Իսկ ջայլամը տարօրինակ մի կենդանի է...
Էս կենդանին լեգենդար կենդանի է: Գիտնականները վիճում են ու ուզում հասկանալ, թե էս ախմախն ինչի՞ ա գլուխը մտցնում ավազի մեջ: Մի մասն ասում են, որ իբր գլուխն ա հովացնում, իսկ մյուս մասն էլ, որ վախենում ա, ու գլուխը ավազի տակ մտցնելով կարծում ա, թե իրեն էլ չեն տեսնի:
Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է. ջայլամները լինում են երեք տեսակի.
Տեսակ 1. Սրանք այն ջայլամներն են, ովքեր գլուխներն ավազի տակ են մտցնում հովանալու, զովանալու համար, այս տեսակը մեզ չի հետաքրքրում,
Տեսակ 2. Սրանք այն ջայլամներն են, ովքեր գլուխներն ավազի տակ մտցնելով կարծում են, որ էլ չեն նկատվի, իրենց պաշտպանված են զգում, բայց իրականում հետնամասը դեմ են տալիս իրենց հակառակորդին: Սրանց շնորհիվ առաջացել է «Ջայլամային քաղաքականություն» տերմինը:
Տեսակ 3. Սրանք այն ջայլամներն են, որոնց մասին բացի ինձից ոչ մեկը ոչինչ չգիտի: Սրանք գլուխները ավազի մեջ են մտցնում, որ մյուսներին չվնասեն: Սրանց մասին վաղուց ի վեր ուզում եմ հեքիաթ գրել: Իրականում նրանց արածը նույնքան կուրություն է, որքան որ երկրորդ տեսակինը ու սրանց արածը նույնպես հանգիստ մտնում է «Ջայլամային քաղաքականություն» տերմինի մեջ:
Միշտ հետաքրքրել են ջայլամային քաղաքականությամբ ապրող մարդիկ: Ընդ որում երկուսն էլ, թե՛ 2-րդ, թե՛ 3-րդ տեսակի մեջ մտնողները: ԻՆչպե՞ս բացատրես, որ այդպես խնդիր չես լուծում, այլ տասնապատկում ու հարյուրապատկում ես խնդիրները, իսկ լավագույն դեպքում խնդրի լուծումը ուշացնում, եթե իհարկե չափը չանցնելով չես դարձնում անլուծելի: Ախր ո՞նց կարող ես թաքնվելով ինքդ քեզ պաշտպանել դիմացինին կամ դիմացինի քեզնից: Դա մինիմումը ինքնախաբեություն է: Դա խնդրից ու պատասխանատվությունից խուսափելու ձև է: Ավելին, դա խոցելի ու անպաշտպան դառնալու հրաշալի միջոց է, ավելին դա խոցելու լավ տարբերակ է: Այլ կերպ ասած, կատարյալ աբսուրդ: Եթե կա խնդիր, ապա խելոք թռչունները նստում ու իրար հետ լուծում են այդ խնդիրը, ոչ թե գլուխները մտցնում ավազի տակ ու կարծում, որ վերջ, աշխարհից կտրվեցին...
Մեկ է գրելու եմ հեքիաթը, մի օր կգրեմ, մի գեղեցիկ հեքիաթ բարի ու սիրունիկ ջայլամիկի մասին, ով իր գլուխը մտնցնում էր ավազի տակ, որ հանկարծ ոչ մեկին վնաս չտա: Ի՜նչ իմանար, որ մեկ է չի կարող որևէ մեկին վնասել...