PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայտնություն սիրո



lili-4
11.04.2007, 14:47
Ժամացույցի սլաքները կարծես թե կանգնել ու տեղից շարժվել չէին ուզում: Աշխենը տեղը չէր գտնում, չգիտեր, թե ինչով զբաղվի, որ անցնի այս մեկ ժամը: Մեկ ժա՞մ, թե՞ մեկ կյանք: Արդեն որերորդ անգամ մոտեցավ հայելուն, նայեց իրեն ու ժպտաց: Գեղեցիկ էր, անկասկած: Իր գեղեցիկ լինելը նոր չէր հայտնաբերում: Դեռ փոքրուց լսել է դրա մասին. մեծերը շոյում էին գլուխն ու ասում. «Էս ինչ սիրուն աղջնակ է»: Հետո փորձում էին գտնել, թե ում է նման: Գիտեր՝ իր տատիկին է նման, նա էլ է շատ գեղեցիկ եղել: Ինքը չի հիշում նրան, բայց նկարներից տեսել է, թե որքան գեղեցիկ էր: Ինքն էլ տատիկի նման շագանակագույն մազեր, սպիտակ մաշկ, կապույտ աչքեր ու նուրբ դիմագծեր ունի: Նախկինում չէր էլ նկատում իր հասցեին արված գովասանքները, լսում էր շատ անտարբեր. ի՞նչ մի առավելություն…
Դպրոցում շատ էր նկատել իրեն հետևող տղաների հայացքներ, բայց միշտ անտարբեր էր, ոչ մեկին տոն չէր տալիս: Երևի պատճառն այն էր, որ տանը շատ խիստ էին դրան վերաբերվում: Չէր կարելի ու վերջ: Դպրոցականի գործը լավ սովորելն է, ոչ թե խելքն ավելորդ բաներին տալը, տղաների հետ թափառելը:Երբեք չէր փորձել այդ թեմայով մոր հետ զրուցել. գիտեր, որ չի լսի: Ամեն անգամ, երբ ուզում էր մի ինչ- որ հետաքրքիր դեպք պատմել, նկատել էր, որ նա չի լսում, կամ էլ լսելուց հետո միշտ մի բան գտնում էր, որ քննադատի, իրենց արարքը համարի երեխայական հիմարություն: Զգալով, որ մայրն իրեն չի հասկանում, էլ ոչ մի անգամ չէր զրուցում նման թեմաներից, ցույց էր տալիս, թե իրեն չեն հետաքրքրում: Միակ մարդը, որի հետ կիսվում էր, դա հորեղբոր աղջիկն էր, նա էլ միայն ամառն էր այստեղ լինում: Հայաստանում չէին բնակվում: Իսկ ամառը շատ քիչ էր բոլոր ապրումների, հետաքրքիր դեպքերի մասին խոսելու համար: Սկսեց ավելի շատ փակվել իր սենյակում: Դասերն ավարտլուց հետո տարվում էր իր մտքերով, երազներով: Սկզբում օրագիր էր պահում, փորձում էր գրի առնել հետաքրքիր դեպքերը, բայց երկար չտևեց, պատռեց: Ինչ- որ չէր ստացվում, անգամ թղթի հետ չէր կարողանում անկեղծանալ:
Ավարտական դասարանում հոգսերը շատացան. պարապում էր: Գրեթե ամբողջ օրը զբաղված էր, երազելուն ժամանակ չէր մնում: Դպրոցն ավարտեց առանց դժվարության, հետո էլ ընդունվեց ինստիտուտ: Շատ հեշտ հաղթահարեց նոր միջավայրին մերվելու պահը: Կուրսում լավ աղջիկներ կային, մտերմացան: Հետաքրքիր ու ուրախ էր անցնում ուսանողական կյանքը: Մենակ մնալու, մտքերին տրվելու այնքան էլ ժամանակ ու անհրաժեշտություն չկար: Այստեղ էլ տղաներն անտարբեր չէին իր նկատմամբ, հատկապես բարձր կուրսի տղաները. հաճոյախոսություններ, ակնարկներ… Չէ, իրեն դրանք չէին հետաքրքրում: Հազիվ էր ազատվել ճգնավորի կյանքից, ընկերուհիների հետ դասերից հետո հաճախ էին հավաքվում, զվարճանում: Իրենց տանն էլ էին լինում: Տնեցիները սիրով ընդունում էին, իր գնալու համար էլ դեմ չէին լինում: Աշխենի համար սկզբում մի քիչ անսովոր էր, սովոր չէր տնից այդքան բացակայելուն, լինի ընկերուհիներից մեկի տանը, թե սրճարանում: Հիմա երևի համարում էին մեծ, վստահում էին: Առաջին կուրսն ավարտեց բարձր գնահատականներով: Գոհ էին, տեսնում էին, որ ընդունակ է , հաճախ էին գովում. « Սիրուն գլխում սիրուն մտքեր կան: Տես, խելքդ չտաս տղաներին, սովորելդ մոռանաս»:
Տղանների՞ն, չէ, դրա մասին չէր էլ մտածում: Ոչ մեկի մեջ չէր տեսնում այն մարդուն, որին կցանկանար տեսնել իր կողքին: Բայց միշտ չէ, որ կատարվում է այն, ինչ մտածում ես…
Երկրորդ կուրսում իրենց տղաներից մի քանիսը զորակոչվեցին բանակ, իսկ զորացրվածներց էլ եկողներ եղան: Սկզբում ոնց-որ թե ուզում էին իրենց մեծ լինելը ցույց տալ, բայց հետո մտերմացան, միմյանց վերաբերվում էին որպես հասակակիցներ:
Տիգրանը տարբերվում էր բոլորից. բարձրահասակ, ատլետիկ կառուցվածքով և շատ խելացի: Երևում էր, որ նախքան ծառայելը զբաղվել է սպորտով, բայց ոչ մի անգամ իր ուժը ցույց տալու առիթ չէր ստեղծում: Շատ համեստ էր, առանց ավելորդ ձևերի: Շուտ մտերմացան: Եթե նախկինում մենակ էր օգնում կուրսեցիներին, հիմա Տիգրանի հետ էր: Չէին նեղվում, օգնում էի ինչքան հնարավոր էր: Մի օր էլ եկավ իրենց հյուր: Չգիտեր, որ պետք է գա, դուռը բացել ու մոլորվել էր. տուն հրավիրեր, թե չէ: Տնեցիները սովոր էին , որ իր մտերիմները միայն աղջիկներ են, իսկ հիմա… Հրավիրեց, ծանոթացրեց տնցիների հետ: Բոլորն էլ լավ տպավորություն ստացան. կիրթ, համեստ տղա է: Հա, համամիտ է: Բայց իր համար դրանից ավելին չէր: Եղել է, որ դասի ժամանակ զգացել է իր վրա հառած Տիգրանի հայացքը, երբ նայել է, փախցրել է հայացքը: Զգում էր, որ ինչ-որ բան է ուզում ասել, բայց միշտ լռում էր: Շատ ուրախ էր, որ չէր համարձակվում: Չէր ուզում, որ իրենց մտերմությունը դադարի, իսկ ավելին չէր էլ պատկերացնում: Այ լրիվ ուրիշ էր իր զգացածը Արսենի նկատմամբ: Նա էլ էր Տիգրանի պես երկրորդ կուրսից եկել: Սկզբում չէր էլ նկատում: Ոնց որ նկատելու արժանի ոչինչ չկար. միջահասակ, մի քիչ արհեստականորեն առաջ եկած ուսեր: Գիտելիքներով էլ չէր փայլում: Հաճախ էր այնպիսի արտահայտություններ անում, որ սկզբում իրեն հունից հանում էր: Նման խոսքերին ինքն անվանում էր անկյունում պպզած խմբի գլուխգործոց: Հենց սկզբից էլ խուսափում էր նրանից, փորձում էր զրուցելու առիթ քիչ լինի: Բայց դա հազիվ մեկ ամիս տևեց:


շարունակելի…

lili-4
12.04.2007, 12:21
Նկատեց իր հասցեին արվող հաճոյախոսությունները, առիթ-անառիթ տրվող փոքրիկ նվերները: Սկզբում բարկանում էր, նույնիսկ կոպիտ բառեր ասում, բայց եկավ մի պահ, որ չէր նկատում առաջվա վանող բառերը: Դե ինչ կա որ, բոլորն էլ այդպես են խոսում: Միայն վիրավորական էր, երբ զրույցի ժամանակ ակնարկում էր Տիգրանին ու հարցնում.
–Հը, էդ տառակեր ընկերդ ո՞նց է, հո քեֆիդ չի կպչում:
Վիրավորական էր, քանի որ եթե այդ «տառակեր» ընկերը չլիներ, Արսենը վաղուց դուրս մնացած կլիներ: Խնդրում էր, որ նրա մասին վատ չարտահայտվի, քանի որ նա լավ մարդ է, լավ ընկեր:
–Ինձնից էլ լա՞վը,- խորամանկ ժպտում էր Արսենը:
–Դու է՜լ…
Այսքանով ավարտվում էր այս թեման, գիտեր` եթե շարունակվի, կվիճեն: Իսկ ինքն Արսենի հետ վիճել չէր ուզում: Ուզում էր, որ նա միշտ խոսի, իսկ ինքը մնա լսողի դերում: Ամեն անգամ, երբ տուն էր գնում ու փորձում հիշել, թե ինչի մասին էին զրուցել, կարևոր ոչինչ չէր հիշում: Թվում էր, թե Արսենի հերոսությունների, այս տղային ծեծելու, այս մեկին վախեցնելու մասին: Իհարկե, շատերին չէր հավատում, բայց չէր էլ փորձում հակառակվել:
Հիմա էլ շտապում էր, պետք է գնար հանդիպման: Զգում էր, որ այսօրվա խոսակցությունը տարբերվելու է նախորդներից: Արսենի խոսելու տոնից էր երևում, երբ ասեց, թե անպայման կգաս, լուրջ խոսակցություն կա: Ուրիշ ինչի՞, եթե ոչ իրենց սիրո մասին: Այսքան հանդիպում են, բայց ոչ մի անգամ դրանից չեն խոսել: Առանց խոսքերի էլ պարզ էր, բայց…
Էլ չէր համբերում, կես ժամ կար, բայց դուրս եկավ տնից: Մի քիչ կքայլի, գոնե այսպես կանցնի ժամանակը: Հազիվ էր իրեն զսպում, որ քայլերը չարագացնի: Հասավ այգի, որտեղ պետք է հանդիպեին: Շուտ էր, Արսենը դեռ չկար: Աչքերով փնտրեց ու գտավ մի դատարկ նստարան, հարմար տեղ էր, աչքից հեռու: Կնստի, մի քիչ էլ այստեղ կսպասի: Նստարանը հեռու էր անցորդների աչքից, կարևորը՝ ավելորդ ասված խոսքերից, ակնարկներից հեռու էր: Ու նորից տրվեց մտքերին: Վատը չէր Արսենը, հետո ինչ, որ ընկերուհիներից շատերը զարմանում էին իր կատարած ընտրության վրա. «Ախր ի՞նչ ես գտել այդ տղայի մեջ, ոչ տեսք ունի, ոչ խելք, ոչ էլ մարդավարի շարժ ու ձև»:
Չէ, համամիտ չէ, իհարկե լավն է, եթե մոտիկից ճանաչեն, այդպես չեն ասի:
Լսեց մոտեցող տղաների ձայներ: Ճանաչեց: Արսենն էր իր ընկերների հետ: Շատ բարձր էին խոսում ու, սովորության համաձայն, հաճախ քրքջում: Աշխենին դուր չէր գալիս այդ հիստերիկ ծիծաղը, բայց մտածում էր, կգա մի ժամանակ, կանցնի, դե տղայական ձև է: Կսպասի, որ Արսենը առանձնանա, հետո կմոտենա: Երևի չի էլ նկատել, դեռ ժամանակ կար: Լավ, կսպասի: Լսեց, որ իր անունն են տալիս: Լարեց ուշադրությունը, չէր սխալվել:
–Տղեք, արեցի, չէ՞ ասածս: Ո՞վ էր ասում, որ չեմ կարա Աշխենի խելքն առնեմ: «Ինստիտուտում նրա նման սիրուն, խելացի աղջիկ չկա, չես կարա, երեսիդ էլ չի նայի»: Տեսա՞ք, ոնց հասա ասածիս: Աղջկա գլխում ինչքան էլ ուզում ա խելք լինի, մեկ ա, իմ դեմ խաղ չկա: Մի երկու քաղցր բառ եմ ասում, ու էդ խելքից բան չի մնում:
Նորից այդ հիստերիկ քրքիջը: Աշխենը լսում ու չէր հավատում լսածին: Դա ի՞ր մասին է: Հա՛, բա էլ ու՞մ…
–Հը, տղեք, գրազս ե՞րբ եք տալիս:
–Բայց ոնց իմանանք, որ քեզ հետ էլ որպես կուրսեցի չի, ոնց որ Տիգրանի հետ:
–Չհասկացա, ինձ էդ ու՞մ հետ եք համեմատում: Լավ, դուք ստեղ լռվեք, էսա մի 10-15 րոպեից կգա, կիմանաք, թե ես նրա համար ով եմ, - ու նորից քրքիջ:
Չգիտեր, թե ինչ կատարվեց իր հետ, ինչպես հեռացավ այդտեղից: Հեռացա՞վ, թե՞ խելագարի պես փախավ: Ու՞ր, ինքն էլ չգիտեր, միայն թե հեռու-հեռու, որ ոչ մեկին չտեսներ:
–Աշխե՛ն… Աշխե՛ն…
Թվա՞ց, թե՞ իսկապես իրեն էին կանչում: Չուզեց էլ նայել, թե ով է:
Զուգադիպությո՞ւն էր: Տիգրանն էր: Բռնեց թևից ու ստիպեց կանգնել: Երևի դա հենց նա էր, ով իրեն այս պահին շատ էր պետք: Գլուխը դրել էր Տիգրանի ուսին ու ազատություն տվել արցունքներին: Լավ էր, որ նա ոչինչ չէր հարցնում, այլ միայն հարազատ մարդու պես շոյում էր գլուխն ու ասում.
–Լացիր, Աշխեն, մինչև հանգստանաս, հետո երկուսով կծիծաղենք քո լացի վրա:
Ծիծաղի՞, չէ, ծիծաղը չէր գալիս:


շարունակելի…

lili-4
12.04.2007, 15:00
Արդեն մեկ շաբաթ էր, որ դասի չէր գնում: Չէր ուզում և վերջ. այդպես էր պատասխանում ծնողներին: Մի երկու անգամ Արսենը զանգեց, պատասխան չստանալով՝ դադարեց իրեն հիշել: Չմոռացավ Տիգրանը: Գալիս էր ամեն օր: Տնեցիները դեմ չէին, հույս ունեին, որ կհամոզի իրենց աղջկան տնից դուրս գալ, ուսումը շարունակի:
Առաջին անգամ եկավ, երկար նստեցին, բայց գրեթե ոչինչ չէին խոսում: Չհարցրեց, թե ինչն էր լացի պատճառը, ինչու է հրաժարվում ուսումը շարունակել: Մայրը սուրճ հյուրասիրեց, խմեցին շատ դանդաղ, ասես մի կարևոր գործ էին անում: Գնալիս ասաց, որ էլի կգա: Չասաց, թե՝ արի, բայց ուզում էր, որ գա: Անգամ լռելով զգում էր, որ իրեն հասկանում է, պատկերացնում այն ցավը, որ կա իր հոգում:
Հաջորդ օրը, մինչև Տիգրանի գալը, շատ էր անհանգիստ: Գրքերն էր խառնում, փնտրում, փնտրում, չէր գտնում այն, ինչը հիմա իրեն շատ էր պետք: Չէր հիշում, թե որ գրքի մեջ է: Երբ Տիգրանը եկավ, ամբողջ դարակը տակն ու վրա արված էր: Բարևեց, լուռ սպասեց, որ իր գործն ավարտի:
–Տիգրան, գիտե՞ս ինչ եմ փնտրում:
–Չէ, բայց եթե կարող եմ, կօգնեմ:
–Հա, կարող ես, ես քո տված այն փոքրիկ նամակն եմ ուզում գտնել, որ դրեցիր գրքիս մեջ ու ասացիր, որ կարդամ:
Չհասկացավ, թե ինչի քմծիծաղեց Տիգրանը:
–Աշխեն, իզուր մի փնտրի, ես դա վաղուց ետ եմ վերցրել:
–Ի՞նչ, – Աշխենը մեղավորի պես նայում էր Տիգրանին:
–Հա, Աշխեն, ես հասկացա, որ դա քեզ համար ոչինչ չի նշանակում: Ես չէի նկատել, որ դու տարված ես Արսենով: Մի քանի օր սպասեցի, որ կկարդաս, ինչ- որ բան կասես, հետո տեսա, որ իմ երկտողը նույն ձևով մնում է գրքի մեջ, հասկացա, որ դու ինձ համար ժամանակ չունես:
–Տիգրան, Տիգրան, ու դու ոչինչ չասեցիր:
–Ի՞նչ պետք է ասեի:
–Հիմա չէ՞ս ասի, թե ինչ էիր գրել:
–Չէ, Աշխեն, հիմա դրանք շատ ավելորդ ու անիմաստ մտքեր են:
Աշխենը նստել էր մոլորված ու չգիտեր ինչ աներ, ինչպես արդարացներ իր անտարբերությունը:
–Տիգրան, ներիր ինձ…
–Պետք չի, խնդրում եմ, դու դրանում ոչ մի մեղք չունես: ԵՍ պետք է ուշադիր լիեի ու քեզ չհոգնեցնեի իմ ներկայությամբ:
–Տիգրան, նստիր ու ինձ լսիր: Չընդհատես: Լսիր ինձ մինչև վերջ: Ես սա չեմ պատմում, որ ինձ խղճաս կամ մխիթարես: Ուզում եմ մի այնպիսի մարդ, որի մոտ կարողանամ խոսել այն ամենի մասին, ինչ կա իմ ներսում, ինչն ինձ չի թողնում ապրել: Դու միակ մարդն ես, որ ինձ կհասկանաս, կհասկանաս առանց մեղադրանքի կամ խղճալու: Լսիր, խնդրում եմ:
…Ու պատմում էր, պատմում էր առանց դադարի: Պատմում էր իր ամեն ինչ ունենալու ու կարծես թե միաժամանակ ոչինչ չունենալու մասին: Չէր ունեցել մտերիմ, սրտակից մարդ, որին վստահեր, որից իր հարցերի պատսախանը լսեր: Ու այդ փնտրտուքի մեջ գտել է ամենաանարժան մարդուն՝ Արսենին: Պատմեց իր վերջին չկայացած հանդիպման մասին, իր լսածի մասին:
–Հասկանում ե՞ս, Տիգրան, ես վստահել եմ մի մարդու, որն այսքան ստոր ձևով խաբել է ինձ, փորձել է այս էլ երևի որերորդ անգամ ապացուցել իր շրջապատին, որ ինքը ամենահաջողակ ասպետն է, աղջիկներին խելքահան անողը: Ես հիմարի պես վստահել եմ նրան, հավատացել նրա խոսքերին: Հիմա ինչպե՞ս հավատամ մարդկանց: Ինչի՞ս է պետք ուսումը, այդ ինստիտուտը: Ես ատում եմ բոլորին, ես նրա երեսն անգամ տեսնել չեմ ուզում:
Պատմում ու ազատություն էր տալիս արցունքներին: Վերջում ասես մի մեծ քար սրտից ընկած լիներ: Հիմա ավելի հեշտ էր, երբ մեկի հետ կիսվել էր, ասել ամեն-ամենը, և ոչ մի մեղադրող խոսք չկար իր հասցեին:
–Աշխեն, հիմա ինձ լսիր: Ես հասկանում եմ քեզ: Այն, որ սիրել ես անարժան մարդու, դու ոչ մի մեղք չունես: Իզուր չեն ասում՝ սերը հաճախ կույր է լինում: Դու Արսենի փոխարեն սիրել ես նրան, ում փնտրել ես: Ես վստահ եմ, դու կգտնես այդ արժանի մարդուն: Իսկ մինչև դա քեզ նախ պետք է մոռանալ նրա մասին: Արի միասին որոշենք, թե ինչպես:
–Չգիտեմ, ես ոչ մեկին տեսնել չեմ ուզում:
–Լավ, հասկանում եմ, բայց մի ելք պետք է լինի:
Գտան ելքը: Որոշեցին, Աշխենը տարկետում կվերցնի ու կգնա հորեղբոր մոտ, մի տարի կմնա, կհանգստանա: Հետո էլ կգա, կշարունակի ուսումը: Նախ կկարողանա երկար ժամանակով հեռանալ այս ճնշող իրավիճակից: Իսկ երբ գա, ժամանակն արդեն շատ բան բուժած կլինի: Երկուսին էլ դուր եկավ այս տարբերակը: Մնում էր, որ ծնողները համաձայնեն:
Ծնողները շատ զարմացան , երբ տեսան Աշխենի այսքան փոխված: Ասես այս մի քանի օրվա աղջիկը չլիներ: Ուրախացան, որ նման որոշում է կայացրել, ոչ թե սենյակում փակված մնալն է նախընտրում:
Շատ արագ գործերը կարգավորեցին, առանց ձգձգելու որոշեցին ճանապարհել: Ընկերուհիներից միայն մեկին ասեց, թե ուր է գնում, բայց չասեց պատճառը: Երևի արդեն նա էլ գիտեր: Բայց երկուսն էլ դրա մասին լռեցին:
Ճանապարհեցին հայրը, մայրը, եղբայրը: Մինչև ինքնաթիռ նստելն սպասում էր, որ Տիգրանը կգա: Չէր սխալվել, եկավ:
– Աշխեն, չե՞ս մոռանա ինձ, - ժպտում էր Տիգրանը:
– Քեզ ո՞նց կարելի է մոռանալ:
– Դե մեկ տարին քիչ ժամանակ չի, իսկ ես շատ կուզենայի, որ քեզանից լուր ունենամ:
Պայմանավորվեցին, որ կապ կպահպանեն, դժվար չի. հեռախոս, էլեկտրանային կապ կա…
Այդպես էլ արեցին: Երկուսն էլ անհանբեր սպասում էին պայմանավորված ժամին, չէին համբերում, թե երբ են զրուցելու, պատմելու այնպիսի բաների մասին, որ շատերը չէին էլ նկատում:
Բայց կարճ տևեց այդ : Մի քանի օր էր, Աշխենը սպասում էր, բայց Տիգրանը չկար կապում, անգամ ոչ մի հաղորդագրություն: Չգիտեր, թե ինչ մտածեր: Վերջին անգամ սովորական զրուցել էին, չէին վիճել…
Չհաբերեց, զանգեց ընկերուհուն: Չգիտեր, թե ինչպես հարցնի, բայց նա առաջինը պատմեց: Տիգրանն ու Արսենը կռվել էին: Պարզ է, որ առանց պատճառի Տիգրանը չէր կռվի, ուրեմնը չի դիմացել ու ազատություն է տվել բազկի ուժին: Արսենը ոչինչ չէր ասի, եթե կոտրվածքի պատճառով ոստիկանություն չգար:
Տիգրանին մեկ ամիս կալանքի տակ առան: Աշխենը անհանգիստ էր, հազար ու մի պատճառ էր փնտրում, մինչև որ անցավ այդ մեկ ամիսը:Նորից Տիգրանի հետ կապ հաստատեց: Անընդհատ հարցնում էր, դե պատմի, ինչի՞ կռվեցիք: Տիգրանը միայն մեկ պատասխան էր տալիս. «Պետք էր»:
Ախր ինչպե՞ս պատմեր Աշխենին, որ այդքան ստորությունից հետո, համարձակվում է բամբասել, չարախոսել: Երևի հերթական զոհին դեռ չէր գտել, մի բան ասելու համար Աշխենից էր պատմում.
–Տղեք, բայց ձեր արածն էլ մի բան չէր:Գրազ էինք եկել, չէ՞: Էդ խոստացած սեղանը չտեսա:
–Հա, բայց դու քո ասածը չարեցիր, ինչ իմանանք, Աշխենը քեզ խոսք է տվել , թե չէ::
–Վայ, արա, էդ ի՞նչ եք ասում, տո ո՞նց չի խոսք տվել, հիմա էլ որ փախավ, երևի վախեցավ, որ երեխու-մերեխու գործ լինի, որ իմացող չլինի:
Տիգրանը չգիտեր, թե ինչպես հասավ, բռնեց Արսենի օձիքից ու գոռում էր.
–Ի՞նչ, դե եթե էդքան վստահ ես, ասածներդ մի հատ էլ կրկնի:
–Վախ, վախ, այ Տիգրան ջան, ես հո հաստատ չասեցի, ասում եմ կարող ա…
–Լսի, դու տղամարդ ես, թե լակոտ, կրկնի ասածդ:
Կրկնե՞ր: Արսենի միակ զենքը լեզուն էր, դա էլ աղջիկների ու իր շրջապատի տղաների գլուխները լցնելու համար է: Ի՞նչ ռիսկ ունի, որ իր կանացի բամբասանքը նորից կրկնի: Տիգրանը կատաղությունից տեղը չէր գտնում, ազատություն տվեց ձեռքերին: Գիտեր, որ ծանր ձեռք ունի ու ոչ մի անգամ չէր դիմում այդ քայլին, բայց հիմա չկարողացավ զսպել իրեն: Ամբողջ ինստիտուտի բակով մեկ լսվում էր Արսենի գոռոցը: Հարվածից ձեռքը կոտրվել էր, հիմա կուչ էր ելել, վախենում էր նոր հարվածից:
–Լավ, Տիգրան ջան, ներիր, չափն անցա Աշխենի հարցում, գլուխս գովացել եմ:
Ընկերները զարմացած նայում էին. էս էն Արսենն է, որ իրենց շրջապատում հեղինակություն էր, հիմա կուչ է եկել ու քիչ է մնում լաց լինի…
Սրա մասին Տիգրանը չէր պատմի, չպատմեց նաև, որ ինքն էլ է տարկետում վերցրել: Դասերից ետ էր մնացել, որոշեց , որ հիմա չի շարունակի, մյուս տարի Աշխենը կգա, միասին կշարունակեն:
Շարունակեցին կապ պահպանել ու շարունակեցին ավելի լավ ճանաչել հեռվից-հեռու:
Տանը կատակով էին խոսում այս զրույցների մասին.
- Այ աղջի ջան, ով դրսում է ժամադրվում, դու ինտերնետում…
Ժպտում էր, չէր նեղվում, բոլորն էլ իրեն հասկանում էին, Տիգրանին էլ հեռվից ճանաչում էին: Ճանաչեց նաև ինքը: Զարմանում էր, թե ինչպես չէր ժամանակին նկատել ու ճանաչել այսքան լավ մարդուն: Հիմա անհամբեր սպասում էր այն օրվան, թե երբ էր վերադառնալու:
Անամպ ու պայծառ օր էր: Ինքնաթիռը վայրէջք կատարեց նշված ժամին: Անհամբերությունից Աշխենի շունչը կտրվում էր: Ինքնաթիռից իջնելուց հետո նկատեց Տիգրանին. թիկնեղ, բարձրահասակ ու բարի ժպիտը դեմքին: Հուզմունքից աչքերը լցվել էին: Ինչպես կարող էր անտարբեր լինել այսպիսի պատանու սիրո նկատամբ, խաբվել այդ դատարկ ու ինքնահավան, այդ ստոր արարածի խոսքերից:
Որքան մոտենում էր, այնքան արագանում էին երկուսի քայլերը: Մոտեցավ ու զարմացավ.
– Տիգրան, ինձ ուրիշ դիմավորող չկա՞:
– Չէ, Աշխեն, խնդրել եմ ձեր տնեցիներին, որ մենակ դիմավորեմ, չե՞ս նեղանում:
– Նեղանու՞մ, ինչի՞ց…
Երկուսն էլ ուրախ էին այս հանդիպման համար: Աշխենը գլուխը դրել էր Տիգրանի ամուր ուսին ու ժպտում էր երջանիկ իր սիրուց ու արբեցած Տիգրանի նվիրած ծաղիկների բույրից:

ihusik
12.04.2007, 19:10
Լավ էր, ապրես:)
Կյանքում ցավոք հաճախ է այդպես պատահում, երբ աղջիկները սիրահարվում են տղաների, որոնց մոտ ամեն բան լավ է ստացվում ցույց տալ՝ ասես խանութում ցուցափեղկերում դրված գեղեցիկ ու աչք շոյող փաթեթավորմամբ կոնֆետների պես, որոնց մեջ չգիտես էլ ինչ կա, բայց միայն դա բավական է լինում, որ գրավի... ափսոս շատերը դա հետո են հասկանում... Էրիխ Ֆրոմմի խոսքերով ասած,- Սիրո տաճարը փոխարինվել է սիրո շուկայով: Լավ է, որ քո գրվածքում շուտ հասկացավ հեղինակն այդ ամենը;) Մեկ անգամ ևս շնորհավորում եմ նոր գրվածքդ:)

Selene
12.04.2007, 23:17
Ամբողջ պատմվածքը մի շնչով կարդացի: Չհասկացա, թե ինչու էի այդքան հուզված ընթերցում:( , վերջում թեթև ու անհոգ ժպիտ պարգևեցին ինձ այս տողերը՝



Երկուսն էլ ուրախ էին այս հանդիպման համար: Աշխենը գլուխը դրել էր Տիգրանի ամուր ուսին ու ժպտում էր երջանիկ իր սիրուց ու արբեցած Տիգրանի նվիրած ծաղիկների բույրից:

Ապրես lili-4 ջան:hands

Ուլուանա
13.04.2007, 11:10
Lili ջան, շատ լավն էր։ :) Երանի կյանքում միշտ լիներ այնպես, ինչպես այս պատմվածքում եղավ... :think
Սիրում եմ happy-end... :oy

lili-4
13.04.2007, 18:32
Շնորհակալ եմ, հուսամ, որ դեռ չեմ հոգնեցրել Ձեզ իմ պատմություններով…:think

ihusik
13.04.2007, 22:03
Զուր մի հուսա:P հաստատ իմացիր որ չես հոգնեցրել ու դեռ սպասում եմ էլ ավելի մի լավ ու գեղեցիկ պատմվածքի;) :)
Բայց այդ մասին հաջորդ դասին :)

Cassiopeia
13.04.2007, 22:44
Լավն էր, նույնիսկ շատ լավը… բայց ես ցավ ապրեցի այն կարդալուց:(

John
18.04.2007, 16:04
Շատ հավանեցի… շնորհակալ եմ հաճելի պահեր պարգևելու համար…

Մանե
19.04.2007, 15:16
Իրոք հիանալի էր:love
խոսքեր չկան:)