PDA

Դիտել ողջ տարբերակը : Զանազան պատմություններ



Բարեկամ
29.01.2018, 17:42
Անձնական օրագրումս /այն ֆորումում չէ/, երբեմն անում եմ գրառումներ, որոք ակամայից վեր են ածվում փոքրիկ պատմությունների։
Քանի որ անձնական օրագրիս լսարանը շատ փոքր է՝ մարդկանց մի սակավաթիվ խումբ, որոշներն այդ պատմություններից, ինձ թվում է, կարող են հետաքրքրել ավելի շատ մարդկանց, իսկ այդ մարդիկ գուցե մտնում են Ակումբ և ազատ ժամերին, սուրճի հետ, գուցե փնտրում են պատահական իրապատումներ՝ կարդալու։

Այստեղ կտեղադրեմ իմ պատմություններից մի քանիսը, բայց մի խմբագրմամբ․ կփոխեմ հերոսների իրական անունները։

Բարեկամ
30.01.2018, 04:34
Ընդհանրապես, ես նախատեսում եմ մի օր գնալ անցյալ և այնտեղից պատմել, թե ինչն ինչպես էր։

Այդ ժամանակաշրջանի մասին մի գնահատական ունեմ հիմա․ ժամանակն այն ժամանակ չէր փախչում։ Պահը ստատիկ վիճակում էր, շաբաթները գլորվում էին դանդաղ, դպրոցական օրագրի անորակ տպագրության մազմզոտ էջերի սեգմենտներով, որտեղ ինձ համար ամենահաճելի ջերմային գույնն ուներ ուրբաթը, չգիտեմ ինչու։

Առաջ ընկնելով, մինչև այդ «մի օր»-ը կգա, ուզում եմ պատմել ռուսաց լեզվի ուսուցչուհուս՝ Ռաիսա Աթաբեկովնայի մասին, քանի որ վերջերս գրառումներիցս մեկում հիշատակում եղավ նրա մասին։


Սովետական շրջանի հայկական դպրոցների միջին դասարաններում, ընդհուպ մինչև դպրոցն ավարտելը, ռուսաց լեզու առարկայի համար դասարանը կիսվում էր։ Այդպես էր նաև օտար լեզու առարկայի համար։ Երևի համարվում էր, որ դրանց ուսանումը, որպես ոչ մայրենի լեզուներ, համեմատաբար բարդ է և ավելի շատ կենտրոնացում է պահանջում, ինչն աշակերտների փոքր խմբի հետ ավելի արդյունավետ է լինում իրագործել։
Չգիտես ինչու, դասարանի մի կեսին, որպես կանոն, բաժին էր ընկնում «լավ» ուսուցչուհի, մյուսին՝ «վատ»։ Լավն էր համարվում այն ուսուցչուհին, որը խիստ չէր, առարկային ու դասավանդմանը նայում էր մատների արանքով, դասաժամն անց էր կացնում հիմնականում զրույցներով և աշակերտներից համարյա ոչինչ չէր պահանջում՝ ամենքին դնելով բարձր գնահատականներ․ մի խոսքով սովորելն այդպիսի դասարանում խաղուպար էր։ «Վատ» ուսուցչուհու մոտ ստիպված էիր լինում վախենալ, աշխատել, տքնել, լինել պատասխանատու, որովհետև նա խիստ էր ու պահանջկոտ, գնահատականների հարցում՝ ժլատ, դրանք վաստակել էր պետք քրտինքով, ինչպես նաև քրտինք մտնել էր պետք տանը՝ բարդ ու ծավալուն տնայիններն անելիս, և ստուգողականներին՝ շարադրություններն անգիր գրելիս, անգամ մեկ հատիկ սխալ անելու ոչ-իավունքով․ ներում-զիջում չկար։
Եթե ֆրանսերենի դեպքում բախտս «բերել էր» և ես ընկել էի «լավ» ուսուցչուհու՝ ընկեր Թադևոսյանի մոտ, որը միջին տարիքը նոր թևակոխող բարեկիրթ մի տիկին էր՝ ազնվազարմ ֆրանսուհու արտաքինով, և ավելի շատ սիրում էր պատմել Ֆրանսիայից, քան սովորեցնել ֆրանսերեն, ապա ռուսերենի հարցում ես հայտնվեցի ոչ ավել, ոչ պակաս՝ Ռաիսա Աթաբեկովնայի մոտ։

Ռաիսա Աթաբեկովնան դպրոցի վետերաններից էր։ Կարճ կտրած, խարտյաշ գանգուրներով, բաց երկնագույն, ապակու պես վճիտ աչքերով, ճերմակամորթ-վարդագույն շողարձակող, հարթ դեմքով, մարմնի որոշ մասերում որոշակիորեն կլորիկ, կարճահասակ կին էր՝ իր վաղ հիսունում, ճիշտ-կարմիր գույնի շրթներկով և նույնպիսի կոշիկներով։ Դրան գումարվում էր նաև մեծ, փայլուն ճարմանդով նույնագույն պայուսակը, որը նա պահ էր տալիս իր պատկառելի, տակից-վրայից գերծանրաբեռնված, բաց դեղնավուն, փայտյա գրասեղանի դարակներում։ Այդ գրասեղանը, որը մոտ երեք տասնամյակի ընթացքում սնվել ու տռզել էր իր տիրուհու բազմապիսի թղթերով ու տետրերով, որոնց մաշված եզրերը տեղ-տեղ դուրս էին ճորթվում դարակների արանքներից, մի գեղեցիկ օր ենթարկվեց մի փոքրիկ արկածի, բայց այդ մասին՝ քիչ ավելի հետո։

Ռաիսա Աթաբեկովնան ռուսախոս էր։ Ավելի ճիշտ՝ ռուսերենը միակ լեզուն էր, որ նա կարողանում էր խոսել։ Ռաիսը (ինչպես մենք էինք անվանում նրան մեր մեջ) հայերեն հասկանում էր միայն որոշ չափով, բայց խոսել ոչ թե հրաժարվում էր սկզբունքորեն, այլ պարզապես չէր կարողանում։ Համենայնդեպս, ինձ դասավանդելու 7-8 տարիների ընթացքում մենք նրանից հայերեն ոչ մի խոսք չլսեցինք, բացի մեկ-երկու անգամից, հիշում եմ, երբ փորձել էր կրկնել աշակերտի օգտագործած ինչ-որ հայերեն բառը՝ դուրս բերելով բավական ապաշնորհ արտասանություն՝ թունդ ռուսերեն ակցենտը վրան։

Ազգանունը Ռաիսա Աթաբեկովնայի Օվանեսովա էր, ինչից ենթադրում եմ, որ հայրը հայ էր՝ Աթաբեկ Հովհաննիսյան, երևի բաքվեցի /կարծեմ խոսում էին Ռաիսի Բաքվի արմատների մասին/, իսկ մայրն ըստ երևույթին ռուս էր՝ դատելով դստեր արտաքինից։ Կենսագրական այս ենթադրություններն իմ պատմության հետ առանձնապես առնչություն չունեն, քանի որ ես պատմելու եմ Ռաիսա Աթաբեկովնա-ուսուցչի մասին։

Ռաիսա Աթաբեկովնան երկարամյա ստաժով ուսուցչուհի էր։ Երբ նա մեզ դասավանդում էր, արդեն դասավանդել էր մեր դասարանից մի աղջկա մորը, գուցեև ավելի վաղ էլ, չգիտեմ։
Ինձ թվում է, նա մեր դպրոցի ամենահավեսով ուսուցչուհին էր, և այդ հավեսն աչքի էր զարնում արդեն իսկ նրա դասասենյակը մտնելիս․ Ռաիսա Աթաբեկովնայի դասարանը դպրոցում ամենսիրուն, ամենամաքուր, ամենալուսավոր և նույնիսկ ամենահարուստ դասարանն էր։ Ի տարբերություն մյուս դասարանների, որոնք հիմնականում ստադարտ գորշ էին, սառը, անխնամ ու անտեր, Ռաիսի կաբինետը նման էր տան հարմարավետ սենյակի՝ իր տիրուհու մանրակրկիտ հոգածությամբ շահվող-պահվող․ տաք-պայծառ գույների փայտե կահույք, պատուհանագոգին՝ մշտապես ջրվող ծաղիկներ, բարձր պահարաններ՝ խնամքով դասավորված գրքերով ու ձայնապնակներով լեցուն, պատերին՝ ռուս դասականների դիմանկարներ՝ իրենց հանրահայտ ասույթներով։ Եվ ինչպես ամեն ինչն էր Ռաիսի կաբինետում, այնպես էլ անգամ ասույթները անտեր-անտիրական չէին կախված, այլ որևէ ձևով ունենում էին կենդանի կիրառություն․ օրինակ, հիշում եմ, մեր դասարանի ամենաանկարգ ու ամենաթույլ սովորողը՝ Սարգսյան Արամը, որ մեր խումբ էր տեղափոխվել այն մյուս՝ "լավ" դասատուի՝ Նունե Սմբատովնայի խմբից և, բնականաբար, խիստ կաղում էր ռուսերենից, ինչը սակայն նրան չէր խանգարում անվերջ շատախոսել ու անընդհատ պատժվել դրա համար՝ վերջին նստարանին նստեցվելով, չնայած որ շատախոսում էր իր կոտրտված ռուսերենով, և երբ լռեցվում էր դրա համար՝ Ռաիսի ինքնատիպ մեթոդով /մեթոդին դեռ կանդրադառնամ/, դարձյալ չէր տիրապետում ինքն իրեն՝ սեփական ձայնը գոնե մի րոպե կտրելու, ու կիսաձայն արդարանում էր՝ պատից կարդալով Տուրգենևի խոսքերը․ բերեգիծե նաշ յազիկ, նաշ մագուչի ռուսսկի յազիկ, էտը կլադ, էտը դոստոյանիե․․․ Մի քանի ամիս հետո Արամը, հերթական նկատողությունից հետո, արդեն ոչ թե կարդում էր այդ խոսքերը, այլ ասում բերանացի, առանց պատին նայելու։

Ռաիսա Աթաբեկովնայի դասերն անցնում էին ակտիվ ու կենդանի։ Դասի մեջ նա դնում էր հոգի, պաթոս ու սեր՝ ռուս գրականության ու լեզվի հանդեպ, և կրքոտ հետամուտ լինում, որ այսինչ կամ այնինչ քերականական կանոնը լավ ըմբռնենք։ Տնայինների հանդեպ պահանջկոտ էր, գնահատելիս՝ խիստ։ Ամենավախենալուն թելադրություններն էին, քանի որ թելադրում էր Ռաիսը անծանոթ տեքստեր՝ կարդալով մի շնչով, առանց թեթևակի անգամ շեշտադրելու գրելաձևը՝ «օ» է, թե «ա», «ի» է, թե «է», և մեկ սխալի դեպքում գնահատականդ միանգամից իջնում էր 4, երեք սխալը մաքսիմալ թույլատրելին էր 4-ը պահպանելու համար, իսկ այ չորս սխալի դեպքում՝ հայտնվում էր կլորիկ, տհաճ 3-ը։ Ճիշտն ասած, սուրուլիկ 4-ն էլ էր ինձ համար ողբերգություն, քանի որ վտանգում էր կլոր-գերազանցիկությունս, և հետո պետք էր լինում մի քանի 5 վաստակել այն չեզոքացնելու համար։ Թելադրություններից զատ կար մեկ այլ փորձություն ևս, որով անցնում էինք տարին բարեբախտաբար մի քանի անգամ միայն․ ստուգողական աշխատանքն էր, որի համար պետք է տանն անգիր պատրաստեինք ինչ-որ ռուս դասականի մի թեմայով շարադրություն և հիշելով գրեինք դասարանում։ Հիմա նոր հասկանում եմ, թե որքան են օգնել այդ ատելի անգիր-շարադրությունները գրական լեզվի և ուղղագրության որոշակի տիրապետմանը։

Չնայած վերջիններիս, պատրաստել ռուսերենիս տնայինները ես սիրում էի՝ լիներ դա գրավոր, թե բանավոր, բայց ամենից շատ սիրում էի Ռաիսի ֆիրմային, այդ ժամանակների համար արտասովոր տեսակի մի տնային աշխատանքը, որը ինչ-որ տեղ մարտահրավեր էր սովետական կրթական մեթոդներին ու պահանջներին․ կոչվում էր այն "սոչինենիե վ ռաբոչեմ ծետրաձե"։ Այդպիսի մի առանձին տետր ունեինք, կոչվում էր ռաբոչյայա ծետրաձ՝ իմ ամենսիրելի տետրը, կանաչ գույնի, որը նաև կանաչ լույս էր՝ արխային անելու ուղղագրական և կետադրական սխալներ ինչքան ուզես, դրանից գնահատականդ չէր իջնելու։ Այս տետրում Ռաիսը հանձնարարում էր գրել շարադրություններ ինչ-որ հետաքրքիր, ինտրիգային սկզբով կամ վերջով։ Նա մի առանձին հաստափոր տետր ուներ՝ այդպիսի ինտրիգային թեմաների գաղափարների, որ հանում էր իր տռուզ գրասեղանի բազմակի ծալքերից և այնտեղից ընտրում որևէ թեմա հերթական տնայինի համար։ Ընդ որում, թեմաների իր այդ հաստլիկ տետրը նա համալրում էր մեր իսկ կողմից առաջարկվող գաղափարներով, այսինքն պահանջում էր, որ գաղափարները նույնպես մենք տայինք։ Տնայիններս պատրաստելիս, ես ռաբոչի ծետրաձի աշխատանքը թողնում էի ամենավերջում՝ ըմբոխշնելու․ պտտելով գրչիս կոթը բերանումս, հայացքս՝ առաստաղին, ախորժելի միտք էի անում, թե ինչպես սկսեմ պատմությունս տրված, օրինակ, հետևյալ վերջով․ "․․․ Եվ հաջորդ օրը, երբ նրանք այցելեցին գերեզմանատուն, գերեզմանաքարը շրջված էր և հանգուցյալն անհետացել էր"։

Ռաիսը, սակայն, միայն հանգուցյալներով չէր հանգստանում, և մեզ վարել էր տալիս մեկ ուրիշ՝ 96 թերթանի տետր, բայց այստեղ գրել ոչինչ չէր հանձնարարում, միայն փակցնել։ Մենք ամեն օր պետք է կարդայինք ռուսերեն լրագրեր, այնտեղից կտրեինք որևէ հետաքրքիր նյութ, փակցնեինք տետրում, իսկ դասարանում՝ պատմեինք։

Դասավանդման մեթոդների նման ճարտար կիրառմանը զուգահեռ, Ռաիսը, սակայն, մշակել էր մանկավարժական տեսակետից բավական վիճելի մի պատժաձև, որը կոչվում էր Սև ցուցակ (չոռնի սպիսըկ)։ Եթե աշակերտը շատախոսում էր կամ դրսևորում քիչ թե շատ անընդունելի վարք, կամ պարզապես նյարդայնացնում ուսուցչուհուն, աշակերտի անունն անմիջապես հայտնվում էր Սև ցուցակում։ Ինչ էր դա նշանակում։ Դա նշանակում էր, որ ցուցակի մեջ ամեն մի "գրվելու" համար աշակերտը պետք է մուծվեր քսան կոպեկ՝ դասարանի դրամատուփին, որը Ռաիսը պահում էր ապահով տեղում։ Եթե մինչև շաբաթվա վերջ չմուծվեր, պարտքը կրկնապատկվում էր կարծեմ, իսկ մեկ ռուբլու հասնելու դեպքում դառնում էր "2" թվանշան մատյանում։
Մեր Սև ցուցակի այս "սև" գործն իրականացնում էր մեր դասարանի թմբլիկ Մարինեն, որը պարտաճանաչ էր, նստում էր առաջին նստարանին, Ռաիսի ուղիղ դիմացը՝ վերջինիս գրասեղանին կպած, և Ռաիսն աչալուրջ հետևում էր, որ ցուցակը պահպանվեր ճշտորեն։ Երբ Ռաիսը շատ էր բարկացած լինում, պատիժը կարող էր լինել կրկնակի կամ եռակի, օրինակ՝ կատաղած հրահանգեր՝ զապիշի եվո տրի՛ ռազա, պառազի՛տ նեսչաստնի։ Իսկ եթե հանկարծ հանդգնեիր արտագրել ստուգողականի ժամանակ ու բռնվել, ապա "գրվում էիր" հինգ անգամ։ Սարգսյան Արամն, օրինակ, նախընտրում էր նախապես վճարել մեկ սովետական ռուբլի և հանգիստ արտագրել ստուգողականը։
Տղաներից համարձակները երբեմն փորձում էին բանակցել մեր գանձապահուհու՝ Մարինեի հետ, խնդրելով ջնջել իրենց անվան կողքը երկար շարքով ձգվող մինուսներից գոնե մի քանիսը՝ լրիվ չսնանկանալու համար, ինչը Մարինեին դնում էր ծանր կացության մեջ՝ խղճահարությունն ու չմերժելն ընդդեմ զեղծարարության։ Բայց, ի վերջո, անհանգիստ նայելով շուրջը և թմբլիկ այտերը մինչև ականջները կարմրատակած, արագ շտրիխներով մի քանի մինուս շտկում էր պլյուսի ու շտապ փակում տետրը։ Մի անգամ տետրը կորել էր։ Այդպես էլ չգտնվեց։ Այդպես մի անգամ Ռաիսը ստիպված հայտարարեց հարկադրված ամնիստիա, և Մարինեն սկսեց նոր տետր։

Մի օր ես էլ ընկա Սև ցուցակ։ Շատախոսության համար, բնականաբար։ Սովորաբար ինձ չէր պատժում՝ որպես լավ սովորողի, բայց այս անգամ համբերությունից դուրս եկավ։ Երբ տանը հայտնեցի, որ քսան կոպեկ պիտի մուծվեմ, հայրս զարմացավ, իսկ հետո, լսելով Սև ցուցակի պատմությունը, զայրացավ ու պատվիրեց հաջորդ օրը գնալ դասի առանց որևէ քսան կոպեկի ու համարձակ ասել ուսուցչուհուս երեսին, որ իր Սև ցուցակը հակամանկավարժական է և նա իրավունք չունի։ Ես, ճիշտն ասած, շատ քաշվում էի նման կոնֆրոնտացիայից, այն էլ Ռաիսա Աթաբեկովնայի հետ, բայց հորս պատվերն էլ չէի կարող չկատարել, մանավանդ որ քսան կոպեկն էլ կարգադրեց սկզբունքորեն ոչ մի դեպքում չտալ, և այդպես, ահագին հուզված, գնացի դասի, հավաքեցի ողջ քաջությունս, ու ասացի․ Ռաիսա Աթաբեկովնա, յա նե բուդու պլատիծ, վի նե իմեյեծե պռավը, էտը անտիկանստիտուցիոննը։ Թե որտեղից էդ հակասահմանադրականը եկավ լեզվիս, ես էլ չգիտեմ, երևի ուրիշ բան էի ուզում ասել, բայց այդ բառը ստացվեց, ու այդտեղ, Ռաիսը, որ աչքերը լայն բաց արած լսում էր, այդ բառի վրա մի փրփրել-փրփրեց, որ թող ու փախի։ Ու Մարինեին կարգադրեց, որ ինձ հանի Սև ցուցակից, ու որ իմ հետագա զանցանքների համար ես կպատժվեմ ուղիղ մատյանի մեջ։ Մի քանի օր անց իսկապես էլ մատյանում, անվանս դիմաց "2" հայտնվեց, որովհետև համարձակվել էի շրջվել ու մի երկու բերան խոսել դասընկերոջս հետ։ Այս անգամ արդեն ես վստահ կռիվ տվեցի, որ նա իրավունք չունի, որովհետև թվանշանը մատյանում դրվում է տվյալ օրվա դասի համար, իսկ երկուսը կնշանակի, որ ես այդօրվա դասը երկուսի եմ պատասխանել։ Ռաիսն, իհարկե, չզիջեց, բայց հետո, քառորդ փակելիս, տեսա, որ լիքը հինգեր էր լցրել կողքը, որ միջինը հինգ փակեր։

Դուք, իհարկե, կհարցնենք, թե ուր էին գնում մեր մուծած փողերը։ Ռաիսն ասում էր, որ դրանցով նա գնում է գրքեր ու ձայնապնակներ մեր դասասենյակի համար։ Ով գիտե։ Ամեն դեպքում, եթե լիներ Ռաիսը մասնավոր սեփականության հասարակարգում, ապա ես չէի կասկածի, որ նա արժանի էր վճարվելու ավելի, քան մյուս ուսուցիչները, քանի որ նա, ի տարբերություն շատերի, իսկապես սովորեցնում էր։

Շարունակելի

Բարեկամ
01.02.2018, 04:58
Եվ այնուամենայնիվ, Ռաիսա Աթաբեկովնայի դասերը fun էին, ինչպես կասեին արևմուտքում։ Հայկական իրականության մեջ մենք այդ բառի ճշգրիտ համարժեքը չունենք, որովհետև մենք սիրում ենք կոնկրետացումներ, իսկ արևմուտքը մեր կոնկրետացումները՝ հավես, գրավիչ, հետաքրքիր, զվարճալի, բոլորը լղոզում է մի կարճ բառի մեջ՝ fun, ու ես արդեն սկսում եմ մտածել, որ արևմտյան հոգեբանությամբ երևույթներն աշխարհում բաժանվում են երկու խմբի՝ fun և not fun, պարզ ու առանց ավերորդ բարդացումների։

Ռաիսա Աթաբեկովնան այն հազվագյուտ ուսուցիչներից էր, որոնք հաջողացնում են լինել խիստ, բայց սիրված։ Նրան սիրում էին բոլորը, պարզապես ոմանք՝ ավելի շատ։ Հատկապես մեր դասարանի Սաթենիկը, համարձակ և մի քիչ էլ խելառ մի աղջիկ, չնայած իր "երեքներին"` այնպես կրքոտ էր սիրում Աթաբեկովնային, այնպիսի մի հիացմունք էր ապրում նրա ներկայությունից, որ մի անգամ չդիմացավ․ Ռաիսը սովորականի նման դաս էր պատմում, մենք էլ սովորականի նման լուռ լսում էինք, Սաթենիկն էլ սովորականի նման գլուխը հետ գցած, կզակը դուրս ցցած՝ հիացմունքից ճառագող դեմքով նայում էր Ռաիսին, ու մեկ էլ․․․ /ես շատ-շատ ներողություն եմ խնդրում, ուղղակի անիմաստ կլիներ ներկայացնել Սաթենիկի ասածի խմբագրված ինչ-որ տարբերակ, դրա համար գրում եմ այն, ինչ ասաց բառացիորեն/, մեկ էլ Սաթենիկը, առանց որևէ նախաբանի, դասարանի լռության մեջ․ "Ձեր ք*քը ուտեմ, Ռաիսա Աթաբեկովնա"։ Դասարանը հասկանալիորեն պոռթկաց ծիծաղից, իսկ Ռաիսը շվարած նայում էր մեզ ու անհանգիստ հարցնում աջ ու ձախ․ "շտո՞ անա սկազալա, շտո՞, շտո՞ անա սկազալա․․․ "։ Թարգմանել ոչ մեկս ոչ համարձակություն ունեինք, ոչ էլ, ճիշտն ասած, ուժ, քանի որ քանդվում էինք ծիծաղից։ Ի վերջո, Սարգսյան Արամը, նա, ով Տուրգենևի ասույթն ակամայից անգիր էր արել, դեմքին լուրջ արտահայտություն տալով, իր կոտրտված ռուսերենով թարգմանեց Սաթենիկի` ինչպես ասում են unsophisticated նախադասությունը։ Երբ Ռաիսն ընկալեց Սաթենիկի զգացմունքների ողջ խորությունը, մի պահ քարացավ անակնկալից՝ չգիտեր ծիծաղեր, թե բարկանար, վերջում ընտրեց երկուսն էլ և ձեռքն առնելով իր նշանավոր ցուցափայտը՝ "յա շչյաս ուբյու տեբյա, պառազիտ մալինկի", ինչից Սաթենիկն ամենևին չընկրկեց, այլ նույն հիացմունք արտահայտող դեմքով աներկբա շարունակեց․ "Ճիշտ եմ ասում, Ռաիսա Աթաբեկովնա, այ սենց բռնեմ, կանաչիով-բան, զակատ անեմ, ու․․․" և ձեռքերի շարժումով ցույց տվեց, թե ինչպես են պահածո փակում։ Ռաիսն այս անգամ վեր կացավ տեղից ու ցուցափայտը թափ տալով նետվեց Սաթենիկի վրա, բայց հետո կանգ առավ, փլվեց իր աթոռին ու սկսեց ծիծաղել։ Այդ օրը, մինչ դասը կավարտվեր, Ռաիսը դեռ ժամանակ առ ժամանակ հիշելու էր, օրորելու էր գլուխն ու քթի տակ ծիծաղելու՝ ցուցադրելով իր ճերմակ, հավասար ատամնաշարը կարմիր շրթներկի բացվածքից։
Սաթենիկի զգացմունքի իսկական խորությունը երևալու էր հետո, երբ մի անգամ ստուգողականին մեկը Ռաիսին հասցրեց, թե Սաթենիկն արտագրում է։ Ռաիսը մոտեցավ, ստուգեց բոլոր անկյունները, ոչինչ չգտավ։ Բայց կասկածում էր։ Շեշտակի-կասկածամիտ նայեց Սաթենիկին։ Չեմ արտագրում, Ռաիսա Աթաբեկովնա, ասաց Սաթենիկը։ Տի սմատրի ու մենյա, մատը թափ տվեց Ռաիսը, նե աբմանիվայ։ Ձեր արևով եմ երդվում, Ռաիսա Աթաբեկովնա, բարձր ու հանդիսավոր հայտարարեց Սաթենիկը։ Յա եյ վերյու, վստահ եզրափակեց Ռաիսը։

Ի դեպ, Ռաիսի ցուցափայտի մասին։ Այն հազվադեպ էր օգտագործվում ըստ նշանակության, բայց փոխարենը ուսուցչուհու անփոխարինելի զենքն էր։ Այն աստիճանի անփոխարինելի, որ ում վրա որ այն կոտրվում էր, նա պետք է նորը գներ-բերեր, ու լավ որակի․ Ռաիսն ամեն ցուցափայտ չէր հավանում, այն պետք է լիներ պինդ, որ դիմանար։

Եվ այսպես, Ռաիսա Աթաբեկովնան կարողանում էր գալ նույնիսկ ամենաանկառավարելի տղաների հախից, նրա համար անելանելի իրավիճակներ չկային, բացառությամբ մի անգամվա, երբ մեր անխորտակելի ուսուցչուհին, մի սովորական գեղեցիկ օր, բառիս բուն իմաստով տապալվեց։ Իսկ տեղի ունեցավ դա այսպես։ Ռաիսը մի քանի րոպեով դուրս էր եկել դասարանից՝ կարգադրելով խելոք մնալ մինչև վերադառնա, բայց այդ օրը ոչ ոք խելոք մնալու հավես չուներ, և մի քանի վայրկյանից դասարանում քաոս էր․ մի մասը սեղանների վրա էին թռվռում, մյուսները՝ նստարանների, և Ռաիսի աթոռն էլ բացառություն չկազմեց։ Ռաիսը վերդարձավ, նստեց իր աթոռին և մենք խաղաղ շարունակեցինք դասը։ Կարդում էր ուսուցչուհին գրականության դասագրքից, և մենք, հայացքներս հառած լսում էինք, ու մեկ էլ նկատեցինք, որ Ռաիսն աստիճանաբար փոքրանում է, կարծես սուզվեր։ Երբ ինքն էլ դա նկատեց, երկու ձեռքով բռնվեց իր տռուզ գրասեղանի եզրից, մինչ աթոռի հետևի երկու կիսակոտրված ոտքերը դանդաղ ծալվում էին՝ քաշելով Ռաիսին դեպի խորքերը։ Եվ այդտեղ տեղի ունեցավ Ռաիսյան Կայսրության Մեծ Անկումը․ Ռաիսա Աթաբեկովնան իր աթոռի հետ միասին տապալվեց հատակին՝ հետ-հետ պառկելով, և իր պատկառելի գրասեղանը, իր ողջ բազմամյա թաշախուստով, շուռ եկավ կնոջ վրա՝ բանտարկելով նրան գետնին պառկած աթոռի ու գրասեղանի արանքում։ Ռաիսը շարունակում էր խեղդվել, անօգնական թափահարելով կարմիր, խոշորակրունկ կոշիկներով ոտքերը՝ խոզի տոտիկների պես ցցված գրասեղանի տակից։ Ոչ ոք ի վիճակի չէր օգնության հասնելու խեղճ կնոջը, քանի որ բոլորը զբաղված էին ծիծաղից ուշաթափվելով, և միայն մեր դասարանի մշտապես լուրջ ու ծանրակշիռ, փիլիսոփա Մամիկոնյան Արտաշեսը, մականունը՝ Պուշկին, մոտեցավ գրասեղանի տակից խոճկորի պես ճղճղացող ուսուցչուհուն և ջենթլմենավարի առաջարկեց իր օգնությունը։

․․․Մենք դեռ երկար շարունակում էինք ծիծաղել, մեզ հետ միասին՝ Ռաիսա Աթաբեկովնան՝ ակնհայտորեն անհարմար զգալով, իհարկե։


Շարունակելի

Բարեկամ
05.02.2018, 04:58
Ռաիսա Աթաբեկովնան, կայացած ու խիստ լինելով հանդերձ, ընդհանուր առմամբ ուրախ կին էր։ Երևի դրա համար էր կարմիրն այդքան շատ սազում նրան։ Կարող եմ ասել՝ ես դեռ չեմ տեսել որևէ մեկին, որին մաքուր-դասական կարմիր գույնն այդքան բնական, ներդաշնակ "հագներ"։ Երևի կարմիրը ուրախ և կայացած մարդկանց գույնն է։

Մի անգամ, երրորդ դասարանում էինք կարծեմ, մի այսպիսի տնային աշխատանք էր տվել պատրաստել․ դասարանում գրատախտակին նկարել մի պատմություն և պատմել, բնականաբար ռուսերեն։ Գրատախտակի մոտ կանչեց մեր դասարանի թույլ աշակերտներից մեկին՝ Պողոսյան Ռուբենին, որն այդ օրը զարմանալիորեն պատրաստված էր եկել։ Ռուբենն ինչ-որ անտառ նկարեց գրատախտակին, հետո գայլ, երևի ուրիշ բաներ էլ՝ հիմա չեմ հիշում, ու ինչ-որ պատմություն սկսեց պատմել նախապես սերտած բառերով։ Երևում է, որ ինչ-որ մեկն աշխատել էր հետը տանը, և վատ չէր աշխատել, բացառությամբ վերջին պահի, երբ Ռուբենն ավարտեց իր պատմությունը հետևյալ կերպ․ "Պատոմ վոլկ պուկնուլ ի ուբեժալ"։ Ռաիսա Աթաբեկովնան, որ ընթացքում տետր էր ստուգում ու լսում, ցած դրեց գրիչը, շրջվեց ու ապշած հարցրեց․ "Շտո՞"։ Ռուբենը լուջ ու պատրաստակամ, հստակ կրկնեց վերջին նախադասությունը։ Ու տեղ Ռաիսը քանդվեց։ Բառիս բուն իմաստով քանդվում էր ծիծաղից, որի համար անհարմար էր զգում, փորձում էր զսպել, բայց չէր հանգստանում։ Աշակերտները, որոնք ռուսերեն լավ չգիտեին, հատկապես՝ կենցաղային, շվարած նայում էին Ռաիսին, թե էդ ինչ ասաց Ռուբենը, որ Ռաիսը տենց թուլանում էր։ Ես, քանի որ ռուսական մանկապարտեզ էի գնացել, հասկանում էի, թե Ռաիսն ինչու է ծիծաղում, բայց Ռուբենի ասածի մեջ ոչ մի տարօրինակ բան չէի տեսնում, քանի որ, իմ կարծիքով, նա նկատի ուներ՝ պու՜կ-փախավ, ինչպես կասեին հայերենում։ Ես վստահ էի, որ Ռուբենը հենց դա է նկատի ունեցել, ոչ այն, ինչ Ռաիսն էր կարծում, ու զարմանում էի, որ Ռաիսը դա չէր ֆայմում։ Երևի սա ամենալավ պահերից է երեխաների մոտ՝ արտառոցի համար տրամաբանական բացատրություններ ունենալը, ի տարբերություն հասուն տարիքի, ինչպես հիմա է, որ համարյա վստահ եմ, որ Ռուբենի գլխին ինչ-որ մեկը զավեշտ էր խաղացել։

․․․
Տարիներ անցան, Ռաիսն էլ, դպրոցի հետ, թերթվեց ու մնաց մեր կյանքի պատմության արդեն գրված էջերում։

Մի քանի տարի առաջ մեր դպրոցը, Լինզի հիմնադրամի աջակցությամբ քանդվեց հիմնահատակ /մեր զուգահեռ դասարանից մի աղջիկ հիմնադրամում էր աշխատում, միջնորդեց/, և կառուցեցին նոր դպրոց՝ ճիշտ մեր դպրոցի կրկնօրինակը, միայն թե նոր ու փայլուն։
Երբ այցելեցի դպրոցը, անգամ դասարանների տեղերը համարյա նույնությամբ պահպանել էին, բայց նույնը չէր իհարկե․ դա ուրիշ դպրոց էր արդեն, ուր չկար Ռաիսի պայծառ, լուսաշող դասարանը երկրորդ հարկում, չկար Ռաիսը՝ դասամիջոցին դասարանի դռան մոտ կանգնած, իր կարմիր խոշորակրունկ կոշիկներով, աշխույժ զրուցելիս մեկ այլ ուսուցչի հետ, իսկ միջանցքներում փոթորկի պես այս ու այն կողմ վզվզող աշակերտությունը՝ մինչ զանգը կհնչեր և միջանցքները կդատարկվեին ու քար լռություն կտիրեր 45 րոպեով, չկար մեր սյունազարդ, փայլեցրած հատակներով և մաշված պատուհանագոգերով միջանցքների հարազատ աուրան՝ առաջինից մինչև չորրորդ հարկ, հատկապես առաջին հարկի կիսամութ, միայնակ լռությունը ձմեռային վաղ առավոտներին, երբ դրսում դեռ մութ գիշեր է, իսկ ծնողներս ինձ մոտ մեկ ժամ շուտ էին բերում դպրոց, որպեսզի իրենք էլ հասցնեին իրենց աշխատանքին, և ես առաջին շունչն էի լինում դպրոցում՝ պահակից բացի, ու մոխրագույն ճագարի, խիստ մազաթափող կարճլիկ մուշտակս հագիս՝ գնում-գալիս էի միջանցքով և չգիտեի, թե է՛լ ինչպես ձգել այդ անվերջ երկար թվացող մեկ ժամը, քանզի արդեն առնվազն երկու հարյուր ութսունյոթ անգամ կարդացել էի պատերի բոլոր գրություններն ու ասույթները, հատկապես ամենահարմար բարձրություններինը՝ իմ հասակի մակարդակի, կիսաթափված սպիտակ ներկով, ուր սահեցնում էի մատս՝ "Իմ կարոտած սրտի համար ուրիշ ոչ մի հեքիաթ չկա, Նարեկացու Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․․․", "Քուչակը", չգիտեմ ինչու, ինձ թվում էր, որ փափախն է, գլխարկը, և կարդալիս այդպես էլ պատկերացնում էի՝ Նարեկացին՝ փափախով, որը շողարձակում է պայծառակերպված։ Մինչև օրս էլ ականջներումս պահպանվել է առաջին հարկի միջանցքի այդ ձմեռային կիսամութ, սառը, զրնգուն լռությունը և ժամանակը տրորող իմ միայնակ ոտնաձայնը սպասման։
Նորակառույց հին դպրոցումս չկային այլևս սեփական տան պես ծանոթ և, ինչպես այն ժամանակ էր թվում, իրենց տեղում հարատև զմռսված դասասենյակները․ գրադարանը՝ առաջին հարկի վերջի սև կաշվե, ձայնամեկուսացված, խորհրդավոր դուռը, որ այդպես էլ չիմացա, թե ինչպիսին էր ներսը, այդ դռնից տարվա սկզբում դասագրքերն էինք ստանում և այնպես անհանգստանում, որ համեմատաբար քիչ մաշված գրքեր բաժին ընկնեին; աշխատանքի ուսուցման սենյակը երկրորդ հարկում՝ կարի մեքենաների շարքով, ուր բարձր, պատկառելի կոսով ընկեր Հարությունյանը սովորեցնում էր, թե ինչպես թելել կարի մեքենա, ինչն ինձ թվում էր բարդ ու խրթին, տանջալից մի պրոցես, ու մոտս այնքան էլ լավ չէր ստացվում՝ խճճում էի թելը չուլոկի մեջ, հետո ստիպված էի լինում կտրել ու սկսել նորից, իսկ դիմում էր նա մեզ անսովոր նուրբ՝ "աղջիկներ", սովորական "երեխաներ"-ի փոխարեն, որով արթնացնում էր ինչ-որ անբացատրելի գիտակցություն; ուսուցչանոցը երրորդ հարկում, որի պատճառով առանձնապես չէինք սիրում երրորդ հարկը, այդ տեղերով պիտի լուռ ու հանգիստ անցնեիր, որովհետև անպայման դուրս կգար մեկը՝ անբարյացակամ դեմքով, ինչ-որ բանի համար նկատողություն անելու, հեչ որ չլիներ՝ ավագ ջոկատավարուհին, ամեն տեղ իրեն մեջ գցող, խոշորագլուխ ընկեր Ռուստամյանը, որից խույս էի տալիս հատուկ, քանի որ երբ աչքովն էի ընկնում, կանգնեցնում էր, մատով կոպիտ թկթկացնում ականջիս բլթակը՝ փոքրիկ, կապույտ ականջօղերով, որ կրում էի դեռ հինգ տարեկանից, ու իր բամբ, սարսափազդու տեմբրով նկատողություն անում՝ "Բարեկամյան, դու էլի՞ ականջօղերդ չես հանել, վաղը չտեսնե՛մ"; և չորրորդ հարկի սառն ու անհրապույր ֆիզիկայի դասարանն էլ այնտեղ չէր այլևս՝ իր անհարմար-բարձր, սպիտակ սեղաններով և իր սեղանին թեթևակի հենված-կանգնած ընկեր Ստեփանյանով, ուրբաթախոս, երբևէ չփոխվող կոկիկ, անտարիք արտաքինով մի կին՝ շուրթի վերևում եռաչափ, շագանակագույն խալ, որ ոչ բարկանում էր, ոչ հուզվում, ոչ ծիծաղում, ոչ տխրում, միայն թկթկացնում էր սեղանին իր մատնեմատի նշանի մատանիով՝ հրավիրելով լռելու, մեկ էլ՝ սիրում էր նայել հեռուն՝ մանրիկ աչքերը թեթևակի կկոցած, միայն մի անգամ էր, որ ընկեր Ստեփանյանն անկեղծացավ՝ ի պատասխան աղջիկներից մեկի զարմանք-հաճոյախոսությանը՝ երբ իմացանք, որ նա իրականում վաթսունն անց է, մինչդեռ երևում էր հազիվ քառասուն․ ասաց՝ ջահել մնալու համար պետք է հեռու մնալ "սեռական լպստուկներից", և առաջին անգամ ցույց տվեց զգացմունք՝ զզվանքով ծամածռեց դեմքը։ Չկան այլևս նշանավոր ընկեր Արշակյանը՝ քիմիայի դասատուն, որի համար քիմիա առարկայից բացի ուրիշ կարևորություն չի կարող լինել ո՛չ դպրոցում, ո՛չ էլ աշխարհում առհասարակ, և դա պետք էր ընդունել անառարկելիորեն, այլապես նա քեզ չէր սիրի, նշանավոր, որովհետև նրա մասին՝ որպես քիմիայի ուսուցչուհու, գիտեին անգամ հյուսիսային Կովկասում, ուր հանգստանում էինք մի անգամ; կամ Զարգարյան Լեռնիկը՝ ֆիզկուլտի մարզիչը մեր հաղթանդամ, դեպի Էվերեստ ձգվող բոյով ու ֆուտբոլի գնդակի պես իդեալական կլոր փորով, վրան՝ մշտապես կախված սուլիչով, որ վազեցնում էր մեզ քառասուն շրջան՝ հինգ ստանալու համար, այնպես որ վերջում կողդ ծակում էր փիս, ոտքերդ ծալվում էին, իսկ բերանումդ արնահամ էր, բայց շարունակում էիր, որ էդքան վազածդ ջուրը չընկներ ու չզրկվեիր գերազանցիկությունից, ապա մտնում էր Լեռնիկը աղջիկների հանդերձարան՝ մատյանը ձեռքին, ուր նստարանին նստած էին ֆիզկուլտից մշտապես խուսափող ծանրամարմին աղջիկները, ու հերթով հարցաքննում՝ "Դու՛", "Հիվանդ եմ, ընկեր Զարգարյան"՝ աչքերը խոնարհելով պատասխանում էր Մինասյան Լուսինեն, և Զարգարյանը փորին պառկած, սև շրջանակով ակնոցները դնում էր աչքերին, նայում մատյանին ու ասում՝ "Աղջիկ ջան, դու անցած շաբաթ էիր "հիվանդ", նախանցած էլ, ամիսը քանի՞ անգամ են "հիվանդ" լինում", Լուսինեն էլ ավելի էր խոնարհում աչքերը՝ հազիվ թաքցնելով ժպիտը քթի տակ; և ընկեր Թաթոսյանին էլ չես գտնի իր դասասենյակում, մաթեմատիկայի մեր ահուսարսափ, լեննականցի ուսուցչուհուն՝ կոշտ ու գռեհիկ խոսելաձևով, անթաքույց կաշառակեր, որ անպարկեշտ անպատվում էր տղաներին՝ անգամ բարձր դասարաններում, նետում կավիճը երեսին, հարձակվում ձեռնամարտի՝ սպառնալով "քացու տակ քցել", վիրավորում ծնողներին, չարախոսում այլ դասատուներից; և իմ հեզաբարո ընկեր Ղալումյանը, որին պարտական եմ հայերենիս համար, այն ժամանակ արդեն բավական տարեց, բնականաբար չկա այլևս։


Մանկության ընկերուհիս դպրոցի ներկայիս երիտասարդ տնօրենուհու քարտուղարուհին է, և նստած իր մոտ, զրուցում-հիշում էինք անցած-գնացած տարիները, ուսուցիչներին, ընկերուհիս, բնականաբար, ահագին տեղյակ էր յուրաքանչյուրի ճակատագրից։ Հարցրի Ռաիսա Աթաբեկովնայից, կա՞ արդյոք, ո՞ղջ է։ Հապա ինչպես, ասաց ընկերուհիս, նոր-նոր ա թոշակի անցել, դեռ անցած տարի դաս էր տալիս։ Ի՜նչ ես ասում, ապշեցի ես, գիտե՞ս, ես այսքան տարի ուզում էի տեսնել իրեն, մտածում էի հասցեն գտնեմ, նամակ գրեմ։ Ընկերուհիս խոստացավ գտնել ինձ համար հասցեն, բայց մենք այլևս չտեսնվեցինք։ Իսկ դա 4-5 տարի առաջ էր։



Մի քանի ամիս առաջ, 2017-ի հուլիսին, նստած եմ ես երևանյան սրճարաններից մեկում դասընկերուհուս հետ, որին չէի տեսել երկար տարիներ, զրուցում ենք դպրոցից, հիշում-ծիծաղում․ հիշողությունները քաղցր են ու անվերջ։ Ռաիսին ամենաշատը հիշեցինք, իհարկե, քանի որ դասընկերուհիս էլ ոչ այլ ոք էր, քան Մարինեն՝ Ռաիսի հավատարիմ գանձապահուհին։ Երբ քայլում էինք դեպի տուն, անցանք մեր դպրոցի մոտով, և քիչ վերև՝ Ռաիսենց շենքերի մոտով, որ մոտավորապես էինք հիշում, ու մտքներովս անցավ հանկարծ՝ տեսնես ո՞ղջ է դեռ․․․

Շարունակելի

Բարեկամ
06.02.2018, 03:05
Մարդիկ սովորաբար արտակարգ են վարվում արտակարգ իրավիճակումներում։
Դասընկերուհիների հանդիպումը դպրոցն ավարտելուց մոտ երեք տասնամյակ անց, երբ տարիներից բացի նրանց միջև ընկած են օվկիանոսներ, սա արդեն կարգից դուրս իրավիճակ է, և նման իրավիճակում խելքներին փչել գտնելու ուսուցչուհու տունը, առանց խորը մտածելու՝ իսկ ու՞մ կգտնեն այնտեղ կամ ինչպե՞ս, այն դեպքում, երբ երեք տասնամյակ առաջ կինն այդ արդեն բոլորել էր իր կեսդարը, նման մտահղացումը, ինչ կա որ, դառնում է բնական և օրինաչափ։
Թեև Մարինեն, դպրոցն ավարտելուց հետո, ամիսը երևի առնվազն մի քանի անգամ անցած կլիներ Ռաիսենց շենքերի մոտով, և ես էլ՝ նմանապես, թե ապրելիս լինեի իմ հայրենի քաղաքում, բայց արի ու տես՝ մոտ երեսուն երկար ու ձիգ տարիների ընթացքում երբևէ չես համարձակվում ունենալ այդպիսի մի խելառ միտք, որովհետև Ռաիսն արդեն պատմություն է, լեգենդ, ու որքան էլ որ Մարինեն խենթի պես էր սիրում ու գուրգուրում ուսուցչուհու մասին իր հուշերը, սովորական առօրյայում մտքի ծայրով էլ չէր անցկացնի իջեցնել լեգենդին տարիների իր պատվանդանից, նույնիսկ կվախենար։
Իսկ ո՞վ ասաց, թե հիմա չէր հուզվում կամ վախենում։
Հարցուփորձ ենք անում բակում կանգնած մի տղամարդու․ այս շենքում ռուսերենի ուսուցչուհի ապրու՞մ է, բաց երկնագույն աչքերով, ռուսախոս, հիմա բավական ծեր պիտի որ լինի, եթե կենդանի է։ Տղամարդն ասում է, որ կա մի ռուսախոս, տարիքով կին, վեցերորդ հարկում։ Բարձրանում ենք վեցերորդ հարկ։ Բացում է մի երիտասարդ կին։ Հարցնում ենք։ Չէ, պատասխանում է, այստեղ այդպիսի կին չի ապրում, նա երկու հարկ ներքևում է։ Երկու հարկ ներքև թակում ենք դուռը՝ խլացնելով սեփական սրտներիս զարկերը։ Բացում է էլի մի երիտասարդ կին։ Կներեք, ասում ենք, մենք փնտրում ենք․․․ " Շտո՞ տամ տակոե, կտո՞ տամ" - լսվում է հարևան սենյակից, և դռան մոտ, հովհարային արագությամբ թերթելով անցյալի էջերը, դուրս է պրծնում ինքը՝ Ռաիսա Աթաբեկովնան, իր աչքերի երկնագույնի ամառային թեթև զգեստով, նույնագույն թափանցիկ քարով ականջօղերով՝ այտերին թեթևակի քսվող, և իհարկե, անդավաճան կարմիր շրթներկով։ Խարտյաշ գանգուրիկները նույնպես տեղում էին։
Մարինեն խելագարի պես նետվում է դեպի ուսուցչուհին․ Ռաիսա Աթաբեկովնա՜՜․․․
Ռաիսա Աթաբեկովնան Մարինեին հիշեց, իսկ ինձ՝ ոչ։ Ավելին, կարծեց, թե ես Մարինեի դուստրն եմ, որովհետև ես աղջկաս հետ էի ու մեր խառը բարբաջանքի մեջ լսել էր, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկի աղջիկն է։ Մարինեն թեթևակի ազդվեց՝ էդքան մե՞ծ եմ երևում։ Դա նետ, էտը անա՛ վիգլյադետ կակ շկոլնիցա։
Նստեցինք իր խոհանոցում։ Ռաիսն ամեն կերպ փորձում էր մեզ ինչ-որ բանով հյուրասիրած լինել․ մերթ ձմերուկ էր ուզում կտրել, մերթ պաղպաղակ էր առաջարկում։ Շարունակ հետ էինք նստեցնում անակնկալի եկած կնոջը։

Ռաիսա Աթաբեկովնան լրիվ նույնն էր․ այդքան նույնը, հավատացեք, չեն լինում։ Մարինեն չդիմացավ, անգամ քաշքշեց կնոջ ականջօղերը, հուզված․ մամա ջա՜ն, նույն ականջօղե՜րն են։ Գիտե՞ք քանի անգամ են ինձնից ուզել գնել սրանք, հետ հագցնելով ականջօղերը՝ պատմում էր Ռաիսա Աթաբեկովնան, չվաճառեցի՛։ Պատմում էր դպրոցից․ վոտ շտո յա վամ սկաժու, ասում էր Աթաբեկովնան, նրանք, ովքեր լավ չէին սովորում, դրանք, ի վերջո, կարգին մարդիկ էին դառնում, իսկ գերազանցիկները՝ նե-ա, նիտո՛։ Ու հենց նրանք, ասում էր, ում վրա ամենից շատն էի ցուցափայտս կոտրում, դրանք են հետո, որ երբ տեսնում են ինձ փողոցում, շնորհակալություն են հայտնում, նրանցից ամենից շատն եմ ջերմություն զգում։ Իսկ երբվանի՞ց եք անցել հանգստի, Ռաիսա Աթաբեկովնա։ Ի՞նչ հանգիստ, մինչև օրս էլ աշխատում եմ, մասնավոր ռուսերեն եմ պարապում, տանը, - և ցույց տվեց պատուհանագոգի վրայի տետրակները։ Գալիս են ամեն տեսակ մարդիկ, պատմում էր Ռաիսը, հատկապես շրջաններից․ այդպիսի մեկին ունեմ հիմա, երեսունն անց, ջանդակով, հսկա տղա է, ոստիկան, անունը՝ Զարզանդ, մի բառ անգամ ռուսերեն չգիտի, տակոյե պակալենիե պաշլո, այբբենարանից ենք սկսել, մատը դնում է ու դանդաղ կարդում՝ կո-րո-վա։

Մոտ երեք ժամ նստեցինք Ռաիսի մոտ։ Ասացի, որ վաղուց էի ուզում մի բան ասել իրեն. ուղղակի, որ շնորհակալ եմ։ Լսում էր ուշադիր, բայց անհաղորդության թեթևակի անորոշություն կար դեմքին, թեև նույն սուր ու գեղեցիկ ժպիտն էր սեղմված շուրթերին՝ խելացի, կայացած, մի քիչ էլ՝ ինչ-որ մտքեր թաքցնող։ Կարծում եմ՝ անորոշությունն այդ ինձ չճանաչելուց էր․ չէր հիշում նա ինձ, հետևաբար հաղորդակից չէր։ Եվ միայն, երբ հրաժեշտ էինք տալիս դռների մեջ, հանկարծ դուրս ցատկեցի ութսունամյա կնոջ հիշողության ծալքերից․․․

Ինչ լավ էր, որ ֆայմեցինք՝ լուսանկարվեցինք Ռաիսի հետ։ Այնպես անսպասելի ու արտակարգ էր այդ ամենը, որ Ռաիսի բնակարանը թողնելուց հետո ահագին ժամանակ ես ու Մարինեն ուշքի չէինք գալիս, իսկ ես կիսվելու այնպիսի պահանջ ունեի։ Ֆեյբուքյան ընկերներիս մեջ մի համադասարանցի ունեմ՝ Զառան։ Ուղարկեցի նկարը՝ սպասելով ուշաթափությունների։ Ռաիսի՜՜՜կը, գրեց Զառան, ու անմիջապես հետո՝ Axchi Satenikin el aseiq․․․

Վերջ

Բարեկամ
08.02.2018, 16:38
Պոպպին շագանակագույն, խիտ ու երկար խոպոպիկներով, զվարթ աղջնակ է` փափուկ խաղալիք-արջուկ հիշեցնող։ Նա հագնում է երկար, կախ ընկած թևքերով սվիտերներ, և ինչ անում է, հավեսով է անում։

Պոպպին աղջկաս մտերիմ ընկերուհիներից մեկն է, համադասարանցին։
Պոպպին առատաձեռն է։ Մի անգամ, կարծեմ Զատկի տոնի առթիվ էր, աղջկաս մի մեծ սպիտակ, փափուկ նապաստակ էր նվիրել, որը զբաղեցնում է աղջկաս անկողնու զգալի մասը, քանի որ ուրիշ տեղ չկա դնելու։ Դա կարծեմ նախանցած Զատկին էր, բայց աղջիկս, ի տարբերություն իր մյուս բազմաթիվ փափուկ խաղալիքների, որոնք հերթափոխով գալիս ու գնում էին՝ ամբարվելու տուփ-պահոցի մեջ, նապաստակից մինչև օրս չի հրաժարվել, և քնելիս փաթաթվում է՝ մի թևով մանկության հին ընկեր, իր հետ աշխարհ ման եկած ու արդեն բավականին քրչոտած, անբաժան, շագանակագույն, երկարականջ շնիկին՝ քապքեյկ (կեքս) անունով, մյուսով՝ այդ հսկա, սպիտակաթույր նապաստակին, որին անվանել է պոպքորն (ադիբուդի)։

Իսկ այսօր աղջիկս տուն մտավ նվերի մի մեծ տոպրակ ձեռքին՝ Պոպպիի նվերը Ծննդյան տոների և դպրոցն ավարտելու առթիվ։ Տոպրակից դուրս եկան մի տուփ "լաշ" տեսակի՝ ջրի մեջ պայթող, գույզգույն, հոտավետ օճառների հավաքածու՝ բավական թանկարժեք - ներկայիս ամենաթրենդի-ցանկալի-երազներիերազ նվերը դեռատի աղջիկների համար և ոչ միայն /դուք պետք է տեսնեք, թե ինչ է կատարվում Լաշի խանութում․․․/, և նաև դեռատի աղջիկների մոտ մեկ այլ մոդայիկ բրենդի՝ Թայպոյի, վերջինիս հատուկ անհեթեթ ոճի և անհեթեթ գների ապրանքների մի կույտ՝ անկապ գրվածքով ջրի շիշ, տարօրինակ նկարներով օրացույց ու էլի չգիտեմ ինչեր։
Պոպպիի առատաձեռնությունը դրանով սակայն չէր սպառվում։ Այդ ամենին կցված էր մի բացիկ՝ ծայրից-ծայր գրված, բայց բացիկի բավական նորմալ չափը կարծես չէր բավարարել առատամիտ Պոպպիին՝ արտահայտելու իր բոլոր ցանկություններն ու բարեմաղթանքները, և բացիկին Պոպպին կցել էր լրացուցիչ մի թուղթ ևս՝ շարունակելու իր մտքերի հոսքը, սակայն այդ թուղթն էլ քիչ էր եկել, և հաջորդ թուղթն էր եկել կցվելու նախորդին, որն ավարտվում է "նայիր մյուս երեսին" նոթով, իսկ մյուս երեսին Պոպպին վերջապես խցկում-եզրափակում է իր նամակ-բացիկի ավարտը։

Ես, սովորաբար, աղջկաս նամակագրությունները չեմ կարդում, բայց այս անգամ տուրք տվեցի հետաքրքրությանս, թե ինչ ուներ այդքան ասելու Պոպպին, և գիտեք, տասներկուամյա աղջիկները երբեմն, այսպես ակամա, բստրում են գրականությանը մոտ շաղակրատանք, որն էլ կուզենայի կիսել ձեզ հետ այստեղ, թարգմանաբար․

" Սիրելի ․․․,
Նախևառաջ, ԴԵԿՏԵՄԲԵ՛Ր Է։ Այնպես որ, շնորհավոր Սուրբ Ծննդյան տոները։
Իսկ հիմա արի ասենք միմյանց ողջ ճշմարտությունը։ Քո հին թղթի կտորի վրա գրված էր "Ես ուզում եմ մի ինչ-որ թրենդի բան, որը կարող եմ օգտագործել ողջ տարվա ընթացքում"։ Եվ այսպես, ես քեզ համար պատրաստել եմ․․․ Սպասիր։ Սպասիր մինչև իսկական Պոպպին քեզ կտա քո նվերը, և երբ դու նայես տոպրակի մեջ, երևակայության մի ամբողջ աշխարհ կժայթքի քո մեջ։ Այսքանով ավարտում եմ այս բացիկը։ Սիրելիս, դու եղել ես հրաշալի ընկեր այս ամբողջ ժամանակ՝ երրորդից մինչև վեցերորդ դասարանները։ Հիշու՞մ ես այն օրը, երբ միասին ֆիլմ էինք դիտում, և դու ձանձրանում էիր ու հարցրիր ինձ, թե կարող ես արդյոք հյուսել մազերս։ Դրանից հետո ես ստիպված էի կտրել ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ՄԱԶԵՐԸ։ Աստված իմ, ես ատում էի քեզ հաջորդ մի քանի օրվա ընթացքում, մենք երրորդ դասարանում էինք։ Երրորդ դասարանում, հիշու՞մ ես, մենք մի զատիկ էինք պահում։ Օհ, նա ապրեց ընդամենը մեկուսկես ժամ։ Դու էլ, հավանաբար, ատում էիր ինձ նրան սպանելու համար, այնպես որ, ի վերջո, մենք քվիտ եղանք։ Իսկ հետո եկավ չորրորդ դասարանը, երբ ես հիմնականում խաղում էի Կառլայի, Զիտայի և Էշլիի հետ, դե, մեկ-մեկ էլ՝ Մոլլիի, այնպես որ մենք միասին պատմություն չունենք այդ ժամանակաշրջանի համար, բայց այ հինգերորդ դասարանում ես քո և Սաշայի հետ էի, և մի անգամ, հիշում եմ, դու, Մոլլին և Սաշան փոքրիկ հմայահուլունքներ էիք սարքում, և Սաշան բռնեց ու դրեց իրենը միկրոալիքային վառարանի մեջ, ու թե ինչ դուրս եկավ դրանից, ավելի լավ է չհիշենք․․․ Օքեյ, հասանք վերջապես վեցերորդ դասարան։ Այստեղ մենք բազմաթիվ հուշեր ունենք, թեև չեմ կարող ասել, որ ամեն ինչ գնում էր․․․ մմ․․․ շատ ճիշտ․․․ Հիշու՞մ ես, դեկտեմբերի չորսին, երբ ես քրքրում էի քո պայուսակը՝ կարծելով, թե իմն է։ Էհ, ընդհանուր առմամբ, դու լավագույնն էիր, սիրելիս, և ես քեզ սիրում եմ /ընկերական ձևով/, և հուսով եմ՝ քեզ նորից կտեսնեմ ամսի տասնհինգից հետո։ Աստված իմ, ինչ արագ է անցնում այս վերջին շաբաթը, ես արդեն հուզվում եմ, խնդրում եմ, զբաղված մի՛ եղիր անընդհատ, որ կարողանանք դուրս գալ միասին։ Իսկ առայժմ, քեզ ուրախ Ծննդյան տոներ եմ մաղթում, և լիքը-լիքը-լիքը սեր՝ Պոպպիից։ Հ․Գ․ Արտասվում էի, երբ գրում էի այս նամակը, կներես, որ այսքան երկար ստացվեց։ Սիրում եմ քեզ շատ։ Պոպպի։"

Բարեկամ
14.02.2018, 14:45
Իմ մանկության ամենավաղ հիշողություններից մեկը Կասկադն է, նկատի ունեմ՝ Թամանյանի արձանի մոտի պուրակը, քանի որ Կասկադի ներկայիս աստիճանական կառույցն այն ժամանակ, բնականաբար, չկար, բայց կար հետնամասի բլրի թեք լանջը, որը լավ չեմ հիշում, թե իրենից ինչ էր ներկայացնում այն ժամանակ․ հավանաբար անտառապատ բլուր էր սովորական, որով կարելի էր մագլցել մինչև Հաղթանակի զբոսայգի, ու, կարծեմ, հենց այդպես էլ անում էինք հանգստյան օրերին, երբ հայրս ինձ ու եղբորս տանում էր մեր հերթական զբոսանքին՝ քաղաքով մեկ։

Հանգստյան օրերին հորս հետ զբոսանքները քաղաքում իմ կյանքի առանձին պատմությունն են, որոնց մասին պատմելու եմ մի օր, որքան որ կներեն տրամադրությունս և ունակությունս՝ վերարտադրելու մանկական այն գողտրիկ հուշերը, որոնք նշանակալից են նրանով, որ ձևավորում են աշխարհահայացք մնացած ողջ կյանքի համար, արժեքային համակարգ նաև և հավելյալ բազում փոքր ու կարևոր ատրիբուտներ՝ համեր ու հոտեր, ձայներ ու շոշափելիքներ, գույներ ու պատկերներ, որոնք փակվում են հետո մեր անցյալի լքված ձեղնահարկում, ուր մուտք չունենք այլևս․ խճողված են դուռն ու ճամփան հետագա տարիների զանազան արտանետուկներով (եթե միայն իմանալ ձևն այդ ամենից ձերբազատվելու ու մուտք գործելու այնտեղ, ուր զգացողություններն ու առարկաները հավերժության հոտ ունեն)։ Ձեղնահարկիս "բնակիչների" մասին նույնպես մի օր կպատմեմ։

Կասկադը իմ մանկության վկաներից մեկն է։ Հիշողությանս մեջ այն մնացել է որպես անցուղի՝ մորս ձեռքը բռնած, դեպի տատիկիս տուն, որը Իսահակյան փողոցի վրա էր, Երիտասարդական մետրոյի ուղիղ դիմացը։ Երբ Կասկադն իմ անցուղին էր՝ մորս ձեռքը բռնած, Երիտասարդական մետրոն դեռ չէր կառուցվել, երևի ավտոբուս էինք նստում կամ քայլում էինք մեր տնից մինչև Կասկադ, և ապա՝ Կասկադի պուրակի միջով՝ Տատայենց տուն։

Բարձրահասակ, ճաղատ մարդու մի տեսակ անդեմ, հարթաբաշ արձանի ներքևում ամեն անգամ պարտաճանաչ կարդում էի՝ վանկ առ վանկ՝ Ա-լեք-սան-դր Թա-ման-յան, և ամեն անգամ զարմանում, որ երկու վրիպակ են թույլ տվել՝ ազգանվան մեջ ու-ի փոխարեն ա-ն, և անունն էլ, չգիտես ինչու, Ալեքսանդր։ Արձանի պատվանդանի ներքևում փոքրիկ խոտիկներ կային կանաչ ու մի քանի ծաղիկ տեղ-տեղ՝ դեղին աչուկները կարճլիկ խոտերից ծիկրակող։ Միշտ ուզում էի պոկել, բայց մայրս շտապեցնում էր քայլերը և ես, բաց չթողնելով ձեռքը, վազում էի, որ հետ չընկնեմ։

Կասկադում, սակայն, ամենից ուշագրավն ինձ համար, ծառերն էին։ Դրանք մի տեսակ տարօրինակ, տձև, գաճաճ ծառեր էին, տափակած հովհարի պես գլուխներով ու մի տեսակ, կարծես, ջղաձգված լինեին հորիզոնական ուղղությամբ։ 4-5 տարեկան էի, երբ մի անգամ երազումս տեսա, որ երբ հերթական անգամ անցնում էի պուրակով, մորս ձեռքը բռնած, հանկարծ այդ ծառերը դանդաղ պոկվեցին արմատներից ու այդպես դանդաղ, հապաղումով, սկսեցին ճախրել դեպի վեր, իսկ շուրջը, ավելի ճիշտ օդում՝ տարօրինակ երաժշտություն էր՝ այդ դանդաղ ճախրին համահունչ, որը (երաժշտությունը), չգիտեմ ինչպես բացատրեմ՝ ․․․փոփոխվող գույներ ուներ՝ մուգի ինչ-որ երանգներ՝ օդում փշաքաղվող։ Այդ երազը ես երբեք չեմ մոռանում, իսկ Կասկադում ծառերն այդ, զարմանալիորեն, դեռ կանգնած են, ասես քարացած այն ճախրի մեջ․ ճախրի մեջ քարացած մանկությունս։


Ամռանը, երբ Երևանում էի, սփյուռքահայ բարեկամս խնդրեց օգնել բնակարան գնելու Երևանում։ Հարցին, թե որն է քաղաքի լավագույն մասը, ես առանց ափսոսալու "նվիրեցի" իմ մանկության Կասկադը։ Այստեղով ուրիշ ջերմային գոտի է բաբախում, ասացի։ Մի քանի օր շարունակ, հերթով մտնում էինք իմ երազ-երազանքի հին շենքերի վաճառքի դրված բնակարանները, որտեղ երբեմնի ամենախաղաղ, ամենաստեղծագործ ու ամենաանվրդով կյանքի շունչը դեռ մնացել էր պահված, չէր անհետացել։ Դա մի անպատմելի նոստալգիկ արբեցում էր՝ անցնել հնաոճ, բայց պատշաճ պահպանված պաստառներով ոչ մեծ սենյակներով, որոնց մի անկյունում ոչ թե ուղղակի դաշնամուր էր պարտադիր կանգնած, այլ իսկական ռոյալ, կողքը՝ անցյալ դարի համեստ որմնապահարան՝ իր ժամանակի թերևս լավագույն սպասքով, արանքներում՝ հին լուսանկարներ ինչ-որ, և ինչ-որ մեկի մեծ դիմանկարը՝ պատին, լարով հեռախոսի մաշված սեղանիկ՝ ասեղնագործ-սփռոցածածկ, հայկական նախշերով գորգ՝ փայտե կիսամաշ մանրահատակին, և հսկա մի ջահ առաստաղից կախված՝ տաք-նարնջագույն լուսատվող։ Ճիշտ իմ մանկության Կասկադի գույնի՝ տաք-նարնջագույն։
Հավերժությունն ասես լռվել-մնացել էր մի ամբողջ պատմաշրջան ապրած այդ բնակարանների խաղաղ պատերի ներսում, և այն ֆիզիկապես շոշափելի, աննկարագրելի ախորժելի հնաբույր ուներ՝ բարձր առաստաղից ու պատերից արտազատվող, կահույքի անկյուններում ծվարած, պատուհանների պինդ փակված փեղկերի մեջ սեղմված, կենտրոնում կանգնած մեծ ճաշասեղանի գործվածքե սփռոցի ծոպերից կախված, գրապահարաններում շարված դասականների մաշված հատորների մեջ զմռսված, և ամենուր, ուր աչք կնետեիր՝ ամեն մի փոքր ու մեծ առարկայում, մեկը մյուսից կենդանի, մեկը մյուսից ապրող․ Դարաշրջանի բույրը։

Այդ մի քանի օրում ես ակամա, ասես, մխրճվել էի իմ անծանոթ, բայց այնքան ծանոթ երևանցիների կենցաղի պատերից ներս, ուր երևույթ և աներևույթ լուռ վկաներն ավելի խոսուն են, քան իրենք՝ մարդիկ։
Այցելեցի մոտ երեսուն բնակարան․ նման հագեցած "ներխուժում" ժամանակի, մարդկանց, դարաշրջանի , անցյալի ու ներկայի մեջ, այդքան կարճ ժամանակում, դեռ չէի ունեցել։

Բարեկամ
15.02.2018, 03:01
Աղջիկս մի մտերիմ ընկերուհի ունի՝ Մաշան։
Մաշան ազգությամբ ուկրաինուհի է, բայց ծնվել է այստեղ։ Ծնողները բաժանվել են, երբ երեխան, որը միակն է, չորս տարեկան էր, որից անմիջապես հետո մայրն ամուսնացել է մի անգլոսաքսոն-հարավաֆրիկացու հետ, ունեցել են որդի, իսկ հայրն ապրում է ազգությամբ ռուս կամ ուկրաինուհի ինչ-որ գըրլֆրենդի հետ։
Շաբաթվա մի կեսը Մաշան ապրում էր հոր մոտ, մյուսը՝ մոր։ Ծնողներն ապրում են իրարից բավական հեռու գտնվող թաղամասերում, և Մաշան հաճախում էր հոր թաղամասում գտնվող դպրոցը, որտեղ և մտերմացել է աղջկաս հետ՝ լինելով համադասարանցի։

Մաշան սլացիկ կազմվածքով, հարթ ու երկար, մուգ դարչնագույն մազերով, սիրուն աղջիկ է, մոր ճիշտ պատճենը։ Հորը չեմ տեսել։ Համարձակ է ու ակտիվ, հաճախ՝ քմահաճ ու անհաշտ, երբեմն՝ հանդուգն, արգելակներն իր մոտ մի տեսակ ուրիշ ձև են աշխատում, եթե աշխատում են։ Աղջիկս բոլորովին իր տեսակի չի, և, ինչպես սովորաբար պատահում է, երևի հենց դա էլ պահպանում էր նրանց մտերմությունն արդեն քանի տարի։ Իսկ մտերիմներ Մաշան շատ չունի, ինչքան հասկացել եմ, և պատճառն իր անհաշտ բնավորությունն է, խանդը, դոմինանտությունն ու կենտրոնում գտնվելու պահանջը։ Եվ այնուհանդերձ, դպրոցում նա աստղ էր բավականաչափ, որին, սակայն, կարծես երբեք չէին գոհացնում շրջապատի ուշադրությունն ու հետաքրքրությունը։ Իսկ աստղ էր Մաշան ոչ միայն դպրոցում․ նա ձյուդոյի մանկապատանեկան մրցումների ոսկե մեդալակիր էր՝ բազմակի, ոչ միայն նահանգի, այլև երկրի մասշտաբով, և դրա շնորհը վերագրվում է Մաշայի հորը միայն՝ չկայացած ձյուդոիստին, որն իր երազանքներն ու ամբիցիաները ներդրել էր միակ աղջկա մեջ՝ հեռանկարում նույնիսկ ունենալով օլիմպիական բարձունքներ։ Թե որտեղից գիտե՞մ․ իր հետ ունեցածս հեռախոսային միակ զրույցից, երբ պայմանավորվում էինք Մաշայի՝ մեր տանը գիշերելու հետ կապված։

Ընդհանրապես ընկերուհիների՝ միմյանց տանը գիշերելը, կամ, տեղի լեզվով ասած, սլիպ-օվըրը, տարածված նորմա է այստեղ։ Նույնիսկ մեծ պայուսակներ եմ տեսել վաճառքի, վրան գրված՝ sleep-over bag: Ի տարբերություն մորը, Մաշայի հայրը, շաբաթվա այն օրերին, երբ աղջիկն իր հսկողության տակ էր, երբեք չէր թողնում աղջկան գիշերելու որևէ ընկերուհու տանը, ինչպես նաև ինքն էլ գիշերային հյուրեր չէր ընդունում։ Ինչու՞ միայն գիշերային․ Մաշայի հոր տուն ընկերուհիներն առհասարակ մուտք չունեին, և դա հայտնի փաստ էր։ Եվ չնայած դրան, Մաշան ավելի շատ սիրում էր հոր տանը մնալ, քան մոր։ Թե ինչու, հստակ չգիտեմ։ Ախր հայրը նաև ստիպում էր լրացուցիչ մաթեմատիկա անել տանը, և ինքն էլ պարապում էր հետը։
Ի դեպ, Մաշայի ծնողները, չնայած երկար տարիների ամուսնալուծությանը, ունեին բավական լարված, կարծես նույնիսկ թշնամական հարաբերություններ, որոնց, դուստրը, որ աչքաբաց էր ու ոչ հիմար, ականատես էր լինում շարունակաբար, և, ի մեծ զարմանս ինձ, նույնիսկ մի անգամ թաքուն, առանց ծնողներին տեղյակ պահելու, գնացել էր դպրոցի սոցիալ-հոգեբանական աջակցության խորհուրդ և հայտնել, որ ինքը հոգեբանական աջակցության կարիք ունի՝ ծնողների վեճերի պատճառով։

Դպրոցում Մաշան հաճախ էր հայտնվում անախորժությունների մեջ՝ անհնազանդության, ագրեսիվ վարքի համար․ ոտքով հարվածում էր զուգարանի դռանն այնպես, որ դուռն անդազան էր լինում, զանգը չտված լքում էր դասարանը և այլն։
Ուղիղ մեկ տարի առաջ, աղջկաս տարեդարձին, պետք է վերցնեի իր երկու ընկերուհիներին և տանեի կինո։ Վերցրել եմ մեկին, սպասում ենք Մաշային, որ մայրը պիտի հասցներ պայմանավորված տեղը։ Զանգում է մայրը, հեկեկում է հեռախոսի մեջ։ Մեքենա էր վարում ու հեկեկում։ Կներեք, ասում է, բայց ես հետ եմ տանում Մաշային տուն։ Ի՞նչ է պատահել, վախենում եմ ես։ Նա իրեն այնքան, այնքան վատ պահեց, այնպես կոպիտ է խոսում հետս, ես շատ ներողություն եմ խնդրում այս ամենի համար, բայց նա արժանի չէ, ես իրեն հետ եմ տանում տուն։ Տխրեցի շատ։ Ասացի, որ երբ ամեն ինչ հարթվի, թող թեկուզ ուշացումով բերի կինոթատրոն, ես կդիմավորեմ։ Բերեց ուշացումով․ Մաշան՝ ասես ոչինչ էլ չէր պատահել, մոր աչքերը՝ ուռած-կարմրած, ինքն էլ՝ սարսափելի անհարմար էր զգում։

Մի քանի ամիս առաջ Մաշայի մոր ամուսնուց՝ հարավաֆրիկացուց, տեքստային հաղորդագրություն եմ ստանում, թե դուք երևի չգիտեք, թե Մաշան ինչերով է անցել այս քանի ժամանակները։ Երևի աղջիկդ պատմած կլինի, ասում է, շատ ահավոր բան է եղել։ Տարակուսանքով նայում եմ աղջկաս։ Աղջիկս չի սիրում ուրիշների խնդիրներից պատմել։ Չէ, ասում եմ, տեղյակ չեմ։ Բա թե՝ Մաշայի հայրն այլևս իրավունք չունի Մաշային մոտենալ ավելի, քան 500 մետր։ Բիբերս լայնանում են՝ ինչու՞՞։ Երկար պատմություն է, ասում է, կինս ձեզ երևի հետո կպատմի։ Աղջկանիցս մի կերպ պոկում եմ մի քանի ոչ հստակ բան, որոնցից ինքն էլ, թերևս, կարգին տեղյակ չէր, քանի որ չի հետաքրքրվել, քիթը մտցնել չի սիրում։ Կարճ՝ Մաշան, ինչ-որ, հերթական անգամ կորցրել էր իր նոր սմարթ-ֆոնը, որը հայրն էր գնել, և հայրը դրա համար ապտակել էր, թե ասել էր՝ հենց երևա՝ ապտակելու է, մոտավորապես այդպիսի մի բան։ Մաշայի մայրը դիմել է դատարան, և հորը, չհասկացա՝ երկու, թե հինգ տարով, զրկել են աղջկա հետ որևէ ձևով առնչվելուց։ Քանի որ Մաշայի հայրը մեր տնից մի փողոց այն կողմ է ապրում, և Մաշան ու աղջիկս էլ ուզում էին հանդիպել՝ խաղալու, այդ առիթով էլ հայրացուն ուղարկեց ինձ այդ հաղորդագրությունը, թե՝ Մաշայի համար անվտանգ չէ մեր կողմերում երևալ, հայրը կարող է ոտնձգություն կատարել՝ աղջկան տեսնելու, ավելի լավ է՝ թող աղջիկս գա իրենց տուն։

Այդ օրվանից ի վեր Մաշան հորն այլևս չի հանդիպել։ Փոխեց դպրոցը։ Թողեց ձյուդոն։ Բայց աղջկաս հետ մտերմությունը չդադարեց։ Ամեն օր, բնականաբար, այլևս չեն հանդիպում, նույնիսկ ոչ ամեն շաբաթ, բայց գրմրում են իրար առատորեն․ Մաշան պատմում է, թե որքան դժգոհ է իր նոր դպրոցից, որ ընկերներ չունի, և թե ինչ ահավոր տպեր են իր նոր համադասարանցիները։ Երբեմն, շաբաթ-կիրակի, Մաշայի ծնողները գալիս, վերցնում են աղջկաս՝ նախաճաշի, տուն բերում երեկոյան, երբեմն տանում են սահադաշտ կամ ուրիշ զվարճությունների, երբեմն էլ՝ իրենց տանը գիշերելու։

Այս հելոուինի հետ կապված աղջիկս ու Մաշան հատուկ պլաններ ունեին։ Սովորաբար, իրենց հետաքրքրությունը հոլուինի հետ կապված այն է, թե ինչ կերպար մարմնավորեն, ինչ հետաքրքիր բան մոգոնեն։ Աղջիկս այս տարի ինձ անծանոթ մի կերպար էր ընտրել, որի անունը չեմ հիշում․ գորտ էր ինչ-որ, որը թեյ է խմում։ Շաբաթներ առաջ գնեց հանդերձանքի համար հումք՝ կանաչ շապիկ, կտորներ, որ ինքը կարեր, մազերին ցողելու կանաչ գույն ու էլի ինչ-որ բաներ։
Հելոուինից քանի օր առաջ, օրուգիշեր, խոսում-պայմանավորվում էին, թե ինչպես կազմակերպեն իրենց տնետուն այցերը, և, ի վերջո, որոշվեց, որ Մաշայի հայրացուն կվերցնի աղջկաս դպրոցից և կտանի իրենց թաղերը՝ թրիք-օր-թրիթի։ Հելոուինի նախօրյակին վերջնականապես պայմանավորվեցին, և աղջիկս մերժեց իր համադասարնցիների հրավերները՝ միանալու իրենց խմբերին։

Երեկ՝ հելոուինի օրն էր, Մաշայից՝ ոչ մի լուր։ Ոչ հաղորդագրություններին էր պատասխանում, ոչ զանգերին։ Աղջիկս տուն եկավ դպրոցից, սպասում էր։ Հաղորդագրություն ուղարկեցի Մաշայի մորը, թե ինչումն է բանը։ Մայրն ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ պայմանավորվածությունից, և որ իրենք այդ երեկո ընդհանրապես ուրիշ գործեր ունեն և պիտի ողջ ընտանիքով ինչ-որ տեղ գնան։ Եվ ներողություն էր խնդրում թյուրիմացության համար։ Աղջիկս ահավոր անտրամադիր էր։ Հագուստը կարել-կախել էր աթոռից, համոզեցի, որ հագնի, և մենք ուղղակի դուրս կգանք իր երկու փոքրիկ (2-4 տարեկան) զարմուհիների հետ։ Դա, իհարկե, իր պատկերացրած երեկոն չէր, բայց հնազանդվեց։ Դուրս գալուց առաջ, համենայնդեպս մի հատ էլ նայեց հեռախոսի մեջ, և մի պահ փայլատակեց ուղիղ եթերում օնլայն տեսագրություն՝ ինչ-որ ուրախ շաղակրատանքով։ Աղջիկս անմիջապես անջատեց։ Մաշա՞ն էր, զարմացա ես։ Գլխով արեց։ Քե՞զ ա ուղարկում։ Չէ, սնեպչաթում, բոլորին։ Թրիք-օր-թրիթի ա ուրիշների հե՞տ, սպասիր նայեմ։ Թույլ չտվեց, ոչ էլ ինքը նայեց։ I want to skip it, միայն ասաց։

Արդեն համարյա մթնշաղ էր, երբ դուրս եկանք։ Անցանք մի քանի տներով, տխուր-կանաչազգեստ, կանաչ վարսերը՝ կախ, ձեռքին՝ թեյի բաժակ, թեյի տոպրակիկը՝ միջից կախված։ Մթնում էր, ու շատերն արդեն փակել էին իրենց տան դռներն կոնֆետաորսի դուրս եկած այցելուների առաջ։ Հետդարձին, երբ արդեն լրիվ մութ էր, տեսանք Անջելինային՝ աղջկաս համադասարանցիներից մեկին, որը, զգեստավորված, վերադառնում էր իր հելոուինային շրջագայությունից, ինչ-որ խմբի հետ։ Անջելինան ուրախ ու բարձրագոռ ողջունեց աղջկաս, գրկախառնվեցին, և, տեսնելով մենակ, հարցրեց․ բա ու՞ր ա Մաշան։ Չեկավ, ասաց աղջիկս։ Օ՜հ, փոքրիկս, ծոր տվեց Անջելինան, ի՜նչ վատ եմ զգում ես քեզ համար․․․ Եվ երբ հեռանում էր, բացականչեց հետևից․ իսկ ես քեզ զգուշացրե՜լ էի։
Զգուշացրե՞լ էր, զարմացա ես։ Բոլորն էին զգուշացրել, ասաց աղջիկս, և ավելացրեց․ խնդրում եմ այդ մասին այլևս մի խոսիր, դա ինձ ստիպում է զգալ ավելի վատ՝ ասես իրոք շատ վատ բան է եղել։

Բարեկամ
08.03.2018, 03:08
Մոտ չորսուկես տարի առաջ, աղջկաս ծննդյան տարեդարձին (7 տարեկան էր դառնում այդ ժամանակ) նվիրեցինք մի զույգ թռչուն։ Հիմա լավ չեմ հիշում, թե ինչպես եկանք այդ թռչունները նվիրելու գաղափարին։ Երևի գաղափարները մի քանիսն էին, որոնք զուգորդվեցին և հանգեցրին նման որոշման։

Նախ և ամենաառաջինը, աղջիկս շատ է սիրում կենդանիներ։ Մի տեսակ անձնականացված սիրով։ Կենդանին իր համար հոգի է, որը աղջիկս տեսնում է և հասկանում։ Ես, օրինակ, չեմ հասկանում։ Բայց ամենից շատ շուն էր ուզում, քոթոթ, որը պահելու ոչ փորձ, ոչ պատրաստակամություն, ոչ ժամանակ, ոչ էլ պատասխանատվություն ունեինք ո՛չ ամուսինս, ո՛չ ես, այն էլ բնակարանում, այն էլ, երբ արթմնի օրվա 2/3-ը ոչ մեկս տանը չենք։ Այնպես որ, քոթոթի հարցը, որքան էլ որ աղջիկս ուզում էր ուժգին, երբեք չդրվեց քննարկման սեղանին։ Փոխարենը, հետևելով երեխաների զարգացման՝ ընդունված սոցիալ չափանիշներին, վաղուց էի մտմտում, թե տանը երևի թե պետք է որևէ կենդանի պահել, քանի դեռ աճող երեխա ունես․ այն նույն ծրագրով կամ տեսակետից, ինչ երեխաներին սպորտի կամ արվեստների տանելն է, հեծանիվ ու չմուշկներ գնելը, ծննդյան տարեդարձներ կազմակերպելը կամ վրաններով բնության գրկում գիշերելը։ Եվ հիմա, երեխայի ծննդյան 7-րդ տարեդարձին, իսկը հասունացել էր այդ հարցի կարգավորումը ևս, մնում էր միայն ընտրել, թե ինչ կենդանի կարող ենք մենք մեզ թույլ տալ։

Ամենահեշտը ձուկն էր, իհարկե, բայց տասնմեկամյա տղաս ասաց, որ ձուկը pet (ընտելակենդանի) համարելն անհեթեթություն է, քանի որ ձկան հիշողությունը մի քանի վայրկյան է ընդամենը։ Ծովախոզուկները, մկներն ու սողունները հա՛մ կեղտոտում են շատ, հա՛մ կենկրետ ինձ էսթետիկորեն չեն ձգում բոլորովին, այնպես որ, ընտրությունն, ի վերջո, կանգնելու էր թռչունների վրա․ ուրիշ էլ ի՞նչ։ Բացի այդ, թռչուն պահելու փորձ ես, կարելի է ասել, ունեի․ փոքր ժամանակ ինքս էլ ծննդյանս տարեդարձին մի զույգ փոքր թութակ /բաջի/ էի նվեր ստացել հորիցս, որոնք բավական երկար ապրեցին մեզ հետ։

Մնում էր որոշել, թե ինչ թռչուն գնենք։ Տղաս, որը մեր միջից ամենատեղեկացվածն էր, ասաց, որ լավագույնը lovebird կոչվող փոքր թութակներն են (անվանեմ նրանց սիրաթռչնակ, հայերեն իրական անվանումը չգիտեմ)․ ունեն մեծ թութակների ընդգծված անհատականությունը, գույնզգույն են և փոքր թռչունների մեջ ամենից շատն են հակված ընտելացման։ Հետո նայեց ինտերնետում ու ասաց, որ ամենասիրունը ծիրանագույն դեմքով (peachface) սիրաթռչնակներն են։
Եվ այդպես մենք, մի կիրակի, իսկ ավելի ճշգրիտ` 2012-ի նոյեմբերյան մի կիրակի, ուղևորվեցինք թռչնի շուկա՝ սիրաթռչնակ գնելու։

Շարունակելի

Բարեկամ
08.03.2018, 03:09
Թռչնի շուկան քաղաքի ծայրամասերից մեկում էր, որն այնքան էլ թռչնի շուկա չէ, որքան միրգ-բանջարեղենի․ մի մեծ, աղմկոտ տարածք, ուր հիմնականում միջինասիացի, տեղ-տեղ՝ չինացի վաճառականները խանութից քիչ ավելի էժան գներով հողի բարիքներից են վաճառում, հիմնականում արկղերով, և հաճախորդներն էլ հիմնականում միջինասիացիներ են, որ գնում են այդ բարիքներից մեծ քանակությամբ՝ կերակրելու իրենց բազմանդամ, հարուստ խոհանոցով և եռուզեռով եփող-թափող ընտանիքները։
Այս շուկան գործում է շաբաթ օրերին միայն, իսկ կիրակի համարյա ամբողջովին վեր է ածվում հագուստի, հուշանվերների ու հազարումի նման այլ ապրանքների տոնավաճառի, որից մի փոքր հատված հատկացված է կենդանիներին։

Թռչունների վաճառքը մի տաղավար է ընդամենը, որի տերը փնթի տեսքով ու հարբեցողի կարմիր, խոշոր քթով մի տղամարդ էր՝ 60-ի կողմերը, ծանրումեծ նստած իր ծալովի աթոռին, և մի տեսակ խորը /կարելի է կարծել՝ իմաստուն/ անտարբերությամբ հետևում էր շուրջն անցուդարձին։
Վանդակների մեջ 20-30 հատով լցված էին ամեն տեսակի թռչուններ՝ մեծ ու փոքր թութակներ, դեղձանիկներ, սիրաթռչնակներ և այլ գույնզգույն թռչուններ, որոնց անվանումներին ծանոթ չեմ։ Չէ բայց, մեծ թութակները լցված չէին, իհարկե․ նրանք ունենին իրենց պատվավոր, առանձին վանդակը, որոշները նույնիսկ ազատության մեջ էին՝ ծայրերը կտրած թևերով, թռչելու անունակ։
Երկար տնտղելուց հետո, սիրաթռչնակների վանդակի խառնամբոխի միջից ընտրեցինք երկու լրիվ միանման կանաչ թռչուն՝ էգ և արու, և բերեցինք տուն։ Էգը մի չնչին-աննշան մուգ էր ավելի, քան արուն, և այդպես կարող էինք տարբերել՝ քիչ երկար զննելուց հետո, մինչև որ հետագայում ի հայտ եկավ մեկ ուրիշ՝ ավելի ակնհայտ հատկանիշ, որի մասին կպատմեմ հաջորդիվ։

Ճանապարհին երեխաներս էգին անվանեցին Սոֆիա, արուին՝ Դանգլզ /քանի որ վերջինս, մինչև տուն հասնելը, մեկ ոտքի վրա կախված մնաց վանդակի առաստաղից/, բայց դիմել նրանց անուններով այդպես էլ չդարձավ սովորություն, քանի որ նրանց մասին անձնավորված խոսելն ընդհանրապես չմտավ մեր առօրյայի մեջ․ երեխաներս շատ արագ կորցրեցին հետաքրքրությունը, և թռչուններն այդ՝ իրենց վանդակով, դարձան տան դեկորատիվ պարագաներից մեկը։
Միակ "օգուտը" նրանցից վանդակը մաքրելու ամենօրյա անհրաժեշտությունն էր, կերուջուրը փոխելը և մեկ էլ սարսափելի բարձրալուր ու սուր ծլվլոցը, որի ձայնը լսվում էր դեռ շենք չմտած։ Ծլվլոցն այդ սաստկանում էր հատկապես երեկոյան, երբ փորձում էինք հեռուստացույց դիտել , և որքան ավելի էինք բարձրացնում հեռուստացույցի ձայնը, այնքան ավելի սուր էին ծվծվում թռչնակները, իսկ ամուսինս, հաճախ դուրս գալով համբերությունից, տանում էր նրանց խոհանոց ու ամուր փակում դուռը։ Եվ այնուամենայնիվ, ամեն անգամ, ամուսնուս թեթև ակնարկներին, թե ազատվել է պետք այս թռչուններից, երեխաներս, հատկապես աղջիկս, կտրուկ դեմ էին արտահայտվում, թեև այդպես էլ երբեք չզբաղվեցին թռչուններով՝ չհանեցին վանդակից, չխաղացին և կամ որևէ բանի չվարժեցրին այս՝ իբրև ամենավարժեցնելի թռչուններին բոլոր ընտանի թռչունների մեջ։

Երբ գնեցինք այս սիրաթռչնակներին, վաճառողն ասաց, որ չորս ամսական են։ Այդ տեղեկությունը հաստատ հավաստի համարել չեմ կարող, բայց մի քանի ամիս հետո, այս պահին չեմ հիշում ճշգրիտ, թե երբ, մի անգամ առավոտյան վանդակի մետաղյա ճաղապատ հատակին մի սպիտակ, սիրունիկ ձվիկ տեսանք ընկած։ Աղջիկս էր առաջինը նկատել ու մտածել էր, թե եղբայրն է պլաստիկ խաղալիք ձու գցել՝ կատակի համար։
Բայց ձուն իսկական էր, և ոչ մեկս չգիտեինք, թե ինչպես վարվել դրա հետ, ու թողեցինք այդպես։ Երեկոյան ձուն գտանք ջարդված։ Մի երկու օրից նույն տեղում նոր ձու հայտնվեց։ Այս անգամ զգուշորեն վերցրինք ձուն և դրեցինք կարտոնե մի տուփի մեջ, տուփն էլ՝ վանդակի։ Թռչունը սկսեց նստել ձվի վրա։ Հետո հայտնվեցին նոր ձվեր, չեմ հիշում՝ յոթ, թե ութ։ Ամեն օր քանոնով բոթում էի թուխս նստած թռչունին՝ տեսնելու նոր ձու հայտնվել է , թե ոչ։ Կարտոնե տուփն ամբողջովին կերան, դրան հաջորդող փայտե տուփը ևս մինչև կմախքը կրծեցին, միակ դիմացկունը, ինչպես հաստատվեց վերջում, սովորական պլաստիկ տուփն էր։

23-25 օր հետո դուրս եկան ձագուկներ։ Չեմ հիշում քանիսն էին․ չորս կամ հինգ։ Մինչև ձագերի դուրս գալն անհանգստանում էի, թե ինչպես եմ կերակրելու, խնամելու։ Նայեցի մի քանի վիդեո յութուբում, գնացի թռչունների խանութ։ Խանութում հանգստացրին, թե անհանգստանալ պետք չէ, մայրն ինքը կկերակրի․ եթե իհարկե ցանկություն չունեի ի սկզբանե կտրել ձագերին մորից և վարժեցնել ինձ։ Նման ո՛չ ցանկություն ունեի, ո՛չ ժամանակ, և ձագերի խնամքի հոգսը սիրով թողեցի ծնողների վրա։ Իսկ ծնողները օրուգիշեր, անդադար կերակրում-խնամում էին ձագերին, հավասարապես՝ և՛ հայրը, և՛ մայրը։ Հետաքրքիր էր, թե ինչպես էին մայրն ու հայրը, կտուցներն իրար հագցրած դռռացնելով-դողացնելով, աղում հատիկները, շիլա սարքում իրենց իսկ բերանի մեջ և կերակրում ձագերին։ Մյուս կողմից էլ մեկ ուրիշ հետաքրքիր զբաղմունք էին ձեռք բերել՝ բնավորման բնազդի վրա հիմնված, որն ի հայտ էր եկել դեռ առաջին ձուն գցելուց հետո․ հենց ազատ ժամանակ էին ունենում, անցնում էին վանդակի հատակին փռածս թղթերը կտրտելուն․ սղոցում էին երկար շերտեր, մի քանի հատով խրում իրենց հետևի փետուրների մեջ, պոչից քիչ վերև, այդպես տեղափոխում իրենց տուփիկի մեջ, ուր ձվերն էին, և փորձում էին փակցնել պլաստիկի սահող պատերին։ Ամուսնուս մեղքն եկան, և մի օր առավոյան պլաստիկ տուփի պատերը ներսի կողմից ամբողջովին պատեց երկկողմանի կպչուն, թափանցիկ ժապավենով։ Երեկոյան երբ վերադարձանք տուն, տուփի ներսն արդեն չէր երևում․ այն չորս բոլորը պատված էր կտրտված թղթիկների երկար շերտերով։

Այսպես մեծանում էին ձագերը՝ փետրավորվելով և գունավորվելով զանազան գույների՝ լիմոնագույն դեղին, կապտականաչավուն, մոխրագույն, դեղնականաչավուն, և մենք գաղափար չունեինք, թե ինչ ենք անելու թռչունների այսպիսի բազմության հետ հետո։

Շարունակելի

Բարեկամ
08.03.2018, 03:09
Ինչպես նշել էի նախկինում, մեր երկու սիրաթռչնակները լրիվ միանման էին՝ կանաչի շատ չնչին, աննկատելի մգության տարբերությամբ միայն, որը խորն ու երկար նայելուց հետո էր միայն զգացվում, այն էլ` ոչ բոլորի համար նկատելի։ Եվ, ինչպես նշել էի, հետագայում մի նոր հատկություն ի հայտ եկավ էգի մոտ, որի շնորհիվ տարբերելը, թե ով՝ ով է, դարձավ վայրկյանների հարց։ Իսկ այդ հատկությունն ի հայտ եկավ իր առաջին ձվի գիտակցումից հետո։

Էգը դարձավ սարսափելի կծան։ Սարսափելին այստեղ ձևաբանորեն չեմ օգտագործում․ տանը բոլորս լուրջ վախենում էինք թռչունին կես մետրից ավելի մոտենալուց, քանի որ նա ոչ թե տանելի չափով պարզապես կտցահարում էր մատդ, այլ, նշան բռնելով դեռ պատկառելի հեռավորությունից, հովազի ճարպկությամբ ու շան կատաղությամբ ցատկում էր վայրկենապես, կտուցով կառչում մատիցդ ու բաց չէր թողնում մինչև չքրքրեր, արյունլվա չաներ։ Ու դա, ասեմ, շատ ցավոտ էր․ մինչ կճչայիր ու ձեռքդ թափ տալով կփորձեիր ազատվել նրա սուր կտցից, թռչունը չէր հանձնվում և հարձակվում էր կրկին ու կրկին՝ արտասովոր անվախությամբ ու հաստատակամությամբ։ Սրա հետևանքով հասարակ մի կերաման փոխելը վերածվեց մարտական որոշակի պատրաստվածությամբ և ռազմավարությամբ գործողության, որը ձեռնարկել երեխաները չէին համարձակվում, իսկ մենք միշտ չէ, որ պսակում էինք հաղթանակով և առանց վիրավորների։ Վանդակի կողքի թռչնային պարագաների դարակի մեջ, փոխելու թղթերի կողքին, լրացնելու եկավ մի կարևոր գործիք՝ փայտյա քանոն, որն օգտագործում էինք որպես թուր և վահան միաժամանակ՝ մի ձեռքով խաչաձև թափահարումներով պաշտպանվելով թռչունից, մյուսով հնարավորինս արագ հանելով կերամանը վանդակից։ Թռչունն էլ, իր հերթին, դոնքիշոտյան անձնուրացությամբ կռիվ էր տալիս քանոնի հետ։ Եվ կերամանը հետ դնելն է՛լ ավելի դժվար էր, քանի որ քաղցած թռչունը չէր համբերում ուտելու ու հաջողացնում էր մի երկու լուրջ հարված հասցնել անպաշտպան մատիդ, մինչ արագ ցած կնետեիր կերամանն ու արագորեն կփակեիր վանդակի դուռը։

Էգին ճանաչելու համար, ի դեպ, բոլորովին պարտադիր չէ բացել վանդակի դուռը։ Բավական է մատդ մի-փոքր մոտեցնես վանդակի ճաղերին, և նա արդեն, կտուցն օդում կափկափելով, նետվում է ճանկելու այն։ Հայրը, չէ, խելոք մարդ է իր համար, զոռով էլ չես ստիպի վնաս տալ․ որ շատ հոգին հանես, կարող է ձևացնել, թե ինքն էլ կծել գիտի, բայց մի երկու ձևական շարժումից, այն էլ առանց դիպչելու, այն կողմ չի անցնում, և ի վերջո հեռանում, քաշվում է մի կողմ՝ ցույց տալով, որ հետդ գործ չի ուզում ունենալ և որ իրեն հանգիստ թողնեն։

Բայց՝ վերադառնանք ձագուկներին։

Ձագուկները, ծնողների օրուգիշեր անդադար խնամքի տակ, մեծացան, փետրավորվեցին և դարձան գեղեցիկ թռչուններ, ընդ որում, նրանցից ոչ մեկը չուներ ճիշտ ծնողների երանգավորումը, իսկ որոշները լրիվ տարբեր գույների էին, օրինակ՝ մաքուր դեղին կամ մաքուր կապույտ։ Երբ ձագուկներն արդեն ինքնուրույն կարողանում էին օգտվել կերամանից և նաև՝ արդեն թռչել գիտեին, մի նոր փորձանք ի հայտ եկավ․ մայրը սկսեց անխնա հալածել նրանց։ Անխնան այստեղ ևս ձևաբանորեն չեմ օգտագործում․ գործի դնելով իր սուր կտուցն ու անօրինակ ագրեսիան, մայր թռչունն ուղղակի բզկտում էր, չէր թողնում ոչ ուտեին, ոչ խմեին, ոչ էլ աչքին երևային։ Ընդ որում նրա այս անհանդուրժող վերաբերմունքը ոչ առանց խտրականության էր․ ձագուկներից որոշներին ձեռք չէր տալիս, բայց այ մեկի՝ կապույտի հետ, ուղղակի աչքով աչք չուներ, փետուրները շաղ էր տալիս օդում։ Խեղճը ստիպված էր լինում վանդակի մի անկյունում, ջրամանի տակ կուչ գալու ամբողջ ժամանակ և այդտեղ էլ քնելու, մինչ մյուսներն առոք-փառոք թառած էին փայտյա ձողին։ Կապույտի անունը դրեցինք Սինդի՝ Սինդըրելլայի /Մոխրոտիկի/ ճակատագրից բաժին ունենալու համար, և ահազանգեցինք շուրջբոլորը, թե ով է ուզում թռչուն, եկեք-տարեք, հուրի-փերի, ընտիր աղջիկ և այլն․․․

Ախ հա, մոռացա ասել։ Երբ ձագուկներն արդեն կազմավորված թռչուններ դարձան՝ 6-8 շաբաթական /young babies/, լցրեցի նրանց մի փոքրիկ կրիչ-վանդակի մեջ ու տարա քաղաքի ծայրամասի այն թռչունների շուկան, որպեսզի, հիշու՞մ եք, այն հարբեցողի քթով թռչնավաճառը որոշի նրանց սեռը․ վստահ էի, որ նրանից լավ ոչ ոք չի կարող /չհաշված, որ ուրիշ ոչ մեկի չգիտեի էլ :)/: Վերջինս, առանց երկար-բարակ ձևականությունների, ճանկեց թռչնին իր խոշոր ափի մեջ և մատը կոպիտ խցկելով խեղճի հետույքը, շոշափեց ինչ-որ բան, ու նետեց անտարբեր՝ աղջիկ է, հետո, բաց թողնելով Սինդիին, անցավ մյուսներին։ Մեր ենթադրությունը ճիշտ էր փաստորեն․ ախր իմ անզուգական զույգը նորից սկսել էր զուգավորվել, իսկ Սինդիի ներկայությունը, ավելի ճիշտ՝ գոյությունը, խիստ խանգարում էր էգին։ Մրցակից է տեսնում, բացատրեց թռչնավաճառը, պետք է հեռացնեք, թե չէ կսպանի։ Այդպես էլ ասաց՝ she will kill her.

Շուտով մեր ընկերներից մի ընտանիք արձագանքեց մեր գովազդին, և մի շաբաթ-կիրակի, թխվածքով ու սինիով /չեմ կատակում/ եկան մեր հարսնացուին ուզելու։
Սինդին, որը մոր ձեռն արդեն վեր էր ածվել ներվային ու վախեցած մի թռչնակի, տեղափոխվեց մեկ ուրիշ վանդակ, ընդ որում՝ շքեղ պայմաններով․ առանձին փայտյա տնակ ներսում, բազում զանգուլակ-խաղալիքներ, կաղնու փայտե ձող, վիտամիններով հարուստ հատուկ սնունդ, միրգ ու բանջարեղեն՝ դեսերտին, բաներ, որ նա իր օրում չէր տեսել։
Սակայն մանկության տրավման, ըստ երևույթին, հավանաբար երբեք չի վերանում իսպառ, քանի որ Սինդին այդպես էլ երբեք չհանդարտվեց և դարձավ մի ուրիշ տեսակի պատուհաս այդ՝ իրեն որդեգրած ընտանիքի համար, բառիս բուն իմաստով՝ գիշերվա մղձավանջ-երազ ընկերուհուս համար՝ սահմռկեցուցիչ տեսարաններով, ինչը, սակայն, մի ուրիշ պատմություն է, իսկ ես վերադառնամ իմ թռչուններին։

Շարունակելի

Բարեկամ
08.03.2018, 03:10
Սինդիի ամուսնությամբ, սակայն, մեր վանդակը չթեթևացավ, և ըստ իս, երկու դեկորատիվ թռչուն՝ մեր նախնական զույգը՝ զարդարելու մեր ընտանիքի զբաղ կյանքն ու հասարակական ստերեոտիպային պահանջները, ավելի, քան բավարար էին, և դրան եթե գումարենք նաև ծլվլաղմուկի եռակի ուժգնությունն ու վանդակը մաքրելու հաճախականության կրկնակի աճը, միանգամայն հասկանալի է դառնում, որ մնացած ձագուկներն այստեղ ևս անելիք չունեն։ Ու մայրն էլ, կարծես, ճիշտ նույն կարծիքին էր, քանի որ, Սինդիի հեռանալուց հետո, մյուսների հետ սկսեց յոլա չգնալ, տեղի կամ անտեղի բամփում էր, կռիվ-ղալմաղալ, ու քանի դեռ խեղճ ձագերի հոգեկանը չէր խեղվել, կրկին ճանապարհ ընկա թռչնի շուկա, ձեր և մեր արդեն վաղեմի բարեկամ թռչնավաճառի մոտ, քանի որ վերջինս անցած անգամ ակնարկել էր, թե կգնի ձագուկներին։ Կարելի էր իհարկե պահել ձագերից թարմ ու մատղաշ մի զույգ՝ ծնողների փոխարեն, որոնց հեշտ կլիներ վարժեցնելը, բայց դրա հավեսը ոչ ոք չուներ, ներառյալ աղջիկս, որը, թեև նվնվում էր, թե չի ուզում ձագերից զրկվել, բայց զբաղվողն էլ չէր, թե չէ մինչև հիմա կզբաղվեր։
Բացի այդ, մենք երևի մի քիչ պահպանողական ենք այդ հարցում․ հին բարեկամներից չենք հրաժարվում։

Թռչնավաճառն անձայն ընդունեց ձագերին՝ վճարելով տասական դոլար յուրաքանչյուրի համար, լցրեց, ես կասեի՝ թափեց նրանց մի մեծ ընդհանուր վանդակի մեջ, որտեղ մեր փափկասուն թռչնակները մի պահ շփոթվեցին մասսայի բազմազանությունից ու որակից, բայց մինչ կհասցնեին ուշքի գալ, մի տղամարդ իր դպրոցահասակ տղայի հետ մոտեցավ, վանդակի թռչնամբոխի միջից ընտրեց հենց մեր դեղինին, վճարեց տեղում 65 դոլար կանխիկ, և գոհ հեռացան։
Ես դեռ չէր հասցրել տեղավորել տասը դոլարը դրամապանակումս, երբ թռչնավաճառն արդեն ուներ 65-ը ձեռքում․ տնտեսական նման արագ շրջանառության դեռ ականատես չէի եղել։

Եթե կարծում եք, թե պատմությունը սրանով ավարտվեց, ճիշտ հակառակն է․ պատմությունը նոր միայն սկսվում է։

Շատ ժամանակ չանցած` երևի մի երկու շաբաթ, մեր սիրաթռչնակները նորից ձու ածեցին, կարծեմ մի վեց հատ, և մի երեք շաբաթից նորից ձագուկներ դուրս եկան։ Ոչ բոլորը՝ երեք, թե չորս հատ կարծեմ։ Այս անգամ կոնկրետ սպասող ունեինք, մի ուրիշ ընկերուհիս էր, որը հավեսի էր ընկել, ավելի ճիշտ՝ իր երեխաները․ նրանք էլ էին ուզում թռչուններ ունենալ, որ ձագուկներ են ունենում, ավելի ճիշտ` ուզում էին ականատես լինել ձագուկների ծննդին, պահել-փայփայել և այլն։ Այս անգամվա գույների մեջ մեկը նորից դեղին էր․ սա նշում եմ հատուկ, քանի որ արդեն հասցրել էի պարզել, որ դեղին սիրաթռչնակները, որոնց լուտինո են անվանում, հազվագյուտ են /նրանց գինն էլ մյուսներից ավելի թանկ է սովորաբար/։ Մեր կանաչ բարեկամներից գոնե մեկը, երջանիկ պատահականությամբ, ըստ երևույթին, իր մեջ կրում է ապուտատուց փոխանցված լուտինոյի գեն, որն այսպես անսպասելիորեն արտահայտվում էր երբեմն։

Ընկերուհիս ուզում էր էգ և արու, որ ձագ հանեին, և այս անգամ սեռը որոշելու համար շուկա հասնելու կարիք չեղավ, քանի որ ձագերից երկուսը՝ դեղինն ու կանաչավուն-երկնագույնը, մի-փոքր հասունանալուց հետո սկսեցին ինտենսիվ սեքսով զբաղվել, հենց ծնողների աչքի առաջ, գումարած՝ մոր շարունակական հալածանքները, և դրանց էլ հենց տարավ ընկերուհիս։

Շուտով եկավ առաջին աչքալուսանքը․ առաջին ձուն էր հայտնվել։ Հետո երկրորդը, հետո հաջորդը․․․ Զույգն արտասովոր բեղուն դուրս եկավ․ 12, թե 14 ձու, որի վրա պատրաստակամորեն նստել սկսեց դեղինը, իսկ երեխաներն անհամբեր սկսեցին սպասել ձագերի լույս աշխարհ գալուն։

Անցան շաբաթներ․ ձագուկներ դուրս չէին գալիս։ Երբ անցավ ավելի քան վեց շաբաթ, ժամկետից համարյա կրկնակի ավելի, ընկերուհիս խղճաց թռչունին, հանեց ձվերը, կոտրեց մեկը, սարսափելի հոտ էր, ու թափեց բոլորը։ Թռչունները, սակայն, շարունակում էին զուգավորվել, և նոր ձվեր հայտնվեցին, նորից տասից ավելի, և մայրը նորից թուխս նստեց։

Անցան շաբաթներ՝ ոչ մի ձագուկ։ Ընկերուհիս սկսեց կասկածել զուգընկերոջ պոտենցիայի կարողությանը, և որոշեց փոխել նրան։ Վերցրեց երկու թռչուններին էլ ու գնաց թռնչավաճառիս մոտ։
Վերադարձավ խիստ զարմացած ու զայրացած․ երկուսն էլ էգ էին․․․
Հիմա արդեն հասկանալի դարձավ նաև ձվերի նման մեծ քանակությունը․ կարդացինք ինտերնետում, որ մեկ սիրաթռչնակը 8 ձվից ավել չի կարող ածել։ Փաստորեն ածում էին երկուսն էլ!!!

"Էկեք ձեր փչացածներին տարեք", ծղրտած ընկերուհիս լսափողի մեջ, և ես, ամոթահար, հասա օգնության, ու նույն շուկայում փոխանակեցինք մեր բառիս բուն և "մյուս" իմաստներով երկնագույն անամոթին մի մոխրագույն, կարգին, քյարթ արուի հետ։


Շարունակելի

Բարեկամ
08.03.2018, 03:11
Այստեղ ես իմ թռչուններին թողնեմ մեր տանը և տեղափոխվեմ ընկերուհուս տուն, ուր մեր լիմոնագույն գեյ հարսիկը վերադարձավ իր նոր՝ քյարթ-մոխրագույն, արու ընկերոջ հետ։

Միանգամից ասեմ, որ քյարթն իսկույն հասկացավ, որ դիցուհու այս պալատում ինքը, մեղմ ասած, վելքըմ չէր։ Վելքըմը դեռ ոչինչ, բայց շուտով պարզվեց, որ նա ոչ միայն բառիս բուն իմաստով կանգնելու տեղ չուներ այդ արևի տակ /դիցուհին այնպես կատաղած էր կտցում-վայր գցում նրան, որ միակ ապահով տեղը ջրամանի տակն էր/, այլև խեղճ քյարթուն մատնվել էր կատարյալ սովի ու ծարավի․ յուրաքանչյուր փորձ գլուխը հանելու ջրամանի տակից դատապարտված էր նոր, ավելի թափով հարվածի։ "Հա, տեղ էլ քնում ա", մռայլ հաստատեց ընկերուհիս։
Մինչ ես ակնապիշ դիտում էի մատրիարխատի այդ սրտաճմլիկ տեսարանը, արուն կամացուկ սկսեց դուրս գալ ջրամանի տակից։ Դիցուհին զարմանալիորեն անտարբեր մնաց։ Արուն ավելի սիրտ առավ ու տեղափոխվեց ձողի վրա, դիցուհուց քիչ հեռու։ Դիցուհին ապշեցուցիչ հանգիստ էր։ Արուն մի-փոքր էլ քաջություն հավաքեց ու քիչ-քիչ, թաթերը քայլ-քայլ սահեցնելով, մոտեցավ նրան։ Դիցուհին ոչ միայն չդիմադրեց, այլև, ինչպես ինձ թվաց, որոշակի քնքշանք ցուցաբերեց, գլուխը մի-փոքր թեքելով արուի կողմը ու թեթևակի հպվելով վերջինիս կզակի դեռևս դողացող աղվամազին։ Ես ոգևորված ապշանքով նայեցի ընկերուհուս։ "Սպասիր, դեռ կտեսնես․․․", բերանի ծայրով ժպտաց ընկերուհիս, իսկ քյարթն ուրախությունից իրեն կորցրած կտուցով արդեն սկսել էր խլրտալ դիցուհու արևագույն փետուրների մեջ, երբ մի այնպիսի ուժեղ բամփոց կերավ ուղիղ գլխի մեջտեղում, որ աչքերի առջև փայլփլող աստղիկներն անգամ ես տեսա, ու մեկ էլ լսեցի, թե ինչպես ճղճղոցով իրեն գցեց հետ՝ իր ապաստարանը, ջրամանի տակ և այլևս դուրս չեկավ այդտեղից մինչև օրվա ավարտը՝ քնած, թե ուշաթափված, չգիտեմ։
Եվ այսպես, բոլորիս համար պարզ էր, որ ամրոցի տիրուհին ոչ մի կերպ չէր ներելու իր նրբադեղին սիրուհու բռնագաղթումը և փոխարինումը ինչ-որ մոխրագույն արուզանգվածով, իսկ ընկերուհուս երեխաները ձագուկներ տեսնելու հույսեր այլևս չպիտի փայփայեին, եթե մի օր երեխաների տատիկը չորոշեր թխվածք պատրաստել։ Խոհանոցը գտնվում էր միջանցքի անմիջական հարևանությամբ, ուր դրված էր թռչունների վանդակը։ Այդ շատ սովորական օրը, ընդ որում՝ ցերեկով, երբ դիցուհին սովորականի պես իր ձողի վրա առոք-փառոք թառած ննջում էր՝ լավ ճաշելուց հետո, իսկ մեր խեղճ քյարթը սովորականի նման կուչ էր եկել իր հարազատ ջրամանի տակ ու թաքուն հետևում էր, թե երբ է դիցուհու աչքը կպնելու, որ մի երկու կտուց կեր թռցնի կերամանից, տատիկը միացրեց միքսերը։ Այսպես միանգամից, առանց զգուշացնելու, առանց նախադեպի միքսերն իր դռռոցը պայթեցրեց սենյակում այնպես կտրուկ, ուժգին ու անսպասելի, որ մեր արուն, աչքերը պլշած, նույնքան կտրուկ, ուժգին ու անսպասելի, ինքն էլ չմանալով, թե ինչպես ու ինչու, ցատկեց ոչ պակաս շշկռված էգի վրա ու․․․ սկսեցին տենդագին զուգավորվել․․․

Այդ օրվանից հասարակական և սոցիալական կարգը վանդակում փոխվեց։ Դիցուհին շփոթմունքի մատնվեց յուր սեռական կողմնորոշման վերաբերյալ, իսկ արուն այլևս քաղցած չմնաց։
Թե ինչպես դասավորվեց նրանց համատեղ կյանքը՝ ավաղ․ ձագուկներ չծնվեցին։ Էգն ածում էր ու նստում ձվերի վրա, արուն պարտաճանաչորեն կատարում էր իր պարտականությունները, բայց ձագուկներ դուրս չէին գալիս․ երևի ինչ-որ բան արուի մոտ անդառնալի խեղվել էր ռեպրեսիայի ժամանակաշրջանում, ով գիտե։
Ընկերուհիս նորից գնաց շուկա և այս անգամ փոխեց երկուսին էլ։ Տուն բերեց մի նոր զույգ, որը, երկարատև չարչարանքից հետո, ի վերջո ծնեց մեն-մինուճար մի ձագուկ, որի մեծանալուց հետո ընկերուհիս երեքին էլ վտարեց սկեսուրի տուն, քանի որ որոշեցին, որ թռչունի խնամքով զբաղվելու զահլա ոչ ոք չուներ, այ շուն լիներ՝ ուրիշ բան․․․
Այդպես, մեզ հայտնի մասով, ավարտվեց մեր երկրորդ հարսի պատմությունը, իսկ մենք վերադառնանք իմ թռչուններին։

Թռչնազույգն իմ՝ Դենգլզն ու Սոֆիան, անխախտ պարբերականությամբ շարունակում էին վերարտադրել նորանոր ձագուկներ։ Ափսոս միայն, որ չէի գրանցում դրանց ծննդյան տվյալները։ Գիտեմ միայն, որ լույս աշխարհ եկած ձագուկների թիվն անցնում էր երեսունից ու շարունակվում։ Մինչդեռ մեկն ասաց ինձ, որ ինտերնետով կարդացել է՝ սիրաթռչնակները առավելագույնս երկու անգամ են ձագ հանում։ Իսկ ձագերի լույս աշխարհ գալու պարբերականությունն այսպիսին էր․ առաջին ձվից հետո յուրաքանչյուր հաջորդ ձուն ածում էր հաջորդ երկրորդ օրը։ Սկզբում ձվերի թիվը վեց-յոթ էր, երբեմն ութ, ապա աստիճանաբար պակասեց և ի վերջո կանգնեց չորսի վրա։ Ընդ որում, եթե սկզբնական շրջանում անկանոն քանակով ածած ձվերի երկու-երրորդն էր բեղուն, ապա վերջում, երբ կայուն չորս ձու էին ընդամենը ածում, ՕԳԳ-ն հարյուր տոկոս էր՝ բոլոր չորսից էլ ձագուկներ էին դուրս գալիս։ Ձուն հասունանում էր երեք-երեքուկես շաբաթում մոտավորապես, որից վեց շաբաթ հետո ձագուկներն արդեն ունակ էին ինքնուրույն շարժվել դեպի կերաման և օգտվել։ Դրանից մեկ-երկու շաբաթ հետո, երբ ձագուկներն ունակ էին թռչելու, սկսվում էր մոր հերթական դաժան հալածանքը, և ես պետք է շտապ հաճախորդ գտնեի փոքրիկների համար։

Ձագուկներ նվիրելու անշնորհակալ գործից հրաժարվելով՝ սկսեցի օնլայն վաճառքի հայտարարություններ տալ՝ շուկայականից ցածր գներով։ Կարևորը՝ որքան հնարավոր է շուտ տանեին-ազատագրեին խեղճ թռչնակներին, քանի որ հետևանքները գնալով անկառավարելի էին դառնում։
Օրինակ, մի անգամ երեկոյան, երբ տուն վերադարձանք, վանդակի հատակին արյան փոքրիկ լճակ էր, իսկ ձագուկի ոտքն ամբողջովին բզկտված էր։ Մի ուրիշ անգամ մի արտասովոր գեղեցկության սիրաթռչնակ էր ծնվել․ ստուգեցի ինտերնետում, այդպիսի գույն չգտա ոչ մի տեղ։ Մի տեսակ երկնակաթնագույն սպիտակ էր՝ ասես եթերային նորահարս, իսկ թևերի ու պոչի ծայրերը նուրբ մանուշակագույն երանգ ունեին։ Թռչունն իսկապես արտակարգ գեղեցիկ էր, և ոչ միայն գույներով․ մռութիկը, աչք-ունքը ընդգծված կանացիություն ունեին, և դա, ըստ երևույթին, չէր վրիպել նաև մոր աչքից, քանի որ այս մեկին առանձնահատուկ մոլեգնությամբ էր հոշոտում։ Գեղեցկուհու գինը մի-փոքր ավելի բարձր էի դրել, քան մյուսներինը, քանի որ իրավամբ այն ուրիշ ռանգի էր, և պահում-փայփայում էի նրան ինչ-որ մի ապագա երջանիկ տիրոջ համար, երբ մի օր, տուն վերադարձիս, գտա նրան անճանաչելիորեն այլանդակված․ դեմքն ամբողջովին դեռևս թարմ-արնահոս վերքերի մեջ էր, թևը չէր կարողանում բացել՝ մի մեծ վերքային խոռոչ էլ դրա վրա էր։ Չեք պատկերացնի, թե ինչ ցավ ու ափսոսանք ապրեցի․ ցավ՝ ցավի դիմաց, ափսոսանք՝ պղծված, ոտնատակ տված գեղեցկության համար։ Սարսափելի էր թռչնակին նայելը․․․ Ամուսինս վերցրեց նրան և մեկ ուրիշ մնացած, հասարակ գույների մի ձագուկի հետ միասին տարավ թռչունների շուկա՝ հնարավորինս շուտ փրկելու "մնացորդները" մոր անխնա ցասումիս։ Հասարակ գույնի թռչունի համար թռչնավաճառը տվեց իր ավանդական տասը դոլարը, իսկ խեղված երբեմնի գեղեցկուհուն վերցրեց որպես բարի կամքի դրսևորում, անվճար։
Մինչդեռ մայր թռչունը նստում էր արդեն իր հաջորդ ձվակույտի վրա․․․


Շարունակելի

Բարեկամ
09.03.2018, 09:36
Ի դեպ՝ թուխս նստելու մասին։
Առանց երբևէ մտածած լինելու, որ դա հավանաբար որոշակի պայմաններով և պահանջներով գործընթաց է, մենք, ինչպես ձագահանության ու խնամքի հետ կապված բոլոր հարցերը, դա էլ թողել էինք ծնողների կամ կամայականության հույսին՝ թե երկուսն էլ դրանից ավելի լավ գլուխ կհանեին։

Սկզբում թռչունին հատկացրեցինք սովորական կարտոնե մի տուփ, որը մի օրում լրիվ կրծեցին-կերան, ապա փոխարինեցինք թռչունների խանութից գնված հատուկ փայտյա տնակով, որն էլ մի երկու ամսից դարձավ կիսակրծած ավերակ՝ չհաշված միջի սարսափելի գարշահոտը, քանի որ փայտը ձագուկների արտաթորանքից փտում էր ու դառնում անմաքրելի։ Ապա համարեցինք, որ լավագույն լուծումը սովորական, թափանցիկ պլաստիկ տուփն է՝ հա՛մ հեշտ մաքրելի է, հա՛մ էլ կարողանում էինք տեսնել, թե մեջն է ինչ է կատարվում։ Թռչունը, ճարն ինչ, սկսեց ածել պլաստիկի հարթ ու սառը հատակին ու հենց տեղում էլ թուխս նստել, և կարծես ոչինչ՝ ձագուկները ժամանակին դուրս եկան, սակայն երբ արդեն հասունացել էին և փորձում էին ինքնուրույն դուրս գալ տուփից ու քայլել դեպի կերամանը, նկատեցինք, որ նրանց բոլորի ոտքերը մի տեսակ տարօրինակ էին․ դեպի տարբեր կողմեր չռված էին բութ անկյունով։ Թռչնակները պարզապես չէին կարողանում ոտքի վրա կանգնել, հորիզոնական շպագատ էին իջնում ամեն փորձից ու մնում այդ դիրքում մինչև մայրն օգնում էր հետ տեղափոխվել տուփի մեջ։ Ես կարծես գլխի էի ընկել, թե ինչից դա կարող էր լինել․ քանի որ մայր թռչունը, ձագերի դուրս գալուց հետո, դեռ երկար ժամանակ շարունակում էր նստած մնալ նրանց վրա՝ կերակրելով հանդերձ, հավանաբար տաք պահելու համար մինչև լիարժեք փետրավորումը, և ձագուկներն էլ միմյանց գլխի են կուտակված բնականաբար՝ վրայից էլ մամայի տուտուզիկը, ապա այդ ողջ ճնշման հետևանքով, քանի որ մեր տրամադրած պլաստիկի հատակն էլ հարթ էր ու սղլիկ՝ ինչպես սահադաշտ, ձագուկների թաթիկները, ըստ երևույթին, չռվում-մնում էին՝ աստիճանաբար դեֆորմացվելով։

Գուգլեցինք, թե ինչ կարելի է անել։ Պարզվեց՝ փրկություն կար․ պետք էր հատուկ գիպսե հենակ պատրաստել թռչունի համար, ոտքերը դնել դրանց մեջ, և օրեր, գուցե ամիսներ հատուկ խնամել՝ պարբերաբար փոխելով գիպսի ձևը, մինչև որ ոտքերը որոշ չափով ուղղվեին։

Նման բնույթի թռչնաթերապիայի մեջ ներգրավվելու փոխարեն, ամուսինս վերցրեց վանդակը ու բոլոր՝ չորս, թե հինգ ձագերին տարավ այս անգամ ոչ թե թռչնաշուկա, այլ թռչունների ցիվիլ, քաղաքային խանութ։
Խանութի մենեջերը հրաժարվեց թռչուններին նույնիսկ անվճար վերցնելուց և լավագույնը, որ կարող էր առաջարկել՝ սրսկելն էր, որպեսզի հանգիստ ննջեն հավիտենական քնով։ Ամուսինս հետ առավ վանդակը՝ դեպի տուն, երբ հանկարծ նկատեց մոտ ինը տարեկան մի աղջնակի, որ կանգնել ու լուրջ նայում էր թռչուններին։ Ուզու՞մ ես նվիրեմ քեզ․ հարցրեց ամուսինս։ Աղջիկը գլխով արեց։ Բայց նայիր, իրենց ոտքերը վնասված են, չեն կարողանում կանգնել։ Աղջիկը դա արդեն տեսել էր։ Ես կվերցնեմ, ասաց։ Հետո ավելացրեց՝ կարելի՞ է մամայիս հարցնեմ, ու վազեց դեպի մայրը։ Մինչ ամուսինս մորը բացատրում էր խնդիրը, աղջնակը գրկել էր ձագուկներին ու շոյում էր մեղմ։ Շատ է սիրում կենդանիներ, ասաց մայրը, մենք տանը շուն ունենք, կրիա, նույնիսկ օձ, բայց թռչուն դեռ չունեինք։
Խանութում մի կարտոնե տուփ գտան, տեղափոխեցին ձագուկներին մեջը և երբ դուրս էին գալիս խանութից, մենեջերը դիմեց աղջկան․ բայց տես, դու դրանք այս խանութից չես գնել․ եթե ուզենաս վերադարձնել, մենք չենք վերցնելու։ Աղջնակը համարյա չլսեց, քանի որ խիստ զբաղված էր իր թռչնակներով։

Եվ ևս մի ի դեպ։ Այն հանգամանքը, որ մայրը շարունակում էր նստած մնալ ձագերի վրա դրանց դուրս գալուց հետո էլ դեռ ահագին ժամանակ, մեզ ստիպեց ականատես լինելու գոյատևման պայքարի բնական օրենքին։ Երբեմն որոշ ձագերի դուրս գալու ժամանակային տարբերությունը բավական մեծ էր լինում, այսինքն, մեկը՝ դեռ նոր ձվի կճեպը գլխին տկլոր ճստիկ, իսկ մյուսն արդեն փռչոտած ու համեմատաբար աժդահա ձագուկ էր, և կերակրվելու ժամանակ աժդահան ավելի հաճախ էր հաջողացնում իր կտուցը դեմ տալ մոր կտուցին, մինչդեռ ճստիկը շատ անգամ չէր էլ կարողանում գլուխը դուրս հանել եղբայրների ու քույրերի խլվլացող թչնակույտ միջից։ Արդյունքում ճստիկը թուլանում էր, և եթե մայրը հատուկ հոգ չտաներ նրան պեղելու-գտնելու քաղցած ձագերի խաժամուժի մեջ, խեղճն այդպես էլ սովի բաժին էր դառնալու։ Եվ այդպես էլ պատահեց մի քանի անգամ։ Մայրը կա՛մ իսկապես էլ չէր նկատում, թե ում է կերակրում և կերակրում էր կտուցն առաջինը դեմ տվողներին, կա՛մ էլ գիտեր, որ փոքրիկը, միևնույն է, չի ապրելու, և ուժ ու եռանդ չէր վատնում նրա վրա։ Այդպես մենք կորցրինք երկու, թե երեք նորածին։

Ինչ վերաբերում է մնացած՝ թվով երեսունհինգ ձագուկներին (ոտքերի այդ դեպքից հետո մենք գոգավոր փայտյա տախտակ դրեցինք պլաստիկի հատակին և այդպիսի խնդիր այլևս չունեցանք), նրանք հեռանում էին, ով՝ իր ճանապարհով, իսկ մեր զարմանահրաշ զույգը մնում էր մեզ հետ՝ իր բարձրալուր ծլվլոցով լցնելով ոչ միայն մեր բնակարանը, այլև ողջ շենքը, և բակը, և փողոցը, և մի քիչ էլ կողքի փողոցներից։ Եվ եթե նրանց՝ մեր տանը հայտնվելու առաջին օրերին ամուսինս սրտանց խղճում էր՝ համարելով անփոփոխ վանդակային կեցությունը միօրինակ ու ձանձրալի, ապա այժմ այդ անխոնջ թռչունները քի․․ կտուց սրբելու ժամանակ չունեին՝ կա՛մ զուգավորվում էին՝ օրը մի քանի անգամ, կա՛մ թուղթ էին կտրտում երևակայական բնի համար՝ ապագա ձագուկների հեռանկարով, կա՛մ ձու էին ածում, կա՛մ թուխս նստում, կա՛մ կերակրում էին, կա՛մ հալածում, և նորից՝ զուգավորվում էին, կտրտում էին ու այդպես շարունակ՝ միևնույն ցիկլը, առանց հոգնելու։

Մի քիչ էլ՝ ճանապարհների մասին, որ տանում էին մեր ձագուկներին․․․


Շարունակելի

Բարեկամ
10.03.2018, 18:24
Ճանապարհները, որ բերում էին մեր տուն՝ մեր թռչնակների հետևից, սկիզբ էին առնում համացանցից՝ արձագանքելով վաճառքի օնլայն հայտարարություններիս։ Սիրաթռչնակներ ուզում էին ունենալ ամենատարբեր բնույթի մարդիկ․ փըրսինգապատ անորոշ սեռի ջահելներից մինչև բարեպաշտ տիրացուները։ Բայց ամենից բարդը սովորական, միջին վիճակագրական քաղաքացիներն էին։ Այդպիսի մի միջին վիճակագրական տղամարդ մի անգամ խլեց ինձնից մի քանի օր և ժամ, մինչև որ վերջապես կարողացավ ընտրություն կատարել։ Սկզբում եկավ մենակ ու մի կես ժամ հերթով գրկեց բոլոր ձագուկներին՝ հասկանալու համար, թե որն է իրենը (կամ թե՝ որինն է ինքը)։ Հաջորդ օրը եկավ կնոջ հետ, որը նմանապես բոլոր ձագուկներին հերթով փռեց իր փառահեղ դոշին՝ փորձելով հնարավորինս կենտրոնացնել իր մարմնի էներգիան՝ զգալու, թե որ ձագուկն է այդ էներգիայի մեջ իրեն ամենից հարմարավետն զգում։ Երկար-բարակ, տանջալից մտորումներից հետո Երկու իրեն ավելի դուր եկած թեկնածուներից՝ դեղինից ու կանաչից, ընտրեց վերջապես դեղինին և հեռացավ ամուսնու հետ, որն այդ էներգիայի կենտրոնացաման մոտ քառասուն րոպեների ընթացքում հասցրել էր կոխրճել և կոտրել հատակին դրված մեր երկարացման լարը՝ առանց նույնիսկ ներողություն խնդրելու։ Հաջորդ օրն ամուսինը կրկին եկավ, բայց ոչ թե լարի համար ներողություն խնդրելու, այլ դեղին թռչնակին փոխելու կանաչի հետ, քանի որ կնոջը գիշերը թվացել էր, թե կանաչի բիոդաշտն, այնուամենայնիվ, իրենի հետ ավելի ներդաշնակ է։ Բարեբախտաբար, դա նրանց վերջին այցելությունն էր։
Մի ուրիշ անգամ էլ միջին վիճակագրական մի կին զանգահարեց ու հարցրեց, թե արդյոք վարժեցված են ձագուկները։ Այդ հարցն, ի դեպ, շատերն էին տալիս։ Ասացի, որ ձագուկները դաստիարակության առումով, ճիշտն ասած, ինքնուս են, բայց սիրաթռչնակներն ինքնին դյուրավարժ կենդանիներ են, ու հատկապես ձագուկի դեպքում ինքը խնդիր չի ունենա։ Կինն ասաց՝ լավ, բայց եթե անդաստիարակ դուրս եկավ, հետ է բերելու։ Ասացի՝ ներողություն, ոչ։ Ու ավելացրի /այդ մասն ինձնից հնարելով/՝ թռչունների վարժեցվածությունը կախված է ոչ թե թռչնի բնույթից, այլ վարժեցնողի․ շատ անգամ թռչուններն ուղղակի չեն հաշտվում տվյալ վարժեցնողի բնավորության հետ և ըմբոստանում են։ Կինն անջատեց հեռախոսը, բայց հաջորդ օրը նորից զանգահարեց՝ թե գալիս է թռչնակի հետևից։ Թռչնակիս տարավ մեր փոքրիկ կրիչ-վանդակով, խոստացավ վերադարձնել։ Մի քանի օրից եկավ՝ վերադարձնելու։ Թռչնակն իր մեքենայի մեջ նստած էր, վարորդի կողքի նստատեղին, առանց որևէ վանդակի, նստագոտին էլ չգցած։ Աչքերս պլշած նայում էի, ասաց՝ թևերի ծայրերը կտրել եմ։ Հետո ավելացրեց՝ մի քիչ նամռոտ խասյաթ ունի, բայց մենք աստիճանաբար իրար հասկանում ենք։
Մի անգամ էլ մի կարճահասակ, գնդլիկ տղամարդ էր եկել՝ անորոշ ազգության։ Թռչնաբույծ եմ՝ ասաց։ Նշածս գնի՝ քաառասուն դոլարի փոխարեն թողեց հիսունը և "սոու չիպ, սոու չիպ" ասելով դուրս եկավ՝ հագնելով շեմքի մոտ նախապես հանած կոշիկները։ Դռան կրնկի վրա մեկ էլ կանգ առավ ու քթի տակ ասելով՝ իրո՞ք քսանութ հատ ձագ են հանել, ես մի հատ էլ պիտի տեսնեմ էդ զարմանահրաշ զույգը, արագ-արագ հանեց նորից կոշիկները և ուղևորվեց դեպի վանդակը՝ բոլոր կողմերից տնտղելու զույգին, ապա գլուխն օրորելով հեռացավ։

Այսքանով ավարտելով այս անվերջանալի թվացող պատմությանս նախաբանը՝ անցնեմ վերջապես բուն պատմությանը։

Շարունակելի

Բարեկամ
14.03.2018, 04:53
Դա տեղի ունեցավ անցած ապրիլին, կամ մայիսն էր։
Մի քանի շաբաթ անց, երբ զգացմունքներս քիչ սպիացան, և ի վիճակի էի պատմելու, որոշեցի, որ մինչև բուն պատմությանն անցնելն արժեր մի-փոքր ներածություն տալ։ "Մի-փոքր" ներածությունս փաստորեն ձգվեց այսպես համարյա մի տարի, ու հիմա նոր վերջապես հասա բուն պատմությանս օրվան։

Այդ օրերին սիրաթռչնակներիս վանդակը համալրվել էր ձագուկների հերթական քառյակով։ Երեքն արագ վաճառվեցին, մնացել էր մեկը, որի հաճախորդն ուշանում էր, մոր հալածանքը սակայն՝ չէր նվազում, բայց ես, ինչպես առաջներում էր, հավատացած էի, որ բան չմնաց, շուտով այս փոքրիկն էլ իր նոր տունը կգտնի։ Փոքրիկ ասելով, ի դեպ, միայն տարիքը նկատի ունեմ՝ հազիվ երկու ամսական, որովհետև արտաքինից նորմալ, հասուն թռչնակ էր, գույնն էլ՝ կապույտ, նմանապես և անունը՝ Բլու (աղջիկս բոլոր ձագուկներին միշտ անվանակոչում էր՝ անկախ, թե ինչքան երկար էին մնում մեզ մոտ), և միակ տարբերող ձագուկային հատկանիշը կտուցի վրայի մուգ հետքն էր, որ տարիքի հետ աստիճանաբար անհետանում է։

Մի առավոտ, երբ արթնացանք, Բլուին գտանք տարօրինակ։ Մի անկյունում կուչ էր եկել, աչքերը կիսախուփ, ինքն էլ՝ մի տեսակ իներտ, անշարժունակ։ Երբ ձեռքս մտցրեցի վանդակի մեջ, թռչնակը, ինչպես սովորաբար էր անում, չփախավ՝ ճաղեճաղ խփվելով, ընդամենը թույլ փորձ կատարեց փախչելու։ Վերցրեցի ձեռքերիս մեջ, գլխի մասում կարծեմ թեթև վնասվածք նկատեցի։ Բայց ոչինչ այնպես սարսափելի արյունլվիկ չէր, ինչպես նախկինում պատահել էր իր քույր-եղբայրներից մի երկուսին, թեև անվտանգ ելքով բարեբախտաբար։
Մտածեցի՝ երևի քաղցած է մնացել թռչնակը, թուլացել, քանի որ մայրն ագրեսիվանում էր հատկապես, երբ ձագերն ուզում էին կերամանից օգտվել։
Մի կարգին բարկացա մոր վրա, և Բլուին տեղափոխեցի մեր փոքրիկ կրիչ-վանդակի մեջ՝ իր կերամանով ու ջրով։ Թռչնակը մի երկու կտուց թույլ կտտացրեց ամանի մեջ ու հոգնած փակեց աչքերը։ Հետո կուտի, կվերականգնի ուժերը, մտածեցի ես, և քանի որ բոլորս էլ շտապում էինք տնից դուրս գալու՝ աշխատանքի և դպրոց, թողեցինք Բլուին այդպես, կարևորը՝ առանձին ու ապահով։
Ժամը չորսին աղջիկս, որ նոր էր վերադարձել տուն, զանգահարում է, ու՝ մաաա՛մ, լսում եմ տագնապահար ձայնը հեռախոսի մեջ, մա՛մ, Բլուն չի շարժվում․․․ Սիրտս կանգ է առնում։ Աչքերը փա՞կ են։ Հա։ Կարող ա քնած ա, մի մատիտ վերցրու, բրդի։ Մինչ աղջիկս, բարձրաձայն լացելով, մատիտ էր վերցնում ու բրդում ու արցունքների հետ գլորվում էին բառերը՝ դեռ չի շարժվուուու՜մ, բրդում եմ, չի շարժվուու՜մ, տղաս վերադարձավ դպրոցից, ստուգեց ու հաստատեց․ Բլուն կենդանի չէր։

Երեկոյան, երբ վերադարձա տուն, չկարողացա մոտենալ վանդակին, ի վիճակի չէի տեսնել թռչունին անշարժ։ Մեղքի ու խղճի նման ուժգին խայթ երբևէ չէի ունեցել, սիրտս անմխիթար մղկտում էր։ Բլուն կապրեր, եթե ես ժամանակին տեղափոխեի նրան առանձին վանդակի մեջ, չանտեսեի մոր հալածանքները՝ հույս ունենալով, որ ոչինչ չի պատահի։ Չէ՞ որ ծերունի թռչնավաճառը դեռ առաջին ձագուկների ժամանակ զգուշացրել էր՝ she will kill them։ Բայց լուրջ չէի ընդունել, ախր հետագա 37 ձագուկները դիմացան ու ապրեցին, որքան էլ որ բմբլաշաղ ճղճղոց էր տիրում վանդակի մեջ մինչ նրանց հեռանալը։

Մութ, ուշ երեկո էր, երբ վերցրինք Բլուին ու տարանք մոտակա պուրակը։ Ես դեռ չէի կարողանում նայել թռչունի անկենդան մարմնին, տանում էր աղջիկս։ Մի ծառի տակ տղաս փորեց հողը և թռչունին գցեց փոսի մեջ։ Աղջիկս ձեռքերով նուրբ ուղղեց թռչունին՝ ասես հարմար դիրքի, և խնամքով ծածկեց նրան փափուկ հողով, որը կուլ էր տալիս այտերից գլորվող արցունքները։ Հետո մի քար գտավ, վրան գրեց՝ "Բլու․ հանգչիր խաղաղությամբ․ ամսաթիվ", և ծածկեց նրանով Բլուի վերջին կացարանը։
Առավոտյան այցելեց Բլուին, արևի լույսով։ Հետո քայլում էր դպրոց, դեմքին՝ աննկարագրելի տխրություն՝ ամփոփ, անհաղորդ։

Ես ինձ մինչև հիմա չեմ ներել։


Շարունակելի /հետգրությամբ/

Բարեկամ
14.03.2018, 16:23
Առանց մազաչափ անգամ ուրանալու սեփական մեղքիս բաժինը, ներսս, այնուամենայնիվ, շփոթմունք էր։ Բարկություն էի զգում մայր թռչնի հանդեպ, մինչդեռ ամուսինս ավելի ռացիոնալ էր դատում․ թռչունը հո չի՞ հասկանում։
Բայց ես մտածում էի․ չէ՞ որ գիտի իր հարվածի նպատակն ու հետևանքը՝ ոչնչացնել, հապա էլ ինչպե՞ս չի հասկանում։ Բայց կենդանիների մոտ կարծես ամեն ինչ ավելի պարզ է․ նրանց կենսաշրջապտույտում չար ու բարի բնորոշումներ չկան, և համապատասխանաբար՝ չկան պատիժ ու պարգևատրում։ Մի կենդանին ուտում է մյուսին, որն էլ իր հերթին ուտում է մի ուրիշին, և այդպես շարունակ, կամ՝ գոյատևելու պայքարում մեկը ոչնչացնում է մյուսին և այդ նույն պայքարում օգնում է մյուսին, ընդ որում այդ "մյուսը" երկու դեպքում էլ կարող է լինել միևնույն էակը, ինչպես իմ թռչունների մոտ էր․ ձագուկի՝ ապրելու համար պայքարում մայրն օգնում է նրան՝ կերակրում, բայց հետագա ձագերի գոյության իրավունքի համար ոչնչացնում է այն առաջին ձագին, որը, բնության օրենքին հակառակ, հասունանալուց հետո դեռ շարունակում էր մնալ նույն տարածքում, ուր մայրն էր։
Այլ կերպ ասած՝ բարին բնության օրենքներին ենթարկվելն է գուցե, և չենթարկվողը ոչ թե չար է, այլ պարզապես զիջում է բարուն՝ իր գոյության չեղարկմամբ, որքան էլ որ դա ցավալի է երևում մեզ ։
Իրավունք ունեի՞ ես չարացած մնալ մայր թռչունի հանդեպ, մեղադրել նրան սպանության մեջ, ու զարմանալ, որ շարունակում է իր համար հանգիստ ապրել, քնել, ուտել, ծլվլալ՝ ասես ոչինչ։ Իրավունք չունեի, որովհետև կենդանուն հատուկ չէ խի՞ղճը, թե՞ որովհետև դա իր գոյության ձևի՝ հետագա ձագատվության պաշտպանության բնազդային վարքագիծն էր։
Եվ ինչի՞ համար ենք վերջապես ցավում։ Կորստի՞, թե՞ դրա պատճառը լինելու համար։ Այսինքն ցավը, որ ապրում ենք, դա էլ մե՛ր գոյության ձևի՝ հանգիստ խղճով ապրելու պաշտպանության մեր բնազդային վարքագիծն է։
Այլ կերպ ասած՝ ինչ որ լինում է՝ չարժե դատել, արժե՝ սովորել։


Հետգրություն

Երեքուկես ամիս առաջ, մի կիրակի վանդակն էի մաքրում, որոշեցի մեր զույգ սիրաթռչնակներին, որ մենակ էին արդեն մի քանի ամիս, բաց թողնել սենյակի մեջ՝ թռչելու։ Երբեմն անում ենք այդպես, թռչուն են վերջապես, պահանջ կունենան։
Առաջին անգամ այս հինգ տարվա մեջ, ի վերջո, թույլ տվեցի ես այդ անփութությունը․ մոռացա փակել պատշգամբի դուռը։ Գնացի խոհանոց՝ փոշեկուլի պարունակությունը դատարկելու, և երբ վերադարձա սենյակ՝ թռչունների ակտիվ ծլվլոցն էր․․․ պատշգամբից։ Մինչ երկու ձեռքով գլուխս կբռնեի և կնետեի ինձ պատշգամբ, դեղին աչքերով և կեռ կտուցով վայրի, դարչնագույն թռչունների մի խումբ, որ ասես դարանակալ նրանց էր սպասում, հարձակվեց կատաղի, և բակը լցվեց թռչնակներիս լեղապատառ ծլվլոցով ու դեղնակնանիներ չարագույժ կռնչոցով։
Ափալ-թափալ իջա բակ՝ չգիտեմ ինչ հույսերով, թռչնամբոխը փախավ, իսկ ես սկսեցի փնտրել թռչնակներիս, թեև՝ ի՞նչ հույսով։ Մեկ էլ, զարմանք, նկատեցի սիրաթռչնակիս մի ցածրիկ ծառի ճյուղին նստած։ Ամուսինս բերեց վանդակը, բացեցինք դուռը, կամացուկ մոտեցրինք ճյուղին, թռչունը սահուն տեղափոխվեց ներս։ Արուն էր։
Մայր թռչունին չգտանք։ Վանդակն առած ընկանք բակից-բակ, փողոցից-փողոց, անցանք մոտակա երկու պուրակներով, թռչունը չերևաց։ Ուսումնասիրեցի ինտերնետում, թե կարո՞ղ են արդյոք սիրաթռչնակներն ապրել բնության մեջ։ Երաշխիքներ չկային․ վանդակին սովոր թռչունը չունի վայրի միջավայրում ապրելու մշակված մեխանիզմներ, բացի այդ՝ այս բնագոտին սիրաթռչնակների ապրելու բուն միջավայրը չէ։ Ոչինչ, մխիթարում էր ամուսինս, նա գոյատևման ուժեղ բնազդ ուներ, կապրի։

Օրվա մյուս կեսին վանդակը արու թռչունով դրեցինք պատշգամբում, որպեսզի Սոֆիան լսի կանչը և կողմնորոշվի, թե ուր թռչել։ Իսկ Դանգլզը կանչում էր այնքան կարոտով ու սրտաճմլիկ, որ շրջապատի այլ թռչուններն էին հրապուրվում նույնիսկ, ներառյալ դեղնակնանի վայրենիները։
Տղաս անհագստացավ, որ վայրենիները հերթական անգամ կբզկտեն Դանգլզին, և սկսեց ստիպել ինձ, որ վանդակը տանեմ ներս։ Հրաժարվեցի։ Ասացի, որ այսպես շանս կա, որ Սոֆիան կգտնվի։ Չհավատաց ու բարկացած վերցրեց վանդակը՝ ներս տանելու։ Բայց ճի՛շտ ես ասում, բացականչեց տղաս հանկարծ մեծագույն զարմանքով՝ ոչ այնքան իր տեսածից երևի, այլ որ ես ինչ-որ բան ճիշտ կարող էի գուշակել։
Սոֆիան վերադարձել էր։ Նա նստած էր շենքի մուտքի դռան վերևի հարթակին։ Վանդակն առած, զգուշորեն իջանք ներքև, դրեցինք գետնին։ Սոֆիան չէր իջնում։ Անցավ մի տասը-քսան րոպե, թռչնակը վանդակ տեղափոխվելու միտք չուներ։ Նստած էր իր համար և չէր շարժվում։
Որքան որ իր հայտնվելն էր հավասարազոր հրաշքի, նույնքան կրկին կորցնելն էր երկյուղալի, և ամուսինս բարձրացավ մուտքի վերևի այդ հարթակի վրա ու, հետևից կամացուկ մոտենալով, փորձեց թռչնակի վրա նետել աղջկաս դպրոցական, լայնեզրի գլխարկը։Թռչունը թռավ ու կառչեց շենքի աղյուսե պատին, և այդ պահին էր, որ նրան նկատեց մի սև կաչաղակ ու կռնչոցով հարձակվեց վրան։ Թռչունը ծղրտաց, հետ կտցահարեց կաչաղակին, ապա սլացավ բարձր, շենքի տանիքներից վերև, դեպի բաց, անամպ երկինքը․․․

Սոֆիային մենք այլևս չտեսանք։

Բայց ինչ էլ որ պատահեց նրան հետագայում, ի՛նչ էլ որ - գուցե արժեր ազատության լիաթոք ճախրի այդ թեկուզև մի քանի վայրկյանը, գուցե դա այս յուրահատուկ, գոյության պայքարում չհանձնվող, քաջ թռչնակի կյանքի գագաթնակետն էր։

ՎԵՐՋ

Բարեկամ
14.06.2018, 17:02
Ուրբաթ ազատ օրս էր և որոշեցի այցելել Արին բերդ բլրի վրա գտնվող Էրեբունի ամրոցի փլատակները, ավելի ճիշտ՝ երբեմնի ամրոցի մնացորդատեղին։ Վերջին անգամ եղել էի այստեղ երեք տարեկանում։ Բլրի ստորոտին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանն է, որի աստիճանահարթակի ներքևի երկու կողմերում առասպելական երկու արձան կան բարձունքի վրա՝ չորքոտանի արծվամարդու և առյուծամարդու։ Մի հին, սև-սպիտակ լուսանկար ունեմ. ես` երեք տարեկան, նստած եմ դրանցից մեկի վրա։ Մտքովս անցավ կրկին թառել արձաններից մեկի մեջքին ու լուսանկարվել, համեմատության համար, բայց հագուստս հարմար չէր մագլցելու։ Թող մնա մեկ ուրիշ անգամվա։

Էրեբունի հուշարձան-ամրոցն այցելելիս առաջինը մտնում ես թանգարանը։ Փոքր հավելավճարով կարող ես ուղեկցող-բացատրող վերցնել։ Դրա թերությունն այն է, որ ուզածիդ չափ չես լռվում հետաքրքրող ցուցանմուշի կամ տեքստի մոտ։ Ստիպված ես լուսանկարել տեքստերը՝ հետո կարդալու համար։ Ես կարծում եմ, որ գիդի մասնագիտությունը ևս կոչում է․ հարյուրավոր անգամներ պատմածդ պիտի այնպիսի վարակիչ ոգևորությամբ բացատրես, ասես հենց նոր ես ինքդ էլ իմացել և չես համբերում տեղեկացնել։ Դրա համար երևի պիտի սիրես այն պատմությունը, որը պատմում ես, և երբեք չդադարես դրանում մի նոր իմացած բան ավելացնել։ Հակառակ դեպքում գիդի ի սկզբանե հոգնած, մերթընդմերթ հորանջող դեմքը դեռ մի-փոքր էլ մեղադրանքի ստվեր է գցելու շրջայցի վրա՝ ի հանդեպ այցելուի։ Ցավոք, մեր գիդն էլ կարծես իր մասնագիտությունը չէր սիրում։ Համենայնդեպս, իր անգո պատմածից ոչինչ առանձնապես չտպավորվեց, թերևս միայն նորություն էր, որ ուրարտական սեպագրերում վ և բ տառերն իրար նման են, այդ պատճառով էլ "Էրեբունի"-ի բ-ն դառել է վ մինչև հասել է "Երևան"։

Թանգարանի միջնաբակում երկու երգիչ կային․ խարտյաշ գանգուրիկներով մի երիտասարդ կին՝ օպերային երգչուհի, և քիչ ավելի տարեց մի տղամարդ։ Կինը երկար, մագաղաթագույն զգեստով էր, վրան խոշոր նռներ, տղամարդը՝ հայկական տարազով։ Եթե ցանկանում ես, նրանք կերեգեն քեզ համար՝ Կոմիտաս, հայ-ազգագրական, նույնիսկ կպարեն, որից հետո գուցե պարտավորված զգաս գնելու նրանց երգերի ալբոմը (տասը հազար դրամ արժե)։ Իսկ ինչու ոչ, եթե հաճելի էր։

Այնուհետև բարձրանում ես բլուրը, որտեղից քաղաքն՝ ասես ափիդ մեջ, թեև սա ոչ լավագույն տեսարանն է քաղաքի։

Ամրոցն, ինչպես սերտել ենք բոլորս, կառուցել է Արգիշտին՝ Մենուայի որդին, Խալդ աստծո զորությամբ, ի հզորություն Բիայնիլի երկրին, և հողն ամայի էր․․․ Ամրոցի կառուցումը թվագրվում է Ք․Ա․ 782թ․, և նրա ստորոտին ու շուրջը կառուցվել-տարածվել է քաղաքը՝ այժմյան Երևանը։
Ամրոցի մնացորդներն առաջին անգամ գտել են 1800-ականներին, ինչ-որ շինարարարության ժամանակ, սակայն համակարգված պեղումներ տարվել են 1950-ականներին, որոնց արդյունքում հայտնաբերվել են ամրոցի պալատական, կրոնական, տնտեսական կառույցների հիմքերն ու մնացորդները, սեպագիր արձանագրություններ քարերի վրա, տնտեսական իրեր։ Բլուրն իր մեջ դեռ պահում է ամրոցի պատմությունը, ասում են՝ դեռ շատ բան կա փորելու-հանելու, ի հետագա ուսումնասիրություն գիտնականներին։
Հայտնաբերված մնացորդներով ինչ-որ չափով վերակառուցվել են պարիսպներ ու պատնեշներ, պալատական սյուներ, սենյակատեղեր, պահպանվել են պատեր՝ գունավոր որմնանկարներից պատառիկներով։
Այդ ամենն ինձ հիշեցնում էր Պոմպեյի ներկայիս փլատակները, համենայնդեպս պահպանվածությամբ չէր զիջում շատ, մինչդեռ Պոմպեյն ինքը զիջում է տարիքով՝ մոտ մեկ հազարամյակ երիտասարդ է ավելի։
Սակայն այն, ինչով ցավալիորեն զիջում էր Էրեբունին աշխարհահռչակ, բազմայցելու տուրիստատեղի Պոմպեյին, դա համատարած լքված, անտեր, անխնամ վիճակն էր, որը տխուր թագավորում էր մոտ երեքհազարամյա, երբեմնի հզոր արքայական այդ նստավայրի մնացորդների վրա։ Աներևակայելի հյութեղ գունայնությամբ, սարսռեցնող-անգին որմնանկարների շուրջն ու վրան բազմաթիվ անդոներ ու լիլոներ խորը ճանկռտել էին իրենց անունները՝ ի դերև հանելով սպիտակ ծեփը, հավելելով սրտիկներով ու գումարման նշաններով։ Փայտյա հինավուրց սյուների մի խուրձ, ըստ երևույթին դեռ սովետի անհիշելի ժամանակներից, թափվել ու թողնվել էին հնամյա պատերի տակ, թե մի օր պիտի վերականգնվեին իրենց տեղերում։ Խոտն աճել ու բարձրացել էր պատերի վրա, իշխանների, պահակազորի, սպասավորների կացարաններում ու մառաններում, ուր մայիսյան տաք արևն էր միայն անձայն սվսվում համատարած լռության մեջ։

Ափսոս։ Մինչդեռ այս տարի աշնանը՝ Երևանի 2800-ամյակին որքան մարդ կարող էր և պե՛տք է բարձրանար մայր-քաղաքի ծննդատեղին, շոշափելու յուր ազգային ինքնության արմատները կամ բացահայտելու դրանք, կամ պարզապես զմայլվելու, ամոթի ու հիասթափության փոխարեն։

Հինգն անց էր, իջա Կասկադ՝ տաք մուրաբայով պաղպաղակ ուտելու։ Սիրում եմ Կասկադի գողտրիկ սրճարանները, հատկապես երեկոյան։ Այդ սրճարաններում գեղեցիկ երիտասարդությունն է։ Կյանքով լի, կոկիկ ու խնամված․․․ ի տարբերություն մոտակա բլրի բարձունքում մոռացված քաղաքամայր ամրոցի փլատակների․․․

Բարեկամ
01.08.2018, 07:40
Ներկայումս իմ կյանքում առկա կարևոր խնդիրներից մեկը ժամանակին քնելն է։ Ժամանակին քնել ասելով նկատի ունեմ առնվազն ութժամյա քնի ապահովումը։

Քնի առումով իմ բիոռիթմային տեսակը բուն է․ երեկոյան չեմ կարողանում հաղթահարել արթուն մնալու, իսկ առավոտները՝ քնելու ուժգին պահանջը: Եվ եթե երեկոյան դա ինձ առանձնապես չի խանգարում, ապա առավոտյան և ողջ օրվա ընթացքում զղջում եմ շատ․ կենսական էներգիաս կտրուկ ընկած է լինում, կիսատ, երբեմն էլ քառորդ մարդ եմ ինձ զգում։ Ստացվում է, որ երկարացնելով կյանքիս արթմնի ժամերը, գցում եմ ապրելուս որակը, որը նույնն է, թե կյանքը զգալու առումով ոչ միայն ավելի երկար չեմ ապրում, այլև ապրում եմ թերի, այլ կերպ ասած՝ կիսակյանք։

Վերջերս մտածում էի, թե որքան լիարժեք էր ինքնակենսազգացողությունս, երբ փոքր էի։ Ու հանկարծ գլխի ընկա, որ հիմնական պատճառը ամենօրյա լիարժեք քունն էր։

Փոքր ժամանակ քունս լիարժեք առնելն ինձ հաջողվում էր քնելու ժամի հետ կապված մեր տանը սահմանված անխախտ օրենքի շնորհիվ․ մանկապարտեզում և ցածր դասարաններում դա երեկոյան ժամը 9-ն էր, միջին դասարաններից սկսած՝ 10-ը։ Պարզապես գիտեի, որ այդ ժամին պիտի գնամ քնելու և վերջ։ Մի-փոքր հապաղում, և մամաս հիշեցնում էր ու պահանջում։ Անթույլատրելի էր, որ մեզ հյուրասենյակում տեսներ, երբ րոպեի մեծ սլաքն արդեն թեքված էր լինում ուղղահայաց դիրքից։ Այդ տարիներին քնելուս արդեն բնազդային դարձած ազդանշանը ռուսական "Բարի գիշեր, երեխաներ" հաղորդման վերջին, բայուբայուշկի երգն էր, որն ամեն օր, պարտաճանաչ լսում էի մինչև վերջ (ևս մի երկու րոպե հետաձգեմ քնելու գնալու ժամանակը), իսկ հետագայում երկարեց մի ամբողջ ժամով, մինչև ռուսական լուրերի՝ Վրեմյայի սկսվելը, իր սրընթաց, անհաճո փողային ճիչով։
Այդ տարիներին ես երազում էի, թե երբ պիտի մեծանամ, որ նստեմ մինչև ուշ՝ երբ ու ինչքան ուզեմ։

Մեր տանը սահմանված քնային այս անխախտ կարգուկանոնի մեջ կար սակայն մի օր, որ մաման թույլ էր տալիս քնել ուշ, այն էլ ոչ ավել, ոչ պակաս՝ կեսգիշերից հետո։ Դա ուրբաթ օրն էր։ Եվ պատճառը հաջորդ օրը շաբաթ լինելը չէր (շաբաթ օրերին, ի դեպ, մենք նորմալ դասեր ունեինք)։ Բանը նրանումն էր, որ միայն ուրբաթ օրերին էր՝ կեսգիշերի մոտ, որ մեր սովետահայկական միապաղաղ հեռուստատեսությունը ցուցադրում էր արտասահմանյան ֆիլմ։ Սկզբում այդ հաղորդումը կոչվում էր "Համաշխարհային կինոյի էջերից", հետո փոխեցին՝ "Հանդիպում"։
Ես ավելի շատ հիշում եմ "Համաշխարհային կինոյի էջերից"-ի շրջանը, որն ավելի վաղ սովետական ժամանակներում էր, և ֆիլմերն ընտրվում էին ավելի զգուշորեն ու կրճատվում-թարգմանվում ավելի խիստ։

Հաղորդման սկզբում, մինչ ֆիլմի ցուցադրումը, իներտ նստած հաղորդավարուհին ինչ-որ ձանձրալի ու երկար տեքստ էր պատմում ֆիլմի ռեժիսորի, ժամանակաշրջանի, բարքերի մասին, և միայն դրանից հետո վերջապես ցույց էին տալիս այդքան սպասված ֆիլմը։
Մեծ մասամբ դրանք հին, սև-սպիտակ, իտալական կամ ֆրանսիական ֆիլմեր էին՝ Սոֆի Լորենի, Բրիջիդ Բարդոյի, Ջինա Լոլոբրիջիտայի, Ալեն Դելոնի և այլ անթերի, մարմարյա գեղեցկությամբ դերասանների մասնակցությամբ։
Պատահում էր, թեև հազվադեպ, ցուցադրում էին ոչ այնքան հետաքրքիր ֆիլմ, իմ տարիքի համար՝ ձանձրալի ու անհասկանալի, բայց մնում էի մինչև վերջ․ ինչպե՞ս կարելի էր հրաժարվել այդ ժամանակներում "երանելի" արտասահմանյան ֆիլմ դիտելու հնարավորությունից, ինչ ուզում է լինի։

Մեր այս ընտանյոք կինոդիտումն ինձ համար առանձնահատուկ իրադարձություն էր․ մամաս դրա առթիվ արևածաղկի սերմ կամ պիստակ էր բովում, որի թարմ, ախորժելի բուրմունքն ու ճտճտոցը մինչ ֆիլմի սկսվելն իր բոլոր հավեսներով տարածվում էր խոհանոցից, և կինոդիտումը դառնում էր մի իսկական տոն։ Ինձ թվում է՝ եթե ես հիմա վերանայեմ այդ ժամանակ դիտածս ֆիլմերը, զգայական հիշողությանս ծալքերից կարթնանա նոր բոված արևածաղկի բուրմունքի և տոնի զգացողությունը։

"Համաշխարհային կինոյի էջերից"-ը, ինչպես նշեցի, նայում էինք մեր չորս հոգանոց ընտանիքի ողջ կազմով, և ընտանեկան այդ ջերմ երեկոները հիշողությանս մեջ մնացել են որպես թանկ ու անփոխարելի արժեք՝ միասնականության, հարազատության գողտրիկ բջջի։

Ի դեպ, ցուցադրվող արևմտյան Ֆիլմերը սովորաբար կտրտված էին լինում այնպես, որ ամբողջովին համապատասխանում էին "G" կարգանիշին, բայց երբեմն՝ շատ հազվադեպ, որոշ "անհարմար" մասեր թողնված էին լինում (դրա համար էլ երևի հաղորդումը կեսգիշերային էր), և այդ ժամանակ մամաս, մի որոշ ժամանակ անհարմար զգալուց հետո, ուղարկում էր մեզ քնելու՝ ձայնի մեջ որոշակի զայրույթի նոտայով, թե էս կինոն մեր նայելու բանը չի։ Քոռուփոշման հնազանդվում էի, մտքիս մեջ տանելով՝ "էդ" տեսարանները բորբոքված։

Ամենից ուրախալին՝ երբ կոմեդիա էին ցուցադրում։ Հորթի պես հրճվում էինք ես ու եղբայրս, ու, տանջվելով հաղթահարելով քունը (մինչև կեսգիշեր մի բանով պիտի զբաղվեինք, որ դիմանայինք), անհամբեր սպասում էինք ֆիլմի բաղձալի սկսվելուն։ Կոմեդիաները շատ էի սիրում։ Շատ էի սիրում, որովհետև տեսնում էի ծնողներիս ծիծաղելիս։ Սովորաբար լրջադեմ հայրս ժպտում էր ճառագող, երբեմն էլ՝ կիսաձայն ծիծաղում, և ես այդ ժամանակ ավելի շատ իրեն էի հետևում ու ուրախանում, քան ֆիլմին, որն այդ պահերիին դառնում էր երկրորդական։
Սենյոր Ռոբինզոնը, հիշում եմ, մեկն էր այդ ֆիլմերից։

Բայց կար մի ֆիլմ, որին ես ու եղբայրս սպասում էինք ամենից շատ, մի տեսակ երազանքով, մի տեսակ պաշտամունքով։ Մեկ, թե երկու անգամ էինք տեսել, տպավորվել էր աներևակայելի, և դրա վերացուցադրումը համարում էինք արևի խավարման պես եզակի երևույթ։ Ֆիլմը կոչվում էր "Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ"։ Դինոզավրերի ու մարդկանց մասին էր, և այդ ժամանակ թվում էր տեխնիկական հրաշք։ Ամեն ուրբաթ, երբ հաղորդավարուհին վերջապես բարեհաճում էր հայտնել, թե ինչ ֆիլմ են այդ գիշեր ցուցադրելու, ես ու եղբայրս շունչներս պահած սպասում էինք՝ հերթական անգամ ապրելով հիասթափության վայրկյանը, բացի մի անգամից, երբ սովորականի պես մտքումս մեխանիկորեն, արդեն առանց հավատալու, կրկնում էի՝ "Միլիոն տարի մեր թավականությունից առաջ, խնդրում եմ, միլիոն տարի մեր թավականությունից առաջ", ու մեկ էլ՝ հաղորդավարուհին՝ "Հարգելի հեռուստադիտողներ, այսօր "Համաշխարհային կինոյի էջերից" շարքում դուք կդիտեք "Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ" գեղարվեստական կինոնկարը"։ Ականջներիս չհավատացի, հետո մի քանի րոպե ճչում ու թռվռում էի սենյակով մեկ։

Այս ֆիլմերի շարքից մեկի մասին էլ կուզենայի հիշատակել, որ մանկության տարիներին մեծ ազդեցություն է թողել ինձ վրա։ "Հռոմեական արձակուրդներ"-ն էին Օդրի Հեպբըրնի մասնակցությամբ։ Ավելի ճիշտ՝ ոչ այնքան ֆիլմը, որքան դերասանուհին։ Օդրի Հեպբըրնն ինձ տոտալ հմայել էր իր գեղեցկությամբ։ Նա ինձ թվում էր կատարելություն՝ գեղեցկության իմ պատկերացմամբ։ Մինչ այդ շատ ուրիշ սիրուն դերասանուհիներ էի տեսել, իհարկե, բայց ոչ մեկի գեղեցկությունն այդքան իմը չէր, որքան Օդրիինը։ Ես երազում էի մեծանալ և դառնալ նրա նման։ Հետաքրքիրն այն է, որ հետագայում, ավելի հասուն տարիքում, երբ մի անգամ պատահաբար նայեցի "Հռոմեական արձակուրդներ"-ը, զարմացա իմ անցյալի պատկերացումների վրա․ նկատեցի անհավասար ատամներ, հաստ հոնքեր, քթածակերն ինչ-որ այն չէին ու էլի ինչ-որ թերություններ։ Հիասթափվել էի, ինքս էլ չգիտեմ, թե ինչից։ Երևի իմ իդեալականացումից։ Բայց ավելի հետաքրքիր է, որ դրանից է՛լ ավելի ուշ, նորից ինչ-որ առիթով վերադիտելով Օդրիին այդ ֆիլմում, վերագտա նրա անզուգական գեղեցկությունը՝ ներքին ճառագող, ու հասկացա, որ փոքր ժամանակ աչքն ավելի հստակ է տեսնում, հետո է՝ որ մշուշապատվում է։

Էհ, հիշողությունների հետևից ընկած՝ ուր հասա, իսկ ես ընդամենն ուզում էի գրել, որ հիմա, երբ մեծացել եմ և "կարող եմ նստել մինչև ուշ՝ երբ ու ինչքան ուզեմ", որոշել եմ քնելու ժամ սահմանել, ինչպես փոքր ժամանակ էր, ու ստիպել ինքս ինձ՝ անխախտ հետևելու։

Բարեկամ
07.08.2018, 03:44
Ընտիր՝ Մաթևոսյանից․ սրա փուլային նրբություններն ապրել է երևի ամեն ոք, բայց այսպիսի կենդանի ձևակերպու՜մ․․․

"Գրկեր, բարձրացներ ու հայրս լիներ. ու փոքր լինեի: Ու դանակս կորցրած լինեի՝ լայի, լայի, լայի... Նրանց փաղաքշանքը բորբոքեր իմ լացը և ես հեկեկայի լացի միջից. նրանց խնձորը վերցնելու իմ գայթակղությունը դավաճանություն թվար իմ կորսված դանակի հանդեպ ու լաց լինեի լացի միջից. հիշեի, թե ինչպես էր ծալվում իմ դանակը ու հիշեի, թե ինչ նկարներ էին նկարված նրա կոթին ու լաց լինեի լացի միջից. նրանք սաստեին ինձ և ես լաց լինեի դանակի համար ու այդ կոպիտ սաստի համար... Անմխիթա՛ր, մաքո՜ւր, առա՜տ, թաց-թաց շա՜տ լաց լինեի... Ու քնեի հորս գրկում, ու արթնանայի կաթի պես անմեղ, ու ժպտայի փափո՛ւկ, փափուկ:"


...

Սև ծովի ափ, ես վեց-յոթ տարեկան եմ։ Նստած՝ երկար ժամանակ ջանադրաբար փորել եմ փուխր ավազը, թունելներ եմ կառուցում։ Հայրս դուրս է գալիս ծովից, մոտենում է, որ սրբվի, ոտքը պատահաբար դնում է կառույցիս հարակից, հիմքը խախուտացած ավազներին, թունելներս փլվում են։ Հայրս ծիծաղում է՝ կատակի տալով։ Ես վիրավորվում եմ նման անլրջությունից երկարատև աշխատանքիս հանդեպ ու վրդովվում։ Հայրս չի հասկանում վիրավորանքս և շարունակում է կատակի տալ։ Ես խոցված եմ, որ կորուստս չկարևորվեց, սկսում եմ լացել՝ կարևորությունը բարձրացնելու համար։ Հայրս դեռ փորձում է թեթևացնել՝ ուրախ տոնով մխիթարական ինչ-որ բաներ ասելով։ Դրանք ինձ թվում են ոչ բավարար, հատկապես տոնը, ուժեղացնում եմ լացս։ Հայրս բարկանում է և ձեռ քաշում ինձնից։ Ես շարունակում եմ մնալ նստած՝ փլված թունելներիս մոտ, ու զոռով լացել․ զիջելը հորս բարկությանն ընդառաջ՝ կնշանակեր պարտվել։ Մայրս քիչ հեռվում, լողազգեստով նստած ավազներին փռած, մեր խոշոր, կանաչ տերևներով, կիսամաշ փալասին, գործում է շյուղերով։ Փորձում է համոզել ջան-ջիգյարով՝ ասելով քաղցր խոսքեր ու որ մոտենամ իրեն։ Այդքան շուտ հանձնվելը կարժեզրկեր վիրավորանքիս կարևորությունը, և ես չեմ ենթարկվում՝ շարունակելով միալար զռռալ։ Մոտակայքում արևկող պառկած ռուսները դժգոհում են, թե խանգարում եմ քնել։ Մայրս արդեն լուրջ բարկացած է և շուրթերը սպառնալից սեղմելով՝ պահանջում է ձայնս կտրեմ, թափ տալով մատը։ Կոպտությունից հուսահատվում եմ, բայց ձայնս համառորեն չեմ կտրում, թեև իջեցնում եմ մի-փոքր։ Երանի եմ տալիս, երբ մայրս դեռ քաղցր էր խոսում։ Հույսով բաղձում եմ իր կարեկից նախկին "ջան"-ին ու "բալես"-ին, որ առիթ ունենամ վայր դնելու զենքերս ու հալվելու իր գրկում։ Մայրս չգիտի դրա մասին և այդպես էլ մնում է բարկացած։ Գնում ենք տուն, ես՝ գլխիկոր, նրանք՝ բարկացած։
Երեկոյան, երբ սովորականի պես դուրս եկանք զբոսանքի մերձափնյայով և սովորականի նման պիտի գնեին իմ սիրելի պաղպաղակը, ասացին, որ պաղպաղակ չեմ ստանա մինչև ներողություն չխնդրեմ։ Եղբայրս արդեն լպստում էր իր բաժինը։ Ես, որ ուշքս գնում էր պաղպաղակի համար և այդ պահին է՛լ ավելի շատ էի ուզում, ծպտուն չհանեցի։ Ծնողներիս համար արդեն սկզբունքի հարց էր՝ կորզել ներողություն իմ բերանից։ Գնել էին պաղպաղակս, բայց չէին տալիս, մինչև չասեմ "ներողություն"։ Կանգնել էի շուրթերս սեղմած, ու որքան ավելի էին ստիպում, այնքան ավելի պինդ էին սեղմվում շրթունքներս, և "ներողություն"-ը փակվում էր յոթ կողպեքի տակ։ Եղբայրս, ինչպես միշտ թեթև ու ծիծաղաշատ, ապշած էր․ ի՞նչ կա դրա մեջ, ուզու՞մ ես հարյուր անգամ ասեմ՝ ներողություն, ներողություն, ներողություն։ Արդեն բոլորով համընդհանուր են խնդրում։ Ես մնում եմ անդրդվելի։
Անպետք երեխա։

Իսկ նրանք գիտեին, թե որքան էի ես սիրում պաղպաղակ, և չէին կարող ի վերջո չտալ․․․

Բարեկամ
27.11.2019, 04:38
Խոսում էինք ամաչկոտության և ինքնավստահության պակասի կապի մասին։

Մտածեցի․ եթե այս կապին միացնենք ևս մի հանգույց՝ փառասիրությունը, ապա կառուցվածքը, կարծում եմ, ավելի կուռ կդառնա իր պատճառահետևանքային կապերով։ Անինքնավստահությունը, չէ՞ որ, որոշակի աղերսներ ունի փառասիրության հետ (ևս)՝ երբ քեզ համար միևնույնը չէ, թե ինչ կմտածեն քո մասին մարդիկ։ Այստեղ, իհարկե, կան նրբություններ, օրինակ՝ ամաչկոտ մարդիկ սովորաբար չեն ձգտում փառքի, նախընտրում են իրենց սուսիկ-փուսիկ, համեստ գոյությունը, բայց կա այս հոգեբանության մյուս բևեռը ևս - լավ տպավորություն չթողնելու հանդեպ վախը, որը փառասիրության ուրույն տեսակ է, որովհետև լավ տպավորություն թողնելը, ամաչկոտ մարդկանց մոտ, մի ուրիշ տեսակի, ես կասեի՝ ուղեղ մթագնող, անկառավարելի հաճույք է, ու երևի անկառավարելիության հանդեպ բնազդային խուսափումից է, որ ամաչկոտները գործնականում չեն ձգտում փառքի կամ աչքի ընկնելու։

Շատ հնարավոր է՝ այս դատողություններում մի բան ճիշտ չէ, ու կառուցվածքն էլ կարելի է փլել ուրիշ արգումենտներով։ Ամեն դեպքում, ընդունենք սա որպես վարկած, որպեսզի անցնեմ իմ հաջորդ պատմությանը (որն այս գրառման առիթն էր), բայց մինչ այդ մի բան կուզենայի նկատել, և դա կարևոր է․ այ ամաչկոտությունը չի կարելի անհրաժեշտաբար կապել խոնարհության հետ, նույնիսկ երևի թե հակառակն է՝ ամաչկոտ մարդկանց, ցավոք, հատուկ չէ հե՛նց խոնարհությունը, որովհետև խոնարհության դեպքում ավելի հանգիստ կվերաբերվեին մարդկանց՝ իրենց հավանել-չհավանելու "վտանգներին"։ Ու եթե մարդուն, ամաչկոտության հաղթահարումից բացի, հաջողվի նաև իր մեջ սերմանել խոնարհություն, սեփական անձի կատարելագործումը մի նոր, կարևոր բարձունքի կհասնի։

Իսկ պատմությունը, որն ուզում էի պատմել "ամաչկոտություն" շարքից, թվագրվում է իմ չորս տարեկան հասակին, և մենք հիմա կտեղափոխվենք սովետական մանկապարտեզի մի դասախաղասենյակ, որտեղ մենք՝ ճստոներս, նստած ենք փոքրիկ սեղանիկների մոտ՝ պարտավորված լսելու ընթերցանություն դաստիարակչուհու կողմից։
Այդ օրը ես մի մանկական, բարալիկ գիրք էի բերել մանկապարտեզ՝ մեր տան գրադարանից։ Գիրքը, ռուսերեն էր, քանի որ ռուսական մանկապարտեզ էի հաճախում։ Որոշակի հիշում եմ գրքի կազմը․ շագանակագույն շեղանկյունիկների նուրբ ցանցով պատած, մեջտեղում էլ կարծեմ առյուծի գլուխ։ Թե ինչու էի բերել այդ գրքույկը, լավ չեմ հիշում։ Կարծեմ հայրս նոր էր գնել, ու ես որոշել էի տանել մանկապարտեզ։
Սովետական մանկապարտեզում մանկական գրքեր, բնականաբար, շատ կային, երևի նույնիսկ ավելի շատ, քան խաղալիքներ, և երբ աֆրո-գանգրահեր Ազնիվ Մնացականովնան գրքերի այդ բազմության միջից ընտրեց հենց իմ տարած գիրքը, ես, նախ, շատ զարմացա, ապա լցվեցի հպարտության հոգեպարար զգացումով, որից էլ կրծքավանդակիս հետին պատերի խորքում կոկոնվեց փառասիրական ոգևորության մի բողբոջ, որ անհամբեր պայթել էր ուզում, թե՝ "ժողովու՛րդ, այ էս գիրքը, որ ուսուցչուհին պահում է իր ձեռքերում, ե՛ս եմ բերել, իմ բերածն է, ես մի բան եմ արել, որ դրականորեն փոխել է իրերի ընթացքը (I made a change), ես արդյունք եմ տվել, և այդ արդյունքը լավ է բոլորի համար, վայելում են բոլորը", ու ինձ պետք էր, որ իմ մասնակցությունն այս համընդհանուր բարօրության գործին հաստատվեր հրապարակային ընդունմամբ և գնահատմամբ, երևի որպեսզի ես, որպես գոյություն, չհամարվեմ անիմաստ և իզուր։
Սեփական գոյության իմաստավորման առաջնային այս կարիքը խանդավառությամբ էր լցրել ինձ այնպես, որ դրա փառասիրական դրսևորումը մի ներքին ուժեղ պայքար սկսեց ամաչկոտությանս դեմ․ այնպես ուզում էի, որ բոլորն իմանային, որ ես եմ այս իրադարձության պատճառն ու գործոնը, բայց դա հնչեր ո՛չ ինձնից, ո՛չ իմ մասնակցությամբ։
Փառասիրությունը հաղթեց․ սկսեցի թույլ ճոճել կիսաբարձրացրած ձեռքս։ Իսկ դաստիարակչուհին կարդում էր գիրքը, բարձր պահած ցույց էր տալիս նկարները ու ձեռքս չէր նկատում։ Սկսեցի ճոճել ավելի ուժեղ ու մի քիչ ավելի բարձր։ Ազնիվ Մնացականովնան նկատեց։ Ընդհատեց կարդալը և դիմեց ինձ, թե ինչ-որ բա՞ն եմ ուզում ասել։ Քար լռություն էր, բոլորի հայացքներն ինձ էին ուղղված։
"Ոչինչ", շշնջացի, ու կախեցի գլուխս։ Ուսուցչուհին շարունակեց ընթերցումը։

Բարեկամ
07.02.2020, 04:42
Շաբաթ օրը ընկերուհիներս տարեդարձս էին կազմակերպել, ծովափին։
Անակնկալ պիտի լիներ ինձ համար։
Բիլգոլա կոչվող գողտրիկ մի ծովածոցի ափին, ավազների մեջ ստվարաթղթե տուփեր էին շարել երկարությամբ՝ ուղիղ գծով, որ ծածկել էին նուրբ-ավազագույն սփռոցով, շուրջը՝ բարձեր տաք-ավազագույն, վրան՝ մուգ փայտե սպասք, խեցեգույն մոմեր (մարտկոցով վառվող), և սոճու մի քանի չորացած ճյուղեր լրացնում էին "սեղանի" անպաճույճ ձևավորումը։
Այդ ամենն ամփոփել էին ավազի մեջ խրած չորս փայտե ձողերի միջև, որոնք շուրջպար էին բռնել՝ քամուց շխկշխկացող քաթանե ծոպերի ու կախազարդերի պարաններից բռնված, մեկումեջ՝ փշաձուկ-լամպիկներ՝ օրորվող մայրամուտի լույսերով։
Մեր փոքրիկ օազիսն, անշուշտ, գրավում էր ափի բարեբախտաբար ոչ այնքան բազմամարդ այցելուների ուշադրությունը․ երբ անցնում էին կողքով, կանգ էին առնում՝ բարի ժպիտով։ Մտքովս անցավ, որ այսօր մի քանի մարդ մի քանի վայրկյան դրական մի բան ապրեց ակամա։
Չնայած քառասուն աստիճան շոգին, Բիլգոլայի ջրերը սառցե-սառն են։ Սկզբում մտանք ափամերձ բացօթյա լողավազանը՝ ծովային ջրով լցված, որը տաք էր և անհաճո դեղնադարչնագույն, և հետո նոր միայն նետվեցինք սառն ու մաքուր օվկիանոսը՝ խողովակաձև ծառս լինող և կատաղի շրմփացող ալիքներին ընդառաջ։
Օրվա վերջում, երբ մութն արդեն թանձրացել էր ոսկուն տվող ավազի և սևին տվող ջրերի վրա, ուր սպիտակին էին տալիս ալիքների փրփուրները տեղ-տեղ, մեր տաղավարը միակ լուսավորված կետն էր ամայի ծովափին, և մենք, նստոտած մոմերի շուրջ, լսում էինք մեր ընկերուհուն, որի երգը ծորում էր նուրբ և կլանվում ծովափնյա քամու բվվոցում։

Գիշեր էր, լուսին, երբ սկսեցինք հավաքվել՝ ճանապարհ ընկնելու։ Ոտքերով ակոսելով ախորժելի տաք, սորուն ավազը՝ ես քայլեցի դեպի ջուրը․ ուզում էի զգալ, թե ինչպես է շնչում քնած օվկիանոսը։ Պարզվեց՝ երկու հոգի էլ կային ջրի մոտ, որ դանդաղաքայլ առաջանում էին դեպի խորքը՝ լուսնի լույսով լուսավորված։ Նրանք մորեմերկ էին, տղամարդ և կին։ Ավազների վրա նկատեցի նրանց հագուստը։ Ետ դարձա, որ չխախտեմ անձնականությունը, իսկ երբ քարշ էինք տալիս ծանր պայուսակներն ու տուփերը, զույգը, հագնված, նույնպես լքում էր ափը։ Տղամարդն առաջարկեց իր օգնությունը։ Չառաջարկեց, պարզապես ձեռքը գցեց պայուսակի բռնակին ու տարավ։ Իսկ հետո երկուսով նստեցին մեքենան ու հեռացան։ Ու ես մտածեցի՝ խենթությու՞ն է արդյոք հատուկ քշել-հասնելը օվկիանոս, որ գիշերը լուսնի լույսի տակ մի տասը րոպե մորեմերկ լողաս սիրածդ մարդու հետ, դանակի պես կտրող սառնությամբ ջրերում։ Չկարողացա տեղավորել խենթության մեջ։ Ըստ իս, նորմալ է, բնական ու առողջ, պարզապես՝ ռոմանտիկ։

Բարեկամ
07.02.2020, 10:14
https://i.imgur.com/H7w06wB.jpg

https://i.imgur.com/ZQEoZEY.jpg

https://i.imgur.com/dVxSO9t.jpg

https://i.imgur.com/NBtQju9.jpg

https://i.imgur.com/ZRia7vU.jpg

Բարեկամ
10.06.2020, 05:19
Անցած տարի, դեկտեմբերին Վերնիսաժում կանգնած սպասում եմ բարեկամիս, որ իջնի դիմացի հյուրանոցից․ շտապում ենք գործերով։ Սկսում եմ տնտղել գրավաճառի գրքերը՝ ըստ թեմայի շարած։ Հին, թևքը ծակ շորերով ծերունի գրավաճառն աշխուժանում է, փորձում հասկանալ ճաշակս, առաջարկում է մեկ այս, մեկ այն գիրքը, գովում, համոզում։ Գալիս է բարեկամս։ Իմ ընտրությամբ գնում է մի քանի գիրք, որոնք երբեք չի կարդալու։ Գրավաճառը երջանիկ է, խնդրում է, որ սպասենք մի պահ, ուզում է արտասանել ինձ համար։ Հարցնում է՝ անգլերեն հասկանու՞մ եք։ Ասում եմ, որ անգլախոս երկրից եմ։ Արտասանում է անգլերեն պոեզիա՝ երկար, մի շնչով, զգալով ու հուզվելով, մատը տնկելով տեղ-տեղ, շտապելով փոքր-ինչ, ասես վախենալով, թե չի հասցնի, կգնանք։ Ուրախանալով, որ դեռ այստեղ ենք, խնդրում է լսել ևս մեկը, ու նորից գլգլում է իր վարժ անգլերենը ծերունական անատամ բերանից։
Բարեկամս չի ուզում քարշ տալ հետներս քիչ առաջ գնած գրքերի կապոցը, ասում է՝ հինգ րոպե սպասիր, բարձրացնեմ հյուրանոց։
Սպասում եմ։ Հայացքով անցնում եմ կողքի սեղանի գրքերի վրայով։ Սեղանի տերը, ձեռքերը մաշված վերարկուի գրպանները դրած, կուչ եկած ուսերով մի ուրիշ տարեց մարդ, ցածր ու անվստահ ասում է․ նրա մոտից (հայացքն արագ նետում է կողքի սեղանի կողմը) էդքան շատ առաք, մի բան էլ իմ մոտից առեք, ես չորս հատ թոռ եմ պահում, ինքը՝ ընդամենը մեկը։ Ուզում եմ առնել։ Նայում եմ՝ ինձ հետաքրքրող ոչինչ չեմ գտնում։ Մարդը քանդում է նոր կույտեր՝ գուցե այնտե՞ղ մի բան գտնեմ։ Ցավում եմ իրոք՝ ոչինչ չի գրավում։ Որոշում եմ մի բան, այնուամենայնիվ, ընտրել, ու հանկարծ մարդն ասում է․ իսկ Վարդգես Պետրոսյան չե՞ք ուզենա, Վերջին ուսուցիչը, հիմա շատ են առնում։ Այդ ժամանակ Վերջին ուսուցիչը ֆիլմն էր դուրս եկել, մեծ արձագանք ուներ, ընկերներս նայել էին, տաք-տաք քննարկում էին։ Ես էլ փորձեցի նայել, բայց երկու սերիայից ավել չքաշեցի․ ես առհասարակ սերիալներ նայել չեմ կարողանում։ Բայց գիրքն ուզում էի կարդալ։ Մանավանդ, որ պարզ էր, որ ֆիլմն ադապտացրել էին ներկայիս կյանքին ու երիտասարդությանը, իսկ գիրքը գրվել էր 1978-ին՝ իմ սիրած ժամանaկաշրջանում։ Պարզվեց՝ մարդն ուներ նաև Մաթևոսյանի գրքերից երկուսը, որ չէի կարդացել։ Գնեցի արժեքավոր ավարս ու երջանիկ հեռացա։

Վարդգես Պետրոսյան երբեք չէի կարդացել։ Կարդալիս, ինձնից անկախ անընդհատ համեմատում էի Հրանտ Մաթևոսյանի հետ։ Չգիտեմ ինչու։ Կարծես մտքումս մրցեին իրար հետ։ Գուցե ժամանակակից են եղել, դրա համար։ Կամ գուցե Մաթևոսյան սիրում եմ շատ, իսկ Վարդգես Պետրոսյանի մասին բարձր կարծիքներ էի լսել ու փորձում էի արդարացնել այդ կարծիքները։ Վարդգես Պետրոսյանն անկասկած տաղանդավոր գրող է․ նա զգում է, թե ինչպես գրել, որ ստացվի գրականություն, ու քամում է գրվածքից այն, ինչն իր հերթին արցունք է քամում ընթերցողի աչքից։ Շատ չէ, լավ սեղմելով՝ մի պուտ, բայց հաճախակի, համարյա ամեն գործում, ու կարծես դա գրվածքի QC-ն է․ ստացվա՞ծ է գործը, հանձնե՞լ որպես պատրաստի արտադրանք։ Բայց։ Ի տարբերություն Մաթևոսյանի, Վարդգես Պետրոսյանի գիրը սեթևեթում է, մի քիչ քաղքենի է, հղկված-կոկված, իսկ ես ավելի հավանում եմ Մաթևոսյանի վայրի բնականությունը, ուժեղ տղամարդկային իսկականությունը։
Գիրքը, որ գնեցի, բացի Վերջին ուսուցչից, պարունակում էր նաև պատվածքների ժողովածուն, Հայկական էսքիզներ հավաքածուն (որի համար արժանացել է մրցանակի), Ապրած-չապրած տարիներ վիպակը և Նամակներ Մանկության կայարաններից վիպակը՝ պատմվածքներով։ Այս վերջինը հավանեցի ամենից շատ։ Մի քանի չտեսնված ընտիր կտորներ կային "Տատս", "Մեր մայրերը", "Մեր հայրերը", "Մի ուրախ և տխուր օր, երբ աշխարհում պատերազմ էր", ու էլի մի քանի գործերում։ Ընդհանրապես, Վարդգես Պետրոսյանը կենդանի նկարագրությունների ու դիպուկ փոխաբերությունների վարպետ է։ Ընդհանրապես, իր պատմությունները շատ լավ ֆիլմեր կարող են դառնալ։

Բարեկամ
25.08.2020, 08:20
Կարոտում եմ։ Կարոտում եմ մի շարք բաներ․ մանկությունս՝ իր հետ կապված առօրյա կտորիկներով - ձայները, հոտերը, օդի նյութը կազմող էն ինչ-որ բանը, որ ժամանակն է, ու մեջը խտացած էն մի ուրիշ բանն էլ, որ անուն չունի․ այ դա ամենից շատն եմ կարոտում, որ միջուկն է ժամանակի ու կարոտներիս։
Կարոտում եմ մանկությունիցս ամեն ինչ, բայց ամենից շատ, երևի, ծնողներիս։ Այսինքն, ամեն ինչը, որ կարոտում եմ, կարոտում եմ նրա համար, որ դեպի ծնողներս ուղիղ կամ անուղղակի հղում ունի․ մանկապարտեզս, աշնանային տաք, անձրևաբույր առավոտները՝ հարազատության աստիճանի կիսամաշ վերարկուս մինչև վերջ կոճկած, պապայիս ձեռքը բռնած, ու պապաս ինձ չի երևում, որովհետև փոքր եմ, ու ձեռքը բռնելիս իմ ձեռքը դեպի վեր է պարզած, բայց փոխարենը մանրամասն տեսնում եմ գետինը, երևանյան հարազատ, անձրևաբույր գետինը, ուր լայնաթև թիթեռների պես նարնջաշագանակագույն մեծ տերևներ են, որ քայլելիս (թեև համարյա վազում եմ, որ պապայիցս հետ չընկնեմ) աշխատում եմ ոտքս էնպես դնել, որ տրորեմ ու որսամ խոնավ, անլսելի խրշյունը։
Մանկությանս տարիներին ժամանակը կանգնած էր։ Ավելի ճիշտ՝ անցնում էր էնքան դանդաղ, որ շարժը չէի նկատում, օրն անվերջ երկար էր, շաբաթներն՝ է՛լ ավելի, տարվա մասին էլ չեմ խոսում, ապրում էի ասես հավերժության մեջ։ Օրը ռիթմ ուներ, իր կրկնվող տեսարանները, շարժումները, ձայները։ Երեկոյան յոթը օրվա իմ ամենահոգեպարար ժամն էր․ արևը պատրաստվում էր թեքվելու, և տան պատերի, կահույքի, գորգի վրա վարագույրները թրթռացող, կենդանի, տաք-արևագույն ստվերներ էին գցում, բակից դեռ լսվում էին երեխաների մերթընմերթ, բայց արդեն մարող կանչերը, ու ես նոր էի բակից տուն բարձրացել․ օրը նստել է հանգստի, միացնում ես հեռաուստացույցը՝ իր հանգստությամբ օրվա հետ ներդաշնակ, ու նրա ֆոնայի մեղեդայնության տակ դեռ հազարումի բաներ ունես զբաղվելու՝ կընթրես, գիրք կկարդաս, կհանես տիկնիկներդ, կնկարես գուցե։
Ու էդ ամենն էդպես է, որովհետև բոլորը տանն են՝ ամեն մեկն իր գործին, հեռուստացույցի պես ներդաշնակ ու չպարտադրող՝ օրվա իմ ոսկե ժամին։
Ու չկա տարբերություն՝ աշուն է, թե ձմեռ։ Աշնան արևի խաղացկուն ստվերները փոխարինվում են էկետրական վառարանի ջերմությաբ ու դրա ինչ-որ յուրօրինակ հոտով (այդուհետ ջերմությունը քեզ համար այդ հոտն է ունենալու) ու մառախլապատ պատուհաններով, որոնցից դուրս ձմեռային գիշեր է՝ չքնաղ, որովհետև երբ բացում ես պատուհանը (շատ կարճ ժամանակով, որ չսառես), ձմռան գիշերվա թարմությունը խփում է քթիդ։ Ես փորձում եմ չմոռանալ էդ արբեցնող բույրը, դրանից լավ մեկ էլ նոր արդուկած գիշերանոցի հոտն է, որ քեզ է սպասում բացված անկողնումդ, ու թեև դու տանել չես կարողանում (մինչև հիմա էլ) քնելու համար զգեստափոխվելու երկար-բարակ (դանդաղաշարժ եմ ես), ձանձրալի պրոցեսը, բայց հենց մտնում ես թարմ-ձնաբույր գիշերանոցի մեջ, երջանկությունը լցվում է մինչև պռունկներդ։
Ու էդ ամենն էդպես է, որովհետև մյուս սենյակում տան հարազատ վայբն է․ ծնողներդ քնած չեն դեռ, հեռուստացույցը խոսում է կիսաձայն, բայց քեզ չի կարելի, պիտի քնես, որ կարողանաս առավոտ շուտ արթնանալ՝ մանկապարտեզ, ուր շտապելու ես պապայիդ ձեռքը պինդ բռնած, համարյա վազելով, որ հետ չընկնես։


Իմ մանկությունը նոր արդուկած ձմեռային գիշերանոցի հոտ ունի, հա․․․ Ու էլի շատ հոտեր, որոնց մասին մի օր հերթով պատմելու եմ։ Իսկ հիշողություններն ինձ մոտ ամենից ամուր են պահպանվում հենց հոտային ֆորմատով։

Բարեկամ
26.08.2020, 21:12
Մի քանի օր առաջ տատիկիս տեսա երազումս։ Մի տեսակ հստակ չէր՝ տեսա՞, թե՞ հիշեցի։ Բայց աչքիս երևաց երրորդ հարկի իր բնակարանի դռան մոտ։ Երևի որովհետև շատ տարիներ առաջ, մեր վեցերորդ հարկի բնակարանից իջնելիս, հաճախ էի տեսնում նրան հենց էդ մասում, աստիճանահարթակը լվանալիս կամ իր դուռը բացելիս։ Տեսա ու մտածեցի՝ տատիկս չի մահացել, չէ՞, չէ ոնց որ՝ ես հիմա էն ժամանակներում եմ, որ տատիկս կենդանի է, իսկ իր վերջին ժամանակներում ես ցավալիորեն հազվադեպ էի այցելում նրան։ Ուրախացա, որ կարող եմ ուղղել սխալս և․․․ վերահաս ուրախությունն ինձ դուրս շպրտեց երազիցս․․․

Տատիկս իմ մանկության ամենավաղ հիշողություններից է։ Ես, երևի երեք տարեկան, դուրս եմ գալիս մեր “սեփական” տան շեմքը, աղբի մեքենան է եկել (էն ժամանակ զանգով ծլնգացնում էին, երևի դրա համար եմ հետաքրքրված դուրս եկել), տեսնում եմ տատիկիս, որ ձգվում, համարյա ցատկում է մեքենայի բեռնատարի բարձրությամբ և մեջը շուռ տալիս ձեռքի աղբի դույլը, ապա նկատում է ինձ ու սաստում՝ “Նե՛րս գնա, աղջի”։

Ինչ հիշում եմ տատիկիս, նա կարծես երբեք չի փոխվել։ Երևի տատիկներն ընդհանրապես չեն փոխվում։ Տատիկս փոքրամարմին, նիհար, ճերմակամաշկ ու կնճռապատ դեմքով “տատի”-ս էր, թիթեռի պես անմարմին ու թեթև։ Նրա մոտ ամեն ինչ փոքր էր, նուրբ ու հավաք։ Բարակ ու հարթ արծաթ-մազերը, միշտ խնամքով ու հավասար սանրած, հազիվ էին բավականացնում թույլ ու խղճուկ, բայց իր տարիքին պատշաճ կոս կապելու, որից հաճախ էին կորչում տատիկիս անթիվ-անհամար մազակալները։ Տատիկս մաքրություն էր բառիս բուն ու փոխաբերական իմաստներով։ Ազնիվ էր, շիտակ, քչախոս ու հանդարտ, կոկիկ ու կիրթ։ Նա աշխարհում երկու բանի հետ էր անհաշտ միայն․ կեղծիքի ու փնթիության։ Ֆիզիկական մաքրության հետ կապված տատիկս OCD ուներ։ Անհնարինության աստիճանի փայլեցնում էր ոչ միայն իր բնակարանը, այլև մուտքի համարյա բոլոր աստիճանահարթակները, վերելակի ներսն ու դուրսը, երբեմն էլ նույնիսկ հարևանների դռան շորերն էր թաքուն լվանում։ Որովհետև “սիրտը չէր տանում”։ Անում էր գաղտնի, երբ ոչ ոք չէր երևում շրջակայքում․ ամաչում էր ու ոտնաձայն լսելիս արագորեն փախչում։ Բայց հարևանները, բնականաբար, գիտեին, նկատել էին․ ոմանք բարյացակամ էին, ոմանք կատակում էին հեգնախառն։

Ես ծնվել եմ տատիկիս և պապիկիս տանը։ Այսինքն, դա եղել է իմ առաջին տունը, ուր ծնողներս ապրել են ամուսնանալուց հետո։ Երկհարկանի մի առանձնատուն էր Արաբկիր թաղամասում, ուր հարևանությամբ շատ առանձնատներ կային։ Դուռ-դրկից առանձնատների թաղ էր։ Էդ տունը պապիկս էր կառուցել իր հոր հետ, երեսնականներին, Սալոնիկից Երևան գաղթելուց հետո։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ և դեռ մի տասնամյակ հետո էլ թաղի միակ տանիքով տունն էր (մնացած տները հողե ծածկ ունեին), էդպես էլ տարբերակում էին նրան՝ “կռիշով տուն”։ Լավ տուն էր, ամուր ու որակով։ Պապիկիս կողմը լավ արհեստավոր էին, ոսկեձեռ վարպետներ։ Էդ տանը ծնվել են հայրս, հորեղբայրս, եղբայրս, ես։ Ես չորս տարեկան էի, երբ պետական որոշմամբ քանդեցին մեր տունը, մնացած հարևան տների հետ միասին, որ կառուցեն ինչ-որ Հայպետջրշիննախագիծ ինստիտուտ։ Իսկ վերջինիս հարևանությամբ արդեն կառուցել-վերջացրել էին տասնհարկանի պանելային մի շենք, ուր պիտի տեղափոխեին մեր թաղի՝ իրենց տներից զրկված բնակիչներին։ Հին հարևանները դառնալու էին նոր հարևաններ, բայց դա ուրիշ պատմություն է, շեղվեցի։

Տատիկս էդ տուն և առհասարակ Երևան եկել է Օդեսայից։ Իսկ թե ինչպես է հայտնվել Օդեսայում, ուշագրավ պատմություն է։ Իր պատմությունը տատիկս պատմում էր ինձ երբեմն առ երբեմն, իմ խնդրանքով, բայց փոքր էի ու շատ բան էնպես լավ չէի հասկանում ցավոք, որ ճիշտ հարցեր տայի և այսօր ունենայի ավելի ճշգրիտ ու ամբողջական պատկեր։ Գիտեմ, որ ծնվել է Թուրքիայի Սեբաստիա նահանգի Զառա գյուղում, միակ երեխան է եղել՝ երեք տարեկան, երբ սկսվել են տեղահանությունները։ Տատիկիս հորը թուրքերը տարել են բանակ, իսկ մայրը սկսել է աշխատել ամերիկյան մի որբանոցում, ուր “աման էր լվանում”, և տատիկս էլ էդ ընթացքում որբանոցում էր մնում, մյուս երեխաների հետ։ Լոբու հատիկներից կազմում էր տառեր, մի անգամ էլ որբանոցի ամերիկուհի տնօրենը ինչ-որ տիկնիկի համար բարկացել ու մատ է թափ տվել վրան՝ ինչ-որ անգլերեն բառ ասելով, որը տատիկս կրկնում էր մատը թափ տալով ու ընդօրինակելով տնօրենուհու ակցենտը, բայց ցավոք, ինչքան փորձում եմ, չեմ կարողանում հիշել այդ բառը (գուցե մի օր հիշեմ մի հրաշքով)։ Ինչու՞ էր տատիկս, 3-4 տարեկան, էդ էպիզոդը հատկապես հիշել։ Երևի կարգին ազդված կամ վախեցած է եղել տնօրենուհու հարձակումից․ զգացմունքների կիզակետում տեղի ունեցածն է, որ դաջվում է հիշողության մեջ։ Իսկ հետո տատիկս իր մոր հետ հայտնվում է մի մեծ նավի վրա, որին ոչ մի ափ չէր ընդունում, քանի որ նավի վրա “կարանտին” էր (լսում էի էդ բառն ու գաղափար չունեի ինչի մասին է խոսքը, բայց բավարարվում էի՝ վիզուալ պատկերացնելով մոլորված, տխուր մի նավ, որ մի ափից մյուսն է մոտենում, ու մերժվելով՝ գլխահակ հեռանում)։ Ի վերջո, նավն էդ հանգրվանում է հունական մի կղզում, ուր զեյթունի մեծ ծառեր կային, և տատիկս զեյթուն էր հավաքում ու լցնում արկղերի մեջ։ Ու մի օր էլ փոստատարը մի նամակ է բերում (փոստատարն աչքիս հայտնվում էր հեծանվով՝ չգիտես ինչու, կապիչավոր գլխարկով, և ուսի վրայից գցել է շագանակագույն կաշվե պայուսակ․ ընդհատում է տատիկիս զեյթուն հավաքելն ու հանձնում է նամակը)։ Նամակը տատիկիս հորից էր, որը պատերազմի ընթացքում հայտնվել էր Օդեսայոում (երևի ռուսական բանակի կողմն անցնելով), և որը տեղական մի լրագրում, ուր տպել էին էդ տարաբախտ նավի ուղևորների ցուցակը, գտել էր կնոջ և դստեր անունները։ Էդպես տատիկս մոր հետ տեղափոխվում է Օդեսա, որտեղ ապրում է իր մնացած մանկությունն ու հաջորդող երիտասարդությունը՝ մինչև քսանյոթ տարեկան, մինչև որ մի առիթով այցելում է Երևան և մնում՝ ամուսնանալով պապիկիս հետ։ Իրականում առիթը հենց ամուսնանալն էր, բայց դա էլ մի ուրիշ՝ առանձին պատմություն է։

Երբ մեր “տները” քանդեցին, պապիկիս ու տատիկիս (չամուսնացած հորեղբորս հետ միասին), բնակարան տվեցին հատկացված նորակառույցի առաջին մուտքի երրորդ հարկում, իսկ մեր ընտանիքին՝ երեք հարկ վերև՝ վեցերորդում։ Երբ ծնողներս աշխատանքի էին, իսկ ես մանկապարտեզ չէի գնում, տատիկս էր ինձ նայում, իր տանը, ուր էդ ժամերին մենակ ես ու ինքն էինք։ Ես վատ ուտող էի, և ինձ միշտ պիտի կերակրեր, մուգ կապույտ, թույլ-սպիտակ կետիկավոր մի cute թասիկից։ Կերակրելիս հեքիաթ էր պատմում։ Ստախոս մի հովվի մասին, որն ամեն անգամ սուտ շուխուռ էր անում՝ թե եկեք-փրկեք, գայլերը ոչխարներս կերան, ու հետո, երբ մարդիկ իրենց գործերը թողած գալիս էին ափալ-թափալ, ծիծաղում էր նրանց վրա, մինչև որ մի անգամ գայլերն իսկապես հարձակվեցին, բայց ոչ ոք այլևս չհավատաց ու չհասավ օգնության։ Էդ պատմությունից հետո ինձ ամեն անգամ շատ հետաքրքրում էին նոր մանրամասներ հովվի ճակատագրից, ու սկսում էի հարցախեղդ անել տատիկիս․ իսկ ի՞նչ զգաց հովիվը, լացե՞ց, թե՞ չէ, իսկ իրա մաման-պապան ի՞նչ ասեցին, և ամենակարևորը՝ հովվի հետագա կյանքն ինչպես դասավորվեց։ Տատիկս համբերատար պատասխանում էր հարցերիս՝ գդալով քերելով թասիկի հատակի մնացորդները։

Տատիկս սիրում էր իմ տիկնիկներին։ Նրանցից մեկի անունն ինքն է դրել՝ Նունիկ։ Տիկնիկներիս համար շորեր էր կարում։ Հետևում էի, թե ինչպես է անում։ Նունիկն այսօր ինձ հետ է, իմ տանը։ Աղջիկս, հինգ տարեկան, իր հետ լուսանկար ունի։ Հետաքրքիր է, որ տիկնիկները տատիկներից երկար կարող են ապրել։

Գրքերի հետ մեծ բարեկամ էր տատիկս։ Երբ տան գործով չէր զբացված (իսկ նա արագաշարժ էր ու շուտ էր վերջացնում), ակնոցներն աչքերին գիրք էր կարդում կամ թերթ։ Արագ կարդացող էր թե՛ հայերեն, թե՛ ռուսերեն, լավ տիրապետում էր թուրքերենին, ու մի քիչ էլ հունարեն գիտեր։ Հարևան հասակակից կանայք երբեմն ծաղրում էին տատիկիս ընթերցասիրությունը, հատկապես որ նախընտրում էր թաղահարևանային բամբասանքներից (նա առհասարակ որևէ բամբասանքի չէր մասնակցում), բայց ոչ միայն դրա։ Տատիկս նաև կրքոտ ֆուտբոլասեր էր։ Այսինքն, պապիկիս չէր հասնի իհարկե, բայց երբ Արարատը պարտվում էր, տատիս բարկացած դուրս էր գալիս բակ ու իր գործերին էր անցնում՝ քթի տակ դժգոհելով “էշի գլուխներից”։ Եվ հարևան Ասյան միշտ չանչ կաներ․ “Իիի՜շ, եքա կնիկ ա, չի էլ ամաչում, ֆտբոլի համար իրան կորցնում ա”։

Մի քանի անգամ տատիկիս բռնացրել եմ տանը երգելիս։ Կարծել է, թե մենակ է, ու հատակը լվալիս երգում էր։ Թուրքերեն։ Երևի իր մանկության, մորից լսած երգերն էին։

Մամաս ասում է, որ ես տատիկիս եմ քաշել․ քաղցրալեզու չեմ։ Տատիկս իրոք որ քաղցրալեզու չէր, զուսպ էր, քչախոս, բառեր, հատկապես քաղցր, չէր շռայլում։ Չեմ հիշումն երբևէ “ջան” ասեր։ “Ջան” ես էլ չէի ասում, փոքր ժամանակ։ Լեզուս չէր պտտվում մի տեսակ, արհեստական ու կեղծիք էր թվում։ Իսկ հիմա ասում եմ, ոչ հաճախ, բայց այլևս դժվար չէ․ երևի որովհետև փոխվել է մոտեցումս մարդկանց հանդեպ։

Մութուցուրտի տարիներին հորեղբորս ընտանիքը, որ ապրում էր տատիկիս հետ, իսկ պապիկս արդեն չկար, գնաց երկրից։ Տատիկս իր բնակարանում մնաց մենակ։ Մենք իհարկե երեք հարկ վերև կայինք, ու պապաս ամեն օր պարտադիր իջնում, տեսնում էր տատիին, բայց ես, որ տասնյոթ-տասնութ տարեկան էի արդեն, ապրում էի ուրիշ կյանքով, ուրիշ աշխարհում։ Իմ օրվա անցուդարձի, մտքերի մեջ տատիկիս միշտ չէր, որ հիշում էի (նրա գոյությունն ընկալում էի որպես առօրեականություն), իսկ այցելում էի է՛լ ավելի հազվադեպ։ Ու էդ սակավաթիվ այցերին, երբ երեկոյան մի քանի րոպեով իջնում էի ներքև, խոհանոցում միայն մի թույլ լույս էր վառվում, ութսունամյա տատիս իր հնամաշ, մաքրեմաքուր ու կոկիկ հավաքված խոհանոցում, սեղանի մոտ աշակերտի պես նստած, ակնոցներն աչքերին գիրք էր կարդում․․․

Տատիկս մահացավ, երբ ես քսան տարեկան էի։ Կաթվածից հետո ( արյան բարձր ճնշում ուներ) ապրեց ամսից քիչ ավել՝ աստիճանաբար կորցնելով գիտակցությունը, բայց քանի գիտակից էր, անհանգիստ էր երկու բանի համար միայն․ որ աստիճանահարթակը կեղտոտ է մնացել ու երբ եմ ես վերջապես գտնելու իմ երջանկությունը անձնական կյանքում։

․․․․․
Տատիկս իմ անավարտ կարոտն է, որ կրում եմ գիտակցությանս ու հիշողություններիս ամենանվիրական խորշերում։ Այնտեղ երևանյան մեր բակն է, ես նայում եմ վեցերորդ հարկի պատուհանից, տատիս՝ իր մշտական կապույտ ու սպիտակ ծաղիկներով զգեստով, ձեռքին ցանցավոր պայուսակը՝ "սետկան" կախ, գնում է հացի, հետևից հարթ ու արծաթ մազերի նրբիկ կոսը։

Ամեն այցիս Հայաստան այցելում եմ տատիկիս գերեզմանը, դնում իր պես պարզ ու քնքուշ մի քանի ծաղիկ, նախընտրելի է իր գույնի՝ սպիտակ․ գույնզգույնը, ճոխն ու շքեղը տատիկս չէ։ Ու ես էլ չեմ։
Ով գիտե, մահից անդին աշխարհի, գոյության ու հարազատների հետ հանդիպման գաղափարը գուցե ստեղծել են հենց ինձ նման մարդիկ․ նրանք, ովքեր անավարտ կարոտ են ունեցել իրենց մեջ։

https://i.postimg.cc/Gt08gVGk/1400436-615017111888122-1914518059-o.jpg (https://postimages.org/)pic share (https://postimages.org/)
1924, Աթենք։ Տատիկս իր քեռու տղայի հետ, 13 տարեկան:

Բարեկամ
10.09.2020, 06:25
Այնպես ստացվեց, որ ընկա հուշագրության մեջ, ու հիմա ձեռքերս քոր են գալիս գրելու մի հետաքրքիր կենցաղային, ես կասեի՝ կենսականության էլեմենտի մասին, որը, հոտերի նման, առաջացնում է ինձ մոտ ուժեղ ասոցիացիաներ, բայց, ի տարբերություն հոտերի, ոչ թե տանում է անցյալ, այլ ապրեցնում է ներկան մի աննկարագրելի հավեսով ու ոգեղենությամբ։

Խոսքս ձայնային կոմֆորտի մասին է, կամ ավելի շուտ՝ կոմֆորտային ձայների։

Ինձ մոտ, կարծում եմ, վիզուալ արտահայտչականությունը թույլ է զարգացած․ դրա համար երևի արվեստի մեջ չկամ։ Չկամ նաև երաժշտության մեջ․ դրա վայբերն էլ ինձ անհասանելի են։ Փոխարենը իմը բառերն են՝ գրավոր կամ արտաբերված։ Արտաբերվածը վեր է հանում գրավորը թղթից, տալիս եռաչափ արտահայտչականություն՝ ձայնային բոլոր հատկանիշներով՝ տոնայնություն, հաճախականություն, անգամ շնչառություն։ Բայց նշածս հատկանիշները միայն բառերը չէ, որ ունեն։ Այդ հատկանիշներից ունեն նաև որոշ դիսկրետ ձայներ․ օրինակ, կոշիկի կրունկի կտտոցը, բացվող ծրարի շրշյունը, ժամացույցի չկչկոցը սենյակի լռության մեջ, սուրճի բաժակի՝ իր ափսեին հպման չխկոցը, խիճը տրորելու խրթխրթոցը և այլ նման այնպիսի կենցաղային ձայնիկներ, որոնք ինձ մոտ առաջացնում են ներկայի, հարմարավետության ու կենսականության մի աննկարագրելի հավես ու ախորժելիություն։

Ու դրա մասին հիշեցի, ավելի ճիշտ՝ վերապրեցի մի քանի օր առաջ, երբ սկսեցի սովետական մի ֆիլմ նայել (յութուբի յաբախտի բերած ցուցակում էր, ես էլ հետաքրքրված բացեցի), որը երևի քչերն են նայել, պոպուլյար ֆիլմ չի եղել, բայց ընթացքում վերհիշեցի․ էդ ֆիլմը նայել եմ փոքր ժամանակ, եթե ոչ ամբողջովին, ապա ինչ-որ հատվածներ տեսել եմ, թեև տպավորել էին թույլ: Ֆիլմը, որը կոչվում է Каникулы Кроша (1980), մի տղայի մասին է, որը ազնիվ էր, չէ, ավելի ճիշտ՝ այդ տղայի հետ գործ բռնած մի կոլեկցիոներ արվեստագետի մասին էր, որն անազնիվ էր, չէ, ավելի ճիշտ կամ ավելի շուտ՝ ինձ համար ֆիլմը նեցկե կոչվող ճապոնական մանրաքանդակագործության մասին է, որն ինձ, այժմ նայելիս, ամբողջովին հափշտակել էր (չորս սերիա էր, նայեցի երկու օրում, շունչս պահած, մինչև գիշերվա մեկը-երկուսը – ուրիշ ազատ ժամ չունեմ)։

Ֆիլմում 17-րդ դարի ճամպոնական մանրաքանդակ արձանիկները կապել էին ճապոնական գրականության, ավելի կոնկրետ՝ պոեզիայի հետ։ Վիկիպեդիան, օրինակ, նեցկեի հաշվով նման կապի մասին չի ասում, ենթադրում եմ՝ ֆիլմարտադորղի մտահղացումն էր, որն այնպես բնական ու ավարտուն էր ստացվել, ու ուզում ես մտածել, որ իրականում այդպես էլ կա՝ արձանիկը պատրաստվել է պոեզիայի հիման վրա, կոնկրետ տող աչքի առաջ ունենալով։
Ֆիլմը դնում էր արձանիկը մի հարթ մակերևույթի վրա, ֆոնն աղոտանում էր, արձանիկը կոնկրետանում, ապա պտտվում իր բոլոր կողմերն ի տես, և սովետական հրաշալի՝ խորն ու փափուկ դիկցիան արտասանում էր տող ճապոնական պոեզիայից, ինչը բացատրում էր արձանիկը։
Առաջին անգամ էր, որ ես, համադրելով վիզուալը բառերի հետ, ընկալեցի ճապոնական պոեզիայի խորիմաստությունն ու գրավչությունը։ Այդ պոեզիան համահունչ է մանրաքանդակի նրբին, անավելորդ, «միայն գլխավորի մասին» բարձր արվեստին․ ճապոնական պերֆեկցիոնիզմ, որի ակունքների մոտ Ֆիլմն ինձ կարծես կանգնեցրեց, և ճանապարհ ունեմ անցնելու։

Հա, իսկ ֆիլմը, որ 80-ականների սկզբի սովետական արտադրության է, ներդրել էր հենց իմ ախորժած դիսկրետ-ձայնային կոմֆորտը, այդ ժամանակների ձայնային ռեժիսուրայի ավանդույթներով, ձայներ, որոնք անցկացնելով միջովդ ՝ կյանքն ապրել ես ուզում մի ուրիշ տեսակի հավեսով :)

Ի դեպ, դրանից հետո յութուբն առաջարկեց մի ուրիշ սովետական ֆիլմ, որը նույնպես սկսել եմ նայել ու նորից հաճույքով, բայց դրա մասին՝ հետո։

Բարեկամ
14.09.2020, 12:19
Քանի որ այնպես ստացվեց, որ ձեղնահարկիցս, որի մասին մի անգամ հիշատակել եմ (https://urish.livejournal.com/305277.html), մեկիկ-մեկիկ հանել սկսեցի գլխավորն ու առանձնահատուկը, պատմեմ նաև անցողիկի մասին, որը (վերա)դառնում է հավերժություն, երբ բերում ես նրան ներկա։

Անցած գրառմանս վերջում նշեցի, որ նայել եմ սկսել մի ուրիշ սովետական ֆիլմ (այս անգամ հանրածանոթ), որը հատուկ չփնտրեցի-գտա, բայց յութուբը պատահական առաջարկեց նորից, ու դա համապատասխան էր իմ ցանկությանը, ավելի ճիշտ՝ ներկայիս տրամադրությանը։

Շերլոկ Հոլմսի մասին սովետական ֆիլմերն էին՝ հինգ ֆիլմ, որ շարված էին իրար հետևից՝ ըստ նկարահանման ժամանակի (1979-1986) (և դեպքերի կատարման ժամանակագրության նաև), ընդհանուր 12 ժամ տևողությամբ։ Նայեցի մի քանի օրում, հերթական կեսգիշերային կինոդիտմանս սեանսին, երբ տանը բոլորը քնած են, և ոչինչ չի խանգարում տեղափոխվել ուրիշ դար, ուրիշ քաղաքակրթություն, ուրիշ արժեքների աշխարհ, ու վերջապես՝ կրկին մանկություն։

Երբ փոքր էի, Շերլոկ Հոլմս-ը նայում էի մեծագույն հաճույքով (թեև ամենը չէր, որ հասկանում էի)։ Իսկ հաճույքով նայում էի նախ Լիվանովի համար, որն անզուգական է Հոլմսի դերում (նույնիսկ եթե Կոնան Դոյլն այդպիսին չէր պատկերացրել իր հերոսին, ես հրաժարվում եմ նրան այլ կերպ ընդունելուց), ապա ֆիլմի աուրայի, գունային մուգուտաք երանգի, սենյակի դասական, գողտրիկ կահավորանքի, բուխարիում մշտապես կայծկլտացող կրակի, մարդկանց տեսքի ու հագուստների, հատընտիր խոսքի ու ձայների կոկիկության, ջենտլմենության ու կանացի շնորհքի, մթնոլորտի հարմարավետ հանգստության ու դյութիչ խորհրդավորության, պատվի, պարկեշտության ու նման արժեքների, և վերջապես ու անշուշտ՝ iconic դարձած երաժշտության համար։ Այս ամենը, ֆիլմի կլանող բովանդակությամբ հագեցած, դաջված է մանկությանս մեջ, ու կրում եմ մեջս՝ առանց նկատելու, որը հանելը տասնամյակների փոշու շերտի տակից ու վերապրելը՝ հետաքրքիր փորձություն էր։

Հետաքրքիր էր, որովհետև բացահայտեցի մի քանի բան․

Նախ, բովանդակությունն ավելի պրիմիտիվ էր, քան կարծում էի։ Ավելի ճիշտ՝ հակառակն էր․ միշտ կարծել եմ լուրջ, խորն ու բարդ, մինչդեռ մանկապատանեկան արկածային ոճի էր` բանից պարզվում է, թեև գրքերն էլ կարդացել էի ժամանակին։
Չգիտեմ, գուցե հարյուր հիսուն տարի առաջ, երբ սըր Արթուրը ստեղծել էր այդ կերպարն ու արկածները, նման գործերին ավելի լուրջ էին վերաբերվում, բայց հիմա, մինչև մեզ է հասել, վեր է ածվել ընդամենը դասականի, և զարմանալու ու քամահրելու փոխարեն, հարգել արժե ու պահպանել, կարծում եմ։

Երկրորդը, անցողիկի ու հավերժության մասին մտքերն էին, որ ֆիլմը հարուցեց։ Որքան որ երանելի էր «ապրելը» ֆիլմի «ներկայում» (ինչը փորձեցի ի մի բերել՝ վերևում թվարկելով ախորժելի բաղադրությունը՝ աուրայից մինչև երաժշտություն), նույնքան էլ ափսոսանք էի ապրում, որ դա այլևս անցյալ է, անդառնալի, նման հոգևոր ժամանակներ չկան այլևս, իսկ փոխարենն ունենք պլաստիկ դար, մթնոլորտ, արժեքներ։ Բայց հետո, երբ ավարտեցի նայելը, մի միտք ծնվեց հանկարծ․ իսկ գուցե հենց հավերժությունն այնտեղ է, որտեղ անցյալի «ներկան» վերապրվում է որպես ներկա «ներկա»։ Ճիշտ է, վերապրվում է ինչպես կար, առանց զարգանալու հեռանկարի, բայց չէ՞ որ դա էլ հենց հավերժության հայեցակարգն է․ անփոփոխ, մնայուն։

Եվ վերջապես, ֆիլմերից վերջինը՝ Հոլմսը քսաներորդ դարում, ինձ համար դա արդեն Հոլմսը չէր (այծի մորուքով մեղվաբույծ, ամերիկաներում ճամփորդած-ապրած, քաղաքականության մեջ խառը), ու այնքա՛ն չէի ուզում այդ համը մնար վերջում, որ վերադարձա նորից առաջին ֆիլմերին, վերանայեցի մի քանի պատառիկ, վերագտա իմ Հոլմսին, վերականգնեցի նրան իմ (և իր) ժամանակի ու հավերժության մեջ, և նոր միայն հանգիստ անջատեցի հեռուստացույցն ու գնացի քնելու։

Բարեկամ
25.09.2020, 07:07
Մեզ մոտ սկսվել է գարունը։

Առաջ, հատկապես երբ փոքր էի, չէի հասկանում, թե մարդիկ ինչու են սիրում գարունը։ Գարունն ինձ համար տարվա ամենաանհետաքրքիր եղանակն էր։ Ապրելով քաղաքում՝ նախ, չես տեսնում այդքան փառաբանված ծաղկունքը, փոխարենը տեսնում ես հալվող ձյան ցեխոտ շիթերը փողոցներին՝ մեքենաների անիվների տակից ֆշշոցով ցայտող, և հագնվելու առումով էլ թեև թեթևանում ես մի քիչ, բայց մի բան այն չէ՝ անհարմար են երկարաճիտքից կոշիկի անցնելու փուլը՝ հատկապես կիսահալ ցեխաձնաջրերի վրայով ցատկոտելու, և վերարկուին փոխարինելու եկած բարակ, կտորե անձրևանոցներն էլ տանել չես կարողանում։
Բայց գլխավորը՝ փոքր տարիքում կենսական էներգիան ուրիշ չափաբաժիններով էր բաշխված մեջդ․ այն ինձ մոտ խտանում, ջերմանում էր, երբ գալիս էր աշնան հերթափոխը՝ իր մուգ գույներով, տերևաթափով, ներքին մտահայությամբ ու մելանխոլիայով – դրա մեջ անսահման ոգեղենություն էի տեսնում։ Իսկ հիմա ավստրալիական անդեմ ու անգույն, սառեցնող ու չտրամադրող ձմեռվանից հետո, երբ դուրս ես գալիս փողոց, և ընդամենը արև է ու տաք, ստվերներ են ու իսկական ծաղկունք, քեզ թվում է, թե ներկա ես կյանքի արարման սկզբին և ուզում ես սկսել ապրել։

Մի հետաքրքիր բան եմ հայտնաբերել ինձ համար․ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ մարդուս էներգիան օրվա տարբեր հատվածներում տարբեր չափի ու որակի է, և ճիշտ դնել պահանջներդ ու սպասելիքներդ ինքդ քո հանդեպ։ Պետք է օպտիմալ օգտագործել օրվա էներգիադ՝ ըստ ժամերի․ չվատնել, երբ այն առատ է, և չմզել, երբ ուզում է անցնել հանգստի։ Հանգիստը շատ կարևոր է, դրանով է տեղի ունենում լիցքավորումը, և այդ առումով ամենից կարևորը քունն է՝ բավարար, ժամանակին կազմակերպված քունը։

Քանի որ հոգնածությունն ու լարվածությունն այս վերջին շաբաթների ընթացքում անկանոն ու անհամաչափ չափաբաժիններով են բեռնում օրս, օրվա վերջում էներգիաս խռովում ու էշի համառությամբ դեմ է տալիս ոտքերը, որ իրեն էլ չբզեմ։ Լավագույնը, որ «թույլ է տալիս» ուշ երեկոյան, բազմոցին կիսապառկած մեկնվելն ու հանդարտ, հավեսով լի սովետական մի ֆիլմ դիտելն է՝ հանգստի իմ սիրած ձևերից մեկը։ Բայց ամենից լավը կլիներ շուտ քնելն, իհարկե։

Թուլացնելու համար հոգնության լարվածությունս, որոշեցի երեկ երեկոյան գործից հետո ծովափ գնալ։ Գործից հետո, վեցի մոտ, ուղիղ քշեցի ընկերուհուս տուն, վերցրի նրան ու մյուս ընկերուհուս, ճանապարհին վերցրինք աղջկաս, ու երբ հասանք ծովափ, մութ էր։ Մերձափնյան սակավամարդ էր, համարյա ամայի, ափի միակ լուսավոր կետը սպիտակ քարից երկհարկանի ռեստորանն էր, ուր մարդիկ աշխույժ ճաշում էին։
Մենք ընդամենը զբոսնում ենք ռեստորանի լույսով լուսավորված սև մերձափնյայով՝ հետ ու առաջ, ու զրուցում դեսից-դենից։

․․․Հեռվում ավազին, նստած է աղջիկս, կիսալուսնի լույսով հազիվ նշմարվող։ Մոտենում եմ, նստում կողքին․ ծովն անալիք, թույլ շոյում է ափը։ Անտրամադիր է, դեմքին՝ անմնացորդ տխրություն։ Զրուցում ենք։ Արցունքները գլորվում են։ Սիրտս սեղմվում է։ Ուզում եմ հասնել իրեն, հասկանալ, գրկել, կիսել ու օգնել։ Չեմ փորփրում շատ, անցնում եմ կողմնակի զրույցի։ Զարմանում է, (մինչ այդ քայլում էր մեզ հետ), որ ընկերուհիներս կարող են այդքան սխալ մտքեր ունենալ։ Բացատրում եմ, որ ոչ թե մտքերն են սխալ, այլ դա մեծահասակների հոգեբանություն է, կամ «մշակույթը»՝ եթե կուզես․ ասել բաներ, որոնց ինքդ էլ չես հավատում, բայց ուզում ես հուսադրել մարդկանց, որ ամեն ինչ լավ կլինի, պարզապես որ մարդիկ իրենց լավ զգան։ Ասաց․ ես այդպես չեմ կարող [ասել ոչ ճիշտը]։ Նա ոչ միայն առաջ էր այդպիսին, կամ հիմա՝ տասնչորս տարեկանում, ինձ թվում է՝ նա երբեք չի կարողանա, և շատ եմ ուզում, որ դա չբարդացնի իր կյանքը, բայց օգնի ապրելու ներդաշնակ ինքն իր հետ՝ առանց զգալի կոնֆլիկտների հասարակության հետ։
Որոշեցինք երբեմն գալ ծովափ, միայն երկուսով, թեկուզ աշխատանքային-դպրոցական օր, երեկոյան հինգին-վեցին, լողալ, հետո ճաշել այդ ռեստորանում՝ սպիտակ ավազաքարից, որը լինելու է միակ աշխույժ ու լուսավոր կետն այդ ժամին, մութ ու ամայի ծովափին։

Բարեկամ
24.03.2021, 08:17
24-3-21, 2։40AM

Չորս օր բառացիորեն անընդմեջ տեղալուց հետո անձրևը քիչ առաջ դադարեց։
Անձրև սիրում եմ, որովհետև շարժ է ու փոփոխություն, բայց երբ ջրաշիթային վարագույրը դառնում է տեսարանիդ անփոփոխ, միապաղաղ մասը, հոգնում ես․ անձրևի բացակայությունն է դառնում ցանկալի շարժ։
Գիշերը կարծես ջրվեժի հարևանությամբ քնած լինեի․ մթության քողի տակ, ասես գաղտնի դուրս էր թափում իրեն շռնդալեն՝ կատաղած ծեծելով ջրհորդանի թիթեղը, և ուզում ես ասել՝ եղավ-լա՜վ, մի քիչ կամաց․․․
Առավոտյան փակեցի պատուհանը, որովհետև միալար, թաց ձայները խանգարում էին դաս լսել․ համալսարան չգնացի էս առավոտ, անձրևների պատճառով դասն օնլայն էր։

Ինչքան էլ որոշում եմ լռել, չի ստացվում առանձնապես։ Խոսում եմ էլի ինչ-որ բաներ, հետո փոշմանում։ Կարծես կրքի պես անկառավարելի ու մի տեսակ անճիշտ բան ներթափանցի ուղեղս՝ արձագանքելու, կուտակվածը դուրս շպրտելու մղումով։ Կարևորը՝ շպրտածդ բումերանգի պես հետ չշպրտվի։ Բայց իմ անձնական թաղանթի ներսում հետ է շպրտվում հենց անմիջապես, առանց կանգառի, դրա համար էլ փոշմանում եմ։
Խոսում եմ, որովհետև չեմ սիրում կուտակումներ։ Որևէ տեսակի։ Էդ մասին շատ եմ գրել։ Այ կվերցնեմ ու սրանից հետո կուտակումներն էստեղ կշպրտեմ, իսկ ֆիզիկական կյանքում՝ լուռ։ Բայց բարեկամս ասում էր էսօր․ եթե հանկարծ մի օր լուռ լինես, ուրեմն քեզ մի բան պատահել ա․ լռելը քո դեպքում ախտանիշ ա, ընդ որում՝ առաջնային։

Երեկ գիշեր երկու ժամ եմ հազիվ քնել։ Քննական առաջադրանքներիս վրա եմ աշխատում։ Օրս այսպես է․ համալսարան, հետո՝ աշխատանքի, հետո՝ օնլայն գործնականներ, հետո՝ գիշեր ու քննական առաջադրանք։ Արանքներում՝ հպանցիկ շփումներ ընտանիքիս, երբեմն էլ՝ ընկերներիս հետ։ Երկու օրից վերջնաժամկետն է, չգիտեմ՝ կհասցնե՞մ, ամեն դեպքում մի շաբաթով խնդրել եմ երկարացնել վերջնաժամկետը․ մի փաթեթ թուղթ ուղարկեցի՝ շտապօգնություն, հիվանդանոց, գործողություն, ձեռքս՝ գիպսի մեջ, երկու շաբաթ հետո արնահոսում էր, գիպսը փոխեցին, ու էդպես արդեն մի ամիս։ Գիպսն անցած երկուշաբթի հանեցին․ թևս կարծես միանգամից ծանրացավ, պրկվեց, մկաններովս ասես ծանրքաշային հոսանք անցներ։ Անցներ ու չգնար։ Գիպսով լավ էր, համարյա չէր ցավում, կամ քիչ էր ցավում։ Իսկ հիմա, երբ հեռացրին հենարանը, գրավիտացիան զգացնել տվեց, որ ունեմ թև, որում ջիլերը վնասված են։
Փետրվարի 24-ին պատահեց, չորեքշաբթի, երեկոյան ութի մոտ։ Մարզիչս առաջարկեց նոր վարժություն բատուտի վրա․ ցատկել ու կանգնել ձեռքերի վրա (ռուսերեն ասած՝ ստոյկա, բայց թռիչքով) ։ Ես թևերիս մեջ միշտ էլ քիչ եմ ուժ ունեցել․ փոքր ժամանակ բակում գործագործ չէին խաղացնում․ լքված ու անտեսված, խմբի պոչից քարշ գալով, հետևում էի ակտիվ ու ճարպիկ ընկերներիս, որոնք "տոպկում" էին գնդակով այնպես, որ ոտքիդ, թևիդ, երբեմն էլ դեմքիդ վրա վարդագույն, ցավոտ շրջան էր դաջվում, իսկ աչքերիցդ՝ կայծեր դուրս թռչում։
Բատուտ չեմ սիրում, բայց ցատկեցի ու կանգնեցի ձեռքերիս վրա։ Երկրորդ անգամ փորձեցի ավելի բարձր (իբր որակի բարձրացում), և վայրէջ կատարելով ձեռքերիս վրա՝ ցատկի հետևանքով ավելի մեծ թափով, թույլ թևերս ինձ չպահեցին․ արմունկի մասում ճկվեց՝ ծալվելով հակառակ ուղղությամբ, ինչպես ինձ թվաց՝ երևի առնվազն մի վաթսուն աստիճանի սուր անկյուն կազմելով ինքն իր նկատմամբ։ Երբ գիտակցեցի, թե ինչ կատարվեց (իսկ դա հենց ճկվելու միկրովայրկյանների ընթացքում էր), առաջին բանը, որ միտքս ծակեց աներևակայելի ցավի մեջ, հետևյալն էր․ սենց բան իրականում եղավ փաստորեն, սա երազ չէ (դե, նման ահուսարսափները սովորաբար երազում են լինում՝ արթնանալու մղումով)։ Անկեղծ ասած, մի միկրոհատիկ մթագնած հույս ունեի, թե դեռ, գուցեև, հանկարծ ու՝ երազ էր․․․
Շարունակությունը՝ ճիչեր ցավից, I broke my arm!, կանչ՝ շտապօգնություն, ինչու-չեն-գալիս-կես-ժամ-անցավ, մարզիչս՝ Աննան, բռնել է թևս, որ չշարժեմ (ինչ շարժել, միայն իր գոյությունն արդեն անտանելի ցավ էր), ձեռքերով ծածկած է պահում արմունկս՝ գոռալով՝ don't look at it! don't look at it!, բայց ես մտադիր էլ չեմ նայել (ցավի մեջ` նման անտանելի, ամենաքիչ բանը, որ առկա է, հետաքրքրասիրությունն է), իսկ շտապօգնությունն ուշանում է, խնդրում եմ, աղաչում եմ նորից զանգել, ասեն, որ շտապի, ցավին փորձում եմ դիմակայել շատախոսությամբ (ուրիշ ինչով :) ), Աննային մանրամասն նկարագրում եմ, թե ոնց է ցավում, ու որ ինքը բան չի հասկանում, ու չի կարող պատկերացնել, ինչքան էլ փորձի․․․
Գալիս են պարամեդիկները, մագլցում բատուտի վրա, մորֆին, հետո ինչ-որ կանաչ սուլիչ՝ թմրեցնող․ ցավում է մշուշի մեջ, շատախոսում եմ մշուշի մեջ․․․ Քննարկում են, թե ինչպես տեղափոխեն, որ թևս մոլեկուլ անգամ չշարժվի․ կարծես դուրս էր ինձնից, մի քանի չպոկված ջիլով անկապ կախված, բայց ցավը․․․
Շտապօգնության մեքենայի մեջ պառկած՝ ճանապարհին եմ, գլորվող անիվի տակ սալահատակի ամեն մի չնչին անհարթությունը՝ ցավ ու ոռնոց, կամա՛ց քշեք, կամա՜ց․․․ Էդ ընթացքում մի հատ էլ մորֆին, ու մի հատ էլ նորից՝ հիվանդանոցում։ Շտապ տարան "պրոցեդուրային", քթիս անցքերի մեջ ինչ-որ խողովակներ խցկեցին, ասացին՝ խորը շնչիր, հիմա հայտնվելու ես դրախտային մի տեղ, վայելի։
Անկեղծ ասած՝ ուրախացա (եթե դա ճիշտ բառն է էդ վիճակում)․ միշտ ուզել եմ իմանալ, իսկ ավելի շատ՝ ապրել, թե ինչ զգացողություն են առաջացնում ամենաուժեղ թմրանյութերը, և looking forward վիճակում փակեցի աչքերս։ Սկզբում դիմացս ինչ-որ խոռոչներ տեսա, մի քանի հատ, սպիտակ մակերևույթի վրա՝ սև դոնդողանման թմրող խոռոչներ, որ բացվում-փակվում էին։ Մտա մեկի մեջ․․․
Այն, ինչ հիշում եմ "մեջից", կյանք էր, ակտիվ ընթացող կյանք, ինչ-որ ակտիվ իրավիճակներ, մարդիկ, եռուզեռ, սովորական կյանք, ու խոսում են շատ՝ չավարտվող, իրար հերթ չտվող խոսակցություններ (ուրիշ ինչ․ չէ՞ որ ես էի դրանք գեներացնում :) ), իսկ ես քննություններ ունեմ, մտքերս միայն առաջադրանքներիս շուրջն են, գլուխս՝ խառը, ժամկետներ ու վերջնաժամկետներ․․․
Երբ արթնացա, մի ժամ թողեցին, որ ուշքի գամ վերջնականապես՝ մինչև X-ray անելը։ Մինչ ուշքի էի գալիս, բողոքում էի․ դրախտի փոխարեն քննությունների մղձավանջ էր, բժիշկ․․․
Թևս տեղն էին գցել։ Հետո՝ գիպս, ու ցավը քարացավ, դառավ գիպսի մաս։

Հիմա վերականգնվում ենք։

Այսօր այսքանը։

Բարեկամ
30.03.2021, 20:23
Երրորդ դասարանում մաթեմատիկայիս ուսուցչուհին՝ ընկեր Աթանյանը, որը շապակլյակի գլխարկով ու վերարկուով, մանրիկ, կկոցած աչքերով և մշտապես բազմանշանակ սեղմած բարակ շուրթերով միջին տարիքի մի կին էր, ինձ հանձնարարեց պատրաստել ալբոմ մաթեմատիկայի դասարանի համար։
Հանձնարարեց ինձ, որովհետև դասարանի ամենալավ սովորողն էի։
Ալբոմը ծանր ու հաստ, թավշյա, մուգ մանուշակագույն կազմով մի պատկառելի զանգված էր, ներսի մոխրագույն, մազմզոտ թերթերը՝ նույնքան հաստ, որ բացելիս շրջվում էին, ոչ թե թերթվում: Աթանյանը հանդիսավոր հանձնեց ինձ ալբոմը՝ պատվիրելով, որ զգույշ լինեմ, չփչացնեմ։ Հետո երկրաչափության դասագրքի մեջ նշեց-առանձնացրեց այն օրենքներն իրենց գծագրերով, որոնք պիտի սիրուն, գունավոր մատիտներով արտագրեի-արտանկարեի ալբոմի մեջ։ Երկու շաբաթվա մեջ կվերջացնես, կարգադրեց Աթանյանը։

Տուն հասնելուն պես անցա գործի։ Դողացող ձեռքերով (վախենում էի սխալվել) սկսեցի առաջին էջը, ապա ավելի վստահ անցա երկրորդին, երրորդին, չորրորդին․․․ Կեսգիշերին մոտ էր, մնացել էր մի թերթ։ Հոգնել էի։ Շատ։ Գլխիս կափարիչը կարծես ժայթքող հրաբխի ծածկ լիներ․ տակից բլթբլթում էր, հիմա կպայթի։ Ուժեղ սրտխառնոց ունեի (երևի գլխացավից)։ Պապաս ձեռքս բռնած հանեց ինձ պատշգամբ․ ափով շոյում էր ճակատս ու բացատրում, թե ինչպես շնչեմ ու արտաշնչեմ՝ խորը ու դանդաղ։ Օդը սառն էր, գիշերային։ Անում էի, ինչպես պապաս էր ասում, բայց չէր օգնում առանձնապես․ նույն պայթող գլխացավն ու սրտխառնոցը։
- Էդ վա՞ղն ա ուզել, - հարցրեց պապաս կիսաբարկացած-կիսավրդովված՝ ուղղված ուսուցչուհուն։
- Չէ, երկու շաբաթից։
- Բա ինչի ես էդքան նստե՞՛լ․․․, - պապայիս զայրույթն արդեն ինձ էր ուղղված։ - Գնա քնելու՛։

Առավոտյան ալբոմն, ավարտած, տարա դպրոց։ Աթանյանն աչքերը մի պահ կկոցեց վրաս՝ անվստահությամբ, ապա բացեց ալբոմը և սկսեց լուռ ու դանդաղ թերթել։ Կանգ առավ այն թերթի վրա, որտեղ․․․ սխալվել էի ու վրայից փորձել ուղղել ավելի մուգ գույնով․ անճոռնի մի բան էր ստացվել, իմ հոգնած խայտառակությունը, որի համար վախենում ու վատ էի զգում այնքան։ Աթանյանն աչքերը նորից կկոցեց վրաս, այս անգամ թարս, ապա շարունակեց թերթել՝ մեղադրական ճոճելով գլուխը, բարակ շուրթերն է՛լ ավելի պինդ սեղմած։ Հետո այդպես էլ լուռ, առանց մի բառ արտասանելու տարավ ու դրեց ալբոմը դասարանի ծայրի պահարանին, բաց վիճակում (ոչ սխալված էջի մասում, իհարկե)։

Այդ ալբոմը ես ատում էի։ Քանի այնտեղ էր։ Քանի այնտեղ էինք։ Ատում էի այն հոգնած-սխալված էջի համար, որը թեև ոչ մեկ այդպես էլ երբևէ չբացեց ու չնկատեց, բայց ես գիտեի, որ այնտեղ է։ Ոչ մի հատիկ գնահատանքի համար։ Բայց ամենից շատ ատում էի անհամբեր պարտաճանաչության և/կամ պարտաճանաչ անհամբերույթանս համար․ ավարտել շուտ, չթողնել ոչինչ ինչ-որ պահ անավարտ։

Բարեկամ
21.04.2021, 05:53
19 ապրիլի 2021, կիրակի 11:59AM

Երբ երեխաները մեծանում են, բարդանում է ընտանեկան միջոցառումների հարցը։ Փոքր ժամանակ ավելի լայն է ընտրության շրջանակը և ավելի ստանդարտ ու քիչ քմահաճ են երեխաների պահանջները․ կինո, պուրակ, համերգ, խաղատեղեր, գազանանոց․․․ Հեշտ է գոհացնել։ Մեծանալով՝ հետաքրքրություններն ավելի որոշակի են դառնում, պահանջներն՝ ավելի խիստ, իսկ ամենագլխավորը՝ երեխաներն անկախանում են, և նրանց համար ավելի հետաքրքիր է ժամանակ անցկացնել իրենց նմանների հետ։ Աստիճանաբար ընկերների հետ դուրս գալը դառնում է ավելի հաճախակի՝ մի կարճլիկ տեղեկացմամբ, և տուն վերադառնալու ժամերն էլ հետզհետե ընկնում են օրվա ավելի ուշ սեգմենտ, ինչպես և դուրս գալու ժամերն են տեղաշարժվում դեպի ավելի ուշ ժամ աստիճանաբար։
Եվ այնուամենայնիվ, ես կարևորում եմ պարբերական ընտանեկան միջոցառումների անհրաժեշտությունը՝ անկախ երեխաների տարիքից։ Եվ դրանք, իմ համոզմամբ, պետք է պահպանել ողջ կյանքի ընթացքում՝ սովորույթն այդ ու դաստիարակությունը փոխանցելով սերնդից սերունդ։

Այսօր գնացել էինք արվեստի թվային ցուցահանդես։ Շրջիկ ցուցահանդես է աշխարհով․ ընդարձակ սրահում հսկայական ստենդ-էկրաններ՝ որոշակի դասավորվածությամբ ու միմյանց նկատմամբ անկյամբ, մի ստենդ էլ ինքը՝ հատակն է։ Ապա այդ էկրաններին ինչ-որ բան են ցուցադրում՝ երաժշտության համադրությամբ։
Կենկրետ այս մի ցուցահանդեսը կոչվում էր "Մոնե և ընկերներ", թեման իմպրեսիոնիզմն էր։ Մինչ բուն սրահը մտնելը նախասրահ է, որտեղ իմպրեսիոնիստների մասին համառոտ տեղեկություններ են՝ պատերին մեծ-մեծ կախված, ինչպես նաև ժամանակաշրջանի քրոնոլոգիա՝ նկարչության այդ ճյուղի առաջացման հանգամանքների բացատրությամբ։ Բուն սրահում նկարիչների աշխատանքների ահռելի թվային պրոյեկցիաներն են թափառում՝ մեկումեջ ընդմիջվելով հեղինակների ասույթներով, և այդ ամենը՝ դասական երաժշտության ուղեկցությամբ։
Դու՞ր եկավ ինձ։ Ոչ այնքան։ Միայն այնքանով, որ հիշեցրեց իմպրեսիոնիզմի մասին, առիթ հանդիսացավ որոշ տեղեկություններ ստանալ ուղղությունից ու ժամանակաշրջանից՝ մտորումների սնունդ, և ասույթներն էլ քիչ թե շատ փորձեցին բացել նկարիչների մտքի ու զգացողության վարագույրը։ Բայց վայելել նկարներ ոչ միայն չստացվեց, այլև դրանց թվային փոխակերպումը կարծես այլափոխում, եթե ոչ այլասերում է արվեստի բուն նպատակը։ Ամենամեծ դիսկոմֆորտը` երբ սեանսի վերջում Մոնեի ջրաշուշանները վերածվեցին թվալուսագունային փայլփլիկների և էկրաններից հրավառությամբ պայթեցին սրահով մեկ։ Այդ ամենը, իմ կարծիքով, Մոնեի հետ կապ չուներ, ու ենթադրում եմ՝ Մոնեն էլ, որ ամեն մի դրած ներկի գույնն ու երանգը, չափն ու համաչափությունը ստեղծագործել էր տքնաջան՝ մանրակրկիտ դուրս հանելով սեփական զգացողությունների գամման, կնեղվեր երևի։
Երեք տարի առաջ Փարիզում այցելեցի Օրսեյ թանգարան՝ իմպրեսիոնիզմ տեսնելու նպատակով հատուկ։ Այդ և այս փորձառություններն անհամեմատելի են։ Գուցե ցուցահանդեսի ստեղծողները նպատակ էլ չեն դրել համեմատելի տպավորություններ հարուցել, բայց եթե ցուցահանդես է, թեկուզ թվային, արվեստ տեսնելու սպասելիքով ես գնում։
Եվ այնուամենայնիվ, չեմ զղջում, որ գնացինք։ Նախ, երեխաներս տեղեկացան իմպրեսիոնիզմի մասին։ Աղջիկս, որ նկարում է, գիտեր որոշ չափով (այցելելն էլ իր մտահղացումն էր ). ունի որոշակի կարծիք և նախընտրություն կոնկրետ ոճերի ու նկարների հետ կապված, ընդ որում դա իր ուրույն, չազդված կարծիքն է (ինչպիսին որ ինքն, առհասարակ, է)։ Սիրում է, օրինակ, Մոնե, և իր համար հայտնաբերեց նոր հավանություն՝ Տուլուզ-Լոտրեկին։ Վերջինս օրինակ ինձ՝ արվեստից առանձնապես չհասկացող մարդու համար, անհասկանալի է։ Տղաս, որ արվեստի մեջ չկա առանձնապես, բավականին հարստացրեց իր տեղյակությունն այդ բնագավառում (գիտելիքներ, իհարկե, չես անվանի)․ մի քանի րոպե հետո ամբողջ սրահը կարդացել էր ծայրից-ծայր՝ հափշտակված երևույթի ու ժամանակաշրջանի պատմական կողմով (պատմության բնագավառն իր հետաքրքրությունների շրջանակում է), մինչդեռ ընդամենը թռուցիկ ուշադրություն դարձնելով բուն նկարներին։ Իսկ ես, որպես հոգատար մամա ու դաստիարակ, աղջկաս մի կողմից էի նյարդայնացնում՝ ստիպելով պատմությունները կարդալու, տղայիս՝ մյուս կողմից՝ նկարների տեխնիկային ուշադրություն դարձնելու։ Մինչդեռ պետք էր երևի հանգիստ թողնել յուրաքանչյուրին վերցնելու իր համար հետաքրքիրը։

Բարեկամ
21.09.2021, 16:38
Հետաքրքիր մի բան եմ վերջերս հայտնաբերել․ այն, ինչը դեռ ներկա է, չի պատմվում։ Փոխարենը՝ պատմվում է անցյալը։ Այսինքն, ներկային անցյալ է պետք դառնալ, որ պատմվի։ Դառնալով անցյալ՝ երևույթները կարծես ավելի տեսանելի են դառնում, ինչպես որ առարկան ես մի-փոքր հեռացնում քեզնից, որ լավ տեսնես (լավ ընկալես)։ Չգիտեմ՝ ինչու է այդպես։ Երևի այն պատճառով, որ երբ ժամանակը հեռացնում է քեզ երևույթից, էմոցիոնալ վերաբերմունքդ վերջինիս հանդեպ մարում է աստիճանաբար, և ի վիճակի ես լինում ավելի սթափ գնահատել (կամ ընկալել) տեղի ունեցածը, անգամ պատկերները։ Թերությունը, թերևս, միայն նրանում կարող է լինել, որ մոռացած կլինես մանրամասները։

Այսօր տեղափոխվեմ 2019 թվականի հուլիս ամսվա սկիզբ, երբ մի նախագծի շրջանակում առիթ ընձեռնվեց մի 4-5 օրով մեկնելու Մալազիա։
Մալազիայում մինչ այդ եղել էի տրանզիտով, մի քանի տարի առաջ․ թափառել էի մի քիչ մայրաքաղաքի կենտրոնում, լուսանկարել՝ միմյանց ասես պորտալարով կապված երկու բարձր երկնաքերերը՝ Կուալա Լումպուրի խորհրդանիշը, անհետաքրքիր մենակության մեջ կերել մալազիական ծանր ու անհամ ավանդական ճաշ։ Այս անգամ մենակ չէի մեկնելու, այլ գործընկերջոս հետ, և մի քանի գործնական հանդիպումներից բացի նախատեսված էր նաև մի casual հանդիպում. գործընկերս, պարզվեց, մի վաղեմի, հայ ընկեր ուներ Կուալա Լումպուրում բնակվող։

Ճամփորդելիս ես մի անխախտ սովորություն ունեմ․ նոթատետր եմ պահում, ուր ամեն օր մի քանի տողով գրանցում եմ օրվա ընթացքում տեղի ունեցածը։ Այն պարզ պատճառով, որ մոռացկոտ եմ, իսկ ճամփորդական հուշեր գրանցելն ինձ համար արժեքավոր է, քանի որ ճամփորդելիս է, որ խախտվում է օրերիդ կանխատեսելի առօրեականությունը, ինչն, ըստ իս, արժե թղթապահել (մտապահել՝ ինձ որ դժվար հաջողվի, հատկապես ուզածս մանրամասնությամբ)։

Սիդնեյից Կուալա Լումպուր թռիչքը ինը ժամ է։ Մենք ճամփորդում էինք բյուջետային ավիաուղիով, ինչը նշանակում է՝ հեռուստացույց ինքնաթիռում չկա․ ճանապարհին կարդում էի Ալբերտո Մորավիայի «Արհամարհանքը»` հայերեն, (գրքի մասին գրառում (https://urish.livejournal.com/333220.html) ունեմ նույնիսկ)։ Կուալա Լումպուր ժամանեցինք երեկոյան վեցին, հյուրանոցում ինձ կարգի բերեցի արագ ու իջա ներքև՝ բար, որտեղ գործընկերս արդեն նստած էր իր այն վաղեմի, հայ ընկերոջ և վերջինիս զուգընկերուհու հետ։ Հազիվ էի հասցրել բարևել, երբ գործընկերս հաղորդագրություն ստացավ, որ նույն հյուրանոցի վերևի հարկի սրճարանում մեզ էին սպասում երկու պոտենցիալ գործընկերներ՝ մեկը Ճապոնիայից, մյուսը՝ Անգլիայից ժամանած (որոնք և նախաձեռնել էին այս նախագիծը)։ Գործընկերս ինձ խնդրեց մնալ բարում՝ զբաղեցնելու իր ընկերոջը (անհարմար զգաց մենակ թողնել նրանց), իսկ ինքը շտապեց վերև՝ ասելով, որ մի կես ժամից կվերադառնա։ Վերադարձավ երեք ժամից միայն, և այդ ընթացքում ես արդեն հասցրել էի ծանոթանալ Ռազմիկի և Սառայի հետ։ Ռազմիկը վաղ հիսունհինգի շուրջ, բավական գրավիչ արտաքինով, ասող-խոսող, աշխույժ մի տղամարդ էր, որն իր շարժուձևով, խոսելու ոճով, ծիծաղելիս բերանի բացվածքով ու նույնիսկ կատակներով այնպես ուժգին էր հիշեցնում մորաքրոջս [ֆրանսիացի] ամուսնուն, որ այդ կերպարից դուրս ընկալել իրեն ես այլևս չկարողացա (զարմանքս անչափ մեծ եղավ հետո, երբ իմացա, որ իրականում 66 տարեկան է)։ Սառան երեսունի շուրջ արտակարգ ճըտ-պըտ ու մարդամոտ (միևնույն ժամանակ՝ հաճելիորեն շիտակ), ճարպիկ և աչալուրջ աղջիկ էր՝ խիստ ասիական արտաքինով, այն է՝ աչքերն այնքան շեղ էին, որ կարծես փակ լինեին։ Սառան, առհասարակ, բավական արտասովոր դեմք ուներ՝ ասես ճապոնական միջնադարյան թատրոնի գաջի պես ճեփ-ճերմակ դիմակ լիներ՝ ընդգծված ընդամենը մի քանի շտրիխով։ Այդ ամենը է՛լ ավելի էկզոտիկ լրացնում էր Սառայի հյութեղ-թանձր, քիչ խզված ձայնը, որը մասնագետները, կարծում եմ, "սեքսի" կկոչեին :
Զբաղեցնելու կարիք նրանց առանձնապես չեղավ, ընդհակառակը, երկուսով ինձ էին աշխուժորեն զբաղեցնում, և նրանց բազմատեսակ, մի թեմայից մյուսը թռչող աշխույժ զրույցներից մի հետաքրքիր տեղեկություն տպավորեց․ պարզվեց՝ Ռազմիկը, երբ նոր էր տեղափոխվել Մալազիա, մի քանի տարի (!) ապրել է հենց նույն այս հյուրանոցում (որն, ի դեպ, ոչ ավել, ոչ պակաս՝ հինգ֊աստղանի շքեղ Հիլթըն էր)։ Իսկ իմացա դրա մասին պարանոյաների շուրջ կոնտեքստում, երբ Ռազմիկը խոսքի մեջ նշեց, որ ինքն այն աստիճան զզվող է, որ անգամ երբ մի քանի ամիս ճամփորդելիս է եղել այլ երկրում, այս հյուրանոցի իր սենյակը շարունակել է պահել՝ անխախտ վճարելով համարյա քառանիշ թվի հասնող օրավարձը, որպեսզի հատուկ իր համար խնամքով մաքրած ու ախտահանած սենյակում ուրիշ կենվոր ոտք չդնի։ Սառան էլ ավելացրեց, որ այն աստիճան զզվող ու վախեցող է Ռազմիկը միկրոբներից, որ մի անգամ հանրային ինչ-որ զուգարանում անձեռոցիկը վերջացած է եղել, և Ռազմիկը, ուրիշ ոչինչ մոտը հարմար չունենալով, թղթադրամով է ստիպված եղել բռնել դռան բռնակը՝ դուրս գալու համար, ապա դեն է նետել միկրոբոտված թղթադրամը։ Լսելով այս պատմությունները, և տպավորված նույն հենց Հիլթընի բարում նրանց պատվիրած կոկտեյլների քանակից (նկատի ունենալով դրանց քառակի գները՝ այդ հյուրանոցի համարի օրավարձին համահունչ, ընդ որում՝ Սառան եռանդով հորդորում էր ինձ մեկ այս, մեկ այն խմիչքը փորձել՝ վրա-վրա պատվիրելով), ստիպված էի եզրակացնել, որ գործ ունեմ ինչ-որ ֆինանսական մագնատների հետ, հատկապես, երբ վերջում կռիվ սկսվեց երեքի միջև (Ռազմիկի, Սառայի և գործընկերոջս), թե ով հաշիվը փակի, ու մեծ ղալմաղալից հետո հաղթեց Սառան, որը ճարպկորեն ճանկեց հաշիվն ու իր քարտն արագ սահեցրեց մատուցողի պարզած սարքի միջով։ «Ինքն Amex-ում է աշխատում, ուզում է իր քարտով փակել, որ միավորներ հավաքի», աչքով արեց Ռազմիկը։ Սառայի միավորամոլության շուրջ ես հետագայում դեռ պիտի զարմանայի. նման հաշվենկատությունն ու ծախսելու թափը ոչ մի կերպ չէին համատեղվում իմ պատկերացումներում։
Ռազմիկն ու Սառան լքեցին հյուրանոցը կեսգիշերից բավական հետո՝ պայմանավորվելով, որ հաջորդ օրը կհանդիպենք։

Հանդիպել նրանց հաջորդ օրը չհաջողվեց, քանի որ ամբողջ օրը զբաղված էինք գործնական վազվզոցով, որոնց զգալի մասը Մալազիայի խոշորագույն փոստային ընկերությունում էր (ընկերությունը պատրաստվում էր գնել ծրարավորման մեքնենաների մի բարդ համակարգ, որի հնարավոր մատակարարներից մեկն էլ մենք էինք)։ Հաստատությունն այդ, որն ըստ երևույթին պետական հիմնարկ էր, հիշեցնում էր սովետի ժամանակվա գործարաններից՝ անմաքուր ու անխնամ։ Ժողովի ընթացքում ինքս ինձ ծակծկում էի եղունգներովս, որ հաղթահարեմ աչքերիս անդիմադրելի փակվելը․ երկրորդ օրն էր՝ անքուն էի՝ ո՛չ ինքնաթիռում էի քնել, ո՛չ էլ Ռազմիկենց երկարատև այցը օգնեց։ Ժողովն ավարտվեց երեկոյան յոթին, բայց հյուրանոց վերադառնալով՝ գործնական հանդիպումները շարունակվեցին․ 33-րդ հարկի բիզնես լաունջում մեզ էին սպասում այն երկու հնարավոր գործընկերները՝ ճապոնացին ու անգլիացին, ովքեր էլ, պրեզենտացիան քննարկելուց հետո, առաջարկեցին միասին գնալ ընթրիքի, ինչից հրաժարվեցի, քանի որ բոլոր մարտկոցներըս նստած էին անմնացորդ, և ինձ միայն մի բան էր անհրաժեշտ․ քնել:

(շարունակելի)

Բարեկամ
21.09.2021, 16:39
Ռազմիկին ու Սառային հանդիպեցինք հաջորդ օրը երեկոյան միայն։ Մեքենայով եկան մեզ վերցնելու մեր հաճախորդ մի ուրիշ ընկերությունից, որը գտնվում էր բիզնես-կենտրոնից դուրս մի սովորական բնակելի թաղամասում, ինչը հիշեցնում էր Երևանի մոտավորապես Արաբկիր թաղամասը՝ թե՛ շենքերի [սովետական] ճարտարապետությամբ, թե՛ անծառ, անբարեկարգ փողոցների տապ ու փոշով։ Ի դեպ, ընկերության գրասենյակը մտնելիս մեզ ստիպեցին հանել կոշիկները, ինչը, ինչպես հասկացա հետո, Մալազիայում անխախտ սովորություն է․ կապ չունի տուն ես մտնում, թե գրասենյակ, կոշիկները հանելը պարտադիր է։ Գրասենյակում օդափոխարկիչը սառեցնում էր ինչպես Անտարկտիդայում, և բոբիկ ոտքերս, թեև հուլիս ամիսն էր, փայտացել էին (արդյունքում, հետդարձին՝ ինքնաթիռի մեջ, ջերմում էի, ու հետո մի շաբաթ պառկեցի անգինայով)։

Երբ բոլոր գործնական հանդիպումներն ավարտվեցին, և վերջապես ազատ էինք, մեզ մնացել էր մեկ երեկո և մեկ լրիվ հաջորդ օր` Կուալա Լումպուրում։ Մինչ կարելի կլիներ ըմբոխշնել լիակատար ազատություն և հանգիստ, շտապ մի թուղթ պետք եղավ տպել, և Ռազմիկենք տարան իրենց տուն, ուր պրինտեր կար։ Երբ (կոշիկներս հանելուց հետո) մտա Ռազմիկի և իր զուգընկերուհու կացարանը, անակնկալի եկա․ ենթադրվող ֆինանսական մագնատները, բանից պարզվում է, ապրում էին բավական համեստ, պարզ կահավորված սովորական մի բնակարանում՝ մեկ ննջասենյակով և մի փոքրիկ հյուրասենյակով, անշուք մի շենքի երրորդ հարկում, ոչնչով աչքի չընկնող թաղամասում։ Ավելին՝ նրանք վարձում էին այդ փոքրիկ բնակարանը։ Մինչ ես փորձում էի հաշտվել ուղեղիս մեջ պատեպատ խփվող կոգնիտիվ դիսոնանսի հետ՝ նախորդ օրվա տեսածիս ու ներկայիս բացահայտածիս միջև, Ռազմիկի ու գործընկերոջս զրույցից հասկացա, որ Ռազմիկը մի համեստ անհատ ձեռներեց է՝ ինչ֊որ ջուր ֆիլտրող սարք վաճառող (ավելի շատ՝ վաճառել փորձող), իսկ ճարպիկ Սառան վարում է դրա հաշվապահությունը, բայց այնպես՝ կողքից, քանի որ Սառայի հիմնական աշխատանքը AMEX-ում է՝ հաճախորդների սպասարկման ոլորտում շարքային ծառայող։

Երեկոն դեռ առջևում էր, և մեր հյուրընկալ ընկերները (այնքան ջերմ էին ու մտերիմ, որ միանգամայն հարմարավետ եմ զգում նրանց այդպես կոչել) սկզբում մեզ տարան բացօթյա մի սրճարան՝ գարեջուր խմելու, ապա՝ ճապոնական ռեստորան։ Ընթրիքը, թե՛ բաղադրությամբ, թե՛ անտուրաժով, և թե՛ ողջ ընթացքով, իմ կյանքի երևի թե ամենահաճելի, հետաքրքիր, ուրախ, և նաև՝ ամենահամեղ ընթրիքներից մեկն էր։ Ակնհայտ էր, որ մալազիական տանտերերը գիտեին, թե ուր էին մեզ տանում։ Ծովամթերքների տեսականին՝ թարմագույն-հում, անպատմելի նրբահամ էին։ Շատ սաքե խմվեց, որին այնքան էլ չմասնակցեցի (այդպես էլ չկարողացա սիրել սովորել այդ տաք օղին), մինչդեռ ճամփորդական նոթատետրումս գրել եմ․ «Սառան չտեսնված խմող և ուտող է, բայց վրան թե՛ մեկը, թե՛ մյուսը չեն երևում»։ Ընթրիքի վերջում Ռազմիկը հարբած էր, բայց հետաքրքիր դրսևորմամբ․ թեև առերևույթ սթափ էր ու զգոն, բայց, միևնույն ժամանակ, զվարթ ու տարօրինակ-անհասկանալի տրամադրությամբ, որի ներքո էլ մի քանի անձնական, նույնիսկ ինտիմ բնույթի քոմենթներ արեց Սառայի մասին (առաջին անգամ՝ խոսեց հայերեն, որ Սառան չհասկանա)՝ բոլորն էլ՝ հիացական-դրական։ Առհասարակ, Սառայի ու Ռազմիկի հարաբերությունները բավական հետաքրքիր էին․ չնայած իրենց երկարամյա (4-5 տարվա, կարծեմ) կապին, Սառան կարծես ոչ միայն մինչև ականջները սիրահարված էր Ռազմիկին (ում անվանում էր Prince Charming, անգամ սովորական խոսակցության ժամանակ դիմելիս), այլև յուրահատուկ-անկեղծ, ես կասեի՝ ինչ-որ տեղ մայրական բնույթի հոգատարություն էր տածում իրենից մի քանի տասնյակ տարի մեծ այդ տղամարդու հանդեպ, թեև դրսևորում էր այդ հոգատարությունն այնպես թաքույց ու չշեշտված, որ Ռազմիկի տղամարդկային դիրքն ու արժանապատվությունը գեթ մի վայրկյան չտեղափոխվեն այլ հարթակ։ Սառան զարմանալիորեն հոգատար ու խանդաղատալից վերաբերմունք ուներ նաև Ռազմիկի արդեն վաղուց չափահաս երեխաների հանդեպ էլ (երեխաներն առաջին ամուսնությունից էին և ապրում էին Ավստրալիայում)։ Մի քանի նկար տեսա Սառայի հեռախոսում, որտեղ նա Ավստրալիայում էր, Ռազմիկի՝ իր իսկ տարիքի երեխաներին ջերմորեն գրկած։ Եվ նրանց մասին էլ կարծես ամեն ինչ գիտեր՝ առօրյա մանրամասնությամբ։ Սառային դիմելիս, Ռազմիկը նրան Cockroach էր անվանում, որն, ըստ երևույթին, վաղուց ի վեր կնքած անունն էր՝ սովորական դիմելաձև դարձած։ Իսկ այդ ընթացքում Քոքռոչը, թեև սաքեի կլանմամբ տղամարդկանցից հետ չէր մնում, ոչ մի պահ չդարձավ տարբեր, քան կար․ իր չափի մեջ՝ ժպտադեմ ու անմիջական, պահապան հրեշտակի պես, մի անկյունից, ուշադիր ու աննկատ հսկում էր իր Հմայիչ Արքայազնի բարօրությանը, ներառյալ՝ սեղանին տարվող֊բերվող տեսականու սահուն կերպով պատվիրումն ու կազմակերպումը։ Երբ դուրս եկանք ռեստորանից, ուշ֊ուշ գիշեր էր․ Ռազմիկը հազիվ էր քայլերն առաջ գցում՝ բողոքելով, որ ոտքերը կարծես դոնդողից լինեն։ Սառան պահում էր Ռազմիկին, բայց այնպես` կարծես թե հակառակն էր։

Առավոտյան բացվեց Մալազիայի մեր վերջին օրը, և մինչ Արքայազն ու Քոքռոչը կգային մեր հետևից՝ պտույտի տանելու, ինչպես որոշել էին, ես ու գործընկերս նախաճաշեցինք հյուրանոցի ճաշարանում։ Այստեղ ուզում եմ անդրադառնալ հատկապես ա՛յս Հիլթընի նախաճաշին, որն էականորեն տարբերվում էր մինչև այդ այցելածս նմանատիպ հյուրանոցների նախաճաշերից։ Այսպես կոչված «նախաճաշը», որն անվճար էր Հիլթընի հյուրերի համար, իրենից ներկայացնում էր մոտավորապես 20-25 տեսակի տարբեր ազգային խոհանոցներ՝ յուրաքանչյուրն իրենց հսկա տաղավարներով տեղակայված մի ընդարձակ սրահում։ Տաղավարների հետևում մի քանի բանիմաց խոհարար աշխատում էին բաց ռեժիմով՝ թարմ-թարմ պատրաստելով ու մատուցելով առաջարկած մի քանի տասնյակ ճաշատեսակներից ցանկացածդ։ Նման անընդգրկելի առատությունն, այն էլ նախաճաշի դեպքում, անկեղծ ասած ինձ մոտ անհարմարության ու տհաճության խառը զգացմունք առաջացրեց․ մինիմալիզմի ներքին հարմոնիաս ճաքեր էր տալիս, և չես կողմնորոշվում, թե առկա՝ առանց չափազանցության մի քանի հարյուր սննդատեսակներից ինչ ընտրես, որ ճիշտ ու ռացիոնալ լինի, ու միևնույն ժամանակ՝ բավարարի նոր բաներ համտեսելու հետաքրքրասիրությունդ։
Կողքի սեղանին մի տղա ու աղջիկ էին նախաճաշում։ Տղան բարձրահասակ, փոքր-ինչ հաղթանդամ, բավական բարետես, բարի ու մանկական պարզությամբ դեմքով և, ըստ երևույթին, ապահովված ընտանիքից, մաքուր ու կիրթ տեսքով, քսանհինգի մոտ մի ասիացի էր, աղջիկը՝ բարեկազմ, խնամված ու սիրունիկ, հազիվ քսանը բոլորած, տիպիկ ասիական աղջնակ։ Տղան փորձում էր զրույց վարել, ուտելիք էր բերում, առաջարկում, սպասարկում։ Աղջիկը, որի հայացքն ամբողջ ժամանակ հեռախոսին էր, հազվադեպ անվերաբերմունք հատուկենտ մի բառ էր նետում տղայի աշխույժ ու հոգատար շաղակրատանքին՝ առանց գլուխը հեռախոսից բարձրացնելու։ Վարձու աղջիկ է, նկատեց գործընկերս, մի գիշերվա։ Ու ես տխրեցի։ Չգիտեմ ինչու։ Տղայի համար։

Սառան ու Ռազմիկը վերցրին մեզ հյուրանոցից և ուղևորվեցինք սկզբում այն «պորտալարով» միմյանց կապված թվին-թաուերները տեսնելու, ապա՝ վարչապետի նստավայր։ Նստավայրում մի գեղեցիկ, վարդագույն մզկիթ կար, և շրջակա ծառերն էլ ծաղկել էին վարդագույն։ Մզկիթ, ցավոք, մտնել չհաջողվեց․ աղոթքի ժամ էր։ Ճանապարհին Ռազմիկի մեքենայի վառելիքը վերջանալու վրա էր։ Քոքռոոո՜չ, բողոքում էր Ռազմիկը ողջ ճանապարհին, ոնց չնկատեցի, ժամանակին լցնեի վառելիք, վախենամ՝ մնանք ճանապարհին։ Քշի՛ր, Չարմինգ, քշի՛ր, հորդորում էր Սառան՝ հեռախոսի մեջ ստուգելով մոտակա բենզալցակայանի հեռավորությունը, հասնում ենք, բան չմնաց, քշի՛ր։

Երբ օրը մայր մտավ, վերադարձանք հյուրանոց, որտեղ սպասում էին մեզ մեր ճամպրուկները (դուրս էինք գրվել առավոտյան)։ Մինչ օդանավակայան դեռ մի երկու ժամ ունեինք, նստեցինք խմիչքի վերջին անգամ, նույն բարում, ուր առաջին անգամ հանդիպել էինք, Սառան ընթացքում դուրս եկավ մեքենայի տեղը փոխելու, որ փարկինգին դրամ չտա։ Ապա վերադարձավ ու աննկատ փակեց խմիչքի ու պատվիրած ուտեստների հաշիվը։ Ռազմի՛կ, հարցրի, երբ Սառան դեռ չէր վերադարձել, իսկ ինչու՞ ես նրան քոքռոչ անվանում։ Սառայի՞ն, առաջին անգամ աղջկա անունը տվեց Ռազմիկը, դու գիտե՞ս քանի անգամ ա հայտնվել անհավանական անվերապրելի իրավիճակներում, բայց խավարասերի պես միշտ դուրս ա պրծնում՝ մի մազն էլ չպակասած։ Վերջերս էլ իր մեքենան փիս վթարի ենթարկվեց, մեքենայից բան չէր մնացել, միայն մի բան դուրս եկավ միջից ողջ ու անվնաս․ Քոքռոչը։

Բարեկամ
22.09.2021, 17:30
Շավարշին հայտնաբերեցի մի քանի տարի առաջ, երբ մի փաստաթուղթ նոտարական հաստատման կարիք ուներ, և ես գուգլեցի նոտար մոտակայքում։ Նոտար ասելով այստեղ նկատի չունեմ իսկակական նոտարն իր լիարժեք իմաստով։ Մեր քաղաքում իսկական նոտարները կարգին իրավաբանական պաշտոնյաներ են, որ զբաղվում են միայն այդ գործով և ունեն համապատասխան գրասենյակներ։ Բայց կան նաև այսպես ասած «թեթև քաշային» նոտարներ, որոնք կոչվում են JP (Justice of Peace), և դա ոչ թե մասնագիտություն է կամ կոնկրետ գործ, այլ ընդամենը արտոնագիր՝ հաստատելու փաստաթղթի կրկնօրինակը կամ ստորագրության իսկությունը։ JP-ի արտոնագիր կարող է ձեռք բերել համարյա ցանկացած ադեկվատ ոք, և այն համեմատաբար հեշտությամբ (եթե ոչ ավտոմատ) տրվում է մի շարք մասնագիտությունների ներկայացուցիչների, օրինակ՝ հաշվապահների, դեղագործների, բժիշկների, ֆինանսական աշխատողների ու նման մի քանի ուրիշ հաստիքների, որոնք, կարելի է ասել, վստահություն են ներշնչում իրենց ներկայացուցչի տարրական ադեկվատության հանդեպ։

Գուգլը բերեց մեր թաղամասի նոտարների ցուցակը, որոնց մեջ նկատեցի մի հայի ազգանուն (ինչն այստեղ հազվադեպ է պատահում) ու զանգահարեցի։ Շավարշը (որի ազգանունն այս պահին չեմ հիշում, հիշեի էլ՝ բնականաբար չէի հրապարակի), պարզվեց՝ ապրում է իմ աշխատավայրից ընդամենը մի երկու հարյուր մետր ներքև։ Այդուհետ, երբ մի թուղթ էր պետք լինում հաստատել, գնում էի Շավարշի մոտ։

Շավարշի առանձնատունը դասական հին տուն է․ այն տներից, որոնց ամեն ինչը՝ սկսած դրսի դռնից, վերջացրած ներսի կահույքով, առնվազն մի քանի տասնյակ տարվա վաղեմություն ունի, բայց հնամաշ չես ասի, քանի որ պահպանված են խնամքով։
Շավարշը, որը յոթանասունն արդեն ըստ երևույթին մի քանի տարով բոլորած, բարձրահասակ, հաղթանդամ, մի քիչ փորով, բայց դեռ բավական բարետես, սպիտակ բեղերով ու խելացի, ավելի ճիշտ՝ բանիմաց դեմքով մարդ է, ապրում է մենակ։ Երբ առաջին անգամ էի իր տանը, փորձեցի գտնել կնոջ հետքեր կենցաղի մեջ, քանի որ Շավարշի աշխատասեղանին ինչ-որ երիտասարդների ու երեխաների լուսանկարներ էին շարված շրջանակների մեջ, բայց թե՛ ճաշասեղանի անխախտ սփռոցը, թե՛ վրան մշտապես առկա մրգով լի փայտյա սկուտեղը, թե՛ անփոփոխ կահավորանքն ու հատկապես պատերին և այլուր կախված կամ դրված անթիվ-անհամար առարկաներն ու հուշանվերները խոսում էին լոկ մենատիրոջ՝ ամուրի տղամարդու մասին։

Շավարշը երբեք ամուսնացած չի եղել։ Դատելով իր մշտապես հանդարտ, ինքնավստահ ու առույգ կեցվածքից, դա երբեք էլ կարծես ո՛չ խնդիր է եղել իր համար, ո՛չ էլ դրված է եղել իր կյանքի առաջադրանքների սեղանին։
Շատ շուտով պարզվեց, որ Շավարշը կրքոտ ճանապարհորդ է․ ասաց, որ եղել է մոտ ութսուն երկրներում, և սկսեց հաճույքով ցույց տալ ու պատմել տարբեր երկրներից իր բերած հուշանվերների մասին։ Մի անգամ, երբ սովորականի պես իր մոտ մտա՝ մի թուղթ հաստատելու, իր հերթական ճամփորդությունն էր ծրագրում, որն ընդգրկում էր մի քանի երկիր՝ Կանադա, Չիլի, Բրազիլիա, ու էլ չգիտեմ ուր։ Բոլոր կանգառներն ու տոմսերը խնամքով դասավորել էր մի թղթապանակի մեջ, կազմել օրացույց ու քարտեզ՝ մանրամասն ճանապարհներով։ Ամենն իհարկե՝ ձեռագիր։ Երբ հարցրի, թե որտեղ՝ ինչ հյուրանոցում է մնալու, ասաց, որ ինքն առհասարակ հյուրանոցներում չի մնում (այդ էր պակաս՝ հյուրանոցին դրամ տամ), այլ ամենուր ունի կամ գտնում է ընկերներ կամ ծանոթներ, որոնց մոտ էլ հյուրընկալվում է։
Ճամփորդության հանդեպ կրքից հետո երկրորդ բացահայտումս Շավարշի մասին իր «պինդձեռ» լինելն էր։ Ակնհայտ էր, որ Շավարշը խիստ խնայողաբար է մոտենում ծախսերին և դրանք ոչ միայն երբեք չի անում անհարկի, այլև աշխատում է խուսափել՝ որքան հնարավոր է։ Գլխումս մի մեղավոր միտք սկսեց թևածել, թե Շավարշը հավանաբար դրա համար էլ չի ամուսնացել․ կին տուն բերելը, կնոջ ծախսերի մասին հոգ տանելը ամենայն հավանականությամբ Շավարշի տարվա բյուջետային պլանի մեջ չէին մտնում։ Առհասարակ, նկատել եմ, որ չամուսնացած տղամարդկանց մեջ զգալի թիվ են կազմում նրանք, ովքեր պինդձեռ են, ուշադիր՝ ծախսերի հանդեպ, և հակված են ապրելու խնայողաբար։
Երրորդ բացահայտումս Շավարշի մասին իր աշխատասեղանի լուսանկաների հետքերով էր։ Պարզվեց՝ դրանք Շավարշի եղբոր երեխաներն ու թոռներն են․ ամեն մարդ էլ, հարկավ, ընտանիք ունենալու կարիք ունի, և Շավարշն էլ մարդկային այդ պահանջից զուրկ չէր։

Շավարշի մոտ ես սովորաբար կարճ եմ մնում՝ 10-15 րոպե, և մինչ նա կնքում ու ստորագրում է թղթերս, դեսից-դենից զրուցում ենք։ Մի անգամ, չեմ հիշում ոնց, խոսք բացվեց, և նա հարցրեց, թե որտեղից են իմ նախնիները։ Ասացի, որ հորական պապս Թուրքիայի Նիկոմեդիա գավառից է, որտեղ Արմաշ անունով հին հայկական գյուղաքաղաք է եղել, իսկ հորական տատս՝ Թուրքիայի Սեբաստիա գավառի Զառա գյուղից։ Շավարշը գնաց կողքի սենյակը և բերելով այնտեղից մի ահռելի մեծ, ես կասեի՝ աժդահա գիրք՝ շրմփացրեց (բայց խնամքով) դիմացս, սեղանին։ Գիրքն իր մեջ ամփոփում էր տարբեր ժամանակների ու հնության քարտեզներ։ Պապիկիս ու տատիկիս ժամանակների Թուրքիայի մանրամասն քարտեզը գտանք, և ես առաջին անգամ մանրամասնությամբ տեսա իմ նախնիների ծննդավայրը աշխարհի քարտեզի վրա՝ իր շրջակայքով ու հարևանությամբ։

Երկու օր առաջ, երբ շտապ թուղթ պետք եղավ հաստատել, Շավարշին վերջին անգամ համաճարակից առաջ էի տեսել։ Զանգեցի։ Տանն էր։ Ասացի, որ մի քանի րոպեից կլինեմ իր մոտ։ Անձրև էր գալիս, մի քանի անգամ ծեծեցի դուռը, և մինչ սպասում էի՝ հայացքս ընկավ շեմքի քարե հին պատից կախված գունաթափ, պլաստիկ ծաղկամանին, որից դուրս պրծած մի քանի անշուք տերևները կիսով չափ դեղնած էին, թեև գարուն է դրսում։ Շավարշն ուշ բացեց դուռը, ձայնը չէր լսել։ Ներս հրավիրեց․ ամեն ինչ նույնն էր, անփոփոխ, այդ թվում՝ ճաշասեղանին փայտյա սկուտեղով դրված թարմ մրգերը։ Հարցրի, թե ինչպես է դիմանում համաճարակային այս անորոշ երկար ձգվող արգելափակմանը, հատկապես՝ առանց ճամփորդելու։ Ասաց, որ ձանձրանում է խիստ, բայց փորձում է մի զբաղմունք գտնել։ Սեղանին նոր նկար էր հայտնվել շրջանակով։ Երիտասարդ ամուսիններ՝ ժպտում են լայնաբերան, իսկ մեջտեղում զարմացած դեմքով ու աչուկներով, բերանն էլ՝ կլորիկ-զարմացած՝ բալիկ է, մոտ մի տարեկան։ Ինչ լավ է նկար է, ասացի, Ձեր եղբոր տղա՞ն է։ Այո՝ հաստատեց գոհունակությամբ, ու ավելացրեց՝ անունն էլ Շավարշ են դրել։ Իսկապե՞ս, զարմացա ես, հետաքրքիր է, որ այստեղ այդ անունը կդնեին՝ տեղացիների համար անսովոր ու դժվար-արտասանելի։ Պատմեց, որ երբ եղբոր կինը պիտի ծննդաբերեր, եղբայրն այստեղ չէր, ինքն էլ մոտ էր ապրում, իսկ կնոջ ջրերն անսպասելի գնացին (այդպես էլ ասաց), և կինն իրեն զանգեց, ու ինքն էլ տարավ կնոջը հիվանդանոց, և պառկելն ու երեխան ծնվելը մեկ եղան, ու քանի որ դա նրանց երրորդ արու զավակն էր, իսկ իրենք աղջկա համար էին պատրաստվել, տղայի անուն չէին մտածել, ու կինն էլ ասաց՝ դե, քանի որ դու ինձ տարար հիվանդանոց, և այսքան հեշտ ծնվեց, կարելի՞ է անունը Շավարշ դնենք։
Որքան էլ որ ինձ արտասովոր թվաց անվան ընտրության այս տրամաբանությունը, Շավարշը, համենայնդեպս, այդպես անմահացավ ։)

Երբ դուրս էի գալիս, ասաց․ հավանաբար այլևս պետք չունենաս ինձ մոտ գալու, արտոնագրիս ժամկետը լրանում է հոկտեմբերին, իսկ նորոգելու համար հիմա նոր օրենք են հնարել՝ պետք է քննություն հանձնեմ առցանց՝ քսան հարց, ու քսանին էլ ճիշտ պիտի պատասխանեմ. արդեն մի քննություն տապալել եմ, արտոնագիրս էլ չնորոգեմ հավանաբար։

Չգիտեմ՝ կտեսնե՞մ նորից Շավարշին, գուցեև այո, որովհետև սեղանին ձեռնարկ կար. պարապում էր քննության համար։ Բայցևայնպես, Շավարշը, անկախ ամեն ինչից՝ լինի առօրեականություն, թե ինքնատիպություն, ապրված մի կյանք է այս քաղաքում, և թող այս հուշագրությունն էլ իրենից մնա։

Բարեկամ
24.09.2021, 11:50
Այսօր չգիտեմ որտեղից մի էպիզոդ հիշեցի մոտ 27 տարի առաջվա վաղեմության։ Լրիվ աննշան մի բան, բայց դե օրագիրս էլ հենց փոքր ու աննշան պատմությունների գրանցման համար է, որոնք, սակայն, տպավորել են։

Ուրեմն, ուսանողական տարիներիս հնարավորություն ընձեռնվեց ուսանողական մեծ խմբով մեկնելու Ծաղկաձոր՝ հանգստանալու։ Հանգիստը կազմակերպել էր Երևանում Ֆրանսիական դեսպանատունը՝ ֆրանկոֆոնիայի ինչ-որ ծրագրի շրջանակներում, ու մեր համալսարանի (Ճարտարագիտական) տարբեր կուրսերից ընտրել էին ֆրանսերեն քիչ թե շատ իմացողների՝ ընդգրկվելու այդ հանգստի ծրագրում (հետագայում պարզվեց, որ ես իմ սկսնակ ու անվստահ ֆրանսերենով միակն էի, որ ինչ-որ չափով գլուխ էի հանում այդ լեզվից․ մնացածները բարև-բարլուսից էն կողմ ոչինչ չգիտեին)։
Եթե չեմ սխալվում, ահագին էլ երկար մնացինք, երևի մոտ մի ամիս, լիքը իրադարձություններ, դեպքեր ու դեմքեր (ուսանող էինք, վերջին հաշվով), ու նախավերջին օրվանից մի այսպիսի դրվագ եմ հիշում․ բացատ, հանգստի ողջ կազմով (կլինեինք մոտ 50 հոգի, կարծում եմ) նստած ենք խոտերին, ու մի աղջիկ, որին բավական հետաքրքիր էի համարել այդ հանգստի ողջ ընթացքում, բայց առանձնապես չէի շփվել, գիթառ էր նվագում ու երգում Ժաք Բրելի "Ինձ մի լքիր"-ը ֆրանսերեն։ Աղջիկը թեև ֆրանսերեն համարյա չգիտեր (դա հասցրել էի իմանալ), երգում էր վստահ, մի տեսակ խորքային, փափուկ ձայնով, ու բերանը արտահայտիչ կլորացնելով։ Բավական հետաքրքիր արտաքին ուներ, որը հենց մեր հանգստի առաջին օրն էի նկատել․ կարճ կտրած մազեր,մաքուր դեմք՝ առանց որևէ դիմահարդարման /հատկապես 90-ականներին/, գեղեցիկ, արտահայտիչ, հավաք շուրթեր, թեթևակի ընդգծված կոպերով խոշոր աչքեր, բրոնզագույն-մարմարյա այտոսկրեր, և դեմքի գեղեցիկ օվալ, որը հատկապես ընդգծվում էր իրեն շատ սազող կարճ մազերի շրջանակում։ Ինչ-որ ազնվական և միևնույն ժամանակ բոհեմյան բան կար այդ աղջկա արտաքինի մեջ, որով նա տարբերվում էր այդ ժամանակվա սովորական [հայ] աղջիկներից։
Ես չգիտեի, որ ընդհանրապես գիթառ նվագել ու երգել գիտեր, քանի որ հանգտսի ողջ ընթացքում երբևէ ցույց չէր տվել, թեև գիթառն ու ելույթները մեր առօրյայից անպակաս էին։
Ընդհանրապես, ինչպես և ամենուր է, հանգստացողների մեր մեծ խմբում հենց առաջին օրվանից ենթախմբային բաժանումներ ձևավորվեցին, և այդ աղջիկը ինչ-որ աղջիկների 3-4 հոգիանոց մի խմբի հետ էր հիմնականում․ թե՛ նույն սեղանի շուրջ՝ ճաշելիս, թե՛ հավանաբար նույն սենյակում էին քնում, և թե՛ օրն առհասարակ միասին էին անցկացնում։
Ինչևէ, վերադառնամ բացատ։ Ուրեմն երգում էր այդ աղջիկը (որի անունը, ցավոք, արդեն չեմ հիշում), ու մեկ էլ նկատեցի, որ այդ օրը մեզ ճանապարհելու եկած ֆրանսիացիներից մեկը՝ մի երիտասարդ, շատ համակրելի, ես կասեի՝ սուպեր-քուլ արտաքինով մոտ 27-28 տարեկան, բարձրահասակ, բարետես մի տղա, ով բավական լուռ ու հանդարտ մարդ էր երևում՝ որքան հասցրել էի նկատել, խոտերին նստած, դեմքն անթաքույց դեպի աղջիկը բարձր պարզած, հմայված ու անշարժ՝ ասես արձան, նայում էր աղջկան, ողջ ընթացքում անթարթ։ Աղջիկը, տարված իր երգով, երիտասարդին ակնհայտորեն չէր էլ նկատում (ոչ մի անգամ նրա կողմ չնայեց)։
Դա ցերեկն էր։ Իսկ գիշերը, որը մեր վերջին գիշերն էր, և ամբոխը, որ հանգստյան տան ընդհանուր սրահում ինչ գժություն ասես, որ չէին արել՝ երգ ու պարին ինչ ասես խառնած, և արդեն բավական ուշ ժամին, երբ հոգնած այս ու այն կողմ էին ցվրվել, մի պատի տակ՝ անկյունում, նկատեցի այն աղջկան ու ֆրանսիացի տղային՝ կողք-կողքի նստած՝ հենված պատին, խոսում էին ինչ-որ (թեև աղջիկը ֆրանսերեն չգիտեր - բայց դե զրուցողը միշտ էլ մի ձև կգտնի :)։ Սիրուն էին․ սազում էին իրար մի ձև, ու հիշում եմ՝ մտածեցի, որ տղաներն, ամեն դեպքում, ընտրում են արտաքինով իրենց համապատասխան։ Հետո, երբ ավելի ուշ գիշեր էր, և վերջին մնացածներն էլ կամաց-կամաց անցան իրենց սենյակները, բոհեմուհին ու ֆրանսիացին դեռ պատի տակ նստած զրուցում էին՝ անհաղորդ շրջապատի անցուդարձին։

Առավոտյան, երբ ավտոբուսներն արդեն եկել ու մեզ էին սպասում, մենք էլ ճամպրուկներս էինք քարշ տալիս՝ տեղավորվելու, տեսա այդ աղջկան ավտոբուսի մեջ ու․․․ աչքերիս չհավատացի․ առաջին անգամ, ինչ հանգստանում էինք Ծաղկաձորի այդ հանգստյան տանը, նա շպարվել էր, ոչ միայն շպարվել, այլև թունդ շպարվել, ոչ միայն թունդ, այլև ինչ-որ տարօրինակ, մեծ ու ճոճվող, պլաստիկ ականջօղեր էր կախել և հագել ինչ-որ զիզի զգեստ։ Այնպիսի տպավորություն էր, թե բնության մի մաքուր, կուսական գեղեցկություն վարել ու հերկել ու տնկոտել էին արհեստական վուլգար բույսուծաղկով՝ գրոտեսք դեկորներով ծանրացրած։ Նախկին բոհեմից, որի հմայքը հենց նրանումն է, որ երբեք չի մտածում դուր գալու մասին, հետք էլ չէր մնացել, փոխարենը ՝ ստանդարտ մի աղջիկ էր՝ շրխկոցով իրեն ցած շպրտած ստանդարտ մակարդակի, այն է՝ դուր գալ արուին։ Ու ես ապշած էի․ ախր չէ՞ որ դու նրան արդե՛ն դուր էիր եկել։ Այ դա՛ չէի հասկանում․ վա՞խն էր, թե՞ ինչը, որ դրդել էր նրան գնալու այդ էժան քայլին՝ to secure what she had already got.
Սա իմ հազվադեպ հիասթափություններից էր։ Եվ չլուծված տարակուսանք՝ մինչև օրս։
Մի ուրիշի (https://urish.livejournal.com/84379.html) մասին շատ վաղուց պատմել եմ։

Բարեկամ
12.05.2022, 06:41
Այնպես է լինում, որ արդեն շաբաթից ավել շարունակական անձրևից հետո խոնավ, գորշ ու ցրտավուն անտառի կոկորդում մի բան է կանգնած լինում, ասես ինչ-որ բան խցանում է բնության ներդաշնակության նշանակությունը մարդու համար: Սեզոնային տեսանկյունից անտառն այստեղ կարկատան է` կանոնավոր առանձնացված պատառիկներով. ձախ կողմում աշուն` բարձր ու մերկ ծառերով ու տակը ծառագույն թրջված տերևների ու փայտի կտորտանքի փափկավուն առատությամբ, հետևում գարուն` օրինակելի կանաչ, մատղաշ խոտի կարճլիկ խուզած գորգով, շարունակության վրա մշտադալարների խումբը` հոգնած, աննկատ երանգավորմամբ, ու այնտեղ, ուր վերջանում է անտառը, չթարգմանվող անունով մի թռչուն ընդհատ կանչում է` թաց, ճկվող ճյուղին ճոճվելով, ասես հիմա կսահի, ապա կտրուկ թափահարում թևերն ու հեռանում: Շաբաթավերջ է, իսկ մարդ գրեթե չկա: Երկու տղա ու մի աղջիկ` 7-8 տարեկան, բամբուկի թրջված փայտեր են հավաքում: Աղջիկը մուգ կարմրահեր է, երկար, մուգ-շագանակագույն կիսաշրջազգեստով` վրան մորեգույն խոշոր ծաղիկներ: Նա լայն, մանկական քայլերով ու իր երկարաճիտք աշնանային կոշիկներով տրորում է ծառագույն թրջված տերևների ու փայտի կտորտանքի փափուկ առատությունն ու հետևում տղաներին` մի քանի քայլ հեռավորությամբ, գլուխը կախ, հայացքն` ուշադիր ներքև: Կոլայի կարմիր դատարկ մետաղաշիշ կար թփերի տակ, կողքը` այնպես ոչինչ չլած սքեյթբորդ ու մի պատանի` կապիշոնը գլխին քաշած, կողքերից` ականջակալների զույգ բարակ լարեր: Նա անթափանց որոշակիությամբ չի նկատում ու չի նկատվում, միայն մի թե երկու անգամ կապիշոնի տակից բարձրացրեց կապույտ, բացարձակ գեղեցիկ աչքերի չհասունացած հանդգնությամբ /դաժանությա՞մբ/ հայացքն ու արագ իջեցրեց. ուզում եմ հասկանալ նրա իդեալը: Գնաց` թողնելով մետաղաշիշը խոտերին: … Մնացի այնքան, մինչև օրը մաշվեց, դարձավ ցնցոտի ու թաց ներծծվեց ուշ ժամի գաղջ աղջամուղջում:

Բարեկամ
02.11.2022, 08:02
Ուշ երեկոյան, երբ բոլորը քնած են (կամ` իրենց սենյակներում), նայում եմ սովետական ֆիլմեր։ Ինքնատիպ թերապիա է՝ դեռ հստակ չգիտեմ ընդդեմ, թե/կամ հանուն ինչի։ Գիտեմ միայն, որ այդ ֆիլմերն ինձ տեղափոխում են լրիվ ուրիշ մի աշխարհ, ուր սիրում եմ պատսպարվել․ կյանքն այնտեղ հյութեղ է, իմաստալից, և ժամանակը կանգ է առնում։ Ինձ ապահով եմ զգում ա՛յն հավերժության մեջ, ուր կյանքը հյութեղ է ու իմաստալից։ Ֆիլմերն ընտրում եմ ըստ օրվա (կամ պահի) տրամադրության․ մեծ մասը՝ ծանոթ, անգամ բազմիցս նայած ֆիլմեր, բայց պատահում են նաև անծանոթներ, որոնք ցանկություն եմ ունենում դիտելու։ Երեկ այդպիսի մի ֆիլմ նայեցի, կոչվում է "Սիրահարված սեփական ցանկությամբ"։ Վերնագիրը թեև ծանոթ էր (երևի սովետի ժամանակվա ծրագիր-շաբաթաթերթում հանդիպած լիներ կամ հեռուստացույցով հաղորդելիս), բայց ֆիլմն առաջին անգամ էի դիտում։ Յանկովսկուն միշտ եմ առանձնահատուկ հավանել, հատկապես վերջերս նայածս (նույնպես առաջին անգամ) "Կրեյսերյան սոնատ" ֆիլմից՝ Տոլստոյի համանուն գործի էկրանավորումը, որտեղ Յանկովսկին խաղում էր այնպե՛ս խորը, բազմաշերտ, մինչև հատակն իջած՝ կերպարի մեջ, ու քեզ էլ քաշելով հետն ու այնպե՛ս անմնացորդ մխրճելով իր դերի մեջ, որ ո՛չ կարողանում ես ու ո՛չ էլ ուզում ես դուրս գալ նման ուժեղ ճնշման և, միևնույն ժամանակ, ձգողության տակից, ուզում ես դեռ երկար մնալ, զգալ ու պահել արտիստի տաք ու համակրելի շունչը։ Յանկովսկին, որպես տղամարդ, ինձ համար անչափ համակրելի է։ Դերը երեկվա ֆիլմում, ինչպես և ինքը՝ ֆիլմը, այնպես՝ հատուկ մի բան չէր, բայց դա չխանգարեց ինձ հայտնաբերելու, որ ես հանգիստ կարող եմ սիրահարվել Յանկովսկի֊տղամարդուն։ Կոնցեպտուալ սիրահարության այդ զգացողությունը (զգացմունք, իհարկե, չես անվանի), էյֆորիկ ջերմացրեց ներսս, ու վերհիշեցի այդ երբեմնի քաղցր֊տոքսիկ հոգեվիճակը, որը փոխում է քիմիադ ու դարձնում քեզ գերի։ Ափսոս իհարկե, շուտ մահացավ Յանկովսկին, բայց, կարծում եմ (ու հուսով եմ)՝ դատելով մի քանի կցկտուր կենսագրական տեղեկություններից, որ կարդացի, նա մինչև իր կյանքի վերջին օրն ապրել է լիարժեք։

Բարեկամ
08.11.2022, 05:24
Գնացեք մանկություն, փորփրեք ու վերհիշեք դրվագներ, փորձեք մտաբերել, թե ինչն էր ձեզ գրավում, որոնք էին ձեր նախընտրությունները, որտեղ էին արթնանում ձեր թուլություններն ու անկախությունը, ուրախություններն ու վհատություններն ինչից էին ծնվում, ինչումն էր ձեր ներդաշնակությունը, երբ չկար պարտադրանք ու պայմանականություն, և որն էր ձեր մաքուր, դեռևս չապահովագրված արձագանքը ստիպվող պարտադրանքին ու պայմանականությանը։
Հե՛տ նայեք մանկություն, բացահայտեք ձեզ այնտեղ և կտեսնեք ձեր ներկայիս ապրումների, կյանքի զանազան մատուցումների հանդեպ ձեր այժմյան վերաբերմունքի նախադրյալները, ձեր պատմությունը, որը շարունակվում է, հեռու չես փախչի։
Դժվար թե որևէ բան փոխես, բայց կօգնի ինքնաճանաչմանը, լույս կսփռի, կպարզի միտքը՝ չխարխափելու, ինչ–որ չափով կվերանան վախերը, որովհետև իմացությունը լուծում է կասկածները՝ անորոշությանդ անհունի մեջ բանտարկված, հուսահատ խփվող գլխիդ ներքին պատերին։


Երբ փոքր էի, գնում էինք Սև ծով հանգստանալու։
Գիտե՞ք ինչպես է սուլում գնացքը, խուլ, ինչ–որ տեղ հեռվից որսում ես ձայնը ականջներիդ մեջ, երբ դեռ տանն ես, անկողնումդ, ոգևորված–անհանգիստ, չես կարողանում քնել, թեև շատ շուտ ես արթնանալու, համարյա մթով՝ չուշանալու համար առավոտ վաղ մեկնող գնացքից, ու սիրտդ սեղմվում է ուրախությունից, այնքա՛ն սիրում ես ճամփորդել։ Վստահ չեմ հիմա արդեն՝ իրոք լսու՞մ էի այդ սուլոցը, թե՞ թվում էր ինձ, կամ թե այն միշտ լսելի էր, բայց նկատում էի այդ ժամանակ միայն, երբ դառնում էի կենտրոնացած սպասում, րոպեների հաշիվ և հաշվի հետ սրտի աճող տրոփյուն։

Մենք միշտ կուպե էինք վերցնում, որը ճիշտ մեր չափով էր՝ չորս տեղանոց. հայրս, մայրս, եղբայրս և ես։ Գնացքը Երևանի կայարանից Վրաստանի սևծովյան ափերն էր հասնում մեկուկես օրում, և երբ փոքր էի, ծնողներս չէին թողնում քնել այնքան հավես թվացող վերևում, որի համար վիճում էինք ես և եղբայրս, թեև չէին թողնում, բայց միևնույն է՝ վիճում էինք։ Բացի այն, որ վերևում գտնվելը ինքնին կենսաբանական հաճույք է, ինձ թվում էր նաև, որ վերևում ավելի լավ պիտի օրորեր ռելսերի համաչափ զարկը՝ դըդը՛խկ–դըդը՛խկ, տըդը՛–տըդը՛..., տըդը՛–տըդը՛... սուրացող դեպի... ի՛նչ կարևոր է ուր։

Մի անգամ վերադարձին կուպե չկար։ Պլացկարտ էր՝ իր բոլոր անհարմարություններով. ընդհանուր վագոն, նստատեղը վեր էր ածվում բացվող նեղլիկ քնատեղի, կողքդ՝ անծանոթ մարդիկ։ Մեր կողքի անծանոթները մի երիտասարդ զույգ էին, ռուսներ, երևի նորապսակ։ Կինը բարձրահասակ էր, բարեկազմ, ջինսե նեղ տաբատով, ազատ թափվող կապույտ բլուզ, կրծքի մոտ բարակ թելիկով խաչաձև կապվող սենսուալ, ու դեղին մազեր՝ կոկիկ ուսերին իջնող։ Մի խոսքով, իմ՝ յոթամյա աղջնակի համար համարյա երազանք։ Երազանքը ամբողջ ճանապարհին, մեղմ ժպիտը դեմքին, տիկնիկ էր գործում ինչ–որ թելերից ։ Ես նայում էի ուշադիր։ Մեկ էլ ասաց. «Կուզե՞ս քեզ համար էլ գործեմ»։ Ամաչելով՝ հաստատեցի գլխով։ Կինն անցավ գործի՝ վարժ ու արագ կտկտացնելով շյուղերը։ Ու մեկ էլ՝ «Կուզե՞ս գլուխդ դնել ծնկներիս»։

Ահա այստեղ սկսվում է իմ պատմությունը, այսինքն՝ սկսվում եմ Ես։ Նախ, անակնկալի եկա նման առաջարկից, չծնված, գոյություն չունեցող մտերմության, ամենակարևորը՝ ֆիզիկական սերտություն պարտադրող վերահաս հարձակումից։ «Կուզե՞ս գլուխդ դնել ծնկներիս»։ Աշխարհում ամենաշատը ուզում էի չ՛դնել գլուխս իր ծնկներին, որևէ՛ մեկին ծնկներին, առավել ևս իր՝ օտար ինչ–որ կնոջ։ Գլուխս իր ծնկներին պատկերացնելն անգամ սարսափ էր առաջացնում՝ տակնուվրա անելով իմ թունդ–ամաչկոտ բնույթը։ Բայց ինչպե՞ս ասեի «ոչ», ինչպե՞ս կարող էի նեղացնել ինձ համար տիկնիկ գործող, մեղմ ժպտացող կնոջը, քանի որ «ոչ»–ը իմ մանկական գլխում դուրս էր բերվում որպես՝ «կկարծի, թե ինքն ինձ տհաճ է»։ Ու վատ էի զգում իր փոխարեն։ Մերժված. «ես տհաճ եմ, փոքրիկ աղջիկը խորշում է ինձնից»։ Իսկ իմ մեջ զարհուրելի պատերազմ էր. գլուխս սարսափելի չէր ուզում պառկել անծանոթ մարդու ծնկներին, իսկ հոգիս սեղմվում էր, չէր ուզում ցավեցնել մարդու զգացմունքները, սեղմվում էր նրա՝ ենթադրյալ ցավի հայելային վերարտադրումից։
Ես ոչինչ չպատասխանեցի, բայց ամաչելով կախեցի գլուխս։ Ի դժբախտություն ինձ, կինը կարծեց, թե իրականում ուզում եմ, բայց ամաչում եմ խոստովանել։ Եվ իր ողջ բարեսրտությամբ սկսեց քաջալերել, ի վերջո՝ ստիպել, համարյա բռնի, այնպես որ, վերջում ես արդեն կիսապառկած ինչ–որ ձև էի ընդունել իր ծնկներին։ Թեև յոթ տարեկան էի, բայց հիշողությանս մեջ մնացել է որպես կյանքումս երբևէ ընդունած ամենաանհարմար դիրքը, ընդ որում՝ տևական։ Պատկերացրեք, գոտկատեղիցս ներքև՝ նստած, վերև՝ պառկած, ավելի ճիշտ՝ թեքված կնոջ ծնկներին, և այդպես ինքս իմ նկատմամբ ուղիղ անկյուն կազմած, մեծ լարումով փորձում էի պահել գլուխս հորիզոնական, իբրև հանգիստ ու հարմարավետ հանգրվանած կնոջ ծնկներին։ Ու բացի, որ մարմինս ջարդվում էր անհարմարությունից, նաև խեղդվում էի օտար բուրմունքի, բիոդաշտի մեջ։ Թվում էր՝ չէի դիմանալու մինչև տանջանքի ավարտը, որը թվում էր հավերժություն։
Հավերժություն հետո կինը, վերջապես, բաց թողեց ինձ ու հանձնեց ավարտած տիկնիկը։


Այս պատմությունը հիշում եմ ամեն անգամ, երբ հայտնվում եմ անախորժության մեջ, և այն խորքային պատճառով, որ ինչ–որ ժամանակ՝ հեռու կամ մոտիկ, չէի ցանկացել, որ ինչ–որ մեկն իրեն վատ զգա։ Սկզբում սիրտս սեղմվում է ինքս ինձ պատճառած վիրավորանքից, հետո սկսում եմ բարկանալ ու զգալ ինձ օգտագործված, հետո պայթել անարդարությունից, հետո աստիճանաբար մխիթարվել՝ խղճալով ինքս ինձ։ Իսկ ավելի ճիշտ՝ այսպես փորձում եմ եզրեր գտնել հաշտվելու, ներելու, և երևի ավելի շատ ինքս ինձ, և արդարացումը նորից այդ ինչ–որ մեկին չցավեցնելն է։

Բարեկամ
10.11.2022, 04:31
Ակումբականներից մեկն իր բլոգում սկսել էր հետաքրքիր գրառումների մի շարք՝ իր վերջին տարվա դպրոցական կյանքի մասին հուշագրություններ, որոնք ներառում են նաև իր ընկալումներն իր դասընկերների մասին՝ նկարագրական բնութագիր֊ակնարկներով։ Վերջին գրառումը իրենց դասարանի Արմենի մասին էր, որը սկսվում է այսպես․ "Արմենը մեր դասարանի ամենաաննկատ տղաներից էր, եթե ոչ հենց ամենաաննկատը:"
Հավեսս տվեց, որոշեցի մի հուշագրությունն էլ ես գրանցեմ։

․․․

Կարծում եմ՝ աշխարհի յուրաքանչյուր դասարան ունի իր աննկատ, կամ արևմտյան լեզվով ասած՝ «ոչ պոպուլյար» անդամները, ովքեր այդ ստատուսը ձեռք են բերել ոչ միայն իրենց արտաքին, վարքուբարքային, ուսումնական և այլ տեսակի առաջադիմությունների տիպային աչքիչընկողությամբ, այլև նրանով նույնիսկ, թե ինչպես են իրենց կոչել իրենց ծնողները։
Իհարկե, վստահ ու միանշանակ չի կարելի պնդել, որ անվան հարցում կա ընդգծված օրինաչափություն՝ հիմքում ունենալով որոշակի հոգեբանություն, բայց այնպես էլ չի, կարծում եմ, որ հեչ ոչինչ չկա :)

Ինչևէ։ Մի այդպիսի արմեն էլ մենք ունեինք դասարանում, այսինքն՝ մեկը չէ, մի քանիսը, որոնք, իհարկե, տարբեր բնավորությամբ անձիք էին՝ իրենց տարբեր անձնային հատկություններով (և տարբեր՝ այսպես կոչված ստանդարտ անուններով), բայց նրանց բոլորին կարելի էր միավորել, ավելի ճիշտ՝ նրանց բոլորին կարելի էր հավաքել մեկ լայն՝ «արտաքին, վարքուբարքային, ուսումնական և այլ տեսակի առաջադիմությունների տիպային աչքիչընկողության» հովանոցի տակ:

Ես կպատմեմ մեր այն արմենի մասին, ավելի ճիշտ՝ կփորձեմ ներկայացնել այն արմենին, որը հենց կրում էլ էր այդ տիպային անունը՝ Արմեն։
Մեր դասարանի Մխիթարյան Արմենը, որին Մխո էին ասում, դասարանի ամենապասիվ դեմքերից էր։ Նշելով, որ Մխո էին ասում, պետք է նաև նշեմ, որ իր անունը՝ որևէ ձևով, դասարանում հազվադեպ էր հնչում, քանի որ իրեն առհասարակ հիշում էլ էին հազվադեպ, միայն կոնկրետ, հիմնականում կարճատև առիթների դեպքում․ այսպես֊հպանցիկ հիշատակում։ Իրականում, Մխո էին կանչում միայն այն մի քանի տղաները, որոնք ինչ֊որ չափով շփվում էին Արմենի հետ՝ իրենք էլ գտնվելով նույն՝ նշածս հովանոցի ներքո։ Իսկ մնացածը, Արմենին հղում անելիս (քանի որ ուղիղ երկխոսությունների չէին էլ բռնվում հետը երբևէ), կոչում էին ամբողջական անուն֊ազգանունով՝ Մխիթարյանարմեն, որն իր մեջ մարմնավորում էր ոչ թե կոնկրետ մարդ֊անձին, այլ ավելի շուտ՝ անհաջողակ, անհետաքրքիր դեմք՝ մխիթարյանարմեն հասարակ անուն։ Եվ վերաբերմունքն էլ, նրան հղում անելիս, մեծ մասամբ միանշանակ էր՝ կիսաարհամարհական, կիսածաղրական, որոշակի տհաճություն արտահայտող։ Վերջինս՝ տհաճությունը, կոնկրետ արտաքին պատճառներ ուներ, որոնցից մեկն Արմենի վրայից, նրա պայուսակից, հանած վերարկուից ու առհասարակ իր շուրջը երկու մետր շառավղով օդային տարածքից եկող անֆիլտր, էժանագին ծխախոտի ուժեղ, սուր ու անդուր հոտն էր։ Չէ, Արմենը չէր ծխում․ պարզապես իր մայրը՝ փոքրամարմին, խեղճ ու անշուք մի կին, աշխատում էր ծխախոտի գործարանում։

Արմենն արտաքինով նման էր մորը․ փոքրամարմին, անշուք, մի քիչ երկարուկ, թուխ դեմքով ու մուգ֊սև, կոշտ մազերով։ Արմենն առաջիններից էր, ում քթի տակ հայտնվեց առաջին գորշ աղվամազը, բայց, եթե չեմ սխալվում, այն նույնիսկ ցածր դասարաններում էլ էր նկատելի իր մոտ՝ թեև մանկական, բայց քթի տակի որոշակիորեն մգացած երանգով, ինչը մի տեսակ է՛լ ավելի ոչ համակրելի էր դարձնում տղայի արտաքինը։
Ճիշտն ասած, չեմ հիշում Արմենին երբևէ ժպտալիս։ Նա միշտ անժպիտ֊լուռ էր, բերանը թույլ կիսաբաց (քիչ ծանրոտ, բայց համարյա աննկատ շնչառությամբ), ու մի տեսակ վախեցած֊լարված դեմք ուներ․ կարծես հենց նոր մի լավ ծեծ էին տվել, ու ինքն էլ ամեն րոպե լարված սպասում էր, թե մի նոր քոթակ էլ կարող է հասցնեն։

Կարծում եմ՝ հասկանալի է, որ Արմենի ուսումնական առաջադիմությունը ծայրահեղ վատ էր․ երբևէ չեմ հիշում նրան դաս պատասխանելիս կամ տնային աշխատանքը կատարած։ Ուսուցչի հարցմանը՝ դաս պատասխանելու, նա անվստահ ոտքի էր կանգնում (ինչն առանձնապես չէր երևում իր փոքր հասակի հետևանքով) ու խիստ վախեցած, համարյա անլսելի ձայնով ասում, որ պատրաստ չի, կամ էլ լուռ կախում էր գլուխը, ինչը և հասկանալի պատասխանն էր։ Ու այդ պահին, եթե նայեիր Արմենին դեմքին, կնկատեիր այն ամբողջ տագնապն ու ապրումները, որ տղան ապրում էր, և ապա՝ թեթևությունը, երբ դնելով հերթական երկուսը՝ մոռանում էին նրա մասին։

Մի տարի, ի մեծ տհաճություն ինձ, Արմենին իմ կողքն էին նստեցրել ռուսերենի դասաժամին, ու ես դասերի ողջ ընթացքում խեղդվում էի Արմենի ամեն պարագայի վրայից փչող ծխախոտի ծանր, անտանելի հոտից․ տետրերը, պայուսակը, ու հատկապես՝ Արմենի կոշտ, մուգ֊սև, անմաքուր, թեփոտ մազերը ասես ներծծված լինեին այդ հոտով։ Մյուս կողմից էլ, սակայն, Արմենի ֆիզիկական հարևանությունն ինձ հնարավորություն էր տալիս նկատելու, թե ընդհանուր առմամբ անաղմուկ ու աննկատ Արմենն ինչպես էր երբեմն մի֊փոքր "թուլանում" և փորձում զվարճանալ իր համար ակնհայտորեն տաժանավայր հանդիսացող, դպրոց կոչվող այդ հաստատությունում։ Ինչպես նշեցի վերևում, այն պասիվ, աննկատ շփումները, որ Արմենն ուներ դասարանում, իր նման մի քանի այլ ոչ֊պոպուլյար ու վատ սովորող տղաների հետ էին, որոնցից մեկն Արմենակն էր։ Արմենակը լաքայոտ, դարչնագույն դեմքով ու գոնչո գլխով, մի տեսակ տձև, խիստ հակախարիզմատիկ դեմք էր, համարվում էր դասարանի ամենավատ սովորողը, ավելի ճիշտ՝ ամենավատ սովորողի՝ այսպես ասած դասագրքային օրինակ էր, որ մարմնավորում էր ամենաանցանկալի աշակերտի կերպարը՝ այդ առումով թիրախ հանդիսանալով ուսուցիչների համար։ Ի տարբերություն Արմենի, որն իր համեստության, ավելի ճիշտ՝ ճնշվածության ու պասիվության շնորհիվ, կարողանում էր լուծվել շրջապատի մեջ ու մնալ հիմնականում աննկատ, Արմենակը նաև «չար» աշակերտ էր՝ հանդուգն ու լկտի։ Ռուսերենի դասերին Արմենակը նստում էր մեր առջևի նստարանին, և մի անգամ նկատեցի, որ Արմենն իր տետրի վերջին էջի վրա ջանասիրաբար մի բեռնատար էր նկարում՝ ամուր սեղմելով մուգ֊կապույտ, թանաքոտ գրիչը (ի դեպ, լավ էլ ստացվել էր նկարը)․ մեքենայի վրա ռուսերեն տառերով մեծ գրել էր՝ ХАЦ։ Այդ նկարի համար Արմենակը րոպեն մեկ շրջվում էր ու փորձում ճանկել նկարը՝ ոչնչացնելու միտումով, մինչդեռ Արմենը քթի տակ խնդմնդում ու փախցնում էր թուղթը՝ շարունակելով խնամքով մգացնել բեռնատարի վրայի առանց այդ էլ լավ ընդգծված ХАЦ֊ը։ Հարցիս, թե ինչու՞ է Արմենակը տենց բորբոքվել, պատասխանեց (ու դա երևի առաջին անգամ էր, որ խոսեցինք, եթե դա կարելի է զրույց անվանել), որ Արմենակի հայրը հացի մեքենա է քշում։
Չգիտեմ ինչու՝ այդ ХАЦ֊ն ինձ այդ ժամանակ շատ զվարճալի թվաց, ու մտածեցի, որ Արմենը հումորի զգացում ունի։

Երբ Արմենը 8֊ից դուրս եկավ դպրոցից (հանեցին՝ ավելի ճիշտ), կարծեմ ոչ ոք նրա բացակայությունը և չնկատեց։

Բարեկամ
16.02.2023, 16:56
Ունեմ մի քանի երազներ, ավելի ճիշտ՝ երազային միջավայրեր, որոնք կրկնվում են երբեմն, դեռ մանկությունից։ Ոչ հաճախ, երևի մի քանի տարին մեկ, բայց կոնկրետ տեղանքներ են, որոնք կրկնվում են մոտավոր նմանությամբ, և հայտնվելով դրանցից որևէ մեկում, ճանաչում եմ (տեղն եմ բերում) ես այդ տեղը, ուր էլի եմ եղել։ Ընդ որում՝ այդ տեղերը գոյություն չունեն իրականում, համենայն դեպս՝ ինձ հայտնի չեն։

Այս գիշեր դրանցից մեկում էի․ քարանձավ էր, որից բացվում էր օվկանոսը։ Այն միշտ թաքնված է լինում աչքից, ու պետք է քայլել մի որոշ ժամանակ՝ հասնելու համար։ Այս անգամ, երբ հասա, պարզվեց՝ օվկիանոսը Անտարկտիդայի ափերն է ողողում։ Սառցաձնոտ ափերն այնքան մոտիկ էին, ճերմակաթույր ու անսահման գեղեցիկ՝ ոնց որ հեքիաթ։ Ես շտապեցի ետ դառնալ, որ ինձ հետ մինչ այդ եղած մարդկանց առաջնորդեմ այստեղ, որ նրանք էլ տեսնեն։ Պապաս ու մամաս էին։ Եվ մամաս քայլում էր՝ ինչպես երբ առողջ էր, ու ես (հերթական անգամ երազումս) ուրախացա, որ բուժվել է (փաստորեն)։ Մամայիս քայլող տեսնելու երազներն առաջ տարտամ հույս էին ներշնչում՝ թե գուցե խորհրդանշական են, իսկ հիմա, երբ մամաս արդեն չկա, նորից տեսա մամայիս ապաքինված։ Երևի որովհետև այդպես էլչհաշտվեցի հիվանդության հետ։
Վերադառնալով այսօրվա երազիս՝ քայլեցի, ուրեմն, երկրորդ անգամ, մինչև քարանձավը, որ ցույց տամ բնության կախարդական տեսարանը ծնողներիս, բայց փոխարենը մի ուրիշ քարանձավ հասա․ պարզունակ գունավոր ապակիներով "կահավորված" մի քարայր էր, որն օպերային թատրոնի էին վերածել՝ բեմով՝ սրընթաց ներքև իջնող, և քարե ողորկ-կորացած նստատեղեր ուներ։ Այդ պահին հենց համերգ էր, և քարանձավը ողողվել էլ օպերային երգով։ Լսարանը բազմամարդ չէր, մարդիկ մտնում-դուրս էին գալիս, և մուտքի մոտ, ասես դուրս գալուն պատրաստ, նստած տեսա մորաքրոջս։ Մորաքույրս նստած էր՝ ոտքը ոտքին գցած, ու հիասթափված էր թե՛ քարայրից, և թե՛ օպերայի որակից։ Իսկ ծնողներս դեռ չէին հասել, ու ես շտապեցի հասնել՝ փոխելու նրանց ուղղությունը դեպի ճիշտ կողմ՝ Անտարկտիդայի քարանձավը, որը նշմարեցի քիչ հեռվում, իսկ այնտեղ արդեն ամբոխ կար՝ հմայված դիտող, ես նրանց մեջքերի մուգ ստվերներն էի միայն տեսնում, իսկ ստվերների հետևում մայրամուտի կրակ էր բոցավառվել։

Բարեկամ
28.02.2023, 17:47
Ինքնաթիռում սիրում եմ հայալեզու գիրք կարդալ, հատկապես սովետական հրատարակության։
Թերեզա Նումայի հիշատակարանը գնել էի, չեմ հիշում՝ բուկինիստի՞, թե՞ վերնիսաժի հնավաճառից՝ գաղափար չունենալով, թե ինչ գիրք է, բայց տեսքից թվաց ախորժելի՝ սովետական շրջանի հայալեզու թարգմանությամբ և հրատարկչությամբ, դեղնավուն, անփայլ թղթով ու համապատասխան տառատեսակով, որը կոչվում է "Գրքի սովորական"։ Առաջին էջի վրա էլ կապույտ թանաքե կնիք ունի՝ "Սարգսյան Սուրենի անձնական գրադարան, No 427): Գիրքը հայերեն Հրատարակվել է 1979-ին, 30 հազար օրինակով, գինը՝ 1 ռ․ 90 կ․։
Մի խոսքով, "Мой любимый цвет" կամ "мой любимый размер" - ինչպես կասեր հայտնի կերպարը։

Զարմանալիորեն՝ չհիասթափեցրեց։ Զարմանալիորեն, որովհետև կասկածում էի, որ կհավանեմ ինչ-որ անհայտ (ինչպես ինձ թվում է) գիրք, մանավանդ հիմա։
Պատմությունը մի աղջկա մասին է՝ մանկությունից սկսած մինչև իր վաղ հիսունը, գրված առաջին դեմքով․ անձնական հուշեր՝ ոչ այն է օրագիր, ոչ այն է մտորումներ։ Պարզապես պատմում է իր կյանքն այնպես, ինչպես տեսնում է այն սեփական աչքերով ու ամենակարևորը՝ պատմում է կարծես ոչ մեկի համար, այսինքն, չկա, որպես այդպիսին, թիրախային հանդիսատես, որի հանդեպ հեղինակն ինչ-որ նպատակներ կամ նկրտումներ ունի՝ ազդելու կամ տպավորություն թողնելու։ Երևի դա էլ հենց գրքի գլխավոր արժանիքն էր։

Նաև, զարմանալիորեն արագ ու թեթև կարդացվեց․ սահուն ու անարգել, սրընթաց սլացքով։ Երևի՝ որովհետև մտածելու, ուղեղին զոռ տալու առիթ չէր տալիս, ու շարադրանքն էլ պատմողի պես թեթևքաշային էր, առանց արգելակների և Երկար-բարակ դատողության, բայց դրանով հանդերձ՝ իմաստալից, նյութեղեն ու հետո մտածել տվող՝ որոշ հարցերի շուրջ

Պատմությունը մի երիտասարդ կնոջ մասին է, որը գող էր դարձել, և իր կյանքի զգալի մի մաս անց էր կացնում բանտերում, ուր ընկնում էր ժամանակ առ ժամանակ հերթական գողությունից հետո։ Դրանով հանդերձ Թերեզան ուներ արժանապատվություն և բարոյականության որոշակի չափանիշներ, որոնց հավատարիմ էր մնում ոչ թե որովհետև սկզբունքային էր, այլ որովհետև մարդկային էր՝ իր տեսակի մեջ։

Հետաքրքիր գրական ոճ ուներ գիրքը, բավական կուռ և գտնված։ Թվացյալ անկարևոր մանրամասները հեղինակի հմուտ բնազդային գրական հնարքով դառնում էին պատմությանն իմաստ ու շոշափելիություն հաղորդող առանցքային բաղադրիչներ։ Ու հենց դրանցով է, որ ավելի ամբողջական ու ըմբռնելի է դառնում մարդու պատմությունը, քան եթե ծավալվեր խոհափիլիսոփայական շարադրանքների մեջ։

Որոշակի սինթետիկ զգացողություն էր առաջացնում գրքի լեզուն, որը ռուսերենից հայերեն թարգմանություն էր, իսկ ռուսերենը՝ իտալերենից։ Ուղիղ, երբեմն էլ անուղղակի խոսքը՝ հայերեն անբանական արտահայատություններով, ստիպում էին անցնել պատմությունը կրկնաթարգմանության անօրգանական մատերիայի միջով, բայց աստիճանաբար վարժվում ես և ընդունում նրան հենց այդ ճռճռան ու անհեթեթ հագուկապով, ինչպես կընդունես, ասենք, ոչ օրդինար արտաքին ոճով ներկայացող մարդուն, ով, այնուամենայնիվ, իր ներքին մարդկային պատմությունն ունի։

Բարեկամ
07.03.2023, 04:47
Երեկ տարօրինակ մի հայեցակարգի տեսիլ ունեցա։

Մոտավորապես ժամը երկուսն անց կես էր, բարձրանում էի առևւտրի կենտրոնի շարժասանդուղքով՝ շտապելով գործի (ընդմիջմանս ժամն էի օգտագործել, ուշանում էի), բարակ թելերով ամառային կոշիկներս, որոնք այնքան էլ հարմար չեն երկար քայլելու, պինդ սեղմեցին ոտքերս, ցավից [զարմանալիորեն բարձրաձայն] "մամա ջան" դուրս թռավ բերանիցս։ Հասկանալի է՝ մամայիս կանչեցի նեղ պահին, ինչպես անում են բոլորը, ինչպես անում են սովորաբար։ Հետո էդ կանչը, երևի որովհետև բարձրաձայն էր, գլխիս մեջ փոխաբերությունից իրականության կերպափոխվեց, ու նույն պահին էլ, հասկանալիորեն, գիտակցեցի, որ նրան, ում կանչեցի, այլևս այստեղ չէ։
Բայց, երևի որովհետև ուղեղս փնտրում էր՝ բարձրաձայն կանչից մղված, հանկարծ հստակ տեսա մամայիս՝ սրնըթաց ընթացող մի գնացքի մեջ։
Գնացքի մեջ ուրիշ ուղևորներ էլ կային՝ տարբեր տարիքի ու տեսակի, նստած ճոճվում էին թեթև ընթացքից, լուռ, դեմքերը՝ լուրջ, թվում է՝ բացակա, բայց այդպես չէր, ․․․ ինչպես ասեմ․․․ ուղղակի չէին արտահայտում մեզ հայտնի զգացմունքներ, ինչով և անհաղորդ էին թվում։
Մտածեցի, որ եղբայրս էլ է, ուրեմն, այդպիսի մի գնացքով մեկնել, մամայիցս շատ չանցած, ու տեսա եղբորս՝ գնացքի ներսում, նստարանին նստած, նույն լուռ ու լուրջ դեմքով, ինչպես իր գնացքի մյուս ուղևորները, հայացքն ուղիղ, ինչ-որ հորիզոնի ուղղված։
(Ասեմ, որ գնացքների ներսը և ուղևորներին ես տեսնում էի դրսից, գնացքի պատուհանների միջով, բայց պարզ, ասես ֆիլմ էի նայում)։

"Նրանց գնացքն արդեն մեկնել է" ռուսալեզու արտահայտությունը արձագանքեց մտքերիս մեջ շոշափելի իրատեսությամբ, ինչպես որ տեսել էի․ տեղափոխող գնացքներ՝ լուրջ ու անհաղորդ դեմքերով և ընթացքից թեթև ճոճվող ուղևորներով։
Էդ տեսարանից բխող հայեցակարգը հանկարծ մի տեսակ հասկանալի, ամեն ինչ տեղը գցող սյուժե թվաց․ կյանքը, որտեղ որ հիմա ենք, մի կանգառ է ընդամենը։


Հ․Գ․ Բայց միևնույնն է՝ անսահման, չփարատվող կարոտը թույլ չի տալիս երբևէ հաշտվել հարազատների մեկնման հետ, ու ցնցվում ես ամեն անգամ դրա եղելության գիտակցումից, ճզմվում է ներսդ ամբողջ՝ ցավից ու անզորությունից, անհավատալի, անհնար մի լուր լսածի շոկային հարվածով, ու միշտ՝ ասես առաջին անգամ․․․


Հ․Հ․Գ․ Այս տեսիլի հետ կապված, ի դեպ, մի երազ (https://urish.livejournal.com/236978.html) մտաբերեցի, որ տասը տարի առաջ էի տեսել։

Բարեկամ
30.06.2023, 07:02
Եղբորս մահից հետո կյանքի հանդեպ ընկալումներս փոխվեցին․ կյանքը սկսեցի տեսնել ավելի շատ կողքից, քան ներսից։ Ժամանակն ու տարածքը, որտեղ մարդը կոչված է անցկացնելու մի երկրային կյանք, սահմանափակվեցին ակնթարթով ու ձեռքի ափի չափ մակերևույթով։ Հույզեր, սպասելիքներ-նպատակներ, հասցնելիքներ ու չհասցնելիքներ, ձգտումներ ու իդեալներ, դարձան անիմաստ էդ ակնթարթի և ձեռքի ափի անըմբռնելի փոքր տիրույթում։ Թերևս միայն իդեալները կարելի է առանձնացնել՝ մի-փոքր իմաստ տալու համար մեր գոյությանը։
Այլևս չկա վախ՝ կորստի, որովհետև կորցնելիքներն իմաստազրկվել են։
Իմաստազրկումն, ի դեպ, տխուր մի թեթևություն է պարգևում գլուխը բարձին դնելիս․ կարելի է արժանապատվորեն չվախենալ կորստից։

Այսօր երազումս կանգնած էի Երևանի իմ [մանկության] տան վեցերորդ հարկի պատշգամբի բազրիքին։ Մառախուղ էր, օրվա անհասկանալի ժամ։ Արդեն հասկացել էի, որ նման իրավիճակ երազում է լինում և կարող էի չանհանգստանալ, եթե ոտքս սահեր։ Ոտքս չէր սահում, կարող էի հանգիստ ետ ցատկել ներս, բայց պահի տակ որոշեցի ցատկել դուրս․ չէ՞ որ երազ էր։ Մի քիչ տատանվեցի, թե ինչ կզգամ վայրէջքին՝ ցա՞վ, մա՞հ, եթե հանկարծ երազ չէր, կամ ավելի ճիշտ՝ եթե հանկարծ այդ երազից ետդարձ դեպի արթմնի աշխարհ չկար։ Տատանվեցի, հետո հաղթեց ինչ-որ մի բանից ազատվելու հաստատակամությունը, նետվեցի պատշգամբից դուրս՝ դեպի անհայտություն։ Ընկղմվեցի անկման մեջ մի քանի վայրկյան ու արթնացա։

Փոփոխությունների ժամանակն է։ Հուսով եմ՝ դրական։

Բարեկամ
07.07.2023, 15:20
Այսօր առավոտյան որոշեցի քայլել տնից աշխատանքի։ Հեռավորությունը 4 կիլոմետր է։ Երբեմն քայլում եմ, երբ շատ չեմ շտապում հասնելու և հատկապես տուն վերադառնալու: Սովորաբար ձանձրալի է վաղուց ծանոթ, նույն ճանապարհով քայլելը, հատկապես մի ճանապարհով, որին ոչինչ չի կատարվում․ մեծ քաղաքի արվարձանային անփոփոխ լռությունն է, միանման փողոցներն ու տները, և դատարկությունը՝ մարդկանցից։ Բայց քայլում եմ գիտակցաբար, առողջ ապրելակերպի կանչով՝ այսպես ասած, թեև ոչ հաաճախ: Ձանձրույթը ցրելու համար ճանապարհին սովորաբար աուդիոգիրք եմ լսում, երբեմն՝ հարցազրույց։ Այսօր ալարեցի լսել։ Քայլում էի այդպես, ձանձրույթի միջով, և շատ չանցած ինչ-որ բաներ սկսեցին կատարվել ճանապարհին։
Դիմացովս անցավ մի կին՝ առաջնորդելով երեք մանկահասական երեխաների՝ 5-6 տարեկան։ Երեխաները հագել էին ուրախ գույների և ոճի տաք, բամբակյա բաճկոնակներ (զարմանալիորեն նույնը) և կիսաձայն նույն երգն էին երգում։ Կինը ժպտաց ինձ, ինչը և պիտի աներ նույնանման բաճկոնակներով երեք ուրախ երգող երեխաների առաջնորդող ցանկացած անձ՝ որևէ հայացքի հանդիպելիս, և ես ինձ զբաղեցրի այն մտքով, որ սովորաբար ամայի (հատկապես երեխաներից ամայի) փողոցին ոչ հատուկ այս երևույթը՝ երեխաները, պայմանավորված է ընթացիկ քառորդային (երկշաբաթյա) արձակուրդով, և որ նրանք՝ երեխաները, այս փողոցում, արվարձանում, քաղաքում և կյանքի մեջ փաստորեն գոյություն ունեն, նրանք պարզապես թաքնված են ինչ-որ տեղ․ գուցե պարզե՞լ է պետք, թե որտեղ և ինչու և ինչպես գտնել նրանց ու լցնել նրանցով այս կյանքի, քաղաքի, արվարձանի և փողոցի առօրյա ամայությունը։
Առավոտյան հանդիպող սակավաթիվ մարդիկ սովորաբար շնատերերն են։ Նրանք քնաթաթախ տեսք ունեն․ և հագուստն է քնաթաթախ, և մազերը, և տրամադրությունը, և այդպես քննաթաթախ համբերությամբ սպասում են, թե երբ է շունն ավարտելու ճամփեզրի խոտերում քուջուջ անելն ու անցնելը մի քանի քայլ այն կողմ մյուս խոտերին։ Եվ ինձ սկսում է զբաղեցնել միտքը, թե արժե՞ վատնել այս կյանքում մեզ հատկացված ժամանակը այդ քուջուջին սպասելու վրա։ Սպիտակ փուչիկ-բաճկոնով կնոջ հետևից դուրս է գալիս համարյա նարնջագույն, խոշոր պուտերով շունը (սիրուն շուն է, ցեղական), կինը բարևում է ինձ, և ես ճանաչում եմ դրկից հարևանուհուս՝ Դորըթիին։ Դորըթին ասիացի է, ամուսինը՝ անգլոսաքսոն։ Ամուսինը՝ Շոնը, բուժեղբայր է աշխատում։ Գյուղի տղա է Շոնը, փոքրամարմին, cute՝ խոշոր նարնջագույն պուտերով իր շան նման։ Քաղաքի իր բնակարանային, քարահատակ փոքրիկ բակում (որը իմ բնակարանի բակից ցախե մի ծռտիկ, կարճ ցանկապատով է բաժանված) փայտե տախտակներից տուփ է սարքել, մեջը հող լցրել և լոլիկ է աճեցնում՝ ծածկելով մառլայով, որ շուրջը թափառող ագռավներն ու հնդկահավերը չավերեն։ Մի ողջ մանկություն շուն է ունեցել Շոնն իր գյուղում, ու հիմա կինը՝ Դորըթին՝ միշտ բողոքական, մի քիչ խիստ, սովորաբար մտահոգ, երբեմն էլ՝ լարված, որ մինչև վերջերս արգելում էր շան մուտքն ընտանիք, ի վերջո, տեղի է տվել իրենց երկու դպրոցահասակ տղաների, մի քիչ էլ ամուսնու թախանձանքին։ Քուքին (հայերեն ասած՝ Թխվածքաբլիթը), որը որսորդական շան ինչ-որ ցեղատեսակից է, արդեն մի տարեկան, հասուն քոթոթ, ամեն մի անծանոթ շրշյունից ու հոտից ցցում է գլուխն ու ականջները և գործողության պատրաստ՝ լարվում։ Անծանոթների վրա հաչում է, բացատրում է Դորըթին՝ մինչ Քուքին ցատկում ու փորձում էր լիզել դեմքս։ Բայց ես համարյա անծանոթ եմ, դեռ լրիվ ձագուկ տարիքում եմ իրեն երևի վերջին անգամ տեսել, ասում եմ։ Կապ չունի, ասում է Դորըթին, նա ճանաչում է քո հոտը, չէ՞ որ շենքի նույն հարկում ենք ապրում։ Մի քսան րոպե էլ դեռ զրուցում ենք որսորդական շների սովորություններից և խնամքից, շների հանդեպ կապվածությունից և ընտանիքի անդամ դառնալուց՝ ինձ անծանոթ և համարյա անհետաքրքիր թեմա, մինչև որ վերջապես պոկվում եմ Դորըթիից և շարունակում ճանապարհս։
Դիմացի մայթին, առանց ցանկապատի մի տնակի կանաչ մարգի վրա մի պապիկ է փոցխով աշխատում։ Սիրում եմ անցանկապատ տներ, տնակներ՝ առավելևս։ Պապիկի կաթնագույն քաթանե տաբատի հետույքը հողոտված է։ Պապիկը ծերունական երերուն խնամքով, դանդաղ փոցխում է փափուկ կանաչի վրայի չերևացող ավելորդությունները և լցնում փայտե սայլակի մեջ։ Ինձ զբաղեցնում է այն միտքը, որ պապիկի աշխատանքի մեջ իմաստ կա, և միայն այն պարզ պատճառով, որ թե՛ պապիկը, թե՛ իր հողոտված շալվարը քնաթաթախ չեն։ Դիմացի մայթին կանգմած փորձում եմ ուսումնասիրել տնակը․ այն կեսդարյա հարմարավետություն ունի, և պատուհանի հետևում, պատուհանագոգին նշմարում եմ ճենապակյա նախշապատ մի սափոր, որը հարմար կլիներ երևի կաթ լցնելու հաամար։ Մի քանի քայլ եմ գցում՝ Ճամփաս շարունակելու, և միտքս վերահաս զբաղեցնում է այս տեսարանն անցյալում աներևույթ թողնելու ափսոսանքը, ետ եմ դառնում հարմար տեսանելիության ու դիմացի մայթից լուսանկարում տունն ու պապիկին։
Hey Siri! Call Maddy Paul - արևադարձային ձմռան սառն ու խոնավ օդին կիսաթև վերնաշապիկով և ձեռքերը շորտերի գրպանը դրած բարձրահասակ երիտասարդի մեջքն առաջ է ընկնում ինձնից, և ես արագացնում եմ քայլերս, քանի որ միտքս զբաղեցնում է հետաքրքրասիրությունը՝ պարզելու, թե Սիրին հասկացա՞վ արդյոք ում պիտի զանգի, ու որ Մեդին երիտասարդի ընկերուհի՞ն էր՝ ինչպես ենթադրեցի․ էլ ու՞մ պիտի զանգի ձմռան ցրտին կարճաթև վերնաշապիկով և ձեռքերը շորտերի գրպաններում դրած, վստահ առաջ ընկնող երիտասարդն առավոտ կանուխ։ Hi Maddy, how you doin?! Շարունակությունը հետաքրքիր չէր, որովհետև իմ միտքն արդեն զբաղված է նրանով, որ ես Սիրիից օգտվելուն չեմ վարժվել, և որ բնազդաբար չեմ էլ ձգտում վարժվել, և փորձում եմ համեմատական վերլուծություն տանել heysiri կանչելու (նվաստացուցիչ մի բան եմ տեսնում արհեստական բանականությանը հրամայելու մեջ) և հեռախոսի անվանացուցակից անուն ընտրելու ու զանգելու կոճակը սեղմելու հարմարությունների և անհարմարությունների միջև։

․․․ Եվ այդպես միքտս շարունակում են սնել ու զբաղեցնել մի շարք այլ նույնքան ոչ նշանավոր տեսարաններ, և ես հայտնաբերում եմ, որ կյանքում հետաքրքրություն գտնելը հետաքրքրականություն հայտնաբերելն է հենց մանրուքների մեջ, իսկ այսպես կոչված մեծ իրադարձությունները փչված մեծ փուչիկ են մի տեսակ։

Ու մի բան էլ․ երջանկությունը բավարարված լինելու մեջ չէ, այլ բավարարություն ստանալու բուն ընթացքի, ինչպես օրինակ՝ հաճույքը ծարավ չլինելու մեջ չէ, այլ ծարավը հագեցնելու ընթացքում զգացածի։


Հետգրությամբ՝ տնակի և փոցխով պապիկի լուսանկարը (https://ibb.co/wsp8fgP), որ արեցի դիմացի մայթից։