PDA

Դիտել ողջ տարբերակը : Mr. Annoying-ի, Ruby Rue-ի և Նիկեայի համատեղ պատմվածքը



ivy
09.08.2017, 09:32
Նոր համատեղ պատմվածք. Ըննոյինգը սկսում է, Ռուբին՝ շարունակում, Նիկեան՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (https://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6?p=2560418#post2560418):

Էս թեմայում քննարկումները կարող ենք սկսել, երբ պատմվածքի երեք հատվածն էլ տեղադրված լինի:

Mr. Annoying
13.08.2017, 02:38
-Հատուկ պատվեր ունես, Վաղ: Էս կապոցը A1+ աստղին պիտի հասցնես:

Դինոն էր՝ մեր դիսպետչերը: Միշտ նենց փափուկ ձենով ա խոսում, որ միակ բջիջս գրգռվում ա, չեմ կարողանում «չէ» ասել: Բայց չի ստացվում երկար զրուցել հետը՝ միշտ մի բան սխալ եմ ասում ու արագ ավարտվում ա շփումը: Էս անգամ հենց սկզբից կարճ կապեցի.

-Եղավ, Դին:

Ես Վաղոն եմ: «Անդրոմեդա+» տաքսի սերվիսում եմ աշխատում: Հազարավոր ուրիշ միաբջիջների նման, ես էլ եմ բեռնափոխադրող: Սովորաբար հեռավոր ուղևորությունները լավ վարձատրվում են՝ համ երկար են, համ վտանգավոր: Իսկ ես վտանգների մասին չէի մտածում. գումար էի հավաքում, որ Նրան ռոմանտիկ ընթրիքի հրավիրեի:
A1+ աստղը գրեթե անտեսանելի աստղ էր: Նախկինում, երբ դեռ գրավիտոնային նավիգացիոն համակարգը չկար, բազում արկածախնդիրներ անվերադարձ մեկնում էին այդ ուղղությամբ՝ գանձերի հետևից: Բայց արդեն քսան խոռոչատարի է համակարգը գործում է՝ հնարավոր դարձնելով փոխադրումները մինչև Վերոնիկայի Վարսեր, դեռ մի բան էլ ավել:

Հարմար տեղավորեցի կապոցը «Չիքսուլը» տիեզերաքարիս մեջ: Անհրաժեշտ ամեն ինչ վերցրել էի: Արագ հաջողություն մաղթեցի երեք-չորս հազար ամենամոտ հարազատներիս: Վերջին անգամ կապի մեջ մտա Դինի հետ.

-Թռա:
-Կապոցի հետ զգույշ, կարևոր առաքում ա:

Թափ հավաքեցի: Երեք պտույտ գազային ամպի շուրջ ու թռա: