Էսպես էլ ապրում ենք...
Մամաս գնաց երեկ։
Քանի էստեղ էր, ու մոտ մեկուկես ամիս միասին ապրում էինք մեր տանը, ամեն ինչ էնքան բնական ու սովորական էր, էնքան հարազատ ու ճիշտ, որ կարծես էդպես էլ պետք է լիներ, կարծես միշտ էլ էդպես էր եղել, երբեք էլ չէինք բաժանվել ու չէինք էլ բաժանվելու։ Ներքուստ բնավ չունեի էն գիտակցումը, որ սա ընդամենը մեկուկես ամիս է տևելու, ու պետք է առավելագույնս որսալ էդ մեկուկես ամիսը, գիտակցել ու գնահատել դրա թանկությունը, որից հետո նորից գնալու է Հայաստան, իսկ ես մնալու եմ էստեղ, որտեղ միակ հարազատս ամուսինս է։ Նույնը քրոջս եկած ժամանակ էր...
Իսկ ճանապարհելուց հետո մնում է էն ծանր զգացումը, որ էս ամբողջ ընթացքում կարող էի շատ ավելի լավը լինել։
Ու դատարկություն... Դատարկություն, որն ուրիշ ոչ մի բանով չի լցվում, ուղղակի որոշ ժամանակ անց գլխին կափարիչ ես դնում, որ չտեսնես, ու շարունակում ապրել՝ փորձելով չհիշել կափարիչի տակ նենգորեն վխտացող դատարկության մասին...