PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր մանկության մարդիկ



Բարեկամ
10.07.2017, 16:10
Մտածեցի՝ հետաքրքիր կլինի գրել մեր մանկության մարդկանց մասին, անկախ՝ գոյություն ունեն նրանք այժմ մեր կյանքում, թե ոչ։

Ինձ թվում է՝ բոլորն էլ ունեցել իրենց մանկության մեջ տաքուկ պահ մտած ինչ-որ մարդիկ՝ լավ կամ վատ, չար կամ բարի, ոչմիձև կամ ամենձև, ավարտուն կերպարներ, որոնց հիշում ենք հենց այնպես, ինչպես տեսել ու ընկալել ենք նրանց մեր՝ դեռևս չազդված մանկական աչքերով, ու հիմա էլ հրաժարվում ենք տեսնել նրանց այլ կերպ։

Ես էլ հենց կսկսեմ։

Բարեկամ
10.07.2017, 16:13
Ուրեմն, երբ փոքր էի, զբաղվում էի գեղարվեստական մարմնամարզությամբ:

Մարմնամարզությամբ զբաղվել սկսել եմ մինչև դպրոց գնալս, 4-5 տարեկանից, ու սկսել եմ սպորտային մարմնամարզությունից, որովհետև մորաքրոջս ընկերուհին` ադրբեջանցի Լեյլան, այնտեղ դաս էր տալիս, ու մորաքույրս էլ, որն, ի դեպ, Սովետական Միության չեմպիոն էր սպորտային մարմնամարզությունից, և այդ տարիներին էլ ամուսնացավ ու տեղափոխվեց Փարիզ, քաջալերում էր, որ պիտի զբաղվեմ սպորտով, ու տեղավորեց ինձ իր ընկերուհու մոտ:

Սպորտայինի տարիներից շատ բան չեմ հիշում, բացի մի քանի` ներկայի պես վառ վերապրվող պատկերներից. մեծ դահլիճը` երկար մատրասներով; դահլիճի հոտը; ձողերը, որոնք փոշոտում էինք կավճոտած ձեռքերով; հանդերձարանում փոքրիկ տոտիկներին մասիկներ հագնելը; ու մի հարթ դեմքով ու դիմագծերով, կիսաճաղատ տղամարդ, որը միայն գլուխկոնծիի մասն էր մեզ մարզում, հիշողությանս մեջ մնացած «գլուխկոնծիի մասնագետը», որ կքանստած տեղափոխվելով կաշվե երկար գորգի երկայնքով, բռնում էր, օգնում, ուղղություն տալիս:

Ի դեպ, այդ մարդու երկվորյակին մի օր հայտնաբերեցի մանկապարտեզից դեպի տուն ճանապարհին. Վաղարշյանի և Կոմիտասի անկյունի բուդկայի կոշկակարն էր, գլուխը կախ՝ կոշիկ էր սարքում: Նմանությունը ցնցող էր անգամ արտասովորը նորմալ ու բնական ընդունող հինգ տարեկանի համար, ու ես ամեն օր, մանկապարտեզից դեպի տուն ճանապարհին, մեկ անգամ պարտադիր նայում-ստուգում էի` այդտե՞ղ է արդյոք «գլուխկոնծիի մասնագետիս» երկվորյակը, և նա միշտ այնտեղ էր, նույն դիրքով՝ գլուխը կախ`կոշիկ սարքելիս, շուրջը` Շիրվանզադեի կանգառի սովետական փոշոտ, զբաղված առօրյան:

Տարիներ անցան։ Վաղարշյանի անկյունից դեպի Կոմիտաս թեքվելիս բուդկայի լայն պատուհանից ներս նայելը դարձել էր սովորություն, և կոշկակարն էլ անդավաճան նստած էր, միշտ նույն կերպարանքով՝ ճաղատը, հարթ դեմքով ու դիմագծերով (որի վրայով տարիներն ասես սահում ու չէին թափանցում), կախ` կոշիկ սարքելիս:
Երբ սկսեցի դպրոց գնալ, մարմնամարզությունը թողեցի, բայց երկրորդ դասարանում ինչ-որ միությունից մարդիկ եկան մեր դպրոց ու սկսեցին աղջիկներ ընտրել՝ իրենց մոտ գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվելու, 7 քանի որ ճկուն էի` սպորտայինից մնացած, առանց իրենց օգնության «մոստ» ու «շպագատ» իջա, և ինձ միանգամից վերցրին:

Սրան հաջորդում են պարապմունքների երկար ու ձիգ տարիներ, որոնք, անկեղծ ասած, ատում էի հուսահատ , ու երբ, վեցերորդում էր կարծեմ, մի դիպվածով (ժամային անհարմար դասավորություն), ի ափսոսանք ծնողներիս ու ի մեծ, մեծ թեթևացում ինձ, ստիպված էի թողնել մարմնամարզությունը, անասելի երջանկացա:

Ճիշտն ասած, գրել սա սկսեցի մասնավորապես ոչ սրանք պատմելու համար, և ոչ էլ պատմելու եմ, թե ինչու էի ատում: Սկսեցի սա` հասնելու համար մի էպիզոդի, որը հենց ուզում էի պատմել:

Ուրեմն, չգիտեմ երբ էր դա, երևի 9 կամ 10 տարեկան էի, մարզիչիս` ընկեր Սուսաննայի բզիկներն այդ օրը բռնել էին` իսկ բզիկներն այդ, ինչքան հիշում եմ, արտահայտվում էին որոշակի դաժանությամբ ու ատելությամբ, որոնք նա ազատորեն գործադրում էր իր խմբի աղջիկների վրա, իսկ այդ օրը` նաև սիրելիների: Ու այդպես էլ սկսվեց: Այդ օրը ինչ-որ մի բանի համար կատաղեց իր ֆավորիտներից մեկի վրա (նրանցից, որոնց հետ հույսեր են կապում մրցումների ժամանակ), ու դուրս հանեց դահլիճից: Այդ պահից արդեն մեղուն կծել էր, սկսեց հերթով բոլորին դուրս հանել: Այսպես կանգնել էր ձիգ, ձեռքերը կրծքին խաչած, նայում էր խիստ ու անթարթ-ուշադիր, իսկ մենք շունչներս պահած ու ահը սրտներումս մարզվում էինք` աշխատելով չթերանալ ոչ մի շարժման մեջ, բայց նրա աչքից չէր վրիպում օդի ոչ մի վիբրացիա, ու, տալով մեկիս անունը, հրամայում էր՝ «դու՛րս»: «Մեղավորն» անձայն դուրս էր գալիս: Վերջում արդեն մնացել էինք մի քանիսս, և լուռ, լարված մարզվում էինք, սպասելով`թե ով է լինելու հաջորդը:
Այսպիսի մի բան կար այդ օրը. սպորտային շալվարիս ռեզինը թուլացել էր, ու դա մի տեսակ դիկոմֆորտ էր առաջացնում, ինձ թվում էր, թե ընկնում է (թեև չէր ընկնում), ու բնազդաբար հա վերև էի քաշում, և քանի որ ընկեր Սուսսաննան այդ օրն առանձնահատուկ վատ տրամադրության մեջ էր, դեռ պարապմունքի սկզբում ինձ մի քանի անգամ նկատողություն արեց, որ էլ վերև չքաշեմ: Ու հիմա, այդ կրիտիկական, լարված պահին, ես զգում էի, որ հերթն ինձ է հասել, և նա ակնդետ հետևում է, թե երբ եմ վերև քաշելու, և ես հասկանում էի, որ պիտի դիմանամ ու չքաշեմ, և նաև տեսնում էի` որ նա ախր շատ է սպասում, որ քաշեմ, ու հաստատ գիտեի, որ եթե քաշեմ, այդ տարի մրցումների երես չեմ տեսնելու, և միևնույն ժամանակ զգում էի նրա սպասումը` խիտ, լարված, օդում շիկացած` բնական օրենքի պես…
Չգիտեմ, սա հենց այն պա՞հն է, որ ասում են`ամեն ինչ քո ձեռքերում է: Իսկ ես ուժեղ, շատ ուժեղ զգում էի ընկեր Սուսաննայի սպասմանը հրամայականը`ենթարկեցնելու իր կամքին, որն էր՝ դուրս չվռնդվելու համար պիտի շալվարդ չքաշես։ Ու միանգամայն գիտակցելով`վեր քաշեցի շալվարս:

Երբ դուրս եկա, աղջիկները միջանցքում խմբված էին` տրագիկ դեմքերով, ֆավորիտը դեռ սրբում էր արցունքները:
Վերջում մնացին մի քանի հոգի, որոնք աննկուն` ոչ մի կետում չթերացան, և նրանք տեղ գտան մրցումներում։ Մեկը դրանցից իմ մտերիմն էր, որի հետ, որակի տեսակետից, նույն կալիբրի էինք:
Չքաշեի վեր շալվարս, հնարավոր է՝ իմ կյանքն ուրիշ ձև կդասավորվեր: Բայց դե ես էլ՝ ես չէի լինի, այլ կլինեի ուրիշ ես։


2011-ին, երբ Երևանում էի, Վաղարշյանի ու Կոմիտասի անկյունի մոտով էի անցնում մի անգամ․ կոշկակարի բուդկան դեռ այնտեղ էր: Մեխանիկորեն նայեցի ներս. - !!! – «գլուխկոնծիի մասնագետս»! - անխռով նստած էր, ինչպես 30 տարի առաջ, նույն կերպարանքով․ ճաղատը` հարթ դեմքով ու դիմագծերով, որի վրայով տարիներն ասես սահել ու չէին թափանցել, գլուխը կախ, կոշիկ սարքելիս: Եթե ասեմ միայն, որ ցնցվեցի, համարյա ոչինչ չեմ ասել…

Գաղթական
11.07.2017, 10:55
Մեր դպրոցական տարիքը համընկավ երկրում ծանր ցնցումների ու քաոսի հետ:
Երևի հենց դա էր էն պատմական բեկումնային պահը, որից հետո սերունդները գնալով փչացան:

Մեծահասակների՝ բոլորինը միանգամից, ուշադրությունը սևեռվեց այլ ավելի կարևոր խնդիրներ լուծելու վրա՝ ասենք օրվա հաց հայթհայթելու, ու սերունդ դաստիարակելու ու կրթելու հարցը մղվեց երկրորդական պլան:
իսկ այն օրերի երեխեքն այսօր իրենք են արդեն երեխա դաստիարակում՝ ինչպես կարողանում են:

մեր դպրոցը, Երևանի մասշտաբով, լավագույններից էր համարվում:
բայց անգամ մեզ մոտ առարկաներ կային, որոնցից մասնագետներ չկային ու ուսպլանը թերակատարվում էր:
առարկաներ էլ կային, որոնցից ուսուցիչները արագ կամ դանդաղ լքում էին դպրոցը՝ փոխարինելով մեկը մյուսին:

էս ժամանակ էր, որ դպրոցում հայտնվեց ընկեր Սարգսյանը՝ միջին տարիքի մի տղամարդ, ու նշանակվեց մեզ մաթեմատիկայի ուսուցիչ:

նա միանգամից ստուգեց բոլորի կարողություններն ու դասարանը բաժանեց 3 շարքի՝ ըստ ընդունակությունների:
առաջին շարքում սկզբից 33-ից 2-ն էին:
երեխեքի մոտ մոտիվացիա արթնացավ՝ հայտնվել լավագույնների շարքում ու, ժամանակի ընթացքում, վերջին շարքում համարյա մարդ չմնաց:

դրսում մութ էր ու ցուրտ, պատերազմ էր ու սով, ու Սարգսյանը հաստատ ավելի շատ չէր վարձատրվում դասերը գլխառադ անող իր գործընկերներից, բայց նա իր առաքելությունն իրականացնում էր մեծ նվիրումով ու համբերատարությամբ՝ յուրաքանչյուրիս հետ հասցնելով պարապել յուրովի:
5-րդ դասարանում Սարգսյանն արդեն մեզ հետ պարապում էր Սկանավիով:
Սկանավիով Կառլ..
5-րդ դասարանում...
ասենք՝ Սկանավին ինքն ընդհանրապես նախատեսված է համալսարան դիմորդների ընդունելության քննություններին նախապատրաստվելու համար..

բայց իհարկե կային նաև երեխեք, որոնց տարերքը չէր կարելի մաթեմատիկան համարել:
ու վերջիններիս ծնողների ակտիվ մասնակցությամբ գումարվեց ծնողական ժողով ու հարց բարձրացվեց, թե ով է իրավունք տվել Սարգսյանին շերտավորել դասարանը՝ ստեղծելով կոնֆլիկտային իրավիճակ:

մի օր էլ Սարգսյանը եկավ աչքի տակ կապտած ու դեմքին վերքերով:
եկավ՝ իր վերջին խոսքն ասելու ու դասարանին և դպրոցին ընդմիշտ հրաժեշտ տալու...


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Ծլնգ
11.07.2017, 18:45
Ահ․․․ Գաղթականի պատմությունը լիքը քաղցրաթթու հուշեր վրես տվեց․․․ մաթեմի դասատու, սկանավի, բան․․․ :))

Լավ թեմա ա :) Շնորհակալություն, Բարեկամ ջան։ :)

Մի պատմություն էլ ես իմ նախադպրոցական սովետական հուշերիցս պատմեմ։ Ուրեմն մեր կողքի շենքում մի մարդ էր ապրում, անունը՝ Մ․։ Տարիքով ծնողներիցս մեծ էր, իր երեխաներն էլ ինձանից գրեթե մեկ սերունդ մեծ էին․ ես երբ դեռ սեղանի տակ էի վազվզում, իրենք արդեն դպրոց էին ավարտում։ Այս Մ․-ը մի ավտոտնակ ուներ, որը մեր բնակարանի պատուհաններից լավ երևում էր, ինքն էլ սիրում էր այդ ավտոտնակի դարպասը բաց մի ինչ-որ բանով երկար ու բարակ բզբզալ։ Հա, մի քիչ էլ մանկամտորեն պարծենկոտ մարդ էր․․․ այնպես էր ստացվել, որ մորս բաժնում էր աշխատում, մայրս էլ իր անմիջական ղեկավարն էր։ Ու մի անգամ էս Մ․-ս պիտի գործուղվեր մեծ հայրենիքի մի հեռավոր քաղաք, որտեղ մայրս իր դպրոցական տարիքից նամակագրական ընկեր ուներ (հետո սկսեցին այդպիսի ընկերներին pen pal ասել, իսկ այն ժամանակ ասում էին՝ друзья по переписке)։ Մայրս էլ ընկերուհուն ինչ-որ բաներ էր ուղարկել Մ․-ի միջոցով։ Սա էլ, երկրի մաշտաբով հարավային խառնվածքով տղամարդ հանդիսանալով, որոշէլ էր սլավոն կնոջ մոտ թևերը թափահարել ու փչել էր, թե մայրս իր ձեռի տակ է աշխատում ու որ վատ աշխատող չի, ինքն էլ այդ սլավոն կնոջ գեղեցկության խաթեր մորս լավ կնայի դրանից հետո․․․

Բայց դե ես երեխա էի սենց բաներ հասկանալու համար, իսկ ծնողներս կատակային մոտեցում ունեին իր նկատմամբ․ հա դե Մ․-ն ա էլի, խի իրենից ուրիշ ինչ էր սպասելի․․․ Իսկ իմ համար ինքը հավեսին մուժիկ էր, գնում էի իր ավտոտնակի դիմացը կանգնում նայում էի, թե ինչ էր անում, ու որոշ ժամանակ հետո կանչում ինձ իր մանր-մունր զբաղմունքների մեջ էր ներառում։ Մեկ-մեկ էլ «գործից» հոգնած փակում էր ավտոտնակի դարպասը, ու իրար հետ գնում էինք գաստրոնոմից կեֆիր-մեֆիր առնում։ Ես հրաժարվում էի, իհարկե, իսկ ինքը մեծ բավականությամբ խմում թարմանում էր։ Այ տենց էլ ընկերություն էինք անում իրար հետ մի շրջան։ Մի անգամ էլ մամաս տուն էր գալիս, ու տեսնում է որ ես դուրսը՝ Մ․-ի ավտոտնակի հարևանությամբ, ինչ-որ բզբզում եմ, շորերս էլ լավ կեղտոտել եմ։ Ու այդ կեղտոտելու վրա մի թեթև նկատողություն է անում ինձ, էս Մ․-ն էլ քմծիծաղով ինձ փորձեց պաշտպանել, թե բա՝ էդ ընկերոջս խի՞ ես նեղացնում։ Մամայիս մոտ սա ժպիտ առաջացրեց ու ինձ հանգիստ թողեց ու գնաց տուն։ Դրանից շատ կարճ ժամանակ անց այդ փուլը մոտս անցավ, ու այլևս Մ․-ի մոտ գնալը չէր քաշում։ Մ-ն էլ մամայիս մի քանի անգամ հարցրել էր, թե ինչու իր ընկերը էլ մոտը չի գալիս։ Մամաս էլ բան չէր ասում, բայց հերթական անգամ այդ հարցման մասին տանը պապայիս պատմելուց կատակային տոնով ասեց՝ աչքիս էս երեխան Մ․-ից խելքով անցավ։ Մի քիչ վատ զգացի Մ․-ի համար, չնայած մայրս, իհարկե, չար մտքով չէր ասում։ Մյուս օրը գնացի Մ․-ի մոտ․․․ ու հասկացա, որ իսկապես մեծացել եմ մեր «ընկերության» համար։ Վերջին անգամն էր, որ մոտը գնացի․․․ հետո դեռ որոշ ժամանակ մեր բնակարանի պատուհաններից նոստալգիկ նայում էի իր ավտոտնակի բաց դարպասի մոտ մի տաբուրեկտի վրա նստած բզբզացող Մ․-ին․․․

Բարեկամ
20.07.2017, 04:27
Իմ մանկության մեջ եղել են մարդիկ, որոնց տեսել եմ հաշված ժամեր, երբեմն՝ ավելի քիչ, բայց դա չի խանգարել, որ ընդգրկվեն "իմ մանկության մարդկանց" ցուցակում, ընդ որում՝ ավարտուն այնպես, որ ավելին իմանալու կամ ճանաչելու կարիք չի եղել ու չկա։


Մի անգամ հարսանիքի էինք մի հեռու ազգականի տանը: 5-6 տարեկան էի: Ազգականն էլ տատիկիս հորաքրոջ տղան էր` անունը Դավիթ, տարիքով մարդ` բնականաբար, ու ապրում էին կարծեմ Դավիթաշենում, որովհետև 5-6 տարեկանում լրիվ տրամաբանական էի համարում, որ Դավիթ ձյաձյայենք պիտի ապրեն Դավիթաշենում: Իսկ ամուսնանում էր նրա աղջիկը:
Տունը սեփական էր ու հյուրասենյակով մեկ երկար սեղաններ էին շարված: Աղմուկ, պար, ծիծաղ, մարդիկ վեր են կենում, նստում, կենացներ, նորից աղմուկ, նորից երաժշտություն ու պար, խոհանոցում ինչ-որ բաներ են եռում ու շառագունած, գոլորշուց ու յուղից փայլող երեսներով տանտիկիններն ինչ-որ բաներ են տանում-բերում ամբողջ ընթացքում:

Ես նստած էի երկար սեղաններից մեկի ծայրում, ծնողներիս հետ, ու լինելով ամաչկոտ երեխա` լուռ հետևում էի խնջույքին: Իսկ ուշադրությանս թիրախը կողքի սեղանն էր, որի շուրջ նստած էին մի խումբ ուսանող աղջիկներ` հարսի համակուրսեցիները:

5-6 տարեկան աղջիկ երեխայի համար հետևել իրար գլխի հավաքված սեթևեթող ուսանողուհիների, այն էլ այդքան մոտիկից, մի ամբողջ աշխարհ էր, ու ես աչքս չէի կտրում: Երևի մի ութ հոգի էին, ու սեղանի գլխին նստած աղջիկն ամենակտիվն ու աչքի ընկնողն էր: Նա ակնհայտորեն սիրունիկ էր, ճակատը ծածկող սեքսի, մուգ մազափնջով ու մինչև ուսերն իջնող անհնազանդ վարսերով, որոնք աշխույժ թափահարվում էին այսուայնկողմ` նրա անդադար շաղակրատանքի ու հավասար ատամնաշարի ճերմակափայլ ժպիտի հետ ներդաշնակ ունիսոնով: Աղջկին ամբողջովին շողշողում էր` հարյուրտոկոսանոց գիտակցելով իր առավելությունը սեղանի շուրջ, որը հաստատվում էր սեղանակից միակ տղամարդու անթաքույց հետաքրքրությամբ նրա նկատմամբ, թեև տղամարդը կարծես կոչված էր զբաղեցնելու ողջ սեղանը: Տղամարդն այդ, ի դեպ, հարսի քրոջ ամուսինն էր: Բայց դա արդեն ուրիշ պատմություն է, իսկ ես վերադառնամ իմ դիտումներին:

Ու ես այդպես` նստած քիչ հեռու, հափշտակված ուսումնասիրում եմ աղջիկներին, որոնց մեջ կային և’ սովորականներ, և’ ոչ գեղեցիկներ, և այդ շողշողացող աղջիկը, որը վարդի պես բացել էր իր բոլոր հրապույրները:
Ու մեկ էլ հանկարծ, սովորականների մեջ հայացքս կանգ է առնում մի երևույթի վրա, որին չէի նկատել ամենասկզբում, ու որից հայացքս չեմ կտրում այլևս ամբողջ հարսանիքի ընթացքում:

Նա մի, ըստ երևույթին, բարձրահասակ աղջիկ էր, հարթ ու մաքուր դեմքով, բաց շագանակագույն մազերը մեջտեղից խնամքով բացած, ու հենց գլխավերևում` երկու խոշոր մազակալ` յուրաքանչյուրը մի բացվածքի վրա: Նուրբ դիմագծեր ուներ` մի քիչ սառը գուցե ու մի քիչ դալուկ, բայց դա ոչ միայն չէր փչացնում դեմքը, այլև ինչ-որ վեհություն, ազնվականություն էր հաղորդում: Ամենահրապուրիչը բարձր, հարթ ու մաքուր ճակատն էր, որն այնքան կանացի էր թվում այդ երկու խոշոր մազակալների ներքո:
Նա խոշոր կոճակներով ինչ-որ համեստ, պարզ, բայց գեղեցիկ զգեստ էր հագել, որն ավելի կատարելացնում էր նրան` իր ամբողջության մեջ: Սեղանի աշխույժ մթնոլորտին նա մասնակցում էր իր լուռ, երբեմնակի ժպիտով, ու այդպես էլ չտեսա, որ որևէ բառ արտաբերի:

Ես սիրահարվել էի այդ աղջկան: Անթերի էր, ինչպես աստվածուհի, ու չէի պատկերացնում, թե կարող է լինել որևէ մեկ այլ տեսակ նրանից լավը: Հարսանիքի ողջ ընթացքում աշխատում էի բաց չթողնել նրա և ոչ մի շարժումը, ժպիտը կամ հայացքը:

Հարսանիքն ավարտվեց: Երբ համարյա էլ մարդ չկար, դատարկ սրահի կենտրոնում ուսանողուհիները սկսեցին հրաժեշտ տալ իրենց հարսնացու-ընկերուհուն: Հարսնացուն լալիս էր ու գրկում ընկերուհիներին:

Երբ դուրս եկա ծնողներիս հետ, այնպես ստացվեց որ աղջիկները քայլում էին մեր առջևում, ու ես դեռ շարունակում էի հետևել իմ գեղեցկուհուն: Ու հանկարծ, երբ հայացքս սահեց ներքև, նրա գեղեցիկ զգեստի տակից նկատեցի մարմնագույն-թափանցիկ զուգագուլպայի վրա պատռվածի կարվածք ու կիսաբարձր կոշիկների մաշված, համարյա պոկոտված կրունկներ, որոնք կոխոտում էին Դավիթաշենի քարքարոտ փողոցը: Աստվածուհին միանգամից տապալվեց պատվանդանից, ու իմ ողջ պաշտամունքը փուլ եկավ: Նա դարձավ մի սովորական, շատ սովորական աղջիկ, երևի թե մի բան էլ պակաս…

Սա իմ առաջին ու երբեք չմոռացվող հիասթափությունն էր:

ՀԳ. Նկատի ունեցեք, որ սրանք ընդամենը 5-6 տարեկան աղջիկ երեխայի պատկերացումներն են ու ընկալումները, որը գաղափար չունի նյութականի հայթայթման խնդիրներից, ու խիստ մի դատեք :)
Ավելորդ է ասել, որ հիմա, բնականաբար, էլ ավելի կսիրեի աղջկան։