Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Nude: Երգեր անմեղության ու փորձի
Rhayader
23.08.2017, 13:57
Nude
Երգեր անմեղության ու փորձի
Նրանց համար, ովքեր արդեն գնացել են
ու նրանց, որ դեռ կգնան
ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
2015, ամառ
Կյանքը բաժանված չի ժանրերի: Այն սարսափազդու, ռոմանտիկ, ողբերգական, կոմիկական, գիտաֆանտաստիկ կովբոյական դետեկտիվ վեպ է... մեջը՝ մի քիչ պոռնոգրաֆիա, եթե ձեր բախտը բերի:
Ալան Մուր
Առջևս բլուրների սև ուրվագծեր էին, ոտքերիս տակ՝ հող, քարեր ու անձրևից թրջված խոտը: Տեղ-տեղ ցեխաջրի փոսեր էին գոյացել, որոնք պետք էր շրջանցել:
Չգիտեմ, թե որ պահից գիտակցությունս սկսեց խաղալ հետս: Մինչև բլուրների առաջին շարքն անցնելը արևը դեռ լուսավորում էր, ու ես տեսնում էի Սևանի կապարագույն, անհարթ մակերևույթը, լսում էի լճի ձայները: Բայց հետո կարծես լռության պատ կանգներ իմ ու լճի արանքում, ու արևը միանգամից անհետացավ:
Ձեռքի լուսարձակի լույսի տակ ես նորից Թագավորանիստում էի:
Սարերում խավարը լրիվ ուրիշ բնույթի է՝ ավելի թանձր ու շոշափելի: Օդը խոնավ էր ու ծանր:
Իրար շարունակող կլոր բլուրներ: Առանց ծառերի, բայց տեղ-տեղ գրեթե մարդաբոյ խոտով ծածկված: Նույն կավահողը, արահետը:
Եթե ամեն մեկն իր անհատական դժոխքն ունի, իմը Թագավորանիստի լանջին է, որտեղ ես նորից Մանեի հետ քայլում եմ դեպի գագաթը: Իսկ երբ հասնում ենք, պատմությունը կրկնում է ինքն իրեն:
Ես նստած եմ համակարգչի առաջ ու փորձում եմ ինձ ստիպել չմտածել վերջին օրերի դեպքերի մասին: Հեռախոսային հաղորդագրություն եմ ստանում: Կարդում եմ այն ու սկսում խեղդվել: Շունչս պահած դուրս եմ գալիս տնից, հասնում Վարդանի մոտ:
Տեղի ունեցածի սարսափն իմ շուրջն է, հրում է առաջ, ականջներիցս ու աչքերիցս լցվում ներս, ջնջում շրջակա աշխարհի ընկալումը: Միակ բանը որ լսում եմ, հաղորդագրության տեքստն է, շնչառությունս ու սրտիս խփելը:
Վարդանը բացում է դուռը: Պանիկայի նոպան վերջապես հաղթում է ինձ, ծնկներս ծալվում են ու ես ընկնում եմ գետնին:
Ժամանակը ծալվում է ինքն իր վրա, ու ես նորից Թագավորանիստում եմ, որտեղ ես նորից Մանեի հետ քայլում եմ դեպի գագաթը:
Սիզիփոսի նման: Պարզապես քարի փոխարեն Մանեն է: Ու միանգամից պարզ է, թե ինչու է այդքան կարևոր քեզ բարձրացնել այնտեղ ու վերևից նայել, թե ինչպես է վերջանում աշխարհը, ինչպես Էլիոտի մոտ՝ ոչ թե պայթյունով, այլ հեկեկոցով:
Ժամանակը նորից ծալվում է ինքն իր վրա՝ օրիգամիի նման:
Այդ օրը ես գրեթե մահացա Սևանի մոտի սարերում, ու գրեթե պատճառ դարձա, որ ուրիշն էլ մահանա ինձ հետ՝ մեկն, ով Մանեին երբեք չի ճանաչել, ում համար Մանեն երբեք ոչինչ չի նշանակել:
Rhayader
23.08.2017, 14:20
ՎԱՂ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1986, աշուն
Ես ծնվել եմ 1986 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Մոսկվայի «Соколиная гора» թաղամասի ծննդատանը:
Գիշերվա ժամը երեքի կողմերն էր: Ես չէի շնչում՝ թոքերումս հեղուկ էր կուտակվել, բայց բժիշկները կարողացան ինձ վերակենդանացնել:
Չնայած այդ ամենին, ասում են, որ ես այդ «ռեյսին» ծնված մի քանի առողջ երեխաներից մեկն էի: Ու միակը, որը ծնվել էր երկար սև մազերով ու բակենբարդներով: Նման բան պատահում է, հետո այդ մազերը սովորաբար թափվում են: Իմ դեպքում իրենք սպիտակեցին, հետո աստիճանաբար դարձան բաց դարչնագույն:
Երեխաների տակը գցելու կոմունիստական «պլյոնկաներ» կան՝ նարնջագույն, անջրաթափանց. դրա փոքրիկ կտորներ էին մառլյայով կապում ամեն երեխայի ձեռքից, որի վրա նշված էր մայրը, ծնվելու ժամն ու, եթե չեմ սխալվում, արյան խումբը:
Կյանքիս առաջին տարին անցել է Պոդմոսկովյեի Զելենոգրադ քաղաքում: Ես այն գրեթե չեմ հիշում
Կալմարների սպիտակ, կիսաթափանցիկ շերտեր, որոնք սեղանի վրա կտրտում էր մայրս: Զբոսայգի: Փչովի Չիպոլինո, որը ոչ մի կերպ չէի կարողանում կրծել, մինչև չպարզեցի, որ եզրերի կարերն ավելի հեշտ են բռնվում ատամներով:
1987-1991, ինչ-որ ժամանակ
«Առաջին սիրո երգը» ֆիլմը հավանաբար այնքան լավը չէ, որքան ես եմ այն հիշում: Բայց իր մեջ մի բան կար, որ առաջին անգամ էի նկատում. ֆիլմի հերոսները սխալական, հավատալի էին:
Առանձնապես մոտս տպավորվել էր, երբ ֆիլմի աղջիկը տղային լացելով ասում էր. «Տակա՛նք»:
Մանկությանս առաջին գիրքը հենց հիմա ձեռքիս է. Ֆելիքս Գրիգորևիչ Լև, «Ինչից է ամեն ինչը», գիտա-գեղարվեստական պատմվածքներ դպրոցական կրտսեր տարիքի համար: «Արևիկ» հրատարակչություն, 1988:
Եթե հանդիպեք այս գիրքը, բացեք ու թերթեք նկարները. պատկերացրեք, թե ինչ գանձ էր դա երեխայի համար:
Գիրքը պատմում էր Ուատտի շոգեմեքենայի մասին, թե ինչն է ավելի ամուր՝ կա՞վը, թե՞ ապակին, ատոմի ու շղթայական ռեակցիայի մասին:
Ինձ պատմել են, որ որոշ ծնողներ ստիպում են իրենց երեխաներին գիրք կարդալ: Իմ ծնողները փորձում էին ինձ ստիպել, որ չկարդամ: «Աչքերը կփչացնի», ասում էին:
Արդյունքում ես կարդում էի՝ անկողնու տակ թաքնված:
Մենք ապրում էինք Երևանի միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտի հանրակացարանում:
Հանրակացարանային շրջանն, ընդհանուր առմամբ, հետաքրքիր էր: Երբ շրջապատումդ երեխաներ են, նրանց ինժեներ կամ գիտաշխատող ծնողներն ու լիքը գրքեր, դժվար է դրանից չտպավորվելը:
Չորս տարեկանում ես արդեն կարդում ու գրում էի հայերեն ու ռուսերեն: Ինքս պատկերացում չունեմ՝ ինչպես ռուսերենը, բայց հայերենը սովորել էի սփյուռքահայերի համար նախատեսված այբբենարանով:
- Պապ, էս ի՞նչ տառ ա:
- Չեմ ասի:
- Իսկ ես մտածում եմ, որ Ճ ա:
- Ինչի՞:
- Որովհետև ճանճի ա նման:
Տանը փայտե մեծ արկղ կար, որի մեջ ամանեղենն էին պահում: Ես միշտ երազում էի, որ այն նվիրեն ինձ, ու ես նրանից տնակ սարքեմ: Իսկ մինչ այդ իմ տնակներն իրար վրա դրված երկու աթոռ էին՝ մեկը սովորական, գետնին, մյուսը՝ թարս, որ փակի առաջինի դիմացը:
Հիշում եմ, թե ինչպես ինձ խաղալիք ատրճանակ նվիրեցին: Չեմ հիշում՝ ով էր նվիրողը, բայց ասաց՝ վերցրու, որ լավ տղա մեծանաս, թուրքերին սպանես:
Հեշտ ոգևորվող երեխա էի: Միտքը, որ ես ատրճանակով ինչ-որ մեկին պիտի սպանեմ, ինձ դուր եկավ:
Ատրճանակը պլասմասայե ձողեր էր կրակում, որոնց ծայրերին ռեզինե «կպչուկ» էր: Երբ կրակում էիր հարթ մակերևույթի վրա, ձողը կպնում ու մնում էր: Երեկոյան ես հանեցի «կպչուկն» ու նստեցի խոհանոցի անկյունում, սկսեցի սպասել: Մտավ մեզ հետ ապրող ընտանիքի աղջիկը: Իմ տարիքի էր: Նշան բռնեցի աչքին ու կրակեցի:
Բարեբախտաբար, խոհանոցը երկար էր, ատրճանակը՝ խաղալիք: Ձողը կպավ նրա ձեռքին, սկսեց լացել, հավաքվեցին բոլորը: Աղջկա մայրն ասաց մորս. «Քո տղան մարդասպան է դառնալու»:
Ես չէի հասկանում, թե ինչն եմ սխալ արել:
Փոքր մորաքույս մեզ մոտ էր գալիս քննություններին նախապատրաստվելու: Հորս հետ միասին սխեմաներ էին գծում, մեջը՝ տարբեր դետալներ: «Հոսանքի աղբյուր», «կոնդենսատոր», «դիմադրություն», «լարման աղբյուր»: Ես գիտեի, թե ինչ են կոնդենսատորն ու դիմադրությունը, բայց հոսանքի ու լարման աղբյուրները շարժեցին հետաքրքրությունս:
Գնացի պատշգամբ, տետրի թուղթ վերցրեցի, ու վրան մանրամասն արտանկարեցի տեսածս սխեմաներից մեկը: Որ մեջն անպայման հոսանքի աղբյուր լինի: Ու տարա հորս մոտ.
- Պապ, վերցրու:
- Գնա, պարապում ենք:
- Չէ, վերցրու:
Երբ ես համառորեն խցկվեցի իրենց արանքն ու սխեման հպարտ դրեցի իրենց բոլոր լեկցիաների ու գծագրերի վրա, հայրս ինձ ապտակեց: Առաջին անգամը չէր: Ու առաջին անգամը չէր, որ դա ինձ անարդար էր թվացել: Առանձնապես լավ եմ հիշում, երբ մի անգամ, տոնածառի խաղալիքը ջարդելու համար, ծեծեց ու անկյուն կանգնեցրեց:
Ես, «Առաջին սիրո երգի» ազդեցության տակ, իմ անկյունից ասացի նրան.
- Տականք:
Ժամանակը ցույց տվեց, որ ես չեմ կարողանում ներել վիրավորանքները:
1988, դեկտեմբեր
1988, դեկտեմբեր
Չեմ հիշում, ձյուն արդեն եկել էր, թե չէ: Բայց այդ օրը դրսում հաստատ ձյուն չկար:
Չէ, ամեն ինչ ավելի շուտ էր սկսել: Հանրակացարանի տեղն էլ եմ հիշում. Հալաբյանից Հանրապետական Հիվանդանոցի կողքով թեքվում ես աջ, ուղիղ իջնում: Դեռ T-աձև հատում չհասած՝ փոքր բանջարեղենային շուկա էր ու կողքը՝ կրպակ, որի վրա ժամանակին գրված էր եղել «Շուկա», բայց ու-ի մասնիկը պոկվել էր ու մնացել էր «Շոկա»-ն: Եթե այդտեղից թեքվեք աջ ու շարունակեք բարձրանալ վերև, կհասնեք մեր հանրակացարանը: Էլի չորրորդ հարկում էինք ապրում՝ Ինչպես Կապանում, ինչպես հիմա:
Հիմա, երբ պատմում եմ, այդ ամենն այնքան կենդանի է կանգնում աչքերիս առաջ: Տալոնով ուտելիքը, հացի հերթերը: Ինչպես մի անգամ հանրախանությում մայրս ինձ մի րոպեով թողեց տեղում: Հետո ես հանկարծ տեսա նրա խալաթի նման խալաթով մի կնոջ (չնայած մայրս խալաթով խանութ, բնականաբար, չէր գնա), քայլեցի հետևից, մտածելով, որ նա է: Ու կորեցի: Հիշում եմ՝ լաց էի լինում, մի աղջիկ մոտեցավ, որը փորձեց օգնել ինձ: Տարա-հասցրեցի հանրակացարան, հետո փորձեցինք վերադառնալ ու ճանապարհին մայրիկին հանդիպեցինք:
Մի օր «Շոկայի» մոտից նայեցի վերև, դեպի շենքերը: Երկինքը շենքերի ետևում սև գծերով էր ծածկված. չգիտեմ, թվացել է, թե ոչ, բայց այդ տարիքում շատ բաներ, որ պատկերացնում ես, իրական իրական են թվում: Դա ինձ չանհանգստացրեց. ասես «Ժիգուլու» ետևի պատուհանից նայեիր:
Երկու օրից երկրաշարժ տեղի ունեցավ: Ոչ, հաստատ ձյուն չկար: Ամպամած, մռայլ եղանակ էր, բավականին ցուրտ: Քույրս նոր էր ծնվել: Ես խաղում էի մանկասենյակում. սնամեջ խորանարդիկներ էին: Կարմիր, կանաչ, սև, նարնջագույն: Անկյուններն առավել բարակ էին, կիսաթափանցիկ. նույնիսկ կարողացել էի կրծել մի քանիսը:
Ինչ-որ տհաճ ձայն լսեց. ես այն կյանքում երեք անգամ եմ լսել: Ատամների կրճտոց, եթե հիմա մտածեմ, բայց այն ժամանակ ես չգիտեի, թե ինչպես է հնչում ատամների կրճտոցը:
Տարօրինակ բան է երկրաշարժի ձայնը. երբեք չես կարող ասել, թե որտեղից է գալիս: Պատերից, գետնից, առաստաղից: Մայրիկը գրկեց բարուրած քրոջս, ինձ ու աստիճաններով վազեց ներքև: Ու կանգնեց... շենքի մուտքի հովարի տակ: Հնարավոր ամենավտանգավոր տեղը:
Ես նրան չեմ մեղադրում. նման պահերին, երբ դու կին ես, երկու երեխաներիդ հետ մենակ ես տանը, իրավունք ունես վախենալ: Իսկ վախեցած մարդիկ ցանկանում են իրենց վերևում տանիք զգալ: Դա ես կհասկանամ այս դեպքերից չորս տարի անց:
Ես հաճախ եմ բողոքել իմ ճակատագրից, բայց հիմա ներողություն եմ խնդրում: Մահն ինչ-որ նրբանկատ, կարեկից ներողամտությամբ է ինձ վերաբերվել:
Էլ ցնցումներ չեմ հիշում:
Մենք Երևանում էինք: Երկրաշարժը հարվածեց Սպիտակին, Գյումրուն, Ստեփանավանին, Հայաստանի գրեթե ամբողջ հյուսիսին: Ես մինչև հիմա սարսափով եմ մտածում այն մասին, թե ինչ են ստիպված եղել տանել այդ քաղաքների բնակիչները:
Հայրս գնաց Գյումրի՝ որպես փրկարար: Հետո նա գրեթե երբեք չէր խոսում դրա մասին, բայց մի անգամ պատմեց: Մանկապարտեզի շենքի մասին: Գործարանի դիրեկտորի մասին, որը փորձել էր սեյֆի փողերը հանել: Դիակն ընկած էր փողերի կույտի մեջ, գրպանները հապշտապ թղթադրամներ խցկած: Ու թե ինչպես, Երևան վերադառնալիս, տուն մտնելուց առաջ նստեց մայթին ու լաց եղավ:
Ընդամենը երկու տարի հետո այդ թղթադրամներով կարելի էր, լավագույն դեպքում, վառարան վառել:
1994, գարուն
«Ուշադրություն: Օդային տագնապ է: Առանց խուճապի անցեք ապաստարանները: Պահպանեք հանգստություն»:
Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչ է նշանակում «ապաստարան», ապա կարող եմ վստահորեն պատասխանել. չգիտեմ: Բայց կարող եմ պատմել, թե որտեղ էինք թաքնվում, երբ հնչում էր Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի շչակն ու ռադիոն արտասանում էր «Ուշադրություն: Օդային տագնապ է» բառերը:
Պատերազմի առաջին ընկալումն ինձ մոտ եղավ 89-91 թվերին, երբ գյուղում էինք: Մարդիկ խոսում էին, որ պատերազմ է, շուրջս անընդհատ Կալաշնիկովի ավտոմատներով մարդիկ էին:
Տատս հավով սուպ էր պատրաստել, հավի մեջ դեռ լրիվ չձևավորված ձու էր:
Հիմա աչքերս փակում եմ ու հեշտությամբ հիշում այդ ամենը: Գյուղում երկու տուն ունենք. «հին տունը»՝ անասելի հնության, ու «նոր տունն»՝ արդեն խորհրդային շրջանում պապիս կառուցած: Նոր տունն ավերվեց հրթիռի հարվածից, իսկ երբ հին տանն արկ կպավ, միայն մի քար ընկավ: Արկը պայթուցիկ չէր, հասարակ հակակարկտային էր: Մեջը յոդային միացություն էր:
Հարևանը պատմում էր, թե ինչպես են մոտ վազել, քարի շուրջը թափված դեղինը տեսնելով, մտածելով, որ «քարը վըր ա ընկալ, Պուղուց ցեղի ոսկիները թափալ ըն»: Հետաքրքրասեր կին. համտեսեց փոշին, թունավորվեց: Մի կերպ փրկեցին:
Հավով սուպը, արծաթե բաժակակալներով բաժակները, այդ ամենը շատ լավ եմ հիշում: Մթնեց: Մեծերն անընդհատ պատերազմից էին խոսում: Հեռվում ինչ-որ որոտներ էին, բայց այնքան աղոտ, որ լսելու համար պետք էր լարվել:
Ու մեկ էլ հանկարծ երկնքում ինչ-որ կանաչ կետեր աղեղ գծեցին: Նշանային փամփուշտներ են, բացատրեցին ինձ: Ռուս զինվորներն են կրակում:
Պատերազմը հեռու ու անիրական էր: Բայց, չնայած դրան, ներսումդ ինչ-որ բանի փշրվելու զգացողություն է լինում: Նույնիսկ այդ ժամանակ ես գիտեի, որ իմ իմացած աշխարհն այլևս նույնը չի լինի:
Գիտե՞ք` ինչ է հուսահատությունը. երբ ցորենի ու ալյուրի բեռի մեջ Երևանից Կապան զենք ես տանում, ու խորհրդային զորքերի ուղեկալը կանգնեցնում է մեքենան: Տղադ դեռ երկու տարեկան է, աղջիկդ նոր է ծնվել: Կինդ: Ռուս երիտասարդ զինվորը ձեռքը մտցնում է ալյուրի մեջ ու գունատվում: Նայում է աչքերիդ մեջ: Գիտի, որ չեն պատրաստվում կրակել: Անիմաստ է:
«Чисто!», գոռում է ռուսը սպային, հետո արդեն վարորդին՝ «проезжайте»:
Իսկ ի՞նչ կարող եմ ասել ապաստարանների մասին: Ես ինքս ամբողջ կյանքումս երկու տագնապ եմ հիշում. մեկն իսկական, տանը, մյուսն՝ ուսումնական, դպրոցում: Բայց շչակի ձայնը, բլուրների վրայից հնչող ոռնոցն անհնարին է մոռանալ:
«Ապաստարանն» իրականում շենքի առաջին հարկում աղբատարի ու հիմնապատի արանքի նեղ խորշն էր, որտեղ խցկում էին երեխաներին: Մեծերը կանգնում էին միջանցքում: Ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկին ուղարկում էին ստուգելու՝ տագնապն ավարտվել է, թե ոչ: Ստուգողը մտնում էր բնակարան ու լսում թե ինչ է ասում ռադիոն. եթե դեռ ժամացույցի չարագույժ չխկչխկոց էր, ուրեմն տագնապը դեռ չէր ավարտվել:
«Ապաստարան-խորշն» ամենակեղտոտ տեղն էր, որ կարելի էր պատկերացնել. պլոկված ներկի տակից խորդուբորդ դուրս էր տվել գաջը, աղբատարն էլ իր հոտն էր տարածել: Գետնին կոնֆետների ու էլ չգիտեմ ինչի տոպրակներ: Փոշի, խավար, անտանելի հոտ, մոտ երեսուն սանտիմետր լայնքով խորշ, մի խումբ այդ խորշը խցկված երեխաներ: Բայց նույնիսկ դա ավելի լավ էր, քան դատարկված բնակարանների ռադիոներից հնչող ժամացույցի չխկչխկոցը:
Rhayader
23.08.2017, 14:33
ԼԻԼԻԹ
1994, աշուն
Լիլիթը շատ գեղեցիկ էր, ու բոլորը դա գիտեին: Լիլիթը շիկահեր էր, ու ես այդ գույնի մազեր երբեք չէի տեսել: Լիլիթն ակնոցներ էր հագնում, ամենալավ խաղալիքներն ուներ ու ամենախելացին էր իր դասարանում:
Լիլիթը հորաքրոջս հարևանի՝ բժիշկ Գագիկի աղջիկն էր:
Լիլիթն ինձ սովորեցրեց սիրել, հայհոյանքներ ու մոնոպոլիա խաղալ: Փոքր գանձեր չեն երկրորդ դասարանցու համար, ինչպես Բարբի ծամոնի տպերի ալբոմն ու «Ներկիր ինքդ» գրքերը:
Բայց մեր ամենասիրած խաղը Մոնոպոլիան էր՝ մեծ դաշտով ու երեք օղակներով (ազնիվ, կրիմինալ, էլիտար):
Ես շատ կեղտոտ էի խաղում. բանկից փողեր էի գողանում, տներն էի խառնում, բայց ոչ թե նրա համար, որ հաղթեմ, այլ որ խաղը երբեք չավարտվի: Ու, դրա հետևանքով, մենք կես տարին մի անվերջ խաղ էինք խաղում:
- Արի քեզ համար բախտ բացեմ,- ասում է Լիլիթը:
Լիլիթը թղթի վրա գրում է ԶԱՔՍ (sic) ու ՍԱՀՆԱԿ բառերը, աղջիկների անուններ է հարցնում ինձանից: Հետո ամեն մեկի հետ կապված ինչ-որ հաշվարկ է անում: Ես ամեն անգամ ցուցակի մեջ իր անունն էլ եմ նշում:
- Սյուզիից դու զզվելու ես... Գոհարիկի հետ դու ամուսնանալու ես... Ժենյային դու ...ելու ես... Աննային դու սիրելու ես,- հաշվում էր Լիլիթը:
Լիլիթի անունն ամեն ցանկի մեջ տալն ինչ-որ մանկական ֆլիրտ էր: Ու ամեն գուշակություն ասում էր՝ ձեզ ոչինչ չի սպասում, ոչ ընկերություն, ոչ սեր, ոչ էլ սեքս:
Կես տարի անց Լիլիթն ինձ ասաց, որ իրենք ընտանիքով տեղափոխվում են Երևան:
-Նորք պանսիոնատի մոտ,- ասաց նա:
Ես Լիլիթին խոստացա, որ ինչ էլ լինի՝ կգտնեմ իրեն: Ու մտքումս ինքս ինձ խոստացա իրեն միշտ սիրել:
Այն ժամանակ իմ բառերն ինձ մեծ, տիեզերական երդումներ էին թվում, ոչ թե երկու փոքր երեխաների փոքրիկ խոստումներ: Երբ սերը մինչ այդ միայն գրքերում ես տեսել, ուզում ես, որ քո սերն էլ կրկնի գրքերում եղածը, լինի մեծ, հաղթանակող, երջանիկ:
Եթե ես Ուոլտեր Սքոթի «Քվենտին Դորվարդի» փոխարեն Չարլզ Դիքենսի «Մեծ Սպասումները» կարդացած լինեի, շատ ավելի խելացի մարդ կլինեի, ու պատրաստված կլինեի նրան, ինչ գալու է հետո:
Բայց եկեք իննը տարեկան ինձ դեռ թույլ տանք հավատալ:
Հետո
Կես տարուց ես էլ տեղափոխվեցի Երևան:
Դպրոցս փոխեցի: Փորձեցի ազգականներիցս ինչ-որ բան իմանալ Լիլիթի մասին, իրենք սկսում էին կատակներ անել այդ մասին՝ երևի չհասկանալով, թե իրենց կատակներն ինչքան ստորացուցիչ են: Ու ես իրենցից էլ ոչ մի բան չհարցրեցի, ու հասկացա, որ իմ անձնական կյանքն իմ ընտանիքի համար չպիտի գոյություն ունենա:
Լիլիթին չորս տարի չգտնելուց հետո ես թողեցի փորձերը: Ընկերներս և ուսուցիչները նկատում էին իմ տրամադրության կտրուկ անկումները, բայց չէին կարողանում բացատրել: Ինձ պետք չէր, որ իրենք ինձ հասկանան:
Ի վերջո, ինձ մինչ այդ էլ միայն Լիլիթն էր ինչ-որ չափով հասկացել, համենայն դեպս՝ ես այդպես էի կարծում:
Մի անգամ երազումս տեսա, որ մեր բակում լիքը մարդիկ են՝ փախստականներ, ու Լիլիթն իրենց մեջ է: Ու իր մոտ ինչ-որ հիվանդություն է, որից ինքը հետո վերածվում է կարմիր թափանցիկ հեղուկի, որը ես սրվակի մեջ եմ պահում ու ամբողջ երազի ընթացքում փորձում բուժում գտնել: Չեմ գտնում:
Գիշերազգեստը տպավորվել էր իրական դեպքից: Մի անգամ Լիլիթն ինձ կանչել էր իրենց տուն, ես գնացել էի, դուռը բացել: Դռան կողքն ինքն էր՝ սպիտակ, բաց գույնի ծաղիկներով գիշերազգեստով, ձեռքին՝ որսորդական հրացան, որով նշան էր բռնել իմ ուղղությամբ:
Փոքր ժամանակ ես խիստ զգայուն էի ծաղրի նկատմամբ. անսովոր անունը, ցածր հասակը, գրքերի մեջ խրված լինելն ինձ համար խնդիրներ էին ստեղծում բակում (ու, ինչքան էլ դա տարօրինակ չլիներ, ոչ դպրոցում): Սիրային ոլորտում ամենաթեթև ակնարկը հորս կատակների առիթ էր դառնում: Ու դա շատ ստորացուցիչ էր:
2002 թվի օգոստոսին ընդհանուր ծանոթներից մեկը հեռախոսով խոսելիս ասաց.
- Գիտե՞ս, Լիլիթի հետ էի խոսում, քեզանից էր հարցնում:
2002, օգոստոս
- Իսկապե՞ս,- հարցրեցի ես՝ լսածիս չհավատալով: Սիրտս ուժեղ էր խփում:
- Հա, իր մեյլն էր տվել, որ փոխանցեմ քեզ:
Մտքովս լիքը բաներ անցան: Որ նա էլ է այս ամբողջ ընթացքում ինձ փնտրել: Որ նա էլ է... սիրե՞լ ինձ: Երևի այդպես էլ պատկերացրեցի:
Գրեցի Լիլիթին, վերցրեցի իր հեռախոսի համարը, խոսեցինք մի քիչ: Լիլիթն ասաց, որ շուտով իր ծննդյան օրն է՝ օգոստոսի 13-ին:
Դժվար էր պատկերացնել, որ մարդ ցանկանա իր ծննդյան օրը դիսկոյում նշել (դա առաջին ու վերջին անգամն էր, որ ես դիսկո ոտք դրեցի):
Հանդիպեցինք «Star Time»-ի մոտ: Ճանաչեց: Լիլիթը շատ էր փոխվել, բայց ես էլ կամ նկատեցի, կամ հորինեցի ծանոթ գծեր, որոնցով կարող էի իրեն ճանաչել:
Բայց բոլոր մտքերիս հետևում օձի նման սողաց ու նստեց գիտակցությունը, որ ես Լիլիթի դեմքն այլևս չեմ հիշում:
- Բայանդու՞ր:
- Լիլիթ:
Տեղս չէի գտնում:
Լիլիթն էլի գեղեցիկ էր, բայց էլ իմ Լիլիթը չէր:
Երբեք չեմ սիրել պարել: Այդ օրն էլ բացառություն չէր: Բայց պետք էր ասել այն ամենն, ինչ կիսատ էր մնացել: Փարթիի մեջտեղում, երբ դուրս եկանք պատշգամբ, ես հնարավորություն ունեցա դա անել:
- Գիտե՞ս, ես քեզ սիրում էի:
- Գիտեմ, գնալուց առաջ Էդգարը քո նամակը բերել էր:
Գրողն ինձ տանի, թե ինչ-որ նամակ գրած լինեի:
- Ի՞նչ նամակ:
- Դե, որ գրել էիր: Էդգարը բացել-կարդացել էր, ծիծաղելով բերեց:
- Իսկ դու ինձ սիրու՞մ էիր: Եթե քեզ էն ժամանակ ասեի, ի՞նչ կանեիր,- հարցրեցի ես:
- Ինչքան հիշում եմ՝ չէ: Համ էլ՝ կջղայնանայի,- պատասխանեց Լիլիթը:
- Իսկ եթե սիրեիր, ի՞նչ կասեիր:
- Հաստատ կմերժեի: Ես էդ ժամանակ էդ ձևի էի:
Ամեն ինչ ասես երազի մեջ կատարվեր: Հիշում եմ՝ սեղանից տանձ վերցրեցի ու կծեցի: Որդնած էր: Բայց ես այն մինչև վերջ կերա:
Rhayader
23.08.2017, 19:40
ԴՊՐՈՑ
1993, սեպտեմբեր
Ես դպրոցի հետ կապված նոստալգիկ զգացողություններ չունեմ: Բացասական զգացողություններ էլ չունեմ: Ընդհանուր առմամբ, դպրոցը մեծ մասամբ մահացած ժամանակ էր:
Ես երեք դպրոցում եմ սովորել: Առաջինը Մաշտոցի շրջանի համար 22 դպրոցն էր:
Լավ հիշում եմ, թե ինչպես առաջին դասարան գնացի: Ուսմասվարը սպիտակ մազերով կիրթ կին էր, ով ինձ դուր եկավ: Ես սպասում էի, որ նա իմ ուսուցչուհին կլինի, բայց ուսմասվարը ներողություն խնդրեց ու ավելացրեց, որ ինքը բարձր դասարաններին է դասավանդում:
Դասղեկս՝ տիկին Տիգրանուհի Չթչյանն, ինձ դուր չեկավ միանգամից:
Հիմա, երբ հետ եմ նայում, իմ ու տիկին Չթչյանի հարաբերությունները շատ խորդուբորդ էին: Ես միաժամանակ թե՛ իր սիրելի աշակերտն էի, թե՛ այն աշակերտը, որին նա այդպես էլ չճանաչեց:
Առաջին հանդիպման ժամանակ ես սկեցի լաց լինել ու գոռալ, որ չեմ ուզում նրա աշակերտը լինել, ու որ նա պառավ է: Կարծում եմ՝ դա վիրավորական էր իր համար, բայց մյուս կողմից՝ փորձված մանկավարժի համար դժվար թե նորություն լիներ:
Չթչյանը չէր հասկանում իմ կարիքները: Կարող էր մի նախադասություն թելադրություն տալ ու մի բաց թողած տառի համար ինձ երեք նշանակել չմտածելով, որ ինձ տանը դրա համար կծեծեն: Երբ ես առաջին դասարանի ձմռան դասերից մեկի ժամանակ ցանկանում էի զուգարան գնալ ու ձեռք էի բարձրացրել, նա ուշադրություն չդարձրեց: Ես փորձեցի թույլատվություն հարցնել, նա պահանջեց, որ լռեմ ու չխանգարեմ դասը:
Արդյունքում ես միզեցի տակս ու ստիպված էի դասարանի հետևի սենյակում փոխել շորերս: Դա ստորացուցիչ էր:
Դպրոցում շատ բաներ էին ստորացուցիչ: Շատ նման ստորացումներից ինձ հաջողվեց խուսափել տարբեր պատճառներով. ես լավ ընտանիքից էի ու ոջիլների ստուգումների ժամանակ խայտառակ չէի լինում: Պատվաստումների մեծ մասն ինձ հակացուցված էր: Եվ այլն:
Մի փոքր մանրամասն պատվաստումների մասին: Իրենք իրականացվում էին հենց դասարանում՝ բոլորի առաջ: Ոչ միջնապատ էր դրվում, ոչ էլ այլ տեսադաշտը փակող բան: Նախքան հերթական աշակերտին սրսկելը, բուժքույրը պահանջում էր, որ մնացած երեխաները շրջվեն:
Ես դպրոց էի եկել կարողանալով կարդալ ու գրել երկու լեզվով, բայց ստիպված էի մնացածի հետ միասին այբուբեն սովորել:
Առաջին լուրջ կոնֆլիկտն եղավ ռուսաց լեզվի ուսուցչուհու հետ, որի ազգանունը մոռացել եմ: Երիտասարդ էր, խնամված ու անփորձ:
Մի անգամ, երբ տնային աշխատանքը դասագրքի նկարներից մեկի պարունակությունը պատմելն էր: Դասը մայրիկիս հետ էինք սովորել, ու նկարի վրա մի երեխա գետնից դարչնագույն շրջանակներ էր հավաքում: Ընկույզներ, ենթադրեցինք ես ու մայրս:
Ուսուցչուհին կանչեց ինձ դասը պատասխանելու:
-... собирает орехи.
- Садись, два,- ասաց ուսուցչուհին, կարմիր գրիչով երկուս նշանակեց բլոկնոտիս մեջ ու տակն ավելացրեց՝ «не учил уроки»:
Դա իմ առաջին երկուսն էր, բայց ստացած ամենակարևոր դասերից մեկը, որը փոխեց իմ մոտեցումը դպրոցի նկատմամբ:
Երկուսն ինձ համար աշխարհի վերջն էր՝ ես հպարտանում էի դպրոցում միայն 5 ու 5+ ստանալով:
- Вы дура,- ասացի ես:
Ուսուցչուհին ինձ անկյուն կանգնեցրեց ու ծնող կանչեց: Մայրս պաշտպանեց ինձ, բայց երկուսը մնաց:
Այդ ուսուցչուհուն ես այլևս երբեք չբարևեցի, ոչ դասարանում, ոչ դրսում: Իր առարկայից անընդհատ անթերի 5-եր էի ստանում, բայց ինձ հետ հաշտվելու իր բոլոր փորձերը հանդիպում էին անանցանելի սառնության:
Փոխարենը ես սովորեցի, որ ուսուցիչներին մանիպուլյացիա անելը շատ կարևոր է լավ սովորելու համար: Շարադրություններում ուսուցիչները չեն ակնկալում հետաքրքիր պատմություն, բայց գովում են ճոռոմ, «գեղեցիկ» բառերը: Եթե մի ուսուցչուհի քեզ չի սիրում, ուսմասվարի հետ լավ հարաբերություններ ունենալն օգնում է իր վրա ճնշում գործադրել: Իսկ ի՞նչ է պետք ուսմասվարի հետ լավ հարաբերություններ ունենալու համար՝ ընդամենը խելացի ու մռութ երեխա խաղալ իր մոտ:
Մայրական բնազդը կանի մնացածը:
Տիկին Չթչյանին ես հարգում էի, ինչպես նաև ձեռագործի ուսուցչուհուն: Մնացածին գրեթե չեմ էլ հիշում:
Երկրորդ երկուսը ես ստացա երրորդ դասարանում: Դասը մոտենում էր ավարտին, ու մենք չէինք հասցնում ավարտել թելադրությունը: Չթչյանը թելադրության մնացած մասը գրեց գրատախտակին ու թողեց, որ արտագրենք: Եթե մինչ այդ ես կարողանում էի թաքցնել, որ գրատախտակը չեմ տեսնում, այս դեպքն ինձ փաստի առաջ կանգնեցրեց:
Բայց ես նախընտրեցի կուլ տալ երկուսը, քան խոստովանել, որ վատ եմ տեսնում. Տանն ինձ կարգելեին կարդալ ու մուլտֆիլմեր նայել, իսկ կարդալն ու մուլտֆիլմերն ինձ համար ամեն ինչ էին:
Կյանքիս այս շրջանը բարդ էր, բայց հետաքրքիր: Մենք արդեն մեր սեփական բնակարանն ունեինք, որտեղ տեղափոխվել էին Կապանի մեր ազգականներից շատերը՝ քաղաքը ռմբակոծվում էր:
Մեր բակի Մանվելը մեծահասակ տղա էր, ով ինձ իր հեծանիվի հետևին նստեցրած քշում էր բակով: Հիշում եմ, ինչպես մահացավ մենինգիտից: Ես պատուհանից նայում էի, թե ինչպես իր դագաղը տարան ու պտտեցին դպրոցի շուրջը՝ նախքան գերեզմանոց տանելը:
Երկրորդ «պադյեզդում» երկու տատիկ էին ապրում, ում հետ ես ընկերացել էի: Ուտելիքը քիչ էր, ու մայրս իմ միջոցով իրենց հաճախ սնունդ էր ուղարկում: Կենսախինդ, բարի պառավներ էին ու սիրում էին ինձ: Հիշում եմ, ինչպես երկուսն էլ մահացան: Մեկը՝ քաղցկեղից, իսկ մյուսի մահվան պատճառը չեմ հիշում:
1995, գարուն
Կապանի Մաքսիմ Գորկու անվան համար 1 դպրոց տեղափոխվելը հնարավորություն տվեց զրոյից սկսել ամեն ինչ: Նոր դասղեկս՝ տիկին Ալեքսանյանը, տիկին Չթչյանի պես վառ կերպար չէր, բայց փոխարենն ավելի թեթև ձեռքով էր ղեկավարում դասարանն ու ավելի բարեկամական, ոչ ֆորմալ վերաբերմունք ուներ երեխաների նկատմամբ:
Եթե Երևանում ես բակում բոլոր խաղերի հեղինակն էի ու կազմակերպիչը, Սուրբ Գևորգի ասպետների օրդենի սենեշալն, իսկ դպրոցում՝ ընդամենը գերազանցիկ իր համար ձանձրալի միջավայրում, Կապանում ամեն ինչ հակառակն էր:
Երևանում ես չէի կարողանում ընկերանալ համադասարանցիներիս հետ, մեր միջև պատ էր: Կապանի մեր բակում ես նորեկ էի, «ապերո», քանի որ բարբառով չէի խոսում: Երևանում ֆուտբոլը սպորտային բնույթ ուներ, բոլորը փորձում էին իրար գերազանցել գեղեցիկ խաղով ու հնարքներով: Այստեղ դրա փոխարեն գնդակով այնքան էին «բզում» հակառակորդի գլխին, մինչև խաղից դուրս գա: Բակի երեխաները մողեսներ էին բռնում ու տանջամահ անում: Ես գողանում էի իրենց բռնած մողեսներն ու բաց թողնում, ու ինձ դրա համար ծեծում էին:
Բայց դպրոցում ես հեղինակություն ունեի՝ ինձ կանչում էին բարձր դասարանցիների համար իրենց աշխարհագրության դաս պատմելու, դասարանի մեծ մասն ինձանից էր արտագրում ստուգողականները, ես շարադրություններ էի գրում հարևանների ավելի բարձր դասարանի երեխաների համար, ու ես դպրոցում իսկական ընկերներ ունեի, որոնցից ամենամոտը Լիլիթն էր:
Կապանում սովորելը, չնայած օդային տագնապներին, փողոցներում թափված ռումբերի բեկորներին ու փամփուշտներին, ռմբակոծություններից պատերի վրա մնացած հետքերին, ես ավելի հաճույքով եմ հիշում, քան Երևանը:
Մի տարուց մենք վերադարձանք Երևան: Չթչյանն ուրախ էր ինձ նորից տեսնել: Ես իրեն՝ նույնպես, բայց որոշակի պատ կար իմ ու հին դպրոցիս միջև:
Չորրորդ դասարանի սեպտեմբերի 1-ն իմ վերջին օրն էր 22 դպրոցում: Նոր դասղեկս ծանոթությունը սկսեց սպառնալիքներով՝ մի ապակի ջարդելու դեպքում դպրոցին երկուսն եք վերադարձնելու, և այլն: Ես ու հայրս նայեցինք իրար ու լուռ համաձայնության եկանք, որ դպրոցը փոխելու ժամանակն է:
Էստեղ կարծիք գրել կարելի՞ է, թե՞ ուրիշ տեղ/ժամանակ են քննարկում։
Rhayader
24.08.2017, 10:39
Կարելի է :)) ես էլ ընթացքում մնացած գլուխները կդնեմ:
Եթե կա մի բան, որ ինձ պահում է կարդալու ինչ-որ մի ստեղծագործություն, ապա դա անկեղծության բացակայությունն է կամ պակասը։ Իսկ կարդալու բան ինձ պատահում է քիչ։ Որևէ այլ բան պիտի ստիպեմ ինձ, համոզեմ քարշ տալով կարդալու՝ անհույս փնտրելով անկեղծության գոնե մի շող։
Վերը գրածներում կարծես խնամքով ընտրված էին այնպիսի փաստեր, որոնք հավակնում են անկեղծության, թեև ահագին զտվածություն կար, սեփական լույսի տակ ներկայացնել՝ օբյեկտիվության տեղ չթողնելով։ Կսպասեմ հաջորդներին, հետաքրքիր է՝ ուր կտանեն։
Հ․Գ․ Իմ կարծիքով, "Երգեր անմեղության ու մեղքի" ավելի ճիշտ կհնչեր՝ անկախ, թե հեղինակն ինչ է նկատի ունեցել։
Հ․Գ․ Իմ կարծիքով, "Երգեր անմեղության ու մեղքի" ավելի ճիշտ կհնչեր՝ անկախ, թե հեղինակն ինչ է նկատի ունեցել։
Երևի հղում ա Ուիլիամ Բլեյքին:
Rhayader
24.08.2017, 17:09
Երևի հղում ա Ուիլիամ Բլեյքին:
Ահամ :)) + «Երգեր անմեղության ու մեղքի», sounds pretty lame
Կարդալով գալիս եմ. շատ լավ դրվագներ կան, որ զգում ես` իսկապես ապրված են ու հիշողության մեջ դաջված։
Մեծ հաճույքով եմ կարդում։
Ու շատ սիրում եմ հենց էն Բային, որն երևում է էս ամենի մեջ։ Երանի միշտ էսպիսին լինեիր, Բայ։
Երրորդ մասը` դպրոցական հիշողություններով, շատ լավն էր. սպասում եմ շարունակությանը։
Սա դեռ խմբագրելու ես, չէ՞. մի քիչ վրիպակներ ու սխալներ կան։
Rhayader
24.08.2017, 19:45
Երրորդ մասը` դպրոցական հիշողություններով, շատ լավն էր. սպասում եմ շարունակությանը։
Սա դեռ խմբագրելու ես, չէ՞. մի քիչ վրիպակներ ու սխալներ կան։
Սա շատ վաղ տարբերակ է :))
Ահամ :)) + «Երգեր անմեղության ու մեղքի», sounds pretty lame
Sounds timelessly right to me. Ըստ իս, փորձինն է կաղում, հատկապես հայերեն հնչողությամբ, ու եթե հղում է, ավելի ճգրիտը «փորձառությանն» է։ Ու չգիտեմ ինչու է պետք բառացի հղումը, երբ անմեղությանն ու մեղքինը հնչեղ բառախաղ է՝ նույն արմատի հակադարձությամբ, համ էլ առանց բառացի կրկնողության է ուղղում դեպի Բլեյքը, որին նկատի ես ուզեցել ունենալ։ Իմ կարծիքով։
Հաճախ լուծումը հենց պարզագույնն է։
Կարդալով գալիս եմ. շատ լավ դրվագներ կան, որ զգում ես` իսկապես ապրված են ու հիշողության մեջ դաջված։
Մեծ հաճույքով եմ կարդում։
Ու շատ սիրում եմ հենց էն Բային, որն երևում է էս ամենի մեջ։ Երանի միշտ էսպիսին լինեիր, Բայ։
Դեռ չեմ կարդացել, բայց հասկանում եմ՝ ինչ ես ասում:
Rhayader
25.08.2017, 11:34
Sounds timelessly right to me. Ըստ իս, փորձինն է կաղում, հատկապես հայերեն հնչողությամբ, ու եթե հղում է, ավելի ճգրիտը «փորձառությանն» է։ Ու չգիտեմ ինչու է պետք բառացի հղումը, երբ անմեղությանն ու մեղքինը հնչեղ բառախաղ է՝ նույն արմատի հակադարձությամբ, համ էլ առանց բառացի կրկնողության է ուղղում դեպի Բլեյքը, որին նկատի ես ուզեցել ունենալ։ Իմ կարծիքով։
Հաճախ լուծումը հենց պարզագույնն է։
Բացատրեմ, թե ինչու է պետք :D որովհետև հենց այդ գործին էի ուզում հղվել ու ուզում էի, որ ընթերցողը դրա հետ զուգահեռներ տանի:
Մյուս կողմից, «Երգեր անմեղության ու մեղքի»-ն սարսափելի տափակ բառախաղ է՝ նույն արմատի հակադարձությամբ, ու անմեղությունն այստեղ օգտագործված իմաստով մեղքի հետ ոչ մի կապ չունի, ու մեղքն իմ գրածի հետ կապ չունի, ու ես ընդհանրապես մեղքի գաղափարը չեմ ընկալում:
Որ Ստեյնբեկը մեր ֆորումցի լիներ, երևի իրեն էլ խորհուրդ տրվեր «Of Mice and Men»-ը վերնագրել «Of Mice and Not Mice» :D
Բացատրեմ, թե ինչու է պետք :D որովհետև հենց այդ գործին էի ուզում հղվել ու ուզում էի, որ ընթերցողը դրա հետ զուգահեռներ տանի:
Մյուս կողմից, «Երգեր անմեղության ու մեղքի»-ն սարսափելի տափակ բառախաղ է՝ նույն արմատի հակադարձությամբ, ու անմեղությունն այստեղ օգտագործված իմաստով մեղքի հետ ոչ մի կապ չունի, ու մեղքն իմ գրածի հետ կապ չունի, ու ես ընդհանրապես մեղքի գաղափարը չեմ ընկալում:
Որ Ստեյնբեկը մեր ֆորումցի լիներ, երևի իրեն էլ խորհուրդ տրվեր «Of Mice and Men»-ը վերնագրել «Of Mice and Not Mice» :D
Դե տես, ինքդ քեզ հակասում ես․ եթե մեղքի գաղափարը չես ընկալում, ուրեմն անմեղության գաղափարն էլ մեջտեղից դուրս պիտի գա։
Մեկնաբանությունս, թե ինձ ավելի դուր է գալիս "Երգեր անմեղության և մեղքի", ոչ թե հենց հակադարձության առումով է, որն էդ տեսակետից տափակ ես տեսնում, այլ հակառակը՝ մեկը մյուսի շարունակության՝ ժամանակային առումով։ Ու էդ առումով ինձ հետաքրքիր ու ճիշտ թվաց՝ "ինքնակենսագրականի" փոխարեն։ Այլ կերպ ասած՝ մարդու կյանքի ճանապարհն է, կամ պարզապես կյանքը՝ ժամանակային հատվածի բաժանումով․ մանկություն և հետո։ Համենայնդեպս, էդպես եմ ընկալում ստեղծագործությունդ, որտեղ, ինչպես նշել էի վարկանիշումս, գրականություն եմ տեսնում։
Ես խորհուրդ չեմ տվել, ի դեպ։ Անհեթեթություն է հեղինակին խորհուրդ տալը՝ անկախ գլուխգործոց է գրել, թե անորակություն։ Ես ընդամենը քննարկման նյութ եմ որպես դիտարկել՝ առանց որևէ հավակնության, թե փոխես։ Ուղղակի գրեցի էն, ինչ զգացի կամ կարծում եմ, ինչի համար էլ և էստեղ դրվում են ստեղծագործությունները ու ակնկալում կարծիք։
Իսկ համեմատությունը Մկների և մարդկանց մասին-ը վերնագրելու Մկների և ոչ մկների մասին, իմ մեկնաբանության հետ կապ չուներ․ եթե էդպես ես տեսել, ուրեմն տեսակետս ճիշտ տեղ չի հասել։
Մի բան էլ․ Անմեղության և փորձի - էլի հակադարձում է, պարզապես մեղքը շրջանցվում է՝ համարելով այն փորձառություն կամ գուցե՝ փորձություն, որն արդեն ավելի մոտիկ է կանգնում մեղքին։
Rhayader
25.08.2017, 14:39
ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ
1995-2005
Տարիքի հետ ժամանակը սկսում է այլ կերպ ընթանալ: Տասնիննը տարեկանից քսանիննը տարեկանը տարիքը ես ընկալում եմ որպես իրադարձություններով հագեցած մի ամբողջական պատմություն: Այդ ամբողջ ընթացքում ես, որքան էլ փոխվել եմ, մնացել եմ նույն մարդը:
Իննից տասնիննը տարեկանը ընդհատվող ու երբեմն միահյուսվող պատմությունների խառը կծիկ է հիշեցնում:
Փայտից թրերով ու ստվարաթղթե զրահներով պատերազմները բակում, իմ «ամրոցը», որը հին վերամբարձ կռունկի իրար վրա դրած ծանրաքարերից էր կառուցած: Բոլորը դերեր ունեին՝ կողքի բակի երեխաները թշնամի բարբարոս ցեղեր էին, Արմենը մեր բակի թագավորն էր, ես՝ Արմենի զորահրամանատարը, քույրս՝ իմ աջ ձեռքն ու հավատարիմ ընկերը:
Հիմա, երբ մտածում եմ, քույրս միակն էր, որ իրոք հասկանում էր խաղն ու իրոք իր ներդրումն ուներ խաղի մեջ: Դրա համար էլ լավագույն զենքերը, լավագույն զրահները ես պատրաստում էի իր համար:
Քույրս այն էր, ինչ ես երբեք չէի կարողանա լինել: Հորս սիրելին, կազմակերպված, ում մոտ ամեն ինչ ստացվում էր: Ես ընդամենը հիասթափություն էի, ու «քո տեղը մի հատ էլ աղջիկ ունենայինք՝ ավելի լավ կլիներ» արտահայտությունը դա լրիվ ցույց էր տալիս:
Քույրս հավատարիմ ընկեր էր ու երևի հիանում էր ինձանով, իմ հորինած խաղերով ու պատմություններով, իմ լսած երաժշտությամբ, իմ սարքած խաղալիքներով ու նկարներով: Նա միակն էր ամբողջ բակում, ով կարող էր մրցել ինձ հետ ու նույնիսկ հաղթել ինձ, բայց իր համար բավարար էր իմ ստվերում գտնվելը, իմ երկրորդ կեսը դառնալը:
Դրա համար էլ, երբ նա մեծացավ ու դուրս եկավ իմ ստվերից, բոլոր խաղերը կորցրեցին իրենց արժեքը:
Մյուս թելն իմ պայքարն էր սեփական կյանքը կառավարելու համար: Հայրս ցանկանում էր, որ ես իմ սեփական որոշումները կայացնեմ, բայց կայացնեմ միայն այն որոշումները, որոնք ինքը ճիշտ կհամարեր:
Հորս համար ամեն ինչ պարզ էր ու հասկանալի, երևի: Ամեն ինչ գծած էր սևով ու սպիտակով՝ սա ճիշտ է, սա սխալ է: Պատերազմի ժամանակ, երբ բոլորը թալանում էին, նա մինչև վերջ մաքուր մնաց: Մեր ընտանիքը, որպեսզի ուտելու բան ունենա, Երրորդ գյուղի կողմերից խոտաբույսեր էր հավաքում, այգի մշակում: Ուրիշները հարստանում էին՝ խառը ժամանակներ էին, երբ ճիշտ մարդկանց աչքը մտնելով ու ճիշտ թալանելով կարելի էր առաջ գնալ աշխարհում: Մենք գոյատևում էինք, բայց գոյատևման այս ընթացքն այնքան դժբախտ ու ողբերգական չի, ինչքան ներկայացնում են սոցիալիստ գրողները: Խնջլոզ, փիփերթ, թելուկ, սինձ ու սունկ հավաքելու գնալը արկած էր: Երբ հոսանք չկար, միասին նստում էինք վառարանի մոտ ու իրար պատմություններ պատմում: «Տրանսֆորմերների» հաջորդ սերիան բա՞ց էինք թողել: Այն կարելի էր հորինել:
Մի անգամ ձեռքս Լեգոյի խաղալիքների 1996 թվի կատալոգ ընկավ՝ գունավոր, ամսագրային թղթի վրա: Ես ու քույրս տարիներով թերթում էինք այն ու պատմում, թե ինչ խաղեր կխաղանք, երբ ունենանք այդ բոլոր խաղալիքները: Ամեն մեկս ընտրել էր, թե իր հերոսը որ խաղալիքը կլինի, որ ընկերությունում կաշխատի, ինչ արկածներ կունենան: Հետո մենք գտանք 1997 թվի կատալոգը, ու խաղը կրկնակի հետաքրքիր դարձավ:
Հայրս ինչ-որ ասկետիկ մոտեցում ուներ կյանքին: Իր կարծիքով, ամեն ինչ, որ չէր տրվում կամքի լարմամբ ու ցավի միջոցով, ինչը հաճելի էր, վատ էր: Իր տեսանկյունից կյանքը պիտի լիներ լարում, պայքար, ինքնահարկադրանք: Նրա սիրելի գրական գործերից մեկը բորիս Պոլևոյի «Պատմություն իսկական մարդու մասին» գիրքն էր, որը պատմում էր սովետական օդաչու Մարեսևի ոտքերի կորստի, ճահճով սողալով սովետական զորքերի մոտ վերադառնալու ու պրոթեզներով նորից պարել ու թռչել սովորելու մասին:
Հայրս մի մեծ առավելություն ուներ. նա ապրել էր սովետական երկրում, որտեղ իրեն սովորեցրել էին՝ անհատի ինքնազոհությունը ծառայում է ընդհանուրի բարեկեցությանը:
Ես չունեի հորս ամեն ինչ հանուն ընդհանուրի զոհաբերելու ունակությունը: Բայց, իր ճնշման տակ, չձևավորեցի նաև հանուն ինքս ինձ ինչ-որ բան անել: Կյանքն ինձ համար էքզիստենցիալ պայքար էր՝ առանց որևէ նպատակի ու նշանակության: Արտաքին ուժերը՝ ծնողները, սովը, պետությունը, ուսուցիչները, ստիպում էին անել բաներ, որոնք դու չէիր ուզում, ու դու անում էիր, քանի որ բավականաչափ ուժեղ չէիր, որ իրենց մարտահրավեր նետես ու կառավարես սեփական կյանքդ: Առանց ապագայի նկատմամբ հավատի, առանց սեփական գործողությունների ճիշտ, ազնիվ, վեհ լինելու նկատմամբ հավատի:
Երևակայական աշխարհներն ու խաղերը փախուստ էին այդ իրականությունից: Անգլերեն տերմին կա՝ power fantasy, ու խաղերում ես հրամայում էի իմ մարդկանց, հաղթում թշնամիներին, իշխում բարի ու արդար: Բայց խաղից հետո պետք էր վերադառնալ իրականություն: Իրականության մեջ անց կացրած ժամերը մեռած ժամանակ էին մինչև հաջորդ փախուստ:
Ես փորձում էի հավատալ, որ մի օր ամեն ինչ լավ կլինի: Մի օր ես ու Լիլիթը միասին կլինենք, մի օր ես ու քույրս կունենանք կատալոգների միջի բոլոր Լեգոները: Մի օր ամեն ինչ անպայման լավ էր լինելու:
Մեր բակում շատ թափառական շներ կային: Շների հետ ես միշտ էլ ավելի հեշտ եմ լեզու գտել, քան մարդկանց հետ: Իրենք միշտ ազատ են, միշտ պատրաստ են պատասխանել քո դրական վերաբերմունքին, միշտ սոված են ու միշտ ուզում են խաղալ:
Ռեքսը հսկայական ծեր գելխեղդ էր, գերմանական հովվաշան խառնուրդ, որը բակի երեխաներին ճանապարհում էր մինչև դպրոց ու թույլ չէր տալիս, որ ուրիշ երեխաներ իրենց նեղացնեն: Ջինան, չնայած անվանը, նույնպես ծեր որձ էր, մի քիչ Ռեքսից փոքր, բայց շատ ավելի խաղաղ բնավորությամբ:
Մի անգամ, երբ ընտանիքով բարձրանում էինք դեպի Երրորդ գյուղ, մեզ երեք Լաբրադոր մոտեցան: Հայրս անհանգստացավ, բայց երբ իրենցից մեկը թաթերը դրեց ուսերիս ու սկսեց դեմքս լպստել, հասկացավ՝ իմ ընկերներն են:
Գոնչը, Սևոն, իսկ երրորդը մարդկանցից խուսափում էր ու անուն չուներ:
Երկրորդ Ջինան՝ բաց դարչնագույն փոքրիկ էգը: Բելկան՝ նույնպես փոքր, բայց ակնհայտ կոլլիի արյուն ուներ մեջը:
Ռեքսին ու Ջինային սպանեցին շնորսները: Գոնչն ու իր քույրերը ձագեր ունեցան: Մի օր ես գտա այդ ձագերին՝ բոլորը մահացած էին: Երևի հիվանդությունից, բռնության հետքեր չկային: Մայրերն էլ շուտով անհետացան:
Փոքր Ջինային ես գտա աղբարկղում: Վախեցա մոտենալ, փոքրիկ քար նետեցի, որը խուլ ձայնով հարվածեց նրա կողերին: Ջինան չշարժվեց:
Երբ Բելկան ձագեր ունեցավ, տեղը գաղտնի էինք պահում: Բայց հետո կողքի բակի երեխաները գտան իրենց, ու ես ստիպված եղա ձագերին տեղափոխել:
Բելկան՝ միշտ հանգիստ, նվիրված, վստահող, քայլում էր կողքովս, երբ ես ու քույրս, գրկած նրա դեռ աչքերը չբացված ձագերին, քայլում էինք դեպի մեր բակը:
Բակի դիմաց մեծ շինարարական փոս կա, որտեղ կիսակառույց ռայկոմ էր՝ հիմա այն ավարտել են ու դարձրել առաջին ատյանի դատարան: Ռայկոմում թափառաշրջիկ էր ապրում, ում մենք «մանյակ» էինք անվանում ու սարսափելի արարքներ վերագրում: Նա մի սենյակ ուներ, որտեղ իր անկողինն էր, մի քանի իրեր ու պատերից կախված սրբապատկերներ: «Մանյակի» սենյակ երբեք չէինք համարձակվում մտնել: Իսկ ռայկոմի նկուղն ամենամութ ու վախենալի տեղն էր, որտեղ մտնում էին միայն նրանք, ովքեր ուզում էին ապացուցել, որ ամենաքաջն են:
Հիշում եմ, թե ինչպես մի անգամ բակի մեծ տղաները ռայկոմի նկուղի ամենամութ սենյակում սովետական տաքացուցիչի բաք դրեցին, վրան՝ ներկի տուփ, որ դռնից նայելիս մարդու ուրվապատկեր էր երևում: Հետո մեզ տանում էին այնտեղ ու համոզում, որ մտնենք: Հիշում եմ, ինչպես, վախս հաղթահարելով, վազեցի ներս ու հարվածեցի ներկի տուփին՝ փչացնելով պատրանքը:
Բելկայի ձագերին տարանք ռայկոմի մոտ, հարմար բուն սարքեցինք իմ հին վերարկուից: Հետո նկատեցի, որ մոտակայքում անծանոթ սպիտակ շուն է պառկած: Վախեցա՝ միգուցե հիվանդությունից սատկած լինի, ու վարակի Բելկային ու իր ձագերին: Երբ մոտեցա, հասկացա, որ քնած է, ու ինքն էլ ձագեր ունի, որոնց կերակրում է այդ պահին:
Շունն ինձ նկատեց ու ցատկեց վրաս: Ես ընկա փոսի մեջ, բայց շունը կոկորդս չբռնեց: Երբ ինձ օգնեցին վեր կենալ, հասկացա, որ դեմքիս վրա արյուն է:
Ամենամեծ վախս այդ պահին այն էր, որ ծնողներս իմանան: Որոշեցինք թաքուն բարձրանալ ուրիշ շենքի մոտ ու դեմքիս արյունը լվանալ: Միգուցե հաջողվեր թաքցնել տեղի ունեցածը:
Ես դեռ չէի տեսել դեպքս: Ցայտաղբյուրի մոտ լվացվում էի, երբ մեծահասակներից մեկը նկատեց ինձ պատշգամբից ու բարձրացրեց իրենց տուն ու երբ մշակում էր վերքերս, ես նայեցի հայելու մեջ. թվում էր՝ դեմքիս կեսը չկա: Ունքս պատառոտված կախվել ու ծածկել աջ աչքս, քթիս վրա երրորդ անցք էր բացվել:
Կապվեցին ծնողներիս հետ: Ինչքան էլ զարմանալի էր, նրանք չբարկացան ինձ վրա՝ միանգամից տարան հիվանդանոց: Իսկ հետո եկավ ցավը:
Կարծեմ՝ շտապ օգնության բժշկի անունն էլ էր Գագիկ, Լիլիթի հոր նման: Երիտասարդ այրվածքաբան էր: Մի քիչ զարմացել էր, որ ես ոչ վախեցած եմ, ոչ էլ լաց եմ լինում: Ամբողջ վիրահատության ընթացքում խոսում էր հետս:
Տասներեք կար ունքիս վրա: Վեց՝ քթիս:
Երբ վերադարձա տուն, ինձ պատմեցին, որ հարևաններն իմ բացակայության ընթացքում փնտրել են ինձ կծած շանը, ու որ իններորդ հարկի հարևանը՝ Հրանտը, փայտով սատկացրել է Բելկայի դեռ աչքերը չբացված ձագերին:
Բելկան էլ դրանից հետո անհետացավ:
Շունը ճիշտ էր, ու ես գիտակցում էի դա: Ես անծանոթ էի, ով մոտեցել էր իր ձագերին: Երբ կարողացա տնից դուրս գալ, ես ու հայրս հեշտությամբ գտանք նրա թաքստոցն ու ուտելիք տարանք: Հայրս ասում էր, որ պետք է տասնհինգ օր հետևել շանը տեսնելու համար, արդյոք կատաղություն ունի, թե ոչ, բայց իր վարքից երևում էր, որ ինքն էլ չարություն չի զգում շան նկատմամբ:
Մի քանի տարի հետո Հրանտի տղան՝ Արմանը, խեղդվեց Հրազդանի կիրճում: Երբ իմացա դրա մասին, նոր էինք վերադարձել Սևանից: Արմանի հետ կապված երկու հիշողություն ունեմ, չնայած նույն դասարանից էինք 22 դպրոցում: Մեկը՝ ինչպես էինք պոլիոմիելիտի պատվաստում ստանալուց հետո խաշած կարտոֆիլ ուտում, չնայած մեզ ասել էին, որ դեռ երեք ժամ ոչինչ չուտենք: Մյուսը՝ թե ինչպես մեզ տարավ ռայկոմի մոտ սունկ հավաքելու: Ես զգուշացրեցի, որ սնկերը կարող են թունավոր լինել, բայց նա չլսեց ու ցուցադրաբար մի քանի հատ կերավ: Թունավորվեց, բայց կարողացան փրկել:
Արմանի թաղումը չեմ հիշում: Աշխարհն էլ երևի իր կոշտ արդարության զգացողությունն ունի, ու եթե ամեն արարք իր հետևանքներն է ունենում, վախենում եմ պատկերացնել, թե ինձ ինչ է սպասում:
Այս տարիքում էր, որ առաջին անգամ մտածեցի ինքս ինձ սպանելու մասին: Ինչքան էլ որ կողքից ասեին, որ ինքնասպանությունը վախկոտություն է, որ ուժեղ մարդիկ միշտ պայքարում են ու միայն թույլերն են հանձնվում, գիտակցությունը, որ ես ինչ-որ վերջնական իշխանություն ունեմ սեփական կյանքի նկատմամբ, որ ձեռքումս եմ պահում բռնակը, որով կարող եմ անջատել աշխարհը, ինձ ուժ էր տալիս: Ի վերջո, կյանքիս մեջ կար գոնե մի բան, որը կարող էի ինքս կառավարել՝ իմ լինել կամ չլինելը:
Ու որքան փոքրանում էր հավատը, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու, այնքան մատներս ավելի ամուր էին սեղմում այդ բռնակը:
Հիշում եմ, թե ինչպես չորրորդ դասարանն ավարտելուց հետո ամառային արձակուրդներին սովորեցի հինգերորդ դասարանի ամբողջ դասընթացն, ու ինձ միանգամից տեղափոխեցին վեցերորդ դասարան: Համադասարանցիներս այնպես արձագանքեցին, ասես ես իրենց դավաճանել էի:
Հիշում եմ, թե ինչպես ընկերացա Աղասիի հետ, ինչպես սկսեցինք միասին փախնել դասերից ու իջնել քաղաք: Աղասին էլ իր կորած սերն ուներ՝ Անին, որ տեղափոխվել էր իրենց բակից, ու մենք փնտրում էինք Անիի դպրոցը: Նույնպես անհաջող:
Հիշում եմ, թե ինչպես քաղաքի կենտրոնում կարմիր Mercedes SLK 230 մեքենա տեսանք ու սիրահարվեցինք իրեն:
Դպրոցից համալսարան անցումը, թվում էր, պիտի ինձ ինչ-որ նոր ազատություն տար, ու սկզբում հենց այդպես էլ եղավ: Իսկ հետո՝ նույն կառավարումը, ներկա-բացակաները, ծնողական ժողովները:
Համալսարանը նույնն էր, ինչ դպրոցը:
2005 թ. գարնանը իմ համբերության բաժակը լցվեց: Տատս նոր էր մահացել, ու ես առաջին անգամ քննությունից անբավարար ստացա ու անվճար բաժնից տեղափոխվեցի վճարովի:
Երբ մի քանի անգամ ուշ վերադարձա տուն, ծնողներս վերջնագիր դրեցին. դասերն ավարտվելուց հետո քառասուն րոպե հետո ես պարտավոր եմ լինել տանը:
Մինչ այդ իմ առօրյան էր՝ առավոտյան արթնանալ, նախաճաշել, գնալ դասի, դասից գալ տուն, ճաշել, կարդալ լեկցիաները, անել տնային աշխատանքները, գիրք կարդալ, ընթրել, քնել: Հաջորդ օրը՝ նույնը: Երբ գնահատականներս լավ էին, հայրս մի քիչ թուլացնում էր վզկապս:
Երբ քննության պատասխանները կարդալու էինք գնացել, հայրս ինձ ապտակեց ինստիտուտում:
Երբ ինձ վերջնագիր դրեցին, ես հաջորդ օրը գնացի դասի, ինչպես ամեն օր: Իսկ հետո տուն չվերադարձա:
Փողոցում անց կացրած վեց ամիսը ժամանակահատված էր, որի ընթացքում ես պետք է հասկանայի, թե ինչ եմ ես:
Վերջապես ես ավելի շատ իշխանություն ունեի սեփական կյանքի նկատմամբ, քան մինչ այդ երբևէ ունեցել էի: Ես ազատ էի:
Մինչև փախուստն ինձ համար կար կանխորոշված ճանապարհ, որի վրա ազդել էին միայն ծնողներիս նվազող սպասելիքներն ինձանից: Կային կանոններ, որոնց հետևելու դեպքում ես կունենայի ինչ-որ ապագա: Փախուստս ջնջեց այդ ապագան: Ու ես չէի զգում ոչ վախ, ոչ կորուստի զգացողություն: Միայն թեթևություն:
Rhayader
25.08.2017, 15:06
Դե տես, ինքդ քեզ հակասում ես․ եթե մեղքի գաղափարը չես ընկալում, ուրեմն անմեղության գաղափարն էլ մեջտեղից դուրս պիտի գա։
Անմեղություն (innocence) բառը, չնայած իր արմատին, լիքը երանգներ ու նշանակություններ ունի, ու ոչ բոլորն են կապված մեղքի գաղափարի հետ: Բլեյքի անմեղությունը կապված է աշխարհի մանկական ընկալման հետ, երբ ամեն ինչ պարզ է, հասկանալի, պատճառներ ու հետևանքներ ունի: Դրա համար էլ անմեղությունը հակադրվում է փորձին, ոչ թե մեղքին: Նույնիսկ քրիստոնեական աստվածաշնչի առաջին մեղքը գիտության պտուղն ուտելն էր՝ աշխարհը տեսնելն, ինչպիսին այն կա:
Անմեղության կորուստը մեծանալու պահն է: Քո նկարագրած աշխարհընկալումը միգուցե Կոելիոյի ֆանատներին անսահման խորը թվա, բայց ինձ համար չափազանց պրիմիտիվ ու ինֆանտիլ է:
Մեկնաբանությունս, թե ինձ ավելի դուր է գալիս "Երգեր անմեղության և մեղքի", ոչ թե հենց հակադարձության առումով է, որն էդ տեսակետից տափակ ես տեսնում, այլ հակառակը՝ մեկը մյուսի շարունակության՝ ժամանակային առումով։ Ու էդ առումով ինձ հետաքրքիր ու ճիշտ թվաց՝ "ինքնակենսագրականի" փոխարեն։ Այլ կերպ ասած՝ մարդու կյանքի ճանապարհն է, կամ պարզապես կյանքը՝ ժամանակային հատվածի բաժանումով․ մանկություն և հետո։ Համենայնդեպս, էդպես եմ ընկալում ստեղծագործությունդ, որտեղ, ինչպես նշել էի վարկանիշումս, գրականություն եմ տեսնում։
Ուրեմն իմ գրածը լրիվ սխալ ես հասկացել: Հարցը ոչ թե այն է, թե ես փոքր ժամանակ անմեղ էի, ու հետո սկսել եմ մեղքեր գործել, այլ այն, որ ժամանակին աշխարհը պարզ, հասկանալի տեղ էր, որտեղ ամենազոր ու հեղինակավոր ուժերն իմ փոխարեն որոշում էին, ինչն է ճիշտ, ինչն է սխալ, ու ինչ է պետք անել: Իսկ հետո ես ստիպված էի ինքս դատել ամեն ինչի մասին, ու տեսնել իմ ու ուրիշների արարքների հետևանքները: Երբ աշխարհը դադարում է սև ու սպիտակ լինել:
Ես խորհուրդ չեմ տվել, ի դեպ։ Անհեթեթություն է հեղինակին խորհուրդ տալը՝ անկախ գլուխգործոց է գրել, թե անորակություն։ Ես ընդամենը քննարկման նյութ եմ որպես դիտարկել՝ առանց որևէ հավակնության, թե փոխես։ Ուղղակի գրեցի էն, ինչ զգացի կամ կարծում եմ, ինչի համար էլ և էստեղ դրվում են ստեղծագործությունները ու ակնկալում կարծիք։
Հեղինակին խորհուրդ տալն անհրաժեշտություն է, նամանավանդ այս փուլում, քանի դեռ ստեղծագործությունը վաղ շրջանում է գտնվում ու կարող է ազատ փոփոխվել:
Իսկ համեմատությունը Մկների և մարդկանց մասին-ը վերնագրելու Մկների և ոչ մկների մասին, իմ մեկնաբանության հետ կապ չուներ․ եթե էդպես ես տեսել, ուրեմն տեսակետս ճիշտ տեղ չի հասել։
Ես ընդամենը ցույց էի տալիս մտքի աբսուրդությունը: Նույն կերպ, ինչպես «Երգեր անմեղության ու մեղքի»-ն է կորցնում Բլեյքի արտահայտած ամբողջ իմաստը, որին ես հղվել եմ, նույն չափով էլ «Of mice and men»-ը (ճիշտ թարգմանությունը կլինի՝ «Մկների ու մարդկանց», ոչ թե «Մկների ու մարդկանց մասին», Ռոբերտ Բըրնսի «To a Mouse» բանաստեղծությունից՝ «The best laid schemes o’ Mice an’ Men/Gang aft agley») «Of mice and not mice» փոխելիս, կամ թեկուզ քո սեփական «Մկների ու մարդկանց մասին» թարգմանությամբ, որը դու արեցիր՝ առանց հետաքրքրվելու, թե ինչին ու ինչու է հղվել հեղինակը: Արդյունքում վերնագիրը կորցրեց ամբողջ իմաստն ու նշանակությունը:
Մի բան էլ․ Անմեղության և փորձի - էլի հակադարձում է, պարզապես մեղքը շրջանցվում է՝ համարելով այն փորձառություն կամ գուցե՝ փորձություն, որն արդեն ավելի մոտիկ է կանգնում մեղքին։
Մեղքը, դասական իմաստով, կրոնական կամ ոչ կրոնական պատվիրանների ուղղակի կամ անուղղակի խախտումն է:
Փորձը ապրածից ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու որպես անհատ ապրած փոփոխություններն են, այն հետքը, որ մարդու ապրածը թողել է իր վրա:
Դրա համար էլ «Երգեր անմեղության ու մեղքի» ենթավերնագիրը ոչ միայն խզում է կապը Բլեյքի հետ, այլ նաև հակադրում է իրար երկու կրոնական ծագման ու ոչ անձնական գաղափարներ, որոնք շատ հեշտ կարելի է սահմանել:
Փորձառությունը, չնայած ավելի պաթոսային հնչելուն, փորձ ձեռք բերելու ընթացքն է, ոչ թե արդյունքը:
Ինչից էլ բխում է դրածս ենթավերնագիրը:
Rhayader
25.08.2017, 15:10
ԿԱՊՈՒՅՏ ԹՌՉՈՒՆԸ
2005, գարուն
Ады сознаний и подсознаний моих,
Ады, где мертвые мысли хоронят живых.
Bluebird, “Ад”
Հիշու՞մ ես, արդեն հինգ օր էր, ինչ քնում էի Թամանյանի արձանի տակ: Բավականաչափ սոված ու սիրահարված էի, որ ընդունեի քո հրավերը:
Դու տասնվեց տարեկան աղջիկ ես, ապրում ես տատիդ հետ: Քեզ հյուր եկած բոյֆրենդների թիվը վաղուց գերազանցել է քո տարիքը: Ես նաիվ ու «տխուր կերպարի ասպետ» մեկն էի՝ բնական էր, որ տատդ ինձ միանգամից սիրեց:
Մենք որոշել էինք ֆորումով գնալ լուսաբաց դիտելու: Ես խոստացա տատիդ, որ քեզ կտանեմ ու կենդանի հետ կհասցնեմ: Նա համաձայնեց:
Пустоту в душе нечем заполнить,
Всё с неё отлетает, как эхо.
Только то, что не хочется помнить,
В ней звенит истерическим смехом.
Բայց պարզության պահերին ձայնդ հոգուս խորքը քերում էր:
Գիտե՞ս, որ դու ես ինձ իրականում ծխել սովորեցրել: Իսկապես ծխել: Հիշու՞մ ես բալի համով Captain Black-ները, որ հատը 100 դրամով գնում էինք Օպերայի մոտից:
Դժվար թե:
Մենք ծխեցինք, զրուցեցինք: Չեմ հիշում՝ ինչի մասին: Հետո վերադարձանք սենյակ: Հետո՝ էլի ծխելու:
Կարծում ես՝ ես իրո՞ք ոչինչ չէի հասկանում: Իրականում ինձ պետք էր, որ դու հաջորդ օրն ընկերուհուդ ասես.
- Знаешь, я попробовала. Он лох.
Ես չգիտեի, ինչ անել, իսկ ինչ դու էիր ինձանից սպասում, իմը չէր:
Ժամը երեքին ես գլուխս դրեցի ծնկներիդ ու խնդրեցի ինձ համար Սնորրի Ստուրլուսոնի «Կրտսեր Էդայի» մշակումը կարդալ:
Ու քնեցի:
Երազում ինքս ինձ տեսնում էի վերջին կարդացածս գրքի հերոսի դերում. Կորվինն «Ամբերի Ժամանակագրությունից»:
Երբ դու ինձ սկսեցիր արթնացնել (հետո պատմեցիր, որ ստիպված ես եղել բռունցքով ու ոտքով ինձ հարվածել, որ արթնանամ), ես վեր կացա, բայց գլուխս դեռ երազիս մեջ էր: Մենք միջանցքով իջանք ներքև, հանկարծ ինչ-որ մեքենա եկավ ու կանգնեց: Դու ինձ հրեցիր պատի հետևն ու թաքնվեցիր: Հետո, երբ Սարյանի այգով էինք անցնում, ինչ-որ ձայն լսեցիր ու վախեցած ասացիր.
- Все, сейчас тебя убьют, а меня изнасилуют.
Իսկ ես, դեռ երազիցս, պատասխանեցի.
- Жаль, что я не держал в руках ни колящего, ни режущего оружия с тех пор, как потерял память.
- Не надо вот этого, ладно? Не надо.
Մենք, չնայած քո վախերին, հանգիստ հասանք Կասկադ: Ոչ ոք դեռ չէր եկել: Դու պնդեցիր, որ նստենք լուսավոր տեղ:
Հետո եկան ֆորումի երեխեքը, Զեպն իր հետ դարչինով, մեխակով ու բերգամոտով թեյ էր բերել: Մենք միասին թեյ խմեցինք ու սկսեցինք սկսեցինք Կասկադով բարձրանալ: Արդեն սկսել էր լուսանալ:
Անմեղություն (innocence) բառը, չնայած իր արմատին, լիքը երանգներ ու նշանակություններ ունի, ու ոչ բոլորն են կապված մեղքի գաղափարի հետ: Բլեյքի անմեղությունը կապված է աշխարհի մանկական ընկալման հետ, երբ ամեն ինչ պարզ է, հասկանալի, պատճառներ ու հետևանքներ ունի: Դրա համար էլ անմեղությունը հակադրվում է փորձին, ոչ թե մեղքին: Նույնիսկ քրիստոնեական աստվածաշնչի առաջին մեղքը գիտության պտուղն ուտելն էր՝ աշխարհը տեսնելն, ինչպիսին այն կա:
Անմեղության կորուստը մեծանալու պահն է: Քո նկարագրած աշխարհընկալումը միգուցե Կոելիոյի ֆանատներին անսահման խորը թվա, բայց ինձ համար չափազանց պրիմիտիվ ու ինֆանտիլ է:
Ուրեմն իմ գրածը լրիվ սխալ ես հասկացել: Հարցը ոչ թե այն է, թե ես փոքր ժամանակ անմեղ էի, ու հետո սկսել եմ մեղքեր գործել, այլ այն, որ ժամանակին աշխարհը պարզ, հասկանալի տեղ էր, որտեղ ամենազոր ու հեղինակավոր ուժերն իմ փոխարեն որոշում էին, ինչն է ճիշտ, ինչն է սխալ, ու ինչ է պետք անել: Իսկ հետո ես ստիպված էի ինքս դատել ամեն ինչի մասին, ու տեսնել իմ ու ուրիշների արարքների հետևանքները: Երբ աշխարհը դադարում է սև ու սպիտակ լինել:
Հեղինակին խորհուրդ տալն անհրաժեշտություն է, նամանավանդ այս փուլում, քանի դեռ ստեղծագործությունը վաղ շրջանում է գտնվում ու կարող է ազատ փոփոխվել:
Ես ընդամենը ցույց էի տալիս մտքի աբսուրդությունը: Նույն կերպ, ինչպես «Երգեր անմեղության ու մեղքի»-ն է կորցնում Բլեյքի արտահայտած ամբողջ իմաստը, որին ես հղվել եմ, նույն չափով էլ «Of mice and men»-ը (ճիշտ թարգմանությունը կլինի՝ «Մկների ու մարդկանց», ոչ թե «Մկների ու մարդկանց մասին», Ռոբերտ Բըրնսի «To a Mouse» բանաստեղծությունից՝ «The best laid schemes o’ Mice an’ Men/Gang aft agley») «Of mice and not mice» փոխելիս, կամ թեկուզ քո սեփական «Մկների ու մարդկանց մասին» թարգմանությամբ, որը դու արեցիր՝ առանց հետաքրքրվելու, թե ինչին ու ինչու է հղվել հեղինակը: Արդյունքում վերնագիրը կորցրեց ամբողջ իմաստն ու նշանակությունը:
Մեղքը, դասական իմաստով, կրոնական կամ ոչ կրոնական պատվիրանների ուղղակի կամ անուղղակի խախտումն է:
Փորձը ապրածից ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու որպես անհատ ապրած փոփոխություններն են, այն հետքը, որ մարդու ապրածը թողել է իր վրա:
Դրա համար էլ «Երգեր անմեղության ու մեղքի» ենթավերնագիրը ոչ միայն խզում է կապը Բլեյքի հետ, այլ նաև հակադրում է իրար երկու կրոնական ծագման ու ոչ անձնական գաղափարներ, որոնք շատ հեշտ կարելի է սահմանել:
Փորձառությունը, չնայած ավելի պաթոսային հնչելուն, փորձ ձեռք բերելու ընթացքն է, ոչ թե արդյունքը:
Ինչից էլ բխում է դրածս ենթավերնագիրը:
Rհayader, ես ընդհանրապես որևէ աշխարհաընկալում չեմ նկարագրել, և Կոելիոյի ֆանատների կարգին ինձ "նրբորեն" դասելդ էլ անհիմն է։
Մնացածի հետ կապված, ընդհանրապես այսպիսի բան կա․ ընթերցողը ստեղծագործությունը ընկալում է իր ձևով, ու այդ ձևը կարող է լրիվ տարբեր լինել նրանից, թե ինչ է հեղինակը նկատի ունեցել։ Այդ առումով, ընդունված է համարել, որ ստեղծագործության ընկալման սխալ կամ ճիշտ դասակարգում չկա, կա ընդամենը ընկալում, որը մտածելու տեղիք է տալիս կամ հաճույք է պատճառում կամ ուրիշ զգացմունքներ։ Եվ այդ առումով էլ, հեղինակները, սովորաբար, չեն ցուցումներ տալիս կամ խրատում, թե ընթերցողն ինչպես հասկանա։ Նմանապես հեղինակին խորհուրդ/խրատ տալը ճիշտ չեմ համարում․ դա կոտրում է ստեղծագործական ազատությունը, ըստ իս։ Այն որ ընդունում ես խորհուրդներ, լրիվ քո իրավունքն է, բայց ես խորհուրդ չէի տվել, ընդամենը կարծիք, որը քեզ, կարծես, հետաքրքրում էր միայն իմ աշխարհընկալման որակման տեսակետից՝ սարսափելի տափակ, աբսուրդ, կոելիոյական՝ մի խոսքով․․․
Ի դեպ, մեղքն էլ, ինչպես անմեղությունը, միայն մեկ իմաստ չունի՝ կրոնական պատվիրանների խախտման։ Բայց դա այս դիսկուսիայում այլևս էական չի։
Rhayader
25.08.2017, 18:17
Rհayader, ես ընդհանրապես որևէ աշխարհաընկալում չեմ նկարագրել, և Կոելիոյի ֆանատների կարգին ինձ "նրբորեն" դասելդ էլ անհիմն է։
Մնացածի հետ կապված, ընդհանրապես այսպիսի բան կա․ ընթերցողը ստեղծագործությունը ընկալում է իր ձևով, ու այդ ձևը կարող է լրիվ տարբեր լինել նրանից, թե ինչ է հեղինակը նկատի ունեցել։ Այդ առումով, ընդունված է համարել, որ ստեղծագործության ընկալման սխալ կամ ճիշտ դասակարգում չկա, կա ընդամենը ընկալում, որը մտածելու տեղիք է տալիս կամ հաճույք է պատճառում կամ ուրիշ զգացմունքներ։
Ախ այդ ռելատիվիզմը: Կներես, բայց երբ հեղինակը գրել է «փիղ», նկատի ունենալով հենց փիղ, ու ընթերցողը դրա մեջ տեսել է վարունգ, ապա ընթերցողը ստեղծագործությունը սխալ է ընկալել:
Ես չեմ գրում ինչ-որ մեկին հաճույք կամ ուրիշ բան պատճառելու համար: Եթե ցանկանայի հաճույք պատճառել, կարող էի իմ ընթերցողներին հատիկ-հատիկ մաստուրբացիա անել, ու դրանով սահմանափակվել:
Ես պատմություն եմ պատմում, կամ մի քանի պատմություններ, որոնք ընդհանուր մի պատկեր են կազմում:
Եվ այդ առումով էլ, հեղինակները, սովորաբար, չեն ցուցումներ տալիս կամ խրատում, թե ընթերցողն ինչպես հասկանա։ Նմանապես հեղինակին խորհուրդ/խրատ տալը ճիշտ չեմ համարում․ դա կոտրում է ստեղծագործական ազատությունը, ըստ իս։ Այն որ ընդունում ես խորհուրդներ, լրիվ քո իրավունքն է, բայց ես խորհուրդ չէի տվել, ընդամենը կարծիք, որը քեզ, կարծես, հետաքրքրում էր միայն իմ աշխարհընկալման որակման տեսակետից՝ սարսափելի տափակ, աբսուրդ, կոելիոյական՝ մի խոսքով․․․
Ի դեպ, մեղքն էլ, ինչպես անմեղությունը, միայն մեկ իմաստ չունի՝ կրոնական պատվիրանների խախտման։ Բայց դա այս դիսկուսիայում այլևս էական չի։
Դիսկուսիան աբսուրդ ու ոչ էական էր ի սկզբանե՝ ես պետք է շնորհակալություն հայտնեի կարծիքի համար ու մոռանայի: Ես, ցավոք, որոշեցի հնարավորություն տալ քեզ հիմնավորել քո կարծիքը: Ինչը դու չարեցիր՝ մտնելով ստեղծագործության ընկալման ռելատիվիզմի պղտոր ջրերն ու պաշտպանելով տեսանկյուն, որն ի սկզբանե անպաշտպանելի էր (ես ցիտել էի ստեղծագործություն, որը որոշակի անուն ու իմաստ ունի իմ գրածի կոնտեքստում): Ու կատարելով պնդումներ՝ առանց բերելու հիմնավորումներ:
Կենդանի գրողներն անընդհատ քննարկում են իրենց ստեղծագործությունների վիճահարույց կետերը, պերսոնաժների մոտիվացիաները: Բայց երևի ոչ մարդկանց հետ, ում համար սեփական սխալն ընդունելը կամ ստեղծագործության ընկալման նոր կողմ բացահայտելն այդքան դժվար է: Ովքեր փորձում են ստեղծագործությանն իրենց էգոն փաթաթել: Ովքեր քննադատությունը սկսում են հեղինակի նկատմամբ սուբյեկտիվիզմի մեղադրանքներից:
Սա իմ պատմությունն է, ոչ թե քոնը: Կարող ես կարդալ, կարող ես չկարդալ: Ես իմ քննադատության մեջ միշտ անդրադարձել եմ գրելու ձևին՝ գրածի պարունակությունը թողնելով հեղինակին: Վատագույն դեպքում, եթե սյուժեում կամ պատմության ընդհանուր տրամաբանության մեջ «ծակեր» կան, կարող եմ դրանց անդրադառնալ: Բայց, գրողը տանի, երբեք չեմ փորձել փոփոխել ցիտված տեքստը, հետո, անտեսելով բոլոր հակափաստարկները, շարունակել պնդել, որ ես մեկ է՝ ճիշտ եմ:
Միանգամից պարզ է դառնում քո մոտիվացիան այս կոնտեքստում. դու արդեն ոչ թե ցանկանում ես կարծիք հայտնել ստեղծագործության մասին, այլ ուզում ես մինչև վերջ սխալ դուրս չգալ:
Իսկ դա վիրավորական է:
Ես սիրում եմ, երբ ինձ ապացուցում են, որ ես սխալ եմ, բայց տանել չեմ կարողանում, երբ բերում են չհիմնավորված պնդումներ ու փորձում զուտ համառության հաշվին իրենց անց կացնել:
Ախ այդ ռելատիվիզմը: Կներես, բայց երբ հեղինակը գրել է «փիղ», նկատի ունենալով հենց փիղ, ու ընթերցողը դրա մեջ տեսել է վարունգ, ապա ընթերցողը ստեղծագործությունը սխալ է ընկալել:
Ես չեմ գրում ինչ-որ մեկին հաճույք կամ ուրիշ բան պատճառելու համար: Եթե ցանկանայի հաճույք պատճառել, կարող էի իմ ընթերցողներին հատիկ-հատիկ մաստուրբացիա անել, ու դրանով սահմանափակվել:
Ես պատմություն եմ պատմում, կամ մի քանի պատմություններ, որոնք ընդհանուր մի պատկեր են կազմում:
Դիսկուսիան աբսուրդ ու ոչ էական էր ի սկզբանե՝ ես պետք է շնորհակալություն հայտնեի կարծիքի համար ու մոռանայի: Ես, ցավոք, որոշեցի հնարավորություն տալ քեզ հիմնավորել քո կարծիքը: Ինչը դու չարեցիր՝ մտնելով ստեղծագործության ընկալման ռելատիվիզմի պղտոր ջրերն ու պաշտպանելով տեսանկյուն, որն ի սկզբանե անպաշտպանելի էր (ես ցիտել էի ստեղծագործություն, որը որոշակի անուն ու իմաստ ունի իմ գրածի կոնտեքստում): Ու կատարելով պնդումներ՝ առանց բերելու հիմնավորումներ:
Կենդանի գրողներն անընդհատ քննարկում են իրենց ստեղծագործությունների վիճահարույց կետերը, պերսոնաժների մոտիվացիաները: Բայց երևի ոչ մարդկանց հետ, ում համար սեփական սխալն ընդունելը կամ ստեղծագործության ընկալման նոր կողմ բացահայտելն այդքան դժվար է: Ովքեր փորձում են ստեղծագործությանն իրենց էգոն փաթաթել: Ովքեր քննադատությունը սկսում են հեղինակի նկատմամբ սուբյեկտիվիզմի մեղադրանքներից:
Սա իմ պատմությունն է, ոչ թե քոնը: Կարող ես կարդալ, կարող ես չկարդալ: Ես իմ քննադատության մեջ միշտ անդրադարձել եմ գրելու ձևին՝ գրածի պարունակությունը թողնելով հեղինակին: Վատագույն դեպքում, եթե սյուժեում կամ պատմության ընդհանուր տրամաբանության մեջ «ծակեր» կան, կարող եմ դրանց անդրադառնալ: Բայց, գրողը տանի, երբեք չեմ փորձել փոփոխել ցիտված տեքստը, հետո, անտեսելով բոլոր հակափաստարկները, շարունակել պնդել, որ ես մեկ է՝ ճիշտ եմ:
Միանգամից պարզ է դառնում քո մոտիվացիան այս կոնտեքստում. դու արդեն ոչ թե ցանկանում ես կարծիք հայտնել ստեղծագործության մասին, այլ ուզում ես մինչև վերջ սխալ դուրս չգալ:
Իսկ դա վիրավորական է:
Ես սիրում եմ, երբ ինձ ապացուցում են, որ ես սխալ եմ, բայց տանել չեմ կարողանում, երբ բերում են չհիմնավորված պնդումներ ու փորձում զուտ համառության հաշվին իրենց անց կացնել:
Քո եզրակացությունները քո ընկալումն են իմ մեկնաբանությունների, որոնցում ոչ թե ճիշտ ու սխալ եմ ուզել ապացուցել, այլ հակառակը՝ որ չկա ճիշտ ու սխալ, ու ընթերցողին հետաքրքիր չէ, թե դու ինչ նպատակով ես գրել՝ ընթերցողին ինչ պատճառելու կամ չպատճառելու համար․ ընթերցողը կարդում է ինքն իրեն ինչ-որ բան պատճառելու նպատակով՝ հաճույք, մտածելու տեղիք կամ ուրիշ զգացմունքներ։ Իսկ հեղինակն էլ կիսվում է իր գրածով, որովհետև ուզում է ինչ-որ բան պատճառել ընթերցողին, հակառակ դեպքում կպահեր դարակում։
Վիրավորվելդ էլ չեմ հասկանում, ինչպես նաև այս ամբողջ դիսկուսիայի իմաստը, որը սկսվեց ընդամենը իմ կարծիքի արտահայտմամբ, որից դու ակնալում ես իմ կողմից ինչ-որ սխալների ընդունում այն դեպքում, երբ ես սխալ-ճիշտ չեմ տեսնում, այլ ընդամենը տեսակետ։