PDA

Դիտել ողջ տարբերակը : Հիստերիկ ծիծաղ բռնեց, երբ...



StrangeLittleGirl
28.03.2007, 20:25
Երկար ժամանակ մտածում էի. այս պատմվածքս տեղադրե՞մ ֆորումում, թե չէ: Հետո էլ չգիտեի, թե ինչ վերջաբան դնեի: Ամեն անգամ, երբ մտածում էի դրա մասին, տարբեր բաներ էին միտս գալիս: Վերջիվերջո, մի տարբերակի վրա կանգնեցի, որը, չի բացառվում, կարող է փոխվել մինչև այստեղ հավաքեմ…

Imagine all the people
Living for today...
John Lennon
Հիստերիկ ծիծաղ բռնեց, երբ արտասահմանցիների (թե՞ սփյուձքահայերի) մի խումբ ինձ կանգնեցրեց, և նրանցից մեկն ասաց.
- Մադա՛մ, Բաղրամյան սթրիթ:
Ես բացատրեցի, թե ինչպես պետք է հասնեն այնտեղ:
Նրանք ի՞նչ իմանային, որ ընդամենը կես րոպե (այո՛, այո՛. հենց 30 վայրկյան) առաջ ինձ երկու օտարերկրացիներ (երևի արաբներ) մոտեցան: Մինչ մեկը կամացուկ մի կողմ կքաշվեր, մյուսը հարցրեց.
- Ռուսերե՞ն, հայերե՞ն:
Պատասխանի չսպասեց, շարունակեց.
- Իմ ընգեր,- ցույց տվեց ընկերոջը,- դու ընգերուհի:
Ձևացրի, թե չեմ հասկանում:
- Դու իմ ընգերոջ ընգերուհի:
Իբր հասկացա, պատասխանեցի.
- Չէ՛:
- Ինչու՞,- հուսահատված ասաց նա, մինչ «ընգերը» նշան կաներ, որ կարճ կապի:
Իսկ ես միամիտ, բայց և բնական պատասխան տվեցի.
- Որովհետև նրան չեմ ճանաչում:
…Նրանք չգիտեին, որ իրենց կանգնեցրած աղջիկն ընդամենը մի քանի րոպե առաջ անջատված, անուշադիր ու դանդաղ հատում էր Մաշտոցի պողոտան, որտեղ բոլոր մեքենաները ենթարկվել էին կարմիր լույսին, բայց 93 համարի երթուղայինը մեծ արագությամբ էր գալիս, և հազիվ հասցրեց արգելակել: Վարորդը մտքում (կամ բարձրաձայն. ի՜նչ իմանաս) հայհոյեց ինձ: Նա չգիտեր, որ ուղիղ երկու րոպե առաջ մտազբաղ քայլում էի Օպերայի բակում, հիշում դեպքեր, որոնք կատարվել էին այնտեղի աստիճանների վրա, իսկ կողքից անցնող միջին տարիքի մի մարդ զարմացած ինձ էր նայում՝ չպատկերացնելով անգամ, որ մինչ այդտեղ գալը ես քայլում էի Մաշտոցի պողոտոյաով դեպի Օպերա: Այդ ժամանակ էր, որ հեռախոսս զանգեց: Չնայած փորձեցի թաքցնել անկապ տրամադրությունս, զանգահարողը նկատեց դա: Բայց նրա մտքով չէր էլ անցնում, որ մոտ 10 րոպե առաջ գլուխս կախ անցնում էի Հանրապետության հրապարակով, երբ անկյունից մի ձայն ինձ սթափեցրեց.
- Բյու՞ր:
Հետո ասաց, որ նստեմ ծառին (ծառ չէր, կոճղ էր), որ ինձ նկարի: Երևի անձրևն էր պատճառը, որ չնկատեց թաց աչքերս: Նա չգիտեր, որ 76 վայրկյան առաջ արցունքը անձրևից տարբերեցի, որովհետև այն ջերմ էր, մի տեսակ իմ կտորը: Այդ ժամանակ առաջս կտրած մուրացկանը չէր կարող պատկերացնել, որ ընդամենը երեք ժամ առաջ տագնապամարիչ էի խմել, բայց չգիտես ում վրա զայրացած, փշուր-փշուր եղած սրտով Երևանի փողոցներն էի չափչփում:

Մտքիս ծայրով էլ չէր անցել, որ ուղիղ 41 ժամ 17 րոպե 25 վայրկյան անց աչքերս բացելու եմ, բոլոր դեղերն աղբարկղը նետելու ու որոշելու, որ ես արդեն առողջ եմ, իսկ դրանից 34 ժամ 56 րոպե 19 վայրկյան անց քայլելու եմ դեպի տուն ու երգեմ.
- …
Ողորմությունն է Նրա հավիտյան…
Ես չգիտեի, որ նույն խոսքերը 136 անգամ կրկնելուց հետո դրանք գրելու կարիք կլինի, և ես առաջին տողը կմոռանամ հերթական հիստերիկ նոպայից հետո…

Ավելացվել է 1 րոպե անց
Բայց իսկականից վերջաբանը լրիվ ուրիշ էր: Ես ավելի լավատեսական էի ուզում, երևի տրամադրությունս թույլ չտվեց :(

քաղաքացի
28.03.2007, 20:31
Լավն էր: :hands խճճվեցի :{
Այս նույն օրը չէ՞ր, որ ինձ էիր «տեսել», ինձ տեսնելուց մի կես ժամ առաջ, արդեն ուրիշ վերարկույով: :D

StrangeLittleGirl
28.03.2007, 20:35
Հա՛, հենց նույն օրն էր :(

Arisol
28.03.2007, 20:35
Էս էն կինոների նման ա, երբ կինոն սկսում ա հետևից գնալ դեպի առաջ, այսինքն ներկայից դեպի անցյալ ու դու ֆիլմը մենակ ամենավերջում ես հասկանում, բայց քո գրածի մեջ մի տարբերություն կար. սկիզբը չհասկացա… այսինքն էն, ինչից ամեն ինչ սկսեց:

Ծով
28.03.2007, 20:36
Բյու՛ր…եթե ուզում ես իմանաս, ես դեռ այսքան մինուճար շնչով ոչինչ չէի կարդացել…
Չհասցրի շունչ քաշել…լուրջ եմ ասում փշաքաղվեցի…
Ժամանակի մեջ չեմ տեղավորվում…

Նա չգիտեր, որ 76 վայրկյան առաջ արցունքը անձրևից տարբերեցի, որովհետև այն ջերմ էր, մի տեսակ իմ կտորը: :love
օրը երեք անգամ դեղահաբի ժամ է…ընունում եմ արցունքներս…
Հենց կարդացի երրորդ դեղի ժամը խբեց…:(
Բայց ես ստորագրությանս եմ խաբվում:) ;) :love

Kita
28.03.2007, 22:36
նենց արագությամբ կարդացի... ու սկզբից չխճճվեցի, հետո մի հատ էլ դանդաղ կարդալուց բոլորը խառնեցի...
բայց լավն էր... :)

StrangeLittleGirl
31.03.2007, 16:07
Սա իմ քիչ պատմվածքներից էր, որ ասելիք ուներ, բայց ոնց որ տեղ չհասավ :( Պատճառը հաստատ վերջն էր:

Ի դեպ, աչքիս «Հիստերիա» կոչվող շարք եմ գրելու, էնպես որ սպասեք մնացած հիստերիկ ստեղծագործություններին:

Selene
31.03.2007, 18:19
Լավ պատմվածք էր:) Չգիտեմ Բյուրակն ասելիքդ կոնկրետ որն էր, որ ոչ ոք չէր հասկացել, բայց մի բան հաստատ է՝ պատմվածքիդ ամեն մի բազմակետ ինձ ստիպում էր հիշել, թե ոնց եմ նույն արցունքախառն աչքերով թափառել Երևանի փողոցներով, երբ փորձել եմ այդ պահին ինչ-որ բան հարցնող անցորդներին գոնե խեթ ու խոժոռ հայացքով չնայել(ախր նրանք ինչ մեղք ունեն իմ ապրումների կամ վատ տրամադրություն ունենալու հետ:( ), բայց միշտ չէ, որ ստացվում էր:(
Պատմվաշքդ ամեն դեպքում լավն էր;)

StrangeLittleGirl
04.04.2007, 19:06
Ափսոս, որ ասելիքս չհասավ :( Երևի զգացմունքը մեջը շատ էր, բացի ասելիք ունենալուց նաև զգացմունք էի փորձում փոխանցել, դրա համար այդպես ստացվեց:
Իսկ «Հիստերիայի» մյուս պատմվածքը մտքիս մեջ պատրաստ է, մնում է չալարեմ ու գրի առնեմ:

StrangeLittleGirl
06.04.2007, 21:28
Մտքերը հոսում էին, իսկ հետևից՝ արցունքները: Ես չէի հասցնում, ավելի ճիշտ՝ չէի ուզում սրբել ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Ատամներս սեղմել էի, որ չգոռամ: Հերթական մռայլ առավոտն էր բացվել: Առաջվա «բարի լու՜յս, Հիսու՜ս» արտահայտության փոխարեն զայրույթ էր իջել շուրթերիս, բայց ինձ զսպում էի: Մի սովորական օր էր հերթական հիստերիկ նոպայից հետո, երբ ուժասպառ եղած անընդհատ քնել էի ուզում:
Իսկ ժամացույցի տըկտըկոցը հիշեցնում էր, որ դասից ուշանում եմ: Ինչպես միշտ, վերջին վայրկյանին ոտքի կանգնեցի, առավոտվա պարտականություններս կատարեցի ու տանից դուրս եկա:
Զզվում եմ շաբաթ օրվա դասերից: Ամբողջ ընթացքում ուրիշ գործով եմ զբաղվում, իսկ դասախոսների ասածները լսում եմ միայն այն ժամանակ, երբ ինձ նկատողություն են անում: Քիչ չի եղել, որ նստել եմ ու զգացել, թե ինչպես են արցունքներն ինքնաբերաբար ընկնում: Արագ սրբել եմ, որ ոչ ոք չնկատի, բայց այդպես էլ չեմ հասկացել դրանց պատճառը: Պատահել է, որ նամակ եմ գրել Տիգրանուհուն կամ Անիին կամ էլ օրագրիս մեջ խզբզել եմ: Չէ՛, մյուսների նման երբևէ դաս չեմ կարդացել այդ ընթացքում… Մի տեսակ չի ստացվել:
Այդ օրն էլ բացառություն չէր: Ինչպես միշտ, անհանգիստ նայում էի ժամացույցին, սպասում դասամիջոցին: Տարբերությունն այն էր, որ ուրիշ բանով չէի կարողանում զբաղվել. միայն սլաքներին էի հետևում, որոնց ընթացքը սովորականից դանդաղ էր թվում:
շարունակելի

StrangeLittleGirl
11.04.2007, 20:34
Չգիտես ինչու, դասախոսությունը սովորականից երկար տևեց: Կարծեմ արդեն ժամը 11-ն էր, երբ խալաթս հանել ու անհամբեր շարժումներ էի անում, մինչ համակուրսեցիներս խորացած գրում էին դասախոսի ասած յուրաքանչյուր բառը:
Վերջապես եկավ երանելի պահը. հանձնեցինք մեր անունները կրող փոքրիկ թղթիկները (մեզ մոտ այդպես են «ներկա-բացակա» անում) և դուրս եկանք: Ի՜նչ էլ հեշտ ասացի: Ես ասում եմ պարզապես «դուրս գալ», իսկ դուք պատկերացրեք դասախոսությունից հոգնած, 150 հոգուց բաղկացած ամբոխ՝ իրար հրմշտելով դեպի դուռը շարժվելիս:
Քանի որ այդ օրը ես բոլոր անհամբերներից անհամբերն էի, բոլորին հրելով առաջինը հատյնվեցի միջանցքում՝ հետևից լսելվ. «Զգու՜յշ, կոշիկիս քթին կանգնեցիր» կամ «Վա՜յ, եղունգս կոտրվեց»: Անգամ հետ չնայեցի, որ տեսնեմ, թե ում եմ «նյութական վնաս» պատճառել:
Դրսում սպասեցի՝ մինչև Մարիան ու մյուսները եկան: Թարսի պես այդ օրը երկրորդ դասախոսւթյունն էլ ունեինք: Իսկ դասամիջոցը կես ժամի փոխարեն քսան րոպե էր տևելու, որովհետև նախորդը երկարել էր:
- Բյու՛ր, հիմա ի՞նչ ենք անում: Գնա՞նք ուտելու,- մշտական հարցը տվեց Մարիան:
Իսկ ես, ինչպես միշտ, չկարողանալով թաքցնել տրամադրությունս, պատասխանեցի.
- Ու՜ֆ, ի՞նչ ես պոչիցս կպել: Ինչ ուզում ես, արա:
- Բայց… ես քո պոչից չեմ կպել: Եթե դու սոված չես, կարող ես չգալ:
- Չէ՛, գալիս եմ:
- Ու՞ր գնանք:
- Դե լավ էլի: Հաջող: Ես գնում եմ Քրիստի մոտ. երեկ կանչել է ինձ:
Մարիան շվարած ինձ էր նայում: Ճիշտ է՝ ես պայմանավորված էի Քրիստի կամ, ինչպես ուսանողներն են նրան դիմում, Քրիստինա Բորիսովնայի հետ:
Գնացի: Խոսեցինք դեսից-դենից, հրավիրատոմսեր տվեց, մեր միության ծրագրերին ֆիլմեր տրամադրելու պատրաստակամություն հայտնեց: Մեկից էլ հատված նայեցինք: Ես ցնցվել էի. առանց ոտք ու ձեռքի մի մարդ չի դժգոհում իր այդ վիճակից, Աստծո մասին է խոսում, երջանիկ է, իսկ ես… ես, որ ոտք ու ձեռք էլ ունեմ, ու էլի շատ բաներ ունեմ, փնթփնթում եմ, բողոքում:
Ընդհանրապես, Քրիստին շա՜տ եմ սիրում… բոլոր քրիստոնյաներին էլ մի ուրիշ ձև եմ սիրում, բայց Քրիստին հատկապես…
Խոսքով էինք տարվել, դասախոսությունից ուշացա: Այս անգամ կարիք չունեի անհանգիստ շարժումներ անելու. Քրիստի նվիրած գիրքն էի կարդում: Հետո, կարծես մի քիչ լավ էի զգում:
…Բայց դա կարճ տևեց: Երբ նորից լսարանից դուրս էինք գալիս, սկսեցի կոպտել ընկերուհիներիս: Հետո առանց հրաժեշտ տալու փախա: Նորից արցունքները հոսում էին: Չգիտեի՝ ինչ էր կատարվում (բայց շա՜տ ուշ հասկացա): Այդպես մի քանի ժամ քայլեցի Երևանի փողոցներում: Ներսից ինչ-որ մեկը ճչում ու ինչ-որ բան էր ուզում ասել, բայց ես նրան խեղդում էի, չէի թողնում, որ ծպտուն հանի:
Հետո հիշեցի, որ տատիկիս տուն պետք է գնամ: Անմիջապես քայլերս ուղղեցի կանգառ, երթուղային նստեց, և 20 րոպեից այնտեղ էի: Տատիկս նկատեց անկապ տրամադրությունս: Փորձեց դա միս չուտելու հետ կապել (հեչ օրիգինալ չէր. շատերն են այդպես ասում): Հետո թեյ առաջարկեց: Բնականաբար, չմերժեցի:
- Սպասի՛ր, քեզ չինական թեյ կտամ:
Ջուրը եռաց, և տատիկս լցրեց բաժակի մեջ: Մի փաթեթի մեջից ինչ-որ կանաչ փոքրիկ գլան հանեց և գցեց եռացած ջրի մեջ: Հետո սրբիչներով ծածկեց և ասաց.
- Թող գույնը դուրս տա:
Ես անհամբեր էի: Քիչ անցա կամաց բարձրացրեցի սրբիչը և… ի՞նչ տեսա: Թափանցիկ բաժակի մեջ մի հրաշք ծաղիկ էր բացվել: Ջերմությունն ազդել էր, և սովորական կանաչ գլանը ծաղիկ էր դարձել:
Կանաչ գլանը ես էի…

StrangeLittleGirl
19.04.2007, 17:48
իիիիիիիի, էս մեկին ինչու՞ ոչ ոք չի արձագանքում :(
նեղացա

Ծով
19.04.2007, 23:26
Բյու՛ր, կարդացի…կարծես օրագրի թերթիկ լիներ…մի պահ ]անոթ թվաց/զգացմունքային անկյունից/.մի ժամանակ ես էլ, որ տրամ չէի ունենում, ավելի լավ է հետս չխոսեին…բայց հիմա փոխվել եմ…տխուր ժամանակ/ եթե պատճառ կա/ ահավոր ջրիկանում եմ ու միայն մոտիկներն են հարցնում.
—Ծո՛վ, իսկ ինչու՞ ես տխուր…
Բայց վերջը չջոկեցի…
լավ ավարտ էր, հա՞…
համեմատությունը չզգացի…կներես…կբացատրե՞ս, թե չէ լավ չեմ:(

StrangeLittleGirl
20.04.2007, 21:39
Չնայած չեմ սիրում ստեղծագործություններս բացատրել, բայց ասեմ… Տվյալ դեպքում ես մի հատ չոր, անհետաքրքիր կանաչ գլան էի, որը կարող էր գեղեցիկ ծաղիկ լինել, եթե ջերմություն լիներ:

Ծով
20.04.2007, 22:36
Չնայած չեմ սիրում ստեղծագործություններս բացատրել, բայց ասեմ… Տվյալ դեպքում ես մի հատ չոր, անհետաքրքիր կանաչ գլան էի, որը կարող էր գեղեցիկ ծաղիկ լինել, եթե ջերմություն լիներ:
Արի համբուրեմ:kiss /թուշիկդ—>հատուկ էլեկտրիկի համար/

StrangeLittleGirl
22.05.2007, 23:58
Ձեռքդ կմտցնես կոկորդդ, որ դուրս բերես globus hystericus-ը. չէ՞ որ եթե այն մնա, և դու քնես, շատ հնարավոր է՝ առավոտյան չարթնանաս: Քեզ կգտնեն կապտած շրթունքներով, սառած, մոմագույն մարմնով, դեմքիդ՝ արցունքի հետքեր: Դիահերձման ժամանակ չեն հայտնաբերի globus hystericus-ը… մի բան, որ միայն անուն ունի, ինքը գոյություն չունի: Ու կորոշեն, որ քնած ժամանակ հանկարծակի դադարել է շնչառությունդ:
Վե՛ր կաց, լսու՞մ ես, աչքերդ սրբի՛ր: Ձեռքերդ ինչքան էլ կոկորդդ մտցնես, միևնույն է, այդ անիծյալ գունդը չես գտնի: Քնել ես ուզում, գիտեմ: Ցավում եմ, բայց չես կարող, որովհետև այս պահին քնել կնշանակի մեռնել: Հա՛, ճիշտ եմ ասում. թե աչքերդ փակես, էլ չես բացելու: Այնպես որ զգույշ եղիր: Իսկ եթե հաստատ որոշել ես կյանքիդ վերջ տալ, ապա կարող ես գոնե մի երկտող գրել ու բացատրել, թե որտեղից globus hystericus հայտնվեց քո կոկորդում:
Իմ փոքրիկ հիստերիկ, մի՞թե չգիտես, որ այդպես շարունակել չի կարելի: Ի՞նչ են փոխելու արցունքներդ: Հերի՛ք հեկեկաս: Մի բան ասա, հասկանամ: Ա՜խ, լռու՞մ ես: Գիտեմ, ծանոթ է: Գիտեմ, որ ուզում ես խոսել, բայց չես կարողանում, որովհետև չես ուզում: Սա միայն ինձ ու քեզ է հայտնի: Մյուսները ոչ մի կերպ չեն պատկերացնի, թե ինչ է դա, և առնվազն որպես ձևականություն կորակեն կամ էլ անհապաղ բժշկական օգնություն ցույց տալու կարիք կտեսնեն: Է՛հ, մենք՝ հիստերիկներս, ուրիշ ենք: Հանգիստ քնիր, անուշի՛կս: Վստահ եմ, որ առավոտյան աչքերդ կբացվեն: Չէ՞ որ հիստերիկները երբեք իրենք իրենց չեն վնասվում… Բժիշկների տարածված կարծիք է… բայց երբեմն բացառություններ լինում են:

Dr. M
13.06.2007, 23:52
իսկ դու եռբեք չես մտածել ռեժիսյուրայով զբաղվել?
ամեն ինչ այնքան լավ է ստացվում :hands
վառ պատկերացում, մտքի ճկունություն և վերջապես տաղանդ :think

StrangeLittleGirl
14.06.2007, 09:35
Օ՛յ, էս ինչե՞ր ասացիր… :oy Կարմրեցի:
Ռեժիսուրայով զբաղվելու մասին շատ եմ մտածել, բայց զգում եմ, որ դա իմը չէ: Ավելի լավ է՝ շարունակեմ գրել… ուղղակի գրել:
Ի դեպ, ոնց հասկացա, բժիշկ ես, հա՞:

Dr. M
14.06.2007, 12:34
Օ՛յ, էս ինչե՞ր ասացիր… :oy Կարմրեցի:
Ռեժիսուրայով զբաղվելու մասին շատ եմ մտածել, բայց զգում եմ, որ դա իմը չէ: Ավելի լավ է՝ շարունակեմ գրել… ուղղակի գրել:
Ի դեպ, ոնց հասկացա, բժիշկ ես, հա՞:

Այո, արդեն Коллега ;)
Գրելը լավ է, նույնիսկ երբեմն ավելի լավ , քան խոսել... իսկ դու գրածներդ մի օր հավաքագրի ու մի մեծ բան կստացվի .... դա փորձված բան է արդեն :) գուցե մի օր մտքափոխ լինես, իսկ մարդկությունն էլ չի զրկվի նման տաղանդից :B

StrangeLittleGirl
25.09.2007, 22:44
Do not worry. You have always written before and you will write now. All you have to do it is write one true sentence. Write the truest sentence that you know.
Ernest Hemingway

Իսկ ես սկուտեղը ձեռքիս մոտենում եմ քեզ: Մատուցում եմ իմ խառնշտորած մազերը որպես նախուտեստ:
******************
Ապրածս վերջին շաբաթվա (ամսվա՞) ֆիլմն եմ դիտում՝ տեղ-տեղ առաջ տալով: Գալիս է Զոյան՝ իր հսկայական մարմնով, բարի՜-բարի՜ դեմքով ու կիրթ ժպիտով, նրան խնամող ու ամեն տեղ քիթը խոթող քույրը, բժիշկը, որին երբ մեկը Սմբատ անվանեց, նա զայրացավ, ասաց, որ ինքը բժիշկն է, ոչ թե Սմբատը…
Բայց այս կադրերը շատ կտրտված են: Տեսաերիզը կա՛մ հին է, կա՛մ անորակ:
**********************************
Ես անձեռոցիկով սրբում եմ դեմքս: Եվ այն կարծես պատճենահանող սարք լինի. դեմքս տպվել է վրան: Նայում եմ հայելու մեջ… Ուրիշն է: Մաքրվել է դեմքս (դիմա՞կս): Հետաքրքիր է՝ քանի՞ շերտ կարող եմ սրբել այսպես: Հետո գուցե անձեռոցիկն անզոր դառնա, և ես ստիպված կլինեմ քերել: Բայց ու՞ր կհասնեմ: Մի՞թե գլուխս կփոքրանա, կանհետանա, և երբ արդեն ոչինչ չի երևա, դա իմ իսկական դեմքը կլինի:
*********************************************
Շուրջս ճանճեր են բզզում, երբեմն-երբեմն նստում ինձ վրա, անգամ շուրթերս համբուրում: Քամին նուրբ է, շոյում է, մազերովս ծածկում դեմքս: Արցունք է պոկվում աչքիցս, սողում դեպի քունքս, խառնվում մազերիս, գլուխս թրջում: Իսկ ես սխալմամբ կարծում էի, թե արյուն է…
*********************************************
Երկու անցյալներս խառնվել են իրար: Միաձուլվել են, դարձել մի ստվեր, որը ծածկում է դեմքիս ժպիտը… Այն պայծառ ժպիտը, որն առավոտյան էի նկարել:
Ես չգիտեմ՝ ուր գնամ, որտեղ թաքնվեմ, որ անցյալի կրակից կայծեր չթռրեն դեմքիս…
…Ու երբ բոլորը պարում են, իսկ դու դուրս ես գալիս և աստիճաններին նստում, ոչ ոք, ոչ նույնիսկ քո պատմության գլխավոր հերոսները, չեն էլ պատկերացնում, որ երկու անցյալներ միաձուլվում են ու կործանում քո վերջին վերակենդանացումը:
**********************************************
Ու ես սուզվում եմ մի հսկայական օվկիանոսում: Հեռու եմ բոլորից: Թեև խեղդվողն անկախ ամեն ինչից ենթագիտակցաբար բղավում է, օգնություն խնդրում, ես լռում եմ. չեմ մեռնում: Իջնում եմ կամաց, դանդաղ, որ չարթնացնեմ հատակում քնած ձկներին: Ջուրը սառն է, բայց շուտով իմ գրկում կտաքացնեմ նրան… Եվ մենք իջնում ենք գրկախառնված՝ ես և օվկիանոսը:

StrangeLittleGirl
30.01.2008, 18:26
Ուռուցքաբանության ինստիտուտից քաղաքի կենտրոն գնացող երթուղայինի մեջ նստած աղջկա աջ աչքից երկու կաթիլ արցունք գլորվեց: Ուղևորները նկատեցին և երևի մտածեցին. «Խե՜ղճ աղջիկ, ջահել-ջահել գնում է»: Բայց նա ընդամենը Դորյան Գրեյի մասին երգ էր լսում: Ես էլ, դու էլ, անգամ երթուղայինում նստած թաց աջ այտով աղջիկը չգիտի, թե ինչու հենց Դորյան Գրեյը ստիպեց, որ ներսից ճնշող ուռուցքը արցունքի տեսքով դուրս սողա: Ու այնքա՜ն անձայն, այնքա՜ն լուռ…
Ուռուցքաբանության ինստիտուտից քաղաքի կենտրոն գնացող երթուղայինի միջի աղջիկը շատ բան կուզենար փոխել: Կարող էր պարզապես ճղել ինքնաթիռի տոմսը և հանգիստ (հանգի՞ստ) շարունակել ապրել: Բայց չէ՛, մեկնումը միակ փրկությունն էր թվում, թեև դրանով կործանում էր մորը, երևի նաև ինքն իրեն:
Ուռուցքաբանության ինստիտուտից քաղաքի կենտրոն գնացող աղջիկը համարձակ էր, բայց նաև խելառ…

Anika Verdy
31.01.2008, 01:00
Էհ Բյուր, նենց եմ հասկանում, գլուխը պատերին խփել ու ինքդ քեզ անզոր զգալ - լինում է, ու էդ ժամանակ....

StrangeLittleGirl
31.01.2008, 01:37
Շնորհակալ եմ, Տա՛թ ջան… Էնքան եմ ուրախանում, երբ մեկ-մեկ ինձ հասկացողներ լինում են…

Stver
31.01.2008, 04:16
Բյուր ջան գրածդ ամեն մի տողի մեջ այնքան խորություն և զգացմունքայնություն կա: Դու այս հասարակ աշխարհից վեր ես: Շատ մի տխրիր, հիշիր, թե ինչքան մարդ է քեզ սիրում և ինչքան մարդ քո կարիքն ունի:

StrangeLittleGirl
07.03.2008, 17:50
Հիստերիան դասի ժամանակ

- Հիստերիան ո՞ր տարիքում է ավելի շատ արտահայտվում,- հարցրեց այն աղջիկը, որը դեռ մեկ ամիս առաջ ուռուցքաբանության ինստիտուտից աջ այտն արցունքոտ քաղաքի կենտրոն էր գնում:
- Նայած ինչ հիստերիա… Հիստերիկ փսիխոպաթիա՞, նևրո՞զ, ինվոլուցիա՞:
- Բոլորը: Այսինքն, կարո՞ղ է բնավորության հիստերիկ շեշտվածությունն ավելի շատ երիտասարդ տարիքում հանդիպել:
- Այո՛, տարիքի հետ հարթվում է, բայց 30-35 տարեկանում կարող է արտահայտվել հիստերիկ նևրոզի ձևով,- պատասխանեց դասախոսը, շարունակեց,- ինչու՞ ես հարցնում:
Աղջիկը ժպտաց ու պատասխանից խուսափեց: Ճշմարտությունը չէր ուզում, չէր կարող ասել, իսկ ստելու ցանկություն ընդհանրապես չուներ, բայց կարծես դասախոսը հասկացավ.
- Լավ, պարզ է, անձնական պատճառներ են:
Մնացած ուսանողներն այս խոսակցությանն ուշադրություն չէին դարձնում:

Որտեղից որտեղ globus hystericus էր հայտնվել նրա կոկորդում, գնալով մեծանում էր ու կարծես ուզում էր պայթել: Ինձ այդքան ծանոթ հիստերիկը փորձում էր զսպել հերթական նոպան, քանզի դրա առաջացման համար դեռ պատճառներ չէր գտնում:
Դասախոսության ժամանակ.
- Հիստերիկը կարո՞ղ է ինքը նոպան զսպել:
- Չէ՛, չի կարող: Դուք այդպես մի՛ նայեք: Մենք ասում ենք, որ ձևացնում են, բայց մի՛ մոռացեք, որ նրանք հիվանդ են: Նրանք ոչ թե ձևացնում են ձևացնելու համար, այլ չեն կարող չձևացնել:
Իսկ այս դասախոսը չէր էլ կասկածում անգամ, որ հարցը տվողը հենց հիստերիկն է, իսկ նպատակը սեփական հնարավորություններն իմանալն էր: Դրանից քիչ առաջ ախտանիշների մասին լսելիս գլխով էր անում ոչ թե նրա համար, որ ինչ-որ տեղ կարդացել կամ լսել էր, այլ որովհետև զգացել էր իր սեփական մաշկի վրա:

Իմ ներսում ինչ-որ բան է կուտակվել ու պատրաստվում պոռթկման:

Hripsimee
08.03.2008, 18:54
Ուռուցքաբանության ինստիտուտից քաղաքի կենտրոն գնացող երթուղայինի մեջ նստած աղջկա աջ աչքից երկու կաթիլ արցունք գլորվեց: Ուղևորները նկատեցին և երևի մտածեցին. «Խե՜ղճ աղջիկ, ջահել-ջահել գնում է»: Բայց նա ընդամենը Դորյան Գրեյի մասին երգ էր լսում: Ես էլ, դու էլ, անգամ երթուղայինում նստած թաց աջ այտով աղջիկը չգիտի, թե ինչու հենց Դորյան Գրեյը ստիպեց, որ ներսից ճնշող ուռուցքը արցունքի տեսքով դուրս սողա: Ու այնքա՜ն անձայն, այնքա՜ն լուռ…
Ուռուցքաբանության ինստիտուտից քաղաքի կենտրոն գնացող երթուղայինի միջի աղջիկը շատ բան կուզենար փոխել: Կարող էր պարզապես ճղել ինքնաթիռի տոմսը և հանգիստ (հանգի՞ստ) շարունակել ապրել: Բայց չէ՛, մեկնումը միակ փրկությունն էր թվում, թեև դրանով կործանում էր մորը, երևի նաև ինքն իրեն:
Ուռուցքաբանության ինստիտուտից քաղաքի կենտրոն գնացող աղջիկը համարձակ էր, բայց նաև խելառ…
Ինչ լավ ես գրում մարդկային հուսահատ ցավի մասին...

Մանավանդ այս տողը դուրս շատ եկավ:
Ես էլ, դու էլ, անգամ երթուղայինում նստած թաց աջ այտով աղջիկը չգիտի, թե ինչու հենց Դորյան Գրեյը ստիպեց, որ ներսից ճնշող ուռուցքը արցունքի տեսքով դուրս սողա: Ու այնքա՜ն անձայն, այնքա՜ն լուռ…

StrangeLittleGirl
13.05.2008, 23:19
Ոչ թե հեշտ չէ, այլ անհնար է ինձ լռեցնել, եթե չեն հասցնում նրան, որ հիստերիկ նոպա է սկսվում, և խոսելու ունակությունս կորցնում եմ, ավելի ճիշտ՝ ձևացնում եմ, թե կորցրել եմ, բայց այնպես եմ ձևացնում, որ եթե չձևացնեմ, կստացվի, որ ուրիշ բան եմ ձևացնում:

Ես չեմ լռելու, լսու՞մ ես:

StrangeLittleGirl
30.05.2008, 00:17
Մյուսները պատրաստվում են քննություններին: Առաջին հայացքից այն հյուսերով աղջիկն էլ է նույն գործով զբաղված, որովհետև կարդում է նույն առարկան, ինչ կողքին նստածը: Բայց նրան ուրիշ բան է հետաքրքրում… «Հիստերիայի ախտանիշները կախված են նրանից, թե տվյալ մարդը որքանով է ծանոթ այդ համախտանիշին»:
Ցավոք, նա ավելի շատ բան գիտի, քան իրեն պետք է… Դրա համար գրելը դառնում է հիստերիայի մի յուրօրինակ նոպա: