PDA

Դիտել ողջ տարբերակը : Գյուղ ու դպրոց



Alphaone
27.09.2019, 14:16
Սեպտեմբերի մեկին հինգ առաջին դասարանցի էին կանգնած մնացած 18 աշակերտների կողքին:
- Այս տարի աննախադեպ տարի է, դեռ ոչ մի անգամ այսքան շատ առաջին դասարանցի չէինք ունեցել, - ելույթի ժամանակ ասաց տնօրենը:
Արցունքները կառավարել չստացվեց, շուռ էի եկել, որ չտեսնեն: Փոքր գյուղերը հերթով մեռնում են, դրամական խրախուսանքներն ու մանր-մունր ծրագրերը դեր չեն խաղում, ավելի համակարգային ու ավելի շոշափելի փոփոխություններ են հարկավոր, որ մարդիկ ցանկանան մնալ:

Alphaone
28.09.2019, 16:57
Առաջին անգամ դպրոց գնացի օգոստոսին:
- Մենք գարնանը դպրոցի շուրջ ծառեր էինք տնկել, ո՞ւր են ծառերը, - տնօրեն:
- Շողիկի կովը կերել ա, - կմկմում ա պահակը:
Հետո էդ վիթխարի կովին տեսա, առանց կապ իր համար գյուղում շրջում է ու հաճույքով խժռում ակացիաների տերևները: Հետո նկատեցի, որ ինքը միայն ծառեր է արածում:
Բայց դրանով կովային շոկը չսահմանափակվեց: Հետո տեսա «գիշատիչ» կովին: Ծառից խնձորներ էին թափվել, շան նման հարձակվում էր իր բաժինը խլել փորձող մյուս կովերի վրա ու քշում: Պոզերով չէ՝ ատամներով, փորձում էր կծոտել:
Որոշել էի կովերն ինչ էլ անեն, էլ չզարմանամ, բայց երրորդ սերիան ամենաշոկայինն էր:
Երկու կով բակումս խաչաձև կանգնել, իրարից կաթ էին խմում, մինչև հասա հեռախոսիս, որ նկարեմ, գնացել էին: Այ սա արդեն գյուղացիների համար էլ էր շոկ, միակ վկան ես չէի, թե չէ արդեն մտածելու էի կովային հալուցինացիաներ ունեմ:

Alphaone
29.09.2019, 12:07
Եկա մի փոքր կենցաղից նվնվամ: Տունս գյուղի լավ տներից է համարվում. միակ ազատ բնակելի տունն էր: Իհարկե աստիճաններս փտած փայտից են ու շատ զգուշությամբ եմ բարձրանում, իջնում, բայց տան ամենասիրելի հատվածն է. ինչ-որ ռետրո տրամադրություն կա մուտքի սպիտակ, խարխուլ դռան ու աստիճանների մեջ:
Հատակս փայտից անհավասար տախտակներ են, պատերս կեղտոտ ու դեղինի/կանաչի անդուր երանգներով ներկած (դեռ ժամանակ/միջոցներ չունեմ քիչ թե շատ վերանորոգելու):
Սենյակներից մեկը հողից հատակ ունի, որպես մառան եմ օգտագործում: Մառանում բոլոր մթերքները հերմետիկ փակ տուփերում են, քանի որ լկստված մկներս արդեն իմ աչքի առաջ էլ են հանգիստ վազվզում, ոչինչ չի օգնում սրանց դեմ:
Սան հանգույց, ասում էին, տունն ունի, ընդամենը տնից մի 50 մետրի վրա: Ջունգլիացած մացառների միջով սան հանգույցը գտա: Ճահճացած հողը թույլ չտվեց շատ մոտենալ: Փոսն արդեն գրեթե լիքն էր ու գարշահոտը, որ սկզբում օգնեց գտնել, մոտիկից անտանելի էր: Նախորդ բնակիչը, թերևս, տրանսպարենտ կերպար էր՝ սան. հանգույցը դուռ չուներ: Ճարահատյալ մառանի հեռավոր ծայրը զուգարանի վերածեցի, գյուղում ամենատհաճ աշխատանքը դարձավ օրը երկու անգամ կեղտաջրերը թափել, ամանը ողողելը, որ տնից գարշահոտ չգա:
Ողողելու համար սկզբում գյուղի աղբյուր էի գնում: Որպեսզի շրջակայքը չաղտոտեմ, մի քանի անգամ աղբյուրից բավական հեռանում , ջուրը թափում, վերադառնում էի: Հետո վերջին խնայողություններս տվեցի, խողովակ առա, դա մի առանձին քվեսթ էր, դեռ կպատմեմ: Լողանալն ինչպես հնում՝ մի տաշտի մեջ տաք ջուրն է, որ վառարանով ու էլեկտրական թեյնիկով զուգահեռ տաքացնում եմ, մյուսը՝ հենց լողանալու համար եմ օգտագործում ծայրահեղ զգուշությամբ, որ ջուրը հատակիս տեղից էլ փտած տախտակներին չթափեմ:
Կահույք բնավ չկար՝ զգեստապահարանս հագուստը չորացնելու համար նախատեսված մետաղական կոնստրուկցիան է դարձել, բակում լվացքի պարան եմ կապել: Լվացքը հիմնականում դպրոցի տնօրենի տանն եմ անում, առաջ էնտեղ էլ լողանում էի, հետո ամաչեցի մարդկանց շատ պառազիտել, մի մասը ձեռքով եմ անում, միայն սպիտակեղենն եմ տանում, որ ձեռքով ի վիճակի չեմ լվանալ: Պատուհանի գոգն օգտագործում եմ որպես գրապահարան, թեև այստեղ ևս լիքը մտահոգություններ ունեմ. ապակի չկա, եթե քամին պոլիէթիելենի թաղանթը պատռի, կանգնելու եմ թրջված դասագրքերի տխուր իրականության առաջ:
Փայտը բակից քիչ քիչ կրում, դարսում եմ մառանում, հետո մկներիս համար տնակ կդառնա, բայց դե ինչ արած: Սուրճն ու ծխախոտը գրեթե վերջացել են, բայց գյուղից ծխախոտ չէի էլ գնի, եթե խանութ լիներ: Մոտակա խանութը գտնվում է 7կմ հեռավորության վրա(գնալ, գալը՝ 14կմ): Մի անգամ խանութ գնացի: Ճանապարհն անցնում էր անտառային զառիվեր արահետով, ոնց հեքիաթ կինոներում է, բայց հետո սկսվում էր գյուղն ու շները, որ ոհմակով վրա էին տալիս ու միայն կամքի գերլարումով ինքնատիրապետումն էր օգնում առանց վախենալու առաջ գնալ: Էդպես չէին հարձակվում, հետո ինձ կսովորեն, չեն էլ հաչա:
Վառարան վառել եմ սովորել՝ չոր խռիվների վրա հաստ փայտերն եմ դնում ու համառորեն փորձում՝ նորից ու նորից:
Առաջին մոտ տաս օրն էլեկտրականություն չունեի, մի կերպ լարեր ուղարկեցին տնից, հարևաններս կցմցեցին ու հիմա տանս լույս կա: Մեկ առանձին քվեսթ էր ինտերնետը, բայց հետևողականությունը հրաշքներ է գործում: Երեք շաբաթ ամեն օր հետևողական զանգերից հետո եկան, ինտերնետ միացրեցին: Գարնանը տանը զուգարան/բաղնիքի պես մի բան կկազմակերպեմ, հիմա արդեն ցուրտ է ու չափազանց սնանկ եմ նման VIP պայմաններ ունենալու համար:
Ու էս ամբողջ բացասականի ֆոնին դրականն էն է, որ միշտ թարմ ծաղիկներ եմ ունենում՝ աշակերտներս հերթով հավաքում, բերում են, թե բա բարի լույս ընկեր Բադալյան: Ինչքան համոզեցի դասից դուրս ինձ ուղղակի անունով դիմել, չարեցին, մշակութային կարծրատիպերն էրեխեքիս մոտ խորն են: Դրականն էն է նաև, որ ավելի ուժեղ եմ դառնում՝ թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն ու սովորել եմ ժամանակը կառավարել՝ այլ կերպ գյուղում չես գոյատևի:

Alphaone
29.09.2019, 18:44
Խողովակը
Տրանսպորտ գյուղից երկու օր է աշխատում՝ երեքշաբթի ու ուրբաթ: Խոշորացված համայնք է ու էս օրերին գյուղապետը մարդ է ուղարկում կամ անձամբ ուազով գալիս, մեզ սարերից ներքևի գյուղ է իջեցնում: Էնտեղից արդեն մոտակա գյուղաքաղաք նախորդ դարի պազիկով ենք գնում: Այ էս պատճառով էլ եթե մեկը քաղաք է գնում, գյուղացիներից ով ինչ հասցնում, խնդրում է: Մինչև ինտերնետի վարձերը հերթով մուծեցի, իմ դպրոցի թղթերի, հոսանքի թղթերի հարցը լուծեցի, խողովակ գնելուն քսան րոպե ժամանակ մնաց, տաս րոպե էլ մինչև ավտոբուս էի քայլելու: Խուճապ չկար, հասցնելու էի իմ հաշվարկներով: Ուր էր թե: Խողովակի վրա մետրերը գրված են: Անգամ ես գիտեի: Վաճառողները՝ չէ: Փողոցում երկու բիձուկ քառասուն մետր խողովակը բացում են: Միակ տեղն է, ուր խողովակ կա, ճարահատյալ նայում եմ էս վայրի արարողակարգին ու քաջ գիտակցում, որ երկուսով գլուխ չեն հանի: Ճարահատյալ սկսում եմ օգնել: Չգիտեմ խնդալու էր, թե լացելու, զգացածս հակասական էր, բայց մետրն առել էի, ընկել փողոցում քառասուն մետրն էի չափում ինձ հարկավոր: Վերջացրեցի մի կերպ, բայց լացս գալիս էր: Գնացի մյուս դետալները բերելու:
Ջրբաժան էր հարկավոր երեք ելուստով, ծորակ ու էլի մանր մունր բաներ: Ամեն ինչ հարթ գնաց, մինչև չհասա ջրբաժանին:
- Է՞գ տամ, թե՞ որձ, - հարցնում է վաճառողը:
Կատաղում եմ որ էս շտապողական վիճակում կատակ ա անում:
- Ինձ հարկավոր ա, որ ձեր տված խողովակին միացնեմ, ջուրը միջով անցնի, սեռը կապ չունի:
Բիձուկն իր հերթին ա նյարդայնանում, որ նման չհասկացող գնորդ ա ի հայտ եկել:
- Էս էգն ա, էս որձը, - ասում է ու երկու կատարելապես միանման դետալ դեմ տալիս, վրայի կոդերն եմ նայում, էլի իդենտիկ են:
- Ո՞րն է տարբերությունը, - գրմռում եմ ես:
Էստեղ նկատեց, որ շփոթել է, ցույց տվեց տարբերությունը: Փաստորեն դետալի ելուստներով սեռերի էին բաժանել: Գնում եմ ինչ կա, ամեն դեպքում նաև էն պակասող դետալները, որ եթե սեռն, այնուամենայնիվ, նշանակություն ունենա, արագի մեջ սեռափոխման վիրահատություն անեմ:
Բարեբախտաբար ընկերներիցս էդ քաղաքում ուսուցիչներ կան, Արմենը եկավ, մեքենայով արագ տեղ հասցրեց, ավտոբուսից չուշացա:
Տեղում պարզվեց, որ ամեն ինչ ճիշտ էի արել, բացի ծորակից, հիմա ջուրը փակել չի լինում, լցվում է բակ, ճահճացնում, մինչև հաջորդ ամսվա կեսերին առաջին աշխատավարձը ստանամ, գնամ, նորմալ ծորակ գնեմ:

Alphaone
29.09.2019, 22:54
Օգնականները
Արցախ գալիս մեր ուսուցիչներից մեկն ընկերոջն ասել էր, որ մեզ տեղում օգնի: Գրում էր, բզբզում: Ինտերնետը որ երկար չէին միացնում, իրականում օգնության կարիք ունեի, ինքն էլ գլուխ էր գովում, թե ամենուր կապեր ունի: Խնդրեցի մի բան անի, արագացնեն:
- Գյուղապետին ասա, թող ասի, միացնեն, - օգնեց երիտասարդը:
Հետո ավելի հրաշալի օգնական հայտնվեց՝ թաղայինը:
Էս ոստիկանը տնօրենի տանն էր, տնօրենը հրավիրեց իրենց տուն (օրերով էնտեղ գցած եմ՝ մեկ ինձ էր ինտերնետ պետք, մեկ իրեն՝ համակարգչով օգնություն, լիքը կենցաղային մանրուքներն էլ չհաշված մեկ էլ որ ինձ ժամանակ առ ժամանակ զոռով տանում են, կերակրում, հուսով եմ ոչ հետո մորթելու համար :) ): Ինչևէ տեսուչը ելույթ ունեցավ.
- Քո բարեկամը խնդրել է ինձ ամեն հարցով օգնել, այդ թվում՝ տան հետ կապված: Գնանք, տեսնենք տանն ինչ ա պետք սարքել, կարգավորել, օգնեմ:
Ինչ խորհրդավոր ազգական էր, չգիտեմ, անունը չէր հիշում, իրավիճակը նյարդերս սղոցում էր, բայց երկար բզբզաց, եկանք տուն: Սկսեց իբր հարցաքննել:
- Տանը դե՞մ չեն եղել, որ գաս:
- Դեմ էին, բայց եկա:
- Հիմա ո՞նց ա, տանեցիների հետ շփվում ես:
- Ամեն օր, տարաձայնություններն էն պատճառը չեն, որ ինձ ջնջեն:
- Իսկ կարո՞ղ ա խնդիրներ ունես Հայաստանում, դրա համար ես եկել:
Մի կերպ դիմացա գայթակղությանը, որ չասեմ՝ Հայաստանում քր. հետապնդման մեջ եմ որպես սերիալ մարդասպան, ոստիկանների եմ սպանում: Փոխարենը համեստաբար՝
- Ոչ մի խնդիր, ուզում էի կարևոր գործ անել, սա թվաց ամենակարևորը, եկա:
- Չէ, նկատի ունեմ ոչ մեկ չի հետապնդել, նեղացրել:
Էլի տառականները սարկաստիկ պատասխաններ էին հուշում: Բայց հավես չկար հետը, ուզեցի կարճ կապել:
- Կներեք, ես Արցախի ինչ-որ օրենք եմ խախտել ու սա հարցաքննությո՞ւն է, թե՞ իրականում եկել էիք ինձ օգնելու:
Կմկմաց, թե չէ, իրոք օգնելու է եկել:
Իր հրեշտակ պահապանն իմ սատանաներից թույլ էր, ամենայն հավանականությամբ: Էդ խոսքի վրա դրսի տեղատարափ անձրևը սկսեց տանիքից ներս լցվել:
- Խնդրեմ, կարող եք օգնել տանիքի անցքը փակել, անձրևը տուն չլցվի:
- Էս դեպքերում պետք ա տակը մի բան դնել՝ տաշտակ, դույլ:
Երախտապարտ էի, ինքս երբեք նման բան չէի կռահի անել:
Բայց չնայած էս օգնականներին, գյուղում ինձ իրականում ահռելի օգնություն ցուցաբերել են՝ պատուհաններս փակեցին պոլիէթիելենային թաղանթով, որ հետս տարել էի, էլեկտրականություն քաշեցին, երբ լարեր հայթայթեցի ու բակում ջուր խողովակային ոդիսականից հետո: Բացի այդ կաթ են բերում, մածուն, երբ խմորեղեն են թխում, իմ կտորն ունեմ: Կոռուպցիա չի, անգամ էն ընտանիքները, որտեղից աշակերտ չունեմ, էլի մի բանով օգնում են: Տղաները գալիս, փայտս են կոտրում, սիրտս էլ հետը, քանի որ ինչքան համոզում եմ, որ էդ իմ սիրած զբաղմունքն է, թողեն ինձ՝ բանի տեղ դնող չկա: Գյուղում էս ընտանիքի նման ապրելն ընդունված է: Ես էլ հետս բերած ամբողջ ալկոհոլը բաժանեցի՝ ուրիշ բան չունեի մարդկանց հետ կիսվելու: Ուղղակի հավես զգացողություն է, որ առանց որևէ ակնկալիքի մարդիկ կողքիս կանգնած են:

Alphaone
30.09.2019, 21:32
Դասարանում աշակերտ ունեմ, որ ամիսներով դպրոց չի գալիս: Ուղեղը քիչ թե շատ աշխատում է, բայց տղան 7-րդ դասարան է, հազիվ է կարդում: Դպրոցին մեղադրել չեմ կարող, ծնողների հետ աչքիս առաջ չուծ լի ամեն օր խոսում են, պատրաստ էինք համապատասխան մարմինների դիմել, եթե շարունակեր բացակայել:
Անգլերենն իր դասարանի հետ 0-ից սկսեցի, երկու տարի չէին անցել, լրիվ մոռացել էին: Ինքն էլի բացակայեց, հետ ընկավ:
Էսօր եկել էր:
Դասին դժվար արտասանվող հնչյունների ձեռքը կրակն էին ընկել էրեխեքս, փորձարկում են, իրենք իրենց վրա ծիծաղում, էլի փորձում: Որպեսզի բացակա աշակերտը հասկանա, թե ինչի եմ պարբերաբար ասում Please translate ու Please repeat արտահայտությունները, կարդում եմ դժվար արտասանվող բառերն ու աշակերտներին խնդրում կրկնել՝ please repeat:
Լեզուները կոտրելով, խնդալով կրկնում են:
Դրանից հետո էն միշտ բացակա աշակերտիս հարցնում եմ, թե իր կարծիքով ի՞նչ է նշանակում repeat:
Կմկմում է:
Ես.
- Օրինակ, որ էրեխեքին ասում եմ please repeat, ի՞նչ են անում:
Ինքը.
- Խնդում են:
Խնդալ բառն էլ սովորեցինք, հիմա մեր դասարանում գաղտնի անգլերեն կա, որտեղ repeat-ն ու laugh-ը հոմանիշներ են:

Alphaone
01.10.2019, 01:01
Թեմատիկ պլաններն ամենաուշը սեպտեմբերի 15-ին պետք է տված լինեի: Սկզբում հոսանք չկար, հետո մտածեցի մի ժամվա պատմություն է, արագ կանեմ, գցեցի ականջի հետև: Հիմա ինքս ինձ ատում եմ, անքուն աշխատում եմ, անընդհատ շեղվում: Օր չկա, որ դասին հետաքրքիր վարժություններ, խաղեր մտածած չգնամ, քարտեզներ ենք նկարում, տարբեր պատմական իրադարձությունների աղյուսակներ սոսնձում, լիքը ժամանակ է տանում: Թեմատիկ պլանները մնում էին: Հիվանդ ժամանակ չի ստացվում պրոդուկտիվ լինել ու վաղը դպրոցում չգիտեմ՝ ինչ եմ ասելու: Բայց պարտված տրամադրություն ունեմ ու արդեն վստահ չեմ, որ կձգեմ երկու տարի:

Alphaone
09.10.2019, 20:22
8-րդ դասարանցիներիս հետ ավատատիրական Պարսկաստանի տիրապետության ներքո Հայաստանի վիճակին ենք ծանոթանում, նկարագրում եմ էն ժամանակվա Պարսկաստանն ու նշում էլ, որ բավականին հետամնաց երկիր էր:
- Ուրեմն ինչպիսի՞ պետություն էր Պարսկաստանը, - հարցնում եմ, որ հետո հիմնավորեն, թե ինչու էին հայերն ամեն գնով ուզում ազատվել Պարսկական տիրապետությունից:
Քար լռություն էր, հետո.
- Զզվելի պետություն էր, - պսպսղացող աչքերով ասում է աշակերտս:

Alphaone
14.10.2019, 22:06
Ռուս-պարսկական պատերազմները իբր թե գլուխ բերեցինք, անցանք Թուրքիայի հետ կռիվ-մռիվներին։ Աշակերտիս հետ քննարկում ենք, թե խի են թուրքերը հայերին հալածել։ Թվարկեցինք պատճառները, ասում եմ նաև պատճառներից մեկը, որ իրենք այլադավ էին։ Հետո խնդրում եմ ինքը թվարկի, թվարկում ա՝ հակասող շահեր, մշակութային տարբերություն ու քանի որ թուրքերը այլանդակ էին։
Զզվելի ու այլանդակ հակառակորդներ։

Alphaone
24.10.2019, 20:08
Սկսել ա նյարդայնացնել, որ գյուղում Ֆեյսբուքի sponsored գովազդները բերում ա ադրբեջանական գովազդներ։

Alphaone
29.10.2019, 20:34
Երեք օր Ստեփանակերտում էի։ Սիրել եմ էդ քաղաքը, չնայած բնավ էնտեղ ինձ տանը չեմ զգում։ Մտածում եմ, որ եթե մեր գյուղը տաք լիներ, այտեղ ինձ տանը կզգայի, քանի որ վերադառնալիս, երբ հորիզոնում տունս երևաց, հարազատ թրթիռ զգացի ու լիքը կարոտ։ Մթով հասա։ Հատուկենտ լույսեր կային։ Գյուղի շատ տներում ծորակը բացում են, հանքային ջուր է գալիս, եթե էստեղ պուճուրիկ գործարան լինի, լիքը աշխատատեղեր կբացվեն։ Մարդիկ սպասում են, որ դրսից մեկը գա, բացի։ Երբ համոզում էի, որ իրենք բացեն ու լինի համայնքային բիզնես, էնպես էին նայում, ասես, այլմոլորակային են տեսել։ Որոշել էի դեսից դենից գումար հայթայթել, թեկուզ ծրագրից հետո գնալ, կյանքում առաջին անգամ աշխատել կոնկրետ գումար վաստակելու համար, բայց սեփական ներդրում ունենալ, իրենց օգնել, բացեն, բայց մինչև այդ հաստատ ներդրող կհայտնվի։ Ու մարդիկ տիրոջ ու պատասխանատուի հոգեբանության փոխարեն ավելի են խորացնելու ծառայի ու ինչքան հնարավոր է շատ լումա քերելու հոգեբանությունը։ Դրանից դատարկություն եմ զգում։
Ստեփանակերտում բժշկի գնացի, սրված տոնզիլիտ, նշիկները հարկավոր է հեռացնել։ Հիմա, եթե մնամ, ինձ քայքայելու եմ, բայց մնալու եմ, պայքարելու եմ, որ էրեխեքս իրենց ծնողների նման չմեծանան, որ նախաձեռնող ու պատասխանատու լինեն։ Օրինակ եմ ծառայելու։ ՈՒ եթե էն, ինչ ուզում եմ անել, ստացվի, կյանքս իզուր ապրած չեմ լինի։ Հետո արձակուրդներին ժամանակ կգտնեմ, կհանեմ, կբուժեմ, բայց եթե գնամ, ոնց հիվանդության սկզբում էի ուզում, էրեխեքիս կյանքը շանս չկա, որ ուրիշը կգա, կբուժի։ Նման պաթետիկ նոտայի վրա եմ էսօր։

Alphaone
31.10.2019, 22:44
Նյարդայինանալու ևս մեկ առիթ, ամբողջ գյուղում ինձնից պարտքով գումար են խնդրում, չունեմ, չեմ տալիս, բայց նեղանում են, ոնց որ իրենցից պարտք վերցրած լինեմ ու չուզեմ վերադարձնել։ Չգիտեմ ինչի ա մեր մարդկանց հոգեբանությունն էսքան տխուր վիճակում, բայց շուտ, շատ շուտ օգնել ա պետք, որ էս ամեն ինչը չխորանա։ Ինձ էլ ա ինքնուրույնություն պակասում, էս մարդկանց էլ։ Ես ծնողներիս հույսով եմ, իրենք՝ պետության։ Պետք ա երևի մի կերպ, իրար հետ, իրար օգնելով սովորել սեփական ոտքերի վրա կանգնել, հետո քայլել, հետո վազել։ Բայց մենք վազելը պատկերացնում են, վազքից վախենում, անգամ կանգնել չենք փորձում։ Ես ու գյուղս գտել ենք իրար։

Alphaone
03.11.2019, 14:05
Աշակերտս դուռը ծեծեց։ Իր սիրելի ուսուցիչներից չեմ, քանի որ միայն անգլերեն եմ տալիս էս դասարանին, ինքն էլ թեև փայլուն ուղեղ ունի, բայց լեզուներ ատելով ատում ա, դասին միայն խաղերով է հնարավոր մի բան սովորեցնել իրեն ու միայն էդ խաղեր/մրցույթներն ա, որ ամբողջ դասից ինքը սիրում ա։ Հիմա պսպղացող աչուկներով եկել, կոնֆետ ա մեկնել, թե․
- Էս ձեզ, ընկեր Ալֆա։
ֆեյսբուքից կեղծանունը պեղել, էդպես ա դիմում դասից դուրս ։)
Զարմացա, բայց լավ էր, շարունակեց։
- Ձեր վայֆայի կոդը կասե՞ք։
Տվեցի, ոչինչ, թող ինտերնետս էլ քիչըմ մեռած լինի, փոխարենն աչքի առաջ կլինեն էրեխեքը, ամեն անգամ մի բան անգլերեն կհարցնեմ, իրենք էլ չեն զգա, ոնց սկսեցին անգլերեն բլբլացնել։

Alphaone
06.11.2019, 18:14
Աղջիկներից մեկը դժվարանում էր տառերի անունները հիշել։ Երբ տառը թելադրում էի, գրում էր։ Երբ ցույց էի տալիս ու խնդրում, որ անունն ասի, մոռանում էր։ Տղաները, հակառակը՝ տառն արագ իդենտիֆիկացնում էին, բայց գրել չէին կարողանում։ Ելքը գտա։
Էսօր դասն աշակերտուհիս ա վարել։ Ինձ ու դասարանցիներին թելադրություն էր տալիս։ Գրում էինք։ Նայում էի՝ ոնց է համբերատար սպասում՝ բոլորը գրեն, նոր անցնում առաջ, ոնց է մոտենում, դժվարացողներին լրիվ իմ մեթոդներով ու ժեստորով ուղղություն ցույց տալիս, երևի ինձնից էլ լավ, ու ինձուինձ մտածում, որ եթե դպրոցում ինքը լիներ իմ անգլերենի ուսուցչուհին, իմ ամենասիրած առարկան անգլերենը կլիներ։ Վերջում պարզեցին, որ գույներն ենք գրում, գույները սովորեցին, վաղը նորից նույն թելադրությունն ենք գրելու, այս անգամ որ գույնը թելադրեմ, պիտի այդ գույնի մատիտով գրեն։ Գունավոր դասս եմ կանխավայելում, մի խոսքով։

Alphaone
11.11.2019, 17:46
Երկար գրառում էի գրել էն մասին, թե ինչքան դաժան վիճակում է բազմազավակ ընտանիքն ու ինչքան պուպուշ եմ ես, որ էսօր էրեխեքին սենդվիչներ տարա։ Բայց ես բնավ պուպուշ չեմ, ես պետք ա տաք ապուր եփեի, տանեի, քանի որ ծնողները հիմա տանը չեն ու էդ բոլոր երեխաներին հոգ տանող մեծ քույրն էսօր հիվանդ էր, իրոք տաք ապուրի կարիք ուներ։ Ինքս մնալ, խնամելու փոխարեն 10-15 րոպե նստեցի,մի քիչ երկրորդ դասարանի կարդալ չիմացող աչոնի հետ տառերի վրայով անցա ու փախա՝ ինքս ինձ ատելով, որ էնքան էլ լավը չեմ, որ կարողանամ էս էրեխեքին դաս սովորեցնելու ժամանակ գտնել, պատշաճ հոգ տանել ու պետք լինի՝ լվացքն էլ անել, որ էս հիվանդ երեխան բաղնիքում բոբիկ ման չգա։
Երևի պետք էր իրենց տեսնել, որ գիտակցեի, թե ինչ հրաշալի ծնողներ ես ունեմ։

Alphaone
11.11.2019, 22:23
Սնդիկ
Երկու օր առաջ գիշերը 11-ին զանգեցի դպրոցի տնօրենի կնոջը, խնդրեցի իրենց տանը գիշերել։ Ջերմաչափը չգիտեմ ինչքան էր կոտրված մնացել, ես էի գիշերը քնած ժամանակ գցել, թե մկներն էին գլորել անցնելուց, բայց անկողնուս տակ քշերվա հազարին կոտրված ջերմաչափ գտնելուց հետո, երբ ցրտից դողալով սնդիկի գնդիկները չէի կարողանում որ մի կերպ հավաքել, թափում էի, արագ փոխվեցի, գնացի տնօրենի տուն։ Պատուհանը բաց էի թողել, որ տունը ցուրտ լիներ, սնդիկը չգոլորշիանար։ Հաջորդ օրը գյուղի տղաներից մեկը դիմակով եկավ, որ հավաքի։ Բժշկական ձեռնոցներ տվեցի, իբր օգնում էի, իրականում միայն լուսավորում՝ ինքս դիմակ չունեի։ Զանգեցի 911, կարգին բան չասացին, ոնց խորհուրդ էին տվել, արեցի՝ կալիումի պերմանգանատով, հայերեն՝ մարգանցովկա, մշակեցի հատակը, լցրեցի ճեղքերի մեջ, որտեղ լիքը սնդիկ պետք է որ լցված լիներ։ Հագուստս հանել, կախել էի բակում, մի օր օդափոխելը հրաշալի գիտեի, որ բան չի փոխի, բայց դե չեղածից լավ էր։ Տնօրենի տանը գիշերը չէի կարողացել քնել, քնապարկը բակում էի դրել, ուղղակի նստեցի՝ շունչ քաշելու, էդպես խոտերի մեջ քնել էի։ Աշակերտներս եկան, արթնացրեցին։ Լիքը գործ կար, բայց տուն գնալ դեռ վախենում էի՝ օդափոխվում էր։ Նստել աշակերտների հետ մանկական խաղահրապարակ սարքելու ծրագիր էի գրում։ Գաղափարն իրենցն էր։ Սովորեցրեցի միջոցների հայթայթման թիթիզ ձևերից՝ մի կողմում գրում էին ինչ է հարկավոր, հետո էդ սարքելու համար ինչ ունեն, ինչ չէ։ Ինչ չունեին դիմացը գրում էին՝ որտեղից կարող են հայթայթել։ Ինչը պակասի, վերջում կգնեմ, բայց իրենց չեմ ասում, որ հույսներն իրենք իրենց վրա դնեն։ Դրեցին, էսօր ոգևորված էին էդ գաղափարով, տղաներից մեկը հորը համոզեց դպրոցի մոտ ցայտաղբյուր սարքել, մյուսներն ընկած աթոռների համար տախտակ ու մեխ էին խնդրում գյուղացիներից։ Տնօրենի կինն առաջարկեց աթոռների փոխարեն կոճղեր դնել՝ լրիվ հեքիաթ կլինի՝ փայտից, ինքնաշեն խաղահրապարակն ինձ առաջ մղող մոտիվացիաներից դարձավ։ Խուճապն անցավ մի փոքր։
Շարունակում եմ էս տանն ապրել։ Սրտխառնոց ու ստամոքսի խնդիրներ մրսածությունից էլ ունեմ, չգիտեմ սնդիկային թունավորումը կկարողանամ ժամանակին տարորոշել, թե՝ չէ։ Ինչքան ինձ համոզում եմ, որ վտանգն անցել է, խուճապի ստվերը դեռ կա։ Փաստորեն տզերից հետո իմ երկրորդ մեծ ֆոբիան դանդաղ սպանող թույներն են։

Alphaone
13.11.2019, 19:19
Երազանքներ
Զգացի, որ ինձնից ուսուցիչ դուրս չի գա, սկսեցի դասերից դուրս աշակերտների հետ համայքային ծրագրեր բզբզալ։ Ես թույն մենթոր եմ, խանդավառվել են, գարնանն արդեն իրենց ձեռքով կամ մեծերին խնդրելով ինչը չստացվեց խաղահրապարակ են սարքելու։ Աղջիկներից մեկն անունը դրեց էկո խաղահրապարակ՝ նստարանների փոխարեն կոճղեր ենք դնելու, ամեն ինչ փայտից սարքենք։ ԷՆպես զուգադիպեց, որ 8երի հասարակագիտությունից էլ հենց համայնքային ծրագիրն էր գործնական աշխատանքը։ Դասագրքում տրված էր համայքի խնդիրները վեր հանել, հետաքրքիր չէր։ Իմպրովիզ արեցի, ասացի՝ համայքում եղած ռեսուրսներն աշակերտը թվարկի, ձեռքի հետ էլ բացատրեցի ռեսուրսն ինչ ա, թե չէ աշխարհագրությանն անգիր բնական ռեսուրսներ թր թվարկել, բայց չէր հասկացել՝ ինչ ա ասում, չէր էլ ֆայմել, որ կարելի ա ուսուցիչն հարցնել՝ ուսուցիչը լավն է, սիրով կպատասխաներ։ Ինչ-որ է, թվարկում էր՝ ջուր, օդ...
Հետո քննարկում էինք, թե էս ռեսուրսներից ինչ նոր բան կարանք ստանաք, որ հիմա համայնքում չկա, բայց կուզեր, որ լինի։
Գյուղի հրապարակ էր ուզում, ասաց, որ ջուրն էլ ունենք, կարող ենք ցայտաղբյուր ստանալ։
- Էլ ի՞նչ կարող ենք ստանալ մյուս ռեսուրսներից, - հարցնում եմ։
Քթի տակ թվարկում է՝
- Ջրից՝ շատրվան, ցայտաղբյուր, օդից՝ օդանավ․․․
Էնքան բան կա, որ իրենք ուզում են ունենալ, որ թաթախվեն, մի քանի շաբաթում կսարքեն։ ՈՒ հեչ պարտադիր չէր, որ օդից ինձ ստանային, որ էդ անեին։ Մեր գյուղերում սեփական անզորության առասպել կա, էս միֆը որ ցրենք, ամեն ինչ կունենան էրեխեքը։

Alphaone
14.11.2019, 14:33
Մուրացանի «Առաքյալն» եմ վերընթերցում, դպրոցում էի կարդացել, ոնց որ լրիվ ուրիշ գիրք կարդամ։

Alphaone
19.11.2019, 20:22
live translation
Երկու եղբայր աստիճանների վրա են, եկել ենք՝ քրոջը տուն տանեն, պարապում էինք։
Դրսից դիալոգ։
- Դու ո՞ւմ ես պետք, հեսա էս աստիճանների վրայից քցելու եմ։
Ես՝ ներսից․
- Ինձ ա պետք, վաղը թեմատիկ պիտի գրի։
Աշակերտս՝
- Լավ ա ես իմ կամքով քցվեմ։

Alphaone
19.11.2019, 20:27
դասին՝
"I often go to Berdzor".
- Please translate.
Թարգմանում է՝
- Ես հաճախ գնում եմ ԼԱՉԻՆ։

Alphaone
20.11.2019, 23:34
11-րդ դասարանում հասարակագիտությունից քրեական պատասխանատվության մասին դասեր կան: Աշակերտս դասամիջոցին մոտեցել, հարցեր ա տալիս: Կեսից ամբողջ դպրոցի բարձր դասարանցիները 6-7 հոգի շրջապատել, հարցախեղդ են անում՝ սպանության համար պատասխանատվության տարիք, անհրաժեշտ պաշտպանություն, ինքնապաշտպանություն…
Վերջում էլ թե՝
- Հովուլի տարիքը չի լրացել, ինքը կսպանի:
Հիմա չգիտեմ, սառնարանը քաշեմ դռան դեմ, թե ուրիշն ա զոհը:

Alphaone
25.11.2019, 19:15
էսօր շփոթվել, գյուղի ջահելներից մեկին դասերի տևողությունն եմ ուղարկել՝ 00։09-09-45, 09։50-10։35․․․ գիտի պրոգրեսիա ա, շարունակել ա, պատասխանն ուղարկել, համ էլ մարդը սկզբունքը կռահել էր ))

Alphaone
25.11.2019, 19:43
Եռակոմպլեկտ դասարան... էս էն ա, ինչ դասականների ասած՝ թշնամուս չեմ կամենա։ Մի դասի ընթացքում 8-րդ, 9-րդ ու 10-րդ դասարանների հետ դաս եմ անում, համապատասխանաբար՝ ինքնուրույն առաջադրանքներ կազմում, քանի դեռ մյուսներին դաս եմ պատմում, մի հոգուց բաղկացած դասարանի աշակերտի համար «խմբային» աշխատանք մտածում՝ կտրել, սոսնձելու ինչ-որ հետաքրքիր բան, որ ուղղակի մեխանիկական չլինի, երևակայություն զարգացնի։ Օրինակ՝ իրադարձությունների զարգացման քարտեզ, ձեռքով նկարած, քանի որ պրինտեր չունեմ։ Ու պիտի մի դասին հասցնեմ էս երեքին էլ դաս բացատրեմ՝ նոր նյութը։ Վերջում քամվում եմ։ Բայց անգամ էս եռակոմպլեկտ դասարանը իմ 6-րդ դասարանի միակ աշակերտի համեմատ երազանք է։ Հենց մի հոգու հետ եմ դաս անում։ Էլ կապիկություն, էլ պատմությունը հեքիաթի պես պատմել․, ամբողջ ընթացքում գրատախտակին նկարներ, սխեմաներ, թագավորների պաստառներ։ Դասի վերջում հարցերին պատասխանում է։ Հաջորդ օրը այնքան հանճարեղ կերպով է ամեն ինչ մոռանում, որ անգամ ամենատարրական բաները, որ նախորդ օրը փայլուն ասում էր, արդեն չի հիշում։ Կարդում է բառերը հատ-հատ, բարձր, սխալ, մի բառը մոտ տաս վայրկյան, երկար բառերն ավելի երկար։ Էսօր նոր մեթոդ փորձեցի՝ տվեցի կարդալ։ Պատմություն թերևս իրեն չեմ սովորեցնի, բայց տարվա վերջում, հուսով եմ, կարդալ ու կարդացածը բացատրել կսովորի, թե չէ թողելու եմ ուսուցչությունն ու գնամ գրողի ծոցը։ Ինքը հատուկ կարիքներով երեխա չի, գոնե փաստաթղթերով, բայց հաստատ իր հետ հատուկ մանկավարժ պիտի աշխատի, ես չեմ ձգում։
Մի ամիս առաջ հետը խոսեցի։ Փորձում էի մոտիվացիան հասկանալ՝ ինչն է իրեն հետաքրքիր։ Գյուղի բոլոր բամբասանքները, ներքին խշշոց-թշշոցները, դավադրության տեսություններն ու կեղտոտ սպիտակեղենն իրեն ծանոթ էին։ Նախորդ դասը հարևան գյուղի կոնֆլիկտի վրա էի բացատրում՝ եթե հարևան գյուղից էսինչենց ընտանիքը գա, էնինչենց ընտանիքին փորձի հարկատու դարձնել, որ իրեն ամեն ամիս փող տան։ Էս ընտանիքը ի՞նչ կանի՝ ճիշտ է, գյուղացիներին կկանչի օգնության, էդպես էլ հին երկրներն իրենց ընկեր երկրներին կանչում էին օգնության, ու թեև գյուղի իքսյաններն իգրեկյանների հետ չունեն, բայց քանի որ կողքի գյուղից զեթյանները հարձակվել են, արդեն իրար օգնում են, զեթյաններին գյուղից քշեն, նոր իրենք իրենց մեջ հարցերը լուծեն։ Էսօր ամբողջ միջազգային կոնֆլիկտն ու սկզբունքները հիշում էր, հարաբերություններում խառնված երկրներին՝ բնավ։
Մի քանի օր առաջ մեր ուսուցիչներից մեկն ասում էր, որ ինքը մեծանալու է, իր թիկնապահը դառնա։ Զգում եմ, դեմքը ծամածռում է, իրեն դուր չի գալիս որպես թիկնապահ դիտարկվելը։ Ասացի, որ իր սեփական բիզնեսը կարող է սկսել, ազատ ու անկախ ապրել՝ առանց սպասելու հերթական աշխատավարձին։
- Ես ոչ թիկնապահ եմ դառնալու, ոչ բիզնեսմեն, - ասաց, - ես նախագահ պիտի դառնամ։
Կդառնա։

Alphaone
26.11.2019, 23:58
Դասից փախել, եկել, նստել էր բակումս։ Իմ դասից չէ։ Սկզբում մտածում էի, ուզում էի խոսել։ Հետո հիշեցի, որ վայֆայի կոդը տվել եմ։ Խոսեցի ամեն դեպքում։ Խորթ հոր հետ է ապրում, ով գյուղացիների ասելով՝ քրեական հաշվառման մեջ է․ էստեղի բառապաշարով կարող է թե նախկին հանցագործ լինել, թե փախուստի մեջ գտնվող հանցագործ կամ ուղղակի դատվածություն չունեցող մարդ, ով ոստիկաններին այնքան էլ դուր չի եկել։ Ոստիկաններին՝ չգիտեմ, բայց ինձ ահավոր դուր չի գալիս այդ մարդը։ Միլիոնից մեկին չեմ սիրում, ինքն էդ մեկերից է՝ հույժ լպրծուն անձնավորություն։ Ու երջանիկ եմ, որ էս էրեխու համար ինքը չի դերային մոդել։ Դերային մոդել են քիլլերները։ Բայց էն ռԱմանծիկ կերպար քիլլերները՝ արժեհամակարգով, գաղափարի համար սպանող։ Ու հիմա ապագա քիլլերը ռաբիզոտ երգեր է լսում բակումս նստած։ Առաջարկեցի Կոմիտաս լսել, ուսուցիչ էի վերջը, ամաչեց, միացրեց։ Զրուցեցինք երկար, արժեքներից, երազանքներից, խառը։ Եկա տուն, մի ժամից դուրս եկա ջուր բերեմ, դեռ բակում էր, դեռ Կոմիտաս էր լսում, զարմացա, բայց հաճելիորեն։

Alphaone
29.11.2019, 22:30
Գյուղի համար առանձին խումբ եմ ստեղծել ֆեյսբուքում։ Եթե իմանում են, որ հոսանքն անջատելու են, օրինակ, մեկը մոտակա քաղաք է գնում, շտապ դեղումեղ է հարկավոր բերել կամ ուրիշ կարևոր դեպքի համար խմբում գրում ենք։ Էսօր աշակերտս խմբում գրել էր՝
«Հերիկ գյուղ գալիս մեքենայով կամ ոտքով մի եկեք, ձիով կամ ինքնաթիռով եկեք։ Թե չէ մեքենան կփչանա ձեր կոշիկներնել կպոկվեն, կմաշվեն, ուղակի չէն դիմանա այս ճանապարհին։((»։

Alphaone
08.12.2019, 19:43
Բերձորի հիվանդանոցում էի։
- Մամ, հիմա վատ եմ զգում, իրիկունը կխոսենք․․․
Վերջին բանն էր, որ կիսամուննաթ ասեցի մամայիս։
էս երկու օրը, ով մոտենում էր, կամ ուղղակի, կամ ակնարկով ասում էր, որ ես սպանեցի մորս՝ իմ գնալու, հիվանդանալու հետ կապված ապրումներից մահացավ։
Ու չնայած էս պահին քարացած խաղաղություն կա մոտս, բայց ապրելս չի գալիս։ Գիտեմ, որ ստիպված եմ ծրագրից հրաժարվել, գալ, հայրիկի մոտ մնալ։ Մենակ ինքն էս ամենը վերապրելու ուժ չի գտնի, մենակ գործերից բեռան տակից դուրս չի գա։ Բայց հենց ստիպված եմ հետ գալ։ Իմ սիրտը մնաց գյուղում։ Իմ բոլոր հույսերը, երազանքները, ձգտումները մնացին էնտեղ։ Իմ ամբողջ կյանքն անորոշություն էր, էնտեղ որոշակի գիտեի՝ ինչ եմ ուզում, ուր եմ գնում։ Հիմա ես անորոշության մեջ եմ, էն ապրումներն են, երբ զանգում էի մորս ու խոսում, խորհուրդ հարցնում, թեթևանում։ Բայց գիտեմ, որ զանգեմ, չի պատասխանի, ոնց անպատասխան մնացին՝ մամ, ես քեզ սիրում եմ, մամ, դու ինձ պետք ես․․․ մամ, քեզ շատ, աննկարագրելի շատ եմ կարոտել նամակները, որ գրում էի, իմանալով հանդերձ, որ ինքն արդեն չկա ու էլ երբեք դրանք չի կարդա։

Alphaone
09.12.2019, 22:29
Հայրիկը խնդրում է իրեն մենակ չթողեմ։ Իրականում վատ է, շատ վատ՝ թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն։
Աշակերտուհիս գրում է, խնդրում, որ վերադառնամ։ «Ես ձեզ լավ կնայեմ, չեմ թողի հիվանդանաք, որ գաք, չեմ թողի տխրեք»․ ասում է։
Ու ես կտոր կտոր եմ լինում։ Մի կեսս հայրիկի մոտ է ուզում մնալ, մամայից հետո էն, ինչ կիսատ էր, գոնե հայրիկին հասցնեմ, տամ։ Մյուս կեսս աշակերտներիս մոտ է, լիքը բան էս էրեխեքի համար կիսատ մնաց։ Ու երկուսն էլ պարտականություն են, երկուսն էլ աննկարագրելի կարևոր։ Ու ես գիտեմ, որ ինչ էլ ընտրեմ, ինձ երբեք չեմ ների։

Alphaone
17.12.2019, 15:46
Ու ամեն անգամ փոքր երեխա տեսնելիս՝ ինձ դավաճան եմ զգում, որ հիմա իմ աշակերտների կողքին չեմ։ Ու չեմ էլ կարող ամեն ինչ թողել, հետ գնալ, պիտի էս անիծյալ տոնզիլիտի հախից գամ, որ հիվանդ պառկել, նվնվալու փոխարեն էրեխեքիս համար հետաքրքիր, վառ, գունեղ դասեր անեմ։ Բայց ո՞նց, եթե ես հիմա սև էլ չեմ, խամրած գորշություն եմ, Հերիկի էն մառախլապատ օրերի նման, երբ անձրևը կաթալու փոխարեն ցրիվ էր գալիս օդում ու փաթիլի նման իջնում՝ մաշկի տակ ներծծվելով։
Ես ընտրեցի հայրիկի կողքին մնալը…

Alphaone
15.01.2020, 01:57
Գրառում էի արել գյուղերի կեղտոտ գաղտնիքների մասին, որ ակամա իմացել էի, ջնջեցի։

Alphaone
10.02.2020, 00:37
Երկու օրից պայմանագրի լուծարման թղթերն եմ ստորագրելու։ ՈՒ սրանով գյուղին հրաժեշտ չեմ տա, հիմա ինձ պատեպատ եմ տալիս՝ ամռանն աշակերտներիս էստեղ բերելու ճամբարի ծրագիր որ գրեմ, որ հենց գյուղում ծրագրեր անելու գումար հայթայթեմ, ջրագծի հարց լուծեմ ու էլի լիքը խնդիրներ, որ երևի կկարողանամ լուծել, եթե ավելի շատ ջանքեր թափեմ ու ավելի շատ ուժերիս հավատամ։ Բայց քանի դեռ ես էստեղ իմ ողբն էի դրել, թե աշխարհը փուլ է գալիս, մեր ուսուցիչներից մեկի հետ էի խոսում, ով Արցախում վթարի էր ենթարկվել, ում տանիքը քամին տարել է, մի բարակ ծածկոցով ձյան տակ ապրում է, ով լիքը մարտահրավերներ ունի թե իր համայքնում, թե դպրոցում, արդեն նաև պարբերաբար ինսուլին ընդունելու անհրաժեշտություն, բայց դեռ շարունակում է մնալ ու պայքարել։ Ու իմ կյանքի բոլոր գրական ու իրական հերոսների մեջ ինքը հիմա առանձնանում է։ Ինքը հիմա էն փարոսն է, էն մարդու իդեալը, որին միշտ ուզել եմ հավատալ ու չեմ կարողացել։ Էս տարի իմ գաղտնի սանտան էր, նվերը դեռ չեմ վերցրել, երբ էդ մասին ասացի, կատակեց, թե քանի չեմ վերցրել, ինքն է իմ նվերը։
- Խնդրում եմ, մեր հաջորդ խոսելուց էլ էսքան ուրախ եղիր, - ասաց ու ես քաջություն չունեցա խոստովանել, որ ուրախությունը խաղ էր, որ իրեն քաջալերեմ։
Ու էնքան տարօրինակ էր, որ էն մարդն, ում ես «ջրիկ տղուկ» էի ասում մեր ծանոթության սկզբում ու աշխատում խուսափել, որ «զահլա չտանի», մեր համարյա հարյուր հոգանոց թիմում դարձավ իմ ամենահարազատ մարդը, մուսան ու էն իդեալը, որին ինքս չհասա, բայց որին չդադարեցի հավատալ։ Իր շնորհիվ հավատում եմ, որ դժվարությունները չեն կոտրում, կոփում են, որ հաջորդ տարի ես իմ մեջ ուժ կգտնեմ էլի անցնելու ծրագրին․․․

Alphaone
03.04.2020, 02:25
Դասի ժամանակ էրեխեքը հետքրքրագույն հարցադրումներ էին անում, էնքան մեծ էր գայթակղությունը դասից շեղվել, քննարկումներ անել, բայց ինչքան էլ հոգնում էի, քննարկումները թողում էի դասամիջոցին հետո կաշվից դուրս գալով՝ հաջորդ դասին պատրաստվում, դրա համար ադմինիստրատիվ լիքը աղբ էի թողնում իմ հետևից՝ կիսատ լրացված մատյաններ, դասի պլանների գզգզված վիճակ, թասքերն էի կատաստրոֆիկ ուշացնում, գնում էի տուն, մի բան էն ա որ ծամում ու էլի անցնում հաջորդ օրվա դասին պատրաստվելուն։ ՈՒնեի աշակերտներ, որ արդեն միջին դպրոցական տարիքում էին, պատմություն էին անցնում, բայց հազիվ էին տառերը կապում իրար։ Պահ կար, հանձնվում էի, հետո ինձ հավաքում, քարտեզներ նկարում, որոնց վրա իրենք հետո կարող էին նոր բաներ նկարել, ավելացնել, հետաքրքիր համեմատություններ ու զուգահեռներ մտածում։ Ես լավ ուսուցիչ չէի, էն ուսուցիչը չէի, որ կուզեի ինքս ունենալ, բայց ամեն ինչ անում էի, որ լավ ուսուցիչ լինեմ, երբեմն իդեալական դասեր էի ունենում ու ինձ հերոս զգում դրանից հետո։ Բայց ակամ զուգահեռներ էի տանում իմ ունեցած ուսուցիչների հետ։ Մենք բան չենք սովորի, եթե չհասկանանք՝ ինչու։ Ես էդպես էլ չհասկացա՝ կարողացա էդ ինչուներն էրեխեքին հասցնել, թե՝ չէ։ Բայց օր չկա, որ էրեխեքիս մասին չմտածեմ, երբեմն նկարներն եմ նայում ու արցունքներով լացում, որ ամեն ինչ կիսատ թողեցի, որ խելքից դուրս բան ունեի էրեխեքին տալու, չտվեցի։ Ու էս իմ կյանքի ամենադաժան մարտահրավերն էր, անգամ հայմորիտի սրված վիճակում, դասից հետո վազել հետ տալով ու ջերմությունից դողալով ես դպրոց էի գնում, ոչ թե քանի որ պարտավոր էի, այլ՝ քանի որ սիրում էի էրեխեքին, կարոտում ու ամեն վայրկյանն իրենց հետ ինձ համար ապրելու մոտիվացիա էր։ Հետո ամեն օր ուզում էի գնալ գյուղ՝ էրեխեքիս մոտ, բայց դեռ կոկորդս էի բուժում, որ նորից ամիսով հիվանդ չպառկեմ, հիվանդանոց ընկնեմ։ Երբ սկսեց տաքանալ, ոգևորված պլանավորում էի գնալս, մտածում ինչ տանեմ, ինչ հետաքրքիր անակնկալ մտածեմ պստոների համար ու վոալյա՝ կարանտին։ Դեկտեմբերից գյուղում չեմ եղել ու կոկորդը սեղմող լացի նման զգացողություն կա, որ էլ չեմ էլ լինելու։ ՈՒ ամբողջ ընթացքում ինձ մեղադրում էի, որ թողեցի, եկա, որ ինքս ինձ խնայեցի՝ պատճառաբանելով, թե հայրիկն իմ կարիքն ունի։ Ինչ կարանտին է հայտարարված, աշխատողները չեն գալիս, ամբողջ հոգսն ինձ վրա է։ Հայրիկի համար հաց եմ սարքում, տարածքը մաքրում, կարգի բերում։ Մի քանի օր առաջ հայրիկը վատ էր, եթե Հերիկում մնացած լինեի, անգամ ջուր տվող չէր ունենա։ ՈՒ սարսափում եմ էն մտքից, որ կարող էի գյուղն ընտրած լինել ու քամվում էրեխեքի կարոտից էնպես, ասես, սեփական երեխաներիս եմ թողել, եկել։ Ու թեև գիտեմ, որ կյանքում ցանկացած ընտրություն նաև զոհեր է պահանջում, բայց չեմ կարողանում համակերպվել ու սկսել եմ բոլորին մեղադրել․ ամենաշատն՝ ինձ։

Alphaone
19.03.2021, 21:39
Էլ գյուղում չեմ լինի, լինեմ էլ, էլ իմ գյուղը չի լինի, օտար աշխարհ, օտար իրականություն․․․ Ծրագրից դուրս չէի եկել, տարեկետում էի վերցրել, խնդրել եմ ինձ մի ուրիշ համայնք ուղարկեն՝ աշխատելու։ Դեռ արձագանք չկա։