PDA

Դիտել ողջ տարբերակը : Հուզական այրում (burnout)



Վիշապ
11.09.2020, 04:27
Այս թեմայում խոսենք այպես կոչված հուզական այրման համախտանիշի, կամ սպառման սինդրոմի մասին, ամերիկացիներն ասում են՝ burnout:

Disclaimer. Ուրեմն նախապես ասեմ. ես բժիշկ չեմ, և ստորև կկիսվեմ զուտ իմ անձնական փորձով ու սուբյեկտիվորեն հայթայթած տեղեկատվությունով, և այս թեմայում արվելիք պնդումներս որևէ գիտական, կամ բժշկական հիմնավորումներ միգուցե չունեն, դրա համար կփորձեմ հաճախակի կիրառել «վայթե» բառը, որ թեման կարդացող պրոֆեսիոնալ բժիշկները չնեղվեն:
Խնդրեմ ազատ զգացեք դիտողություններ անելիս, կամ ձեր սեփական փորձով ու գիտելիքներով կիսվելիս։

Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (https://icd.who.int/browse11/l-m/en?_ga=2.136122166.640108054.1599779411-1844300229.1599779411#/http://id.who.int/icd/entity/129180281), սա պաշտոնապես համարվում է հիվանդ վիճակ, համենայն դեպս ըստ իմ հայաստանյան ու ամերիկյան փորձի, բժիշկները մեծամասամբ հուզական այրումը նույնականացնում են դեպրեսիայի ու տագնապային վիճակների հետ ու հիմնականում փորձում են այն բուժել հակադեպրեսանտներով, ինչին ես՝ համառ պացիենտս միշտ ընդդիմանում եմ ։Ճ


Համառոտ խնդրի մասին։
Հուզական այրում կարող է առաջանալ հիմնականում խիտ գրաֆիկով երկարատև ու լարված աշխատանք կատարողների մոտ, օրինակ ասենք՝ բժիշկների, կամ քույրերի, կամ ֆինանսիստների, հաճախորդների սպասարկումով զբաղվողների, կամ ասենք՝ միաժամանակ բազմակի խնդիրներ լուծող ինժեներների մոտ։ Խնդիրն առաջանալու հիմնական նախապայմաններից են, վայթե՝
1. Կատարելապաշտությունը (պերֆեկցիոնիզմը), որը կայուն անբավարարվածության զգացում է ստեղծում աշխատողի մոտ
2. Անընդհատ ճնշման տակ աշխատելը - «ե՞րբ կլինի», «ի՞նչ վիճակում է», «չենք հասցնում», «մի հատ էս պրոբլեմը կնայե՞ս», «վաղը էսինչ պրոբլեմներն ունենք» ու նման այլ
«ահազանգերի» մթնոլորտում անընդհատ գտնվելը
3. խրախուսանքի ու աջակցության բացակայությունը, կամ դրա չափազանց քիչ լինելը մենեջերի, և/կամ գործընկերների, և/կամ հարազատների և/կամ ընկերների կողմից
4. Խնդիրների կայուն հոսքը, այսինքն մի խնդիրը չլուծած նորն է սկսվում առանց հանգստանալու ժամանակի ու առանց լուծած խնդիրներին գնահատական տալու,
բավարավելու, տարբեր ձևերով պարգևատրվելու, վարձահատույց լինելու
5․ Անբավարար հանգիստը - հանգստյան օրերին կամ գիշերը աշխատելը, ժամանակին արձակուրդ չգնալը, աշխատանքի ընթացքում բավարար ընդիմջումներ չունենալը,
մտքերին հանգիստ չտալը, ամբողջ ժամանակը աշխատանքային խնդիրներով լցնելը
6. Բարդ, դժվար, հակասական բնավորություն, թերարժեքության, կամ գերարժեքության զգացումներ ունենալը

Ուզում եմ նշել, որ խնդիրը կարող է լրացուցիչ խորանալ կամ բարդանալ կայուն ու «երբեվիցե չլուծվող» ընտանեկան խնդիրներ, անձնական վատ հարաբերություններ, աշխատավայրում կամ ընտանիքում խրոնիկական պրոբլեմներ ունեցողների մոտ…

Հուզական այրման վիճակում գտնվողի, կամ էդ վիճակին գնացողի մոտ նկատվող ախտանիշները այնպես տիպիկ կամ կոնկրետ չեն, ինչպես շատ հիվանդությունների դեպքում, բայց վայթե կարող են նկատվել հետևյալները՝
1․ Տրամադրության անկում, նեգատիվիզմ, մարդն օրվա մեծ մասը մռայլ է, մտքերով, ավելի շատ նկատում է բացասականը, քան դրականը, ընկճախտ, այն է դեպրեսիա
2․ Ամենատարբեր տագնապային վիճակներ, աշխատանքային խնդիրների, սեփական կամ մտերիմների առողջության, ֆինանսների, աշխարհիս պրոբլեմների, իրական և
մտածածին վտանգների ու առհասարակ ամեն ինչի վերաբերյալ անհանգստություններ
3․ Ցինիզմ, մարդու խոսքերում նկատվում է հեգնանք, ծաղրալի տոն, էմոցիոնալ երանգներ
4․ Սոցիալական առանձնացում, չխոսկանություն, մենակության ձգտում
5․ Կայուն հոգնածության զգացում, որը քնելուց կամ կարճատև հանգստից հետո չի անցնում
6․ Քնի խանգարումներ, արագ քնելու անկարողություն, հաճախակի արթուն վիճակներ, արթնանալիս նամակները կամ լուրերը ստուգելու ցանկություն
7․ Կենտրոնանալու պրոբլեմներ, հիշողության հետ կապված խնդիրներ, կայուն լարվածություն մտքերում և/կամ մարմնում
8. Հնարավոր են նյարդային կամ մկանային ցավեր, գլխացավ, ինչպես նաև մարսողության հետ կապված խնդիրներ, փորկապություն, սրտխառնոց
9. Տեսողության և/կամ հոտառության հետ կապված խնդիրներ, հիպերսեքսուալություն, կամ ընդհակառակը՝ ապատիա


Ըստ իմ դիտարկումների, իրեն հարգող և ընդհանուր շրջապատում հարգված զանկացած նյարդաբան, հոգեբան, հոգեբուժ կամ հոգեթերապևտ շատ չի խորանա պացիենտի ամենատարբեր հիմար խնդիրների, կարճ ասած՝ կյանքի մեջ ու կնշանակի գերժամանակակից հակադեպրեսանտներից մեկը, որը ոչ թե բուժելու է հիվանդին, այլ թեթևացնելու է ախտանիշները։

Բարեկամ
11.09.2020, 05:25
Հուզական այրման մի նախադրյալ կավելացնեի, սեփական փորձից․ անհամբերությունը։ Երբ ձգտում ես ամեն գնով շուտ ազատվել գործից/առաջադրանքից/պարտականությունից, և ձեռնարկում ես ոչ ռացիոնալ մոտեցում՝ անտեսելով օբյեկտիվ և սուբյեկտիվ հնարավորությունները։

Ուլուանա
11.09.2020, 06:36
Մի քանի տարի առաջ ես էի ուզում սրա մասին թեմա բացել, բայց մի երևույթի տեսանկյունից, որն անարդարացիորեն դուրս ա մնացել քո բավական հարուստ ցուցակից. մայրություն: Հուզական այրման մասին առաջին անգամ տարիներ առաջ մի շատ հետաքրքիր հոդված կարդացի հենց մայրության տեսանկյունից, հատկապես փոքր երեխա ունեցող մայրերի դեպքում, երբ երեխայի/երեխաների խնամքի ծանրաբեռնվածության տակ կքած` մայրը հուզական այրման վիճակի ա հասնում: Իրականում, կարծում եմ, ցանկացած մասնագիտության ու զբաղմունքի տեր մարդ էլ կարող ա հայտնվել նման հոգեվիճակում, ես նույնիսկ չէի առանձնացնի որևէ ոլորտ, որի դեպքում այն ավելի հավանական ա, քանի որ շատ բան կախված ա նաև մարդու անձնային հատկանիշներից, կյանքի փորձից, ընտանեկան և այլ վիճակներից:

Ես էլ եմ միշտ դեմ եղել նման խնդիրները դեղերով լուծելուն, բայց հա, ցավոք, էսօրվա բժշկությունը դրանից ավել կամ չի կարողանում, կամ զահլա չի անում, կամ ձեռնտու չի, որ կարողանա, կամ էլ ուղղակի պացիենտները հիմնականում էնքան թամբալ են, որ գերադասում են իրենք ոչինչ չփոխեն իրենց կյանքում, մատները մատներին չտան, մենակ ուղեղներն անջատած դեղերը խմեն, թմրեն, ու տենց ապրեն: Ես հակված եմ հավատալու, որ նշածս բոլոր գործոններն էլ առկա են: Համոզված եմ, որ նման խնդիրները հնարավոր ա հաղթահարել բնական միջոցներով` ապրելակերպ, սննդակարգ, հոգեթերապիա, մեդիտացիա և այլն: Բայց դե դեղերը պիտի վաճառվեն, չէ՞, բա ու՞մ համար են էդքանն արտադրում:

LisBeth
11.09.2020, 22:01
Վիշ մի քանի հարցեր ունեմ․ Նախ կուզեի ճշտել, քեզ նման դիագնոզ դու ինքդ ես դրե՞լ, թե մասնագետի դիմել ես այնուամենայնիվ։ Ո՞նց ես դու իրավիճակից դուրս գալիս։ Ի՞նչ ես հասկանում բուժում ասելով ընդհանապես։ Ըստ քեզ սա ֆիզիոլոգիակա՞ն իրավիճակ ա, թե մտավոր։

․․․և մի հատ բան ասեմ, դեղերի հետ կապված։ Միշտ չի որ դրանց կիրառումը անհիմն ա, լիքը յուրահատկություններ կան, կարծում եմ պետք չի տենց հայտարարություն անելը, ինչը կարող ա դեղորայքային բուժման կարիք ունեցողներին թյուրիմացության մեջ գցել։
Երբեմն էլ երբ մնացած բուլշիթը չի աշխատում, դա միակ ելքն ա մնում ֆունկցիոնալ լինելու։ Իհարկե դա պետք ա լինի միայն ծայրահեղ դեպքում, և բժշկների հսկողության տակ և այլն :)

Վիշապ
11.09.2020, 22:44
Մի քանի տարի առաջ ես էի ուզում սրա մասին թեմա բացել, բայց մի երևույթի տեսանկյունից, որն անարդարացիորեն դուրս ա մնացել քո բավական հարուստ ցուցակից. մայրություն․․․

Ցուցակս ընդամենը օրինակներ էին, բայց ճիշտ ես ասում՝ ցանկացած ոլորտ, որտեղ մարդս մաքսիմալիզմի ու թեթև վերաբերվել չկարողանալու պատճառով սպառում է իր ուժերն ու էներգիան, կարող է հասցնել հուզական այրման։ Հատուկ եմ այսպես գրում, չեմ գրում՝ «շատ աշխատանքի, հոգսերի, կամ այլ հանգամանքների պատճառով»:

Որովհետև իրականում հուզական այրման հասնելու պատճառների մեծ մասը վայթե մարդու ներսում են ու ոչ՝ արտաքին աշխարհում: Բայց այդ ներքին պատճառները նրբություններ ունեն, որոնք փորձենք հասկանալ, ու որոնց մի մասը այնուամենայնիվ ծնվում են արտաքին հանգամանքներից:

Ինձ թվում է բացարձակապես նույն պայմաններում ու հանգամանքներում մեկը իրեն կարող է դրսևորել որպես անդադար, լարված, անընդհատ ստրեսային ու տագնապային վիճակներում գտնվող հոգսաշատ մեկը, իսկ մյուսը՝ հանգիստ, խաղաղ, սառնասիրտ ու նույնիսկ ըմբոշխնում է ողջ պրոցեսը:
Շատ չեմ ուզում ծավալվել տարբեր օրինակներով ու փաստերով, բայց ինձ թվում է՝ այդպես է։

Ու ներքին, կամ եթե կուզեք արտաքին պատճառներից ես կառանձնացնեմ հետևյալը, որը իմ կարծիքով հիմնականն է․
1. Աշխարհայացքն ու դաստիարակությունը՝ մարդը կրթվել ու դաստիարակվել է որպես մաքսիմալիստ ու պերֆեկցիոնիստ, իրենից մաքսիմալ պահանջներ են ներկայացրել հենց փոքրուց, ու մարդուս մեջ արմատավորվել են «բարձր ստանդարտներն» ու անհանդուրժողականությունը «ոչ կատարյալի» նկատմամբ
2. Ամենատարբեր տագնապները, բայց հիմնականում այս մեկը՝ հանկարծ ինչ-որ բան այնպես չստացվի, ինչպես որ սպասվում է համաձայն մեր պատկերացումների, կամ ինչպես որ անհրաժեշտաբար պետք է լինի, ու որ հանկարծ մի քիչ այլ լինի, դա աղետ է, աններելի ու անհանդուրժելի խնդիր։ Սա ընդհանուր սահմաններ ունի 1-ին կետի հետ, որովհետև էլի հիմնականում գալիս է դաստիարակությունից
3. Տագնապները աշխատանքից զրկվելու, կամ վատ վերաբերմունքի արժանանալու, կամ հեղինակազրկվելու՝ ոչ պաճշաճ աշխատանքի, կամ չհասցնելու պատճառով։ Օրինակ մայրերի դեպքում (որոշ ազգերի մոտ կարելի է գրել նաև հայրերի, բայց չխորանանք) մոտավորապես կլինի՝ անբավարար կերակրված, դաստիրակված, կոփված, կրթված երեխաներ մեծացնելու ու վերջում անշորհակալ վիճակի արժանանալու տագնապներ

Կարծիքներ, խնդրեմ, հետո կշարունակեմ։

Վիշապ
11.09.2020, 23:00
Վիշ մի քանի հարցեր ունեմ․ Նախ կուզեի ճշտել, քեզ նման դիագնոզ դու ինքդ ես դրե՞լ, թե մասնագետի դիմել ես այնուամենայնիվ։ Ո՞նց ես դու իրավիճակից դուրս գալիս։ Ի՞նչ ես հասկանում բուժում ասելով ընդհանապես։ Ըստ քեզ սա ֆիզիոլոգիակա՞ն իրավիճակ ա, թե մտավոր։

․․․և մի հատ բան ասեմ, դեղերի հետ կապված։ Միշտ չի որ դրանց կիրառումը անհիմն ա, լիքը յուրահատկություններ կան, կարծում եմ պետք չի տենց հայտարարություն անելը, ինչը կարող ա դեղորայքային բուժման կարիք ունեցողներին թյուրիմացության մեջ գցել։
Երբեմն էլ երբ մնացած բուլշիթը չի աշխատում, դա միակ ելքն ա մնում ֆունկցիոնալ լինելու։ Իհարկե դա պետք ա լինի միայն ծայրահեղ դեպքում, և բժշկների հսկողության տակ և այլն :)

Մասնագետի դիմել եմ։ Այնուամենայնիվ ու ոչ քիչ ։Ճ
Ու արդեն ասել եմ՝ մասնագետների մեծ մասը զահլա չունեն մարդուս կյանքի, կամ ապրելակերպի մեջ խորանալու, ներառյալ հոգեբանները, և դու մասնագետի, կամ «մասնագետի» սենյակից հեռանալու ես դասական դեղատոմսերով ու տրաֆարետային խորհուրդներով, մի քանի ամից նույնը կրկնվելու է, բայց լինելու ես ավելի շփոթված ու ավելի հուսալքված: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում :Ճ

Կասեմ, թե ոնց եմ դուրս գալիս իրավիճակից, համբերություն:

Վիշապ
12.09.2020, 07:23
Մի բան ասեմ, բանանի կլեպներ չշպրտեք վրաս․ Հայերիս մոտ այս խնդիրը բավականին քիչ է հանդիպում, որովհետև․․․ որովհետև հայերիս մեծ մասը գործին և պատասխանատվությանը մատների արանքով է նայում, այ էդպես ։Ճ
Սա Սովետից մնացած ժառանգության, կամ մտածելակերպի եզակի դրական էֆեկտներից է, կարելի է ասել։

Իսկ այ՝ ճապոնացիները հաճախ մեռնում են հուզական այրումից, նույնիսկ դրա համար առանձին բառ ունեն՝ կարոշի (https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B7%D5%AB)։
Եվ առհասարակ երկարատև ստրեսից ու հուզական այրումից կարելի է մեռնել, կամ լավագույն դեպքում մի որոշ ժամանակ քարշ գալ խեղված առողջությամբ։
«Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն» խոսքը չափավոր աշխատանքի մասին է, որը ընդմիջվում է հաճելի, հետաքրքիր, համով ու սեքսոտ արձակուրդներով:
Ինչը սակայն մրցավազքային զարգացած աշխարհում ավելի ու ավելի քիչ հավանական է դառնում, բայց սա երևի ուրիշ թեմա է…

Վերադառնալով Լիզբեթի հարցին, թե սա ֆիզիոլոգիակա՞ն վիճակ է, թե՞ մտավոր, կամ հուզական: Կարճ պատասխանն է (վայթե)՝ և, և։
Մի քիչ երկար․ Երևի կարող ենք կռահել, որ մարդուս հուզական վիճակներն ու օրգանիզմում տեղի ունեցող կենսաքիմիական պրոցեսները շաղկապված են։
Ասենք այնպիսի հուզական վիճակ, ինչպիսին տրամադրությունն է, կարող է փոփոխվել կախված ինչ-ինչ հորմոններից, որոնք արյան մեջ շրջանառվելով ազդում են ինչ-ինչ ռեցեպտորների վրա, որոնցով էլ որոշվում է մարդուս տարբեր ընկալումներն առ շրջապատ, խնդիրներ, սեփական մարմին, ֆիզիկական և հուզական զգացողություններ, հիմա էդպես գիտենք, թերթերում այդպես է գրված ։Ճ

Դեղահաբերը անմիջականորեն, կամ կողմնակիորեն ազդում են օրգանիզմի այս կամ այն կենսաքիմիական պրոցեսների վրա, փորձելով ինչ-որ կերպ շտկել դրանք,
ասենք լրացնել այս կամ այն պակաս բաղադրիչը, կամ ճնշել արդեն չափն անցած հորմոնի արտադրությունը՝ կորտիզոլ է, ադրենալին է, էստրոգեն է, ֆլան է, ֆստան է,
չվերածեմ կենսաքիմիայի դասախոսության, որից բավականին հեռու եմ:

Մի փոքր լիրիկական զեղում. Չկան ու երևի չեն կարող լինել այն «սմարտ» կամ խելացի դեղահաբերը, որ վերականգնում են բոլոր շահագործված ու քայքայված հյուսվածքներն ու բջիջները ու օրգանիզմը բերում շողուլի:
Փոխարենը կան այս կամ այն հիպոթեզի արդյունքում սինթեզված, լաբորատոր փոձաքննություն անցած, այնուհետ կենդանիների վրա փորձարկված, անվտագության նորմերը հանցնած ու հետո մարդկանց վրա կլինիկական հետազոտություն անցած դեղեր, որոնց օգուտներն ու վնասները վիճակագրական են ինչ-ինչ սխալանքներով, բայց հանուն արդարության՝ կան այնպիսի փորձված դեղեր, որոնք ինչ-ինչ դեպքերում վստահաբար էֆեկտիվ են ու անփոխարինելի (օրինակ ասենք՝ Մորֆինը):

Եվ պիտի ավելացնեմ, որ դրան զուգահեռ շուկայում կա աննկարագրելիորեն շատ աղբ՝ ամենատարբեր թույն անուններով, որ որևէ լուրջ օգուտ չեն տալիս, և մխիթարանքն այն է, որ լուրջ վնաս էլ չեն տալիս, եթե չհաշվենք մարդկանց չարդարացված սպասելիքները, ծախսած ժամանակն ու փողերը։
Եվ աղբը գովազդվում է չափազանց համոզիչ, և խայծն ուտում են չափից շատ մարդիկ, և սա ապահովում է միլիարդավոր դոլարների հասնող յուղոտ բիզնեսի գոյությունը, որն էլ իր հերթին հաճախ կարողանում է կառավարել ու թելադրել «առողջապահական համակարգ» կոչված ուռճացված ապարատը:
Հա, ու երբեմն էլ աշխատում է այսպես կոչված պլացեբոի էֆեկտը, որը շատ հետաքրքիր երևույթ է՝ հիվանդը կարող է ընդունել ասենք ռելաքսին անունով, տպավորիչ ապակե տուպով, կրկնակի պաշտպանող ներդիրով ու ինստուրկցիայով բրնձի փոշի, ու՝ լավանալ, այդպես էլ է պատահում:
Եվ վերջապես կան մեկ այլ բազմամիլիարդանոց բիզնես ներկայացնող սննդային հավելումները, որոնց էֆեկտիվությունն էլ ոչ մի կլինիկական հետազոտությամբ սովորաբար չի ստուգվում, այլ ստուգվում է անմիջապես սպառողի վրա։

Եթե վերադառնանք խնդրին, ապա հուզական այրման վիճակը համալիր խնդիր է, ու լուծումներն էլ են համալիր, ու որոշ դեպքերում, այո, դեղամիջոցներին էլ է անհրաժեշտ դիմել, ու կան նաև սննդային հավելումներ, որոնք արժե փորձել, բայց սրանք առանձին վերցրած այդքան էֆեկտիվ չեն կարող լինել առանց ապրելակերպի փոփոխության:
Կամաց-կամաց կմանրամասնեմ:

One_Way_Ticket
12.09.2020, 13:13
Մասնագետի դիմել եմ։ Այնուամենայնիվ ու ոչ քիչ ։Ճ
Ու արդեն ասել եմ՝ մասնագետների մեծ մասը զահլա չունեն մարդուս կյանքի, կամ ապրելակերպի մեջ խորանալու, ներառյալ հոգեբանները, և դու մասնագետի, կամ «մասնագետի» սենյակից հեռանալու ես դասական դեղատոմսերով ու տրաֆարետային խորհուրդներով, մի քանի ամից նույնը կրկնվելու է, բայց լինելու ես ավելի շփոթված ու ավելի հուսալքված: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում :Ճ

Կասեմ, թե ոնց եմ դուրս գալիս իրավիճակից, համբերություն:
Իհարկե ճշմարիտ ես ասում, Ավստրալիայում էլ էր նույն համակարգը բժշկության։ Ու ես չեմ մեղադրում բժիշկներին, համակարգն է այդպես կառուցված, իրենց ձեռքերը հաճախ կապված են գործողությունների մեջ։ Ընկերս հենց դատա-բժշկական ոլորտում է աշխատում, որտեղ պրոտոկոլից շեղվող բժիշկներին, եթե մի բան սխալ գնաց, ատատա են անում։
Էդ առումով մի քիչ ավելի բառադի երկրներն առավելություն ունեն։ Եթե գտնես լավ մասնագետի, ինքն ազատություն ունի քեզ ինդիվիդուալ մոտեցում ցուցաբերել։


Մի բան ասեմ, բանանի կլեպներ չշպրտեք վրաս․ Հայերիս մոտ այս խնդիրը բավականին քիչ է հանդիպում, որովհետև․․․ որովհետև հայերիս մեծ մասը գործին և պատասխանատվությանը մատների արանքով է նայում, այ էդպես ։Ճ
Սա Սովետից մնացած ժառանգության, կամ մտածելակերպի եզակի դրական էֆեկտներից է, կարելի է ասել։
Ինձ թվում է՝ այս հարցում ավելի շատ Ամերիկան ու Ճապոնիան են բացառություն, քան Սովետն ու Հայաստանը։ Ավստրալիայում գերաշխատելուց burnout? Hold my beer :D Հույների կամ իտալացիների մասին էլ չասեմ։

Բարեկամ
12.09.2020, 14:59
Մի բան ասեմ, բանանի կլեպներ չշպրտեք վրաս․ Հայերիս մոտ այս խնդիրը բավականին քիչ է հանդիպում, որովհետև․․․ որովհետև հայերիս մեծ մասը գործին և պատասխանատվությանը մատների արանքով է նայում, այ էդպես ։Ճ
Սա Սովետից մնացած ժառանգության, կամ մտածելակերպի եզակի դրական էֆեկտներից է, կարելի է ասել։



Հա՞ որ :think. Ինձ թվում ա՝ հակառակն ա․ գերազանցիկության սինդրոմը (որը հուզական այրման ամենատարածված պատճառներից ա) սովետից մնացած ժառանգություններից ա հենց։

Adam
12.09.2020, 15:53
կներեք եթե օֆֆ-թոփ ա.
կոգնիտիվ վարքային թերապիայի մասին ո՞վ կարա խորհուրդ տա: Արդյունավետ ա՞ դեպրեսիայի ու anxiety disorder -ի դեմ:
Արդյո՞ք մի որոշ ժամանակ հետո դա կարա անտիդեպրեսանտ խմելու անհրաժեշտությունը դադարացնի…

Ուլուանա
12.09.2020, 21:24
Հա՞ որ :think. Ինձ թվում ա՝ հակառակն ա․ գերազանցիկության սինդրոմը (որը հուզական այրման ամենատարածված պատճառներից ա) սովետից մնացած ժառանգություններից ա հենց։

Չէի ասի, Ան. Սովետում ցանկացած ոլորտում ով ինչքան կարողանում էր` գլուխ էր պահում, ու դա կարծես նորմա էր: Այսինքն` եթե հնարավոր էր ինչ-որ կերպ խուսափել ինչ-որ աշխատանքից, դա արվում էր շատերի կողմից: Նենց որ burnout կարող էր լինել առանձին մարդկանց դեպքում` պայմանավորված իրենց անձնային հատկանիշներով, բայց ընդհանուր առմամբ Սովետում մարդիկ իրենց չեն կոտորել աշխատելով կամ լավագույնս իրենց դրսևորելով, ու դա նաև բացատրելի ա. ամեն ինչ հավասար էր, միջակությունը նորմա էր, հակառակը` տարբերվելը, լավագույնը լինելը չէր խրախուսվում, նույնիսկ վտանգավոր կարող էր համարվել, հետևաբար ոչ մի մոտիվացիա չկար ինքդ քեզ կոտորելու համար:

Ուլուանա
12.09.2020, 21:35
Իհարկե ճշմարիտ ես ասում, Ավստրալիայում էլ էր նույն համակարգը բժշկության։ Ու ես չեմ մեղադրում բժիշկներին, համակարգն է այդպես կառուցված, իրենց ձեռքերը հաճախ կապված են գործողությունների մեջ։ Ընկերս հենց դատա-բժշկական ոլորտում է աշխատում, որտեղ պրոտոկոլից շեղվող բժիշկներին, եթե մի բան սխալ գնաց, ատատա են անում։
Էդ առումով մի քիչ ավելի բառադի երկրներն առավելություն ունեն։ Եթե գտնես լավ մասնագետի, ինքն ազատություն ունի քեզ ինդիվիդուալ մոտեցում ցուցաբերել։
ԱՄՆ-ում էլ ա բժշկական համակարգը լրիվ տենց. ստանդարտով դեղ են նշանակում. ոչ մի անհատական մոտեցում, ապրելակերպի հետ կապված փոփոխություններ անելու մասին ոչ մի խոսք. ինչ ուզում ես` արա, ինչ ուզում ես կեր ու խմի, կարևորը` էս դեղը խմի, ու ամեն ինչ լավ կլինի:

Օրինակ բերեմ. երբ հղի էի, պարզվեց` արյունս նորմայից մի քիչ խիտ ա, ես էլ սկսեցի ինտերնետում որոնել, թե էդ դեպքում ոնց կարող եմ դա սննդակարգով կարգավորել, դե, լսել էի, որ որոշ ուտելիքներ արյունը նոսրացնում են, որոշ ուտելիքներ` խտացնում, ու միանգամայն տրամաբանական ու ռեալ էր թվում դրանք հաշվի առնելով արյունս նորմայի բերելը: Գինեկոլոգս ինձ ուղղորդեց արյունաբանի մոտ, որպեսզի վերջինս ավելի կոնկրետ ինձ բացատրի ինչն ինչոց ա, ու ինչ ա պետք անել: Ես էլ հույսերով լցված գնացի` մտածելով, որ, դե, կասի, թե ինչ ուտեմ, ինչ չուտեմ, ինչ խմեմ, ինչ չխմեմ, ինչը սահմանափակեմ և այլն: Բայց ոչ մի նման բան. բացարձակապես ոչ մի խոսք ո՛չ սննդի, ո՛չ ֆիզիկական ակտիվության մասին, ընդամենը մի հատ դեղի անուն տվեց: Դե, ես էլ դեղերից ընդհանրապես խուսափում եմ, փորձում եմ ամեն ինչ հնարավորինս բնական ճանապարհով կարգավորել, ու համարյա միշտ ստացվել ա` չնչին բացառություններով: Ասեցի`իսկ հատուկ սննդակարգ պետք չի՞, ասենք, ի՞նչ ուտեմ, ինչից խուսափեմ, սա էլ նենց տոնով, կարծես ինձ շատ ուրախ լուր ա հայտնում, ասեց` չէ՜, ոչ մի սննդակարգ, ի՜նչ ուզում ես` հանգիստ կեր, մենակ էդ դեղը խմի: Ահավոր հիասթափված դուրս եկա մոտից: Քանի որ հղի էի, ու ռիսկային էր ինքնագործունեությամբ զբաղվելը, ստիպված համաձայնեցի դեղն ընդունել, թե չէ` ինքս ինձ դժվար կլիներ չափաբաժիններ որոշելը, հա, գիտեի, որ էսինչ ու էնինչ մրգերը, բանջարեղենները էս կամ էն ազդեցությունն են ունենում էդ առումով, բայց ինձ ավելի ճշգրիտ ինֆո էր պետք` հենց իմ օրգանիզմի, կարգավիճակի առանձնահատկություններով պայմանավորված, որը պիտի որ բժշկի գործը լիներ, բայց, փաստորեն, նրանք նման բաներով չեն զբաղվում: Մի խոսքով` զզվելի ա:

Վիշապ
13.09.2020, 01:38
Հա՞ որ :think. Ինձ թվում ա՝ հակառակն ա․ գերազանցիկության սինդրոմը (որը հուզական այրման ամենատարածված պատճառներից ա) սովետից մնացած ժառանգություններից ա հենց։

Սովետից իմ ունեցած ամենավառ հիշողությունը ամենօրյա նարդու շրխկոցն էր մեր տան մոտի հիմնարկից ։Ճ
Էհ, ինչ անդարդ օրեր էին։

Բայց կային բնավորության ու դաստիարակության պատճառով կաշվից դուրս եկողներ, որոնցից մեկն էլ լուսահոգի մայրս էր, ու որից ստացած դաստիարակությունն էլ, կարծում եմ՝ իր ազդեցության բաժինն ունի իմ խնդրի վրա, ու ես այդ եղելության հետ հաշտվել եմ։
Միանգամից ասեմ, որ եղելության հետ հաշտ գտնվելը կոգնիտիվ վարքային թերապիայի բաղադրիչներից է, այն օգնում է ադապտացվել ու թուլացնել ախտանիշները։ Դե ինչ-որ չափով ։Ճ

Վիշապ
13.09.2020, 02:53
Օքեյ, շարունակենք։
Ուսումնասիրողները հուզական այրումը դասակարգել են փուլերի՝ զարգացող ծանր հիվանդությունների նման ու ինչպես ասեցինք՝ այս խնդիրը կարող է հագեցնել մահվան։
Բայց նկատենք, որ հուզական այրումն ոնց որ այդքան ծանր չի ընկալվում հասարակության կողմից, ինչպես ասենք՝ շաքարախտը, էպիլեպսիան, քաղցքեղները, ասթման․․․
Որովհետև պացիենտների մեծ մասը մինչև մեռնելը չեն հասցնում ձգել ճապոնացիների նման, այսինքն՝ հանձնվում են ու «փրկվում»։ Դե փրկվելը հարաբերական է, կարելի է ասել մի քիչ ավել են յոլա գնում, հաճախ ռեմիսիաներով՝ ախտանիշների թուլացմամբ, կամ վիճակի բարելավմամբ ու մեռնում են մի ուրիշ հիվանդությունից, ասենք՝ կորոնավիրուսից, դե արմատական պատճառների մեջ շատ չենք խորանում։

Մի թեթև ակնարկ փուլերի մասին․

1. Մեղրամսի փուլ:
Սա այն փուլն է, որտեղ ապագա պացիենտները դրսևորում են իրենց պոտենցիալն ու «ցանկությունը»՝ գնալու ինքնաքայքայման ու ինքնազոհաբերման ճամփով՝
աշխատանքին լծվելու համառ էնտուզիազմ, պարտավորությունների ստանձնման բարձր պատրաստակամություն, պայծառ ու հնարամիտ մտքեր լուծումների վերաբերյալ, լավատեսություն, խանդավառություն, և այլն, մի խոսքով, ինչպես հայտնի ֆիլմում է՝

Огласите весь список, пожалуйста.
Значит так, цементный завод...
Я!
Погрузка угля.
Я!
Уборка конюшен.
Я!
Кроме того...
Я.
-Да подождите, гражданин!
Для вас - персональный наряд, на пятнадцать суток.

2. Ստրեսի նախանշանների փուլ։
Այս փուլում ի հայտ են գալիս որոշ դժվարին ու երկար աշխատանքային օրեր, և չնայած դեռ պահպանվող լավատեսությանը արդեն նկատվում են ո՜չ էդքան դրական մոմենտներ.
- Անհանգստություն
- Որոշումներ կայացնելու դժվարություն
- Հոգնածություն
- Մոռացկոտություն
- Ախորժակի փոփոխություններ
- Գրգռվածություն
- Արյան բարձր ճնշում-մնշում
- Սրտխփոց
- Անբավարարվածության զգացում
- Քնի խանգարումներ
- Ու էլի նման ոռի խնդիրներ (կներեք ֆրանսերենիս)

3․ Խրոնիկ ստրեսի փուլ։
Այս փուլում արդեն լրջորեն զգացվում է, որ համը դուրս է գալիս, և երկրորդ փուլի ախտանիշները արդեն վառ արտահայտված են։
Դրան գումարած կարող են ի հայտ գալ հետևյալները․
- Զայրույթ ու ագրեսիվ պահվածք
- Անտարբերություն
- Ցինիկ վերաբերմունք
- Պրոբլեմների առկայության ժխտում (ձեր մոտ ա սխալը, իմ մոտ չի)
- Ուժասպառություն
- Ժամկետների ու պլանների խախտումներ ու ուշացումներ
- Ժամանակին արթնանալու խնդիրներ
- Ճնշվածության զգացում կամ վախ
- Ինքնատիրապետման ու ինքնակառավարման խնդիրներ
- Պրոկրաստինացիա աշխատավայրում, տանը
- Նեղացկոտություն
- Սոցիալական հարաբերություններում նոր խնդիրներ
- Կարող են զարգանալ տարբեր ֆիզիոլոգիական հիվանդություններ, մարդուս իմունիտետը ընկնում է
- Ու էլ բեթար ոռի խնդիրներ (կներեք թուրքերենիս ու իսպաներենիս)

4․ Հուզական այրման փուլ։
Վառու՜մ ենք, պաժա՜ռ․․․ Չէ, էս ամերիկյան հրդեհների մասին էր ։Ճ
Սա արդեն այն փուլն է, երբ դուք դիմում եք բժշկի ու ի վիճակի չեք նորմալ աշխատելու,
որովհետև վերոհիշյալ ախտանիշներից ոմանք արդեն կրիտիկական են։
Եվ դրան գումարած կարող են ի հայտ գալ հետևյալները․
- Վարքագծային փոփոխություններ, անադեկվատություն, դեպրեսիայի նշաններ, տագնապային խանգարումներ
- Աղեստամոքսային պրոբլեմներ
- Գլխացավեր, մկանային ցավեր, նյարդային ցավեր, գրող ու ցավեր
- Դատարկության զգացում, հոռետեսություն, ոնց որ մի տեսակ ուզենաս մեռնես, բայց չկարողանաս, սա Ռիո Դե Ժանեյրոն չէ, պարոնայք
- Ուզում ես գործից դուրս գալ, կամ գործդ փոխել, զզվում ես գործիցդ, մենեջերիցդ, կլիենտներից, գործընկերներից, սաղից
- Սոցիալական իզոլացում, ու սրան պանդեմիկը ահագին օգնում է, մոմենտ նույնիսկ ուզում ես բաժանվես, եթե ամուսնացած ես
- Միթե սա էր այս ամենը, այս անիմաստ, չնչին ու ողորմելի կյանքը, էս է՞ր արա՜
- Եթե դեռ ինքնասպան չեք եղել, շնորհավորում եմ

5․ Դրակոնյան, կամ Վիշապային փուլ
Սա այն փուլն է, որտեղ դուք գտնվում եք 4րդ փուլից հետո ու դեռ ողջ եք։
Այս փուլը կոչվում է խասյաթի փուլ, այսինքն ձեր հուզական այրումը արդեն խասյաթ է դառել, ու առանց որի դուք էլ կյանք չունեք։
Այս փուլում մի հատ հիմնական նոր ախտանիշ է ի հայտ գալիս․
- Անընդհատ ստուգում եք նախորդ փուլերի ախտանիշների առկայությունը ու անհանգստանում, երբ որոշները թուլանում են

Բարեկամ
13.09.2020, 03:34
Էս ինչ սարսափ էր... :))

Ուլուանա
13.09.2020, 07:03
5․ Դրակոնյան, կամ Վիշապային փուլ
Սա այն փուլն է, որտեղ դուք գտնվում եք 4րդ փուլից հետո ու դեռ ողջ եք։
Այս փուլը կոչվում է խասյաթի փուլ, այսինքն ձեր հուզական այրումը արդեն խասյաթ է դառել, ու առանց որի դուք էլ կյանք չունեք։
Այս փուլում մի հատ հիմնական նոր ախտանիշ է ի հայտ գալիս․
- Անընդհատ ստուգում եք նախորդ փուլերի ախտանիշների առկայությունը ու անհանգստանում, երբ որոշները թուլանում են
Մի հատ անհամեստ հարց. Ակումբում գրանցվելիս դու էդ փուլու՞մ ես եղել :}:

Ինձ թվում ա` էս երևույթն էնքան տարածված ա, որ շատ հազվագյուտ երջանիկներ կգտնվեն, որոնք կյանքի գոնե ինչ-որ շրջանում չեն տառապել դրանից: Ու ընդհանրապես մարդկանց մեծ մասի կյանքը հիմնականում հենց տենց էլ կա, որ խորանում ես... Ժամանակակից քաղաքակիրթ կյանքի ռիթմը ուրիշ տարբերակ համարյա չի թողնում: Սրանից խուսափելու համար մարդ պիտի գնա քաղաքակրթությունից հեռու մի տեղ խախանդ ապրի, կամ էլ գոնե դրան քիչ թե շատ մոտ ապրելակերպի անցնի:

Վիշապ
13.09.2020, 08:48
Մի հատ անհամեստ հարց. Ակումբում գրանցվելիս դու էդ փուլու՞մ ես եղել :}:

Ինձ թվում ա` էս երևույթն էնքան տարածված ա, որ շատ հազվագյուտ երջանիկներ կգտնվեն, որոնք կյանքի գոնե ինչ-որ շրջանում չեն տառապել դրանից: Ու ընդհանրապես մարդկանց մեծ մասի կյանքը հիմնականում հենց տենց էլ կա, որ խորանում ես... Ժամանակակից քաղաքակիրթ կյանքի ռիթմը ուրիշ տարբերակ համարյա չի թողնում: Սրանից խուսափելու համար մարդ պիտի գնա քաղաքակրթությունից հեռու մի տեղ խախանդ ապրի, կամ էլ գոնե դրան քիչ թե շատ մոտ ապրելակերպի անցնի:

Խոսքը վերաբերվում է հուզական այրմանը, ոչ ժամանակավոր սթրեսներին, որոնք գրեթե մոլոր բարդկանց մոտ կյանքի ինչ-ինչ փուլերում առկա են թեթև, միջին, կամ ծանր աստիճաններով: Հուզական այրման վիճակը մի քիչ տարբերվում է «ռեգուլյար» սթրեսային վիճակներից, որպեսզի հասկանալի լինի, նայենք ստորև համառոտ այն հատկանիշները, որ առավել վառ են արտահայտված սթրեսի դեպքում, և հատկանիշները՝ հուզական այրման դեպքում.




Սթրես
Հուզական այրում


գերներգրավվածություն
կտրվածություն


ռեակտիվ էմոցիաներ
բթցած էմոցիաներ


անհապաղություն և գերակտիվություն
անօգնականություն և հուսահատություն


էներգիայի կորուստ
մոտիվացիայի, նպատակների ու հույսի կորուստ


տագնապային խանգարումներ
կտրվածություն ու դեպրեսիա


հիմնականում ֆիզիոլոգիական խնդիրներ
հիմնականում հոգեկան խնդիրներ


կարող է բերել անժամանակ մահվան
կարող է բերել կյանքից հիասթափվելուն ու ապրելու իմաստը կորցնելուն




Միևնույն ժամանակ սթրեսներից ազատվելը կամ թուլանալը ավելի հեշտ է, քան հուզական այրման վիճակից դուրս գալը: Կոպիտ օրինակ բերեմ՝ եթե սթրեսից կարելի է թուլանալ մեկշաբաթյա արձակուրդով, էրոտիկ մասաժներով, դիսկոյում պարելով, կամ հետաքրքիր ընթրիքով, ապա հուզական այրման մեջ գտնվողին վերջիններս կարող է շատ չօգնեն:

Արէա
13.09.2020, 10:37
4․ Հուզական այրման փուլ։
Սա արդեն այն փուլն է, երբ դուք դիմում եք բժշկի ու ի վիճակի չեք նորմալ աշխատելու,
որովհետև վերոհիշյալ ախտանիշներից ոմանք արդեն կրիտիկական են։
Եվ դրան գումարած կարող են ի հայտ գալ հետևյալները․
- Վարքագծային փոփոխություններ, անադեկվատություն, դեպրեսիայի նշաններ, տագնապային խանգարումներ
- Աղեստամոքսային պրոբլեմներ
- Գլխացավեր, մկանային ցավեր, նյարդային ցավեր, գրող ու ցավեր
- Դատարկության զգացում, հոռետեսություն, ոնց որ մի տեսակ ուզենաս մեռնես, բայց չկարողանաս, սա Ռիո Դե Ժանեյրոն չէ, պարոնայք
- Ուզում ես գործից դուրս գալ, կամ գործդ փոխել, զզվում ես գործիցդ, մենեջերիցդ, կլիենտներից, գործընկերներից, սաղից
- Սոցիալական իզոլացում, ու սրան պանդեմիկը ահագին օգնում է, մոմենտ նույնիսկ ուզում ես բաժանվես, եթե ամուսնացած ես
- Միթե սա էր այս ամենը, այս անիմաստ, չնչին ու ողորմելի կյանքը, էս է՞ր արա՜
- Եթե դեռ ինքնասպան չեք եղել, շնորհավորում եմ

Բլին, ես էլ գիտեմ մեռնում եմ մոտ ժամանակներս, հուզական այրում ա փաստորեն։
Գումարած էս ամեն ինչին աշխարհի տակ ինչ հիվանդություն կա բոլորի սիմպտոմները առկա են։
Որ դեղի ցուցումները կարդում ես, ոնց որ հենց քո համար արտադրված լինի։
Ու հենց էդ բնավորություն դառած փուլն ա արդեն, էն որ էլ սպորտ, հանգիստ, խմել, լևի գնալ, բան, էլ ոչ մի բան չի օգնում։

One_Way_Ticket
13.09.2020, 16:07
Միևնույն ժամանակ սթրեսներից ազատվելը կամ թուլանալը ավելի հեշտ է, քան հուզական այրման վիճակից դուրս գալը: Կոպիտ օրինակ բերեմ՝ եթե սթրեսից կարելի է թուլանալ մեկշաբաթյա արձակուրդով, էրոտիկ մասաժներով, դիսկոյում պարելով, կամ հետաքրքիր ընթրիքով, ապա հուզական այրման մեջ գտնվողին վերջիններս կարող է շատ չօգնեն:

Ու հենց էդ բնավորություն դառած փուլն ա արդեն, էն որ էլ սպորտ, հանգիստ, խմել, լևի գնալ, բան, էլ ոչ մի բան չի օգնում։
Փաստորեն հետևյալ անեկդոտի հերոսուհին հուզական այրում ունի :) Եկեք չթարգմանեմ, համ ու հոտը կորցնելու եմ, մեկ է՝ մի բուռ ակումբցի ենք մնացել, ու ոնց որ բոլորը ռուսերեն հասկանում են։


Приходит женщина к врачу и говорит:
— Доктор, меня все раздражает — дети, муж, весна эта за окном, деревья в зелени, цветы, дождь, солнце. И даже Вы, доктор, меня раздражаете. Помогите мне, доктор!
Доктор ей отвечает:
— Это лечится элементарно — здоровым сексом. Раздевайтесь!
Разделась. Доктор приступил к лечению.
— Доктор, Вы определитесь — или туда, или сюда, а вот это туда-сюда меня ТАК раздражает!!!

Վիշապ
13.09.2020, 21:39
Մի հատ անհամեստ հարց. Ակումբում գրանցվելիս դու էդ փուլու՞մ ես եղել :}:


Այնուամենայնիվ պատասխանեմ:
Թեմայում բոլոր համընկնումները պատահական են, ուղղակի որոշ պահեր ես իմ օրինակով եմ բերում: Այո, ես խրոնիկ հուզական այրման խնդիրներ ունեմ, սակայն հանուն արդարության, կարծում եմ նաև բախտը ինձ մի քիչ ավելի շատ հնարավորություններ է տվել վերականգնվելու համար: Մասնավորապես ես վաղուց կայացած, հաջողակ ու հեղինակություն ունեցող մասնագետ եմ ու պիտի որ ինքնագնահատականի անկման խնդիրներ, կամ ինձ դժբախտ համարելու խնդիրներ չունենամ, ինչը հատուկ է տվյալ վիճակում գտնվողներից շատերին: Օրինակ պատկերացնենք երկար տարիներ դառնորեն աշխատած ու դրա դիմած անարդարորեն վարձատրված մեկը, որի կուտակած կարողությունները ինչ-որ պատճառով հօդս են ցնդել ու էլ մեծ շանսեր չունի ավելին անելու, որովհետև որ առաջվա էներգիան ունի, ոչ էլ շատ կյանք է մնացել:
Ինչ եմ ուզում ասել՝ գոյություն չունի մեկ դարման բոլորի համար, ու այն ինչ էստեղ ես, կամ մյուսները խորհուրդ կտանք, և/կամ դուք կգտնեք ինտերնետում, մեկին կարող են ավելի շատ օգնել, մյուսին՝ ավելի քիչ։ Ինչպես ամերիկացիներն են ասում՝ ձեր բենզինի ծախսը կարող է տարբեր լինել (your mileage may vary):
Շուտով ավելի կմանրամասնեմ։

Վիշապ
13.09.2020, 21:53
Հուզական այրման մի նախադրյալ կավելացնեի, սեփական փորձից․ անհամբերությունը։ Երբ ձգտում ես ամեն գնով շուտ ազատվել գործից/առաջադրանքից/պարտականությունից, և ձեռնարկում ես ոչ ռացիոնալ մոտեցում՝ անտեսելով օբյեկտիվ և սուբյեկտիվ հնարավորությունները։

Պարտականություններից ամեն գնով շուտ ազատվելու ձգտումը կարող է արդեն հուզական այրման մեջ գտնվելու նշան լինել։ Եթե ոչ, ապա ենթադրում է, որ տվյալ աշխատանքը տհաճ, կամ ձանձրալի է, ու որով երկար զբաղվելը այո, կարող է բերել հուզական այրման։ Հետևաբար կամ աշխատանքն է անհրաժեշտ փոխել, կամ՝ վերաբերմունքը։

Ներսես_AM
14.09.2020, 01:45
Միևնույն ժամանակ սթրեսներից ազատվելը կամ թուլանալը ավելի հեշտ է, քան հուզական այրման վիճակից դուրս գալը: Կոպիտ օրինակ բերեմ՝ եթե սթրեսից կարելի է թուլանալ մեկշաբաթյա արձակուրդով, էրոտիկ մասաժներով, դիսկոյում պարելով, կամ հետաքրքիր ընթրիքով, ապա հուզական այրման մեջ գտնվողին վերջիններս կարող է շատ չօգնեն:

Դու մինչև վերջին հասնես ես 4-ից կմտնեմ 5-րդ Վիշապային փուլ։ Էն ասա որ մի երեք ամսով գործից արձակուրդ վերցնեմ տանը վեր ընկնեմ, գիրք, կինո, հեծանիվ․․․ հու՞յս կա դզվելու։

Վիշապ
14.09.2020, 03:13
Լավ, սկսենք խոսել լուծումներից:
Ասեմ, որ ես ինքս հենց հիմա հերթական այրումից դուրս գալու ճիգերի մեջ եմ, դրա համար եմ դանդաղ գրում, որ ընթացքում հանգստանամ, ու ինքս էլ կողմնորոշվեմ, թե ոնց պիտի շարունակեմ, ուստի համբերատար եղեք, խնդրեմ :))

Սկսեմ դրական նոտայով՝ մարդուս ուղեղը, ասում են, օժտված է նեյրոպլաստիկությամբ (https://en.wikipedia.org/wiki/Neuroplasticity), այսինքն ուղեղի բջիջները ի վիճակի են աճել ու վերակազմավորվել ու ստեղծել նոր փոխադարձ կապեր դրանով վերականգնելով ու գուցել զարգացնելով մարդուս զգացողություններն ու ընկալումները: Բայց դրա համար ուղեղին վայթե հարկավոր է հանգիստ, սնունդ, թթվածին ու նոր վարժություններ:
Եվ բացասական «նորությունն» այն է, որ միևնույն է այդ ռեսուրսը անսպառ չի, այսինքն չի կարելի ուղեղը ամեն տարի անխնա շահագործել ու փորձել նորից ռեգեներացնել քայքայված նեյրոնային կապերը: Եվ կախված հուզական այրման գտնվելու փուլից ու դրա տևողությունից, վերականգնումը համապատասխանաբար կարող է ավելի դժվար ու տևական լինել:

Սակայն դեպքերը, որ մարդը սպառում է իր ուղեղի ողջ ռեսուրսները չափազանց քիչ են, այսինքն վիճակագրորեն, եթե մարդը ժամանակին կարողանում է միջոցներ ձեռնարկել կամ դադար տալ, ապա շանսեր կան ամբողջությամբ վերականգնվելու:
Ու իմ կարծիքով էֆեկտիվ վերականգման համար շատ կարևոր է իրատեսորեն գնահատել իրավիճակը ունեցած հնարավորություններն ու մոտ ապագայի սպասելիքները, հակառակ պարագայում անհամբերությունն ու չարդարացված սպասելիքները կարող են հիասթափություն առաջացնել ու խորացնել դեպրեսիան, կամ ստեղծել նոր կրիզիսներ:

Ու որպես էս վիճակում գնտվող, ես գիտեմ, որ մարդկանց մեծ մասը ուզում են տեսնել կարճ ու կոնկրետ քայլեր, կամ հստակ ալգորիթմ, որով գնալիս յուրաքանչյուր հերթական օր կզարթնեն ավելի բարվոք մարմնով ու հոգով ու շուտով իրենց կզգան այնպես, ինչպես՝ 18 տարեկանում։ Որովհետև էլ ուժ ու համբերություն չկա երկար-բարակ դասախոսություններ կարդալու, որոնցից լիքն են ինտերնետում ու որոնց մեծ մասը ոչ մի կոնկրետ ու հանրամատչելի բան չեն ասում։

Լիրիկական զեղում․ Ասում ա՝ հանգիստ վերցրեք, շատ քնեք, առողջ սնվեք, մեդիտացիա ու մարմնամարզություն արեք, թեթև տարեք, ԲԱ ՉԿԱՐՈՂԱՆԱՅԻ՞։

Ես էստեղ կփորձեմ համառոտագրել իմ լուծումներն ու անցած ճանապարհը, որ իմ կարծիքով ինձ օգնել են առնվազն ողջ մնալու, ու նաև սխալները, որ պիտի թույլ չտայի։

Վիշապ
14.09.2020, 04:07
Միշտ, առանց բացառությունների, ավելի հեշտ է կանխելը, քան հետո բուժվելը: Բայց ոչ բոլորիս մոտ է դա ստացում: Դրա համար երևի ձեր էգոիզմն ու ծուլությունը պիտի գերազանցեն ձեր էնտուզիազմին: Ընդհանրապես էգոիզմը երբեմն օգտակար է առողջությանը :Ճ

Ու անկախ ամեն ինչից առողջ ապրելակերպը՝ առողջ սնունդը, նորմալ քունը, ռեգուլյար մարմնամարզությունը, հաճախակի ընդմիջումները, զվարճանքն ու խաղերը կապահովեն ձեր օրգանիզմի դիմադրողականությունն ու ձեր երջանկությունն ու բավարարվածությունը:

Ստորև խորհուրդներս ծանր փուլերում գտնվողների համար են, թեթև փուլերում ադեկվատ արձակուրդն ու հանգիստը կարող են լրիվ բավարարել:
Ու երբեմն մարդս այնքան անադեկվատ է դառնում, որ կողքին գտնվող մերձավորների օգնության կարիքը կարող է ունենալ, եթե մերձավորները ի վիճակի են կռահելու, որ մարդս իրենց օգնության կարիքն ունի:
Հետևաբար, ավելի կոնկրետացնեմ՝ խորհուրդներս այն մարդկանց համար են, որ դեռ 100%-ով չեն կորցրել ինքնատիրապետումը ու ամեն դեպքում օժտված են ինքնակառավարման հատկանիշներով ու խորհուրդներս մասնավորապես կերակրող մայրերի, կամ իրենց հիվանդ հարազատներին խնամողների համար չեն ու ավելի շուտ՝ ֆուլ թայմ աշխատողների, կամ կոնտրակտորների համար են:
Մայրերի, կամ ընտանեկան երկարաժամկետ խնդիրներ ունեցողների համար կարող ենք թեմայում զրուցել ու միասին լուծումներ գտնել:

Եվ հիշում ենք, որ ես բժիշկ չեմ ու խորհուրդներս դիլետանտի են, ու ձեր կիլոմետրաժը կարող է տարբեր լինել, ու դիտողություններն ու կարծիքները ողջունվում են։

1․ Դադար։ Դադարեք անել այն, ինչ անում եք։

Խրոնիկ հուզական այրման մեջ գտնվողի ուղեղը անընդհատ լարված է հոսող մտքերով, որ մարդը դժվարություն ունի կանգնեցնելու, դրանք սկզբում մեծամասամբ աշխատանքի հետ կապված խնդիրներ էին, բայց հիմա արդեն խառնվել են ամենատարբեր կենցաղային, կարգավիճակային, առողջական, ֆինանսական, ու Աստված գիտի էլ ինչ քաոսայնորեն գեներացված իրական ու արհեստական կարևոր ու անկարևոր խնդիրների հետ, որոնք տեսակավորելու ու կառավարելու մասին դուք արդեն չեք էլ հասցնում մտածել։
Բայց դա հենց այդ նույն ուղեղն է, որը պիտի դուք օգտագործեք այս վիճակից դուրս գալու համար։
Իսկ այս իրավիճակից դուրս գալը ախր դա մի նոր առաջադրանք է այդ ուղեղի համար, ու շատ դեպքերում ձեր ուղեղը հրաժարվելու է հոժարակամ վերցնել այդ նոր առաջադրանքն ու զբաղվել դրանով։
Էս ամենաբարդ ու միևնույն ժամանակ ամենակարևոր առաջադրանքներից մեկն է, որը անելու համար մի փորք կենտրոնացում է պահանջվում։

Օրինակ, վերցնում ենք թուղթ ու գրիչ ու կազմում ենք առաջնահերթությունների պլան, որի առաջին կետը «1․ Դադար»-ն է։
Հնարավոր է, որ էդ պահին մենք գտնվում ենք ինչ-որ աշխատանքային, կամ գուցե կենցաղային խնդրի կատարման մեջտեղում ու դադար տալը նշանակում է պարտականություններից հրաժարու՞մ։ Ոչ։
Դադարը պետք է իրավիճակը վերագնահատելու ու առաջնահերթությունները վերադասավորելու համար։
Կաճված իրավիճակից կարող է հարկ լինել առողջական արձակուրդ վերցնելու, ու ընդհանրապես եթե արձակուրդի հնարավորություն կա, ապա՝ միարժեքորեն վերցնել:

Ուրեմն ոնց ասեցի, սրա համար անհրաժեշտ է, որ մենք կարողանանք մեր ուղեղը մի փոքր կառավարել ու հոսող մտքերի մեջ խցել ու առաջնահերթություն տալ մեր դադարին, առողջությանն ու հանգստին։
Բայց կախված վիճակի ծանությունից էլի եմ ասում, մեր ուղեղը կարող է կատեգորիկ հրաժարվել նույնիսկ մի այնպիսի գործողություն կատարելու, որն է՝ թուղթ ու գրիչ վերցնել ու առաջնահերթությունների պլան կազմել, այսինքն մենք զգում ենք, որ ուզում ենք հետաձգել այս կարևոր կետը։ Էստեղ դեղորայքային միջամտությունը կարող է օգնել, այսինքն հանգստացնողներ ենք պետք։ Ծայրահեղ դեպքում կարելի է փորձել մի խելքը գլխին բժշկի խնդրել «բենզո»-ներից մեկը նշանակել, բայց սրանք խիստ կախվածություն առաջացնող են, էս մենակ էն դեպքում, երբ զգում եք, որ արդեն կորցնում եք ինքնատիրապետումը:
Իսկ ընդհանուր դեպքում արագ ազդեցության համար կարելի է գլիցինի կոճակներ ընդունել (նայում ենք ինստուրկցիան), ու դրան զուգահեռ ինչ-որ սեդատիվ բուսական կոմպլեքս, կամայական մի բան, ասենք՝ ռուսական Ново-Пассит, ու հիշում ենք՝ սրանք չեն բուժելու, ուղղակի մի քիչ օգնում են մի փոքր թմրելու, տագնապները բթացնելու ու պլանը կազմելու:
(շարունակելի)

Բարեկամ
14.09.2020, 04:12
Պարտականություններից ամեն գնով շուտ ազատվելու ձգտումը կարող է արդեն հուզական այրման մեջ գտնվելու նշան լինել։ Եթե ոչ, ապա ենթադրում է, որ տվյալ աշխատանքը տհաճ, կամ ձանձրալի է, ու որով երկար զբաղվելը այո, կարող է բերել հուզական այրման։ Հետևաբար կամ աշխատանքն է անհրաժեշտ փոխել, կամ՝ վերաբերմունքը։

Աշխատանքը կարող է լինել ո՛չ տհաճ և ո՛չ էլ ձանձրալի, բայց հուզական այրման կարող է հասցնել պարտավորության հրամայականը էդ աշխատանքի հանդեպ, օրինակ՝ վերջնաժամկետներ, սպասվելիք գնահատական, համեմատվելը նույն աշխատանքը կատարող ուրիշների հետ և այլն, ավելի ճիշտ՝ մեր վերաբերմունքը էդ հրամայականների հանդեպ, որը մեծ մասամբ խասյաթի հարց է։
Լուծման մի ձև է անտարբերություն ինքնադաստիարակելը նշածս հրամայականների հանդեպ (ինչն առանձին թեմա է), կամ էլ գուցե հստակ թայմ-մենեջմենթը, այսինքն՝ կոնկրետ պլան կազմես, թե ամեն օր (մինչև վերջնաժամկետ, եթե կա այդպիսի բան) ինչքան ժամանակ ես հատկացնելու այդ աշխատանքին՝ ո՛չ ավել (որ չայրվես գերհոգնածությունից), ո՛չ պակաս (որ չայրվես տագնապից (թե չես հասցնելու) և ինքնադժգոհությունից, անբավարարվածությունից)։

Ինքնադաստիարակվելու հետ կապված, ահագին հետաքրքիր թեմա կա քննարկելու, կարծում եմ։ Օրինակ, նշածդ վիշապային փուլում՝ էն որ սկսում ես անհանգստանալ, երբ հուզական այրման որոշ հատկանիշներ թուլանում են․ ինձ թվում է՝ պատճառն ինքդ քեզ դավաճանելու տագնապն է, վերածվելու մեկի, ով քեզ անհայտ պտուղ է, բայց վախեր կան, որ էնքան էլ լավ պտուղ չի, հնարավոր է՝ թերի, բառադի մեկը, որ մատնվելու անհաջողության, առհասարակ կյանքում։ Ու արդյունքում նորից պատսպարվում ես հուզական այրմանդ ծանոթ ու "ապահով" պատյանի մեջ։

Վիշապ
14.09.2020, 05:31
Աշխատանքը կարող է լինել ո՛չ տհաճ և ո՛չ էլ ձանձրալի, բայց հուզական այրման կարող է հասցնել պարտավորության հրամայականը էդ աշխատանքի հանդեպ, օրինակ՝ վերջնաժամկետներ, սպասվելիք գնահատական, համեմատվելը նույն աշխատանքը կատարող ուրիշների հետ և այլն, ավելի ճիշտ՝ մեր վերաբերմունքը էդ հրամայականների հանդեպ, որը մեծ մասամբ խասյաթի հարց է։
Լուծման մի ձև է անտարբերություն ինքնադաստիարակելը նշածս հրամայականների հանդեպ (ինչն առանձին թեմա է), կամ էլ գուցե հստակ թայմ-մենեջմենթը, այսինքն՝ կոնկրետ պլան կազմես, թե ամեն օր (մինչև վերջնաժամկետ, եթե կա այդպիսի բան) ինչքան ժամանակ ես հատկացնելու այդ աշխատանքին՝ ո՛չ ավել (որ չայրվես գերհոգնածությունից), ո՛չ պակաս (որ չայրվես տագնապից (թե չես հասցնելու) և ինքնադժգոհությունից, անբավարարվածությունից)։

Պարտավորություններին ու պլաններին դեռ կանդրադառնանք։ Ասեմ, որ կատարելապես առողջ վիճակում գտնվող մարդը տեսականորեն պիտի բացարձակ հանգիստ վերաբերվի պլաններին ու պարտավորություններին, մանավանդ, եթե դրանք իրատեսական են թվում։ Ու շատ կարևոր է իրատեսական սպասելիքներ ու պլաններ ունենալը։


․․․ Օրինակ, նշածդ վիշապային փուլում՝ էն որ սկսում ես անհանգստանալ, երբ հուզական այրման որոշ հատկանիշներ թուլանում են․ ինձ թվում է՝ պատճառն ինքդ քեզ դավաճանելու տագնապն է, վերածվելու մեկի, ով քեզ անհայտ պտուղ է, բայց վախեր կան, որ էնքան էլ լավ պտուղ չի, հնարավոր է՝ թերի, բառադի մեկը, որ մատնվելու անհաջողության, առհասարակ կյանքում։ Ու արդյունքում նորից պատսպարվում ես հուզական այրմանդ ծանոթ ու "ապահով" պատյանի մեջ։


Բարեկամ ջան, էդ մասը ես մի քիչ սարկազմով եմ գրել ։Ճ Այս փուլը, այո՝ խասյաթի վերածվելու փուլն է, բայց ցանկացած մարդ, որի ուղեղում դեռևս մի երկու ողջամիտ բջիջներ են պահպանվել, ապա այդ բջիջները իրենց ողջ ունեցած նեյրոնային կապերով ցանկանալու են մարդուն վերադաձնել՝ կամ նախկին առողջ վիճակին, կամ՝ նոր, հասուն ու ավելի դիմակայուն վիճակի։ Դրակոնյան փուլում գտնվող հուզական այրման վիճակից էլ ավելի բառադի ու անհաջողակ վիճակ չի կարող լինել, որովհետև էդ վիճակը կայուն դեպի մահ, կամ հաշմանդամություն/անմեղսունակություն տանող վիճակն է։

Բարեկամ
14.09.2020, 05:36
Պարտավորություններին ու պլաններին դեռ կանդրադառնանք։ Ասեմ, որ կատարելապես առողջ վիճակում գտնվող մարդը տեսականորեն պիտի բացարձակ հանգիստ վերաբերվի պլաններին ու պարտավորություններին, մանավանդ, եթե դրանք իրատեսական են թվում։ Ու շատ կարևոր է իրատեսական սպասելիքներ ու պլաններ ունենալը։



Բարեկամ ջան, էդ մասը ես մի քիչ սարկազմով եմ գրել ։Ճ Այս փուլը, այո՝ խասյաթի վերածվելու փուլն է, բայց ցանկացած մարդ, որի ուղեղում դեռևս մի երկու ողջամիտ բջիջներ են պահպանվել, ապա այդ բջիջները իրենց ողջ ունեցած նեյրոնային կապերով ցանկանալու են մարդուն վերադաձնել՝ կամ նախկին առողջ վիճակին, կամ՝ նոր, հասուն ու ավելի դիմակայուն վիճակի։ Դրակոնյան փուլում գտնվող հուզական այրման վիճակից էլ ավելի բառադի ու անհաջողակ վիճակ չի կարող լինել, որովհետև էդ վիճակը կայուն դեպի մահ, կամ հաշմանդամություն/անմեղսունակություն տանող վիճակն է։

Էդ բոլորը հասկանալի է, ուղղակի կարծեմ մենք դիֆոլթով ընդունել էինք, որ հուզական այրման վիճակում գտնվող (կամ դրան հասած) մարդը ողջամիտ չէ (էդ պահի դրությամբ), հետևաբար դատողություններս էլ էդ մարդու տրամաբանությունն էր :)

Բարեկամ
14.09.2020, 05:45
Պարտավորություններին ու պլաններին դեռ կանդրադառնանք։ Ասեմ, որ կատարելապես առողջ վիճակում գտնվող մարդը տեսականորեն պիտի բացարձակ հանգիստ վերաբերվի պլաններին ու պարտավորություններին, մանավանդ, եթե դրանք իրատեսական են թվում։ Ու շատ կարևոր է իրատեսական սպասելիքներ ու պլաններ ունենալը։



Դե, դրա համար էի էդ առումով (վերաբերմունքը պարտավորություններին) որպես նախադրյալ ավելացրել անհամբերությունը, որը չես համարի առողջ զգացմունք։ Անհամբերությունն ավելի շուտ և ավելի շատ խիստ բացասական (ու քանդարար) կիրք է, ըստ իս։

Վիշապ
14.09.2020, 09:36
Ասեմ, որ շատ կարևոր է տարբերակել հուզական այրման պատճառով առաջացած դեպրեսիան՝ այլ պատճառներով առաջացած դեպրեսիայից, որպեսզի ինքնամոլորության մեջ չընկնենք ու փորձենք ռացիոնալ կերպով թեթևացնել խնդիրը իռացիոնալ ու ոչ էֆեկտիվ քայլեր անելու փոխարեն։
Երբեմն մեզ կարող է թվալ, որ շատ աշխատանքն է մեր դեպրեսիայի պատճառը, բայց պատճառները կարող են նաև այլ լինել ու պատճառ լինել աշխատանքի մեջ խնդիրների առաջացման։
Պատճառները կարող են նաև կոմպլեքս լինել, այսինքն ունեցած կենցաղային խնդիրները գումարվել ունեցած աշխատանքային խնդիրներին, ունեցած առողջական խնդիրներին, ունեցած ընտանեկան, կամ սիրային հարաբերություններին խնդրին և այլն։
Գրեթե միշտ, մեր կյանքում տեղի ունեցող դժբախտությունները մեկից ավելի միաժամանակ տեղի ունեցող պատահարների արդյունք են։ Սա չգիտեմ որտեղից եմ լսել, բայց փորձիցս ելնելով, ահագին ճշմարտանման է հնչում։
Իսկ դեպրեսիայի ժամանակ ամենաշատ տուժող հատկանիշներից մեկը մարդուս մոտիվացիան է։ Եվ այդ մոտիվացիան կարող է այնքան ցածր լինել, որ նույնիսկ չբավարարել մարդուս իրավիճակից դուրս գալու համար ինքնուրույն քայլեր ձեռնարկելու։ Դրա համար թղթի վրա քայլերով կետերը գրելն ու դրանց ստատուսը ընդգծելը դա մի փոքր օգնում է համապատասխան մոտիվացիան արթնացնելու։ Իրավիճակը փոխելու մոտիվացիան։ Եվ յուրաքանչյուր կետից հետո մենք մեզ մտովի խրախուսում ենք, կարելի է նաև նվեր առնել, եթե դրա կարիքը կա։ Ուրեմն դադար վերցնելուց անմիջապես հետո մեր մենեջերը դառնում ենք մենք։ Եվ հաջորդ կետը, որ առաջարկում եմ, է՝

2. Իրավիճակի ճանաչում, առաջնահերթությունների դասակարգում։

Կարելի էր գրել նաև՝ խնդրի սահմանում։ Հիմնական խնդիրը իրավիճակը ընդունելն է ու առաջնահերթությունները սահմանելը։ Բնականաբար հիմնական առաջնահերթությունը փրկվելն է։ Սա չենք խառնում տարբեր կրոններում քարոզվող մահվանից հետո ունեցած փրկության հետ, խոսքը վերաբերում է այս կյանքում փրկվելու ու կյանքը քչից շատից մարդավարի շարունակելու հետ, այսինքն այս պարագայում՝ մեր փրկիչը մենք ենք։
Էստեղ կարևոր է ընդգծել, որ էլի կախված վիճակի ծանրությունից մարդս կարող է օգնության կարիք ունենալ, կամ դիմել հոգեթերապևտի, կամ հոգեբույժի, եթե տեսադաշտում կան այնպիսիք, որոնք ձեզ վերաբերվում են որպես հոմո սափիենսի ու ոչ թե բույսի՝ որին սելիտրա է պետք տալ։
Դիմում ենք լրացուցիչ ուղղություն ու խորհուրդներ ստանալու համար, ոչ մի դեպքում չենք դիմում հակադեպրեսանտներ ստանալու համար։
Վերջինիս համար կարող ենք պատահական կլինիկա մտնել, պատահական «մասնագետի» մոտ, շատ մեծ հավանականությամբ, մի թեթև զրույցից հետո կհեռանանք սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչներից մեկի դեղատոմսով, ու մի քանի շաբաթից դոզայի կոռեկցիայի նպատակով ստուգողական այցի հանդիպման նշանակմամբ։
Բայց մեր նպատակը ինքնախաբեությունը չի, այլ սեփական խնդիրները շտկելն է։
Ուրեմն զուգահեռ օգտակար քայլերից է հարազատների կամ մտերիմների հետ կիսվելը։ Եթե դժվարություն ունեք, գրեք հենց էստեղ, ես հենց դա էլ հենց հիմա անում եմ ։Ճ
Կարևոր է, որ այս մի քայլի ընթացքում մենք մի փոքր ամրապնդենք իքնավստահությունը, ու համոզվենք, որ շատ սխալ բաներ չենք անում ու ճիշտ ճամփի վրա ենք ու մի փոքր կարեկցանքն ու խրախուսնքները չեն խանգարի։
Ուրեմն առաջնահերթությունների մեջ ներառվում է կարճաժամկետ ու երկարաժամկետ փրկությունների պլաններ մշակելը։
Պարտադիր չի այս երկուսը հենց այս պահին կազմենք, երկարաժամկետը կարելի է թողնել մի փոքր ավելի ուշ, երբ որ խելքներս մի քիչ գլուխներս գա, հիշենք, որ հիմա միգուցե էդքան ադեկվատ ու ռացիոնալ չենք խոշոր որոշումներ կայացնելու ու կյանքի մեջ խոշոր փոփոխություններ իրականացնելու, ու օքեյ ա։
Ինքներս մեզ կրկնում ենք՝ ամեն ինչ օքեյ ա, օքեյ ա, օքեյ ա․․․

Իսկ կարճաժամկետ պլանը լինելու է ընդամենը հանգստի պլան, ուղղակի գրում ենք, թե ինչի կարիքը ամենաշատը ունենք, ասենք․
- քնի
- մեկուսանալու, կամ հակառակը՝ ընկերների ու հարազատների հետ շփվելու
- ոչինչ չանելու
- քաղաքից, երկրից դուրս գալու ու շրջագայելու (հա, բա ոնց, հեսա)
- մարմնամարզության` հեծանիվ ա, վազք ա, սարեր բարձրանալ է
- կինոներ նայելու, խաղեր խաղալու
- ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնելու
- բժշկի գնալու ու հետազոտվելու
- խորոված անելու
- տան պակաս-պռատ հարցերը լուծելու (եթե սա կարելի է անել առանց լարվելու, եթե չէ, հետաձգում ենք)
- և այլն, ու առանց շատ լարվելու մանրամասնեցնում ենք քայլերն ըստ օրերի

Կրկին կախված վիճակի ծանրությունից հնարավոր է, որ ցանկություն չունենանք կարճաժամկետ պլանը կազմելու, ու մեզ թվա, որ արդեն մեռնում ենք։
Էստեղ մի ռադիկալ լուծում կառաջարկեմ, որը կօգնի տագնապները հաղթահարելու։ Ուրեմն մեծ հավանականությամբ մենք իրականում դեռ չենք մեռնում, բայց մեռնելու միտքը հեռացնելը երբեմն խայտառակ բարդ է, մանավանդ դեպրեսիա ունեցողների մոտ։ Այստեղ օգնության է գալիս կոգնիտիվ վարքագծային թերապիան ու դրա ռադիկալ ձևերը (հիշում եք, չէ՞, ձեր կիլոմետրաժը կարող է տարբերվել)․
- Սենց թե նենց մի օր մեռնելու ենք, անիմաստ է դրա մասին ողջ օրը մտածելը, զբաղվում ենք այլ հարցերով, հետո կերևա, հիմա մեռանք՝ մեռանք, բոլորն էլ մեռնում են

Ընդհանրապես մեռնելու հետ հաշտ լինելը ավելի հանգստացնող է, քան անընդհատ կասկածելն ու քցել բռնելը, հիմա մեռնում ե՞նք, թե՞ չենք մեռնում, անիմաստ զբաղմունք է։
Եվ ուրեմն վերադառնում ենք կարճաժամկետ պլանին, հետո կերևա։

Ուրեմն ընթացքում պարտադիր փորձում ենք շտկել ապրելակերպի հետ կապված էն խնդիրները, որ տեսնում ենք․
- Քնում ենք ժամանակին, ցանկալի է մինչև 10-ը, վատագույն դեպքում՝ 11-ը
- Սնվում ենք բալանսավորված սնունդով, նորմալ ծամում ենք ամեն կուլ տալուց առաջ, միանգամից շատ չենք ուտում, շաքարն ու խմորեղենը հանում ենք
- շարժվում ենք, ինչքան հնարավոր է, կարելի է քայլել դրսերքում, եթե օդի որակի խնդիր չկա
- Կախված ֆիզիկական վիճակից կարելի է նաև ինտենսիվ, բայց կարճ վարժություններ անել, առանց շատ ծանրաբեռնելու, ծանրաբեռնված մարմնամարզությունը ավելի է հյուծելու

Եթե ինչ-ինչ բաներ դժվարությամբ են ստացվում, ապա չենք վհատվում, ինքներս մեզ ավելի շատ ժամանակ ենք տալիս վերականգնվելու ու հունի մեջ մտնելու
Ոչ մի տեղ չենք շտապում։ Այս հսկա տիեզերքում մեր միկրոշտապողականությունը ոչինչ է, մեր միկրոպրոբլեմները ոչինչ են։

Հա, եթե անգլերենը մեծ խնդիր չի, առաջարկում եմ աչքի անցկացնել այս հոգեբույժի (https://www.youtube.com/c/DrTraceyMarks/featured) վիդեոները։ Ինձ բավականին խելացի է թվում։

Վիշապ
15.09.2020, 04:41
Գնացինք առա՞ջ։

Ուրեմն, եթե հաջողվել է դադար վերցնել ու առաջնահերթությունների թեկուզ սևագիր կազմել, կամ մենք դրա ճանապարհին ենք, շնորհավորում եմ։
Այս փուլում հարկ է ուշադրություն դարձնել առաջացած ֆիզիոլոգիական խնդիրներին ու դրանք փորձել գնահատել ու լուծել հնարավորինս իրատեսորեն ու էֆեկտիվորեն։

Եվս մի փոքր ակնարկ։ Հուզական այրումը սովորաբար գծայնորեն զարգացող խնդիր չի լինում պացիենտների մեծամասնության մոտ։ Մեզնից մեծամասնության մոտ կյանքի ընթացքում լինում են սթրեսների վերելքնե՜ր, վայրէջքնե՜ր, օրգանիզմի վիճակի վատթարացումներ ու ռեմիսիաներ, մինչև ինչպես ասում են՝ օրերից մի օր դանակը հասնում է ոսկորին։ Ցանկալի է դրան չհասնել ու կանխել զարգացումը, բայց երբեմն նաև հասնում ենք ու անցնում ենք, դե հիմա պատահում է։
Երբեմն, մի մի փոքր ավելի համը հանած մարդկանց մոտ կարող են ապաանձնավորման (https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%BA%D5%A1%D5%A1%D5%B6%D5%B1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4)հատկանիշներ ի հայտ գալ, դա մոտավորապես այնպիսի վիճակ է, կարծես մենք հայտվել ենք վատ երազի մեջ, որտեղից ուզում ենք դուրս գալ, բայց չենք կարողանում։ Այլ բառերով ասած՝ սա հենց իրականության զգացումը կորցնելն է, սեփական մարմնից դուրս գտնվելու վիճակը, ներկան ժխտելու, կամ իրականությունը որպես այդպիսի չընդունելու ցանկությունը։ Սա նույն, կամ ավելի մեծ հաջողությամբ կարող է նկատվել կլինիկական դեպրեսիայով և/կամ տագնապային խանգարումներով տառապողների մոտ ու ինչպես վայթե արդեն նշել ենք՝ շատ դեպքերում հուզական այրումն ու կլինիկական դեպրեսիան ահագին ընդհանրություններ ունեն։
Դա նշանակում է, որ հաճախ լուծումներն էլ կարող են նույնը լինել, սակայն եթե հուզական այրման հիմնական պատճառը ասենք երկարատև անշորհակալ գործունեությունն է, ապա կլինիկական դեպրեսիայի պատճառները կարող են ամենատարբեր լինել, երբեմն էլ դեպրեսիան լինում է առանց ակնհայտ պատճառի, ինչը ամենևին չի ժխտում պատճառի գոյությունը (այն՝ ինչ որ մենք չենք տեսնում, չի նշանակում, որ չկա․․․ կամ կա․․․ մի խոսքով)։

Շեղվեցի, ոնց որ։ Հա, եվ ուրեմն այն դադարը, որ մենք վերցնում ենք ու հիմա զբաղված ենք առաջնահերթությունների պլաններ ու ֆլան-ֆստան կազմելով, ուրեմն մի պահ ստուգում ենք ինքներս մեզ՝ ոնց ե՞նք ֆիզիկապես մեզ զգում, խո տեղ-մեղ չի՞ ցավում, մարսողություն, տուալետ, սրտխփոց, հազ․․․ Իսկ մի հատ ուրիշ հարց տամ, իսկ մեր մարմինը ռեալ ե՞նք զգում, թե մի տեսակ զգացողությունները փոխվել են, բթացել են, մի տեսակ ռեալ չեն․․․ Շրջապատը իրական կոնտրաստի մեջ է՞ թվում, թե՞ մի տեսակ ոնց որ մշուշտ լինի, ժամանակը ոնց որ ավելի արագ է հոսում, կամ ավելի դանդաղ․․․
Համոզվում ենք, որ առնվազն մի քանի օր անցել է վերջին մարիխուանա ծխելուց, և/կամ ալկոհոլային խումհարից։

3․ Ախմախ սովորույթներից ազատում

Ուրեմն խրոնիկ հուզական այրման մեջ գտնվողների (հատկապես տղամարդկանց) մոտ կարող են հակումներ լինել ավելի շատ ալկոհոլ օգտագործելու, կամ ծխելու, կասկածելի ընկերների, կամ «զուգընկերների» հետ «քարշ գալու», կամ պոռնոգրաֆիայով տարվելու, երբեմն էլ՝ թմրադեղերով գայթակղվելու։ Միանգամից ասեմ, որ դա ամենակարճ դժոխք տանող ճանապարհն է, ուստի էն առաջնահերթությունների ցուցակը կազմելիս ուշադիր ենք լինում ու ախմախություններից ազատվելը մղում ենք դեպի երկրորդ կետ, այսինքն՝ 1․ Դադար, 2․ Ախմախ սովորույթներից ազատում։
Միանգամից ասեմ, որ ախմախ սովորույթների մեջ է մտնում առաջին հայացքից մի այնպիսի անմեղ բան, ինչպիսին՝ ծխելն է, կամ կոֆեն չարաշահելը (օրեկան 3+ բաժակ, բայց մարդ կա՝ մի բաժակն էլ է բավարար տագնապները սրելու համար)։
Սուրճի չափից ավելի օգտագործումը վատացնում է քնի որակն ու ուժեղացնում տագնապները, սա պահում ենք մտքում։
Ես առաջարկում եմ սա անել մինչև մեր ֆիզիոլոգիական խնդիրները գնահատելն ու դրանց լուծումներ տալը, գոնե փորձել։ Միանգամից ասեմ, որ կամքի ուժ չունեցողների, կամ թուլամորթության հատկանիշներ ցուցաբերողների մոտ շատ բան ինքնուրույն բարդ կլինի լուծելը, և եթե կասկածներ կան, ապա ցանկալի է դիմել բժշկի, նաև ծխելուց հրաժարվելու համար։ Եվ այս ինքզինքի փրկության խնդիրը համարեք ինքներդ ձեզ համար փորձություն, որը հաղթահարելիս ձեզ մեծ պարգևատրում է սպասվում, դուք կվերադրձնեք ձեզ ձեր իրականությունը, որը հաստատ ավելի սարսափելի չի, քան այն երազը, որի մեջ հայտնվել եք։

Հաջորդիվ, կխոսենք տագնապների մասին։

Վիշապ
15.09.2020, 07:22
Հաճախ, ես կասեի՝ դեպքերի մեծամասնությունում, մարդը բավական ուշ է կռահում, որ ինչ-որ բան չյո-տը-նի-տո ա։ Ու կռահելուց հետո էլ բավական ժամանակ է անցնում, մինչև մարդը հասկանում է, որ էդ չյո-տը-նի-տոն իր մեջ է, որոշ դեպքերում՝ էդպես էլ չի հասկանում։

Ու էդ չյո-տը-նի-տոն հաճախ մոտավորապես այսպիսի զգացողությամբ է հանդես գալիս՝ դու նստած ես թախտին ու քեզ զգում ես այնպես, ինչպես կզգայիր, որ հանկարծ քեզ վրա մե՜ծ գորշ արջ հարձակվեր։ Երբեմն էլ զգում ես այնպես, կարծես էդ արջը արդեն քեզ բռել է, ու մարմնիդ ինչ-որ մասից սկսել է պատառներ պոկել ու ուտել։ Ու, ոնց որ երազում լինի։ Պատահե՞լ է։ Եթե այո, շնորհավորում եմ, մենք մեր կաշվի վրա զգում ենք, թե ինչ են տագնապային խանգարումներն ու կլինիկական խուճապը։

Առօրյա տագնապներն ու տանգապային խանգարումները տարբեր են, մենք կարող ենք տագնապել իրական վտանգներից՝ իրական արջից, ավտովթարի հավանականությունից, ուժեղ պայթյունից, երակի կտրվածքից ու ֆշշացող արյունից․․․ Շատ համը չհանեմ :Ճ
Երբ որ մեր նյարդերն ու ուղեղի նեյրոնային կապերը քայքայված են, ապա մենք կարող ենք ունենալ տագնապային զգաղոցություններ առանց որևէ իրատեսական պատճառի։ Ասենք պատկերացրեք, մի որևէ էկզոտիկ կղզում, ծովի ափին նստած դիտում ենք մայրամուտը, բայց մարմնում ճնշում կա, կոկորդում՝՝ կծիկ, ծոծրակում՝ ծակծկոցներ, ոնց որ մի տեսակ նվաղես՝ առաջին ամուսնական գիշերը անսպասելի տհաճ հայտնություն կատարած հարսի պես․․․ Ու պահի տակ սկսում ես չլսել ալիքների հաճելի ճլմփոցը, արևի կողքի բոսորագույն ամպերը, ոտքերդ գրկող ավազի տաքությունը, կողքովդ անցնող նանարի խաղերը․․․ Մի խոսքով։

Հա, ուրեմն տագնապային խանգարումների դրսևորումները տարբեր են, բայց առավել հաճախակի հանդիպողներից վայթե էս երկուսն են՝
- Կարճաժամկետ, կամ երկարաժամկետ (ասենք՝ կյանքում) ինչ-որ բան չհասցնելու, չավարտելու, կորցնելու, բաց թողելու կամ նմանատիպ մի բանի զգացողություն՝ տագնապ
- Սեփական առողջական վիճակի, էս կամ էն ֆիզիոլոգիական ախտանիշի վրա ֆոկուս եղած ու էդ ախտանիշը, կամ ախտանիշները ամենատարբեր մահացու խնդիրների (սրտամկանի ինֆարկտ, ուռուցքներ) հետ ասոցացնելու հակում, ու դրա հետ կապված... էլի տագնապ

Կարող են նաև այլ լինել, ասենք հարձակման, երկրաշարժի, կոնորավիրուսով, կամ մեկ այլ չոռով վարակվելու վախերից բխող տագնապներ… Էստեղ հիմնական մեխն այն է, որ այդ տագնապները ոչնչով չհիմնավորված տագնապներ են, որոնք ոչ մի կերպ արագ չեն անհետանում:

Տագնապային խանգարումները հուզական այրման մեջ գտնվողների մոտ հաճախ են հանդիպում: ՈՒ հաճախ նրանք նաև հանդես են գալիս դեպրեսիայի ախտանիշների ձեռքը բռնած, դեպրեսիաներն ու տագնապները քույր ու եղբայր են: Շատ կարևոր է, որ մարդը սկսի գիտակցել, որ կա այդպիսի մի բան՝ տագնապային խանգարումներ, ու դա սեփական մարմնի կլինիկական դրսևորում է, որը իրական կյանքի ու վտանգների հետ կապ չունի:

4. Ֆիզիոլոգիական խնդիրների վերլուծություն, իրական խնդիրների տարբերակում ու բուժման մեթոդների ընտրություն

Տևական հուզական այրման մեջ գնտվելուց, նորմալ է, որ մենք ունենք ֆիզիոլոգիական խնդիրներ, բա ի՞նչ էինք կարծում :Ճ
Դրական «նորությունն» այն է, որ այդ խնդիրները դեպքերի մեծամասնությունում մահացու չեն, դե վիճակագրորեն… Ամեն դեպքում արժի հայելու մեջ նայել ու համոզվել, որ էնտեղ ճապոնացու դեմք չենք տեսնում:
Էդ խնդիրները անհրաժեշտ է փորձել օբյեկտիվորեն հասկանալ, որպեսզի դրանց դրվող լուծումները լինեն էֆեկտիվ, հակառակ պարագայում ձեզ կարող է սպառնալ երկար ու բարակ քարշ գալ մի հիվանդանոցից մյուսը, ծանոթանալ երկրի բոլոր «լավագույն» բժիշկների հետ, ստամոսը բռերով լցնել տարբեր գունավոր կոճակներ, տուտուզի վրա ասեղների ծակոցներից կայուն ցավոտ հանգույց գոյացնել, ու... մնալ նույն, խրոնիկ սիմպտոմներով տառապող դժբախտ, թշվառ ու արդեն աղքատացած մեկը:
Նույնիսկ երբեմն ձեր վզին շնչելու ապարատ կփաթաթեն, տարբեր գրելկաներ, կլիզմայի ապարատներ...

Էս փուլում հարկավոր է գիտակցել, որ ֆիզոլոգիական ախտանիշների մի զգալի մասը կարող են հոգեբանական լինել, կամ լինել երկարատև սթրեսի արդյունք: Առհասարակ շատ հիվանդություններ կարող են լինել սթրեսի արդյունք: Ու եթե փորձում ենք բուժել հիվանդությունը առանց սթրեսից ազատվելու, ապա բժիշկներն ունեն դրական նորություն՝ հերթական ցմահ մշտական հաճախորդը: Ընդհանրապես բժշկանան հետազոտությունների միջով անցնելն ու տարբեր բժիշկների հետ գլուխ դնելը ինքնին կարող է լրացուցիչ սթրեսի աղբյուր լինել, ու չափից հաճախ բժիշկների մոտ այցելությունից ու դրական էֆեկտներ չստանալուց կարելի է հուզական այրում ստանալ:

Դրա համար եթե մենք ունենք իսկապես անհանգստացնող սիմպտոմներ, որ կարծում ենք լավ կլինի դրանց համար հետազոտվել, ապա իսկապես արժե մի խելքը գլխին թերապևտի մոտ գնալ, մեկ մեկ հանդիպում են, որ նաև քթի ծակ ունեն հասկանալու, որ ձեր խնդիրների մի մասը կարող են հոգեկան լինել, հայերս «հոգեկան» բառից խրտնում ենք, ու գերադասում ենք «հոգեբանականը», թող լինի հոգեբանական: Բայց պարտադիր նախքան բժշկի գնալը, խելացի մարդիկ խորհուրդ են տալիս մի քիչ ինֆորմացիա հավաքել դեսից դենից (ասենք՝ ինտերնետից, կամ akumb.am-ից) ու կազմել ձեր հարցերի ցուցակը ու նաև պարտադիր բժշկին հաղորդել, որ հնարավոր է, դուք գտնվում եք սթրեսների և/կամ հուզական այրման մեջ, բժիշկների մեծ մասը ձեր կյանքի կամ ապրելակերպի վերլուծության վրա ժամանակ չեն ծախսի (բացի այն դեպքերից, երբ դուք գնում եք ժամավճարով հոգեբանի մոտ), ուստի անհրաժեշտ կլինի էֆեկտիվորեն նախապատրաստվել անցկացնելու այդ 10-20 րոպեն, որ նրանք մեծահոգաբար կհատկացնեն ձեր դժգոհությունները լսելուն ու այդ ընթացքում եթե ձեր բախտը բերի՝ նաև ճիշտ խորհուրդներ տալուն, կամ հետազոտություններ կամ դեղորայք նշանակելուն։

Բայց այստեղ չենք մոռանում մի կարևոր հանգամանք, այն է, որ ձեր զգացողություններն ու ֆիզիոլոգիական սիմպտոմները կարող են ընդամենը տագնապային խանգարման արդյունք լինել, այն է՝ հիպոխոնդրիա (https://en.wikipedia.org/wiki/Hypochondriasis), սա տագնապային խանգարում է, որի դեպքում մենք անընդհատ անհանգստանում ենք, ես կասեի՝ տագնապում ենք, որ ունենք ինչ-որ լուրջ հիվանդություն, եվ անընդհատ ստուգում ենք մեր ունեցած այս կամ այն ախտանիծները, փնտրում ինտերնետում, ու գնտված համընկնումների ցուցակի մեջ առանձնանցնում հատկապես ծանր հիվանդությունները։
Երկու օրինակ բերենք։
Օրինակ 1․ Հաճախ երկարատև սթրեսների արդյունքում մարդուս մոտ կարող են առաջանալ ստամոքսաղիքային խանգարումներ՝ փորկապություն, կամ լուծ, անկանոն տուալետ, չմարսված սննդի մնացորդներ, գազյիկներ, սրտխառնոց և այլն։ Հաճախ բժիշկները որևէ լուրջ պաթոլոգիա չեն հայտնաբերում բացի նշված սիմպտոմներից ու որակում են հիվանդությունը որպես գրգռվախ աղիքի սիմպտոմ, որը ինքնին բավականին տհաճ բան է, բայց դրական կողմն այն է, որ մարդս ավելի ու ավելի չի վատանում ու ի վերջո չի մեռնում դրանից։ Բայց ահա հիպոխոնդրիայով տառապողները կարող են կասկածել բժիշների երակացությունների վրա ու որոշել, որ պատճառը ստամոքսի խոցն է, աղիների, կամ ենթաստամքսային գեղձիմ կամ լյարդի քաղցքեղը և այլն։ Օրինակ հաճախ են մարդիկ հաստ աղիքի գազային կուտակումից առաջացած ցավը խառնում ասենք լյարդի ցավի հետ (դե ոչ բոլորը գիտեն բոլոր օրգանների ճշգրիտ տեղերը)
Օրինակ 2․ Հաճախ, երկարատև նստակյաց վիճակից, և դրան հաջորդող կտրուկ շարժումներից, ասենք մարդս ողջ օրը նստել է կոմպյուտերի դիմաց ու օրվա վերջում դուրս է գալիս վազելու, բնականաբար՝ առանց մարդավարի տաքանալու ու ձգումների: Ինչը կարող է բերել կրծքավանդակի դիմացի աճառային հյուսվածքների կարճաժամկետ բորբոքման՝ կոստոխոնդրիտ (https://en.wikipedia.org/wiki/Costochondritis) (նույնիսկ հայերենը չեմ գտնում), սա չափազանց հաճախակի հանդիպող ֆենոմեն է, բավականին անշառ, բայց կարող է առաջացնել չափազանց սուր ու տհաճ ցավ կրծքավանդակում, ինչպես նաև ճառագայթել դեպի մեջք, զուգահեռ դժվարացնելով մարդուս շնչառությունը։ Եվ մեզ այս պարագայում ի՞նչ է թվալու՝ դե իհարկե, մենք սրտամկանի կաթված ենք տանում։

Իհարկե սա չի նշանակում, թե ախտանիծները պետք է անտեսել, ու տժժալ (մենք ոչ մի պրոբլեմ չունենք, սաղ հոգեկան ա:D), բայց որպեսզի չբարդացնենք մեր առանց այդ էլ արդեն բարդացված կյանքը, ցանկալի է փորձել հնարավորինս լինել դիսկրետ ու օգտագործել ողջամտության ու սառնասրտության մնացորդները, եթե այդպիսիք մնացել են մեր չարչրկված ուղեղում։

Հուզական այրումից դուրս գալը շատ ավելի համալիր լուծումներ, համառություն ու համբերություն է պահանջում, քան կարող է թվալ։ Հետևաբար ավելացրեք ձեր առաջնահերթությունների ցուցակում՝ համբերություն, սառնասրտություն, ու կրկնում ենք՝ ամեն ինչ օքեյ ա, օքեյ ա, օքեյ ա․․․

StrangeLittleGirl
15.09.2020, 12:04
Քանի որ Վիշապը խնդրել էր, էս թեմայում էլ գրեմ, գնամ։ Ոչ բոլոր գրառումներն եմ կարդացել թեմայում։

Բըրնաութն ընդհանրապես ակադեմիական միջավայրում ահավոր տարածված ա. ես լիքը կոլեգաներ եմ ունեցել, որ դրա պատճառով sick leave֊ի են գնացել, որովհետև ահավոր երկարատև ժամերով ու չվարձատրվող աշխատանք ա (նկատի ունեմ՝ լրացուցիչ ժամերի համար չվարձատրվող), մրցակցային միջավայր ու որպես կանոն շեֆությունից ոչ մի գովեստի խոսք։ Ինքս էլ երկու անգամ բըրնաութի շեմին եմ էղել լրիվ հինգ պակաս վիճակում, բայց ժամանակին կանխարգելել եմ։ Իսկ ո՞նց։ Ուղղակի երկու անգամն էլ տարվա վերջն էր, ու ձմեռային արձակուրդն օգնեց, պլյուս երկու անգամն էլ էդ արանքում ուրիշ աշխատանքի առաջարկ էի ստացել ու ընդունել, ու չնայած էդ աշխատնաքներից մեկը մյուս փետրվարին նոր սկսվելու ա, բայց ուրիշ տեղ պահանջված լինելու զգացողությունը հոգեբանորեն բավական լավ ա ազդում։ Հա՛, թերապիայի էլ եմ գնացել, որ ուղղակի խեղկատակություն էր։

Մի քիչ զարմանում եմ, որ էստեղ դեղ նշանակելուց եք խոսում, որովհետև չնայած որ օրինակ Դանիան պեր կապիտա ամենաշատ հակադեպրեսանտ սպառող պետությունն ա, բըրնաութի դեպքում էստեղ հակադեպրեսանտ չեն նշանակում։ Սովորաբար էս խնդիրներն ավելի համալիր լուծում են ստանում։ Հարցն էն ա, որ եթե մի աշխատավայրում մի հոգի ունի բըրնաութ, հավանականությունը մեծ ա, որ ինքը միակը չի։ Իմ նախկին գործի տեղը օրինակ էլի շատերը կային (էդ ժամանակ ես լավ էի, բայց հողը մանրից նախապատրաստվում էր :D ), ղեկավարությունն ինչ֊որ թրեյնինգներ֊բաներ էր կազմակերպել կոլեկտիվ հուզականության, տո եսինչ գիտեմ ինչի մասին։ Հետո, մեզ մոտ պարբերաբար հարցումներ են անում աշխատավայրերում։ Ու որտեղ խնդիրներ կան, անմիջապես արհմիությունների օգնությամբ անդրադառնում են դրանց։ Մի խոսքով, չնայած լիքը կանխարգելիչ միջոցառումներին, էլի լիքը լինում են դեպքեր։ Էդ դեպքում հակադեպրեսանտների վրա նստացնելու փոխարեն ուղարկում են թերապիայի (կոնկրետ աշխատավայրի հարցերում մասնագիտացած թերապիստներ են) ու վճարովի sick leave֊ի մի քանի ամսով։

Ինչ վերաբերում ա ապրելակերպում փոփոխություններ մտցնելուն, ապա դա ճոխություն ա, որ ոչ բոլորը կարան թույլ տան։ Ես հիշում եմ՝ որ Ֆինլանդիայում էդ հինգ պակաս վիճակում էի, ինձ կողքից խորհուրդ էին տալիս, թե հոբբիներով զբաղվի, մարզվի, էս արա, էն արա։ Նեա, ոչ մի բան չես կարա անես։ Նախ որտև ժամանակ չկա։ Իսկ էն քիչ ժամանակն էլ որ կա, լրիվ բթացած վիճակում ես, ոչ մի բան չես կարում անես։ Ես սկի չէի կարողանում ճաշ էփել, իսկ ավելի ուշ նույնիսկ չէի կարողանում ուտել։ Դեռ ես հնարավորություն ունեի աշխատանքս փոխելու, բայց լիքը մարդիկ բըրնաութի մեջ դրա հնարավորությունը չունեն ուղղակի, դրա համար բանը բանից անցնում ա կամ էլ նստում են դեղերի վրա։ Չէ՛, իրանք թամբալ չեն, անուղեղ չեն, ուրիշ բան չեն։ Ուղղակի իրանց կյանքի պայմաններն իրանց թույլ չի տալիս, իրանց խնամքի տակ կարան էրեխեք լինեն, որոնց միակ կերակրողն են, կարան իմիգրանտ լինեն, ում էդ պետությունում գտնվելը կախված ա հենց կոնկրետ էդ աշխատանքն ունենալուց ու լիքը ուրիշ հարցեր։ Պետք չի տենց միանգամից թամբալի պիտակ կպցնել։

Ու կարանք լիքը աղյուսակներով համեմատենք, թե բըրնաութը դեպրեսիայից ինչով ա տարբերվում, բայց իրական կյանքում ամեն ինչ շատ բարդ ա, սիմպտոմները շատ խառն են։ Իրականում մի պարզ տարբերություն կա. մարդուն ուրիշ աշխատավայրում դնելով որևէ բան փոխվու՞մ ա, թե՞ չէ։ Եթե հա, ուրեմն բըրնաութ էր։

Իսկ թե ինչու Հայաստանում չկա բըրնաութ, կարծում եմ՝ մի քանի պատճառ կա։ Նախ, կա, ռեանիմատոլոգ ընկերներիս մոտ տեսել եմ, ուղղակի չի խոսվում դրա մասին, պլյուս աշխատողի հոգեկան ու ֆիզիկական առողջությունը Հայաստանում զրո արժեք ունի։ Երկրորդ, մենք՝ հայերս, բավական կոփված ազգ ենք, ինչ քաքի մեջով ասես չենք անցել, ու մեզ կոտրելն էնքան էլ հեշտ չի, ի տարբերություն օրինակ փափուկ պահած դանիացիների, որ եթե հանկարծ շեֆն ասում ա՝ մի ամսից հոդվածը սեղանիս լինի, միանգամից հազար կտոր են լինում։ Երրորդ՝ Հայաստանում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, քան բըրնաութը։ Գնահատված լինել֊չլինելու, հանգստանալու ժամանակ ունենալ֊չունենալուց առաջ մարդիկ զուտ գոյության կռիվ են տալիս։ Ասենք նույն էն ժամանակ, երբ ես Ֆինլանդիայում իմ բըրնաութի դեմ կռիվ էի տալիս, մամաս Հայաստանում քաղցկեղով էր դիագնոզվել ու պետք էր քիմիայի փող ճարել, էդ փողն էր որոշելու մամաս ապրելու ա, թե չէ։ Դրա ֆոնին իմ հոգեհուզական վիճակը հենց նաև ինձ համար խիստ անկարևոր էր։

Վիշապ
15.09.2020, 23:30
Քանի որ Վիշապը խնդրել էր, էս թեմայում էլ գրեմ, գնամ։ Ոչ բոլոր գրառումներն եմ կարդացել թեմայում։

Շա՜տ շնորհակալ եմ ։Ճ Ես ասում էի՝ մեկը օգներ՝ շարունակեինք խրոնիկ այրումից դուրս գալու ելքերն ու միջոցները գրի առնելը, ոչ թե Դանիայի կյանքը պատմեիր ու գնայիր։
Էնքան հոգնած եմ, որ գրած տեքստերիս տառասխալներն ու ոչ միայն, կեսերից սկսում եմ չնկատել, հիմա նայում եմ, խայտառակություն եմ գրել ։Ճ


․․․ բայց ժամանակին կանխարգելել եմ։ Իսկ ո՞նց։ Ուղղակի երկու անգամն էլ տարվա վերջն էր, ու ձմեռային արձակուրդն օգնեց, ․․․
Բախտդ բերել է՝ Եվրոպայում ես։ Նահանգներում արձակուրդներին կաշխատեիր ու կհասնեիր դռակոնի լեյվլ։ Ես ահագին դժվար եմ պատկերացնում արձակուրդներին, կամ շաբաթ-կիրակի, կամ ժամը 5-ից հետո աշխատող եվրոպացի, ողջ կյանքումս մի երկու կտտցրածի եմ հանդիպել, որ փառասիրությունը մեջներն ավելի շատ էր, քան կյանքը վայելելու ձգտումը։ Իսկ սիլիկոնային հովտում գիշերվա կեսին մարդիկ կոլեկտիվ աշխատում են, իրար հետ տելեկոնֆերանսին կպած, ասենք՝ հեղինակավոր Apple-ում։ Հենց էրեկ գիշերվա 3-ին կնկաս բռնի ուժով եմ քարշ տվել կոմպի մոտից ննջարան :D


Մի քիչ զարմանում եմ, որ էստեղ դեղ նշանակելուց եք խոսում․․․
Էստեղ խոսում ենք, ավելի շուտ՝ ես մենախոսում եմ արդեն իսկ բըրնաութի մեջ հայտնված ու էնտեղ երկար լռված վիճակից դուրս գալու մասին։ Դեղերը հաճախ նշանակում են բժիշկները, որովհետև բըրնաութի մեջ հայտնված մեկի ախտանիշները կլինիկական դեպրեսիա են, որ կան։ Բարեբախտաբար մեծամասամբ ատիպիկ դեպրեսիա են, բայց դե դեպրեսիան էլ մեծամասամբ ատիպիկ է լինում ։Ճ

Վիշապ
16.09.2020, 01:42
Որ ասում էի՝ հայերիս մեծ մասը այ սենց թքած վերաբերմունք ունի, ճիշտ էի ասում։

Ինչևէ, փորձենք շարունակել։
Ուրեմն, երբ որ մարդս մի փոքր ուշքի է գալիս դադարից, ասենք՝ կարճաժամկետ պլանով մի փոքր «հանգստանալու» ընթացքում, ապա հետագան շարունակելը կարելի է փորձել հետևյալ հիմնական ուղղություններով.
1. Մտածողության վերականգնում և/կամ առողջացում, կայուն դիմադրողականության հաստատում, ԿՎԹ
2. Ֆիզիոլոգիական խնդիրների շտկում, ապրելակերպի փոխակերպում
3․ Աշխատանքի, կամ այն խնդիրների, որոնք մեզ հասցրել են հուզական այրման, վերանայում ու վերաարժեքավորում, կարիերայի և/կամ անձնական կյանքի առաջնահերթությունների վերադասավորում

Հարկ է նշել, որ ոչ բոլորն են ի վիճակի լինելու ինքնուրույն փորձերով հաջողությամբ դուրս գալու իրավիճակից:
Հնարավոր է, որ կարճատև դադարը օգնել է մի փոքր օբյեկտիվորեն գիտակցելու ինքզինքի առողջության ոռայինությունը, բայց հաճախ
անհրաժեշտություն կզգացվի օգնության դիմել: Մի խելքը գլխին մասնագետ, և/կամ հարազատ մարդ, ու գուցե օնլայն կապ նմանատիպ խնդիրներ ունեցողների հետ, akumb.am, բան...
Այս փուլում օբյեկտիվ իրականությունը ամբողջությամբ գիտակցելը մի փոքր բարդ է, մանավանդ եթե մարդուս մոտ նկատվում է արտահայտված դեպրեսիա, և/կամ ապաանձնավորում, տագնապներ, ուստի մարդս կարող է կամ թերագնահատել իրավիճակի ծանրությունը, կամ էլ գերագնահատել ու դիմել անիմաստ ծայրահեղ քայլերի։

Հուզական այրումից դուրս գալը երբեմն նույնքան բարդ է, որքան ասենք կլինիկական դեպրեսիան ամբողջությամբ բուժելը, ու երբեմն էլ չի հաջողվում 100%-ով վերականգնվել ու ունենալ նախկին 25 տարեկանի էներգիան ու խանդավառությունը, հետևաբար մեկ անգամ էլ կրկնենք, անհրաժեշտ է ձևավորել իրատեսական սպասելիքներ, կամ էլ կայուն «օքեյ» վերաբերմունք հաստատել ցանկացած արդյուքների ու նորանոր փորձանքների նկատմամբ։ Սա ռադիկալ-հանգիստ մտածողության ձևավորումն է, որին կանդրադառնանք։
Ու ինձ թվում է, որ թեման պոտենցիալ կարող է օգտակար լինել ատիպիկ դեպրեսիա և/կամ տագնապային խանգարումներ ունեցողներին։
Եթե այդպիսիք կան ու կարդում են, կառաջարկեմ թեմայում պատմել ձեր խնդիրների ու նաև ձեռնարկած քայլերի, կամ լուծումների մասին, որոնք ձեզ օգնել են, կամ՝ չեն օգնել։
Հուշեմ, որ խնդիրներով կիսվելը ձեզ վրա կարող է դրական թերապևտիկ ազդեցություն թողնել։

Քիչ-քիչ գրեմ, որ սխալների հավանականությունը քչանա։

(շարունակելի)

Նաիրուհի
16.09.2020, 17:21
Իմ դեպքում ախտորոշված դեպրեսիային գումարվեց burnout-ը։ Վերջին 1-1,5 տարին անտանելի էր։ Հա, իմ դեպքում ոչ թե աշխատանքով էր պայմանավորված, այլ դասեր+ծանր վիճակում գտնվողի խնամք+լիքը պարտավորություններ+ոչ մի ֆիզիկական/հոգեբանական աջակցություն չունենալ+եղբորս ու մամայիս մոտ առողջական ու հոգեբանական խնդիրներ (ու էս ամենի ֆոնին ձևացնել, որ ամեն ինչ լավ ա, որ ուրիշներին չանհանգստացնես)։ Ապրիլի կողմերը էնքան ջախջախված էի զգում, որ ապատիայի գերադրական աստիճան էր սկսվել։

Ինչն աշխատեց իմ դեպքում։

Հասկացա, որ հոգեպես ու ֆիզիկապես էնքան եմ սպառված, որ դրանից վատ լինել չի կարող։
Համակերպվեցի վիճակի հետ, հասկացա, որ ոչինչ փոխել չեմ կարող։
Հաշտվեցի անկարողության հետ։
Թքած ունեցա պարտականությունների վրա ու դադարեցի որևէ բան անել, բացի շանս մասին հոգ տանելուց։
Սկսեցի չմտահոգվել ոչ իմ, ոչ ուրիշների, ոչ էլ մարդկության ապագայի համար :D

Ինչպես սկսեցի վերականգնվել (դեռ պուճուր քայլեր եմ անում, բայց զգում եմ, որ ճիշտ ուղու վրա եմ)։

Մի անգամ պատահաբար պատասխանեցի ուրիշ երկրում ապրող ընկերուհուս զանգին։ Գիտեի, որ ինքն էլ խնդիրներ ունի ու ամիսներով կապի դուրս չի գալիս։ Զարմանալիորեն լավ էր։ Ինձ կարողացավ համոզել հանձնվելուց առաջ մի անգամ էլ փորձել, ու իր հոգեբանի համարը տվեց։
Մի քանի օր ինքս ինձ համոզելուց հետո գրեցի էդ հոգեբանին։ Իննձ համար ժամանակ գտավ։
Սկսեցինք համատեղ աշխատել կյանքի վերադառնալու ճանապարհային քարտեզի վրա (էս փուլը լիքը վայրիվերումներով ա մինչև հիմա․ խուսափողականություն, հոգնածություն, թքած ունենալու նոպաներ, բան)։
Շարունակեցի պատասխանատվություն չվերցնել, քանի դեռ սիրտս կանգնում էր էդ մտքից։
Ինձ թույլ տվեցի չունենալ ակնկալիքներ, պլաններ, երազանքներ, բայց փորձել ապրել "ինչ կլինի՝ կլինի" սկզբունքով։
Եղանակը լավացավ։
3 շաբաթով գնացի հանգստանալու՝ էդ ընթացքում ընդհանրապես չմտածելով, թե հիմա առանց ինձ աշխարհը փլվելու ա, շունս հիվանդանալու ա, համալսարանից հեռացվելու եմ, կամ էլ մարդ ա մեռնելու։
Սկսեցի քիչ-քիչ խոսել մարդկանց հետ առանց գնահատականների կամ հավանական կարծիքների մասին մտահոգվելու։ (Ապատիայի արձագանքներն են, բայց հլը որ դրական ա ազդում իմ տագնապայնության ֆոնին)։
Հասկացա, որ աշխարհը չի քանդվում։
Կորոնան օգնեց։ Հասկացա, որ ոչ միայն ես եմ վատ ու տեղում դոփում եմ, այլև մարդկանց մեծ մասը (կներեք ցինիզմի համար :oy )

Արդյունքում մոտ երեք ամսում էնքան վերականգնվեցի, որ ի վիճակի եղա վերականգնվել համալսարանում (էլի շնորհակալություն կորոնային ու համալսարանի սրտացավ աշխատողներին)։ Կարողացա մասամբ լուծել 4-5 ամսվա ընթացքում կուտակված հարցերը, շտկել նաև ինձ վրա ազդած բացթողումները, դիմել և ստանալ ինտեգրացիայի ժամկետի երկարաձգում, ստեղծել տանն ինձ համար սեփական անկյուն, ուր կարելի է մտնել միայն թույլտվությամբ։ Կարողացա օգնություն խնդրել էն հարցերի համար, որոնք միայնակ լուծելն ուժերիցս վեր է։ Առաջին անգամ Նիդեռլանդներում գտնվելուս մոտ 4 տարվա ընթացքում կարողացա սոցիալիզացվելու փորձեր անել (չվախենալ ցույց տալուց, թե ես ով եմ, չվախենալ ու չամաչել հազար ու մի պրիմիտիվ բաների համար, որոնք թաքցնելու համար նախկինում խուսափում/վախենում էի մարդկանցից)։ Որոշ նախկին պարտականություններ սկսեցի վերածել հաճույքի ու ժամանցի, թեկուզ դաս սովորելը կամ շանս հետ զբոսանքը։ Սկսեցի քիչ-քիչ հոգ տանել իմ մասին (օրը գոնե մի անգամ սնվել, շաբաթը գոնե մեկ-երկու անգամ լողանալ ու էս մակարդակի տարրական բաներ։ Նույնիսկ մի անգամ մատնահարդարման եմ գնացել, ինքնուրույն մազերս եմ կտրել/ներկել)։

Կարծում եմ՝ անհատական ա, թե ում մոտ ոնց ա դրսևորվում, կամ ում դեպքում հաղթահարելու ինչ միջոցներ կաշխատեն։ Ինձ համար որոշիչ եղավ էն գիտակցումը, որ ամուր կանգնած եմ հատակում, ու դրանից էն կողմ ինչ էլ լինի, արդեն մեկ ա։ Տենց որոշ ժամանակ լռվեցի, հաշտվեցի վիճակի հետ, որոշեցի այլևս ոչինչ չփոխել, հետո ճիշտ ժամանակին ճիշտ մարդ հայտնվեց ու իր օրինակով ցույց տվեց, որ հատակից բարձրանալու տարբեր ձևեր կան, ու որ դա ընդհանրապես հնարավոր ա։

Վիշապ
17.09.2020, 04:21
Նաիրուհին հիշեցրեց, որ ես կարևոր բաներ եմ մոռացել նշելու: Ոչինչ, աշխարհի վերջը դեռ չի եկել, ուստի նշենք որոշ մոռացվածներից:

Ընդհանրապես, ներքոհիշյալներից յուրաքանչյուրը առանձին թեմայի նյութ կարող է լինել, ու կապ ունենալ որոշ հոգեկան հիվանդությունների հետ,
բայց ես ձեզ մի բան ասեմ©. այս ախտանիշների մեծ մասը իրար կամ բարեկամներ են, կամ էլ դավադրության պլանի մաս են, սրանք իրար հետ այս կամ այն չափով կապ ունեն։
Կարճ ասած՝ քայքայված նյարդերով մարդու մոտ սրանք կամ էպիզոդներով, կամ բոլորը միասին հանդես են գալիս, մոտավորապես այսպես․

https://youtu.be/ybKWvtqIGC0

Եվ հիմնականում, ես կասեի՝ վայթե դեպքերի գերակշիռ մեծամասնությունում, հոգեկան հիվանդությունները չարչրկված ուղեղի ու սթրեսների արդյունք են:

Սոցիոֆոբիա

Սոցոֆոբիան դա մենակության ձգտումը չի, ասենք կան լիքը առողջ մարդիկ, որ մյուսների հավեսը շատ չունեն ու իրենք իրենց վայելում են բնության մեջ,
կամ ասենք՝ իրենց իզոլացված աշխատանքի, երաժշտության, ձկնորսության, դիլդոների ու սեքս տիկնիկների, և այլնի հետ, շատ չմանրանանք։
Բայց այսպիսիք խնդիր չունեն մեկումեջ «քաղաք իջնելու» ու խանութներով ֆռֆռալու, կամ ընկերներով գարեջուր խմելու, գիշերային ակումբներում «պրիվատ» վերցնելու և այլն:

Սոցիոֆոբիան տագնապի, կամ խուճապի զգացողություն է, երբ հարկ է լինում այս կամ այն կերպ առնչվել էն, էն, էն․․․ մարդկանց հետ։
Նույնիսկ մի հասարակ բան, ասենք պետք է տնից դուրս գալ ու ասենք հաց առնել… Աա երբեմն լուրջ պրոբլեմ է ու կարելի է մահանաներ ման գալ՝ մի փոքր այն հետաձգելու, դե հաց առնելու վերջում կարող է self-checkout-ում խնդիր լինի, կարիք ունենաս խանութի աշխատողի օգնությանը դիմելու, օյ օյ օյ։
Կամ, եթե խանութը self-checkout չունի, ըմմմմ․․․ «բարև, ոնց ե՞ք, ամեն ինչ կարգի՞ն է... ձեզնից այսքան... շնորհակալություն, հաճելի օր», սոսկալի է:
Իսկ գուցե խանութում հաց չկա, գուցե զանգել է պետք… Իսկ ի՞նչ հարցնել զանգելիս, ճիշտ կլինի՞ «բարև ձեզ, ուզում էի իմանալ»... թե՞ «բարև ձեզ, ես զանգել եմ, որպեսզի հարցնեմ...»... «բարև ձեզ, իսկ չէի՞ք ասի խնդրեմ»... «հոպար, հաց կա՞»... Երևի պետք է սկբից՝ «կներեք, սա խանու՞թն է»... «կներե՞ք», թե՞ «ներեցեք»... Իսկ ինչի՞ է պետք առհասարակ ներողություն խնդրել… Ու նման մտմտումներ ու կամուկացներ ցանկացած սոցիալական հարաբերությունից առաջ:
Կամ ասենք մի կերպ հաջողվում է տնից դուրս գալ, ու այ քեզ դժբախտություն, պարզվում է հարևանդ դրսում ծաղիկներն է ջրում։ «Ինձ նկատե՞ց․․․ բարևե՞մ, թե՞ արագ գնամ հակառակ ուղղությամբ․․․ Երևի ճիշտը ձևացնել է, թե բան եմ մոռացել, հետ գնամ տուն»․․․
Մի փոքր ավելի ծանր դեպքերում, մարդս սկսում է վերլուծել անցած գնացած սոցիալական «պատահարը». «ճիշտ բարևեցի՞», «պիտի ասեի՝ ուզում էի իմանալ, ոչ թե ուզում էի իմանայի», «ոնց որ մի քիչ գոռգոռոց կար բարևիս մեջ», և այլն:
Սրան զուգահեռ, հոսող մտքերի մեջ հանդիպում են անընդհատ վերլուծություններ անցած-գնացած դեպքերի ու պատահարների մասին, սեփական արարքներին հիմնականում բացասական գնահատականներ տալով, կամ.

Մեղքի զգացում
Սա փոքրիշատե ծանր դեպքերից է, և կարող է հանդես գալ թե աշխատանքի մեջ տևական անհաջողությունների միջով անցածների մոտ, և թե՝ անձնական կյանքում, կամ ընտանիքում տևական խնդիրներ ունեցողների մոտ։ Հաճախ ծանր մեղքի զգացում կարող է նաև առաջանալ ինչ-որ կորուստից հետո՝ հարազատ մարդու մահ, խոշոր ֆինանսական կորուստներ, դժբախտ պատահար, հրդեհներ․․․ Ասենք հիմա մտածում եմ՝ տենես էս Օրեգոնի որոշ անտառներ պաժառ տված հիմարի գլուխների մոտ մեղքի զգացում կա՞, թե՞ չէ։
Ինչ կապ ունի սա հուզական այրման հե՞տ։ Կարող է օժնդակել։ Կամ հուզական այրումը կարող է հագեցնել որոշ անձնական հոգեկան կամ թե կուզեք՝ հոգեբանական խնդիրների սրման։
Մեղքի զգացումը կարող է լինել օբյեկտիվ հիմքերով, ասենք՝ մենք ժայռից ցած ենք գլորել մեր զառամյալ տատին, ներողություն չենք խնդրել մեր մահացող հարազատից կյանքում ունեցած որոշ ստոր վերաբերմունքների համար, ձաղկել ենք հարազատ զավակին՝ կարմրացնելով վերջինիս տուտուզը, նեխած ձու ենք դրել աշխատավայրի միկրոէլոկտրոնային վառարանի մեջ, բանկ ենք թալանել ու դուրս գալիս գնդահակարել ենք փոքր-ինչ ուշացած ոստիկաններին և այլն, այսինքն ամենատարբեր ծանր, փոքր ու միջին իրական ու գարշելի մեղքերի համար։
Կոնկրետ աշխատանքային գործունեության պատճառով հուզական այրման հասածների մոտ կարող է մեղքի զգացում առաջանալ՝ սեփական բառադի սխալների, կամ անգործության պատճառով, թիմակիցների ու մնացած օգտագործողների կյանքը դժոխքի վերածելու համար, բայց սա շա՜տ, շա՜տ, շա՜տ հազվագյուտ երևույթ է, եթե այդպիսի բան առհասարակ կարող է լինել։
Եվ կարող է լինել բավականին սուբյեկտիվ, կամ կասկածելի հիմքերով, ասենք մոլորակի կլիմայական փոփոխությունների, Հիսուս Քրիստոսի խաչվելու, Հայաստանի իշխանափոխության, Բայդենի չընտրվելու և այլ պատահարների համար։
Անկախ նրանից, թե ինչքանով են մեղքի զգացման հիմքերը օբյեկտիվ, սույն զգացումը խորացնում է սուբյեկտի տառապանքները, թե հոգեպես, և թե մարմնապես։

Սրանցից ազատվելու մասին կխոսենք մտածողության բաժնում։

(Շարունակելի)

Բարեկամ
17.09.2020, 06:49
Մեղքի զգացում
Սա փոքրիշատե ծանր դեպքերից է, և կարող է հանդես գալ թե աշխատանքի մեջ տևական անհաջողությունների միջով անցածների մոտ, և թե՝ անձնական կյանքում, կամ ընտանիքում տևական խնդիրներ ունեցողների մոտ։ Հաճախ ծանր մեղքի զգացում կարող է նաև առաջանալ ինչ-որ կորուստից հետո՝ հարազատ մարդու մահ, խոշոր ֆինանսական կորուստներ, դժբախտ պատահար, հրդեհներ․․․ Ասենք հիմա մտածում եմ՝ տենես էս Օրեգոնի որոշ անտառներ պաժառ տված հիմարի գլուխների մոտ մեղքի զգացում կա՞, թե՞ չէ։
Ինչ կապ ունի սա հուզական այրման հե՞տ։ Կարող է օժնդակել։ Կամ հուզական այրումը կարող է հագեցնել որոշ անձնական հոգեկան կամ թե կուզեք՝ հոգեբանական խնդիրների սրման։
Մեղքի զգացումը կարող է լինել օբյեկտիվ հիմքերով, ասենք՝ մենք ժայռից ցած ենք գլորել մեր զառամյալ տատին, ներողություն չենք խնդրել մեր մահացող հարազատից կյանքում ունեցած որոշ ստոր վերաբերմունքների համար, ձաղկել ենք հարազատ զավակին՝ կարմրացնելով վերջինիս տուտուզը, նեխած ձու ենք դրել աշխատավայրի միկրոէլոկտրոնային վառարանի մեջ, բանկ ենք թալանել ու դուրս գալիս գնդահակարել ենք փոքր-ինչ ուշացած ոստիկաններին և այլն, այսինքն ամենատարբեր ծանր, փոքր ու միջին իրական ու գարշելի մեղքերի համար։
Կոնկրետ աշխատանքային գործունեության պատճառով հուզական այրման հասածների մոտ կարող է մեղքի զգացում առաջանալ՝ սեփական բառադի սխալների, կամ անգործության պատճառով, թիմակիցների ու մնացած օգտագործողների կյանքը դժոխքի վերածելու համար, բայց սա շա՜տ, շա՜տ, շա՜տ հազվագյուտ երևույթ է, եթե այդպիսի բան առհասարակ կարող է լինել։
Եվ կարող է լինել բավականին սուբյեկտիվ, կամ կասկածելի հիմքերով, ասենք մոլորակի կլիմայական փոփոխությունների, Հիսուս Քրիստոսի խաչվելու, Հայաստանի իշխանափոխության, Բայդենի չընտրվելու և այլ պատահարների համար։
Անկախ նրանից, թե ինչքանով են մեղքի զգացման հիմքերը օբյեկտիվ, սույն զգացումը խորացնում է սուբյեկտի տառապանքները, թե հոգեպես, և թե մարմնապես։

Սրանցից ազատվելու մասին կխոսենք մտածողության բաժնում։

(Շարունակելի)

Եթե կարելի է՝ մի մեղքի զգացման ավելացում իմ կողմից, որը հուզական այրման պատճառ կարող է դառնալ․

աշխատանքիդ մեջ թերանալու, քեզ մաքսիմալ չներդնելու մեղքի զգացողությունը։ Այլ կերպ ասած՝ հենց հուզապես չայրվելու մեղքը :}

Վիշապ
17.09.2020, 07:28
Եթե կարելի է՝ մի մեղքի զգացման ավելացում իմ կողմից, որը հուզական այրման պատճառ կարող է դառնալ․

աշխատանքիդ մեջ թերանալու, քեզ մաքսիմալ չներդնելու մեղքի զգացողությունը։ Այլ կերպ ասած՝ հենց հուզապես չայրվելու մեղքը :}

Սա իրական, առողջ ու անվնաս մեղքի զգացում է ։Ճ

Բարեկամ
17.09.2020, 07:42
Սա իրական, առողջ ու անվնաս մեղքի զգացում է ։Ճ

Վիշապ ջան, Չայրվելու, ոչ թե այրվելու։ Ինձ թվում ա՝ սխալ ես կարդացել :)

Վիշապ
17.09.2020, 08:17
Վիշապ ջան, Չայրվելու, ոչ թե այրվելու։ Ինձ թվում ա՝ սխալ ես կարդացել :)

Ճիշտ եմ կարդացել։ Եթե մեղավոր ես զգում, որ ամբողջ ուժերդ չես ներդրել ու գլուխ ես պահել, ապա ոչ էլ բըրնաութի մեջ ես, ու հետևաբար դժվար թե դրանից շատ մի ծանր դեպրեսիայի մեջ ընկնես, կամ խրոնիկական պաթոլոգիաներ առաջանան դրանից, որ բուժվելու ու թերապիաների կարիք ունենաս:
Նենց թեթևի մեջ մեղավոր ես զգում, որ բացարձակ հիվանդագին մեղքի զգացում չի, էդ մոտավորապես՝ «ա՜խ, ինչ պուպուշ երեխա էր, ես պիտի նրան պաղպաղակ հյուրասիրեի» տիպի մեղքի զգացողություն է… դե մի՜ քիչ գուցե ավելին, լավ :Ճ

Հ.Գ. Ես մի քիչ հումոր եմ ավելացնում նկարագրություններին, բայց հիշեցնեմ, որ խոսքը գնում է իրականում բավականին ծանր ու աննախանձելի վիճակների մասին, որոնք կարող եք ցանկանալ ձեր թշնամուն... կամ չցանկանալ, որովհետև դուք բարի եք:

Բարեկամ
17.09.2020, 08:47
Ճիշտ եմ կարդացել։ Եթե մեղավոր ես զգում, որ ամբողջ ուժերդ չես ներդրել ու գլուխ ես պահել, ապա ոչ էլ բըրնաութի մեջ ես, ու հետևաբար դժվար թե դրանից շատ մի ծանր դեպրեսիայի մեջ ընկնես, կամ խրոնիկական պաթոլոգիաներ առաջանան դրանից, որ բուժվելու ու թերապիաների կարիք ունենաս:
Նենց թեթևի մեջ մեղավոր ես զգում, որ բացարձակ հիվանդագին մեղքի զգացում չի, էդ մոտավորապես՝ «ա՜խ, ինչ պուպուշ երեխա էր, ես պիտի նրան պաղպաղակ հյուրասիրեի» տիպի մեղքի զգացողություն է… դե մի՜ քիչ գուցե ավելին, լավ :Ճ

Հ.Գ. Ես մի քիչ հումոր եմ ավելացնում նկարագրություններին, բայց հիշեցնեմ, որ խոսքը գնում է իրականում բավականին ծանր ու աննախանձելի վիճակների մասին, որոնք կարող եք ցանկանալ ձեր թշնամուն... կամ չցանկանալ, որովհետև դուք բարի եք:

խոսքը (i.e. իմ խոսքը) այսպես կոչված "բուժման" կամ "ինքնաբուժման" փուլում գտնվելու մասին էր, երբ փորձում ես ավելի թեթև նայել աշխատանքին, երբեմն գլուխ պահել, առաջվա մանրակրկիտությամբ չմոտենալ, չտանջել քեզ՝ ամեն ինչ մինչև վերջ հնարավորինս կատարյալ անելու ձգտմամբ` գիշերներ լուսացնելով։
Ու էդտեղ տեղի է ունենում եթե ոչ բուն կամ "խնդրո առարկա" հուզական այրումը, ապա դրա հետ կապված, կամ դրա ածանցյալ հուզային տագնապները (մեղքի զգացման տեսքով)՝ թե քաշվելու ես, էս ինչ ես դառել՝ բառադի ու անպատասխանատու, որակդ գցել ես, դեդլայներդ չես հասցնելու կամ էնքան ես ուշացնում, որ հետո եռակի ես այլվելու, և այլն՝ նման բաներ, որոնք պակաս "այրում" չեն իրենց բնույթով․ բավական զզվելի, պարանոյիկ ու բեքգրաունդում ռեզիդենտ նստած-սղոցող զգացումներ են։

Վիշապ
17.09.2020, 09:02
խոսքը (i.e. իմ խոսքը) այսպես կոչված "բուժման" կամ "ինքնաբուժման" փուլում գտնվելու մասին էր, երբ փորձում ես ավելի թեթև նայել աշխատանքին, երբեմն գլուխ պահել, առաջվա մանրակրկիտությամբ չմոտենալ, չտանջել քեզ՝ ամեն ինչ մինչև վերջ հնարավորինս կատարյալ անելու ձգտմամբ` գիշերներ լուսացնելով։
Ու էդտեղ տեղի է ունենում եթե ոչ բուն կամ "խնդրո առարկա" հուզական այրումը, ապա դրա հետ կապված, կամ դրա ածանցյալ հուզային տագնապները (մեղքի զգացման տեսքով)՝ թե քաշվելու ես, էս ինչ ես դառել՝ բառադի ու անպատասխանատու, որակդ գցել ես, դեդլայներդ չես հասցնելու կամ էնքան ես ուշացնում, որ հետո եռակի ես այլվելու, և այլն՝ նման բաներ, որոնք պակաս "այրում" չեն իրենց բնույթով․ բավական զզվելի, պարանոյիկ ու բեքգրաունդում ռեզիդենտ նստած-սղոցող զգացումներ են։

Հնարավոր է, որ նկատի ունես պրոկրաստինացիան (գործերը ձգձգելը) ու դրա համար մեղավոր զգալը։ Ասենք մտածում ես, որ ժամանակդ քամուն ես տվել, ու բոլոր գործերդ թողել ես վերջին օրվան։ Այո, դա խրոնիկ սթրեսի փուլն է, որը կարող է բերել հուզական այրման (կարող է և չբերել)։ Էստեղ մեղքի զգացումը իրականում դեռևս իրական ու օբյեկտիվ մեղքի զգացում է։ Իմ նկարագրությունը մի քիչ ավելի «post-mortem», այսինքն բըրնաութից հետո ունեցած պաթոլոգիական մեղքի զգացման մասին է, որը կարող է օբյեկտիվությունից հեռու լինել:

Բարեկամ
17.09.2020, 09:08
Հնաարավոր է, որ նկատի ունես պրոկրաստինացիան (գործերը ձգձգելը) ու դրա համար մեղավոր զգալը։ Ասենք մտածում ես, որ ժամանակդ քամուն ես տվել, ու բոլոր գործերդ թողել ես վերջին օրվան։ Այո, դա խրոնիկ սթրեսի փուլն է, որը կարող է բերել հուզական այրման (կարող է և չբերել)։ Էստեղ մեղքի զգացումը իրականում դեռևս իրական ու օբյեկտիվ մեղքի զգացում է։ Իմ նկարագրությունը մի քիչ ավելի «post-mortem», այսինքն բըրնաութից հետո ունեցած պաթոլոգիական մեղքի զգացման մասին է, որը կարող է օբյեկտիվությունից հեռու լինել:

Չէ, իմ նկատի ունեցածը հենց հետ-բըրնաության զգացողության մասին ա, այսինքն՝ երբ փորձում ես "բուժվել", փոխել վերաբերմունքդ գործի (այն կատարելու կարգի) հանդեպ՝ ի դեմս ավելի թեթև մոտեցման, ու տեղ ունենում ես էդ մեղքի զգացումը, որ միգուցե սխալ բան ես անում, ճիշտը առաջվա կարգն էր (թեկուզ այրումով), իսկ հիմա դավաճանում ես ինքդ քեզ, գցում ես [կարծեցյալ] որակդ և այլն։
Ի դեպ, էդտեղ պրոկրաստինացիայի մատն էլ ա խառը, որն ի հայտ ա գալիս տագնապի ֆոնի վրա․ խուսափում ես գործից՝ վախենալով հերթական բըրնաութից։ Մի խոսքով, բարդ ա համակարգված ներկայացնելը, թե իրականում ինչ ա տեղի ունենում։

Վիշապ
17.09.2020, 09:26
Չէ, իմ նկատի ունեցածը հենց հետ-բըրնաության զգացողության մասին ա, այսինքն՝ երբ փորձում ես "բուժվել", փոխել վերաբերմունքդ գործի (այն կատարելու կարգի) հանդեպ՝ ի դեմս ավելի թեթև մոտեցման, ու տեղ ունենում ես էդ մեղքի զգացումը, որ միգուցե սխալ բան ես անում, ճիշտը առաջվա կարգն էր (թեկուզ այրումով), իսկ հիմա դավաճանում ես ինքդ քեզ, գցում ես [կարծեցյալ] որակդ և այլն։
Ի դեպ, էդտեղ պրոկրաստինացիայի մատն էլ ա խառը, որն ի հայտ ա գալիս տագնապի ֆոնի վրա․ խուսափում ես գործից՝ վախենալով հերթական բըրնաութից։ Մի խոսքով, բարդ ա համակարգված ներկայացնելը, թե իրականում ինչ ա տեղի ունենում։

Եթե արդեն հուզական այրման մեջ ես, ապա դու էլ ի վիճակի չես լինելու մեղքի զգացում ունենալ ներկայիս գլուխ պահելուդ համար, սեփական փորձից եմ ասում։
Հակառակը, դու ամեն գնով փորձելու ես թքած ունենալ, ու մեղքի զգացում ես ունենալու (արդեն ինքդ քո նկատմամբ) յուրաքանչյուր լրացուցիչ աշխատանք կատարելիս։ Սենց նայելու ես հայելու մեջ ու ասելու ես՝ «կներես, սիրելիս, էսօր էդ ժողովին չպիտի մասնակցեյի», կամ՝ «ապուշ, չէիր կարո՞ղ էդ նոր առաջադրանքը չվեցնել»…
Ես հենց էսօր մենեջերիս ՈՉ եմ ասել մի քանի անգամ, ու ոչ միայն մեղքի զգացում չունեմ, այլև հպարտանում եմ դրանով (էն անեկդոտի պես, էն որ ասում ա՝ բա էլ չիշիկ չես անու՞մ տակդ, - անում եմ, բայց արդեն հպարտ եմ դրա համար ։Ճ)։

Իսկ եթե ուղղակի հոգնած ես, ու ուզում ես ավելի թեթև վերաբերվել աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մեղքի զգացում ունես, ապա սա հակասական սթրեսային վիճակ է։ Ճիշտը մեղքի զգացումը գրողի ծոցն ուղարկելն ու անմիջապես հանգիստ վերցնելն է, որովհետև էդ վիճակում արդեն մարդուս արտադրողականությունն ու էֆեկտիվությունն ընկած է, ինչը բերելու է ոչ այդքան որակյալ արդյուքների ու լրացուցիչ խորացնելու է այրումն ու մեղքի զգացողությունները։

Բարեկամ
17.09.2020, 09:39
Եթե արդեն հուզական այրման մեջ ես, ապա դու էլ ի վիճակի չես լինելու մեղքի զգացում ունենալ ներկայիս գլուխ պահելուդ համար, սեփական փորձից եմ ասում։
Հակառակը, դու ամեն գնով փորձելու ես թքած ունենալ, ու մեղքի զգացում ես ունենալու (արդեն ինքդ քո նկատմամբ) յուրաքանչյուր լրացուցիչ աշխատանք կատարելիս։ Սենց նայելու ես հայելու մեջ ու ասելու ես՝ «կներես, սիրելիս, էսօր էդ ժողովին չպիտի մասնակցեյի», կամ՝ «ապուշ, չէիր կարո՞ղ էդ նոր առաջադրանքը չվեցնել»…
Ես հենց էսօր մենեջերիս ՈՉ եմ ասել մի քանի անգամ, ու ոչ միայն մեղքի զգացում չունեմ, այլև հպարտանում եմ դրանով (էն անեկդոտի պես, էն որ ասում ա՝ բա էլ չիշիկ չես անու՞մ տակդ, - անում եմ, բայց արդեն հպարտ եմ դրա համար ։Ճ)։

Իսկ եթե ուղղակի հոգնած ես, ու ուզում ես ավելի թեթև վերաբերվել աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մեղքի զգացում ունես, ապա սա հակասական սթրեսային վիճակ է։ Ճիշտը մեղքի զգացումը գրողի ծոցն ուղարկելն ու անմիջապես հանգիստ վերցնելն է, որովհետև էդ վիճակում արդեն մարդուս արտադրողականությունն ու էֆեկտիվությունն ընկած է, ինչը բերելու է ոչ այդքան որակյալ արդյուքների ու լրացուցիչ խորացնելու է այրումն ու մեղքի զգացողությունները։

Դե չէ, արդեն ասացի, որ պոստ-հուզականայրման փուլ ա (ըստ իս)․․․ Այսինքն, էս պահին կակռազ այրման մեջ չես, բայց նոր աշխատանք ա ի հայտ եկել, ու արդեն տագնապում ես, թե հերթական անգամ գլխիդ ինչ ա գալու (հասկացիր՝ ինչ ես բերելու), ու սկսվում ա պրոկրաստինացիան՝ մեղքի զգացումով։


Հ․Գ․ Ամեն մեկս կարծես մեր ոչխարներից ենք պատմում, մինչև գանք ընդհանրություններին :)

Վիշապ
17.09.2020, 10:24
Դե չէ, արդեն ասացի, որ պոստ-հուզականայրման փուլ ա (ըստ իս)․․․ Այսինքն, էս պահին կակռազ այրման մեջ չես, բայց նոր աշխատանք ա ի հայտ եկել, ու արդեն տագնապում ես, թե հերթական անգամ գլխիդ ինչ ա գալու (հասկացիր՝ ինչ ես բերելու), ու սկսվում ա պրոկրաստինացիան՝ մեղքի զգացումով։


Հ․Գ․ Ամեն մեկս կարծես մեր ոչխարներից ենք պատմում, մինչև գանք ընդհանրություններին :)

Օքեյ, եթե նոր գործ ես սկսել ու աշխատում ես քեզ չհոգնեցնել, որովհետև բըրնաութի փորձ ունես, ապա այստեղ մեղքի զգացումն ավելորդ է։
Նման է, որ հիմք չկա մեղքի զգացում ունենալուդ համար, քանի որ չափավորությունդ հիմնավորում ունի։
Այլ հարց է, որ քեզ թվում է, որ չափից շատ ես գլուխ պահում, այսինքն՝ թերևս կարող ես մի քիչ ավելին անել, բայց վստահ չես, կամուկաց ես։
Կամ պրոկրաստինացիայի ուրիշ պատճառներ կան, ասենք՝ աշխատանքդ ամենահետաքրքիր աշխատանքներից չի, ինչ-որ տեղ քեզ քո ափսեում չես զգում և այլն։
Հնարավոր է, որ ոչ թե մեղքի զգացում է, այլ ափսոսանք, անբավարարվածություն, անլիարժեքության զգացում, կամ դժգոհ ես սեփական ինչ-ինչ ունակություններից։
Հաճախ նաև տարիքի հետ մարդս ուժասպառ է լինում ու էլ առաջվա էներգիան ու խանդավառությունը չկա, կամ արտադրողականությունը էն չի, ինչ մարդս կուզենար, որ լիներ, ջահելների հետ մրցակցային խնդիրներ կան, և այլն։
Բոլոր դեպքերում մեղքի զգացումը ոչ մի դրական էֆեկտ չի տալիս բացի լրացուցիչ էներգիա խլելուց։
Եվ կարևոր է, որ մարդս հաշտ ու խաղաղ լինի իրավիճակի հետ ու իրատեսորեն գնահատի սեփական ուժերը, հնարավորություններն ու սպասելիքները։
Կարճ՝ լինի հավասարակշռության մեջ։

Եվ մեղքի զգացումից բացի կա դրա քույր հիվանդագին զգացումը, որը պակաս պաթոլոգիական խնդիրներ չի առաջացնում․

Ափսոսանքի զգացում

Ափսոսանքը մարդուս կյանքի ընթացքում հաճախակի հանդիպող անմեղ էմոցիաներից է ու լուրջ առողջական սպառնալիք չի ներկայացում, քանի դեռ չի վերածվել պաթոլոգիայի։
Ասենք՝ «վա՜յ, ձու մոռացա առնել», «էս զաբոռը պիտի մինչև անձրևների սկսվելը ներկեինք», «էն յուբկեն, որ հավանել էի, էսօր գնացի առնելու, պրծել էր», և այլն:
Պաթոլոգիական ափսոսանքն այն է, որը խորը նստած է մարդուս հոգում ու երբեք չի ջնջվում, որովհետև մարդը չի կարողանում հաշտվել դրա հետ, եվ այդ ափսոսանքը հաճախակի վերադառնում է մարդու հոգուց դեպի ուղեղի բուֆեռ, ու լրացնում ուղեղի բուֆեռի հիշողության մեծ մասը:
Եվ այդ ափսոսանքի առարկաներն մի փոքր ավելի լուրջ են, քան ասենք խորովածի վրա ռեհան չավելացնելու համար փոշմանելը։
Օրինակ՝ ոչ երազած մասնագիտությամբ աշխատելը՝ մարդս երազում էր դառնալ պրոֆեսիոնալ երգիչ (որովհետև աննման ձայն ու տաղանդ ունի), բայց ինչ-ինչ հանգամանքների բերումով դարձել է հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ։
Կամ ասենք՝ ոչ ուզած մարդու հետ ամուսնանալը (էս լուրջ ա), ոչ ուզած երկրում ապրելը, և այլն, մի խոսքով ցանկացած իրավիճակ, որ պացիենտի խորին համոզմամբ կարելի էր այլ կերպ զարգացնել, բայց պահը բաց է թողնվել ու արդյունքում առաջացել է կայուն ու հարատև ափ-սո-սա՜նք։
Հիմա կհարցնեք՝ ի՞նչ կապ ունի հուզական այրման հետ։ Սա էն մեղքի զգացման համար էլ էիք հարցրել, պատասխանը նույնն է։

Վիշապ
18.09.2020, 00:23
Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե եթե մարդս սոցիոֆոբիա ու պաթոլոգիական մեղքի ու ամոթի զգացում ունի, բա ո՞նց է ասենք բժշկին կարողանալու մարդավարի բացատրել իր պրոբլեմները… եթե ասենք սխալմամբ հոգեբույժի փոխարեն դիմել է մի ինչ-որ անքթիծակ թերապևտի (թեկուզ բարձր ռեվյուներով)։
Մի քանի տարի առաջ իմ կյանքում ունեցած ամենախայտառակ հուզական այրման մեջ գնացի բժշկի, ու մի կերպ կարողացա դժգոհել, որ չեմ կարողանում քնել, մտքովս էլ չէր անցնում, որ ես բըրնաութ եմ՝ բոլոր հնարավոր ու անհնար ախտանիշներով։
Իսկ Նահանգներում բժշկական համակարգը ապուշագույններից է` ոտի վրա չես կարող ընտրել, թե ում մոտ ես գնում, պիտի նախապես ընտրես առաջնային խնամքի բժիշկ (primary care), ու որն էլ քեզ «զննելուց» ու «խորհրդատվությունից» հետո (չակերտավոր, որովհետև հաճախ ձևական խեղկատակություն է ամենը) կարող է հղել համապատասխան մասնագետի մոտ։ Դե, եթե բախտներդ բերի;
Հիմա պատկերացրեք, մարդս ունի հոգեկան խնդիրներ, իսկ թերապևտս դեգեներատ է, չնայած պատկառելի տարիքին ու փորձին ու բավականին քաղաքավարի ու հաճելի մարդ երևալուն։ Դե նահանգներում անխտիր բոլոր հաստատություններում մարդիկ երևում են որպես քաղաքակիրթ ու ժպտերես, բիզնեսն է այդպես թելադրում։ Ու քաղաքակրթության պատյանի տակ բարդ է միանգամից ասել՝ ձեր մասին իրապես հոգ տանող քոքված պրոֆեսիոնալ է, թե՞ ապուշի մեկը։
Ուրեմն սա որոշեց, որ ինձ պետք է ուղարկի քնի հետազոտության (չէ՞ որ ես քնելու մասին եմ բողոքում), և գնացի (կարելի է անզեն աչքով նկատել դեպրեսիան)․

https://lh3.googleusercontent.com/pw/ACtC-3eGhdTVeF2247Px-J8IvD2YssNP-XYUZYhyXF1DsvFbmRxYy2eWP8KXa7saBQ49OUgSCiHdi4olRaH9kHjyqni_zcw71KArL5o_wzTXBdCRpJfaXptrkmp9DhrZWMoxKi8-PnUmcFpE6A-XygLO_qPmtA=w1000-no-tmp.jpg

Հետազոտությունը «ցույց տվեց» որ ես ունեմ քնի ժամանակ շնչարգելության պրոբլեմներ (https://hy.wikipedia.org/wiki/%D5%94%D5%B6%D5%AB_%D5%A1%D5%BA%D5%B6%D5%B8%D5%A7):

Եվ ի՞նչ: Տուն վերադարձա շնչառական ապարատով, որը մի քանի օր օգագործելուց հետո շպտեցի մի կողմ, մնալով շվարած ու ապակողմնորոշված ու ավելի խորացված դեպրեսիայով (ահագին ժամանակ տևեց մինչև կուրորեն վարժություններով ու ռեժիմով մի փոքր խելքի եկա)։
Ասածս ինչ է. Երբեք, երբեք ու երբեք մի սպասեք, որ զուտ ձեր մարմինը հասցնելով բժշկի սենյակ՝ կարժանանաք ճիշտ ախտորոշման ու ձեզ կտրվեն համարժեք լուծումներ… Շատ ժամանակ նույնիկս բանականաչափ պատրաստված գնալն էլ չի օգնի:

Ներսես_AM
05.01.2021, 02:12
Երեք ամսով արձակուրդ եմ վերցրել։

ivy
05.01.2021, 10:39
Երեք ամսով արձակուրդ եմ վերցրել։

Իսկ դրանից հետո հետ գնալը, երեք ամիս կուտակված մեյլերի ու հաղորդագրությունների հետ առնչվելը չի՞ վախեցնում:
Կարողանո՞ւմ ես մտովին լրիվ կտրվել աշխատանքից:

Հանգստացնող արձակուրդ քեզ:

Ներսես_AM
05.01.2021, 13:25
Իսկ դրանից հետո հետ գնալը, երեք ամիս կուտակված մեյլերի ու հաղորդագրությունների հետ առնչվելը չի՞ վախեցնում:
Կարողանո՞ւմ ես մտովին լրիվ կտրվել աշխատանքից:

Հանգստացնող արձակուրդ քեզ:Ընդհակառակը, որ գիտեմ երեք ամիս ա, հեչ վեջս չի, ինչ ուզում ա լինի։ Մեկ ա հետ գնալուց էնքան բան ա փոխված լինելու։ Սաղ Մարք էս Ռիդ կանեմ կգնա։

ivy
05.01.2021, 13:51
Աշխատանքից կտրվել ընդհանրապես չեմ կարողանում․ արդեն սկսել եմ արձակուրդներին էլ աշխատել։ Մեյլերին ու զանգերին եմ պատասխանում, օնլայն հանդիպումներին մասնակցում։ Պրոյեկտի ֆինանսական մենեջմենթի գծով փոխարինող չունեմ, ու ցանկացած հարցի դեպքում միանգամից արձագանքում եմ։ Որ մեյլերս ու հեռախոսս անջատեմ, կարող է ավելի վատ լինեմ էն մտքից, թե ինչեր են կատարվում, որ չգիտեմ, բայց դե սենց էլ ճիշտ չի։ Աշխատանքի հարցով միշտ հասանելի եմ՝ արձակուրդ ունենամ, հիվանդ լինեմ, թե մեռած։
Չգիտեմ՝ դեռ ինչքան կձգեմ սենց, բայց բաց թողնել, թուլանալ, անջատվել չեմ կարողանում։

Ներսես_AM
05.01.2021, 14:36
Աշխատանքից կտրվել ընդհանրապես չեմ կարողանում․ արդեն սկսել եմ արձակուրդներին էլ աշխատել։ Մեյլերին ու զանգերին եմ պատասխանում, օնլայն հանդիպումներին մասնակցում։ Պրոյեկտի ֆինանսական մենեջմենթի գծով փոխարինող չունեմ, ու ցանկացած հարցի դեպքում միանգամից արձագանքում եմ։ Որ մեյլերս ու հեռախոսս անջատեմ, կարող է ավելի վատ լինեմ էն մտքից, թե ինչեր են կատարվում, որ չգիտեմ, բայց դե սենց էլ ճիշտ չի։ Աշխատանքի հարցով միշտ հասանելի եմ՝ արձակուրդ ունենամ, հիվանդ լինեմ, թե մեռած։
Չգիտեմ՝ դեռ ինչքան կձգեմ սենց, բայց բաց թողնել, թուլանալ, անջատվել չեմ կարողանում։Ես էլ եմ տենց արել տարիներով։ Արձակուրդներին չէի կարողանում անջատվել։ Էս տարի վերջնական ցխվեցի մանավանդ լոքդաուններից ու հատկապես պատերազմից հետո։ Արդեն նենց վիճակ էր, որ էդ ժամանակ էլ ոչ մի բան չէր հետաքրքրում թե գործի տեղը ինչ ա կատարվում։ Նենց որ ինձնից խորհուրդ մի արա տենց։ Գործն անվերջ ա, իսկ քո ռեսուրսներն անվերջ չեն ձգվելու։ Երբ նոր նոր էի սկսում աշխատել, վրես ազդում էին գերմանացիները որ ժամը վեցը գալիս էր խոսակցությունը քրթ կտրում էին ասում ես գնացի տուն։ Էդ ժամանակ Երևանում ժամը 9 էր լինում։ Բայց հիմա ջոկում եմ որ ճիշտն էդ ա։

One_Way_Ticket
05.01.2021, 17:49
Ես էլ եմ տենց արել տարիներով։ Արձակուրդներին չէի կարողանում անջատվել։ Էս տարի վերջնական ցխվեցի մանավանդ լոքդաուններից ու հատկապես պատերազմից հետո։ Արդեն նենց վիճակ էր, որ էդ ժամանակ էլ ոչ մի բան չէր հետաքրքրում թե գործի տեղը ինչ ա կատարվում։ Նենց որ ինձնից խորհուրդ մի արա տենց։ Գործն անվերջ ա, իսկ քո ռեսուրսներն անվերջ չեն ձգվելու։ Երբ նոր նոր էի սկսում աշխատել, վրես ազդում էին գերմանացիները որ ժամը վեցը գալիս էր խոսակցությունը քրթ կտրում էին ասում ես գնացի տուն։ Էդ ժամանակ Երևանում ժամը 9 էր լինում։ Բայց հիմա ջոկում եմ որ ճիշտն էդ ա։
Երևի աշխատանքի բնույթից ու ինտենսիվությունից է կախված։ Ես էլ եմ միշտ հասանելի, ցերեկ թե գիշեր, իմ օրն ընդհանրապես չի բաժանվում աշխատանքայինի ու ոչ աշխատանքայինի։ Բայց burnout-ից կիլոմետրերով հեռու եմ, որովհետև դեպքերի ճնշող մեծամասնությունում եթե չեմ հասցնում, ուրեմն ասում եմ, որ չեմ հասցնում, ու deadline-ը փոխում ենք։ Տասը տարուց ավելի է նույն կազմակերպությունում եմ աշխատում, ու փոխադարձ վստահություն կա։ Շեֆս գիտի, որ գլուխ չեմ պահում, ուրեմն ընթացքում չկանխատեսված դժվարություններ են առաջացել։ Ես էլ գիտեմ, որ հավայի տեղը ինձ չեն ասի "վռազ պետք է"։ Եթե ասում են, ուրեմն իրոք պետք է, մի երկու շաբաթ էլ կարելի է սովորականից ավելի ինտենսիվ աշխատել։

Գաղթական
06.01.2021, 01:21
Շվեդիա տեղ..
1 շաբաթով..
Առանց ինտերնետ ու հեռախոս..
ՈՒտելիքը՝ վայթե, բայց ալիքների տեսարանը հաստատ ձրի..
Պայմանով, որ 60 հատ կինոպրեմիերա նայես..


https://youtu.be/TfCGKS9voqc

StrangeLittleGirl
06.01.2021, 12:35
Իմ աշխատանքի բնույթը նենց ա, որ գիշեր-ցերեկ հասանելիություն ա պահանջում, դե որտև դանիացի ուսանողները սթրեսվում են ահավոր, ու տենց էլ անում եմ։ Բայց հենց հասնում ա արձակուրդը, մեյլ-բան ամեն ինչ անջատում եմ, քաշվում մի կողմ։ Իհարկե լինում են դեպքեր, երբ անձնական մեյլով են ինձ գտնում։ Լինում են դեպքեր, որ լավ չեն հասկանում, երբ ասում եմ՝ էս ինչ օրից էս ինչն անհասանելի եմ, էլի սպամում են ինձ։ Բայց դե ուղղակի չեմ ստուգում մեյլս ու վերջ։ Ինձ համար արձակուրդը սրբություն ա, ու ոչ մի պարագայում չպիտի վերածվի աշխատանքի։

Վիշապ
07.01.2021, 10:31
Թեման կիսատ է թողնվել ստոր պատերազմի պատճառով, շուտով երևի կավելացնեմ որոշ «բաղադրատոմսեր»։ Լավ կլիներ զուգահեռ թեմա բացվեր՝ «ինչպես շարունակել պատերազմից հետո, անբուժելի վերքերով», կամ նման մի բան, երևի պետք կգար։