Մազե կամուրջը
Իսկ ես դեռ երկար պետք է լարախաղացի ձողը ձեռքիս ետ ու առաջ անեմ այս ,,մազե կամրջին" : Չի էլ կտրվում: Ճռճռոցը գնալով ավելի ականջ սողոսկող է դարձել, կարծես թուլացել են և կապերը, բայց չի կտրվում...
Առավոտյան ժամը ութն անց է երեսուն րոպե: Վեր եմ կացել ու չգիտեմ ի՞նչ պիտի անեմ: Երեկը դատարկ էր:
Այսօրը նույնպես ավելին չի խոստանում: Ի՞նչ կլինի վաղը... Չգիտեմ:
Ընկերոջս եմ սպասում:Գոնե լավ է մի անելիք ունեմ: Ամեն օր: Պատկերացնում եք, ուրախ ենք, որ հիվանդ ենք , և ամեն օր այցելում ենք բժշկի: Տխրում ենք, որ այդ այցելությունները կարճ են: Այստեղ էլ ,,բախտներս" մի կարգին չի բերել, գոնե ավելի լուրջ հիվանդ լինեյինք, եվ այդ պարտադիր այցելությունները, որ արդեն մի քանի ամիս մեր միակ անելիքն է, մի քիչ երկար տևեյին, ,,օրներս անցներ"...
Թե չէ, մեկ կամ մեկ ու կես ժամ...Բա հետո՞, բա մնացա՞ծ ժամերը: Դատարկություն, պարապություն, ձանձրույթ, զայրույթ...Ի՞նչ, հեռուստացու՞յց: Աստված սիրես, գլխիս մի խփիր, ցավում է: Ցավել է, ցավոտ է, ցավի մեջ է...Եվ ընդհանրապես, գլխիցս հեռու մնա: Հա՜, այդպես էլ գիտեյի: Հիմա էլ գիրք: Բա սի՞րտս, մոռացե՞լ ես, ինչ է: Չէ եղբայր, առողջ տեղ չունեմ, ինձնից հեռու մնա...