PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչ շուտ մեծացար



lili-4
07.04.2007, 17:51
Գոհարը սովորականի պես արթնացավ առավոտ շուտ ու անաղմուկ մոտեցավ աթոռին: Շուտ արթնանալն իր համար արդեն դժվար չէր , սովորել էր, միայն անաղմուկ էր շարժվում, որ տղային չարթնացնի: Թող քնի, դեռ շուտ է: Աթոռից վերցրեց շորը , որ հագնի , քարացավ… Էս ի՞նչ է արել, շորը վառարանին մոտ էր դրել , ու մի կողմը կրակից դեղնել էր: Նստեց աթոռին ու մոլորվեց: Ի՞նչ աներ, ախր երեսատեղի միակ շորն էր, սա պետք է հագներ ու գնար աշխատանքի: Անտեր եղանակն էլ չէր բացվում. անձրև, անձրև: Ինքն էլ ստիպված չորացնելու համար բերեց տուն: Ոնց չէր նկատել, որ վառարանին մոտ է դրել: Ի՞նչ անի, ախր ունեցած շորերը բանի պետք չեն, ամոթ է դրանցով դուրս գա: Ամեն անգամ որոշում էր իրեն նոր շոր գնի, բայց դե… Մինչև աշխատավարձի ստանալը ոնց -որ հերիքում էր, տեղավորվում էր այդքան փողի մեջ: Բայց հենց ստանում էր, պարտքերը բաժանում, մանր- մունր առևտուր անում, տակը ոչինչ չէր մնում: Հետո էլ ինչ մի իր ժամանակն էր, տղային կոշիկ է պետք… Ու ամեն անգամ հետոյին թողնելով , հիմա էս մեկի հույսին է մնացել, սա էլ…
Ախ իմ անտեր բախտ: Ե՞րբ սկսվեց իր այս տանջալից կյանքը, ե՞րբ իր բախտի անիվը շրջվեց: Մտովի կյանքի կծիկը այս էլ քանի անգամ ետ դարջրեց , փորձելով գտնել իր հարցի պատասխանը :
…Ուսանող էր, որ հանդիպեց Արային, սիրեցին միմյանց ու որոշեցին ամուսնանալ: Չէին վախենում դժվարություններից. երկուսն էլ ուսանող, առանց տուն…
Արան տեղափոխվեց երեկոյան բաժին, առավոտյան աշխատում էր, երեկոյան սովորում: Հետո էլ գործարանում մնաց , արդեն բարձր պաշտոնով, բարձր աշխատավարձով: Մի քիչ փող հավաքեցին ու գնեցին այս տունը: Մի սենյակ էր, , տատանվում էին, գնել թե մի քիչ էլ հավաքեն , ավելի մեծը գնեն: Բայց չսպասեցին, ու լավ էր, թե չէ հիմա հիմա սա էլ չէր ունենա: Ինքը չէր աշխատում, երեխան փոքր էր, մեծանար, հետո…
Հետոն չեղավ այնպես, ինչպես սպասում էին: Ամեն ինչ փոխվեց, խառն ու անորոշ էր: Անկախ երկրի ունեցան, բայց դրա տված քաղցր պտուղները դեռ հեռու էին: Մնաց առանց աշխատանքի Արան չէր հաշտվում իրենց վիճակի հետ և որոշեց շատերի պես բախտը դրսում փորձել: Սկզբում լավ էր, հաճախակի էր զանգում, փող ուղարկում: Հետո զանգերը պակասեցին, հետո փողը ու մի օր էլ երկուսն էլ սպառվեցին:
Չգիտեր, ինչ մտածեր, մտքով միայն վատ բաներ էին անցնում: Չէր կարողանում տեղը գտնել, բայց ի՞նչ կարող էր անել: Սպասում էր ու չէր էլ նկատում իրենից թաքուն հարևանների փսփսոցը: Հետո սկսեցին իր ներկայությամբ էլ խոսել, խորհուրդ տալ.
–Ի՞նչ ես խառնվել, ի՞նչ ես դարդ անում, նրանից էլ հույսդ կտրի: Կարող ես, քեզ ու երեխայիդ պահի: Նա իր տունն ու տեղն ունի, քեզ էլ վաղուց մոռացել է: Մոտից եկողներ կան, չե՞ն ասել:
Հույսդ կտրի… Հա, կտրեց ու սկսեց աշխատանք փնտրել: Դիպլոմն առած այս ու այն կողմ էր վազում, խնդրում, համոզում, որ ինքը լավ մասնագետ է, պարտաճանաչ:ճիշտ է, փորձ չունի, բայց չի հիասթափեցնի: Անօգուտ: Կամ չէին լսում, կամ էլ լսելուց հետո միշտ քմծիծաղում էին.
–Գիտես, մենք չենք կասկածում քո գիտելիքների վրա, բայց մեզ երիտասարդ մասնագետ է պետք:
Գլխիկոր գալիս էր տուն, հուսահատվում, հետո նորից իր մեջ ուժ գտնում, նորից փնտրում …ու գտավ:
Մեծ գործակալություն էր, աշխատասենյակներն էլ շատ ու դրանց մաքրելու համար վատ չէն վարձատրում: Առավոտ շուտ գնում էր, մաքրում ու այդ աշխատանքն ավարտված էր: Միշտ շատ շուտ էր գնում: Աշխատանքն ավարտելուց հետո , երբ տուն էր դառնում, լինում էր, որ հանդիպում էր տնօրենին:Սա էլ ,ասես բարևի տեղ ,սովորություն դարցած բառերն էր ասում.
–Այ Գոհա՛ր ջան, ասել եմ, էսքան շուտ ինչի՞ ես գալիս, գիտեմ, որ կես ժամում էլ գործդ կավարտես, ինչի՞ ես անհանգստանում: Տնաշեն, էս պահակից էլ շուտ ես գալիս,- հետո էլ որպես վերջաբան,-Ինչ ասեմ, մի հարմար գործ լիներ, էդ ավելը թողնեիր: Տեսնենք, տեսնենք, թե տեղ եղավ, առաջինը դու ես:
Սկզբում հավատում էր այդ խոսքերին, հույսով սպասում, իրեն պատկերացնում մեկ այս պաստոնին, մեկ այն… Հետո համակերպվեց այն մտքին, որ այս խոսքերը պարզապես մի բան ասելու համար են, ընդունում էր որպես անհաջող հաճոյախոսություն:
ՀԻմա էլ առանց ինչ- որ սպասելիքի գալիս էր աշխատանքի, ու գալիս էր շուտ, ոչ թե չհասցնելու վախից, այլ վախենում էր, որ այստեղ կհանդիպի իր համակուրսեցիներին ու
… Ու կասի, որ աշխատում է որպես հավաքարար…
Հետո էլ ուրիշ գործ գտավ: Վարսավիրանոցում: Հա, էլի հավաքարար, ուրիշ ի՞նչ: Ծանր չէր աշխատանքը, բայց ամբողջ օրը ստիպված էր այստեղ մնալ: Ազատ ժամանակ շատ էր ունենում և պարապ չմնալու համար գործել սովորեց, վատ չէր, մայր ու տղա գոհ հագնում էին:
Ապրում էին առանց դժգոհելու: Փորձում էր տղային պահել այնպես, որ դրսում չնեղվի, հոր պակասը չզգա: Հազիվ, ծայրը- ծայրին հասցնելով , կարողանում էր տղային պահել, մոռացել էր իրեն, միշտ հերթից դուրս էր : Հիմա էլ ստիպված է այս կրակից դեղնած շորով գնալ: Էհ, գոնե այս աշխատավարձից իրեն հերթ հասներ: Հագավ, կանգնեց հայելու առաջ, վերցրեց շուկայի մեծ ու դատարկ պայուսակը և փորձեց դրանով ծածկել շորի վառված մասը, ստացվեց: Կրծես թե վատ չէր, միայն թե պետք է մի քիչ կուչ եկած քայլի, որ հարմար լինի ծածկելը: Լավ, այդպես էլ կանի:

lili-4
07.04.2007, 18:31
Քանի օր էր, Գոհարը կուչ եկած էր քայլում՝ շուկայի դատարկ ու մեծ պայուսակը ձեռքին: Այդ օրն էլ սովորականի պես կեսօրին եկավ տուն: Տղան արդեն տանն էր: Պառկել էր բազմոցին ու բաց- բաց քնել:Գնաց, որ վերմակը բերի, ծածկի: Չգիտեր, թե տղայի հետ ինչ է կատարվում: Վերջին ժամանակ շատ է փոխվել: Արդեն քանի օր է, երեկոյան գնում է տնից, ասելով, թե գնում է Սոսենց տուն, ֆիլմ նայելու: Ի՞նչ աներ, չթողնել չէր լինում, ինչո՞վ զբաղվեր : Թողնում էր ու տողը չէր գտնում:
Երևի ամբողջ գիշեր ֆիլմ են նայում, որ հաջորդ ամբողջ ցերեկը գալիս ու քնում էր: Ախ, երենի դա լիներ: Դե մայր է, հազար ու մի վատ բան էր մտածում:
Վերմակով ծածկեց տղային: Շատ զգույշ ծածկեց, որ չարթնացնի, բայց կարծես քնաց էլ չլիներ:
–Մամ, եկա՞ր:
–Հա, բալես:
–Դե վեր, գնացինք:
–Ու՞ր, այ տղա, ճաշ եմ եփելու, հետո էլ նորից գնալու եմ:
–Հետո, հետո, հիմա գնանք:
–Էլի գնանք, բայց ու՞ր, տղաս:
–Շուկա:
–Շուկա՞,-կարծես չհասկացավ Գոհարը,- շուկայում ի՞նչ գործ ունենք:
–Ո՞նց թե, մամ, շոր կա, շոր եմ տեսել, գնանք ցույց տամ:
–Հա , բալես, տեսնենք, բայց հիմա փող չունենք, ի՞նչ ենք անելու:
–Ոչինչ, ոչինչ, մամ, միայն արի տես, հետո կառնենք:
Չկարողացավ մերժել, գնաց: Առաջի անգամ էր տղան իր համար շոր հավանել, ոնց մերժեր:
Գնում ու անիծում էր իր բախտը, իրեն բաժին հասած դառնությունը: Շուկան թատրո՞ն է, որ գնում են տեսնեն ու գան: Ո՞նց ասեր տղային, որ եթե հավանեն , հետո էլ չի կարող գնել: Նեղվում ու շուտ- շուտ ուղղում էր ձեռքի մեծ պայուսակը, ծածկում այրված շորը: Հասան, տղան տարավ ու կանգնեցրեց մի բաժնի մոտ: Նայեց ու զարմացավ.
–Այ տղա, ես կանացի բաժնում քեզ համար ինչ ե՞ս հավանել:
–Մամ ջան, իմ չէ, քեզ համար եմ հավանել:Դե, ասա, դու որն ես հավանում, գնենք:
Գնե՞ն, ճի՞շտ լսեց, իսկ փո՞ղ: Հա, ճիշտ էր մտածել, տղան Սոսենց տուն չէր գնում, այլ… Չէ, չէ, չէր ուզում մտածել, մտքերը մշուշոտվել էին, գլուխը պտտվում էր: Չուզեց բոլորի մոտ վիճել, որոշեց համաձայնի, ինչ էլ լինի, կգնեն, կգնան տուն, այնտեղ կխոսեն…
Հայացքն արագ գցեց կախած շորերի վրա, բայց ոչ թե նրանց, այլ գներին էր նայում: Ընտրեց ամենաէժանը .
–Սա եմ հավանում:
–Մամ, էս ի՞նչ ես ընտրել, ուրիշ չկա՞: Չէ, դա չէ: Այ սա տվեք:
Ու տղան ցույց տվեց իսկապես գեղեցիկ , բայց շատ թանկ շոր:
Վերցրեց, վճարեց ու մոր թևն ընկնելով , տղան եկավ տուն: Չգիեր գնաց թե փախավ շուկայից Գոհարը: Տուն մտնելով, նա չոքեց տղայի առաջ ու արցունքախառը ձայնով կրկնում էր.
–Բալես, քեզ փող որտեղի՞ց, ասա, որտեղի՞ց, գաղացե՞լ ես, դե , ասա…
Հետո ձեռքերի մեջ առավ տղայի դեռ երեխայական ձեռքերն ու սկսեց խելահեղ համբուրել…
–Ասա, բալես, ասա, ես քեզ կհասկանամ…
Մեկ էլ մատերի տակ զգաց որդու ափերի մեջ առաջացած կոշտուկներ: Շրջեց ձեռքերն ու տեսավ, որ ափերի մեջ կոշտուկներ ու չփակված վերքեր կան: Որդին ծունկի եկավ մոր առաջ ու շշնջաց.
_Մամ, ներիր, որ քեզ չեմ ասել :Ես ոչ մի Սոսոնց տուն էլ չէի գնում : Ես գիշերները կայարան էի գնում, վագոններ դատարկելու: Ցերեկը չէի գնում, դասերից չէի ուզում ետ մնալ, հետո էլ գիշերվա համար շատ են վճարում: Ես չէի ուզում, որ դու կուչ եկած քայլես:
Մայրը գրկել էր որդուն ու ազատություն տվել արցունքներին: Սրանք ոչ թե իր դժբախտության, անհաջողության համար էին, այլ այն երջանիկ պահի , որ կարծես գտել էր որդուն.
_Բալես, գանձս, անգինս, ինչ շուտ մեծացար…

ihusik
08.04.2007, 13:40
Ապրես lili-4 ջան, կրկին մի հուզիչ պատմվածք:( Կարծես մի հասարակ ու պրիմիտիվ սյուժե ունի, բայց այնպես ես կարողանում նրա մեջ հոգի ու սիրտ դնես, որ սյուժեն դառնում է հոգի առած մի մարմին, որի մեջ մի գեղեցիկ, լուսավոր ու բարությանն անսահման հավատացող սիրտ է բաբախում...:love :oy

Կրկին շնորհակալ եմ, որ ներկայացրել ես մի նոր, գեղեցիկ պատմվածք;)

Հ.Գ. Կարո՞ղ ես երջանիկ ավարտով մի գեղեցիկ սիրո պատմվածք գրես...:oy Կներես, որ այսպես ասած, պատվիրում եմ:)
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Այս բաժնի Մոդերատորին կխնդրեի, եթե նա ճիշտ կհամարի, lili-4-ի ստեղծագործությունները միացներ իրար ու նրա անվամբ թեմա բացեր այս բաժնում...

Selene
08.04.2007, 15:04
Հետաքրքիր զուգադիպությամբ երեկ երեկոյան նայում էի «Մոր սիրտը» ֆիլմը՝ մտովի փորձելով փոխել սյուժեն, որդու պահվածքը, ու այսօր այս պատմվածքը…
Պատմվածքը շատ լավն է՝ չնայած այդքան թախիծ ու տառապանք կա, բայց դե ամենը վերջում արժանի գնահատկան է ստանում:) lili-4 շնորհակալություն:) , անհամբերությամբ սպասում եմ հաջորդին:

Ծով
08.04.2007, 17:16
Շատ սահուն էր գրված…հանգիստ կարդում էի՝ կլանելով ամեն բառը։:)
Հերոսներդ բարի էին, մեկ է չարացած չէին հոգսառատ կյանքի դեմ, դրա համար էլ պատմվածքի տխրությունից ջերմություն էր կաթում…:love

StrangeLittleGirl
08.04.2007, 19:57
Շատ լավն էր, Լիլի ջան: Շատ լավ ես թափանցում ընտանեկան խնդիրների խորքերը:

Sam521
10.04.2007, 09:44
Ապրես:

Cassiopeia
14.04.2007, 14:47
Այս մի պատմվածքն իրոք արցունքներ առաջացրեց աչքերումս… որքան արդիական, որքան տխուր իրավիճակ է նկարագրված…:cry

Ուլուանա
04.06.2007, 09:41
Այս պատմվածքը նոր կարդացի։ Թե ինչու՞ մինչև հիմա չէի կարդացել... :oy
Խոստովանեմ... լացեցի... :cry Ի՜նչ ծանոթ իրավիճակներ կային մեջը... :(
Լիլի ջան, շատ պարզ ու միաժամանակ անչափ հուզիչ ես գրում, ապրես։ :)

Հետաքրքիր է, կարդալու ժամանակ անընդհատ վախով սպասում էի, որ տղան կսկսի մորը կոպտել, արհամարհել, երախտամոռ պահվածք դրսևորել... Լավ է, որ մտավախություններս չիրականացան։ :)

Root
04.06.2007, 10:30
Այո, լավ պատմված էր, երանի այդ մորը ...

Սա ամենևին էլ հորինվածք չէ... պատմվածքը պարզապես մեր հայ իրականության արտացոլումն է , ես կասեի 90-ական թվականների բովանդակությունը ...
Հազարավոր հայ երիտասարդներ են եղել տղայի կերպարում իրականության մեջ , փակագծերը չբացելով կասեմ, որ վագոններ բեռնաթափելը "ամենադյուրին" գործն էր այն ժամանակ ... իսկ մոր համար շոր առնելը "նոր տարվա լիմոնադ"-ի հետ կարելի էր համեմատել .... քանի որ .... իսկ ի՞նչ ասեին այն մանուկները, ովքեր օրվա ցամաք հաց տուն տանելու համար շուկայի մի անկյունում կուչ եկած մի մի հաց էին վաճառում, որ ամեն մեկից 10 դրամ շահույթ ունենային ... որ վերջապես 10 անգամ խնդրել պաղատելով հաց վաճառելով ... իրենք նույնպես գնեին այդ մի կտոր ատելի, բայց այդքան բաղձալի "բուխանկան" ու վազեին տուն ... մորը տալու , ի՞նչ ասեին ... հո մորը չէին ասելու, որ մարմնի ու դեմքի կապտուկները թաղի տղերքի հետ կռվելուց չի ... այլ ...որ "Շուկայական մրցակցության" հետևանք մի կողմից .. իսկ մյուս կողմից .... ՀՀ "Օրինապահ մարմինների օրինական գործունեության" արդյունք ... լռում էին ... էին ուզում իրենց մայրերը վշտանան ... սա միայն մեկ օրինակ էր հազարավորների միջից ...
Պատերազմ էր , շրջափակում , սով ...չկար ոչինչ ... կար միայն հույս...

Այսօր "մենք" հպարտ ենք, որ այդ օրերից ածխացած դեմքով ու ձեռքի կոշտուկներով, բայց բարձր գլխով դուրս ենք եկել այդ տարիների բովի միջից ու քայլում ենք առաջ , գուցե և ծուռումռտիկ , գուցե և դանդաղ կամ խարխափելով , բայց ուժեղ կամքով ու հաստատուն, որովհետև տարիներին փորցը մեզ տվեց սեր կյանքի նկատմամբ ՝ ինչքան էլ որ այն անարդար ու դժվար լինի, մենք ապրում ենք .... մենք կանք որպես մարդ, որպես ազգ ու հայ, որի վառ ապացույցը Լիլիի պատմած այդ ՝ մեր պատմության հիշողությունն է...

Մանոն
26.07.2007, 17:24
Մայրը գրկել էր որդուն ու ազատություն տվել արցունքներին: Սրանք ոչ թե իր դժբախտության, անհաջողության համար էին, այլ այն երջանիկ պահի , որ կարծես գտել էր որդուն.
_Բալես, գանձս, անգինս, ինչ շուտ մեծացար…
Ինչ լավ ավարտվեց պատմությունդ lili ջան: Ու մի՞թե մոր համար կա ավելի մեծ երջանկություն, քան այդպիսի զավակ ունենալը…Մոր և որդու սերն ու հարգանքը փոխադարձ էին: Նրանք՝ քո պատմվածքի հերոսները, թեև աղքատ էին սոցիալապես, բայց հարուստ էին հոգով, որն էլ ուժ էր տվել որդու՛ն էլ, մո՛րն էլ դիմանալու կյանքի դժվարություններին, սովին…, Երանի աշխարհի բոլոր մարդիկ գիտակցեն այդ գանձի արժեքը…

Firegirl777
26.07.2007, 19:30
Վերջում նույնիսկ արտասվեցի, իրոք, շատ լավն էր ու հենց մեր իրական կյանքից վերցրած

Փոքր ժամանակ շատ անգամներ որոշել եմ գնալ աշխատել, բայց տնեցիները այնպես էին դրել դրվածքը որ ոչ մի Սոսենց տանը կինո նայելուն չէին հավատա ու թույլ էլ չէին տա բաաաա

հասկանում եմ և մորը և տղային, հիանալի էր ապրես, իրոք ապրես

lili-4
29.07.2007, 22:04
Շնորհակալ իմ փոքրիկ պատմությունը նորից կարդալու, առավել ևս ,ինձ էլ նորից վերհիշեցնելու համար:)

ivy
12.11.2008, 12:19
Ինչ լավն էր։ Անթերի էր շարադրված։ Թեման էլ քանի՜–քանի՜ հայ ընտանիքի է ծանոթ... Թացացան աչքերս... Ապրես։