PDA

Դիտել ողջ տարբերակը : Լուսանկարչության փիլիսոփայությունն ու էթիկան



Rhayader
04.11.2020, 11:18
Հեղինակի միջամտությունը կադրին

Լուսանկարչության մեջ մի շատ կարևոր խնդիր կա: Որքանո՞վ կարող է հեղինակը միջամտել կադրին: Ու ինչքան էլ որոշ մարդիկ ասեն, որ սա հեշտ սահմանելի ու սև ու սպիտակ խնդիր է, ես չեմ համաձայնի իրենց հետ:

Լուսանկարի հեղինակը գործնականում միշտ ստեղծագործական որոշումներ է կայացնում:

1. Տեսադաշտը (ֆոկուսային հեռավորության միջոցով) որոշում է՝ ինչ ներառել կադրի մեջ, ինչ բացառել կադրից:
2. Ֆոկուսն ու DOF-ը որոշում են, թե ինչի վրա է կենտրոնացած ուշադրությունն, ու ինչը պիտի «հալվի» հետին պլան (արե բուրե բոկե դպրոցը սրա հետ չի համաձայնի, բայց ինչ արած):
3. էքսպոզիցիան՝ լույսի ինչ քանակ է մտնում կադրի մեջ:

Ու այս երեքը՝ բացի ամենակարևոր երկուսից. որտեղ ուղղել ֆոտոխցիկը, ու որ պահին սեղմել նկարելու կոճակը:

Հեղինակն արդեն կադրի մեջ է: Սա առաջին հեղինակի ներկայության առաջին շերտն է, որը, եթե բացառեք, դուք այլևս լուսանկարի հեղինակը չեք լինի: Սրանք ձեր հեղինակային որոշումների մի մասն են:

Rhayader
04.11.2020, 13:37
Երկրորդ շերտը հեղինակի փոխազդեցությունն է լուսանկարչության սուբյեկտի հետ:

Նույնիսկ եթե բաժակ եք նկարում, այն կարող է անդրադարձնել լուսանկարչին ու իր ապարատը: Դա կարող է լինել կոմպոզիցիայի մաս: Կարող է լինել անցանկալի միջամտություն: Նորից՝ այստեղ էլի առաջանում է հեղինակային որոշման հարց: Բայց եթե առաջին շերտում հարցը զուտ տեխնիկական էր, այստեղ ամեն ինչ բարդանում է, ու այլ ունակություններ են պահանջվում. սուբյեկտի հետ աշխատելու ունակություններ:

Երբ կենդանիներ եք նկարում: Կարող եք նկարել ձեր կատվին՝ ձեզ հետ խաղալիս: Կարող եք դիրք ընտրել: Կամ կարող եք իրենց նկարել իրենց բնական միջավայրում:

Դիմանկար ստուդիայում: Երբ դուք ընտրում եք լուսավորությունը, հայացքը, դեմքի արտահայտությունը: Փողոցային լուսանկարչություն ու candid դիմանկարներ, որտեղ ձեր միջամտությունն, իդեալական դեպքում, պիտի զրոյական լինի:

Այս բոլոր իրավիճակներն ազդում են նաև առաջին շերտի վրա. փողոցում առանց ուշադրություն գրավելու նկարելու համար պետք է ուշադրություն չգրավող, փոքր տեխնիկա: Կենդանիներին իրենց բնական միջավայրում նկարելու համար պետք են երկար ֆոկուսային հեռավորություններ:

Կարճ ասած, այս երկրորդ շերտում լուսանկարիչը որոշում է՝ ինչ աստիճանի է ինքն ազդում իր սուբյեկտիվ վրա, ու արդյոք ազդու՞մ է: Արդյո՞ք ձեր սուբյեկտը պոզա է ընդունում նկարելուց, թե՞ դուք իրեն նկարում եք իր բնական վիճակում:

Rhayader
04.11.2020, 13:40
Երրորդ շերտում պոստպրոդուկցիան է: Նույնիսկ Անսել Ադամսը, որը «մաքուր լուսանկարչության» կողմնակից էր, որոշ ֆոտոմանիպուլյացիաներ էր իրականացնում իր լուսանկարների հետ՝ որպեսզի ստանա իր ցանկացած արդյունքը:

Ի՞նչ է տեղի ունենում լուսանկարն անելու ու լուսանկարը հրապարակելու արանքում:

Արդյո՞ք դուք պոստպրոդուկցիան օգտագործում եք ձեր տեխնիկայի սահմանափակումները շրջանցելու համար: Եթե այո, ապա ի՞նչ չափով:

Արդյո՞ք դուք փոխում եք նախորդ շերտերում կատարված որոշումները պոստպրոդուկցիայի ժամանակ:

Արդյո՞ք դուք նկարի միջից ինչ-որ բան եք հանում պոստպրոդուկցիայի ժամանակ, կամ ինչ-որ բան ավելացնում նկարի մեջ:

Սրանք բոլորը հարցեր են, որոնք իրենց պետք է տա լուսանկարիչն այս փուլում: