Դուք մեխակ սիրում եք ???
Փողոցում քայլելիս ընկած մեխակներ տեսա: Հավանաբար մեկը մահացել էր, ծաղիկներն էլ մնացել էին պառկած` սառն ու անտարբեր... Մտորում էի դրանց մասին: Ծաղիկներ շատ եմ սիրում: Գնելիս կողմնորոշվում եմ բացառապես հոտով: Երբեք ձեռքիս չեք տեսնի անբույր, բայց գեղեցիկ ծաղիկ: Փուչ գեղեցկություն կտրականապես չեմ ընդունում: Չեմ տխրում նույնիսկ այն պահին, երբ "հոգին տված" ծաղիկները պետք է ծաղկամանից հանել և աղբաման նետել: Չէ որ ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ: Դրանց փոխարեն կգան նորերը: Մեխակների մասին ծնողներս պատմում են, որ իրենց երիտասարդության շրջանում դրանք մեծ պահանջարկ են ունեցել: Թաղումներից բացի, մեխակները հարսանիքներին ու ծնունդներին էլ են ներկա գտնվել: Իսկ այսօր... Մեխակին եթե ուշադիր զննես, վատը չէ. սիրուն փեշեր ունի, երկար բարակ պարանոց և գլուխն էլ կարծես կախ ման չի գալիս, բայց այնքան անտարբեր ու սառած տեսք ունի, որ ինձ վանում ա: Այ, լանդիշը ուրիշ բան: Փորձիր գնել նրան, երջանկանում ա, ժպտում, արագ թարթում աչիկներն ու նուրբ բույր արձակում: Եթե մեծ փունջ նարգիզ վերցնես, կթվա արև ես քաղել ու տաքանում ես դեղինից, ասես պարտավորվում ես կյանքը սիրել ու ժպտալ: Պիոնը կարծում է, եթե ինքը ավելի փքված տեսք ունի, ուրեմն վարդին հաղթել է, ինքն ավելի գոռոզ է, ավելի բուրավետ, բայց ինչ լավն է ու անուշիկ....Ծաղիկների ցուցակը մեծ է, իսկ գրառումը երկար է ստացվում:
Հա, ամեն ինչ սկսվեց մեխակից... ես չեմ սիրում ու վերջ...Բայց էդպես լավ չի, է...Ես չսիրեմ, բա որ դուք էլ չսիրեք, մյուսներն էլ, էտ լուրը գնա հասնի մեխակին/ ասում են վատ լուրն արագ է տեղ հասնում/, նա էլ տխրի, ամաչի իր գոյության համար, չդիմանա մյուս ծաղիկների ` իր հասցեին ուղղված հեգնական ժպիտներին ու...ու վերանա այս աշխարհի երեսից ....Բա էդպես ոնց կլինի???.........![]()