PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջուբրան Խալիլ Ջուբրան



vartabooyr
06.05.2007, 01:30
«ՄԱՐԳԱՐէՆ» ՊՕԷՄԻՑ ՀԱՏՎԱԾ

AZG Daily Culture # 007, 07-04-2007
http://culture.azg.am?lang=AR&num=2007040703

ՋԲՐԱՆ ԽԱԼԻՍԼ ՋԲՐԱՆ
թարգ. ՎԱՀԵ ՎԱՀՅԱՆ

Էլմուսթաֆան, ընտրեալն ու սիրելին,
որ արշալոյսն էր իր ծագած օրին,
սպասեր էր հոն, Օրֆալիզի մէջ տասներկու տարի,
որ վերադառնար իր նաւն ու տանէր զինք ծնած կղզին:
Տասներկրորդ տարին, օրը եօթներորդ
ճիշդ Սեպտեմբերի, հունձքի ամսին,
ելաւ քաղաքին պարիսպներէն դուրս, բլուրին վրայ,
նայուածքն իր ուղղեց ծովուն ու տեսաւ
մշուշին մէջէն գալուստն իր նաւին:
Եւ այն ժամանակ, դուռերը սիրտին բացուեցան հոն լայն,
եւ հրճըւանքն իր թեւածեց դէպի բացերը ծովուն:
Աչքերը փակեց եւ իր հոգիին
լռութեանը մէջ սկսաւ աղօթել...:
Բայց երբոր կ՛իջնէր ինք բլուրն ի վար,
թախիծ մը եկաւ պաշարեց հոգին,
ու մտածեց ինք սիրտին խորերէն.
«Ինչպէ՜ս պիտի ես կարենամ մեկնիլ
ասկէ անխռով, առանց կսկիծի:
Ո՛չ, այս քաղաքէն պիտի չկրնամ բաժնուիլ երբեք,
առանց կրելու վէրք մը հոգւոյս մէջ:
«Երկար տեւեցին երկունքի օրերս իր պատերէն ներս,
ու երկար եղան գիշերներն այստեղ իմ առանձնութեանս:
Եւ ո՜վ կարենար պիտի բաժնուիլ
իր տառապանքէն ու մենութենէն՝ առանց մորմոքի:
«Հոգիի անթիւ մասնիկներ եմ ես
ցրուած այստեղի փողոցներուն մէջ.
եւ անհամար են իմ կարօտներուս
զաւակներն, որոնք այս բլուրներուն
միջեւ կը շրջին մերկ մարմիններով,
ու չեմ կրնար ես զատուիլ իրենցմէ՝
առանց ծանրածանր բեռի, կսկիծի:

«Կը խնդրենք սակայն, որ խօսիս մեզի մեկնումէդ առաջ
եւ հաղորդակից դարձնես դուն մեզ քու ճշմարտութեանդ:
«Կը փոխանցենք զայն մեր զաւակներուն,
եւ անոնք՝ իրե՛նց, ու չի կորսուիր ան:
«Առանձնութեանդ մէջ, պահակն ես եղած մեր ցերեկներուն,
ու պահերուդ մէջ աննինջ հսկումի՝
մտիկ ես ըրած մեր քուն ժամերու լացին ու խինդին:
«Հիմա, ուրեմն, բացատրէ՜ մեզի էութիւնը մեր,
խօսէ՜՝ ծնունդի ու մահուան միջեւ
ինկնող այն բոլոր բաներէն, որոնք յայտնուած են քեզի:»

Պատասխանեց ինք՝ ըսելով այսպէս.
«Ով բնակիչնե՛ր դուք Օրֆալիզի,
ի՞նչ բանի մասին կրնամ խօսիլ ես՝
բացի անոնցմէ որ այս րոպէին
կը խլրտին ձեր հոգիներուն մէջ:»
Ամուսնութեան մասին
«Աշխարհ էք եկած դուք միասնաբար
ու պիտի մնաք միասին յաւէտ:
«Պիտի միասին ըլլաք երբ մահուան
թեւերն սպիտակ՝ ձեր կեանքի օրերն ընեն ցիրուցան:
«Պիտի միասին ըլլաք դուք, այո՛,
լուռ յիշողութեան մէջ իսկ Աստուծոյ:
«Բայց թող գտնուին ձեր միասնութեան մէջ բաց միջոցներ,
«Ու թող ձեր միջեւ կարենան պարել հովերն երկինքի:
«Սիրեցէք զիրար, բայց մի՛ վերածէք սէրը կապանքի.
«Թող նախընտրաբար ըլլայ անիկա
ծով մը յարաշարժ՝ ափերուն միջեւ ձեր հոգիներուն:
«Բաժակ լեցուցէք մէկդ միւսին, բայց
նոյն բաժակէն մի՛ փորձուիք խմել:
«Ձեր հացէն բաժին տուէք իրարու,
բայց մի՛ ուտէք դուք նոյն նկանակէն:
«Երգի ու պարի ելէք միատեղ,
բայց իւրաքանչիւրդ թող մնայ անջատ,
«Ճիշդ այնպէս՝ ինչպէս լարերը վինին
կը մնան անջատ,
կը թրթռան թէեւ նոյն եղանակով»:
Զաւակի մասին
«Ծնունդները ձեր... չե՛ն ձեր զաւակներն,
այլ՝ տղաքն անոնք եւ աղջիկներն են այն կարօտին զոր
Կեանքը կը տածէ ինքնիրեն հանդէպ:
«Կու գան ձեր մէջէն, սակայն ո՛չ ձեզմէ:
«Թէեւ ձեզի հետ՝ բայց չեն պատկանիր
անոնք ձեր անձին:
«Կրնաք տալ իրենց սէր ու գուրգուրանք,
բայց ո՛չ մտածում,
«Զի ունին անոնք իրենց խոհն ուրոյն:
«Կրնաք տալ դուք տո՛ւն անոնց մարմինի՛ն, բայց ո՛չ հոգիին,
«Զի կը բնակին հոգիներն անոնց՝
տունին մէջ վաղուան, զոր այցելել դուք
չէք կրնար նոյնիսկ ձեր երազներով:
«Կրնաք ջանալ որ նմանիք անոնց,
բնայց զանոնք ձեզի դարձնել նման՝
մի՛ ձգտիք երբեք,
«Քանզի չ՛ընթանար կեանքը դէպի ետ,
ու ոչ ալ երկար
կ՛ուզէ յամենալ ան երէկին մօտ»:
Տալու մասին
«Տուած կ՛ըլլաք դուք շատ քիչ բան` երբ տաք
ձեր ստացուածքէն:
«Ձեր անձէ՛ն տալով միայն կ՛ըլլաք դուք
ի՛սկապէս տուած:
«Վասնզի, ի՞նչ են ձեր ստացուածքներն,
եթէ ոչ բաներ,
զորս կը պահէք ու կը պահպանէք,
վախով թէ կրնաք վաղը դուք` կարիք
ունենալ անոնց:
«Իսկ վաղը... վաղը ի՞նչ կրնայ բերել
խորամանկ շունին, որ ոսկորներն իր
աւազներու մէջ կը թաղէ անհետ`
մինչ կը հետեւի
ուխտաւորներուն դէպի սուրբ քաղաք:
«Ու կարիքի վախն ինչ է` եթէ ոչ կարի՛քը ինքնին:
«Երբ ջրհորդ է լի,
ծարաւի երկիւղն իսկ չէ՞ ծարաւն այն,
որ չունի յագուրդ:
«Կան որ կու տան քիչն իրենց ունեցած
շատ հարստութեան-
ա՛յնքան մը միայն` որ փառաբանուին:
Եւ իրենց ծածուկ ցանկութիւնը այդ`
կը դարձնէ տրուած ընծան արժեզուրկ:
«Ու կան ալ որ քի՛չ ունին եւ կու տան
զայն ամբողջութեամբ:
«Հաւատաւորներն ու առատութիւնն
են անոնք կեանքին.
եւ արկղն անոնց չի պարպուիր երբեք:
«Կա՛ն ալ որ կու տան միշտ ուրախութեամբ,
ա՛ն եւ ուրիշներ որ կու տան ցաւով,
եւ այդ ցաւն իրենց մկրտութիւնն է:
«Իսկ կան որ կու տան ու չեն զգար ցաւ,
եւ ուրախութիւն չեն ակնկալեր,
ու ոչ ալ կու տան` առաքինութեան
դիտաւորութեամբ.
«կու տան ճիշդ այնպէս` ինչպէս սա մօտիկ
ձորի մրտենին կ՛արտաշնչէ բոյրն
իր շրջապատին:
«Այդպիսիներուն ձեռքերով է որ
կը խօսի Աստուած եւ այս աշխարհին
կը ժպտի անոնց աչքերուն մէջէն»:
Տուներու մասին
... «Եւ ըսէ՛ք ինծի, օրֆալիզցինե՛ր,
ի՞նչ ունիք դուք ձեր այս տուներուն մէջ,
ու ձեր ամրափակ դուռերուն ետին ի՞նչ կը պահպանէք:
«Ունի՞ք դուք անդորր, այն ոյժը հանդարտ՝
որ ի յայտ բերէր զօրութիւնը ձեր:
«Ունի՞ք դուք յուշեր, կամարներ շողուն՝
որ կը կամրջեն միտքի գագաթներ:
«Ունի՞ք յղացում դուք գեղեցկութեան,
որ սիրտը տանի հողէ ու քարէ
ձեւուած բաներէն դէպի լեռը սուրբ:
«Ունի՞ք բաներն այս՝ ձեր տուներուն մէջ:
«թէ՝ ունիք միայն դիւրակեցութիւն,
կամ՝ մարմաջն անոր, արարածն այդ նե՛նգ,
որ տուն կը մտնէ իբրեւ հիւր, յետոյ՝
կ՛ըլլայ հիւրընկալ ու կը դառնայ հուսկ տէր ու տիրական»:
Ինքնաճանաչման մասին
«Թող ոչ ոք ըսէ թէ ճշմարտութի՛ւնն
է յայտնագործած,
այլ` ըսէ միայն, թէ ճշմարտութեա՛ն
մէ՛ ծանօթ դարձած.
«Մի՛ ըսէք` «Գտա՛յ ուղին հոգիին»,
այլ, նախընտրաբար` «Տեսայ հոգին որ
կը շրջագայէր իմ ճամբուս վրայ.»
«Վասնզի հոգին կը քալէ վրան
ամէն կածանի:
«Չ՛ընթանար հոգին մէկ գիծի վրայ,
ու ոչ ալ կ՛աճի եղէգի նման.
«Կը բացուի հոգին` անթիւ թերթերով
լուտասի մը պէս:»
Խօսելու մասին
«Կը խօսիք՝ երբ հա՛շտ չէք այլեւս ձեր մտածումին հետ:
«Երբ ա՛լ չէք կրնար բնակիլ սիրտին ձեր մենութեան մէջ
կ՛ելլէք ապրելու ձեր շուրթին վրայ,
ու ձեզի համար՝ ձայնը կը դառնայ զբօսանք, ժամանց,
«Ու մեծ մասին մէջ ձեր խօսակցութեան՝
կ՛ըլլայ մտածումն յաճախ կիսամահ:
«Զի մտածումն է երկնային թռչուն,
որ թէեւ կրնայ բառի վանդակին մէջ թեւն իր բանալ,
սակայն սաւառնիլ չի կարողանար:
«Կան ձեր մէջ մարդիկ, որ շաղակրատին կ՛ըլլան հետամուտ՝
մինակ մնալու վախէ մը մղուած.
«Զի առանձնութեան լռութիւնն իրենց
աչքին կը պարզէ իրենց անձը մերկ,
որմէ կ՛ուզէին խուսափիլ իրենք:
«Ու կան ուրիշներ, որոնք կը խօսին,
եւ անգիտութեամբ, առանց դիտումի,
կը յայտնեն միտքեր, զորս իրենք անձա՛մբ իսկ չեն հասկնար:
«Կան նաեւ մարդիկ, որ ճշմարտութիւնն ունին իրենց մէջ,
բայց չեն ըսեր զայն իրենք բառերով:
«Այդպիսիներու կուրծքին տակ է որ
արարիչ ոգին կ՛ապրի լռութեան մէջ կշռութաւոր»:
Հրաժեշտ
«Մնացէք բարո՜վ, Օրֆալիզցինե՛ր:
«Հասած է արդէն օրն իր վախճանին:
«Կը փակէ ան իր թերթը մեր վրայ,
ջրշուշանն ինչպէս՝ ի՛ր վաղուան վրայ:
«Պարտինք մենք պահել՝ ինչ որ ցարդ մեզի տրուած է այստեղ:
«Եթէ բաւարար չըլլայ մեզի ան,
յայնժամ մենք նորէն կը համախմբուինք
ու միասնաբար ձեռք կը կարկառենք Պարգեւատուին:
«Մի՛ հանէք միտքէ թէ ես վերստին պիտի գամ ձեզի:
«Պահի՜կ մը միայն... ու կարօտանքս իմ
պիտի կուտակէ փոշի ու փրփուր՝
յօրինելու չափ մարմին մը ուրիշ:
Պահիկ մը միայն, հանգիստի րոպէ՛ մը հովին վրայ,
ու կին մը ուրիշ պիտի վերստին տայ ինծի ծնունդ»:[/COLOR]

Philosopher
06.05.2007, 08:11
Անկեղծորեն չէի սպասում, որ Vardabooyr–ի հերթական թեման նվիրված կլինի Խալիլ Ջեբրանին՝ այս՝ հիրավի վիթախարի մասշաբների մտածողին, միստիկին ու փիլիսոփային։ Մի քանի մտքեր ունի նա, որոնք ինձ խիստ դուր են գալիս՝ իրենց դիպուկությամբ ու փիլիսոփայական խորքով։ Դրանց մասին գուցե մի օր գրեմ և գուցե այլ բաժիններում, այլ կոնտեքստում։ Սակայն որ այս մտածողի գործերի հայտնությունը ակումբում երևույթ է, դա փաստ է։ Հիանալի գործ ես անում Vardabooyr, ողջունում եմ գործդ ու գոյությունդ ընդհանրապես ու ակումբում՝ մասնավորապես։

Լավ ոստիկան
24.09.2008, 16:33
Չգիտեմ ինչու, բայց իմ կարծիքով
այս թեման թարմացնելու ժամանակն է
ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Այն ժամանակ Ալմիտրան ասաց.
_ Սիրո մասին խոսիր մեզ հետ:

Եվ գլուխը բարձրացրեց ու նայեց ժողվրդին, ու հանգստություն տիրեց.
Եվ բարձրաձայն ասաց.
_ Երբ սերը հրավիրի ձեզ, հետևեք,
Թեև նրա ուղիները դժվարին են ու խութապատ.
Եվ երբ նրա թևերը պարուրեն ձեզ, հանձնվեք,
Թեև նրա պետուրների մեջ պահված սուրը կարող է խոցել ձեզ.
Եվ երբ խոսի ձեզ հետ, հավատացեք,
Թեև նրա ձայնը կարող է փշրել ձեր երազները, ինչպես որ հյուսիսային հողմը ավերում է պարտեզը:

Որովհետև, ինչպես որ սերը թագադրում է ձեզ, նույնպես էլ խաչում է, ինչպես որ աճեցնում է ձեզ, նույնպես էլ էտում,
Ինչպես որ ձեր հասակն ի վեր բարձրանում է և արևի տակ սրսփացող ձեր ամենից մատղաշ ճյուղերը շոյում,
Նույնպես և հասնում է ձեր արմատներին ու սարսռում հողի նրանց կառչանքը:

Ցորենի շեղջերի պես ձեզ ամփոփում է իր մեջ, կամնում /կամնել-կալսել/ ձեզ` մերկացնելու համար,
Մաղում է` ազատագրելու համար ձեզ` ձեր կեղևներից,
Աղում է, մինչև որ սպիտակեք,
Շաղում է, մինչև որ փափկեք,
Եվ հետո հանձնում է իր սրբազան կրակին, որպեսզի Աստծո սրբազան խնջույքի սրբազան հացը լինեք:
Սերն այս բոլորն անելու է ձեզ, որպեսզի ձեր սրտերի գաղտնիքներն իմանաք ու այդ իմացությամբ կյանքի սրտի մի մասունքը դառնաք:

Բայց, եթե երկնչելով` միայն սիրո խաղաղությունն ու սիրո հաճույքը փնտրեք,
Ապա նախընտրելի է, որ ձեր մերկությունը ծածկեք և դուրս գաս սիրո կամնոցից,
Դեպի անեղանակ մի աշխարհ, ուր ծիծաղելու եք, բայց ոչ բոլոր ձեր ծիծաղները, լացելու եք, բայց ձեր ոչ բոլոր արցունքները:

Սերը միայն ինքնիրեն է տալիս և միայն ինքնիրենից է վերցնում.
Սերը չի սեփականացնում, ոչ էլ սեփականացվում է,
Որովհետև սերը սիրով ինքնաբավ է:

Երբ սիրում ես, պետք չէ ասես` “Աստված իմ սրտում է”, այլ` ”Ես Աստծո սրտում եմ”:
Եվ մի մտածեք, որ կարող եք սերն ուղղորդել, որովհետև սերը, եթե ձեզ արժանի համարի, ուղղորդում է ձեզ:

Սերը ուրիշ ցանկություն չունի, բացի իր լրումին հասնելուց,
Բայց եթե սիրես և ցանկությունն անհրաժեշտ համարես, սրանք թող լինեն ցանկություններդ.
Հալվել և լինել հոսուն առվակի պես, որ իր մեղեդին է երգում գիշերին,
Գիտակցել ծայրահեղ քնքշության ցավը,
Սիրո սեփական ըմբռնումիցդ վիրավորվել,
Եվ կամովին ու բերկրանքով արյունոտվել,
Ցայգալույսին արթնանալ թև առած սրտով ու շնորհակալություն հայտնել սիրո մի նոր օրվա համար,
Միջորեին հանգչել և խոկալ սիրո հոգեզմայլությունը,
Վերջալույսին տուն վերադառնալ երախտագիտությամբ,
Եվ ապա ննջել` սիրածիդ համար մի աղոթք սրտումդ ու փառաբանանքի մի երգ շուրթերիդ վրա:

Շինարար
16.05.2010, 16:02
«Պոեզիան ուրախության, ցավի, զարմանքի և որոշ քերականական կանոնների խառնուրդ է»:

Ջուբրան Խալիլ Ջուբրան

20-րդ դարի սկզբին է վերաբերում ԱՄՆ-ում բնակվող սիրիացի և լիբանանցի մի խումբ գրողների ստեղծագործական բուռն վերելքը, որոնք հիմնում են նշանավոր «Գրչի ասոցիացիան»: Նրանցից էր ծնունդով լիբանանցի Ջուբրան Խալիլ Ջուբրանը: Ջուբրանը երկլեզու ստեղծագործող էր, նրա ստեղծագործությունները հավասարապես կարող են վերաբերել թե ամերիկյան, թե լիբանանյան գրականությանը: Ջուբրանին նրա ստեղծագործության ուսումնասիրողները համադրել և հակադրել են Բլեյքի, Ուիտմենի, Նիցշեի, Նովալիսի, Ունամունոյի և այլոց հետ: Ջուբրանը նաև տաղանդավոր նկարիչ էր: Համաշխարհային նշանավորություն Ջուբրանին բերել է նրա «Մարգարեն» անգլիալեզու էսսեն, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև արևմտահայերեն: Արևմտահայերեն թարգմանությունը կա թե ազգային գրադարանում, թե ԵՊՀ գրադարանում, եթե ինչ-որ մեկին հետաքրքրի, քարտադարանում փնտրեք Ճըպրան Խալիլ Ճըպրան, քանի որ Ճ տառը արևմտահայերենում արտասանվում է Ջ տառի արևելահայ արտասանության նմանությամբ, ի տարբերություն Ջ տառի, որն արևմտահայերենում արտասանվում է Չ տառի արևելահայ արտասանության նման: Այսինքն հեղինակի անվան թարգմանության մեջ վրիպակ մի փնտրեք, այլ պարզապես վայելեք այն, բոլորիդ խորհուրդ եմ տալիս: Ասեմ, որ անգլերեն բնագիրը և ռուսերեն թարգմանությունը թերևս հնարավոր լինի գտնել նաև ինետում:

Chilly
23.03.2011, 16:46
«Մարգարեն» Էսսե
(հատվածներ)

Այդժամ Ալ–Միտրան խնդրեց.
_ Ասա՛ մեզ Սիրո մասին:
Նա բարձրացրեց գլուխը, նայեց ժողովրդին, և լռություն տիրեց:
Այդ ժամանակ նա բարձր ձայնով ասաց.
_ Եթե սերն է առջնորդում ձեզ, ապա գնացե՛ք նրա հետևից, թեև նրա ճանապարհները դժվարին են և փշոտ:
Եթե նա համակի ձեզ իր թևերով, ապա անսացե՛ք նրան, եթե նույնիսկ ձեզ վիրավորել է նրա փետուրների մեջ թաքնված սուրը:
Եվ եթե սերն է ասում ձեզ, հավատացե՛ք նրան, եթե նույնիսկ նրա ձայնը կործանում է ձեր երազանքները, ինչպես այգին ամայացնող հյուսիսային քամին:
Քանզի սերն է պսակում ձեզ, բայց նա էլ խաչում է ձեզ:
Նա է աճեցնում ձեզ, բայց նա էլ կտրում է:
Նա բարձրանում է դեպի ձեր բարձունքն ու գրկում է արևի տակ դողացող ձեր քնքուշ ճյուղերը: Եվ հենց նա էլ իջնում է մինչև հողի մեջ խրված ձեր արմատներն ու ցնցում է դրանք:
Ցորենի խրձերի պես նա ձեզ իր շուրջն է հավաքում:
Նա կալսում, ծեծում է ձեզ, որպեսզի մերկացնի:
Նա քամուն է տալիս ձեզ, որ առանձնացնի թեփից:
Նա շիկացնում է ձեզ սպիտակելու աստիճան:
Նա տրորում է ձեզ՝ մինչև դուք կփափկեք:
Իսկ հետո նա ձեզ, իր սուրբ կրակին է հանձնում, որպեսզի դուք սրբազան հաց դառնաք Աստծու սուրբ հաղորդության համար:
Սերն այդ ամենն անում է ձեզ հետ, որ դուք ճանաչեք ձեր սրտի գաղտնիքներն ու այդ ըմբռնման միջոցով Կյանքի սրտի մասը դառնաք:
Բայց եթե վախենալով դուք սիրո մեջ միայն հանգստություն ու բերկրանք փնտրեք, ապա ավելի լավ է դուք ծածկեք ձեր մերկությունը և սիրո կալատեղը լքելով՝ գնաք մի աշխարհ, ուր տարվա եղանակներ չկան, որտեղ դուք կծիծաղեք, բայց ոչ ի սրտե, և լաց կլինեք, բայց ոչ կուշտ ու կուռ:
Սերը տալիս է միայն իրեն և վերցնում է միայն իրենից: Սերը ոչնչի չի տիրում և չի ցանկանում, որ որևէ մեկը տիրի իրեն, քանզի սերը բավարարվում է սիրով:
Եթե դու սիրում ես, ապա մի՛ ասա՝ «Աստված իմ սրտում է», ավելի լավ է ասա. «Ես Աստծու սրտում եմ»: Եվ մի՛ մտածիր, որ դու կարող ես տիրապետել սիրո ուղիներին, քանզի եթե սերը քեզ արժանի համարի, ապա կուղղորդի քո ճանապարհը:
Սիրո միակ ցանկությունն ինքն իրեն արտահայտելն է:
Բայց եթե դու սիրում ես և չես կարողանում հրաժարվել ցանկություններից, ապա թող քո ցանկությունները լինեն.
Հալվել ու նմանվել վազող առվակին, որ գիշերին երգում է իր երգը.
Ճանաչել անսահման քնքշանքից ծնվող ցավը.
Վիրավորել իրեն՝ սիրո սեփական ճանաչման միջոցով.
Արնահոսել հաճույքով և ուրախությամբ.
Արշալույսին ելնել թևավորված սրտով ու երախտագիտություն հայտնել սիրո ևս մեկ օրվա համար.
Կեսօրին հանգստություն ձեռք բերել ու սիրային էքստազի մասին մտքերին տրվել.
Երեկոյան երախտագիտությամբ վերադառնալ տուն: Եվ քնել՝ սիրելիի համար աղոթք ունենալով իր սրտում և գովերգ՝ շուրթերին:

E-la Via
26.04.2011, 09:46
ՄԱՐԳԱՐԵՆ
(հատվածնր էսսեից)
Թարգմ.` Հրաչյա Ամիրյան

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եվ խնդրեց հռետորը.
_ Ասա մեզ ազատության մասին:
Եվ նա պատասխանեց.
_ Քաղաքի դարպասների և ձեր օջախների մոտ ես տեսել եմ, թե ինչպես եք դուք ծնրադրում ևխոնարհվում ձեր ազատությանը,
այդպես ստրուկներն են քծնում բռնակալի առջև և փառաբանում են նրան, թեև նա սպանում է նրանց:
Այո, տաճարի պուրակում և ամրոցի ստվերում ես տեսել եմ, թե ձեզանից ամենաազատներն ինչպես են իրենց ազատությունը կրում որպես լուծ և ձեռնաշղթաներ:
Եվ իմ սիրտն արյունում էր, քանզի դուք կարող եք ազատ դառնալ միայն այն ժամանակ,
երբ նույնիսկ ազատություն փնտրելու բուն ցանկությունն իսկ բեռ կդառնա ձեզ համար և դուք կդադարեք ազատության մասին խոսել որպես փնտրվող ու ձեռք բերվող բանի:
Դուք այն ժամանակ չեք դառնա իսկապես ազատ, երբ ձեր օրերն ու ձեր գիշերները ազատ կլինեն կարիքից ու վշտից:
Այլ այն ժամանակ՝ երբ ձեր կյանքը գոտևորված կլինի դրանցով, բայց դուք դրանցից վեր կբարձրանաք մերկացած, առանց շղթաների:
Եվ ինչպե՞ս դուք վեր կբարձրանաք օրերից ու գիշերներից՝ եթե ձեր ըմբռնման արշալույսին չպոկեք այն կապանքները, որոնցով դուք շղթայել եք ձեր միջօրեն:

Հիրավի այն, ինչը դուք ազատություն եք կոչում, ամենաամուրն է այդ շղթաներից, թեև նրա օղակները փայլում են արևի տակ և կուրացնում են ձեր աչքերը:
Եվ ի՞նչը, եթե ոչ ձեր էության մասնիկները, դուք կուզենայիք մի կողմ շպրտել, որպեսզի ազատություն ձեռք բերեիք:
Եթե դա անարդար օրենք է, որը դուք կուզեիք փոխել, ապա այդ օրենքը հենց ձեր ձեռքով է գրվել ձեր ճակատին:
Դուք չեք կարող ջնջել այն, եթե դուք նույնիսկ կրակը նետեք օրենքների գրքերը.
դուք չեք կարող լվանալ այն ձեր դատավորների ճակատներից, եթե նույնիսկ ամբողջ ծովի ջուրը լցնեք դրա վրա:
Իսկ եթե դա բռնակալ է, որին դուք կուզենայիք գահընկեց անել, ապա նախ նայեք՝ քանդվա՞ծ է արդյոք նրա գահը, որ ձեր հոգում է կառուցված:
Քանզի ինչպե՞ս կարող է բռնակալն իշխել ազատներին ու հպարտներին, եթե նրանց ազատության մեջ բռնակալություն չկա և նրանց հպարտության մեջ ամոթը չկա:
Եթե դա հոգս է, որից դուք կուզենայիք ազատվել, ապա այդ հոգսն ավելի շուտ հենց դուք եք ընտրել, քան թե դա պարտադրված է եղել ձեզ:
Եվ եթե դա վախ է, որը դուք կուզեիք ձեզանից վանել, ապա այդ վախի աղբյուրը ձեր սրտում է, այլ ոչ թե վախեցնողի ձեռքում:
Հիրավի, ձեր էության մեջ ամեն բան շարժվում է անփոփոխ կիսագրկման մեջ՝ ցանկալին ու սարսափեցնողը, նողկալին ու նվիրականը, այն, ինչը դուք փնտրում եք, և այն, ինչից դուք կփախչեիք:
Այդ ամենը շարժվում է ձեր մեջ, ինչպես զույգ կազմած լույսն ու ստվերը:
Երբ ստվերը գունատվում ու անհետանում է, մարող լույսը ուրիշ լույսի ստվեր է դառնում:
Այդպես էլ ձեր ազատությունը, որ իր կապանքները կորցնելով՝ ինքն է կապանք դառնում ավելի մեծ ազատության:

E-la Via
15.05.2011, 13:53
Ջեբրան Խալիլ Ջեբրան
Մարգարեն
(հատվածներ էսսեից)
Թարգմ.` Հրաչյա Ամիրյան

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվ կի­նը, որ երե­խա ու­ներ գր­կին, խնդ­րեց.
_ Ասա՛ մեզ երե­խա­նե­րի մա­սին:
Եվ նա ասաց.
_ Ձեր երե­խա­նե­րը ձեզ հա­մար չեն:
Նրանք Կյան­քի՝ ինքն իր նկատ­մամբ կա­րո­տի որ­դի­ներն ու դուստ­րերն են:
Նրանք գա­լիս են ձեր շնոր­հիվ, բայց ոչ ձե­զա­նից:
Ու թեև նրանք ձեզ հետ են, նրանք ձեզ չեն պատ­կա­նում:
Դուք կա­րող եք նրանց տալ ձեր սե­րը, բայց ոչ ձեր մտ­քե­րը: Քան­զի նրանք իրենց մտ­քերն ու­նեն:
Դուք կա­րող եք օթևան տալ նրանց մար­մին­նե­րին, բայց ոչ հո­գի­նե­րին:
Քան­զի նրանց հո­գի­նե­րը վաղ­վա օր­վա տանն են բնակ­վում, որ­տեղ դուք չեք կա­րող լի­նել նույ­նիսկ երա­զում:
Դուք կա­րող եք ձգ­տել նման­վել նրանց, բայց մի՛ ձգ­տեք նրանց ձեզ նման դարձ­նել: Քան­զի կյան­քը հետ չի դառ­նում և կանգ չի առ­նում վաղ­վա օր­վա վրա:
Դուք աղեղ­ներ եք, որոն­ցից ձեր երե­խա­նե­րը, որ­պես կեն­դա­նի նե­տեր, ար­ձակ­ված են առաջ:
Նե­տա­ձի­գը տես­նում է նպա­տա­կը ան­սահ­մա­նու­թյան ու­ղու վրա և ճկում է ձեզ իր ու­ժով, որ­պես­զի նրա նե­տե­րը թռ­չեն արագ և հե­ռու:
Նե­տա­ձի­գի ձեռ­քում ձեր ճկ­վե­լը թող ու­րա­խու­թյուն կրի իր մեջ:
Քան­զի նե­տա­ձիգն ինչ­պես որ սի­րում է թռ­չող նե­տը, այն­պես էլ սի­րում է և աղե­ղը, որն ան­շարժ է:

E-la Via
15.05.2011, 14:03
Ջեբրան Խալիլ Ջեբրան
Մարգարեն
(հատվածներ էսսեից)
Թարգմ.` Հրաչյա Ամիրյան

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այնու­հետև նո­րից խոսեց ալ–­Միտ­րան.
_ Ի՞նչ կա­սես դու Ամուս­նու­թյան մա­սին, Ու­սու­ցի՛չ:
Եվ նա պա­տաս­խա­նեց.
_ Դուք մի­ա­սին եք ծն­վել և մի­ա­սին կլի­նեք հա­վերժ:
Դուք մի­ա­սին կլի­նեք, երբ մահ­վան սպի­տակ թևերը կց­րեն ձեր օրե­րը:
Դուք մի­ա­սին կլի­նեք նույ­նիսկ Աստ­ծո լուռ հիշ­ո­ղու­թյան մեջ:
Բայց ձեր մո­տի­կու­թյու­նը թող չա­փից ավե­լի չլի­նի:
Սի­րեք միմ­յանց, բայց սե­րը շղ­թա­նե­րի մի՛ վե­րա­ծեք:
Ավե­լի լավ է թող այն ան­հան­գիստ ծով լի­նի ձեր հո­գի­նե­րի ափե­րի միջև:
Լց­րե՛ք միմ­յանց բա­ժակ­նե­րը, բայց մի՛ խմեք մի բա­ժա­կից:
Միմ­յա՛նց տվեք ու­տե­լու ձեր հա­ցը, բայց մի՛ կե­րեք մի կտո­րից:
Եր­գե՛ք, պա­րե՛ք մի­ա­սին և հա­ճո՛ւյք ստա­ցեք, բայց թող ձե­զա­նից ամեն մե­կը մի­այ­նակ լի­նի, ինչ­պես որ մի­այ­նակ են վի­նի լա­րե­րը, թեև նրան­ցից մեկ երաժշ­տու­թյուն է ել­նում:
Տվե՛ք միմ­յանց ձեր սր­տե­րը, բայց ոչ տի­րե­լու հա­մար:
Քան­զի մի­այն Կյան­քի ձեռ­քը կա­րող է ըն­դու­նել ձեր սր­տե­րը:
Կանգ­նե՛ք մի­ա­սին, բայց ոչ իրար շատ մո­տիկ:
Քան­զի տա­ճա­րի սյու­ներն առան­ձին են կանգ­նած, և կաղ­նին ու նո­ճին կողք կող­քի չեն աճում:

E-la Via
15.05.2011, 14:14
ՋԵԲՐԱՆ ԽԱԼԻԼ ՋԵԲՐԱՆ
հատված "Մարգարեն" էսսեից
թարգմ.` Հ.Ա.


ՑԱՎԻ ՄԱՍԻՆ

Հետո հարցրեց մի կին.
_ Ասա մեզ Ցավի մասին:
Եվ նա ասաց.
_ Ձեր ցավը երկփեղկումն է խեցու, որում ամփոփված է
ըմբռնելու ձեր շնորհը:
Ինչպես պտղի կորիզն է հարկավոր ջարդել, որ նրա միջուկը արև տեսնի,
այնպես էլ դուք պետք է ճանաչեք ցավը:
Եթե ձեր սիրտը չդադարեր ապշել կյանքի ամենօրյա հրաշքներից,
ապա ձեր ցավը ոչ պակաս ապշեցուցիչ կթվար ձեզ, որքան ուրախությունը:
Եվ դուք ձեր սրտի տարվա եղանակները կընկալեիք այնպես, ինչպես
միշտ ընկալել եք ձեր դաշտերի վրայով անցնող տարվա եղանակները:
Եվ դուք անխռով կնայեիք ձեր տխրության ձմեռների միջով:
Ձեր ցավի մեջ շատ բան դուք ինքներդ եք ընտրել:
Դա դառը դեղ է, որով ձեր ներսի բուժակը դարմանում է ձեր հիվանդ էությունը:
Դրա համար էլ վստահեք բուժակին և լռությամբ ու հանգստությամբ խմեք նրա դեղերը. քանզի նրա ձեռքը՝ ծանր և ամուր, Անտեսանելու հոգատար ձեռքով է ուղղորդվում,
Ու թեև ձեր շուրթերն այրում է նրա մոտեցրած թասը, դա այն կավից է պատրաստված, որը բրուտը թրջել է իր սրբազան արցունքներով:

Շինարար
15.05.2011, 22:31
Way ջան, էս Ջբրանի արևելահայերեն թարգամոնթւոյւնը նորույթու՞ն ա, որտե՞ղ կարող ենք գտնել ամբողջական: Որովհետև ես ծանոթ եմ արմտահայերեն թարգմանությանը, բայց արևելահայերենին նոր եմ հանդիպում:

E-la Via
15.05.2011, 22:42
Way ջան, էս Ջբրանի արևելահայերեն թարգամոնթւոյւնը նորույթու՞ն ա, որտե՞ղ կարող ենք գտնել ամբողջական: Որովհետև ես ծանոթ եմ արմտահայերեն թարգմանությանը, բայց արևելահայերենին նոր եմ հանդիպում:

Շինարար ջան, արևելահայերենով ամբողջական թարգմանություն որքան որ ես գիտեմ, չկա, իսկ սրաքն վերցրել եմ Հրաչյա Ամիրյանի առակների գրքերից: Բայց որքան կցնականայի "Մարգարեն" արևելահայերենով լավ թարգմանված տեսնել :):

Շինարար
15.05.2011, 22:43
Շինարար ջան, արևելահայերենով ամբողջական թարգմանություն որքան որ ես գիտեմ, չկա, իսկ սրաքն վերցրել եմ Հրաչյա Ամիրյանի առակների գրքերից: Բայց որքան կցնականայի "Մարգարեն" արևելահայերենով լավ թարգմանված տեսնել :):

Դե կարելի է ակումբի անգլիագետներին առաջարկել, մեծ գործ արած կլինեն:)

E-la Via
20.11.2011, 17:07
ՋԵԲՐԱՆ ԽԱԼԻԼ ՋԵԲՐԱՆ
հատված "Մարգարեն" էսսեից
թարգմ.` Հ.Ա


ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՔԻ ՄԱՍԻՆ

Նորից խոսեց քրմուհին և խնդրեց.
_ Ասա’ մեզ Բանականության և Կրքի մասին:
Եվ ասաց նա ի պատասխան.
_ Հաճախ ձեր հոգին մարտադաշտ է, որում բանականությունը և կամքը
պատերազմում են կրքերի և մղումների դեմ:
Օ, եթե ես կարողանայի խաղաղարար դառնալ ձեր հոգում,
եթե ինձ հաջողվեր ձեր մասնիկների տարաձայնությունն ու
հակառակորդությունը դարձնել մեղեդի և միասնություն:
Բայց ես ինչպե՞ս հասնեմ դրան, եթե հենց դուք ինքներդ
ձեր բոլոր մասնիկները սիրող խաղարար չդառնաք:
Ձեր բանականությունն ու կիրքը ծովում լողացող
ձեր հոգու ղեկն ու առագաստն են:
Եթե ձեր առագաստներն ու ղեկը կոտրված են, դուք կարող եք
քշվել ալիքներից ու լողալ հոսանքով կամ անշարժ կանգնել բաց ծովում:
Քանզի բանականությունը, երբ այն միայնակ է իշխում, սահմանափակող ուժ է.
իսկ միայն կիրքը բոց է, որն այրում է ինքն իրեն:
Դրա համար էլ թող ձեր հոգին բանականությանը բարձրացնի կրքի գագաթին,
որ նա կարողանա երգել. եվ թող նա կրքին ուղղորդի բանականությամբ,
որպեսզի ձեր կրրքը ապրի՝ ամեն օր վերածնվելով, և Փյունիկի պես մոխիրներից հառնելով:
Ես կուզենայի, որ դուք ձեր կամքն ու ձեր մղումները
համարեիք երկու թանկագին հյուր ձեր տանը:
Չէ՞ որ դուք հյուրերից մեկին ավելի շատ պատիվներ չեք տա մյուսի համեմատ. քանզի նա, ով ավելի ուշադիր է մեկ հյուրի հանդեպ, երկուսի սերն ու վստահությունն էլ կորցնում է:
Երբ դուք նստում եք բլուրների միջև, արծաթափայլ բարդիների զով ստվերում՝
հեռավոր դաշտերի ու մարգագետինների հետ կիսելով խաղաղությունն ու անդորրը, այդժամ թող ձեր սիրտը լռության մեջ շշնջա. «Աստված հանգստանում է բանականության մեջ»:
Երբ փոթորիկը պայթի և հզոր քամին սկսի ճոճել անատառի ծառերը, իսկ որոտն ու կայծակը ազդարարեն երկնքի վեհությունը, այդժամ թող ձեր սիրտը երկյուղած բացականչի. «Աստված շարժվում է կրքի մեջ»:
Եվ քանի որ դուք շնչառություն եք Աստծո աշխարհում
եվ տերև եք Աստծո անտառում, դուք ևս հանգստացեք բանականության մեջ
եվ շարժվեք կրքի մեջ:

E-la Via
03.01.2013, 15:41
Ջեբրան Խալիլ Ջեբրանի ասույթներից

Յոթ անգամ ես գարշեցի իմ հոգուց.
Առաջին անգամ, երբ տեսա, որ նա նվաստացավ՝ բարձունքների հասնելու համար։
Երկրորդ անգամ, երբ նկատեցի, որ նա կաղում է հաշմվածների ներկայությամբ։
Երրորդ անգամ, երբ նրան դժվարի ու հեշտի միջև ընտրության հնարավորություն տրվեց և նա ընտրեց հեշտը։
Չորրորդ անգամ՝ երբ նա չարիք գործեց և ի արդարացումն իրեն ասաց, որ ուրիշներն էլ են այդպես վարվում։
Հինգերորդ անգամ՝ երբ նա իր թուլության պատճառով համբերելով՝ համբերությունը որպես ուժ ներկայացրեց։
Վեցերորդ անգամ՝ երբ նա քամահարանքով շրջվեց այլանդակ դեմքից՝ չհասկանալով, որ դա իր դեմքերց մեկն է։
Եվ յոթերորդ անգամ՝ երբ նա գովերգ էր երգում և կարծում էր, թե դա արժանիք է։