PDA

Դիտել ողջ տարբերակը : Բոբիկը



Chuk
30.04.2007, 15:01
Դնում եմ քննարկման նոր գործիս մի մասը, հուսով, որ այն կընթերցեք: Հիշեցնեմ, որ սիրում եմ առողջ քննադատությունը ու շատ եմ շոյվում հաճոյախոսություններից, բայց դրանց չեմ սպասում: Սիրում եմ օբյեկտիվությունը: Ձեզ բարի ընթերցում եմ կամենում:


ԲՈԲԻԿԸ

Ի՞նչ կլիներ, եթե ծնված լինեի հարևան գյուղում: Առաջին հերթին չէր ծնվի այս պատմությունը: Ծնված չէ՞ր լինի այս պատմությունը: Է՛, ավելի լավ: Կապրեի որպես սովորական մարդ, ինչպես դու կամ ընկերդ, ինչպես մեր գյուղից քաղաք տեղափոխված, ինստիտուտն ավարտած ու գիտնական դարձած Համբարձումը, ինչպես մեր գյուղի ամենամեծ սեփականատեր Եղիշն ու էլի շատ ուրիշներ:
Բայց ես ծնվեցի մեր գյուղում, որը գուցե մեր երկրի ամենահետամնաց գյուղն է, գուցե հակառակը՝ ամենաառաջադեմներից է, բայց որում, ամեն դեպքում, շարունակում են սնոտիապաշտ մնալ, հավատալ ինչ-որ անհեթեթ բաների, գուշակումների, աստղերի դասավորությանը, սուրճի... ՉԷ, մեր գյուղում սուրճ խմելու կուլտուրան այդպես էլ չմտավ, թե չէ հաստատ սուրճի բաժակին էլ կհավատային:
Բայց ես ծնվեցի ոչ թե հարևան, այլ հենց մեր գյուղում: Ծնվեցի մի հասարակ գյուղացու ընտանիքում, որը, թվում է, թե այս պատմության ու գյուղի լեգենդար պառավ Նուշիկի գուշակության հետ պետք է կապ չունենար, բայց իմ ծնունդի շնորհիվ ունեցավ ու դարձավ գյուղի ամենահայտնի ընտանիքը, ծնողներս դարձան գյուղի մյուս բոլոր երեխաների ծնողների նախանձի առարկան: Եղբորս ու քույրիկներիս էլ երեխաներն էին նախանձում, որովհետև գյուղի ամեն մի երեխա երազում էր, որ ես իր եղբայրը լինեի: Նրանց հետ խաղում էին միայն այն պատճառով, որ վախենում էին չխաղալ իմ եղբոր ու քույրերի հետ, նրանց չէին ճնշում, ծեծում ու հալածում, որովհետև ո՛չ մեկը չէր համարձակվի մատով անգամ կպնել իմ հարազատին:
Այո՛: Ես գյուղի հերոսն էի: Գյուղի ամենաճանաչված ու հարգված մարդը: Գյուղում իմ վրա ոչ մեկը չէր բարկանում, ձայնը կամ ձեռքը վրաս չէր բարձրացնում, ու բոլորը փորձում էին կատարել իմ բոլոր կամակորությունները: Ես ամենահայտնի ու ամենիսարված մարդն էի: Ես հերոս էի ո՛չ թե իմ կատարած հերոսությունների ու սխրանքների համար, ո՛չ թե իմ քաջության համար, ո՛չ թե ծնողներիցս ժառանգած փառքի համար, ո՛չ թե իմ անձնվիրության, բարության, խելքի կամ նման ինչ-որ մի բանի համար, այլ որովհետև այդպես էր գուշակել պառավ Նուշիկը:
Պառավ Նուշիկին թեև կախարդ չէին անվանում, բայց երևի հոգու խորքում նրան այդպես էին պատկերացնում գյուղացիները: Այդ ցնդած պառավին ես չեմ տեսել, որովհետև մահացել է ծնվելուցս շատ ու շատ տարիներ առաջ: Ոչ էլ նրա նկարն եմ տեսել, որովհետև նա նույնիսկ նկար չի ունեցել: Չեմ ճանաչել թոռներին, որովհետև պատմում են, որ նա կույս է մահացել, էլ ի՞նչ թոռ, ի՞նչ բան: Չեմ տեսել նրա ուրիշ ազգականներին, որովհետև ասում են, որ նա ուրիշ տեղից է եկել մեր գյուղում բնակվել ու հետո մահացել, իր կյանքի մասին ոչ մի ուրիշ հուշ, պատմություն չթողնելով, բացի այն ամենից, ինչն արել է մեր գյուղում: Չեմ տեսել նույնիսկ նրա գերեզմանը, որովհետև իր պատգամի համաձայն նրա դին դրել են մի մակույկի մեջ, մակույկը կրակ տվել ու գետով բաց թողել: Մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե մեր ծանծաղ գետը ինչպե՞ս կարող էր հեռու-հեռուները տանել պառավ Նուշիկին իր մեջ առած վառվող մակույկը, բայց պատմում են, որ այդպես է եղել:
Պառավ Նուշիկը գուշակ է եղել, պարզատես: Նա տեսել է այն ամենը, ինչը կատարվում կամ կատարվել է իր շուրջը, ու այն ամենը, ինչը դեռ չէր կատարվել, բայց պետք է կատարվեր: Ասում են, որ նա նույնիսկ գուշակել է իր մահվան օրը ու հենց դրա համար էլ նախօրոք պատգամել էր, թե ինչ է պետք անել իր դին: Նա գուշակել է թե որ ձմեռն է ցուրտ լինելու, իսկ որն է երկար տևելու, որ տարին է երաշտ լինելու, իսկ որ տարին անընդհատ անձրևելու է: Այս գուշակումներից ելնելով են գյուղում վարել տնտեսությունը, իմացել, թե ո՞ր տարուն է պետք է ծառերը թաղել, իսկ որ տարում շատ բերք կուտակել, որ տարում ինչ է պետք ցանել, վառելիք որքան է պետք հավաքել ու ասում են, որ պառավ Նուշիկի շնորհիվ է, որ մեր գյուղը մինչև այսօր գոյատևել է, ու դա ես չեմ հասկանում, որովհետև գիտեմ որ այդ պառավը մեր գյուղ է եկել 92 տարեկան հասակում ու մահացել է 97 տարեկանում: Եթե նույնիսկ այդ հինգ տարիներին նա ճշգրիտ գուշակել է եղանակը, ապա դա դեռ չի նշանակում, որ գյուղը նրա շնորհիվ է գոյատևել:
Որտե՞ղ էիր, պառավ Նուշիկ, որ մեր գյուղը հիմնվեց, որ տարբեր ընտանիքներ եկան, հիմնեցին գյուղը, ամեն մեկն իր համար մի տուն կառուցեց, բաժանեցին հողերը, հետները բերած անասունի համար գոմեր սարքեցին, գտան զուլալ աղբյուրն ու նրա ջուրը բերին, հասցրին գյուղի կենտրոն, տնկեցին մրգատու այգիները, սկսեցին մշակել ու սարքեցին, չեղած տեղից սարքեցին մի փոքրիկ, բայց սիրուն ու հարմարավետ բնակավայր: Քանի ու քանի տարիներ էր այդպես հանգիստ ապրել ու գոյատևել գյուղը, մինչև որ դու եկար՝ քո այդ հիմար գուշակություններով: Քո վախճանից հետո գյուղը քանի ու քանի տարի է ապրել ու գոյատևել առանց քո գուշակումների....
Բայց չէ, այ այստեղ ես արդեն չափն անցա, որովհետև պառավ Նուշիկն իր մահից հետո գյուղին առանց գուշակումների չէր թողել: Կատարել էր իր ամենավերջին ու ամենաազդեցիկ գուշակությունն, իսկ հետո ինքն իրենից գոհ քնել՝ իմանալով որ էլ չի զարթնելու այլ լողալու է վառված մակույկի մեջ: Կատարել է մի գուշակություն, որը փոխելու է իմ ամբողջ կյանքը ու դարձնելու մի թշվառ մարդ, իսկ ինքը թողել ու անխռով դեմքով գնացել է այս աշխարհից, երևի թե հավիտենական հանգիստ գտնելով դժողքի կրակների մեջ...

Ես բոբիկ եմ: Բոբիկ եմ բառիս բուն, իսկական և լայն իմաստով: Չեմ կատարում համեմատություն ու չեմ չափազանցնում, ես ուղղակի բոբիկ եմ: Բոբիկ եմ, որովհետև ծնողներս անգրագետ են: Բոբիկ եմ, որովհետև մեր գյուղի նույնիսկ ուսուցիչներն անգրագետ են: Բոբիկ եմ, որովհետև այդպես է գուշակել գուցե և գրագետ, բայց այդ տխմար պառավ Նուշիկը:
- Ու կծնվի նա՝ առաջնորդը, - ասել է նա իր սնարի շուրջը հավաքված ու նրան մյուս աշխարհ ճանապարհող գյուղացիներին, - Դուք նրան անմիջապես կճանաչեք, որովհետև ես ձեզ հիմա կասեմ, թե նրան ինչպես պետք է ճանաչեք: Նա կծնվի ուղիղ ութսուներկու տարի հետո, այն տարում, որը մարիկ հիշելու են ոչ միայն նրա՝ առաջնորդի ծնունդով, այլև մեկը այլ հայտնի իրադարձությամբ: Սա ձեզ առաջին նշան:Սպասեք նրա գալստյանը 1983 թվականին: Եվ ամենակարևոր նշանը, որով ճանաչելու եք նրան: Երբ ծնվում են երեխաները, սկզբից գլուխն է դուրս գալիս, հետո մարմինը, հետո ոտքերը: Առաջնորդը ծնվելու է հակառակ ձևով, սկզբից ոտքերն է դուրս գալու, հետո մարմինը, իսկ հետո նոր գլուխը: Նա այդպես է ծնվելու, որովհետև իր կյանքում ամեն ինչով պետք է տարբերվի բոլոր մարդկանցից: Ու դուք պետք այնպես անեք, որ մարդիկ միշտ իմանան այդ տարբերության մասին: Երբեք նրա հագին չպետք է տրեխ լինի, երբեք չպետք է գուլպա հագնի: Նա պետք է իր ողջ կյանքում ոտաբոբիկ լինի: Նրան բոլորը ճանաչելու են իր ոտքերից, որովհետև իրենից առաջ իր ոտքերն են ծնվել: Նրան ճանաչելու են ամենուր: Կհարգեք ու կպատվեք նրան, իսկ երբ հասուն տարիքի հասնի, ինքը դուրս կգա մեծ աշխարհ, մարդամեջ, ու մարդիկ բոլորը կտեսնեն նրա բոբիկ ոտքերն ու կհասկանան, որ առաջնորդն է եկել: Կհասկանան, որ իրենց փրկիչն է եկել: Նրան շատ են մեծարելու մարդիկ: Սպասեք այդ օրվան ու մի մոռացեք ինձ, որ այդ ամենը իմացա ավելի շուտ, քան պետք է լինի ու ձեզ պատմեցի: Հիշեք Նուշիկ տատիկին ու ամեն անգամ հիշելիս աղոթեք նրա հոգու հանգստության համար, որ չափսոսաց իր իմացածն ու ձեզ պատմեց: Իսկ հիմա ինձ հանգիստ թողեք, ես հոգնած եմ, քնել եմ ուզում: Այսօր վերջին անգամ եմ քնելու, որովհետև էլ չեմ զարթնելու: Վաղն արդեն մահացած կլինեմ ու չմոռանաք, թե ինչ եք խոստացել անել աճյունիս հետ: Դե՛, մնաք բարով:
- Գնաս բարով, Նուշիկ տատ, - պատասխանել են լացակումած կանայք: Տղամարդիկ միայն լուռ կրծել են շուրթերը, մտածելով, թե ի՞նչ է լինելու իրենց տնտեսության վիճակը՝ առանց պառավ Նուշիկի գուշակությունների:
Իսկ Նուշիկ տատը քնել է, շրջապատված գյուղացիներով, որոնք նստած նրա կողքին սպասել են մահվանը: Հետո բացվել է առավոտն ու առավոտի հետ միասին բացվել են պառավ Նուշիկի աչքերը: Ուրախացել են գյուղացիները, տեսնելով, որ պառավ գուշակն իրենց չի լքել ու մտածելով, որ նա իր գուշակություններով իրենց դեռ շատ օգուտ կտա: Բայց պառավը ոչ մի բառ չի ասել: Գյուղի ջահել հարսներից մեկը ուրախ – զվարթ գնացել ու պառավի համար շիլա է սարքել: Երբ բերել են, որ ուտի, պառավը գլխի շարժումով հրաժարվել է: Հետո բաժակով ջուր են բերել, պառավը շուրթերը պինդ սեղմել ու հրաժարվել է նաև դրանից: Պատմում են, որ ամբողջ օրը անշարժ պառկած առաստաղին է նայել: Հետո եկել է գիշերը ու պառավը նորից քնել է: Այս գիշեր արդեն քիչ մարդիկ են կողքին նստել: Իսկ առավոտյան շողացել են արևի ճառագայթներն ու դրանց փայլը արտացոլվել է պառավի աչքերում: Զարմացած գյուղացիները տեսել են, որ պառավը դեռ կենդանի է: Այդ օրն էլ պառավը ոչ մի փշրանք հաց կամ մի կաթիլ ջուր բերանը չի առել, չի պատասխանել գյուղացիների տված հարցերին, չի ասել որևէ այլ խոսք, այլ պառկած նայել քանդված առաստաղին: Հետո էլի մթնել ու այդ գիշեր պառավի կողքին ավելի քիչ մարդ է նստած մնացել: Իսկ առավոտյան Նուշիկը զարթնել է՝ ավելի նիհար, քան նախորդ օրը, ավելի դուրս պրծած աչքերով, քան նախորդ օրը, մազերն ավելի ճերմակ քան նախորդ օրը: Զարթնել ու էլի լուռ պառկել է ամբողջ օրը: Հետո էլի է մթնել ու էլի լուսացել: Ու այպես ութ օր շարունակ: Ութերորդ օրն արդեն նրա սնարի կողքը գիշերը ոչ մեկը չի մնացել, ոչ թե այն պատճառով, որ էլ չէին հավատում, թե նա կմեռնի, այլ որովհետև ամեն մեկն իր գործն ուներ, պետք է իր տանը քներ, հանգստանար, որ հաջորդ օրը կարողանար կովին արոտ տանել, այգում էտ անել, երեխաների համար ճաշ եփեր, գյուղի կենտրոնի աղբյուրից տուն ջուր բերեր, մի խոսքով ապրեր իր հերթական սովորական օրը:

Chuk
30.04.2007, 15:02
Աչքերը յոթ անգամ փակել էր Նուշիկը, որպեսզի քնի ու էլ չզարթնի: Հետո յոթ անգամ էլ բացել էր աչքերը: Հետո փակել էր ութերորդ անգամ, բայց ութերորդ անգամ չէր բացել: Ութերորդ օրն էլ չի զարթնել պառավ Նուշիկը, մահացած քնած մնալով իր փոքրիկ տնակում՝ մենակության մեջ: Հետո գյուղացիներից մեկն եկել էր որ տեսնի, թե այսօր իրեն ինչպես է զգում պառավը ու տանը տարածված հոտից հասկացել, որ Նուշիկն էլ ուղղակի չէր զգում: Անմիջապես հավաքվել էր գյուղի ողջ բնակչությունը, առանց ավելորդ ձևականությունների պառավի դին դրել էին նախորդ պատրաստած մակույկի մեջ, նախօրոք նախապատրաստված ձևով կրակ էին տվել ու բաց թողել գետով: Պառավ Նուշիկից մնացել էր միայն հիշողությունն ու նրա կտակած գուշակություն ժառանգությունը:
Անցել էին տարիներ: Անցել էր գուշակված ութսուներկու տարին ու գյուղում մնացել էին մի քանի պառավ, ովքեր տեսել էին պառավ Նուշիկին: Բայց նրանք էլ փոքրիկ, հինգ-վեց տարեկան երեխա են եղել Նուշիկի կենդանության օրոք ու շատ բան չէին հիշում նրանից: Բայց լեգենդը մնացել էր ու գյուղի ահելն ու ջահելն այդ տարի անհամբեր սպասում էին առաջնորդի գալստյանը: 1983 թվականին մեր գյուղում ծնվել է ռեկորդային թվով երեխա: Բոլոր երիտասարդ ամուսինները այդ տարի երեխա էին բերում, հուսով, որ հենց իրենց ժառանգը կլինի առաջնորդը: Բայց անցավ 1983 տարին ու բոլոր երեխաներ ծնվում էին գլխի կողմից:
Գյուղացիներն անհանգիստ էին: «Որտե՞ղ է առաջնորդը», - տարակուսում էին նրանք: Իսկ առաջնորդը չկար: Բայց գյուղացիները հին անգրագետ ժողովուրդը չէին ու հասկանում էին, որ պատմությունն ու գուշակությունը ճշգրիտ գիտություններ չեն ու չէր կարելի ճշգրտորեն գուշակել առաջնորիդ գալստյան տարին: Եթե նրանք լինեին պառավ Նուշիկի սերնդակիցները, չէին տարակուսի, թե ինչպե՞ս եղավ, որ ցնորված պառավն իր գուշակումից ութ օր հետո մահացավ՝ հասկանալով, որ ժամանակն անկառավարելի է: Ու իմաստուն գյուղացիները սկսեցին առաջնորդի գալստյանը սպասել հաջորդ՝ 1984 թվականին: Առաջնորդն էլի չեկավ: Նրան սպասեցին նաև 1985-ին: Առաջնորդը կարծես մոռացած լիներ նրանց մասին: 1986 թվականին արդեն քչերը հույս ունեին, թե առաջնորդը կգա, քչերն էին սպասում նրան: Շատերը չէին սխալվել, որ չէին սպասում: Առաջնորդը մոռացել էր նրանց մասին: 1987 թվականին արդեն գյուղում հավատը խախտված էր, արդեն ոչ մեկը չէր հավատում, թե առաջնորդ է ծնվելու, բացի Սմբատ պապից: Սմբատ պապը կանչեց իր թոռանն ու ասաց.
- Ծոռ եմ ուզում, բալա: Ու ինքը առաջնորդ ա լինելու, ես գիտեմ: Այնպես որ, բալա, տես, թե ի՞նչ ես անում:
- Է՜, պա՛պ, - նեղսրտեց Սմբատի թոռը: - Էլ ինչքա՞ն երեխա բերեմ: էս չորս տարվա մեջ հինգ հատ երեխա բերինք: Էլ ինչքա՞ն բերենք: Էդքանին պահել է չէ պետք: Իսկ էդ պառավ Նուշիկը շառլատանի մեկն է երևի եղել...
- ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵ՛Ս, - պոռթկած Սմբատ պապը: - Մեր գյուղը որ գոյատևում է, դա իր շնորհքն է: Մոռանալն ու ուրանալն է բոլոր դժբախտությունների պատճառը, քո նման ուրացողների պատճառով է, որ ձեր նախնիներին չեք ուզում ճանաչել, կործանվում է...
- Ա՛յ պապ, ի՞նչ նախնի: Էդ պառավը մեր գյուղում չորս տարի է ապրել ու կույս է մեռել, իսկի ժառանգ չունի, ի՞նչ նախնի:
- Նա մեր փրկիչն է եղել ու գուշակել է երկրորդ փրկչի գալուստը: Ու դու էն խորոտ հարսիս հետ պետք է նրա գուշակությունն իրականություն դարձնեք: Գիտեմ, որ այս տարի է ծնվելու...
- Պա՛պ, խորոտ հարսդ ծննդաբերությունը ծանր է տանում: Ու ամեն տարի ավելի ծանր: Չեմ ուզում նրան նոր փորձության տանել...
- Բալա, էս իմ վերջին տարին է: Էսօր, էգուց ես մեռնելու եմ գնամ Նուշիկ տատի քովը: Ինձ երջանիկ դարձրու, թող որ նրան տանեմ ավետիսը՝ իր գուշակությունը կատարվելու ավետիսը: Վերջին մարդն մնացել, որ Նուշիկին իմ աչքերով տեսել եմ, թող որ սևերես դուրս չգամ, պարզ աչքերով նայեմ տատի աչքերին ու ասեմ. «Պառավ, ասած արել եմ, քո գուշակած առաջնորդ ծոռին ծնել»: Թող, բալա, թող որ կարենամ էդքան բանն ասել: Նոր ծոռ բեր ինձ համար, բալա:
Սմբատ պապի թոռը չդիմացավ պապի աղաչանքին ու իր խորոտ կնոջը պատմեց խոսակցությունը: Խորոտ հարսն էլ բիձուն շատ էր սիրում, ու չուզեց սիրտը կոտրի: Որոշեցին նոր երեխա բերել ու բերին: Բայց խորոտ հարսն իրոք ծանր էր տանում ծննդաբերությունն ու այս անգամ չդիմացավ: երեխան ծնվեց ճիշտ այնպես, ինչպես իր հինգ եղբայրներն ու քույրերը, այսինքն՝ սկզբից գլուխը, հետո մարմինը, հետո նոր ոտքերը: Ծնեց երեխային ու իր մահկանացուն կնքեց խորոտ հարսը: Նրա թաղմանը շատ արցունքներ թափվեցին, բայց էլ այդ մատղաշ կյանքը հետ չէին բերելու արցունքները: Գյուղի ջահել մայրերից մեկը իրեն վերցրեց երեխային, որոշելով իր կաթով կերակրել, դրանով իր հարգանքի տուրքը մատուցելով խորոտ հարսին: Բայց երեխան օր օրի նիհարում ու չէր մեծանում: Ապրեց երկու ամիս ու մահացավ:
Խորոտ հարսի թաղումից հետո հուսահատվել էր Սմբատ պապը: Պառկեց Նուշիկի նման մահճակալին ու սկսեց նայել առաստաղին: Գյուղի հարսները նրա համար շիլա էին բերում, չէր ուտում, ջուր էին բերում, չէր խմում: Միայն ժամանակ առ ժամանակ շշնջում էր. «Էս ի՞նչ օյին բերիր իմ գլխին, ա՛յ Նուշիկ տատ: Էս ի՞նչ փորձանքի բերիր, ա՛յ Նուշիկ տատ»: Ու այդպես ուղիղ ութ գիշեր քնեց ու յոթ առավոտ զարթնեց Սմբատ պապը: Հետո ճակատագրի չար հեգնանքով ճիշտ պառավ Նուշիկի նման ութերորդ օրն էլ չզերթնեց բիձեն: Նրա համար մի պուճուր դագաղ սարքեցին, որովհետև հիվանդությունից լղարել էր բիձեն, մնացել էր միայն ոսկորն ու կաշին:
Հետո ինչ-որ անհասկանալի հիվանդությամբ հիվանդացան Սմբատ պապի չորրորդ ու հինգերորդ՝ երկվորյակ ծոռները: Հիվանդացան ու մահացան իրենց մոր մահվանից ուղիղ երեք ամիս հետո, նույն օրը: Խելագարվեց Սմբատ պապի թոռը: Աչքերում ինչ-որ սատանայական փայլ թրև էր գալիս գյուղում օր ու գիշեր: Օր ու գիշեր անիծում էր պառավ Նուշիկին ու պառավ Նուշիկի գուշակությունը: Հետո մի օր կանգնեց գյուղամիջում ու գոռաց.
- Էդ պառավ դին հեռու չէր կարող գնալ: Մեր գետը ծանծաղ է, գտնելու եմ, ու խոշտանգեմ դրա դին:
Գյուղացիք փորձեցին համոզել Սմբատի թոռանը, որ չփնտրի, բացատրել, որ շատ ու շատ տարիներ են անցել, շատ-շատ վառված մակույկը գտնի, դին փտած կլինի, մեկ էլ գուցե ոսկորները մնացած լինեն:
Բայց Սմբատի թոռը իր պապի նման էր, որ գլուխը մի բան մտցնում էր, էլ մոռանալ չկար: Ու գնաց պառավ Նուշիկի դին փնտրելու: Գետի երկայնքով գնում է, ժայռերի վրա մագլցում է որ վերից նայի, մակույկի հետքն երևում է, թե ոչ: Նայում, տեսնում է հեռվում, գետի վրա կրակ է վառվում: Մտքում ասում է. «Հրես պառավի մակույկը, բա ո՞նց հասնեմ»: Հետո իր խելագարված ուղեղով մտածում, սևացած աչքերով նայում ու կարծում է, որ եթե այդտեղից ցատկի, ուղիղ մակույկի կողքը ջրի մեջ կընկնի: Մտածելն ու անելը մեկ են լինում, ընկնում է, գլուխը տալիս մի քարի, ջարդում: Մի կերպ ոտքի է կանգնում, նայում շողացող արևին ու շշնջում. «Ես քո արևը թաղեմ, Նուշիկ տատ»: Շշնջում է ու անշնչացած ընընում գետնին:
Գյուղացիները ութ գիշեր ու յոթ օր սպասում են Սմբատի թոռան վերադարձին, բայց վերջինս չի գալիս: Վերջապես որոշում են գնալ, որոնել: Գնում ու գտնում են ծտի ու ճիճվի կեր դառած մի այլանդակված դիակ: Զզվանքը մի կերպ զսպելով բերում են գյուղ ու առանց երաժշտության թաղում են հոր, կնոջ ու զավակների շիրիմների կողքին: Երեք գերեզմանի տեղ էլ թողած են լինում, որովհետև ի՞նչ իմանային, թե ինչ կլիներ որբ մնացած մյուս երեք զավակներին:

Ահա թե ինչպես եղավ, որ մեր հետամնաց գյուղում դադարեցին հավատալ պառավ Նուշիկի գուշակություններին, փոքր ինչ առաջադիմեցին: Ու ամեն ինչ այդպես էլ կշարունակվեր, եթե հաջորդ տարի՝ 1988 թվականին ես չծնվեի ու իմ ծնվելուց առաջինը ոտքերս, հետո մարմինս, իսկ հետո նոր գլուխս չելներ: Միանգամից հիշեցին պառավ Նուշիկին ու նրա գուշակությունը: Միանգամից հասկացան, որ եկել է առաջնորդը: «Հիմա՛ր Սմբատ», - շշնջում էր տատմերը՝ պորտալարս կտրելիս: Այնքան էր հուզված, որ ձեռքերը դողում էին ու փորիս կենտրոնում մինչև այսօր էլ այդ դողալու հետքերը մնացել են: Ու չգիտեմ, ինչից էր այդքան հուզված, նրանից, որ առաջնորդի պորտալարն է կտրում, թե, որովհետև հիշել էր Սմբատ պապին, ում, ասում են, ջահել տարիներին սիրահարված է եղել: Ծնվելուս պահին մարդկանց թվացել է, թե տունն անգամ դղրդում է: Մարդիկ կարծել են, թե առաջնորդի ծնունդն է դղրդացնում տունը: Խեղճ ու հիմար, սնահավատ մարդիկ են եղել: Հետո իմացել են, որ այդ դղրդյունը հայտնի՝ 1988 թվականի երկրաշարժն է: Այո՛, ես ծնվեցի դեկտեմբերի 7-ին, մի օր, որը մարդիկ այսօր չեն հիշում իմ ծնունդի հետ կապված, բայց հիշում են արյունարբու երկրաշարժով...
Ու այսպես մարդիկ գտան իրենց առաջնորդին: Փաստը, որ ես ծնվեցի հազարավոր մահերի ուղեկցությամբ, որ իմ ծնունդը համընկավ բազմաթիվ կանանց այրիացման, բազմաթիվ մանուկների որբացման, բազմաթիվ ծնողների՝ զավակներին կորցնելու, բազմաթիվ ընտանիքների անօթևան մնալու հետ, մարդկանց համոզեց, որ ես առաջնորդն եմ: Մարդիկ միշտ էլ իրենց հոգու խորքում ուզում են առաջնորդ ունենալ, ու եթե անգամ այդ առաջնորդը գալիս է ավերածություններով, ինչպես որ նրանց կարծիքով ես եկա, մարդիկ այդ առաջնորդին ընդունում են գլխաբաց, հուսալով որ նա այդ ավերածություններից հետո զբաղվելու է շինարարությամբ...
Մարդիկ մոռացան, որ իմ ծնունդը ավելի շուտ էր սպասվում, մտածելով, որ գուշակելիս ժամանակի մեջ սխալվելը հեշտ է, իսկ մյուս բոլոր գուշակումները կատարվել են: Մարդիկ սիրում են հավատալ հրաշքներին ու փրկիչներին, որովհետև առավել հեշտ է հույսը փրկչի, այլ ոչ թե ինքդ քեզ վրա դնել:
Ու այդպես ծնվեցի ես՝ ծնվելուս պահին դառնալով գյուղի հերոսը, անկախ իմ կամքից: Դառնալով ճանաչված, զուտ այն պատճառով, որ աշխարհին հակառակ գնալով թարս եմ ծնվել: Է՜հ, Նուշիկ տատ, փոխեցիր ո՜ղջ կյանքս:


Շարունակելի...

Firegirl777
30.04.2007, 15:58
ՇԱՐՈՒՆԱՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ........................

CactuSoul
30.04.2007, 16:59
Ինչպես միշտ, շատ հետաքրքիր ոճով ես գրում: Մի շնչով կարդացվում է:) :
Մարդիկ սիրում են հավատալ հրաշքներին ու փրկիչներին, որովհետև առավել հեշտ է հույսը փրկչի, այլ ոչ թե ինքդ քեզ վրա դնել:Հատկապես այս միտքը դուրս շատ եկավ: Ապրես:love :

impression
30.04.2007, 19:44
Շատ լավ ես գրում, հետաքրքիր ու ոչ ավանդական ոճ ունես, անհամբերությամբ սպասում եմ շարունակությանը :)

lili-4
02.05.2007, 18:25
Հետաքրքիր էր, անհամբերությամբ սպասում եմ շարունակությանը: Հուսով եմ երկար սպասեցնել չէս տա…:)

Մանոն
03.05.2007, 15:16
Տպավորիչ էր, ապրես… Միայն թե, գիտես Chuk ջան, (քո սպասած քննադատությունն է :) )այն թվականներին, երբ քո նկարագրությամբ ապրում էր Նուշիկը, ժողովուրդի հավատքը աստծո ու Քրիստոսի՝որպես փրկչի , մանավանդ անգրագետ ու խոր գյուղերում, շատ մեծ էր: ՈՒ արդյոք փոքր ինչ չափազանցված չէ՞ր ժողովրդի կողմից պատմվածքի հերոսին որպես փրկիչ սպասելը:
Մյուսների պես ել էլ հետաքրքրությամբ սպասում եմ շարունակությանը:

StrangeLittleGirl
03.05.2007, 18:40
Չու՛կ, ինձ չսպանես :D Վերջապես կարդացի: Սպասում եմ շարունակությանը:

ՈՒ արդյոք փոքր ինչ չափազանցված չէ՞ր ժողովրդի կողմից պատմվածքի հերոսին որպես փրկիչ սպասելը:
Դե չափազանցություններ էլի կային: Հենց թեկուզ ոտքերով ծնվելը: Ճիշտ է՝ դա նորմալ չի համարվում, բայց այդքան հազվադեպ հանդիպող երևույթ չէ:

Ավելացվել է 35 վայրկյան անց
Ամեն դեպքում չափազանցությունները գործի արժեքը բնավ չեն իջեցնում ;)

Chuk
05.05.2007, 21:38
Բոլորին շատ շնորհակալություն կարծիքների ու գնահատականների համար:
Ներողություն եմ խնդրում շարունակությունը հրապարակելն ուշացնելուս համար, պարզապես այնտեղ շատ բաներից սիրտս կախ է ու փոփոխություններ եմ անում:

Չափազանցություններն իհարկե ճիշտ եք նկատել, բայց ես դրանք դիտմամբ եմ արել: Ի դեպ շարունակության մեջ փորձում եմ այդ չափազանցություններից շատերի հարցերը հիմնավորել, թեև այդքան էլ լավ չի հաջողվում:

Իսկ չափազանցությունները... դրանք դեռ առջևում են :)

Հ.Գ. Բյուր, շնորհակալ եմ որ ժամանակ գտար: Բա մյուսները ե՞րբ ես կարդալու :D

Chuk
25.05.2007, 19:58
Շարունակություն...


***

Անցորդները զարմացած նայում էին «Օպերայի» կանգառում շփոթված կանգնած պատանուն: Այս պատանու հագին սև, փայլուն կտորից, խնամքով հարթուկված շալվար էր, վառվռուն զարդերով «ճչացող» վերնաշապիկ ու որ ամենատարօրինակն է, նա ոտաբոբիկ էր: Մարդիկ զարմացած նայում էին նրան, ապա ծիծաղելով անցնում: Բոբիկը նկատում էր այդ ծիծաղն ու ավելի է շփոթվում: Բոբիկն իր կյանքում երբեք այսքան շատ մարդ ու այսքան շատ ավտոմեքենա չէր տեսել: Իր մտքում նա ամենն այլ կերպ էր պատկերացնում: Սպասում էր, որ կլինի ամենքի ուշադրության կենտրոնում ու այդպես էլ եղավ: Բայց նա սպասում էր տեսնել հիացած հայացքներ, մտքում պատկերացնում էր, որ իրեն գուցե ձեռքերի վրա կտանեն, գուցե նույնիսկ կխոնարհվեն իր առաջ, այլ ոչ թե կնայեն այսպես՝ քմծիծաղով կամ արհամարհանքով:
- Խե՜ղճ տղա, գիժ է, - լսեց նա մի տատիկի ձայն, որը փոքրիկ թոռան ձեռքից բռնած պատրաստվում էր փողոցը անցնել:
- Սա էլ մուրացկանության նոր ձև է, - ասում էր փողոցով անցնող կոկետուհիներից մեկն իր ընկերուհուն, - իբր թե կոշիկ չունի, փող տվեք, որ առնեմ: Հագածդ թիթիզ շորերի՞ն նայեմ, թե՞ բոբիկ ոտքերիդշ...
Բոբիկը լսում էր այս խոսակցություններն ու կանգնած տեղում կուչ էր գալիս, որ չերևա, չնկատվի: Տարակուսած էր ու շփոթված, չէր հասկանում, թե ի՞նչ է կատարվում: Քաղաքը իր ապրած գյուղից շատ էր տարբերվում, բայց ավելի շատ նկատելի էր քաղաքացիների տարբերությունը: Գյուղում միայն ինքն էր մեծամիտ ու «մեծ»: Այստեղ կարծես բոլորը իրենց Բոբիկի տեղն էին դրել, կարծես թե բոլորը կարծում էին, թե հենց իրենք են առաջնորդը... Բայց Բոբիկը նկատում էր, որ նրանցից և՛ ոչ մեկը առաջնորդ չէ: Բոբիկը զարմացած էր ու զարհուրած: Առաջին անգամ սկսեց հասկանալ, որ ինքն էլ առաջնորդ չէ, որ ինքն էլ փրկիչ չէ, որ ինքը այս բազմաթիվ մարդկանցից միայն նրանով է տարբերվում, որ բոբիկ է, որ ոտքերին կոշիկ չկա: Բոբիկն առաջին անգամ հասկացավ, որ իր ոտքերին կոշիկ չլինելու փաստը բացասական տարբերություն է: Նա հասկացավ, որ ճիշտ է, դրանով տարբերվում, բայց տարբերվում է ընկած հեղինակությամբ: Բոբիկը վախեցած կուչ էր եկել ճանապարհի մեջտեղում ու շարունակում էր լսել իր հասցեին արված վիրավորական, ծաղրական արտահայտությունները:
Վերջապես Բոբիկը հասկացավ, որ կուչ գալով ոչ մի բանի չի հասնի, որ փախնել է պետք: Բայց իր առաջնորդ չլինելու փաստը դեռ նրա ուղեղում լավ չէր ամրապնդվել ու Բոբիկի ինքնասիրությունը կկոտրվեր, եթե հիմա թողներ ու փախներ: Ու Բոբիկը հասկացավ, որ միայն մի ելք ունի: Նա պետք է իրեն պահեր այնպես, կարծես երեկվանից հետո ոչ մի բան չէր փոխվել, կարծես թե նա նույն առաջնորդն էր, նույն փրկիչը, գյուղացիների հավատն ու հարգանքը վայելող Բոբիկը: Բոբիկը այս նոր միջավայրում իրեն պետք է պահեր այնպես, ինչպես այս մարդկանցից ամեն մեկը՝ հպարտ, գլուխը բարձր, վեհ, առաջնորդ...
Բոբիկը ձգվեց ու հպարտ, հանդարտ հայացքով նայեց չորս կողմը: Բոբիկը տեսավ, որ մարդիկ նկատել են իր մեջ այդ պահին կատարված փոփոխությունը: Բոբիկը նկատեց, թե ինչպես կողքով անցնող երիտասարդներից մեկի՝ իր հասցեին արվող վիրավորական արտահայտությունը սառեց վերջինիս շուրթերին, այդպես էլ մինչև վերջ չհնչելով: Բոբիկին մի պահ նույնիսկ թվաց, թե այդ պահին մարդիկ նկատել են առաջնորդի գալուստը, զգացել են, որ իրենց առջև առաջնորդն ու փրկիչն է կանգնած: Բայց դա միայն մի պահ: Հետո Բոբիկը տեսավ, որ մարդիկ շարունակում են իրենց ուղին, այնպես, ինչպես մեկ րոպե առաջ, ու հասկացավ, որ ոչ թե մարդիկ են գտել իրենց առաջնորդին, այլ ինքն է գտել ինքն իրեն:
Բոբիկը մոտեցավ կանգառում կանգնած պատկառելի արտաքինով մի տիկնոջ ու հարցրեց.
- Չէի՞ք ասի, համալսարանը որտե՞ղ է:
- Դու քաղաքի՞ց ես, - հարցրեց տիկինը՝ պատասխանին չսպասելով: Նա առանց այդ էլ գիտեր պատասխանը այնպես որ սկսեց պարզապես ցույց տալ Երևանի Պետական Համալսարանի ճանապարհը:
Բոբիկը շնորհակալություն հայտնեց ու շարժվեց նշված ուղղությամբ: Ճանապարհին նրան դեռ շարունակում էին նայել: Կողքով անցան մի խումբ դպրոցական աղջիկներ, երևի թե 3-րդ կամ 4-րդ դասարանի աշակերտուհիներ, նայեցին Բոբիկին ու փռթկացին: Բոբիկն այս անգամ չշփոթվեց: Նա կարծես թե հասկացել էր թե իրեն ինչու են այդպես նայում ու համակերպվել էր այդ մտքին: Նա պարզապես ժպտաց ու աչքով արեց փոքրիկներին, որոնք իրեն պատասխանեցին նույն ժպիտով:
- Ոտքերդ չեն վառվում, - հարցրեց մոտ 20 տարեկան մի տղա:
Չէ, ոտքերը չէին վառվում: Ասֆալտը նրա ոտքերը հաճելի ջերմացնում էր միայն ու վերջ:
- Չէ՛, եղբայր, չեն վառվում, - ժպտալով պատասխանեց ու անցավ առաջ, առանց սպասելու տղայի հաջորդ հարցին:
Բայց այս երիտասարդը համառ էր, թեքեց ճանապարհը ու հասավ Բոբիկի ետևից:
- Անունս Արմեն է, իսկ քո՞նը, - հարցրեց տղան:
- Կարող ես Առաջնորդ կոչել, - քմծիծաղով պատասխանեց Բոբիկը, ծիծաղելով ինքն իր, իր գյուղացիների ու իր հիմար հավատի, պառավ Նուշիկի հիմար գուշակության վրա:
- Կատակասերն ես, Առաջնորդ, - ժպտաց Արմենը: - Իսկ ինչու՞ ես առանց կոշիկի:
- Երբևէ տեսե՞լ ես կոշիկներով առաջնորդ, - հարցին հարցով պատասխանեց Բոբիկը:
Արմենը ժպտաց:
- Ես առաջնորդ ընդհանրապես չեմ տեսել, դու առաջին ես, - ասաց նա: - Իսկ ո՞ւր ես գնում, երևում է քաղաքից չես: Եթե օգնելու բան կա, ասա, մի ամաչիր:
- Գնում եմ համալսարան:
- Համալսարանում ի՞նչ ես կորցրել, այ ես, օրինակ, ընդամենը 15 րոպե առաջ եմ այնտեղից փախել ու վերադառնալու ցանկություն չունեմ:
- Դու համալսարանում ես սովորում, - ուրախացած հարցրեց Բոբիկը:
- Այո՛, այո՛: Կամ ավելի ճիշտ փորձում եմ սովորել ու միշտ չէ, որ դա հաջողվում է: Դու էլ ես ուզո՞ւմ ընդունվել:
- Հա, ուզում եմ ուսանող դառնալ, գնում եմ ընդունվելու:
- Բայց դեռ քննությունների շրջանը չի, ու՞ր ես գնում:
- Ի՞նչ քննություն:
- Ընդունելության քննություն: Ի՞նչ է, չգիտես դա ինչ է, - քահ-քահ ծիծաղեց Արմենը:
- Իսկ առանց դրա ընդունվել չի՞ լինի, - շփոթված հարցրեց Բոբիկը:
- Կլինի, ինչու՞ չպետք է լինի, - ուրախ-զվարթ պատասխանեց Արմենը: - Եթե շատ փող ունես կամ պաշտոնյա բարեկամ, խնդիր չունես, հաշվի, որ արդեն ընդունվել ես:
- Իսկ որ առաջնորդ եմ, դա չի օգնի:
Արմենին դուր եկավ կատակը, նա երկա՜ր, շատ երկար սովորում էր:
- Արմե՛ն, ինչու՞ են մարդիկ ինձ թարս նայում, - հարցրեց Բոբիկը:
- Թարս չեն նայում, խոնարհվելով են նայում, չէ որ առաջնորդն է գալիս, - նորից ծիծաղելով ասաց Արմենը:
- Չէ, լուրջ, ինչու՞ են թարս նայում:
- Որովհետև անսովոր է փողոցում ոտաբոբիկ մարդ տեսնել, եղբայր իմ առաջնորդ, կոշիկ հագիր:
- Բայց ես իմ կյանքում կոշիկ չեմ հագել ու չեմ ունեցել, - շփոթված ասաց Բոբիկը:
- Լու՞րջ ես ասում, - զարմացավ Արմենը: - Այդ ինչպես է ստացվել:
- Երկար պատմություն է, մի օր կպատմեմ: Ինձ հիմա մի տեղ ցույց տուր, որտեղից կարելի է կոշիկ առնել:
- Իսկ որտե՞ղ ես գիշերելու:
- Ինձ իմ ազգականներից մեկի հասցեն են տվել, կգնամ նրանց տուն, մենակ թե պետք է խնդրեմ, որ այդ տեղը ցույց տաս:
- Ցույց կտամ, - ժպտալով ասաց Արմենը: - Իսկ հիմա քայլով մարշ, պարո՛ն առաջնորդ, գնում ենք կոշիկ առնելու:
Ու նրանք ուրախ շաղակրատելով շարունակեցին ճանապարհը:




Շարունակելի...

Chuk
25.05.2007, 19:59
Շարունակություն...


***

2005 թվականի ամառն իմ կյանքի ամենահեղափոխական շրջանն է: 1988 թվականին ծնված և առ այսօր ապրող ամեն մի մարդ ականատեսն է եղել դարը փոխվելուն, ապրել է 20-րդ և 21-րդ դարերում: Ես իմ ողջ կյանքում տարբերվել եմ բոլորից: Այո՛, տարբերվել եմ, բայց իրականում տարբերությունս եղել է մտացածին, այնպես որ տարօրինակ չէ, որ այս հարցում էլ ես տարբերվեցի բոլորից, թեև տարբերությունս էլի իրական չէ: Եթե այլոց համար դարը փոխվել է 2001 թվականի հունվարի մեկին, ապա ինձ համար 2005 թվականի ամռանը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդ ժամանակաշրջանը եղել է ոչ թե 20-րդ դարից 21-րդի անցում, այլ նախնադարից նոր դարի:
Մանկությունս հիշելիս հիշում եմ պառավ Նուշիկի գուշակության պատճառով լկստված փոքրիկ երեխային, որին ամեն ինչ թույլատրելի էր:
Զարմանալին համագյուղացիներիս համբերությունն ու իմ հանդեպ կույր հավատն էր: Փրկիչը, այսինքն ես, նրանց միակ հույսն էի, իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ ես ապրում էի հուսալքված գյուղում: Հուսալքված գյուղ, որում ապրելուս տասնվեց տարիների ընթացքում երբևէ չնկատեցի հուսալքության որևէ նշան: Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ…
Իմ գալստյանը նրանք սպասել են ութսունվեց երկար ու ձիգ տարիներ, գրեթե մեկ դար, որի ընթացքում ինչե՜ր ասես որ չի եղել երկրում: Գյուղն իր վրա զգացել է 1915 թվականի եղեռնի ծանր հետևանքները. այստեղ են գաղթել մազապուրծ ընտանիքներ, հիմնվել հյուրընկալ գյուղում, եղել է սով ու դժվարին տարիներ: Գյուղն իր տղամարդկանց ուղարկել է համաշխարհային պատերազմներին, որոնցից քչերն են վերադարձել: Սովետական միության տարիներին Սիբիր աքսորումը, անհնազանդների բանտարկությունները, դժվար պայմանները, սովը, աղքատությունը գյուղին չեն շրջանցել: Ու ամեն մի այսպիսի դժվար շրջանում գյուղացիները նորից ու նորից հիշել են պառավ Նուշիկին ու նրա գուշակությունը, անհամբեր սպասել նշված ժամանակին, ինձ…
Բայց իմ կարիքը գյուղում ավելի շատ զգացին միայն իմ ծնվելուցս հետո: Ծննդյանս օրվա ավերիչ երկրաշարժը մեր գյուղում շատ տներ քանդեց, շատերին որբացրեց, այրիացրեց, թողեց անզավակ: Աղքատությունը, հուսալքությունը, հուսահատությունն ու թշվառությունը իրենց ձեռքերը լայն տարածեցին մեր գյուղի վրա: Այդ դաժան մթության մեջ խեղճ ու սնահավատ գյուղացին միայն մեկ լուսավոր կետ էր տեսնում՝ ինձ, մի ոտաբոբիկ մանուկի, ով ապրում էր թշվառացած գյուղում առանձնացված մի փոքրիկ աշխարհում, որտեղ գյուղացին երբեք չէր մտնում արտասվաթոր աչքերով, երբեք ցույց չէր տալիս իր խեղճությունը: Իմ այդ փոքրիկ աշխարհում տեսնում էի միայն ուրախ ու զվարթ մարդկանց, ովքեր երբեք չէին մերժում իմ որևէ խնդրանքը, կամ ավելի ճիշտ՝ հրամանը…
Զարմանալի է, շատ զարմանալի է մեր օրում այդ աստիճան սնոտիապաշտությունը, այն էլ Քրիստոնյա գյուղում, ուր չկա չկնքված մարդ, ուր բոլորի սրտում ապրում է Հիսուս փրկիչը, բայց շարունակում են սպասել, հուսալ, որ այլ փրկիչ էլ կլինի, ով գուցե կլինի Քրիստոսի հետնորդը, կամ նրա օրհնությամբ արդար գործ անողը, ով կլինի իրենց դժվարին վիճակից հանողը, առաջնորդողը դեպի լուսավոր ապագա…
Ահա թե ինչու էի ես մեծանում սեփական անձիս մասին շատ բարձր կարծիքով, ինձ երևակայելով աշխարհի պտույտի կենտրոն: Այլ կերպ չէր կարող լինել մի մարդու հետ, ում միակ զրկանքը մանկության ընթացքում եղել է կոշիկի ու գուլպայի բացակայությունը:
Խե՜ղճ, հետամնաց մարդիկ: Նրանք այնքան լուրջ էին վերաբերվել գուշակությանը, որ նույնիսկ բարուրելիս ոտքերիս թաթերը բարուրից դուրս են թողել: Մանկությանս մասին պատմելիս ծնողներս ասում էին, որ իրենց ամենից առավել միշտ զարմացրել է, թե առաջնորդն ինչու՞ է այդքան լացկան: Հակված եմ մտածել, որ ոտքերս էին սառում, դրա համար եմ այդքան շատ արտասվել: Համենայն դեպս ծնողներիս՝ իմ մանկության մասին պատմություններն այդ են հուշում: Նրանք պատմում են, որ առաջին բառս «գու՛պա՛» է եղել, այլ ոչ թե «մամա», «պապա» կամ «կակա»: Փաստորեն գուլպա եմ պահանջել նրանցից…
Բայց դա, ինչպես արդեն ասացի, իմ միակ զրկանքն էր: Մնացած ամեն ինչն ունեցել եմ: Ունեցել եմ գյուղացիներիս կույր հավատի շնորհիվ, ովքեր մի կտոր հացը կտրում էին ոչ միայն իրենց, այլև իրենց զավակների բերանից ու տալիս ինձ ոչ միայն հացի, այլև ասենք հեծանիվի տեսքով, ու ես ապրում էի այդ թշվառ մարդկանց մեջ ինձ թագավոր պատկերացնելով, մինչև որ դարձա տասնվեց տարեկան պատանի ու ուզեցի ընդլայնել թագավորությանս շրջանակները, ձեռք բերել նոր հպատակներ: Դրա համար որոշեցի տեղափոխվել Երևան, ընդունվել համալսարան, դառնալ ուսանող, մինչև հաջորդ բարձունքներիս հասնելը:
Համագյուղացիներս այս որոշումն ընդունեցին խանդավառությամ՝ հիշելով պառավ Նուշիկի գուշակության շարունակությունը, ենթադրելով, թե դա էլ տեղի ունեցավ: Նրանք գիտեին, որ առաջնորդին քաղաքում ուղեկցորդ պետք չէ, որ իմ բոբիկ ոտքերն են լինելու յուրօրինակ ուղեկցորդներս:
Ա՜խ, այդ բոբիկ ոտքերը… Կարծրացած, հաստացած ու հարված կաշվով այդ դիմացկուն ու ճկուն բոբիկ ոտքերը, որոնց նայելիս հիշում եմ պառավ Նուշիկի գուշակությունն ու իմ կեղծ փառքով մանկությունը…
Ինձ քաղաքում իջեցրին մեքենայից ու մենակ թողեցին, հեռացան: Նախնադարից նոր դար բերեցին մի հին ու քանդված ավտոմեքենայով ու հեռացան՝ իրենց հետևից միայն գորշ ծխի քուլաներ թողնելով, որոնք արագորեն ձուլվեցին քաղաքի գարշ օդի մնացյալ ծխի անտեսանելի քուլաներին:
Քաղաք ընկնելուս հենց առաջին րոպեներին հուսալքվեցի ու դարձա խեղճ ու թշվառ մի մարդ, ով գիտակցում իր անզորությունն ու փոքրությունը, իր սովորական, հասարակ մարդ լինելը, մյուսներից չտարբերվելը…
Չէ, խաբում եմ, տարբերվում էի: Տարբերվում էի ու հասկանում այդ տարբերությունը: Դա միայն իմ բոբիկ ոտքերը չէին: Շատ բաներով էի տարբերվում ու հասկանում էի, որ մյուսներին նմանվելու համար դեռ շատ աշխատանք պետք է կատարեմ, ինձ ամբողջովին փոխեմ:
Ու անիծեցի… Անիծեցի պառավ Նուշիկին ու իր գուշակությունը: Ու նեղացա բոլոր հարազատներիցս ու համագյուղացիներս՝ իրենց հիմարության ու կյանքից հետ մնալու համար: Նեղացա ու որոշեցի կապս գյուղի հետ կտրել, այլևս երբեք չվերադառնալ, մոռանալ, փոխել կյանքս, փոխվել, նմանվել կողքիններիս, դառնալ նոր մարդ՝ սովորական, ոչ առաջնորդ…



Շարունակելի...

impression
25.05.2007, 21:46
Ես ավելի միստիկ շարունակություն ու վերջաբան էի սպասում, անսպասելի էր: Սակայն, իմաստը, այն, ինչի մասին սկսում ես մտածել, կարդալուց հետո, պետք է բոլորիս: Բոբիկ լինելու գիտակցումը, բոբիկ չմնալու ձգտումը, ստերեոտիպերից ազատվելու փորձը, ցանկությունը.... Շատ լավ էր :) Դեռ լրիվ չեմ մարսել, մի անգամ էլ եմ ուզում կարդալ, հետո գուցե նորից գրեմ ;)

Chuk
25.05.2007, 23:06
Ես ավելի միստիկ շարունակություն ու վերջաբան էի սպասում, անսպասելի էր: Սակայն, իմաստը, այն, ինչի մասին սկսում ես մտածել, կարդալուց հետո, պետք է բոլորիս: Բոբիկ լինելու գիտակցումը, բոբիկ չմնալու ձգտումը, ստերեոտիպերից ազատվելու փորձը, ցանկությունը.... Շատ լավ էր :) Դեռ լրիվ չեմ մարսել, մի անգամ էլ եմ ուզում կարդալ, հետո գուցե նորից գրեմ ;)
Դեռ ավարտված չի ;)
Ամեն ինչ դեռ առջևում է :B
Համ էլ շնորհակալու եմ գնահատականի համար :love

Firegirl777
26.05.2007, 15:32
Սպասում եմ, մեծ անհամբերությամբ, հետաքրքիր է շարունակությունը ու ձգող իր ետևից, գրելով հասել ես մի արդյունքի, որը շատ հաճախ ամենակարևորն է գրվածքի մեջ, այն քաշում է իր ետևից ստիպում հետևել մինչև վերջ, չշեղվել ու կլանվել մինչև վերջ, անմնացորդ, ԱՊՐԵՍ

StrangeLittleGirl
27.05.2007, 10:15
Չու՛կ, ի՞նչ կլինի, արագացրու: Ախր երեկ երբ մի երկու բառով ասացիր, թե հետո ինչ է լինելու, հետաքրքրությունից վառվեցի:

Արշակ
27.05.2007, 13:20
Սկիզբը լավն էր, հետաքրքիր էր ու առեղծվածային։ Զգացվում էր, որ հետաքրքիր զարգացում է սպասվում։ Բայց «Օպերայից» սկսած իրավիճակը, Բոբիկի մտածմունքներն ու վերլուծությունները մի քիչ անբնական, արհեստական թվացին։ Շարադրանքն էլ մի տեսակ կցկտուր էր ու կարծես որոշ մտքեր նախորդ մասից կրկնվող-ծամծմած լինեին։ Քո ստեղծագործություններում շարադրանքը սովորաբար ավելի խիտ ու սահուն է լինում։ Իմ կարծիքով չարժեր նորից խորանալ գյուղացիների վերաբերմունքի ու էլի մի քանի էդ տիպի բաների մեջ, որոնք արդեն քննարկվել էին նախորդ մասում։ Ավելի լավ էր էդ հարցերը մինչև վերջ առաջին մասում քննարկել ու հետագայում արդեն դրանց հիման վրա նոր զարգացումներ տալ։
Էս ի՜նչ խիստ քննադատեցի։:oy Չգիտեմ, գուցե սխալվում եմ։ Հատկապես որ ամեն ինչ դեռ առջևում է։:) Հա, համ էլ էս կարծիքս ուղղակի կարդալուց անմիջապես հետո առաջին շըփ-թըփ կարծիքն էր, նենց որ մի քանի անգամ կարդալու ու ավելի մանրամասն վերլուծելու դեպքում գուցե փոփոխվի։ Ուղղակի հիմա շատ ժամանակ չունեմ ավելի մանրամասն վերլուծելու, դրա համար ասեցի հենց սենց գրեմ։
Մի խոսքով, հետաքրքրությամբ սպասում եմ շարունակությանը։:)

Chuk
27.05.2007, 14:39
Սպասում եմ, մեծ անհամբերությամբ, հետաքրքիր է շարունակությունը ու ձգող իր ետևից, գրելով հասել ես մի արդյունքի, որը շատ հաճախ ամենակարևորն է գրվածքի մեջ, այն քաշում է իր ետևից ստիպում հետևել մինչև վերջ, չշեղվել ու կլանվել մինչև վերջ, անմնացորդ, ԱՊՐԵՍ
Շնորհակալություն :)
Ճիշտն ասած վախենում եմ հետոն ավելի թույլ ստացվի, առանց այն էլ երկրորդ մասն առաջինից թույլ եղավ :(

Չու՛կ, ի՞նչ կլինի, արագացրու: Ախր երեկ երբ մի երկու բառով ասացիր, թե հետո ինչ է լինելու, հետաքրքրությունից վառվեցի:
Բյուր, վա որ շտապելուց համը հանե՞մ :think :(

Սկիզբը լավն էր, հետաքրքիր էր ու առեղծվածային։ Զգացվում էր, որ հետաքրքիր զարգացում է սպասվում։ Բայց «Օպերայից» սկսած իրավիճակը, Բոբիկի մտածմունքներն ու վերլուծությունները մի քիչ անբնական, արհեստական թվացին։
Եթե անբնականին նայենք, ամբողջն է անբնական :P
Իսկ եթե առաջին մասը որպես այդպիսին ընկալում ենք որպես իրողություն, կարծում եմ, շարունակությունը հենց դրա բնականոն շարունակությունն է: Թե՞ սխալվում եմ :think

Շարադրանքն էլ մի տեսակ կցկտուր էր ու կարծես որոշ մտքեր նախորդ մասից կրկնվող-ծամծմած լինեին։ Քո ստեղծագործություններում շարադրանքը սովորաբար ավելի խիտ ու սահուն է լինում։ Իմ կարծիքով չարժեր նորից խորանալ գյուղացիների վերաբերմունքի ու էլի մի քանի էդ տիպի բաների մեջ, որոնք արդեն քննարկվել էին նախորդ մասում։
Համամիտ եմ, ուղղակի որոշ հարցեր հետադարձ պատասխան էին պահանջում, ու իմ զգացողությամբ այդ պատասխանները պետք է տրվեին իր քաղաքն ընկնելը նկակարագրվելուց հետո: Ընթացքում իրոք շատ բաներ կրկնվել են, ԴԵՌ, կարծես նորություն չի եղել, բայց փորձել եմ պատրաստվել նորությանը, դեպքերի զարգանալուն: Տեսնենք կստացվի՞ :think

Էս ի՜նչ խիստ քննադատեցի։:oy
Լավ արիր, ես միշտ էլ դրան սպասում եմ, դա ինձ օգնում է :redhat

Մի խոսքով, հետաքրքրությամբ սպասում եմ շարունակությանը։:)
Կաշխատեմ շատ չուշացնել :oy

StrangeLittleGirl
27.05.2007, 16:40
Բյուր, վա որ շտապելուց համը հանե՞մ
Հակառակը, ձգձգելուց համը կհանես ;)

Selene
28.05.2007, 14:29
Chuk ջան, ես որոշել եմ կարծիքս ամենավերջում հայտնել, երբ պատմվածքն ամբողջովին կարդացած կլինեմ:ok, այնպես որ, խնդրում եմ՝ մեզ բոլորիս շատ մի սպասեցրու:oy
Լավ, ամեն դեպքում մի բան եմ նատել, գյուղացիների սնահավատությունը նկարագրող պահերը մի քիչ կրկնվող լինեն կարծես, ինձ թվում է՝ պետք չէր նույն ծավալով անդրադառնալ դրան հաջորդ մասերում:oy Սպասում եմ…

Guest
29.05.2007, 08:46
Վայ, չե՞ս վերջացրել :)
Ես ել արդեն ուզում էի ընդհանուր կարխիքս գրեի: Բայց նենց ա, որ արդեն կարաս վերջացրած համարես՝ թողնելով մի փոքր մտածելու տեղ… տեսնենք էլ ինչ կգրես:
Մի բանից եմ հիմա վախենում, մեկ էլ չանես նենց, որ Նուշիկի գուշակությունը ճիշտ դուրս գա, ու Բոբիկը իրոք դառնա առաջնորդ: Իմ համար լրիվ իմաստը կփլուզվի :(

StrangeLittleGirl
29.05.2007, 14:19
Չէ՛, Հա՛յկ, ես չեմ ուզում, որ վերջանա: Ախր բավական հետաքրքիր բաներ են դեռ լինելու ;)

Enipra
29.05.2007, 22:34
Միանում եմ շարունակությանը անհամբեր, նույնիսկ շատ անհամբեր սպասողների շարքին։ ;)

Chuk
09.06.2007, 12:28
Շնորհակալություն բոլորիցդ՝ կարծիքների համար ու բոլոր նրանց, ովքեր սպասում են շարունակությունը, բայց ասեմ, որ որոշել եմ բոլորիդ ձանձրացնել իմ պատմությամբ :D

Այնպես որ, գնացինք առաջ.

շարունակություն...


***

Արմենն ու Բոբիկը ուրախ շաղակրատելով շարունակում էին իրենց ճանապարհը: Բոբիկի համար Արմենն ուղղակի հայտնություն էր: Քաղաքում ապրած այդ կենսուրախ տղայի ամեն մի խոսքը ավելի լայն էր բացում Բոբիկի աչքերը, որոնք առանց այն էլ չռված էին քաղաքում տեսածներից հետո: Արմենի ամեն մի խոսքը Բոբիկին հարկադրում էր ձևափոխել իր մեջ ամուր հիմքեր հաստատած կեղծ արժեքային համակարգը:
Նրանց կողքով սլացան հինգ-վեց հեծանվորդներ ու Բոբիկը, տեսնելով նրանց սպորտային, հարմարավետ ու գեղեցիկ հագուստը, նրանց շքեղ ու ժամանակակից հեծանիվները, հիշեց իր հին ու մաշված «Օրլյոնոկ» տիպի հեծանիվը, որն իր պահանջով գնել ու բերել էին քաղաքից, իսկ ինքը, նորին մեծություն միամիտը, այն կարծում էր առաջնորդության նշան:
- Որքա՜ն շատ են այստեղ առաջնորդները, - հոգոց հանեց Բոբիկը:
- Ամեն մեկս, - ուրախ աչքով արեց Արմենը:
Հետո նրանք էլի քայլում էին ու Բոբիկն էլի ու էլի զարմանում էր մարդկանց առատությունից. որքա՜ն շատ էին նրանք՝ մարդիկ... ու ամեն մեկը շտապում էր... արագ-արագ քայլում էին, նույնիսկ իրար բարևելու ժամանակ չունեին: «Ոչ մեկը ոչ մեկին բարի չի՞ կամենում, ի՞նչ է, - զարմացած ու շփոթված մտածում էր Բոբիկը: - Նույնիսկ ժամանակ չունեն իրար ողջություն ցանկանալու... մեր մոտ այդպես չէր»:
Չէ, այդպես չէր Բոբիկենց գյուղում: Որքա՛ն էլ որ շտապեիր, ինչքա՛ն ուզում է շատ գործ ունենայիր, դիմացինիդ բարևել կհասցնեիր, դիմացինիդ մի հատիկ «Ողջույն» բառը կասեիր: Մանավանդ Բոբիկին շատ էին բարևում: Նրա կողքով ոչ մեկն անտարբեր չէր անցնում: Բարևում էր, կանգնում, ողջությունը հարցնում, մի քիչ զրուցում ու նոր միայն շտապում իր գործին: Իսկ այստեղ, եթե անգամ նայում էին Բոբիկին, ապա խեթ հայացքով ու այդ խեթ հայացքի հիմնական պատճառը, երևի, Բոբիկի բոբիկ ոտքերն էին: Ճիշտ է՝ հիմա ոչ մեկը չէր համարձակվում ծաղրել. գուցե Արմենի ներկայությու՞նն էր ստիպում զգուշանալ:
Բոբիկը սկզբում շատ էր զարմանում մարդկանց առատությունից ու նրանց ճոխ հագուստից: Ճոխ՝ համեմատած իր համագյուղացիների հագուստի հետ: Զարմանում էր ավտոմեքենաների առատությունից ու չորս կողմի աղբից: «Հետաքրքիր է, - մտածում էր Բոբիկը, - մեր գյուղում այդքան քիչ մարդ է ապրում, բայց հասցնում են գյուղի ճանապարհները մաքրել ու մաքուր պահել: Իսկ այստեղ այսքան շատ են մարդիկ, իսկ փողոցներն այսքան կեղտոտ են»: Բոբիկը երկար մտածում էր դրա պատճառի մասին, հետո հասկացավ. «Գյուղում ես էի առաջնորդ ու ես ճանապարհները չէի մաքրում: Ինձ համար ճանապարհները գյուղացիներն էին մաքրում: Իսկ այստեղ բոլորն առաջնորդ են, ո՞վ պետք է մաքրի նրանց համար»:
Հենց այդ պահին մոտ տասնյոթ տարեկան մի աղջիկ ամոթանք տվեց քսանամյա մի պատանու, ով ծխախոտի տուփը շպրտել էր գետնին, վերցրեց այդ ծխախոտի տուփն ու գցեց մոտակա աղբարկղը: Մայթին մի քանի երիտասարդներ էին կանգնած, սկսեցին ծիծաղել աղջկա վրա: Աղջկա հասցեին մի քանի ծաղրական բառ ասաց ծխախոտի տուփը գցող երիտասարդը:
- Կեցցե՛ս, - Բոբիկի համար անսպասելի ասաց Արմենը՝ դիմելով համարձակ աղջկան: - Սրանց ծիծաղը բանի տեղ մի դիր, - ասաց, կռացավ, գետնից վերցրեց ընկած մի պաղպաղակի թուղթ, գցեց նույն աղբարկղն ու աղջկան աչքով անելով շարունակեց ճանապարհը:
Ժպտաց աղջիկը Արմենին, հետո նայեց Բոբիկի ոտքերին, բայց այ քեզ տարօրինակ բան, չփռթկացրեց, այլ մեղմ հայացքը բարձրացրեց Բոբիկի դեմքին, հուսադրող ժպտաց ու գնաց առաջ:
Մայթին կանգնած տղաները առաջին վայրկյաններին շփոթված, լուռ էին, իսկ հետո էլի սկսեցին ծիծաղել՝ միայն իրենք հասկանալով թե ինչի վրա, ու ինչ-որ ծաղրական արտահայտություններ անել՝ միայն իրենք հասկանալով թե ում կամ ինչի հասցեին:
«Հիմա ո՞վ է առաջնորդ, - ակամա մտածեց Բոբիկը, - սրա՞նք... ե՞ս... թե՞ Արմենն ու այս անծանոթուհին»: Երկար չմտածեց: Արմենն առաջ էր գնում, իսկ ինքը պետք է հասներ նրա հետևից:
Երկար քայլեցին: Բոբիկը չգիտեր, թե ու՞ր են գնում: Գիտեր, որ կոշիկ ու գուլպա պետք է գնեն, բայց թե կոնկրետ որտեղից՝ չգիտեր:
- Արմեն, ու՞ր ենք գնում, - մի քանի անգամ հարցրեց Բոբիկը:
- Առաջնորդը դու ես, ի՞նձ ես հարցնում, - ծիծաղելով պատասխանում էր Արմենը, հետո ավելացնում, - շուտով կհասնենք, մի անհանգստացիր:
Բոբկիկն արդեն վարժվել էր մարդկանց առատությանը. «քաղաքում այսպես է...», - ինքն իրեն որոշել էր նա, այնպես որ շատ զարմացավ, երբ հանկարծ նկատեց, որ մարդիկ գնալով պակասում ենք:
- Արմե՛ն, ու՞ր ենք գնում, - հարցրեց արդեն փոքր-ինչ անհանգստացած:
- Շուտով կհասնենք, մի անհանգստացիր, - պատասխանեց Արմենը, բայց Բոբիկն արդեն ավելի զգաստ էր, ու հասկացավ, որ Արմենն ինչ-որ բան թաքցնում է:
- Ինչքա՞ն շուտ, Արմեն, - հարցրեց նա:
- Շատ շուտով, - խուսափողական պատասխանեց Արմենը:
Բոբիկի տրամադրությունը գնալով ընկնում էր: Նա վախենում էր: Նոր աշխարհ, նոր մարդիկ: Ինքը չգիտի, թե այստեղ ում կարելի է հավատալ, իսկ ում՝ չի կարելի: Այս Արմենը լավ տղա ու վստահելի ընկեր էր երևում, բայց ինքն ի՞նչ իմանար, որ սա էլ նոր աշխարհի խափուսիկություններից չէր: «Իսկ գուցե այս Արմենը իմ առաջնորդ դառնալու ճանապարհի փորձություններից է, - մտածեց Բոբիկն, ապա ինքն իրեն սաստեց, - հիմա՛ր, մինչև հիմա չհասկացա՞ր, որ այդ ամենը հեքիաթ է»:
Իսկ Արմենը շարունակում էր քայլել ու Բոբիկը զարհուրած նկատում էր, որ մարդիկ արդեն հազարից մեկ են հանդիպում: Հետո հանկարծ նկատեց, որ շենքերի փոխարեն սեփական, քարուքանդ տների կողքով են գնում, որ ճանապարհն ասֆալտապատ չէ:
...

Chuk
09.06.2007, 12:28
...
- Այս որտե՞ղ ենք, Արմեն, - հարցրեց վախեցած Բոբիկը:
- Շուտով կհասնենք, մի վախեցիր, - աչքով արեց Արմենը, բայց Բոբիկը նրա աչքերում ինչ-որ տարօրինակ փայլ տեսավ: Գուցե՞ միայն իրեն թվաց... բայց ոչ, այստեղ ինչ-որ բան այնպես չէր...
- Արմեն, որտե՞ղ ենք...
- Մենք ահա այս տուն էինք գալիս առաջնորդ, - ասաց Արմենը ճանապարհի ոլորանից թեքվելով ու մի հինավուրց, քարե, անհրապույր ու չարագուշակ տեսքով տան առջև կանգնելով:
- Արմեն, սա քո՞ տունն է, - հարցրեց Բոբիկը, հասկանալով, որ դա այդպես չէ:
- Կարող ես այդպես համարել, առաջնո՛րդ, - քմծիծաղ տվեց Արմենը:
«Ինչ-որ բան ինձ այս տան մեջ դուր չի գալիս, - մտածում էր Բոբիկը ու հանկարծ հասկացավ... – պատուհա՜ն չունի»:
- Մտի՛ր ներս, - հրահանգեց Արմենը դուռը բացելով:
- Չեմ ուզում, - զարհուրած նայելով դռնից ներս տարածված մթությանը կմկմաց Բոբիկը:
- ՄՏԻ՛Ր ներս, - խիստ կրկնեց Արմենը:
- Չե՛մ մտնի, - հրաժարվեց Բոբիկը հետ-հետ գնալով, փորձելով խուսափել իր ճակատագրից:
- ՄՏԻ՛Ր ՆԵՐՍ, - գոռաց Արմենը՝ արագորեն շրջանցելով Բոբիկին:
Բոբիկը չհասցրեց պատասխանել: Մեջքին զգաց Արմենի ոտքի ուժգին հարվածն, իսկ հաջորդ պահին արդեն բերանքսիվայր փռված էր դռան շեմին, տան ներսում, ահազարհուր խավարի մեջ:
Չորս կողմից ձայներ էր լսում, բայց ոչինչ չէր տեսնում: Հետևից լսեց դռան փակվելու ճռռոցը: Զգաց, ոչ թե տեսավ, թե Արմենն ինչպես կողքով անցավ ու խորացավ սենյակի խավարի մեջ:
- Նոր մարդ եմ բերել, - լսեց Արմենի սառը ու նախկին գրավչությունը կորցրած ձայնը, - հիմարի մեկն է, բայց դիմացկուն է երևում:
Բոբիկի աչքերը կամաց-կամաց սկսում էին վարժվել մթությանը ու նա արդեն նկատում էր սենյակի մի ծայրում փոքրիկ աթոռակի վրա կուչ եկած ինչ-որ մարդու ուրվագիծը, որը գրեթե ամբողջովին ծածկում էր բուխարու շատ թույլ կրակը: Այդ մարդու դիմաց երկու երեխա դանակով խաղ էին անում:
- Եկա՞ր մանչս, - լսեց ինչ-որ պառավական ձայն: - Քեզ վաղուց էի սպասում:
- Դու ո՞վ ես, - Բոբիկն իր մեջ համարձակություն գտավ հարցնելու, բայց ինքն էլ զգաց, թե ձայնն ինչքան անհաստատ ու դողդողուն է:
- Ես քո մայրն եմ, մանչս: Քեզ վաղուց էի սպասում:
- Իմ մայրը հիմա հեռու է: Ես քեզ չեմ ճանաչում:
- Հեռու է այն կինը, ով քեզ իր փորից թարս հանեց, իսկ ես քո մայրն եմ, - ասաց ու քահ-քահ ծիծաղեց պառավը:
Ինչ-որ սատանայական բան կար այդ ծիծաղի մեջ ու Բոբիկի մարմնով սարսուռ անցավ: Նա զգաց, թե ինչպես են իր ձեռքի աղվամազերը ցցվել, ինչպես են լայնացել բիբերը, որ բերանը բաց է մնացել, բայց ոչինչ չէր կարող անել:
- Աաաա՜, ձեռքս ծակեցիր, ա՛ռ քեզ, - Բոբիկը տեսավ թե ինչպես պառավի դիմաց խաղացող երեխաներից մեկը դանակով ուժգնորեն խփեց մյուսի փորին: Արյունը լցվեց Բոբիկի գլուխը, նա հուսահատվեց, չէր հասկանում, թե ի՞նչ է կատարվում:
- Սմբատ, արի՛ ծոռերիդ տիրություն արա, - ձայնեց պառավը ու սենյակի մյուս խավար անկյունից դուրս եկավ մի ծերունի, ում Բոբիկը միանգամից ճանաչեց՝ տեսած նկարներից:
Այս բիձեն իրենց գյուղից է եղել ու միշտ երազել է, որ առաջնորդն իր ծոռը լինի: Իր այդ երազանքից կուրացած թոռան վրա ճնշում է գործադրել՝ պահանջելով նորանոր ծոռներ: Ընչաքաղցությունից կուրացած ծերունին չի էլ նկատել, թե ինչպես է ոչնչանում իր տոհմը, կործանման է տարել հարսին, ծոռներին, թոռանը:
- Դու ի՛մ ծոռը պետք է լինեիր, - թշնամական ձայնով ու ատելությամբ նայելով Բոբիկին ասաց ծերունին, մոտեցավ իր ծոռներին, երկուսի ականջներից բռնելով դուրս տարավ:
Այդ ընթացքում պառավն ուշադիր նայում էր Բոբիկին:
- Դու հասկացա՞ր, - հարցրեց պառավը Նուշիկը, - հասկացա՞ր, թե սրանք ովքե՞ր են:
Բոբիկը ձայն չէր հանում:
- Մոտ արի՛, - ձայնեց Նուշիկը:
Բոբիկը սկզբից կարծեց, թե իր հետ է, բայց շուտով համոզվեց, որ՝ ոչ: Պառավին մոտեցավ մի տղամարդ... ասենք միայն ենթադրել կարելի էր, որ դա տղամարդ է, այնքան բզկտված ու ջարդտված էր նրա մարմինը, դեմքը, վրան չորացած արյունից ամբողջովին սև էր երևում:
- Այս հիմարը կարծում էր, թե կարող է հասնել ու ինձ վնաս տալ, - չարագուշակ ծիծաղելով Բոբիկին դարձավ պառավը, - հիմա ինքն էլ գիտի, որ չէր կարող, թեև ինձ այնուամենայնիվ հասավ, ոչ իր կամքով, ու միշտ ինձ մոտ կլինի, ոչ իր կամքով:
Բոբիկը հիշեց պատմությունն ու հասկացավ, որ իր դեմ կանգնած է Սմբատ պապի թոռը, այն դժբախտ մարդը, ով կորցնելով կնոջը, պապին ու երեխաներին խելագարվել էր ու գնացել Նուշիկի հետքը գտնելու:
- Գնա՛, - նույն չարագուշակ ձայնով ասաց պառավը ու Բոբիկը հուսով նայեց նրան, մտածելով թե իր հետ է, բայց էլի սխալվել էր: Սենյակից լուռ դուրս եկավ Սմբատի թոռը:
- Եկե՛ք, - ձայնեց պառավը:
Ներս մտան մարդիկ, գալիս, նայում էին Բոբիկին ու գնում: Մեկի ձեռքը չկար, մեկի ոտքը, մեկի գլուխն էր ջախջախված... Բոլորի դեմքին տառապանք էր երևում, բոլորի քայլի մեջ չկամություն, պառավին չհասնելու ձգտում, բայց դրանից հրաժարվելու անհնարինություն:
Ու հանկարծ հասկացավ Բոբիկը: Սրանք բոլորն այն մարդիկ էին, ովքեր այս կամ այն կերպ կապված էին իր ծնունդի հետ: Բոլորը գիտեին, որ Բոբիկը ծնվել է մահերի ուղեկցությամբ. ահա այդ մահերը, ահա իր անեծքը, ահա իրեն անիծողը, իսկ ինքն ուժ չունի, որ գնա ու մի բանով զարկի այդ պառավ Նուշիկի գլխին ու աշխարհը մեկընդմիշտ ազատի նրա ներկայությունից: Զարհուրած էր Բոբիկը ու չգիտեր, թե ինչ աներ: Զգում էր, որ մարմինը սառն է: Թուլացած էր ու չէր հասկանում, թե ինչու՞: Շունչը կտրվում էր, հևում էր: Միտքը գնալով կորցնում էր սթափությունը...
«Արմե՞նը: Իսկ ո՞վ է Արմենը: Միթե՞ նա ինձ խաբեց: Միթե՞ նա իմ ընկերը չէր: Տեսնես ո՞վ էր այդ Արմենը», - հանկարծ տենդագին սկսեց մտածել Բոբիկը:
- Արմե՞ն, - ձայնեց նա:
Պատասխան չկար: Նուշիկը չարագուշակ ծիծաղում էր: «Ո՞վ էր այդ Արմենը: Նա է ինձ այստեղ բերել, նա էլ պետք է հանի այստեղից»:
- Արմե՛ն, - ձայնեց ավելի բարձր:
Պատասխան չկար, միայն պառավի կչկչոցն էր լսվում:
- Արմե՛ն, Արմե՜ն, Աաաաարմեեեեե՛ն....


շարունակելի...

Selene
09.06.2007, 14:05
Շնորհակալություն բոլորիցդ՝ կարծիքների համար ու բոլոր նրանց, ովքեր սպասում են շարունակությունը, բայց ասեմ, որ որոշել եմ բոլորիդ ձանձրացնել իմ պատմությամբ :D

Երևի հիասթափեցնեմ, քեզ, Chuk ջան, քո պատմությամբ ինձ ձանձրացնել դեռ չի հաջողվել;)ավելին՝ ինձ հիմա առավել, քան նախորդ մասերը կարդալուց հետո, հետաքրքիր է , թե ինչ է լինելու:)

Firegirl777
09.06.2007, 15:35
Իսկ հետո՞՞՞ ինչ եղավ հետո, շարունակություն՜՜՜

Chuk
10.06.2007, 14:27
Արձագանքների քանակից երևում է, որ մի մասին արդեն ձանձրացրել եմ :D
Ուրեմն փորձեմ ձանձրացնել դեռ չձանձրացածներին :P
Մի փոքր էլ գնանք առաջ.

Շարունակություն...


* * *

- Արմե՛ն, Արմե՜ն, Աաաաարմեեեեե՛ն....
Բոբիկը զարթնեց ինքն իր գոռոցից: Շունչը կտրվում էր: Թուլացած էր: Մարմինը սառն էր, ինքը՝ քրտնած:
- Նորից վատ երազ տեսա՞ր, - հարցրեց Գոհարիկը:
Բոբիկը չպատասխանեց: Շունչը դեռ տեղը չէր եկել: Գոհարիկը շտապ դուրս եկավ սենյակից ու վերադարձավ մի բաժակ ջուր ձեռքին:
- Խմի՛ր, - ասաց միայն մեկ բառ:
Բոբիկը խմեց, շունչը սկսել էր տեղը գալ:
- Այս անգամ ի՞նչ էր, - հարցրեց սեղանի մոտ նստած Արմենը:
- Էլի դու, - պատասխանեց Բոբիկը՝ փորձելով ժպտալ, - Արմեն, վախենում եմ երազներիցս: Ախր հնարավոր չի, որ դու այդպիսին լինես:
Բոբիկի ձայնում թախիծ կար ու վախ. դա բացահայտ էր երևում:
- Այս անգամ ի՞նչ է արել այս հիմարիկը, չլինի՞ սպանել է քեզ, - ժպտալով հարցրեց Գրիքորը, փորձելով ցրել ընդհանուր լարվածությունը:
Բոբիկը փորձեց որպես պատասխան ժպտալ, բայց չկարողացավ: Քաղաք տեղափոխվելուց հետո, որքան էլ որ փորձում էր թաքցնել, նա խիստ նյարդային վիճակում էր, խառնվել էր նրա հոգեկանը, ինքը հյուծվել էր: Նրա կյանքում շատ արագ տեմպերով փոխվել էր ամեն ինչը՝ միջավայրը, բնակավայրը, շրջապատը, մտածելակերպը, փոխհարաբերությունները... մի խոսքով՝ ամեն ինչը ու այդ ամենին Բոբիկը դեռ չէր կարողանում հարմարվել: Դա քիչ է, այս «իրական» երազներն էլ մյուս կողմից էին Բոբիկին տանջում: Այդ երազները ամեն ինչով էին իրական. գունավոր էին, ձայները բնական էին, ամեն մի դեպքը նախորդի տրամաբանական հաջորդականությունն էր... այդ երազներում Բոբիկը նույնիսկ հոտեր ու ցավ էր զգում: Արդեն որքան ժամանակ է զարթնել է, բայց դեռ իր հիշողության մեջ մնացել էր այն չարագուշակ տնից եկող կեղտոտ գուլպայի հոտը, որը սրտխառնոց էր առաջացնում:
Դեռ լավ է, որ քաղաքում գտել էր Արմենի պես ընկեր, որն էլ Բոբիկին ծանոթացրել էր իր երկու մտերիմ ընկերների՝ Գրիքորի ու Գոհարիկի հետ, ու այս չորսով դառել էին անբաժան ընկերներ: Արմենը, Գոհարիկն ու Գրիքորը շատ էին օգնում նրան, մեջքին կանգնած էին, բայց անգամ դա չէր կարողանում ցրել Բոբիկի մտքերը:
- Արմեն, դու ոտքով մեջքիս խփեցիր, - խեղճացած ու մի տեսակ կուչ եկած ասաց Բոբիկը: - Այնքան եմ ամաչում, որ քո մասին այդպիսի բան եմ երազումս տեսել...
- Բայց դա ուղղակի հրաշալի է, - սարքովի ուրախ ձայնով Բոբիկին ընդհատեց Գոհարիկը: - Երազում հարվածը դա ուժ տալու նշան է: Այսինքն Արմենը քեզ կյանքում ուժ է տալու: Ու տես, այդպես էլ կա: Ինքը քեզ հետ ֆիզիկա է պարապում ու ուժեղացնում: Դրանի՞ց էլ լավ բան: Այնպես որ երազներիդ համար շատ մի անհանգստացիր:
- Չէ, Գոհար, դու այդ երազը չես տեսել, չես պատկերացնում, - հակաճառեց Բոբիկը: - Այնպիսի զգացողություն ունեմ, որ ես մի օր հանդիպելու եմ այդ պառավ Նուշիկին...
- Հիմարություն, - ընդհատեց Գրիքորը, - այդպիսի բան լինել չի...
- Ես քեզ այդ պառավի մոտ էի տարե՞լ, - հարցրեց Արմենը:
- Ի՞նչ իմացար, ես չէի պատմել, - վախեցած հարցրեց Բոբիկը:
- Կռահեցի, մի վախեցիր, - ժպտալով աչքով արեց Արմենը:
- Արմեն, ու՞ր ենք գնում, - հարցրեց Բոբիկը:
- Չհասկացա, - զարմացավ Արմենը, - այսինքն ինչպե՞ս թե «ուր ենք գնում»:
- Ես այդ հարցն էի անընդհատ քեզ տալիս, իսկ դու ասում էիր «մի վախեցիր», ճիշտ այնպես, ինչպես նոր ասացիր:
- Բոբի՛կ, Բոբի՜կ, - տխուր ժպտալով գլուխը թափ տվեց Արմենը, - ուրեմն դու իսկապե՞ս վախենում ես ինձնից:
- Ե՞ս: Չէ: Չգիտեմ: Արմեն, ես չգիտեմ թե ինչից եմ վախենում, ես ուղղակի վախենում եմ:
- Ի՞նչ էինք անում նրա մոտ, - հարցրեց Արմենը:
- Ինքն ասում էր, որ իմ մայրն է: Լավ չեմ հիշում ու հասկանում: Ասում էր, որ կապ չունի, թե ով է ինձ ծնել, միևնույն է ինքն է իմ մայրը: Հետո այնտեղ լիքը մահացածներ կային: Բոլոր նրանք, ում մահը կապված է «առաջնորդի» գալստյան հետ: Ու նրանք այն տեսքն ունեին, ինչ-որ մահացած ժամանակ, բայց շարժվում էին: Ու սենյակում հոտ էր տարածված ու չեմ հասկանում, թե ինչ հոտ էր: Կարծես կեղտոտ գուլպայի հոտ լիներ: Բայց կարող է մեռելների հոտն էր: Ու վախենալու էր: Արմեն, նրանք աշխատում էին ինձ չնայել, բայց ես զգում էի, որ բոլորն ինձ ատում էին: նրանք երևի կարծում են, որ իմ պատճառով են մահացել: Արմեն, կարող է այդպե՞ս է...
- Հիմարություն, - բացականչեց տաքարյուն Գրիքորը: - Բոբիկ, մոռացիր այդ պատմությունը, դրանք մարդու երևակայության արդյունք են, ինչպես և քո երազը: Երևակայություն, ուրիշ ոչինչ: Ուղղակի քո կյանքում վերջերս լուրջ փոփոխություն է եղել ու դու դա շատ ծանր ես տանում: Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի, պարզապես չպետք է վհատվես: Ու քեզ մի թուլացրու, ամեն ինչ լավ կլինի:
- Չգիտեմ, Գոք, իրոք չգիտեմ, - մտածկոտ պատասխանեց Բոբիկը: - Երբեմն սկսում եմ մտածել, որ հնարավոր է, որ այդ գուշակության մեջ իրոք ինչ-որ ճշմարտություն կա: Չէ, ես չեմ կարծում, որ առաջնորդ եմ դառնալու, բայց ինչ-որ մի բան այնուամենայնիվ կա այդ գու...
- Բոբիկ, բայց դու ինձ այդպես էլ չասացիր, հիմնական նշանը ո՞րն էր, որով քեզ որպես առաջնորդ էին ճանաչել, - հանկարծ Բոբիկին ընդհատելով հարցրեց Գոհարիկը:
- Այ հենց դա է շատ կասկածելի, Գոհար, - շատ լուրջ պատասխանեց Բոբիկը: - Հասկանու՞մ ես, այդ պառավը գուշակել է, որ տարիներ հետո ծնվելու է մեկը, որը ծնվելու է ոչ այնպես, ինչպես ուրիշ մարդիկ: Մարդկանց ծնվելուց սկզբից նրանց գլուխն է դուրս գալիս, հետո մարմինը, հետո ոտքերը: Իսկ պառավն ասել է, որ առաջնորդը թարս է ծնվելու, այսինքն սկզբից ոտքերը, հետո մարմինը, հետո գլուխը: Ուրիշ նշաններ էլ կան, բայց սա է ամենակարևորը: Ու բոլորս էլ գիտենք, որ դա անհնար բան է, բայց արի ու տես, որ ես այդպես եմ ծնվել, դրա համար էլ... Գոհա՞ր: Քեզ ի՞նչ եղավ: Ինչու՞ ես ծիծաղում:
Անկեղծ ասած ծիծաղելը մեղմ համեմատություն է, որովհետև Գոհարիկը թավալվում էր բազմոցի վրա ու բարձր կչկչում: Տղաները զարմացած նրան էին նայում, չհասկանալով, թե ինչ եղավ, իսկ Գոհարիկը չէր հանդարտվում: Արդեն նրա աչքերից արցունքներ էին հոսում, երբ փոքր ինչ հանդարտվեց:
- Ասու՞մ ես հիմնական նշանը դա՞ է եղել, - դեռ լրիվ չհանգստացած հարցրեց Գոհարը: - Ու դրա համա՞ր են քեզ առաջնորդի տեղ դրել:
- Հա, դրա համար, - շփոթված պատասխանեց Բոբիկը՝ չհասկանալով, թե ինչն է Գոհարին այդքան զվարճացրել:
- Վա՜յ, Դմբլո, ու դու դրա համա՞ր ես այսքան անհանգստացած, - ժպտալով շարունակեց Գոհարիկը: - Ախր գիտե՞ս, թե ինչքան շատ են այդպես ծնվող մարդիկ: Շատ-շատ են: Մեկ, տաս, հարյուր, հազար հոգի չեն, շատ-շատ են: Ափսոս բժշկությունից լավ չեմ, թե չէ այդ երևույթի քանակը ու վիճակագրությունն էլ քեզ կասեի: Բայց այդպես ծնվածներն իսկապես շատ-շատ են, դու մենակ չես:
Այս նոր հայտնությունը Բոբիկի ուղեղում կարծես այնքան էլ լավ չէր տեղավորվում: Նա բերանը բաց լսում էր Գոհարին, հետո վերջապես մի հարց տվեց.
- Ու բոլոր այդպես ծնվածներն առաջնո՞րդ են:
- Հա, Դմբլո ջան, բոլոր այդպես ծնվածները առաջնորդ են, - ծիծաղելով պատասխանեց Գոհարիկը: - Ես էլ եմ առաջնորդ, որովհետև ես էլ եմ այդպես ծնվել...
- Ինչպե՞ս թե... քո ոտքե՞րն էլ քեզնից առաջ ընկել...
- Այո՛, այո՛, Դմբլո-Բմբլո, - լեզու հանեց Գոհարիկը: - Իսկ հիմա թարգեք այս խոսակցությունը: Պետք է հաց ուտել, որ շարունակենք պարապելը: Դու, առաջնորդության երազանքներով տարված չես մոռացել, չէ՞, որ ուզում էիր համալսարան ընդունվել, իսկ քննություններին մի քանի օր է մնացել: Այնպես որ, քայլո՛վ մարշ, դեպի խոհանոց:


Շարունակելի...

Firegirl777
11.06.2007, 15:16
Հիանալի է, նամավանդ Գոհարիկի ծիծաղը սպանիչ է..... Երազի ավարտն էլ գեղեցիկ էր, երբեք չէի մտածի, որ այն վերըում նկարագրված էր միայն երազ էր....
Ապրես, շաւոնակի...

Աթեիստ
12.06.2007, 09:36
Շատ լավ է, սպասում եմ շարունակությանը:


- Նոր մարդ եմ բերել, - լսեց Արմենի սառը ու նախկին գրավչությունը կորցրած ձայնը, - հիմարի մեկն է, բայց դիմացկուն է երևում:

Սա տեղին չէր:

Երվանդ
12.06.2007, 16:08
Սկզբից թվում էր Հրանտ Մաթևոսյանա:), բայց հետո դուրս չեկավ:sorry, Մաթևոսյանի ու Կաֆկայի խառնուրդ Հեմենգուեյով սոուս արած:) սենց տպավորություն էր:(, բայց երկխոսությունը Արտակի հետ, սկզբի, դուրս եկավ:

Guest
12.06.2007, 17:21
Ընտիր ա Չուկ, դու տաղանդ ես :hands
Ընդհանուր պատմվածքի ընթացքում արդեն 3 անգամ փշաքաղվեցի:

Ամենաշատը դուրս եկավ երեխեքից մեկի մյուսին հարվածելու տեսարանը:
Կեղտոտ խողանոցում, անցյալում սպիտակ և ջարդված սալիկներով, կիսաբաց և ժանգոտած սառնարանի կողքը պպզած երկու հնարավորին չափ կեղտոտ երեխաներ… հրաշք:

Հ.Գ. Աթեիստի նկատողությունը տեղին էր:

impression
12.06.2007, 20:54
Չուկ ջան, ապրես, լավ էիր լուծում գտել, թե ոնց հանդիպեցնես Բոբիկին ու Նուշիկին: Էնքան է երևակայությունդ աշխատում, որ անգամ չեմ կարողանում շարունակության վերաբերյալ գուշակություններ անել ;)

Ի միջի այլոց, կեցցես, վերականգնել ես առաջին հատվածին բնորոշ մթնոլորտը, որն էլ, ի դեպ, հենց քո պատմվածքի համ ու հոտն է: Ապրես :hands

StrangeLittleGirl
13.06.2007, 12:18
Կեղտոտ խողանոցում, անցյալում սպիտակ և ջարդված սալիկներով, կիսաբաց և ժանգոտած սառնարանի կողքը պպզած երկու հնարավորին չափ կեղտոտ երեխաներ… հրաշք:
Ես սենց նախադասություն չեմ հիշում: Չլինի՞ ինչ-որ բան կիսատ է երևում:

Guest
13.06.2007, 13:15
Ես սենց նախադասություն չեմ հիշում: Չլինի՞ ինչ-որ բան կիսատ է երևում:

Որտեղից հիշես, եթե չկա:) Իմ երևակայությունն էր :D

StrangeLittleGirl
13.06.2007, 13:21
Վատ չի, գիտե՞ս: Որ մի քիչ էլ աշխատես վրադ, գուցե գրող դառնաս: Եթե չստացվի, գրող ու ցավը կա ու կա :D
Chuk, էս վե՞րջն էր, թե՞ էլի կա: Եթե առաջինը, ուրեմն հիասթափվեցի: Եթե երկրորդը, ջղայնացա: :angry Ինչքա՞ն ես ձգձգելու: Ուզում եմ մինչև վերջը կարդալ :P

Guest
13.06.2007, 13:39
Վատ չի, գիտե՞ս: Որ մի քիչ էլ աշխատես վրադ, գուցե գրող դառնաս: Եթե չստացվի, գրող ու ցավը կա ու կա :D

Դու ուղղակի ռուսերեն կարդալ չգիտես, թե չե կտեսնեիր իմ երեք "գլուխ գործոց"-ները:D Այնպես որ արդեն վաղուց գրող ու ցավ եմ


Chuk, էս վե՞րջն էր, թե՞ էլի կա: Եթե առաջինը, ուրեմն հիասթափվեցի: Եթե երկրորդը, ջղայնացա: :angry Ինչքա՞ն ես ձգձգելու: Ուզում եմ մինչև վերջը կարդալ :P




շարունակելի...
Արխային ջղայնացի:P մեկ էլ ուշադիր եղի;)

Մանոն
13.06.2007, 15:39
Chuk ջան, հետաքրքրությամբ ընթերցվում է, մի քիչ անհավանական էր հերոսի ու Արմենի հանդիպումը, եթե հաշվի առնենք այժմյան մարդկանց անտարբերությունն ու անհաղորդ լինելը մեկմեկու նկատմամբ: Դրա համար էլ հենց սկզբից մի տեսակ կասկածելի էր այդ երկուսի հանդիպումը: Երազն էլ հետաքրքիր մտահղացում էր, բայց գիտե՞ս, երբ հասկացա, որ դա երազ էր, ակամա սկսեցի փնտրել, թէ որտեղից էր այն սկսվել…ու չգտա: Իսկ գուցե հենց սկզբից ամեն բա՞ն էր երազ, այդ թվում նաև իր առաջնորդ լինելու գաղափարը: Ինձ թվում է ամեն մեկը տարբեր տեսանկյուններից կարող է հարցին մոտենալ, ու հենց այդ խճճվածությունն է գիտե՞ս հետաքրքրացնում պատմվածքը:)Վայյ էս ինչ երկար գրեցի…Մի խոսքով հետաքրքրությամբ սպասում եմ մերօրյա Գիքորի արկածների շարունակությանը:

Ծով
13.06.2007, 20:03
Չու՛կ ջան, մինչև մինչև վերջ չտեղադրես, չեմ կարդալու…սկզբունքորեն չեմ կարդալու…:P
Բայց, հետաքրքրությունից մեռնում եմ:think…քո գրելու ոճը սիրում եմ…:love
Դե շուտ արա՛…էլի՞…;)

Chuk
04.08.2007, 14:53
Ես գիտեմ, որ դուք ուզում եք ավարտը տեսնել, իմանալ, թե վերջն ի՞նչ եղավ: Հավատացեք, որ ես էլ...
Իսկ առայժմ դեպքերի որոշ զարգացմուներ:

շարունակություն...


***

Աչքերը բացեց անծանոթ սենյակում: Աղքատության հոտ էր գալիս այդ սենյակից: Պատերը մերկ էին, երևում էին հողով շաղափված քարերը: Կոպիտ ու անտաշ փայտից դուռը փակ էր: Սենյակը լուսավորվում էր միայն երդիկից եկող ցերեկային լույսով, որն ամբողջովին չէր կարողանում ցրել սենյակում թագավորող խավարը: Սենյակի մի անկյունում սեղան էր դրված, անտաշ մի սեղան, վրան կավե բաժակ, կավե ափսե, կավե սափոր, կիսատ հաց ու կանաչի: Հացն ու կանաչին ափսեի մեջ չէին, դրված էին ուղղակի սեղանի անտաշ երեսին: Սենյակի մյուս անկյունում մահճակալն էր, որն ավելի շուտ փայտե արկղ էր, վրան բրդյա կոպիտ վերմակ ու դոշակ գցված: Ինքը նստած էր մի աթոռի վրա, որը հենակ չուներ: Քառոտանի, էլի անտաշ մի աթոռ էր դա: Դիմացը մարդիկ էին շարված: Խավարի պատճառով ու քանի որ ինքը նստած լինելու պատճառով նրանց ներքևից էր նայում, ու ստացվում էր, որ այդ մարդկանց տեսնում երդիկի ֆոնի վրա, դեմքերը պարզորոշ չէին երևում: Բայց աչքերը լարեց ու սկսեց զանազանել նրանց դիմագծերը. արևահարված ու կնճռոտված դեմքեր: Միամիտ մարդը սրանց կնճիռներին նայելով կմտածեր, թե տարեց մարդկանց հետ գործ ունի: Իսկ ինքն անմիջապես ճանաչեց գյուղի աշխատավորին: Կնճիռների ակոսներում հող էր, հայացքներում բերք: Հաստատ գյուղացիներ էին: Այդ դեմքերը մի տեսակ ծանոթ և անծանոթ էին: Փորձեց մտաբերել, չհիշեց: Եվ մինչ մտածում էր, հանկարծ հենց իր համար անսպասելի խոսեց.
- Շուտով մահանալու եմ ու ձեզ կանչել եմ, որ պատգամեմ, թե դիակիս հետ ինչ անեք:
Ինքն իր ձայնից ու իր խոսքերից սարսափեց: Ծեր կնոջ ձայնը, որով խոսում էր, անսպասելի էր, ասած խոսքերը՝ վախենալու: Տենդագին սկսեց մտածել ու փորձել հիշել, թե ինքն ո՞վ է, որտե՞ղ է, ինչի՞ համար: Ու մինչ մտածում էր, հանկարծ հասկացավ, որ հենց իր համար անսպասելի շարունակում է խոսել.
- Փայտից մակույկ կսարքեք: Այդ մակույկի հատակին հող կցանեք, ու երբ որ մահանամ, դիս կպառկեցնեք այդ մակույկի մեջ՝ հողի վրա: Ձեռքերս չխաչեք, կթողնեք, որ կողքերիս դրված մնան: Մակույկը կրակ կտաք ու գետով բաց կթողնեք: Այդպես պետք է հեռանամ ձեզնից...

Աչքերի առաջի պատկերը սկսեց մշուշոտվել, սևանալ, կորել: Մտքերը գնացին ու խառնվեցին աշխարհի բոլոր մտքերի լաբիրինթոսում թափառող մտքերին, իսկ ինքը խուճապահար բռնում էր իր կողքով գլորվող մտքերի կծիկների թելերի ծայրն ու տեսնելով, որ դա չէ իր միտքը անցնում էր հաջորդին, վախեցած մտածելով որ կորցրեց իր հիշողությունն ու իր միտքը, որ էլ չի գտնի ու կնմանվի իրենց գյուղի խելագար Մարգարին, որն ոչինչ չէր հիշում ու ամբողջ օրը մի ոտքի վրա կանգնած նայում էր արեգակին ու արագիլից իր՝ երկրաշարժի ժամանակ կորցրած որդուն էր պահանջում: Սարսափեց այդ արագիլանման կարգավիճակից ու սկսեց ավելի մեծ եռանդով փնտրել հենց իր մտքի թելի կծիկն ու այդտեղ էլ տեսավ մնացած բոլոր կծիկներից տարբերվող մի տարօրինակ կծիկ: Մյուս բոլոր մտքերը գնդաձև էին ու հստակ, հատիկ-հատիկ երևում էին բոլոր ոլորան թելերը, իսկ այս մեկն ուրիշ էր, ձվաձև ու տարօրինակ լղոզված, մոխրագույն... Մոռանալով իր մտքի, իր ամենամեծ հարստության՝ իր կծիկի մասին, սկսեց հմայված քայլել այս նոր, տարօրինակ ու տձև մտքի հետևից: Փորձեց նմանեցնել իրեն ծանոթ ինչ-որ մի բանի ու հանկարծ հասկացավ, որ այդ տարօրինակ կծիկը մշուշ է, ձվաձև մշուշ: «Ձուն կյանքի արարիչն է», - մտածեց ակամա, - «մշուշը կյանքի քողարկիչը», - ավելացրեց իր մտքին այս նոր միտքն ու տեսավ թե իր ուղեղի գալարներից ոնց է քանդվում ինչ-որ նոր, բայց գորշ գույնի մտքի թել, հավաքվում, փաթաթվում, դառնում կծիկ ու գնում միանալու լաբիրինթոսում գլորվող մյուս բոլոր մտքերին: Այս մի մտքին չթողնեց փախնել, վերջին պահին բռնեց թելի ծայրն ու սկսեց ընթերցել. «Ձուն կյանքի արարիչն է, մշուշը կյանքի քողարկիչը: Մշուշոտ ձուն իր մեջ պետք է նոր կյանք թաքցնի: Այդ կյանքի հասունացման համար անհրաժեշտ է կյանքի չորս բաղադրիչ... »: Բայց մինչև վերջ չկարողացավ կարդալ, որովհետև այս մտքի կծիկը որոշեց փախնել ու իր ձեռքից ցած թռչելով գնաց ու խառնվեց մյուս մտքերի առաջացրած քաոսին, որում չէր կարող առանձնանալ, երևալ... Այդ քաոսից միայն ձվաձև մշուշոտ քաոսային կծիկն էր զանազանվում ու ինքը էլի գնաց դրա հետևից՝ հմայված, գերված, կախարդված: Հանկարծ այդ մշուշոտ ձվի երեսին քրտինքի կաթիլներ սկսեցին հայտնվել, ապա մի եթերային քամի բարձրացավ, որն այդ կաթիլները հավաքեց իրար գլխի ու հավաքված ջուրն հանկարծ սկսեց եռալ ու իր աչքերի առաջ վերածվեց մի թեժ կրակի, որն արագորեն մարեց ու նրանից մնաց միայն մուրը, որին ուշադիր նայելով տեսավ, որ հող է, ոչ թե մուր: Ապա այդ հողը սուզվեց մշուշոտ ձվի մեջ, իսկ ձվի երեսն էլի սկսեց քրտնել: «Կարծես երկունքի սկիզբ լինի», - մտածեց ակամա, բայց այս մտքի թելը բռնելու ժամանակ չունեցավ, որովհետև պատկերն հանկարծ էլի սկսեց մշուշոտվել, սևանալ, կորել...

Աչքերը նորից բացեց նույն աղքատաբույր սենյակում: Սկզբից մտածեց, թե հաջողացրել է գտնել իր մտքի կծիկը ու շարունակում է դրա ընթերցումը: Հետո հասկացավ, որ սա լրիվ ուրիշ կծիկ է: Իրեն էլի մարդիկ են շրջապատում, բայց հիմա ինչ-որ ավելի շատ են: Ինքն էլ նստած չի, պառկած է արկղանման մահճակալի կոշտ դոշակին: «Երևի արդեն մեռնում եմ», - մտածեց ակամա, բայց այդ մտքից ավելի վաղ, էլի անսպասելի, սկսեց լսել իր պառավային ձայնը, որով դիմում էր իրեն շրջապատողներին.
- Ու կծնվի նա՝ առաջնորդը: Դուք նրան անմիջապես կճանաչեք, որովհետև ես ձեզ հիմա կասեմ, թե նրան ինչպես պետք է ճանաչեք: Նա կծնվի ուղիղ ութսուներկու տարի հետո, այն տարում, որը մարդիկ հիշելու են ոչ միայն նրա՝ առաջնորդի ծնունդով, այլև մեկը այլ հայտնի իրադարձությամբ: Սա ձեզ առաջին նշան: Սպասեք նրա գալստյանը 1983 թվականին: Եվ ամենակարևոր նշանը, որով ճանաչելու եք նրան: Երբ ծնվում են երեխաները, սկզբից գլուխն է դուրս գալիս, հետո մարմինը, հետո ոտքերը: Առաջնորդը ծնվելու է հակառակ ձևով, սկզբից ոտքերն է դուրս գալու, հետո մարմինը, իսկ հետո նոր գլուխը:
«Միթե քիչ առաջվա մշուշոտ ձվի երկունքը սա է», - մտածեց ու շարունակեց լսել իր բերանից ելնող, բայց ոչ իր ձայնը.
- Նա այդպես է ծնվելու, որովհետև իր կյանքում ամեն ինչով պետք է տարբերվի բոլոր մարդկանցից: Ու դուք պետք այնպես անեք, որ մարդիկ միշտ իմանան այդ տարբերության մասին: Երբեք նրա հագին չպետք է տրեխ լինի, երբեք չպետք է գուլպա հագնի: Նա պետք է իր ողջ կյանքում ոտաբոբիկ լինի: Նրան բոլորը ճանաչելու են իր ոտքերից, որովհետև իրենից առաջ իր ոտքերն են ծնվել: Նրան ճանաչելու են ամենուր: Կհարգեք ու կպատվեք նրան, իսկ երբ հասուն տարիքի հասնի, ինքը դուրս կգա մեծ աշխարհ, մարդամեջ, ու մարդիկ բոլորը կտեսնեն նրա բոբիկ ոտքերն ու կհասկանան, որ առաջնորդն է եկել: Կհասկանան, որ իրենց փրկիչն է եկել: Նրան շատ են մեծարելու մարդիկ: Սպասեք այդ օրվան ու մի մոռացեք ինձ, որ այդ ամենը իմացա ավելի շուտ, քան պետք է լինի ու ձեզ պատմեցի: Հիշեք Նուշիկ տատիկին...
Այս անունը լսելիս գլուխն արյուն լցվեց: Հանկարծ հիշեց ու սարսափեց, ինքն էլ չիմանալով թե ինչից, իսկ պատկերը սկսեց նորից մշուշոտվել, սևանալ, կորել...

Զարթնեց մետաքսե անկողնում: Այս ժամանակակից կահավորմամբ սենյակն իրեն ծանոթ էր: Գրիգորենց տանն էր, իրեն հատկացված ննջարանում: Բայց դա Բոբիկին չհանգստացրեց: Շունչը ոչ մի կերպ տեղը չէր գալիս, հևում էր: Երազներին նա արդեն վարժվել ու բանի տեղ չէր դնում: Բայց իր նախորդ երազները սրանից տարբերվում էին: Նախորդ երազներում էլ էր ինքը հանդիպել պառավ Նուշիկին, բայց հենց հանդիպել էր, այլ ոչ թե եղել նրա տեղը: Իսկ այսօրվա երազում ինքը նայում էր Նուշիկի աչքերով, խոսում Նուշիկի բերանով: Ինքը պարզորոշ տեսել էր Նուշիկի մահվան տեսարանը, նրա պատգամները ինքն էր կարդացել: Քրտինքը պատել էր Բոբիկի ճակատն ու չգիտեր ի՞նչ անել:
- Բոբ, ի՞նչ է եղել, - հարցրեց նոր սենյակ մտած Արմենը, որն եկել էր Բոբիկին արթնացնելու, - էլի երազումդ էդ պառավի՞ն ես տեսել:
- Արմ, ես այսօր գյուղ եմ գնալու, կգա՞ս հետս, - պատասխանի փոխարեն հարցրեց Բոբիկը:
- Էդ ո՞նց որ, - ուրախացած ու զարմացած հարցրեց Արմենը: - Ախր այնքան էիր բարկացած գյուղացիների վրա, որ էլ չէիր ուզում ձեր գյուղ ոտք դնել...
- Արմեն, ես քեզ պատմել եմ Նուշիկին ո՞նց են թաղել:
- Միլիոն անգամ:
- Արմեն, բայց ես չգիտեի, որ նրա մակույկի մեջ հող են լցրել:
- Չհասկացա:
- Ինձ ոչ մեկը այդպիսի բան չի պատմել: Ասել են, որ դրել են մակույկի մեջ ու մակույկը կրակ տված գետով բաց թողել...
- Է, հետո՞:
- Պետք է պարզել, մակույկի մեջ հող լցրե՞լ են, թե՝ ոչ:
- Բոբ, ի՞նչ է եղել:
- Պետք է պարզել, ուղղակի պետք է պարզել...


շարունակելի...

Chuk
04.08.2007, 14:54
շարունակություն...



* * *

Արմենի նման Գրիգորն ու Գոհարն էլ ուրախացան, որ Բոբիկը վերջապես որոշել է վերադառնալ հայրենի գյուղ՝ մտածելով, թե վերջինս արդեն ուզում է հաշտվել հարազատների հետ: Բայց երբ իմացան այդ այցելության իսկական նպատակը, վրդովվեցին, բարկացան Բոբիկի վրա:
- Ես կարծում էի, թե արդեն այդ հիմարությունները մտքիցդ հանել ես, - հոգոց հանելով ասաց Գոհարիկն ու գնաց խոհանոց:
Մի քանի դիտողություն արեց նաև Գրիգորը, բայց Բոբիկն աներեր էր իր որոշման մեջ: Արմենը, Գրիգորն ու Գոհարիկը Բոբիկից թաքուն նստեցին խորհրդակցության ու որոշեցին, որ թերևս ամենաճիշտը Բոբիկենց գյուղ գնալն է. գուցե այնտեղ վերջապես կկարողանան հնար գտնել Բոբիկի սնոտիապաշտ մտքերին վերջ տալու:
Բոբիկը գյուղից հեռացել էր մի հնամաշ սովետական ավտոմեքենայով, գյուղ վերադարձավ Գրիգորի ժամանակակից, արտասահմանյան ավտոմեքենայով:
Գյուղի երեխաներից մեկը դուրս էր եկել գյուղ բերող ճանապարհ ու մի քարի նստած, երազկոտ հայացքով նայում էր դիմացի՝ մայր մտնող արևի ճառագայթներով ողողված սարերին: Գուցե մտքում մի երգ, կամ մի բանաստեղծություն էր հորինում, հայտնի չի, իսկ գուցե պարզապես նստած սպասում էր Բոբիկին, սպասում էր, թե երբ պետք է հայտնվի իրենց գյուղից երկու տարի առաջ հեռացած առաջնորդը, որի մասին ոչ մի լուր չունեին: Եթե տղան իսկապես Բոբիկին էր սպասում, ապա նրա բախտը բերեց, որովհետև հանկարծ լսեց ավտոմեքենայի ձայնն ու նստած տեղում ձգվեց, վիզը երկարացրեց ու համակ ուշադրություն դարձած սկսեց սպասել աղմուկի հեղինակին, որն ուր որ է պետք է դուրս գար ոլորանից: Երկար չսպասեց: Մեքենան երևաց ու տղան տեսավ այդ շքեղ ավտոմեքենան, որի նմանն իրենց գյուղում երբևէ չէր եղել: Տեսավ նաև վարորդի կողքին նստած Բոբիկին, ով կարոտով նայում էր գյուղի ճանապարհի փարթամ ծառերին: Տեսավ Բոբիկին ու ճչաց, հասկանալով, որ առաջնորդն եկել է: Ճչաց ու վազելով փախավ, երևի գյուղ լուր հասցնելու. «Բա գիտեք, առաջնորդն եկել է: Իսկական առաջնորդ է, շքեղ հագուստով, խնամքով հարդարված, սանրված մազերով, թանկարժեք մեքենայով...»: Ճչաց ու վազեց, իսկ Գոհարիկը տեսնելով վազող երեխային ուրախ ծիծաղեց:
- Գոգ, ի՞նչ եղավ, - զարմացավ ղեկին նստած Գրիգորն, իսկ Գոհարիկը պատասխան հարց ուղեց Բոբիկին.
- Ձեր գյուղում բոլոր երեխաներն են ոտաբոբիկ:
Բոբիկը տխուր ժպտաց: Իսկապես, տեսնես ինչու՞ էր բոբիկ այս երեխան: Գուցե՞ ծնողները կոշիկի փող չունեն, իսկ գուցե խեղճն ուզում է նմանվել իր առաջնորդին: Բոբիկը հոգոց հանեց: Հոգոց հանեց նաև Գրիգորի արտասահմանյան ավտոմեքենան ու շարունակեց սլանալ գյուղի ոլոր-մոլոր, փոշոտ ճանապարհներով, որն ակնհայտորեն իր համար չէր:
Ու մինչ այդ խեղճ ավտոմեքենան գյուղ տանող երկար ու բարդ ճանապարհով հևալով ու շնչակտուր լինելով բարձրանում էր, ճանապարհին նստած երեխան էլ հևալով ու շնչակտուր, բայց կարճ ճանապարհով վազում էր գյուղ: Գյուղամեջ հասավ ավտոմեքենայից առաջ: Գյուղացիներից շատ-շատերն էին այստեղ հավաքված, քննարկում էին օրվա անցուդարձն ու տարվա բերքը, եղանակն ու ուրիշ հողի խնդիրներ: Նրանց քննարկումները ընդհատեց երեխան:
- Առաջնորդը գալիս է՛, - գոռաց ու շնչակտուր նստեց փայտե նստարանին, որ շունչը ետ բերի, բայց փայլող աչքերից ու երջանիկ ժպիտից երևում էր, որ իրեն այդքան էլ չի մտահոգում իր շնչակտուր լինելը:
Գյուղացիները հուզվեցին, իսկ ավտոմեքենայի ձայնը լսելով հասկացան, որ առաջնորդն իրոք եկել է: Բոլորի դեմքին ժպիտ և ուրախություն էր: Բոլորը երջանիկ էին. մոռացվել էր հոգնությունն ու դարդերը, չէ որ Բոբիկն է գալիս՝ առաջնորդը, իրենց փրկիչը:
Գյուղացիներից Սուրենը սկսեց մի ուրախ երգ երգել, ինքն էլ չգիտեր, թե ինչու՞: Ուրիշ ժամանակ բոլորը կլռեին ու կսկսեին լսել Սուրենի հոգեզմայլ երգը, բայց հիմա ոչ մեկն ուշադրություն չէր դարձնում: Ամեն մեկն ինքն իր ուրախության հետ էր. մեկը ծիծաղում էր, մեկն ինչ—որ կատակ անում, մեկը սուլում էր, ու գյուղում մի ուրախ ժխոր էր:
Մեքենան հասավ ու կանգնեց: Բոլորը միանգամից տեսան Բոբիկին ու երջանկությունն իր գագաթնակետին հասավ: Բոբիկը ավելի էր առնականացել, քան գյուղից դուրս գալուց, ավելի էր գեղեցկացել ու ավելի լրջացել: Գյուղացիները հավատացին, որ նա արդեն առաջնորդ է, տեսնելով նրա դեմքի արտահայտությունն ու հիացմունքը, որով նրան այդ պահին նայում էին ավտոմեքենայում նստած նրա ընկերները:
- Առաջնորդն եկել է, - ուրախ շշնջում էին գյուղացիները:
- Առաջնորդն եկել է, - ուրախ մտածում էին գյուղացիները:
- Առաջնորդն եկել է, - ուրախ երգում էր Սուրենը:
- Առաջնորդն եկել է, - աչքով էր անում երկնքից մայր մտնող արևը:
- Առաջնորդն եկել է, - ճռռաց ավտոմեքենայի դուռն ու Բոբիկը դուրս եկավ մեքենայից:
Գյուղացիների ուրախությունն ավելի սաստկացավ: Բոլորն ուզում էին նետվել դեպի իրենց Բոբիկը, իրենց առաջնորդը, դեպի...
Ժխորը հանգեց մեկ ակնթարթում: Ժխորը հանգեց մի երեխայի մի բացականչությամբ: Այն նույն տղան էր, ով բերել էր Առաջնորդի գալստյան ավետիսը ու փայտե նստարանին նստած շունչն էր ետ բերում: Հանկարծ գոչեց.
- Հապա՛ նայեք:
Նրա ձայնում կար հուսահատություն ու վրդովմունք: Նրա ձայնում կար հիասթափություն ու թախիծ: Այդ ձայնը բոլորին հարկադրեց լռել ու նայել փոքրիկին: Իսկ երեխան մատով ցույց էր տալիս Բոբիկին, ավելի ճիշտ Բոբիկի ոտքերին:
Գյուղացիները նայեցին այդ ուղղությամբ ու միանգամից հասկացան տղային: Գյուղում քար լռություն տիրեց: Բոլորը շփոթված էին: Մի ծեր տատիկ հանկարծ ընկավ ծնկների վրա ու հառաչեց.
- Ամեն ինչ զուր անցավ...
Առաջորդը կոշիկներով էր, գուշակությունը չէր իրականացել: Բոբիկը դավաճանել էր Նուշիկի գուշակությանը...
- Ամեն ինչ զուր անցավ...


շարունակելի...

Selene
04.08.2007, 17:36
Chuk ջան, երազների պահերը շատ հետաքրքիր են, բայց որ այս անգամ էլ Նուշիկ տատի դերում կլիներ Բոբիկն իր հերթական ֆանտաստիկ երազում, չէի էլ կարող պատկերացնել:o
Սպասում եմ շարունակությանը՝ հույսով, որ այն այս անգամվա պես իրեն երկար սպասեցնել չի տա:oy;)

Chuk
05.08.2007, 00:46
Սա տեղին չէր:

Հ.Գ. Աթեիստի նկատողությունը տեղին էր:
Չգիտեմ, գուցե և տեղին չէր, իսկ գուցե հետագայում կլինի հենակետային: Իրոք չգիտեմ: Առայժմ դա ընդունենք որպես առաջին հուշում, որ Բոբիկը երազ է տեսնում, այլ ոչ թե իրականության հետ գործ ունի: Հետագայում, եթե ավելորդ լինի, ջնջելը բարդ չի լինի: Բայց ավելորդ կլինի՞ :

Ամեն դեպքում, շնորհակալություն :redhat


Սկզբից թվում էր Հրանտ Մաթևոսյանա:), բայց հետո դուրս չեկավ:sorry, Մաթևոսյանի ու Կաֆկայի խառնուրդ Հեմենգուեյով սոուս արած:) սենց տպավորություն էր:(, բայց երկխոսությունը Արտակի հետ, սկզբի, դուրս եկավ:
Չգիտեմ Եր, չգտա համեմատության եզրեր: Հենց թեկուզ սկսենք նրանից, որ Մաթևոսյանը նկարագրում է ռեալ գյուղեր, իսկ իմ մոտ ամեն ինչ չափազանցված է, ավելի շուտ պատկերներ են: Վերջացնենք նրանով, որ ուր էր ինձ Մաթևոսյանի, Կաֆկայի կամ Հեմինգուեյի նման գրական լեզու, ասելիքի նման հստակ շարադրանք...

Իսկ թե ինչ երկխոսության մասին ես ասում, տենց էլ չհասկացա:

Իսկ կարծիքիդ համար շնորհակալ եմ :)


Ընտիր ա Չուկ, դու տաղանդ ես :hands
Ընդհանուր պատմվածքի ընթացքում արդեն 3 անգամ փշաքաղվեցի:

Ամենաշատը դուրս եկավ երեխեքից մեկի մյուսին հարվածելու տեսարանը:
Կեղտոտ խողանոցում, անցյալում սպիտակ և ջարդված սալիկներով, կիսաբաց և ժանգոտած սառնարանի կողքը պպզած երկու հնարավորին չափ կեղտոտ երեխաներ… հրաշք:
Աչքիս ռեժիսոր դառնաս, Հայկ ;)
Շնորհակալ եմ :)


Չուկ ջան, ապրես, լավ էիր լուծում գտել, թե ոնց հանդիպեցնես Բոբիկին ու Նուշիկին: Էնքան է երևակայությունդ աշխատում, որ անգամ չեմ կարողանում շարունակության վերաբերյալ գուշակություններ անել ;)

Ի միջի այլոց, կեցցես, վերականգնել ես առաջին հատվածին բնորոշ մթնոլորտը, որն էլ, ի դեպ, հենց քո պատմվածքի համ ու հոտն է: Ապրես :hands
Շնորհակալ եմ :)


Chuk ջան, հետաքրքրությամբ ընթերցվում է, մի քիչ անհավանական էր հերոսի ու Արմենի հանդիպումը, եթե հաշվի առնենք այժմյան մարդկանց անտարբերությունն ու անհաղորդ լինելը մեկմեկու նկատմամբ: Դրա համար էլ հենց սկզբից մի տեսակ կասկածելի էր այդ երկուսի հանդիպումը: Երազն էլ հետաքրքիր մտահղացում էր, բայց գիտե՞ս, երբ հասկացա, որ դա երազ էր, ակամա սկսեցի փնտրել, թէ որտեղից էր այն սկսվել…ու չգտա: Իսկ գուցե հենց սկզբից ամեն բա՞ն էր երազ, այդ թվում նաև իր առաջնորդ լինելու գաղափարը: Ինձ թվում է ամեն մեկը տարբեր տեսանկյուններից կարող է հարցին մոտենալ, ու հենց այդ խճճվածությունն է գիտե՞ս հետաքրքրացնում պատմվածքը:)Վայյ էս ինչ երկար գրեցի…Մի խոսքով հետաքրքրությամբ սպասում եմ մերօրյա Գիքորի արկածների շարունակությանը:
Manon, գիտե՞ս, Բոբիկն էլ դեռ չի հասկանում թե երազը ե՞րբ ու որտե՞ղ է սկսվել, սկսվե՞լ է, թե՞ ոչ: Մենք էլ նրա նման սպասում ենք... ես էլ...
Շնորհակալ եմ կարծիքիդ համար :)

Chuk
05.08.2007, 00:48
Չու՛կ ջան, մինչև մինչև վերջ չտեղադրես, չեմ կարդալու…սկզբունքորեն չեմ կարդալու…:P
Բայց, հետաքրքրությունից մեռնում եմ:think…քո գրելու ոճը սիրում եմ…:love
Դե շուտ արա՛…էլի՞…;)
Կներեմ Ծովինար, ես կուզեի հենց մենակ քո ցանկությունը կատարելու համար շուտ դնել դա, բայց գրածներս ջնջել ու սկսել եմ նորից գրել, որովհետև դուրս չէր գալիս: Հիմա կարծես ավելի լավ է ստացվում: Հուսով եմ շուտով ավարտել :)

Համ էլ շնոորհակալ եմ ու... հա, ժպտում եմ :redhat


Chuk ջան, երազների պահերը շատ հետաքրքիր են, բայց որ այս անգամ էլ Նուշիկ տատի դերում կլիներ Բոբիկն իր հերթական ֆանտաստիկ երազում, չէի էլ կարող պատկերացնել:o
Սպասում եմ շարունակությանը՝ հույսով, որ այն այս անգամվա պես իրեն երկար սպասեցնել չի տա:oy;)

Շնորհակալություն :)
Ես էլ եմ անկեղծ հուսով, որ շարունակությունը իրեն շատ սպասեցնել չի տա :redhat

Chilly
27.11.2007, 12:52
Բոբիկը պիտի գոնե էնքան խելացի գտնվեր, որ գյուղ գնալիս կոշիկները հաներ, չէ որ բոլորից լավ հենց նա գիտեր գուշակության «կանոնները», սխալ է գյուղացիներին զրկել հավատից, դրանից ոչ մի օգուտ չկա, չէ որ նրանցից ոչ մեկն էլ երբևէ փիլիսոփա չի դառնալու…
:) շնորհավորում եմ, դու իրոք լավ ես գրում, ու կարողացար ինձ ջղայնացնել էդ անխելք Բոբիկի վրա ;) , հաճույքով կկարդամ շարունակությունը: Հաջողություններ եմ մաղթում հերոսիդ ;)

Cassiopeia
28.11.2007, 11:35
Չուկ, ո՞ւր է շարունակությունը…:angry Ախր հետաքրքրությունից կմեռնեմ:)

Ուլուանա
28.11.2007, 23:19
Բոբիկը պիտի գոնե էնքան խելացի գտնվեր, որ գյուղ գնալիս կոշիկները հաներ, չէ որ բոլորից լավ հենց նա գիտեր գուշակության «կանոնները», սխալ է գյուղացիներին զրկել հավատից, դրանից ոչ մի օգուտ չկա, չէ որ նրանցից ոչ մեկն էլ երբևէ փիլիսոփա չի դառնալու…
:) շնորհավորում եմ, դու իրոք լավ ես գրում, ու կարողացար ինձ ջղայնացնել էդ անխելք Բոբիկի վրա ;) , հաճույքով կկարդամ շարունակությունը: Հաջողություններ եմ մաղթում հերոսիդ ;)
Ըստ երևույթին, Բոբիկն ազնիվ մարդ էր և մարդկանց խաբելու ու այդպիսով որևէ բանի հասնելու մտադրություն չուներ։ ;)
Ինձ դուր է գալիս Բոբիկի պահվածքը։ :)

Chilly
29.11.2007, 14:17
Ըստ երևույթին, Բոբիկն ազնիվ մարդ էր և մարդկանց խաբելու ու այդպիսով որևէ բանի հասնելու մտադրություն չուներ։ ;)
Ինձ դուր է գալիս Բոբիկի պահվածքը։ :)

լավ էլի, Բոբիկը պիտի հասկանար, որ իր գյուղացիները սնահավատ մարդիկ են, ու նրանց այդ հավատից զրկելն էնքան էլ լավ բան չի (մեղմ ասած): ինքը պարզապես պարտավոր էր էդքան բանը հասկանալ:

Cassiopeia
29.11.2007, 14:23
լավ էլի, Բոբիկը պիտի հասկանար, որ իր գյուղացիները սնահավատ մարդիկ են, ու նրանց այդ հավատից զրկելն էնքան էլ լավ բան չի (մեղմ ասած): ինքը պարզապես պարտավոր էր էդքան բանը հասկանալ:


երբ որ մարդ ապրում է ու մեծանում մի կյանքով, որից դուրս ոչինչ չի տեսնում, ապա կենսակերպի փոփոխությունը բավական դժվարությամբ է իրենը ասում: Ու բավական ժամանակ է պետք, որպեսզի նախկին մտածելակերպը տեղի տա նոր՝ ավելի ժամանակակիցին:

Chilly
29.11.2007, 14:29
երբ որ մարդ ապրում է ու մեծանում մի կյանքով, որից դուրս ոչինչ չի տեսնում, ապա կենսակերպի փոփոխությունը բավական դժվարությամբ է իրենը ասում: Ու բավական ժամանակ է պետք, որպեսզի նախկին մտածելակերպը տեղի տա նոր՝ ավելի ժամանակակիցին:

Բայց Բոբիկն արդեն բավական ժամանակ է, ինչ քաղաքում էր ապրում, ու ըստ պատմվածքի փոխվել էին նրա աշխարհայացքն ու արժեքները, նա ուրիշ մարդ էր դարձել, ու շփվում էր զարգացած ու քաղաքակիրթ մարդկանց հետ: Եսիմ?:)

Cassiopeia
29.11.2007, 14:33
Բայց Բոբիկն արդեն բավական ժամանակ է, ինչ քաղաքում էր ապրում, ու ըստ պատմվածքի փոխվել էին նրա աշխարհայացքն ու արժեքները, նա ուրիշ մարդ էր դարձել, ու շփվում էր զարգացած ու քաղաքակիրթ մարդկանց հետ: Եսիմ?:)

Դե, միգուցե երկու տարին այնքան էլ երկար ժամանակ չէ գլոբալ փոփոխությունների համար: Բացի այդ, կարծում եմ պատմվածքի կամ վիպակի հետագա շարունակությունը ամեն ինչ կբացահայտի: Մնում է սպասել…

Հ.Գ. Chuk:oy խնդրում եմ…:)

Աթեիստ
29.11.2007, 15:31
Դե, միգուցե երկու տարին այնքան էլ երկար ժամանակ չէ գլոբալ փոփոխությունների համար: Բացի այդ, կարծում եմ պատմվածքի կամ վիպակի հետագա շարունակությունը ամեն ինչ կբացահայտի: Մնում է սպասել…

Հ.Գ. Chuk:oy խնդրում եմ…:)


Ի դեպ, Ձեր գրածները կարդում է նաև Չուկը, և դա կարող է անդրադառնալ շարունակության վրա: :8

Tig
29.11.2007, 17:50
Միչև հիմա չէի կարդացել, ժամանակ չկար: ու հիմա մի շնչով կարդացի ու դուրս շատ եկավ: մենակ ափսոս դեռ կիսատ է, լավ կլիներ միանգամից լրիվ կարդալ…
Ծնունդի նկարագրությունը կարդալուց փշաքաղվել եմ…
Երազները շատ ուժեղ են նկարագրված…

lulu
01.12.2007, 11:49
շատ լավն էր :hands
Այդ թաքնված տաղանդտ բացահայտիր . շարունակիր գրել …:think

Cassiopeia
08.12.2007, 00:30
Այսօր, չէ, արդեն ավելի շուտ երեկ, լրացավ Բոբիկի 19 տարին: Նա իրենց գյուղ հասավ: Տեսնես դեկտեմբերի 7-ը ու նրա գյուղ վերադարձը ի՞նչ ազդեցություն կունենա նրա հետագա ճակատագրի վրա:think

Dayana
23.01.2008, 14:55
Chuk :love չգիեմ ինչ ասեմ, մի տեսակ էնպիսի տպավորություն ունեմ , կարծես սարսափ ֆիլմ եմ նայում :8 ես առհասարակ սարսափ ֆիլմեր չեմ սիրում, ու ամեն րոպես էդ "վեր թռնել" -ու զգացողությունից սարսափում եմ, բայց Բոբիկի ետևից կարծես գնում եմ ու չեմ վախենում ... :8

Ինչպես զգուշացրել էիր, հիմա էլ ես եմ ասում, որ շարունակությունը շատ չուշացնես ... :oy

Ֆոտոն
31.08.2009, 02:20
Ստորև առանձնացրել եմ այն նախադասությունները, որ կարդալուց հետո միայն մի բան է մտքիս գալիս. «Ու՜խխ, ինչ լա՜վ ա ասված, հենց իմ մտքինն է:»

Մարդիկ սիրում են հավատալ հրաշքներին ու փրկիչներին, որովհետև առավել հեշտ է հույսը փրկչի, այլ ոչ թե ինքդ քեզ վրա դնել:


Հետո Բոբիկը տեսավ, որ մարդիկ շարունակում են իրենց ուղին, այնպես, ինչպես մեկ րոպե առաջ, ու հասկացավ, որ ոչ թե մարդիկ են գտել իրենց առաջնորդին, այլ ինքն է գտել ինքն իրեն:
Այնքան արդիական է, ամեն օր պատահող երևույթ...

Զարմանալին համագյուղացիներիս համբերությունն ու իմ հանդեպ կույր հավատն էր: Փրկիչը, այսինքն ես, նրանց միակ հույսն էի, իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ ես ապրում էի հուսալքված գյուղում: Հուսալքված գյուղ, որում ապրելուս տասնվեց տարիների ընթացքում երբևէ չնկատեցի հուսալքության որևէ նշան:
Կոնտեքստը չեմ հիշում, բայց այս նախադասություններն էլ եմ կարդալիս առանձնացրել:

«Իսկ գուցե այս Արմենը իմ առաջնորդ դառնալու ճանապարհի փորձություններից է, - մտածեց Բոբիկն, ապա ինքն իրեն սաստեց, - հիմա՛ր, մինչև հիմա չհասկացա՞ր, որ այդ ամենը հեքիաթ է»:


Բոբիկը չհասցրեց պատասխանել: Մեջքին զգաց Արմենի ոտքի ուժգին հարվածն, իսկ հաջորդ պահին արդեն բերանքսիվայր փռված էր դռան շեմին, տան ներսում, ահազարհուր խավարի մեջ:

Ինչքան բան է ասված այստեղ:

-Ու բոլոր այդպես ծնվածներն առաջնո՞րդ են:

Ստորև բերված նկարագրությունը շատ հավանեցի: Լավ է արտահայտում մտքերի հոսքը: Էլի՝ ու՜խխ:

Աչքերի առաջի պատկերը սկսեց մշուշոտվել, սևանալ, կորել: Մտքերը գնացին ու խառնվեցին աշխարհի բոլոր մտքերի լաբիրինթոսում թափառող մտքերին, իսկ ինքը խուճապահար բռնում էր իր կողքով գլորվող մտքերի կծիկների թելերի ծայրն ու տեսնելով, որ դա չէ իր միտքը անցնում էր հաջորդին, վախեցած մտածելով որ կորցրեց իր հիշողությունն ու իր միտքը, որ էլ չի գտնի ու կնմանվի իրենց գյուղի խելագար Մարգարին, որն ոչինչ չէր հիշում ու ամբողջ օրը մի ոտքի վրա կանգնած նայում էր արեգակին ու արագիլից իր՝ երկրաշարժի ժամանակ կորցրած որդուն էր պահանջում: Սարսափեց այդ արագիլանման կարգավիճակից ու սկսեց ավելի մեծ եռանդով փնտրել հենց իր մտքի թելի կծիկն ու այդտեղ էլ տեսավ մնացած բոլոր կծիկներից տարբերվող մի տարօրինակ կծիկ: Մյուս բոլոր մտքերը գնդաձև էին ու հստակ, հատիկ-հատիկ երևում էին բոլոր ոլորան թելերը, իսկ այս մեկն ուրիշ էր, ձվաձև ու տարօրինակ լղոզված, մոխրագույն... Մոռանալով իր մտքի, իր ամենամեծ հարստության՝ իր կծիկի մասին, սկսեց հմայված քայլել այս նոր, տարօրինակ ու տձև մտքի հետևից: Փորձեց նմանեցնել իրեն ծանոթ ինչ-որ մի բանի ու հանկարծ հասկացավ, որ այդ տարօրինակ կծիկը մշուշ է, ձվաձև մշուշ: «Ձուն կյանքի արարիչն է», - մտածեց ակամա, - «մշուշը կյանքի քողարկիչը», - ավելացրեց իր մտքին այս նոր միտքն ու տեսավ թե իր ուղեղի գալարներից ոնց է քանդվում ինչ-որ նոր, բայց գորշ գույնի մտքի թել, հավաքվում, փաթաթվում, դառնում կծիկ ու գնում միանալու լաբիրինթոսում գլորվող մյուս բոլոր մտքերին: Այս մի մտքին չթողնեց փախնել, վերջին պահին բռնեց թելի ծայրն ու սկսեց ընթերցել. «Ձուն կյանքի արարիչն է, մշուշը կյանքի քողարկիչը: Մշուշոտ ձուն իր մեջ պետք է նոր կյանք թաքցնի: Այդ կյանքի հասունացման համար անհրաժեշտ է կյանքի չորս բաղադրիչ... »: Բայց մինչև վերջ չկարողացավ կարդալ, որովհետև այս մտքի կծիկը որոշեց փախնել ու իր ձեռքից ցած թռչելով գնաց ու խառնվեց մյուս մտքերի առաջացրած քաոսին, որում չէր կարող առանձնանալ, երևալ... Այդ քաոսից միայն ձվաձև մշուշոտ քաոսային կծիկն էր զանազանվում ու ինքը էլի գնաց դրա հետևից՝ հմայված, գերված, կախարդված: Հանկարծ այդ մշուշոտ ձվի երեսին քրտինքի կաթիլներ սկսեցին հայտնվել, ապա մի եթերային քամի բարձրացավ, որն այդ կաթիլները հավաքեց իրար գլխի ու հավաքված ջուրն հանկարծ սկսեց եռալ ու իր աչքերի առաջ վերածվեց մի թեժ կրակի, որն արագորեն մարեց ու նրանից մնաց միայն մուրը, որին ուշադիր նայելով տեսավ, որ հող է, ոչ թե մուր: Ապա այդ հողը սուզվեց մշուշոտ ձվի մեջ, իսկ ձվի երեսն էլի սկսեց քրտնել: «Կարծես երկունքի սկիզբ լինի», - մտածեց ակամա, բայց այս մտքի թելը բռնելու ժամանակ չունեցավ, որովհետև պատկերն հանկարծ էլի սկսեց մշուշոտվել, սևանալ, կորել...

Chuk
31.08.2009, 02:24
Աստված իմ... 2007-ից մինչև հիմա չեմ ավարտել :(
Պետք է շարունակել ու ավարտին հասցնել:

Բոլորին շատ շնորհակալ եմ :)

StrangeLittleGirl
31.08.2009, 02:27
Աստված իմ... 2007-ից մինչև հիմա չեմ ավարտել :(
Պետք է շարունակել ու ավարտին հասցնել:

Բոլորին շատ շնորհակալ եմ :)

Հա, շատ լավ բան կանես... Ես էլ տեսա՝ էս թեման ակտիվ է, մտածեցի՝ ի˜նչ լավ է, աչքիս Չուկը վերջապես ավարտել է:

CactuSoul
16.02.2010, 17:36
Աստված իմ... 2007-ից մինչև հիմա չեմ ավարտել :(


Դեռ սպասողներ կան, Chuk;):oy:

Թեման պատահաբար տեսա ու հիշեցի, որ հավեսով կարդացել եմ սկիզբը, մտա, որ տեսնեմ՝ բաց թողած բան ունեմ, թե չէ, պարզվեց՝ չունեմ:(:
Գրի՜:goblin:acute:

Chuk
16.02.2010, 21:41
Դեռ սպասողներ կան, Chuk;):oy:

Թեման պատահաբար տեսա ու հիշեցի, որ հավեսով կարդացել եմ սկիզբը, մտա, որ տեսնեմ՝ բաց թողած բան ունեմ, թե չէ, պարզվեց՝ չունեմ:(:
Գրի՜:goblin:acute:

Չի ստացվում, Ան :(
Էն ինչը ուզում եմ, դեռ չի ստացվում: Չեմ ուզում անկապ վերջաբան գրեմ:

Mark Pauler
24.02.2010, 15:40
Դեռ 4 մասերն եմ կարդացել, բայց արդեն շատ ա դուրս եկել:
Իսկականից շատ լավն ա:
Իրական ծայրահեղություններ ռեալիզմի մեջ!!!
:hands
:B

Chuk
24.02.2010, 22:48
Դեռ 4 մասերն եմ կարդացել, բայց արդեն շատ ա դուրս եկել:
Իսկականից շատ լավն ա:
Իրական ծայրահեղություններ ռեալիզմի մեջ!!!
:hands
:B
Շնորհակալություն :)
Հուսով եմ, որ հաջորդ մասերը չեք կարդա, որ կարծիքը չփոխվի, էսպես լավ մնա :))

CactuSoul
25.02.2010, 00:01
Հուսով եմ, որ հաջորդ մասերը չեք կարդա, որ կարծիքը չփոխվի, էսպես լավ մնա :))
Ուֆ:(
Կիսատ բաներ չեմ սիրում:cry2…

Դե տես, Արտակ տղա, խոստանում եմ կարծիքս փոխել ավելի բացասականով, եթե չիմանամ՝ շարունակությունն ինչ եղավ:goblin:P:)):

Chuk
25.02.2010, 00:02
Ուֆ:(
Կիսատ բաներ չեմ սիրում:cry2…

Դե տես, Արտակ տղա, խոստանում եմ կարծիքս փոխել ավելի բացասականով, եթե չիմանամ՝ շարունակությունն ինչ եղավ:goblin:P:)):

Լավ Ան ջան, կփորձեմ նորից աշխատել Բոբիկի հետ :)

CactuSoul
25.02.2010, 00:18
Լավ Ան ջան, կփորձեմ նորից աշխատել Բոբիկի հետ :)

Ո՜ւխ:love
Գրի, Արտ ջան, ինչ ուղղությամբ էլ տանես, հաստատ լավ կստացվի:):
Սպասելու եմ;):

KiLa
25.02.2010, 19:38
Պատմվածքը ինձ գրավեց: Հետաքրքիր է: Սպասում եմ ...

Mark Pauler
26.02.2010, 14:39
Շնորհակալություն :)
Հուսով եմ, որ հաջորդ մասերը չեք կարդա, որ կարծիքը չփոխվի, էսպես լավ մնա :))

Հաջորդ մասերն էլ կարդացի - Մի քիչ ռեալիզմը պակասեց, բայց ավելի հետաքրքիր դարձավ:
Շարունակությանն եմ սպասում:
:hands

Minerva
26.02.2010, 14:46
Շատ հետաքրքիր էր, յուրահատուկ ոճով գրված: Ես ել եմ միանում շարունակությանը սպասողների բանակին: :)

Chuk
02.03.2013, 23:33
Քանի որ որոշել եմ նորից գրել (2 տարի ընդմիջումից հետո), շատ կարևոր եմ համարում էս գործիս նորից անդրադառնալն ու ավարտելը: Էս գրառումս էլ անում եմ, որ պատասխանատվությունս մեծ լինի, ականջի հետև գցելս՝ դժվար:

Alphaone
03.03.2013, 02:58
Շարունակությո՜ւնը... :(

Lusntag Lusine
03.03.2013, 14:24
Քանի որ որոշել եմ նորից գրել (2 տարի ընդմիջումից հետո), շատ կարևոր եմ համարում էս գործիս նորից անդրադառնալն ու ավարտելը: Էս գրառումս էլ անում եմ, որ պատասխանատվությունս մեծ լինի, ականջի հետև գցելս՝ դժվար:
Կարդացի առաջին 3 նախադասությունը,որպեսզի հասկանայի կարդալու եմ,թե ոչ: Կարդալու եմ, սպասում եմ շարունակությանը,որ միանգամից կարդամ, կիսատ չմնա, սպասեմ 2 տարի::)