PDA

Դիտել ողջ տարբերակը : Moonwalker-ի, Դեղին մուկիկի և Արամի համատեղ պատմվածքը



ivy
04.09.2017, 15:01
Նոր համատեղ պատմվածք. Մունը սկսում է, Դեղին մուկիկը`շարունակում, Արամը՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք էստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), նոր համատեղ պատմվածք գրելու համար գրանցվեք էստեղ (https://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6?p=2560418#post2560418):

Էս թեմայում քննարկումները կարող ենք սկսել, երբ պատմվածքի երեք հատվածն էլ տեղադրված լինի:

Moonwalker
04.09.2017, 17:29
Նոր ժամանակներ


Ննջասենյակը պարուրած խավարի մեջ լսվում էր «Գուստավ Բեկերի» միալար թկթկոցը: Գործից հասկացող մարդիկ ձեզ կասեն, որ նման ժամացույցներն արտադրվում են դարերի համար: Ահա այս մեկն էլ արդեն կես դարից ավելի է՝ լուռ վկան էր անկողնում տենդագին քնած ծերունու գիշերների:
Վաղուց արդեն կյանքի ութերորդ տասնամյակ թևակոխած այս մարդը մի երկրի ստեղծման ականատեսն էր ու մասնակիցը: Անցյալն առանձնապես չէր սիրում հիշել, հակառակ դեպքում մեզ գուցե պատմեր իր երիտասարդության, Մեծ պատերազմի, մեռելածին երկրի մշուշից պատմության տրամաբանությանը հակառակ վեր խոյացած՝ մահիկով կարմիր դրոշի պատմությունը: Կպատմեր, թե ինչպես մի փոքրիկ ավանի անունն ընդմիշտ շաղկապվեց իր անվան հետ. Ինյոնյու: Կարծես երեկ էր, որ հենց այդ ավանի մոտ իր վճռականությունը կանգնեցրեց հույների առաջխաղացումն ու փոխեց պատմության ընթացքը:
Բայց դա համարյա քառասուն տարի առաջ էր: Հիմա իրեն՝ Ինյոնյուին բոլորը վերաբերում են իբրև փառավոր անցյալի կենդանի հուշարձանի: Հիշում են, պատվում, շատերն անգամ ասում են «Շեֆ»՝ ազգի առաջնորդ: Դրանք, սակայն, դատարկ բառեր են: Իրականում ոչ ոք այլևս չի հավատում, որ վառոդամանում դեռ վառոդ կա:
- Փաշա՜, փաշա՜, - սենյակի դուռն աղմուկով բացեց փեսան՝ Մեթինը, - Իսմեթ փաշա՛, հայրի՜կ, վե՛ր կաց:
Ինյոնյուն աչքերը բացեց միայն Մեթինի ձեռքի հպումից հետո. վաղուց արդեն աշխարհի ձայները նրան էին հասնում լսողական սարքի միջոցով: Հագավ ականջակալն ու հայացք նետեց փեսայի ձեռքի լամպից լուսավորված ժամացույցին՝ չորսն անց էր յոթ րոպե:
- Ռադիոն... քիչ առաջ... ռադիոյով հաղորդեցին... իշխանությունը... զինվորականները վերցրել են իշխանությունը: Հեղաշրջում է, փաշա՜, - շնչակտուր բղավեց Մեթինը:
Ինյոնյուն դողացող ձեռքը տարավ ճերմակած մազերին: Ինքն, իհարկե, ակնկալում էր նման զարգացումներ: Վերջիվերջո, երկրի նախագահին ոչնչով չես կարող զարմացնել: Թեկուզ վաղուց արդեն նախկին նախագահին: Բայց այսպե՞ս:
- Ո՞վ: Ո՞վ է դրանց ղեկավարը, - կիսաձայն հարցրեց՝ ակնհայտորեն պատասխան չակնկալելով:
Հյուրասենյակից լսվում էր ռադիոյի հաղորդավարի պողպատահունչ ձայնը. «Այսօր 1960 թ. մայիսի 27-ն է: Ժամը չորսն անց է տասնհինգ րոպե: Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք մոտեցեք ընդունիչներին: Քիչ անց կրկին կհեռարձակվի ձեր զինված ուժերի ուղերձը...»:
Մեթինը ոչ մի կերպ չէր հանդարտվում. - Հայրի՛կ, Ռազմական վարժարանի կուրսանտները շրջապատել են տունը: Օզգենն ու երեխաները վախենում են: Ի՞նչ անեմ, ասա՛:
Ինյոնյուն, սակայն, հայացքով ծխամորճն էր ման գալիս: Իր նման հին գայլը շատ լավ գիտեր, որ անհանգստանալ այլևս պետք չէ: Եթե անգամ որևէ վտանգ կար էլ, ռադիոյի տեղեկացումից հետո իրենց հետ այլևս ոչինչ չի լինի: Հիմա նրան այլ հարցեր էին հուզում. «Զինվորականները վերցրին իշխանությունը: Վաղ թե ուշ նրանք հեռանալու են: Քաղաքացիականների վերադարձից հետո ո՞վ է ղեկավարելու պետությունը: Սա է հարցը: Պետք է պատրաստ լինել»:
- Պա՛պ, ա՛յ պապ, - ներս մտավ աղջիկը՝ Օզգենը, - քեզ հեռախոսի մոտ են կանչում: Հեռախոսավարն ասաց, որ գեներալ Գյուրսելը ցանկանում է խոսել քեզ հետ: Ասաց՝ ինչ-որ առաջարկ ունի:
Իսմեթ փաշան ու Մեթինը բազմանշանակ նայեցին իրար:

Արամ
09.11.2017, 11:44
- Հըն Հանս, ի՞նչ կարծիք ունես,- իրենից գոհ հարցրեց Սկիտը։
- Չգիտեմ։ Դե այն ժամանակ ստիպված էինք տվյալների ինդիկատորները հատ-հատ կարդալ, հիմա սրանով ընդհանուր պատկերացում ենք ստանում, թե ինչ է կատարվում ներսում, բայց կարծում եմ տեքստը շատ գեղարվեստական է։ Զվարճալի է, բայց պրակտիկ չէ։ Ինչքան հիշում եմ, քո առաջադրանքը տվյալները ընթեռնելի ձևաչափով դուրս բերելն էր, չէ՞։ Էս գրելավոճը քո կողմից ես ավելացրել, հա՞,- դեռ չհասկանալով պահի լրջությունը հարցրեց Հանսը։
- Հա, ձեռքիս տակ պատրաստի նեյրոնային ցանց կար, ընդամենը պետք էր ոճը սովորեցնել, ես էլ սովորեցրեցի։
- Ա՜խ դու, բայց լսիր, ինչ որ ծանոթ գրելաոճ ա, ինչ որ տեղ էլի եմ նման ոճով բան կարդացել,- հարցրեց Հանսը։
- Այդպես էլ գիտեի, որ կնկատես։ Արտավազդ Մասկն ա,- ասաց Սկիտը ու ծիծաղող աչքերով նայեց Հանսին։
- Մի վայրկյան։ էդ նախորդ գեներացիայի ժամանակ՝ գլոբալ կործանումից առաջ, երբ բոլորը գիտակցել էին, որ այնտեղ ամենինչը թվային է, իսկ ինքը շարունակում էր սիրո մասին վեպեր գրել, ինքն ա՞,- ծիծաղը հազիվ զսպելով՝ ասաց Հանսը։
- Հա, ոնց էլ հիշեցիր:

Հանսն ու Սկիտը մի բոլ ծիծաղեցին։ Հետո տիրեց լռություն, որը ակնհայտորեն պետք է խախտվեր Հանսի նախատող խոսքերով։ Հանսը Սկիտին շատ էր սիրում, ինքն էր Հանսին սովորեցրել, թե ինչպես գեներացիայի կոնֆիգուրացիան պահպանել, կարգավորել, նեյրոցանցեր կառուցել, ինֆորմացիան ճիշտ բաշխել։ Դժվար էր տրվում Հանսին Սկիտի վրա ջղայնանալը, բայց այս անգամ խնդիրը շատ լուրջ էր։ Արդեն հինգերորդ անգամ գեներացիան կեսից գնում էր դեպի ինքնաոչնչացման։

Սպասելիորեն լռությունը խախտվեց․
- Սկիտ, եթե անհաջող կատակներիդ փոխարեն աշխատանքդ ժամանակին ու պատշաճ կատարեիր, սրանք էս օրը չէին ընկնի։ Այնպես որ արի սրանց անջատեք, պահուստից հին ինֆորմացիայով նորից միացնենք, այս անգամ հետևենք, թե ինչը պատճառ դարձավ ինքնաոչնչացման, որպեսզի կարողանանք պատշաճ զեկույց ներկայացնենք։
- Լավ Հանս, - շրջվելով դեպի համակարգիչը՝ նեղացած պատասխանեց Սկիտը։


***

001: Ննջասենյակը պարուրած խավարի մեջ լսվում էր «Գուստավ Բեկերի»միալար թկթկոցը: Գործից հասկացող մարդիկ ձեզ կասեն, որ նման ժամացույցներն արտադրվումեն դարերի համար:
002: ...
003: ...
014: - Ռադիոն... քիչ առաջ... ռադիոյով հաղորդեցին... իշխանությունը...զինվորականները վերցրել են իշխանությունը: Հեղաշրջում է, փաշա՜, - շնչակտուր բղավեցՄեթինը:


***

0045: - Ես սրանց մերը, Հանս։

0046: - Համաձայն եմ Սկիտ, անջատիր դրանց, չմոռանաս էդ գրելաոճը սովորածներյոցանցը ուղարկես գրողի ծոցը։



***


- Հըն, դրանք դեռ չհոգնեցի՞ն իրենց պարզունակ գեներացիաների հետ խաղալով։
- Հա, դեռ խաղում են, այս անգամ գիտե՞ս գեներացիան ինչ պատճառով էր գնացել ինքնաոչնչացման։
- Պատմի, պատմի․․․

Դեղին մուկիկ
08.08.2020, 01:59
1960 թվական, մայիս, Թուրքիա, պետական հեղաշրջում։ Ինչ֊որ տեղից իրեն շատ լավ ծանոթ է այս ամենը։ Նույնիսկ գիտի, որ Իսմեթ փաշան օգտվելու է հարմար առիթից , որ նոր կառավարություն ստեղծի։ Էնքան պարզ է ամեն ինչ հիշում, կարծես ինքն էր "Գուստավ Բեկերը", որ կես դարից ավելի ծառայում էր Ինյոնյուին։ Տեսնես որտեղից է նրա խամրած գիտակցության մեջ հայտնվել այս ամենը։
0045֊ Ես սրանց մերը, Հանս։ (Հա՞նս, բա էս մեկն ո՞վ է, ոչ մի Հանսի չի հիշում։ Բա էն մեկը, էն պոզավորը՝ Սկիտ է, ինչ է։ Թե դրանք որտեղի՞ց հայտնվեցին իր ուղեղում)։
Չէ, էլ չի դիմանում, արդեն որերորդ առավոտն է լուսացնում խառը երազներով, ու քանի գնում՝ էնքան ավելի խճճված ու անհասկանալի են թվում այդ երազները... Հաաա, հիշեց։ Մուստաֆան։ Էն թուրք համակուրսեցին, որ սրան֊նրան կոկաին էր հյուրասիրում, մի երկու օր առաջ պատմում էր իր պապի հոր մասին, էնքան էլ պատկերավոր էր պատմում... Հաստատ ուղեղի մեջ դաջվել էին էտ պատմության մանրամասները, և արդեն երկրորդ գիշերն է՝ փաշայի ժամացույցը իր գլխի մեջ է թկթկում։
Հանս... տեսնես ով է էտ գրողի տարած Հանսը։
Արդեն որերորդ գեներացիան էր ինքնաոչնչանում, իսկ ինքը պոզավորի կողքին կանգնած ՝ ոչինչ չէր կարողանում անել...
Ու հանկարծ ինչ֊որ տեղից մի լար է գալիս, փաթաթվում իր վզին... աաաա՜, թո՜ղ, չէ... կարծես գամված լինի անկողնուն, չի կարողանում շարժվել, ձեռքերը չեն ենթարկվում, թվում է՝ ուր որ է՝ լարը մոտիկից կծանոթանա իր կոկորդի ներքին կառուցվածքին, բայց չէ, աչքերը կարողանում է բացել, և ամեն ինչ նորից անհետանում է։ Էտ սրիկան հաստատ ուզում էր իրեն թունավորել, ըստ երևույթին՝ սովորական կոկաինի փոխարեն ինչ֊որ անհայտ ծագման փոշի էր տվել։ Սպասիր, հենց էս պոզավորին քշի իր երազներից, հաշիվ է պահանջելու Մուստաֆայից։
Պատրաստի նեյրոցանցը լավ էր աշխատում, գրեթե խափանումներ չկային, բայց Հանսը մի տեղ սխալ էր թույլ տվել։ ֊Ա՜խ, էլի էտ անիծյալ Հանսը։ Գլուխը պայթում է, թվում է՝ ուղեղը դուրս է հոսում գանգատուփից, լցվում սենյակով մեկ, հետո նորից հավաքվում ու սկսում թկթկալ, մեկ էլ հանկարծ կկուն դուրս է թռչում և մարդկային լեզվով ասում՝ վեր կաց։
֊Մա՞մ, դու՞ ես։ Չէ, չէ, չէ, ին՞չ մամ, ախր մաման ուրիշ երկրում է, հանգիստ նստած սուրճ է խմում երևի, չի էլ կասկածում, թե իր որդին ինչ դժոխքի մեջ է ապրում։
Նորից է ամեն ինչ խավարով պարուրվում։ Աչքերը փակվում են։
֊Հանս, Հանս, լսու՞մ ես, վեր կաց, բացիր աչքերդ, դու իրավունք չունես մեռնելու, արդեն շտապօգնություն եմ կանչել, դիմացիր, խնդրում եմ։
Հաա, փաստորեն Հանսը ինքն էր։ Դե ինչ, մնաս բարով, Հանս, երևի էլ չտեսնվենք...
...Բայց հետաքրքիր է՝ ինչն էր այս գեներացիայի ինքնաոչնչացման պատճառը...