PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարմիր վարդակակաչ` հորեղբորս հիշատակին



impression
29.05.2007, 19:01
Դեռ չէր մթնել, երբ նա եկավ: Զարմացա, չէի սպասում նրան այդ ժամին: Իսկ նա հոգնած ժպտաց, ինչպես ժպտւոմ էր միշտ, մի քանի հարկ բարձրանալուց հետո, համբուրեց ճակատս, նստեց ու շատ սովորական իր քնքշալի ձայնով հետաքրքրվեց.
-Ի՞նչ կա-չկա:
-Հեչ,- պատասխանեցի ես ու անմիջապես սկսեցի սուրճ պատրաստել` առանց հարցնելու` կխմի, թե չէ, քանի որ նա սուրճից երբեք չէր հրաժարվում: Զգում էի, որ զննում է ինձ ու ասես թիկունքից կարդում հայացքս: Գիտեր, որ ուզում էի, որ խոսի հետս: Ու նա սկսեց խոսել այնպես, ինչպես ուզում էի, որ խոսի: Նա երբեք կարիք չուներ խնդրանքների, բացատրությունների և նման այլ բաների, առանց որոնց շատ խելացիներ ոչինչ չեն հասկանում:
Երբեք չգիտեի` ինչից է սկսելու խոսել, բայց մի բան պարզ էր, որ ոչ մի բառ բաց թողնել չի կարելի:
- Գիտես, մի անգամ, դեռ երեխա էի, խանութի ցուցափեղկում ջութակ տեսա: 3 ռուբլի արժեր: Տատիդ խնդրեցի, որ գնի ինձ համար, բայց այդպես էլ չառավ: իսկ ես մինչև հիմա ափսոսում, եմ, որ ջութակ նվագել չեմ սովորել:
Հետո լռեց: Լուռ սուրճ էր խմում. տաք ու դառը սուրճ, որը գուցե շատ զզվելի էր, քանի որ ես շատ հեռու էի խոհանոցից: Նա միակն էր, ով ինձ չէր ասում, որ իմ պատրաստած սուրճն անմահական է: Նա ԻՐՈՔ չէր ստում:
Հետո հանկարծ հարցրեց.
- Հայրենիքն ինչի՞ է նման:
Ես հոնքերիս տակից նայեցի նրան` փորձելով որոշել` խմած է, թե չէ: Հարբած չէր: Ոչ մի օրիգինալ մակդիր չանցավ մտքովս, իսկ ծամծմված արտահայտություններ դուրս տալով` նրան հիասթափեցնել չէի ուզում:
- Չգիտեմ,-ասացի ես,- իսկ ինչի՞ է նման:
- Կարմիր վարդակակաչի,- ասաց նա` գրեթե զարմացած, որ ինքս գլխի չընկա:
- Գիտես,- շարունակեց նա,- հայրենիքը սիրում են հենց այնպես, դա բացատրություն չունի, պատճառ չունի: Սիրում ես ու վերջ: Մտածիր այդ մասին:
Ես լուռ նրան էի նայում: Ինչքան էի սիրում, երբ մենակ էինք լինում, ու նա սկսում էր խոսել տարբեր բաներից, պատմում էր իր մանկությունից, իր դպրոցական տարիներից, ուսանողական կյանքից, քննություններից և այլն: Նա գիտեր` ինչպես է պետք պատմել: Գիտեր` ինչ ասեր, որ դու էլ սկսեիր պատմել:
Լավագույն հոգեբանները նրանք են, ովքեր համապատասխան կրթություն չունեն: Հոգեբան ծնվում են, դա հնարավոր չէ սովորել, ինչպես չես սովորի բանաստեղծել:
Նա ծխում էր: Նա շատ էր ծխում: Նա հիմա էլ էր ծխում: Նա միշտ ծխում էր սուրճ խմելիս ու մեկ էլ, երբ զգում էր, որ դիմացինն իրեն ասելիք ունի: Նրա հետ խոսելիս պետք էր բառապաշարից հանել բոլոր այն հոգեկան ծամածռությունները, որոնցից կամ կոկորդդ է սեղմվում, կամ ուզում ես փախչել: Եվ փոխանակ ասեի “իմ կյանքի լավագույն պահերն էին, երբ...” ասացի.
- Շատ զվարճալի էր, երբ միանում էիր մեր մանկական խորամանկություններին, խաղում մեզ հետ, երգում...
Եվ փոխարենը ասելու, որ այդ օրերը երբեք չեմ մոռանա, ավելացրի.
-Միշտ հաճույքով եմ հիշում:
- Ես էլ:
Չասացի շատ-շատ բաներ, որ միշտ ուզեցել եմ նրան ասել, չասացի, որ այն այգին, ուր գնացել էինք միասին, ամենակախարդական վայրն էր աշխարհում, չասացի, որ նա է ինձ սովորեցրել տեսնել ու գնահատել գեղեցիկը, նա է ձևավորել շատ արժեքներ: Չասացի, որ նա իմ ամենասիրելին է բոլոր-բոլորից, որ նրան կարոտում եմ անչափ, որ սարսափում եմ այն մտքից, որ մի օր նա իմ կողքին չի լինի...
- Մեկ էլ ե՞րբ կգաս,- հարցրեցի ես, զգալով, որ պատրաստվում է գնալ;
- Երբ որ ուզես,- ասաց նա ժպտալով:- Ով-ով, բայց դու հո գիտես, որ ես միշտ քո հետ եմ:
- Գիտեմ,- ասացի ես ու նրան ճանապարհեցի մինչև դուռը: Դուռը ծածկեցի, ականջս հպեցի դռանը, բայց չլսեցի նրա ոտնաձայները, ինչպես չէի լսել դրանք, երբ եկավ:
Եվ ընդհանրապես, հուշերը ոտնաձայներ չունեն:
Բայց ես պարզ լսում եմ նրա հազը....

Selene
29.05.2007, 21:01
Շատ լավն էր, ապրե՛ս:) Այնքան սեղմ ու այնքան բովանդակալի:


Եվ ընդհանրապես, հուշերը ոտնաձայներ չունեն:
Շատ լավ է ասված…

Enipra
29.05.2007, 21:31
Գրելաոճդ ինձ շատ է դուր գալիս։ Ամբողջը շատ հետաքրքիր էր, իսկ վերջին 2 տողը՝ պարզապես փայլուն։ :)

impression
29.05.2007, 21:33
:oy Շատ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար ;)

StrangeLittleGirl
30.05.2007, 07:11
Լի՛լ, էն օրը LJ-ում կարդացի, բայց ուշ էր, չհասցրեցի որևէ բան գրել: Ապրե՛ս, լավ է ստացվել: Ուրախ եմ, որ վերջապես կարողացար գրել:

Ուլուանա
30.05.2007, 12:47
Շատ լավն էր։ :) Գրելաոճդ ինձ էնքան հոգեհարազատ է։ :love Կարդալիս տեղ-տեղ էնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես ես գրած լինեմ... :oy Իմ «Նրանք» (http://www.akumb.am/showthread.php?t=5321)-ի ոճով էր մի քիչ...

StrangeLittleGirl
31.05.2007, 11:11
Կարո՞ղ ես բացատրել, թե ինչով էր նման «Նրանք»-ին: Երկու օր ա մտածում եմ, գլխի չեմ ընկնում: :think Երևի շատ դեբիլ եմ:

Ձայնալար
31.05.2007, 11:29
Հրաշալի էր:
Ժողովուրդ մեկ-մեկ նենց լավ բաներ եմ կարդում այստեղ, որ զարմանում եմ:
Ափսոս բոլոր գրառումները չեմ կարողանում կարդալ (հատկապես երկարները:( ):
Նույնիսկ մեջս գրելու ցանկություն է զարթնում: Ապրես Impression ջան, շատ հոգեհարազատ էր գրածդ:

Amaru
31.05.2007, 12:00
Լավն էր... շատ լավն էր: Ապրես..

John
31.05.2007, 12:18
Հաճույքով կարդացի: Մի քիչ թախծոտ էր, բայց լավը :)

Firegirl777
31.05.2007, 19:27
Վերջը գերեց ու բաց թողեց, ինչպես և այցելած հուշը
ՇԱՏ ԼԱՎՆ ԷՐ, ԱՊՐԵՍ

lili-4
31.05.2007, 19:29
Ապրես, շատ գեղեցիկ ես շարադրել, և , կարդալով քո գրածը, ակամայից դառնում եմ քո հուշերի ականատես: Հաճելի է, երբ հուշերը ոչ թե խռովք ու տխրություն են բերում, այլ գեղեցիկ ապրումներ::)

Simon
27.06.2007, 00:14
Ճաշակդ բարձր է: Գրել կարող են բոլորը, այն էլ հայ մարդը, բայց բարձրաճաշակություն ամեն ոք չունի:

Երվանդ
27.06.2007, 16:08
Շատ լավն էր, չէ շատ շատ շատ լավն էր:

Esmeralda
04.07.2007, 09:37
Լավ ես գրում...
Գրվածդ իմ սիրած ոճերից է... Երբ վերջը փոխում է ամբողջ տպավորությունը... Լավից ավելի լավի...

Մանոն
20.07.2007, 19:09
Շատ սիրուն ես գրել impression ջան՝ քո ոճի մեջ…
Իսկ ստեղծագործության ողջ միտքն ու ոգին այս տողերում էին


Լավագույն հոգեբանները նրանք են, ովքեր համապատասխան կրթություն չունեն: Հոգեբան ծնվում են, դա հնարավոր չէ սովորել, ինչպես չես սովորի բանաստեղծել:
....
Չասացի շատ-շատ բաներ, որ միշտ ուզեցել եմ նրան ասել, չասացի, որ այն այգին, ուր գնացել էինք միասին, ամենակախարդական վայրն էր աշխարհում, չասացի, որ նա է ինձ սովորեցրել տեսնել ու գնահատել գեղեցիկը, նա է ձևավորել շատ արժեքներ: Չասացի, որ նա իմ ամենասիրելին է բոլոր-բոլորից, որ նրան կարոտում եմ անչափ, որ սարսափում եմ այն մտքից, որ մի օր նա իմ կողքին չի լինի...

Ավաղ մենք ապրում ենք առանց կարևորելու մեր ապրած ամեն մի րոպեն, ու չափազանց քիչ ենք ասում մեր հարազատներին, թե ինչ ենք զգում իրենց հանդեպ, թե ի՜նչ են նրանք մեզ տվել, թե ինչպե՜ս ենք նրանց սիրում: Իսկ մի օր էլ ափսոսանքով հասկանում ենք, որ ուշ է արդեն ասել…
Ավարտն էլ շատ սիրուն ու մեղմ էր: Շատ ապրես…

Dayana
27.11.2008, 17:24
Սա վերջերս կարդացի, շատ սիրուն էր :love Լրիվ Իմփրեշընի ձեռագրով :love



- Հայրենիքն ինչի՞ է նման:
Ես հոնքերիս տակից նայեցի նրան` փորձելով որոշել` խմած է, թե չէ: Հարբած չէր: Ոչ մի օրիգինալ մակդիր չանցավ մտքովս, իսկ ծամծմված արտահայտություններ դուրս տալով` նրան հիասթափեցնել չէի ուզում:
- Չգիտեմ,-ասացի ես,- իսկ ինչի՞ է նման:
- Կարմիր վարդակակաչի,- ասաց նա` գրեթե զարմացած, որ ինքս գլխի չընկա:



Լիլ, դաշտային վարդակակաչ էր ;)

Հ.Գ. Էլի եմ ուզում :oy