PDA

Դիտել ողջ տարբերակը : Հերթական Խեցգետնի պատմություն



GriFFin
26.09.2025, 06:11
- Մամ-մամ, նայի՝ ես ինչ ուժեղ եմ։ Դու էլ ես ուժեղ, մամ։
-Շատ ուժեղ ես, աղջկս։ Էս ի՞նչ լավ ես <<մուսկուլներդ>> ցույց տալիս։ Բալես, բայց մաման իրեն լավ չի զգում, պիտի գնա քնելու, հա՞։ Արի անջատենք, տատիկին կասես, հետո էլի կզանգի։
-Հա, մամ։ Կարա՞մ մուլտիկ նայեմ մի քիչ։ Հինգ րոպե։ Իսկ պապան ու՞ր ա, դուք ե՞րբ եք գալու։ Անընդհատ ասում եք, որ գալու եք ու չեք գալիս։ Գիտե՞ս, տատիկը ինձ <<մառոժնի>> ա գնել պարտեզից հետո։
-Հա, բալես, կողքս ա պապան։ Ինքն էլ ա հոգնած։ Անուշ լինի։ Դե մի քիչ նայի, մատների վրա հաշվի մինչև հինգը ու վերջ, հա՞։ Շատ մի նայի մուլտֆիլմ, գոնե <<Պինգվինաշեն>> կամ <<Գտնված երազը>>, քուրիկն էլ ա հետդ սկսում նայել, ինքը փոքր ա դեռ, չեմ ուզում շատ էկրանների առաջ լինի։
-Լավ, մամ, բարի գիշեր։
-Բարի գիշեր, իմ աղջիկ։

Ինքս ինձ խոսք եմ տվել, որ չեմ լացի, բայց չկարողացա։ Մամաս մի քանի նկար ու վիդեո ուղարկեց, ու փոխարենը տրամադրությունս բարձրանա, կարոտներս առնենք՝ սկսեցի լացել։ Ամուսինս արդեն պատրաստի տեքստը կրկին սկսեց ասել՝ «Մենք լավ տեղում ենք հիմա, կարևորը քո առողջությունն ա, գիտեմ, որ կարոտում ես, ես էլ եմ կարոտում»։ Ամեն անգամ պատմում է, թե ոնց են իր ծնողները իրենց ամիսներով թողել գյուղում ու ոչ այցելել են, ոչ զանգել։ Լավ էլ մեծացել են։ Հիմա հեռախոս կա, ինտերնետ կա, իսկ առաջ դժվար էր։

Ես էլ չեմ ուզում ասեմ, որ իր պատմությունը իմ մեջ խորը զայրույթ է առաջացնում։ Չեմ ուզում ասեմ, որ իր ծնողները անպատասխանատու ու էգոիստ, ծույլ մարդիկ էին, իսկ ես էդպիսին չեմ։ Ստիպված եմ թողել։ Որ ես լավ մամա եմ։ Որ ամբողջ կյանքում սպասել եմ, որ երեխաներ ունենամ ու վայելեմ։ Չեմ ուզում ասեմ, որ վախենում եմ՝ խեցգետինը ինձ հաղթի ու երեխաներս ինձ մոռանան։

Մի անգամ ասել էի ու շատ ջղայնացավ։ Իր համար ես անհեթեթություն եմ խոսում։ Բայց ինքը չի հասկանում, որ երբ պապաս մահացավ, փոքր եղբայրս 5 տարեկան էր ու հիմա իմ պապային չի հիշում։ Իսկ ես այնքան եմ դրանից վախենում։

Վաղը հոգեբանի հետ հանդիպում ունեմ, հուսամ՝ կօգնի։