Chuk
15.05.2007, 00:57
9. Փանոսի վերջին ձախորդությունը
Ինչպես պայմանավորվել էինք սկզբում, ես փոխում եմ բոլոր հերոսների անունները: Հասնելով այս տղային, ես անմիջապես գտնում եմ անունը, որով կարելի է փոխարինել նրա իսկական անունը: Այո՛, նա ի ծնե Փանոս էր, Փանոս անվան ամենալայն՝ հեքիաթից եկած իմաստով:
Փանոսին զորամասում բոլորն էին ճանաչում ու դա շատ տարօրինակ ու զարմանալի էր: Նրան ճանաչում էին սպաներն ու ենթասպաները, սերժանտներն ու շարքայինները, քաղաքացիական աշխատողները, խոհարարներն ու բժիշկ-բուժքույրերը: Այ այդ վերջին մարդիկ պետք է ճանաչեին, նրանց ճանաչելը զարմանալի չէր, զարմանալի էր, որ մյուսներն էին ճանաչում:
Դե... սխալ չհասկանաք: Ճանաչելն ինքնին այնքան էլ զարմանալի չէր, զարմանալի էր այն, որ բոլորը նրա հետ այնքան էին շփվել, որ մտերմացել էին: Այո, Փանոսը զորամասում մտերիմ էր եթե ոչ բոլորի, ապա մեծամասնության հետ: Ու սա շատ տարօրինակ էր, որովհետև Փանոսը զորամասում քիչ էր եղել ու դժվար էր հասկանալ, թե երբ է հասցրել այսքան մարդու հետ մտերմանալ:
Երբ ես եկա այս զորամաս, ինձ դիմավորողներից էր Փանոսը, քանի որ մենք նույն դասակից էինք: Բայց սա էլ էր տարօրինակ, տարօրինակ էր, որ իմ գալու պահին նա զորամասում էր, այլ ոչ թե հոսպիտալում:
Փանոսը, հավատարիմ իր անվանը, բավական շատ ժամանակ էր անցկացնում հոսպիտալներում: Չէ, Փանոսը Շվեյկի հետնորդը չէր: Նրան երբեք չէր կարելի մեղադրել սիմուլյանտության մեջ: Գրական հերոսներից նա մենակ իր անվանակցի՝ Ձախորդ Փանոսի հետնորդն էր:
Զորամաս գալուս երկրորդ օրվանից ինձ սկսեցին պատմել բարի ու ժպտերես զինվոր Փանոսի զարմանահրաշ արկածները: Դրանք լսում էի ժպիտով, զարմանալով զինակից ընկերներիս ստեղծագործ մտքի, գեղարվեստական ունակությունների վրա: Այս պատմություններից մեկն այն մասին էր, թե ինչպես մի տաս զինվորով տեղափոխել են մի քանի հարյուր կիլոգրամանոց խողովակը, հետո պայմանավորված պահին բոլորը միասին բաց են թողել, որ գցեն գետնին, իսկ Փանոսը, որը բռնած գնում էր խողովակի մեջտեղի մասերից, չի լսել «թողնել» կոչն ու այդ ծանր խողովակը մի 5-10 վայրկյան պահել է, իսկ հետո ճողվածքով տեղափոխվել հոսպիտալ, որտեղ անց է կացրել մեկ ամսից ավելի երկար ժամանակ: Հաջորդ պատմությունը սնունդի վերաբերյալ էր: Զինվորներով ժամանակ առ ժամանակ փախել ու գնացել են մոտակա այգին՝ թութ ուտելու: Շատերն են բարձրացել հաստ բնով թթենու վրա և ոչ մի բան: Իսկ մի օր էլ այդ նույն ծառը բարձրացել է Փանոսը, իսկ ծառը որոշել է բնից կոտրվել, կոտրվել է ու շուռ եկել, ոտքի և ձեռքի կոտրվածքներով Փանոսին թողնելով իր տակ, մինչև որ աղմուկը լսած մոտակա այլ ծառերին թառած զինվորները եկել ու նրան ծառի տակից հանել են, իսկ հետո տեղափոխել հոսպիտալ: Այսպիսի պատմությունները շատ էին ու մեկը մեկից անհավանական: Դե ես կարող էի հավատալ պատմությանը, եթե ասեին, որ կոտրվել է մի բարակ ծառ, որին, չգիտես թե ինչու, որոշել էր բարձրանալ Փանոսը: Բայց պնդում էին, որ շատ հաստաբուն ծառ է եղել ու շատ ամուր: Կարող էի հավատալ խողովակի պատմությանը, եթե չասեին որ այդ ֆիզիկապես ամուր կառուցվածք չունեցող տղան 5 վայրկյանից ավել պահել է մի քանի հարյուր կիլոգրամանոց խողովակը, մինչև վայր գցելը: Բայց պնդում էին, որ հենց այդպես է եղել:
Իհարկե պատմում էին նաև հակաձախորդական պատմություններ՝ համեմված ձախորդականի հետ: Օրինակ ձախորդություն էր եղել, որ նրա ծննյան օրը նախօրոք նախատեսված ազատ արձակումը նրան չէին տվել, բայց ձախորդություն չէր, որ համարձակ Փանոսը այնուամենայնիվ որոշել էր այդ օրը դուրս գալ զորամասից ու տուն գնալ (անցնելով մոտ 30 կմ ճանապարհ), դուրս է եկել զինվորական համազգեստով, անցել ռազմական ոստիկանների կողքով, պատիվ առել ու առաջ անցել ու չի բռնվել: Ամեն ինչ լավ է վերջացել:
Բայց այսպիսի՝ լավ ավարտով պատմությունները քիչ էին, հիմնական պատմությունները համեմված էին ժպիտ առաջացնող ձախորդություններով, որոնք իր մշտական ժպիտը դեմքին լսում էր նաև Փանոսն ու հաստատում, որ հենց այդպես էլ եղել է:
Փանոսի հետ շատ արագ մտերմացա: Պարզվեց, որ ընդհանուր հետաքրքրություններ ունենք, ընդհանուր ընկերներ ու մտերիմներ ունենք, նույնիսկ պարզվեց, որ ժամանակին ճանաչել ենք իրար, թեև շատ քիչ ենք շփվել: Ի դեպ, Փանոսը ժպիտը դեմքին ինձ հիշեցրեց, որ երբ առաջին անգամ հանդիպել ենք, իր ձեռքը գիպսի մեջ է եղել, ու, փաստորեն, նրա ձախորդությունները բանակում չէին ի հայտ եկել:
Ու չնայած այս ամենին չէի հավատում նրա ձախորդությունների մասին պատմություններին, ավելի ճիշտ հավատում էի, բայց համարում էի, որ դրանք խիստ չափազանցված են, ու այդպես մինչև այն պահը, երբ զորամաս ժամանելուցս մի քանի օր հետո Փանոսը ինքնակամ ու պատրաստակամ առաջարկեց ինձ ուղեկցել մոտակա խանութը, որպեսզի ծանոթացնի նրա տեղի և վաճառողների հետ: Ուրախ զվարթ գնացինք: Ուշ երեկո էր ու համարձակ դուրս եկանք երկաթյա դարպասներից: Առաջինը դուրս եկա ես ու սպասում էի որ Փանոսն էլ դուրս գա, գնանք: Փանոսը դուրս եկավ ու զգուշորեն դարպասը փակելով կանգնեց նրա առաջ: Մեջքով ինձ էր կանգնել, դեմքով դարպասին ու չէր շարժվում:
- Փանո՜ս, - ձայնեցի ես, զարմացած, թե ինչու չի գալիս:
Պատասխան չկար:
- Փանոս, ուր մնացիր, - նորից ձայնեցի ես: - Ինչու՞ չես գալիս:
- Չեմ կարող գալ, - նվազած ձայնով պատասխանեց Փանոսը:
- Ինչու՞, - զարմացա ես:
- Ձեռքս բռնել է:
- Ո՞վ է բռնել:
- Ով չէ, ինչը:
- Չհասկաց:
- Դարպասի տակ է մնացել, - խեղճ-խեղճ ասաց Փանոսը: - Չեմ կարողանում շարժվել:
Ծիծաղեցի, հիմարաբար ծիծաղեցի, մտածելով, թե կատակ է անում:
- Վրաս ես ծիծաղում, - ավելի խեղճացած հարցրեց Փանոսը, ու նոր միայն հասկացա, որ կատակ չի անում:
Մոտեցա, որ տեսնեմ ինչ է եղել: Հիմա, հիշելով այդ տեսարանը, մեկ է չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր այդպիսի բան լինել: Երկաթյա դարպասը հերիք չի փակվել էր ձեռքին, փականն էլ ինչ-որ կերպ հաջողացրել էլ փակ դիրքի գալ, ինչի արդյունքում Փանոսը մեջտեղից ճղվեր էլ, չէր կարող ոչ ձեռքը հանել դարպասների արանքից, ոչ էլ դարպասները բացել: Իրոք չեմ հասկանում, թե ինչպես կարող էր փականը փակվել, ինչքան էլ մտածում եմ, լուծում չեմ գտնում:
Փականին դրսից հասնելը հեշտ չէր, բայց հաջողացրի շատ արագ բացել ու Փանոսի ձեռքն ազատել գերեվարությունից: Խեղճ ու բարի ժպիտը դեմքին նայեց ու շնորհակալություն հայտնեց, իսկ ես վախեցած նայում էի նրա կապտակարմիր, ճզմված թաթին: Գնացինք բուժ. կետ, որտեղ Փանոսի գալուց ոչ մեկը չզարմացավ, ոչ մեկին չզարմացրեց ձեռքը դարպասի տակ մնալու պատմությունը, որովհետև այստեղ Փանոսին շատ լավ էին ճանաչում: Ուղղակի արագորեն ցույց տվեցին համապատասխան բժշկական օգնությունը, իսկ հոսպիտալ չուղարկեցին:
Սա առաջին դիպվածն էր, որն ինձ ինչ-որ չափով համոզեց Փանոսի մասին պատմությունների ճշմարտացի լինելուն: Հաջորդ պատմությունը եղավ դրանից 2-2.5 շաբաթ հետո, երբ նրա ձեռքն արդեն հասցրել էր լավանալ: Նախ ասեմ, որ այդ ընթացքում նա հասցրեց հիվանդանալ հարբուխով ու գրիպով, ապա լավացավ:
Հետո զորամաս էր եկել զորամասում շատ տարիներ առաջ ծառայած մի զինվոր, երևի կարոտն առնելու համար ու եկել, ծանոթանում էր մեզ հետ: Հարբած էր, հարբած՝ լավագույն դեպքում: Հերթով բոլորիս ձեռքով բարևում էր, ու նրա բարևելու ձևը շատ զվարճալի էր, որովհետև ձեռքը բարձրացնում էր իր գլխից վերև, պարզում, ապա ինչքան ուժ ուներ արագորեն իջեցնում ու հարվածելով մեկնած ձեռքիդ բռնելով այն ուժգին թափահարում էր, ևս մեկ անգամ կրկնելով իր անունը: Մի քանիսս հետևում էինք նրա օրինակին, նույն կերպ ու ձեռքներս վեր էինք բարձրացնում ապա ուժգին հարվածելով սեղմում էինք միմյանց ձեռքերը ու ծիծաղելով ներկայանում: Հերթը հասավ Փանոսին: Նախկին զինվորն արդեն սովորական ձևով ձեռքը բարձրացրեց, արագ իջեցրեց ու հարվածելով բռնեց Փանոսի ձեռքը, ասաց իր անունն ու սկսեց թափահարել Փանոսի ձեռքը, սպասելով, որ Փանոսն էլ ներկայանա: Իսկ Փանոսը ձայն չէր հանում: Նայեցի ու տեսա նրա կուլ գնացած աչքերը, հասկացա, որ ինչ-որ բան այն չէ: Նախկին զինվորը երկար սպասեց Փանոսի ներկայանալուն, բայց տեսնելով, որ Փանոսը չի ներկայանում, գուցե մտածեց, որ ներկայացել է, ինքը չի լսում, անցավ հաջորդին:
Ես ու էլի երկու հոգի զարմացած մոտեցանք Փանոսին:
- Ի՞նչ է եղել, - հարցրինք:
- Առանձնապես ոչ մի բան, - մշտական ժպիտը դեմքին պատասախանեց նա: - Ուղղակի որ այդպես ձեռքիս խբեց, մատս դուրս ընկավ:
Մեզնից ոչ մեկը չծիծաղեց, որովհետև հասկացանք որ լուրջ է ասում: Սկզբից ուզեցինք ինքնուրույն տեղը գցել նրա դուրս ընկած մատը, բայց հետո որոշեցինք տանել բուժ. կետ, ուր Փանոսին տեսնելիս էլի ոչ մեկը չզարմացավ, այլ կատակելով ու աչքով անելով պարզապես տեղը գցեցին նրա մատը:
Փանոսի ձախորդությունների մասին այսքանը թերևս բավական է, եթե որոշեի գրել նրա բանակում ունեցած բոլոր ձախորդությունների մասին, ապա պետք է բանակային ծառայության բոլոր 2 տարիների ընթացքում անընդհատ գրեի:
Փոխարենը նորից հիշելով իմ ձախորդ բանակային ընկերոջը, ով արդեն զորացրվել է և հուսով եմ, որ քաղաքացիական կյանքում էլ ձախորդությունների չի հանդիպում, ուզում եմ մի քիչ պատմել նրա մասին, քանի որ նա բանակային կյանքիս բացառիկ լուսավոր էջերից է:
Շարունակելի...