15.06.2009, 02:14 (9353 Դիտումներ)
Մարդիկ սիրում են նայել ուրիշ մարդկանց: Տղաները նայում են նանարների բարեմասնություններին, վարորդները վախով ու զզվանքով նայում են ոստիկաններին, քյառթերը նայում են ջագիներին, վերամբարձ տոտաները նայում են նստարանին քցած բոմժին, մուրացկանը նայում է անցորդի ձեռքին, աղջիկները նայում են ուրիշ աղջիկների հագուկապին, ծերերը նայում են համբուրվող զույգերին, շենքի պառավները թունավոր հայացքներ են նետում հարևանի՝ կարճ հագած աղջկա ուղղությամբ, երեխան նայում է ամեն ինչի: Հետաքրքիր է նայելը: Հայացքով հետևելը ինչ-որ մեկին:
Ես սիրում եմ նայել ուրիշին նայող մարդկանց: Ասում են՝ աչքերը հոգու հայելին են: Ճիշտ են ասում: Նայում եմ, թե ոնց է ինչ-որ մեկը հայացքով մի ուրիշին հետևում, խոժոռվում, ուրախանում, ապշում, վախենում, ժպտում, նախանձում, ոնց են բերնի ջրերը գնում սիրուն դեկոլտեի համար, ոնց է մեկին վախվորած ծիկրակում աչքի պոչով, ոնց է սևամորթ տեսնելիս արմունկով բզում կողքինին, որ նա էլ նայի-զարմանա, ոնց է աչքերը չռում հեռուստացույցով մի անգամ տեսած դեմքի վրա, ոնց է վերացած տեսքով նայում դիմացի մի ինչ-որ անորոշ կետի, ոնց է մի պահ կորցնում ինքնատիրապետումն ու, կարծելով թե ոչ ոք չի նայում, աչքերում ցույց տալիս իր ողջ ատելությունը դիմացինի հանդեպ: Իսկ ես նայում եմ:
Տեսնես՝ ինչ-որ մեկը ինձ նայու՞մ է այդ պահին: