PDA

Դիտել ողջ տարբերակը : Օգնեք թարգմանել



Cassiopeia
22.11.2017, 23:30
Սիրելի ընկերներ.
Փոքրիկի համար հեքիաթներ եմ թարգմանում, բայց մենակ թարգմանելով չի։ Խմբագրել է պետք ու դա կարող է անել գրականության հետ կապ ունեցող մարդը։
Ո՞վ ժամանակ կունենա թարգմանածներս կարդա ու խորհուրդներ տա, սխալներն ուղղի։
Չէի ուզենա երեխաներին անորակ բան մատուցել։

Տվյալ պահին թարգմանում եմ Սվեն Նուրդքվիսթի «Պետսոնն ու Ֆինդուսը» սերիայի «Մեխանիկական Ձմեռ պապը» հեքիաթը։ (Թարգմանում եմ ռուսերենից)։

Sambitbaba
23.11.2017, 00:11
Վերա ջան, եթե իմ գիտելիքները բավարար են, կօգնեմ մեծ սիրով...:love

Cassiopeia
23.11.2017, 00:56
Մեխանիկական Ձմեռ պապը
Սվեն Նուրդքվիսթ

Գլուխ 1

Ձյունն անդադար իջնում էր Պետսոնի տան տանիքին։ Արդեն մեկ շաբաթ է ձյունը չէր դադարում և ձյան ծածկոցի տակ էին մտել ծերուկի տնակը, փայտանոցը, զուգարանը, ծխարանն ու արհեստանոցը։ Շրջակայքի դաշտերն ու մարգագետինները սիփ-սպիտակ էին, իսկ անտառում յուրաքանչյուր ճյուղ ճկված էր ձյան տակ։ Ամեն ինչ այնպես էր, ինչպես պետք է լիներ Սուրբ Ծնունդից անմիջապես առաջ։
Խոհանոցում նստած Պետսոնն ու Ֆինդուս փիսիկը շիլա էին ուտում ու նայում լուսամուտից այն կողմ ձյան փաթիլների պարը։
- Շուտով Սուրբ Ծնունդն է,- ասաց Պետսոնը՝ նայելով ցուցամատի ու բութի արանքով։ Ֆինդուսը փաթիլներ էր որսում։
- Հա՞։ Ե՞րբ,- հետաքրքրվեց նա ու փաթիլը «սեղմեց» թաթի մեջ։
- Քսանչորս օր։
Ֆինդուսը ցնցվեց և վախեցած աչքերը հառեց ծերուկի վրա.
- Քսանչորս օր... Դա սարսափելի շատ է։ Մի շաբաթից հաստատ քիչ չի։
- Ոչինչ, ժամանակը շատ արագ կթռչի։ Իսկ մենք այնքա՜ն բան ունենք անելու. թխվածքաբլիթ պետք է թխենք, տունը մաքրենք, եղևնի կտրենք, նվերներ պատրաստենք...
- Իսկ մի՞թե Ձմեռ պապը չի բերում մեր նվերները,- ընդհատեց Ֆինդուսը։
- Ձմեռ պա՞պը։ Ի՞նչ գիտես դու նրա մասին։ - Պետսոնը զարմացած նայեց կատվին։
Նախկինում Ձմեռ պապի մասին ոչ մի խոսակցություն չէր եղել։ Կատուները սովորաբար Սուրբ Ծնունդը նշում են առանց Ձմեռ պապի։ Բայց Ֆինդուսը սովորական կատու չէր։
- Ես լսել եմ, թե ինչպես էին երեխաները ասում, որ նվերները Ձմեռ պապն է բերում։ Միգուցե մեզ էլ բերեր,- նկատեց Ֆինդուսը։
- Դե, երևի նա չգիտի էլ, որ աշխարհի ինչ-որ անկյունում ապրում ենք ես ու դու,- հակաճառեց Պետսոնը։
- Չգիտի՞ մեր մասին։ Բայց չէ՞ որ հիմա մենք այստեղ նստած ենք,- զարմացավ Ֆինդուսը։ - Մի՞թե դու չես կարող նրան ասել, որ մենք այստեղ ենք։
Պետսոնը ժամանակը ձգձգելու համար դանդաղ ծամում էր իր շիլան։ Իհարկե, թող Ֆինդուսը մտածի, որ Ձմեռ պապը կգա, բայց Պետսոնը շատ բան խոստանալ չէր ուզում։
- Դե... ընդհանրապես, երևի, կարող եմ... - վերջապես մրթմրթաց նա։ - Եթե միայն ես հանդիպեմ նրան... Ոչ ոք չգիտի, թե որտե՞ղ է ապրում նա։ Ճիշտ է, կարելի է փորձել մի մեթոդ, որը երբեմն աշխատում էր, երբ ես փոքր էի, բայց ոչ միշտ... Ի՞նչ իմանաս, կգա՞, թե՞ չէ։
- Դու փոքրի՞կ ես եղել,- հետաքրքրասեր հայացք նետելով ծերուկի վրա, զարմացավ Ֆինդուսը։
- Իհարկե, բոլորն էլ եղել են։
- Իսկ այդ ժամանակ մորուք ունեի՞ր։
- Իհարկե, այն ժամանակ էլ ես այս տեսքն ունեի, ուղղակի մի քիչ փոքր էի։
- Իսկ ի՞նչ հասակի էիր։
- Մոտավորապես կես մետր։ Հետո մոտ կես մետր էլի բոյովացա։
Ֆինդուսը ծիծաղից թուլացավ ու էլի հարցրեց.
- Ու ի՞նչ մեթոդ էր դա։
- Դե, մենք ցանկությունների ցուցակ էինք կազմում, հետո այն դնում ձնե գնդի մեջ, որն ավելի մեծ էր, քան ձնագնդիկը,- բացատրեց Պետսոնը։ - Երեկոյան մենք էլի գնդեր էինք ծեփում ձնից ու աշտարակի նման իրար վրա շարում։ Եթե հաջորդ առավոտ աշտարակը քանդված էր լինում, ապա նշանակում էր, որ ամենայն հավանականությամբ Ձմեռ պապը եղել է մեր բակում, վերցրել է ցուցակն ու ամենայն հավանականությամբ Սուրբ Ծնունդին կայցելի մեզ։
Ոգևորությունից Ֆինդուսը վեր թռավ։
- Մենք էլ հենց այդպես կանենք։ Եկ հենց հիմա սկսենք։ Իսկ ի՞նչ է ցանկությունների ցուցակը։
Պետսոնը դա էլ բացատրեց։ Ֆինդուսի մտքով դեռևս միայն մի ցանկություն էր պտտվում՝ երկրորդ դահուկը։ Բանը նրանում է, որ անցյալ ձմեռ Պետսոնը կատվի համար դահուկներ էր որոշել սարքել, բայց գործը անավարտ էր թողել։ Նա շատ գործ ուներ, իսկ հետո եկավ գարունը, ապա ամառը ու դահուկների մասին լրիվ մոռացան։ «Բայց երկրորդ դահուկը ծերուկն էլ կարող է պատրաստել,- մտածեց Ֆինդուսը,- իսկ Ձմեռ պապից անակնկալ կխնդրեմ»։ Եվ Պետսոնը թղթի վրա գրեց «Անակնկալ»։
- Ես նաև ուզում եմ, որ նա գա։ Դա էլ գրի,- ավելացրեց Ֆիդուսը։
Պետսոնը գրեց. «Թող Ձմեռ պապը Ծննդյան տոնին գա»։
- Ահա, - ասաց Պետսոնը։ - Այժմ կարող ենք գրությունը դնել ձնագնդի մեջ ու այն դնել աշտարակի ամենավերևում։ Բայց մինչ այդ պետք է ուտենք, վերջացնենք շիլան։
- Դե... ես մտածում էի շիլայի մի մասը թողել հավերին։ Նրանք սիրում են սառը շիլա,- ասաց Ֆինդուսը։ - Իսկ մենք ձնագնդերից աշտարակ կկառուցենք։
Եվ նրանք հենց լուսամուտի տակ ձնե աշտարակ կառուցեցին։ Վերջին գունդը, որի մեջ գրությունն էր, տեղադրեց Ֆինդուսը։
- Իսկ այժմ սպասենք, հենց մթնի ու աշտարակի ներսում մոմ վառենք,- ասեց Պետսոնը։- Եթե շուտ վառենք, այն կվառվի մինչև Ձմեռ պապի գալը։
- Իսկ Ձմեռ պապը մինչև մեր վառելը չի՞ գա։
- Չէ։ Նա լույսով չի գալիս։ Ձմեռ պապիները չեն սիրում անհարկի երևալ,- բացատրեց Պետսոնը։
Փոքրիկ փիսիկի համար շատ դժվար էր սպասել մթնելուն։ Պետսոնը ցախ բերեց, բակը մաքրեց ձնից։ Ու չնայած, որ շատ ժամանակ անցավ, բայց բակը դեռ լուսավոր էր։ Հենց նրանք տուն մտան, Ֆինդուսը հարցրեց, թե ե՞րբ է մթնելու։
- Ժամը երեքի, չորսի կողմերը,- պատասխանեց Պետսոնը։
- Իսկ ե՞րբ կլինի երեքը-չորսը։
- Դեռ շատ կա։ Դու ժամացույցին նայիր։
Ֆինդուսը գնաց հյուրասենյակ և սկսեց նայել պատին կախված կկվով ժամացույցին։ Նա նայում էր, նայում, երկար-երկար։
- Պետսոն, սրանից օգուտ չկա։ Ես նայում եմ ու նայում, իսկ դուրսը դեռ լույս է։
Պետսոնը մտավ սենյակ ու նայեց ժամացույցին։ Այն չէր աշխատում։
Ծերուկը քաշեց շղթան ու սլաքները տեղաշարժեց։ Ամեն անգամ, երբ մեծ սլաքը դեպի վեր էր նայում, նա սպասում էր, մինչ կկուն դուրս գա ու ձայն ածի։
- Երբ մեծ սլաքը վերև կնայի, իսկ փոքրիկը կգա չորսի վրա, կլինի ժամը չորսը։ Այդ ժամանակ հաստատ կմթնի,- բացատրեց Պետսոնը։- Իսկ հիմա գնա ու ինչ-որ բանով զբաղվիր։ Ժամանակը դանդաղ է հոսում, եթե պարզապես սպասում ես։
Ֆինդուսը բազմոցի վրա թավալ էր տալիս, մերթ ընդ մերթ նայում լուսամուտին, հետո՝ ժամացույցին։ «Ինչքա՜ն դանդաղ են շարժվում սլաքները,- մտածեց նա։- Գրեթե չեն շարժվում»։
Ի վերջո, նա բարձրացավ աթոռի վրա ու մեծ սլաքը տեղաշարժեց։ Սկզբում կկուն դուրս եկավ ու երեք անգամ ձայն ածեց, իսկ հետո՝ չորրորդը։ Կատուն վազեց խոհանոց, որտեղ Պետսոնը թերթ էր կարդում։
- Ահա, արդեն չորսն է, արդեն մութ է։- Բացականչեց Ֆինդուսը։- Եկ մոմը վառենք։
- Ոչ մի դեպքում,- հակաճառեց Պետսոնը՝ ակնոցների վերևից նայելով կատվին։- Ես գիտեմ, որ դու խարդախություն ես արել։ Դեռ լույս է։ Երբ աշտարակը բոլորովին չի երևա, այդ ժամանակ էլ կմթնի։
Ֆինդուսը նստեց խոհանոցի սեղանին ու սկսեց դուրս նայել։ Մթնշաղը սկսեց տարածվել, բայց դեռ մութ չէր։ Դա նույնիսկ Ֆինդուսը կարող էր հաստատել։
«Իսկ աշտարակն արդեն այնքան էլ հստակ չի երևում,- մտածեց նա։- Առաջ ես ավելի լավ էի տեսնում»։ Եվ նա աչքերն այնպես կկոցեց, որ կոպերը գրեթե փակվեցին։
- Պետսոն, ես այլևս չեմ տեսնում աշտարակը։ Ժամանակն է մոմը վառելու։
Կատուն այնպիսի դիրք էր ընդունել, ասես քնած լիներ։ Ծերուկը նայեց նրան, հոգոց հանեց ու մի կողմ դրեց թերթը։
- Ինչ դանդաղ է այսօր անցնում ժամանակը,- նկատեց նա։- Արդեն գնանք բակ ու վառենք մոմը։
Եվ ահա, Ֆինդուսն էլի նստած է խոհանոցի սեղանի վրա ու նայում է լուսավորված աշտարակին։ Պատուհանից այն կողմ ավելի մթնեց։ Այժմ լուսամուտի ապակու մեջ միայն սենյակի արտացոլանքն էր երևում։ Փիսիկը մռութով հպվեց ապակուն, որպեսզի ինչ-որ բան տեսնի։ Նա շատ էր ուզում Ձմեռ պապի գալը տեսնել։
- Դժվար թե նա հենց հիմա գա,- ասաց Պետսոնը։- Կարծում եմ, նա կգա, երբ դու արդեն քնած կլինես։ Նա, հավանաբար, կանգնած է դռան հետևում և հետևում է քեզ։
Ֆինդուսը որոշեց ձևացնել, թե քնած է, բայց մի աչքի տակով էլի հետևում էր։ Բայց նա միայն լույսի թույլ շողքն էր տեսնում։ Եվ իրենից անկախ, նրա աչքերը փակվեցին և նա քնեց։

Cassiopeia
23.11.2017, 01:14
Թարգմանելու ընթացքում հասկացա (կողքից էլ ԱՐտակն ասեց), որ երեխեքին էնքան էլ դուր չի գա։

Սրա շարունակությունը երևի ժամանակավորապես կդադարեցնեմ թարգմանելը ու ուրիշ, ավելի մանկական հեքիաթներ կգտնեմ :)

Sambitbaba
23.11.2017, 09:45
Վերա ջան, ինքդ տես... Համենայն դեպս, կարող ես այսքանը նայել: Եթե դուրդ գա, կամ որոշես շարունակել...




Ձյունն իջնում էր Պետսոնի տան տանիքին: Ճշմարիտն ասած, ձյունն արդեն գալիս էր մի ամբողջ շաբաթ, և հիմա ձյան ծածկոցի տակ էին մնացել ծերուկի տնակը, ցախանոցը, զուգարանը, հավաբունը և ատաղծագործական արհեստանոցը: Մերձակա մարգագետիններում ու դաշտերում ամեն ինչ ճեփ-ճերմակ էր, իսկ անտառում ամեն ճյուղ դիմափոշվել էր ձյունով: Ամեն ինչ ճիշտ այնպիսի տեսք ուներ, ինչպես և պետք է լինի, երբ մոտենում է Սուրբ Ծնունդը:

Պետսոնն ու Ֆինդուս փիսիկը խոհանոցում նստած շիլա էին ուտում և հետևում էին ձյան փաթիլների շուրջպարին պատուհանից այն կողմ:

- Ահա և Սուրբ Ծնունդին բան չմնաց, - ասաց Պետսոնը:

Նայելով ցուցամատի ու բութի արանքից, Ֆինդուսը ձևացնում էր, իբր փաթիլներ է որսում:

- Հա՞: Իսկ ինչքա՞ն, - հետաքրքրվեց նա և փաթիլը "սեղմեց" թաթի մեջ:
- Քսանչորս օր:

Ֆինդուսը ցնցվեց և աչքերը վախեցած հառեց ծերուկին:

- Քսանչորս օ՛ր: Բայց դա սարսափելի երկա՛ր է: Մեկ շաբաթից ոչ քի՛չ:
- Ոչինչ, ժամանակն արագ կթռչի: Իսկ մենք այնքա՜ն բան ունենք անելու. և թխվածքաբլիթ թխել, և տունը հավաքել, և եղևնի կտրել, և նվերներ պատրաստել...
- Իսկ մի՞թե Ձմեռ Պապը չէ մեզ նվերներ բերողը, - ընդհատեց նրան Ֆինդուսը:
- Ձմեռ Պա՞պը: Իսկ դու՞ նրա մասին ինչ գիտես: - Պետսոնը զարմանքով նայեց կատվին: Առաջներում երբեք ոչ մի Ձմեռ Պապի մասին խոսք անգամ չէր եղել: Կատուները սովորաբար Սուրբ Ծնունդն առանց Ձմեռ Պապ են տոնում: Բայց Ֆինդուսն, իհարկե, այնքան էլ սովորական կատու չէր:
- Ես լսել եմ, թե ինչպես էին երեխաները խոսում, որ նվերները Ձմեռ Պապն է բերում: Կարող էր մեզ էլ այցելել, - նկատեց Ֆինդուսը:
- Դե, միգուցէ նա չգիտի էլ, որ ինչ-որ տեղ աշխարհում ապրում ենք ես և դու, հակաճառեց Պետսոնը:
- Չգիտի մեր մասի՞ն: Բայց չէ որ ահա մենք նստա՛ծ ենք, - զարմացավ Ֆինդուսը: - Մի՞թե դու չես կարող նրան ասել, որ մենք այստե՛ղ ենք:

Պետսոնը դանդաղ ծամում էր իր շիլան, որ ժամանակ ձգձգի: Իհարկե, թող Ֆինդուսը հավատա, որ Ձմեռ Պապը կգա, բայց Պետսոնը չէր ուզում նրան չափազանց շատ բան խոստանալ:

- Դե... ընդհանրապես, երևի կարող եմ... - մրթմրթաց նա վերջապես: - Միայն թե կհաջողվի՞ ինձ արդյոք նրան հանդիպել... Ոչ ոք չգիտի, թե որտեղ է նա ապրում: Ճիշտ է, կարելի է փորձել մի միջոց, որը, երբ ես փոքր էի, երբեմն աշխատում էր, բայց բոլորովին էլ ոչ միշտ... չէ որ, ո՞վ գիտի նրան, այդ Ձմեռ Պապին, կգա՞ նա թե ոչ:
- Իսկ դու եղել ես փոքրի՞կ, - զարմացավ Ֆինդուսը, հետաքրքրությամբ նայելով ծերունուն:
- Իհարկե, - պատասխանեց Պետսոնը, - բոլորն էլ եղել են:
- Իսկ այն ժամանակ մորուք ունեի՞ր:
- Իհարկե: Ես այն ժամանակ ճիշտ նույնպիսի տեսք ունեի, եթե միայն քիչ ավելի փոքր էի:
- Իսկ ի՞նչ հասակի էիր:
- Դե, մոտավորապես կես մետր: Հետո էլի կես մետր աճեցի...

Ֆինդուսը ծիծաղից փռթկաց և նորից հարցրեց.

- Իսկ ի՞նչ միջոց էր դա:

Cassiopeia
23.11.2017, 14:13
Նոր տարին կենդանաբանական այգում
Ուսաչեվ

Նոր տարուց ոչ շատ շուտ կենդանաբանական այգու տնօրենի՝ Առյուծի մոտ մի խումբ եկավ։ Ամենից առջևում Ոզնին էր, նրա հետևում՝ Սիրամարգը, Սպիտակ արջն ու Վագրը։ Մնացածը գրասենյակում չտեղավորվեցին։
- Դե, այս անգամ ի՞նչ է պատահել,- հարցրեց Առյուծը։
- Մենք ուզում ենք տոնածառի մոտ գնալ,- ասաց Ոզնին։
- Ի՞նչ տոնածառ,- չհասկացավ տնօրենը։
- Ամանորյա,- հստակեցրեց Արջը։- Խաղալիքներով զարդարված...
- Ինչի՞ համար։
- Որ նվերներ ստանանք, Ձմեռ պապին նայենք, մեզ ցույց տանք,- պոչն իջեցրեց Սիրամարգը։
- Ձեզ ցույց տա՞՜ք,- բացականչեց տնօրենը։- Դուք բոլոր երեխաներին կվախեցնեք։
- Իսկ նրանք կմտածեն, որ մենք պարզապես դիմակներ ենք հագել՝ ամանորի դիմակահանդեսի դիմակներ,- չէր հանձնվում Ոզնին։
- Դե, իհարկե՛,- քմծիծաղ տվեց տնօրենը։- Բոլորը կնայեն մեր Կոկորդիլոսին ու կմտածեն, որ նա երեք մետրանոց տղա է՝ կոկորդիլոսի դիմակով։ Իսկ եթե որևէ մեկի մայրիկի կամ տատիկի ինքնազգացողությունը վատանա՞։ Ես պիտի պատասխան տամ։
- Ճիշտ է ասում,- հոգոց հանեց Վագրը։
- Իհարկե, ճիշտ եմ ասում,- ասաց տնօրենը։- Գնացեք։ Եվ այդ հիմարությունները դուրս շպրտեք գլուխներիցդ։
Կենդանիները լքեցին տնօրենի առանձնասենյակը։
- Հը, ի՞նչ արեցիք,- այս հարցով նրանց դիմավորեցին մյուս կենդանիները։
- Արգելեց,- քիթը քաշելով պատասխանեց Ոզնին։
- Ես էդպես էլ գիտեի,- ասաց Պինգվինը։- Պետք չէր հարցնել։
Պինգվինը վանդակում թաքցրել էր կարմին սպորտային վերնազգեստ, սպորտային կոշիկներ և նույնիսկ փոնփոնով գլխարկ։ Կենդանաբանական այգու պահակը մի փոքր լավ չէր տեսնում, իսկ Պինգվինը, օգտվելով առիթից, իրեն դեռահասի տեղ դրած, առանց թույլատվության դուրս էր գալիս քաղաք՝ զբոսնելու։
- Քեզ ի՞նչ կա,- հառաչեց Գետաձին։- Իսկ մեզ միանգամից կբռնացնեն։
Բոլորը տխրեցին։
- Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք կենդանաբանական այգում տոնածառ տեղադրենք,- վախվորած առաջարկեց Ջայլամը։
- Հիանալի միտք է։ Զարդեր ու խաղալիքներ կգնենք... - ոգևորվեցին մնացածը։
Այցելուները հաճախ էին մանրադրամներ նետում կենդանիներին, որոնցով նրանք հետո պաղպաղակ, ծամոն կամ այլ մանրուքներ էին գնում։
Բոլորը նետվեցին դեպի իրենց վանդակները, լողավազաններն ու ազատավանդակները, որպեսզի իրենց հոգեպահուստը բերեն։ Մի մեծ բուրգ մանրադրամ հավաքվեց։
Որոշվեց քաղաք գնան երեքը՝ Ոզնին, որը գիտեր շրջապատի բոլոր խանութները, Պինգվինը, որն ուներ մարդկային հագուստ, և Կենգուրուն։ Կենգուրուն լավ էր ցատկում և հեշտությամբ կարող էր անցնել կենդանաբանական այգու երեք մետրանոց ցանկապատի վրայով։ Բացի այդ, նա շատ լավ տնտեսուհի էր։ Ամբողջ կենդանաբանական այգում միայն նա ուներ սեփական պայուսակը։
Ամեն ինչ ընթանում էր նախատեսվածի նման։
Հաջորդ օրը Ոզնին հպարտորեն անցավ պահակի կողքով։ Անցյալ տարի նա ինքն էր անտառից եկել կենդանաբանական այգի և չէր համարվում այգու սեփականությունը։
Դրա համար էլ պահակը մատների արանքով էր նայում Ոզնու զբոսանքներին։
Դպրոցականների խմբերի արանքով, պահակի աչքից խուսափելով այգուց դուրս եկավ նաև Պինգվինը։
Իսկ Կենգուրուն, չնայած իր պայուսակի մեջ լիքը մանրադրամներին, հեշտությամբ թռավ այգու ցանկապատի վրայով։
Հանդիպելով նախապես պայմանավորված վայրում, եռյակը ուղևորվեց դեպի «Նվերներ» անունով խանութը։
- Դուք ի՞նչ է, փողոցի՞ց եք հավաքել այս մանրադրամները,- դժգոհ հարցրեց վաճառողուհին, երբ Կենգուրուն վաճառասեղանին դրեց մանրադրամները։
- Ոչ, կենդանաբանական այգուց,- պատասխանեց Պինգվինը։- Խնդրում եմ, մեզ տվեք հարյուր հատ տոնածառի խաղալիք, հարյուր հատ պայթուցիկ, այն շղթան ու բենգալյան կրակներ...
- Իսկ մնացած փողին՝ գունավոր թղթաժապավեն,- ավելացրեց Ոզնին։- Ամենալավը...
- Գեղեցկություն,- հիանում էին կենդանիները, երբ Պինգվինը հատ-հատ հանում էր խաղալիքները պարկի ու տոպրակների միջից։
- Այս պայթուցիկները ուժե՞ղ են կրակում,- վախեցած հարցրեց Ջայլամը։
- Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ են բենգալյան կրակները կոչվում բենգալյան,- Վագրին էր հարցուփորձ անում Զեբրը (Վագրաձին)։
- Ես ի՞նչ գիտեմ։
- Բայց չէ՞ որ դու բենգալյան վագր ես։
Աղմուկի ու խառնաշփոթի մեջ միայն Գետաձին էր հանգիստ կանգնած։
- Իսկ որտե՞ղ է տոնածառը,- հարցրեց նա։
Բոլորը լռեցին։ Պինգվինը նայեց Կենգուրուին, Կենգուրուն՝ Ոզնուն, իսկ Ոզնին շփոթված մրթմրթաց.
- Տոնածառի մասին մենք մոռացել էինք։ Բայց հիմա կվազենք ու...
Կենգուրուն պայուսակի մեջ նայեց ու հանեց մնացած միակ մանրադրամը։
- Ահա և ձեզ Նոր տարի,- փքվեց Սիրամարգը։- Իզուր իրենց ուղարկեցինք...
Բոլորի տրամադրությունն ընկավ։
- Իսկ միգուցե՞ պահակից պարտքով վերցնենք,- առաջարկեց Սպիտակ արջը։ Պահակի կրպակի անկյունում փոքրիկ պլաստմասսե տոնածառ կար դրված։
- Դա տոնածառ չի, այլ պլաստմասսե վարունգ,- քմծիծաղ տվեց Մակակա կապիկը։
- Այո,- ասաց Կոկորդիլոսը։- Մեզ պետք է իսկական, մեծ ու կանաչ տոնածառ։
- Մեծ ու կանա՞չ,- Ոզնին նայեց Կոկորդիլոսին։- Ահա այն՝ մեծ ու կանաչ։
- Ո՞ւր է։
- Ես մտածեցի, եթե մեր Կոկորդիլոսին գեղեցիկ զարդարենք, մեր կենդանաբանական այգում կունենանք ամենաիսկական մեծ ու կանաչ եղևնին։
- Ճիշտ է,- ասաց Պինգվինը։- Քո վրա կկախենք տոնածառի խաղալիքները, կզարդարենք շղթաներով ու գունավոր թղթե ժապավեններով։
- Ի՜նչ եք ասում,- նեղսրտեց Կոկորդիլոսը։ Բայց գաղափարը բոլորին դուր եկավ։ Իսկ ոմանք նույնիսկ նախանձեցին Կոկորդիլոսին։
- Ես էլ եմ տեղ-տեղ կանաչ, բայց ափսոս, որ բավականաչափ մեծ չեմ,- ասաց Սիրամարգը։
- Իսկ ես մեծ եմ, բայց ոչ այնքան կանաչ ու ձիգ,- հառաչեց Գետաձին։
Կոկորդիլոսը երկար չէր համաձայնվում։
Բայց բոլորով նրան համոզեցին։
Ամանորի նախօրեին կենդանաբանական այգու տնօրեն Առյուծը բոլորին շնորհավորեց, նրանց հանձնեց փոքրիկ նվերների տուփեր, որտեղ կային մանդարիններ, բանաններ ու հյութ։ Բոլորին ուրախ տոներ մաղթեց ու գնաց տուն։
Իսկ կենդանիները սկսեցին պատրաստվել տոնին։ Տոնածառը որոշեցին դնել շատրվանի մոտի հրապարակում։ Ձմռանը շատրվանը չէր աշխատում, դրա համար այնտեղ դասավորեցին մանդարիններն ու բանանները։ Իսկ հետո անցան գլխավորին՝ սկսեցին զարդարել Կոկորդիլոսին։
Ոտքից գլուխ Կոկորդիլոսին փաթաթեցին շղթաներով ու թղթե ժապավեններով, ու սկսեցին կախել խաղալիքները։
- Աջ ճյուղը ավելի բարձր պահի։
- Իսկ ձախը՝ մի քիչ ներքև։
- Զգույշ, որ խաղալիքները չկոտրես։
Վերջապես տոնածառը զարդարված էր։ Կենդանիները բացականչեցին.

Մեկ, երկու, երեք,
Դե, լույսեր, վառվեք...
Ոզնին միացրեց լույսերը և Կոկորդիլոսը փայլատակեցի գունավոր լույսերի մեջ։
- Ի՜նչ գեղեցիկ է,- հիացած բացականչեց Ջայլամը։- Ինձ թվում է, մեր այգու տոնածառը քաղաքում ամենագեղեցիկն է։
- Ամբողջ աշխարհում,- ուղղեց Պինգվինը։
- Ափսոս, որ Ձմեռ պապը չկա,- հառաչեց Վագրը։
Ժամացույցը ազդարարեց տասներկուսը։ Կենդանիները բացեցին հյութերը։
Եվ հանկարծ դարպասների մոտից որոտ լսվեց։
- Սա ի՞նչ է, հրավառությո՞ւն,- հարցրեց ինչ-որ մեկը։
- Նման չի,- պատասխանեց Մակակա կապիկը։- Ավելի շուտ մեր պահակի հեռուստացույցը ընկավ ցած։
Ընձուղտը երկարացրեց վիզը.
- Չէ, սա պահակը չի, Ձմեռ պապն է...
- Հնարավոր չի,- բոլոր կենդանիները նետվեցին դեպի դարպասները։
Ընձուղտը չէր սխալվում։ Իսկապես, փողոցում, կենդանաբանական այգու մուտքից ոչ հեռու կանգնած էր Ձմեռ պապի սահնակը։
Ոզնին դարպասների արանքով վազեց դեպի սահնակը։
- Ողջույն, Ձմեռ պապ, դու մե՞զ ես այցելել։
- Ես բոլորի մոտ եմ եկել,- պատասխանեց Ձմեռ պապը։- Բայց կարծես թե ոչ մեկի մոտ չեմ հասցնի գնալ։
- Իսկ ի՞նչ է պատահել,- աղմկեցին կենդանիները։
Ձմեռ պապը պատմեց, որ իր սահնակին ինչ-որ մեքենա է հարվածել։ Սահնակը քանդվել է, իսկ վախեցած եղնիկները՝ փախել են։
- Իսկ ես դեռ տասը փողոցի ու տասը նրբանցքի երեխաների նվերները չեմ հասցրել բաժանել,- տխուր հառաչեց նա։
- Պետք է օգնել Ձմեռ պապիկին,- վստահորեն ասաց Վագրը։
Պահակը պինդ-պինդ քնած էր։ Պինգվինը մտավ պահակի կրպակը և վերցրեց բանալիների խուրձը։ Մի րոպե հետո կենդանաբանական այգու դարպասները բաց էին։
Ձմեռ պապիկի սահնակին լծվեցին Վագրաձին, Ձին ու Ջայլամը։
- Ձմեռ պապիկ, մի անհանգստացիր, մենք քո նվերները կես ժամում տեղ կհասցնենք,- ասաց Ոզնին՝ նստելով սահնակի մեջ։ Նրա հետ Ձմեռ պապիկի սահնակ բարձրացան Վագրն ու Սպիտակ Արջը։
- Ինձ էլ սպասեք,- բացականչեց Կոկորդիլոսը։ Շղթաների մեջ խճճված, նա հազիվ էր կարողանում ոտքերը տեղաշարժել։
- Կանգնիր ու մի շարժվիր, մենք շուտով կվերադառնանք,- բացականչեցին նրան մնացած կենդանիները։
Սահնակը սլացավ դատարկ փողոցներով, իսկ նրա հետևից՝ կենդանաբանական այգու բնակիչները։
Նա, ով քնած չէր այդ ամանորի գիշերը, մի հետաքրքիր տեսարանի հանդիպեցին՝ քաղաքի կենտրոնով սահնակով գնում էր Ձմեռ պապը, սահնակին լծված էին Զեբրը, Ձին ու Ջայլամը։ Սպիտակ Արջն ու Վագրը պարկից հանում էին խաղալիքները, իսկ տասնյակ այլ կենդանիները այդ խաղալիքները տանում էին տների մոտ ու թողնում դռների տակ։
Իսկ նրանց նվերները, ովքեր ապրում էին երկրորդ, երրորդ կամ չորրորդ հարկերում, ընձուղի վզի վրայով կապիկներն էին բարձրացնում ու թողնում պատշգամբներում ու լուսամուտագոգերին։
Իսկ ավելի բարձր հարկերում ապրողների նվերները ժապավեններից բռնած օդ էին հանում կարապները, թութակներն ու մարգարտահավերը։
Քաղաքապետն ինքն էլ տեսնավ, թե ինչպես աֆրիկյան փիղը կնճիթով պատշգամբներ է նետում գնդակները, ասես բասկետբոլ խաղալիս։ Բայց մտածեց, որ երազ է տեսնում։
Մեկ ժամից բոլր նվերները բաժանված էին և կենդանիները վերադարձան կենդանաբանական այգի։
Իսկ այդ ընթացքում այգում հետևյալն էր կատարվում.
Այգու դարպասների մոտով երկու խարդախներ էին անցնում։ Տեսնելով, որ դարպասները բաց են, նրանք որոշեցին ներս մտնել ու եթե հաջողվի, մի բան գողանալ։ Խարդախները մտան ներս ու տեսան տոնածառը։
- Տես, է,- ասաց մեկը,- ինչ էլ սիրուն է զարդարված։
- Հիմա տոնածառի խաղալիքները թանկ արժեն,- գլխով արեց մյուսը։
Եվ նրանք որոշեցին տոնածառին մոտենալ։
Կոկորդիլոսը, սպասելով ընկերներին, ննջել էր։ Բայց, լսելով տարօրինակ շշուկները, բացեց մի աչքը։
- Դու աջ կողմի խաղալիքները հանիր, ես՝ ձախինը,- լսեց նա։
Երբ խարդախները ձգվեցին դեպի խաղալիքները, հանկարծ տոնածառը բացեց իր մեծ երախը և դեպի նրանց շարժեց երկու մեծ թաթերը։
Գողերը վախեցած ճիչերով փախան ու կենգուրուի նման թռչելով ցանկապատի վրայից, անհետացան։
Մեկ րոպե անց Ձմեռ պապիկի սահնակը մոտեցավ այգու դարպասներին։
- Սիրելի Ձմեռ պապիկ,- ասաց Ոզնին։- Եթե դու մի փոքր ժամանակ ունես, մենք ցանկանում ենք քեզ հրավիրել մեր տոնածառի մոտ։
- Մեծ հաճույքով,- պատասխանեց նա։
Տեսնելով զարդարված Կոկորդիլոսին, Ձմեռ պապը հիացավ.
- Երբեք այսպիսի հիանալի տոնածառ չէի տեսել։
Ձմեռ պապը դեռ մի ամբողջ պարկ նվեր ուներ։ Ընձուղտը նվեր ստացավ գեղեցիկ կարմիր, երկար վզկապ, Փիղը՝ բրդյա կոշիկներ ու ձեռնոցներ՝ կնճիթի համար, Գետաձին՝ էլեկտրական ատամմաքրիչ, Ջայլամը՝ հայելի, Ոզնին՝ էլեկտրական լուսարձակ...
Նվերները բոլորին հերիքեցին։
- Իսկ ի՞նձ,- հարցրեց Կոկորդիլոսը։
Ձմեռ Պապը նայեց պարկի մեջ։ Պարկը դատարկ էր, ոչինչ չէր մնացել։ Այդ ժամանակ նա իր ձեռքից հանեց ժամացույցը ու մեկնեց Կոկորդիլոսին։
- Վերցրու, սա անվանական, ջուրակայուն ժամացույց է։
- Հիանալի է,- ուրախացավ Կոկորդիլոսը։- Այժմ ես ճաշից չեմ ուշանա։
Իսկ հետո կենդանիները երգեր երգեցին, պարեցին, հյութ խմեցին։ Տոնը շարունակվեց այնքան, քանի դեռ Ընձուղտը ցանկապատից այն կողմ չնկատեց կորած եղնիկներին։
Ձմեռ պապը եղնիկներին կապեց սահնակից, հրաժեշտ տվեց կենդանիներին և խոստացավ մյուս տարի անպայման էլի այցելել կենդանաբանական այգի։
Արդեն առավոտ էր։ Կենդանիները կերան իրենց մանդարիններն ու գնացին իրենց վանդակները։
Միայն Կոկորդիլոսն էր տոնածառի զարդերի տակ քայլում ու մտածում՝ արդյո՞ք մյուս տարի ևս ինքը կլինի տոնածառը...

Sambitbaba
25.11.2017, 10:23
Վերա ջան, տես, եթե համարում ես, որ նորմալ է, ասա, շարունակեմ...:)



ՆՈՐ ՏԱՐԻՆ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ

Անդրեյ Ուսաչով


Նոր տարուց քիչ առաջ կենդանաբանական այգու տնօրեն Առյուծ Սիրամարգովիչ Մոծակյանի մոտ պատգամավորների մի խումբ եկավ։ Ամենից առջևում ոզնի Վովկան էր, նրանից հետո՝ սիրամարգ Ֆեդոտ Ֆեդոտիչը, սպիտակ արջ Վասիլին, կոկորդիլոս Վիկտորը և վագր Կուզմա Եգորիչը... Մնացածի համար գրասենյակում տեղ չգտնվեց:

- Դե, ա՞յս անգամ ինչ է պատահել,- հարցրեց Առյուծ Սիրամարգովիչը։
- Մենք ցանկանում ենք տոնածառի հանդեսի գնալ, - ասաց ոզնի Վովկան։
- Ի՞նչ տոնածառ,- չհասկացավ տնօրենը։
- Ամանորյա,- հստակեցրեց արջ Վասիլին։ - Խաղալիքներով զարդարված...
- Ինչի՞ համար։
- Որ նվերներ ստանանք, Ձմեռ պապին նայենք, մեզ ցույց տանք,- պոչը բացեց սիրամարգ Ֆեդոտ Ֆեդոտիչը։
- Ձեզ ցույց տա՞՜ք,- բացականչեց տնօրեն Մոծակյանը։- Բայց չէ՞ որ դուք բոլոր երեխաներին կվախեցնեք։
- Իսկ նրանք կմտածեն, որ մենք պարզապես դիմակներ ենք հագել՝ ամանորի դիմակահանդեսի դիմակներ,- չէր հանձնվում ոզնի Վովկան։
- Դե, իհարկե՛,- քմծիծաղեց տնօրենը։- Բոլորը կնայեն մեր Վիկտորին ու կմտածեն, որ դա այդպիսի երեք մետրանոց տղա է՝ կոկորդիլոսի դիմակով... Իսկ եթե որևէ մեկի մայրիկի կամ տատիկի ուշքը գնա՞։ Իսկ պատասխան ե՛ս պիտի տամ։
- Ճիշտ է ասում,- հոգոց հանեց վագր Կուզմա Եգորիչը։
- Իհարկե, ճիշտ եմ ասում,- ասաց տնօրենը։- Գնացեք։ Եվ այդ հիմարությունները գլխներիցդ դուրս շպրտեք։

Կենդանիները վհատված լքեցին տնօրենի առանձնասենյակը։

- Հը, ի՞նչ արեցիք,- այս հարցով նրանց դիմավորեցին մյուս կենդանիները։
- Արգելեց,- քիթը քաշելով պատասխանեց ոզնի Վովկան։
- Ես այդդպես էլ գիտեի,- ասաց պինգվին Աֆանասին։ - Պետք էլ չէր հարցնել։

Պինգվին Աֆանասին իր վանդակում թաքցրել էր կարմիր սպորտային վերնազգեստ, սպորտային կոշիկներ և նույնիսկ փոմփոնով գլխարկ։ Կենդանաբանական այգու պահակը խիստ կարճատես էր, այդ պատճառով պինգվինը, օգտվելով առիթից, իրեն դեռահասի տեղ դրած, առանց թույլատվության փախչում էր քաղաք՝ զբոսնելու։

- Քեզ ի՞նչ կա,- հառաչեց Գետաձին։- Իսկ մեզ միանգամից կբռնացնեն։

Բոլորը տխրեցին։

- Իսկ ի՞նչ, եթե մենք կենդանաբանական այգում տոնածառի մեր հանդեսը կազմակերպենք,- վախվորած առաջարկեց ջայլամ Էմման։
- Հիանալի միտք է, աջակցեցին նրան մնացածը։ - Զարդեր ու խաղալիքներ կգնենք...

Այցելուները հաճախ էին մանրադրամներ նետում կենդանիներին, որոնցով նրանք հետո պաղպաղակ, ծամոն կամ այլ մանրուքներ էին գնում, տարբեր մանր բաներ, որոնք Առյուծ Սիրամարգովիչը համարում էր վնասակար և օրաբաժնի մեջ դրանց տեղ չէր հատկացրել:

Cassiopeia
25.11.2017, 11:55
Սամ, փաստորեն հեքիաթին լավ ծանոթ էիր :)
Ոնց որ նորից թարգմանած լինես :) համ անուններն ես լրիվ գրել (ես չգրեցի,որ երեխեքի համար հեշտ լինի, չխճճվեն, չնայած, թարգմանելիս պետք է ամբողջությամբ թարգմանել)։ Ահագին մանրուքներ կան, որ ես չէի գրել, իսկ դու դա էլ ես ավելացրել :D
Անկեղծ եմ ասում՝ շատ լավ է։ Շնորհակալ եմ։ Եթե դժվար չի, շարունակիր։
Իսկ ես էլ խոսք եմ տալիս, հաջորդ թարգմանության մեջ մանրուքներով, անուններով մանրամասն գրել, որպեսզի մի գործը երկուս չդառնա։

Sambitbaba
25.11.2017, 19:47
Օք, Վերա ջան::)
Կներես, որ համարձակվեցի անուններն ավելացնել, ուղղակի ինձ թվաց, որ առանց անունների ինչ-որ հաճելի բաներ կորում են հեքիաթից...
Համ էլ ինչու՞ պետք է երեխաներին խճճի, ասենք Առյուծ Մոծակյանը: Ինձ թվում է, որ հակառակը, հենց նման հակասական անվան պատճառով շատ էլ լավ կհիշվի...
Կամ էլ ոզնի Վովկան: Ոնց որ հենց հայերեն թարգմանելու համար ընտրված լինի այդ անունը. շատ ավելի լավ է հնչում, քան ռուսերեն յոժիկ Վովկան, համաձայն չե՞ս...:)

Կներես, որ անմիջապես չի ստացվում ավարտել, բայց կաշխատեմ հնարավորինս արագ հասնել վերջին::aha

Sambitbaba
26.11.2017, 21:27
Բոլորը նետվեցին դեպի ազատավանդակներն ու լողավազանները, իրենց հոգեպահուստների հետևից։ Մանրադրամի մի մեծ բուրգ հավաքվեց։

Քաղաք որոշեցին ուղարկել երեքին. ոզնի Վովկային, որն իր ասեղների պես գիտեր շրջապատի բոլոր խանութները, պինգվին Աֆանասիին, որն ուներ մարդկային հագուստ, և կենգուրու Սինդիին։ Սինդին հրաշալի ցատկում էր և հեշտությամբ կարող էր ցատկել-անցնել կենդանաբանական այգու երեք մետրանոց ցանկապատի վրայով։ Բացի այդ, նա շատ լավ տնտեսուհի էր և ամբողջ կենդանաբանական այգում միակն էր, որ ուներ սեփական պայուսակ։

Ամեն ինչ ընթանում էր նախատեսված ծրագրով։

Հաջորդ օրը ոզնի Վովկան հպարտորեն անցավ պահակի կողքով։ Անցյալ տարի նա ինքն էր անտառից եկել նրանց մոտ և կենդանաբանական այգու սեփականությունը չէր համարվում ։ Այդ պատճառով էլ պահակը մատների արանքով էր նայում Ոզնու զբոսանքներին։

Նրա հետևից, դպրոցականների ամբոխին խառնված, պահակի կողքով շորորալով անցավ Աֆանասին։

Իսկ Կենգուրուն, չնայած մանրադրամներով լիքը իր պայուսակին, հեշտությամբ թռավ այգու ցանկապատի վրայով։

Հանդիպելով նախապես պայմանավորված վայրում, եռյակն ուղևորվեց դեպի «Նվերներ» անունը կրող խանութը։

- Դուք ի՞նչ է, սրանք փողոցու՞մ եք հավաքել,- դժգոհ հարցրեց վաճառողուհին, երբ Կենգուրուն վաճառասեղանին շուռ տվեց մանրադրամները։
- Ոչ, կենդանաբանական այգում,- ճշտեց պինգվին Աֆանասին։- Խնդրում եմ, տվեք մեզ հարյուր փուչիկ, հարյուր շրխկան, այն շղթան, բենգալյան կրակներ...
- Իսկ մնացած փողին՝ գունավոր թղթաժապավեն,- ավելացրեց ոզնի Վովկան։ - Ամենալա՛վը:
- Գեղեցկությու՜ն,- հիանում էին կենդանիները, երբ Աֆանասին հատ-հատ հանում էր խաղալիքները պարկերի ու տոպրակների միջից։
- Այս շրխկանները շա՞տ ուժեղ են կրակում,- վախեցած հարցրեց ջայլամ Սինդին։
- Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ են բենգալյան կրակները կոչվում բենգալյան,- վագր Կուզմա Եգորիչին հանգիստ չէր տալիս վագրաձի Վերան։
- Ե՞ս որտեղից իմանամ։
- Բայց չէ՞ որ դու բենգալյան վագր ես։

Աղմուկի ու խառնաշփոթի մեջ միայն գետաձի Մոտյան էր հանգիստ կանգնած։

- Իսկ տոնածառն ու՞ր է,- հարցրեց նա։

Բոլորը լռեցին։ Պինգվին Աֆանասին նայեց կենգուրու Սինդիին, կենգուրուն նայեց ոզնի Վովկային, իսկ ոզնի Վովկան շփոթված մրթմրթաց.

- Տոնածառը մենք մոռացել ենք։ Բայց հիմա կվազենք և...

Սինդին փորփրեց պայուսակն ու մոռացված մի մետաղադրամ գտավ:

- Ահա և ձեզ Նոր տարի,- փքվեց սիրամարգ Ֆեդոտ Ֆեդոտիչը։ - Գտա՜նք, թե ում ուղարկել...

Բոլորի տրամադրությունն ընկած էր։

- Իսկ միգուցե պահակի՞ց պարտքով վերցնենք,- առաջարկեց սպիտակ արջ Վասիլին։ Պահակի կրպակի անկյունում փոքրիկ պլաստմասե տոնածառ կար դրված։
- Դա ոչ թե տոնածառ է, այլ պլաստմասե վարունգ,- քմծիծաղ տվեց մակակա Մարտինովը։
- Այո,- ասաց Կոկորդիլոսը: - Իսկ մեզ պետք է իսկական, մեծ ու կանաչ տոնածա՛ռ։


Հ.Գ. Վերա ջան, ինձ թվում է, որ երեխաների համար կարևոր է տողերի արանքում ազատ տարածություն թողնելը, որպեսզի կարդալուց նրանք քիչ հոգնեն: Առավել ևս, որ դա ընդունված բան է: Դիալոգները նորմալ է գրել միասին, բայց մյուս դեպքերում ավելի լավ է երևի, որ նոր պարբերություն սկսելուց առաջ մի տող բաց թողնես:

Cassiopeia
26.11.2017, 22:18
Շատ լավ է ստացվում։ Կայքում անպայման անունդ նշելու եմ՝ որպես խմբագրիչ։



Հ.Գ. Վերա ջան, ինձ թվում է, որ երեխաների համար կարևոր է տողերի արանքում ազատ տարածություն թողնելը, որպեսզի կարդալուց նրանք քիչ հոգնեն: Առավել ևս, որ դա ընդունված բան է: Դիալոգները նորմալ է գրել միասին, բայց մյուս դեպքերում ավելի լավ է երևի, որ նոր պարբերություն սկսելուց առաջ մի տող բաց թողնես:

Տեղադրելուց ուշադրություն կդարձնեմ դրան :)

Sambitbaba
29.11.2017, 00:28
- Մեծ ու կանա՞չ,- Ոզնին նայեց Կոկորդիլոսին։- Ահա այն՝ կենդանի, մեծ և կանաչ։
- Ո՞ւր է։
- Ես մտածեցի, եթե մեր Վիկտորին ինչպես հարկն է զարդարենք, ուրեմն մեր կենդանաբանական այգում կունենանք աշխարհի ամենակենդանի, ամենամեծ ու կանաչ տոնածառը։
- Ճիշտ է,- ասաց Աֆանասին։ - Կկախենք քեզ վրա ծաղկաշղթա, խաղալիքներ, թղթաժապավեններ։
- Ինչ եք ասու՛մ,- վրդովվեց Կոկորդիլոսը։

Բայց միտքը բոլորին դուր եկավ։ Իսկ ոմանք նույնիսկ նախանձեցին Կոկորդիլոսին։

- Ես էլ եմ կենդանի և նույնիսկ տեղ-տեղ էլ կանաչ եմ, բայց ափսոս, որ բավականաչափ մեծ չեմ,- ասաց սիրամարգ Ֆեդոտ Ֆեդոտիչը։
- Իսկ ես կենդանի եմ ու մեծ, բայց բավականաչափ նրբագեղ ու կանաչ չեմ,- հառաչեց գետաձի Մոտյան։

Կոկորդիլոսը երկար չէր համաձայնվում։

Բայց և այնպես նրան համոզեցին։

Ամանորի նախօրեին տնօրեն Առյուծ Մոծակյանը բոլորին շնորհավորեց տոնի առթիվ, նրանց հանձնեց նվերների տուփերը, որտեղ կային մանդարիններ, բանաններ և հյութ։ Նա բոլորին ուրախ տոն մաղթեց և գնաց տուն։

Իսկ կենդանիները սկսեցին պատրաստվել տոնակատարությանը։ Տոնածառի համար տեղ ընտրեցին հրապարակում, շատրվանի կողքին։ Ձմռանը շատրվանը չէր աշխատում, այդ պատճառով այնտեղ դարսեցին հյութի շշերը, մանդարիններն ու բանանները։ Իսկ հետո անցան գլխավորին՝ սկսեցին զարդարել կոկորդիլոսին։

Ոտքից գլուխ Վիկտորին փաթաթեցին ծաղկաշղթաներով ու թղթաժապավեններով, և անցան խաղալիքներ կախելուն։

- Աջ ճյուղն ավելի բա՛րձր պահիր։
- Իսկ ձախը՝ քիչ ցա՛ծ։
- Միայն թե զգու՛յշ, որ խաղալիքները չկոտրես։
- Մեկ-երկու-երեք, դե,լույսեր, վառվե՛ք, - բացականչեցին բոլորը: Վովկան միացրեց լույսերը և կոկորդիլոսը շողաց գունավոր լույսերով։
- Ինչպիսի՜ գեղեցկություն, - հիացած բացականչեց ջայլամ Էմման։ - Ինձ թվում է, մեր այգու տոնածառը քաղաքում ամենագեղեցիկն է։
- Աշխարհում,- նրան ուղղեց պինգվին Աֆանասին։
- Ափսո՜ս, որ Ձմեռ պապ չկա,- հառաչեց Կուզմա Եգորիչը։

Ժամացույցն ազդարարեց տասներկուսը։ Կենդանիները բացեցին հյութերը...

Եվ հանկարծ դարպասների մոտ մի որոտ հնչեց։

- Սա ի՞նչ է, հրավառությո՞ւն,- հարցրեց ինչ-որ մեկը։
- Նման չէ,- պատասխանեց Մակակի Մարտինովը: - Ավելի շուտ մեր պահակի հեռուստացույցն ընկավ ցած։

Ընձուղտը երկարացրեց վիզը.

- Չէ, դա պահակը չէ, այդ Ձմեռ պապն է...
- Չի՜ կարող պատահել,- կենդանիները նետվեցին դեպի դարպասը։

Sambitbaba
07.12.2017, 19:24
Ընձուղտը չէր սխալվել։ Իսկապես, փողոցում, կենդանաբանական այգու մուտքից ոչ հեռու կանգնած էր Ձմեռ պապի սահնակը։ Ոզնի Վովկան խճկվեց ճաղերի արանքով ու վազեց դեպի սահնակը։

- Ողջույն, Ձմեռ պապ, Դուք մե՞զ մո՞տ եք եկել։
- Ես բոլորի մոտ եմ եկել, - պատասխանեց Ձմեռ պապը։ - Բայց վախենում եմ էլ ոչ մեկի մոտ չհասցնել։
- Իսկ ի՞նչ է պատահել,- աղմկեցին կենդանիները։

Ձմեռ պապը պատմեց, որ իր սահնակին ինչ-որ մեքենայի հետ է բախվել։ Լծափոկերը կտրվել են, իսկ վախեցած եղնիկները փախել են։

- Իսկ ես դեռ ինը փողոցի ու տասը նրբանցքի երեխաների նվերները չեմ հասցրել բաժանել, - տխուր հառաչեց նա։
- Պետք է օգնել Պապիկին,- վստահորեն ասաց վագր Կուզմա Եգորիչը։

Պահակը պինդ քնած էր։ Պինգվին Աֆանասին մտավ պահակի կրպակը և աննկատ վերցրեց բանալիների կապը։ Մեկ րոպե անց կենդանաբանական այգու դարպասները բաց էին։

Ձմեռ պապի սահնակին լծվեցին վագրաձի Վերան, ջայլամ Էմման և Պրժևալսկու ձիուկը:

- Մի՛ անհանգստացիր, Պապիկ, մենք քո նվերները կես ժամում տեղ կհասցնենք, - ասաց ոզնի Վովկան՝ մագլցելով սահնակը։ Նրա հետ Ձմեռ Պապի սահնակ բարձրացան Կուզմա Եգորիչն ու արջ Վասիլին։
- Հե՜յ, ի՜նձ սպասեք, - բացականչեց Կոկորդիլոսը։ Ծաղկաշղթայի մեջ խճճված, նա հազիվ էր գցում քայլերը։
- Կանգ առ ու մի շարժվիր, - բացականչեցին մնացածները, - մենք շուտով կվերադառնա՛նք:

Սահնակը սլացավ դատարկ փողոցներով, իսկ նրա հետևից՝ կենդանաբանական այգու բնակիչները։

Նա, ով քնած չէր ամանորի այդ գիշերը, արտասովոր ներկայացում տեսան. քաղաքի կենտրոնով, ձիով, վագրաձիով ու ջայլամով լծված սահնակով ընթանում էր Ձմեռ Պապը: Սպիտակ արջն ու վագրը պարկից խաղալիքներն էին հանում, իսկ տասնյակ ամենատարբեր գազաններ այդ խաղալիքները բաժանում էին տներով և դնում էին դռների տակ։

Նրանց մոտ, ովքեր ապրում էին երկրորդ, երրորդ կամ չորրորդ հարկերում, ընձուղտի վզով ճարպկորեն մագլցում էին կապիկները և նվերները թողնում էին պատշգամբներում ու լուսամուտագոգերին։

Իսկ նրանց մոտ, ովքեր ապրում էին ավելի բարձր հարկերում, ժապավեններով կապված նվերների տուփերը վեր էին հանում կարապները, թութակներն ու մարգարտահավերը։

Քաղաքապետն ինքն էլ տեսնավ, թե ինչպես մեծ աֆրիկյան փիղը կնճիթով, ինչպես բասկետբոլի զամբյուղի մեջ, պատշգամբներ էր նետում գնդակները։

Բայց որոշեց, որ դա երազում է տեսնում։

Մեկ ժամ անց բոլոր նվերները բաժանված էին հասցեներով և տոնական շքախումբը հետ սլացավ կենդանաբանական այգի։

Իսկ այդ ընթացքում կենդանաբանական այգում հետևյալն էր կատարվում:
Այգու մոտով երկու խարդախներ էին անցնում։ Տեսնելով բաց դարպասները, նրանք որոշեցին ներս մտնել. իսկ ի՞նչ, եթե հանկարծ հաջողվի ինչ-որ բան ձեռք գցել։ Խարդախները մտան ներս ու տեսան տոնածառը։

- Տես, բարեկամս, - ասաց մեկը: - Ի՜նչ էլ լավ զարդարել են։
- Հիմա տոնածառի խաղալիքները թանկ արժեն, - գլխով արեց մյուսը։

Եվ նրանք վճռականորեն մոտեցան տոնածառին։

Կոկորդիլոսը, ընկերներին սպասելով, փոքր ինչ ննջել էր։ Բայց, լսելով կասկածելի շշուկները, նա բացեց մի աչքը։

- Դու աջ կողմի խաղալիքները հանիր, - լսեց նա, - իսկ ես՝ ձախինը:

Երբ խարդախները ձգվեցին դեպի խաղալիքները, տոնածառը հանկարծ բացեց իր մեծ երախն ու դեպի նրանք ձգեց երկու կանաչ թաթերի ճանկերը...

Վայրի ճիչերով գողերը սկսեցին փախչել, ասես երկու կենգուրու, թռան ցանկապատի վրայով և անհետացան:

Իսկ մեկ րոպե անց Ձմեռ պապիկի սահնակը մոտեցավ այգու դարպասներին։

- Սիրելի Ձմեռ պապիկ, - ասաց ոզնի Վովկան։ - Եթե դու մի փոքր ժամանակ ունես, մենք ցանկանում ենք քեզ հրավիրել մեր տոնածառի մոտ։
- Մեծ հաճույքով,- պատասխանեց նա։ Տեսնելով զարդարված Կոկորդիլոսին, Ձմեռ պապը հիացավ.
- Երբե՛ք այսպիսի հիանալի տոնածառ չէի տեսել։

Պապի մոտ դեռ մի ամբողջ պարկ նվերներ էին մնացել. ընձուղտ Ֆիլիմոնին մի երկար ու գեղեցիկ շարֆ հասավ, փիղ ամուսիններին՝ բրդյա կոշիկներ ու ձեռնոցներ՝ կնճիթի համար, գետաձի Մոտյային՝ էլեկտրական ատամմաքրիչ, ջայլամ Էմային՝ հայելի, ոզնի Վովկային՝ էլեկտրական լուսարձակ:

Հերիքեց բոլորին:

- Իսկ ի՞նձ,- հարցրեց կոկորդիլոս Վիկտորը։

Ձմեռ Պապը նայեց պարկի մեջ. նվերներ այլևս չկային։ Այդ ժամանակ նա ձեռքից հանեց իր ժամացույցը և մեկնեց կոկորդիլոսին.

- Վերցրու, սա անվանական է, ջրակայուն։
- Հիանալի է, - ուրախացավ Վիկտորը։ - Այժմ ես ճաշից չեմ ուշանա։

Իսկ հետո կենդանիները շուրջպարեր բռնեցին, խմեցին հյութեր և երգեցին ամանորի երգեր։ Տոնը շարունակվեց այնքան, մինչև ընձուղտ Ֆիլիմոնը ցանկապատից այն կողմ նկատեց կորած եղնիկներին։

Ձմեռ պապը լծեց սահնակը, հրաժեշտ տվեց բոլորին և խոստացավ հաջորդ տարի անպայման այցելել կենդանաբանական այգի։

Արդեն առավոտ էր։ Կենդանիները կերան մնացած մանդարիններն ու ցրվեցին իրենց վանդակներով։ Միայն կոկորդիլոս Վիկտորն էր, որ տոնածառի զարդերի մնացորդները վրան թափառում էր այգում և մտածում. արդյո՞ք հաջորդ տարի իրեն տոնածառ կընտրեն, թ՞ե ոչ...

Sambitbaba
07.12.2017, 19:26
Վերա ջան, խնդրում եմ, սխալները ինքդ էլ ստուգիր, լա՞վ: Հանկարծ բան բաց թողած չլինեմ...

Cassiopeia
07.12.2017, 21:39
Շատ լավ էր, շնորհակալ եմ շատ։
Շուտով կտեղադրեմ կայքումս ու անպայման, որպես խմբագրիչ, կնշեմ անունդ :)

Sambitbaba
07.12.2017, 21:53
Շատ լավ էր, շնորհակալ եմ շատ։
Շուտով կտեղադրեմ կայքումս ու անպայման, որպես խմբագրիչ, կնշեմ անունդ :)

Պետք չի նշել, Վեր ջան, այդ մասին մի մտածիր:
Իմացիր, որ հետո էլ, եթե կարող եմ ինչ-որ բանով օգտակար լինել, միշտ պատրաստ եմ:
Մեր կյանքի ամենակարևոր բանը՝ երեխաներն են::)

Sambitbaba
14.12.2017, 21:41
Վերա ջան, տես, սա կուզե՞ս...:)


Վիկտոր ԴՐԱԳՈՒՆՍԿԻ

"Դենիսկայի պատմությունները" շարքից



ԿԱՆԱՉԱՎՈՒՆ ԸՆՁԱՌՅՈՒԾՆԵՐԸ


Միշկայի ու Ալյոնկայի հետ, մենք, տնային կառավարչության մոտ ավազին նստած, հրապարակ էինք կառուցում տիեզերանավ արձակելու համար: Արդեն փորել էինք փոսը և աղյուսապատել ու ապակեպատել էինք այն, իսկ կենտրոնում դատարկ տեղ էինք թողել տիեզերանավի համար: Իսկ ես բերեցի մի դույլ և նրա մեջ տեղավորեցի սարքերը:

Միշկան ասաց.

- Պետք է կողանցք փորել՝ տիեզերանավի տակ, որպեսզի, երբ այն սկսի թռչել, գազն այդ անցքով դուրս գա:

Եվ մենք սկսեցինք փորել ու քանդել և բավական արագ հոգնեցինք, որովհետև այնտեղ շատ քարեր կային:

Ալյոնկան ասաց.

- Ես հոգնել եմ: Ընդմիջու՛մ:

Իսկ Միշկան ասաց.

- Ճի՛շտ է:

Եվ մենք սկսեցինք հանգստանալ:

Այդ ժամանակ երկրորդ շքամուտքից դուրս եկավ Կոստիկը: Նա այնքան նիհար էր, որ համարյա անճանաչելի էր դարձել: Նաև գունատ, ասես երբեք արևի տակ չէր եղել: Նա մոտեցավ մեզ և ասում է.

- Ողջու՛յն, երեխաներ:

Մենք բոլորս ասացինք.

- Ողջու՛յն, Կոստիկ:

Նա զգույշ նստեց մեր կողքին:

Ես ասացի.

Կոստիկ, դու ինչու՞ ես այդքան նիհար: Ճիշտ ասես Կոշչեյը լինես...

Նա ասաց.

- Դե, ես կարմրուկ էի հանել:

Ալյոնկան բարձրացրեց գլուխը.

- Իսկ հիմա դու առո՞ղջ ես:

- Այո, - ասաց Կոստիկը, - ես հիմա լրիվ առողջ եմ:

Միշկան հետ քաշվեց Կոստիկից ու ասաց.

- Վարակի՞չ ես անշուշտ:

Իսկ Կոստիկը ժպտաց.

- Ոչ, ինչ ես ասում, մի՛ վախեցիր: Ես վարակիչ չեմ: Երեկ բժիշկն ասաց, որ հիմա ես կարող եմ շփվել մանկական կոլեկտիվի հետ:

Միշկան նորից մոտիկ եկավ, իսկ ես հարցրեցի.

- Իսկ երբ հիվանդ էիր, ցավու՞մ էր:

- Ոչ, - պատասխանեց Կոստիկը, - չէր ցավում: Ձանձրալի էր շատ: Թե չէ ոչինչ: Ինձ փոխադրանկարներ էին նվիրել, ես ամբողջ ժամանակ փոխադրում էի դրանք ուր ասես, զզվել եմ մահու չափ:

Ալյոնկան ասաց.

- Այո՜: Լա՜վ բան է հիվանդանալը: Երբ հիվանդ ես, միշտ ինչ-որ բան են նվիրում:

Միշկան ասաց.

- Բայց երբ առողջ ես, նույնպես նվիրում են: Ծննդյանդ օրը կամ տոնածառի ժամանակ:

Ես ասացի.

- Հետո նվիրում են, երբ գերազանց գնահատականներով հաջորդ դասարան ես անցնում:

Միշկան ասաց.

- Ինձ չեն նվիրում: Միջակ գնահատականներ ունեմ միայն: Իսկ երբ կարմրուկ եմ, միևնույն է, առանձնահատուկ ինչ-որ բան չեն նվիրում, որովհետև հետո բոլոր խաղալիքները պետք է այրել: Վատ հիվանդություն է կարմրուկը, հեչ բանի պետք չէ:

Կոստիկը հարցրեց.

- Իսկ մի՞թե լավ հիվանդություններ լինում են:

- Իհարկե, ասացի ես, - որքան կուզե՛ս: Ջրծաղիկն, օրինակ: Շատ լավ, հետաքրքիր հիվանդություն է: Երբ ես հիվանդ էի, իմ ամբողջ մարմինը, ամեն մի պզուկ առանձին կանաչ քսուկով էին ներկում: Ես նման էի ընձառյուծի: Ինչ է, վա՞տ է:

- Լավ է, իհարկե, - ասաց Կոստիկը:

Ալյոնկան նայեց ինձ և ասաց.

- Երբ քարաքոս է, նույնպես շատ գեղեցիկ հիվանդություն է:

Բայց Միշկան միայն ծիծաղեց.

- Կասես դու էլ՝ "գեղեցի՛կ": Կներկեն մի երկու պտիկ, և քեզ ամբողջ գեղեցկությունը: Ոչ, քարաքոսը մանրուք է: Ես ամենից շատ գրիպ եմ սիրում: Երբ գրիպ ես, մորու մուրաբայով թեյ են տալիս: Կեր որքան կուզես, մարդու հավատ չի գալիս: Մի անգամ ես, հիվանդ, մի ամբողջ բանկա կերա: Մայրիկս նույնիսկ զարմացավ. "Տեսեք, ասում է, երեխան հիվանդ է գրիպով, ջերմությունը երեսունութ է, և այսպիսի ախորժակ ունի": Իսկ տատիկս ասաց. "Գրիպը տարբեր է լինում, այս նոր ձևի գրիպ է նրա մոտ, էլի տվեք, նրա օրգանիզմն է պահանջում": Եվ ինձ էլի տվեցին, բայց ես այլևս չկարողացա ուտել, այնքան ցավալի է... Այդ գրիպն էր, հավանաբար ինձ վրա այդքան վատ ազդել:

Այստեղ Միշկան հենվեց բռունցքին ու խորասուզվեց մտքերի մեջ, իսկ ես ասացի.

- Գրիպն, իհարկե, լավ հիվանդություն է, բայց նշագեղձերի հետ չես համեմատի, ի՛նչ խոսք:

- Իսկ ինչու՞, - հարցրեց Կոստիկը:

- Իսկ որովհետև, - ասացի ես, - երբ նշագեղձերը հանում են, պաղպաղակ են տալիս հետո, սառեցնելու համար: Դա քո մուրաբայից ավելի թու՛նդ կլինի:

Ալյոնկան ասաց.

- Իսկ նշագեղձերն ինչի՞ց են առաջանում:

Ես ասացի.

- Հարբուխից: Նրանք աճում են քթի մեջ, սնկերի պես, որովհետև խոնավ է:

Միշկան հոգոց քաշեց և ասաց.

- Հարբուխը՝ դատարկ հիվանդություն է: Կաթեցնում են ինչ-որ բան քթիդ մեջ, ավելի վատ է սկսում հոսել:

Ես ասացի.

- Բայց փոխարենը կերոսին կարելի է խմել: Հոտը չես առնում:

- Իսկ ինչի՞ է պետք կերոսին խմելը:

Ես ասացի.

- Դե, եթե չխմես նույնիսկ, գոնե բերանումդ պահես: Աճպարարն, օրինակ, լիքը լցնում է բերանը, իսկ հետո վերցնում է այրվող փայտն ու այնպե՜ս է վրան փչում... Շատ գեղեցիկ կրակե շատրվան է ստացվում: Իհարկե, աճպարարը գիտի գաղտնիքը: Առանց գաղտնիքի հանկարծ չփորձես, միևնույն է, ոչինչ չի ստացվի:

- Կրկեսում գորտեր են կուլ տալիս, - ասաց Ալյոնկան:

- Կոկորդիլոսներ նու՛յնպես, - ավելացրեց Միշկան:

Ես ծիծակից թավալվեցի: Ա՜յ քեզ հորինել: Ախր բոլորին հայտնի է, որ կոկորդիլոսը սարքված է զրահից, ինչպե՞ս նրան կուտես:

Ես ասացի.

- Դու, Միշկա, երևում է, խելագարվել ես: Ինչպե՞ս ես ծամելու կոկորդիլոսին, եթե նա կոշտ է: Նրանք որևէ կերպ անհնար է ծամել:

- Իսկ եփա՞ծ, - ասաց Միշկան:

- Իհա՛րկե: Կոկորդիլոսը հենց վերցրեց ու եփվե՛ց քեզ համար, - գոռացի ես Միշկայի վրա:

- Համ էլ նա ատամնե՛ր ունի, - ասաց Ալյոնկան, և երևում էր, որ արդեն վախեցել է:

Իսկ Կոստիկն ավելացրեց.

- Նա ի՛նքն է ամեն օր մի վարժեցնող ուտում:

Ալյոնկան ասաց.

-Ճի՞՜շտ, - և նրա աչքերն ասես սպիտակ կոճակներ դարձան:

Կոստիկը միայն մի կողմ թքեց:

Ալյոնկան ծռեց բերանը.

- Լավ բաների մասին էինք խոսում՝ սունկերի ու քարաքոսների, իսկ հիմա սկսեցիք կոկորդիլոսներից: Ես նրանցից վախենում եմ...

Միշկան ասաց.

- Հիվանդությունների մասին արդեն ամեն ինչ խոսեցինք: Հազը, օրինակ: Ի՞նչ օգուտ նրանից: Եթե միայն դպրոց չես գնում...

- Էլի բան է, - ասաց Կոստիկը: - Իսկ ընդհանրապես դուք ճիշտ ասացիք. երբ հիվանդ ես, բոլորը քեզ ավելի շատ են սիրում:

- Գուրգուրում են, - ասաց Միշկան, - շոյում են... Ես նկատել եմ. երբ հիվանդ ես, ամեն ինչ կարելի է ստանալ: Եթե ինչ-որ խաղ ես ուզում, կամ հրացան, կամ զոդալամպ:

Ես ասացի.

- Իհարկե: Միայն պետք է, որ հիվանդությունը հնարավորինս սարսափելի լինի: Այ, եթե ոտքդ կոտրես կամ վիզդ, ինչ ասես կգնեն:

Ալյոնկան հարցրեց.

- Նույնիսկ հեծանի՞վ:

Իսկ Կոստիկը խնդաց.

- Իսկ ինչի՞դ է պետք հեծանիվը, եթե ոտքդ կոտրել ես:

- Բայց այն հետո կկպնի՛, - ասացի ես:

Կոստիկն ասաց.

- Ճիշտ է:

Ես ասացի.

- Բա ի՛նչ պիտի անի: Ճի՞շտ է, Միշկա:

Միշկան գլխով արեց, և այստեղ Ալյոնկան զգեստը քաշեց ծնկներին ու հարցրեց.

- Իսկ ինչու՞, եթե, օրինակ, այրվես, կամ քերծվես, կամ տեղդ կապտեցնես, քեզ, ընդհակառակը, լինում է, որ մի լավ էլ կդնքստեն: Ինչու՞ է այդպես լինում:

- Անարդարությու՛ն, - ասացի ես ու ոտքով հարվածեցի դույլին, որտեղ մեր սարքերն էին:

Կոստիկը հարցրեց.

- Իսկ դուք ի՞նչ էիք այստեղ ձեռնարկել:

Ես ասացի.

- Տիեզերանավեր արձակելու հրապարա՛կ:

Կոստիկն ուղղակի բղավեց.

- Ուրեմն ինչու՛ եք լռում: Շերտավոր սատանանե՛ր: Վե՛րջ տվեք խոսակցությանը: Հապա՛ սկսեցինք արագ կառուցել:

Եվ մենք վերջ տվեցինք խոսակցությանն ու սկսեցինք կառուցել:



Հ.Գ.
Միայն թե նայիր, հանկարծ սխալներ չլինեն, լա՞վ...

Cassiopeia
14.12.2017, 22:30
Լավ էր, մի տեղ ժամանակային առումով սխալ կար, մի տեղ էլ տառասխալ էր։ Դրանք կուղղեմ։

Կտեղադրեմ տոներից հետո :)

Մենակ չհասկացա քարաքոս հիվանդությունը որն է։ ԻՄ իմանալով քարաքոսը սունկ է, որը աճում է քարերի վրա։ Երևի քո՞ս պիտի լիներ։

Sambitbaba
14.12.2017, 23:06
Լավ էր, մի տեղ ժամանակային առումով սխալ կար, մի տեղ էլ տառասխալ էր։ Դրանք կուղղեմ։

Եթե սա նկատի ունես. "Նա մոտեցավ մեզ և ասում է.", - ռուսերենում կա այդպիսի արտահայտվելաձև: Ինձ դուր է գալիս, ու ես որոշեցի պահպանել, որովհետև երեխաները հանգիստ կարող են այդպես խոսել: Բայց եթե համարում ես, որ հայերենում սխալ է, փոխիր:


Մենակ չհասկացա քարաքոս հիվանդությունը որն է։ ԻՄ իմանալով քարաքոսը սունկ է, որը աճում է քարերի վրա։ Երևի քո՞ս պիտի լիներ։
Կարող է և քոսն է...:D Ճիշտ ես... Лишай... Բառարանում ավելի հարմար բառ չգտա, ինչ կար, երեխաների խոսակցության համար հարմար ոչինչ դուրս չեկավ...

Իմիջիայլոց, մի քիչ ավելի ցած էլի ինչ-որ բառ կար, որ այնքան սրտովս չէր, հիմա չկարողացա գտնել: Եթե հանկարծ հանդիպ՝է փոխիր::)