PDA

Դիտել ողջ տարբերակը : LisBeth-ի, Արէայի և ivy-ի համատեղ պատմվածքը



ivy
25.02.2018, 02:27
Նոր համատեղ պատմվածք. Լիզբեթը սկսում է, Արէան` շարունակում, ես էլ ավարտում եմ։

Նախագիծը քննարկելու համար մտեք էստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), նոր համատեղ պատմվածք գրելու համար գրանցվեք էստեղ (https://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6?p=2560418#post2560418):

Քննարկումները կարող ենք սկսել, երբ պատմվածքի երեք հատվածն էլ տեղադրված լինի:

LisBeth
28.02.2018, 21:38
Սպիտակ սիրամարգ

․․․և գիտակցությունը պառակտվեց ու ցրվեց տիեզերքներովով մեկ, և ծնվեցին էակներ, որ օժտվեցին ու եղավ կյանք որպես պրեդիկատ, որ բորոր արգումենտների վրա ստանում է 1 արժեքը։ Պարոն Քիմիկոսն ու տիկին Լրագրողը այն կրողների, թիվը կորցրած սերունդն էին, որ ձգտում էին անվերջանալի շարունակականության։ Ու այս նկրտումներով նրանք պլանավորած բեղմնավորվում էին որոշակի ժամանակահատվածում, մինչև որ ծնունդ տվեցին նոր էակի։ Նա ուներ հունական հրեշտակների արձաններին բնորոշ կլորավուն դեմք, գանգուր մազեր ու ամեն տեսնողը կարող էր վստահաբար պնդել՝ նա կդառնա Ինչ-որ Մեկը։ Ժամանակը գնում էի միայան առաջ ու երեխան մեծանում էր իր կենսաբանական տեսակին բնորոշ ռիթմով։ Որոշակի տարիքում նա պարբերաբար ձևանում էի Ինչ-որ Մեկը, օրինակ Հայր, որ գլուխը դրել է դստեր ծնկներին, իսկ վերջինս բողոքում է նրա մեծությունից ու ծանրությունից։ Սիրտը լցվում էր անտրամաբանական ջերմությամբ ու հրճվանքով։ Բայց ամենից շատ նրան հոգեհարազատ էր լինել Ոչ Ոք։ Ծնողները հարցնում էին նրան․
- Ո՞վ ես դու այս անգամ։
Նա դանդաղ շարժելով արճիճե վերջույթները այս ու այնկողմ էր քայլում, մտքերի մեջ խորցած ու բացակայող դեմքով պատասխանում․
- Ոչ Ոք։
Ծնողները տրվում էին տագնապի ու անընհատ քննարկում էին որդու պահավածքը, ու բոլոր այն արհավիքները, որոնց միջով անցնում էին իրենք։
- Ինչո՞ւ Ոչ Ոք, - հարցնում էին նրանք։
- Որովհետև ես կարող եմ լինել ով ուզում եմ ու չլինել միաժամանակ։
Երկար տառապանքներից հետո, ծնողները սկսում են հասկանալ, որ միակ ելքը նրան օտարելն է։
Ողբերգական բաժանումից հետո զավակը տեղավորվում է քարանձավ հիշեցնող մի տան մեջ։ Մարդիկ նրան տեսնելուց կամ արհամարում էին, կամ քննադատում։ Բայց լինում էր ավելի վատ։
Մի անգամ հերթական պարտադրված դուրս գալուց տուն էր վերադառնում, միջանցքում հանդիպում է հարևանուհուն։
- Բարև ձեզ։ Դուք ո՞վ եք։
- Ես Ոչ Ոք եմ, ո՞վ եք Դուք, - ոգեվորված սպասում է պատասխանի։
Հարևանուհու կոկորդային պարկը փքվում է ու պարզ է դառնում, որ նա ուր որ է կկռռա իր ով լինելու մասին։
- Ինչպիսի ցավալի փաստ, - կռռալուց հետո շարունակում է խոսել հարևանուհին, - երևի ձեր ծնողներն էլ են եղել Ոչ Ոք։ Ես տխրում եմ ձեզ համար։
- Շնորհակալություն, - չիմանալով ինչի համար, ասում է Ոչ Ոքն ու քայլում դեպի տուն։
Փաստեր չկան այն մասին, թե ինչով էին զբաղվում ոչ ոքները։ Բայց այդ օրվա մասին բազմապիսի տեղեկություններ կարելի է գտնել ինչ-որ մեկերի կենսագրության մեջ։
Ոչ Ոք նստում է սենյակի մեջտեղը, հավաքում բոլոր մտքերն ու զետեղում է մի կետի մեջ։ Անվերջանալի խտությունն ու ծանրությունը ճեղքում է տարածաժամանակային մատերիան։ Աղմուկի վրա բոլոր նշանակալի ինչ-որ մեկերը թափվում են նրա շուրջը վերացած պատերի տեղը զբաղեցնելով։
- Օ՜, ես գիտեմ ինչ է պետք անել։ Պետք է կերակրել նրան որ չմեռնի, - ասում է մեկը։
- Դուք կարող եք օգտագործել այն ու դառնալ ինչ-որ մեկը, - գոռում է մյուսը։
- Տվեք այն ինձ, ես մեծն ֆիզիկոս եմ, մի ահռելի աշխատություն կգրեմ, - աղաչում է երրորդը։
Ոչ Ոք կատաղած վտարում է նրանց, ավերելով բոլոր չափող ու ձևող սարքերն, որ բերել էին և սկսում անվտանգ հեռավորություն գծել սև անցքի շուրջ։ Բայց այնքան անփույտ է գտնվում, որ ամբողջ մարմնը տրոհվում ու ներքաշվում է։ Նրա մարմինը վերարտադրվում է բոլորովին անծանոթ մի տան մեջ, որտեղ միանգամից դեմը դուրս եկած ընտանիքի տղամարդը, որ Ոչ Ոքի կրկնօրինակն էր, մարմնով պաշտպանելով մնացածներին, խոհանոցային դանակը դեմ է տալիս ուղիղ կոկորդին։
- Ո՞վ եք Դուք։
Ոչ ոքը մտքում ուրախանում է, որ իր կոկորդին պարկ չկա․
- Ես Ոչ ոք եմ, ո՞վ եք Դուք․․․

Արէա
01.03.2018, 10:29
- Նա Ով,- մռնչում է տղամարդը։
Ոչ Ոք զգում է դանակի շեղբի վրա ազդող ուժի էքսպոնենցիալ մեծացումը։
- Ոսկորի վրա է,- անցնում է Ոչ Ոքի մտքով։ Կզակը բարձրացնում է վերև։
Խուլ խռչոցով դուրս պրծած արյան կաթիլները դանակի շեղբի վրա անկանոն կորեր գծելով Ներծծվում են Նրա մատների մաշկի ծակոտիների մեջ։
Նա Ով ոչ մի նյուտոն չի թուլացնում շեղբի վրա ազդող ուժը, մինչը Ոչ Ոքի վերջին ատոմի ճկույթի եղունգի տակ գլորվելը, ինչից հետո նույն մռնչոցով նետում է դանակն ու դուրս գալիս տանից։


Երբ, տասնչորս օր հետո, Նա Ով վերադառնում է տուն, տեսնում է կնոջը նույն դիրքով, ճանկերը գլխի մեջ խրած, սենյակի կենտրոնում անշարժ կանգնած։
- Ո՞վ ես դու,- նետում է կինը։
- Ոչ Ոք,- փոխադարձում է Նա Ով, ու ութ ոտնաչափ հեռավորությամբ սկսում է պտտվել կնոջ շուրջը։
Կինը սկսում է տեղում կանգնած տատանվել, մի աչքը չկտրելով ամուսնուց։
Ոչ Ոք շարունակում է համաչափ քայլերով շրջանագծել տարածությունը ոչ մի միլիմետր չհեռանալով ու չմոտենալով կնոջը, ու ոչ մի ակնթարթ չբարձրացնելով հայացքն ու չնայելով կնոջ, իրեն ակընդետ հետևող աչքին։
Համակարգային շարժման քառասունութերորդ ժամի երեսուներկուերորդ րոպեի վերջում, կինը ցավագար ճչոցով դուրս է գալիս տանից։
Գրավիտացիոն փոխազդեցությունից ազատված Ոչ Ոքին կենտրոնախույս ուժերը նետում են պատուհանից դուրս։
- Գոնե այս անգամ ստացվի,- մտածում է Ոչ Ոք, երբ բախմանը մնացել էր յոթ մետրից մի քիչ պակաս, ու ոտքերի պտտաձև շարժումով դեմքով շրջվում է դեպի տաք ասֆալտը։

ivy
05.03.2018, 01:20
- Սպիտակ սիրամարգի գոյությունը շատերը համարում են պիգմենտային մուտացիա, շեղում, ինչը սակայն չի համապատասխանում իրականությանը. դա ընդամենը սիրամարգի տեսակ է:
Տիկին Լրագրողն անջատեց հեռուստացույցն ու նայեց պարոն Քիմիկոսին:
- Լսեցի՞ր, ասում են՝ սիրամարգի սպիտակը շեղում չի, այլ տեսակ:
- Դրանց լսես՝ սպիտակ ագռավն էլ «տեսակ» կդարձնեն: Ամեն ինչ իր ձևն ունի, ու եթե ինչ-որ բան էդ ձևի մեջ չի, ուրեմն նորմայից դուրս է, էլ ինչ ֆլան-ֆստան, տեսակ-մեսակ: Լավ արեցիր, որ անջատեցիր:
Լավը լավ էր, բայց տիկին Լրագրողն արգանդից եկող անասնական բնազդով զգում էր, որ այդ պահին ուրիշ մի բան էլ պիտի անջատեր: Հավանաբար՝ գրավիտացիան:

Ոչ ոք չէր էլ զգա, որ ևս մի Ոչ Ոք մատնվեց անգոյության, և գուցե միայն դրան հաջորդող Ինչ-որ Մեկի բացակայությունը մտահոգություն առաջացներ ուրիշ ինչ-որ մեկերի մոտ: Հատկապես մի խուրձ ինչ-որ հարևաններ երևի կարգին անհանգստանային. Նա Ով հավասարակշռված ու բոլոր ադաթներով ընթացող ընտանեկան կյանք էր վարում, ի՞նչ եղավ նրան:
Բախումն անխուսափելի էր. այս անգամ պիտի ստացվեր, անգամ ծնողական բնազդն անկարող էր Ոչ Ոքի ցանկության դեմն առնել:
Քամին վերցնելու էր նրա փոշին ու շաղ տար աշխարհով մեկ, որից այդ աշխարհում ամենայն հավանականությամբ ոչինչ չփոխվեր:
Սակայն բախումից անմիջապես առաջ տաք ասֆալտը սկսեց տրոհվել ու ներքաշվել սև անցքի մեջ՝ իր հետ տանելով Ոչ Ոքին: Դա հավիտենական անկում էր՝ առանց ավարտի ու առանց բախման, առանց անծանոթ բնակարանների ու նոր դերերի: Դա ազատություն էր, որում ով լինելն անկարևոր էր: Բոլոր զգայարանները գործում էին՝ բերելով կատարյալ հանգստության: Հավիտենական ճամփաները զերծ էին ամենից:

Տիկին Լրագրողը նորից միացրեց հեռուստացույցը: Սպիտակ սիրամարգերի մասին հաղորդումն ավարտվել էր:

ivy
05.03.2018, 13:51
Երկար մտածում էի՝ ինչ գրեմ․ բան չէր գալիս։ Լիզի գրածները շարունակելը իսկական փորձություն է. Արէան էլ գործը չէր հեշտացրել ու լավ էլ արել էր ։)
Հուսով եմ՝ մի բան ստացվեց ի վերջո։
Հետաքրքիր կլիներ իմանալ, թե Լիզն ինչ էր ուզում ստանալ պատմվածքից, ինչ մտքերով էր սկսել գրել։ Ընդհանրապես մոտ եկե՞լ ենք իր պատկերացրած թեմային։

Արէա
05.03.2018, 18:46
Սկզբից էլ չէի հավանում իմ տարբերակը, Այվիից հետո վաբշե աչքիցս ընկավ :)
Ես բաց էի թողել սպիտակ սիրամարգի պահը, Այվին լավ լրացրեց։ Չնայած էդ պարզաբանումը պիտի հենց վերջում էլ լիներ, բայց ես չէի էլ մտածել էդ ուղղությամբ, էնպես որ պատահական ա ստացվել, որ իմ մոտ էդ մասին հիշատակում չկա, ճիշտ ա, լավ ա որ սենց ա ստացվել, բայց մտածված չէր :)
Չգիտեմ, Լիզբեթին ընկալելը շատ բարդ գործ ա, ուր մնաց շարունակելը, էն էլ էդ, ինձնից ահագին հեռու ոճի մեջ։ Էնպես որ ներողամիտ եղեք։
Հիմա կարդալուց հստակ զգում եմ, որ Այվին շատ ավելի լավ ա շարունակել Լիզբեթին, թե ոճային, թե իմաստային առումով, քան ես։

LisBeth
05.03.2018, 19:00
Երկար մտածում էի՝ ինչ գրեմ․ բան չէր գալիս։ Լիզի գրածները շարունակելը իսկական փորձություն է. Արէան էլ գործը չէր հեշտացրել ու լավ էլ արել էր ։)
Հուսով եմ՝ մի բան ստացվեց ի վերջո։
Հետաքրքիր կլիներ իմանալ, թե Լիզն ինչ էր ուզում ստանալ պատմվածքից, ինչ մտքերով էր սկսել գրել։ Ընդհանրապես մոտ եկե՞լ ենք իր պատկերացրած թեմային։


Ես ընդհանրապես սպիտակ ագռավի հետ զուգահեռներ չէի տանի, նույնիսկ ասենք Պարոն Քիմիկոսի բերանով։ Ու մի քիչ զարմացա որ դու էդ տրորոած ճամփով ես գնացել։ Սպիտակ սիրամարգը արևմտյան դիցաբանության սիմվոլ ա, ու հետևողական ասոցիալիզացիան իրա գաղափարի մեջ չի մտնում։ Բայց համատեղ պատմվածքների իմաստը հենց դա ա, որ ամեն մեկն իրա մասը ներկայացնի նենց ոնց որ ուզում ա։ Դրա համար շնորհակալություն որ վեջացրիր։ Հույսս կտրել էի, վերոնշյալ պատճառով, ինձ մի հատ ստեղծագործական բոբո եմ զգում ։)
Թե ոնց կվերջացնեի ես, կարևոր չի։ Ինչ մտքեր ունեի գրելուց․․․ իմ սիրած Էմիլի Դիկենսոնի մի հատ բանաստեղծություն էր բնբնում մտքերումս, մի երկու հրաշք մոգական ռեալիզմ կարդալուց՝ տես Մայրինկ՝ մեյստեր Լեոնգարդ, Բորխես՝ Անմահը, մտածում էի Ոչ Ոք լինելու գաղափարի մասին, ու սպասելիքների մասին որ հասարակությունն՝ ընդդեմ ընտանիքի ու շրջապատի, ունենում ա մարդկանցից։ Իսկ գլխավոր հերոսը լրիվ կոմֆորտի մեջ էր ինքն իր հետ, բայց միաժամանակ մտմտում էր իր նման Ոչ Ոքի գտնելու մասին։ Մտածում էի հետաքրքիր կլինի իրեն դեմ հանել նույն իրեն ու տեսնել ինչ կստացվի դրանից։ Այսինքն լինելու ու ձևանալու տարբերություններն էի շոշափում։ Դրա համար հենց համատեղ պատմվածքի ֆորմատը ընտրեցի, որ ուսումնասիրեմ այլ մարդկանց տեսանկյունը։ Սենց մի բան։
Էս տեսանկյունից ստացվեց, դուրս եկավ իրա հավերժ անկման գաղափարը։ Ու նաև Արէայի մոտի Նա ովի կերպարանափոխությունը։
Լավն էր․․․ ապրեք։

Բարեկամ
06.03.2018, 05:32
Լիզբեթի պատումը որպես սկիզբ ահագին հետաքրքիր էր, նման էքզիստենցիալ-փիլիսոփայական կոնցեպտների համար որպես շարունակություն լուծումներ տալն այնքան էլ շնորհակալ գործ չի, որովհետև ամբողջ կոնցեպտը գլխիվայր շուռ է գալիս ու դառնում է շիլաշփոթ։ Ինձ մոտ այդպես էլ միայն սկիզբը մնաց տպավորված։

Sambitbaba
06.03.2018, 13:21
Էս Լիզի գործերն ինչքան ավելի շատ եմ կարդում, էնքան ավելի շատ են դուր գալիս:

Շատ լավն էր թեման էլ՝ ահագին խորքեր ուներ, ահագին ասելիքներ կարող էր ունենալ իդեայի հեղինակը, բայց իհարկե, շարունակողների գործը շատ էր դժվար...
Մայրինկի հետ չէի համեմատի, Մայրինկի սարսափներն անգամ շատ նրբագեղ են, բյուրեղապակե ասես, իսկ այստեղ ես Իոնեսկոյի "Ռնգեղջյուրի" ոտքերի դոփյունը լսեցի... լավ իմաստով, որպես հաստատուն աբսուրդի, եթե կարելի է այդպես ասել...
Ոչ Ոքի գաղափարը ես էլ եմ շատ սիրում, որովհետև եթե կարողացար հրաժարվել էգոյիցդ ու դառնալ Ոչ Ոք, դա նույնն է, թե Ամեն Ինչ ես դարձել:

Եվ այդ իմաստով շատ հատկանշական էր Արէայի Նա Ովի իդեան, որն էլ ես ընկալիցի որպես կատարյալ էգոյի հիանալի մարմնավորում: Հասնելով իր կատարելության գագաթնակետին, էգոն պետք է կամ վախճանվի, կամ փոխակերպվի Ոչ Ոքու/Ամեն Ինչի, երրորդը չկա: Իսկ այդ փոխակերպումը՝ ինքը հավերժությունն է և այդ առումով արդեն շատ է սիմվոլիկ հենց փոխակերպման պահին Նա Ովի՝ կնոջից ութ ոտնաչափ հեռու գտնվելը: Որովհետև Ութը հենց հավերժության/անվերջության խորհրդանիշն է, չեք հավատում, պառկեցրեք կողքի և ինքներդ կտեսնեք... Այնպես որ, ասելով ութ ոտնաչափ հեռու, հերոսին անմիջապես տեղադրում ես ինչ-որ տեղ անսահմանության մեջ: Ու դրանով նա անմիջապես նմանվում է Նոյի նախատիպ Ութնապիշտիին շումերական "Գիլգամեշ" էպոսում, որին աստվածները անմահություն շնորհեցին մարդկությունը ջրհեղեղից փրկելու համար:
Ինձ թվում է, որ իր ենթագիտակցության մեջ Արէան շատ է մոտեցել Լիզի պատմության ակունքներին, բայց գիտակցաբար այնքան էլ չի ընկալել դա: Այդ պատճառով էլ նրա պատմության երկրորդ մասն ահագին խառնված է ոնց որ, թվաբանությունն էլ անհասկանալի շատ է, բայց զարմանալի է, որ բոլոր այդ թվերի մեջ գերիշխողը հենց նույն ութ թիվն է...

Երևի շատ դժվար էր ռեալիստ Այվիի համար այս ամենը ավարտին հասցնելը... Բայց լավ էլ գտավ ճիշտ նոտաներ: Ասֆալտի տրոհվելը խնդրի հիանալի լուծում էր, իսկ հավիտենական անկումն էլ՝ առանց ավարտի ու առանց բախման, - ուղղակի հանճարեղ էր, որովհետև այդպիսի անկումը դադարում է անկում լինել ու դառնում է թռիչք...

Երեքդ էլ ապրեք շատ, Լիզ ջան քեզ շատ-շատ շնորհակալություն: Քո պատճառով ես իմ զառանցանքների մեջ շատ-շատ հաճելի պահեր ապրեցի...:love

LisBeth
06.03.2018, 20:23
Մայրինկի հետ չէի համեմատի, Մայրինկի սարսափներն անգամ շատ նրբագեղ են, բյուրեղապակե ասես, իսկ այստեղ ես Իոնեսկոյի "Ռնգեղջյուրի" ոտքերի դոփյունը լսեցի... լավ իմաստով, որպես հաստատուն աբսուրդի, եթե կարելի է այդպես ասել...


Սամ ես չեմ համեմատել նշածս հեղինակների հետ, ուղղակի մտքերիս աղբյուներն էին իրանք, դա չի նշանակում, որ գործը իրանց պետք ա նմանվի, կամ հիշացնի, կամ էլ որևէ կերպ ձգտի դրան։

Շնորհակալ եմ կարծիքիդ ու մեկնաբանություններիդ համար։

Sambitbaba
06.03.2018, 20:41
Սամ ես չեմ համեմատել նշածս հեղինակների հետ, ուղղակի մտքերիս աղբյուներն էին իրանք, դա չի նշանակում, որ գործը իրանց պետք ա նմանվի, կամ հիշացնի, կամ էլ որևէ կերպ ձգտի դրան։

Շնորհակալ եմ կարծիքիդ ու մեկնաբանություններիդ համար։

Լավ, ես էլ չասեցի, թե դրել թխել ես...:) Մայրինկը ինձ էլ է ահագին մտքեր տվել... Շատ եմ սիրում "Կանաչ կերպարնքը", կարդացե՞լ ես:
Բայց այդ ամենը հեչ: Ամենակարևորը, որ վերջապես մի այնպիսի լեզվով գրեցիր, որ հերիք չի, ոչ մի բողոք չառաջացրեց մեջս, համ էլ ուղղակի տարավ...
Չեմ ասում, թե հենց այսպես էլ պետք է լինի, բայց էս օրվան շատ էի սպասում: Ու համոզված էի, որ այդ օրը գալու է:
Քո մեջ ինչ-որ շատ հետաքրքիր մարտկոց է աշխատում...:oy

LisBeth
06.03.2018, 20:55
Լավ, ես էլ չասեցի, թե դրել թխել ես...:) Մայրինկը ինձ էլ է ահագին մտքեր տվել... Շատ եմ սիրում "Կանաչ կերպարնքը", կարդացե՞լ ես:
Բայց այդ ամենը հեչ: Ամենակարևորը, որ վերջապես մի այնպիսի լեզվով գրեցիր, որ հերիք չի, ոչ մի բողոք չառաջացրեց մեջս, համ էլ ուղղակի տարավ...
Չեմ ասում, թե հենց այսպես էլ պետք է լինի, բայց էս օրվան շատ էի սպասում: Ու համոզված էի, որ այդ օրը գալու է:
Քո մեջ ինչ-որ շատ հետաքրքիր մարտկոց է աշխատում...:oy

Չեմ կարդացել, բայց եթե մնամ էս ալիքների վրա, հնարավոր ա կարդամ․․ չեմ խոստանում :)