Մեկամյուսացում
Էնքան հետաքրքիր է հետևելը, թե ոնց են զուգընկերները միմյանց վրա ազդում, թե ժամանակի ընթացքում ոնց է հետզհետե մեկը մյուսանում, մյուսը՝ մեկանում, և երբեմն դժվար է ասել, թե այդ մեկամյուսացման լուրջ ու հիմնավոր գործընթացներից հետո, ի վերջո, որ մեկն է ավելի շատ շահում, որ մեկը՝ տուժում։ Երբեմն նույնիսկ դժվարանում ես հստակ բնորոշել, թե կոնկրետ ինչն է փոխվել մեկի մեջ, բայց զգում ես, որ մի տեսակ մյուսացել է։ Վերջերս սկսել եմ հատուկ ուսումնասիրել էս երևույթն իմ ճանաչած տարբեր հին ու նոր զուգընկերների (թե՛ ամուսինների, թե՛ պարզապես սիրային զույգերի) շրջանում ու մեկամյուսացման ահագին հետաքրքիր դրսևորումներ եմ հայտնաբերել։
Հիշեցի՝ մի անգամ ընկերներիցս մեկը մեր ընդհանուր ծանոթներից մեկի մասին ասաց. «Շատ ա փոխվել X–ը. լրիվ Y–ացել ա...»։ Եվ իսկապես, զարմանալի էր, թե X–ը ոնց էր հասցրել Y–ի հետ ընկերության կարճ ժամանակահատվածի ընթացքում այդքան Y–անալ... Y-ի հետ վաղուց չեմ շփվել, մտածում եմ՝ տեսնես նա հեչ X–ացե՞լ է, ու եթե հա, ապա՝ ինչքանո՞վ...
14.12.2008