PDA

Դիտել ողջ տարբերակը : Նաիրի Զարյան



vartabooyr
10.05.2007, 04:40
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ
(Դասական Ուղղագրութեամբ)
Նաիրի Զարեան

Արի´, եղբա´յր, փառաբանե´նք մեր քաղցրաբառ հայոց լեզուն,
Մեր արտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու լար հայոց լեզուն:

Հոսել է նա մեր դարերից, մեր սարերից ու մեր սրտից,
Արաքսի պէս միշտ կենդանի, միշտ անսպառ՝ հայոց լեզուն:

Նա առատին կանչն է եղել դիւցազնական մեր նախահօր,
Օրօրոցից մեզ փայփայել է մայրաբար հայոց լեզուն:

Քերթողահայր նարեկացուց մինչև Քուչակն ու ձեր ծառան,
Տւել է մեզ երազ ու երգ և ճանապարհ՝ հայոց լեզուն:

Կը մոլորւէր մեր կարաւանն ամպրոպաշունչ գիշերներին,
Կը կորչէինք, եթէ ճամբին չըբոցկլտար հայոց լեզուն:

Քանի՜ ցեղեր ցամաքեցին, ինչպէս հեղեղն աւազի մէջ,
Բայց նոր դարի ծովին հասաւ մեսրոպատառ հայոց լեզուն:

Նրան իր ձեռքն է վերցրել մեր պետութիւնն աշխարհաշէն,
Այդ վեհ ձեռքով է բարձրանում դէպի կատար՝ հայոց լեզուն:

Այսօր էլ նա բռնութեան դէմ փայլատակում է բարկացայտ,
Հերոսական լեզուների հերոս եղբայր հայոց լեզուն:

Ուրեմն եկ փառաբանե´նք, փայլեցընենք թրի նման,
Որ զրընգայ արևի տակ յաւէտ պայծառ հայոց լեզուն:

Angelina
10.05.2007, 09:15
Գիտես, շատ քչերն են, որ կարողանում են հասկանալ դասական ուղղագրությունը:

Ուլուանա
10.05.2007, 10:22
Գիտես, շատ քչերն են, որ կարողանում են հասկանալ դասական ուղղագրությունը:
Հասկանա՞լ։ :o Բայց հասկանալու ի՞նչ կա։ Ուրիշ բան, եթե ասեիր, որ աբեղյանական ուղղագրությանը սովոր մարդու համար դասական ուղղագրությամբ գրելն է որոշ չափով դժվար։ Բայց կարդալու և հասկանալու մեջ, կարծում եմ, ընդհանրապես բարդություն չպետք է լինի... Համաձայն եմ, որ անսովոր է ու հետևաբար մի քիչ անհարմար, բայց հաստատ ոչ այն աստիճանի, որ կարդացածդ չհասկանաս... :think

Fantazy
10.05.2007, 10:42
Այս ստեղծագործությունը ես տեղադել էի «Հայկական պոեզիայի գոհարներ» թեմայում, քանի որ առանձին Նաիրի Զարյան չկար:

ԵՐԿՈՒ ՀԱՆՃԱՐԵՂ ԳԼՈՒԽ

Վառվում է վիթխարի մի մայրամուտ
Հեռու հորիզոնից մինչև անտառ.
Խոնարհ թեքվում էին մի թեթև քամուց
Եղևնիները սեգ, վեհակատար:

Պարում էին ճկուն ճյուղ ու տերև
Իրիկնային քամու նվագի տակ:
Միայն կաղնին կանգնած էր աներեր՝
Գլուխն անշարժ և իրանով շիտակ:

Եվ այդ պահին այդ անտառի մոտով
Դանդաղաճեմ նրանք անցնում էին.
Ոսկեզօծված անհուն մայրամուտով,
Իրենց հանճարներով արևային:

Մեկը բարձրահասակ և գեղիրան՝
Որպես նոճին արքայական այգու,
Մյուսը վայրի, կոպիտ կաղնու նման՝
Խռիվ գանգուրներով և ահարկու:

Մեկը մարմնով, հոգով ծանրազարդված
Շքանշաններով իրեն դարի,
Վսեմ, որպես օլիմպիական աստված,
Տիպար հզորության ու հանճարի:

Իսկ մյուսը պարզ, անշուք ու գլխաբաց,
Կրծքի վրա և ոչ մի ժապավեն.
Ծովածավալ հոգուն ոչ մի կապանք՝
Ճանապարհով քայլում էր վեհորեն:

Մեկը նայում էր լայն շրջապատին
Ու նշմարում ամեն հակասություն,
Որսում ամեն ժպիտ, փառք ու պատիվ,
Կուռքերն էր տապալում և աղոթում:

Մյուսը խորասուզված իր խոհերում՝
Չէր նկատում կյանքի «չարն ու բարին»,
Հուժկու իր աչքերով չէր նշմարում
Մանրուքն առօրեական ճանապարհին:

Հայացքը լեռներին արևաներկ՝
Նա պատմության քայլերն էր սոսկ լսում,
Որոնք դարձան հուժկու սիմֆոնիաներ
Նրա հոգու հուզված օվկիանոսում:

Դրանք էին Գյոթեն ու Բեթհովենը,
Խոսքի արքան ու հնչյունի արքան,
Որ զբոսնում էին դանդաղորեն
Որսի անտառներում արքայական:

Երգի, իմաստության երկու պետեր՝
Նրանք վիճում էին մեղմ ու հանդարտ,
Մերթ մռայլվում, մերթ ծիծաղում թեթև՝
Քրքրելով կյանքի կծիկը բարդ:

Եվ երազում էին երկու արքան՝
Մարդու, կյանքի և ապագայի մասին,
Ծաղրում կարգերը հին ֆեոդալական,
Գիտությունները կեղծ, խավարածին:

Ծաղրում էին նրանք և՛ հոգևոր
Ե՛վ աշխարհիկ ապուշ արքաներին,
Որոնք որպես դևեր խավարամոլ
Կյանքի ելքերը լույս՝ փակել էին:

Ծաղրում էին կեղծիքը, ճորտությունն
Ու շողոքորթությունն իրենց դարի
Եվ այն մարդկանց, որոնք իրենց լեզուն
Շինել էին սրբիչ գարշապարի:

Որոնք հացից՝ ազնիվ գործով առած,
Գերադասում էին ձրի ոսկոր.
Հեզ կատուներ տխմար տիրոջ առաջ,
Իսկ արտաքուշտ՝ վագրեր ամպագորգոռ:

Նրանք խոսում էին՝ հոգեկորով,
Հպարտ, ինքնավայել մարդու մասին,
Ու իր ազնիվ բազկով, իր հանճարով
Տիրում էր իր փառքին և իր հացին:

Որ պիտի գար, քայլեր այս անտառում,
Կյանքում հավերժական այս արևի տակ՝
Առանց ապուշներին գլուխ տալու,
Հոգով ազատ և իրանով շիտակ:

Որ խոնարհվեր հիացմունքով հպարտ
Միայն հանճարների փայլի առաջ,
Անցներ առանց վախի. ճակատը պարզ,
Չզգար հոգում ստորության արատ:

Երկու մրրկահույզ երազողներ՝
Նրանք անցել էին եզր ու սահման,
Խոհերն անհուն իրար էին խառնել
Երկու ծովի կամ երկնքի նման:

Վառվում էր հորիզոնն արևաներկ
Նրանց հոգում նման լուսաբացին…
Թվում էր կյանքը հանճարեղ մի երգ՝
Մահվան, կյանքի, ապագայի մասին:

Անցնում էին նրանք, երկու տիտան
Արքայական որսի ճամփաներով,
Հպարտ իրենց անխառն ընկերությամբ
Ու երջանիկ իրենց վսեմ սիրով:

Եվ նոճիները հեզ ու հնազանդ՝
Ուժեղացող քամուց թեքվում էին.
Միայն կաղնին խշշում էր անսասան
Կռվի, հպարտության իր երգը հին:

Եվ այդ պահին հանկարծակի լսվեց
Նժույգների խրխինջ, շների հաչ,
Եվ արձագանք տվին անտառի մեջ
Հրացանի զարկերը հողմաշաչ:

Արքան էր այդ վերադառնում որսից
Իր արքունի փայլուն շքախմբով,
Ծառս էր լինում նրա ահավոր ձին
Եվ արշավում արքայական ճամփով:

Այն ժամանակ Գյոթեն՝ խոսքի արքան,
Ճանապարհից ելավ ակնածանքով,
Կանգնեց հեռու, որպես վսեմ արձան՝
Խոնարհելով գլուխը գանգրաթով:

Եվ սպասեց այդպես նա գլխահակ,
Ինչպես վայել էր հեզ հպատակին,
Մինչև անցավ իշխողն այս ստահակ՝
Գոռոզության կնճիռը ճակատին:

Իսկ Բեթհովենն ինքնավայել ու լուռ,
Դանդաղ շարունակեց իր ճամփան,
Մինչև անգամ առանց մտիկ տալու
Մեծաժխոր երթին արքայական:

Եվ երբ վերջին ձիավորներն անցան
Ու փարատվեց նրանց փոշին օդում,
Կանգնեց հզոր հնչյունների արքան
Որպես կաղնի, տիտանաբար տրտում:

Ու գլխահակ այդպես մնաց կանգնած,
Մինչև հասավ Գյոթեն մռայլ ու հեզ,
Իրար հանդիպեցին երկու հայացք
Երկու կայծակնալից ամպերի պես:

-Ինչպե՞ս չամաչեցի՛ր,-գոչեց ահեղ
Հնչյունների արքան արդեն սառած,-
Որ թեքեցիր գլուխդ հանճարեղ
Այն թագակիր տխմար գլխի առաջ:

Ու լռություն տիրեց այնուհետև,
Երկարատև, դաժան մի լռություն,
Մի լռություն, որ կտիրեր, եթե
Հանկարծ անէանար անտառն արթուն:

Խոր նայեցին նրանք իրար մի պահ,
Որպես երկու վշտաքանդակ արձան,
Ոչ ոք չարտասանեց էլ ոչ մի բառ,
Եվ ծանրաճեմ քաղաք վերադարձան:

Իսկ անտառում մարում էր մայրամուտը
Նման հանգչող սիրո գունատ բոցին:
Խոնարհ թեքվում էին գոռոզ քամուց
Եղևնիներն ու գեղիրան նոճին:

Հեծում էին անհույս ուռենիներ,
Պարում էր սոսկահար խարտյաշ հացին,
Միայն կաղնին խշշում էր խուլ՝ մի երգ
Գալիք հպարտ սերունդների մասին…

Էդգար
11.05.2007, 15:58
vartabooyr ev Fantazy ոնց որ դուք Նաիրի Զարյանից լավ եք տեղյակ, դե մի հատ Զարյանի Ստալինը գրեք էլի

SAS
11.05.2007, 21:19
vartabooyr ev Fantazy ոնց որ դուք Նաիրի Զարյանից լավ եք տեղյակ, դե մի հատ Զարյանի Ստալինը գրեք էլի
Աքիլեսին՝ Հոմերն երգեց,
Ռուստամ Զալին՝ Ֆիրդուսին,
Ոսկեզօծվեց հազար երգով,
Նապոլեոնի փառքը սին...

ևն :)

vartabooyr
11.05.2007, 22:04
vartabooyr ev Fantazy ոնց որ դուք Նաիրի Զարյանից լավ եք տեղյակ, դե մի հատ Զարյանի Ստալինը գրեք էլի
«Մեծապատիւ պարոն»
Կայքէջում դրած նկարիցդ յայտնի է թէ վերոյիշեալ դիտողութիւնդ որտեղից է ջուր խմում: Զարեանը մեծ բանաստեղծ է եղել և եթէ նրա մասին չարախօսները որոշ կարծիքներ են յայտնել դա չի նշանակում որ մենք այսօր նրա հիանալի գործերը անտեսենք: Դու արդեօք ծանօթ ե՞ս նրա «ԱՍՔ ԷՈՒԹԵԱՆ»-ը, «ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ» սքանչելի պիեսին, թէ մենակ տոգորւած ես անհեթեթ նկատողութիւններով:
Թւյլ տուր Չարենցից մի կտոր վերջում աւելացնեմ, գուցէ օգնի քեզ որ այսույտ խոհեմութեամբ արտայայտես մտքերդ:
ՀԱՐՑ
Եղիշէ Չարենց
Ես հարց եմ տալիս յաճախ հիմա ինձ,
Նայելով ոմանց «փառաւոր» դնչին,
Թէ ինչո՞ւ է դարն այսքան վիթխարի,
Իսկ սրանք - այսքան փոքրիկ ու չնչին...

SAS
14.05.2007, 17:44
Չարենցի այդ էպիգրամն ուղղված է հենց իր՝ Զարյանի դեմ, մի մարդ, որ ամեն ինչ արեց Չարենցին, Մահարուն, Թոթովենցին և ուրիշներին ֆիզիկապես ու բարոյապես ոչնչացնելու հանար:Բոլշևիկյան Մոլոքը միշտ զոհեր էր պահանջում. Զարյանը՝ զոհ մատուցող քրմապետերից մեկն էր:

Զարյանն ու Մահարին մոտիկ ընկերներ էին և Չարենցի սիրելի ճտերը: Մահարին մինչև վերջ մնաց հավատարիմ իր հանճարեղ ուսուցչին, իր ոտքն իր վերմակի չափ երկարեց:Զարյանը, որպես բանաստեղծ, փորձեց մրցակցության մեջ մտնել Չարենցի հետ և զգալով իր տաղանդի ոչնչությունը՝ ՀԱՄԵՄԱՏԱԾ Չարենցի հանճարի հետ, ամեն ինչ արեց Չարենցին ոչնչացնելու համար:

Հայ գրականությունը չնչին բամ կորցրած կլիներ, եթե Զարյանը ծնված չլիներ, բայց առանց Չարենցի հնարավոր չէ պատկերացնել հայ քերթողական արվեստն ընդհանրապես:

vartabooyr
14.05.2007, 23:16
Սիրելի Սաս,
Լրիւ համամիտ եմ քո ասածների հետ: Զարեան մարդը բարի անհատ չի եղել և իր կաշին փրկելու համար շատերի է վնասել: Եթէ յիշում ես նախքան Ստալինի մահւան հայկական դեկադայի (տասնօրեակների) օրերին) երբ նրան դուրս էին դրած Մոսկւա գնալու ցուցակից, ինքն անձամբ ներկայացաւ համագումարում և իր անձագրի համար ահագին աղմուկ բարձրացնելով վերջապէս մտաւ ժողով: Այդ համագումարում կարդաց Ստալինին նւիրւած իր բանաստեղծութիւնը, որից յետոյ Սիլվա Կապուտիկեանի հետ միասին նա էլ արժանացաւ Ստալինեան մրցանակին: Զարեանը արդէն զգացել էր որ իր Սիբիր աքսդորւելու ժամանակն էլ պիտի գար, նրան արդէն գրագող էին համարել իր «Հացաւան» գրւածի համար թէ դրան նա վերցրել է «Շոլոխով»-ից: Զարեանին միակ ապտակողը եղաւ Ակսել Բակունցը որին Նաիրին ասել էր.-դու դաշնակցական ես.- , դա իհարկէ շատ մեծ յանձանք էր մի կոմունիստի համար որ մի ուրիշ կոմունիստի ապտակի, բայց որովհետև Ա. Խանջենը դեռ գործի գլուխ էր, Բակունցին բան չպատահեց, բայց յետագային Նաիրին վրէժխնդիր եղաւ Բակունցին դաշնակցական անւանելով, որից յետոյ Ակսելը ոչնչացւեց: Այս բոլորից յետոյ պիտի տարբերութիւն դնել «Զարեան մարդու» և «Զարեան բանաստեղծի» միջև և չմոռանալ որ Զարեան բանաստեղծը շատ լաւ գործեր է տւած, օր.՝ նրա «Արա Գեղեցիկ» դրաման միակն է հայերէն գրականութեանմէջ որ համաշխարային չափանիշերով բարձր որակ ունի:
Նոյնը կարելի է ասել «Չարենց մարդու» և «Չարենց բանաստեղծի» մասին, առաջինի մասին ես շատ վերապահութիւններ ունեմ, իսկ երկրորցի մասին ո´չ ես և ո´չ էլ ուրիշները կարող ենք որևէ վերապահութիւն ունենալ:
Սիրով և յարգանօք,
Վարդաբոյր

Fantazy
15.05.2007, 10:19
Ժողովո՛ւրդ :angry , դուք վիճում եք մի բանի մասին, ինչը չեք կարող հստակ իմանալ: Չէ-որ ոչ ոք չգիտի այդ մարդկանց գործողությունների դրդապատճառները: Դուք նույնիսկ չգիտեք թե ինչ կանեիք, եթե հայտնվեիք նրանց տեղը (Ես չեմ արդարացնում): Դրա համար եկեք այստեղ չքննադատենք ոչ մի մարդու, այլ քննարկենք այդ մարդու գրածները, գործերը: Ես Զարյան այդքան շատ չեմ կարդացել, բայց այս մի ստեղծագործությունը՝ «Երկու Հանճարեղ գլուխ», ինձ դուր է գալիս և վերջ: Սա իմ դպրոցական տետրից եմ արտագրել այստեղ:
Նույնիսկ ավելացնեմ. «Հայկական պոեզիայի գոհարներ» թեմայում գրել եմ այս ստեղծգործությունը և տակից էլ մի երկու տող եմ ավելացրել



Չնայած այս ստեղծագործությունը գրվել էավելի քան 70 տարի առաջ, բայց ճշտորեն ներկայացնում է մեր այժմյան իրականությունը:
Ես մի բան չեմ հասկանում, թե ինչպես է Զարյանը գրել այսպիսի ստեղծագործություն, երբ նա եղել է այն բանաստեղծներից, որոնք փառաբանում էին Ստալինին:

Էդգար
15.05.2007, 17:08
Աքիլեսին՝ Հոմերն երգեց,
Ռուստամ Զալին՝ Ֆիրդուսին,
Ոսկեզօծվեց հազար երգով,
Նապոլեոնի փառքը սին...

ևն :)

Նախ Նապոլեոն չի Բոնապարտ ա երկրորդն էլ եդքանը ես էլ գիտեմ: Ամեն դեպքում մերսի::(

Էդգար
19.12.2007, 16:38
«Մեծապատիւ պարոն»
Կայքէջում դրած նկարիցդ յայտնի է թէ վերոյիշեալ դիտողութիւնդ որտեղից է ջուր խմում: Զարեանը մեծ բանաստեղծ է եղել և եթէ նրա մասին չարախօսները որոշ կարծիքներ են յայտնել դա չի նշանակում որ մենք այսօր նրա հիանալի գործերը անտեսենք: Դու արդեօք ծանօթ ե՞ս նրա «ԱՍՔ ԷՈՒԹԵԱՆ»-ը, «ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ» սքանչելի պիեսին, թէ մենակ տոգորւած ես անհեթեթ նկատողութիւններով:
Թւյլ տուր Չարենցից մի կտոր վերջում աւելացնեմ, գուցէ օգնի քեզ որ այսույտ խոհեմութեամբ արտայայտես մտքերդ:
ՀԱՐՑ
Եղիշէ Չարենց
Ես հարց եմ տալիս յաճախ հիմա ինձ,
Նայելով ոմանց «փառաւոր» դնչին,
Թէ ինչո՞ւ է դարն այսքան վիթխարի,
Իսկ սրանք - այսքան փոքրիկ ու չնչին...
Չէ բայց ես իսկականից ուզում եմ «Ստալին» բանաստեղծությունը, դուք երևի ինձ սխալ եք հասկացել
Եթե ունեք գրեք էլի

Dayana
19.12.2007, 19:21
Նաիրի Զարեան , իրական անունը եղել է Հայաստան Եղիազարյան, իսկ գրական կեղծանունը նրան այսպես ասած նվիրել է Չարենցը։ իսկ հետո էե նա ինչպես է վարվել մեր բոլորի սիրելի Չարենցի :( գիտենք բոլորս, դրա համար էլ չեմ սիրում Զարյանին, չնայած նրան որ "Արա Գեղեցիկ և Շամիրամ" հիանալի գործ է :(

Սերխիո
19.12.2007, 19:36
Նաիրի Զարեան , իրական անունը եղել է Հայաստան Եղիազարյան, իսկ գրական կեղծանունը նրան այսպես ասած նվիրել է Չարենցը։ իսկ հետո էե նա ինչպես է վարվել մեր բոլորի սիրելի Չարենցի :( գիտենք բոլորս, դրա համար էլ չեմ սիրում Զարյանին, չնայած նրան որ "Արա Գեղեցիկ և Շամիրամ" հիանալի գործ է :(

Նաիրի=Հայաստան
Եղիա-Զարյան
ես լսել էի;)

Այս թեման տեսնելուց ուզեցի անպայման խնդրել Ստալինին նվիրվածը, բայ տեսա ,որ խնդրել էին արդեն ,ուստի միանում եմ Էդգարին:)

StrangeLittleGirl
19.12.2007, 20:34
Նաիրի Զարյանը այն հայ բանաստեղծներից է, որի մասին հանգիստ կարող եմ ասել, որ կարելի է դասագրքերից վերացնել:
Լավ, եթե թողնում ենք Զարյան մարդուն, ապա ստեղծագործողի մասին էլ դրական կարծիք չունեմ:
Իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով նա պարզապես միջակ է: Ու կարծում եմ, որ նա ոչ մի բարոյական իրավունք չուներ «Երկու հանճարեղ գլուխ» պոեմում Գյոթեին այդպես նսեմացնելու: Էլ չեմ ասում, որ ընդհանուր գործն էլ միջին մակարդակով է գրված:

Cassiopeia
19.12.2007, 21:18
Ինքս երբեք չեմ սիրել Զարյան ստեղծագործողին, իսկ նրա մարդկային արժեքն ինձ համար զրոյի է հավասար: Բայց հաճույքով կկարդայի նրա "Պարոն Պետրոսն ու իր նախարարները" ստեղծագործությունը…

Պանդուխտ
19.12.2007, 21:30
Չէ բայց ես իսկականից ուզում եմ «Ստալին» բանաստեղծությունը, դուք երևի ինձ սխալ եք հասկացել
Եթե ունեք գրեք էլի

Զրուցակիցդ չի կարող քեզ պատասխանել յետայսու: Լո'յս նրա յիշատակին:

Cassiopeia
19.12.2007, 21:32
Զրուցակիցդ չի կարող քեզ պատասխանել յետայսու: Լո'յս նրա յիշատակին:

Պանդուխտ, բառերդ նշանակում են, որ…:( միթե ճիշտ եմ հասկացել դրանց իմաստը:(

Amaru
19.12.2007, 21:33
կներեք… այսի՞նքն…

Պանդուխտ
19.12.2007, 21:46
Այո, մօտաւոր երեք ամիս առաջ:
Բժիշկ Հրաչ Վարդանեանը եօթանասունն անց էր արդէն: Աստուած հոգին լուսաւորի:

Սերխիո
19.12.2007, 23:10
Այո, մօտաւոր երեք ամիս առաջ:
Բժիշկ Հրաչ Վարդանեանը եօթանասունն անց էր արդէն: Աստուած հոգին լուսաւորի:

իսկ նա այսօր եղել է այստեղ ` Վերջին անգամ ակտիվ: Այսօր 21:31

Պանդուխտ
20.12.2007, 12:02
Ինքը չէ:

SAS
10.01.2008, 18:27
Նախ Նապոլեոն չի Բոնապարտ ա երկրորդն էլ եդքանը ես էլ գիտեմ: Ամեն դեպքում մերսի::(
Էդգար,

«մերսին» ի՞նչ է, ուտելու բա՞ն է::think

Լուրջ եմ հարցնում, նյէ իզդյէվայուսյ...

Vive L'Armenie
19.08.2008, 17:09
Սպասում եմ քեզ...

Ես հավատում եմ, որ դու կաս,
Ես սպասում եմ քեզ.
Իմ բաղձալի և բացակաս,
Ես սպասում եմ քեզ։
Դու խոստացել ես ինձ՝ հոգուս
Կապույտ այգաբացին,
Մթնշաղին իմ վաղահաս՝
Ես սպասում եմ քեզ։
Քո խոստումները երեկվա
Այսօր չմարմնացան,
Թեկուզ դու վաղն էլ չերևաս,
Ես սպասում եմ քեզ։
Կաղնիս վաղուց է մերկացել
Հույսի տերևներից,
Թեկուզ դալուկ աշնանը գաս
Ես սպասում եմ քեզ։
Մինչև վախճանն այս երազի
Մնացել է մեկ վայրկյան,
Երջանկության անմահ երազ,
Ես սպասում եմ քեզ։

Դու ասացիր՝ չեմ հավատում

Դու ասացիր՝ չեմ հավատում, ի՞նչ անեմ, որ հավատաս,
Ծանոթ է քեզ ամեն երդում, ի՞նչ անեմ, որ հավատաս։

Ես իմ սիրտն եմ փռել ճամփիդ, որ հեշտ քայլես դու կյանքում,
Դու ապառաժ քար ես կարծում, ի՞նչ անեմ, որ հավատաս։

Դուրս եմ գալիս քեզ փնտրելու, բայց նախատում ես դու ինձ,
Թե քեզանից էի փախչում, ի՞նչ անեմ, որ հավատաս։

Նվեր տված գրքի նման բաց է հոգիս քո առաջ,
Նայում ես լոկ և չես կարդում, ի՞նչ անեմ, որ հավատաս։

Mariam1556
23.11.2008, 20:49
Դու ինձ կըփնտրես

Դու ինձ կըփնտրես, երբ ես չեմ լինի
Կանգնած ամեն օր քո ճամփի վրա,
Երբ մենակության լալկան ուռենին
Կըթեքվի մի օր քո ճամփի վրա։

Ձայնըս կըլսես հեռու ձորերից,
Ինչպես հեռացող գնացքի սուլոց,
Սարսուռով կտաս անունըս նորից
Եվ ունայն հույսով կընետվես փողոց։

Բայց ես չեմ լինի ծանոթ մարդկանց մեջ,
Ձեր դռան մոտով չեմ անցնի կրկին,
Դու քայլամոլոր կշրջես անվերջ,
Եվ զղջման բոցով կայրվի քո հոգին։

******

Գուցե նստած պատշգամբում
Թախծում ես դու մեկի մասին,
Որ երազում է ուրիշին,
Եվ քեզ բնավ չի նկատում:
Ես քո դիմաց այրվող մի հուր,
Չես նկատում , այրվում եմ զուր,
Մեկն էլ գուցե ինձ է փարվում
Իր իղձերում, իր աշխարհում:
Դու ուրիշի, ես՝ քո դիմաց
Դողում ենք լուռ, այրվում անվերջ
ՈՒ մոխրանում մեր չսիրած ,
Մեզ չսիրող թևերի մեջ:

Ավելացվել է 1 րոպե անց
Շնորհակալ եմ աշխարհից, երբ․․․
Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում,
Թեկուզ ինձնից հավետ հեռու, հավետ անհաս աշխարհում:
Անցնեմ միայն ձեր տան մոտով, տեսնեմ ստվերըդ պատին,
Թո՛ղ իմ դիմաց միշտ փակ մնա ամեն դարբաս աշխարհում:
Փողոց ելնեմ, և դու հեռվից հրդեհի պես երևաս,
Հեռվից այրես ու անց կենաս, դառնաս երազ աշխարհում:
Մի առավոտ միայն ժպտաս, ինչպես արևն ամպերից,
Այնուհետև թո՛ղ միշտ անձրև թափվի վրաս աշխարհում:
Գնում եմ ես մերժված, տրտում: Մնաս բարյա՜վ ... բայց կրկին
Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում:

Արիացի
08.09.2009, 10:52
(մի հայուհու)

Ինչո՞ւ չես խոսում հայերեն․․․
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Հոնքերդ հպարտ ու կամար,
Իջնում ես հայոց լեռներեն, ―
Ինչո՞ւ չես խոսում հայերեն:
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլով խանդավառ,
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց,
Հայացքդ մաղում է ամառ:
Հայկից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար:
Իջնում ես հայոց լեռներեն,
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նազանքըդ այնպե՜ս նաիրյան,
Հըմայքդ այնպ՜ս հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն,
Ինչո՞ւ չես խոսում հայերեն:
Նորքից ես թռել դու, իմ լո՛ր,
Զանգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն,
Ինչո՞ւ չես խոսում հայերեն:

Շինարար
09.09.2009, 17:41
ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ

ՍՏԱԼԻՆ

Աքիլլեսին Հոմերն երգեց, Ռուստամ Զալին` Ֆիրդուսին,
Ոսկեզօծվեց հազար երգով Բոնապարտի փառքը սին,
Հազար կայծակ փայլատակեց մրրիկներում արնաներկ,
Ու շողացին գիշերներում հազար ասուպ, հազար երգ:
Բայց տառապած մարդու համար չէր ճառագել մի արև,
Մարքսի նման ճաճանչափայլ, Էնգելսի պես հանճարեղ,
Լենինի պես բոցակորով, Լենինի պես լուսահորդ,
Եվ քեզ նման հստակ ու մեծ, ո´վ պողպատե Առաջնորդ:
Չի´ խավարի ծիրանավառ հորիզոնում պատմության
Ձեր հանճարի արեգնային չորրորդությունը տիտան:
Կծավալվի նա անսահման, հավերժաբար կա´րևի,
Եվ կպատռի մշուշն անցյալ և ապագա դարերի:
Հազար Հոմեր ու Ֆիրդուսի կառնեն գրիչ ու քնար,
Ու երգելով չեն սպառի Ձեր մեծությունն անհնար:
Կերգեն բոլոր լեզուներով բանաստեղծներ նորանոր,
Կտան դարերը Ձեզ վայել հուշարձաններ փառավոր:
Իսկ ես, զինվորդ խանդավառ, հայ լենինյան բանաստեղծ,
Բերում եմ քեզ ժողովրդիս երախտապարտ սիրտը մեծ:
Երգում եմ քեզ, մեծ Ստալին, դու հարազատ ամենքին,
Դու` ազգերի երջանկության ճարտարապետ ու դարբին:
Կանգնած էր նա, իմ ժողովուրդը, խոր վիհի եզերքին`
Իր հանճարի հազարամյա մարգարիտները ձեռքին,
Կանգնած էր նա անդունդի մոտ անօգնական ու հյուծված,
Արյունակից և այլազգի ոսոխներից հալածված,
Մահվան մթին մրրիկների ամենակուլ բերանում`
Նա, հոշոտված բազուկներով, մի ելք էր նոր որոնում:
Ազատարար Հոկտեմբերի քայլերն այն ժամ թնդացին,
Հնչեց քո ձայնը լենինյան, Լենինի հետ միասին.
Դուք օգնության լույս նետեցիք ժողովրդին իմ չոքած,
Դուրս կոչեցիք մահվան վիհից դեպի կյանքի դուռը բաց:
Նա վեր կացավ գոտեպնդված, ոստնեց թափով ահագին
Ու միացավ կոմունիզմի աշխարհաերթ բանակին:
Մեռավ Լենինն ու պատմության սիրտը մի պահ դադարեց
Ու շողացիր հորիզոնում դու արևի նման մեծ,
Նախորդներիդ հզոր լույսով և քո լույսով սեփական
Տանում ես դու երկիրն ահա դեպի պայծառ ապագան:
Անունդ խոր երգի նման մարդկանց հոգին ողողում,
Թևեր տալիս ու հիասքանչ հերոսության է մղում:
Եվ իմ չքնաղ Հայաստանի ծաղկածիծաղ լեռներում
Իր նոր աշխարհն է կառուցում քեզնով լեցուն մի սերունդ:
Եվ ես, նրա ծոցից ելած մի խանդավառ բանաստեղծ,
Բերում եմ քեզ իմ երջանիկ ժողովրդի սերը մեծ:
Երգում եմ քեզ, Մեծ Ստալին, դո´ւ հարազատ ամենքին,
Դու մարդկային երջանկության ճարտարապետ ու դարբին: