PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. a little poetry



Պի319
01.08.2018, 23:33
Ողջո՜ւյն Ակումբցիներ,
Այվիի հորդորով մի քանի բան որոշեցի կիսել ձեզ հետ, ուրախ կլինեմ լսել կարծիքներ, էս մեկով սկսեմ:

***


Տուն դարձիր իմ մարմնի, հոգու համար
Ու կտրիր մազերս քո ուզածով,
Հետեւիր, որ շուտ քնեմ,
Ու Սարամագո կարդամ ի վերջո։
Ինձ համար նարինջներ մաքրիր,
Ասա, որ մեջքս ուղիղ նստեմ,
Էլ երբեք չկարդամ «փսիխոզ 4:48»-ը
Ու մազերս կանաչ չներկեմ։

Տուն դարձիր հիշողություններիս համար՝ երկհարկանի, բաց պատշգամբով — նրանք շատ են։
Սովորեցրու՝ մարդիկ ոնց են ապրում առանց անցած թռիչքների,
Մեկ էլ՝ գերմաներեն։

Եղիր նա, ով կփրկի ի չարէ
Ու խոսելիս կնայի աչքերի մեջ ուղիղ,
Պատմիր՝ ինչպես է որ ապրվել է այսքան օրեր մինչեւ քեզ,
Ու ուղղակի եղիր։

Հետո հիշեցրու անընդհատ,
Կրկնիր դանդաղ, մի քանի լեզվով, որ
կարելի է
ապրել
Առանց ամենահարազատների
Ու մեկ էլ — երբ պատուհանդ
Օվկիանոսի վրա չի բացվում։


Անահիտ Ղազախեցյան

ivy
01.08.2018, 23:41
Սիրուն ա շատ :)
Մյուսներն էլ ցույց տուր։

Պի319
01.08.2018, 23:46
սուսուփուս նստել
ծնկներդ գրկած
մազերս թողնել
մատներիդ խաղին
կիսալույսի մեջ
արտացոլանքդ
ծովագույն տեսնել
ու նայել երկար
քո սպիտակահեղց
ուսոսկրներին
լուռումունջ նստել
կարմրիկ գորգին
ուղիղ դեմ դիմաց
պատմել գույներից
մարդկանցից խոսել
որ պիտի լինեն
կիսամթի մեջ
աչքերիդ փայլը
ձեռքերիս զգալ
ու ամենումդ
գոյս կորցնել
ու անէանալ
ու անհետանալ

Պի319
01.08.2018, 23:48
destruction
կարծես թե
երջանիկ ենք
ու ոչ մի երկինք
չի պատրաստվում
փլվել խաղաղ գլխներիս
ու ոչ մի հող չի պատրաստվում
փախչել ոտքներիս տակից
ու ոչ ոք չի որոշել
կրակել մեր մեջքին
կամ հենց ճակատին՝
ինչ-որ տեղից դուրս գալով՝
անսպասելի:
կարծես թե
ամեն ինչ կարգին է.
մեջս մի փոքր փլվել է երկինքը
ու կապույտ ճաքերից հրեշտակներն են
աչքով անում,
հողը մի թեթեւ փախչում է ոտքերիս տակից՝
ընկնելու ելքով
ու ինչ-որ մեկը
ինչ-որ տեղից դուրս գալով
կրակում է ուղիղ
սրտիս՝
անելք:

Sambitbaba
04.08.2018, 06:44
Շնորհակալություն:
Շատ լավն են:
Էլի եմ ուզում...

Պի319
04.08.2018, 14:06
դու հավատում ես,
որ շուտով գարուն է
ու լուսանցքերում ծաղիկներ են բացվելու դեղին,
որ փետրվարները նահանջելու են հեռու-հեռու-հեռու
ու մնալու են նկարներում միայն՝
միասին բարձրացած տանիքներին արված:
դու մտածում ես,
որ շուտով կմոռանաս ձմռան մասին,
մտքիցդ կհանես սայթաքումները բոլոր,
ու ոչ միային սառույցին,
որ մուրաբայով թեյեր կխմես
հիշողություններ կուլ տալով,
ու մարտը թեթեւ ձեռքով ամեն ինչ
իր տեղը կգցի:
քեզ թվում է՝
ձյունի հետ մաքրվելու են
դեպքերն ու դեմքերը մայթերից,
որ նահանջները լինելու են հստակ ու անսահման պարզ,
որ գուցե, գիտե՞ս,
կփոխվի սարյանի այգու հին նստարանի դերը
գարնան հետ
ու սառույցը կդառնա ջուր,
կհոսի ինչ-որ տեղ հանդարտ:
քեզ ասել են՝
փետրվարն ունի 28 օր,
Թե այն տարվա ամենակարճլիկ ամիսն է,
որ կա:
բայց դու, ամեն դեպքում, հույս չունենաս,
մենք չտեղավորած տխրություն ունենք
ձմռան օրերում,
մի քանի ձեռքեր կան, որոնք պիտի տաքացնենք,
ու մի քանի պարանոց, որոնց համար շարֆ ենք դառնալու
ընթացքում մի քանի հոգեվարք պիտի ապրենք վրադիր՝
վերջին օրերին պարտավորվելով մոռանալ օրացույցին նայել.
փետրվարի 29,
30,
31:

(Նոթբուքում էնքան քիչ բան ունեմ, իրենցից մեկը)

Sambitbaba
04.08.2018, 19:20
(Նոթբուքում էնքան քիչ բան ունեմ, իրենցից մեկը)

Իսկ տետրերիդ մեջ ունե՞ս գրած
կամ կոնֆետների թղթերին հանձնած
պատի օրացույցի էջերին խզբզած
պատշգամբիդ բազրիքի վրա ճանկռռռտած...

հավաքիր ու բոլորը բեր այստեղ
անպայման

Պի319
04.08.2018, 21:31
Սովորականից շատ եմ մտածում
Քո մասին
Կարմիրի մասին
Միտքս ոնց որ Ամստերդամի
Կորած փողոցները լինի՝
Մի երկու հոգի են
Ամեն մեկն իր երաժշտությամբ
Իր գործերով
Ու ես
Հենց էդտեղ,
Էդ երկուսից խոսքի անլսելիության չափ հեռու
Քեզ սեր կխոստովանեի,
Սեր իմ,
Եթե բառերը էսքան պարզ չլինեին
Զգացմունքի առաջ
Ես քեզ համար Բրել կմիացնեի
Կարմիր լապտերների տակ,
Ես Պրեւեր կկարդայի քեզ համար
Իմ սեր
Որովհետեւ նրանից հետո
Դու լավագույնն ես,
Որ պատահել է հետս
Որովհետեւ եթե նա բանաստեղծություններ էր գրում
Դու բանաստեղծություն ես, որ կաս՝
Երկնային,
Բարձր,
Կարմիր
Կարմիր
Կարմիր
Իմ բոլոր մոխրագույն օրերում։

Պի319
04.08.2018, 21:31
Քեզանից այս կողմ
Հասկացա
Զեմֆիրային՝
Ծայրից ծայր
Սրճահամն
Ու հոտը՝
Մեկ առ մեկ,
Կապտաթույրն
Ու ճերմակը՝
Երանգ առ երանգ,
Սերն՝
Ինչքան կարող էի,
Փախուստը՝
Քայլ առ քայլ,
Կապվածությունը՝
Մաշկիս վրա,
Կործանումն՝
Ամբողջությամբ։
Քեզանից այս կողմ
Սիրեցի
Քաղաքը՝ հերձած՝
Մաս առ մաս,
Երգերը՝
Վայրկյան առ վայրկյան,
Սրճարանները՝
Հասցե առ հասցե,
Նամակներդ՝
Տառ առ տառ,
Քեզ՝
Ոտքից գլուխ,
Ներսից ու դրսից,
Անծայրածավալ։
Քեզանից այս կողմ
Գիտեմ՝
Ինչ-որ մեկը
Եղիցի լույսը
Ինչ-որ տեղ ինձ համար
Շշնջաց՝
Բառ առ բառ։

Պի319
05.08.2018, 21:32
Երեք ճանապարհ կա՝

Մեկ. կորուստ, կործանում՝ եւ կամ էլ՝ ինքնա,
Անկում, Բախ ու անքուն գիշերներ՝
Ծանոթ,
Վերջում լույս կա տողեր՝
Թունելի պատերին գրված,
Հակասում, հայացքներ խուսախող,
Որոշում՝ աչքերում մնացած։

Երկու. անհանգիստ-անկանոն սրտխփոց, շարք՝ բառա կամ մտքի։
միշտ ասում են՝
Չգիտես ինչ կլինի՝
կհասնե՞ս՝ ինչպես, երբ ու ուր։
Այստեղ ծառուղի է, Շոպեն է
Լսվում մեկ-մեկ՝
Ու հարցական դնում բառերին։

Երեք. Գլաս ու անօրինակ՝ կամ տար՝ օդ
Շունչ, որ կտրվում է մեկ-մեկ,
Բառեր, որ
ասում են մոտավոր՝ ձիդ կկորցնես այստեղ։
Իսկ նա չի եղել անգամ
(Այսպես մենք սիրելուն չենք հավատում՝ չսիրած
Ու չենք փորձում թեյը՝ առանց շաքար)։

Երեք ճանապարհ կա,
Երբ անկած ես՝ միեւնույնն է, միշտ էլ,
Երբ գիտես, մեկ է՝ ինչ կլինի՝
Մտքում՝ հուսալով՝ այդպես չէ,
Երբ կորցրել ես ձիդ ու թվում է՝ բան չկա այլեւս
Բայց որոշում ես հանկած՝
Թեյը առանց շաքար փորձել։

(Սա առաջին անգամ եմ հրապարակում)

Պի319
05.08.2018, 21:34
որոշել եմ.
ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԵԼ
ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ —
(չեմ բարձրացնի ձայնս այլեւս,
կներես)
նրանք այնքան են
լի քեզնով
ու այնքան՝ քո մասին։
հեղափոխությունը, որ
սկսվել է իմ մտքի փողոցներում
ու տարածվում է մարմնովս
ամբողջ
այնքան է քո պատճաով
ու քեզնից։
եւ քաղաքը այս,
հոգիս,
ոտքից գլուխ դու ես,
թանգարանները,
որ կայցելեմ մեկ-օրանի
ընկերների հետ
ու գիշերները սպիտակ,
որոնցում կթափառեմ
մենակ։
ես անկարելի շատ եմ մտածում
այս ամենի չտեսնված
թախծի,
հետո քո,
տխրության,
երաժշտության,
նորից քո
ու Նեւայի մասին։

ես վախենում եմ,
գիտե՞ս,
երբեմն.
տեսնել Նեւան
ու չցատկել
պարզապես։

(Սա էլ))

Պի319
05.08.2018, 21:39
տեռռա ինկոգնիտա

Քեզանից հետո մնալու են ուղտերով
Լուցկու տուփեր,
մի պահարան սեւավուն, փայլեցված կոշիկներ ու շորեր — գրկելի
(Դրանց հետ ես երկար կփակվեմ
Պահարաններում ու աչքերս
Օրերով կմրմռան սեւաներկից)
երկու հատ չծխած մալբոռո։

Մնալու է բաժակը, որով վերջին անգամ խմեցիր — չեմ լվանա,
Ինչ-որ տարօրինակ հոտ, որ տարիներով չի կորչի իմ ներսից,
Գրասեղանը՝ թափթփված ու լամպը վառված — ոնց որ կար,
Լավագույն Օծանելիքդ — չդատարկված, քո ուզածով
Մահճակալդ — էդպես էլ չհավաքած։

Քո չլինելը տարիներով չի մեղմանա,
Կլինի նույնը ոնց որ առաջին օրն ու երկրորդ,
Նույն օրերի նման հավատալը կդառնա ամենաանհասկանալի բանն աշխարհի,
Ու պահարանը՝ ամենից փախչելու terra incognita։

ivy
05.08.2018, 22:42
Էն որ կարդում ու զգում, տեսնում, շոշափում ես սերը։
Հուզվում եմ գրածներիցդ։

Պի319
05.08.2018, 22:49
Այվի՜
ու Բոլոր,

շնորհակալ եմ շատ, դեռ էլի շատ բաներ կտեղադրեմ, ուրախանում եմ ամեն կարծիքից

Պի319
06.08.2018, 01:07
կազիմի

մենք մեռած աստղերից ենք
առաջացել
ծնվել
սաղմնավորվել
ծագել
դարերի միջից
մինչեւ քսան ու մեկ
ու ամենուր
անժամանակ,
տարեթվերում,
որոնց մեջտեղում
գծիկներ են դրվում,
մեզ համոզել են,
որ կավահող ենք
ու ադամամեղք,
եղբայրասպան,
բայց արդարացված,
ու թշնամասեր,
մեզ պարտադրել են
միջատ չտրորել
ու սրբակենցաղ լինել
գորտային
վերածնունդը կանխելու
հույսով,
երեք անգամ համբուրել
կազմը ինչ-որ գրքի՝
բացելուց առաջ,
անել մի բան պակաս՝
ասեղի անցքով հեշտ անցելու
անկնկալիքով։
մեզ վախեցրին
անդրաշխարհի
9 շրջաններով
դեռ էնտեղ չընկած,
որովհետեւ հանդգցեցինք
փակել
գիրք գրոցները,
չհասկացա՞նք երեւի,
որովհետեւ մենք մոտ էինք
բաներին, որ արգելված էին
ու շուտով՝ մեր մեջ։
մեզ ասացին,
որ անհանցը մեկ հոգի
ու մեկ մարմին ճանաչելն է,
ու մենք ծիծաղեցինք երկար-երկար.
սեր բառը հոգնակի ստանում է։
եւ որովհետեւ քիչ էինք
ու դրսում էինք քնում
մեկ-մեկ
ու չստացվեց էլ մենասեր լինել,
չկպցնել վերջին ծխախոտը,
հետո էլ փետուրներ չդնել
գլուխներիս ու բարկարոլա չլսել,
նրանց կավահող հոգին
խորթության ինչ-որ
հոտ զգաց:
իսկ մենք.
դե
մենք նորի
կրկնությունն ենք
անընդհատ
ու հետն էլ
աստղափոշի.
եւ չլինելիս մեր
ոսկրոտ մարմիններից
աստղաբույր է գալու:

Sambitbaba
07.08.2018, 06:22
Հազիվ ինձ զսպեցի, որ վերջինն էլ չկարդամ...

Պի319
07.08.2018, 20:35
Այս քամիներից,
Մոխրագույն տանիքներից,
(Որտեղ չենք էլ եղել),
Ու
Ճանապարհներից,
(Որոնցով վերադարձի փորձ ենք անում),
Այս դռներից,
Տներից ու բակերից անծանոթ,
(Որոնք քեզ հանդիպելու
Չստացված ու հուսահատ
Խաբկանքներ են),
Ծխախոտների ծայրերից,
Ծայրերի մարդկանցից,
Այն բոլոր հյուսիսափայլերից,
(Որոնք էդպես էլ չտեսանք),
Ու երազներից,
(Որոնցում ապրելը գերադասելի է
Առավել),
Այս բոլոր տների
Պատուհաններից,
(Ուր ճաղեր են անհամար
Ու մարդիկ՝ սովորական անցուդարձով),
Ու երկինքներից,
(Որոնցում աստղերը
Հեչ էլ անհաշվելի չեն),
Ու աստղերից,
(Որտեղից էլ ոչ ոք չի իջնում
Երկիր,
Որովհետեւ բոլորս հոգնել ենք փորձելուց),
Եւ այս բոլոր փորձերից,
(Որոնք քեզ
Մոտեցնում ու հեռացնում են առավել),
Եւ այս բոլոր երգերից,
(Որ ականջներումդ են,
Քո մեջ,
Մարմնիդ մեջ),

Այս բոլոր բառերից ու
Բանաստեղծություններից
Անդին
Կա՞ մի բան
Որ կկարողանա լինել
Քո մասին։

Interdenominational
07.08.2018, 20:43
Անտեսված մի
Կարևորություն՝ տա-ղա-չա-փու-թյու՜ն...
Որ տեղ չունի
(ու չի ունենա նշանակություն)
Զգայուն տողերի
Հրաշալի... անկանոնության մեջ:

Հ.Գ. Ապրես: Լավն են: Զգում եմ:

ivy
07.08.2018, 20:49
Անտեսված մի
Կարևորություն՝ տա-ղա-չա-փու-թյու՜ն...
Որ տեղ չունի
(ու չի ունենա նշանակություն)
Զգայուն տողերի
Հրաշալի... անկանոնության մեջ:

Հ.Գ. Ապրես: Լավն են: Զգում եմ:

Սա free verse (https://en.wikipedia.org/wiki/Free_verse) պոեզիա է, որտեղ ոչ տաղաչափությունը, ոչ հանգավորումը կարևոր չի։

Պի319
07.08.2018, 21:14
Անտեսված մի
Կարևորություն՝ տա-ղա-չա-փու-թյու՜ն...
Որ տեղ չունի
(ու չի ունենա նշանակություն)
Զգայուն տողերի
Հրաշալի... անկանոնության մեջ:

Հ.Գ. Ապրես: Լավն են: Զգում եմ:

շնորհակալ եմ շա՜տ: խմբագիրս միշտ ասում ա՝ դու ներքին հանգ ունես, որ բանաստեղծություն ա դարձնում:
Տաղաչափական կանոններով ստացված մի երկու բան ունեմ, որնցից ոչ մեկը աչքիս լույսը չի :դ չեն կպնում բացարձակ:

Անչափ շնորհակալ եմ

Պի319
07.08.2018, 21:25
Թող ես լինեմ
Սովորական,
Չհասկացված,
Չսիրված -
Մեկ է։

Թող քեզ չգտնեմ այլեւս
Քաղաքի ոչ մի պատի տակ,
Ոչ մի մայթին թող չփնտրեմ
Ոտնահետքերդ,
Ոչ մի երգ չլսեմ
Քո մասին հիշեցնող,
Թող շարունակեմ քեզնից
Այն կողմ տեսնել ինչ֊որ բան
Աղոտ
Հազիվ թե,
Կիսով չափ֊
Կարեւոր չէ։

Թող անունդ այլեւս
Տխրության նման չկախվի օդում
Ու աղոթքի պես չմնա
Մտքումս ասված,
Թող քեզ սիրեմ
Պարզ,
Հասարակ,
Բոլորի պես֊
Ինչ կարեւոր է։

Թող չդադարեմ մտքումս
Խոսել հետդ,
Որ գոնե ինչ֊որ տեղ
Ինչ֊որ բան
Կարգին լինի։

Թող ես պարզապես լինեմ
Սովորական,
Չհասկացված,
Չսիրված -
Մեկ է։

Interdenominational
07.08.2018, 21:49
շնորհակալ եմ շա՜տ: խմբագիրս միշտ ասում ա՝ դու ներքին հանգ ունես, որ բանաստեղծություն ա դարձնում:
Տաղաչափական կանոններով ստացված մի երկու բան ունեմ, որնցից ոչ մեկը աչքիս լույսը չի :դ չեն կպնում բացարձակ:

Անչափ շնորհակալ եմ

Եթե նվաստիս խորհուրդը հասցեատեր պիտի գտնի՝ ի դեմ քեզ, ուրախ կլինեմ միայն...
Մտածիր ու ստեղծագործիր ՀԱՅԵՐԵՆՈՎ, ճիշտ հայերենով...
Դավիթ Հովհաննեսից մինչև Վիոլետ Գրիգորյան՝ հայատառ է, բայց... հայերե՞ն է...
Ժամանակը պիտի կշռի ու արժևորի քո ունեցածը, պիտի արհամարհի ներկայիս տենդենցները:

Ակումբցի ivy-ն չգիտեմ ինչու իմ ասածը վերաձևակերպեց ու դիտողության կարգով հասցեավորեց ինձ, ըստ երևույթին ճիշտ չհասկացավ... ինչևէ :)

Թույլ տուր հաջողություն մաղթել քեզ :)

ivy
07.08.2018, 21:54
Ակումբցի ivy-ն չգիտեմ ինչու իմ ասածը վերաձևակերպեց ու դիտողության կարգով հասցեավորեց ինձ, ըստ երևույթին ճիշտ չհասկացավ... ինչևէ :)


Ակումբցի ivy-ն :)
Դիտողություն չէր, Interdenominational ջան, հետո իհարկե նորից կարդացի գրածդ, ու ոնց որ թե իրարից շատ չէին տարբերվում մեր ասածները։

Պի319
07.08.2018, 22:10
Եթե նվաստիս խորհուրդը հասցեատեր պիտի գտնի՝ ի դեմ քեզ, ուրախ կլինեմ միայն...
Մտածիր ու ստեղծագործիր ՀԱՅԵՐԵՆՈՎ, ճիշտ հայերենով...
Դավիթ Հովհաննեսից մինչև Վիոլետ Գրիգորյան՝ հայատառ է, բայց... հայերե՞ն է...
Ժամանակը պիտի կշռի ու արժևորի քո ունեցածը, պիտի արհամարհի ներկայիս տենդենցները:

Ակումբցի ivy-ն չգիտեմ ինչու իմ ասածը վերաձևակերպեց ու դիտողության կարգով հասցեավորեց ինձ, ըստ երևույթին ճիշտ չհասկացավ... ինչևէ :)

Թույլ տուր հաջողություն մաղթել քեզ :)

Շնորհակալ եմ խորհուրդների ու մաղթանքի համար :))

Պի319
07.08.2018, 22:11
Նրանք ոչինչ չգիտեն.
չգիտեն, որ
Նապոլեոնը օրվա մեջ չորս ժամ էր քնում,
որ պատերազմներ գծագրելու արանքում
մտածի նրա մասին,
ում պակասից էլ Հեղինեում մեռավ.
նրանք բոլորը պնդում են,
որ Նապոլեոնին մկնդեղն է կամաց-կամաց շարքից
հանել ու առհասարակ
բան չեն հասկանում:

Վան Գոգը
որոշեց ձեռքը կրակի վրա պահել
ու էդ ընթացքում գոնե մի քանի վայրկյան
սիրած աղջկան տեսնել,
Վան Գոգի մոտ ամեն ինչ տխուր է վերջացել,
չնայած նրանց միայն ականջն է հետաքրքրում:

Բուկը խմում էր, ծխում,
նրանք նաև ասում են,
որ կանանց ատում էր
ու երբեք, նրանք վստահեցնում են,
որ երբեք
ոչ ոքի չի սիրել.
նրանք երբեք չեն կարդացել

“to jane cooney baker, died 1-22- 62”-ը:

Նրանք չգիտեն,
որ կամուրջներից նետվողների,
թեյ խմողների,
կոճակ կարողների,
վթարի ենթարկվողների,
նարեկ կարդացողների
ու նապոլեոնի,
վան գոգի,
բուկովսկու մեջ
ինչ-որ բան կա:
Նրանք չգիտեն:
Բայց կա:

Պի319
07.08.2018, 22:13
շարունակվել

Սա քայլ է,
Որ շարունակություն չունի՝
Այսպիսի օրերի,
Ամիսների,
Ցավի մեջտեղում,
Որից բռնվում են ոսկորներն
Ու մարմինդ է թմրում,
Որովհետեւ սա ցավ է՝
Նվվվվացող,
Մի տեսակ անանց,
Իմ ու քո միջեւ եղած
Ամենը
Լցնելու չափ ուժեղ,
Վեր մեզնից,
Մեզնից վեհ:
Սա անձրեւ է,
Որ կկտրվի վաղ, թե ուշ,
Լվաքի պարանին ճնճղուկ է՝
Բացված թեւրով,
Լույս է, որ մութ կդառնա,
Տերեւներ են, որ կթափվեն՝
Էլ ոչ մի տեղ հարցական չթողնելով,
Միայն թե
Ես չնայած կավարտեմ այս բանաստեղծությունը,
Դու, մեկ է,
Կշարունակվես՝

Հին, անանց, նվվվվացող ցավերի պես՝
Նոր տողից
Ու մի մատ խորքից:

Պի319
09.08.2018, 21:33
Որտեղ էիր,
Թեյը լցնել էր պետք,
Ծաղիկներ էր պետք չորացնել
Գրքերի էջերում
Ու արանքներում
Մեր հանդիպումների,
Մի քանի նոր գիրք պիտի
Քննարկվեր,
Ու ֆոտոներ անել՝
Պատմվածս այգում։

Որտեղ էիր
Այն ժամանակ,
Երբ դեռ չգիտեի,
Որ չկաս։
Երբ դեռ չգիտեի
Այլ ցամաքներ փնտրող
Ծովերի գոյության
Մասին։

Պի319
22.08.2018, 18:55
Մեկ-մեկ կամուրջները կանչում են՝
Կյանքից առավել,
Ու պարաններ են իջնում
Առաստաղներից բոլոր,
Ու երակները՝
Խաղալիք են դառնում
Մատներիդ մեջ
Ու ապրելը
Դժվարանում է՝
Շունչ կտրելու չափ,
Դու չես գտնում
Միեւնույնն է ոչինչ,
Ու տուն գալով՝
Փշրվում ես հատակին լոգարանի կուլ տալով հիշողություններ
Ու հաբեր,
Երբ հավատում ես գնալուն
Ու հետո..վերջակետ։
Դու, մեկ է, մնալու ես.
Ինչ֊որ մեկի
Աչքերում,
Մաշկի տակ,
Մազերի մեջ,
Մի կերպ,
Շնչակտուր,
Անօգնական,
Անավարտ բանաստեղծություններում,
Ոնց որ սա է,
Որովհետեւ որպես
Վերջ
Ես կընտրեի՝
Որն է հեշտ ու անցավ,
Ես ճանապարհը ցույց կտայի
Գնալու,
Ու կամուրջները,
Որտեղից քեզ 10 օր չէին գտնի,
Ու հաբերը,
Որոնք մի անգամվա համար են,
Ածելիները՝ սուր ու փայլփլուն
Բայց դու ամեն անգամ
Պիտի չգտնես ճանապարհները,
Հաբերը,
Ածելիները ամեն անգամ պիտի չսրված լինեն։
Դու ամեն անգամ
Պիտի չնայես ներքեւ կամրջից
Դու պիտի չմտածես՝
Քեզ պարանն ու առաստաղը
Հարմա՞ր են։

Պի319
24.08.2018, 20:23
տատիկս պատմում էր
ոնց է իր պապը մահացել
պատերազմում կորած
որդու նամակները
ծոցում պահած
ու ես երազում էի
ռազմական օդաչու դառնալ
եւ անգործ մնալ
մի ամբողջ կյանք:

(էսպիսի բան գտա, ես տիեզերագնացի փոխարեն օդաչու էի ուզում դառնալ, հետն էլ ռազմական (Փըրլ Հարբորի ազդեցությունն էլ մի կողմից :Ճ)

Պի319
24.08.2018, 20:24
Օդում ինչ-որ շունչ կա անձրեւացած օրվա
ոտնաքայլեր դանդաղ՝ջրափոսերի մեջ:
ինչ-որ ձայն կա հիմա, որ գալիս է հեռվից
որ բռնում է ձեռքս, խաղում մազերիս հետ:
Փողոցներում գունատ ինչ-որ երազներ կան,
գիրկն առնելու կարոտ հոգիներ կան կորած,
ինչ-որ տեղից ծնվող ինչ-որ սրտաթրթիռ
ու անսովոր կապույտ երկինքներ կան հիմա:
Բառարանում թողած ինչ-որ սիրուն բառեր,
որ սպասում են մտքից դեպի շուրթեր հասնեն:
Քաղաքներ կան, որտեղ մեն-մենակ ենք արդեն
ու ձեռքեր կան հիմա՝ օդին հպվող միայն:
Հոգոցներ կան այս մութ երեկոյում հանգչող
ու կարոտ կա՝ երբեք դիմագիծ չփոխած,
Օդում արձագանք կա գտած-կորցրած օրվա,
իսկ ձեռքերին՝ հուշեր, մատնահետքեր գծված:
Եւ ծովեր կան ներսում՝ բիբերի մեջ լցված,
ալեկոծվող ծովեր՝ թարթիչներում մեր խիտ,
եւ տողեր կան այնքան, հատակներում պահված,
ու կապտացած խոսքեր՝ իրար դեռ ասելիք:

Պի319
24.08.2018, 20:25
Միշտ եղիր
Դաղձով թեյի
Բույրը, որ անցնում է մարմնով
Թռչունը, որ դուրս չի գալիս
ներսից,
Դերանունը, որ ամենասիրելին է դառնում,
Միշտ եղիր հոմանիշը
Փշաքաղվելու,
Մնա բառերի կողքին,
Որ այնքան են բառ,
Որ երբեք չեն ասվում ոչ ոքի։
Եղիր
Ոնց որ բոլոր մնացողները.
Որ գնալու տեղ չեն փնտրում։
Եղիր առաջին,
Երկրորդ,
Երրորդ ու իններորդ միտքը
Երբ բացում եմ աչքերս,
Երբ քայլում եմ տուն,
Երբ լաց եմ լինում՝
Ինչ-որ տեղ՝
Բազմոցին կծկված։
Եղիր երեկինքը՝
Երեկոյի կապույտում,
Եւ գույնն իմ
Ամեն տեղ փնտրած։
Եւ տողը եղիր՝
Առաջին,
Երկրորդ,
Երրորդ,
Նախաբանն ու
Վերջակետը
Օրվա
Հավիտյանս հավիտենից
Ամէն։

Պի319
24.08.2018, 20:26
Եվ օրացույցային գարուն է եկել
այս ներանձնական անձրևների
ու փոթորիկների մեջ
այս սովորական աշնանային
օրով:
Ասում են:


*ներանձնական բառն էլ միշտ սիրել եմ :ճ

ivy
24.08.2018, 23:35
Օդում ինչ-որ շունչ կա անձրեւացած օրվա
ոտնաքայլեր դանդաղ՝ջրափոսերի մեջ:
ինչ-որ ձայն կա հիմա, որ գալիս է հեռվից
որ բռնում է ձեռքս, խաղում մազերիս հետ:
Փողոցներում գունատ ինչ-որ երազներ կան,
գիրկն առնելու կարոտ հոգիներ կան կորած,
ինչ-որ տեղից ծնվող ինչ-որ սրտաթրթիռ
ու անսովոր կապույտ երկինքներ կան հիմա:
Բառարանում թողած ինչ-որ սիրուն բառեր,
որ սպասում են մտքից դեպի շուրթեր հասնեն:
Քաղաքներ կան, որտեղ մեն-մենակ ենք արդեն
ու ձեռքեր կան հիմա՝ օդին հպվող միայն:
Հոգոցներ կան այս մութ երեկոյում հանգչող
ու կարոտ կա՝ երբեք դիմագիծ չփոխած,
Օդում արձագանք կա գտած-կորցրած օրվա,
իսկ ձեռքերին՝ հուշեր, մատնահետքեր գծված:
Եւ ծովեր կան ներսում՝ բիբերի մեջ լցված,
ալեկոծվող ծովեր՝ թարթիչներում մեր խիտ,
եւ տողեր կան այնքան, հատակներում պահված,
ու կապտացած խոսքեր՝ իրար դեռ ասելիք:

էս ինչ սիրուն էր

Պի319
25.08.2018, 00:19
Ամեն ինչ անկայուն՝ տատանվող
Բառերը՝ ճաքճքված արմատից
Կյանքակերպ աննկատ օրերում
Թելակապ՝ չընդհատվող,
անմկրատ։
Ամեն ինչ միագույն՝լողակե
Կարոտը՝ մարմնաձեւ Դու-ի
Ապակուց՝ մայրամուտ, լուսաբաց
Տան ներսում՝ անսլաք ժամացույց։
Հեռվում քաղաքը մնաց,
Փողոցներ՝ սառչող, ստվերոտ,
Կետ մնաց՝ ձգվելու, հենվելու,
Ձեռքերիս՝ դողոցը շուրթերիդ։

Լինելդ՝ ապրելու բանաձեւ,
Երկու թիվ՝ գումարվող անընդհատ,
Ամեն ինչ թաղվել է մթի մեջ,
Ամեն ինչ շշնջում է՝ մնալ։

(Հունիսին Երեւանից Վանաձոր տեղափոխվելիս եւ դրա հետ չհամակերպվելիս էսպիսի փոքր բաներ էի գրել)

Պի319
25.08.2018, 00:21
էս ինչ սիրուն էր

Էս ինչ-որ արտաքին հանգով գրված եզակի բաներից ա

Պի319
25.08.2018, 00:22
Այս անկերպ
Ամպակերպ օրերից
Մի քանի կաթիլ անձրեւ,
Խնդում եմ,
Ու երազահան ամպգոռոց։

Արթնացնող փոքրիկ մի շող
Տուր
Վարագուրաթափանց,
Ու հանգիստ քնելու
Այն պարզ երջանկությունը։

Մի փոքր դեղին խառնիր
Մուգ կապույտին
Ու մանուշակի գույն տուր
Մթությանը՝ մեր կոպերին իջնող։

Մի քիչ ներողամիտ ժպտա,
Երբ պարզ են մեր ցանկությունները.
Ստվերներ՝ թատրոնի հին շենքում
Ու լռելու երկար-երկար ժամանակ։

Եւ մեկ-մեկ գլխի ընկիր՝
Ինչն ենք մոռանում անընդհատ,
Ինչ-որ կրակ վառիր խավարի մեջ
Ու ասա, որ լույսը եղավ։

Պի319
25.08.2018, 00:33
Էս էլ դե «Անտիթե»-ն

Հայր նրանց,
որ այստեղ չես,
իսկ երկնքում լինելդ
ոչինչ չի մեղմացնում,
քանզի դու նրանց էստեղ ես պետք,
եթե դառը ճշմարտությունն ես նախընտրում,
ուրեմն իմացիր`
Սուրբ չէ այլևս անունը քո,
քանզի այստեղ
Քեզ
30 արծաթով ուրացողներ միշտ կգտնվեն:
Քո արքայությունն անհասկանալի է,
անկատարվելի, անիմանալի,
ուստի խնդրում եմ,
եկ հրաժարվիր կամքդ
տարածելուց,
քանզի մեր այտերը
փոխադարձ ապտակներից կարմրել են վաղուց
և որովհետև ոսկե կանոնը
պարզապես ոսկե կանոն է մնացել:
Եվ դու հաստատ իրավունք ունես
չթողնելու իրենց պատքերը,
ինչպես իրենք երբեք
չեն թողնում իրենց պարտապաններին,
Ու հանգիստ նրանց կարող ես տանել փորձության,
որ միշտ ես անում,
և ականջիդ օղ արա,
որ անհնար է փրկել ինչ-որ բանից,
որ իրենք են ստեղծում:
Զի քոնը չէ
արքայությունն այլևս
գոնե այստեղ ,
ուր ծովի մասին չեն խոսում:
դու անզոր ես այսօր,
երբ սպանում են,
գողանում,
օդի մեջ անունդ տալիս,
և սիրում
հոգևոր ու մարմնական
ամենագեղեցիկ սիրով:
Եվ կարող ես քեզ վերցնել փառքը նաև,
որ վաղուց
օտարացել է մեզ:
Քեզնից չհարցնելով և քո թողտվությամբ
լքում եմ քեզ ընդմիշտ:

Ամէ՞ն:

Պի319
31.10.2018, 00:11
թողնելով ծովը, որ չկա,

թողնելով քաղաքը
թողնելով մանուշակագույնը
թողնելով ականջօղերը տուփում
թողնելով բաժակները սեղանին
գրքերը՝ դարակում, չբացած,
հոգեբանությունը,
քաղաքագիտությունն ու գերմաներենը՝ կիսատ-պռատ,
գլասին՝ մինչեւ վերջ չլսած,
թողնելով բույսերը ամաններում,
կրիային՝ուրիշ քաղաքում,
անպայման մի բանաստեղծություն՝ անվերնագիր,
թողնելով հիշողությունները նեղ փողոցներում՝
երբեք չվերցնելու պայմանով,
անընդհատ վերընթերցվող պոեզիան,
հրամայական եղանակն ու շեշտը,
թողնելով այստեղ-ը, ես-ը, դու-ն ու առավել՝ մենք-ը,
ինչ պիտի լինի-ն ու պատասխանները բոլոր,
թողնելով միտքը՝ ինչու է անձրեւում ներսուդրսում,
թողնելով լույսը վառ.


դուռը բացել,
սպասել՝ հետեւիցդ փակեն.

գնալ

Յոհաննես
31.10.2018, 00:58
թողնելով ծովը, որ չկա,

թողնելով քաղաքը
թողնելով մանուշակագույնը
թողնելով ականջօղերը տուփում
թողնելով բաժակները սեղանին
գրքերը՝ դարակում, չբացած,
հոգեբանությունը,
քաղաքագիտությունն ու գերմաներենը՝ կիսատ-պռատ,
գլասին՝ մինչեւ վերջ չլսած,
թողնելով բույսերը ամաններում,
կրիային՝ուրիշ քաղաքում,
անպայման մի բանաստեղծություն՝ անվերնագիր,
թողնելով հիշողությունները նեղ փողոցներում՝
երբեք չվերցնելու պայմանով,
անընդհատ վերընթերցվող պոեզիան,
հրամայական եղանակն ու շեշտը,
թողնելով այստեղ-ը, ես-ը, դու-ն ու առավել՝ մենք-ը,
ինչ պիտի լինի-ն ու պատասխանները բոլոր,
թողնելով միտքը՝ ինչու է անձրեւում ներսուդրսում,
թողնելով լույսը վառ.


դուռը բացել,
սպասել՝ հետեւիցդ փակեն.

գնալ

Ըսիգ պոեզիա՞ է

Պի319
31.10.2018, 01:07
Էս ինչ-որ բան ա, որը մի տեղ պիտի թողնեի ։)

romanista
01.04.2019, 01:21
Չկա հանգ, հանգ չկա: Չի լինում կարդալ գեղեցիկ բառերի իմաստավորված այս կույտը: Հազար կներեք ազնիվ կարծիքիս համար:

Բարեկամ
01.04.2019, 05:09
թողնելով ծովը, որ չկա,

թողնելով քաղաքը
թողնելով մանուշակագույնը
թողնելով ականջօղերը տուփում
թողնելով բաժակները սեղանին
գրքերը՝ դարակում, չբացած,
հոգեբանությունը,
քաղաքագիտությունն ու գերմաներենը՝ կիսատ-պռատ,
գլասին՝ մինչեւ վերջ չլսած,
թողնելով բույսերը ամաններում,
կրիային՝ուրիշ քաղաքում,
անպայման մի բանաստեղծություն՝ անվերնագիր,
թողնելով հիշողությունները նեղ փողոցներում՝
երբեք չվերցնելու պայմանով,
անընդհատ վերընթերցվող պոեզիան,
հրամայական եղանակն ու շեշտը,
թողնելով այստեղ-ը, ես-ը, դու-ն ու առավել՝ մենք-ը,
ինչ պիտի լինի-ն ու պատասխանները բոլոր,
թողնելով միտքը՝ ինչու է անձրեւում ներսուդրսում,
թողնելով լույսը վառ.


դուռը բացել,
սպասել՝ հետեւիցդ փակեն.

գնալ

պոեզիա ա!

Յոհաննես
01.04.2019, 10:39
պոեզիա ա!

Իմ գրածն էլ,չնայսծ Այվին դատարկաբանություն համարեց ))

Պի319
29.08.2019, 01:00
Ակումբում փաստորեն չի լինում ջնջել ինչ-որ գրառում, հա՞։ Ուզում էի մի բան դնել, մի քիչ խոսեինք, հետո ջնջեի, որովհետև որոշել եմ չհրապարակել դեռ ։ճ բայց դե, увы ((

ivy
29.08.2019, 11:08
Ակումբում փաստորեն չի լինում ջնջել ինչ-որ գրառում, հա՞։ Ուզում էի մի բան դնել, մի քիչ խոսեինք, հետո ջնջեի, որովհետև որոշել եմ չհրապարակել դեռ ։ճ բայց դե, увы ((

Ակումբում ինքդ ջնջել չես կարող, բայց եթե ուզես քո արած որևէ գրառում ջնջել-վերականգնել, խմբագրել, կարող ես դիմել բաժնի մոդերատորին (էս թեմայի դեպքում՝ ինձ), ու կարվի ուզածդ գործողությունը:

Դիր, ինչը որ ուզում էիր դնել, կջնջենք հետո, խնդիր չկա:

Պի319
29.08.2019, 13:08
Ուռա՜։ Ուրեմն դնեմ

Պի319
29.08.2019, 13:13
աճող սիրտ

-քեզ,
որ պատրաստվում ես լոլիկ ու վարունգ աճեցնել
մեր լռության բացատներում


շրջանաձև կրկնվող բառերը քեզ անդադար ավելի խոցելի են դարձնում, սեր իմ,
ես նշմարում եմ ճանապարհը, որով մի օր կհայտնվես զգացմունքի վեկտորին՝ ճիշտ ու ճիշտ որտեղ ես եմ
ու իմ սերը՝ անապատում բուսնած կակտուսի պես մի քանի կաթիլ ջրով ապրելու պարտաստ
պատրաստ արմատներ գցելու օտար հողերում ու ծաղիկներ տալու երեք-չորս տարին մեկ անգամ
քո լուսամուտագոգին էլ չի լինի
պյարտի համերգին դահլիճում հազացող մարդու պես՝ այդքան ավելորդ ու նույնքան էլ սովորական-հասարակ մի բան։

սիրելիս, ծեսը՝ խոսքերը քեզ մատուցելու ավարտվում է իրարից մի քայլ հեռավորության վրա
ես մոռանում եմ բոլոր դերանունները անխտիր ու թե ինչ էի ուզում պատմել՝ նախորդ օգոստոսի հետ կապված,
մտածում՝ անհրաժեշտ է ամուր բռնել կրծքավանդակը, որ դուրս չհոսի սիրուց ոչ մի կաթիլ,
ու որքան կարևոր է, որ դու չխեդվես հինգ օվկիանոսներից մեկնումեկում։

որ դու չխեղդվես հինգ օվկիանոսներից մեկնումեկում, գետերում իմ երկրի կամ ծովերում աղի,
որ հյուսիսից եկող քամիները չքշեն-տանեն քեզ հեռու,
որ չարթնանամ մի առավոտ՝ մտքով՝ ինչ նման ես դու աշխարհի վերջի կվարտետին։

ես ամեն օր տեսնում եմ երազներ ու կարդում նորզելանդացի պոետների
պատմելու քեզ՝ ինչ հրաշալիները կան աշխարհում,
դու լռում ես, աստված իմ, ինչքան երկար ես լռում, դրանից ես փախչում-մտնում եմ պահարանը,
դու գտնում ես բանալիները գորգի տակ կամ ծաղկամանում թաքցրած,
հետո ես շարունակում եմ սիրել։

հոգեհանգիստներ լսելը ինչ-որ բան է թաղում ներսում,
ժամանակին միացնում ու լալիս էի օրերով,
որովհետև դժվար է, այնքան դժվար է հրաժեշտ տալ մեռնողին, հատկապես, երբ սերն է,
որին տաք պահել էր պետք, հագցնել ու շոյել փետրվարի կեսին,
որովհետև դժվար է գերեզմանների լռության մեջ շվարած կանգնելը՝ անվստահ, որ ամառ կգա երբևէ
կամ գարուն ու վարդը կբացվի գոնե։

աստված իմ, հինգ մատիս պես սկսել եմ ճանաչել լռությունը, որ լիցքավորված ատրճանակի պես պատրաստ է օդը ճեղքելուն
ես չեմ հավատում մահին
դու չես հավատում մահին
մահին չենք հավատում մենք
մեր լռությունը հոմանիշ չէ դրան
ատրճանակը խուսափում է կրակել քանի դեռ կողք կողքի ենք նստած մի աթոռին։
ես վախենում եմ մեզ բաժանող տարածությունից
այն լցված է երազներով, որոնցից վեր եմ թռչում կեսգիշերին,
նավարկելի գետերով ու ծովերով,
որտեղ անդառնալի սուզվում են խոստովանությունները ու լողում ձկները պսպղուն,
ու զրորներով, որոնց երբեմն բաժանվում է ինչ-որ թիվ։

մեկ-մեկ սիրտս թեթևանում է փետուրի պես,
մեկ-մեկ դժվար է դառնում կանգնելը ոտքի վրա
սիրտ-քար
սիրտ-ծանրծանրլեռ
սիրտ-հազարաթևթռչուն
սիրտ-տիբեթյանբարձրավանդակ
սիրտ-մոնեիլճիջրաշուշան
սիրտ-իմուքոսևուսպիտակլուսանկար
սիրտ-յասամանիբույր
մի օր քամին կքշի-կտանի

մարդիկների քաղաք,
հեռացող ոտնաձայների քաղաք,
ծանոթ այգիներ մեր ոտքերը հոգնած ու մարմինները՝ խոտերի վրա

քաղաք- ստվերներիբարձրացածպատերին
քաղաք- փակսենյակումհամբուրվելու
քաղաք- իմպատուհանիքոպատուհանի
իմսենյակիքոսենյակի
իմկանգառիքոկանգառի
իմսիրածքոչսիրած
քաղաաք- իմվերադարձիուքոփախուստի
քաղաք- իմուքո

դու վեր ես կենում աթոռից, ես խնդրում եմ հետ գաս, նորից նստես կողքիս
դու բռնում ես ձեռքս, ես վախենում եմ նայել աչքերիդ
մենք փորձում ենք հաղթահարել դա ու անթարթ նայում ենք իրար,
ընթացքում՝ մի քանի պատմություններ մեսիենի համակենտրոնացման ճամբարից
շարունակ կրկնվող բառեր, թե ինչպես չձանձրացանք նույնահոս զրույցներից ամենօրյա,
վեճեր, որ չեն տանում ոչ մի տրամաբանական ավարտի,
ու այն մասին, թե որքան սիրահարված եմ վուլֆին
ու քեզ, որ մի օր պարզ կխոսես սիրո մասին
գրկելով ինձ
իմ սիրտը
չթողնելով մենակ
չթողնելով մենակ
գիշերցերեկ

հետո
հետո դու ասում ես, որ մեր մեջ եղած լռության բացատներում
կարելի է լոլիկ ու վարունգ ցանել
ու մի ամբողջ տնտեսություն հիմնել առհասարակ
(սիրտս հաշտ-համերաշխ, թեթև-թեթև
նոր ծիլ տվող իրիս մանուշակագույն)
ես ծաղիկների սերմեր եմ պահում գրպանումս
ու եգիպտացորենի՝ տոպրակի մեջ
մենք ցանում ենք բոլորը
աշնանը կհավաքենք բերք՝ մի քանի պարկ,
կպահենք պապիկիդ տան մառանում ու երջանիկ կլինենք՝ չհասած ոչինչ չմնաց

լոլիկ,
վարունգ,
եգիպտացորեն,

ու շարունակ աճող-
աճող
իմ սիրտ

ivy
29.08.2019, 15:47
Վերևի բանաստեղծությունը ժամանակավորապես է դրված թեմայում. Պի319-ն ուզում է մի քիչ կարծիքներ հավաքել իր ստեղծագործության մասին՝ վերջնական տեսքով հրապարակելուց առաջ:

Կարո՞ղ եք խնդրում եմ կարդալ և կարծիք թողնել ստեղծագործության մասին. հեղինակին հաստատ շատ օգնած կլինեիք:

LisBeth
Progart
Ծլնգ
Sambitbaba

և ուրիշներ...

Պի319
29.08.2019, 16:43
Ivy, գրկում եմ։ Վերջնական տեսքի ա, զուտ էնքան ուշ ա հրապարակվելու, որ չէի դիմանա մի տեղ չկիսվեի

ivy
29.08.2019, 17:21
Ivy, գրկում եմ։ Վերջնական տեսքի ա, զուտ էնքան ուշ ա հրապարակվելու, որ չէի դիմանա մի տեղ չկիսվեի

Ինձ մի քիչ հում թվաց, կարծեցի՝ դեռ ուզում ես վրան աշխատել, սխալվեցի:
Իսկ ինչ ես ուզում խոսել ստեղծագործությանդ մասին:
Գուցե ի՞նքդ սկսես :)

Պի319
29.08.2019, 17:36
Թեկուզ մենակ կարդան ։Ճ ինձ թվում ա ես հիմա միայն դրա կարիքն ունեմ

Sambitbaba
29.08.2019, 18:28
Ինչ կասեմ ես:
Եթե հանկարծ ջնջել ես էս ստեղծագործությունը, խոստանում եմ քո էլ ոչ մի ստեղծագործություն չկարդալ:
Որովհետև դու հեղինակից՝ հանցագործ կդառնաս:
Այվ ջան, չգիտեմ, թե քեզ ինչն է հում թվացել, բայց ինձ համար կատարյալ է սկզբից մինչև վերջ:
Էնքան էներգիա կա մեջը, որ կարդալիս առավոտվա հովին անգամ քրտնեցի...
Ափսոս, նկարիչ չեմ, էս բանաստեղծությունը կնկարեի կտավի վրա...

Պի ջան, պետք է եզրակացնել, որ բոլոր Վուլֆերից՝ Վիրջինիայի՞ն ես սիրում...
Իսկ երբ ես կարդում էի, առաջին մի քանի տողերից հետո անընդհատ Գարսիա Լորկան էր մտքիս...

Խնդրում եմ, չջնջես, սա շատ անգամներ վերընթերցելու մեծ հավանականություն ունի:
Ու շնորհակալ եմ շատ ստացած հաճույքի համար::love:love:love

Պի319
29.08.2019, 20:21
Ինչ կասեմ ես:
Եթե հանկարծ ջնջել ես էս ստեղծագործությունը, խոստանում եմ քո էլ ոչ մի ստեղծագործություն չկարդալ:
Որովհետև դու հեղինակից՝ հանցագործ կդառնաս:
Այվ ջան, չգիտեմ, թե քեզ ինչն է հում թվացել, բայց ինձ համար կատարյալ է սկզբից մինչև վերջ:
Էնքան էներգիա կա մեջը, որ կարդալիս առավոտվա հովին անգամ քրտնեցի...
Ափսոս, նկարիչ չեմ, էս բանաստեղծությունը կնկարեի կտավի վրա...

Պի ջան, պետք է եզրակացնել, որ բոլոր Վուլֆերից՝ Վիրջինիայի՞ն ես սիրում...
Իսկ երբ ես կարդում էի, առաջին մի քանի տողերից հետո անընդհատ Գարսիա Լորկան էր մտքիս...

Խնդրում եմ, չջնջես, սա շատ անգամներ վերընթերցելու մեծ հավանականություն ունի:
Ու շնորհակալ եմ շատ ստացած հաճույքի համար::love:love:love

Sambitbaba ջա՜ն,
շնորհակալ եմ։
Վիրջինիային շատ եմ սիրում, բայց թող ների ինձ, Թոմաս Վուլֆը միակ ու անկրկնելի իմ սերն ա։
Օ, Լորկա ժամանակին շատ էի կարդում, համ էլ ։Ճ

Sambitbaba
29.08.2019, 21:57
Sambitbaba ջա՜ն,
շնորհակալ եմ։
Վիրջինիային շատ եմ սիրում, բայց թող ների ինձ, Թոմաս Վուլֆը միակ ու անկրկնելի իմ սերն ա։
Օ, Լորկա ժամանակին շատ էի կարդում, համ էլ ։Ճ

Սկզբում հենց նրա մասին էի մտածում, քանզի ժամանակին ես էլ եմ շատ սիրել: Բայց որոշեցի, որ պոետին նկատի ունես...:)

Ուլուանա
30.08.2019, 00:19
Ես էլ կարդացի :love: Դու ուրիշ ես, էլի, հո զոռով չի: Էսքան խտացված էմոցիա, էսքան քնքշություն, էսքան դիպուկություն ու սիրունություն... Մի խոսքով` գժվելիք :love:

Բայց մի բան ասեմ.

քաղաք- ստվերներիբարձրացածպատերին
քաղաք- փակսենյակումհամբուրվելու
քաղաք- իմպատուհանիքոպատուհանի
իմսենյակիքոսենյակի
իմկանգառիքոկանգառի
իմսիրածքոչսիրած
քաղաաք- իմվերադարձիուքոփախուստի
քաղաք- իմուքո
էս իրար կպած բառերը` հեշթեգի ոճով, դժվարընթեռնելի են, ու էդ առումով, ըստ իս, մի տեսակ կոտրում են ընդհանուր հոսքի սահունությունը: Ինձ թվում ա` բանաստեղծությունը ոչինչ չի կորցնի, եթե էդ բառերը սովորական ձևով գրվեն` բացատներով: Որոշ դեպքերում, օրինակ, «իմուքո»-ի դեպքում, կարծես նոր ու հավես բառ ստացված լինի, բայց մնացած դեպքերում իմաստ չեմ տեսնում, ու, ինչպես արդեն ասեցի, դժվարըթեռնելի ա դարձնում ուղղակի: Գուցե էլի լինեն տենց հավես ստացված բառեր, էս պահին մտքիս չեն գալիս, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ` արժե խուսափել դրանից:

Պի319
30.08.2019, 00:49
Ես էլ կարդացի :love: Դու ուրիշ ես, էլի, հո զոռով չի: Էսքան խտացված էմոցիա, էսքան քնքշություն, էսքան դիպուկություն ու սիրունություն... Մի խոսքով` գժվելիք :love:

Բայց մի բան ասեմ.

էս իրար կպած բառերը` հեշթեգի ոճով, դժվարընթեռնելի են, ու էդ առումով, ըստ իս, մի տեսակ կոտրում են ընդհանուր հոսքի սահունությունը: Ինձ թվում ա` բանաստեղծությունը ոչինչ չի կորցնի, եթե էդ բառերը սովորական ձևով գրվեն` բացատներով: Որոշ դեպքերում, օրինակ, «իմուքո»-ի դեպքում, կարծես նոր ու հավես բառ ստացված լինի, բայց մնացած դեպքերում իմաստ չեմ տեսնում, ու, ինչպես արդեն ասեցի, դժվարըթեռնելի ա դարձնում ուղղակի: Գուցե էլի լինեն տենց հավես ստացված բառեր, էս պահին մտքիս չեն գալիս, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ` արժե խուսափել դրանից:

Վախ :love:love:love
իհարկե, հասկացա։ Ուրեմն ես որ գրում եմ, զուգահեռ կարդում եմ ու բառը նոր տող իջեցնելը-բան, լրիվ որպես շեշտ եմ ընթադրում։ Քաղաքի ու սրտի հատվածները էնքան մի տեսակ միասին հնչեցին, սիրտս- մոնելճիջրաշուշան օրինակ, որ ես ուղղակի վախեցա բացատներ դնել մեջտեղներում։ Որ դրանք կարդում եմ իրենք այ իրար կպածի արագությամբ են հնչում ու բառերի մեջտեղներում օդ/տարածություն չի մնում առհասարակ։

էնքան շնորհակալ եմ, գրկում եմ :love:love

Ուլուանա
30.08.2019, 06:52
Վախ :love:love:love
իհարկե, հասկացա։ Ուրեմն ես որ գրում եմ, զուգահեռ կարդում եմ ու բառը նոր տող իջեցնելը-բան, լրիվ որպես շեշտ եմ ընթադրում։ Քաղաքի ու սրտի հատվածները էնքան մի տեսակ միասին հնչեցին, սիրտս- մոնելճիջրաշուշան օրինակ, որ ես ուղղակի վախեցա բացատներ դնել մեջտեղներում։ Որ դրանք կարդում եմ իրենք այ իրար կպածի արագությամբ են հնչում ու բառերի մեջտեղներում օդ/տարածություն չի մնում առհասարակ։

էնքան շնորհակալ եմ, գրկում եմ :love:love
Ես էլ քեզ եմ գրկում :love:
Հասկանում եմ, որ մտքումդ «իրար կպած» են հնչում, էդ դեպքում գուցե գծիկնե՞ր դնես, տենց էլի իրար կպած կլինեն, բայց նաև ավելի հեշտ կկարդացվեն: Էդ տարբերակն էլ դիտարկի: Ուղղակի մի տեսակ ափսոս ա բանաստեղծությունն էդքան սահուն, սիրուն կարդալով գալն ու էդ բառերի վրա քեփլտալը, էլի :)):

LisBeth
30.08.2019, 22:17
Թեկուզ մենակ կարդան ։Ճ ինձ թվում ա ես հիմա միայն դրա կարիքն ունեմ

Կարդացի :)

Շատ գեղեցիկ ես գրում․․․ ապրես

Պի319
15.01.2020, 10:08
Բարե՜ւ, Ակումբ

Նոր արթնացա ու մտածեցի, որ ուզում եմ Տրոյան էստեղ թողնել՝ կարդաք ցանկության դեպքում

https://inknagir.org/?p=9583

ivy
20.12.2020, 11:15
https://i.ibb.co/2N2q462/487-BEDD5-999-D-4-AB3-A685-D735-EF1-D9573.jpg (https://ibb.co/yST0jRT)

Sambitbaba
20.12.2020, 22:36
Ափսոս շատ է մանր տեքստը, չի կարդացվում...
Զատո "աճող սիրտը" նորից կարդացի... Մտածում եմ՝ շնորհակալությունս հեռացնեմ, որ նորից կարողանամ դնել...

ivy
20.12.2020, 23:43
Ափսոս շատ է մանր տեքստը, չի կարդացվում...

․․․


այնտեղ, որտեղ տունն է

դե արի ու ապրիր սովորական ծեսերը շարունակելով
լվացքն առավոտյան, սուրճը վեցից հետո՝ չխմած այդպես էլ, անպայման մի քանի էջ՝ նախքան քնելը,
զբոսանքները երեկոյան ու տխրությունը սովորաբար անհիմն այնքան (գիտեմ հիմա)
շարունակիր խոսակցությունները այս ու այնի մասին,
եթե կարող ես, շարունակիր,
մարդկանց հետ և կողքին, որոնք կորցրել են, — ապրել

ծանր չէր իրականում, փաստորեն, բաժանվելը սիրած տղաներից
տեղափոխվելը տնից, որ հարազատ էր դարձել արդեն,
էլ երբեք չգնալը համերգի այն մարդու հետ,
փաստորեն ցավի սանդղակում ցածր միավոր ուներ՝
օդանավակայանում հրաժեշտ տալը սիրելիներին,
ձախողելը հերթական քննություն, փորձ, խոսակցություն,
չգտնելը պետքականը՝ ցավի մասին չէր, պարզվում է։

բայց ծանր է։ սոսկալի ծանր բան է հողը սիրելն այսչափ
ու այսքան անգամ մեռնելը
—քո ի՞նչ տարիքն էր
առհասարակ

այնքան դժվար էր — փնտրեցի-փնտրեցի
մի կերպ նոթատետրս գտա գրքերի միջից,
բացել, նայում էի նկարիդ, երկուսս 16 տարեկան էինք՝ երեխա,
մի խումբ մարդ կար, բայց քեզ համար էի տպել-պահել,
հաջորդ էջում գրել էի՝ ինչ կանաչ են աչքերդ, սիրելիս,
գրել էի՝ սպիտակ ես ուրվական լինելու չափ, և պատմվածքս քո աչքերի գույնն ունի,
կնվիրեմ մի օր — գրել էի
հետո շոյում էի հազիվ երևացող դեմքդ, հետո բառերը նշաններ դարձան զուտ
եվ չեմ կարողանում, դեռ չեմ կարողանում ոչ ոքի հետ խոսել քո մասին`
խաղաղ իմ,
իմ թափանցիկ,
իմ հոգի, իմ լույս, իմ թեթև տոն,
որ ինձ հետ է — միշտ

ի՞նչ պիտի և ի՞նչ կարող եմ ասել քեզ —
ներիր, ներիր ցավս,
որ խիզախել եմ պահել հեռու բոլորի աչքից,
որ մեկ-մեկ կոտրվում եմ (քեզ դուր չէր գա),
ներիր, որ ունեցածը մեր հիմա բուռուկես մի երկիր է,
որ աղմուկը շատ է այսքան, երբ պիտի լռություն լիներ,
եվ շնորհակալություն
քեզ

ավելի ու ավելի շատ, քան այլ ինչ —
ես
շնորհակալ եմ
քեզ

Sambitbaba
21.12.2020, 01:24
"...խաղաղ իմ,
իմ թափանցիկ,
իմ հոգի, իմ լույս, իմ թեթև տոն,
որ ինձ հետ է — միշտ"...

Հզոր էր շատ...
Կարդալուց մի պահ հետո՝ ամբողջ մարմնովս դող անցավ, էն, ինչպես շատ գազաններ թափ են տալիս իրենց էներգիայի ավելցուկից լիցքաթափվելու համար...

Ու ցավ...

Պի319
26.06.2021, 02:25
իմ տ․

неужели тебе это кажется столь далеким? ․․․
․․․․․․как отнимается постепенно то,
что не может быть отнято: люди, местность,
и как сердце бьется тогда, когда надо бы разорваться. ․․․


(ei)

նավում աճող ծառ, հետո դու կիսատ-պռատ հիշողությունն ես կրելու նրանց ու իմ,
ծանր տարուբերումը ալիքների ու փոթորիկներից հետո տարածվող թաց փայտի բույրը,
զրույցը մեր, որ սկսվել է տարիներ առաջ ու պատմությունները, որոնցից խուսափում ենք ― (չնայած երկար ժամանակ է անցել
չնայած կատարվել է կատարվելիքը),
առաջին նախադասությունը երկարաշունչ լռությունից հետո եւ իրողությունը բառերի, որ այլեւս հեշտ է արտասանել,
դասագրքերի անիմաստ տողերը հասարակածի, կենգուրուների, ջրիմուռների մասին,
մի քանի անգամ կարդացվող պարբերությունների կրկնությունը,
ու կրկնությունը տարածությունների, որոնցից հեռուն երևում է մերկության պես պարզ ու խոցելի նույնքան,
մոռացումը քայլի նշանակության, որովհետև ձևը չի հիշվում արդեն (այս է սփոփանքը միակ),
հարկադիր անցկացումը ծեսի և երկար-բարակ արարողությունը՝ սիրելու մերձավորիդ՝
(թերի յուրացրած դաս), որին ներկայությունդ սխալ էր ի սկզբանե՝ տառերի, բառերի, շարադասության ու սխալ՝ առհասարակ։


ինչ էլ ուզում ես ասա, —
հոգնեցնող է ապրելը ուրիշի հիշողություններից ջնջվելու փորձերով,
նրանց, որոնց չփրկեց ծովն ու լայնությունը օվկիանոսի,
նրանց, որոնք հիշում են խալերի դասավորությունը բազմապատկման աղյուսակի պես,

որոնք ձախողել են գնալ։

եվ այս — ընդհարումը
բախումը երեկվա, այսօրվա, վաղվա իրերին ապացույց են եղածի,
(թեև գիտես՝ վախեցնողը այս տեսանելին չէ բոլորովին)։
պատերը, որ որպես կանոն, դեմ են առնում շնչառությանը, և կանոնի շարունակություն՝ հոգնեցնում են վայրերը, ուր ապրվել է այսչափ երկար,

այս
այս պատրաստ չլինելը ոչնչի բացառապես և ուղիղ ձգվող վիճակն անհանգստության՝ որքան ինձ նման է - տեր աստված։


(is)

դե արի ու խոսիր այս մասին —

ինչ լավ անուն ունի նա՝ խեցու միջից եկող ալիքների ձայն,
ցեխաջրի մեջ թփթփացնող ոտքերի, ձեռքից ընկած-կոտրած բաժակի,
նա ժամանակն է դարի, ուր ապրել եմ հինգ օր, որ նման է ինձ ավելի, քան արտացոլանքը հայելու և ջրափոսի մեջ,
այս վեպը, որ ավելի է իմ մասին, քան ծննդականիս պատճենը՝ դարակում,
եւ տղամարդը, որ ես եմ՝ կորցրած ճանապարհը հետդարձի՝ միտք ու հոգով,
որ հերթով թափառում է կղզիներում և ճիշտը մի կենդանի դառնալն էր ամենասկզբից
(որքան բան է պահանջում վերադարձը),
եվ հետո ինչո՞ւ չլինեմ կինը նրա, եւ որդին հատկապես՝ ցամաք ծովի ափին, և բոլոր նրանք, ովքեր սպասում են մի ամբողջ կյանք,
ու առավել՝ բոլոր նրանք, ովքեր դժվարանում են հետ գալ, որովհետև ասելու ու պատմելու չէ այս
նոթագրած բառերից ու վերքերից, որոնք հա բաց են՝ չապաքինվող


այս է՝
նա խոսել է այս մասին, երբ դու չկայիր ու պատմությունները սկսվում էին զայրույթից մեծ, թեւ հետո այդպես էլ պատասխանել մոռացավ՝ չորս հարյուր նավից՝ երկար-բարակ անվանումներով, քանի՞սը հետ դարձան ափերին, որ
դատարկված էին տարիներ։


(solum)

իսկ հողը չորանում է։
սա երկիրն է այդ, հոմանիշով՝ անծով։
այստեղ զրույցները անանձնական խաղաղության մասին են նախեւառաջ,
եվ մարդկանց, որ համբերատար շոյում են կատվի մեջքը՝ լույսն անջատելուց առաջ,
որոնց հետ կատակի ես տալիս ցավը, ան-նրանց ապրելու անփութությունն էլ,
մի քանի լեռան մեջտեղում հանգիստ նստելու դժվար-դժվար լինելը,


եւ — բույսերի մասին առավել, որոնք անուններն ունեն սիրվածների երբեմն,
որոնք հրաժարվում են ծաղկել արեւից հեռու, մոտ, ստվերում,
երբ ջրում ես մեկ անգամ, երկու, երեք,
որոնք կիսվում են խնամքի ու պարտադրանքի մեջտեղում, քաղաքի փոշու ու տոթ կեսօրների մեջ,
որոնց ասում ես խոսքեր ու երեւի թե խոսքերն են այդ ճնշում ու դիմադրում
եւ հողը չորանում է,


այս է եղածը՝
ճաքճքած հող
ու պատմություն, որ դեռ ձգվելու է
բավականին, բավականին երկար


Ծանոթագրություն։ երկու բնաբանները հատվածներ են Չեսլավ Միլոշի «Էլեգիա Ն․Ն․» բանաստեղծություններից (թարգմանությամբ Իոսիֆ Բրոդսկու)։

2020, օգոստոս

Պի319
26.06.2021, 02:30
Կարիք զգացի ակումբի էս անկյունիկի ու ակումբի մարդկանց գիշերվա 2-ին) հանկարծ։