PDA

Դիտել ողջ տարբերակը : Նամակներ



ivy
27.06.2018, 20:22
Թեման նախատեսված է նամակներ գրելու համար։ Ամեն տեսակի ու ոճի նամակներ: Կարևորն այն է, որ նամակն ունենա կոնկրետ հասցեատեր, որը կարող է գաղտնի մնալ կամ լինել բացահայտ, ըստ հեղինակի նախընտրության։
Եթե գտնում եք, որ ձեր նամակների տեղը հենց էստեղ է, ապա սկսեք հենց հիմա ։)

Թեմայում քննարկումներն ու մեջբերումներն արգելվում են։

Բարի՜ նամակագրություն։

Sambitbaba
28.06.2018, 09:33
Նամակ Գալաթեային

Գալ, վերադարձի՜ր...

ivy
02.07.2018, 00:46
Երբ մտքով հետ եմ գնում ձմռան ահավոր վիճակիս, բոլոր կեղտոտ ծալքերի մեջ քո թողած հետքերն էլ եմ տեսնում։ Նորից վերապրում եմ ամբողջ նողկանքն ու կոկորդս սեղմող շոկը։ Ես գուցե կարող էի պատկերացնել, որ քո նմանները գոյություն ունեն, բայց իմ աչքով տեսած դեռ երբևէ չկայի։ Իսկ երբ տեսա, հասկացա, որ իրականում ոչ մի պատկերացում էլ չունեի։ Ես քո մասին առաջին անգամ չի, որ գրում եմ, բայց առաջին անգամ եմ հայերեն գրում։ Ու հուսով եմ, որ իմ լեզվով վերջնականապես կմաքրվեմ քեզնից։
Իմ մասնագիտական դաշտն էնպիսին է, որ թվում է՝ էստեղ ներգրավված մարդիկ պիտի որ ռասիզմից լրիվ զուրկ լինեն, հակառակը կարծես անտրամաբանական է։ Բայց էդ հակառակը կա ու իր հստակ տրամաբանությունն ունի․ էս ոլորտում աշխատելով՝ ուզածիդ պես կարող ես հագեցնել միջիդ ռասիստին․ ամբողջ հարցն էն է, թե ոնց ես օգտագործում աշխատանքային լծակներդ։ Ու քեզ նման փտած ուղեղներով կենդանիները հոտառությամբ գալիս ընկնում են էս ոլորտ, որ իրենց բոլոր կրքերին հագուրդ տան։ Առաջներում էլ էի տեսել մի քանիսին, բայց դու ուրիշ էիր․․․
Երբ Մոնան իմացավ, որ EHC-ից քեզ են ուղարկել Զեֆելդ, խառնվեց իրար ու ինձ էլ զգուշացրեց, որ վրադ մի մեծ գործ կա դեռ նախորդ կացարաններից։ Առաջներում էլ էին փորձել քեզնից ազատվել, բայց ապարդյուն՝ ոչ EHC-ն, ոչ կառավարությունը, ռեակցիա չէր տալիս բողոքներին։ Եվ ինչքան մեծ էր սարսափս, երբ հասկացա, որ իրականում բոլորն էլ գիտեին, թե ով ես, բայց դա բոլորին մեկ էր։ Կառավարությունը թքած ուներ, թե իր ենթակա կազմակերպության ներկայացուցիչներն ինչեր են անում կացարաններում, կարևորը մեկը լիներ, ով համաձայներ էդ գործին։ Ու քո նմանները վխտում էին թե EHC-ում, թե ավելի վերին կառույցներում։ Մեր նամակները ոչ ոքի չէին հետաքրքրում, թքած ունեին․ մեր կազմակերությունն էլ էսպես թե էնպես բարիկադների մյուս կողմում էր։ Սա առաջին անգամն էր, որ էս կարգի սոցիալ-քաղաքական շոկ եմ ապրել էս երկրում։
Ես պիտի քեզ համարյա ամեն օր տեսնեի ու ոչ միայն քեզ, այլև արածներդ։ Եթե մի քանի անգամ քո ու փախստականների մեջտեղում չհայտնվեի, կարող է և լեշդ փռեին՝ արածդ այլանդակությունների համար։ Գուցե լավն էլ դա լիներ։ Մի տականք կվերանար աշխարհի երեսից։ Իսկ թե ջահելների հետ ինչեր էիր անում, էդ էլ թող խարան դառնա հոգուդ վրա։ Թե հոգի ունես։
Դու էլ էիր պատճառներից մեկը, որ որոշեցի դուրս գալ կացարաններից ու անցնել զուտ միգրացիոն խորհրդատվության։ Անզորությունս (նաև քո նմանների դեմ պայքարում) այլևս սպանում էր ինձ։
Դու հիվանդ ու դժբախտ մարդ ես՝ ինքդ քո ձեռքին կրանկն ընկած։ Մաղթում եմ, որ գտնես հանգստությունդ։

LisBeth
07.07.2018, 20:13
Անյոլյագյարդի մենք

Երբ կգտնես մի կաղնու ծառ
ու կնստես վառված ճակատիդ կնճիռներն տրորելու
դու կտեսնես կկուները բույն են տիրել դարավորի գլխի վրա,
ու կմեռնես քնով անցած, գիտակցելով․․․
որ ճամփել ես ինձ թռնելու կկուների բնի վրա

ինձ ասում են շատ եմ ծխում, բայց չեն տեսել անքունների բարձած մոխրամանդ, մենակ թե ես սիրտ ունեմ, որն մեռնում ա, իսկ քոնին ես սպանել եմ։ Մեկ մեկ երբ աչքերիս փոշիներ են ինջնում, փռշտում եմ, իսկ դու քոռացել ես դրանց տակ․․ շնորհավոր ծնունդդ

StrangeLittleGirl
15.08.2018, 00:35
Կյանքումս մտքովս կանցնե՞ր, որ քեզ նամակ կգրեմ։
Որպես նախաբան ասեմ, որ ես երազներ շատ եմ տեսնում։ Գիշեր չկա, որ երազ չտեսնեմ։ Հերիք է, որ աչքերս փակեմ, ու ես երազ եմ տեսնում։ Պարտադիր չէ, որ քնած լինեմ։ Անգամ չքնած ու աչքերս փակ վիճակում եմ երազ տեսնում, ու երբեմն դա վախենալու է։ Իսկ երազներիս բովանդակությունը մեկը մեկից տարօրինակ է, մեկը մեկից՝ անսպասելի։ Բայց ամենահետաքրքիր ու հիշվողները առավոտվա երազներն են։
Ու էսպես երեք օր շարունակ երեք տարբեր մարդկանց տեսա առավոտվա երազումս, որոնցից մեկը դու էիր։ Երեք տարբեր մարդիկ, տարբեր երկրներից, տարբեր տարիքի, որոնց միայն մի բան է միավորում. ինձ վրա թողած ազդեցությունը։ Ու դու դրանցից մեկն էիր։
Իրականում չգիտեմ՝ քեզ ինչ եմ ուզում ասել, միայն գիտեմ, որ ուզում եմ որևէ բան ասած լինել։ Սեր խոստովանելու կարիք երևի չկա, որովհետև դու սիրո պակաս չունես։ Ու չգիտեմ՝ քեզ ինչ ասեմ, որ մինչև հիմա չեմ ասել։ Չգիտեմ՝ ինչ ասեմ, որ քեզ համար կարևոր լինի։
Երազիս մեջ դու եկել էիր ինձ օգնելու։ Եկել էիր ինձ ասելու, որ ինձ հետ ես։ Ինչ֊որ հանգստություն էր իջել վրաս։ Ու երկուսով խաղաղ քայլում էինք Երևանի փողոցներով։ Թե Երևանում ի՞նչ գործ ունեիր։
Երբ առավոտյան արթնացա, ուզում էի քեզ գրել, խնդրել, որ իմ խորհրդատուն լինես։ Չգիտեմ էլ ոնց էիր լինելու։ Ուզում էի, որ իմանաս, թե ինչպես ես ինձ վրա ազդում։ Ուզում էի, որ իմանաս, թե ինչպես է քո հանճարեղությունն ու հողեղենությունն ինձ խելագարության հասցնում։
Մյուս շաբաթ հատուկ շուտ եմ Օրհուսից Կոպենհագեն գալու, որ քեզ տեսնեմ։ Չգիտեմ էլ ինչ եմ ասելու։ Չգիտեմ՝ դու ինձ ինչ ես ասելու։ Երևի միայն շնորհակալություն կհայտնեմ, որ դու կաս, որովհետև քո գոյությունն արդարացնում է իմ գոյությունը։ Քո գոյությունը հաստատում է, որ ճիշտ ուղու վրա եմ ու ճիշտ տեղում եմ։

StrangeLittleGirl
06.12.2018, 12:47
Ես անընդհատ ինքս ինձ հարցնում եմ, թե ինչու այլևս չեմ կարողանում հետդ շփվել։ Ես անընդհատ ինքս ինձ հարցնում եմ, թե ինչու եմ շարունակում հետդ շփվել։ Ես անընդհատ ինքս ինձ հարցնում եմ, թե արդյոք առաջվա պես կշփվեմ քեզ հետ։ Եվ հարցնում եմ, թե ինչու եմ քո ասած ամեն մի բառից ներվայնանում։

Ես քեզ կյանքում մի բան եմ խնդրել. ազնիվ լինել ու չստել։ Չգիտեմ՝ ճշմարտության քո պատկերացումն ինչպիսին է, բայց հաստատ իմին չի համապատասխանում, որովհետև դրա փոխարեն ստանում եմ քո անէմոցիա, մանրազրուցային հաղորդագրություններն ինձ հոգնեցնում են, որովհետև չեմ հասկանում, թե ինչու ես ինձ հետ շփվում ու չեմ հասկանում, թե ինչու այդ ձևով։

Քո ձևերից դեռ այն ժամանակ էի հոգնել։ Քո զգուշությունը վիրավորում էր ինքնասիրությունս։ Ու ես չէի կարողանում հասկանալ, չեմ կարողանում հասկանալ մինչև հիմա, թե ինչպես կարող է զգուշությունն ազնվությունից լավ լինել։ Դու ինձ կորցրեցիր, երբ ես արդեն օդանավակայանի ճամփին էի, իսկ դու հուսահատ գրում էիր, որ գնանք սուրճ խմելու։ Դու ուշացար, ուշացար երևի ամբողջ կյանքիդ համար, որովհետև չգիտեմ՝ մեկ էլ երբ կհանդիպենք։ Դու ուշացար, երբ դուրս եկար սենյակից, իսկ ես ու մյուսներս դեռ այնտեղ նստած էինք, դուրս եկար՝ հուսալով, որ ինձ էլի ես տեսնելու, դուրս եկար, չնայած իմ հարցական հայացքին։ Դու չգիտեիր, որ իմ համբերությունը սահմաններ ունի։ Դու չգիտեիր, որ սենյակից դուրս գալով՝ դուրս ես գալիս իմ կյանքից։ Դու չգիտեիր, որ ամբողջ կեղծիքի ու ձևականությունների մեջ, ստացածս խորը վիրավորանքից հետո դա քո վերջին հնարավորությունն էր որևէ բան փրկելու։ Բայց դու սենյակից դուրս եկար, որ երկու ժամ անց առաջարկես գնալ սուրճ խմելու։ Երկու ժամ անց ես արդեն օդանավակայանի ճանապարհին էի։

Հիմա, երբ պիտի ճամպրուկս հավաքեմ ու հեռանամ այս քաղաքից, որ մյուս տարի նորից գամ, չգիտեմ ինչու հիշել եմ, թե ինչպես ամռանը սենյակից դուրս եկար։ Ես անընդհատ մտածում եմ՝ ինչ անեմ քեզ հետ։ Մի կողմից, ափսոս է այն մտերմությունը, որ մի ժամանակ ունեինք։ Մյուս կողմից, այդ մտերմությունը զոհեցիր քո կասկածամտությանը։ Հիմա դու ինձնից սպասելիքներ ունես, հիմա ուզում ես, որ քեզ օգնեմ, քաջալերեմ։ Բայց չեմ կարողանում, որովհետև ինձ հետ ազնիվ չես եղել։ Իսկ ես հոգնում եմ էդպիսի հաղորդակցությունից։ Հոգնել եմ քեզնից։

Նիկեա
06.12.2018, 16:58
Պարբերաբար, ժամանակ առ ժամանակ քեզ գրելու ու հետդ խոսելու ցանկություն եմ ունենում, հետո հիշում եմ, որ մենք էլ ընկերներ չենք ու հավանաբար երբեք էլ չենք լինի, սկսում կասկածել՝ երբևէ եղե՞լ ենք ընկերներ, ու գրում եմ մարդկանց ովքեր հիմա իմ ընկերներն են ու մարդկանց ովքեր մնացին ընկերներ։

Ինչի՞ եմ ուզում գրել քեզ։ Որ դու պատմես, թե ոնց ես, թե ինչ ես անում, ինչ կա-չկա, որ էլի երգեր ուղարկես, Բիթլզից կամ Զազից, որ ես էլ ինձանից պատմեմ։ Հին բզիկ է․ ես ուզում եմ քեզ ինձանից պատմել ու լսել քեզ։ Դու հայելի էիր, որ արտացոլում էր ինձ ու դու ծուռ հայելի չէիր։ Ես արտացոլանքս տեսնելու կարիք եմ զգում։ Բայց դու չես խոսում, հո չե՞մ ստիպելու որ խոսես հետս։ Իսկ եթե դու չես խոսում, ես ո՞նց խոսեմ։

Քեզանից երեք բան հաստատ սովորել եմ․ գնալ, երբ մարդիկ չեն ուզում, որ մնաս, թողնել որ թեյը սառի ու նամակների համար ծրարներ սարքել։ Իսկ էս նամակը թող անծրար մնա, գուցե էդ ժամանակ կարդաս։

Adam
06.12.2018, 17:54
Քո հանդեպ զգացմունքներս տարբեր էին, են ու կլինեն: Դու մեկ ընկեր ես, մեկ ֆանտազմ, մեկ մանկության սեր, մեկ հարազատ մարդ, մեկ թշնամի, մեկ մրցակից, մեկ չհարգող ու չհարգվող, մեկ տարօրինակ ու անբացատրելի մի երևույթ: Բայց մենք իրար մտովի երբեք չենք լքում: Թե՛ սիրո, թե՛ ատելության, թե՛ մրցակցության դառը պահերին մենք մտովի իրար հետ ենք: Ի՞նչ ենք ուզում մենք իրարից: Ինչի՞ ենք շփվում ժամանակ առ ժամանակ, թեև շփումը վերականգնում ա մեր դառը վերքերը: Ինչի՞ համար են իմ ու քո ճանապարհներն անընդհատ հատվում: Մենք իրար համար չենք, չէ: Ես դրանում համոզված եմ: Բայց ի՞նչ նպատակի են ծառայում մեր հատվող ճանապարհները: Չգիտեմ: Գիտեմ միայն մի բան. որ մենք ամեն ինչ զգացել ենք իրար հանդեպ, բացի անտարբերությունից: Ինչի՞ ա էդքան դժվար իրար անտեսելն ու իրար մոռանալը: Ինձ մի՛ ատիր, պետք չի: Ոչ էլ սիրիր կամ հարգիր: Ուղղակի անտեսիր: Ես փորձում եմ: Գոնե փորձում եմ: Գոնե: