PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարոտ, թախիծ, բերկրանք...



Դեղին մուկիկ
06.06.2017, 22:15
Կարոտ

Ասում են՝ կարոտը երկու տեսակ է լինում՝ ժամանակավոր, որը սկզբում անգթորեն կրծում է հոգիդ, վայրի գազանի նման հուժկու հարվածում է քեզ, տեղատարափ անձրևի է նման, հետո աստիճանաբար մարում է՝ վերածվելով հուշերից հյուսված նուրբ ամպիկի: Մյուս տեսակը հավերժական կարոտն է՝ սկզբում աննկատ, սակայն գնալով սաստկացող, գիշերները կոկորդդ խեղդող, աստիճանաբար քո էության մի մասը դարձող, թուլացնող և միաժամանակ հետագա պայքարի ուժ ու իմաստ տվող... Առաջին տեսակը հանդիպում է, երբ բաժանվում ենք մարդկանցից կամ երևույթներից, որոնց հույս ունենք էլի հանդիպել այս կյանքում: Երկրորդը հավետ բաժանման խորհուրդն է կրում իր մեջ, երբ սարսափելի է գիտակցումն այն բանի, որ կարոտդ երբեք չի հագենալու և բութ ցավ դառնալով՝ անբաժան ընկերդ է դառնալու...

Դեղին մուկիկ
02.08.2017, 01:47
Ձմեռ լիներ, ինձ դնեիր սահնակի թևերին ու գնայինք... Շուրջերկրյա ճամփորդության գնայինք: Սարերով, ձորերով գնայինք, հաղթեինք յոթգլխանի սպիտակ դևին, արդար քրտինքով հաց վաստակող Կիրակոսին ազատեինք անկուշտ կալվածատիրոջ գերությունից, արդարություն հաստատեինք աշխարհում: Իմ Արդարություն, իմ Ազնվություն, իմ Բարություն, իմ Կարոտ...
Ձմեռ լիներ, այն հին, ձյունառատ ու ջերմ ձմեռներից, նստեինք վառարանի շուրջ, ու մոմի լույսի տակ պատմեիր ավելի հին ու ցուրտ, բայց կրկին տաքուկ քո՛ ձմեռների մասին, հետո շախմատ խաղայինք ու վիճեինք, հանելուկներ ասեիր՝ գուշակեի, գրկեիր ու ձմեռվա ճերմակության մեջ արևի շողեր նվիրեիր փոքրիկ հոգուս:
Ձմեռ լիներ, միասին տոնածառ զարդարեինք ու տոնական գիշերվա աստղերը վառեինք, հիանայինք հեքիաթային փաթիլներով, ու ինձ հետ միասին հավատայիր Սուրբ Ծննդյան հրաշքներին:
Ձմեռ լիներ, լինեիր...

Դեղին մուկիկ
14.09.2017, 21:24
Տարիները թևեր են առնում, թռչում-գնում, փորձում են տանել քեզ ինձնից հեռու, բայց ավելի խորն է ընկղմվում իմ մեջ կարոտը, անդարձ օրերի, ջերմությանդ ու բարությանդ կարոտը: Թող առնեն իրենց թևերն ու թռչեն-գնան անվերադարձ, նրանք միևնույն է՝ քեզ հեռացնելով ինձնից՝ ինձ են մոտեցնում դեպի քեզ...

Դեղին մուկիկ
15.09.2020, 01:46
Կյանքը առաջ է սլանում, իսկ դու չկաս։ Չկաս՝ ինչպես արևի շողը, որը չեմ կարողանում բռնել, բայց ջերմացնում է, չկաս՝ ինչպես քամին, որի զովությունը կենարար է շոգին, չկաս՝ ինչպես անցյալիս մաքուր֊անբիծ հուշերը, առանց որոնց չէր լինի իմ ինքնությունը։ Կյանքը շարունակում է իր մշտական ընթացքը. մի անգամ կորցնում ես, հաջորդ պահին՝ գտնում, բայց երբեք կորցրածդ չես գտնում, ցավը մնում է՝ արդեն միաձուլված նոր կյանքի ժպիտին...