարզապես, նախ դաստիարակում են, հետո զվարճացնում: Միայն թե այդ «դաստիարակելը» հակառակ ուղղությամբ է, բառի բուն իմաստով՝ դեբիլացման ուղղությամբ:

Ուղարկել ««Հռոմի երգիչները» միայն զվարճացնու՞մ են, թե՞ նաև դաստիարակում"» Digg-ին Ուղարկել ««Հռոմի երգիչները» միայն զվարճացնու՞մ են, թե՞ նաև դաստիարակում"» del.icio.us-ին Ուղարկել ««Հռոմի երգիչները» միայն զվարճացնու՞մ են, թե՞ նաև դաստիարակում"» StumbleUpon-ին Ուղարկել ««Հռոմի երգիչները» միայն զվարճացնու՞մ են, թե՞ նաև դաստիարակում"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. romanista-ի ավատար
    Ռադիոն մենակ երաժշտություն հեռարձակելու համար չէ, եթե հաղորդումներ ես տալիս, ուրեմն դրանք պետք է կոնկրետ նպատակ ունենան... ես մոտիկից եմ ծանոթ հանրային ռադիոյին, շատ եմ հարգում նրանց իրոք շատ լավ, կրթա-դաստիարակչական ծրագրերի համար, բայց միշտ դեմ եմ եղել նրանց եթերում հնչող երաժշտությանը... ըստ իս, ՀՀՌ-ով որ միայն ծրագրեր լինեն, շատ ավելի լավ կլինի...
  2. Monk-ի ավատար
    Մեջբերում romanista-ի խոսքերից
    Ռադիոն մենակ երաժշտություն հեռարձակելու համար չէ, եթե հաղորդումներ ես տալիս, ուրեմն դրանք պետք է կոնկրետ նպատակ ունենան... ես մոտիկից եմ ծանոթ հանրային ռադիոյին, շատ եմ հարգում նրանց իրոք շատ լավ, կրթա-դաստիարակչական ծրագրերի համար, բայց միշտ դեմ եմ եղել նրանց եթերում հնչող երաժշտությանը... ըստ իս, ՀՀՌ-ով որ միայն ծրագրեր լինեն, շատ ավելի լավ կլինի...
    Չէ, երաժշտություն դնելուն դեմ չեմ, հատկապես որ դա հաճախ լինում է դասական, ժողովրդական, աշուղական, հոգևոր կամ էլ համաշխարհային բարձրակարգ երգարվեստից կատարումներ: Բայց որ դրան զուգահեռ ապուշություններ էլ են դնում, այ դա արդեն փչացնում է ողջ գործը: Գոնե հանրայինը ոչ թե պիտի առաջնորդվի լսարանին հարմարվելու սկզբունքով, այլ ինքը պիտի դաստիարակի և նորմալ լսարան ձևավորելի: