PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուրգեն Մահարի



vartabooyr
06.05.2007, 02:46
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ
ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ


AZG Daily Culture # 007, 07-04-2007
http://culture.azg.am?lang=AR&num=2007040702

Հեշտ չէ գրողի համար տասնութ տարի լինել գրականությունից դուրս: Այդ տարիները փաստորեն չիրականացված մտահղացումներ են եւ չգրված գրքեր: Իսկ եթե դրանց ավելացնենք ճամբարային եւ աքսորական կյանքի անազատությունը, բարոյական եւ ֆիզիկական ապրումների ամենօրյա մամլիչ ազդեցությունը, առողջական վիճակի անխուսափելի վատթարացումը, պատկերը կլինի ամբողջական:

Հազարավոր այդ օրերին Մահարին բազմիցս է իրեն տվել «ինչո՞ւ» հարցը: Ինչո՞ւ պետք է այդպես լիներ: Եվ գոնե երկու անգամ փորձել է պատասխանել. «...այդ պրոզան կապված է մի մարդու առօրյայի հետ, որն իր ողջ կյանքը նվիրել է Ոլիմպոսի աստվածներին: Եվ եթե նրան միշտ չեն շոյել Ոլիմպյան աստվածները, այդ նրանից է, որ նա չի արածել սրբազան լեռան ստորոտներում եւ ձգտել է միշտ լեռն ի վեր...» (Վ. Աճեմյանին, 26 մարտի 1951 թ.), «...իմ «մեղքը» ես գիտեմ: Իսկ այդ «մեղքը» նրանում է, որ ես սովորական շարքային չեմ...» (Անտոնինա Մահարուն, 24 փետրվարի 1953 թ.):

Մահարու համար գաղտնիք չէր նաեւ, թե ով էր այդ մարդկային մեծագույն ողբերգություններից մեկի պատասխանատուն. «...մեծ ոճրագործ, դահիճ եւ սինլքոր վրացի Ստալինի գործերն էին, կատարողները` նրա դրածոները, Հայաստանի մեջ հայը, Ռուսաստանի մեջ ռուսը, Բելառուսիո մեջ բելառուսը...» (Շ. Շահնուրին, 28 հունիսի 1962 թ.):

Ստալինյան հայ դրածոներին (Մուղդուսի, Եղբայր Նիկողոսյան...) Մահարին չի անդրադարձել, բայց գրչակիցներին, որոնք չեղան իրենց կոչումին արժանի բարձրության վրա` քանիցս: Հեշտ չի եղել այդ խոսակցությունը կողմերի համար, սակայն զարմանալին այն է, որ դա Մահարուն կարծես տրվել է ավելի դժվար, քան դիմացինին. «Գրողների տանը, մեր զրույցի ընթացքում ես քեզ ասացի, որ ուզում էի գրել քեզ մի քանի հարցերի մասին՝ թեթեւացնելու համար առանց այն էլ ծանրացած խղճիս բեռը, կամ խղճիս ծանրացած բեռը: Սկսում եմ քո հարցով,- ի՞նչ պատահեց: Իսկապես, Նայիրի, ի՞նչ պատահեց. ինչո՞ւ հանկարծ օր ծերության նորից բաժանվեցին մեր ճանապարհները, դու դեպի ձախ, ես դեպի աջ եւ կամ ընդհակառակը. ես այն ժամանակ ասացի եւ հիմա էլ կրկնում եմ, որ ամեն ինչ սկսվեց քո մի զարմանալի այցելությունից` Ալազանին...

Բառացիորեն գրում եմ Ալազանի խոսքերը.-

- Ես, չգիտեմ, ես Նայիրուն չեմ հիշում այդպիսի տրամադրությամբ. նա ներս մտավ եւ սկսեց գոռգոռալ, թե` ես ոչ ոքից չեմ վախենում, թե` ես հիմա էլ պնդում եմ, որ Ակսել Բակունցը դաշնակցական է եղել եւ եւլն-եւլն.:

Ես, ճիշտ ասած, Ալազանի պատումին մեծ կարեւորություն չտվի. ի՞նչ վախենալու մասին է խոսքը, ի՞նչ Ակսել Բակունց եւ դաշնակցություն, երբ դու 1954 թվից հետո համարում էիր այդ բոլորը հիմարություն... ես խնդրեցի Նորենցից, որպեսզի անցնի Ալազանին եւ ստուգի, ճի՞շտ եմ լսել, թե ոչ: Մեծ եղավ իմ ցավը, երբ Նորենցը հաստատեց իմ լսածները, Մարոյի վավերացումով...

Երկրորդ «ի՞նչ պատահեց»ը պատահեց քո նշանավոր ելույթի [1] օրը «ծխականության» [2] եւ հարակից...

Նայիրի՛, մի «պատահմունք» էլ պատահեց առանց քեզ. Իշխանյանն ինձ ուղարկեց իր «Ա. Բակունցի բիբլիոգրաֆիան» [3]. այս խիստ բարեխիղճ աշխատության մեջ նշված են եւ Բակունցի դեմ եւ թեր գրված հոդվածները. վերցրու եւ կարդա «Ն. Զարյան» բաժինը «Ա. Բակունցի մասին»: Այս էլ ինձ համար անակնկալ էր: Հետո Իշխանյանի աշխատության հետքերով ես կարդացի քո, մեղմ ասած, անթույլատրելի հոդվածները [4] ... նրանք լույս են տեսել այդ մեծ գրողի ամենաողբերգական օրերին, լույս են տեսել տասնյակ հազարավոր եւ հազարավոր տիրաժով... իսկ դու կարծում ես, որ քո մի ելույթով, որի ունկնդիրների թիվը 35-ից ավելին չէր, քավեցի՞ր քո մեղքը... Մտածիր, ուղղիր ծուռը. դու կարող ես այդ անել: Հանուն սովետահայ գրականության, հանուն իմաստուն ծերության:

... Ինձ ամեն ինչում կարող ես մեղադրել, բայց քո հանդեպ... 1954 թվից հետո... չե՛ս կարող գանգատվել: Ես քեզ մոտ եղա եւ ընկեր` քո այդ ծանր յոթնամյակի օրերին: «Հիմա քո հազարն է» [5] ... (Ն. Զարյանին, 3 հունիսի 1961թ.):

Ցավոք, Ն. Զարյանի պատասխան նամակը մեր ձեռքի տակ չէ, սակայն Գ. Մահարու «պատասխանի պատասխանից» դժվար չէ կռահել, որ այդ շրջանում բարոյական կրակահերթի տակ ընկած գրողը, ըստ իր սովորության, այս անգամ էլ գնացել է մեղքերի ժխտման կոշտ ճանապարհով եւ ավելի բարդացրել իր վիճակը. «Գիտեի, որ նամակս չի մնա, ավելի ճիշտը` չես թողնի անպատասխան: Շնորհակալություն. ես գիտեմ, թե որքան դժվար է գրել, երբ չկա «սիրտ, ժամանակ եւ տրամադրություն»:

Պատասխանում եմ կետ առ կետ, պատասխանում եմ ոչ թե ապագա դոցենտներին հիացմունք եւ քեզ` ցավ պատճառելու համար, ոչ (մի մտածի, որ ես մի բարի պտուղ եմ եւ իմ մասին այդպիսի կարծիք ունեմ, ոչ եւ ոչ), գրում եմ, որ հասկանաս ինձ եւ մանավանդ` քեզ հասկանալու համար:

Ես առանց վերապահության եւ անկեղծությամբ, ճիշտ է, ոչ մանրամասն, շարադրեցի իմ՝ քո հանդեպ ունեցած դժգոհությունները, ուրիշ դժգոհություն չունեմ ես. ասել եմ, ինչ կուտակված է եղել մեջս եւ հավատա, գրելուց հետո զգացել եմ հոգեկան թեթեւություն: Ես պարտավոր էի քեզ գրել եւ կատարեցի իմ պարտականությունը, իսկ դու գտնում ես, որ ուրիշ են պատճառները մեր (ըստ քո ուղղումի` «ավելի ճիշտը` իմ») սառնության... դու չես ուզում այդ բացատրել «երկու պատճառով», նախ, որովհետեւ դա ինձ հայտնի է [6] եւ երկրորդը` ամենակարեւորը, «բացատրել այդ պատճառը կնշանակեր շարժել իրար մեջ ներթափանցված պատճառների անախորժ կույտը, գրգռել իրար պլլված օձերի կծիկը...» (քո նամակից): Սարսափելի է: Չկարծես թե «օձերը», ո՛չ, սարսափելի է, երբ մարդը մարդուն չի հավատում...

Եվ վերջապես դա ի՜նչ սարսափելի պատճառ է, ահավոր եւ անխոստովանելի, որի մասին ես չեմ կարող գրել, ավելին, ուզում եմ «քողարկել», «օրորել քեզ եւ օրորվել ինքնախաբեությամբ»: Ես չեմ կասկածում քո ստեղծագործական ուժեղ երեւակայության վրա, ինքս էլ զուրկ չեմ այդ քանքարից, բայց շատ բան կտայի, իմանալու համար, թե դու ո՞ւր ես հասել քո երեւակայությամբ:

Կրկնում եմ, Նայիրի, ուրիշ դժգոհություն չունեմ ես, բացի այն ամենից, ինչ շարադրել եմ ի խորոց սրտի գրած նամակում:

Քեզ «անտանելի զարմանք է պատճառում այն ջանասիրությունը, որով մարդիկ, առանց պաշտոնի բերման, «ուսումնասիրում» են մեզանից քառորդ դար առաջ մոլեգնած իրադարձությունները...»,- գրում ես դու: Չգիտեմ, ո՞ւմ ես ակնարկում, Իշխանյանի՞ն թե ինձ: Եթե Իշխանյանին, ապա զարմանալու ոչինչ չկա, նա կատարել է իր գրական ուսումնասիրողի պարտականությունը, եթե ինձ... ի՞նչ ես կարծում, մի՞թե ես պարտավոր չեմ կարդալու «մեզնից քառորդ դար առաջ մոլեգնած իրադարձությունների» ընթացքում եղած գրականությունը, ճիշտ է` ուշացումով: Իսկ ե՞րբ պիտի կարդայի ես այդ նյութերը, կես դար հետո՞, կամ գուցե Իշխանյանը երեք քառորդ դար հետո՞ պիտի գրեր իր բիբլիոգրաֆիան... բայց չէ՞ որ երբ էլ որ գրվեր եւ երբ էլ որ կարդացվի այդ նյութերը, ծանր է լինելու նրանց թողած տպավորությունը, անտանելի ծանր: Ի՞նչ եմ ես խնդրել քեզանից. որ դու, որ ձեռքով որ գրել ես այդ հոդվածները, նույն ձեռքով էլ հերքես, բացատրես ներկա եւ գալիք սերունդներին հենց քո՛ պատկերներով («փայտահատի», «կացինի», «տաշեղի», «ռանդա»ի...). ճիշտ չէ՞ր լինի, եթե դու հանդես գայիր մի «Pro domo sua»-ով [7] եւ վերագնահատեիր քո անցյալը... ինչո՞ւ եմ ուզում, որ դու այդ անես. Բակունցի՞ շահերի համար. ոչ, Բակունցը ոչինչ չի շահի դրանից, նա իր շահը շահել է եւ ավելին ավելորդ է. գուցե կարծում ես, որ ե՞ս այստեղ մի շահ ունեմ... չեմ կարծում, որ կարող ես այդպես կարծել, որովհետեւ դա անհեթեթություն է. ուրե՞մն... Հավատա, որ ես ուզում եմ, որ դու այդ անես քեզ համար` նա՛խ եւ առաջ:

Ես էլի եւ նորից եմ կրկնում, մեր գժտության պատճառը միայն ու միայն եղավ եւ է՛ Ալազանի հետ քո ունեցած զրույցը, քո` քեզ հայտնի ելույթը եւ քո հոդվածների թողած ծանր տպավորությունը: Քո խոսքերով ասած` մի՛ օրորի քեզ եւ մի օրորի ինձ, եւ մի որոնի ուրիշ պատճառ, որովհետեւ այդպիսին գոյություն չունի՛:

(Շարունակելի)

vartabooyr
06.05.2007, 02:51
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ
(Շարունակելի #2)

Ամեն կերպ, ամեն կողմից մոտենում եմ խնդրին, հեռանում եմ խնդրից (ավելի լավ տեսնելու համար...), ուզում եմ գուշակել այն, ինչ քո կարծիքով «ինձ առավել հայտնի է, քան քեզ». ի՞նչ ես մտածում դու. գուցե... գուցե մտածում ես, որ իմ մեջ խոսել է գրական խա՞նդը, ավելի շուտ նախանձը. չէ՞ որ այդպես մտածելը ծիծաղելի է, ինչի՞ հիման վրա ես քեզ պիտի նախանձեի 1959 թվին: Մի՞թե 1959 թվին միա՛յն ես գլխի եմ ընկել, որ դու «Արա Գեղեցկի» հեղինակն ես: Կամ գուցե դու (դու սովոր ես քեզ միշտ տեսնել «թշնամիներով շրջապատված») կարծում ես, որ ես ընկել եմ քո «թշնամիների» ազդեցության տա՞կ... Չէ՞ որ դա ավելի հնարավոր էր 1954-1959 թվականներին, քան 1960-1961-ի՞ն... ուրեմն այս էլ չի, ուրիշ ի՞նչ մտածեմ, որ դու կարող ես մտածել...

Գրում ես, - «Գրում եմ առանց հույս ունենալու, որ սրանով կփարատվի մեր մեջ ծագած «թյուրիմացությունը» կամ դու որեւէ չափով կփորձես ինձ հասկանալ...»:

Գրում եմ, պատասխանում, ճիշտ հակառակը, ես չէի գրի ոչ մի տառ ու տող, եթե հույս չունենայի, որ աստիճանաբար կփարատվի մեր մեջ ծագած «թյուրիմացությունը» եւ եթե ցանկություն չունենայի քեզ հասկանալու եւ չուզենայի, որ ինձ ճիշտ հասկանաս:

Օգնիր ինձ եւ ես քեզ կհասկանամ կես խոսքից:

20-ական թվականներին կարող էինք ասել. «Ապագան ցույց կտա, թե ով է ճիշտը...», ավա՜ղ, 60-ականն ենք ապրում, այդ «ապագա» կոչեցյալը հենց այսօրն է, որ կա. մի՞թե մեզ վայել է խարխափել ինչպես 30 տարի առաջ. ոչ, մեր տարիքը սխալներն ուղղելու, իմաստության եւ ծանր պատասխանատվության տարիներ են (վերջի՜ն տարիներ...), 30 տարի առաջ կարող էինք ասել. «Որքան ապրել եմ, էնքան էլ դեռ կապրեմ».- Հիմա կարո՞ղ ենք ասել,- ո՛չ: Իհարկե, եթե հույս ունես, որ կարող ես ապրել (ֆիզիկապես) 120 տարի, կարող ես չշտապել եւ մի քանի անգամ էլ հիմնովին սխալվել, ես այդ հույսը չունեմ, դրա համար էլ բավարարվում եմ... թեթեւ սխալներ գործելով... եւ մանավանդ շտապ կարգով ուղղելով» (17 հունիսի 1961 թ.):

«Թյուրիմացությունը» չհարթվեց: Երկու գրողների ճանապարհները բաժանվեցին հերթական անգամ: Թե որքան խորն է եղել Ն. Զարյանի հոդվածների տպավորությունը, վկայում են ուկրաինացի գրող Լ. Պերվոմայսկուն գրված տողերը. «Օրերս ես բառիս բուն իմաստով գիշերներով չքնեցի: Հետին թվով կարդացի Նայիրի Զարյանի «հոդվածները» սքանչելի Ա. Բակունցի դեմ: Ցնցվեցի մինչեւ հոգուս խորքը: Ես գիտեի, որ նա այդպիսի բաներ է գրել, ինչ որ բաներ կարդացել էի, բայց այդ սարսափելի հոդվածները չէի տեսել: Ինձ համար պարզ դարձավ, որ եթե այդ հոդվածները չլինեին, Բակունցը կստանար իր պատժաչափը, ինչպես ես, եւ այսօր նստած կլիներ Երեւանում ու կգրեր: Այդ հոդվածները տպվել են 1937 թվականին, երբ Բակունցը դեռ նստած էր: Մեկ-երկու ամսից նա գնդակահարվեց»:

Հր. Քոչարի մահն առիթ դարձավ, որ Մահարին մեկ անգամ եւս անդրադառնար անձի պաշտամունքի տարիներին գրողների բարոյական կեցվածքին. «Քոչարի թաղման մասին եղած նյութերը կարդալիս հիշեցի Չարենցին. մի ժամանակ, 30-ական թվականներին, շարունակ գանգատվում էր. «Այ տղա, մի հայ գրող էլ չմեռավ, մի տեսնեինք, ո՞նց են թաղում... Լուսահոգին թող գլուխը բարձրացնի եւ տեսնի, ինչպե՞ս թաղվեց ինքը եւ ինչպես` Հրաչյա Քոչարը, որի մեջ դեռ այն ժամանակ նա տեսնում էր «Նայիրու ողորմելի համհարզը...»:

Ո՜վ դար, ո՜վ բարք... [8]

Ի՞նչ եղավ Աբովի մոտ գտնված այն փաստաթուղթը, գրված 1937 թվականին, ստորագրված Քոչարի եւ Նայիրու ձեռքով...» (Վ. Նորենցին, 8 մայիսի 1965 թ.):

Նամակը զուսպ էր, ասես ակամա հայտնված կարծիք, սակայն Վ. Դավթյանին Մահարին ուղարկեց վերլուծական մի սանդղակ, որտեղ վերջին տեղը հատկացվում էր Ն. Զարյանին. «Քոչարը քո չարը տարավ. մահվան հետ խաղալ չի կարելի, մահը քոչարի չէ: Ճի՞շտ է, որ Նայիրին իր դամբանականում ասել է. «Նրա սիրտը չդիմացավ մեր ծանր ժամանակների հարվածներին...»: Հետաքրքիր խոսք, ասույթ, որն ավելի բնորոշ է ասողի համար, քան ննջեցյալի... զառակս ի՞նչ ցուցանե. այն, որ Քոչարը մահացավ չտանելով... կոպիտ կերպով ասած` քավությո՞ւնը... քսաներորդ համագումա՞րը... սպիտակ թո՞ւղթը...

Вообщем [9] (կասեր Չարենցը), դեստալինիզացիան ջրի երես հանեց երեք կատեգորիա.

1. Ազնիվ կատեգորիան՝ Ֆադեեւն ու նրանք, որոնք ինքնասպանություն գործեցին:

2. Ապրող, սակայն տառապող, քավող եւ հատուցող կամ չհատուցող կատեգորիան. Քոչար (գուցե Վշտունի՞ն, Աբո՞վը...):

3. Անսիրտ, անխիղճ եւ անհոգի կատեգորիան. Զարյան եւ ուրիշներ՝ եթե կան:

Վերջինը կամ անխելք է կամ հեռատես: Անխելք՝ որովհետեւ չգիտե, որ նրա զղջման խոսքը կբարձրացնի նրան ժողովրդի աչքում. ժողովուրդը մեծահոգի է, իսկ Զարյանը չի ուզում օգտվել նրա մեծահոգությունից...

Կամ հեռատես՝ որովհետեւ, ով գիտե, իցե թե մի օր Ստալինը բարձրանա՜ իր պեդեստալին... եւ այն ժամանակ, օ՛, այն ժամանակ՝ Նայիրի Զարյանը ողջ գրողների միությունը Սիբիր կքշի, ներառյալ զավխոզ Խաչիկին...» (14 մայիսի 1965 թ.):

Եթե Ն. Զարյանին Մահարին գնահատում էր որպես «Արա Գեղեցիկի» հեղինակի, ապա գրող Հր. Քոչարի մասին, չնայած վերջինիս ապաշխարանքին, ուներ միայն եւ միայն բացասական կարծիք. «Քոչարի «Զավակները» Սով. Միության գրախանութներից կիպերով ետ են գալիս [10]: Շարե՜ին հրատարակությունը սատարողների դռներին...» (Մ. Արմենին, 19 հունվարի 1964 թ.), «Քոչարի եւ հարակից խնդիրների մասին: Համաձայն եմ քեզ հետ: Մի մարդ, որ չունի ոչ խիղճ եւ ոչ իսկ ամոթ. գոնե տաղանդ ունենար. այդ էլ չկա. նստել է պատասխանատուների, Պետհրատի վզին (եւ ժողովրդի) ու... քոչում է...» (նույնին,11 փետրվարի 1964 թ.):

Գրողի անգամ վերջին շրջանի գործերը, որոնցով նա մեր օրերում շարունակվում է պրոպագանդվել կինոյի լեզվով, չստիպեցին Մահարուն փոխել իր կարծիքը. «Վերջինս (Հր. Քոչարը- Գր. Ա.) ստալինյան շրջանի կարկառուն չմշակներից էր, որը բավական չար սերմեր ցանելուց եւ հեղինակություն հնձելուց հետո, վերջին շրջանին կերպով մը ուզեց քավել իր մեղքերը (Ն. Զարյանը զլացավ այդ իսկ...) եւ գրեց մի քանի տանելի բաներ, որոնք սակայն չկարողացան բարձրանալ իսկական արվեստի պատվանդանին» [11] (Շ. Շահնուրին, 18 մայիսի 1965 թ.):

Չծավալվենք: Չխախտենք թերթային հրապարակման ծավալային սահմանները: Բայց չեմ կարող չխոստովանել, որ նյութի վրա աշխատելու ողջ միջոցին ինձ հանգիստ չէին տալիս նույն հարցերը` պե՞տք է արդյոք այս հրապարակումը, ինչի՞ է ծառայելու այն, ո՞ւմ է հետաքրքիր հեռավոր ժամանակների հին դարմանը կամ անցած տարիների ձմռան ձյունը: Մինչեւ անգամ խորհրդակցեցի մարդկանց հետ, ում կարծիքի հետ հաշվի եմ նստում...

Պատասխանը հստակ եւ որոշակի էր.

- Եթե մենք ուզում ենք ստեղծել առանց չակերտների օրինաց երկիր կամ բարգավաճ Հայաստան (հասկացություններ, որոնք կաղապարավորվում են իրենց ծննդյան օրից...), ապա պետք է իրերը, մարդկանց եւ երեւույթները բարձրաձայն կոչենք իրենց անուններով, այլապես չի լինի ոչ մի երաշխիք, որ հեռու կամ մոտիկ ապագայում այս կամ այն ձեւով չեն սկսի նորից գործել պետական կամ «մտավորական» պատժիչ-վարչարարական մահակները, եւ որ նոր մատնիչները չեն ունենա իրենց անունը կրող լայնահուն փողոցներ Երեւանի կենտրոնում:

(Շարունակելի)

vartabooyr
06.05.2007, 02:55
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ
(Շարունակելի #3)

Հիշենք անցյալը` հանուն ապագայի:

Ծանոթագրություններ

1. Գրողների տանն ունեցած ելույթում Ն. Զարյանը բողոքել էր գրական կյանքում «մաքուր օդի» բացակայությունից եւ այդ ելույթի հիման վրա հետագայում տպագրել «Մաքուր օդ եւ գրականություն» հոդվածը: Նույն թեմայով մի քանի տարի անց գրված նրա հոդվածը խորագրված էր «Մթնոլորտային մտորումներ»:

2. Մահարին եւ Ն. Զարյանը տարբեր էին մոտենում Ա. Բակունցի «դաշնակցականության» խնդրին: Ն. Զարյանը փորձել էր արդարացնել իր մեղադրականը` տալով Ա. Բակունցի կուսակցական երբեմնի պատկանելությանը «ծխականության» բնույթ, իբր դաշնակցական են եղել մեր բոլոր մտավորականները, իսկ Մահարու համար դա գլխավոր պատճառն էր գրողի ողբերգության, քանի որ 1936 թվականին բոլորովին այլ հնչեղություն ու բովանդակություն ուներ «դաշնակցական» մեղադրականը:

3. Խոսքը Ռ. Իշխանյանի «Ակսել Բակունց. Կենսագրություն եւ մատենագիտություն», Եր., 1960, աշխատության մասին է:

4. Խոսքը Ն. Զարյանի մի շարք հոդվածների մասին է, որոնցում «մերկացվում» էին Ա. Բակունցի եւ արդեն ձերբակալված այլ հայ գրողների գաղափարական սխալները` «Բարձրացնել բոլշեւիկյան զգաստությունը գրականության եւ արվեստի ֆրոնտում» («Խորհրդային արվեստ», 1936, թիվ 15-16, 1 սեպտ., էջ` 203-204), «Դեպի խորհրդային գրականության նոր վերելք» («Խորհրդային Հայաստան», 1936, 18 սեպտ.), «Գրական լեզվի նացիոնալիստական աղավաղումների դեմ» («Խորհրդային գրականություն», 1936, թիվ 3-4), «Ընդդեմ նացիոնալիզմի եւ տրոցկիզմի, հանուն սոցիալիստական մեծ գրականության» («Գրական սերունդ», 1936, թիվ 4, էջ` 15-19), «Կապը կտրած խմբապետը» («Գրական սերունդ», 1936, թիվ 5-6, էջ` 33-35), «Նացիոնալիստը խորհրդային գրողի դիմակով» («Գ. Թ.», 1936, թիվ 19, 25 օգոստոսի):

5. «Հիմա քո հազարն է»: Այսինքն` քո ժամանակն է: Բառն այդ իմաստով օգտագործել է նաեւ Ավ. Իսահակյանը: 1911 թվականին, երբ նա գտնվել է Պոլսում, ստացել է Վ. Տերյանի գիրքը եւ խնդրանք` իր կարծիքը հայտնելու մասին: Իսահակյանը պատասխանել է` «Ի՞նչ ասեմ, Վահան ջան, հիմա քո հազարն է» («Խորհրդային գրականություն», 1928, թիվ 2, փետրվար, էջ` 169):

6. Ն. Զարյանն ուներ այն համոզմունքը, թե Մահարին նրան էր համարում իրեն բաժին ընկած փորձության մեղավորը: Այդ ոգով էլ նա գրեց եւ տպագրեց իր «Խաչմերուկ» պատմվածքը: Այնինչ Մահարու մեղադրանքները ոչ թե անձնական էին, այլ բարոյական-հասարակական:

7. "Pro domo sua-ով" - Բառացի` «ի պաշտպանություն յուր տան» (լատ.), օգտագործվում է «իր մասին», «սեփական անձնական հանգամանքների մասին», «սեփական անձի կամ սեփական շահերի պաշտպանության» իմաստներով: Ասացվածքը գործածել էր Ե. Չարենցը` 1922թ. Մոսկվայում լույս տեսած երկհատորյակի առաջաբանում` «Այսքանը - "Pro domo sua"» եւ այլն: Լատիներեն այդ բառերով է վերնագրված նաեւ նրա հոդվածներից մեկը (Երկեր, հ. 6, էջ՝ 36):

8. Միայն Մահարին չէր, որ նման հստակ դիրքորոշում ուներ Հր. Քոչարի հանդեպ: Վերջերս լույս տեսած Ստ. Զորյանի հուշերում բավական ծավալուն տրված է Քոչարի նկարագիրը որպես մարդու եւ գրողի: Ճիշտ է, Հր. Քոչարի անունը ծածկագրված է F տառով, սակայն օրագրի ամսաթվերը եւ անսքող ակնարկները ոչ մի կասկած չեն թողնում, որ այստեղ մենք գործ ունենք Պոլիշինելի գաղտնիքի հետ: Բերենք այնտեղից փոքր մի հատված.

«Մայիս 27. Մի քանի օր առաջ թաղեցին 37-38 թթ. «հերոս»-զրպարտիչ ու մատնիչ F-ին, որ տասնյակների գլուխ կերավ այդ թվերին: Բայց թաղեցին որպես հասարակական գործիչ եւ անվանի գրող: Չէ՞ որ շատերը գիտեն նրա անամոթ գործերը (կան ձեռքից ձեռք շրջող դոկումենտներ), ինչո՞ւ են դիմում ֆալսիֆիկացիայի - չեմ հասկանում: Իսկ որպես գրող անարժեք էր, անարվեստ. սրա-նրա թեմաներն ու սյուժեները վերցնող-մշակող:

Հայտնի է նույնպես, որ 37-38 թթ.-ից հետո էլ շարունակում էր նույն «հերոսությունը». 2-րդ անգամ բռնել տվեց աքսորից վերադարձած Մահարուն, Ալազանին եւ Նորենցին, իսկ «Գր. թերթ»-ի խմբագրին հեռացնել տվեց նրանց կազմած գրական անմեղ նյութերը տպելու համար, լուրեր, որ կազմել էին նրանք մի քանի կոպեկ ստանալու համար, եւ չէին ստորագրել (Խոսքը Գ. Մահարու բանաստեղծական անստորագիր թարգմանությունների մասին է.-Գր. Ա.):

Եվ մահազդի մեջ այս տիպին ներկայացրել են որպես հասարակական գործիչ, որպես էնցիկլոպեդիստ, գրեթե մեծ գրող եւ այլն: Այսքան տարի լինելով Գրող. միության մեջ չեմ տեսել դրա նման խորամանկ, խարդախ ու կեղծ արարածի: Այդպես էլ հայտնի էր մեծ մասին, եւ դրա համար վերջին տասը-տասնուհինգ տարում ընտրությունների ժամանակ նրան սեւացնում էին, իսկ եթե լինում էր խմբագրական կոլեգիաների մեջ - դա արդեն գալիս էր վերեւից» («Նորք», Եր., 2006, թիվ 4 էջ`109-110):

9. Մի խոսքով ... (ռուս.):

10. Խոսքը Հր. Քոչարի «Մեծ տան զավակները» վեպի ռուսերեն հրատարակության մասին է, որը լույս էր տեսել Մոսկվայում` 70.000 տպաքանակով:

11. Երկու գրողների մասին Շ. Շահնուրի կարծիքը միատեսակ էր. «Հրաչեայ Քոչար եւ Նայիրի Զարեան տեղ չունէին յիշողութեանս մէջ, այն պատճառավ որ իրենցմէ արժէքաւոր գիրք մը չէի կարդացած» (25 մայիսի 1965 թ.):
--------------------------------------------------------------------------------
Նկար 1. 1936-1947 թվականներից Գուրգեն Մահարուց մեզ հասած միակ լուսանկարը (3x4), փակցված է եղել անձնագրին փոխարինող «ազատական» տեղեկանքի վրա:

Նկար 2. 1949-1954 թվականներից Գուրգեն Մահարուց մեզ հասած միակ լուսանկարը (3x4): Երեւանի ՆԳԺԿ բանտ:


ՎԵՐՋ

Moon
06.02.2009, 15:43
Էս վերևի գրածները չկարդացի, բայց ուզւոմ եմ մի քիչ Մահարուց խոսել։
Ւնքը էն հատուկենտ հայ գրողներից ա, որ հավանում եմ ու սիրում։ Իրա մենակ ինքնակենսագրական վեպը "մանկություն, պատանեկություն, երիտասարդության սեմին" հրաշք գործ ա։ Էնտեղ կա ամեն ինչ, և իրա մանակական միամտություն և իրա աշխարհը այլ տեսնելու կարողությունը։ Ինքը չնայած գաղթի ճանապարհ ա անցնում, բայց էնտեղ ոչ մի դաժան տեսարական չկա ցեղասպանույթունից ու հենց էդ ա գիրքը հետաքրքիր դարձնում։
Կարդացել եմ նաև "Ծաղկած փշալարերը" էլի շատ եմ հավանել, օրիգինալ գործ ա։ Ու ընդհանրապես իրա ոճը շատ եմ սիրում։:love

vaharm
12.06.2010, 04:01
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ. ՍԵՐ ԱՌ ԵՐԵՎԱՆ

«Եթե չես կարող գրել բանաստեղծություններ զանազան հարգելի ¨ ոչ հարգելի պատճառներով ¨ եթե չես կարող գրել պատմվածքներ, որովհետ¨ հերոսներդ դեռ չեն տիպականացել, մի հուսահատվիր, նստիր ու գրիր քանդակներ։ Մի թողնի, որ ժանգոտի գրիչդ, դրանից էլ ժանգոտում է սիրտդ ու հոգիդ, հավատա»,- այսպիսի խորհուրդ էր տալիս գրչակից ընկերներին հայ նշանավոր գրող Գուրգեն Մահարին (1903-1969 ), ¨ կարծես թե ինքն էլ մնաց միակը, ով հետ¨եց իր իսկ խորհրդին ու թղթին հանձնեց բազմաթիվ փոքրածավալ, սակայն սրամիտ, հուզիչ, խորիմաստ պատմություններ ժամանակի, մարդկանց, հիշողության ¨ կարոտի մասին: Ցավոք, հեղինակի կենդանության օրոք դրանցից շատերն այդպես էլ չհասան ընթերցողին: Երկու աքսոր ու ստալինյան ճամբարների սոսկումներն ապրած Մահարու գրական ժառանգության մի ստվար հատված գրաքննության թեթ¨ ձեռքով դրվեց ծանր փակի տակ, որոշ գործեր խմբագրությունները մերժեցին ամենաանհեթեթ ¨ անլուրջ պատճառաբանություններով: Եվ միայն այսօր այդ ձեռագրերը դուրս են բերվում թղթապանակներից` ամբողջացնելով ¨ էլ ավելի հարստացնելով արձակագիր Մահարու աշխարհընկալման ներկապնակը:
Նման ճակատագրի արժանացած գործերի թվին է դասվում նա¨ «Եր¨անյան քանդակներ» ընդհանուր խորագիրը կրող մանրապատումների այս շարքը, որը թվագրված չէ, բայց ամենայն հավանականությամբ գրվել է 1960-ականների սկզբներին: Ձեռագրում որոշ տողեր կրճատված կամ փոփոխված են հենց հեղինակի գրչով, մի քանի հատվածներ անընթեռնելի են, կան էջեր, որտեղ անկնառու է կողմնակի միջամտության կամ խմբագրման պարտադրանքը (օրինակ Վ. Սարոյանին նվիրված հատվածում Սարոյանի անունը ջնջված է ¨ փոխարենը գրված` «գրող, որն ապրում է Ամերիկայում»): Այդ իսկ պատճառով մենք նպատակահարմար գտանք ստոր¨ հրապարակվող գործը ներկայացնել իր նախնական մտահղացմամբ ու բովանդակությամբ:
Ինչպես մի առիթով իրավացիորեն նկատել է բանաստեղծ Համո Սահյանը` «Մահարու վրիպակներն անգամ տաղանդավոր են»: Եվ եթե Սահյանի խոսքը համարենք սրամիտ չափազանցություն, ապա չենք կարող չխոստովանել, որ նման գնահատանքն ասված է ոչ հանիրավի, այլ ըստ արժանվույն:

Հովիկ Չարխչյան



Գուրգեն ՄԱՀԱՐԻ

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՔԱՆԴԱԿՆԵՐ

Որպես նախերգ

Ես ուզում եմ գրել Եր¨անի մասին:
Վերջերս ես եղա մեր մայրաքաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգում ¨ մի անգամ էլ հիշեցի հին Եր¨անը: Ես հիշեցի հին Եր¨անը ¨ հատկապես գավառական այդ մայրաքաղաքի կամ մայրագյուղի այն վայրերը, որտեղ փռված է հիմա` սաղարթախիտ ծառերով ¨ գարնանային թարմությամբ շնրող ծառուղիներով հարուստ Կիրովի անվան մանկական զբոսայգին:
Եվ ամեն անգամ, երբ առիթ է լինում գրել նոր Եր¨անի մասին, չես կարող չհիշել հինը: Չես կարող չհիշել հինը ¨ չզարմանալ,- այդ ե՞րբ էր: Այդ ե՞րբ էր: Ճիշտ այստեղ…
Բայց դա չի մտնում իմ գրավոր խոհերի ¨ մտորումների նախերգում: Այդ բուն երգն է, տխրությամբ ու նայիրյան վշտով թովուն մի երգ, որը սակայն վերջանում է զվարթ, առնական, շենշող, մեր մեծ ներկայի ¨ հաղթական ապագայի նման:
Ես իմ նախերգով միայն ակնարկում եմ, որ ուզում եմ գրել Եր¨անի ¨ հատկապես նրա այն վայրերի մասին, որտեղ փռված է հիմա` երգող ծառերով ¨ շնչող ծառուղիներով հարուստ Կիրովի անվան մանկական զբոսայգին:

Երգ առաջին, կամ հին Եր¨անի ամենահիշարժան անկյունը

Ոչ Շիլաչի մահլի հողաշեն ¨ կավաշեն տնակները, ոչ հնամենի Կոնդն` իր կոնդապատկան շրջակայքով, նիստուկացով ¨ բարդիների խշշոցով, չկարողացան դառնալ հին Եր¨անի կենցաղային ու տեղագրական կենտրոնը:
Երբ հիշում ես հին Եր¨անը, առաջինը, որ փռվում է հիշողությանդ լուսարձակի տակ, դա Ղանթարն է ¨ նրա ղանթարական «հարստությունները»:
Այդ այն է, ինչ Աբովյանի օրերին կոչվել է «չարսու բազար», որի մասին անմոռանալի էջեր է թողել անհայտ ճանապարհորդ Ջիովանելլին ¨ հայտնի վիպերգակ Ակսել Բակունցը, որդի Ստեփանի, ի գեղջեն Գորիս:
Սակայն այն, ինչին վերահասու եղավ իմ սերունդը, ամեն¨ին նման չէր իտալացի վանական, անհայտ ճանապարհորդ Անտոնիո Ջիովանելլու նկարագրած կախարդական չարսու բազարին:
Դեռ 1840 թվին անհետացել էին ¨ չարսու բազարի բակում շրջող սիրանարգերն ու դրախտային թռչունները, շատրվանն ու նման հազար ու մի հրաշալիքներ:
Մի դար հետո, Ակսել Բակունցի նկարագրությամբ «…մնում էին անհուն հարստությունը վկայող բազմաթիվ կիսախարխուլ կրպակներ, որոնց մի մասն իսպառ քանդել էին ռուսները ¨ աղյուսներն օգտագործել բերդի նոր զորանոցի համար…»:
Ինչին, որ հասավ իմ սերունդը, դա ոչնչով նման չէր ոչ իտալացի ճանապարհորդի տեսած, ոչ գորիսեցի վիպերգակի նկարագրած չարսու բազարին: Սակայն արդարության դեմ մեղանչած կլինեինք, եթե ուրանայինք, որ Ղանթարն է հին Եր¨անի ամենահիշարժան ¨ տեսարժան վայրը:

Երգ երկրորդ. Ակսել Բակունցի հետ

Նրա հետ հաճախ մենք լինում էինք այս վայրերում ¨ գնում Կապույտ մզկիթի զովասուն բակը «պարսկական թեյ» խմելու:
- Եր¨ան, չարսու բազար,- ասում էր նա ու նայում շուրջը,- կարող ես պատկերացնել, թե ի՞նչ կլինեն այս վայրերը 50-60-ական թվականներին,- ասում էր, մտածում ու եզրափակում,- չես ճանաչի:
- Աբովյանը եղել է այս տեղերում,- շարունակում էր բարձրաձայն մտածել նա,- հարյուր տարի է անցել: Բայց եթե այսօր նա հրաշքով անցներ այս տեղով, նա չէր զարմանա, կճանաչեր հին վայրերը: Բայց ահա` 50-60 թվերին, այս ամենը, ինչ տեսնում ես, հիշողություն կդառնա, հե-ռու~ հիշողություն…
Ու ժպտում էր իր կապույտ, հստակ աչքերով:
Հե-ռու~ հիշողություն:
Շոգ է, եր¨անյան ամառնային այրող ար¨: Փոշու միջով քայլում ենք, ինչպես ձմռան ձյուների միջով: Նա ոտքը խփում է մի քարի ու շարժում տեղից.
- Գուցե Աբովյանի ոտն էլ է կպել էս քարին: Իսկ 50-60 թվերին դու չես տեսնի մի քար, որին կպած լինեն մեր ոտները: Չես գտնի:
Նա ժպտում էր իր խոհերին, ինքն իրեն ¨ կրկնում.
- Եր¨ան, չարսու բազար…

Երգ երրորդ. «Հե-ռու~ հիշողություն»

Ես չեմ ուզում կրկնել այն, ինչ նկարագրել եմ ին «Երիտասարդության սեմին» գրում` Ղանթարի մասին: Ես այնտեղ նկարագրել եմ, այսպես կոչվող, նախահեղափոխական Ղանթարը, այն Ղանթարը, որը գոյություն ուներ մինչ¨ 1920 թվականը:
Բայց չէ՞ որ Ղանթարը պահեց իր գոյությունը դեռ երկար տարիներ: Եր¨անի տժվժիկն ու Վանի ժաժիկը դեռ երկար տարիներ դիմացան ու Ղանթարը երկար տարիներ հպարտանում էր թե մեկով, թե մյուսով: Բայց փոխվել էին ժամանակները: Կոոպերացիան, պետական առ¨տուը քայլ առ քայլ առաջանում էին, ուժեղանում, մասնավորը նահանջում էր ու թուլանում:
Այնտեղ, մանկական զբոսայգու հյուսիսային կողմում, որտեղ այժմ կանգնած է «Արարատ» տրեստի բնակելի շենքը, կամ հենց այնտեղ, ուր մանկական հրապարակն է ¨ կարուսելը, մանր խանութներ էին, ուր ապաստանել էին չթավաճառներն ու մանր առ¨տրականներ:
Նրանք անգործությունից ու ձանձրույթից մոտենում էին իրար ¨ [անընթեռն. ] դեմքով ուրախ կատակում.
- Ախանես աղա՞, առուտուր անելով մեռար, չերթա՞նք մի փարթի նարդի խաղանք:
- Ռուբեն աղա, էսպես որ էրթա գործը, Աֆրիկով կդառնաս ու մեզ էլ բար¨ չես տա…
Ղանթարի շուրջը չէին թափառում այլ¨ս անապաստան մանուկները: Նրանք տեղավորված էին պետական մանկատներում:
Մինչ¨ 20 թվականը «սպեկուլյանտ» կոչումը պաշտոնի պես բան էր.
- Քո մարդը ի՞նչ գործի է, տիկին Սաթենիկ:
- Հարկային տեսուչ:
- Հարկային տեսո՞ւչ,- արհամարհանքով ասում էր խոսակիցը,- էլ գործ չի՞ գտել: Իմ Սետրակը սպեկուլյանտ է:
Քսան թվից հետո «սպեկուլյանտ»-ը դարձավ, նախ թեթ¨, միջին ¨ ի վերջո` ծանր հայհոյական խոսք:
Մի օր էլ լուր տարածվեց, որ Ղանթարն իր շրջակա ղանթարական խանութներով ¨ հողերով ընկել է «պլանի տակ»:
- Լավ,- հարցրեց Ախանես աղան Փանոս աղային, երբ երեկոյան փակում էին խանութները,- ապա մասնավոր առ¨տրականները ո՞նց պիտի գործ անեն:
- Մասնավորները գործ չպիտի անեն,- պատասխանեց Փանոս աղան,- մասնավոր առուտուրը պիտի վերջանա:
Ախանես աղան նայեց իր խոսակցին ¨ խորին համոզմունքով առարկեց.
- Առանց մասնավոր առուտուրի պետություն չի լինի:
- Կլինի,- մռմռաց Փանոս աղան ¨ երկուսն էլ լռեցին:

Երգ չորրորդ. Վիլյամ Սարոյանի հետ

Առաջին հնգամյակի վերջերին Եր¨ան էր եկել դեռ երիտասարդ ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը: Մենք գնում էինք Կապույտ մզկիթ թեյ խմելու: Ղանթարն ապրում էր իր վերջալույսը:
Մեր ճանապարհը կտրեց մի գյուղացի իր ավանակով:
- Այս էշը ես եմ,- ասաց Սարոյանն իր անգլերենանման հայերենով:
- Ինչու՞,- զարմացա ես:
- Իմ հայրս միշտ ինձի կըսեր,- երբ մեծանաս, էշ պիտի դառնաս,- եղավ պատասխանը:
Վիլյամ Սարոյանը այլ¨ս Եր¨ան չի եկել: Եթե հիմա գա, հազիվ թե հիշի իր հորը:
Այո, եթե այսօր Եր¨անի փողոցներում ավանակի հանդիպես, բռնիր ¨ հանձնիր միլիցիային: Միլիցիան կհանձնի իր օրինական տիրոջը` կենդանաբանական այգու տեսչությանը...

Երգ հինգերորդ. Մկրտիչ Արմենի ահազանգը

«Մեռնում է հին, դարավոր Եր¨անը»,- ահազանգեց արձակագիր Մկրտիչ Արմենը դեռ 1931 թվականին իր «Եր¨ան» վեպում:
Եվ ի՞նչ էր այդ հին Եր¨անը,- հողաշեն տներ` տափակ կտուրներով, գավառական փոշի, գավառական ձանձրույթ:
Եվ ինչ էր այդ հին Եր¨անը,- նեղ, ծուռումուռ քուչաներ, ռուսական եկեղեցի, պարսկական բաղնիք ու չայխանա, հայկական [անընթեռն. ] ու թեմական քաշքշուկ…
Եր¨ան բաղ եմ արել…
Սովետական կարգերը թ¨ տվին հանճարեղ ճարտարապետին ու աշխարհ եկավ նոր թամանյան Եր¨անը:
Աշխարհ եկավ ¨ սկսեց աճել Սասունցի Դավիթի նման, արագ, տիրական, ամուր: Եր¨անը դուրս եկավ իր ափերից, ասպատակեց բլուրները…[անընթեռն. ] վերածեց Արաբկիրը, Շահումյանը, Նոր Արեշը, Քանաքեռը...
Հին Եր¨անը, որն Արմենի գրքում վառվում է ար¨ելյան ֆանտաստիկ, կախարդական գույներով, այսօր պատմություն է ու ռոմանտիկա: Դրա փոխարեն որոտում է նոր Եր¨անը` իրական, շոշափելի, տեսանելի ¨ լսելի Եր¨անը, շքեղ քաղաքամայրը Սովետական Հայաստանի:

Վերջերգ

Գարնանային ար¨ով ողողվել է Եր¨անը:
Գուցե ոչ մի տեղ գարունն այնպես զգալի չէ, որքան մեր մայրաքաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգում: Եվ այդ հասկանալի է: Մանկությունն ինքը հենց գարունն է, անկախ նրանից, թե գարո՞ւն է, ամա՞ռ, աշո՞ւն է, թե՞ ձմեռ…
Գարունը կրկնակի գարուն է Կիրովի անվան մանկական այգում: Գարուն` գարնան հետ, գարուն` ողողված գարունով, գարուն` գարունված գարուններով:
Եվ ամեն անգամ, երբ առիթ է լինում գրել նոր Եր¨անի մասին, չես կարող չհիշել հինը…

Հրապարակման պատրաստեց Հովիկ Չարխչյանը

StrangeLittleGirl
12.06.2010, 11:39
Էս վերևի գրածները չկարդացի, բայց ուզւոմ եմ մի քիչ Մահարուց խոսել։
Ւնքը էն հատուկենտ հայ գրողներից ա, որ հավանում եմ ու սիրում։ Իրա մենակ ինքնակենսագրական վեպը "մանկություն, պատանեկություն, երիտասարդության սեմին" հրաշք գործ ա։ Էնտեղ կա ամեն ինչ, և իրա մանակական միամտություն և իրա աշխարհը այլ տեսնելու կարողությունը։ Ինքը չնայած գաղթի ճանապարհ ա անցնում, բայց էնտեղ ոչ մի դաժան տեսարական չկա ցեղասպանույթունից ու հենց էդ ա գիրքը հետաքրքիր դարձնում։
Կարդացել եմ նաև "Ծաղկած փշալարերը" էլի շատ եմ հավանել, օրիգինալ գործ ա։ Ու ընդհանրապես իրա ոճը շատ եմ սիրում։:love

Ես էլ եմ մահարուն շատ սիրում: Հիշում եմ՝ 10-րդ դասարանի էն լարված շրջանում կարդացի «Մանկությունն» ու «Պատանեկությունը»: Էնքան հավես էր. պարզ ու անպաճույճ լեզվով շատ սիրուն պատմել էր ամեն ինչ: Բայց ամենաշատն ուզում էի «Ծաղկած փշալարերը» կարդալ: Ոչ մի տեղից չէի ճարում. մեր մոտի գրադարանում մի օրինակ էր, միշտ ձեռքի վրա էր, ծանոթներիցս ով էլ ունեցել էր, տվել էր ուրիշի, չէին վերադարձրել: Գրախանութներում էլ չկար: Տարիներ անց գիրքն ինքն ինձ մոտ եկավ, բայց չկարդացի. արդեն կյանքիս ուրիշ փուլում էի, Մահարին էլ չէր ձգում:

Վոլտերա
29.12.2012, 23:20
Քամին սուլում էր բարձր ցանկապատի ու խիտ փշալարերի միջով, ու երգում էին փշալարերը, իսկ նրանց երգը ժանգոտ էր ու արյունոտ, իսկ արյունը սև էր...