PDA

Դիտել ողջ տարբերակը : Լաչառ ծլնգոց



Ծլնգ
14.08.2017, 20:33
Երկար մտածում էի, թե այս մտքերս ակումբում որտեղ գրեմ, ու հասկացա, որ սրանից ավելի լավ տեղ չկա։ Այնպես որ, թող սա լինի անձնական օրագրիս առաջին...

Ակումբի ամբողջ պատմության ընթացքում հետը love-hate հարաբերությունների մեջ եմ եղել։ Ակումբի ստեղծման պահին արդեն մի քանի այլ հայկական ակումբների մասնակցության փորձ ունեի, ու ընդհանուր առմամբ դժվարանում եմ դրանցից որևէ մեկը դրական համարել։ Այնպես որ ակումբում սկզբից ոչ էլ գրանցվեցի, բայց դե յուրահատուկ վայր էր հայկական համացանցում, այնպես որ ժամանակ առ ժամանակ գալիս կարդում-մարդում էի, մտքումս ինքս ինձ ուտում էի, բայց կարողանում էի ինձ զսպել, ու չգրանցվել։ Տարիներ են եղել, որ ոչ էլ հիշել եմ ակումբի մասին ու չեմ մտել։ Ժամանակաշրջաններ են եղել, որ շատ ակտիվ եմ կարդացել։ Դե ու շատերը ակումբում գիտեն, որ սա չորորդ հաշիվն է, որից գրում եմ ակումբում, ընդ որում դրանցից երկուսը գրանցվել են հատուկ նպատակով ու նպատակների սպառման հետ մեկտեղ դարձել են անակտիվ։ Եվ մնացած բոլոր հաշիվներից գումարային ամեշատը մի 50 գրառում եմ արել... այնպես որ Ծլնգը, կարելի է համարել, իմ միակ ակումբային ալտեր էգոն է։

Ու այ Ծլնգը սովորեց սիրել ակումբը։ Նենց չի, որ դառը պահեր չեն եղել, ու մտքումս էլ, բարձրաձայն էլ, չեմ ասել՝ էլ չեմ մտնելու, բայց միևնույնն է, այդ կարճատև պահերից հետո հավեսով էի մտնում, ոչ թե՝ պարտավորվածությունից կամ կախումից ելնելով։ Հա, ես էլ եմ, ըստ երևույթին, ուրիշների համար ակումբում դառը պահեր ստեղծել, բայց ինչքան կարողացել եմ, ներողություն եմ խնդրել, ու փորձել եմ մարդկանց հետ վարվել ճիշտ այնպես, ինչպես իրենք են վարվել ինձ հետ։ Հա, կարծել եմ, որ նորեկների հետ «հատուկ» վարվելակերպի արձագանքով վետերան ակումբցիների նկատմամբ համաչափ պատասխան վերաբերմունքս հաճախ որպես հանդգնություն է դիտվել։ Բայց, ամեն դեպքում, սուրբ չեմ, իհարկե, ու եղել է, մարդկանց նեղացրել եմ... էհ... հուսով եմ, բոլորից էլ հասցրել եմ ներողություն խնդրել, ումից էլ չեմ հասցրել, հուսով եմ, որ իրենք առանց դրա էլ են իմ պատճառած անձկությունից ազատվել։

Իսկ այս վերջին երկու օրը ակումբի մեջ տեսնում եմ մի ֆորում, որից ամբողջ կյանքիս ընթացքում խուսափել եմ։ Ու ակումբը այդ վիճակի կարողանում է հասցնել գեթ մեկ անդամ...

Ես էապես տարբերություն չեմ տեսնում Բյուրի նկատմամբ Գայլի ու Rhayader-ի վերաբերմունքների միջև։ Հա, վերջինս դա անում է ավելի քողարկված, համեմատաբար ավելի վետերան ակումբցի է, ու իր որոշակի համբավով պիտի որ հայ պատրիարքալ հասարակությունում ահագին ստատուս ձեռք բերած լինի, բայց դե դա հիսթերիկ հետապնդումների էությունը չի փոխում։ Ու այսպիսի վերաբերմունքը մեկ այլ ակումբցու նկատմամբ ոչ միայն տեղում չի խափանվում, այլ նաև մի հատ էլ ընդհանուր խրախճանքի աղբյուր է դառնում։ Ուրեմն խնդիրը մեկ ակումբցու մեջ չէ, ու իրեն անտեսելով էլ ակումբի հետ խնդիրս չի լուծվի։

Այդ strow man հորդանքներով ու գրառումների բազմատառությամբ կարևորությանը հավակնող պսեվդո-գիտական պիզդաբոլությունը ու դրան գրեթե համատարած համաձայնությունը, մեկը ինձ համար, ամբողջ ակումբի համայնային ջրհորը քաքմեջ են անում։ Հա, ակումբ ա, կարծիք-մարծիքներով ենք կիսվում, երբեմն՝ ճիշտ, երբեմն՝ սխալ, որոշներս սիրում ենք քննարկումներում ակադեմիական ճշտախոսություն պահպանել, մնացածներս էլ՝ մեր կարծիքները ղժժոցներով ենք ուղղեկցում։ Բայց սենց ասեմ. եթե իմ մի առաջին կուրսեցի ուսանող (ոչ hard science բնագավառներում, որ չստացվի թե մածունի համը տատանացույցով եմ չափում) Rhayader-ի այդ ինքնահավան ու «ծանրակշիռ» արգումենտների մակարդակով, մանավանդ իր րեֆերենսների ընտրությամբ, մի վերլուծական գործ հանձներ գնահատման, 2-ից բարձր չէր ստանա, դա էլ՝ 20-բալանոց սանդղակով։ Բայց դե հմտորեն է թոզ փչում՝ համապատասխան տեսողություն չզարգացրած մարդուն հեղինակություն երևալով, բայց կարծես ինքն էլ է հավատում, որ իր բլթոցը հանդիսանում է կուռ արգումենտ։ Ահագին բարդ ու բանը բանից անցած դեպք է, ցավոք սրտի։ Ու սա ինքս իմ էգոն ուռճացնելու համար չեմ ասում, ոչ էլ փորձում եմ պիտակավորելով իր վերլուծությունները անվավերացնել. ես իր վերլուծողականության սնանկությունը իր հետ քննարկման մեջ էլ եմ ցույց տվել։ Իսկապես ցավալի է, որ ահագին պոտենցիալ ունեցող մարդը այդ մակարդակի է հասել։ Ու որ այդ պոտենցիալն էլ կարող էր ծառայել ակումբի հիանալի ռեսուրս հանդիսանալուն, բայց, ավաղ, անում է ճիշտ հակառակը. ակումբը դարձնում է տգիտությունները խորացնող լաչառ հիսթերիաների օրրան։ Շատերը պիտի որ կարծեն, թե ես ինքս իմ արտացոլանքը հայելու մեջ չտեսնելով՝ ուրիշին եմ փորձում անուն կպցնել, բայց դե եթե արգումենտների որակների նկատմամբ այդքան կուրություն է ակումբում տիրում, ուրեմն տեղն է ինձ, որ ակումբ էի ընկել։

Շատերը մտքներում կասեն՝ don't let the door hit you on the way out, կամ դրա նման մի բան, ու լավ էլ կանեն։ Ոչնչի էլ չեմ հավակնում. հավես զվարճանք էր, ու միգուցե ուրիշներին էլ եմ մի երկու վայրկյան հավես պարգևել իմ ակումբային ծլնգոցներով։ Հա, սկզբից էլ գաստրոլյոր էր Ծլնգը ակումբում, ու միգուցե դեռ երկար գնայի-գայի, հազարից մեկ մի երկու բան գրելով (ասենք Գալաթեայի կամ Արշակի կամ Ներսեսի կամ Հայկօյի նման), բայց այս երկու օրը ակումբը իրեն բացահայտեց այնպես, որ ես չուզենամ երբևէ դրա հետ ասոցիացվել։ Մի երկու հոգի էլ snowflake-ության մեջ կմեղադրեն... դա էլ իրենց հարգարժան իրավունքն է. թե ձեզ ձեռ է տալիս այսպիսի ակումբում մնալը, բարին եմ միայն ձեզ մաղթում։ Դե մի ստվար խումբ էլ կասի, թե դրամա քուինություն եմ անում՝ չտեսնելով, որ սա միմիայն լաչառ հեռախոսի օրագրային գրառում է, ու շատը նրա համար է, որ, Չուկի ասած. «գրում եմ, որ անեմ»։

... ու վերջին գրառումը։

ivy
16.08.2017, 14:14
Մոդերատորական: Հեղինակի խնդրանքով իր օրագրում տեղադրում եմ իմ ու իր նամակագրությունից մի հատված: Օրագիրը սրանով փակվում է, քանի որ ուրիշ գրառումներ էստեղ չեն լինելու:

Ծլնգ.

այս գրառմանդ մեջ․


Եթե ուշադիր նայենք Ծլնգի գրառումներին, կտեսնենք, թե մարդն ինչ պատասխանատվությամբ է վերաբերվում դրանց։ Հղումներով, մանրամասն բացատրություններով... Լիքը ժամանակ ու էներգիա է ներդնում, մի րոպեում ձեռի հետ գրած բաներ չեն (մեծամասամբ)։ Դրանից էլ երևում է ընդհանուր լուրջ վերաբերմունքը Ակումբի հանդեպ։ Ու երևի շատ բաներ, որոնք մենք էդքան կարևոր չենք համարում` կլինի֊կանցնի, իր համար ահագին լուրջ պատճառներ են հիասթափվելու։

Եթե ամեն անգամ վատ ապրումներ պիտի ունենա (ոնց որ թե առաջին անգամը չի, որ հիասթափված գնում է), երևի լավ կլինի, որ իսկապես հեռու մնա էս ամեն ինչից։ Չեմ ուզում, որ իրեն վատ լինի։ Ու նաև իմ պատճառով վատ լինի` որպես Ակումբի մի մասնիկ։
Բայց դե ուրախ կլինեի, եթե վերաբերմունքը մի քիչ փոխեր, ամեն ինչ էդքան խորը չտաներ ու հետ գար։
Ամեն դեպքում, Ծլնգ ակումբցուն միշտ էլ կսիրեմ` էստեղ լինի, թե չէ։
Կարևորը` իրեն լավ լինի։

քո վերաբերմուքից բացի, որի մասին չեմ կարող դատել, ուրիշ ոչ մի իրավացի բան չկա, ինչպես նաև գրառման ամբողջականության, ու այն տպավորության մեջ, որ գրառումը կոչված է թողնելու։ Ու, այո, այսպիսի երևույթներն էլ են նպաստել որոշմանս, որի մեջ, ընդհանրապես, ոչ մի կաթիլ հուզականություն չկար, ինչպես այս գրառումդ էր փորձում ներկայացնել։

ivy.

Հիասթափությունը զգացմունք չի՞, էն էլ բացասական։ Ռացիոնալ պատճառներով կարող է լինել, բայց ինքն իրենով բացասական ապրում է։ Դա նկատի ունեի ընդամենը։
Իսկ որ Ակումբին լուրջ չես վերաբերվում, դա գիտեմ, խոստովանում եմ։

Ծլնգ.

Հիասթափության մեջ հուզական բազադրիչներ էլ կարող են լինել, բայց իմ որոշումը ամենևին հիասթափության վրա չէր հիմնված։ Ակումբին էլ վերաբերմունքի լրջություն-չլրջությունը անէական է։ Հասկանում եմ, որ ուզում էիր գրառումովդ ասել, որ թքած չեմ ունեցել ակումբի վրա, բայց դա անում էիր իրականության հետ ընդհանուր բան չունեցող մտքերով. իմ ակումբին վերաբերմունքը հուզական է, իսկ ակումբից հեռանալու որոշումս՝ ռացիոնալ, իսկ դու այդ գրառմանդ մեջ սրանք լրիվ շրջել ես, ներկայացնելով, թե իմ ակումբին վերաբերմունքը ռացիոնալ է՝ լուրջ, իսկ ելքիս դրդապատճառը՝ հուզական հիասթափությունն է... Ակումբին հուզական վերաբերմունքիս մասին գրել էի օրագրային գրառմանս մեջ, իսկ որոշմանս տարրերի մասին չէի կարծել, թե արժի մանրամասնել, չնայած հիմնական պատճառները բերել էի։

Նաև լուրջ գրառումներ անելը, ինչպես, կարծում եմ, պիտի հասկանայիր, մանավանդ եթե կարծում էիր որ ակումբին լուրջ չեմ վերաբերվում, ոչ թե ակումբին վերաբերմունքիս ազդարար է, այլ հետևանք՝ իմ բերանից, ու գրչիս ու մատների տակից դուրս եկածների նկատմամբ լուրջ վերաբերմունքիս։ Ինձ մի քիչ ճանաչում ես, ու գիտես, որ ես այդպիսի վերաբերմունք ունեմ ու միշտ էլ ունեցել եմ իմ բոլոր ասածների ու գրածների նկատմամբ, ու ակումբին վերաբերմունքս չէ, որ այդ վերաբերմունքիս մի փոքր մասնավոր դեպքի՝ ակումբային գրառումներիս, վրա պիտի ազդի։ Եվ այս ինքս իմ նկատմամբ խստապահանջությունն է, որ ինձ անհանդուրժող է դարձնում վերջին օրերի ակումբային իրողություններին։

Նայի, Ռայի բերած բոլոր մասնավոր դեպքերի նկատմամբ ես էլ ունեմ բացասական վերաբերմունք, բայց ինչը Ռայը չի հասկանում, չի ուզում հասկանալ, կամ իրեն ձեռք չի տալիս բաց խոստովանել, դա այն է, որ դա ոչ թե ֆեմինիզմի խնդիր է, այլ ինտելեկտուալ անազնվության (intellectual dishonesty)։ Ու սա շատ ավելի մեծ խնդիր է, քան ֆեմինիզմը, նացիոնալիզմը և մնացած բոլոր իզմերը, ու այդ բոլոր իզմներին վերագրվող բացասական կողմերը հենց այդ ինտելեկտուալ անազնվության հետևանքներ են, ոչ թե հենց բուն իզմերի։ Ասենք, նացիոնալիստ ձևացող նացիստը կամ ֆեմինիստ ձևացող գրանտակերը կամ մարքսիստ ձևացող օլիգարխ-բռնապետը. բոլորն էլ սնում, ապրոմ ու վերարտադրում են այդ ինտելեկտուալ անազնվությունը։ Ու Ռայը պայքարում է հենց ֆեմինիզմ անվան ներքո ինտելելկտուալ անազնվության հետ, բայց դա անում է այնպես, որ ինքը իր ամբողջ էությամբ ոչ թե խնդրի լուծման մաս է դառնում, այլ բուն խնդրի՝ ինտելեկտուալ անազվնության, զըռ մաս։ Ու իմ խնդիրը հենց սրա հետ է, ոչ թե, որ Բյուրին ծաղրում է իր էժանագին տրյուկներով («տղամարդու մարմինը» թեման ամենաակնհայտն էր, բայց միայն մի փոքր մասն էր իր արածներից այս ուղղությամբ)։ Ու ինձ ավելի շատ ակումբում նեղում է ոչ թե այն, որ մարդիկ այդ ծաղրանքի դեմը չեն առնում ու նույնիսկ դրան ծառայում են, այլ այն, որ չեն տեսնում այդ ծաղրանքը, չեն տեսնում այդ ինտելեկտուալ անազնվությունը ու նույնիսկ իրենց արարքներով խրախուսում են այդ անազնվությունը (սրանից վառ տարբերվում է one_way_ticket-ի թե՛ իմ խնդրի հասկանալու ազնիվ փորձը, և թե ֆեմինիզմի թեմայի ամբողջ տոքսիկության մեջ մարքսիստական գաղափարները հարգալից ու ինտելեկտուալ ազնիվ տոնով «ուտոպիա» որակելը, ի տարբերություն Ռայի դիրքորոշումը կիսողների նախընտրած հիսթերիկ հարձակումներին, թեկուզև մարմնիդ ոչ մի բջիջով համաձայն չես մարքսիզմի հետ)։

Ակումբը ու մնացած բոլոր ֆորումները ինձ համար միշտ էլ առաջնապես եղել են մտքերով փոխանակման վայր, անկախ նրանից թե այդ մտքեր արտահայտողը ով է, ինչ է կամ որտեղ է։ Սա էլ այն պատճառն է, որի հետևանքով Չուկի, Բարեկամի ու Ուլուանայի հետ «ենթադրությունների» առումով բատալիաների մեջ էի ընկնում. մտքի էության ու որակը հենց այդ մտքի ներհատուկ հատկանիշներ են, ոչ թե այդ միտքը արտահայտողի կին կամ տղամարդ, ամուսնացած կամ ամուրի, ծնող լինելու կամ չլինելու, 15 կամ 70 տարեկան լինելու, լավ կամ վատ տրամադրության մեջ գտնվելու, հեղինակի այդ մտքից լավ կամ վատ զգալու, ակումբ տարին մեկ կամ օրը 100 անգամ մտնելու և այլն... հա կարող ես համաձայն չլինել այն պատճառների կամ նպատակների հետ, որով այս կամ այն միտքը արտահայտվում է, բայց քանի դու հաստատ համոզված չես դիմացինիդ պատճառների ու նպատակների մեջ, դրանց մասին քո ենթադրությունները բարձրաձայնելը հանդիսանում է ինտելեկտուալ անազնվության մեջ մեղադրանք, ինչով այդպիսի ենթադրությունները ընդհանրապես բեղուն են։

Իսկ երբ ֆորումը դառնում է վառ ինտելեկտուալ անազնվությունը հանդուրժող ու դրան նպաստող վայր, ապա մտքերի փոխանակումը դառնում է անհնարին և ուրեմն այդ ֆորումը կորցնում է իմ համար իր առաջնային իմաստը։ Ու նույնիսկ ծիծաղելու է, երբ Ռայը խոսում է նրանից, որ ֆեմինիզմի ջատագովների ինտելեկտուալ անազնվության պատճառով այդ թեման քննակել չի լինում, բայց ինքը ու իր այդ գրառումների շնորհակալություն հայտնողները լրիվ նույն վարքն են ցուցաբերում ակումբում՝ անհնարին դարձնելով այդ թեմայով ոչ միայն բանավիճելը, այլ նույնիսկ թեթև զրուցելը։ Սրա պատճառով եմ մի երկու ֆորումից հեռացել, և միմիայն սրա պատճոռով եմ հեռացել ակումբից։ Ակումբը ես վատը չեմ համարում, ոչ էլ քարկոծում եմ ակումբին, միմիայն ասում եմ, որ վերջին օրերին կատարվածի հետևանքով ակումբի ապաքողարկումը իմ ակումբում մասնակցությունը դարձնում է անհնարին։ Մի կոպիտ օրինակ բերեմ, որ ասածս միգուցե մի քիչ ավելի պարզեցնի. ես շենքի պադյեզդի դեմը նստած ծեր կանանց վատը կամ ինձնից ցածր չեմ համարում, ու նույնիսկ կողքերով անցնելիս բարևում ու հաճախ հետները մի երկու բառ եմ փոխանակում՝ փորձելով համ իրենց համ ինձ բարի տրամադրության ներարկում անել։ Բայց երբ գիտեմ, որ իրենց հիմնական զրույցները բամբասանքներ են, երբեք էլ այդ զրույցների մաս ինձ չեմ դարձնի։ Չկարծես թե ասում եմ ակումբը լիքն է բամբասկոտ պառավներով, կամ ես ավելի լավն եմ, որևհետև պադյեզդի դիմացի նստած տատիկները բամբասկոտ են, իսկ ես՝ ոչ... ամենևի՜ն։ Միմիայն ասում եմ, որ այդ բամբասանքները ինձ անհետաքրքիր են ու մասերով՝ տհաճ, եվ դրանց մասնակցելով ես ինձ խիստ տաղտկացած և տեղերով «կեղտոտ» եմ զգում։ Բայց այդ տատիկներին շարունակում եմ սիրել նրա համար, որ իրենք իմ կյանքի մաս են ու իրենք իրավունք ունեն անել այն, ինչ իրենք են ուզում, մանավանդ թե դա իրենց հաճելի է։

Իմացա, որ Սամը քննադատող կարծիք է գրել ակումբում, մտա տեսնեմ թե ինչ կարծիք է, չնայած դժվար էր ակումբ մտնելս... օրագրային գրառմանս մեջ Ռայի վերլուծությունների ու արգումենտների գնահատականս ոչ թե իմ «ռադիկալ գաղափարակիր» լինելու հետևանք է (կարծում եմ ինձ մի թեթև ճանաչածը գիտի, որ ես գաղափարների ռադիկալությունից նույնքան հեռու եմ ինչքան բևեռային առջերը՝ պինգվիններից), այլ իր արգումենտների որակի ու ինտելեկտուալ անազնվության։ Ու ակումբում շատ է եղել, երբ բացարձակ չեմ համաձայնվել ինչ-որ մեկի հետ, ինչը կարող էր կողքից դիտվել որպես «ռադիկալ գաղափարակիրների» բախում, բայց երբեք մտքովս էլ չի անցել այդ մարդուն որակել այսպես։ Տո հենց նույն Սամի ակումբում արտահայտած կարծիքները իմ ամբողջ աշխարհահայացքիս հակառակ են, բայց խորապես հարգում եմ Սամին, ու իր ոչ մի գրառում տեղիք չի տվել կասկածելու, որ, ասենք, ինքը իր մոտեցումը համարում է գիտական, կամ մնացածների մոտեցումներից ավելի բարձր, կամ իր հետ չհամաձայնվողին անարժան է համարում, այսինքն գրեթե համոզված եմ, որ Սամը անթերի ինտելեկտուալ ազնվության տեր մարդ է։ Հա, մի քիչ հիասթափեցնող է, որ այսքանից հետո Սամը ինձ է այս պատմության մեջ համարում «մնացածներից իրեն բարձր դասող», բայց դե նորից համոզված եմ մնում, որ դա անում է իր աշխարհահայացքի սահմաններում ու իրեն հասանելի տեղեկությունների վրա հիմնված ամբողջ ազնվությամբ։ Իսկ վերջին օրերին ակումբում եղածը նման է նրան, որ բոլորովս նստած մեզ համար ընթրում ենք, ու սեղանին էլ դրված են բազում տարբեր ուտեստներ՝ սկսած զուտ վեգանականից ու վերջացրած զուտ մսակերականից, մեկ էլ այդ սեղանին է մոտենում կեղտոտ ու փնթի տեսքով մեկը, ով հետը բերած մի մեշոկ կեղտը շուռ ա տալիս սեղանի վրա։ Ու այդ սեղանի շուրջ նստածներից շատերը փոխանակ այդ եկածին ասեն՝ գնա մի հատ լվացվի, ու փորձեն սեղանից կեղտը մաքրեն, վերցնում են այդ կեղտից մարդ ա մի բուռ ու սկսում են իրենց դիետայից դուրս ուտեստների հետ շաղախել։ Դե մարդկանց էսթետիկ ու գաստրոնոմիկ ճաշակների հետ չես վիճի, բայց մեկը ես ինձ այդպիսի սեղանի շուրջ ընդ-կերություն անելուց չեմ տեսնում, թեկուզև այս անգամ սփռոցով հավաքենք սեղանի վրա եղածը տանենք աղբը նետենք, ու նոր սեղան գցենք։

Գիտեմ, որ քո դուրն էլ չի եկել, որ «գնում եմ» գրառում եմ արել, բայց դա չեմ արել աղմուկ-աղաղակ բարձրացնելու համար։ Գիտես, որ օրագիր պահող չեմ ես, բայց հատուկ օրագրային էր գրառումս, որ այդ թեմայում հետագա գրառումները կասեցվեն ու չդառնա աղմուկ-աղաղակ։ Չնայած որոշումս ռացիոնալ է, բայց իսկապես ցավում եմ «ակումբիս» կորստի համար ու այդ գրառումս այդ ցավի ճիչն էր։ Մյուս կողմից էլ՝ բնույթիս արտահայտում. ես ուր էլ ընկնում եմ, գրեթե բնազդաբար փորձում եմ կողքս շենացնել։ Դու սա համացանցային մի երկու ընդվզմանս մեջ պիտի որ տեսած լինեիր, ինչպես նաև հենց ակումբում իմ օրոք մի երկու լուրջ ճգնաժամի ժամանակ էլ։ Ու ակումբից անհետադարձ ելքի միջանցքով քայլելիս մի ձեռագիր թռուցիկ էլ եմ ուզեցել պատին կպցնել՝ հուսալով, որ եղելության մասին տեսանկյունս իմ երբեմնի կյանքիս մաս կազմող ակումբի պոտենցիալ շենացմանը կնպաստի (ու կարծես գոնե մի փոքր դա արեց)։ Տո հիմա էլ, որ սա գրում եմ, էլի սիրտս մղկտում է, ու մտածում եմ, որ օրագրային գրառումս գրելուց հուզականությունս թույլ չտվեց այն ժամանակ այս բոլորը գրեմ, ու մտածում եմ խնդրել քեզ այս նամակագրությունն էլ այդ «լաչառ ծլնգոց» օրագրի մեջ դնես՝ չէ որ այդ բաժնի մոդերատոր ես, ու քեզ այդ առումով արգելք չկա։ Բայց դե գիտեմ, որ դու «թող մնա, կանցնի, կմոռացվի» դիրքորոշման կրող ես։ Ու այդ դիրքորոշման տարածված լինելն էլ գործոններից մեկն է, ըստ իս, որ չի թողնի ակումբին դառնալ այն տեղը, որտեղ ես ինձ կարող եմ տեսնել։

Chuk
16.08.2017, 16:10
Մոդերատորական. թեման վերաբացվում է, որպեսզի օրագրի հեղինակը ցանկության դեպքում կարողանա նոր ու հետաքրքիր օրագրային գրառումներով լցնել մեր առօրյան։ Մյուս ակումբցիներին հիշեցնում եմ, որ այլոց օրագրերում գրառում անելն ու մեկնաբանելն արգելվում է, և եթե նման բան լինի, հնարավորինս արագ կջնջվի։ Ծլնգին հորդորում եմ այսուհետ ասելիք ունենալու դեպքում դա անել անձամբ, այլ ոչ միջնորդավորված, առավել ևս՝ օրագրում, որը սեփական գրառումների տիրույթ է։ Այս մի դեպքը անտեսում եմ, բայց այսուհետ օրագրերում միջնորդավորված գրառումները ևս կջնջվեն։