PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրիգոր Նարեկացի



vartabooyr
08.05.2007, 06:41
ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ
(ԳՐԱԲԱՐ)
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

ԲԱՆ Ա

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա
Ձա՜յն հառաչանաց հեծութեան ողբոց սրտից աղաղակի
Քեզ վերընծայեմ, տեսողդ գաղտնեաց,
Եւ մատուցեալ եդեալ ի հուր թախծութեան անձին տոչորման
Զպտուղ ըղձից ճենճերոյ սասանեալ մտացս`
Բուրվառաւ կամացս առաքել առ քեզ:
Այլ հոտոտեսցի'ս, հայեսցի'ս, գթած,
Քան ի պատարագն բոլորապտուղ,
Մատուցեալ ծխոյն բարդութեան:
Ընկա'լ զսակաւամասնեայ յաւդուածս բանից`
Քեզ ի հաճութիւն եւ մի' ի բարկութիւն:
Ելցէ' ի խորոց աստի զգայութեանց խորհրդակիր սենեկիս`
Վաղվաղակի ժամանել առ քեզ`
Կամաւորական նուէր բանական զոհիս,
Ողջակիզեալ զաւրութեամբ ճարպոյ,
Որ յիսն է պարարտութիւն:
Եւ ի դնելս իմ ընդ քեզ դատ` խառնեալ աղերսիւ, հզաւր,
Մի' իբրեւ զհամբարձումն ձեռաց ամբարշտեալն Յակոբու,-
Ըստ բողոքելոյն Եսայեայ,-
Եւ զանիրաւութիւնն Բաբելոնի
Տաղտկալի քեզ երեւեսցի,
Զոր առակ եւթանասներորդի երկրորդի սաղմոսին ազդէ,
Այլ իբր զբուրեալ խունկն հաճոյական` ի խորանին Սելովայ,
Զոր Դաւիթն կանգնեալ նորոգեաց
Տապանակին հանգստեան, ի գերութենէն դարձելոյ,
Որ ի վերստին գիւտ կորուսեալս հոգւոյ առակի,
Ընդունելի' կամաց քոց լիցի:

Բ
Բայց քանզի ձայնդ ահաւոր դատաստանիդ հատուցման,
Ուժգինս հնչեցեալ ի ձորն վրէժխնդրութեան,
Կրկինս ինձ երկնէ մարտից յարուցմունս`
Այժմէն գուշակեալ շարժմունս յուզմանց ներհակականաց,
Որ յիմումս անձին ցուցանի,
Խռովութիւնս ամբոխից`
Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր,
Խորհրդոցն հոյլք չարեացն ընդ բարիսն,
Եւ գերեալ զիս ի մահ, ըստ հին դիպուածոյն,
Որ նախ քան զշնորհին ժամանելն առ իս,
Զոր ընտրեալն առաքելականացն դասուց Պաւղոս,
Աւրինակ առեալ զՄովսէս,
ԶՔրիստոսի փրկութիւնն յաղթող ցուցանէ:
Վասն զի թէ` Մերձ է աւր Տեառն, որպէս իր ասէ,
Ի հովիտն անձուկ ասպարիսին Յովսափաթու
Եւ հեղեղատին Կեդրոնի`
Փոքր հանդիսարանացն իրաւանց ժամադրութեանց,
Որ կենցաղականաւ այսր յաւիտենիւ
Զհանդերձելոցն ինձ կերպաւորեն,
Ապա եւս յաւէտ մերձեցաւ ի վերայ իմ
Արքայութիւնն Աստուծոյ մարմին եղելոյ`
Մեծապէս գտեալ զիս առիթ վնասուց բազմաց տոկոսեաց`
Զանազան մասանց յանդիմանողաց ճշմարտապատմից,
Քան զձեռին նորին վերակացումն անդ ուրեմն երբեմն
Ի հարուածսն եդոմայեցւոց եւ փղշտացւոց
Եւ այլոց բարբարոս ազգաց:
Քանզի այն ընտրութիւն ամաւք չափեցաւ,
Իսկ պատուհաս իմումս պարտուց
Առանց աւարտման ունի զսահման:
Ահ, գուբ եւ որոգայթ անճողոպրելի,
Ըստ մարգարէին եւ առակողին,
Տագնապաւ մեծաւ առ դուրս ինձ հասեալ,
Զամաւթն մշտնջենաւոր աստէն գծագրեն:
Զոր միայն քո է հրաշագործել
Պտուղս դեղոց ի հնարս կենաց`
Ամենավարան տարակուսանաց հոգւոց վտանգից, քաւիչ ամենայնի,
ովեալ ի փառս անճառս անսահմանելի բարձրութեան
Յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:


ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ
Գրաբարից թարգ. Մկրտիչ Խերանյան

Սրտի խորքերից խոսք Աստուծե հետ

Ա

Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա´,
Դեպ երկինքն ի վեր՝ քեզ եմ ընծայում, գաղտնատե´ս Աստւած.
Եվ իմ սասանյալ հոգու իղձերի պտուղն այրվող՝
Անձս տոչորող թախծության հրի վրա դնելով՝
Կամքիս բուրվառով առաքում եմ քե´զ:
Նայի՜ր, ո՜վ գթած, հոտոտի՜ր դու այն առավե´լ սիրով,
Քան պատարագը բոլորանվեր, մատուցված ծխով ամենաառատ.
Ընդունիր այս պարզ ու սեղմ խոսքերիս շարադրանքը դու
Հաճությամբ հոժար և ո´չ բարկությամբ:
Բանավոր զոհիս նվերն այս սրտանց
Մեղքերիս պարարտ ճարպի զորությամբ ողջակիզվելով,
Թող որ խոհերի իմ խորհրդակիր սենյակի խորքւց
Բարձրանա և քեզ հասնի անհապաղ:
Եվ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզո´ր,
Թող տաղտկալի չթվա քեզ այդ,
Ինչպէս ամբարիշտ Հակոբի ձեռքերի կարկառումն ի վեր,
Որի դեմ բողոք է գրել Եսային1
Եվ կամ ինչպես անիրավությունը Բաբելոնի՝
Սաղմոսի յոթանասուներկուերորդ առակում ասված2.
Այլ ընդունիր այն կամովին, ինչպես խունկն հաճոյական,
Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մեջ այն,
Որը նոր շուքով վերանորոգված՝ Դավիթը կանգնեց3
Հանուն գերեդարձ այդ տապանակի,
Որ նման է իմ կորուսյալ հոգու վերստին գյուտին:

Բ
Բայց և ահավոր ձայնը հատուցման քո դատաստանի
Վրեժխնդրության ձորում ուժգնապես հնչելով ահա4,
Երկնում է իմ դեմ մարտի մաքառման գրգիռներ կրկին,
Այժմվանից և իսկ զգում եմ իմ մեջ
Էությունս հուզող շարժումներ ներհակ
Ու խուռն ամբոխվող խռովություններ:
Եվ չար ու բարի խորհուրդներ զինված սուր ու սուսերով՝
Բախվում են ընդդեմ իրարու դարձյալ,
Ինձ մահվան գերի դարձնելով համակ,
Ինչպես երբեմն, երբ դեռ չեր հասել քո շնորհը ինձ:
Առաքելական դասի մեջ Պողոսն՝ ընտրելագույնը,
Մովսեսի օրենքն այս շնորհի հետ համեմատելով,
Քրիստոսի բերած փրկությունն հաղթող է հայտարարում5.
Զի եթե ճիշտ է որ մոտ է Տիրոջ օրն, ինչպես Գիրքն է ասում,
Հրապարակի մեջ Հովսափաթի և կամ կեդրոնի հովտում
նեղանձուկ6, -
Դատաստանի փոքր հանդիսատեղի և ժամադրավայր,
Որոնք երկրային երևույթներով պատկերացնում են հանդերձյալն
ինձ պարզ,
Ապա և ինձ է մոտեցել հավետ թագավորությունն մամնացյալ
Աստուծո
Որը ենթակ պիտի գտնի ինձ մեծապես ծանր հատուցումների,
Այն բազմապիսի մեղանչումների համար իմ բոլոր,
Որոնք հիրավի ամբաստանելով՝ դատեն ինձ պիտի ավելի
սաստիկ,
Քան թե բարձրացող Նրա ձեռքն հուժկու,
Որ մի ժամանակ Եդովմայեցի և Փղշտացի և այլ բարբարող
ազգերի զարկեց:
Եւվ, սակայն, նրանց չարչարանքներն կարճատև եղան,
Մինչ իմ մեղքերի պատիժը ո´չ վերջ ունի, ո´չ սահման:
Վախ, գուբ, որոգայթ անճողոպրելի, -
Ըստ մարգարեի և առակողի7, -
Սաստիկ տագնապով դուռս ափ արած՝
Մշտընջենական ամոթն են իրենց գծագրում արդեն:
Եւ արդ, միայ դո´ւ կարող ես գտնել հրաշագործ տեղեր,
Ի կյանք կոչելու հոգիներն ամեն՝ մատնված վարանման և
տարակույսի,
Քավի՜չ բոլորի, անսահմանելի բարձրոըթկանդ մեջ
Քո անճառ փառքով գովվա՜ծ հավիտյան:

snow
06.10.2009, 12:27
«Մատյան ողբերգության» պոեմըբաղկացած է95 գլխից, բոլոր գլուխները նույն վերնագրերն ունեն՝ « Ի խորոց սրտի խոսք ընդ Աստծոյ»:Բացառություն են կազմում երեք գլուխներ, որոնք ունեն տարբեր վերնագրեր և իրենց բովանդակությամբ ու ոճով տարբերվում են ողջ պոեմից: Մատենադարանում եղած տարբեր ձեռագրերի համեմատություներից գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդ երեք դավանաբանական գլուխները կամ Նարեկացու գրչին չեն պատկանում, կամ էլ եթե պատկանում են՝ գրված են ուրիշ առումներով և ոչ մի կապ չունեն այս պոեմի հետ:
Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը հայ բանաստեղծության ամենահանճարեղ գործն է: Համաշխարհային քհարերգության մեջ իր ժանրային առանձնահայտկությւններով եզակին: « Մատյանում», որպես քնարական հերոս հանդես է գալիս մարդը՝ իր հոգու ամենախորունկ, ամենաբարդ ու ամենանուրբ ծալքերով: Իր ապրումների, խոհերի, զգացումների ամենաբազմազան հակասություններով: Մեծարենցն այդ առիթով գրում է. «Նարեկը ալեկոծություն մըն է, հոգեկան վրդով մրրիկ մը, ուր բառերը ու կշռույթները ալիքներու չափազանցությունը ունեն»:

snow
11.10.2009, 00:30
Լսի՝ր ինձ, Աստվա՝ծ,
Դու, որ աստված ես ամե՝ն մի մարմնի, ամե՝ն մի հոգու,
Ըստ դավանության աստվածնորհի,
Եվ երկայնամիտ ու բազումողորմ, ըստ սուրբ Հովնանի,
Շնո՝րհ արա ինձ, որ օրհնյալ կամքիդ բարեհաճությամբ
Ավարտի հասնի աղերսամատյանն
Այս ողբերգական, որ սկսել եմ:
Եվ մինչ այժմ ես, երբ ոտք եմ դրել այն ճանապարհին,
Որը տանում է դեպի պատրաստած օթևաններդ,
Արցունքներով եմ խոսքս սերմանում,
Երբ հասնի ժամը հնձի հավաքման,
Թող որ կատարյալ քավությամբ դառնամ զոհ ու բերկրալից՝
Ընտիր խրձերի երջանիկ բերքով:
Չտա՝ս ինձ սրտի անորդի արգանդ, Իարայելի պես,
Ոչ էլ աչքերի ցամաք ստինքներ, ո~վ ամենագո՝ւթ:
Լսի՝ր բանական աղաչավորիս, հզոր ողորմա՝ծ,
Նախքան երկնքին, երկունքը՝ երկրին,
Եվ սա՝ ցորենին, գինուն ու ձեթին,
Իսկ սրանք բոլորն Իսրայելին:
Երկնավորների աղերսն, ուղղված քեզ,
Թող որ ավելի ազդի իմ հոգուն,
Քան թե տարրերին ապականացու:
Դու ստեղծող ես,իսկ ես միայն կավ.
Տարակուսվածիս այս հեծեծագին
Աղերսանքների սկզբից հայտնի'ր կամքդ բարեգութ,
Որ կարողանամ զորանալ այստեղ,
Որպեսզի երբ որ երկինքը վերին իմ առաջ բացվի,
Չլինի հանկարծ,լույս վայելելուն անվարժ,անընտել,
Մի մոմի նմա հալվելով իսպառ ջնջեմ մեջտեղից:
Սիրտ տո'ւր զրկվածիս,ինչպես ասողն է գոչել աղոթքով,
Ուժ թալկացածիս և կյանք մաշվածիս խղճի խայթերից,
Ոչ թե անձկությամբ ու տառապանքով քեզ որոնելուց:
Ա'ռ ավանդն իմ այս աղաչանքների
Եվ ողորմության շնորհներդ տո'ւր,
Ընդունի'ր փոքր այս ՝ տկարիցս
Ըվ հզորիցդ՝ մեծը շնորհի'ր:
Զորավոր դարձրո'ւ խոսքերս զղջման՝
Ուղարկելով մեզ հոգի բարձունքից՝
Քո աստվածաշունչ այն պատգամներով,
Որ զետեղել եմ այս մատյանի մեջ:
Ճշմարտությամբ լուսավորելով
Առակով ասված խոսքը Եսայու,
Հաճի'ր, բարերա'ր, պարգևել մահվան արժանավորիս՝
Իմ անարձագայն պղնձի տեղակ՝ շնորհիդ ոսկին,
Անզարդ սևաթույր իմ երկաթի տեղ՝
Հրաշեկ պղինձը Լիբանանի,
Որ օրինակն է առաքինության:
Ինչու կարծրացնես սիրտը եղկելուս,անճառ, ահավո'ր,
Որ չթափանցի երկյուղդ այնտեղ:
Թող որ անվաստակ չմնամ փոքր այս աշխատանքից,
Ինչպես ջրազան սերմնացան՝ ամուլ, անբերրի հողի.
Թող չպատահի ինձ հանկարծ երկնել, սակայն չծնել,
Ողբալ՝ չարտասվել, խորհել՝ չհառաչել,
Ամպել՝ չանձրևել, գնալ՝ չհասնել,
Քեզ ձայն տալ, և դու ձայնս չլսես,
Պաղատել, սակայն անտեսված մնալ,
Կողկողել, սակայն դու չողորմես,
Աղաչել քեզ՝ բայց ոչինչ չշահել,
Զոհեր մատուցել, բայց չճենճերել,
Քեզ տեսնել, սակայն ձեռնունայն դուրս գալ:
Լսի'ր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ, ո~վ միայն հզո'ր.
Մեղքերով ապրած օրերիս չափով՝
Անվճար թողած պատժի տուգանքը
Ինձ՝ չարագործիս, նոր տանջանքներով վճարել մի' տուր:
Փրկի'ր ինձ, գթա'ծ, լսի'ր, ողորմա'ծ,
Մարդասեր եղի'ր իմ հանդեպ, ներո'ղ,
Խնայող եղի'ր, ո~վ երկայնամիտ,
Պաշտպանի'ր, ապավե'ն, բարերարի'ր, հզո'ր,
Ազատի'ր, ամենակա'լ, կյանք տո'ւր,նորոգո'ղ,
Վերականգնի'ր, ահավո'ր, լուսավորի'ր, երկնայի'ն,
Բժշկի'ր, հնարագե'տ, քավի'ր, անքնի'ն,
Պարգևատրի'ր, առատաձե'ռն, շնորհազարդի'ր, աննախա'նձ,
Հաշտվի'ր, անախտակի'ր,ընդունի'ր, անոխակալ,
Ջնջի'ր պարտքերս, ո~վ օրհնաբանյա'լ:
Երբ թշվառության պահին աչքերս սևեռած լինեմ
Ինձ սպառնացող զույգ վտանգներին,
Թող որ տեսնեմ քո փրկությունը, հո'ւյս ու խնամակա'լն
Եթե հայացքս դեպի վեր հառած՝
Դիտելու լինեմ ամենագրավ ուղին սոսկալի,
Թող խաղաղության հրեշտակդ ինձ պատահի սիրով,
Իսկ վերջին օրս, շունչս արձակելիս,
Ցույց տո'ւր երկնային երջանիկներից
Մի լուսաթռիչ ու մաքուր հոգի,
Որ հասնի ինձ մոտ սիրուդ պարգևով,
Նաև վախճանված արդարներից ինձ կարեկից հասցրո'ւ:
Հուսահատ օրս չարագործիր,
Քո անակնկալ բարին շնորհի'ր,
Ո~վ բարեբանյալ փրկիչ բոլորի,
Հիվանդ ոչխարիդ որպես ուղեկից
Թլինի որ տաս դժնդակ գազան:
Մեղքով մեռածիս պարգևի'ր, գթա'ծ, անապական կյանք
Ու կործանվիս ծանր պարտքերիս ծանր պարտքերից՝ փրկությունը քո:

Քեզնից ստացած արժանիքներս այս, բարիքները ողջ
Ու ներողամիտ համբերությունդ,
Օրնյա'լ, բարերա'ր և երկայնամի'տ,
Ես՝ մեղապարտս, փողարինեցի
Անթիվ անհամար ու բազմապիսի անօրինության,
Այլև մարմնական հոգևոր բոլոր ախտերով ծփուն՝
Երկնաքարշ հույզ ու մտորումների:
Եվ այսպես ահա, այդ բոլորի տեղ, Աստվա'ծ իմ և տե'ր,
Ես՝ խելակորույս հիմարամիտս,
Քեզ չարիքներով փոխհատուցեցի,
Ինչպես Մովսեսն է հանդիմանաբար ասել առակով:
Երախտիքներն ու բարիքները քո
Անմիտ ընթացքով վատնեցի իսպառ.
Բարձրյալիդ կողմից հոգատարությամբ
Ինձ վրա բարդած անճառ, լուսավոր շնորհները ողջ
Խելագարությամբ մրրիկով ցնդեցրի:
Թեպետ շատ անգամ հոգնածու ձեռքդ կարկառելով ինձ՝
Ուզեցիր ձգել դեպի քեզ, սակայն ես չցանկացա,
Իսրայելի պես, ըստ մարգարեի ամբաստանության:
Թեև խոստացա քեզ հաճո լինել,
Սակայն այդ ուխտը նույնպես դրժեցի
Նույն չարիքները նյութեցի դարձյալ,
Ծերադառնալով նախկին կենցաղիս:
Անդաստանները սրտիս հերկեցի
Միայն մեղքերի փշերի համար,
Որ որոմն այնտեղ արգասավորվի:
Ինձ են պատշաճում առակները ողջ
Աստվածարյալ սուրբ մարգարեների
Քանզի դու ինձնից հուսացիր խաղող,
Փոխարենը ես ընձուղեցի փուշ.
Խորթացած այգիս դառն ու անախորժ պտուղներ տվի:
Ապավինեցի անհաստատ հողմին,
Որով հարածուփ տատանումնրով
Այս ու այն կողմ եմ միշտ տարուբերվում:
Ըստ Հոբի խոսքի, գնացի անդարձ մի ճանապարհով
Հիմարի նման շենքս շինեցի ավազի վրա.
Խաբված՝ կարծեցի լայն արահետով
Կարող եմ հասնել անձկալի կյանքին.
Ինքս փակեցի ելքը ճամփեքիս.
Կամովին բացի վիհս կորստյան:
Իմ լսելիքի պատուհանները խցեցի ամուր
Որ կենդանարար խոսքդ չլսեմ:
Գոցեցի նայվածքն հոգուս աչքերի,
Որ չնկատեմ դեղս փրկության.
Վեր չցատկեցի մտքիս լքումից ու թմրությունից՝
Ի լուր պատգամիտ ահավոր փողի.
Մեծ դատաստանի հրափորձ օրվա
Գուժաբեր ձայնից չաչալրջացա.
Չարթնացա երբեք կորստի տանող մահաբեր քնից:
Հանգիստ չտվի հոգուդ՝ մարմեղեն տաղավարիս մեջ
Բանական շնչիս հետ չխառնեցի
Մասը՝ պարգևած քո շնորհների.
Ըստ առակողի, ինքս իմ ձեռքով կանչեցի կորուստ՝
Կենդանի հոգիս մատնելու մահվան:

snow
11.10.2009, 00:33
***
Աղաչում եմ քեզ,բոլոր չարաչար ու տաժանելի
Տառապանքների վիշտ ու թախիծով
Լի հոգիների խնամակալիդ.
Մի’ բազմապատկեր ցավս հեծության
Եվ մի’ խոցոտիր վիրավորվածիս,
Մի’ դատապարտիր արդեն պատժվածիս,
Բազմաչարչարիս մի’ տանջիր նորեն,
Խարազանվածիս մի’ գանակոծիր,
Մի’ գլորիր ինձ, երբ ընկած եմ ես
Եվ մի’ կործանիր անօգ գայթածիս,
Ամոթահարիս մի’ ամաչեցրու,
Տագնապահարիս մի’ հանդիմանիր
Եվ մի’ խորտակիր հուսահատվածիս,
Հուզվածիս էլ մի’ խռովիր նորեն,
Մի’ ալեկոծիր բքահարվածիս,
Էլ մի’ սասանիր, երբ ցնցված եմ ես,
Մի’ հողմակոծիր արդեն մրրկածիս,
Մի’ կեղեքիր ինձ, հոշոտված եմ, տե’ս,
Արդեն ջարդվածիս էլ մի’ ջախջախիր,
Էլ մի’ բզկտիր, մորմոքված եմ ես,
Մթնածիս նորից մի’ կուրացրու,
Մի’ ահաբեկիր սարսափահարիս
Եվ խարշատվածիս էլ մի’ խորովիր,
Անկար հիվանդիս մի’ մահացրու,
Մի ծանրաբեռնիր փույլ ու տկարիս.
Մի’ ավելացրու ծանր անուրներ թիկունքիս կարկամ,
Դառն հեծեծեծանքիս՝ նորանոր ողբեր:
Մի’ վարվիր այդպես ուժգնորեն՝ հողիս, սաստկապես՝ մոխրիս,
Ահարկու՝ փոշուս, անաչառորեն՝ գոյակիս հանդեպ:
Եվ մի’ ընդհարվիր այդքան խստությամբ՝
Մեծդ փոքրիս հետ, լույսդ՝ խավարիս,
Բնությամբ բարիդ՝ ի բնե չարիդ,
Ողկույզ օրհնության անեծքի պտղիս,
Քաղցրդ էությամբ՝ համակ դառնությանս,
Փառավորյալդ անայլայլելի իսպառ անարգիս,
Նշխարդ կենաց՝ կավի զանգվածիս,
Տերդ տերերի՝ երկնային տիղմիս,
Լիությունդ անհատ՝ աղքատ ստրուկիս,
Առատությունդ աննվազելի՝
Ապավինազուրկ պազմաչարչարիս,
Բարությունդ անբավ՝ ամենաթշվառ չքավորիս հետ:
Քանզի այն ով է, որ հասած լույսին արևածագի՝
Կասկած լունենա, թե խավարի մեջ կարող է ընկնել,
Կամ մոտիկ լինելով կյանքին՝ մահանալմ
Կամ ազատության՝ և բռնադատվել,
Փրկության՝ մատնվել, նորոգման՝ եղծվել,
Կամ թե օրհնոջթյան՝ և տարագրվել,
Կամ բժշկության՝ և վիրավորվել,
Լիառատության՝ նվազել հանկարծ,
Հացի ճոխության՝ ու քաղցած մնալ,
Գետի հոսանքին՝ ծարավից այրվել,
Գթին մայրական և նենգադավվել,
Կամ աստվածային աջիդ խնամքին՝ ու զրկված մնալ:

Ահա ճարակող քաղցկեղի նման
Հանցանքիս վերքերն անցել են բոլոր օրինակներից
Ու տարածվելով՝ լափել լիովին անդամներս ողջ.
թիք սպեղանի, Իսրայելի պես,
Ըր դրվի անչափ իմ խարաններին.
Հիմնախարսխից ազդրերիս մինչև
Ծայրագագաթը մարմնիս շինության
Չկա այլևս որևէ առողջ
Կամ բժշկության ենթակա մի տեղ:
Լսի’ր, ողորմած, բարերար, օրհնյալ,
Եվ երկայնամիտ սրտիս այս ողորմաղերս պաղատանքներին,
Որ անձկության մեջ ուղերձում են ինձ:

snow
31.10.2009, 01:06
ԲԱՆ Բ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Եւ արդ, քանզի առ բարձրեալն Աստուած յաւդաւորական շրթամբք կարդաս,
Որ գործովք միայն գրաւի, եւ ոչ ստեղծաբանութեամբ կաշառի,
Որ յԵգիպտոս միշտ ունիս զսրտիդ զդարձն,
Զի՞նչ աւրինակ առ այս քեզ նմանագոյն եւ յարմարական
Աստանաւր եդից, անձն իմ պարտաւոր:
Պատժակիցս կործանեցելոյն Սոդոմայ,
Ըմբերանեալ դատախազս Նինուէի,
Անարի բարբարոսս, քան զտիկինն հարաւային,
Վատթարագոյնս, քան զՔանան,
Յամառեցեալս, քան զԱմաղէկ,
Անբժշկականս քաղաք դրաւշելոց,
Նշմար մնացեալ ապստամբութեան հինն Իսրայելի,
Յիշատակարան պահեալ ուխտազանցութեանն Յուդայ:
Կշտամբեալս գեր, քան զԾուր,
Տարամերժեալս, քան զԾայդան,
Խորթաբարոյս, քան զԳալիլեա,
Աններելիս, քան զանհաւանն Կափառնաում,
Պարսաւեցեալս իբր զՔորազին,
Բամբասեցեալս ընդ Բեթսայիդայ,
Անպարկեշտ ծաղկեցեալ ալիքս Եփրեմի,
Աղու աղաւնիս միշտ յիմարութեամբ, այլ ոչ հանդարտութեամբ,
Ի կորեանց առիւծուց անձնական աւձս եղեռնային,
Կերպս ձուոց քարբից` լցեալ ժանտութեամբ,
Պատկերս վերջին հարուածոցն Երուսաղեմի,
Ըստ բանին տէրունի եւ տեսանողացն ձայնի:
Տաղաւարս մերժեալ` հասեալ ի կործանումն,
Խորտակեալ դրացս վստահարան,
Եւ կրկին ծրդեալ շինուածս խաւսուն,
Թողեալ ժառանգութիւնս յարմարական,
Մոռացեալ տունս աստուածակերտ,
Ըստ բանից նախագրեցելոցն Մովսեսի, Դաւթի եւ Երեմիայ,
Յարկս բանական` ունողս բորոտութեան,
Հարուածեալ խրատու քերմանն, աւրինիւ կազդուրեալ,
Աւծեալ կաւովն` ողոքական հեզութեամբն,
Անճարակ գտեալ ելս հնարից,
Քակտեալ վերստին ձեռամբ շինողին,
Արտաքս ընկեցեալ իրաւացի հատուցմամբ
Հրամանաւ հզաւրին` ի տեղի անսուրբ,
Հերքեալ, տարագրեալ խտրոցաւ մեծաւ` ամենայնիւ առանց խնայելոյ,
Ծածկեալ դրամս յերկրի չարեաց,
Ըստ աւանդակորոյս ժխտողին, որ յԱւետարանին ցուցանի:


Բ

Այլ դու, Աստուած,
Աստուածդ հոգւոց եւ ամենայն մարմնոց`
Ըստ դաւանելոյ աստուածաշնորհին,
Երկայնամիտ եւ բազումողորմ`
Ըստ սրբոյն Յովնանու ձայնին,
Շնորհեա՛ կատարել ի քոյդ հաճութիւն, աւրհնեալդ կամաց,
Զսկզբնաւորեալ մատեան մաղթանաց այսր ողբերգութեան:
Եւ ընդ լալով սերմանել բանիս,
Ի նախընթաց չուս աստիճանաց աւթեվանացս պատրաստութեան,
Ի կատարածն ժամանելոյ հաւաքման հնձոցն`
Դարձայց բերկրեցեալ լրութեամբ քաւութեան`
Պտղոյն երանութեան որայիցն բարութեան:
Մի՛ տացես ինձ արգանդ սրտի անորդի, իբր Իսրայելի,
Եւ ստինս աչաց ցամաքեալս, ո՛վ ամենագութ:
Լո՛ւր բանական մաղթողիս, հզաւր եւ ողորմած,
Նախ քան երկնի, եւ երկին` երկրի,
Եւ նա` ցորենոյ եւ գինւոյ եւ ձիթոյ, եւ նոքա` Յեզրայելի,
Եւ երկնաւորացն աղերս, որ առ քեզ,
Հոգւո՛յս ազդեսցէ, քան թէ տարերաց ապականացուաց:
Դու` ստեղծիչ, եւ ես` կաւ,
Բա՛ց տարակուսելոյս, ի մուտս մաղթանաց այսր հեծութեան,
Կամս քաղցրութեան` զաւրանալ աստէն,
Զի մի՛ ի բանալ վերնայինն երկնի,
Անընտիր գտեալ կրթութեան վայելման լուսոյ,
Իբր զնիւթ մոմոյ սպառեցայց` ջնջեալ ի միջոյ:
Ոգի` զրկելոյս, ըստ մաղթանաց գոչման ասողին,
Եւ ոյժ` թալկացելոյս եւ կեանք` մաշելոյս մտացս խղճիւ,
Այլ ոչ տաժանմամբ կրից աշխատութեամբ զքեզ խնդրելոյ:
Ա՛ռ զաւանդ մաղթանացս եւ տո՛ւր զողորմութիւն քո շնորհացդ,
Ընկա՛լ զփոքրս ի տկարէս եւ շնորհեա՛ զմեծդ առ ի հզաւրէդ,
Զաւրացո՛ զբանս զղջման` առաքեալ ի մեզ զՀոգի ի բարձանց,
Աստուածաշունչ պատգամաւքս ի սմին եդելոցս:
Պարգեւեա՛, բարերար, զառակն Եսայեայ լուսաւորել առ ճշմարտութիւնն,
Մատուցանելով մահու արժանոյս,
Ընդ պղնձոյս գոյի անարգս ձայնի` ինձ ոսկի շնորհի,
Ընդ անզարդութեան երկաթոյս սեւութեան գունոյս`
Պղինձ պճնելի` ցոյցք առաքինութեան, հրաշեկ Լիբանանու:


Գ

Ընդէ՞ր կարծրացուցանես զսիրտ եղկելոյս
Չերկնչել ի քէն, անճառ եւ ահաւոր:
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Մի՛ լիցի ինձ երկնել, եւ ոչ ծնանել,
Ողբալ, եւ ոչ արտասուել,
Խորհել, եւ ոչ հառաչել,
Ամպել, եւ ոչ անձրեւել,
Ընթանալ եւ ոչ հասանել,
Ինձ ձայնել, եւ քեզ ոչ լսել,
Պաղատիլ, եւ անտես մնալ,
Կողկողիլ, եւ ոչ ողորմիլ,
Աղաչել, եւ ոչ ինչ աւգտել
Զոհել, եւ ոչ ճենճերել,
Զքեզ տեսանել, եւ դատարկ ելանել:
Լո՛ւր ինձ նախ քան զկարդալս իմ առ քեզ, միայնդ հզաւր,
Մի՛ զանվճար տանջանացն տոյժս`
Ընդ թուով աւուրց մեղաւք կեցելոյս`
Չարագործիս ինձ հատուցանել:

snow
31.10.2009, 01:09
Դ

Կեցո՛ զիս, գթած, լո՛ւր ինձ, ողորմած,
Մարդասիրեա՛, ներող, խնայեա՛, երկայնամիտ,
Պաշտպանեա՛, ապաւէն, բարերարեա՛, հզաւր,
Ազատեա՛, ամենակալ, կենագործեա՛, նորոգող,
Վերականգնեա՛, ահաւոր, լուսաւորեա՛, երկնային,
Բժշկեա՛, հնարաւոր, քաւեա՛, անքնին,
Պարգեւատրեա՛, առատ, շնորհազարդեա՛, աննախանձ,
Հաշտեա՛ց, անախտակիր, ընկա՛լ, անոխակալ,
Սրբեա՛ ի պարտեաց, աւրհնեալ:
Եթէ յառեցից զաչս իմ,
Նայեցեալ ի հայեցուածս երկուց վտանգից յաւուր թշուառութեան,
Զքոյդ տեսից փրկութիւն, յոյս եւ խնամակալ:
Եթէ նկատեալ դիտեցից ի վեր յամենագրաւ ուղին սոսկալի,
Հրեշտակ քո խաղաղութեան քաղցրութեամբ ինձ պատահեսցէ:
Ցո՛յց ինձ, տէր, ի յելիցն աւուր շնչոյս արձակման,
Մաքրութեան ոգի` լուսով ամբարձեալ ի յերկնաւորացն երջանկաց,
Պարգեւաւք սիրոյ քոյ եկեալ հասեալ:
Ի յարդարոցն կատարելոց` կարեաց ինձ կցո՛րդ ժամանեցուսցես,
Զանակնկալն բարի` չարիս ի յուսահատութեանն աւուր շնորհեսցե՛ս:
Քա՜ւ լիցի քեզ, բարեբանեալ, որ փրկութիւնդ ես ամենայնի,
Եթէ ախտացեալս քո ոչխարի գազան դժնդակ տացես ուղեկից,
Մեղաւք մեռելոյս` անախտ կեանք,
Կործանելոյս պարտեաւք` փրկութիւն:


Ե

Արդեւք մոռացի՞ս զբարերարելդ, ակնկալութիւն,
Անտեսեսցե՞ս զգթասիրելդ, խնամող,
Այլայլեսցե՞ս զմարդասիրելդ, անփոփոխ,
Նահանջեսցե՞ս զկենագործելդ, անվախճան,
Թողուցո՞ւս զողորմութեանդ երջանիկ պտուղ,
Աղաւաղեսցե՞ս զքաղցրութեանդ բարեշնորհ ծաղիկդ,
Անպատուեսցե՞ս զնիւթ պանծանաց քումդ ճոխութեան,
Յեղանակեսցե՞ս զփառս հերաց քումդ բարձրութեան,
Ո՞չ պահեսցես զվայելչական զարդ պայծառութեան քումդ պսակի:
Եթէ ողորմածացն է երանութիւն,
Իսկ դու` բնաւ իսկ արքայութիւն, լցեալ փափագմամբ,
Ո՞չ զբոլորն պարգեւեսցես փրկութիւն,
Ո՞չ մատուցանիցես դեղ վիրացս,
Ո՞չ սպեղանիս` խոցուածոյս,
Ո՞չ դարման` տկարութեանս,
Ո՞չ ծագեսցես լոյս ի խաւարի` յուսացելոյս ի քո զաւրութիւնդ,
Կենաց պարգեւդ տիեզերաց:
Որ միայնդ ունիս փառս ինքնութեամբ, իսկութեամբ
Եւ յարակայ մշտնջենաւորութեամբ` վկայեալ ի բնաւից,
Աւրհնեալ եւ փառաւորեալ յերիս յաւիտեանս,
Եւ անդր քան զպայման սահմանի իմանալեացն յաւիտենից:
Ամէն:

snow
31.10.2009, 01:16
ԲԱՆ Գ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Տէ՜ր իմ, Տէ՜ր, տուիչ պարգեւաց, ինքնաբուն բարի,
Ամենից տիրող հաւասարապէս, միայն արարիչ զբնաւս յոչէից,
Փառաւորեալ, անքնին, ահեղ, ահարկու,
Սոսկալի, հզաւր, սաստիկ,
Անտանելի, անմերձենալի, անըմբռնելի, անիմանալի,
Անճառելի, անտեսանելի, անզննելի, անշաւշափելի,
Անորոնելի, անսկիզբն, անժամանակ,
Անշամանդաղ գիտութիւն, աներկեւան տեսութւին,
Ճշմարիտ էականութիւն, բարձր եւ խոնարհ,
Աւրհնաբանելի գոյութիւն, անստուեր ծագումն,
Ամենափայլ ճառագայթ, խոստովանեալ լոյս,
Անտարակոյս վստահութիւն, անտարտամ հանգիստ,
Անյեղլի կնիք, անսահմանելի տեսիլ, վկայեալ անուն,
Ճաշակ քաղցրութեան, բաժակ բերկրութեան,
Հաստիչ հոգւոց հաց, աւտար մթութեանց սէր, աներկբայ խոստումն,
Ծածկոյթ ցանկալի, զգեստ անկապուտ,
Աւթոց բաղձալի, զարդ փառաց,
Ձեռնկալու մեծ, ապաւէն գովեալ,
Աննուազելի շնորհ, անպակասելի գանձ,
Անապական անձրեւ, արփիացնցուղ ցաւղ,
Ամենատեղաց դեղ, ձրի բժշկութիւն,
Կրկնաձիր առողջութիւն, վեհագոյն խրախոյս,
Անպատիր կոչումն, համաւրէն աւետիս,
Ստրկամեծար թագաւոր, աղքատասէր պաշտպան, մշտահարուստ տուիչ,
Անխափան դիմեցումն, աննահանջելի հրաման,
Անհամառաւտ յոյս, երկար տեսողութիւն,
Անզջղական տուր, ամենաբաշխ աջ,
Արդարակշիռ ձեռն, անաչառատես ակն,
Մխիթարութեան ձայն, սփոփանաց լուր, բերկրութեան բերումն,
Անուն կենդանի, նախախնամող մատն,
Անգայթակղելի ելք, անխարդախ ընթացք,
Կենդանարար կամք, աննենգելի խրատ, աննախանձելի պատիւ,
Լայնական հնարք, անձկական պայման,
Անգտանելի հետք, աներեւոյթ շաւիղ,
Անչափագիր պատկեր, որքանութիւն անսահման, աննմանական տիպ,
Անզուգական գութ, ողորմութիւն բազմազեղ,
Խոնարհութիւն տաւնելի, համբոյր փրկական:
Եւ եւս քան զայս ազդմունք վայելչականք` աստուածութեանդ նուիրելիք.
Աւրհնեալ, գովեալ, բարեբանեալ, քարոզեալ, աւետարանեալ,
Հռչակեալ, հնչեցեալ, պատմեալ, անխաբելի կամաւք աղաչեալ,
Եւ որ ինչ առ մեզ բերին առ ի քէն հոսմունք քաղցրութեան,
Զոր հանդերձելոցն ճառից լուսաբանեն կերպաւորութիւնք,
Որով զուարթ ցուցանիս ի փրկութիւն իմ, երանութիւն,
Իբր ի պարարտութենէ իմեքէ, ախորժ տենչանաւք լցեալ,
Զի ոչ իմովս ինչ սնոտիապատուաստ փառատրիս երգով,
Այլ զի պատճառ իմն առցես զփոքրս աղերս` մեծիդ փրկանաց:


Բ

Եւ քանզի առ ամենայն հասարակ տնկեցեալ յերկրի ազգ բանականաց`
Այս պատուէր նկարագրական նորոգ մատենի ողբոց նուագի,
Որ զամենեցունց ունի զկրից պատահմանց, նշաւակեալ յիւրում պատկերի,
Իբր կցորդ մեծգիտակական կարեաց համայնից`
Առ բոլոր գումարս բազմահոլով տիեզերակոյտ քրիստոնէից,
Առ նախնի ժամն ժամանողաց
Եւ առ երկրորդ կոչեցեալ չափով արբունն,
Առ որ ի կատարած աւուրն ընկալեալ սակաւաձեռն ծերութեամբն,
Առ պարտաւորս եւ արդարս,
Առ ինքնագով բարձրայաւնն
Եւ առ սխալեալ անձնադատ գտեալն,
Առ բարիս եւ եղեռնագործս,
Առ նկունս եւ առ արիս,
Առ ստրուկս եւ ներքոյ անկեալս,
Առ սեպուհս եւ գերաշխարհիկս,
Միջակայնոց եւ պայազատաց,
Շինականաց եւ տոհմականաց,
Արուաց եւ իգաց,
Հրամայողաց եւ հնազանդելոց,
Գեր ելոց եւ նուաստից,
Վեհից եւ փոքունց,
Պատուականաց եւ ռամկաց,
Ձիավարժից եւ սոսկականաց,
Քաղաքականաց եւ գեղջկաց,
Արքայից գոռոզութեանց` ի սանձս ահաւորին ըմբռնեցելոց,
Միայնացելոց` վերնականացն խաւսակցաց,
Մաքրականաց` տիրանուէր զգաստութեանց,
Քահանայական երջանկակրաւն ընտրութեանց,
Այցելութեանց` բարեզգեստից դիտողութեանց,
Աթոռակալութեանց նախագահից` սրբանուէր տեսողութեանց,
Որոց ոմանց` աղերս աղաչանաց, եւ ոմանց` խրատ բարեաց
Առ դէմս աղաւթից այսու մատենիւ մատակարարեսցի,
Ձեռնարկեալ Հոգւոյդ զաւրութեամբ`
Կարգել ինձ մաղթանս բազմադիմիս,
Եւ ամենեցուն սոցին խնդրուածս`
Գթութեան մեծիդ յանդիման լինել սովաւ հանապազ:


Գ

Եւ արասցե՛ս զսոյն ընթերցողացն ի սիրտս յստակս`
Բժշկութիւն հոգւոց եւ մաքրութիւն յանցանաց,
Թողութիւն պարտուց եւ արձակումն մեղաց կապանաց:
Եղիցի՛ բղխումն արտասուաց սովաւ վարժելոցն,
Եւ պարգեւեալ տացի՛ ի ձեռն սորին ապաշաւ ըղձից:
Շնորհեսցի՛, Տէր, եւ ինձ ընդ նոսին առ ի քէն զղջումն կամաց,
Եւ նոցա իմովս ձայնիւ` շունչս բարեհամբոյրս,
Նուիրեսցի՛ վասն իմ այսու մատենիւ պաղատանք նոցին,
Եւ բանիւ այսու հեծութի՛ւն նոցին ընդ իմ խնկեսցի,
Ընդ համբոյր ճաշակման այսր ողբերգութեան`
Շնո՛րհ լուսոյ քոյ մտեալ բնակիցէ:
Եթէ ելցեն ինձ բարեպարիշտք ընծայիլ սովաւ,
Ընկա՛լ կենդանեաւք վասն քո, գթած, եւ զիս ընդ նոսա:
Եթէ ախտս ինչ սրբանուէրս կաթուածոց աչաց սովիմբ բերիցի,
Եղիցի՛ ի քէն, խնամակալ, եւ յիս անձրեւեալ:
Եթէ գրեսցի եւ ի փրկութիւն կարգեսցի հաղորդելոցն յայս կիրս կենաց,
Արասցե՛ս կամաւք քո, աւրհնեալ, եւ ինձ համարեալ:
Եթէ հեծութիւնս աստուածահաճոյս
Ի ձեռն այսր բանի ի գաղտնեաց ուրուք յառաջ եկեսցէ,
Աւգտեցա՛յց քեւ, բարձրեալ, եւ ես ընդ նոսա:
Եթէ ձեռն մաքուր, խնկով հանդերձեալ, առ քեզ համբարձցի,
Հասցէ՛ միասցի ընդ իմս ձայնի
Եւ աղաչողացն աղերս` յառաջ մատուցեալ:
Եթէ պաղատանս բազմապիսիս ընդ իմս երկնեսցի,
Լիցի՛ եւ ինձ քեւ վասն սորին կրկին նուիրեալ:
Եթէ յարգեսցի այս անձին բանի պատարագ` քեզ ի հաճութիւն,
Նախ այլո՛ցն ընդ իս քեւ ընծայեսցի:
Եթէ ի տխրանաց ինչ ձանձրութենէ ոք նուաղեսցի,
Կանգնեսցի՛ վերստին հաստարանաւ այսր հառաչանաց` ի քեզ յուսացեալ:
Եթէ համբարտակն վստահութեան մեղաւք յատակի,
Այսու արձանաւք պատկանեցելովք աջով քո պաշտպան` դարձեալ կառուսցի՛:
Եթէ յուսոյն ձգարան սուսերբն յանցանաց հատեալ կտրեսցի,
Կցեսցի՛ դարձեալ միւսանգամ կամաւք ամենակալիդ` բարւոք պատուաստեալ:


Դ

Եթէ վտանգ մահու անձնական ցաւոց զոք պաշարեսցէ,
Գտցէ՛ փրկութիւն սովաւ առ ի յոյս կենաց`
Յաղաւթելն առ քեզ, կեցուցիչ:
Եթէ տագնապաւ ոք տարակուսի ի սիրտ խոցիցի,
Քաղցրութեամբ քո սովաւ ապրեալ ողջասցի՛:
Եթէ անքաւելի կորստեամբ պարտեաց`
Յանդունդս ոք խորոց իցէ ընկլուզեալ,
Եկեսցէ՛ ի լոյս կարթիւ այս հնարից` քեւ պատսպարեալ:
Եթէ թմբրութեամբ խաղբից` խաւարին գործոց իցէ ոք վնասեալ,
Զաւրասցի՛ անդրէն վասն քո, միայն ապաւէն, ի քեզ ապաստան եղեալ:
Եթէ պահպանակն վստահութեան զանձն ուրուք լքցէ,
Ընկալցի՛ այսու միջնորդիւ ձեռն քո զնա`
Ամփոփեալ ի նոյն հաստատութիւն:
Եթէ ամայի ի զգուշութենէ պահողացն ոք դեգերեսցի,
Սպասեսցէ՛ սովիմբ առ ի նոյն դարձ նորոգողիդ:
Եթէ սարսուռ դիւային ջերման դողութեամբ ինչ զոք խռովեսցէ,
Սթափեսցի՛ ի սոյն յայս նշան`
Խոստովանեալ եւ երկրպագեալ խաչիդ խորհրդոյ:
Եթէ անաւրէնութեան մրրիկ խորտակիչ հողմոյ յանկարծ բախեսցէ,
Զհաստուածս մարմնոյ շինուածոյ մարդոյ յերկրային ծովուս,
Հանդարտեսցի՛ անդրէն` ղեկաւ այս թեւոց ի քեզ պատկանեալ:


Ե

Եւ արասցե՛ս լինել դեղ կենաց
Առ հնարս ցաւոց հոգւոց եւ մարմնոց քոց ստեղծուածոց,
Զայս կարգեալ սահման ողբոց մատենի`
Սկզբնեցելոյ յանուն քո, բարձրեալ:
Զսկսեալս իմ դու կատարեա՛,
Եղիցի՛ հոգի քո խառնեալ ի սա,
Շունչ զաւրութեան մեծիդ միասցի՛
Ի քո ինձ շնորհեալ ստեղծաբանութիւնս:
Զի դու տաս զաւրութիւն վհատեալ սրտից
Եւ ընդունիս փառս յամենեցունց:
Ամէն:

Մեղապարտ
19.11.2009, 02:24
Եթե դժվար չէ տեղադրեք «Թ» գլուխը աշխարհաբար, ինձ շատ անհրաժեշտ է:
ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ
ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ
ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Շնորհակալություն

Lexsa
25.12.2009, 11:39
ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴՅԱՆ


Ծավալվել են աչքերը ծով
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,
Ինչպես երկու փայլակնաձեւ արեգակներ.
Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:
Թափվում էին այտերից վառ՝
Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.
եղաշիտակ իրանից սիրան էր կարկաչում
Հուզավարար կոնսատու սեր:
Կամար կապած թեւերը գիրգ՝
Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն,
Ելեւէջներն հյուսում իրար.
Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին:
Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում.
Լեզվի տավիղն էր քաղցր երգում հուզումնահորդ.
Շողում էին նույն կենսավառ
Սիրով չքնաղ ու գինեթույր
Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր:
Այդ վարսերը համերամ զա՜րդ , համորեն զա՜րդ,
Ոլորք առած եռահյուսակ՝
Բոլորվել են այտերի շուրջ.
Լուսափայլ է ծովը, կարմիր վարդով լցված,
Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ:
Բուրում էր նա կնդրուկի պես
Աստվածային հրով լցված մի բուրվառի.
Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ:
Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես,
Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի
ույներով էր ոսկեշողում.
ոտին կամար, արծաթափայլ,
Ոսկետտուն ու նրբակերտ՝
Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի:
Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղցկությամբ,
Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտերից:
Քեզ պսակող թագավորին
Ու նորածին այն փրկչին փա՜ռք
Հավիտյանս հավիտենից. ամեն

Lexsa
25.12.2009, 11:40
Արդ, ու՞ր կարող եմ գտնել փրկություն,
Երբ սկզբնահարն հավատի անվերջ,
Հուսահատության այս անձուկ վայրում,
Իմ անգթության չարիքներն է միշտ հիշել տալիս ինձ.
Մարգարեների մեշն է անխնա
Կոշկոճում սաստիկ խոսքի քարերով.
Արին բառեփառ նիզակ ու տեգով խոցաման անուս.
Բնաջնջում է ճշմարտի պատկերն Աքարի նման.
Վեհն աստվածարյալ հարագողների վրեժին մատնում.
Կանխատեսողն է մարգարեածին
Ամաղակեցու նման սպանում արարչի առաջ.
Վատնում է բոցով իր երկնատարափ՝ նախանձորդն Աստծու.
Հնի լրումն ու սկիզբը նորի
Հեծանոցով իր հանձնում է քամուն.
Առաքյալների պետը անողոք
Կենազրկում է Սափիրայի պես.
Հոգեքննի քարոզն իսկ կենաց՝ մահ է ինձ բուրում:
Երբ անաչառ եմ իմ հանեպ նաև
Կաճառներն ամբողջ երջանիկների,
Սպառազինված վերնայնի սաստիկ հրամաններով.
Հրեշտակների հետ նաև մարդիկ,
Այս հողանգնդի ու տիեզերքի հետ տարերքները ողջ,
Անզգաներն ու շարժուններն համայն,
Որ դատապարտված ինձ անլուր լլկանք ու տանջանքների,
Ազդարարում ու պատկերում են միշտ աչքեիս առաջ
Նաև ապագան առավել դժխեմ:
Արդ, կորցրած այսպես վստահությունն ու անդորրը կյանքիս,
Ալեկոծվում եմ սաստիկ հողմածեծ
Փոթորկահույզ ու հավերժ մրրկածուփ մի ծովի նման:
Եվ եթե մեկը քննախույզ լինի ուշիմ հայացքով,
Կտեսնի անթիվ, բյուր ու անհամար
Փոքր ու մեծամեծ, բազմատեսակ ու զանազանակերպ
Խմբեր լողացող կենդանիների,
Որոնք անհատնում ամեհի վտառ ու երամներով
Եռում, զեռում են, սուրում, սլանում մարմնիս ծովի մեջ,
Ու կհաստատի ճշմարտությունը գրած խոսքերիս:

Lexsa
25.12.2009, 11:45
Սաստի'ր քո ձեռքով ալեկոշումը մրրկահույզ հոգուս,
Դադարեցրո'ւ սրտիս ծփանքի
Մոլեգին շարժման ծավալումները,
Նվաճի'ր, զսպի'ր վայրագությունը ցնդած մտքերիս:
Թող հրամանով մեծիդ խաղաղվի
Ամենավարան բուքն այս սասանող.
Ջնջի'ր, խափանի'ր իսպառ ամոթի
Մութ գաղտնիքների անդամներն ահեղ՝
Այդ երկրացենցաղ ավազակների
Բազմակերպարան ուրվականները:
Համարի'ր աղոթք մի մշտամատույց
Ողբիս մատյանի այս ողորմաղերս
Նոր տողերը, որ թախծագին ձայնով ընծայեցի քեզ.
Հա'ն անդունդների խորքերից մահվան
Եվ չքնաղ կյանքով ապրեցրո'ւ փրկված մարգարեի պես.
Ընդունի'ր սիրով խոստովանությունն իմ այս ինքնադատ
Եվ տուր սփոփանք դառը վշտերով
Ուժգին հեծեծող հուսահատվածիս:

***
...Չկա որ մի մարդ այնքան մեղավոր, այնքան անօրեն,
Այնքան ամբարիշտ, այնքան անիրավ, այնքան չարագործ,
Այնքան մոլորված, այնքան սխալված, այնքան մոլեգնած,
Այնքան խարդախված, այնքան շաղախված, այնքան ամաչած
Ու դատապարտված, որքան որ ես եմ.
Միմիայն ե'ս եմ, ու ուրիշ՝ ոչ ոք.
Ե'ս եմ համայնը, և ամենքինն է պարփակված իմ մեջ:
Ո'չ ամենևին հեթանոսները, որ անգետ էին,
Ո'չ հրյաները, քանզի կուրացանմ
Ո'չ տգետներն ու խաժամուժ մարդիկ,
Քանզի զուրկ էին իմաստությունից.
Միայն ե'ս, քանզի, որպես իմ անձին ամբաստանություն,
ծարժապետ անուն նույնիսկ կրեցի.
Կոչվեցի ռաբբի, ռաբբի, եղծելով գովեստն առ Աստված.
Անվանվեցի և բարի, եղկություն ինձ ժառանգելով.
Մարդկանցից նաև սուրբ վկայվեցի.
Երբ անմաքուր եմ Աստծո առաջ.
Դիտվեցի արդար, երբ ամբարիշտ եմ բոլոր կողմորով.
Գովասանքներով մարդկանց՝ հրճվեցի,
Որ Քրիստոսի ատյանում ձաղվեմ.
Դեռ ավազանից կոչվեցի արթուն,
Սակայն ննջեցի մահաբեր քնով.
Հսկող հորջորջում նույնիսկ ստացա օրս փրկության,
Խակայն աչքերս խակեցի ամուր զգաստության դեմ:
Ահա և այժմ՝ արդար դատաստան, հանդիմանություն,
Նոր կշտամբանք, հին դատապարտություն,
Ամոթանք դեմքի ու հոգու տագնաօ,
Քննություն՝ փոքր բաների համար,
Որ ունեն կշիռ մեծամեծերի:

Շինարար
30.01.2011, 12:51
Տաղ յարութեան


Ա

Փա՜ռըք Քրիստոսի ամենազօր յարութեան։
Սայլն այն իջանէր ի լեռնէն ի Մասեաց.
Եւ ի վերայ նորա աթոռք են կարգեալ,
Եւ ի վերայ նորա՝ գահոյք ոսկեղէնք,
Եւ ի վերայ նորա՝ բեհեզք ծիրանիք,
Եւ ի վերայ նորա՝ Որդի արքայի,
Եւ յաջմէ նորա վեցթևեան սերովբէքն,
Յահեկէ նորա՝ բազմաչեայ քերովբէքն,
Առաջի նորա՝ մանկունք գեղեցիկ,
Ի գիրկս նոցա՝ խաչն տէրունական,
Ի ձեռին նոցա՝ սաղմոսարան և քնար,
Որք երգէին զերգս՝ ասելով.
-Փա՜ռըք Քրիստոսի ամենազօր յարութեան։


Բ

Ածեալ են, ածեալ,
Զսայլիկն ածեալ են, կացուցեալ.
Ի Մասեաց յաջ կողմանէն
Զ սայլիկն ածեալ են, կացուցեալ.
Եւ ահա չշարժէր սայլիկն այն,
Եւ ահա չխաղայր անիւն այն։
Եթէ հարիւր բարդ խոլրձան, վեց կորընկան,
Մին մանուշակ՝ խրձադիզեալ
Զսայլիկն ածեալ են, կացուցեալ.
Եւ ահա չշարժէր սայլիկն այն,
Եւ ահա չխաղայր անիւն այն։
Եթէ սամիքն են արծաթի, լուծն էր ոսկի,
Եւ սամոտիքն՝ ապրիշիմի,
Փոկեր շարած շարանման հոյլ մարգարիտ,
Եւ խարազան՝ փնջեալ ծաղիկ.
Եւ ահա չշարժէր սայլիկն այն,
Եւ ահա չխաղայր անիւն այն։
Եթէ եզինք են սաթ ու սպիտակ,
Ծաղկախայտուցք, արագաքայլք, ընթացականք,
Եղջևրն ամէն խաչանման,
Եւ մազն ամէն՝ հոյլ մարգարիտ.
Եւ ահա չշարժէր սայլիկն այն,
Եւ ահա չխաղայր անիւն այն։
Այն ճորտն ճոճ էր և ճապուկ,
Ուռամիջակ, հաստաբազուկ,
Լայնաթիկունք, խարտիշագեղ, ահեղագոչ.
Նա ձայն ածէր եզնամոլին,
Կանչիւն առնէր աթոռակին.
Դարձեալ խաղայր եզնամոլը՛ն,
Խաղայր, ցնծայ աթոռակըն. Եւ ահա շարժէր սայլիկն այն,
Եւ ահա խաղայր անիւն այն։
Ի յառեղէն առեալ շարժումն կուրծն սայլին,
Այսօր անուշահօտ բուրմամբ ընթանայր.
Եւ ահա շարժէր՝ սայլիկն այն,
Եւ ահա խաղայր անիւն այն։


Գ

Սայլն՝ ի Սինեայ
Երկրորդ օրէնքն էր Մովսէսի.
Եւ այն հարիւր բարդ խոլրձանն՝
Այն նահապետքն են՝ մարգարէք.
Եւ այն վեց բարդ կորնկանն՝
Վեցօրեայ գործքն Աստուծոյ.
Եւ այն մին մանուշակ՝
ՄիաւորեալԵրորդութիւնն.
Եւ այն մանուկ խարտիշագեղն՝
Այն Յովհաննէսն էր Մկրտիչն.
Եւ այն չորս կուրծն սայլին՝ Աւետարանն էր Քրիստոսի։


Դ
Ի գիլ գայր, ի գիլ, սայլիկն ի գիլ,
Ի Մասեաց յաջ կողմանէն
Սայլիկն ի գիլ գայր, ի գիլ.
Եւ ճռընչալով գայր, մտանէր յԵրուսաղէմ.
Եւ որդիք նոր Սիովնի ելին ընդառաջ,
Որք երգէին զերգս ասելով.
-Փա՜ռըք Քրիստոսի ամենազօր յարութեան,
Այսօր արձակեցաք ի կապանաց նախնոյ
Եւ վերստին նորոգմամբ
Յաւիտենական կենացն եղաք ժառանգորդք։
Փա՜ռըք Քրիստոսի ամենազօր յարութեան։



http://www.youtube.com/watch?v=CgiAL5h_oYM&feature=player_embedded

Շինարար
30.01.2011, 12:59
«Տաղ վարդավառի»

Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին շողշողէր պտուղն ի ճղին:
Քրքում վակասիր պտուղն սնանէր խուռն տերևով.
Տերևն տաւիղ տուողին զոր երգէր Դաւիթ հրաշալին:
Ի փունջ խուռներամ վարդից գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան:
Այդ սօս ու տօսախ ծառերդ վարդագոյն ոստս արձակեցին:
Այդ նոճ ու բողբոջ արօսդ զարդ առեալ վարդն շուշանին.
Շուշանն շողէր հովտին, շողշողէր դէմ արեգականն.
Այն հիւսիսային հովէն հով հարեալ գոհար շուշանին.
յԱյն հարաւային լեռնէն քաղցր օդով ցօղէր շուշանին:
Շուշանն շաղով լցեալ, շող-շաղով և շար մարգարտով:
Ծաղկունքդ ամէն շաղ առին, շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
Աստեղքդ ամէն շուրջ առին, դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
Գունդ-գունդ խաչաձև գնդակ, յօրինուած երկնից շուրջանակ:
Փառք Հօր և Որդւոյն յաւէտ, սուրբ Հոգւոյն այժմ և յաւիտեանս:

Շինարար
30.01.2011, 13:25
Մեղեդի ծննդյան


Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր յառաւօտուն,
երկու փայլակնաձև արեգական նման.
շողն ի ժմին իջեալ յառաւօտէ լոյս:
Յայտէն նռնենի սարդիատունկ
գեղաշիտակ ծայրից ծաղկանց.
որոյ սիւնն ի սրտին նուսխայօրէն
կարկաջայր սաթբերունի սէր:
Ձեռացն եղիշոյ
կամարակապ կապէր.
ատիճաղ պատիճաղ,
ստղի խտղի երգով:
Հիւսէր զելեւելսն
ընդ միմեանս,
հանդարտիկ խաղայր,
թիկնեթեկին ճեմէր:
Բերանն երկթերթի,
վարդն ի շրթանց կաթէր,
լեզուին շարժողին
քաղցրերգանայր տաւիղն:
Ի ծամին խեղեփին
հազրէ զի նոյն սէր
հոգիազգեստեալ
գեղն ի գինւոյ գոյն:
Վարսիցն երամից
զարդ՝ երամից զարդ
ոլորս են առեալ
եռահիւսակն բոլորեալ այտիւք:
Ծոցըն լուսափայլ,
կարմիր վարդով լըցեալ.
ծըղիքն ծիրանի
մանուշակի հոյլք:
Խնկեալ ի կընդրկէ
բուրվառ հրով Ածայնով լըցեալ.
ձայն քաղցրանուագ
որ ի նմանէ հնչէր:
Գեղեցիկ պատմուճանաւըն
զարդարեալ էր,
ի կապուտոյ, ի ծիրանւոյ,
ի բեհեզոյ, ի յորդանէ,
ոսկեշողէր գոյնն:
Գոտին արծաթափայլ
ոսկէտտուն, կամարակապ յականց,
յականց շափիւղայ,
մանրամասին յօրինուածով պճնեալ:
Անձին ի շարժել
մարգարտափայլ գեղով.
ոտիցն ի գնալ
շողն ի կաթել առնոյր:
Այն թագաւորին,
այն նորածին փրկչին.
զքեզ պսակողին
փառք յաւիտեանս. ամէն:

E-la Via
30.01.2011, 20:02
Մատյան Ողբերգությանից մի քանի փոքր, ինձ ամենից շատ դուր եկած հատվածներ:

Իմ իսկ էության մասերն համրորեն, մեկմեկու ներհակ,
Պատերազմում են անվերջ իրար դեմ:
Երկչոտությամբ ու տագնապով վարան՝
Վտանգի մեջ է այնտեղ ամեն ինչ:
Թեև հարազատ, բայց անհաշտելի ոսոխների պես
Դավաճանաբար ջարդում են իրար:
/Բան ԻԶ-Գ/

Հանգստի ժամին նա միշտ լինում է տանջված, հոգնած,
Խրախճանքի մեջ՝ տխուր ու տրտում,
Դեմքով միշտ ժպտուն, բայց մտքով խոցված:
Տեսքը ծիծաղկոտ, աչքը ողբի մեջ,
Արտաքուստ թեև ձևանում է շատ հանգիստ, սփոփված,
Բայց արտասուքը լուռ վկայում է կսկիծը սրտի:

/Բան Լ-Բ/

Հարստանում են մեծապես տալով, ոչ թե առնելով,
Ոչ թե կիտելով, այլ ցրելով են ջանքերդ բազմանում,
Ունեցվածքներդ բազմապատկվում,
Սփռելով, որ թե խնայողությամբ,
Ոչ թե դիզելով, ամբարելով են
Պաշարներդ աճում, այլ տարածելով:

Կյանքն այս աշխարհում նման է սաստիկ մրրկածուփ ծովի,
Ուր բազմակոհակ ու ալեխռով
Հորձանքների խուլ, անդուլ, անընդմեջ ընդդիմախոսությամբ՝
Տարուբերվում է, ցնցվում է հոգիս
Մարմնիս շինվածքով, ինչպես նավակում:

/Բան ԻԵ–Բ/

E-la Via
02.02.2011, 17:01
Գրիգոր Նարեկացին ծնվել է 951 թ. Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում: Նա կյանքի մեծ մասը անց է կացրել Վանա լճի հարավային ափին գտնվող Նարեկավանքում, ըստ որի էլ ստացել է Նարեկացի անվանումը։

Նարեկա վանքը գտնվում է Վանա ծովի հարավային ափի մոտ: Ռշտունյաց աշխարհի համանուն գյուղում: Վանքը շինված է սպիտակ սրբատուշ քարերով՝ մի բլրակի գագաթին: Գյուղից փոքր-ինչ հյուսիս՝ անմիջապես ծովափին, ավանդաբար ցույց է տրվում Նարեկացու աղոթատեղին՝ մի բարձր քարաժայռ: Ըստ նկարագրությունների՝ դիրքով դա մի սքանչելի բանաստեղծական վայր է: Աղոթատեղիի առաջ անմիջապես բացվում է ծովը՝ իր ամբողջ գեղեցկությամբ, քիչ հեռու երևում են Մոկաց և Ռշտունյաց բարձրագագաթ լեռնաշարքերը:

Նրա հայրը Խոսրով Անձևացին էր, նա Վասպուրականի Անձևաց Գավառի եպիսկոպոս է ձեռնադրվել: Նա գյուղում հիմնել է Խոսրովա Սուրբ Նշան վանքը: Հայրը եղել է իր ժամանակի կրթված ու գիտնական անձնավորություն, որի մասին ասել են “այր համեստ և գիտնավոր”: Նա նաև հրաշալի ուսուցիչ էր և մեծ դեր է կատարել Նարեկացու կրթության և դաստիարակության գործում:

Նարեկացու մյուս և ամենանշանավոր ուսուցիչը եղել է Նարեկա վանքի վանահայր Անանիա Նարեկացին՝ Գրիգորի մորական պապի եղբայրը: Նա մեծ գիտելիքների տեր էր, սրբազան մի մարդ: Նարեկացին երախտագիտությամբ է արտահայտվել իր մեծահամբավ ուսուցչի մասին:

Ուսումնառության տարիները շատ մեծ դեր խաղացին նրա կյանքում: Նարեկա վանքի դպրոցում դասավանդում էին քերականություն, մաթեմատիկա, երկրաչափություն, երաժշտություն, աստղաբաշխություն, հռետորություն, աստվածաբանություն:

Վանքում Նարեկացին ձեռնադրվել քահանա, ձեռք է բերել հարուստ գիտելիքներ և հռչակվել, դարձել ժամանակի և մեծ հմայքի տեր բանաստեղծ: Նա՝ իբրև մարդ, բանաստեղծ և գիտնական, հանճարեղ անհատականություն է: Նա գիտակցում էր, որ մարդու գիտելիքները միշտ սահմանափակ են, իսկ չիմացածը՝ անսահմանափակ:

Գրիգոր Նարեկացին մահացել է 1003 թվականին:

Բայց նա դարձել էր կենդանի լեգենդ, սրբացված անձ:

Վահրամ Ալազանը հիշում է. Ամեն տարի աշնանը Վասպուրականից, Սասնա սարերից, Մշո դաշտից ժաղավուրդը հոծ զանգվածվերով, վեհ ու հանդիսավոր շքերթով ընթանում էր դեպի Նարեկավանք: Հայուհիների հետ սպասումով ու սրտի թրթիռով գնում էին նաև թրքուհիները: Արհամարհելով ճանապարհի դժվարությունները, ավազակախմբի հարձակումները՝ գնում էին, որովհետև “մեծ էր սրտացած բանաստեղծի հմայքը” :
...Ծնկաչոք դեպի գերեզմանաքարը ընթացող ժողովուրդը հետո գնումէ Նարեկացու ճգնարան, մագլցելով բարձրանում, սրբազան երկյուղածությամբ զննում քարայրի մամռոտ ու խորհրդավոր պատերը:Ճգևարանի տակ ծփում էր Վանա ծովակը...

«Գրիգոր Նարեկացին բարձր կատարելության է հասցրել բանաստեղծության ձևը, սիրով մշակելով “հնչունագրությունը” շատ ավելի առաջ, քան դա ծաղկեց պարսկական և արաբական քնարերգության մեջ: Այս տեսակետից Գրիգոր Նարեկացու տաղերը ազդարարումն են միջնադարյան “աշխարհիկ” պոեզիայի: Իսկ ժամանակակիցների վրա Գրիգոր Նարեկացին խիստ ուժեղ ազդեցություն է գործել»:
(Վ.Բրյուսով )


(շարունակելի...)

E-la Via
02.02.2011, 21:09
Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են X դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։

Նարեկացու 1-ին գործը համարվում է 977 թվականին գրված "Երգ երգոցի" մեկնությունը:
Խոր անցյալում ստեղծված սիրային լիրիկայի ամենագեղեցիկ նմուշներից մեկը` "Երգ երգոցը" առաջին անգամ կրոնական մեկնության է ենթարկել 3-րդ դարի եկեղեցական հայտնի գրող Իպոլիտը: Նարեկացին իր մեկնությունը ձեռնարկել է Անձևացյաց Գուրգեն թագավորի հրամանով:

Նարեկացու առաջին գրվածքը վերաբերում է պաշտոնական եկեղեցական գրականությանը:
Բայց հետզհետե նոր գործերը հեռանում են ընդունված պաշտոնական եկեղեցական գրականությունից և իրենց մեջ կրում են Վերածննդին բնորոշ գծեր:Սա պարզորոշ նկատվում է "Ապարանից խաչի պատմության" ներբողում: Այս ներբողը և նրան կից խաչին ու Աստվածածնին նվիրված ներբողները Նարեկացին գրել է Մոկաց Ստեփանոս եպիսկոպոսի խնդրանքով:

Ներբողի ժանրը մինչ Նարեկացին էլ գոյություն ուներ, բայց Նարեկացու ներբողները իրենց բնույթով աչքի ընկնող նորություններ էին: Նարեկացին երբեք չի սահմանափակվում եկեղեցական գրքերից վերցրած և տասնյակ անգամներ գործածված դարձվածքներով, մաշված մակդիրներով, խորհրդածություններով:Իհարկե, նա իր գրվածքներում կրոնական դոգմաներից պաշտոնապես չի հրաժարվում, բայց դրանք միևնույն է կորչում են, փոշիանում են նրա նուրբ և հարուստ անձնական խոհերի և արտահայտչական միջոցների ահագին բազմազանության մեջ:
Ինչ վերաբերում է Աստվածածնին նվիրված ներբողին` "Գումարք խմբից",սա արդեն գեղարվեստական ստեղծագործություն է:Այստեղ շատ են բազմազան ու պատկերավոր համեմատությունները, մակդիրները:

Նարեկացին գրել է նաև գանձեր: Երեք Գանձ է գրել: Դրանք բովանդակությամբ առանձնապես չեն տարբերվում ներբողներից: Բանասերներից ոմանք կարծում են, որ գանձ բառը իբրև բանաստեղծության մի տեսակի անուն ծագել է պարսկերեն գանզ բառից, որը նշանակում է կրոնական երգ, ոմանց կարծիքով էլ`գանձ բառը պետք է հասկանալ իբրև հայերեն բառ իր ուղղակի իմաստով: Նարեկացին իր բոլոր գանձերը սկսում է հենց այդ բառով,որի սկզբնատառը հենց իր անվան առաջին տառն է, այնուհետեև նա հատվածները այնպես է սկսում, որ ոնց սկբնատառերը միասին կարդացվում են Գրիգորի երգ: Թեպետ Նարեկացին իր գանձերը սկսում է գանձ բառով, բայց ինքը փաստորեն դրանք կոչում է երգ, ուրեմն հավանական է, որ նա այդ գանձը գործածել է ոչ թե բառացի, այլ հոգևոր երգ իմաստով: Սովորաբար գանձ կոչված հոգևոր երգերը երգվում էին ժամերգության որոշյալ միջոցին և պարունակում էին խնդրվածքներ, բայց Նարեկացու նման գործերը ավելի շատ նման էին ներբողներին


(շարունակելի...)

E-la Via
03.02.2011, 21:22
Նարեկացին հայտնի է նաև իր տաղերով:
Արդյոք սրանք Նարեկացին է տաղ համարել, թե հետագայում են այդպես կոչվել`դժվար է որոշել: Նա առաջինն էր, որ շարականների հեղինակներից հիմնովին տարբերվելով` արժեքավորեց և երգեց բնությունը և մարդուն, մարդու հոգեկան և մարմնական գեղեցկություններն ու նրա ստեղծագործ աշխատանքը: Նա անտեսում է եկեղեցական դոգմաների կաշկանդիչ շղթաները: Դոգմաների անտեսումը բաց է անում բանաստեղծի լեզուն: Նրա լեզուն, որ նույնիսկ ներբողներում ազատ էր պաշտոնական դարձած շատ արտահայտություններից`այժմ ձեռք է բերում մի անսահման թռիչք: Նարեկացու լավագույն տաղերը թեպետ արտաքուստ դեռ որոշակի կրոնական թեմաներ են ակնարկում, բայց դրանք իրենց գաղափարական էությամբ հոգևոր բանաստեղծություններ չեն:

Դրանք դասավորված են ըստ վերնագրերի ցույց տված թեմաների`
սկզբում դրված են "Ծննդյան" տաղերը
"Հայտնության"
"Քառասնիցն"
"Ի հարությունն Ղազարու"
"Հարության"
"Համբարձման"
"Գալստյան հոգվոյն"
"Եկեղեցվո"
եվ "Վարդավառին" տաղերը:

Այս դասավորությունը հարմարեցված է ավետարանի բովանդակության ընթացքին: Նարեկացու լավագույն տաղերում արժեքավորվում է իրական աշխարհն ու կյանքը: Նարեկացու տաղերը ամենից առաջ պաշտամունքի երգեր են:

"Հայտնության" տաղում նա ոգևորված ողջունում է փարթամորեն աճած ծառերն ու ծաղիկները, հորդ աղբյուրներն ու վտակները:

Բնության պաշտամունքի ամենափառահեղ արտահայտությունը Նարեկացու "Վարդավառի" կոչված տաղն է: Թեկուզև այն "Վարդավառի" տաղ է կոչվում, բայց այստեղ չի նկարագրվում վարդավառի տոնը, ոչ էլ դավանաբանական խորհրդածություն է արվում:

Հաջորդ տաղը "Մեղեդի ծննդյան" տաղն է, որտեղ ներկայացնում է տիրամորը, բայց սա զուտ կրոնական քողի տակ, քանի որ իրականում պատկերվում և գովերգվում է կինը, ընդ որում ` ֆիզիկական գեղեցկությունը, ինչպես նաև հոգեկան ապրումները:




Հայ և համաշխարհային գրականության մեջ Գրիգոր Նարեկացին հռչակվել է «Մատեան ողբերգութեան» պոեմով, որը պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվեյով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ աստծուն։ Նա տարակուսում է, որ կարոդ է հասնել իր իդեալին՝ աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ:
Կործանվելու սարսափներին հաճախ հաջորդում է փրկվելու հույսը՝ կապված մեղքերի խոստովանության հետ։ Պոեմի արտակարգ հուզիչ, դրամատիկ դրություններով հարուստ ընթացքն ավարտվում է լավատեսության հաղթանակով, Փրկության ե աստվածային էության հետ միանալու՝ աստվածանալու հավատով։

Ինչպես որոշ միստիկներ, այնպես էլ միստիկ Գրիգոր Նարեկացին ստեղծել է կատարելության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյալ էակի՝ աստծո պաշտամունքը։ Նա պանթեիստորեն առաջադրում և յուրովի լուծում է մարդ և աստված, բնություն և աստված հարաբերությունը։ Աստված ամենուրեք է և ամեն ինչում.
Զի դու միայն ես երկնքում անճառ
և երկրում՝ անզնին,
Գոյության տարրերի մեջ և աշխարհի
բոլոր ծագերում,
Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝
ամբողջ լրումով։

Պոեմի բովանդակության զարգացման ինքնատիպությունը, հույզերի, տրամադրությունների արտահայտումն ու պատկերումը պահանջում էին պոետիկական նորանոր հնարքներ ու միջոցներ։ Բանաստեղծը խորապես գիտակցել է իր ստեղծագործության էության առանձնահատկությունները և, դրանց համապատասխան, արտահայտչական ձևեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Թե՛ մարդկային կյանքի իրադրությունները, թե՛ բնության երևույթներն օգտագործված են բանաստեղծի կողմից իբրև համեմատություններ ու փոխաբերություններ՝ ապրումների ու հոգեվիճակների գեղարվեստական մարմնավորման համար։

Նարեկացու փոխաբերությունները, համեմատությունները, էպիտետները, որոնք պոեմում հորդում են հեղեղի նման, միշտ ինքնատիպ են, համարձակ և գեղագիտական բարձր ճաշակի ու զգացողության արտահայտություն։

Ժամանակի գրական լեզուն՝ գրաբարը, ինչ հարստության որ հասել էր պատմիչների, եկեղեցական գրողների ու բանաստեղծների գործերում, չէր կարող Նարեկացու ստեղծագործական երևակայության անսահման թռիչքը, իրարամերժ խոհերի ու զգացմունքների բոլոր նրբերանգներն արտահայտել։ Նրանից առաջ բուն բանաստեղծության լեզուն շատ ավելի աղքատ ու միակերպ էր, քան մեր պատմիչների լեզուն։ Եկեղեցական դոգմաներին հետևելը խանգարում էր հոգևոր երգերի (շարականների) հեղինակներին լեզվական նորամուծություններ կատարել ե՝ այն աստիճան, որ նրանց լեզվական անհատականությունը գրեթե կորչում էր։

«Մատեան ողբերգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։

Գրիգոր Նարեկացին գրականության մեջ մնաց անգերազանցելի՝ բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու և օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության անկրկնելի արդյունքների հասնելու հարցում։ Մ. Մեծարենցը ճիշտ է նկատել, թե Նարեկացին «գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը»։

Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին, ութ-ձայնի դրությանը կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը։ Ընդհանրապես նախատեսված չլինելով պարտադիր-կիրառական նպատակների համար՝ տաղերն ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ, շարականները) հարստացել ժող-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով։ «Մատեան ոդբերգութեան» պոեմի գեղարվեստական անընդգրկելի մեծության ամենացայտուն ապացույցներից է մեր գրականության վրա թողած նրա հսկայական ազդեցությունը։ Նրանից սովորել և ներշնչվել են ոչ միայն միջնադարի, այլն նոր ժամանակների հայ պոեզիայի նշանավոր դեմքերը։ Այսպիսով, Գրիգոր Նարեկացին Վերածննության ներկայացուցիչ է:


(շարունակելի...)

Շինարար
03.02.2011, 22:02
Նարեկացու լավագույն տաղերը թեպետ արտաքուստ դեռ որոշակի կրոնական թեմաներ են ակնարկում, բայց դրանք իրենց գաղափարական էությամբ հոգևոր բանաստեղծություններ չեն:


Կա տեսակետ, որ լավագույն տաղերը իրականում ժողովրդական հիմք ունեն, եթե համեմատես նույն «Վահագն ծնունդի» կամ Արտաշեսի մասին երգերի հետ, կզգացվի նմանությունը, ուղղակի դրանք գրի առնել ու պահելու համար ստիպված է եղել կրոնական երանգ տալ:

Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին շողշողէր պտուղն ի ճղին:


Այդ նոճ ու բողբոջ արօսդ զարդ առեալ վարդն շուշանին.
Շուշանն շողէր հովտին, շողշողէր դէմ արեգականն.
Այն հիւսիսային հովէն հով հարեալ գոհար շուշանին.
յԱյն հարաւային լեռնէն քաղցր օդով ցօղէր շուշանին:
Շուշանն շաղով լցեալ, շող-շաղով և շար մարգարտով:
Ծաղկունքդ ամէն շաղ առին, շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
Աստեղքդ ամէն շուրջ առին, դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:

Մեկ էլ իմ ամենասիրած հատվածը իր տաղերից, 3 տող է.


Ի գիլ գայր, ի գիլ, սայլիկն ի գիլ,
Ի Մասեաց յաջ կողմանէն
Սայլիկն ի գիլ գայր, ի գիլ.

Նույնը «Մեղեդի ծննդյանի» մասին կարելի ա ասել, առաջին տողը հերիք է.


Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր յառաւօտուն,
երկու փայլակնաձև արեգական նման.

Ինձ թվում ա հատուկ ապացուցման կարիք էլ չկա, որ դրանք դարերի մեջ թրծված ժողովրդական երգեր են, միայն կարդալը բավական է համոզվելու համար:

հովարս
01.07.2011, 13:23
Կարծում եմ թեմային համապատասխան է :


http://www.youtube.com/watch?v=TvmXNw12PQo&feature=related

Խոսքերս չեն բավարարում


http://www.youtube.com/watch?v=zJkYHRE_cxc&feature=related

Tig
17.04.2013, 21:33
http://www.youtube.com/watch?v=Lvuo2trYRU8&feature=youtu.be

Valentina
18.04.2013, 17:29
"Տաղ Վարդավառի" ստեղծագործությունը աշխարհաբարով:


ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻ

Գոհար վարդն էր շղարշ առել
Արփիական վեհ վարսերից.
Ծավալվում էր հուսկ վերևում, վարսերից վեր,
Ծաղկածիծաղ ծովն երկնային:
Եվ այդ ծովից համատարած
Պղպջում էր գույնն այն ծաղկի երփնափողփող.
Իսկ ճյուղերին հուրհրատում էին հասած
Պտուղները քրքումնաթույր:
Հուրհրատում էին նրանք սիրասնունդ
Հովանու տակ խուռն ու առատ տերևների,
Որ սոսափում էին ինչպես հրաշալի
Դավթի տավիղն աստվածատուր:
Վարդաստանն էր շողարձակում հազարերանգ
Ծիծաղածուփ ծաղիկների երփնախաղով,
Սոսն ու տոսափն էին սփռել այնտեղ բոսոր
Դալարագեղ ոստերն իրենց:
Նոճիներն ու արոսենին նորաբողբոջ
Շրշում էին հևքով հուշիկ
Գգվելով վարդ ու շուշանին.
Շողշողում էր շուշանն հովտում,
Շողում էր դեմն արեգակի:
Հյուսիսային հովն հեզասահ
Հովհարում էր գիրգ շուշանին.
Հարավային լեռները զով
Օդն էր ցողում ջինջ շուշանին:
Ու շուշանն էր լցվում շաղով,
Շող շաղով ու շար մարգարտով.
Արեգնափայլ ոսկի ամպից
Շաղն է ցողում ծաղկունքն ամբողջ:
Նշմարվեցին հետզհետե
Աստղերն առկայծ ու դարձդարձիկ,
Լուսինն առան բույլերի մեջ
Ու երկնքի բիլ կամարին համատարած
Հոծ խմբերով շուրջանակի ճառագեցին:

Փա՜ռք Հոր, Որդուն և սուրբ Հոգուն
Այժմ և միշտ հավիտյանս հավիտենից:

Mephistopheles
19.04.2013, 07:49
Ուզում եմ անդրադառնալ Նարեկացուն զուտ իմ անձնական տեսանկյունից…

Ինստիտուտում ունեինք Facing your image դասընթացը որտեղ հեռուստատեսային էկրանի առաջ ուսանողները պիտի ներկայացնեին պոեզիայի մի նմուշ իր մայրենի լեզվով… ես ընտրեցի Նարեկացու Տաղ Վարդավառի-ն… իհարկե տանը մի լավ պարապեցի կարդացի բարձրաձայն մի քանի անգամ ու գնացի… մի քանի փորձից իվերջո կարողացա վերջացնել ընթերցումը… դասախասս հմայված էր… նա երբեք նման բան չէր լսել… բանաստեղծության հնչեղությունը ուղղակի գերել էր նրան… մյուսներն էլ բերանները բաց նայում էին, չհասկանալով էֆֆեկտի պատճառը… հետո երկար մտածեցի ու ու վերընթերցեցի բանաստեղծությունը… բառերի մտածված ու չափված-ձևված ընտրություն, հերթականության հետ միասին… տառերի հետաքրքիր "կուտակում" որը pivoting point-եր է ստեղծում ու էսքիզային վերլուծություն եթե անենք շատ հետաքրքիր անցումներ են մի բառային/տառային սիստեմից մեկ այլ… ես դպրոցում էլ էի անցել սա բայց ինստիտուտում հայացքս ու վերաբերմունքս լրիվ տարբեր դուրս եկան… անգամ ընտրելուց առաջ ես նման բան չէի սպասում… հետագայում մի քանի անհաջող փորձեր արեցի էսքիզների տեսքով, բայց չստացվեց ուղղակի միջդիսցիպինարային մոտեցումներս դեռ էդքան էլ հստակ չէին… հիմա երևի ավելի լավ լինի… չգիտեմ… մի օր կփորձեմ…

… ուշագրավ ևս մի բան կա հայկական չարտարապետության ու Նարեկացու մեջ… համեմատականը հետաքրքիր է քանի որ ի տարբերություն գրական ժառանգության որը քրիստոնեությունից հետո ոչնչացվես ու միայն բանավոր ժառանգություն մնաց, ճարտարապետության դեպքում ավելի բախտավոր եղավ այդ ժառանգությունը…

բոլոր վաղ շրջանի եկեղեցիները կառուցվել են մեհյանների տեղերում ու շատ հաճախ օգտագործվել է բուն կառույցը (Երերույք)… և սա չնայած վերցրել է նախնական հորինվածքը, այնուամենայնիվ հետագայում լուրջ փոփոխությունների է ենթարկվել… բացի զարդաքանդակներից որոնք հիմնականում պահպանել են իրենց հիմնական թեման բուսական ու բնության թեման… սրանք հստակ ցույց են տալիս մեր վարպետների այնուամենայնիվ հեթանոսական նկրտումները… մի տասակ ափսոսանք անցյալի ու բարի հիշողություններ ու հարուստ ժառանգություն… ըստ էության հայ ինտելեկտը միշտ էլ հակված է եղել հեթանոսության՝ կարելի է ասել…

հիմա ինչու սա հիշեցի…

Նարեկացին իր ժամանակներում լինելով հոգևորական և ոնենալով կրոնական/քրիստոնեական գրավոր ժառանգություն, այնուամենայնիվ հետ է գնացել դեպի բնություն, դրանով ինչ որ տեղ հեթանոսություն ու բերել բնությունը հետ դեպի գրավոր միտք… էս տեսակետից Նարեկացին լինելով ինտելեկտուալ կարծես գիտակցաբար, կամ գուցե անգիտակցաբար բռնել է հայ ճարտարապետների ուղին… դժվար կլիներ պնդել թե դա արված է գիտակցաբար, բայց անգամ ինտուտիվ մոտեցումը արդեն ինքնին ցույ է տալիս Նարեկացու հանճարը ոչ միայն որպես գրող/բանաստեղծ այլև յուրահատուկ ռենեսանսի՝ վերածննդի մուտքը հայ իտելեկտուալ աշխարհ… սա կարծես փաստ է Նարեկացու անկեղծության, մի բան որ շատ է պակասում շատ շատերի մոտ… նմանրինակ "խիզախումները" հատկապես դժվար է գրավոր խոսքում, քանի որ եթե ճարտարապետության մեջ կարելի է աբստրակտ ելեմենտների միջոցով դա անել ու մնալ աննկատ (ժամանակի կղերականների հետապնդումից), ապա գրավոր խոսքում դա մեծ ռիսկի հետ է կապված…

սրանք նկատի ունենալով ես կարծում եմ որ Նարեկացու արժեքը միանշանակ բարձրանում է զուտ հանճարեղ բանաստեղծ լինելուց մինչև նոր հոսանքի հիմնասյուն… սա իհարկե կարծիք է… ևս մի բան… նա կարողացավ ուղիղ կապ ստեղծել մարդու աշխարհիկ և հոգևոր աշխարհների միջև… ըստ էության դու Նարեկացի կարդալիս ինքդ քեզ ես կարդում ու ճշմարտությունն ասում ինքդ քեզ… սա ըստ պաշտոնական եկեղեցու հերիտիկոսություն է… Նաև ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի…

առայժմ այսքանը…

ամեն

Mephistopheles
19.04.2013, 08:04
…ևս մի նկատառում…

եթե հոգևոր տեքստեը գրվել են զուտ մարդու անձնական հոգևոր աշխարհի համար՝ ցածրաձայն կարդալու կամ մտքում կարդալու համար, դրանով առնչվելով հոգևոր և հոգեկան աշխարհի հետ ապա տաղերի մեջ երևում է աշխարհիկ կյանքի կրքոտ փառաբանում քանի որ հստակ է որ հնչեղությունը մեծ դեր է ունեցել տաղերում… մարդուն տարել հետ դեպի բնություն, կապել կյանքի բուսական ձևի հետ որը հեթանոսական կոնցեպտ է…

շատ կարելի է գրել…

Tig
19.04.2013, 10:42
…ևս մի նկատառում…

եթե հոգևոր տեքստեը գրվել են զուտ մարդու անձնական հոգևոր աշխարհի համար՝ ցածրաձայն կարդալու կամ մտքում կարդալու համար, դրանով առնչվելով հոգևոր և հոգեկան աշխարհի հետ ապա տաղերի մեջ երևում է աշխարհիկ կյանքի կրքոտ փառաբանում քանի որ հստակ է որ հնչեղությունը մեծ դեր է ունեցել տաղերում… մարդուն տարել հետ դեպի բնություն, կապել կյանքի բուսական ձևի հետ որը հեթանոսական կոնցեպտ է…

շատ կարելի է գրել…

Ես ավելի շուտ կասեի ոչ թե հեթանոսական, այլ Բնապաշտական: Հեթանոսությունն էլ իր հերթին արդեն իսկ հեռանում էր բնությունից:

հ.գ. Նարեկացուն շատ քիչ եմ անդրադարձել, բայց էս քո վերլուծությունից հետո պատրաստվում եմ ավելի խորը անդրադառնամ: Շնորհակալություն:

Mephistopheles
21.04.2013, 02:59
ժող, կարա՞ք տաղ վարդավառին գտնեք դնեք ստեղ… շնորհակալ կլինեմ

Գալաթեա
21.04.2013, 03:11
Տաղ վարդավառի


«Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից
ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն
պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին
շողշողէր պտուղն ի ճղին:
Քրքում վակասիր պտուղն
սնանէր խուռն տերևով.
Տերևն տաւիղ տուողին
զոր երգէր Դաւիթ հրաշալին:
Ի փունջ խուռներամ վարդից
գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան:
Այդ սօս ու տօսախ ծառերդ
վարդագոյն ոստս արձակեցին:
Այդ նոճ ու բողբոջ արօսդ
զարդ առեալ վարդն շուշանին.
Շուշանն շողէր հովտին,
շողշողէր դէմ արեգականն.
Այն հիւսիսային հովէն
հով հարեալ գոհար շուշանին.
Այն հարաւային լեռնէն
քաղցր օդով ցօղէր շուշանին:
Շուշանն շաղով լցեալ,
շող-շաղով և շար մարգարտով:
Ծաղկունքդ ամէն շաղ առին,
շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
Աստեղքդ ամէն շուրջ առին,
դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
Գունդ-գունդ խաչաձև գնդակ,
յօրինուած երկնից շուրջանակ:
Փառք Հօր և Որդւոյն յաւէտ,
սուրբ Հոգւոյն այժմ և յաւիտեանս:»

Աղբյուր (http://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%A1%D5%B2_%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BC%D5%AB)

Mephistopheles
21.04.2013, 19:46
Ինչ լավ ա որ համ աշխարհաբարն ունենք ու համ էլ գրաբարը… շատ հետաքրքիր ա որ դրանց դինամիկաները տարբեր են… եթե դրանք գծապատկերային արտահայտություն ստանային, հաստատ տարբեր կլինեին…

Հետաքրքիր ա ժամանակի գործոնը… թե ոնց ա ընկալվում հիմա և ոնց էր հավանաբար ընկալվել իր ժամանակի մեջ… շատ կարևոր ա իմ կարծիքով… ինձ թվում ա որ մենք միշտ վերարժեևորում ենք մեր ընդունված արժեքները որը ցույց ա տալիս մարդկային մտքի ու հասարակության դինամիկան … էս տեսանկյունից էս գործը վերարժևորվելով ավելի ա բարձրացնում իր արժեքը… մինչդեռ շատ գործեր վերարժևորման քննությունը չեն անցնում…

ժամանակ որ եղավ կարելի ա անդրադառնալ է երկու տարբերակներին միասին՝ զուգահեռ/համեմատականով… նաև գծապատկերային կամ ծավալատարածական…

Միացեք ժող…

Գալաթեա
21.04.2013, 19:54
Ինչ լավ ա որ համ աշխարհաբարն ունենք ու համ էլ գրաբարը… շատ հետաքրքիր ա որ դրանց դինամիկաները տարբեր են… եթե դրանք գծապատկերային արտահայտություն ստանային, հաստատ տարբեր կլինեին…



Ինչո՞վ էին տարբերվելու:
Ու որի՞ դինամիկան ա ավելի ուժեղ:

Tig
21.04.2013, 20:03
… նաև գծապատկերային կամ ծավալատարածական…

Չեմ պատկերացնում ինչի մասին ես խոսում, բայց անհամբեր սպասում եմ:

Mephistopheles
22.04.2013, 17:10
Չեմ պատկերացնում ինչի մասին ես խոսում, բայց անհամբեր սպասում եմ:


Ինչո՞վ էին տարբերվելու:
Ու որի՞ դինամիկան ա ավելի ուժեղ:

Տիգ ջան, Գալ ջան… էս շաբաթ-կիրակի մտածել եմ ու էսօր ավելի ուշ կգրեմ դրա մասին… ամբողջական չի լինի, բայց միտքս պարզ կլինի…

Mephistopheles
22.04.2013, 23:23
Ուրեմն սենց… էս ինչ որ հիմա գրելու եմ 100%-անոցի չի, բայց մտքեր են…

պոեզիան ավելի վոկալ ա, քան արձակը դրա համար էլ պոեզիան գրվում ա հաշվի առնելով հնչեղությունը, անգամ թե ով կարա կարդա կամ արտասանի, նույնիսկ ձայնի որակը և այլն… ես չգիտեմ Նարեկացին դա հաշվի առել ա թե չէ, բայց որ նայում էս տառերի կուտակման տենդենցի՝ "շ", "ծ", "վ", "թ" թվում ա թե նա հաշվի ա առել, մանավանդ ինչ ձայնավորի հետ ա օգտագործել… հիմա գալով Գալի հարցին թե ինչով էին տարբերվելու՝ այ հենց սրանով… եթե ուշադիր լինես ապա գրաբարում "վերտիկալները" շատ են առաջին մի քանի տողում, մինչդեռ աշխարհաբարում պակասում ա ու երգեցիկությունը մի տեսակ փոխվում ա… ես գնահատական չեմ տալիս… իհարե բովանդակությունը կարևոր ա, բայց դա միշտ պահպանվում ա, իսկ հենչեղությունը թարգմանության հետ փոխվում ա…

Տիգին կասեմ սենց… ես էլ էդքան լավ չեմ պատկերացնում դեռ թե ինչ գծապատկերային կամ ծավալատարածական տեսք կարա ունենա… ու եթե ունենա էլ դա ես հաստատ չեմ պնդի որ միանշանակ ճիշտ ա… ավելի ես կկենտրոնանայի դրա զուտ անձնական ասպեկտի վրա, բայց հաստատ կարող եմ պնդել որ կարա ունենա գծապատկերային կամ ծավալատարածական վերլուծություն…

…հիմա հիմնավորեմ…

ձայնը միշտ ասոցեացվում ա ֆորմայի հետ օրինակ եթե մի հատ հաղթանդամ մարդ կնոջ ձայնով խոսի, մի անգամից տարօրինակ ա թվում չէ՞, որովհետև ձայնի ու ֆորմայի կապը՝ համապատասխանությունը բացակայում ա… ձայնն ինքնին օդի տատանումներ են որոշակի հաճախականությամբ ու կախված տատանման հաճախականությունից կարելի ա որոշել տատանման աղբյուրը, օրինակ եթե ես փայտով խփեմ դատարկ տակառին, ապա առանց տեսնելու կարելի ա պատկերացնել դա… կամ մի ուրիշ օրինակ, կույրերը ձայնից կարողանում են իմանալ կամ ճանաչել ֆորմաները… կոպեկի զրնգոցից կարող են իմանալ ինչ կոպեկանոց ա… իվերջո երաժշտական գործիքը ձայն/ֆորմա ասոցիացիայի մանիֆեստացիան ա…

հիմա եթե գանք Նարեկացուն, ապա եթե նայենք տաղի բովանդակությանն ու հնչեղությանը՝ երգեցիկությանը, ապա կարելի ա ենթադրել թե դա ինչ ձայնով կարելի ա կարդալ, բայց էս դեպքում խնդիրը կլինի ոչ թե հետ գնալ դեպի ձայնի աղբյուրին այլ շեղվել մի քիչ ու տանել աբստրակտ ֆորմաների…

եթե ազնվությամբ ասեմ, ես չգիտեմ թե սա ինչ արդյունք կտա… հնարավոր ա որ ոչ մի արդյունք էլ չտա, քանի որ ճշգրտության ֆակտոր չկա… կամ էլ դա զուտ անձնական ինտուիտիվ ա, բայց մի բան կարելի ա հաստատ պնդել որ վոկալը հատկապես Վարդավառի մեջ մեծ դեր ունի, նամանավանդ գրաբարի մեջ…

էս գաղափարն եկավ երբ մեր դասախոսն ասեց it sounds…

Գալաթեա
23.04.2013, 00:08
Արի մի պահ ձայնային ֆակտորի վրա կենտրոնանանք:
Գրաբարյան տարբերակը հանրաճանաչ ձայներից ո՞ւմ արտասանությամբ ես պատկերացնում: Ո՞ւմ ձայնին ավելի շատ "կսազի"՝ հաշվի առնելով երաժշտականության հենց էդ ձևը, էդ բանաստեղծությունում առկա:
Ու եթե տարբեր ձայներով արտասանվի, էդ քո ասած աբստրակտ ֆորմաները կձևափոխվե՞ն:

Mephistopheles
23.04.2013, 00:14
Արի մի պահ ձայնային ֆակտորի վրա կենտրոնանանք:
Գրաբարյան տարբերակը հանրաճանաչ ձայներից ո՞ւմ արտասանությամբ ես պատկերացնում: Ո՞ւմ ձայնին ավելի շատ "կսազի"՝ հաշվի առնելով երաժշտականության հենց էդ ձևը, էդ բանաստեղծությունում առկա:
Ու եթե տարբեր ձայներով արտասանվի, էդ քո ասած աբստրակտ ֆորմաները կձևափոխվե՞ն:

Չգիտեմ ով կարա արտասանի, բայց պետք ա լինի համապատասխան մարդ ու դրա որոշիչը կարա լինի բովանդակությունը… իհարկե կփոխվի… եթե տղամարդու ձայն լինի՝ խռպոտ, ասենք՝ վերտիկալները կունենան ավելի գոթական բնույթ… օրինակ՝

Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից…

վերտիկալները կունենան ավելի գոփական սլացիկություն ու "արձագանք"

Գալաթեա
23.04.2013, 00:29
Իսկ չես կարծո՞ւմ որ գրաբարից աշխարհաբոր թարգմանելիս փոխվելու պատճառը ոչ թե թարգմանության վատ որակն ա, այլ թարգմանվող լեզվի համեմատական աղքատիկությունը: Տարբեր առումներով:

Mephistopheles
23.04.2013, 00:32
Իսկ չես կարծո՞ւմ որ գրաբարից աշխարհաբոր թարգմանելիս փոխվելու պատճառը ոչ թե թարգմանության վատ որակն ա, այլ թարգմանվող լեզվի համեմատական աղքատիկությունը: Տարբեր առումներով:

ես չեմ ասել, որ վատ կամ լավ որակ ունի թարգմանությունը, կամ որ աշխարհաբարն ավելի աղքատ ա քան գրաբարը… իրականում հնարավոր ա որ շատ էլ լավ ա թարգմանած, բայց երգեցիկությունը կորել ա զուտ լեզվի էվոլյուցիայի պատճառով…

եթե թարգմանեիր անգլերեն, էլի կկորեր…

Tig
23.04.2013, 14:02
...դրա համար գրաբարով գրվածքները երգել են /նաև/ ու այդ երգերը դարձել են շարականներ...:think

Այստեղից կարելի? է ենթադրել, որ գրաբարը ժամանակին ստեղծվել է: Այսինքն ինչոր խոսակցական բարբառ հիմք ընդունելով մշակվել ու կատարելագործվել է, դարձվել այնպիսին, որ կբավարարի և երգին, և պարին, և ճարտարապետությանը, և գույնին, և գիտությանը, և կրոնին, և... Մի խոսքով այն էլիտայի կողմից մշակված գրական լեզու է եղել, ոչ թե խոսակցական...:8 Խոսակցական ասելով ինկատի ունեմ ժողովրդական, հասարակ ժողովրդի կողմից կիրառվող:

Mephistopheles
25.04.2013, 01:45
...դրա համար գրաբարով գրվածքները երգել են /նաև/ ու այդ երգերը դարձել են շարականներ...:think

Այստեղից կարելի? է ենթադրել, որ գրաբարը ժամանակին ստեղծվել է: Այսինքն ինչոր խոսակցական բարբառ հիմք ընդունելով մշակվել ու կատարելագործվել է, դարձվել այնպիսին, որ կբավարարի և երգին, և պարին, և ճարտարապետությանը, և գույնին, և գիտությանը, և կրոնին, և... Մի խոսքով այն էլիտայի կողմից մշակված գրական լեզու է եղել, ոչ թե խոսակցական...:8 Խոսակցական ասելով ինկատի ունեմ ժողովրդական, հասարակ ժողովրդի կողմից կիրառվող:

իմ կարծիքով գրաբարը չի ստեղծվել, այլ կանոնակարգվել ա… ստեղ կարելի ա գնալ մինչև գրերի ստեղծումը… ամբողջ նպատակը եղել ա ժողովրսին հասանելի դարձնել կրոնը և բնական ա որ ամեն բան պետք ա արվեր որ ժողովրդին հասկանալի լիներ… գրաբարն իր ժամանակի գրական լեզուն ա եղել… և ընդհանրապես, լեզուն ևս ենթարկվում ա էվոլյուցիայի ու աշխարահարն ու բառբառները միշտ էլ ազդեցություն են ունեցել և հիմա էլ ունեն գրական լեզվի վրա… սա լեզվի մաքրության հարց չի… լեզուն առաջին հերթին ունի խնդիր համախմբելու ու հասկանալի դարձնելու գրավոր խոսքը… երգը, պարն ու ճարտարապետությունն ունեն այլ սկզբնաղբյուրներ…

Նարեկացի ուղղակի կարողացել ա օգտագործել լեզվի երգեցիկությունը… տառերի և հնչյունների հետաքրքիր դասավորությամբ ինքը կարողացել ա դրան հասնել…

Tig
27.09.2013, 17:35
http://www.youtube.com/watch?v=E842GZvBrnw

Vardik!
27.09.2013, 19:46
Միգուցե ճիշտ տեղում չեմ անում գրառումս ու հետո ջնջելու են,բայց ոչինչ: Ուրեմն,ասածս ի՞նչա.թե չլիներ էս ակումբը,ես դժվար էս պահին Նարեկացի կարդայի....Հայերեն գրքերից մենակ Գևորգ Մարզպետունին ու Թումանյանի հավաքածունա մոտս: Շնորհակալություն էս թեմայի համար: :)

E-la Via
19.04.2014, 13:19
«Մատյան Ողբերգության»
Բան Ժ, Գլուխ Բ

Արդ, ինչպես մեկը, որ բազմահարված հեծանով ծեծված`
Հասել է մինչև ափունքը մահու,
Դաևձյալ փոքր-ինչ շունչ ու կենդանության
Ոգի առնելով` պետք է զորանալ,
Կազդուրվել նորից ու ելնել ոտքի,
Հառնել կորստից անկենդանական
Օժանդակությամբ Հիսուսի աջի,
Որ բարեգութ է բոլորի հանդեպ.
Ձեռք բերելով և երկնավոր հորից
Բազմախտավորիս, մեռյալիս համար
Բժշկության ու փրկության պտուղ`
Սկզբնաորմամբ այս աղերսական ողբամատյանի
Ես հավատի շենք պիտի կառուցեմ:

Քանի որ մեկը նախահայրերից
Սրանով զինված, իսկապես, իսկույն
Անցավ երկնային կյանքն անմահական.
Ապաշխարության դեղն ընդունելով`
Զղջման միջոցով նա անեղծության
Գրավականն իր ժառանգեց այստեղ,
Նույնիսկ ավելի, քան նրանք, որոնց
Հիշատակում է առաքյալն իր հետ,
Թեպետև սրանք ապագայի ու
Երկնավոր հույսի հավատով լցված`
Երկրում հանձն առան ճգնակեցական ամեն փորձություն
Ու փարթամացան անտես անապատում ամեն ճոխությամբ:

Եթե հիշենք և սրա հետ տիրոջ
Խրախուսական խոսքը պաշտելի`
«Ով հավատում է , հնարավոր է նրան ամեն բան»,
Ապա ընտրագույն աստվածահաճո
Բարեմասնությանց չափն ու արժեքը որոշելիս` միշտ
Հավատը պիտի գտնենք ամենից բարձր ու գերազանց,
Քանզի նրանով կարելի է լոկ
Մերձենալ բոլոր սրբություններին:

Առանց հավատի փառքի տերն անգամ
Չհաճեց ցույց տալ իր հրաշագործ զորությունը մեզ,
Այլ նախ և առաջ, որպես լծորդ իր բարերարության,
Մեզնից անսասան հավատ պահանջեց:

Լինելով տիրոջն առընթեր` սա և զորություն ունի
Ինքնիշխանորեն կյանք ընձեռելու,
Ինչպես վկայեց հենց օրհնաբանյալ բերանն Աստծո,
Թե` «Քո հավատը միայն քեզ փրկեց»:

Քանզի, արդարև, տեսությունն հստակ,
Իմաստությունը կատարելագույն,
Մտերմությունը երկնավորի հետ,
Ճանաչումն Աստծո` մասն են հավատքի,
Այդ երջանիկ ու ընտիր անվան, որ
Հարաձգվելով` մնում է հավետ անեղծ, անխափան`
Որպես պատվակից սիրո ու հույսի:

Իսկապես, եթե մանանեխի մի
Փոքրիկ, աննշան սերմնահատի չափ
Հավատն անվրեպ կարող է ծովի
Խորքը փոխադրել մեծամեծ լեռներ,
Ապա իզուր չենք ընդունել մենք այն
Որպես ուղեցույց առաջնորդ կյանքի,
Աստծո աներկմիտ երկրպագության.
Նա է աներկբա` հոգու աչքերով
Տեսնում ապագան, ամեն ծածկություն,
Մեծագրված անվամբ փառատելի սուրբ Երրորդության`
Որպես դասակից սիրո ու հույսի:

Եթե առանձին երեք մասերն այս
Դիտես միևնույն խորհրդով, ապա
Նրանց շնորհիվ Աստծով պիտի հավետ ճոխանաս.
Քանի որ եթե հավատաս նրան, նաև կսիրես,
Որով կհուսաս և աներևույթ իր պարգևներին.
Եվ նրան փա՜ռք միշտ, հավիտյանս. ամեն: