PDA

Դիտել ողջ տարբերակը : Նահապետ Քուչակ



vartabooyr
09.05.2007, 05:08
ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ
Վահան Գևորգյան


Այս անունը ծանոթ է քիչ թե շատ գրագետ հայ մարդուն: Նա հայ քնարերգության բոլոր ժամանակների մեծագույն սիրո երգիչն է: Բայց հայերը մեծ ու փոքր, ավելի շատ ծանոթ են Սայաթ-Նովա սիրո երգչին՝ քան Քուչակին:
Քուչակի կյանքի ծննդավայրի մասին մինչև օրս մեզ քիչ բան է հայտնի: Բանաստեղծի թոռանը պատկանող մի ձեռագիր ավետարանի հիշատակարանում 1637 թվականին գրված է եղել հետևյալը.-«Հիշեցեք զՔուչակս և զմեզ պապ իւր Նահապետ վարպետն, որ մականուն Աշըղ Քուչակ ասի...» Ահա միակ գրավոր փաստը, որը մնացել է մեծ բանաստեղծի մասին: Պարզ է, որ մեծ քնարերգուն ապրել ու ստեղծագործել է տասնվեցերրորդ դարում:
Բանասեր Տևկանցը 1882 թ. հրատարակեց «Հայերգ» միջնադարյա հայ բանաստեղծների մի ստվար ժողովածու, որտեղ առաջին անգամ տպագրված 1583 թվի մի ձեռագրից վերցրված քառյակների մի մեծ շարք «Յաղագս հոգւոյ և սիրոյ ոտանաւոր է բանս» ընդհանուր վերնագրով:
Այդ շարքը, որի առաջին քառյակը սկսվում է «Այս ծովական գիշերն ի բուն ես երկու շրջան մանեցի» տողով, մինչև այժմ բանասիրությանը անհայտ աղբյուրի հիման վրա Տևկանցը համարում է Նահապետ Քուչակի ստեղծագործությունը, իսկ նույն ժողովածում տպագրված «Գուզալ մ´ես երեկ տեսայ» տողով սկսվող ոտանավորը համարում է Նահապետ Քուչակի թոռան գործը, որտեղ վերջին քառյակում ասում է .

Ես Քուչակս եմ Վանեցի
Ի գեղէն Խառակոնիսա,
Լցրել եմ հարյուր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ...

Հարյուրամյա բանաստեղծը թեև գանգատվում է հասունացած տարիքից, բայց չի զլանում գովերգելու կանացի գեղեցկությունը, գերազանցելով բոլոր «լաուրաներին գովերգող»՝ Պետրարքաներին, ու «մարգարիտներից խենթացող» Գյոթեներին նրանցից էլ վաղ ու արևելքցուն հատուկ ջերմությամբ, անզուսպ, տաք կրքով, առանց ձևաթափությունների ու կեղծ բարոյախոսության:
Թեպետ գանգատվում է հասուն տարիքից, բայց մեկառմեկ հիշում է իր դարի բոլոր նշանավոր երկիրներն ու քաղաքները: Բերված քառատողը հուշում է ,որ Նահապետն էլ պիտի ծնված լիներ հենց այդ գյուղում, բայց այստեղ արդեն պատմությունն ու բանասիրական պրպտումները առաջարկում են հազար ու մի վարկածներ: Իհարկե եղած փաստերը, մանավանդ բանավոր զրույցները թելադրում են ,որ Քուչակը նույնպես ծնվել է Վանի խառակոնիս գյուղում: Գյուղում է գտնվում նրա սրբավայր դարձած գերեզմանը: Միայն թե այստեղից էլ սկսվում է հրաշալի լեգենդանման պատմությունը, լեգենդ, որովհետև իրականը դեռ ոչ ոք չի կարողանում ապացուցել:
Քուչակի ծննդավայրը ՝ Վանը թե Ակնա գավառը, այսօր հավանաբար այնքան էլ ընթերցողի համար չի կարևորվում, խնդիրը՝ ծննդավայրի զուտ բանասիրական պրպտումների համար է կարևոր: Մեզ նման ընթերցողներս գոհ ենք ,որ կա նրա հաշափառ պոեզիան և պարտավոր ենք իմանալ ու կարդալ:
Ժամանակին Մեծ Կոմիտասը Ակնա շրջանից բազմաթիվ «հայրեններ» հավաքեց: «հայրեններ» բանաստեղծության մի հրաշալի տեսակ են ,որի արմատները գնում են դարերի խորքը, դեռ Մովսես Խորենացին է իր ժամանակին գրի առել բանավոր նմուշներ հայկական համարվող այդ տեսակից, իսկ քրիստոնության տարածումից հետո տասերրորդ դարի նշանավոր մտածողներից ՆԱՐԵԿԱՑԻՆ տվեց հայրենների երկրորդ կյանքը, որը իր կատարելությանը հասավ Նահապետ Քուչակի ժամանակ:
Փաստորեն Նահապետ Քուչակը եթե հավատանք լեգենդին Ակնեցի նշանավոր բանաստեղծը թուրքերի տիրապետության ժամանակ, միջնադարի ծանր տարիներին, գաղթեց Վանի շրջանը ուր էլ բոլորեց իր հարյուր տարին: Նա նշանավոր էր անգամ թուրքերի շրջանում: Ինչպես գիտենք աշուղական ՝ թառ ու սազի երկրպագուները հիմնականում թուրքերն էին, և մեծ բանաստեղծ ու հայ մարդը, հայրենները պիտի ինչ որ կերպ օրինականացներ ու բնականաբար ինքն էլ դարձավ առաջին մեծ նշանավոր աշուղը՝ ողջ արևելքում , որի ուղղակի իմաստով հաջորդ նշանավորը պիտի լիներ Սայաթ-Նովան:
ճակատագիրն ու պատմությունը ասես կրկնվում էր, հեթանոսական երգերի կատարին եկավ քրիստոնեությունը, ամենինչ քանդեց ու ավերակների վրա սկսեց կառուցել իր եկեղեցին: Մեսրոպ Մաշտոցի, Խորենացու և մյուսների ջանքերով ինչը հնարավոր էր հարմարացրեցին եկեղեցուն ու փրկեցին՝ Անահիտի, Աստղիկի, մյուս հեթանոսական աստվածներին ու մշակույթի մի մասը. մազապուրծ այդ շյուղի վրա էլ բացվեց արդեն եկեղեցու հովանավորությամբ մեր խցանված գեղարվեստի իսկական ակունքը, Նարեկացիներն ու Մխիթար Գոշերը ավելի բախտավոր էին, նրանց ժամանակ եկած ու մշակույթի տարածքին տեր դարձած քրիստոնեությունը խրախուսում էր ակունքից բխած ու արդեն խաչով զարդարված մեր արվեստը: Հազարամյակի ավարտին, այսինքն տասնհինգերրորդ դարի սկզբներին երկիր մտան նախորդներից էլ ավելի վայրագ ու մարդակեր գազանները՝ թուրքերը, որոնք արյուն ավերից հետո սիրում էին թառ ածել:
Ծնվում էր թուրքական արվեստը՝ աշուղությունը, մեր հայրեններին էլ մնում էր համակերպվելու, մի կերպ դիմանալու տոկալու ձեը: Աշուղությունը շուլալվում էր հայրեններին Քուչակը մեծ էր ու իմաստուն նա նվագով ու երգով հասցրեց բթացնել գազանին: Դարձավ առաջին ու խոշորագույն աշուղր բանավոր շուրթից շուրթ Ակնից մինչև Վան ստեղծագործած հայրենները տարածելով:
Այսօր մենք ունենք , սիրո, հայրենասիրության ու պանդխտության հայրեններ: Այդ հայրեններից շատերը հետագայում են գրի առնվել, շատերը ժողովուրդն է հորինել ու ավելացրել մի խոշոր ու կարևոր մասն էլ ունեն հեղինակներ: Նրանք մեր միջնադարի նշանավոր տաղերգուներն են, որոնք հալածված թուրք զավթիչներից, վանքերում ու վանքապատկան տարածքներին կից քարայրներում հորինել են «Հայրենները», որին ժողովուրդը պահել ու պահպանելով երբեմն էլ «Անտուննիներ» կրկնակի իմաստ տալով հասցրել է մեր օրերը:
Ապրող լեգենդ է, բանասերները լավ գիտեն անտունին՝ բառացիորեն իր անտուն լինելուց առաջ ունի զուտ բանաստեղծական իմաստ՝ բանաստեղծության ներքին կառույցի հետ կապնված, նույն երկակի իմասը ունի ժողովրդի համար նաև «Հայրենները», հայրենները ժողովուրդը սիրում է կապել նաև կորցրած հայրենիքի հետ, այդ պատճառով էլ ավելի շատ տարածված են պանդխտության ու սիրո, մանավանդ պանդուխտի սիրո տաղերը:
Այստեղ ժողովրդի համար կարևորը երգն ու տաղն է տաղը, որի ինչ լինելը մասնագետների խնդիրն է: Թող նրանք վերլուծեն համադրեն, իսկ մինչ այդ հարկավոր է այդ տաղերից մաքրել բոլոր թուրքական, արաբական, պարսկական, միջնադարյան բարբառաբառերը, թեթևակի թափ տալ կպչուն փոշին ու մաքրված վիճակում ներկայացնել ընթերցողներին:
Օգնենք մեր սերունդներին, որ կարողանան կարդալ Քուչակներին ու հասկանալ ինչպես կարդում են ու հասկանում Թումանյաններին ու Վարուժաններին, Տերյաններին ու Շիրազներին:
Քուչակյան տաղերով, հայրեններով, անտունիներով սկսենք ճանաչել մեր մեծերին, որ մի օր էլ նրանց չկորցնենք մեր խառնակ օրերում: Կորցնելը հեշտ է, դժվարը՝ գտնելն է:
Այս բոլորը նվիրում եմ մեր հազարյոթհարյուր ամյա հոբելյանական հանդիսություններին:
Նվիրում եմ ավել ջահել ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ , որի անունով առ այսօր մենք չունենք եկեղեցի, քանզի նրա տառերը մեզ համար եղեղեցիներ են ու տաճարներ, որտեղ բացվում են մեր բոլոր նորածին հայորդիների թոթովախոս լեզուները:
Փա՜ռք Մեսրոպին ու նրա ժառանգներին:

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ
Արդիականացրեց՝ Վահան Գեւորգյան

Երբ սերը աշխարհ եկավ,
Եկավ սրտիս տիրացավ,
Սրտիցս ելավ գնաց`
Երկրե-երկիր լիացավ:
Եկավ գլխիս նստեց,
Թառեց մեջն ուղեղիս,
Աչքես արտասունք խլեց,
Արյունիս հետ վար թափվեց :

Լեռն ի վար ես իջա,
Կանչեցի,-«Ուր կա կանաչ»
Ինչ-որ մեկը լոկ ձայնեց,
«Սար ու ձոր, ամենը՝ կանանչ»,
Ո՜վ որ սրտով սեր ունի
Սրտի՜ երակն է կանաչ,
Ով որ սրտովը սեր չունի,
Սիրտը՝ սեւ, երեսն է կանաչ»:

Սիրուն հասնող քաղցր պտուղ,
Չե՜մ հավատում` կա աշխարհում,
Մեղր ու նշով շաղվածն անգամ
Սիրո կողքին՝ դա´ռն է, լեղի´.
Այլ բաներ էլ ճաշակեցինք.
Քեզ հետ արդեն՝ տերն ենք սիրո,
Սերդ՝ սրտիս թե նվիրես.
Ինքս՝ սիրո՜ւդ ճորտ ու գերի:

Ու՞ր էիր, որտե՜ղից եկար,
Անծանոթ, ինձ սիրեցիր,
Կրակըդ զգեստի թեւերից`

Սրտիս ականջից կախեցիր:
Ամուր եմ քարի նման ,
Որ մուրճն էլ չի ջարդի,
Բար´ր եմ թուխպ ամպի նման,

Որ ինձ ոչ մեկը չի՜ հասնի,
Աղեղը եղնիկի եղջույրից,
Լարն էլ աղիքից գայլի`
Նետողն էլ քաջորդի լինի,
Դժվար թե սիրուս հասնի:

Ծոցս ի վար թափեցիր,
Սերդ ոսկի դարձրած,
Սրտիս քուրայում հալեցիր/
Հալոցքից ոսկե օղ ձուլեցիր
Սրտիս ականջից կախեցիր:

Ամուր եմ քարի նման,
Որ մուրճն էլ չի ջարդի,
Բարձր եմ թուխպ ամպի նման,
Որ ինձ ոչ մեկը չի՜ հասնի,
Աղեղը եղնիկի եղջույրից,
Լարն էլ աղիքից գայլի/
Նետողն էլ քաջորդի լինի,
Դժվար թե սիրուս հասնի:

-Ա՜յ իմ մարգարտյա շարոց,
Պագ մը տուր, որ չըմարեմ.
-Ծո՜, գանգրահեր թուխ կտրիճ,
Հազարը տամ-, թե չըպարծենաս,
Արբունքից գլուխդ շաղվի՝
Մարդամեջ մտնես զրույցի
Համբույրը պարծանք թվա,
Ամոթից տեղդ կորցնես:

Պատկերդ , ու՞մ պատկերին է նման-
Նման ես իսկը պարսկու՜հու,
Պատկերը, որ քեզ է տրվել,
Արարիչն է անշուշտ խոսել-
Ջահելին տենչացող չդավես:

Չկա ոչ ջահել, ոչ էլ ծեր,
Որ սիրո կածանը չի մտել,
Վիշտն ամոքող ճամփա չկա,
Ճար անող կա, ճար չկա:
Ում պատմեմ գանգատս հիմա
Որ գնա յարիս ասի,
Գնամ արաչին ասեմ,
Ինքն է գիրը գրել:
Ծոցդ՝ դրախտ Ադամա
Մտնեի խնձոր քաղեի
Զույգ ծծերիդ միջեւ
Պառկեի քնեի.
Գինին լիներ քո գույնի
Խմեի ու հարբեի,
Հոգիս թե պարտք է գրողին՝
Հարբածիս թող առնի տանի:

Իջնում էի փողոցով
Ականջս շրշույն լսեց,
Ետ դարձա՝ նայեցի
Շղարշ-շապիկը հագին
Գլխաշորը թույլ կապած
ՈՒ ճակատն կիսաբաց,
Հոնք ու թարթիչները հինած
Անգութ յարս էր կանգնած:

Ա՜յ իմ Նունուֆար ծաղիկ,
Այս ջրի մեջ դեռ կապրես.
Ջուրն էլ քեզ համար առիթ,
Սիրուց շատ վրան կդողաս,
Գամ ջուրը քեզանից զատեմ,
Որ դարդից վերջապես չորանաս,
Աչքիցս քեզ համար առու հանեմ
Արցուքովս ջրեմ՝ պայծառանաս:

Կարմիր ու ճերմակ երես,
Ա՜խ ինչքան սիրտս ճմլես,
Կըմտնես, թուխ ամպի մեջ
Տաք ու պաղ կանես, կայրես,
Կոճակդ էլ բացած այնպես՝
Որ ճերմակ ծոցդ երեւա,
Նրան ինձնից կպահես,
Որ փողի ձայնը չըլսես:

Երբ որ ես փոքր էի,
Ասում էին ոսկե տղա,
Մեծացա սիրով ընկա,
Երեսիս գույնը կըգնա,
-Տղերք ձեր արեւը վկա.
Սիրուն քա´ր չի՜ դիմանա,
Քար ու երկաթ է պետք,
Պողպատե դուռն էլ վրան

Ես աչք ու դու լույս , հոգի,
Առանց լուս՝ աչքըն խավարի,
Ես ձուկ ու դու ջուր հոգի´,
Առանց ջուր՝ ձուկը չի ապրի,
Երբ ձուկը ջրից հանեն
Ուրիշ ջրի մեջ նա կապրի,
Իսկ թե քեզնից ինձ զատեն՝
Կմեռնեմ, ճար չի լինի

Քանի ու քանի ասեմ.
Վարդ մի սիրիր փուշ ունի,
Գնա, Մանուշակ սիրիր
Փուշ չունի, հոտ ունի անուշ,
Վարդը բացված մի սիրիր,
Որ ծոցիդ մեջ նա թառամի,
Կոկոն Վարդը սիրիր
Որ գա ծոցիդ մեջ բացվի:

Ես հավքն էի երկնքի,
Որ գետնին կուտ չէր կերել,
Երկնքում թեւում էի թռչում,
Ես ի՞նչ իմանայի
Թե սիրո թակարդ կա ծովում
Թակարդի մեջ հավք ոտքով է ընկնում
Ես՝ ոտք ու թեւո՜վս ավելի´ ն,
Սիրո թակարդում եմ հիմի...

Աչկունք, պիտի ծրարեմ քեզ
Կրակով, որ գնաս ու վառես,
Լեզվակ պիտի կտրատեմ քեզ
Բութ դանակով, որ լռես,
Սրտիկ պիտի բզկտեմ քեզ՝
Արյունի մեջ թփռտաս,
Թե խոհեմ ու համբերող չես,
Ի՜նչու էս, սիրո տե´ր դարձել...

vartabooyr
09.05.2007, 05:19
Նահպետ Քուչակ #2

Այս աստղերի ներքո
Երկու բան արցունք են քամում,
Մեկ , որ սիրո տեր դառնաս,
Մեկ էլ, որ մահվան հրեշտակը
Սիրածիդ առնի ու գնա,
Մահից հետո՝ նա էլ չի լացի,
Դե´ հիմա դժբախտիս տեսեք
Ո´չ մեռած է , ո´չ էլ՝ կենդանի:

Եկան ու լո´ւրը բերեցին,
Թե յարդ դարձել է աբեղա,
Զարմանք ու ցավն ինձ պատեց,
Թե ոնց նա եղավ աբեղա,
Բերանն էր սովոր մեղրին,
Բա ոնց կերավ նա բակլա,
Մարմինն էր ընտել մետաքսին,
Ինչպես հագավ նա կապա:

Ինչ մայրս ինձ աշխարհ բերեց,
Քահանայի չեմ այցելել,
Չեմ մեղանչել նրա առաջ_՝
Որտեղ տեսել ուղիս շեղել,
Ի՜նքն էլ, ինձնի´ց խույս է տվել,
Թե սիրուն կույս տեսավ աչքս՝
Ծոց ու գրկին երկրպագել,
Ծոցը ճերմակ ժամտուն արել
Կրծքերին եմ խոստովանվել:

Յարս տանիքին քնեց
Ծոցն աստղերին լույս կտար,
Կամ ծոցդ առ ինձ, որ քնեմ,
Կամ թույլ տուր դառնամ տուն,
-Ոչ ծոցս կառնեմ ,որ քնես,
Ոչ էլ կթողնեմ ,որ գնաս տուն,
Այդպես կմնաս կիսարթուն
Մինչ որ բացվի լույս առավոտուն:

Այս աստղերի վրա
Դո´ւ՝ մատանի, ես էլ՝ ակը վրան,
Ուր որ պաղ աղբյուր թե կա
Դու՝ կանանչ, ես էլ՝ ցողը վրան,
Խնձոր ես ծառի ճյուղին,
Ես էլ՝ կանաչ շյուղը նրա,
Վախենամ թե աշունը գա,
Քեզ քաղեն շյուղս չորանա:

Խնձորը ծառի ճյուղին,
Ճյուղն էլ տերեւից ներքեւ,
Կպչում էր յարիս կրծքերին
Կրծկալն էր շղարշով ծածկում,
Կրծքերին ծոցի միջին:
Արեգակը ջուրը իջավ,
Լուսնակ էր, կուժն ուսին
Լոկ ելներ շամամը ծոցից
Քայլում էր օրորվում միջին:

Քո սերը սրտիս ներսում
Տուն է շինել մեջն է ապրում
Աչքերն էլ երդիկ է արել
Մութն իջնի նա վեր կկենա,
Աչքերն էլ երդիկ է արել
Ծուխը երդիկից դուրս կգնա,
Եկեք տնակը տեսեք,
Ծուխը ելել երդիկն է ծածկել:

Քո´ , ծոցդ՝ ճերմակ տաճար,
Քո, կրծքերդ կանթեղ են վառ,
Ես գնամ ժամկոչ դառնամ,
Գամ լինեմ՝ տաճարիդ լուսարար,
-Գնա այ տղա տըխմար,
Քեզանից ի՜նչ լուսարար,
Գնաս դու խաղով կըմնաս,
Տաճարս կթողնես խավար:

Երկու յարուկ ինձ կուզեն,
Չգիտեմ թե որն է սիրուն,
Մեկը ցերեկվա արեւ,
Մյուսը՝ լուսին, մութ գիշերվա
-Լուսին չեմ սիրում ես քեզ
Դու մռայլ ես ու խոժոռ
Գնամ արեգակին սիրեմ,
Նա ծագում է առավոտ լույսին:
Ստում են տղերք իմացեք,
Թե չկա ընտանի Կաքավ,
Մեկին ես երեկ տեսա,
Երանի տիրոջը, որ նրան ունի,
Ունքերը նրբին կամար,
Շուրթերը թերթեր վարդի,
Մեռածին էլ թե գիրկը առներ
Ծոցում նա հարություն կառներ

Աչքերդ են ծովի նման
Վարսերդ ծփուն ալիքներ՝
Զեփյուռի հետ են խաղում,
Իրանդ ճկվում է, ճոճվում,
Այտերդ խնձոր են կարմիր,
Շենշող ես վարդի պես բորբ
Բուրմունքդ աշխարհն է առնում:

Ես տեսա հոգուս՝ հոգուն,
Զարդարված գնում էր ժամ
Ելա առջեւ ե նրա.
-«Ու՞ր կերթաս, ժամն է հարամ.
Թե՜ սերս ընդունե´ս,
Ի՜նքս մի ժամ, քեզ համար,
Աղոթք, աղաչանք կանեմ
Թող քո ծոցին տիրանամ»:

Իմ բարձրագնա լուսին,
Ու՜ր էս շրջում ծովը մութ,
Երդիկներից ներս նայում,
Ինչքան սիրում կար քնած,
Կոճակն արձակ, ծոցը բաց
Լույսդ դիպավ կրծքերին
ՈՒ ետ դարձավ դեպի քեզ,
Աստղերը խամրեցին
Կրծքերի լույս ցոլանքից:

Լուսին երկնային, զուր ես պարծենում,
«Թե լույս ես տալիս աստղերին»
Ահա երկրածին մի լուսին
Գրկիս մեջ երեսն երեսիս,
Թե կասկածում ես նվաստիս,
Ետ կտամ փեշը թիկնոցիս՝
Վախենամ սիրո տեր դառնաս
Լույս չըտաս աստըղերին:

Ես կասեմ նրան.-« ինչ անուշ ես»,
Պատասխան կտա.-«Թե տերն է տըվել»:
Կհարցնեմ հետո.-Համբո՞ւյր կտաս
Ինքը կասի.- «Համբույրը գի՜ն ունի»,
Գինը Հարցրեցի´
Համբույրի՝ ասաց.-«Հոգի՜դ...»
-Հոգի՜ս էլ, հոգո´ւդ կուզի,
-Չեմ ասի չէ´ իմ անգին, կհանեմ կտամ քեզ
Վախենամ թե աչքերս ուզես,
Ու թե տամ՝ ինչով նայեմ ես քեզ,
Աչքեր՝ վեց ու յոթ դեռ ավելի՝
Աչքեր քառասուն ու վեց գուցե,
Մեկով՝ աշխարհին նայեմ,
Մնացած բոլորը քեզ գգվեմ:

Դեռ գարունը չէր բոլորել,
Իմ յարս ինձ վարդ էր ուղղարկել,
Վարսից էլ մի մազ էր վարդին փաթաթել
Մազն առա երեսիս դրի,
Փոթորկված հոգիս խաղաղվեց,
Վարդը էլ ի՞նչիս է պետք,
-Ավազից ո՞վ է տուն կառուցել:

-Իմ բարձրագնա լուսին,
Շատ բարեւ տար գեղեցկուհուս,
-Բարեւդ ես ու՞ր տանեմ,
Չգիտեմ տունը գեղեցկուհուդ,
-Թաղով վեր գնա հիմա
Բարձր պատն է, ծառը առաջին
Նստել է ծառի շվաքին
Կխմի կարմիր գինին,
Կխմի ու «հայրեններ» կասի
Թե ինչ անուշ է սերն ու գինին:

Ա՜յ իմ փոքրիկ շամամ,
Քո ծոցիդ, թող տիրանամ,
Ասում են դեղ է ծովը ջերմի
Ծոցդ էլ ծովի է նման,
Փոքըր թռչնակ դառնամ
Մտնեմ ծոցդ ու լողանամ
Ծովիցդ, երբ դուրս ելնեմ,
Ունքերիդ շվաքին քնեմ:

Կարմիր ու ճերմակ երես,
Ասա, դեռ ինչքան պիտի վառես
Մարդամեջ մտած անվերջ
Ունքովդ ինձ հետ զրուցես,
Կոճակդ էլ արձակ ձգած՝
Ճերմակ կուրծքդ բացես,
Վախում եմ թողնես գնաս
Ես տեսքիդ կարոտ մնամ:

Գիշերով քնած էի
Իմ մահճակալի վրա,
Լուսինն էր կապել կամար
Խոնջացած մարմնիս վրա,
Իմ յարը երազիս եկավ
Ես սիրուց հարբած եղա,
Մեկեն արթնացա՝
Լուսինը պայծառ կցոլար:

Փողոցով իջնում էի վար՝
Ծուռ ու մուռ հազար,
Իմ յարը առջեւս ելավ,
Զարմացած լոկ բարեւ տվեց,
Գիրկն ընկա համբույր քաղի
Աչքերից խիստ կարոտով,
Գնում էր ու ասում լացով
Խայտառակ եղա օրը ցերեկով:

Երանի, ես կասեմ նրան,
Որ յարին առավ ու փախավ,
Գետ ու կամուրջ անցան.
Ջուրն ելավ կամուրջը քանդեց,
Ձյուն տեղաց՝ հետքերը սրբեց,
Նա յարին պարտեզը տարավ
Շուրթերից համբույրներ քաղեց:

Մարդամեկը բրիչն առել
Վարդաթփի տակն է քանդում:
Բլբուլը խեւ վարդի սիրուն
Վիզն է ճկում՝ զարկին պարզում:
Վարդն էլ թփին իբըր քնած,
Էլ չի՜ տեսնում, միայն վերջում
Շշնջում է.-լավ քայլը քո՝
Աստվածն է գնահատում:

Ու՞ր էիր, որտե՞ղից եկար,
Ինչպես՝ ծաղիկ դո՜ւ էլ պայծառ,
Եկար եւ իմ հոգին մտար,
Էլ չես թողնում մի պահ դադար,
Սրտիս մեջ էլ միշտ շրջվում՝
Դուրս պրծնելու ճա՜ր չես գտնում,
Զարկի´ր գլխիս , կերա՜ր խելքս,
Աչքերիցս վար թափվեցիր:

Տեսա իմ հոգուս հոգի´ն
Զարդագե´ղ, մաքրամաքո՜ւր,
Ինքս էլ առջեւը ելա,
Փողոցում նեղ՝ ժխոր, ամբոխ,
Քողը դեմքից հուշիկ տարավ,
Աչք ու ունքով ասաց գնա,
Գնա՜ հիմա, գիշերն արի´,
Հազար համբույր՝ մինչ լուսանա:
Քեզ՝ գիրկ ու ծոց, վերվար անեմ,
Որ ինձ այրող կիրքը մարեմ:

Կանչեմ այս ծովիդ վրա
Ծովն էլ անտակ՝ դառնա թանաք,
Ի՜նչքան շամբ ու եղեգ, որ կա´,
Ինձ պիտանի գրի՜չ դառնա,
Ի՜նչքան երեց ու աբեղա.
Գիձր ու գրչի´ գիտուն որ կա
Գիրը՝ գրեն, բայց ո՜նց կարդան,
Սրտիս փարված հոգսն ու ցավ:

Ճրագ, երանի կտամ քեզ,
Իմ յարի առջեւը կվառվես,
Չէ որ դու՝ զվարդ ես, ուրախ,
Երեսն ես նրա միշտ տեսնում,
Ճրագ թե քեզ ականջ լիներ,
Գանգատներս կասեի քեզ,
Գնայիր յարիս պատմեիր,
Խռով է, հաշտվեր ինձ հետ:

Ա՜յ իմ անհավատ, անաստված
մի հալվիր առջեւը անհավատի
Գավի պես միշտ լեցուն մնա՝
Մի թափվիր առջեւը ամեն ջահելի՝
ինչպես վարդը ,ինչպես՝ ջահել ծառ
Մի բուսնիր ամեն փողոցում..
Եղիր Նունուֆար ծաղիկ՝
Ծնվում է խորքում ծովի..
Հազար աչք է քեզ նայում
Չի հասնի քեզ հազար ձեռք,
Սերդ էլ ծովն է թեկուզ լողալով
Չեն հասնի սրտիդ...

Ես տղա ու դու աղջիկ,
Սիրվելու պահն է արի,
Իրանդ նման աղեղի,
Ինչքան ձգեմ կըճկվի,
Պտուկդ նման խաղողի
Կուրծքն է առել վրան
Ծոցդ առավոտի նման
Ինչքան բացեմ լուսանա:

Աչքերդ ծովից ես առել,
Ունքերդ թուխ ամպից,
Դեմքդ, պատկերդ, անգի՜ն
Նման է կարմիր վարդին:
Ուր էլ որ կանգնած լինես
Հարկավոր չէ մոմ վառել,
Ծոցիդ լույսն է դուրս ծագել,
Մեռածին էլ հողից կհանե:

vartabooyr
09.05.2007, 05:27
Նահպետ Քուչակ #3

Դուրս ես գալիս քո տանից,
Ինչպես արեւը իր մորից,
Ծոցիդ լույսն է փայլում,
Ոնց կայծակը՝ գարնան ամպից,
Ի՜նչքան երեց ու աբեղա
Սերդ կարգալույծ դարձրեց,
Ինձ էլ սիրուդ տեր արիր՝
Հայրական տնից հանեցիր:

Դե´ նայիր քարի վրա,
Պարգեւը քեզանից արա,
Քարիցը ամուրը չկա,
Նա ջրին ճամփա կտա,
Ջաղացի քարն էլ ամուր
Ջրի ահիցը կըդողա...
Սիրտս էլ միս՝ մի պատառ,
Քո սիրուն բա ոնց դիմանա:

Սիրո համար ծեծեցին,
կողերս լոկ երերաց,
Դարձան թավշէ թելերով
կապեցին, ոչ մի հետք չըմնաց,
- Առեք ինձ իմ յարին տարեք,
Թեկուզ հազար տեղով էլի
կողերս ջարդե փշրեք,
Երեսս՝ երեսին դնեմ,
կերդվեմ՝ չի´ ցավի

Նոր բուսածին բարեւ տվի,
Հին ցավերս նորոգեցի,
Ասացի ես՝ քեզ__ կըսիրեմ,
Չըգտավ նա մի պատասխան,
Հետո միայն խոսքն ինձ հասավ.
-«Թե ի՜նչ անեմ, լե՜զուս կապվեց
Սերըդ եկավ գլխիս զարկեց
ՈՒ ջիգարս՝ վառվեց, եփվեց,
Թռավ գլխիս ու վար իջավ
ԵՒ սրտիս մեջ ամուր նստեց»:

Կարոտ կարոտովդ էի,
Կարոտիդ մատաղ կըգայի,
Հանկարծ առջեւսը ելար,
Բոլորովին հույս չունեի,
Ինչպես, որ մեկը ծարաված
Պաղ աղբյուրին հանդիպի՝
Դնչիկը կըդնե ու խմե,
Որ սրտի տապը անցնի:

Աչք դրի քո սիրուն,
Աղեղից թռավ ինչպես նետ,
Միամիտ կանգնած էի,
Եկավ իմ սիրտը խրվեց
Տղերք ձեր արեւին ասեմ
Այդ նետը որ եկավ ինձ զարկեց
Հանեք շուտ արեք՝ դեղ դարման արեք,
Որ չասեն հանկարծ նա նետից մեռավ:


Քո ճակատը լայն համբուրեմ պիտի,
Աչքերդ նման նուշ ու տերեւի,
Գրկեմ ուռենի իրանդ ճկուն,
Որ հագին ունի շորեր շղարշի,
Աչքերդ նուշ են, ինչպես՝ թրքուհու
Վաղ առավոտին աչքերը նշե՝
Նրանց նետերով սիրտս խոցեցիր:

-Ա՜նգինըս, թույլ տայիր
Թե, որ ես ծոցիկդ բացեի,
Ծոցիկդ պարտեզ անեի
Թողնեիր ներս մտնեի,
Տված խոսքիդ երդում տայի,
Այդ խոսքիցդ. դուրս չըգայի,
-Ա՜յն ի՞նչ անհավատ գրող
Ծոցիկդ գար ինձ տաներ:

-Դու կայուն ու ամուր մնա
Երբ սիրո հիմնը ձըգեցիր,
Աչքերդ արյուն էր հեղել,
Նոճի էիր, քար կտրեցիր,
Եղար գուսան շարունակ
Վարագույրով ինձ սազեցիր,
Դե՜, զարկ ու ասա անու՜շ
Քո կրակով ինձ վառեցիր:

Սերդ արյուն է եղել,
Արյունիս հավասար երակս է մտել,
Մարմինդ ներս է սողոսկել ՝՝
Հոգուս գրկում տեղավիրվել.
-Ասի դանակ քաշեմ՝
Արյունիս էլ ասեմ ել,
Մարդն էլ քաշի դանակ,
Կամ հոգուն ասի ել:

Երեկ ցերեկով բարով,
-Բռնությամբ, կամ էլ դրամով,
Յար էին տանում զոռով,
Սերը, որ դրամով լինի՝
Կրակով վառես պիտի:
Սերը խնձորով սրտով
Ու շերտ-շերտ շաքարով լինի:

Խիստ մտահոգ եմ,- տես,
Վախե՜նամ մտահոգվես
Մանուկ սիրո տեր եմ ես,
Կըվախենամ հանեն արեւերես,
Երբ ինձ արեւես հանեն՝
Թող սերը՝ աշխարհից հանեն,
Սերը թե´ աշխարհից հանեն,
Թող հանեն աչքերս երեսես :

Թափորն էր մահվան իջնում վար,
Նա տեսա մոմերով թավշապատ,
Եւ այն մոմերի տակ
Սիրո տեր մի մանուկ էր պառկած:
Մոմն էլ արդարեւ ասում էր հայրեն.
«Կտրիճը սեր ուներ, կրակը գլուխս է վառել»:

Իմ յարիս գնալուց տեսա,
Կանչեցի հա՞մբույր ի՜նչ արժի´,
Դարձավ պատասխան տվեց.
Թե՝ «Քանի՜ քո չարն ու քանի՜.
Համբույրը որ դրամով լինի
Չեմ տա, թե´ աշխարհն ավերի

Թե ինձ փափագով կուզես,
Եկ համբուրիր՝ իղձդ կատարվի:
-Թե սերը լինի դրամով, դու գնի,
Հոգիդ էլ սիրո դիմաց գին կուզե
Հազար զգուշացումով, ապահով
Հանի տուր, մի´ մնա անսեր,
Եկ, նստիր ինձ մոտ կըպատմեմ սիրուց
Քաղցր նրա պես չկա՝
Ոնց ուտես նուշ ու շաքար:

Երեկ ցերեկով բարով,
Տանում էին գեղուհուն զոռով,
Հազար աչք իր հետ լացող,
Իմը գետ էր բերում վտակով:
Ասի թե նրա հետ գնամ,
Առնեմ մի համբյուր զոռով,
Համբյուր մի զոռով առնեմ
Մյուսն էլ իմ սրտի կամքով:

Տե՜սա, իմ հոգուս հոգին
Գնում էր օտար մեկի հետ,
"Եռքն էլ մեջքովն էր գցել
Մեկ այլից կըգանգատվեր:
Սիրտս էլ ասաց. թե՝
«Կտրիր կապերդ նրա հետ,
Սերն այն, որ զոռով լինի
Նրա հետ խաղն է անհնարին»

Հառաչում եմ, հա՜ռաչս
Չ՜ի ելնում՝, ա՜խ ինձ ներսից
Բոցն ու հուրը միշտ խեղդում,
Յարիս կսկիծն է կոտրում,
Ուրիշին է նա սիրում,
Արդյո՞ք նա ետ կդառնա,,
Թե՞ անգետի եմ սիրում,
Ոնց պարտեզ ձգած մեկր ,
Փողոցներում է միայն
Բուրմունք ու հոտ փնտրում:

Հառաչըս՝ արյո´ւն է ծով,
Յարիս ա՜րեւը վկա ,
Ցավըս երկինք է հասնում,
Թափվում է ձյունը երկնքից:
Ո՞վ է տեսել ողբ ու կական,
Հառաչանք ու ցավ նման,
Որ գար գլխին սիրածի,
Թե՜ իմ գլխին էր գալու,
Ո՞վ գիտե, միամիտն է
Հեռու այս չարիքներից:

Էն մեծ ու փոքր աստղերը կան,
Թող մեզ ազատեն չարից, փորձանքից:


ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԵՆՆԵՐ

Գիտե´մ, շատ հայրեններ գիտես,
Միա՝յն, , ընտրե՜լով մեկ-մե´կ ասա,
Մե´ր, օրերի, մե՜ր այս հոգսերին
Հարմարն ասա՝ ինչ որ՝ կա´ հիմա՜,
Խոսքդ՝ համով, խորքո՝վ ասա,
Կսկիծն ու ցավ՝ ծաղ մի´ արա ...
Գիտես՝ պանդուխտ եմ ես,
Պանդուխտին էլ սիրտ չի´ մնա:

Աչքերդ արծաթե ակունք,
Պաղ ջուր են իրենք ժողվել,
Ծարավ եմ, թո՜ղ ջուրդ խմեմ՝
Չգնամ կարոտով մեռնեմ:

Չքնաղ , ի՜մ հազա´ր չքնաղ,
Դրախտի հրաշք խնձոր,
Շաքար եղեգից քաշած,
Քան վարսերդ են հուր,
Ունքե՜րդ, դարձրել ես աղեղ
Աչքե՜րդ նետավոր հմուտ ,
Դրանցով էլ ինձ խոցիր՝
Ե՜ս պանդուխտս, ու՞ր գնամ, ո՞ւր:

Ինչքա՜ն, ինչքա՜ն եմ ասել,
Աչքերիդ մի´ դիր սուրմա,
Իմ այս արյունս կարմիր
՝
Գնալ ու գալ կանեմ,
Չի´ թողնում քո սերը,
Թե´ նուշ, թե´ շաքար ուտեմ
Կուլ չի´ գնում առանց քեզ:

«Գնամ ու գնամ» կասեմ,
Դեռ չես հավատում հոգիս,
Պաշարս էլ կապոց արի,
Շվարած կընայես դեռ:

«Գնամ ու գնամ»,- կասես,
-Առ դանակը մորթի ինձ,
Ես՝ քո սիրած յարուկն եմ,
Արյունս հալալ է քեզ,
Ա´յս նենգավոր աչերս՝
Կողքդ նստած քեզ փնտրեն
Թե դու այստեղ չլինես,
Նա՝ լեզվակս, ո՞ւմ զրուցե:

Հե՜յ, իմ աննմանին նման,
Մայր չի բերել քեզ նման,
Վարսերդ քո գեղեցիկ
Վզիդ շուրջը մանեման,
Մի փունջ քաղիր, դու ինձ տուր,
Օտար երկիր կըգնամ
Իմ մտքում թե քեզ հիշեմ՝
Քո փոխարեն դեմքիս դնեմ:

Գնում եմ ես չքնաղ յար,
Օրհնիր հիմա իմ ճամփան,
Արի երդում ինձ դու տուր,
Որ չի տեսնի օտար մարդ
Դեմքդ լուսեղ ու չքնաղ,
Թե ետ դարձա՝ ոչ մի աղոթք,
Թե չդարձա՝ ոչ էլ սեւ քող,
Հազար անգամ քեզ կաղերսեմ,
Ինձ էլ, սե՜րս շուտ մոռացիր:

Ճապաղվել եմ ջրի նման,
Երկրից երկիր կգնամ,
Մեկին ցույց տուր քեզ նման,
Որ սիրեմ՝ քեզ մոռանամ,
Թե չէ գյուղի քարերը այս՝
Կարմիր արյունովս կըլվամ:

Եկան ու ինձ ասին թե՝
«Յարիդ այգին գոհար կա»
Տղերք ես էլ գնացի.
-Չգտա ոչ մի գոհար,
Ծովն ընկա վար սուզվեցի
Ախպրտիք արեւը ձեր՝
Ցույց տվեք դուրս գալու ելք.
-Ասեմ քեզ՝ ելք ու ճամփա
Աշխարհն օտար մի´ գնա՜,
Կըգնաս երկիրն օտար,
Կըփոշմանես՝ գործդ դժվար:

Պանդխտությունս ես հիշեմ,
Անընդմեջ նստեմ ու լամ,
Ճապաղվել եմ ջրի նման
Եվ օտար երկիր կըգնամ
Աստված գիտե այն ճամփան,
Ուր կըգնամ կամ կմնամ
Ով կապի խաչն իմ սրտին,
Կամ՝ հողվարք, որ խաղաղվեմ,
Ցերկը նման նետվող նետի ,
Ուր որ նետեն այնտեղ մնամ,
Գիշերը նման աղեղին.
Ինք՜ս լարթափ վարը մնամ:

Մարդուն սիրո տեր կանեն,
Ճամփա կտան թե՝ գնա....
Մի´ հացի պաշարը կտան,
Երկու համբույր անգամ,
Օրապահիկ չեն տա:

vartabooyr
09.05.2007, 05:35
Նահապետ Քուչակ #4

Եկա երկիրն այս օտար
Պանդուխտ եմ խիստ ողբալի՝
Ոչ հայր, ոչ եղբայր ունեմ,
Ոչ էլ սրտիս սիրուհի.
Սիրուհի էր ինձ պետք,
Որ սրտիս սերն ասեի՝
Հոգուս հոգին էլ տայի,
Արեւիցս բաժին հանեի:

Խիստ ողբալի բան չտեսա,
Ես նրանից բացի.
Հարուստ մարդ էր աղքատցավ,
Ելավ գնաց պանդխտության՝
Հայր ու մայր, եղբայր չունի,
Սիրածին էլ եթե տեսնի,
Դեմքը ծածկում է ու գնում:
Նրան հարմար օրինակ
Ես ի՞նչ ասեմ,_
-Կանաչ ծառը որ չորանա
Տերեւները մեկեն թափվեն
Շուքն էլ տակից կհեռանա:

Սերս շնորհ էր արել
Ինձնից լուր էր ուզել.
-Հոգսերդ ծով, վիշտդ խոր,
Այ իմ հոգիս շատ սիրուն
Ո՞նց ես ասա դիմացել,
-Սիրուհիս քո արեւն ասեմ
Ոսկորներս մաշվել են,
Միս չմնաց էլ արդեն,
Կաթիլ արյունիկ թե ունեմ՝
Քո սիրուց այն ցամաքեց:

Երկինքը որոտաց դողաց,
Աստղ էլ չմնաց տեղում,
Իմ անգին յար երբ հեռացար
Տարար քեզ հետ ծաղկունք հազար
Գիր գրեմ բարակ թղթիկ,
Ուղարկեմ շատ պատգամ ու լաց
«Որտեղ ես շատ բարով կաց՝
Սիրած յարիդ չմոռանաս»:

Յարիս ինձնից զատեցին,
Թոշնեցի ինչպես տերեւ վարդի
Ինձ օտար երկիր տարան
Սրտիս մեջ չցոլաց այլ արեւ:

Այ սարեր, այ ձորեր իմացեք,
Ես իմ յարն եմ կորցրել,
Այ քարեր, այ թփեր ձեզ լուր չի հասել
Այ կամուրջ քարե ձեզնով չի անցե՞,
Ինձ քնած ձգել՝ թողել գնացել...

Իմ յարը ինձ թողեց գնաց,
Լեռ ու ձոր ինձ հավասար սգաց
Երկինք ու գետին թնդաց
Մեկն էլ աստղերից չըմնաց,
-Իմ յար գիր եմ ուղղարկել
Առ կարդա թե ինչ կա գրած
Ամենը ՝ գիրկ ու ծոց դրած
Մեջ ու մեջ համբույրներ կարոտած:

-Ջուր գըլգըլալով կըգաս,
Ո՞ր գետի ակունքից կըգաս,
Կը գնաս այս ձորերն ի վար,
Ձայնդ գա ու դու չըերեւաս,
Գիտեմ սիրո տեր ես դու,
Եւ օտար երկիր կըգնաս,
Գնաս ու սիրուդ հասնես
Գիշերն էլ քուն չունենաս:

Եկան էն մատնիչ մարդիկ,
Թե բեր քո յարիդ տեսնենք,
Տեսնենք թե ինչ պատկեր ունի,
Որ դարձել ես խենթ կապի,
-Իմ յարը լուսնի նման
Թուխ ամպի միջին է գալու:

Աչքերիս խրատ տվի
Ինչպես հազար ծնող զավակին,
Թե եկեք երկրին նայենք
Աստղերից մեզ ինչ օգուտ,
Աչքերս էլ ինձ ասացին
-Թե քեզ խելոք գիտեինք,
Լավը գնալուց լինի՝
Աչքեր ցույց տուր որ չընայի...

Գիշերը ես քուն մտած,
Քնիս մեջ սրտիկս երեւաց,
Եկան ու լուր տվեցին.
-«Սիրած յարդ քեզ մոռացավ»:
Տղերք ձեր արեւն է վկա,
Լսեցի լեզուս կապ ընկավ
Դե արագ դեղ ու ճար արեք,
Որ չասեն լուրից մեռավ:

Բլբուլը այգին մտավ
Թառեց վարդի թփին
Բացեց բերանը բարի,
Ու երգեց մինչ լուսաբաց,
Վարդն էլ իր փշի միջին
Իբր թե խաղաղ քնած
Միայն այն տեսանք
Պատռել էր շապիկը կանաչ
Հագել էր կարմիրը պուրուր:

Տանիքն ես բարձրացել,
Ո՞վ ես դու,
Հողն ես տրորում օտարի,
Թե վարդ ես վար արի,
Թե օտար ծաղիկ հեռացի,
-Ոչ վարդ եմ, որ վար գամ,
- Ոչ էլ ծաղիկ օտար, որ գնամ:
Եկել եմ դեմ առել սիրուդ,
Ոչ գալու եմ, ոչ էլ գնալու:

Կանչեմ ի վեր հովվապետ ,
Ստեղծող՝ դու պահպանե
Զամենայն պանդուխտին:
Իմ սերն էլ է ղարիպություն,
Իր կրակն էլ ինձ կայրե :
Նրա գալն էլ փութացրու,
Իմ վիշտը նա լավ գիտե,
Երեսս երեսին կպցնեմ,
Որ հոգիս իր ծոցից ելնե:

Սրտիկս դարձել է գրիչ,
Բաժնելու թղթեր կըգրե,
Կանչեմ օ՜հ իմ աստված,
Ամենայն ղարիբ դու պահե:
Ղարիբ ունեմ գնացած՝
Դարդերս ինձ կըլափե:
Երանի թե շուտ դառնա
Թե չէ հոգիս կելնե...

Լուսին դու լուսով մնա
Թե մնաս այստեղ մի պահիկ՝
Երկու խոսք գանգատ կանեմ
Կըգնաս իմ յարին կասես՝
Թե « նստել է կտուրին կլացի,
Կլացի ու օղորմի կտա՝
Աչերից արյունը կըցողա»

Եկան ու լուր բերին,
Թող չորանա լեզուն բերողի,
-Քո սերն էր Բուրսա քաղաքում,
Տեսանք նրան շուկայում՝
Ունքն ու ձեռքը զարդարել,
առջեւն էր նստել գնողի.
-« Գնող գնիր մի վախեցիր,
Վայն հազար նրան կորցնողին»:

Քո սերը Հալեպա շուկայում,
Շաքար ու անուշ կծախեր
Աչքերը կշեռք էր դարձրել,
Ունքերով նա վեր կըքաշեր
Շաքարի գինն էլ խնդրեմ
Համբույր է, մի՜ մաքուր ոսկի:

Գիշերը ես դուրս ելա
եւ երկինք ի վեր նայեցի,
Լուսինը կապել էր կամար
Հռոմա կողմով կըգնար.
-Լուսին քո արեւը ասեմ
Պահ մի մնա՝ մինչ լուսանա,
Երկու բան գանգատ ունեմ՝
Այն ասեն կրկին գնա:
Գընա իմ յարին ասա
-«Մոլորվել է քու յարդ կըլացի
Հոգին է շնչահեղձ հիմի
Աչքը քո ճամփին կընայի»

Արի ու նայիր իմ յար,
տես սերդ ինչ է արել,
Ոսկորներիս է հասել
Մեկ առ մեկ տեղաշարժել,
Քո սեր փայտ է վառվող
քարն էլ ապառաժ կհալե
Բա խեղճ գերիս ինչ անի
Որ ոսկորներս լրիվ հանի:

vartabooyr
09.05.2007, 05:57
Նահապետ Քուչակ #5

Մայրն անիծեց իր որդուն.
«Իմ որդի , դու ղարիբ լինես,
Օտար երկիր երբ գնաս
Օտարի ցավը կիմանաս,
Քարը քեզ բարձ կլինի_,
Ավազի վրա երբ քնես,
Առավոտ լույս չեղած ելնես
Էլ ելք ու ճար չունենաս»:

Պանդուխտ եմ ու խիստ լացի,
Այս օտար երկիրը որ եկա,
Ոչ հայր, ոչ եղբայր ունեմ,
Ոչ էլ սրտիս սիրելի,
Ինձ իմ յարն էր պետք՝
Որ սրտիս սերն ասեի
Հոգուս հոգին էլ տայի,
Արեւիցս բաժին հանեի:

Իմ յարը գիր է արել ու մեզ
Ուղղարկել, մեզնից է հարցրել
-Վշտերին մեր այս սիրո,
Այ հոգիս ոնց ես դիմացել:
Իմ յար, արեւդ ասեմ,
Միս չունեմ, ոսկորս է մաշել
Կաթիլ մի արյունիկ ունեմ
Քո սիրուց է այն ցամաքել:

Եկան ու լուր բերեցին
Թե. -«Քո յարն է վերկացել ու կըգա»:
Եկեք ընդհառաջ գնանք,
Որ նրան գիտեմ սիրտ չի մնա
Համբյույրենք երեսը կարմիր,
Որ աշխարհս չի նրա գին
Առնենք ոտքից փոշին
Որ աչերս քաշենք դեղ:

Գնանք աղաչենք Աստծուն,
Որ հանե կողքից մի քամի,
Այս մթանը մի քիչ լույս տա
Մեզ տանի մի երկիր բարի:

Մարդս եթե խոր խորհի,
Հոգսն աշխարհիս կմաշի,
Շաքարը նրան թվա լեղի,
Լե՜ղին էլ պարզ ըմպելի,
Պաղ ջուրը նրան կրակ թվա,
Եւ ինչպես մոմը վախից հալվի.
Կյանքը նրան դժվար թվա,
Դժվարն էլ միշտ անվերջ լինի:

Հավատն է բերդ անառիկ,
Ո՜վ կառնի նրա հայրենիք,
Թեպետունի թշնամիք
Որ բերում են մրճեր ու նիգ.
Բյուր մի հեծյալ կանգնի՝
Ի՜նքը կըլինի նետաձիգ,
Նա ձեռ կառնի,կըծաղրի,
Կըտոտի ոնց տիկնիկ:

Ձեր գալը բարի, եղբայրներ,
Որ եկել, այստեղ եք հասել,
Աշխարհում ամենքս տրտում,
Վշտով է մեր սիրտը լցվում:
"եր խոսքը բալասան եղավ,
"եր տեսքը պարգեւեց մեզ խինդ,
Այս պահին հազար երանի,
Որ մենք մեկտեղ ենք ժողովեր:

Տեսա իմ հոգուս հոգին,
Որ մեռավ թաղվեց հողում,
Դարձյալ իմ սիրո համար
Նա աղաչեց ու շատ ջանաց.
Սրով ու տանիքին, երեկ
Քարով նա քարկոծվեց,
Եւ հուր եւ գեհեն մտավ
Իմ հոգուս հոգուն տենչաց

Այս աշխարհիս վրա
Թող մանկանց գլուխն ապրի,
Եղբայր շատ չարն ու բարի
Թող մանկանց գլիցը անցնի:
Չարը , որ գա դու համբերի,
Մինչեւ բարին գա հասնի,
Ով սրտին վիշտ առնի,
Իր օրից շուտ կըմեռնի,
Վիշտը շատերին ցավ կտա,
Մարդն էլ ցավից կըմեռնի,
Սիրտն էլ գերի կարոտ ունի
Ամեն ինչից կըզրկվի:

Այն մանուկին ասեմ մանուկ,
Որ ընտրե «հայրեն»ն ու ասի
«Հայրեն»ը իր չափով ասի,
Որ ամոթով նրան չանի,
Մարդիկ կան այս շարքի,
Որ ասում են բան չգիտի,
Բերանումն էլ լեզվակ ունի,
Որի չափն էլ չի քաշի ջորի:

Աշխարհումս պտույտ եկա
Չգտա ճիշտ սիրելի,
Խելքս գլխիս ժողվեցի,
Բազուկս դարձրի սիրելի,
Ինչքան բազուկս բանի,
Շատ են եղբայ, շատ՝ սիրելի,
Բազկիս ուժը երբ կըհատնի,
Ոչ եղբայր կա, ո´չ սիրելի:

Աշխարհս այս ափս առա,
Ինչպես հայելի նայեցի,
Դարձա մի կողմ դրի
Չգտա սրտանց սիրելի,
Այս մեր օրվա մարդու
Աղն ու հացը չի ուտվի,
Այնքան զրահ կտան մարդու,
Որ սուտը միշտ կդառնա ճիշտ:

Սիրում ես սիրված լինել,
Որ բոլորը քեզ սիրեն,
Դու միշտ մնա հողի նման,
Որ քեզ դարձնեն ոտի կոխան,
Երկաթից էլ չկա ամուր,
Տես կրակից կհալվի,
Ինքդ եղիր նման ջրին
Ջրից կրակն էլ կըվախի:

Առյուծն առյուծի մսից
Հազար էլ տան չի ուտի,
Ինքն էլ առյուծ է մի
Առյուծի անունը կպահի:
Ծառն էլ իր բուսած տեղից
Հեռանալ չի կարող
Երբ կոթը կացինի ծառից լինի
Կացին արդեն ծառ կըկտրի:

Տղամարդ՝ ես նրան ասեմ,
Որ չի սիրի, կնոջը ուրիշի:
Նրան տղամարդ կասեմ,
Որ կսիրի չի՜ պարծենա
Կնոջ հավատն է հոռի,
Որ ոչ մի բան չըգիտի,
Սիրելուն «եղբայր» կըկանչի՝
Եղբոր հետ մտած անկողին,
Աստծուց էլ անգամ չի քաշվի:

Մարդ կա ՝ որ հազար արժե,
Հազար կա՝ որ մեկ չարժե,
Այն մարդը որ հազար արժե,
Անգետի մոտ կոպեկ չարժե:

Իմ հոգուս հոգի, իմ յար,
Երբ հեռացա քեզանից,
Հոգիս ելավ անդարձ,
Գնաց դուռը մահվան,
Առավոտից մինչ իրիկուն,
Արտասվում, քեզ եմ ուզում,
Գիշերն էլ մինչ լուսանար
Քո սիրուցդ չունեմ քուն

Եկան ու լուր տվեցին,
Թե յարդ ելել է ու կգա,
Ելեք ընդհառաջ գնանք,
Առնենք իր ոտքի հողից՝
Աչքերիս թող լինի հող,
Որտեղից գտնեմ այլ աչեր,
Որ ոտքի հողին արժենա:

Գիշեր ու ցերեկ կարտասվեմ,
Իմ յարը միշտ լուռ կըմնա
Անվերջ խեղճացած կարտասվեմ
Գնա ու իմ յարին ասա Թե՝.-
«կտուրին նստած կարտասվեմ,
կլացեմ, ողբալով կարտասվմեմ
Աչքերիս արյունը կըցոլա:»:

Ինչու ես վառվել խորովվել
Գնացել է գույնը երեսիհ
Ոչ յարդ է մեռել,
Ոչ էլ ղարիբ է դարձել,
Ասեմ իմացիր անգին:
Ինչու եմ վառվել խորովվել
Երեսիս գույնն է գնացել:
Խլել են հոգուս հոգին
Անհոգի եմ վաղուց մնացել:

Ջո՜ւր խնդալով կըգաս,
Գետի որ ակո՜ւնքից կըգաս,
Գիտեմ սիրո տեր ես դու ,
Քու յարիդ մոտ կըգնաս,
«Հասնես քո մուրազին
Հոգ չէ թե արթուն կըմնաս»:.

Կըգնամ, չեմ մնա այստեղ,
Ու՜ր էլ գնամ, այնտեղ էլ չեմ մնա,
Հռոմի կողմերով գնամ
Վտարվեմ, հեռանամ ետ չըգամ,
Թե գան ու տեղս էլ ասեն,
Հեռու եմ , էլի հեռանամ,
Թե ինձ քո տեղը ասեն
Շղթաս էլ պոկած կըգամ կըհասնեմ:

Ելանք սարը, իջանք ձորը,
Տերը եկավ հազար բարով,
Գալը տեսանք հարցրեցինք.
-Թե ուր էսպես հազար բարով,
-Կերթամ դուռը ձեր հիվանդի,
Ելնեմ կըտուր տղոցկանի ,
Շղթան քաշեմ շուրջ կտուրի,
Չվախենա սիրտը փորում:

Գնա՜, իմ հոգուս հոգի,
Ի՜մ սրտի սիրված սիրելի,
Գընա իմ լույս աչքերի
Որ անեծքս քեզ չհասնի:

Հիմա Հայրեն եմ ասելու,
Որ լսեն քարերն անդունդի,
Յարս է պատճառը էլի,
Նստել էր գիրկը օտարի,
-Ինձ ասաց դու քուն մըտի,
Որ՝«սիրեմ իմն ու օտարի»,
Աստված տա դու քոնը սիրիր,
Թող ծեծեն ներսդ ու խոց լինի:

Թե նուշ էիր, դարձար դու փուշ,
Շաքար էիր ՝ դարձար լեղի,
Խնձոր էիր՝ թե սիրվելու
Չըերեւաս էլ իմ աչքին,
Ծոցն ես մտել դու օտարի:

Իջավ ձյունը սարերին,
Հալվեց թափվեց քարերին,
Կուժն էլ ձեռքին սիրածի,
Հասավ ջրին սարերի,
Լցրեց կուժը կարմրուկ,
Առավ դրեց ուսերին,
Ջուրը սիրուց թափվեց դուրս ,
Թափվեց շեկլիկ մազերին,
Իջավ շամամ կըրծքերին:

-Թե չես ուզում անարգել.
"եռքդ տար սիրտդ բռնիր,
Անարգանքը քեզ հաց չի ,
Ոչ էլ ապրանք, որ ծախվի,
Անշահ անօգուտ է նա,
Մեղք ու ցավ է հոգուն նա,
Սատանան մի օր Հայոյեց
Բայց ոռնում է տես հավետ:

Սիրտ իմ, մի լսիր վատին,
Տեղ մի տուր ինքդ չարին,
Այս անցավոր աշխարհում,
Մարդու վատը չի մնա.
Ինչ վաստակ էլ, որ առնի
Իր վատ քայլով դեմ կառնի
Կհանդիպի մեկ այլ վատի՝
կըգա իր ոտքին կըփաթթի:

-Անգետ-անզգամ մարդու հետ,
Քայլելը խիստ է դժվար,
Մարդն որ անզգամ լինի,
Ինչ է խրատը չգի՜տի,
Ընկեր եղիր դու նրա հետ,
Ինչ էլ ասես նա լսի,
Դժվար տեղով անցնես,
Նոր կիմանաս ընկեր ունես:

Լեզուն գործիք բանի,
Արդարին՝ ինչպես ոսկի,
Մարդուն՝ մեկ ճյուղ ունի,
Իսկ օձինն է երկճղանի
Այն մարդը,որ երկու խոսի,
Մեկ քաղցր ու մեկ լեղի
Դառնա եղբայր օձի՝
Օձի անեծքն ընդունի:

Ես ասեմ ու դու ինձ լսիր,
Մտքումդ պահիր, խորհիր,
Օղ արա ականջիդ դիր,
Կարմիր ոսկու պես պահիր,
Մի մնար կողքին մարդու,
Երբ գնաս քեզնից խոսի,
Նետ նետի՝ քեզ խոցոտի
Աղեղն էլ դառնա պահի:

-Կասեմ թե հայրեն ասա,
Թե´ չէ, ասեմ՝ դու լսիր,
Բերանդ պահոց արա,
Ականջդ փակ պահիր,
Ինչպես ոսկի կարմիր՝
Ինչպես օղ՝ ականջիդ կախի,
-Այն մարդը, որ շատ կըխոսի,
Նա վերջին խոսքը կըլսի:

Անիրավ մարդուց դու մնա հեռու,
Թե քեզ հայր է նա, կամ եղբայր քեռի,
Մի փարվիր փշին, ինչպես ուռենուն,
Փուշը կըծակի ու խոց կըլինի

Ճերմակ ու կարմիր գինի
Հազար ու մի չարիքով լի,
Քանի քեզ, ես ընկեր էի,
Չըտեսա էլ օր բարի:
Գիտեմ շատերին ես էլի,
Չեն խմում ոչ մի գինի,
Գիշերով դադար չունի,
Ոնց՝ ցերեկը, փո՜ղ էլ չունի:

Մարդը, երբ կարոտ ունի,
Չի ուզում տունը քանդվի,
Թող բոզին հեռու վանի,
Գինուց էլ հեռու կանգնի:
Ասողին լսող պիտի.,
Խուլ էշին էլ ինչ զանգակ,
Խուլ էշին՝ ախոռ լինի,
Խոշոր աչք ու լույս չունի:

Քանի ու քանի ասեմ,
Մի գնա կնոջ սիրիր՝
Որ չավերվի անունդ,
Որ չդառնաս փողոցի:
Նա հալալն է թողել՝
Քեզ օտարիդ է դարձել
Կարող է նա քեզ սիրել,
Երբ մեկ երեսն է փոխել:

Tig
18.03.2013, 16:33
Սրա լրիվ տարբերակն էլ կար, չեմ գտնում...


http://www.youtube.com/watch?v=O0ra-px_fEE

Tig
18.03.2013, 16:45
Գտա


http://www.youtube.com/watch?v=7s66o9XtLvk


http://www.youtube.com/watch?v=_idaiD8k6b4