PDA

Դիտել ողջ տարբերակը : LisBeth-ի, Վոլտերայի և տեսիլքի համատեղ պատմվածքը



ivy
06.01.2018, 23:40
Նոր համատեղ պատմվածք. Լիզբեթը սկսում է, Վոլտերան` շարունակում, տեսիլքն` ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք էստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), նոր համատեղ պատմվածք գրելու համար գրանցվեք էստեղ (https://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6?p=2560418#post2560418):

Քննարկումները կարող ենք սկսել, երբ պատմվածքի երեք հատվածն էլ տեղադրված լինի:

LisBeth
07.01.2018, 22:16
Նարինի երեք սրտերը

Մի խուլ գյուղում, ուր մարդիկ նոր էին դուրս եկել հողափոր տներից ու տուֆից տներ էին կառուցել, բայց Պրոմեթևսի լյարդի հաշվին ստացած պարգևը դեռ երկար էր անհաս փառքի ճամփա մնալու, շատ տարածված էին կույր ամուսնությունները։ Վալոդն ու Թաժը բարեհաջող պսակվել էին այդ ռեժիմով, և պատրաստվում էին նույնը անել իրենց երեք աղջիկների ու մինուճար տղայի հետ, որն իրեց ընտանեկան բրեզենտից վրանը կրող սյունն էր։
Երկու աղջիկները Թաժի ըստ միսս Բեննեթ ջանքերով բարեհաջող տնավորվում են։ Նույն ֆոկուսը Նարինի վրա են փորձարկում։ Ու թվում էր, թե հայ հայ բոլորը կապրեն երկար և երջանիկ, բայց Նարինը չալ աստղի տակ էր ծնվել։
Նախատեսված յոթ օր յոթ գիշերը արվում է Թաժի դոշակի տակ բազմացած դոլարների հաշվին։ Բոլոր ականատեսները կփաստեն, որ երբեք տեսած չկային այդպիսի գեղեցկության հարս, որի ոսկեղենով ծանրացած մատների արանքը մտցրած կանաչ փափագը մոգական շարժումներ էր կատարում օդում։ Ամեն մի հեզ վեր ու վարը ուղեկցվում էր հոգոցներով։
Եկավ երկար սպասված առաջին գիշերը։ Նարինի մատները սկեսուրը նախօրոք հոգատարությամբ ազատել էր բեռից։ Նա նստել էր անկողնու ծերին, ձեռքերը ծնկներին դրած սարսափով սպասում էր։ Նորթուխ ամուսինը մոտեցավ, չոքեց Նարինի դիմացը․
- Քեզ չեն ասել, բայց ես հիվանդ եմ։ Ինձ մնացել է շատ քիչ ժամանակ ապրելու։ Դու դեռ ջահել ես, - ձեռքը Նարինի զարմացած դեմքից դեպի կուրծքն է իջացնում, - դու դեռ կաորղ ես երջանիկ լինել։
Ձեռքը դիաֆրագման պատռելով մտցնում է կրծքավանդակի մեջ, պոկում է Նարինի տաք սիրտը դնում ափերի մեջ։
- Դու կարող ես գնալ։
Ուղեկցում է Նարինին միչև դուռը ու կողպում հետևից։
Դեկտեմբեր ամիսն էր։ Մարդաբոյ ձյան շերտը ճեղքելով Նարինը անցնում է գետը, բարձրանում Խարաբու դիքը։ Սրտից կաթացող արյան հետքերով հավաքված գայլերը շրջապատում են։ Նարինի աչքերը վառվում են կատաղի փայլով։ Նա գիշատիչի նման ատամները մտցնում է սրտի մեջ։ Ռեզինի նման մկանները հազիվ պոկելով կուլ է տալիս։ Գայլերը հետ են քաշվում։
Երբ հոր տուն է մտնում, ոչ մեկ գիրկը չի բացում։ Ոչ մեկ չի շոյում նրա խելագարվող գլուխը։ Միակ հարցը, որ հնչում է, ոնց են գնացած հետ եկածին ամուսնացնելու նորից։

Վոլտերա
13.01.2018, 11:51
Նարինի հայրը Նարինի քթից արյուն է բերում, իսկ մայրը երեք ապտակ է հասցնում Նարինի հոշոտված գազանից շատ քիչ տարբերվող երեսին, երեք, որովհետև սուրբ թիվ է, բացի այդ` Նարինի թիվն է, գուցե երես թեքած ճակատագիրը թվով գայթակղվի ու տարած ետ բերածին մեկ շանս էլ տա: Նարինին փակում են տան ամենախուլ անկյունում ու գառ մորթում: Սկսում են դռնից դուռ ման գալով մսի արյունոտ կտորներ բաժանել հարևաններին ասելով` Նարինի սիրտն է ու ամեն անգամ լուռ մնալով, երբ իրենց կհարցնեին, թե որ մեկը:
Երբ գյուղում Նարինի մեղքը ներվում է, հավաքվում են իմաստուններով ու որոշում են կայացնում, եթե մինչև հաջորդ լուսաբաց Նարինին ուզող չհայտնվեց, կհավաքեն գյուղի անմեղներին ու կստիպեն, որ Նարինի վրա քարեր նետեն`մինչև Նարինն այնքան արյունահոսի, որ սկսի մահ աղերսել: Գյուղում այդ սովորույթը իրենց խելոք պապերից էր մնացել: Այդպես էին վարվել Նարինի կախարդ տատու հետ, գիժ Սոնայի ու ման եկող Լիայի հետ: Նարինին պատճառ չունեին խղճալու:
Օրը իրեն դուրս է գցում գյուղից ու Նարինի գաղտնիքը փոխանցում գիշերվան, որ սա Նարինից տեղյակ մտնի գյուղ: Խարխուլ Օնիկը այդ գիշեր դուրս էր եկել զբոսանքի, որովհետև երազում տեսել էր, որ գյուղից մի սիրտ իրեն է պատկանում ու ինքը պիտի հենց այդ գիշեր տիրանա սրտին, որ առավոտը կտրված ոտքը ետ տեղը գա նորից ու տարիների մեջ վաստակած կուզը ետ հարթվի:
Օնիկը քայլում է ու գայլի պես ոռնում, որովհետև չի կարողանում սրտի ճամփեն գտնի. գազանի պես չորեքթաթ մի տնից մյուսն է գնում, մինչև որ թարմ սրտի հոտը քթին է խփում ու աչքերը փակ գիշերվա ու առավոտվա սահմանին մոտ հասնում Նարինին, գետինը հոտոտելով անցնում է տան ճանապարհը ու Նարինին գտնում թախտին ընկած ու ոտքերը լայն բաց արած: Խարխուլ Օնիկը սողում է Նարինի մարմնի վրա, ձեռքը տանում է, որ ստանա իրեն պատկանելիքը ու երկրորդ սիրտը արդեն հանած գտնում: Օնիկի ոռնոցին Նարինի լացն է գումարվում ու առավոտը նորից ներս է մտնում գյուղ:

տեսիլք
14.01.2018, 07:04
Երբ ծովախոզուկի սիրտը հայտանաբերեցին վերջինիս իսկ վանդակի անիվում արնաքամ պտտվելիս, սկզբնական կասկածները ջարդվեցին Թոմի վրա, ով պահ էր մտել Ուրայի անկողնու տակ և իր սարսափազդու հայացքը, արյունոտած բեղիկների գլխավորությամբ, չռել էր տնեցիքի վրա։ Սակայն տնեցիք դեռ չէի հասցրել կարգին մարսել էդ փաստը, երբ մի նոր պատուհաս ջախջախեց իրենց վարկածները․ նույն երեկոյան, երբ Թոմի ափսեի մեջ փորձեցին կերակուր լցնել, այն արդեն լեցուն էր Թոմի պատառոտված սրտով, իսկ անսիրտ մարմինը ավելի ուշոտ հայտաբերեցին նկուղում։ Մինչ նույն բախտին սկսեցին արժանանալ տան մնացած անդամները, դեռ կենդանի մնացած տնեցիքից մեկը հայտաբերեց սրտահան հերոսին՝ Ուրային, և ընտանեկան խորհուրդը որոշեց վերջինիս ցմահ աքսորել ընտանիքի շարքերից և հանձնել համապատասխան հասարակական մարմինների։ Վերջին վիրահատությունից հետո բժշկական կրթվածություն ունեցողները խոստացել էին, որ Ուրայի մոտ ամեն ինչ լավ էր լինելու, բայց արի ու տես, որ հետևանքները չէին կանխատեսել և Ուրան՝ դասակարգվելով մարդկությանը վտանգ սպառնող երևույթ, զրկվեց սպիտակ խալաթավորներից զատ այլ մարդկանց հետ շփվելու հնարավորությունից։
Դրությունը փոխեց մի սրտացավ հոգեբան, ով ծանոթանալով Ուրայի գործին, յուրահատուկ դեպքի հոտն առած, հանձն առավ այն լուսաբանելուն։ Երբ դեպքի կծիկը բավականաչափ քանդեց, պարզեց, որ բոլոր բացատրությունները տանում էին դեպի Վոն Հագենսի լաբարատորիա, որտեղ Հիպնոսի իշխանության օրոք մշտական բնակություն էր հաստատել Նարինը․ նրա տաք մարմինը հնէաբաները պեղել էին մի կիսաքանդ գերեզմանոցից։ Հոգեբանի հորդորով մի խումբ հետաքրքրասեր մասնագետներ իրար գլխի հավաքվեցին և խելք խելքի տալով՝ որոշեցին Ուրային ծանոթացնել Նարինի հետ։ Երբ Ուրային բերեցին Նարինի մոտ, նա լուռ մոտեցավ, ուշադիր զննեց Նարինի ծանոթ վերքապատ ու այլալված դեմքը, որտեղ ոչ մի անվնաս տեղ չկար, ձեռքով շոյեց այն ու համբուրեց ճակատը։ Նարինի մարմինը անզուսպ սկսեց թպրտալ և դավաճանելով տասնամյակներ տևած կարգավիճակին, ետ վերադարձավ սթափերի աշխարհ, իսկ Նարինը, աչքերը հազիվ բացելով, մի կերպ շշնջաց՝ սի՜րտս․․․
- Գիտեմ․․․, - Ուրան ձեռքը տարավ կարկատած կրծքավանդակը, սիրտը հանեց ու դրեց Նարինը ձեռքը, իսկ ինքը տապալվեց գետնին։
Նարինի մարմինը, սիրտը փոշեկուլի պես կուլ տալուց հետո, միանգամից փխրվելով չորացավ ու վերածվեց կարմիր փոշու։ Վոն Հագենսը, ով մահկանացուների մարմինները մահվան ճանկերից խլող ու անմահացնող գիտուն էր, չէր սպասում նման տեսարանի։ Երբ քար կտրած վիճակից դուրս էկավ, մոտեցավ Նարինի անկողնուն և սկսեց զգուշորեն փոշին ուսումնասիրել, հետո հայացքը հասավ Ուրային․ մտովի ծնվեց իր նոր շեդեվրը՝ Ուրայի մարմինը ծնկաչոք դիրքով գլխիկոր բռնել էր մի թափանցիկ գունդ, որում հանգչում էր Նարինի երրորդ՝ վերջին սիրտը։

ivy
14.01.2018, 18:45
Ի՞նչ կարծիքներ կան։
Արդեն կարող ենք քննարկել։

boooooooom
14.01.2018, 19:32
Առաջին 2 մասերը շատ սահուն ու հեշտ կարդացվեց՝ առանց լարվածության։ Ինչը չէի ասի վերջին կտորի մասին։ Կփորձեմ ևս մեկ անգամ կարդալ ու հասկանալ։
Սիրտը սկզբում անսպասելի էր, երկրորդ մասում՝ տանելի, երրորդում՝ շատ էր արդեն։

Ու ընդհանրապես, Ակումբում մի տեսակ "մոդա ա" դժվար հասկացվող բաներ գրել։ Էն որ պիտի շատ ուշադիր կարդաս, հետո մի հատ էլ կարդաս, հետո հեղինակը գլխի գցի, նոր հասկանաս։ Մեկ մեկ հետաքրքիր ա տենց, բայց մի տեսակ շատ ա "էներգիա խլում":

Որ քվեարկություն լիներ, իմ ձայնը կտայի Վոլտերայի հատվածին։

Արէա
14.01.2018, 19:37
Սիրտը սիրտ չէր, սրտի հանելը սրտի հանել չէր, տանել ետ բերելն էլ երևի տանել ետ բերել չէր։
Վոլտերան հենց էս ամեն ինչի վրա էր կառուցել. էլի գայլեր, սիրտ, արյուն, տարած ետ բերած։
Տեսիլքի տարբերակի սկիզբը խոստումնալից էր, կեսից էլի գնաց Վոլտերայի ճանապարհով։
Լիզբեթի տարբերակը ավարտուն էր, շարունակելու տեղ չկար, ու պետք էլ չէր իմ կարծիքով։
Իդեալական տարբերակը կարծում եմ կլիներ մեկ այլ, արտաքուստ բոլորովին ուրիշ պատմություն պատմելը, զուտ խորքային զուգահեռներով Լիզբեթի պատմությանը։
Արդյունքում կստացվեր երեք փոքրիկ պատմությունից բաղկացած, դեպի մի կետ տանող, պատմվածք։
Հիմա պարզ չի ինչ ա ստացվել։

Gayl
14.01.2018, 20:34
Մի անգամ էլ ես կարծիք գրեմ։
Սա էն թեման չի, որ պիտի սենց բարդացվեր հետևաբար ստացվել ա բարդ ու անհետաքրքիր։

Նիկեա
14.01.2018, 20:40
Իսկ ինձ դուր ա էկել, հեգնական երանգով, քաղաքային լեգենդոտ բան ա ստացվել :))

Գաղթական
14.01.2018, 23:43
Առաջինը չգիտեմ, թե ինչի մասին էր, բայց երկրորդի «սիրտ հանելու» իմաստն ավելի դուրս եկավ՝ ալյա ինտիմ:
Իսկ երրորդում ոնց որ մի քիչ շատ էին ֆուտուրիստապսիխոզ երանգները..