PDA

Դիտել ողջ տարբերակը : Իսահակյան Ավետիք / Վարպետ



ihusik
31.03.2007, 22:18
Ճիշտն ասած երկու անգամ նայեցի այս բաժնում ու ի զարմանս ինձ չգտա "Ավետիք Իսահակյան" անվամբ թեմա ու էլի ճիշտն ասեմ՝ աչքերիս մինչ հիմա չեմ հավատում. եթե իրոք չեմ նկատել Ավետիք Իսահակյանին նվիրված թեման կխնդրեի մոդերատորներին ջնջեին այս նոր բացված թեման, բայց թե մինչ հիմա չի եղել՝ ուղղակի զարմանում եմ... ինձ միշտ թվացել է թե կար...

Եվ այսպես՝ այստեղ կարող եք տեղադրել Մեծ Իմաստուն, Մեծ Բանաստեղծ, Խոսքի Մեծ Վարպետ՝ Ավետիք Իսահակյանից Ձեզ դուր եկած տողերն ու նրան վերաբերող ամեն բան՝ ինչը կգտնեք հետաքրքիր և ուսուցողական մեր բոլորիս համար:

Շատ այլ հայ մեծանուն բանաստեղծների եմ սիրում ու հաճույքով կարդում նրանց գործերը, բայց ինձ համար մի առանձին մեծություններ են Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը՝ երևի թե, նախ և առաջ, նրանց մեջ եղած Իմաստության ու Ոգեղենության համար, որոնք իրենց արտահայտումն են գտել նաև նրանց գրվածքների մեջ: Բայց նախ՝ Սիրո մասին.

* * *
Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:

Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա
Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:

Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
Գիտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ և սեր:

Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար, ամայի ճամփեքի վրա.
Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր
Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա...
* * *
Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս...
* * *
Քու՛յր իմ նազելի, նայիր քո դիմաց՝
Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել.
Ա՜խ, նըվիրական ինձ քո գիրկը բաց
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...
Քնքուշ ձեռներով աչերըս սըրբիր,
Մի՛ թող ինձ լալու — ես շա՜տ եմ լացել,
Ճակատիս մռայլ՝ մշուշը ցըրիր,
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...

Շա՛տ եմ տանջվել այս աշխարհում,
Շա՛տ եմ լացել այս աշխարհում.
Այն աչքերը, որ չեն լացել,
Բան չեն տեսել այս աշխարհում:
***
Ասում են, թե դու այնպես
Մոռացել ես ինձ, այնպե՜ս,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս։

Բայց, նազելի՛ս, ձեր բակում
Այն լորին է դեռ ծաղկում,
Որի քնքուշ բույրի մեջ
Քեզ գրկեցի սրտատենչ։

Ու գրկիս մեջ այսօր դեռ
Կիզող կրակ է վառվել,
Իսկ երբ անունդ են տալիս,
Սիրտս արյուն է լալիս։

Ա՜խ, իրա՞վ է՝ դու այնպես
Մոռացել ես ինձ, այնպե՜ս,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս…

ihusik
31.03.2007, 22:52
Արևն իջավ սարի գըլխուն,
Դար ու դաշտում լույս չըկա.
Հավք ու թըռչուն մըտան խոր քուն,-
Ա¯խ, ինձ համար քուն չկա:

Լուսնյակն ընկավ երթկից ներս
Կըշեռքն ելավ երկընքում,
Զով հովերն էլ մըթնշողես
Աստղերի հետ են զըրցում:

Սիրու՛ն աստղե¯ր, անուշ հովե¯ր,
Յարըս ու՞ր է՝ էս գիշեր.
Պարզ երկընքի նըխշուն աչե՛ր,
Յարիս տեսա՞ք էս գիշեր:

Լույսը բացվավ, դուռը բացվավ,
Ամպ ու զամպ է,- թոն կուգա.
Ալ ձին եկավ, անտեր եկավ,
Ա¯խ, յարս ու՞ր է, տուն չի գա...

ihusik
31.03.2007, 23:15
Ինչու՞, ինչու՞ հիմա այսպես
Չար ես այսպես, չար ինձ հետ,
Որ նամակներս ու պատկերս
ՈՒղարկեցիր ողջը ետ:

Խստապահանջ խնդրում ես ինձ
Նամակներդ ետ դարձնել.
Կատարում եմ ասպետորեն
Քմայքներիդ այս խաղն էլ:

Բայց համբույրներն այն սրտադող,
Որ ինձ տվիր ու առար,
Բնավ երբեք դու չես կարող
Ո՛չ ստանալ, ո՛չ ետ տալ:

Նրանք պիտի վառվեն անշեջ,
Պիտի կիզեն քո հոգին,
Ինչպես որ միշտ այրում են ինձ
Երջանկությամբ ցավագին:
.................................................
Գիշերն երազով, զօրը կարոտով`
Նազելի տեսքիդ մնացի անհաս.
Աշխարհը հարբեց քո անուշ հոտով,
Մենակ ես քեզնից մնացի անմաս:

Ախ, գոնե տեղդ վարդեր ուղարկիր,
Համբուրեմ, դնեմ մարած աչքերիս.
Գոնե վարդերիդ փշերն ուղարկիր,-
Համբուրեմ, գգվեմ սիրավառ սրտիս…
...............................................................
Անապատում, միրաժի մեջ մի բեդվին
Շողքն է տեսել մի աղջկա գեղեցիկ,
Եվ փնտրում է հոգեսլաց, տենչագին
Ծով-կարոտով այն աղջկան գեղեցիկ:

Եվ ծարավուտ անապատում հրավառ,
Տատասկներում, արևի տակ բոցափայլ
Փնտրում է նա նրան անվերջ, անդադար
Եվ մեռնում է վեհ սիրո մեջ հոգեզմայլ:

Եվ քնի մեջ - աննյութական, անվախճան,
Տեսնում է նա այնպես քնքուշ ու սիրուն
Շողքը չքնաղ այն նազելի աղջկան
Եվ փնտրում է նրան հավերժ երազում…
.................................................................
Ինչպե՜ս կուզեմ սիրտս թաղեմ
Ծովի մռայլ, մութ խորքում.
Քեզնից հեռու, վիշտս պահեմ
Գաղտնի տեղում` շատ թաքուն:

Ծովը միայն վիշտս իմանա,
Ծովը շա՜տ մեծ սիրտ ունի.
Սրտանց կուլա սիրուս վրա,
Հոգու խորքից կհուզվի…
..................................................
Քնքուշ տատրակս, դու անծանոթի,
Դու օտարի պես մոտովս անցար:
Ախ, ինչ եղավ քեզ, որ հուր կարոտի
Արցունքներդ այսպես շուտով մոռացար:

Գնա, մոռացիր, և բախտը քեզ հետ,
Հյուսիր քո բույնը` ում հետ որ կուզես.
Թռիր ու գնա, և մի նայիր ետ,
Թող տունս մնա թափուր` սրտիս պես:

Թող օջախիս մեջ կրակ չհուրհրա,
Մարած սրտիս մեջ թող ոռնա քամին.
Թող վայե քամին չոր գլխիս վրա,-
Ես չեմ հավատում կնոջ երդումին…
..........................................................
Կնոջն ուզեցի հավատալ նորից,
Լալ ու երազել առաջվա նման.
Բայց արյունոտվեց խեղճ սիրտս նորից.
Եվ որբ մնացի և թափառական:

Սե՛ր, մնաս բարով, էլ քեզ չեմ նայի,
Չեմ բախի դուռդ ունայն քամու պես.
Բայց կուզենայի հավիտյան լայի,
Եվ չցամաքեր արցունքը սրտես:

ihusik
31.03.2007, 23:48
Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր՝
Աչերիդ մեջ շող ցայեմ.
Լուռ գիշերվա անուշ հովեր՝
Փունջ ծամերդ փայփայեմ:

Կուզե՞ս լինիմ վարդ-նազելի՝
Կրծքիդ վրա վառվռիմ.
Արշալույսի շողեր ոսկի
Դեմքիդ վրա փայլփլիմ:

Կուզե՞ս լինիմ ծառ ու ծաղիկ՝
Քեզ գրկումս նինջ սփռեմ.
Թալուկ ստվեր, թովիչ թռչնիկ,
Օրոր ասեմ, օրորեմ:

Ինչ որ ցանկաս՝ կուզե՞ս լինիմ,
Լինիմ երկինք ու երկիր,
Լինիմ ծով, ժայռ, արև, լուսին,
Միա՛յն, միա՛յն ինձ սիրիր...

ihusik
01.04.2007, 23:40
Կտակ

Սիրուն մանկի՛կ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ.
Ճշմարիտն ես փորձով գիտեմ ու խոսքերս մի՛ մոռնար:

Կյանքն է ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական.
Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական:

Զգացմունքն է գերիշխանը, խելքը՝ նրա լոկ ծառան.
Բայց դու՛ խելքդ վրադ պահի՛ր, ինչպես պողպատ կուռ վահան:

Մի՛ հավատար ստվերներին, հենվի՛ր միայն քեզ վրա,
Ատելու չափ սի՛րիր մարդկանց, բայց լավություն միշտ արա:

Եվ լայն օրում թե՝ ընկերներ, թե բարեկամ ճանաչի՛ր.
Իսկ նեղ օրում ընկերների ո՛չ որոնիր, ո՛չ կանչիր:

Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս,
Զվարթ եղի՛ր, ու այդպիսով բախտի վրա կըխնդաս:

Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոթին դեմ-դեմի.
Անզղջալի առաջ գնա՛, ինչ որ լինի՛, թո՛ղ լինի:

Լսի՛ր, տղա՛ս, ինձ կթաղես անհայտ մի տեղ, աննշան,
Որ չիմանան, մարդիկ չգան՝ շիրմիս քարը գողանան:
.............................................................................................................
Իմ Նիրվանան

Ես ապրում եմ մեն-մենավոր
Այս լռանիստ անտառում,
Իմ հյուղակն է թավուտի մեջ,
Ուր երգում է ջինջ առուն:

Ես խորհում եմ ներանձնացած
Լռության մեջ գերանդորր,
Հոգիս՝ զվարթ, սիրտս՝ հանգիստ,
Զերծ կրքերից բռնավոր:

Եվ բնության ծերերից դուրս,
Անհունի մեջ անուրջի,
Ես ապրում եմ հավերժաբար
Առանց վշտի ու տենչի:
..........................................................................
Ես ձեզ ասում եմ՝ կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ.
Կընկնեք մուրալու հափրած որկորով՝
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։

Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք - միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք՝
Մոռացած անմահ, անհունի տենչանք։

Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝
Ձեր նյութի հանդեպ կըգա ոգու սով.
Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով...
......................................................................................
Փրփուր բաշերով ծովը ամեհի
Ծեծում է ժեռուտ ափերն ամայի:

Ինձ համար չկա այլևս գաղտնի,-
Եվ աշխարհն անհուն՝ նպատակ չունի:

Կռվում է սիրտը ամեն մի վայրկյան
Դաժան կամքի դեմ ահեղ բնության:

Ողջը երազ է, ողջը՝ ներապրում,
Եվ աշխարհն իրոք չունի գոյություն:

Ես միայն, Ես կամ, և ուրիշ ոչ ոք,
Երջանկությունը ակնթարթ է լոկ:

Եվ աշնան հողմը իմ գլխի վրա
Թող հիմա վայրագ շաչե ու ոռնա...
........................................................................
Իմ աղոթքը

Սիրտըս ահա - դատարկ անոթ,
Լցրու նրան, ո՛վ Բնություն,
Քո ուժերով, քո զորությամբ,
Իմաստությամբ ստեղծագործ:
Սրտիս խորքով հավատում եմ
Քո գերասքանչ հրաշքներին,
Անհունության, հավերժության,
Իմաստության քո անսահման,
Ո՛վ Բնություն Աստվածային:
...................................................................
- Ի՞նչ պիտ լինեմ կյանքից հետո,
Հարցում արի ես Բնության:
Ինչ որ էիր կյանքից առաջ,-
Այսպես տվեց ինձ պատասխան:

Grieg
02.04.2007, 14:34
* * *
Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:


Ահա և երգը (http://mp3.musichall.am/files/Otar_Amayi_Tchampeki_Vra.mp3) նույքան գեղեցիկ ինչպես բանաստեղծությունը.

Grieg
02.04.2007, 16:21
ՄՈՐ ՍԻՐՏԸ
(հայկական ավանդավեպ)

Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:

Աղջիկն ասավ և «Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»:

Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:

Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:

Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:

Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...

գյումրեցի աղջիկ
23.04.2007, 07:30
Ասում են, թե դու այնպես
Մոռացել ես ինձ այնպես
Որ երբ անունս են տալիս
Հազիվ միտքդ եմ գալիս
Բայց նազելիս, ձեր հարկում
Այն լորին է դեռ ծաղկում,
Որի քնքուշ բույրի մեջ
Քեզ գրկեցի սիրատենչ:
Ու գրկիս մեջ այսօր դեռ
Կիզող կրակ է վառվել,
Իսկ երբ անունդ եմ տալիս
Սիրտս արյուն է լալիս:
Ա՜խ իրա՜ վ է՝ դու այնպես
Մոռագել ես ինձ այնպես,
Որ երբ անունս են տալիս
Հազիվ միտքդ եմ գալիս...

ihusik
05.05.2007, 20:00
Ես ծերացա... մի՛ զարմանար,
Որ ես թեև դեռահաս,
Թեև դեմքըն իմ վշտահար
Նոր է գգվում աղվամազ:

Մի՛ զարմանար... մտքով արդեն
Ես մեր կյանքը ապրեցի.
Ցնորքներում, որպես կյանքում,
Ես կռվեցի, սիրեցի:

Եվ ցնորքում ի՜նչ տագնապով
Ես կյանքն էի ընդգրկում.
Եվ գրկեցի. ի՞նչ - արյան ծով,
Լոկ գոյության մաքառում:

(lili-4-ի համար:) )

Fantazy
05.05.2007, 21:37
***

Ի՞նչ ես գազազում, ի՛մ վիրավոր սիրտ,
Որ գազազում ես, ի՞նչ պիտի անես.
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Դո՛ւ խեղճ, դո՛ւ անզոր, ի՞նչ պիտի անես:

Մարդն այս աշխարհում, ինչպես մի թռչուն
Անդուռ ու անել մեծ վանդակի մեջ.-
Սի՛րտ իմ, գազազիս ի՞նչ պիտի անես
Անդուռ ու անել այս վանդակի մեջ:

Մարդ ծընված օրից գերեզմանի հետ
Շղթայված է պիրկ, ո՛ւր էլ որ երթա,-
Սի՛րտ իմ, գազազիս ի՞նչ պիտի անես
Ու՞ր պիտի թըռնիս՝ թևերիդ շըղթա:

Տոկա՛, համբերիր, ի՛մ վիրավոր սիրտ,
Վըճիտ հայացքով աշխարհին նայի՛ր,
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Է՜յ, վիրավոր սի՛րտ, դու մի՛ գազազիր…



ԵՐԱԶ
Օտար երկիր էր գնացել որդին,
Եվ անցել էին տարիներ տրտում.
Մայրը սպասում էր տենչալի դարձին,
Եվ այսօր որդին ուրախ դարձավ տուն:

Իրար գիրկ ընկան անհուն կարոտով
Եվ համբուրվեցին երկար ու երկար.
Լաց եղան մեռած հորը հիշելով
Եվ ցնծության մեջ մոռացան աշխարհ:

Վառեցին նորից օջախն հայրենի,
Խրճիթը լցվեց խնդությամբ անդորր.
Խոսեցին անցած օրերի մասին,
Ապա քուն մտան անհոգ, բախտավոր:

Երբ մայրը զարթնեց, սոսկումով տեսավ-
Օջախը՝ հանգած, խրճիթն ամայի.
Եվ որդի՛ն, որդի՛ն, կաթոգին որդի՛ն
Նորից բանտի մեջ՝ զարկված շղթայի…

ihusik
06.05.2007, 20:39
***
Ի՞նչ ես գազազում, ի՛մ վիրավոր սիրտ,
Որ գազազում ես, ի՞նչ պիտի անես.
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Դո՛ւ խեղճ, դո՛ւ անզոր, ի՞նչ պիտի անես:

Մարդն այս աշխարհում, ինչպես մի թռչուն
Անդուռ ու անել մեծ վանդակի մեջ.-
Սի՛րտ իմ, գազազիս ի՞նչ պիտի անես
Անդուռ ու անել այս վանդակի մեջ:

Մարդ ծընված օրից գերեզմանի հետ
Շղթայված է պիրկ, ո՛ւր էլ որ երթա,-
Սի՛րտ իմ, գազազիս ի՞նչ պիտի անես
Ու՞ր պիտի թըռնիս՝ թևերիդ շըղթա:

Տոկա՛, համբերիր, ի՛մ վիրավոր սիրտ,
Վըճիտ հայացքով աշխարհին նայի՛ր,
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Է՜յ, վիրավոր սի՛րտ, դու մի՛ գազազիր… Շարունակելով այս տողերը մեջբերեմ ևս նմանատիպ մեկը.

Սի՛րտ իմ, սպասի՛ր, գուցե արշալույս
Ողջունե երկինք, գուցե մանուշակ
Շա՛ղ տա բյուրեղներ, գուցե մի նոր լույս
Հալածե մութը, գուցե հաղթանակ
Տանիս կռվի մեջ - մի՛ հուսահատվիր.
Ապրի՛ր մինչ կա կյանք, մինչ նորոգ հույսի
Կախարդ հորիզոն... Սի՛րտ իմ վշտակի՛ր,
Ինչու՞ ես հեծում, մի՞թե ամեհի
Օձն է ճնշում քեզ - կասկածը անհույս,
Ձանձրույթը դաժան... Մի՞թե խորտակվեց
Սերը սրբազան - երկինքը հոգուս...
- Տանջըվի՛ր, հուսա՛...

Fantazy
08.05.2007, 13:24
Իսահակյանին շատ եմ սիրում ու իմ դպրոցական Հայ գրականության տետրի կեսը նվիրված է նրան:


ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՍԵՐԸ


I
Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:

Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք հավքեր կարոտով.
Շատրվաններն հրահրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:

Գահի վրա երիտասարդ Էլ-Սաման
Մեղմ գրկել է հրաշագեղ բամբիշին.
Կրծքի վրա հյուսքը նրա - ծփծփան,
Հանց նունուֆար լույս - աղբյուրի երեսին:

Փերուզ ծովը, որ փարում է մշտաթոր
Սեպ ժայռերը Լիբանանի փեշերի՝
Չունի այնպե՛ս, այնպե՛ս փրփուր ձյունաթույր,
Ինչպես կուրծքը լուսապայծառ բամբիշի:

Արքայական գահի շուրջը զվարթուն
Մանկլավիկներ և նաժիշտներ ոսկեհեր
Նվագում են, կաքավում են ու երգում
Գիշերները, առավոտուց մինչ գիշեր:



II
Երբ հանգչում են ապարանքի ջահերը,
Եվ արծաթյա կապարի պես լուսնկան
փայփայում է ավազանի ջրերը,
Շշնջում է սյուքի նման Էլ-Սաման:

Շշնջում է լուսաթաթախ բամբիշի
Ականջն ի վար այնպես քնքուշ, հեզասահ,
Ինչպես լուսնի շողակաթը թավիշի
Այն հոյակապ սյուներն ի վար մարմարյա:

-Բարձր են երկրի ձեղունները, նազելի՛ս
Բայց իմ սերը բարձրաբարձր են նրանցից.
-Խոր են երկրի հիմունքները, նազելի՛ս
Բայց իմ սերը խորախոր է նրանցից:

Արուսեկը, որ ներկում է ծիրանի
Շրթունքները գառնուկների Տյուրոսի,
Այնքա՛ն կարմիր, այնքա՛ն կարմիր բոց չունի,
Ինչքան որ քո համբույրները սնուսի:

Կխորտակվի ապարանքըս գեղանի,
Եվ կծածկվի անապատի շնչի տակ.
Կբարձրանա անհուն ծովը Սիդոնի
Եվ կըգերե անապատը ծագե ծագ,-

Ժամանակը իր վախճանին կհասնի,
Եվ արևը մի բուռ մոխիր կդառա,
Բայց իմ սերը վախճան չունի, հուն չունի,
Նա հավերժ է, նա անշեջ է, նա անմահ…

Չէացնող համբույրներում դյութական,
Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ,
Թալկանում է և հալչում է Էլ-Սաման…
Ժամանակը դառնում՝ վայրկյան ու հավերժ…

Ապարանքի եբենոսյան դռներից
Երազանուշ մուշկ ու կնդրուկ է բուրում.
Մանկլավիկներ ու նաժիշտներ ցնածլից
Նվագում են, ու երգում են, ու պարում…



III
Լռությունը մահվան թևով ծվարած
Առկայծում է կանթեղն աղոտ, մենավոր.
Եվ մեռնում է հեզ բամբիշը դալկացած
Էլ-Սամանի կրծքի վրա սգավոր:

Նա մեռնում է ինչպես ցողը բողբոջում,
Մանկիկն ինչպես սուրբ գրկի մեջ մայրական.
Եվ հըծծում է աղոթքի պես շշնջում
Հեգ բամբիշի ականջն ի վար Էլ-Սաման:

-Կըխորտակեմ կամարները երկնային,
Ես չե՛մ թողնի, ես չե՛մ թողնի՝ դու մեռնիս.
Ե՛վ կվանեմ, և՛ կհաղթեմ չար մահին,
Ես չե՛մ թողնի, ես չե՛մ թողնի՝ դու մեռնիս:

Եվ գրկել է դժգունացող բամբիշին,
Մահվան հանդեպ սուր ու վահան է շարժում.
Եվ բամբիշի սառած-մեռած շրթներին
Իր հրեղեն սերն ու շունչը ներարկում:



IV
Լուսիններ են եկել-անցել, ու կրկին
Մեռած բամբշին ամուր գրկած Էլ-Սաման
Շշնջում է ականջն ի վար մեղմագին,
Ինչպես դեղին սյուներն ի վար լուսնկան:

Եվ լքել են ապարանքը սարսափից
Մանկլավիկներն ու նաժիշտներ ոսկեհեր.
Արմավներն են լուռ սոսափվում թաղծալից,
Եվ մարել են վառ ծաղիկներն ու ջահեր:

Շատրվաններն հեծկլում են ու լալիս,
Եվ սյունից սյուն սարդը ոստայն է հյուսում.
Անապատի հողմն է միայն այց գալիս
Եվ գահի շուրջ կաղկանձում ու փսփսում:

Օձն է սրբում սառն ու փայլուն կողերով
Էլ-Սամանի ոսկորների լուռ փոշին.
Բայց Էլ-Սաման կմաղքային ձեռներով
Պիրկ գրկել է նորից հյուծված բամբիշին:

Եվ քայքայուն ականջն ի վար լռելյայն
Մեռած, սառած շրթունքներով Էլ-Սաման
Շշնջում է հավերժաբար ու անձայն,
Ինչպես խարխուլ սյուներն ի վար լուսնկան:

Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…

Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:

Որ աշխարհին պատմեն սերը հաղթապանծ,
Էլ-Սամանի սերը՝ անա՛նց, հավերժո՛ղ,
Քարավաններն ու ճամփորդներն երկյուղած
Հեռուներից հեռու եկող-գնացող…

Grieg
01.06.2007, 13:16
Որքան գեղեցիկ է այս բանաստեղծությունը, այդչափ խորը և նուրբ է հնչում նրա երաժշտությունը (http://mp3.musichall.am/files/Siretsi_Yars_Taran.mp3)

http://spunge.org/~zz/ziran.jpg

Սիրեցի, յարս տարան.
Յարա տըվին ու տարան
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտըս պոկեցին, տարան:

Ցավըս խորն է, ճար չըկա,
Ճար չըկա, ճար անող չըկա,
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չըկա:

Լա՛վ օրերս գնացի՛ն,
Ափսո՛ս ասին, գնացի՛ն.
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին...

ihusik
05.07.2007, 04:15
Նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր կարող են ինքնամոռաց սիրել...:love
Այս ստեղծագործության հետ կապված ուղղակի մի հանգամանք նշեմ - անհնար է երբ մարդ անցում է կատարում առավել կատարյալ մի տեսակի մյուս մարմնավորման ժամանակ վերամարմնավորվի մեկ կամ երկու աստիճան ցած կանգնած ու արդեն անցած փուլ հանդիսացող տեսակի մեջ (ապար - բույս - կենդանի - մարդ - ...)

Ավ. Իսահակյան
Լյուցեռն 1919
ՀԱՎԵՐԺՈԻԹՅՈԻՆ

Պանդխտական ուղիներիս վրա ես հանդիպեցի իմ սերին։
Նստել էի գարնան պարտեզում հասակ առած մի ծառի տակ՝ մենակ ու մտորուն։
Անցավ մի աղջիկ իր ընկերուհիների հետ, այնպե՜ս ուրախ և վճիտ, ինչպես այն թարմագեղ գարունը, որ թռչունների երգերով փռվել էր ծաղիկների ու սեզերի վրա։
Ես նայեցի նրան, նա նայեց ինձ, ե մեր հայացքները գրկեցին իրար։
<<Որքա՜ն ծանոթ էր այդ հայացքն ինձ։ Ո՞ւր էի պատահել։ Երր եմ տեսել նրան — այնքա՜ն ծանոթ ու վաղածանոթ դեմք... գուցե երազի մեջն եմ տեսել նրան, գուցե իմ հայրենիքում, մանկության օրերիս, խաղացել եմ նրա հետ>>։
Եվ ոտքի ելնելով, ստվերի պես հետևեցի նրան, անցավ մի պահ՝ տեսա նրան, ընկերուհիներից անջատ, մոլորուն քայլերով շրջում էր պարտեզում։
— Ողջույն,— ասացի ես,— ներիր, եթե ասեմ, որ ինձ թվում է՝ թե ճանաչում եմ քեզ, վաղուց, շատ վաղուց, սակայն ու՞ր եմ տեսել — չգիտեմ։
— Դու ևս ծանոթ ես թվում ինձ, միայն չեմ հիշում երբ եմ տեսել։ Բայց տեսել եմ անշուշտ։
— Ես օտար եմ այս երկրում, սա իմ հայրենիքը չէ, առաջին անգամն եմ շնչում այստեղի օդը։ Գուցե դու եղել ես իմ հայրենիքում, իմ հեռավոր հայրենիքում...
— Ո՜չ, իմ հայրենիքից դուրս չեմ եղել երբեք։ Ի՜նչ տարօրինակ հանդիպում է սա, ի՞նչ խորհուրդ ունի այս...
— Բայց որքա՜ն հարազատ է, վաղեմի ծանոթ, քո ձայնը, և մանավանդ քո հայացքը, կարծես հազար դարեր առաջ մենք տեսել ենք իրար...
— Այո՛, ավելի քան հազար դարեր աոաջ...
Եվ նստեցինք իրար մոտ, և երկար նայում էինք միմյանց,— և մեր հոգիները հանկարծ լասավորվեցին հավերժի հիշողությամբ— ճանաչեցին իրար, իմ հոգին, նրա հոգին։
— Ես ճանաչեցի քեզ, իմ անմահ սեր: Քո այդ հավիտենական քաղցր հայացքը ճանաչեցի ես։ Դու իմն ես եղել միշտ՝ արևներից ու աստղերից առաջ,— ասացի ես։
— Ճշմարիտ, դու իմն ես եղել միշտ, իմ հավիտենական ընկեր, միշտ իմը՝ աշխարհի ձևավորումից առաջ, երբ թոհուբոհի մեջ էին ժամանակի և տարածության բոլոր իրերը։
— Այո՛, նազելիս, հիշու՞մ ես... մենք հյուլե էինք մի զգացումով, մի կամքով, հավերժության սկզբից ծնված միասին, ձուլված մի հոգու մեջ։ Անհամար դարեր դեգերում էինք խավար տիեզերքի անհայտ ոլորտներում, մենակ և երերուն, բյուրաբյուր հյուլեներից հեռու և մեկուսի։
— Այո՛, մտերիմ ընկեր, մենք իրար գրկած թավուտում էինք տարածության անեզրության մեջ՝ միլիոն, միլիոն տարիներ, միլիոն դարեր, որոնք անցան մի վայրկյանի պես, որովհետև մենք երջանիկ էինք։
— Ո՛հ, ինչ ահավոր մրրկապարերի մեջ եղանք, կաղապարվող և քայքայվող արևների մեջ եղանք, բայց միշտ անբաժան ու միացած, անմեկին սիրով, իրարից անհագ...
— Սակայն տարերային ահեղ ուժերը մեզ կիսեցին, բաժանեցին առ ժամանակ, որ անթիվ դարերից հետո անպարտելի կարոտով բռնկված՝ նորից գտնեինք իրար։
— Այո՛, հոգիս, սիրել նշանակում է՝ գտնել իրար...
Եվ քնքուշ ձեռքը դրեց նա ափերիս մեջ։


Հետո, հիշու՞մ ես,— ասացի ես,— գրեթե կես հավերժություն անցավ մեր անջատման օրից։ Նորակազմ երկրի վրա էր, վիթխարի ծառերը հասնում էին մինչև բարձր ժայռերի կատարին, ահռելի կենդանիները վխտում էին ջրերում և ցամաքի վրա։
— Հիշում եմ այսօրվա պես։ Դու վագր էիր որսում ահագին մահակը հուժկու ձեռքիդ, երբ քեզ տեսա, զգացի, որ միլիոն տարիներ միասին ապրած իմ ընկեր - Հյուլեն էիր։ Քո հայացքը հավերժական սիրո լեզուն էր։
— Ես էլ նույնը զգացի և, մղված մի անհաղթ տենչով դեպի քեզ՝ թողեցի որսը։ Եվ քո ցեղակիցների հետ մահի և կյանքի կռիվ տալով՝ հափշտակեցի քեզ և արագ տարա հեռավոր անտառի մեջ մի քարանձավ։
— Հետո, դու մի օր եկար որսից մի հսկա գերան ուսիդ դրած՝ մի ծայրին վարազը ջախջախված գլխով, իսկ մյուս ծայրին — ուրախ, փայլուն, ճարճատուն վարդը՝ նորագյուտ կրակը։ Ի՜նչ հրաշալիք էր։
— Ահ, ինչ սարսափելի և սքանչելի օր էր այդ։ Ես անտառումն էի, որոտում էր երկինք ու երկիր, ամպերը քարի ծանրությամբ կախվել էին գլխիս, անձրևը հեղեղում էր,— և հանկարծ ահեղ կայծակը հզոր սրի պես զարկեց ծառի կատարին, ծառը իսկույն բոցավառվեց, ես փախա վախից, ապա հետաքրքրված մոտեցա։ Ծառի ճյուղերը հալվում էին, ուրախ - ուրախ ճիչեր արձակելով, ավելի մոտեցա, թրջված էի անձրևից և մրսում էի. շատ հաճելի թվաց ինձ երկնքից ընկած այդ թրթռուն, խայտուն, կարմիր կրակը։ Տաքանում էի՝ հիացած աչքերս չհեռացնելով այդ երկնային գեղեցկությունից, երբ զգացի մի քաղցր հոտ՝ մինչև այդ օրը անծանոթ մարդկային հոտոտելիքին։ Նայեմ՝ ինչ՝ տեսնեմ — սպանված վարազս, որ ընկած էր գետին, մի այրվող ճյուղ հասել էր նրան և խորովում էր վարազի ազդրը։ Դուրեկան հոտը գրգռել էր ախորժակս, փորձի համար խորոված տեղից կերա... այնպիսի անգերազանցելի ճաշակ ունեցա, որի նմանը չունեցա իմ դարավոր վերապրումների ընթացքին այլևս։
Հիշու՞մ ես, այնուհետև մենք միշտ խորովում էինք միսը։ Ի՞նչ համեղ սեղաններ ունեինք։
— Այո՛, իսկական հրաշք էր... Երբ վառվող գերանը քարանձավը բերիր, ես սկզբում վախեցա, երբ սովորեցի, էլ չէի հեռանում կրակից։ Դու գնում էիր անտառ, ծառեր էիր կտրում ու բերում, իսկ ես հսկում էի, միշտ նոր փայտեր ձգելով, որ չհանգչեր կրակը։
— Ի՜նչ անուշ օրեր ունեցանք այդ երկնային կրակի շուրջը։ Մեր երեխաները մեծացան նրա օրհնության տակ, ձմեռը առանց մրսելու քնում էինք նրա շուրջը, և նույնիսկ վայրագ գազանները վախենում էին մեր բնակարանին մոտ գալու։ Հիշու՞մ ես, որպիսի խորին ծերության հասանք մենք։
— Եվ հեռավոր տեղերից, իմ սիրելի ընկեր, գալիս էին մարդիկ մեր կրակից տանելու։ Այո՛, գալիս էին մեր անձավը ուխտի։ Սուրբ երդ էին կոչում մեր կրակատեղը և սուրբ երդաստան՝ մեր բնակարանը։ Եվ ապա այդպես կոչվեցին բոլոր մարդկանց կրակատեղին ու բնակարանները, ուր կին կար, միշտ կրակը վառ պահող և սրբազան կրակը՝ երդի մեջ։
— Այո՛, հոգուս հատոր, ինչպե՞ս չէ։ Այդ դեպքի շնորհիվ շատ բան փոխվեց մարդկային կենցաղում, կանայք այր մարդկանց հետ էլ որսի չէին գնում, այլ մնում էին տանը՝ հոգ տանելով կրակի վրա, իսկ միայն այրերս էինք գնում սար ու ձոր, դաշտ ու անտաո, սնունդ հայթայթելու համար։ Պայքարում էինք ամեհի կենդանիների հետ։ Եվ այդ իմ հավիտենական կյանքիս ամենաերջանիկ օրերն էին։
— Դրանից հետո, ես հիշում եմ մեր նոր վերածնունդը։ Դա՝ նվիրական Հիմալայի գրկումն էր, հավերժական գարունի պարտեզում, չքնաղ Քաշմիրի հովտում։ Ես մի դեռափթիթ աղջիկ էի, իսկ դու՝ մետաքսավարս այծերի հովիվ, քաղցր սրինգը միշտ շրթներիդ վրա. մենք հանդիպեցինք մի երեկո ծաղիկների մեջ... մեր հայացքները համբուրվեցին իրարու հետ...
— Հիշում եմ, նազելիս, վերջալույսին էր, ես ժպտացի՝ քեզ նվիրելով անթառամ ձյունավարդերի մի փունջ, որ քաղել էի Հիմալայի բարձր ապառաժների կողերից։ Մենք նորից գտանք իրար մեր մշտանորոգ սիրով ու կարոտով, բայց, ավա՜ղ, ինչ կարճատև եղավ մեր երջանկությունը։ Հյուսիսից բարբարոս հրոսակները ներխուժեցին մեր դրախտային հայրենիքը, հրի ու սրի տվին գյուղ ու խրճիթ, տարան մեր հոտերը, քեզ ևս, իմ հոգուս հոգի, ուզում էին տանել, որովհետև դու միշտ աննման գեղեցիկ էիր. ես դեմ կեցա, սրի հարվածը կուրծքս պատռեց, սրտախոց ընկա, այլևս չգիտեմ՝ ինչ եղավ...
— Ես չբաժանվեցի քո մարմնից, իմ նվիրական սեր։ Երբ քեզ թրատում էին, ես ձեռքովս և ատամներովս բռնել էի սուրը և նույն սուրը խրեցի իմ սիրտը... Ա՜խ, արտասվալի վախճան, ողբալի բախտ...
— Սակայն անտեղի է ողբալը այժմ։ Անընկճելի կարոտով դեպի քեզ ես վերստին մարմին առա։ Ոսկեբաշ առյուծ էի Լիբիական կիզող անապատում, քեզ էի որոնում և չէի գտնում։ Օրեր հրեղեն կարոտից տոչորված՝ մռնչում էի բոցափայլ անապատում, և շնչիս տակ դեղին ավազը շատրվանի պես վեր էր ցայտում։ Մխրճվում էի անապատի խորքերը քեզ որոնելով միայն, և - հանկարծ հեռվից հոտոտեցի քո խենթացնող բուրմունքը...
— Իրական կերպով, այս վայրկյանիս, իմ հավերժ սիրելիս, վերհիշում եմ ահավոր կարոտիդ սոսկալի մռնչյունը, որ դող ձգեց հոգուս մեջ։ Զգացի քո հարազատ շունչը, որ միշտ փռված էր հոգուս մեջ հավիտյաններից ի վեր։ Անդիմադրելի ուժով տարված՝ սլացա դեպի քեզ։ Ի՜նչ երջանիկ էի քո հզոր հովանու ներքո։ Քո սպառնալի ստվերից զարհուրած՝ չէին համարձակվում ինձերն ու վագրերը մոտենալ մեր որսատեղի սահմաններին անգամ։
— Մի դեպք ինձ ծայր աստիճան հուզում է մինչև օրս. հիշում եմ, իմ քնքուշ ընկեր, այս անգամ մենք գեղեցիկ Հելլադայում էինք։ Ես մի աղքատ քանդակագործ էի։ Մի փառաշուք տոնահանդեսի պահին էր. սիրո լույսերի մեջ մենք ճանաչեցինք միմյանց, իմ հոգին տեսավ քո հոգին, թեև ուրիշ կեղև էինք հագած։ Դու ոստանիկ տիկինների բույլի մեջ էիր, մեր հայացքները իրար հանդիպեցին։ Ապա ես կորցրի քեզ, ողջ Հելլադան ոտքի տակ առա և բոլոր կղզիները թափառեցի, բայց քեզ չգտա։ Դարձա մենավոր խուցս և գիշերներն անքուն ճգնությամբ լուսեղեն մարմարիոնի մեջ մարմին տվի քո աստվածային դաշն ձևերին, որ բարու և գեղեցիկի գաղափարն էին ինքնին։ Եվ գիտեմ, որ անպարփակելի սիրով բռնկված ե հոգնաջան աշխատանքների մեջ հալ ու մաշ՝ կիսախելագար դեգերում էի հրապարակներում և ծովերի ափերում...
— Անհուն թախիծով հիշում եմ, իմ անմահ ընկեր, հիշում եմ այն հանդիսավոր օրը, հիշում եմ քո հավերժական հայացքը, որ այլես այն կյանքում չողջագուրեց ինձ։ Սակայն տարիներ հետո ես տեսա այն մարմարիոնը, որ ողջ Հելլադան իմ երկվորյակն էր համարում և իբրև արվեստի հրաշալիք։ Ես ներշնչումով՝ համարեցի այդ անդրին՝ ստեղծագործումը այն երիտասարդի, որի դյութական հայացքը բազմաժխոր ամբոխի միջից անեզրական սիրով խոսեց իմ հայացքի հետ։
Սակայն զարմանալին այն է, որ յուրաքանչյուր մեր անձնավորումի ժամանակ, որքան էլ որ փոխված էին լինում դարն ու վայրը և թե մեր հոգու մարմին առած ձևերը, բայց և այնպես մենք իսկույն անվրեպ ճանաչում էինք իրար, մեր հայացքների մեջ խոսող հոգին բնավ չէր փոխվում։
(շարունակելի)

ihusik
05.07.2007, 04:17
Ավ. Իսահակյան
Լյուցեռն 1919
ՀԱՎԵՐԺՈԻԹՅՈԻՆ
(շարունակությունը)

— Հիշու՞մ ես, սրտագին ընկեր, հարափոփոխ մարմնառումների ընթացքում մենք մի անգամ շատ բախտավոր հանգամանքով կենակցեցինք։
֊— Ո՞րն ես մտաբերում, նազելի քույրիկս։ Եվ նա լուսեղեն ձեռքը դրեց ուսիս և սրտի ձայնով ասաց.
— Չե՞ս հիշում միթե... մենք սրբազան Բենարեսի շքեղ հովտումն էինք, Գանգա գետի ափում, դու և ես, իրար այնպես մերձ, երկու շուշան, հովիտների քնքուշ շուշան, մեղմ սյուքի հպումից մենք իրար գրկի մեջ թալկանում էինք և իրար հոգու բույրով արբում։ Բուդդհան անցնում էր իր աշակերտներով, տեսավ մեզ, երբ մենք իրար գրկումն էինք, նա ցույց տվեց մեզ աշակերտներին և ասաց.
<<Նայեցեք այս չքնաղ էակներին, ինչպիսի՜ երկնային սիրով սիրում են նրանք իրար, այս ծաղիկ հոգիները։ Ճշմարիտն եմ ասում ձեզ, իմ ավետած Նիրվանան — ահա՛ այս գերերջանիկ սերն է — այսպես սիրեցեք միմյանց, իմ աշակերտներս>>,— և ծունկի եկավ, համբուրեց մեզ ու գնաց։ Եվ կարծես մեր սրտի խորքերից էր, որոնցով նա բարբառեց։
— Հիշում եմ, հիշում եմ, նազելիս, երբ նա գնում էր, աշակերտներից մեկը քաղեց մեզ և տվեց մեծ ուսուցչին։ Բուդդհան մեղմորեն հանդիմանեց նրան, ասելով. — <<Ինչու՞ ցավ պատճառեցիր նրանց>>։ — Եվ նա գթությամբ փայփայեց մեզ, և մենք թառամեցինք միասին, գերերջանիկ՝ նրա աստվածային ափի մեջ։
— Այո՛, գերերջանիկ ապրեցինք, գերերջանիկ մեռանք, բայց, հոգուս ընկեր, ամեն անգամ մեզ չվիճակվեց գտնել իրար։ Ա՜խ, ինչքան անգամ իմ հոգին աշխարհ եկավ, սպասեց կարոտով ու փափագով քո հոգուն, բայց չհանդիպեց երբեք։ Ինչքան անգամ լացել եմ ու լացով թափառել որոնելու քեզ։ Երազներով քուն եմ մտել և զարթնել եմ նորից մենավոր։ Քանի անգամ հոգիս որբ մնաց բյուրավոր մարդկանց մեջ, թեև շատ շատերը ինձ իրենց սերն էին նվիրաբերում։ Իմ դարավոր մարմնացումների մեջ քանի անգամ ամուսնացա, սակայն երբեք չսիրեցի իմ ամուսիններին, որոնց կույր, անմիտ պատահմունքն էր բերել իմ ճանապարհի վրա և ոչ թե այն հավերժական անսկիզբ սերը, որ ոգևորել ու կիզել էր մեր հոգիները՝ հյուլեական գոյությունից մինչև այսօր և մինչև հավիտյան։ Ավա՜ղ, շատ եմ տառապել ես...
— Այո՛, նազելիս, նույն դառը գոյությունները վիճակվեցին նաև ինձ շատ ու շատ անգամ։ Հաճախ մնացի ամբողջ կյանքիս մեջ մեն - մենակ։ Ծերացա՝ երազելով անմահ սիրուս գգվանքներին։ Հաճախ անիծել եմ, որ մարմին եմ առել այս ներհակ ու չար ուժերով լի աշխարհում։
Օ՜հ, առանց քեզ ինչ հրեշային տանջանք էր ապրելը։ Մի անգամ անվերջ որոնելով քեզ, հուսալքված բախտս կապեցի մի աղջկա հետ, որի հայացքը հեռավոր նմանություն ուներ քո աստվածային հայացքին, սակայն դժբախտ եղա շատ։ Անսեր միությունը զարհուրելի մղձավանջ դարձրեց բովանդակ կյանքս։
Ա՜խ, չարաչար, չարաչար տառապեցի։
Թայց մի անգամ, նազելիս, մի զարմանալի և շատ սրտահույզ հանդիպում ունեցա։ Որսորդ էի, լեոների վրա պատահեցի մի քնքուշ եղնիկի, առանց երկյուղի կանգնեց նա և նայեց ինձ այնպիսի՜ մտերիմ, այնպիսի՜ սիրատոչոր հայացքով, սրտի, հոգու հայացքով։ Ես հասկացա նրա հայացքի հավիտենական սիրո լեզուն, անշուշտ, նա դու էիր։ Ես գրկեցի նրան, փայփայեցի նրան, համբուրեցի նրա երազուն աչքերը և տարա տուն։ Եղնիկը գրկիս մեջ հանգիստ նիրհեց՝ աչքերը կրծքիս սեղմելով։
Մինչև իր մահը խնամեցի և գգվեցի նրան, որ երեխայի պես հանգչեց բազուկներիս վրա։
Իմ ձայնը մարեց սրտիս լուռ հեկեկանքի մեջ։ Իջավ մի թախծալի լռություն։
— Սակայն դարեր հետո, իմ բյուր սիրելիս, մենք նորից բախտ ունեցանք իրար պատկանելու,— լռությունը խզեցի ես։ Անշուշտ, չես մոռացել, որ ես վիկինգ էի անվախ, անվեհեր, իմ անղեկ նավակի վրա՝ սանձելով Ատլանտիկի գոռ ալիքները, հասա Ալբիոնի եզերքին, և քեզ առևանգեցի հենց քո հոր գրկից, որ ափերի իշխողն էր։ Դու նայեցիր իմ աչքերի մեջ և կարդացիր հոգիս և ճանաչեցիր անսկիզբ ժամանակների քո վաղեմի ընկերին, կարոտով փաթաթվեցիր պարանոցիս՝ չխղճալով քո մոր աղերսանքներին։ Հիշու՞մ ես, դու մի ոսկեհեր աղջիկ էիր նոճիի պես սլացիկ։
— Հիշում եմ, հիշում եմ, հավիտյանների իմ մտերիմ, ի՜նչ կտրիճ էիր դու, արևակեզ, զինավառ, առյուծի բաշով։ Հայրս քեզ անհամար ոսկի առաջարկեց փրկանքի համար, բայց ես լալիս էի և չէի ուզում քեզնից անջատվել, և դու արհամարհանքով մերժեցիր հորս պատգամավորներին։
Դու Սկոնիայի ափերում, բարձր ժայռերի կատարին, արծվի բույների վրա, ամրոց ունեիր հայրենավանդ։ Մենք ապրում էինք այնտեղ։ Դու արշավում էիր, ավարում մինչև Իսպանիայի և Իտալիայի ափերը, և վերադառնում էիր գանձերով ու բերքերով:
Բայց մեր սերն այս անգամ շատ դժբախտ վախճան ունեցավ ավա՜ղ, ավա՜ղ... Մխիթարական էր միայն այն, որ մեր երկու սիրուն զավակները ողջ մնացին։ Հիշու՞մ ես այն ոսկեգանգուր կորյուններին...
Եվ հորդ արցունքների մեջ խամրեցին նրա աչքերը։
- Մի՛ լար, նազելիս, մի՛ լար, գիտեմ, դու վերհիշում ես այն սոսկալի ժամը, երբ մի օր մենք զբոսնում էինք օվկիանոսում։ Այո՛, մեր որդիները որսի էին գնացել, մեզ հետ չէին։ Հանկարծ ինչպիսի հզոր փոթորիկ բարձրացավ, անզուսպ հորձանքները մեր նավակը զարկեցին ապառաժներին, և ջրերը կլանեցին մեզ։ Մենք իրար գրկած սուզվեցինք անդունդի մեջ։ Բայց դու իզուր ես լալիս, չէ՞ որ խավարը երկար չպատեց մեր հայացքը, չէ՞ որ մենք շատ անգամներ վերստին հարություն առանք, վերստին գտանք իրար։ Բայց ես մշտապես վերհիշում եմ մի վսեմ վերածնունդ, որը դու ևս անկասկած չես մոռացել։ Ես երիտասարդ ասպետ էի հայկական այրուձիի մեջ, ընկերներիս հետ գնում էի մեր երկիրը պաշտպանելու։ Մեր հայրենիքի վրա կատաղած արշավում էին պարսկական անհամար զորքերը, նրանք գալիս էին ընկճելու մեր հայրենիքը։ Մեր վաշտը անցավ մի քաղաքով, հրապարակի վրա կանգ առանք,— և մի ապարանքի պատշգամբում ես տեսա մի չքնաղ, մանկափթիթ աղջիկ, այդ՝ դու էիր, մեր հայացքները համբուրվեցին նորից, դու մի վարդ նետեցիր ինձ, մենք նայեցինք վերջին անգամ միմյանց, և հնչեցին շեփորները, և սլացան մեր նժույգները։ Ես գնացի և անձնուրաց ճակատամարտի մեջ ընկա Ավարայրի կարմիր հողերի մեջ՝ քո սուրբ պատկերը հոգուս մեջ գրկած։
— Գիտե՜ս, սիրելիս, ես որքան սպասեցի քո վերադարձին, աղոթում էի և սպասում, հուսալքվում էի և նորից սպասում։ Թափառիկ գուսանները ներբողում էին ասպետների անձնվեր ճակատումները և սխրալի գործերը, և նրանք, անշուշտ, քեզ էին ներբողում, քեզ, իմ քաջին, իմ կտրիճին, որ այլևս չեկավ...
Տուն դարձան շատերը, իսկ դու չկայիր,.. Հալվեցին ձմռան սառույցները, գարունը եկավ, ծիծեռնակները վերադարձան իրենց բույները, իսկ դու չդարձա՜ր, չդարձա՜ր... Գիտես, այդ վիշտը սուրի պես ծայրեծայր խոցեց, մնացի անհույս և անայցելու, սփոփանքի համար վանք մտա, կուսագրվեցի, և մենության ու լռության մեջ լացի և ճգնեցի և աղոթեցի քեզ համար, մինչև որ աչքերս փակեցի՝ միանալով քո հավերժաբար սիրած, պաշտած հոգուն.,.
-— Դու նորի՞ց լաց ես լինում, իմ հոգուս հոգի, բայց ինչու՞։ Մի՞թե դու չգիտես, որ այս է մեր անվախճանելի ճակատագիրը — անջատում և միացում, միացում և անջատում, այսպես անհամար անգամ, որովհետև մեր սերը ինքնին հավերժությունն է, որ եղել է միշտ, որ կա և կլինի միշտ...
Մահը մեզ համար ժամանակավոր նիրհ է եղել և հանգիստ միայն, երբեմն փափագ՝ ազատվելու տանջալից, անդաշն վիճակներից...
Եվ դարերից հետո վերստին մեր շրթունքները անհուն երանությամբ հպվեցին իրար, և մեր հոգիները անսկիզբ և անվախճան համբույրի մեջ վերստին միացան իրար, և մեր հայացքները վերստին հալվեցին իրարու մեջ...:love

Աբելյան
05.07.2007, 11:06
Աբու-Լալա-Մահարի

Աբու-Լալա-Մահարին,
Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի,
Տասնյակ տարիներ ապրեց
Խալիֆաների հոյակապ քաղաքում,
Ապրեց փառքի և վայելքի մեջ,

Հզորների և մեծատունների հետ սեղան նստեց,
Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ,
Սիրեց և փորձեց ընկերներին,
Եղավ ուրիշ-ուրիշ ազգերի հայրենիքներում,

Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները:
Եւ նրա խորաթափանց հոգին ճանաչեց մարդուն,
Ճանաչեց և խորագին ատեց մարդուն
Եւ նրա օրենքները:

Եւ որովհետև չուներ երեխաներ,
Բոլոր իր հարստությունը բաժանեց աղքատներին,
Առավ իր ուղտերի փոքրիկ քարավանը`
Պաշարով ու պարենով,

Եւ մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել
Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա,
Գաղտնի հեռացավ քաղաքից...


Առաջին սուրահ

Եւ քարավանը Աբու-Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով`
Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:

Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր,
Եւ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր:

Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով,
Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ` սիրո արցունքով:

Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն,
Բույր ու համբույր էր խնկարկվում չորս կողմ խալիֆաների քյոշքից լուսեղեն:

Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եւ ղողանջում էր ողջ երկիրն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով:

Մեխակի բույրով հողն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա:

Եւ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում,
Անհայտ ուղին էր Աբու-Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում:

«Գնա´, միշտ գնա´, իմ քարավանս, և քայլի´ր մինչև օրերիս վերջը»,–
Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

«Գնա´ մենավոր վայրերը թափուր. ազատ, կույս և սուրբ զմրուխտյա հեռուն.
Դեպի արևը սլացիր անդուլ և սիրտս այրիր արևի սրտում:

Ա~խ, մնաք բարև չեմ ասում ես ձեզ, իմ հոր գերեզման, օրոցք մայրական,
Իմ հոգին հավերժ խռով է ձեզ հետ, հայրենական հարկ, հուշեր մանկական:

Ես շատ սիրեցի իմ ընկերներին և բոլոր մարդկանց մոտիկ ու հեռուն,
Իժ դարձավ խայթող իմ սերը հիմա, թույն-ատելությամբ սիրտըս է եռում:

Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում.
Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում:

Բայց ամենից շատ ատում եմ հազար ու մեկերորդը` կեղծիքը հոգու,
Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու:

Մարդկային լեզու, դու որ երկնային բույրով ու թույրով, շղարշով պայծառ,
Ծածկում ես մարդու դժոխքը հոգու, ոգե՞լ ես արդյոք ճշմարիտ մի բառ:

Իմ սեգ քարավան, գնա´, մխրճվի´ր անապատի մեջ` վայրի ու բոցոտ,
Եւ իջևանիր այն պղնձացած, շեկ ժայռերի տակ, գազանների մոտ:

Խփե´մ վրանըս, օձ-կարիճների բըների գլխին վրանըս խփեմ,
Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մոտ, կեղծ ու ժպտադեմ:

Քան ընկերի մոտ, ա~խ, որի կրծքին դնում էի ես գլուխըս սիրով,
Կուրծքը ընկերի, որ շղարշում է անդարձ կորստի անդունդը ստով:

Այնքան ժամանակ, որքան արևը կայրե Սինայի սնարները վես,
Եւ անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես:

Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի,
Գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների:

Եւ գազանները թող ինձ հոշոտեն, վայրագ հողմերը շաչեն ինձ վրա,
Եւ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա´ ու գնա´...»:

Եւ վերջին անգամ Աբու Մահարին ետ դարձավ նայեց նիրհած Բաղդադին,
Գարշանքով շրջեց ճակատը կնճռոտ և փարվեց ուղտի թավ պարանոցին:

Սիրով գուրգուրեց, ջերմ շրթունքներով համբուրեց ուղտի աչքերը վճիտ.
Եւ թարթիչներից նրա կախվեցին անզուսպ արցունքի երկու այրող շիթ:

Անուշ մրմունջով, նիրհած դաշտերով մեղմ օրորվում էր ձիգ քարավանը,
Գնում էր առաջ, դեպի անապատ, անհայտ ափերը, կույս-հեռաստանը:


Երկրորդ սուրահ

Եւ ոլորվում էր այն քարավանը սեգ արմավների շարքերի միջով,
Փոշի էր հանում,– փոշու քարավան, որ վարում էր լուռ` խորշակն հուր շնչով:

«Քայլի´ր, քարավա´ն, ի՞նչ ենք թողել մենք, որ կարոտանքով ցանկանք մեր դարձը»,–
Այսպես էր խոսում իրեն սրտի հետ Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

«Թողել ենք այնտեղ կի՞ն – աստվածային, սե՞ր – երջանկություն, անհուն երազա՞նք. –
Քայլի´ր, կանգ մի´ առ, թողել ենք միայն շղթա ու կապանք, կեղծիք ու պատրանք:

Եւ կինն ի՞նչ է որ... խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ,
Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:

Խարխուլ մակույկով հանձնվի´ր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին.
Նա` կավատ, վարար, մի չքնաղ դժոխք, նրա բերանով Իբլիսն է խոսում:

Դու երազել ես աստղը հեռավոր, հրեշտակաթև շուշանն ըսպիտակ,
Որ քո վերքերին բալասան լինի, ոսկեշող երազ կյանքի ցավի տակ,

Դու տենչացել ես լույս-ափերի մեջ քեզ իրեն կանչող աղբյուրի երգին,
Եւ անմահության ցողն ես երազել և անուշ լացել երկնային կրծքին,–

Բայց սերը կնոջ` տոչորված հոգուդ աղ-ջուր է տալիս, որ միշտ ծարավնաս,
Հուր տարփանքի մեջ հաղթական կնոջ մարմինը լիզես ու չըհագենաս:

Ո~հ, կնոջ մարմին, պագշոտ, օձեղեն, դիվական անոթ ոճիրների չար,
Դո´ւ, որ մսեղեն դառն հաճույքով արևը հոգու դարձնում ես խավար:

Ատում եմ սերը` մահի պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար,
Այդ քաղցր թույնը, որով արբողը ստրուկ է դառնում և կամ բռնակալ:

Ո´վ սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ,
Դո´ւ թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ:

Ատում եմ կնոջ` տարերքը կրքի, միշտ բեղմնավորող եղեռնը անսանձ,
Աղբյուրն անսպառ, որ կուտակում է աշխարհի վրա տիղմը չարության:

Ատում եմ նորից սերն ու կնոջը, իր համբույրները շողոմ ու դժնյա,
Փախչում եմ նրա ճահիճ-մահիճից և անիծում եմ երկունքը նրա:

Երկունքը դաժան և հավերժական, որ հեղեղում է վտառն իժերի,
Որոնք խայթում են, հոշոտում իրար, աստղերն են պղծում տոփանքով ժահրի:

Սրիկա է նա, ով հայր է լինում, ով երանավետ ծոցից ոչնչի`
Գոյության կոչում թշվառ հյուլեին և գլխին վառում գեհենն այս կյանքի:

«Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն` չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ»,
Այս իմ կտակը թող գրվի շիրմիս, եթե լուսնի տակ մի խորշ պիտ գտնեմ:

Այնքան ժամանակ, որ ծովը պիտի փարե Հեջազի ափերն զմրուխտյա,
Ես ետ չեմ դառնա կնոջ մոտ երբեք, ես չեմ կարոտնա թովչանքին նըրա:

Կը գգվեմ վայրի տատասկը դժնի և կը համբուրեմ փշերը նրա,
Գլուխս կդնեմ այրվող ժայռերին և կըլամ նրանց ջերմ կրծքի վրա»:

Եւ քարավանը մեղմիկ կարկաչով չափում էր ուղին ոլոր ու մոլոր,
Դեպի երազուն և կապույտ հեռուն հոսում էր առաջ հանգիստ ու անդորր:

Զանգակներն, ասես, հեկեկում էին և ծորում հատ-հատ հնչուն արցունքներ,
Քարավանն, ասես, լալիս էր անուշ, ինչ որ Մահարին սիրել, լքել էր:

Եւ զեփյուռների սրինգները մեղմ գեղգեղում էին շարքիներն անուշ
Սիրո վերքերի, վշտոտ կարոտի և երազական թախծանքի քնքուշ:

Եւ Աբու-Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման,
Ինչպես իր ուղին, որ գալարվում է, ձգվում է անծայր և չունի վախճան:

Հյուսվելով անծիր ճանապարհի հետ` լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր,
Հայացքը հառած անհայտ աստղերին, հոգու մեջ դառըն ու ցավոտ հուշեր,

Եւ ետ չէր նայում անցած ճամփեքին և չէր ափսոսում թողած-լքածին,
Ողջույն չէր վերցնում, ողջույն չէր տալիս անցնող ու դարձող քարավաններին:

Աբելյան
05.07.2007, 11:08
Երրորդ սուրահ

Եւ քարավանը Աբու-Լալայի, աղբյուրի նման մեղմ կարկաչելով,
Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ լուսնկայի շողերի միջով:

Եւ լուսինն, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը` չքնաղ, լուսավառ,
Մերթ ամաչելով պահվում էր ամպում և մերթ թրթռուն փայում էր պայծառ:

Նիրհ էին մտել ծաղկունքը բուրյան` ադամանդներով, շքեղ գինդերով.
Ծիածանաթև հավքերը իրար գուրգուրում էին քնքուշ մրմունջով:

Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ` օրորվում էին ճամփեքի վրա:

Հովի զրույցին ունկն դնելով` Աբու Մահարին խոսում էր անձայն.
«Աշխարհն ել, ասես, մի հեքիաթ լինի` անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական:

Եւ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր հրաշքներով:
Եւ ո՞վ է պատմում բյուր-բյուր ձևերով` անդուլ ու անխոնջ` այսպես թովչանքով:

Ազգեր են եկել, ազգեր գնացել և չեն ըմբռնել իմաստը նըրա.
Բանաստեղծներն են հասկացել դույզն ինչ և թոթովում են հնչյուններն անմահ:

Ոչ ոք չի լսել սկիզբը նըրա և չի լսելու վախճանը նըրա,
Ամեն հնչյունը դարեր է ապրում, ամեն հնչյունին վերջ, սկիզբ չկա:

Բայց ամեն մի նոր ծնվածի համար նորից է պատմվում հեքիաթն այս շքեղ,
Նորից սկսվում և վերջանում է ամեն մի մարդու կյանքի հետ մեկտեղ:

Կյանքը երազ է, աշխարհը` հեքիաթ, ազգեր, սերունդներ` անցնող քարավան,
Որ հեքիաթի մեջ, վառ երազի հետ, չվում է անտես դեպի գերեզման:

Կույր ու գուլ մարդի´կ, առանց երազի, առանց լսելու հեքիաթն այս վսեմ,
Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն` ահավոր ջեհնեմ:

Ձեր օրենքները – լուծ ու խարազան, և անելք մի ցանց խոլական սարդի,
Եւ որոնց ժահրով թունավորում եք երգը բլբուլի, անուրջը վարդի:

Եղկելի´ մարդիկ, փոշի կը դառնան ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար,
Եւ ժամանակի ձեռքը անտարբեր կըսրբե-կավլե պիղծ հետքերը ձեր:

Եւ ունայնաշունչ հողմը կըշաչե ձեր ոսկորների քարերի վըրա,
Իսկ վայելելու դուք միշտ ապիկար` երազն այս չքնաղ, հեքիաթն այս ոսկյա»:

Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եւ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի պայծառ, անշեջ զընգոցով:

Եւ արար-աշխարհ լցված էր, դյութված բյուր նվագներով հավերժ երկնային.
Եւ անուրջներում նա վերասլաց լսում էր հոգով վսեմ երգերին:

«Գնա´, քարավան, մեղմ հնչյուններդ հյուսելով երկնի լույս-ղողանջի հետ,
Վիշտս տու´ր հովին, քայլի´ր բնության ծոցը մայրական, և մի´ նայիր ետ:

Տա´ր ինձ լուսազգեստ, օտար մի եզերք, հեռու, հեռավոր, մենավոր ափեր,
Սուրբ մենակություն, դո´ւ իմ օազիս, դո´ւ երազների աղբյուր զովաբեր:

Լռության երկինք, խոսիր դու ինձ հետ աստղերիդ լեզվով և ամոքիր ինձ,
Գուրգուրիր հոգիս` աշխարհից խոցված, մարդուց խայթըված վիրավոր հոգիս:

Իմ մեջ այրվում է մի անհագ կարոտ, կարեկից մի սիրտ` լացող հավիտյան.
Եւ իմ հոգում կա մի չքնաղ երազ, և´ սուրբ արտասուք, և´ սեր անսահման:

Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում իմ վրա իշխող ո´չ մի զորության,
Ո´չ օրենք, սահման, ո´չ ճակատագիր, ո´չ չար ու բարի և ո´չ դատաստան:

Իմ գլխի վերև չպետք է լինի ո´չ մի հովանի, ո´չ մի իրավունք,
Եւ իմ կամքից դուրս ամեն ինչ բանտ է, և´ ստրկացում, և´ բռնադատում:

Ես կուզեմ լինել անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլև անաստված,
Հոգիս տենչում է միայն, միմիայն` մեծ ազատություն, անհուն, անտարած»:

Եւ քարավանը հյուսվում էր առաջ, և նըրա վերև շողում էին վառ
Մանկան ժպիտով աստղերը ազատ, այն հավերժափայլ աչքերը գոհար:

Եւ կանչում էին նրան կաթոգին լույս թարթումները ոսկի աստղերի,
Եւ հոգին լցնում վսեմ ղողանջով երկնքի հազար բյուրեղ զանգերի:

Վճիտ գիշերին դյութական ցոլքով փայլում էր ուղին փիրուզյա հեռվում,
Եւ քարավանը` օրոր ու շորոր, քայլում է անդորր փիրուզյա հեռուն...


Չորրորդ սուրահ

Գիշերն ահարկու` և´ սև, և´ հսկա, մի չղջիկի պես թևերը փռեց,
Անծիր թևերը իջան, ծածկեցին քարավանն, ուղին և դաշտերն անափ:

Եւ հորիզոնից մինչև հորիզոն երկինքը լցվեց մռայլ ամպերով.
Չէին շողշողում լուսինն ու աստղեր. խավարն` ասես թե` պատած խավարով:

Եւ հողմերն ահեղ` նժույգների պես` սանձարձակ, վայրի արշավում էին,
Հորձանքներ տալով, և հողն ու փոշին այրված դաշտերից խառնում ամպերին:

Ե´ւ մահասարսուռ շառաչում էին, և´ աղաղակում հազար ձայներով,
Ասես, վիրավոր գազաններ էին, մռնչում-ոռնում հողմի բերանով:

Նեղ ձորերի մեջ գալարվում էին և արմավենու անտառներում կույս
Հեծեծում էին հողմերը տխուր, որպես թե մի սիրտ լաց լիներ անհույս:

«Գնա´, քարավան, հողմերի դիմաց աննկուն քայլիր աշխարհի եզրը»,–
Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

«Շաչեցե´ք գլխիս, ամեհի հողմեր, դո´ւք, մրրիկներ, պայթեցե´ք գլխիս,
Ես բաց ճակատով ձեր դեմն եմ կանգնած, ես վախեցող չեմ, զարկեցե´ք ճակտիս:

Ես ետ չեմ դառնա ժանտ քաղաքները, ուր բազմաժխոր կրքերն են եռում.
Ոստաններն արյան, ուր մարդը դաժան իր նմաններին է միշտ պատառոտում:

Ի´մ անտուն գլուխ, տուն չես դառնա դու, ինքդ մարեցիր երգըդ հայրենի,
Վայ նրան, ով որ տուն ու տեղ ունի, կապված է շան պես իրեն տան շեմին:

Արշավե´ք, հողմեր, իմ հոր տան վըրա, քանդե´ք, ավերե´ք հիմքերը նրա,
Եւ փոշին ցրե´ք մեծ աշխարհով մեկ, անծայր ուղին է իմ տունը հիմա:

Մենակությունն է իմ սերը հիմա, երկինքն աստղաբիբ` վրանս հայրական,
Եւ քարավանն է ընկերս հիմա, և իմ հանգիստը` ուղիս անկայան:

Դո´ւ, կախարդ ուղի, հավիտյան անհայտ, հավիտյան դյութող իմ նոր հայրենիք,
Տար ինձ, իմ սիրտը` հավիտյան լացող` այնտեղ, ուր բնավ չեն եղել մարդիկ:

Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը ձեռիդ,
Որ քեզ չլլկեն, քեզ չհոշոտեն թե´ բարեկամդ և թե´ թշնամիդ:

Բարեկամներից հեռու տա´ր դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պես
Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես, կմոռանան քեզ:

Իմ խոր վերքերը ո՞վ կնյութեր ինձ, թե չլինեին ընկեր, բարեկամ,
Որոնք համբույրով սիրտս բացեցին, որոնք համբույրով խայթեցին նրան:

Բյուր կեղծիք ունի իր ակունքի մեջ համբույրը մարդկանց, համբույրն ընկերի,
Որով որսում է գաղտնիքը սրտիդ և դարձնում է քեզ հավիտյան գերի:

Ի՞նչ է ընկերը և բարեկամը` նենգ ու դրուժան, չարակամ ու վատ:
Իմ հոգում մեռավ սիրո մի երկինք, մի վառ արեգակ, և´ սեր, և´ հավատ:

Բարեկամն ի՞նչ է – լավիդ նախանձող, քայլիդ խուզարկու, բամբասող, ագահ,
Ծանոթ շները չեն հաչում վրադ, ծանոթ մարդիկ են հաչում քո վրա»:

Հողմերն անհեթեթ ջինների նման` Աբու-Լալայի խոժոռուն դեմքին
Քրքջում էին, ծափ տալիս, ծաղրում և ապարոշից քաշքշում ուժգին:

Եւ քղանցներից կախ էին ընկնում, և աչքերի մեջ Աբու-Լալայի
Շաղ էին տալիս բուռերով փոշի և կտրում թելը նրա խոհերի:


Հինգերորդ սուրահ

Եւ քարավանը ճեղքելով վստահ մըրրկապարը վայրագ ջինների,
Անշեղ ու անվախ ձգվում էր առաջ` ղողանջյուններով հուզված զանգերի:

«Ի՞նչ է ընկերը... – կրկնում էր անդուլ զայրացած սրտում Աբու Մահարին,–
Ծոցիդ մեջ սև օձ, մահիճդ պղծող... Թռի´ր, քարավան, ընկեր մտերիմ:

Եւ ուր որ կերթաս, այնտեղից նորեն գնա ու գնա, առանց հանգրվան,
Իմ բարի ճամփա, տար ինձ, կորցրու, չքվիմ, տանջանքս մարդիկ չիմանան:

Եւ ի՞նչ ենք թողել, ի՞նչ կա մեր հետև, որ մեզ պատրանքով ետ կանչե նորից:
Փա՞ռք, գա՞նձ, օրենքնե՞ր և իշխանությո՞ւն... Թռիր, հեռացիր բոլոր-բոլորից:

Եւ ի՞նչ է փառքը,– այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն,
Վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կնետեն:

Ի՞նչ է պատիվը, հարգանքը մարդկանց – սոսկ ոսկուց – վախից հարգ են մատուցում,
Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ մարդ է դառնում ու քեզ հարվածում:

Եւ ի՞նչ է գանձը, որով հիմարը տիրում է մարդկանց, և´ հանճար, և´ սեր,–
Բյուրավորների քամված արյունը, մեռելների միս, որբի արցունքներ:

Ի՞նչ է ամբոխը – մեծ հիմարն է նա, ոգին հալածող և տարրը չարի,
Բռնության խարիսխ. և´ սուր երկսայրի, և´ զայրույթի մեջ գազան վիթխարի:

Ի՞նչ է համայնքը – թշնամու բանակ, և անհատն այնտեղ անշղթա գերի,
Ե՞րբ է հանդուրժել հոգու թռիչքին և սլացումին վսեմ մտքերի:

Նողկալի համայնք, հեղձուցիչ օղակ, քո լավն ու վատը – ահեղ խարազան,
Մի անհուն մկրատ բոլորին խուզող` միահավասար և միանման:

Ատում եմ, ավա~ղ, և հայրենիքը – պերճ արոտավայր հարուստների ցոփ,
Որի հողն արնոտ` անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդեպ:

Ի՞նչ է օրենքը, մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան,
Անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան:

Ե´ւ իրավունքը, և´ օրենքները բոլոր զայրույթով ատում եմ, ատում,
Գարշ իրավունքով բռնաբարում են և գարշ օրենքով լլկում ու մորթում:

Յոթն անգամ ահա´ ատում եմ, ատում իշխանությունը – սերունդներ լափող,
Անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող:

Անցած դարերի, գալիք դարերի մեծ դահիճն է նա և մեծն ավազակ,
Իր անցած ուղին` ոճիր ու նախճիր, սարսափներ վիժող, ոխակալ ոհմակ:

Նա հրեշի պես կրծքիս է նստել, բռունցքն է ահեղ սեղմել ճակատիս,
Եւ ամեն քայլիս շղթա է զարկել, փականք է դրել լեզվիս ու մտքիս:

Նա փշրում է միշտ մեր ուսերը վար, ամենուր հասնում, ճզմում է մարդուն,
Եւ իրավունքի դաժան անունով բյուր կառափներից բուրգեր է կերտում:

Եւ ամեն ինչ է իշխանությունը – իրավունք, օրենք և արդարություն.
Նա ինքն է խիղճը և չարն ու բարին, իսկ դու` գերեզման, դու` ոչնչություն:

Եւ նզովում եմ իշխանությունը հազարաճիրան մոլի բորենին.
Իր ամեն քայլը` արյունի հնձան, ուր տրորում է ծերին, մանուկին:

Ապիկա´ր մարդիկ, ստրուկ ու վախկոտ, ո՞վ տվեց սուրը նմանիդ ձեռին,
Ո՞վ տվեց նրան վրեժի իրավունք` իշխել, խողխողել իր նմաններին:

Տա´ր ինձ, քարավան, իժերին հանձնիր, թաղիր հեգ սիրտս ավազների տակ,
Տա´ր ինձ, ազատիր իշխանությունից, ազատիր նըրա հովանուց վայրագ»:

Խոլ կայծակները հրեղեն սրով ծվատում էին վաշտերն ամպերի
Եւ արշավասույր` փշրվում էին ճերմակ բաշերին հեռու լեռների:

Եւ մրրիկները մռնչում էին, արմավն ու նոճին շաչում, շառաչում.
Եւ քարավանը կամուրջ քանդելով և քառատրոփ վազում էր, թռչում:

Վազում էր, թռչում, զրը~նգ, հա զրը~նգ, փոշու ամպերով ծածկելով ճամփեն,
Ասես, փախչում էր չար իշխանության քինոտ բռունցքից, որ չհասնի իրեն:

Աբելյան
05.07.2007, 11:09
Վեցերորդ սուրահ

Եւ միջօրեի բարկ արևի տակ խիստ բուրում էին նարճիս ու ծոթոր,
Եւ քարավանը փոշու մեջ կորած` քայլում էր դանդաղ, հոգնած, քրտնաթոր:

«Թռի´ր, քարավան, խորշակ ու մրրիկ ճեղքելով մտիր ավազի ծոցը»,–
Այսպես էր խոսում զայրացած սրտում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

«Թող անապատի բոց հողմն իմ դեմ գա, ավազի վրայից հետքերս ջնջե,
Որ մարդը երբեք տեղս չգտնի, իմ շնչած օդը մարդը չշնչե:

Տեսնում եմ ահա շեկ առյուծներին` դեղին շեղջերից աչքիս են նայում,
Տեսնում եմ նրանց, որոնց ոսկեղեն բաշերից հողմը կայծեր է պոկում:

Արի´ք, կանչում եմ, ես փախչողը չեմ, արի~ք, լափեցե´ք սիրտս վիրավոր,
Ես ետ չեմ դառնա մարդու մոտ երբեք, դուռը չեմ բախի մարդու նենգավոր:

Մարդիկ ի՞նչ են որ... դիմակված դևեր, ժանիքներ ունեն. անտես ճիրաններ,
Սմբակներ ունեն և որոճող են, և նրանց լեզուն` թունավոր սուսեր:

Եւ ո՞վ են մարդիկ... աղվեսների հոտ, եսամոլ անհուն, ուրացող, մատնիչ.
Անկումիդ ուրախ, արյուններ լակող, գազան մանկասպան և դահի´ճ, դահի´ճ:

Աղքատության մեջ` քծնի, վաճառվող, թշվառության մեջ` վախկոտ, դավաճան,
Հարստության մեջ` լկտի չարախինդ, և´ վրիժառու, և´ ամբարտավան:

Զոհվում է լավը վատերի համար, և վատն ու չարը լլկում են, տանջում
Մի բուռ լավերին այս վատ աշխարհում, և կյանքի արտում որոմն է աճում:

Նզովում եմ ձեզ, հեռավո´ր մարդիկ, ձեր չարն ու բարին, կրոնները ձեր,
Որոնք միմիայն շղթա են կռում և ստրկության կոփում զնդաններ:

Ապիրատ աշխարհ, ուր հզոր ոսկին դարձնում է գողին ազնիվ, բարեհույս,
Ապուշին` հանճար, վախկոտին` կտրիճ, տգեղին` չքնաղ և պոռնիկին` կույս:

Մարդկային աշխարհ, արյան բաղանիք, ուր թույլն` հանցավոր և հզորն` արդար.
Ուր մարդը տխեղծ` ինչ որ անում է այս գարշ աշխարհում` սոսկ նյութի համար:

Սոսկ շահի համար, շահին միշտ գերի, աստվածացնող թաթը եղեռնի,
Ահա մարդը միշտ – պատկերն աստծու, սակայն իրապես վիժվածք շեյթանի:

Համրելով մեկ-մեկ անթիվ քայլերը իմ քարավանի, իմ անծայր ճամփու,
Անթիվ քայլերը չեն հասնում չափին մի օրում գործած հանցանքին մարդու:

Ասում եմ ահա և արևելքին, հյուսիս, հարավին և արևմուտքին,
Որոնց հողմերը իրար հետ ներհակ` լսում են մեկտեղ իմ արդար խոսքին:

Տարե´ք, տարփողե´ք խոսքս հրեղեն, որ ծովերից ծով աշխարհներ լսեն,
Թե ավելի վատ, ավելի զազիր` քան մարդը դաժան – այդ մարդն է նորեն:

Այնքան ժամանակ, որքան աստղերը անշեջ թարթում են լուռ անապատին,
Եւ գալարվում են շեղջերն ավազի, շչում ու ճչում նման օձերին –

Փախի´ր, քարավան, այդ պոռնկության լպիրշ ու արբշիռ ցոփ խնջույքներից.
Կեղծի, կեղեքման հրապարակներից և վաճառանքի պիղծ շուկաներից:

Համայնքից փախի´ր, փախի´ր վրեժից, մարդկանց արյունոտ արդարությունից,
Փախի´ր կնոջից, սիրուց, ընկերից, շնչահեղձ փախի´ր մարդու ստվերից:

Գնա´, քարավան, ներբաններիդ տակ տրորիր, կոխիր օրենք, իրավունք.
Եւ ուղիներիդ փոշիով ծածկիր թե´ չարն ու բարին, թե´ իշխանություն:

Եւ թող հոշոտեն ինձ վագր ու առյուծ, բոցոտ հողմերը շաչեն ինձ վրա –
Եւ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա´ ու գնա´...»:

Իրենց աղեղի պարանոցները` ուղտերը լարած նետերի նման,
Զիլ վազում էին, իրենց հետքից թողնելով փոշու անծայր քարավա´ն:

Զիլ վազում էին խանձված դաշտերով դեպի անհայտը, դեպի հեռաստան,
Սքողում էին հողի թուխպերով անծիր դաշտերը, ավան ու ոստան:

Կարծես` վախեցած փախչում էր արագ` առանց հանգրվան, Աբու Մահարին,
Կարծես` օրենքը, կինն ու համայնքը նրան կրընկոխ հետևում էին:

Եւ քարավանը զրը~նգ, սրընթաց, առանց նայելու անցնում էր անդարձ
Բուրգերի տակով մեծ քաղաքների` հացի ու կրքի ժխորով լցված:

Վազում էր հապճեպ` անգիտության մեջ դարեր քարացած գյուղերի մոտով,
Վազում էր, սուզվում հեռուների մեջ` ոսկեհոս աստղի անզուսպ կարոտով:

Քարավանն հեստոտ օրեր-գիշերներ լափում էր ուղին ոլոր ու մոլոր,
Եւ խռով հոգով Աբու Մահարին խորհում էր ցասկոտ` ճակատը խոլոր:

Խոլ քարավանը նրա խոհերի, բազեների պես ծեծկված մրրկով,
Սլանում էին խռիվ ու ցրիվ` մի լույս-հանգրվան գտնելու մտքով:

Եւ լալիս էր նա առանց արցունքի, և նրա վիշտը նման անհունի,
Ինչպես իր ուղին, որ գալարվում է` անծայր օձի պես և վախճան չունի:

Եւ ետ չէր նայում անցած ճամփեքին և չէր ափսոսում թողած, անցածին.
Ողջույն չեր վերցնում, ողջույն չեր տալիս եկող ու անցնող քարավաններին:


Յոթերորդ սուրահ

Եւ քարավանը Աբու-Լալայի Արաբստանի մեծ անապատի
Դարբասների մոտ ծունկ իջավ հոգնած...

Հորիզոնները հրդեհվում էին իրենց ամայի, ազատ ափերում,
Մութն հավաքում էր քղանցքը թավշյա, բոցերով բոսոր երկինքն էր ծփում:

Եւ Աբու-Լալան նստեց մենավոր` հակինթյա ժայռին գլուղը հենած,
Հայացքը սուզած դյութական հեռուն և հաշտ ու պայծառ, հոգին անդորրած:

«Ո~հ, ի~նչ ազատ եմ, անպարփակ ազատ, մի՞թե կարող է այս մեծ սահարան
Պարուրել, գրկել իր ծիրերի մեջ ազատությունս` անհուն, անսահման:

Ոչ մի մարդկային աչք ինձ չի տեսնի, չի հասնի ոչ մի մարդկային բազուկ,
Ո´վ ազատություն, դու դրախտային չքնաղ վարդերի լուսեղեն բուրմունք:

Քո պերճ վարդերով դո´ւ պսակիր ինձ, վառի´ր իմ հոգում ջահերդ հուր-հրան.
Ո´վ ազատություն, դու դրախտային լույս-բլբուլների անմահ Ալ-Կորան:

Չքնաղ առապար, դու իմաստության ոսկեղեն աշխարհ, հազար ողջույն քեզ,
Անարատ Բադիե, ուր մարդը մարդուն չի լլկել բնավ, հար օրհնյալ լինես:

Տարածվի´ր անծիր, փռի´ր ավազիդ դեղին ծովերը ազգերի վրա,
Ծածկիր ողջ մարդկանց, քյոշք ու խրճիթներ, գյուղ ու շահաստան, շուկա ու կլա:

Վիշապ հողմիդ հետ ազատությունը թող գահակալե աշխարհը հանուր.
Եւ ոսկեվառե վսեմ արևը` ազատությունը աշխարհասփյուռ»:

Հազար ու հազար հրաշալիքներով և հրաբորբոք հրապույրներով
Շեմս-արևն ելավ` շքեղ, լուսավառ, վարդի, սնդուսի բյուր պարույրներով:

Եւ վեհ արևի ջահերի ներքո փռվեց, ծավալվեց ծիրն անապատի,
Վառ-վառ հուրհրաց, ինչպես տիտանյան հսկա առյուծի ոսկեփառ մորթի:

«Սալամ քեզ, արև´, շյուքըր բյուրաբյուր, դու աստծուց հզոր, դու կյանքի աղբյուր.
Դու, իմ անմահ մայր, մայրական դու գիրկ, դու միակ բարի, դու միակ սուրբ, սուրբ:

Տիեզերական դու բաժակ անհուն` ոսկի արբեցման և երանության,
Դու հրճվանքի, հրապույրների հրեղեն գինու դու անհուն օվկիան:

Տիեզերական հազարահանդես դու մեծ խրախճանք, բարի´ արեգակ,
Ահա իմ հոգին – մի ծարավ բողբոջ, թափի´ր նրա մեջ գինիդ անապակ:

Քո երջանկությամբ, քո իմաստությամբ, քո հավերժությամբ հարբեցրու´ ինձ,
Տո´ւր ինձ անցյալի անզարթ մոռացում, լույս անուրջներում քո բուրումնալից:

Հարբեցրու ինձ, հարբեցրու ինձ, քո անմահ գինով հարբեցրու ինձ,
Մոռանամ մարդուն, սուտն ու մռայլը, մոռանամ հավերժ չարիքն ու թախիծ:

Քո վսեմությամբ հարբեցրու ինձ, հարբեցրու ինձ լույս-հիացքներով,
Խավարների դեմ անհաղթ ախոյան, գարունների մայր, ուրախության ծով:

Դու միակ բարի, դու միակ իմ սեր, դու միայն սուրբ, սուրբ, մայրական դու գիրկ,
Դու հավետ գթոտ, մահը խորտակող, դու գերահրաշ, միակ գեղեցիկ:

Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ, հրակոծ սիրով կիզիր, խոցիր ինձ,
Եւ ոսկեճաճանչ վարսերդ շքեղ փռիր ինձ վրա և գուրգուրիր ինձ:

Եւ արյունոտիր իմ շրթունքները համբույրիդ խայթով քո հրդեհակեզ,
Երջանկասփյուռ քո լույս-գիրկը բաց, ես սիրաբորբոք թռչում եմ դեպ քեզ:

Եւ թող խլանան իմ ականջները` աղմուկն աշխարհի չլսեմ հավետ,
Հավետ կուրանամ աշխարհի համար, մարդկանց տեսնելու այլ չնայեմ ետ:

Դեպի արևը դարեր ու դարեր թռիր, սլացիր, ազնիվ քարավան,
Նրա լուսեղեն, բոցեղեն գրկում, որ արևանամ և հավերժանամ:

Ո´հ, իմ մայր-արև, քո ոսկեփրփուր ծիրանիդ շքեղ ձգի´ր ուսերիս,
Որ ես հաղթական, լույս փառքերիդ մեջ սրարբած սուրամ դեպի, դեպի քեզ:

Դու աստծուց հզոր, դու միակ իմ սեր, դու միակ իմ մայր, մայրական դու գիրկ,
Դու միայն բարի, դու միայն սո´ւրբ, սո´ւրբ, դու գերահրաշ, միակ գեղեցիկ»...

Վուհադիներից զով սյուքն էր բերում վառ քասիդները այրող կարոտի,
Դայլայլում էին կաթնաղբյուրները երազներն իրենց կուսական սրտի:

Եւ հեքիաթների լույս փերիները մայր-արմավենու քնքուշ սոսյունով
Համբույր ու ողջույն ուղարկում էին և կանչում նրան գաղտնի խոստումով:

Բայց Աբու-Լալան չէր ուզում լսել սիրո ողջույնին, գողտրիկ սոսավին,
Թռչում էր անհագ` դեպի արևը, և ինքն էլ պայծառ` նման արևին:

Իսկ սերաբները նոր տեսիլներով բյուր պատրանքները, հրապույրների`
Թռցնում էին կախարդված հոգին ոսկի թևերով լույս-անուրջների:

Ուղտերը արձակ պարուսաններով հուժկու, մոլեգին, այնպես խոլաբար
Սլանում էին, ճախր էին առնում հրեղեն թափով, խենթ ու խելագար:

Եւ արեգական վառ ցնցուղի տակ բոցկլտում էին ուղտերը զվարթ,
Եւ բարձրաղողանջ կայլակում էին զանգակներն ազատ, ցնծուն, լուսազարդ:

Աբու Մահարին արծվի նման աչքերն անքթիթ` արևին հառած,
Թռչում էր աննինջ, հոգին լուսարբած և երանության ջահերով վառված:

Նրա հետևում լոկ անապատն էր փռված հոլանի` լույսերի ծոցում,
Իսկ գլխի վերև արևն էր նազում շափյուղյա վարսերն անծիր տարածուն:

Եւ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին, մեծ բանաստեղծը,
Թռչում էր անդուլ` հաղթական ու վեհ, դեպի արևը, անմահ արևը...

Lady-In-Red
20.07.2008, 13:53
Տարիներ հետո քեզ տեսա նորից,
Սիրտս արտասվեց, բայց ժպտացի ես,
Նույն աղջիկն էիր` չքնաղ բոլորից,
Հոգուս մտերիմ, հարազատ այնպես:

Աչքերդ մեղմ հանգչեցին վրաս,
Ես հպարտ ու վես անցա քո կողքով.
Շուրջս ծածանվեց լուսեղեն երազ.
Եվ ետ նայեցի անզուսպ կարոտով:

Սուտ է, նազելիս, չի զատել երբեք,
Երբեք չի զատել մեզ կյանքը դաժան.
Քույր իմ, . ամոքիր սիրտս վշտաբեկ,
Տես, քոնն եմ ես միշտ, քոնն եմ հավիտյան...:P

Դեկադա
20.07.2008, 16:49
Կտակ


Սիրուն մանկիկ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ.
Ճշմարիտն ես փորձով գիտեմ, ու խոսքերս մի մոռանար:

Կյանքն է ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական,
Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական:

Զգացմունքն է գերիշխանը, խելքը` նրա լոկ ծառան.
Բայց դու խելքդ վրադ պահիր, ինչպես պողպատ կուռ վահան:

Մի հավատար ստվերներին, հենվիր միայն քեզ վրա,
Ատելու չափ սիրիր մարդկանց, բայց լավություն միշտ արա:

Եվ լայն օրում թե ընկերներ, թե բարեկամ ճանաչիր.
Իսկ նեղ օրում ընկերների ոչ որոնիր, ոչ կանչիր:

Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս,
Զվարթ եղիր, ու այդպիսով բախտի վրա կըխնդաս:

Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոփին դեմ- դեմի.
Անզղջալի առաջ գնա, ինչ որ լինի, թող լինի:

Լսիր տղաս, ինձ կթաղես անհայտ մի տեղ, աննշան,
Որ չիմանան, մարդիկ չգան` շիրմիս քարը գողանան:[/QUOTE]

ihusik
20.07.2008, 19:05
Լավ կլինի գրառում կատարելուց առաջ մի հատ աչքի տակով անցկացնեք թե արդյո՞ք չկա արդեն այստեղ այն բանաստեղծությունը, որը պատրաստվում եք տեղադնել;) չնայած գուցե էս պահին ձեր սիրտն ուզում է հենց դա մի տեղ անմահացնել, ո՞վ գիտե... դե լավ... ;)

Առաջին արցունքները

Գարնան արևը անհուն համբույրով
Դուրս կոչեց կյանքի ծլին ու ծաղկին,
Եվ մանուշակը կապույտ աչերով
Անմեղ, միամիտ ժպտաց ամենքին։

Եկավ զեփյուռը շշնջաց նրա
Կույս ականջներին և սահեց գնաց,
Եկավ թիթեռը, թռվռաց նրա
Նազելի գրկում և թռավ գնա՛ց։

Եվ մանուշակը նրանց ետևից
Մնաց նայելով... խաբող ցնորքներ.
Եվ ընկան նրա աչքերից անբիծ
Առաջին սիրո մաքուր արցունքներ։:cry
----------------------------------------------

Քաղած վարդը թըփին ետ չի գա նորից.
Ետ չի գա հավետ ժամն անցած օրից։

Անցած կյանքըդ հիմա երազ է, մշուշ,
Վիշտն ու սերդ անուշ՝ հուշեր են քնքուշ։

Սիրտըդ մաքուր պահիր ու բարի արա,
Որ ամպ չընստի հուշերիդ վըրա։

Մի´ վռազիր... մահին կհասնիս վաղ-ուշ,
Չեղածի պես կանցնին և´ երազ, և´ հուշ...
-------------------------------------------------

Շատ մի´ տխրիր , շատ մի՝ խնդար, սիրելիս,
- Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի.
Վաղանցուկ են, կան ու չկան, սիրելիս,
Բոլոր իրերն ու աստղերը անհունի։

Լայնսիրտ եղիր, ողջը երազ համարե,
- Այս աշխարհում և ոչ մի բան միտք չունի.
Լացը՝ ժըպիտ ու սերը՝ ցավ համարե,
Թե որ ապրես, կյանքըդ ինչու՞ համար է։

Ախ, մի´ տխրիր, վիշտը կանցնի,- այդ ոչինչ,
- Այս աշխարհում և ոչ մի բան գին չունի.
Շատ մի´ հրճվիր, սերն էլ կանցնի, բայց ոչինչ,
Կյանքն էլ կանցնի,- այդ որ ոչինչ ու ոչինչ։

Արևհատիկ
12.11.2009, 17:15
Մայրիկիս

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տխուր-տրտում, քուն չունիմ:

Սարեն կուգաք, նխշուն հավքե'ր,
Ա˜խ իմ մորըս տեսել չե±ք,
Ծովեն կուգաք, մարմանդ հովե˜ր,
Ախըր բարև բերել չե±ք:

Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սըրտիս, փափագ-սըրտիս
Անխոս դիպան ու անցա˜ն:

Ա˜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի'կ ջան.
Երնե˜կ, երնե˜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի'կ ջան:

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա'մ ու խընդամ, մայրի'կ ջան…

Yeghoyan
07.12.2009, 20:23
Ինչո՞վ է իմ երկիրը մեծ,
Նա՛, որ հազա՜ր անգամ զոհուեց,
Բայց յարութի՜ւն առաւ նորից,
Խոր Վիրապից, Վայոց Ձորից...
Որ, մնացած միայն մի բուռ,
Այն էլ, աւա՜ղ, ոչ նոյն բռում,
Որպէս հրից փրկուած խաչբուռ
Ծլո՜ւմ է այս քար ու ղռում...

Նրանով չէ՞ արդեօք նա մեծ,
Նրանով չէ՞, որ նա տեւեց,
Որ օտարի հող չգերե՜ց,
Այլ Վահագնի ե՛րգը գրեց.
Սրին յաղթեց խոփով արդար,
«Սիրեց ղալամ, գիր ու դաւթար»։
«Կռունկ» երկնեց օտար ափում,
«Լո-լո»՝ ջարդի սեւ սարսափում.
Որ սպաննուե՛ց, բայց չմեռա՜ւ։
Որ սպառուե՛ց, բայց չկորա՜ւ,
Ինչպէս իր տան նոր ձեղունին
Թառած ճերմա՜կ այս աղաւնին,
Որ լեգենդի պէս հնաբոյր,-
Ոտքերն արնո՛տ,
Ինքը՝ մաքո՜ւր,
Արեան ծովից ելած կրկին,
Աչքը յառած արեգակին,
Նրա նման յարատեւում
Եւ գալի՛ք է, նայիր, թեւում...

Yeghoyan
07.12.2009, 20:24
Մեծ Յաղթանակի Օրը

Մեր սուրը փառքով դրեցինք պատեան,-
Մեծ յաղթանակի օրն է ցնծալից.
Պարտուեց մահաշունչ ոսոխը դաժան,
Երգեր են յորդում զուարթ սրտերից:

Հոծ փողոցներում աղմուկ ու շառաչ,
Հոսում են մարդիկ ծափով, ծիծաղով,
Մի մարդ սեղան է բացել տան առաջ,
Լցրել թասերը ոսկեփայլ գինով:

Եւ անցորդներին կանչում է, խնդրում,-
Եղբայրնե՜ր, որդուս կենացը խմե՛նք.
Հերոս է որդիս, յաղթեց թշնամուն,
Ձեր որդիների կենացն էլ խմենք:

Խմում են խինդով, ցնծում երջանիկ,
Եւ զարկում նորից գաւաթներն իրար:
Նրանց մէջ մի հայր ասում է մեղմիկ,-
Է՛ս էլ իմ որդուս հանգստեան համար:

Գլխարկներն իսկոյն հանում են նրանք,
Խոր ակնածանքով լռում են մի պահ.
Խմում են անձայն զոհուածի համար
Եւ հեղում գինին սուրբ հացի վրայ:

1945, Երեւան

Smokie
24.06.2011, 16:43
Էս ինչքա՜ն երկար ժամանակ էր թեման պասիվ::o

Նոր տարվա առավոտյան

Այս նոր տարվա առավոտյան,
Երբ որ քնից զարթնեցի,
Ավա՜ղ, մերոնք միտս եկան,
Եվ սուրբ պահեր հիշեցի:

Տեսա գյուղի տունը մեր...
Ջրաղացի ձայնն անո՜ւշ.
Մեր ծեր թոնիրը վառ էր...
Նորահացի հոտն անո՜ւշ:

Հայրըս եկել քաղաքից`
Քույրիկիս ու ինձ համար
Բերել էր թանկ նվերներ -
Նոր զգեստներ ծաղկավառ:

Բռնած հորըս ձեռներից`
Քույրիկս ու ես թռվռուն
Շրջում էինք բերկրալից
Արփաչայի ափերում:

Ա՜խ, այն օրը հիշեցի,-
Հավերժական տխուր պահ,-
Օտար երկիր գնացի,
Էլ մայրիկիս չտեսա:

Մայրս սեղմած ինձ կրծքին`
Լաց էր լինում սրտաքամ,
Համբուրում էր կարոտով,
Ու չէր թողնում, որ գնամ:

Ձիս քայլում էր գլխահակ
Մտքերիս հետ թախծալից,
Ու տանում էր ինձ հեռու
Մանկության սուրբ վայրերից:

Եվ քայլ առ քայլ` մարում էր
Ջրաղացիս ձայնն անուշ,
Բայց ես լսում էի դեռ
Խեղճ մայրիկիս լացն անհույս:

Այս նոր տարվա առավոտ,
Երբ որ քնից զարթնեցի,
Ավա՜ղ մերոնք միտս ընկան
Եվ սրտիս մեջ լացեցի...

Առաջին արցունքները

Գարնան արևը անհուն համբույրով
Դուրս կոչեց կյանքի ծլին ու ծաղկին,
Եվ մանուշակը կապույտ աչերով
Անմեղ, միամիտ ժպտաց ամենքին:

Եկավ զեփյուռը, շշնջաց նրա
Կույս ականջներին և սահեց գնաց,
Եկավ թիթեռը, թռվռաց նրա
Նազելի գրկում և թռավ գնա՜ց:

Եվ մանուշակը նրանց ետևից
Մնաց նայելով... խաբող ցնորքներ.
Եվ ընկան նրա աչքերից անբիծ
Առաջին սիրո մաքուր արցունքներ:

***

Զորահավաք էր: Շտապ տուն եկավ
Զինվորի զգեստ հագած մի տղա.
-Մայրի՛կ, ինձ օրհնի՛ր,- պատանին ասավ,-
Ես էլ կռվի դաշտ գնալու եղա...

Ուշաթափ ընկավ խեղճ մայրը թշվառ,
Եվ երբ ուշքն եկավ նորեն իր վրան,
Գրկեց զավակին պինդ, կարոտավառ,
Որպես թե վաղուց չէր տեսել նրան:

-Ա՜խ, ի՜նչ ուրախ եմ, փա՛ռք քեզ, աստված իմ,
Որ ողջ ետ դարձավ իմ անուշ որդին...

Գայանեի երգը

(Շահումյանի հարսնացուն)

Խոստացել էիր, իմ թագ ու պսակ,
Այսօր ինձ մոտ գալ` սիրո վարդերով.
Ընկերներիդ հետ թռաք ու հասաք
Նժույգ ձիերով, խրոխտ լեռներով:

Մայր Հայրենիքի սերը քեզ կանչեց,
Բոց հանեց ժայռից սմբակը ձիուդ,
Քառսուն թրի մեջ թուրըդ շառաչեց,
Արևը մարեց հազար թշնամուդ:

Խոսք տվիր գալու գարնանն ինձ այցի,
Ծաղկել են արդեն ամեն թուփ ու ծառ,
Փրկության համար սուրբ Հայաստանի,
Գիտեմ, սիրելիս, խոսքդ մոռացար:

Եկ գոնե մի պահ, իմ կտրիճ իշխան,
Շրջենք երկուսով ծաղկած արոտով,
Եկ` սրբեմ թուրդ մազիս մետաքսով,
Ախ, մի՛ թող այրվեմ սիրուդ կարոտով:

Իմ Նիրվանան

Ես ապրում եմ մեն-մենավոր
Այս լռանիստ անտառում,
Իմ հյուղակն է թավուտի մեջ,
Ուր երգում է ջինջ առուն:

Ես խորհում եմ ներանձնացած
Լռության մեջ գերանդորր,
Հոգիս` զվարթ, սիրտս` հանգիստ,
Զերծ կրքերից բռնավոր:

Եվ բնության ծիրերից դուրս,
Անհունի մեջ անուրջի,
Ես ապրում եմ հավերժաբար
Առանց վշտի ու տենչի:

Ավիկին

Կյանքիդ ուղին լինի պայծառ,
Ամեն քայլդ` ազնիվ, արդար:
Լինես խոհուն, լինես գիտուն,
Եվ ունենաս սիրտ զգայուն:
Լինես բարի և անբասիր,
Ընկերներիդ սրտով սիրես,
Երբ քեզ տեսնեն` ուրախանան:
Միշտ օգնելու լինես պատրաստ`
Տանջվող մարդուն և ընկերին:
Անդավաճան, անհուն սիրով
Հայրենիքիդ լինես պաշտպան.
Եթե նրա սիրո համար
Մի սխրալի գործ կատարես-
Չըհոխորտաս, լինես խոնարհ,
Եվ իր պարտքը ճիշտ կատարած
Մարդու նման` խիղճդ անդորր,
Ապրես ուրախ և բախտավոր:
Եվ մեն-մենակ, տարին մի օր
Այցի ելնես մամռոտ շիրմիս,
Կանգնես լռիկ, խորհես մի պահ,
Իմ կաթոգին սիրած տղա:

***

Քու՛յր իմ նազելի, նայիր քո դիմաց՝
Վիրավոր, ավեր սիրտս ես եմ բացել.
Ա՜խ, նվիրական ինձ քո գիրկը բաց
Եւ գուրգուրիր ինձ, ես շատ եմ լացել...

Քնքուշ ձեռքերով աչերս սրբիր,
Մի՛ թող ինձ լալու- ես շա՜տ եմ լացել,
Ճակատիս մռայլ՝ մշուշը ցրիր,
Եւ գուրգուրիր ինձ, ես շատ եմ լացե...

***

Երազիս տեսա, որ մայրս՝ թշվառ,
Շեն պատերի տակ, մեծ փողոցներում,
Այնպես դողդոջուն, հիվանդ ու անճար,
Անց ու դարձողին ձեռն էր կարկառում:

Երազիս տես, որ մայրը ծեր,
Ցնցոտիներով պատած մուրացկան,
Եվ մարդիկ՝ անգութ, անտարբեր, անսեր,
Զբոսնում էին եվ հրում նրան:

Եվ երազիս մեջ ես դառն լացի,
Ու ցավից զարթնած՝ լաց եղա անքուն՝
Ա՜խ, որքան մայրեր՝ խեղճ, առանց հացի,
Մեր շուրջն են դողում, ու մենք չենք զգում:

Ողջույն ամենքին

Ամսավերջին ապրիլի
Միտքս խոցուն՝ ելա դաշտ,
Բնությունը գրկեց ինձ,
Ինչպես մի մայր սիրաշատ:

Շուրջս փռվել էր հրաշք,
Առավոտն էր բողբոջում,
Նժույգի պես ոսկեբաշ
Արեգակն էր վրնջում:

Հավքերն ուրախ երգեցին,
Ինձ ժպտացին ծիլ ու սեզ,
Որ իրենց պես սրտագոհ,
Զվարթ լինեմ իրենց պես:

Ի՜նչպես խայտում են, խնդում,
Ծփծփում են թեւաբախ,
Ուլեր, գառներ լուսագեղմ
Եւ թռչունները չքնաղ:

Եւ ծաղիկներ, թիթեռներ,
Եւ զեփյուռներ քաղցրաբույր,
Ծիծեռնակներ սրաթեւ,
Եւ դայլայլող ակն-աղբյուր:

Ու սրտիս մեջ մեկը ինձ
Խոսք է ասում մտերիմ,-
«Կանգնի՛ր, ո՛վ մարդ, եւ սիրով
Ողջագուրիր ամենքին:

Գլուխդ բա՛ց, ողջունի՛ր
Եղնիկներին, ծառներին,
Թռչուններին, թփերին,
Առվակներին, գառներին:

Նրանք հավերժ հարազատ
Եղբայրներն են քո խոնարհ,
Ծնած-սնած մի մորից
Քույրիկները քո բարի:

Ծունր իջի՛ր երկյուղած,
Եւ այս մամռոտ ժայռը մեծ
Խոնարհ սրտով համբուրի՛ր-
Նա եղբայրն է քո երեց»:

***

Գիշերն եկավ, զով-հովն ընկավ,
Աստղունք լուսնին ձայն տվին.
Լուսնյակն ելավ, մով-ծովն ընկավ,
Հավքերն ինձի ձայն տվին:

Ես վեր ելա ոգի առած՝
Զարկի սրտիս լարերին.
Սիրտս խնդաց, կուրծքս թնդաց —
Եվ լարերը խզվեցին...

— Միայն սիրո լարը մնաց
Սրտիս անհուն խորքերում.
Ու վառ սիրո երգը շողաց
Կյանքիս ամեն ծալքերում...


«Գիշերն եկավ»ը Արտաշես Ավետյանի կատարմամբ::)

http://youtu.be/f-8GIm4l918

Smokie
24.06.2011, 16:46
Բա Իսահակյանի արձակ ստեղծագործություններն ինչ լավն են:love

Smokie
24.06.2011, 16:56
«Գիշերն եկավ»ը Արտաշես Ավետյանի կատարմամբ::)

Վա՜յ,:( էս ինչ անհաջող վիդեո ա, ուրիշ չկար::cry

Ruby Rue
22.07.2012, 13:24
Ինձ էլ Իսահակյանի արձակներն ավելի են դուր գալիս՝ Լիլիթը, վիկինգը, Բուդդան ու մնացածները ներ խոսք էին հայ գրականության մեջ: Ուղղակի շատ մեծ աշխարհահայացք ուներ վարպետը:
Թեև էն փոքր բանաստեղծությունները, որը հիմա ռաբիզ-մաբիզ երգեր են դարձել, ինձ դուր չեն գալիս, բայց Աբու-Լալա- Մահարին ուղղակի հրաշալի ստեղծագործություն ՝ այնպիսին, որ ուղղակի ուզում ես ամբողջը անգիր հիշել…
Իսահակյանի չափածո բալլադներն ու լեգենդներն էլ են հրաշալի:love