PDA

Դիտել ողջ տարբերակը : «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է» մրցույթ



Վազգեն
31.03.2007, 07:51
«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով ուսանողների եւ աշակերտների համար անցկացվող «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է» թեմայով լավագույն գրական ստեղծագործության ամենամյա միջազգային մրցույթի

1. Ընդհանուր դրույթներ.

1.1 Ներկա դրույթները որոշում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է» թեմայով անցկացվող ամենամյա միջազգային գրական մրցույթի կարգավիճակը, նպատակները, խնդիրներն ու անցկացման կարգը:

1.2 Մրցույթի հիմնական նպատակն է Հայաստանի, Արցախի եւ հայկական սփյուռքի ուսանողներին ու աշակերտներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի պատմական անցյալին, հավատ սերմանել նրա ապագայի հանդեպ: Մրցույթը կնպաստի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը, ազգային միասնության ապահովմանը, խթան կհանդիսանա հայապահպանման գործին, կօժանդակի հայ մշակույթի, հայոց լեզվի եւ հայ գրականության ճանաչմանն ու տարածմանը:

1.3 Մրցույթն անցկացվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից՝ ՀՀ գիտության եւ կրթության նախարարության աջակցությամբ:

1.4 Մրցույթն անցկացվում է 2007 թվականի ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 1-ը:

2. Մրցույթի պայմանները

2.1 Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ հայկական սփյուռքի ուսանողներն ու բարձր դասարանների աշակերտները:

2.2 Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի մրցույթին մասնակցել մեկ ստեղծագործությամբ՝ շարադրությամբ, բանաստեղծությամբ, պատմվածքով, ակնարկով, հրապարակախոսությամբ եւ այլն:

2.3 Մրցույթին մասնակցելու իրավունք են ստանում միայն նշված ժամկետում ուղարկված, թեմային ներկայացվող պահանջներին համապատասխանող, համակարգչով հավաքված աշխատանքները:

2.4. «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է» մրցույթին ուղարկված աշխատանքներում պետք է ներկայացվի, թե ինչու է այս կարգախոսը հայերիս համար սրտամոտ, հոգեհարազատ գաղափար, որի շուրջն էլ պետք է միավորվեն աշխարհով մեկ սփռված հայերը:

Միաժամանակ ցանկալի է, որ մրցույթի յուրաքանչյուր մասնակից իր ներկայացրած աշխատանքում փորձի տեսնել իր տեղն ու դերը հայ պետականության վերելքին, բարգավաճմանը ծառայելու, ազգային վերազարթոնքին իր անվերապահ մասնակցությունը բերելու գործում:

3. Մրցույթի կազմակերպման եւ անցկացման կարգը

3.1 Մրցույթն անցկացնելու նպատակով ձեւավորվում է կազմկոմիտե:

3.2 Կազմկոմիտեն ձեւավորում է աշխատանքային հանձնախումբ, հաստատում կազմը, ամփոփում մրցույթի արդյունքները:

3.3 Աշխատանքային հանձնախումբը.

- մշակում է աշխատանքների գնահատման չափանիշները,

- սահմանում է մրցանակային տեղերը եւ անվանակարգերը,

- ստուգում եւ գնահատում է աշխատանքները,

- որոշում է հաղթողներին եւ ներկայացնում կազմկոմիտեի քննարկմանը:

3.4 Ուղարկված աշխատանքները հետ չեն գրախոսվում եւ չեն վերադարձվում:

3.5 Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել մրցույթի անցկացման կարգում:

3.6 Մրցույթի արդյունքները ուսանողների եւ աշակերտների համար կամփոփվեն առանձին-առանձին:

4. Հաղթողների պարգեւատրումը

4.1 Մրցույթում առաջին երեք տեղերը շահած ուսանողները, ինչպես նաեւ աշակերտները կպարգեւատրվեն համակարգիչներով, իսկ առանձին անվանակարգերում հաղթողները՝ արժեքավոր նվերներով, պատվոգրերով:

4.2 Մրցույթի արդյունքների ամփոփման եւ հաղթողների պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Երեւանում, 2007 թվականի հոկտեմբերին, «Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում եւ Արցախում» ծրագրի շրջանակներում:

5. Մրցութային աշխատանքին ներկայացվող պահանջները

5.1 Ներկայացվող աշխատանքները պետք է լինեն գրագետ, հստակ, տրված թեմային համապատասխան:

5.2 Մրցութային աշխատանքները կարելի է ներկայացնել հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, մինչեւ 2007 թվականի հունիսի 15-ը (Հայաստանից, Արցախից եւ ԱՊՀ երկրներից ներկայացված աշխատանքներն ընդունվում են միայն հայերեն եւ ռուսերեն, անգլերեն աշխատանքներ ընդունվում են միայն հեռավոր արտերկրից):

5.3 Ներկայացված աշխատանքների ծավալը չպետք է գերազանցի 3 համակարգչային էջը:

5.4 Աշխատանքները կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային տարբերակով (Word ֆորմատով (*.doc, *.rtf) Windows-ի համար), վերին եւ ստորին լուսանցքները՝ 2, աջ եւ ձախ լուսանցքները՝ 2.5, կարմիր տողը՝ 1.25, տպատառի չափը՝ 14 pt, ինտերվալը՝ 1: Աշխատանքները կարող են ներկայացվել նաեւ անձամբ կամ ուղարկվել փոստով:

5.5 Պարտադիր է ունենալ տիտղոսաթերթ, որտեղ պետք է նշված լինի.

- Ազգանուն

- Անուն

- Հայրանուն

- Ծննդյան թիվ

- Հասցե

- Հեռախոս

- Էլեկտրոնային փոստի հասցեն

- Ուսումնական հաստատության անվանումը եւ վայրը

6. Աշխատանքները կարող են ուղարկվել հետեւյալ հասցեներով

Հայաստանի Հանրապետություն, Երեւան, Գլխավոր պողոտա, Կառավարության 3-րդ շենք, 611 սենյակ

Հայաստանի Հանրապետություն, Երեւան, Տերյանի 69, 4 հարկ

Հեռ./ֆաքս (37410) 522792

E-mail: [email protected]

http://azg.am/?lang=AR&num=2007033123