PDA

Դիտել ողջ տարբերակը : Լենգսթոն Հյուզ



Ծլնգ
21.06.2023, 05:54
Երազներ

Երազներիդ պինդ բռնի․
թե երազը մեռավ,
կյանքը կդառնա կոտրած թևով ծիտ՝
անթռչուն բնավ։

Երազներիդ պինդ բռնի․
թե երազը գնաց,
կյանքը կդառնա դատարկ դաշտ՝
ձյան մեջ սառած։

Բնօրինակ.

Dreams

Hold fast to dreams
For if dreams die
Life is a broken-winged bird
That cannot fly.

Hold fast to dreams
For when dreams go
Life is a barren field
Frozen with snow.

ivy
23.06.2023, 12:06
Վերջերս իմ մտքով էլ էր անցել թարգմանությունների բաժինն ակտիվացնել․ հավես է, որ ակտիվացնող եղավ :)

Թարգմանություններից, էն էլ՝ չափածո թարգմանելուց, ինքս ահագին հեռու եմ, բայց հետաքրքրությամբ հետևում եմ ուրիշների թարգմանություններին։

Մի քիչ գնացի Լենգսթոն Հյուզի (https://en.wikipedia.org/wiki/Langston_Hughes) հետքերով. մինչ այժմ անծանոթ էր ինձ։
Մի քիչ էլ միտք արեցի, թե տեսնես Ծլնգն ինչու է էս կարճլիկ չափածոն առանց որևէ նախաբանի ու մեկնաբանության դրել էստեղ։

Թարգմանության վերաբերյալ մի երկու միտք ունեմ։
Հետաքրքիր էր «անթռչուն» բառի էսպիսի գործածությունը․ դե էս բառը սովորաբար նշանակում է «առանց թռչուն» (օրինակ՝ անթռչուն երկինք), ու էստեղ առաջին անգամ տեսա բառի էսպիսի գործածություն՝ «չթռչող» իմաստով։
Նաև հետաքրքիր էր տեսնել, որ "dream" բառն ուղիղ ձևով «երազ» էր թարգմանվել։ Բանաստեղծությունը կարդալիս՝ իմ մտքին առաջինը «երազանք» բառն եկավ։
Ու քանի որ անգլերեն շարադրանքում գրական լեզու էր օգտագործված, հայերենում էլ երևի կարելի է գրականի մեջ մնալ՝ «բռնիր», «բռնի»-ի փոխարեն։
Մեկ էլ կարելի է մտածել, թե էստեղ որ հոլովն ավելի շատ կսազեր «երազներ» բառին՝ «բռնել երազները», «բռնել երազներից», թե՞ «բռնել երազներին»։

Թարգմանության ուրիշ տարբերակներ կա՞ն։
Կամ ուրիշ դիտարկումներ, մտքեր։

Ուլուանա
23.06.2023, 15:45
Քանի որ Այվին բացումն արեց, ես էլ որոշ դիտարկումներ անեմ: Ընդհանուր առմամբ համաձայն եմ Այվիի դիտարկումներին, ես էլ որոշ լրացումներ եմ ուզում անել:

Ես էլ եմ հակված մտածելու, որ հեղինակը dream ասելով երազանք է նկատի ունեցել, ոչ թե երազ: Էս առումով կառաջարկեի «երազ» բառը փոխարինել «անուրջ» բառով, քանի որ վերջինս ունի և՛ երազ, և՛ երազանք իմաստը, ու թեև բառարաններում առաջինը երազ իմաստն է նշված, ինչքան նկատել եմ, երազանք իմաստով ավելի շատ է գործածվում, էդ իմաստով ունենք նաև «անրջել» բառը, որ նշանակում է երազել: «Անուրջ» բառի առավելություններից մեկն այն է, որ այն բանաստեղծական է, ինչպես նաև վանկերի թվով համապատասխանում է «երազին»:

«Կոտրած թևով ծիտ» արտահայտության վերաբերյալ մի դիտարկում: Թեև «կոտրած թևով ծիտ» արտահայտությունը սխալ չի, բայց, ըստ իս, էստեղ ավելի բնական կհնչի «թևը կոտրած ծիտ» տարբերակը: Բայց հայերենում ունենք նաև մի շատ սիրուն բառ, որը, կարծում եմ, ավելի տեղին է էս դեպքում: Խոսքը «թևաբեկ» բառի մասին է, որը գործածվում է և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով: Որպես բոնուս` «թևաբեկ» բառը, «կոտրած թևով»-ից մի վանկ պակաս ունենալով, հնարավորություն է տալիս նաև «ծիտ» ոչ էնքան բանաստեղծական բառը փոխարինել «թռչուն»-ով: Էդ դեպքում, իհարկե, անհրաժեշտություն կառաջանա փոխելու նաև դրան հաջորդող «անթռչուն» բառը, ավելի ճիշտ` էդ տողն ամբողջությամբ:

Մեկ էլ «դատարկ դաշտ» արտահայտության հետ կապված: Տվյալ դեպքում «դատարկ» բառն, ըստ իս, տեղին չի, քանի որ դաշտի դեպքում խոսքն անպտուղ, անբերրի լինելու մասին է, իսկ «դատարկ» բառը մի քիչ ուրիշ ուղղությամբ է տանում: Մի խոսքով` կառաջարկեի «անպտուղ», «անբերրի» բառերը, նույնիսկ կարելի է «ցամաք» բառն օգտագործել էս դեպքում, իմաստը լրիվ հաղորդում է:

Վիշապ
23.06.2023, 20:31
Ալտերնատիվ․

Ամու՛ր կառչիր դու երազանքներից․
Եթե երազանքներդ մեռնեն,
Կյանքը կթվա վիրավոր թռչուն,
Որն էլ չի կարող թռչել։

Ամու՛ր կառչիր դու երազանքներից․
Եթե երազանքներդ չքվեն,
Կյանքը կթվա սառցե ձնապատ
Ամայի մի դաշտ։

Ուլուանա
23.06.2023, 20:48
Էս էլ իմ տարբերակը.

Անուրջներդ պինդ բռնիր/պահիր,
Քանզի եթե մեռնեն,
Կյանքը կդառնա թևաբեկ թռչուն,
Որ էլ չի թռչում:

Անուրջներդ պինդ բռնիր,
Քանզի երբ չքվեն,
Կյանքը կդառնա ցամաքած մի դաշտ`
Սառած, ձնապատ:

Վիշապ
23.06.2023, 20:54
Մի քիչ անուրջները բռնելը հայեցի չի ։Ճ Ոնց մտածում եմ, երազանքներից ու անուրջներից կարելի է կառչել, բայց դրանց բռնելն ինձ մոտ չի ստացվում։

Ծլնգ
29.07.2023, 16:13
Երազների վարիացիաներ

Թևերս լայն բացեմ
Տեղում մի արևի,
Պտտվեմ ու պարեմ
Մինչ սպիտակ օրն հատնի։
Հետո` պառկեմ հով երեկոյան
Մի բարձր ծառի տակ,
Քանի գիշերն գալիս է մեղմիկ՝
Ինձ նման թուխ ու անտակ․
Դա՜ է երազն իմ։

Ձեռքերս լայն բացեմ
Ի դեմն արևի,
Պարեմ, պտույտ-պտտվեմ
Մինչ արագ օրն կանցնի։
Հանգիստ գունատ երեկոյան․․․
Մի ծառ՝ բարձր ու հեզ․․․
Գիշերն գալիս է նուրբ-նուրբ.
Սև՝ ինչպես ես։

Բնօրինակ.

Dream Variations

To fling my arms wide
In some place of the sun,
To whirl and to dance
Till the white day is done.
Then rest at cool evening
Beneath a tall tree
While night comes on gently,
Dark like me—
That is my dream!

To fling my arms wide
In the face of the sun,
Dance! Whirl! Whirl!
Till the quick day is done.
Rest at pale evening . . .
A tall, slim tree . . .
Night coming tenderly
Black like me.