PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուշացած նամակ



Մանոն
03.05.2007, 14:32
ՈՒշացած նամակ
Անահիտն աչքերը բացեց սրտի արագ զարկերից: Զանգը խփեցի՞ն, թե՞ իրեն թվաց: Լռություն…Երևի երազում էր լսել:
Մտքերը հավաքեց. հա՝ երեխաներին դպրոց էր ճանապարհել, ամուսնուն՝ աշխատանքի ու ա՜յ քեզ բան, ննջել էր բազմոցին: Նորից հիշեց երեկոյան անախորժ դեպքերը, ամուսնու սովորական դարձած ուշ վերադառնալը: Արդեն հոգնել էր անարդյունք վիճաբանություններից: Էլ ուժ չուներ հանդուրժելու ամուսնու կենսաձև դարձած հարբեցողությունն ու ընտանիքի հանդեպ անտարբերությունը: Հոգնել էր բոլոր հոգսերը մենակ կրելուց…
Նորից զանգ…Հա էլի, դռան զանգն էր:
Ուղղելով ցավից նվացող մեջքը՝ ելավ տեղից, փաթաթվեց բրդյա շալի մեջ ու ակնածանքով մոտեցավ դռանը. «Տեսնես ո՞վ է այս վաղ ժամին»:
Փոստատարն էր: Թերթերի հետ մի նամակ էլ կար: Փակելով դուռը՝ Անահիտը մի պահ քարացավ. նամակն ասես այրեց ձեռքերը, շնչառությունը կանգ առավ: Մի քանի րոպե շուռումուռ տվեց նամակը դողացող ձեռքերում: Չէր համարձակվում բացել չսպասված նամակը: Հետո շունչը տեղը բերեց ու զգուշորեն, որ հանկարծ չվնասի ծրարի մեջ ամփոփված այնքա՜ն թանկարժեք թղթի կտորը, բացեց այն: Հուզմունքից սկզբում չկարողացավ կարդալ, տառերն ասես լողում էին: Արցունքակալած աչքերը մի կերպ սկսեցին կարդալ.
«Բարև սիրելի Անահիտ…
Տարօրինակ է, որ այս նամակը, որը սկիզբ է առել մեր բաժանման օրից ու շարունակվել է մտքումս իմ ողջ կյանքում, հիմա դժվարանում եմ գրի առնել: Չգիտեմ ինչպե՞ս սկսել, ո՞ր պահից պատմել: Թերևս հենց բաժանման պահից, որից հետո էլ երբեք չհանդիպեցի քեզ: Հիշու՞մ ես գարնանային տաքուկ այն օրը, երբ միասին պուրակում նստել ու չէինք կշտանում իրար նայելուց: Մեզ թվում էր, թե մեր նման դեռ ոչ ոք չի սիրել: Թևածում էր պերճախոս լռությունը, որը վերջապես խղվեց իմ հուզված ձայնով. «Այսօր երեկոյան մորս հետ կգանք ձեր տուն»:
…Ես այնպես կաշկանդված էի ինձ զգում ձեր միջանցքում սպասելիս: Նայում էի ճոխ պատերին կախված թանկարժեք նկարներին ու լսում, թե ինչպես է մայրդ կողքի սենյակում հորդորում հորդ, որ ներս հրավիրի ու լսի մեզ: «Հա լա՜վ…շուտով կավարտվի ֆուտբոլը, 10 րոպե չե՞ն կարող սպասել: Համ էլ ես այդ սոված որբին աղջիկ տվողը չեմ: Դու հասկանու՞մ ես, որ մենք այս մինուճարն ունենք…», –ասում էր նա:
Այդ պահին, Անահի՛տ, ես սկսեցի ատել ֆուտբոլը, 10 րոպեն ասես 10 տարվա վերածվեց: Ու ընդունելությունն ավարտվեց հայրիկիդ մերժմամբ, որը սակայն այսպես հիմնավորվեց. «Մեր աղջիկը դեռ փոքր է ամուսնանալու համար»: Ես ապշած նայում էի քեզ, որ աչքերդ հատակին հառած՝ այդպես էլ ոչինչ չասացիր: Վճիռը կայացած էր: Այդ օրն իմ աշխարհն ասես շրջվեց: Եվ ե՛ս էլ կայացրի իմ վճիռը:
Մի քանի ամիս ճգնավորի պես օր ու գիշեր պարապում էի, ասես դրանով փորձելով ետ մղել կարոտն ու սերը: Անասելի դժվարություններ հաղթահարեցի, որոնք միայն ինձ են հայտնի: Իմ ունեցածը միայն ինձ համար մոմի պես վառվող մայրս էր, վիրավորված ինքնասիրությունս, ու համառությունս: Ես չունեի ո՛չ փող, ո՛չ հարուստ հարազատներ: Ինչևէ…Ընդունվեցի բժշկական ինստիտուտ: Քո մասին չէի ուզում լսել ոչինչ: Սաստում էի ընկերներիս, երբ փորձում էին զրույց բացել մեր հարաբերությունների մասին: Անգամ եղավ ժամանակ, երբ ինձ թվաց, թե մոռանում եմ քեզ: Բայց ամեն անգամ որև դժվարության հանդիպելիս, կրկին աչքիս առաջ հառնում էին ձեր միջանցքի պատերը, մորս խղճահար դեմքն ու քո անլուր հայացքը: Ու բորբոքվում էր խորտակված սերս՝ ուժ տալով ու առաջնորդելով ինձ…
Հիմա ես ապրում եմ Երևանում, ունեմ իմ կլինիկան: Ամուսանացած եմ հրաշալի մի կնոջ հետ, որին պատմել եմ մեր անկատար սիրո մասին: Սիրտս թեթևացավ, երբ նա ասաց. «Կյանքում ոչինչ զուր չի լինում: Գուցե դու պիտի անցնեիր այդ ամենի միջով, որպեսզի կայանայիր ու գտնեիր քո տեղն այս կյանքում»: Ու ես նրան ավելի հարգեցի, երբ առաջարկեց մեր աղջնակի անունը դնել քո անունը…
Փոքրիկ Անահիտն արդեն 4 տարեկան է: Ու գիտես…Միշտ հարց եմ տալիս ինքս ինձ. ինչպե՞ս կվարվեմ ես տարիներ անց, եթե նրա ձեռքը խնդրելու գա ինձ նման աղքատ մի տղա: Ո՞րն էր, ասա՛…ո՞ր ուղին էր ճիշտը…»:
Արցունքներից ամբողջապես թրջված նամակն Անահիտի թուլացած ձեռքերից սահեց ցած: Հիմա նա գիտեր Տիգրանի հարցի պատասխանը…

Cassiopeia
03.05.2007, 14:41
:( Ինչքան տխուր ու ինչքան սիրուն պատմվածք էր…

Root
03.05.2007, 15:03
Ես ժամանակ ես էլ էի գիտեք սենտիմենտալ ...օօ հայրիկը մերժեց օօօ մայրիկը մի քաղցր խոսք անգամ չասաց ...

Տղայի տեղ ես աղջկան կտանեի ... հենց կվերցնեի ու կտանեի .. եթե ես զգայի որ իրոք կարող եմ երջանկացնել ու երջանիկ լինել այդ աղջկա տեղ ... ինձ չեր կանգնեցնի ոչ հայր ոչ մայր .. հավատացեք հանուն երջանիկ ապրելու համար արժե դուրս գալ ի հեճուկս բոլոր մահերի ...
ի վերջո աստված դրա համար է Ձեզ կյանք տվել .. պայքարելու հանուն Ձեր սեփական երջանկության

Arsen Babayan
03.05.2007, 17:24
Manon ապրես

Firegirl777
03.05.2007, 19:26
Իրոք լավն էր, փոքրիկ կոկիկ, սովորական և ոչ սովորական, մի խոսքով այն ինչ եղել է կա ու կլինի

ihusik
03.05.2007, 19:38
Շնորհակալ եմ Manon ջան;)
Գիտես, բազում երգի ու բանաստեղծության տողեր են մտքովս գալիս ու անցնում այս գրածիդ հետ կապված, բայց...:) բայց չեմ գրի:P :oy Կգրեմ իմ մի միտքն, որ գրի եմ առել այսօր ու լրիվ պատահականորեն (քանզի գրի էի առել մինչ գրածդ կարդալը) ասես ինչ որ տեղ կապ ունի գրածիդ հետ.

<<Իրական կյանքն այլ է, երազանքով ապրելն՝ այլ. եթե ապրես երազանքով՝ իրական կյանքը կպատժի քեզ խիստ ու կտանջի, իսկ եթե ապրես իրական կյանքով ու առանց երազանք՝ կլինես հաջողակ կյանքում, բայց երազանքիդ հետ մեկ տեղ կհեռանա կյանքիցդ գեղեցկությունը>>: 03.05.07. 11:19 :8

ihusik
04.05.2007, 10:44
Manon ջան մի քանի տող էլ կցեմ գրածիդ, եթե դեմ չես.;)

Ամեն ինչ անցողիկ է.
Եվ այն սերը, որ դու ունես
Ու կարծում ես թե հավերժ է՝
Միևնույն է՝ անցողիկ է:

Չկա հավերժ և ոչ մի բան
Փուչ ու դատարկ այս աշխարհում:

Մենք կարծում ենք, թե աշխարհը
Գանձեր ունի մեզ իսկ տալու,
Մինչդեռ թաքուն ու աննկատ
Նա է խլում մեզնից գանձեր:
04.05.07. 08:28

Srtik
04.05.2007, 11:14
Շատ լավն էր...:love

aniko
04.05.2007, 15:36
Manon ջան մի քանի տող էլ կցեմ գրածիդ, եթե դեմ չես.;)

Ամեն ինչ անցողիկ է.
Եվ այն սերը, որ դու ունես
Ու կարծում ես թե հավերժ է՝
Միևնույն է՝ անցողիկ է:

Չկա հավերժ և ոչ մի բան
Փուչ ու դատարկ այս աշխարհում:

Մենք կարծում ենք, թե աշխարհը
Գանձեր ունի մեզ իսկ տալու,
Մինչդեռ թաքուն ու աննկատ
Նա է խլում մեզնից գանձեր:
04.05.07. 08:28

լավն էր :)

Ուլուանա
04.05.2007, 16:16
Լավն էր։ Հաճախ հանդիպող պատմություն՝ գեղեցիկ ներկայացված։ :)
Չգիտես ինչու, շարունակության էի սպասում... :oy


Ես ժամանակ ես էլ էի գիտեք սենտիմենտալ ...օօ հայրիկը մերժեց օօօ մայրիկը մի քաղցր խոսք անգամ չասաց ...

Տղայի տեղ ես աղջկան կտանեի ... հենց կվերցնեի ու կտանեի .. եթե ես զգայի որ իրոք կարող եմ երջանկացնել ու երջանիկ լինել այդ աղջկա տեղ ... ինձ չեր կանգնեցնի ոչ հայր ոչ մայր ..
Քեզ չէր կանգնեցնի, մնում է, որ աղջկան էլ չկանգնեցներ։ ;) Բայց եկեք չմոռանանք, որ տվյալ դեպքում աղջիկն էլ մեղքի ի՛ր բաժինն ուներ՝ արտահայտված կատարյալ հնազանդությամբ ու պասսիվությամբ... «Ես ապշած նայում էի քեզ, որ աչքերդ հատակին հառած՝ այդպես էլ ոչինչ չասացիր:» Այսինքն՝ աղջիկը նույնիսկ չփորձեց առարկել, այնպես որ տղային դժվար թե հաջողվեր նրա ձեռքից բռնել ու տանել։ Աղջիկը, համենայնդեպս, այդ պահին պատրաստ չէր պայքարելու իր սիրո համար... :(

Մանոն
04.05.2007, 16:55
Լավն էր։ Հաճախ հանդիպող պատմություն՝ գեղեցիկ ներկայացված։ :)
Չգիտես ինչու, շարունակության էի սպասում... :oy
..տվյալ դեպքում աղջիկն էլ մեղքի ի՛ր բաժինն ուներ՝ արտահայտված կատարյալ հնազանդությամբ ու պասսիվությամբ... «Ես ապշած նայում էի քեզ, որ աչքերդ հատակին հառած՝ այդպես էլ ոչինչ չասացիր:» Այսինքն՝ աղջիկը նույնիսկ չփորձեց առարկել, այնպես որ տղային դժվար թե հաջողվեր նրա ձեռքից բռնել ու տանել։ Աղջիկը, համենայնդեպս, այդ պահին պատրաստ չէր պայքարելու իր սիրո համար... :(
Նախ՝ բոլորիցդ շնորհակալ եմ գովեստի խոսքերի համար: :oy
Ուլուանա ջան, շատ ճիշտ ես նկատել: Ես սա հիմնականում գրել եմ ընդգծելու այն աղջկների պահվածքը, որոնք թուլակամ ու անտեսակետ են; Գրվածքը իսկապես գեղարվեստորեն ներկայացված հարց է, որը մեկ ուզում էի բացել «Հոգեբանություն և փիլիսոփայություն» բաժնում: Ես կուզենայի լսել ձեր տեսակետներն այն մասին, թե մի՞շտ է արդյոք տեղին ծնողների միջամտությունը երեխաների ընտրության հարցում:
ՈՒ մեկ էլ կուզենայի ասեիք, ձեր կարծիքով նամակի հեղինակը՝ Տիգրանը, տվյալ պարագայում իսկապես կարո՞ղ էր երջանիկ լինել:

ihusik
04.05.2007, 18:57
...նամակի հեղինակը՝ Տիգրանը, տվյալ պարագայում իսկապես կարո՞ղ էր երջանիկ լինել: Ի՞նչ նկատի ունես Manon. նկատի ունես այն աղջկա՞ հետ երջանիկ կլիներ, եթե այդպես չդասավորվեր ամեն բան ու նրանք ամուսնանաին, թե՞ նկատի ունես իր այս ներկայիս կնոջ հետ երջանիկ կարո՞ղ է լինել...

Ես կարծում եմ ամեն բան էլ հնարավոր է...

StrangeLittleGirl
04.05.2007, 21:04
ՈՒ մեկ էլ կուզենայի ասեիք, ձեր կարծիքով նամակի հեղինակը՝ Տիգրանը, տվյալ պարագայում իսկապես կարո՞ղ էր երջանիկ լինել:
Միանշանակ կարող էր… դա նրա ընտրությունն էր:

Lethal Sweetness
05.05.2007, 13:04
Հիանալի է: Ապրես!!!! Շատ հուզիչ պատմվածք է: Վերջը շատ դուրս եկավ...

Root
05.05.2007, 13:37
Լավն էր։ Հաճախ հանդիպող պատմություն՝ գեղեցիկ ներկայացված։ :)
Չգիտես ինչու, շարունակության էի սպասում... :oy


Քեզ չէր կանգնեցնի, մնում է, որ աղջկան էլ չկանգնեցներ։ ;) Բայց եկեք չմոռանանք, որ տվյալ դեպքում աղջիկն էլ մեղքի ի՛ր բաժինն ուներ՝ արտահայտված կատարյալ հնազանդությամբ ու պասսիվությամբ... «Ես ապշած նայում էի քեզ, որ աչքերդ հատակին հառած՝ այդպես էլ ոչինչ չասացիր:» Այսինքն՝ աղջիկը նույնիսկ չփորձեց առարկել, այնպես որ տղային դժվար թե հաջողվեր նրա ձեռքից բռնել ու տանել։ Աղջիկը, համենայնդեպս, այդ պահին պատրաստ չէր պայքարելու իր սիրո համար... :(

Երբեմն, երբ աղջիկը գիտի, որ ծնողին դեմ գնալով, կարող է աղետալի հետևանքների հասցնի .... զոհում է իր երջանկությունը , ապագան ամեն ինչ ... դա բնական վարմունք է աղջկա կողմից ... պատմությունում աղջիկը շատ համեստ կերպար էր, որ չհամարձակվեց նույնիսկ խոսել ... իրական կյանում էլ հնարավոր է այդպիսի դեպք ... սակայն դա չպետք է խոչընդոտի կամ հուսահատեցնի տղային ... եթե տղան գիտե թե ինչ է ուզում ... ինքնավստահ է ... հակառակ դեպքում հանարավոր է տղան կորցնի հետաքրքրությունը կամ հուսահատվի ինչպես եղավ պատմությունում ...
Անձամբ ես գտնում եմ որ տղային հարիր չէ հուսահատվածի կերպարը քանի, որ նա ապագա ընտանիքի սյունն է .. հուսահատությունը բերում է անվստահություն ...
Անկախ նրանից աղջիկը պատրաստ է թե պատրաստ չէ պայքարելու տղան իրավունք չունի հանձնվելու .... ապա թե ոչ .... չկա իսկական սեր, աղջիկը կարող է զոհել իր սերը ամբողջ կյանքում փայփայելով մտքում այդ երջանկությունը ուրիշի գրկում ... բայց տղան իրավունք չունի ... երջանկությունը հենց կամքի ուժի տոկունության ու համբերության միջոցով կարելի է վաստակել .. քանի որ երջանկությունը իրոք որ վաստակվում է այլ ոչ ձեռք բերվում ..

Cassiopeia
05.05.2007, 13:40
Պատմվածքը նմանեցնում եմ Նար-Դոսի "Ես և Նա"-ին: Պարզապես այս դեպքում ծնողն է ասում " Ես վերևն եմ, դու՝ ներքևը…"

lili-4
05.05.2007, 14:27
Ապրես: Ցավալի է, բայց իրական, անխուսփելի, մեր ազգային դաստիարակության մեջ մտած երևույթ:Ավելին չեմ ուզում գրել, կարծում եմ բավականին ասված է:

Գոռ Ջան - Հայ
05.05.2007, 17:30
Պատմությունը հուզական ու պատկերավոր էր: Ակամայից ջղայնանում ես սկսելուց, բայց «մոմի պես այրվող մայրս» տողերից ամեն ինչ փոխվումա, ոնց որ էդ տողով մեջբերվի մի ուրիշ պատմություն, հզորա ստացվել:
Ռեալիստական սյուժե ունի, բավական արդիական:
Ինչ վերաբերվումա քեզ հետաքրքրող հարցերին. իմ խորին համոզմունքնա, որ ցանկացած հարցում արժե հաշվի նստել ծնողի կարծիքի հետ, իսկ կոնկրետ այս դեպքում, եթե ամեն ինչում վստահ ես, եթե քայլերդ հասել են ամուսնությանը, եթե համոզված ես քո հնարավորությունների վրա, ու գիտես որ կերջանկացնես քո սիրեցյալին, չարժե կանգնել ոչնչի առաջ: Ծնողի կարծիքը մեծությունա, բայց եթե հասուն մարդ ես ու գիտակցում ես որ ոչ մի հիմնավորում չունի, արժե դիմել կտրուկ քայլերի, վաղ թե ուշ ծնողը կհասկանա:
Տիգրանի երջանիկ լինելու հետ կապված բան չեմ ասի, որովհետև ոչ մեկն էլ հաստատ չի կարող ասեի, ինչ կզգա, կկարողանա երջանիկ լինել նման դեպքից հետո թե ոչ, մինչև չանցնի նման բանի միջով: Բայց չեմ կարծում ,որ նման երևույթը երբևե կմոռացվի, հակառակը, երևի ամբողջ կյանքում կհիշվի ու անընդհատ կկրծի հոգիտ:

Ապրես Մանոն ջան::ok

ihusik
05.05.2007, 19:14
Հիանալի է: Ապրես!!!! Շատ հուզիչ պատմվածք է: Վերջը շատ դուրս եկավ... Չե՞ս ասի հատկապես ի՞նչը...


Երբեմն, երբ աղջիկը գիտի, որ ծնողին դեմ գնալով, կարող է աղետալի հետևանքների հասցնի .... զոհում է իր երջանկությունը , ապագան ամեն ինչ ... դա բնական վարմունք է աղջկա կողմից ... պատմությունում աղջիկը շատ համեստ կերպար էր, որ չհամարձակվեց նույնիսկ խոսել ... իրական կյանում էլ հնարավոր է այդպիսի դեպք ... սակայն դա չպետք է խոչընդոտի կամ հուսահատեցնի տղային ... եթե տղան գիտե թե ինչ է ուզում ... ինքնավստահ է ... հակառակ դեպքում հանարավոր է տղան կորցնի հետաքրքրությունը կամ հուսահատվի ինչպես եղավ պատմությունում ...
Անձամբ ես գտնում եմ որ տղային հարիր չէ հուսահատվածի կերպարը քանի, որ նա ապագա ընտանիքի սյունն է .. հուսահատությունը բերում է անվստահություն ...
Անկախ նրանից աղջիկը պատրաստ է թե պատրաստ չէ պայքարելու տղան իրավունք չունի հանձնվելու .... ապա թե ոչ .... չկա իսկական սեր, աղջիկը կարող է զոհել իր սերը ամբողջ կյանքում փայփայելով մտքում այդ երջանկությունը ուրիշի գրկում ... բայց տղան իրավունք չունի ... երջանկությունը հենց կամքի ուժի տոկունության ու համբերության միջոցով կարելի է վաստակել .. քանի որ երջանկությունը իրոք որ վաստակվում է այլ ոչ ձեռք բերվում .. Գիտես, այսպես հայավարի ասած, եթե աղջիկը կես բերան ասեր, որ ինքը ուզում է այդ տղային տղան էլ բոլորովին այլ կերպ կվարվեր ու այլ կլիներ նրանց իսկ ընտրած ճակատագիրը, բայց քանի որ աղջիկը ոչինչ չասեց հետևաբար տղան էլ տեղ չունեցավ բան ասելու և գումարած այդ ամենին փոքրհոգի աղջկա ծնողների վերաբերմունքը թե փողն է վորոշում ամեն բան ու տղայի ընկճված վիճակն այս ամենից...

Եվ հետո, աղջիկները, կանայք ներքին մեծ ուժ ունեն ու հաճախ նրանք կարող են շատ բան փոխել, քան դա կարող են անել ֆիզիկապես ուժեղ տղամարդիկ: Բացի դա, երբ խոսքը գնում է զույգերի հավասարության մասին կանայք հիշում են իրենց իրավունքների մասին ու ցանկանում պաշտպանել դրանք, բայց երբ խոսք է գնում որոշում կայացնելու կամ գործելու մասին, որը տալիս է նրանց ցանկացած հավասարությունը՝ չգիտես ինչի կանայք ու աղջիկները չեն կիրառում դա ու մտածում են, որ միայն տղամարդը պետք է պայքարի ու կերտի իր ու նրանց երջանկությունը... ես այդպես չեմ կարծում. ես ուզում եմ, որ կինը՝ տղամարդու հավատարիմ ու սիրելի ընկերը, նրա հետ կիսի ամեն բան ու նրա հետ միասին հասնի իրենց իսկ համատեղ ջանքերով կերտած ու վաստակած երջանկությանը...

Չէ՞ որ կամուրջը երկու ափ ունի
Ու մեկ ափով կամուրջ չի՜ լինի...

Մանոն
06.05.2007, 12:35
Manon ջան մի քանի տող էլ կցեմ գրածիդ, եթե դեմ չես.;)

Ամեն ինչ անցողիկ է.
Եվ այն սերը, որ դու ունես
Ու կարծում ես թե հավերժ է՝
Միևնույն է՝ անցողիկ է:

Չկա հավերժ և ոչ մի բան
Փուչ ու դատարկ այս աշխարհում:

Մենք կարծում ենք, թե աշխարհը
Գանձեր ունի մեզ իսկ տալու,
Մինչդեռ թաքուն ու աննկատ
Նա է խլում մեզնից գանձեր:
04.05.07. 08:28
Իհարկե դեմ չեմ ihusik ջան, հլա մի քանիսն էլ ես կավելացնեմ, ինձ շատ դուր եկան ու հարիր են թեմային.

Առաջվա պես ջերմ ու ուժգին
Էլ չեմ սիրում ես քեզ` տես,
Բայց մի ցավ կա, որ տանջում է
ՈՒ չի տալիս ինձ հանգիստ:

Ոչ, դա անցած հուշը չէ մեր,
Որ վարդերով լի եղավ,
Այլ հուշ դարձած մեր ապագան
Փուշ ու տատասկ իմ ճամփան:

ihusik
06.05.2007, 19:58
Ապրես Manon ջան, լավն էին տողերը:) ;)

Lethal Sweetness
08.05.2007, 10:32
Չե՞ս ասի հատկապես ի՞նչը...

Վերջում տղայի տված հարցերը... շատ խելացի էին:

Մանոն
08.05.2007, 15:51
Վերջում տղայի տված հարցերը... շատ խելացի էին:
Ես հենց այդ հարցի պատսխանն էի ակնկալում լսել:

Պանդուխտ
17.09.2007, 16:27
Ihusik

Իրական կյանքն այլ է, երազանքով ապրելն՝ այլ. եթե ապրես երազանքով՝ իրական կյանքը կպատժի քեզ խիստ ու կտանջի, իսկ եթե ապրես իրական կյանքով ու առանց երազանք՝ կլինես հաջողակ կյանքում, բայց երազանքիդ հետ մեկ տեղ կհեռանա կյանքիցդ գեղեցկությունը
Ճիշտ էք: Երանի այն մարդուն, որ առօրեայ երազելու առիթ է ունենում: Այդ մարդու դժբախտութիւնը բարեբախտութեան կը վերածուի, երբ կարողանայ մի կերպ հաշտցնել երազանքը իրական կեանքին: Մանկուց երազել եմ լաւ բաներ: Հայերէնը այս իմաստը տալու համար ունի այս բառը՝ վերանալ: Լաւ երաժշտութիւնը վերացնում է ինձ, ինքնս ինձնից եւ առօրեայ ճղճիմ խնդիրներից: Ապրում եմ երաժշտութեամբ եւ անքա՜ն վերանում: Այլք փորձում են վերանալ ռազմական պարով: Չինացիք ամէն երեկոյ պարում են (Tai Chi), ջիղերնին հագչեցնելով վերանում են: Վերանալու այս պահերը երկար պէտք չէ տեւեն, այլապէս տուեալ անձը իսկապէս կը կորի, իրական կեանքից կը բացակայի: Այդպիսիներին տալիս են «ցրուած» ածականը, այսինքն միտքը տարբեր վայրեր տարածուած, անուշադիր եւ ցրուած անձ:

Գալով պատմուածքին, որ յուզիչ եւ խելացի կազմուածք ունէր: Կարծում եմ շատ սպասելիք ունենալ ընդամէնը 18-20 տարեկան սիրահարուած տղայից. արդար չէ: Քանզի դրամատիրական (կապիտալիստական) մեր ժամանակներում ամէն ինչ գնահատւում է փողով: Ով յիշում է այս երգի բառերը.-
«սիրել գիտես, կռուել չգիտես
Դու անզգամ երիտասարդ»
Այլ խօսքով՝ տղայի կարգավիճակը իսկապէս յուսահատական կարող է լինել, որովհետեւ կեանքում տակաւին փող չի վաստակած տղան թերեւս ինքն իր մէջ իրաւունք չի գտնում ամուսնալով սիրած աղջկան աղքատութեան մէջ ապրեցնել: Նա տակաւին ընտանիք ապրեցնելու պատրաստ «տղամարդ» չի դարձել:
Կեանքը ցոյց է տալիս իրական դէպքեր, երբ տարիներով սիրահարուած զոյգեր (դասընկերներ, տարեկիցներ), տարիներով համբերում են կեանքի պարտադրած դժուարութիւններին մինչեւ կարողանան մի երդիքում ամուսնանալով տեղաւորուել: Իրական կեանքն իր դէմքը ցոյց է տալիս այստեղ՝ տանը: Երբեմն սէրը շարունակւում է, երբեմն՝ ոչ: Բաժանւում են: Պատճառը մարդու բնոյթն է: Ոմանք հոգեպէս արագ են աճում, դպրոցական տարիքում սիրահարած աղջկայ կամ տղայի մօտ նոյն ընթացքով չի զարգանում հոգեկան զգայարանքը: Յետեւապէս գալիս է մի պահ երբ ամուսիններից մէկն ու մէկը անբաւարարութիւն է զգում:
Կեանքը զոհողութիւն է: Սէրը դա է: Ամուսնանալ նշանակում է ծնող կամ ծնողացու դառնալ: Պէտք է ծայրագոյնս յարգել զաւկի հօրը կամ մօրը: Իմ կարծիքով՝ նախկին սիրածին նամակ գրելու դէպքը ինքնին անհաճոյ երեւոյթ է: Չեմ կարծում որեւէ բնական կին կընդունի կամ կը մարսի ամուսնու նման արարքը: Զաւակիդ մայրը (կամ հայրը) ամէն կարգի յիշատակ-սէրէ բարձր պէտք է դասել: Իսկապէս այս նամակը ուշացած է:

Կաթիլ
17.09.2007, 17:05
:( Ապրես Մանոն… Շատ տխուր, բայց շատ լավ պատմվածք:


Ես սա հիմնականում գրել եմ ընդգծելու այն աղջկների պահվածքը, որոնք թուլակամ ու անտեսակետ են;

Ես մի քիչ համամիտ չեմ, որ աղջկան կարելի է թուլակամ կամ անտեսակետ անվանել, քանի որ 18-19 տարեկան աղջիկը, այն էլ հայ աղջիկը (որքան էլ մենք մեզ հակառակում համոզենք, մենք տարբերվում ենք մնացած ազգերից) չի կարող հաշվի չառնել ծնողների կարծիքը: Ճիշտ է, նա պիտի գոնե մի քիչ պայքարեր, որպեսզի տղային էլ համարձակություն տար դրանով, բայց կարծում եմ, ամենից շատ այստեղ մեղավոր էր աղջկա նյութապաշտ հայրը, որին արդեն իսկ ճանաչելով գուցե աղջիկը չհամարձակվեց խոսել: Այստեղ միակ մարդը, որ կարող էր օգնել, դա աղջկա մայրն էր իմ կարծիքով…միակ մարդը, որ գուցե կարողանար մի քիչ փափկեցնել այդ դաժան մարդու մետաղի վերածված "սիրտը": Մեզ համար շատ հեշտ է աղջկան անվանել թուլակամ, բայց մի՛ մոռացեք, ընդամենը 18 տարեկան, ծնողների միակ զավակ, այն էլ այդ տեսակ մտածելակերպով ծնողների… :|
Իսկ երջանիկ կլինեին նրանք թե ոչ, իմ կարծիքով ոչ ոք չի կարող ասել… Քանզի Ճակատագիրը, որքան էլ որ այն գրված է մարդու ծննդյան պահից, աննախատեսելի է:
... կներեք, շատ խոսեցի ... :oy

Մանոն
19.09.2007, 09:26
Ես մի քիչ համամիտ չեմ, որ աղջկան կարելի է թուլակամ կամ անտեսակետ անվանել, քանի որ 18-19 տարեկան աղջիկը, այն էլ հայ աղջիկը (որքան էլ մենք մեզ հակառակում համոզենք, մենք տարբերվում ենք մնացած ազգերից) չի կարող հաշվի չառնել ծնողների կարծիքը:
Մեզ համար շատ հեշտ է աղջկան անվանել թուլակամ, բայց մի՛ մոռացեք, ընդամենը 18 տարեկան, ծնողների միակ զավակ, այն էլ այդ տեսակ մտածելակերպով ծնողների…

Երեխեք, բայց կարծեմ ոչ մի տեղ նշված չէ աղջկա տարիքը;)
Հետո այս պատմվածքը պարզապես մի օրինակ էր, իսկ ի՞նչ ասել 25-26 տարեկան այն աջկան, որը մերժում է իր սիրած տղային՝ ասելով «ես չեմ կարող ապրել մամայիցս հեռու...»

Kheranyan
19.09.2007, 10:01
Manon ջան, շատ հիանալի պատմվածք էր, կարդում էի և ինձ պատկերացնելով տղայի տեղը՝ ամբողջ մարմնովս սարսուռ էր անցնում: Ճիշտն ասած այսպես համպատարաստից չեմ կարող ասել թե ինչպես կվարվեյի ես, սակայն հավանաբար կթողնեյի ու կհեռանայի այնպես ինչպես Տիգրանը, քանի որ, ըստ իս երջանկության համար պետք է պայքարեն երկուսով, և եթե աղջիկը անգամ ջանք իսկ չի գործադրում իր սերը, երջանկությունը պահելու համար, ապա նա ապագայում, հաստատ մի վճռորոշ պահի կլքի տղային, իսկ իմ ընկալմամբ երջանկությունը ոչ միայն սիրած էակի հետ ապրելն է, այլ նաև նրա հետ բոլոր արգելքներն ու դժվարությունները հաղթահարելը, ինչը չես կարող անել այդ տիպի աղջկա հետ, այնպես որ Տիգրանը ճիշտ վարվեց:

Եվս մեկ անգամ ասեմ. Շատ հիանալի պատմվածք էր: Շատ ապրես: