30.10.2009, 22:24 (6555 Դիտումներ)
Իմ ուսանողական տարիներին մի անգամ կուրսեցիներով հավաքվել էինք, մեզ հետ եկել էր նաև մեր բուհում դասավանդող ամերիկացի դասախոսներից մեկը, որը կարծեմ մի քիչ հայերեն գիտեր, որոշ բաներ հասկանում էր, ու որ հայերենից խոսք եղավ, մի հարց տվեց, որին պատասխանելը, պարզվեց, բավական բարդ էր։ Ասեց. «Ձեր «էլի» բառն ի՞նչ է նշանակում։ Ինչքան փորձում եմ հասկանալ, ոչ մի կերպ չի հաջողվում»։ Փորձեցինք բացատրել, միաժամանակ ինքներս էլ էինք փորձում ի մի բերել «էլի»–ի բոլոր հնարավոր իմաստները, ու զգացինք, որ էնքան էլ հեշտ չի։ Դե, սկզբում ասեցինք «ավելի շատ» իմաստը, բայց դա ամենահեշտն ու ամենահասկանալին էր, մեր ամերիկացին բոլորովին էլ դա նկատի չուներ. «Էն որ մի բան եք ասում, ու վերջում ասում եք՝ էլի»։ Հը՜մ... Դե արի ու էս մարդուն բացատրի էդ տեսակ «էլի»–ի իմաստը։ Օրինակներ. «մի բան արա, էլի», «գիտեմ, ուղղակի դժվարանում եմ բացատրել, էլի», «մի մտածի, լավ կլինի, էլի» «չէ՛, էլի, չգնամ», «... ընդ որում, ինքը գիտեր, էլի, որ ես գալու եմ, նենց չէր, որ անակնկալի եկավ», և, վերջապես, «լավ, էլի», «դե, զզվացրի՛ք, է՛լի»։
«Էլի»–ի բազմաթիվ իմաստային նրբերանգներ, որոնցից օրինակ չեմ բերել, հնարավոր է բացահայտել միմիայն համատեքստում, ու շատ դեպքերում նույնիսկ ամբողջ նախադասությունը բավական չէ՝ հենց տվյալ նրբերանքը ցույց տալու համար։ Դե արի ու ամերիկացուն բացատրի էդ բոլորը։
Ի դեպ, հաշվի առնելով մեր ազգային մտածելակերպի ու հոգեբանության անբաժանելի մաս հանդիսացող այնպիսի երևույթներ, ինչպիսիք են մուննաթը, լոպպազությունը և ընդհանրապես էմոցիոնալությունը` թե՛ դրական և թե՛ բացասական իմաստներով, դրականի դեպքում, մասնավորապես, ժողովրդական լեզվով ասած՝ ջիգյարը, կարելի է նկատել, որ «էլի»–ն որոշ դեպքերում վերոնշյալ երևույթների դիպուկ արտահայտչամիջոցներից է՝ էնքան խորն արմատավորված ու ու միաձուլված մեր էությանը, որ շատ դեպքերում ուղղակի չենք կարող զգալ։
Մի խոսքով՝ բացառիկ կոլորիտային բառ ա, էլի։