PDA

Դիտել ողջ տարբերակը : Վլադիմիր Մայակովսկի



Sambitbaba
26.03.2017, 18:15
ՍՐԻՆԳ-ՈՂՆԱՇԱՐ



Ձեզ, բոլորիդ համար,
ովքեր սիրվել կամ սիրվում եք,
սրբապատկերներով պահապանված հոգու քարանձավում,
գինու թասի պես՝ կենացի ժամանակ,
բանաստեղծություններով լիքը գանգս եմ բարձրացնում:

Ավելի ու ավելի հաճախ մտածում եմ՝
չդնե՞մ արդյոք վերջիս
փամփուշտի վերջակետ:
Եվ ուրեմն այսօր ես,
համենայն դեպս,
տալիս եմ հրաժեշտի համերգ:

Հիշողությու՛ն:
Հավաքիր ուղեղի դահլիճում
սիրելիների անհատնում հերթերը:
Ծիծաղն աչքից աչք լցրու:
Նախկին հարսանիքներով հագցրու գիշերը:
Մարմնից-մարմին լցրեք ուրախությունը:
Թող այս գիշերը ոչ ոք չմոռանա:
Ասյօր ես նվագելու եմ սրինգի,
սեփական ողնաշարիս վրա:


1


Փողոցների վերստերը տվել եմ քայլքիս թափին:
Այս դժոխքը թաքցնելով, ես ու՞ր կհասնեմ:
Ասա, ինչպիսի՞ երկնային Հոֆմանի ես
դու, անիծվածս, մտահաղացել:
Մրրիկի ուրախության համար փողոցները նեղ են:
Տոնը զուգվածներին շերեփում է-քաղում:
Մտածում եմ:
Մտքերս՝ արյան թանձրուկներ են, -
հիվանդ ու լյարդացած, ուղեղից դուրս են սողում:

Ես,
ամենայն տոնականի հրաշագործս-ինքս
տոնակատարության ելնելու համար հետս ոչ ոք չունեմ:
Կվերցնե՛մ հիմա ու կզրխկամ գետնին
և քարե Նևսկու վրա գլուխս կցխկե՛մ:
Անարգում էի աստծոն,
գոռում էի, որ չկա,
իսկ աստված այնպիսի՜ մեկին դժոխքի խորքերից,
որ նրա առջև սարը կսարսռա ու կերերա,
բերեց ու կարգադրեց.
սիրի՛ր:

Աստված գոհ է:
Երկնի տակ՝ գահավեժում,
տանջահար մարդը վայրենացավ ու բնաջնջվեց:
Աստված շփում է թաթիկների ափերը:
Մտածում է աստված. սպասի՜ր, Վլադի՛միր:
Այդ նրա՛, հենց նրա՛,
որ չգուշակես, թե ով ես,
մտքին փչեց տալ քեզ իսկական ամուսին
և մարդկային նոտաներ դնել դաշնամուրի վրա:
Եթե գաղտագողի մոտենամ ննջա՛րանի դռանը,
ձեր վրա խաչաձևեմ վերմակի մգդակը,
գիտեմ՝
կտարածվի խանձված բրդի հոտը,
և ծծումբով կծխա միսը սատանայի:

Իսկ դրա փոխարեն, մինչև լուսաբաց
սարսափած, որ քեզ տարան սիրելու,
դեսուդեն ընկած,
ես տողերի մեջ էի ճիչերս երեսակում,
ոսկերիչ՝ կիսով չափ արդեն խելագարված:
Թուղթ խաղալ եմ ուզու՜մ:
Գինու՜մ
ողողել կոկորդը սրտիս սատակված:

Չե՛մ ուզում քեզ:
Պետք չէ՛:
Միևնույն է,
գիտեմ,
շուտով սատկելու եմ:

Եթե ճիշտ է, որ դու կաս,
աստված,
աստված իմ,
եթե գորգն աստղերի քեզնով է գործված,
եթե այս ցավի,
ամեն օր բազմապատկվող,
կտտանքը, քո կողմից է, տեր, ի վերուստ առաքված,
դատավորի շղթա հագիր:
Սպասիր իմ այցին:
Ես կարգապահ եմ,
օր անգամ չեմ հապաղի:
Լսի՛ր,
ինկվիզիտոր Բարձրյա՛լ:

Կսեղմե՛մ բերանս:
Ոչ մի ճիչ նրանով
դուրս չեմ տա շուրթերիցս կծոտած:
Ինձ կապիր գիսաստղերին, ինչպես ձիերի
պոչերին,
և սլացրու,
աստղերի ատամների վրա արա պատառ-պատառ:

Կամ ահա թե ինչ.
երբ հոգիս կգաղթի,
դուրս կգա քո դատին, -
բթամիտ խոժոռվելով,
դու,
Ծիր-Կաթինը կախաղան սարքելով,
վերցրու և կախիր ինձ, ոճրագործիս:
Արա ինչ կուզես:
Կուզես, քառատիր:
Ես ինքս, բարեպաշտ, ձեռքերդ կլվանամ:
Միայն թե՝
լսու՜մ ես, -
հետ վերցրու անիծված նրան,
ում իմ սիրելի սարքեցիր:

Փողոցների վերստերը տվել եմ քայլքիս թափին:
Այս դժոխքը թաքցնելով, ես ու՞ր կհասնեմ:
Ասա, ինչպիսի՞ երկնային Հոֆմանի ես
դու, անիծվածս, մտահաղացել:


2


Եվ երկինքը,
որ ծխի մեջ իր կապույտն է մոռացել,
և ամպերը, նման քրքված փախստականների,
ես կլուսաբացեմ իմ վերջին սիրո մեջ,
վառ, ինչպես շիկնանքը թոքախտավորի:

Ցնծությամբ կծածկեմ ոռնոցն
ամբոխի,
որ մոռացել է տուն և հանգիստ:
Մարդիկ,
ի՛նձ լսեք:
Դուրս եկեք խրամատներից:
Կռիվը հետո կավարտեք:

Նույնիսկ եթե,
արյունից ճոճվող՝ Բաքոսի նման, -
հարբած մարտ է գնում, -
սիրո խոսքերը դեռ չեն հնացել:
Սիրելի գերմանացինե՛ր:
Ես գիտեմ,
Ձեր շուրթերի վրա՝
Գյոթեի Գրետհենն է:

Ֆրանսիացին,
ժպտերես, մեռնում է սվինի ծայրին,
ժպտալով կործանվում է խփված օդաչուն,
եթե քո, Տրավիատա,
համբուրվելիս,
շրթունքներն են հիշում:

Բայց հարյուրամյակների ծամծմած
վարդագույն փափկության հետ գործ չունեմ ես:
Այսօր նոր ոտքերի տա՛կ պառկեք:
Երգում եմ քեզ,
շպարված շիկահե՛րս:

Միգուցէ, այս օրերից,
սահմռկելի, սվինների ծայրերի պես,
երբ հարյուրամյակների մորուքները սպիտակեն,
կմնանք միայն
դու
և ես,
քաղաքից քաղաք ընկած քո հետևից:

Եթե մարդու գնաս ա՛յն կողմը ծովի,
թաքնվես գիշերվա որջի մեջ՝
Լոնդոնի մշուշների միջից ես կհամբուրեմ
հրեղեն շուրթերը լապտերների:

Անապատի տապի մեջ կձգես քարավաններդ,
որտեղ առյուծներն են վխտում, -
քեզ
քամու ծվատած փոշու տակ,
որպես Սահարա, այտս դեմ կտա՛մ:

Ժպիտը դրել շուրթերիդ,
նայում ես՝
ցլամարտի՛կն է կորով:
Եվ հանկարծ ես
խանդըս օթյակ կնետեմ
մեռնող ցուլի աչքերով:

Մտացրիվ քայլքդ կհանես կամրջին՝
մտորելու,
գուցէ լավ է ցածում:
Այդ ես եմ
կամրջի տակ Սենայով վարարել,
կանչում եմ,
գարշ ատամներս կռճտում:

Ուրիշի հետ վարգաձիերի կրակի տակ կայրես
Ստրելկան կամ Սոկոլնիկին:
Այդ ես, բարձրացել, և այնտեղ վերևում,
սպասող ու մորեմերկ, պլլվել եմ լուսնին:

Ուժե՜ղ եմ,
նրանք կարիքս կունենան՝
կկարգադրեն.
սպանի՛ր քեզ կռվի թեժ պահին:
Վերջինը կհնչի
քո անունը,
կլյարդանա ականով պոկռտված շուրթերիս:

Գահո՞վ կավարտեմ:
Սուրբ Ելենայո՞վ:
Սանձելով ալիքներն իմ կյանքի հողմի,
ես՝ հավասարաչափ արժանի թեկնածու եմ
թե տիեզերական արքայի
և թե
կապանքների:

Եթե սահմանված է ինձ լինել արքա ՝
քո դեմքը փոքրիկ
իմ մետաղադրամների արևային ոսկու վրա
կկարգադրեմ ժողովդրին.
դրոշմի՛ր:
Իսկ այնտեղ,
որտեղ աշխարհը խամրել է տունդրայով,
որտեղ հյուսիսային քամու հետ գետն առևտուր է անում, -
Շխթաներիս վրա կճանկռտեմ Լիլիայի անունը
և շղթաներս կհամբուրապատեմ կալանքի մթնում:

Լսե՛ք ուրեմն, մոռացողներ, որ երկինքը կապույտ է,
որ ցից-ցցել եք բրդերդ,
գազանների նմա՛ն:
Սա, հնարավոր է,
աշխարհի վերջին սերն է
վերջալուսվել թոքախտավորի շիկնանքի վրա:


3


Տարի, օր, ամսաթիվ մոռացած,
Թղթի կտորի հետ կփակվեմ սենյակում:
Արարվի՛ր, խոսքերի տառապանքով պայծառացած
անմարդկային մոգություն:

Ասյօր, հենց մտա ձեզ մոտ,
զգացի՝
տանն ինչ-որ բան այն չէ:
Մետաքսե զգեստիդ մեջ դու ինչ-որ բան թաքցրեցիր,
և օդում տարածվել էր հոտը նարդոսի:
Ուրա՞խ ես:
Բյուրեղյա
"անչափ":
Շփոթմունքը գիտակցության ցանկապատն է կոտրել:
Ես վհատությունս եմ դիզում, տենդորեն թեժացած:

Լսիր,
միևնույն է,
դիակը պահել չես կարող:
Կարող ես սարսափելի բառն արտասանե՛լ:
Միևնույն է,
քո ամեն մկան,
ինչպես խոսափող
գոռում է.
մեռե՛լ է, մեռե՛լ է, մեռե՜լ :
Ոչ,
պատասխանի՛ր:
Չխաբե՛ս:
(Ինչպե՞ս ես այդպիսին հետ կվերադառնամ:)
Փոսերով երկու գերեզմանների
աչքերդ փորագրվել են դեմքիդ վրա:

Գերեզմանները խորանում են:
Էլ հատակ չկա:
Թվում է,
օրերի տախտակամածից կփլվեմ:
Ես հոգիս որպես պարան ձգել եմ անդունդի վրա,
ձեռնածելով խոսքերով, նրա վրա եմ օրորվել:

Գիտեմ,
սերը նրան մաշեցրել է արդեն:
Տակղտուկն եմ գուշակում այնքա՜ն նախանշաններով:
Քեզ երիտասարդացրու իմ հոգու մեջ:
Մարմնի խրախճանքի հետ սիրտդ ծանոթացրու:

Գիտեմ,
կնոջ համար վճարում են ամենքը:
Ոչի՞նչ առայժմ,
եթե
փարիզյան զգեստների շքեղության փոխարեն
քեզ ծխախոտի ծուխ հագցնեմ:

Իմ սերը,
ինչպես երբեմնի առաքյալ,
շաղ կտամ հազար ու հազար ճամփեքով:
Քեզ դարերի մեջ գահ է նախատեսված,
իսկ գահի վրա՝ խոսքերս,
ջղաձգումների ծիածանով:

Ինչպես փղերն իրենց հարյուր փութանոց խաղերով
ավարտեցին հաղթանակը Պյուռոսի,
ես ուղեղդ ջախջախեցի հանճարի քայլերով:
Իզուր:
Քեզ չպոկեցի:
Դու խնդա՛,
խնդա',
հոգիս հանեցի՛ր:
Այնպիսի թախիծ է
հիմա,
որ միայն թե հասցնեմ հասնել ջրանցքին
և գլուխս խցկեմ երախը նրա:

Տվեցիր շուրթերդ:
Որքա՜ն կոպիտ են:
Դիպար ու սառչեցիր:
Ասես ապաշխարող շուրթերով համբուրում եմ
սառը ժայռերի մեջ փորած եկեղեցի:

Դռները
ծափահարեցին:
Մտավ նա,
փողոցների ուրախությամբ ոռոգված:
Ես
ճիչերիս մեջ կրկնակի կիսվեցի:
Գոռացի նրան.
"Լա՛վ:
Կգնա՛մ:

Լա՛վ:
Քե՛զ կմնա:
Քրջեր կարի՛ր նրան,
թող երկչոտ թևերը մետաքսում ճարպակալեն:
Նայիր, չչվի հանկարծ:
Մարգարտե մանյակնե՛ր կախիր
կնոջդ վզին քարի փոխարեն":

Ա՜խ,
այդ գիշե՛րը:
Հուսահատությունս սեղմում ու սեղմում էի ինքս:
Իմ լացից ու հռհռոցից
սենյակի մռութը սարսափով լիքն էր:

Եվ քեզանից տարած դեմքը տեսիլքով էր հառնում,
արտացոլացիր աչքերով դու նրան գորգի վրա,
ասես մի նոր Բյալիկ արտաերազել է հիմա
հրեական Սիոնի շլացուցիչ թագուհուն:

Տանջանքով
նրա առջև, ում ուրիշին տվեցի՛,
խոնարհվեցի ծնկած:
Քաղաքները բոլոր
հանձնող
Ալբերտ արքան
իմ կողքին անվանակոչիկ է նվերախեղդված:

Գարնանացե՛ք, կյանքեր բոլոր տարերքների:
Ոսկեփայլե՛ք արևի մեջ, ծաղիկներ ու խոտեր:
Ընդամենը մի թույն է ինձ բաղձալի՝
ըմպել բանաստեղծություններ:

Սիրտս թալանելով,
զրկելով նրան ամենից,
ցնորքներիս միջից հոգիս տանջելով,
ընդունիր նվերս, սիրելիս,
ավելին ես, հնարավոր է, ոչինչ չեմ հորինելու:

Այսօրվա ամսաթիվը ներկեք տոն օրով:
Արարվի՛ր,
խաչելությանը հավասար կախարդանք:
Տեսնու՞մ եք՝ խոսքերի մեխերով
ես թղթին եմ մեխված:


1915




Թարգմանությունը՝ մարտ 2017, Ս-բաբա

anslov
26.03.2017, 22:41
Շատ բարդ, անհնարին գործ ես ձեռնարկել:
Մայակովսկին փոխանցել-թարգմանել այլ լեզվով, անհնարին գործ է:

Sambitbaba
27.03.2017, 03:56
Շատ բարդ, անհնարին գործ ես ձեռնարկել:
Մայակովսկին փոխանցել-թարգմանել այլ լեզվով, անհնարին գործ է:

Ինչու՞ ոչ: Ընդհանրապես, կարծում եմ, որ անհնարին ոչինչ չկա: Եվ հետո, կան Մայակովսկու էլ բավական հաջող հայերեն թարգմանություններ: Սևակի՝ "Վարտիքավոր ամպի" թարգմանությունն օրինակ... Հետո, ես մի փոքրիկ գիրք ունեմ, նրա բանաստեղծությունների թարգմանություններ են, եթե գտնեմ, որոշ բաներ անպայման կտեղադրեմ այստեղ: Հեղինակին չեմ հիշում, բայց հաջող բաներ հաստատ կային:

Իսկ այս պոեմը՝ Մայակովսկու իմ ամենասիրած ստեղծագործությունն է, ու ոչ մի տեղ դեռ թարգմանությունը չեմ հանդիպել: Դե, ես էլ փորձեցի...

Վիկի
06.02.2018, 20:40
ուշացած :)
էս գործը թարգմանել ա Հրաչիկ Թամրազյանը, մեկ էլ, եթե չեմ խառնում, Սևակը։ ինչքան հիշում եմ՝ մեկը Ողնաշար-սրինգ, մյուսը՝ ֆլեյտա-ողնաշար վերնագրով։ Հ․Գ․ Սևակի հարցում կասկածում եմ մ իքիչ, Թամրազյանը հաստատ թարգմանել ա, կա 20-րդ դարի ռուսական պոեզիայի մեջ։

Sambitbaba
06.02.2018, 21:01
ուշացած :)
էս գործը թարգմանել ա Հրաչիկ Թամրազյանը, մեկ էլ, եթե չեմ խառնում, Սևակը։ ինչքան հիշում եմ՝ մեկը Ողնաշար-սրինգ, մյուսը՝ ֆլեյտա-ողնաշար վերնագրով։ Հ․Գ․ Սևակի հարցում կասկածում եմ մ իքիչ, Թամրազյանը հաստատ թարգմանել ա, կա 20-րդ դարի ռուսական պոեզիայի մեջ։

Վիկի ջան, որքան գիտեմ, Սևակը թարգմանել է "Վարտիքավոր ամպը": Իսկ Թամրազյանի թարգմանության մասին չգիտեի: Կփորձեմ գտնել: Շնորհակալություն::)

Վիկի
14.02.2018, 16:56
Վիկի ջան, որքան գիտեմ, Սևակը թարգմանել է "Վարտիքավոր ամպը": Իսկ Թամրազյանի թարգմանության մասին չգիտեի: Կփորձեմ գտնել: Շնորհակալություն::)

Խնդրեմ :) Թամրազյանինը տպված կա «20-րդ դարի ռուսական բանաստեղծություն» գրքում։ Սևակինը կասկածելով էի գրել:)