PDA

Դիտել ողջ տարբերակը : Իոսիֆ Բրոդսկի



Sambitbaba
26.02.2017, 09:11
* * *

Մնաս բարով,
մոռացիր
և մի մեղադրիր:
Իսկ նամակներն այրիր,
որպես կամուրջ:
Եվ քո ճանապարհը տղամարդկային
թող լինի,
թող լինի ուղիղ
և անպաճույճ:
Եվ թող մեգի մեջ
վառվի քեզ համար
փայլազարդն աստեղնային,
և թող հույսն
իր ափերը տաքացնի
քո խարույկի կողքին:
Թող լինեն մրրիկներ,
ձյուներ, անձրևներ
ու մոլի մռնչոց կրակի,
թող հաջողություններ լինեն քո առջև
ավելի շատ, քան իմ:
Թող քո կրծքում շառաչող
կռիվը
լինի հզոր ու սքանչելի:

Երջանիկ եմ նրանց համար,
ովքեր, կարող է,
քեզ կլինեն
ուղեկից:


1957



Թարգմանությունը Ս-բաբա

Marcus
26.02.2017, 14:46
https://www.youtube.com/watch?v=PIO7ri1rNVU

Sambitbaba
26.02.2017, 22:43
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Այդ ամենը եղել է, եղել է:
Այդ ամենը մեզ հրկիզել է:
Այդ ամենը հոսել է, ձաղկել է,
կախաղան է հանել և օրորել է,
և մեր ուժերն էլ խլել է,
և գերեզման էլ քարշ տվել է,
և պատվանդաններ էլ բարձրացրել է,
իսկ հետո ցած նետել է,
իսկ հետո՝ մոռացել է,
իսկ հետո հրավիրել է
տարբեր ճշմարտություններ որոնելու,
որ ամբողջապես մոլորվենք
գոռոզամտության նոսր թփերի մեջ,
հուսալքության վայրի կեղտի մեջ,
զուգորդությունների, կոնցեպտների
և՝ ուղղակի զգացմունքների մեջ:

Բայց մենք պայքարել սովորեցինք
և տաքանալ սովորեցինք
նույնիսկ թաքնված արևից
և հասնել ցամաքին
առանց նավատարի,
բայց՝ գխավորը, - սովորեցինք չկրկնվել:
Մեզ դուր է գալիս մշտականությունը:
Մեզ դուր են գալիս ճարպի ծալքերը
մեր մայրիկի վզի վրա,
ինչպես նաև՝ մեր բնակարանը,
որը փոքրոտ է
տաճարի բնակիչների համար:

Մեզ դուր է գալիս փթթել:
Մեզ դուր է գալիս հասկավորվել:
Մեզ դուր է գալիս չիթի շրշյունը
և ժայթքալեզվի ճարճատյունը,
և, ընդհանուր առմամբ, մեր մոլորակը,
որը նման է նորակոչիկի՝
շքերթի ժամանակ քրտնած:


3 դեկտեմբերի 1958

Sambitbaba
26.02.2017, 22:51
https://www.youtube.com/watch?v=ji6lmO-nGHY

Sambitbaba
27.02.2017, 21:17
* * *

Հրեական գերեզմանոց է Լենինգրադի կողքին:
Ծուռ ցանկապատ է՝ փտած նրբատախտակից:
Ծուռ ցանկապատի հետևում կողք-կողքի պառկած են
իրավաբաններ, առևտրականներ, երաժիշտներ, հեղափոխականներ:

Իրենց համար էին երգում:
Իրենց համար էին կուտակում:
Ուրիշների համար էին նահատակվում:
Բայց սկզբում հարկերն էին վճարում,
պրիստավին էին հարգում
և այս, անելանելի նյութական աշխարհում,
մնալով գաղափարապաշտ,
թալմուդն էին մեկնաբանում:

Կարող է, տեսել էին ավելի շատ,
Իսկ հնարավոր է, հավատում էին կուրորեն,
բայց սովորեցնում էին երեխաներին, որ համբերող լինեն
և դառնան համառ:
Եվ չէին ցանում հաց:
Հաց երբեք չէին ցանում:
Ուղղակի հենց իրենք
սառը հողում պառկում էին, սերմերի նման:
Եվ հավերժ քուն էին մտնում:
Իսկ հետո՝ նրանց ծածկում էին հողով,
մոմ էին վառում,
և Մեռելոցին
սոված բիձուկները բարձր ձայներով,
ցրտից շնչասպառ,
հանգստյան մասին էին գոռում:
Եվ գտնում էին այն:
Նյութի քայքայման տեսքով:

Ոչինչ չհիշելով:
Ոչինչ չմոռանալով:
Փտած նրբատախտակից ծուռ ցանկապատի հետևում,
տրամվայի վերջին կանգառից չորս կիլոմետր այն կողմ:


1958

Sambitbaba
28.02.2017, 20:03
ՈՒԽՏԱԳՆԱՑՆԵՐԸ


Իմ երազներն ու զգացմունքները հարյուրերորդ անգամ
դեպի քեզ են գալիս ուխտագնացների ճանապարհով:

Վ. Շեքսպիր



Մեհյանների, ասպարեզների կողքով,
տաճարների ու բարերի կողքով,
շքեղ գերեզմանների կողքով,
մեծ շուկաների կողքով,
կողքով աշխարհի և սգի,
կողքով Հռոմի և Մեքքայի,
կապույտ արևից խանձվելով,
ուխտագնացներն են քայլում աշխարհով:
Խեղանդամ են նրանք, սապատավորված են,
կիսամերկ են նրանք, քաղցած են,
աչքերում նրանց մայրամուտ է,
սրտերում նրանց այգաբաց է:
Նրանց հետևից երգում են անապատները,
բոցավառվում են փայլակները,
նրանց գլխի վերևում կանգնում են աստղերը,
և խռպոտ ճչում են թռչունները.
որ աշխարհը կմնա նախկինը,
շլացուցիչ ձյունոտ կմնա
և կասկածելիորեն նուրբ կմնա,
աշխարհը կմնա կեղծ,
աշխարհը կմնա հավերժ,
կարող է, ճանաչելի նաև,
և այնուհանդերձ անվերջ:
Եվ, ուրեմն, չի լինի օգուտ
թե քեզ հավատաս, թե Աստծուն:
...Եվ, նշանակում է, մնացին
պատրանքն ու ճանապարհը միայն:
Եվ ուրեմն, երկրի վրա մայրամուտներ կլինեն,
և ուրեմն երկրի վրա լուսաբացները կմնան:
Զինվորները նրան կպարարտացնեն:
Պոետները նրանով կհպարտանան:


1958

Sambitbaba
01.03.2017, 19:28
ԳԻՐՔԸ


Ինձ մի գիրք ուղարկեք երջանիկ ավարտով...
Ն. Խիկմեթ


Ճանապարհորդը, վերջապես, գտավ օթևան:
Ազնիվ շիկահեր տղամարդը պատժեց սրիկային:
Գյուղացին կողպում է գոմը,
ծառերին նայելով,
երջանիկ ավարտով
գրքի
վերջին էջին:
Հիշատակված համաստեղությունները կաթում են լռության մեջ,
փակ պատուհաններից ներս, գոցվող թարթիչներին:

... Առաջին գրքում ծառերը
պատուհանին էին փարվում լուռ,
և քնած հիվանդանոցներում թռչնի պես ճչում են հիվանդները:
Իսկ երբեմն վեպերը ցերեկն են ավարտվում:
Բացահայտելով օրինաչափությունը, գիտնականը բացում է պատուհանը,
այն ճանապարհորդը թաքնվում է
բլուրից այն կողմ,
մնացած հերոսները հանդիպում են ճաշի ընդմիջմանը:
Էկոնոմիկան կայունանում է,
սոցիոլոգը հաստատամտվում է:
Պերճաշուք բարերի առջև
փայլում են համեստ մեքենաները:
Պատերազմները վերջացել են: Սերունդներն աճում են:
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԻՆ ԿԱՐՈՂ Է
ՀՈՒՍԱԼ ՄԻ ՏՂԱՄԱՐԴ ԻՐԵՆ:
Շեկերը շարադրում են տարբերությունը
չարի և բարու միջև:
Բոլոր ծառերը՝ կեսօրին՝ գյուղացուն թաքցնում են
ստվերում:
Բոլոր ինքնաթիռները բարեհաջող
օդանավակայան են վերադառնում:
Բոլոր կապիտանները
հստակորեն տեսնում են ցամաքը:
Հիմարները խելոքանում են: Ստախոսները ստել դադարում են:
Սրիկան, բնականաբար, ոչինչ անել չկարողացավ:
... Եթե առաջին գլխում ինչ-որ մեկը շարունակում է ճչալ,
երեսուներորդում, հասկանալի է, ճիչն այլևս չի լսվում:
Սեռական մոլագարություն և սոցիալական լավատեսություն,
վիլանդելներ, կանցոններ, սոնետներ լավ բնաբաններով,
կիսադեդեկտիվ սյուժետ, որը կյանք է կոչվում:
... Ուղարկե՛ք ինձ այդ գիրքը երջանիկ ավարտով:


22 օգոստոսի 1960
Լենինգրադ



Թարգմանությունը Ս-բաբա

Sambitbaba
27.03.2017, 19:45
ԱՅԳԻ


Որքա՜ն դատարկ ես դու և համր ես դու:
Աշնանային կիսամեգում
որքա՜ն անիրական է թափանցիկությունն այգու,
որտեղ տերևները մոտենում են հողին
տարրալուծման մեծ ձգողականության շնորհիվ:

Որքա՜ն համր ես դու:
Մի՞թե քո ճակատագիրը
իմ ճակատագրի մեջ կոչ է գուշակում,
և քեզ լքած պտուղների գվվոցը
մոտ չէ՞ քեզ, ինչպես ղողանջը զանգերի:

Ո՜վ մեծն այգի:
Նվեր տուր իմ խոսքերին
օրորը ծառաբների, ճշմարտության պտույտը,
որտեղ թափառում եմ ես դեպի թեքված ճյուղերը
տերևաթափի մեջ, դեպի վերածննդի մթնշաղը:

Ինչպե՞ս ապրեն
մինչև գալիք գարուն
քո հաստ բները, հոգին իմ տխուր,
երբ պտուղներդ հավաքել-տարել են
և իրական է միայն քո դատարկությունը:

Ո՛չ, հեռանա՛լ:
Թող ինչ-որ տեղ
տանեն ինձ հսկայական վագոնները:
Իմ հովտային և քո բարձր ճանապարհը՝
հիմա նրանք միանման անծայր են:

Մնաս բարո՛վ, այգիս:
Երկա՞ր... Ընդմիշտ:
Պահիր քո մեջ խորհուրդն այգաբացի,
ով մեծ այգի, որ թափում ես տարիները
դառն անդորրի վրա բանաստեղծի:


1960

Sambitbaba
08.05.2017, 18:40
* * *

Այժմ ավելի հաճախ եմ զգում հոգնածություն,
սակայն նրա մասին խոսում եմ ավելի հազվադեպ,
ո՜վ, հոգուս նախախնամությունների արհեստականություն,
սրտառուչ և ուրախալի արտել:

Ի՞նչ թռչուններ ես դու քեզ հորինում,
ու՞մ ես նվիրում կամ վաճառում,
և ժամանակակից բներում ես ապրում,
և ժամանակակից ձայնով երգում:

Վերադարձիր, հոգի՛, և տուր ինձ մի փետուր:
Թող փառքի մասին երգի ռադիոընդունիչը:
Ասա, հոգի, ինչպիսի՞ն էր կյանքը քեզ թվում,
ի՞նչ տեսք ուներ բարձրից թռչնաթռիչքի նա:

Քանի դեռ ձյունն, ասես անգոյությունից,
թափառում է պարզամիտ քիվերի վրա,
փողոց իմ, նկարիր դու մահվան մասին,
իսկ դու, ո՜վ, թռչուն, կյանքի մասին գոռա:

Ահա ես քայլում եմ, իսկ դու ինչ-որ տեղ թռչում ես,
չլսելով այլևս տրտունջները մեր,
ահա ես ապրում եմ, իսկ դու ինչ-որ տեղ ճչում ես
և թափահարում ես հուզախռով թևերդ:


11 դեկտեմբերի 1960

Sambitbaba
20.05.2017, 22:52
ԾՆՆԴՅԱՆ ՌՈՄԱՆՍ

Սիրով, Եվգենիա Ռեյնին


Աղյուսե լարվածության մեջ
անբացատրելի թախծում
գիշերային անմար նավակն է
այգուց Ալեքսանդրյան լողում,
անմարդամոտ լապտերը գիշերային,
նման դեղին վարդի,
իր սիրելիների գլխավերևում,
ոտքերի տակ անցորդների:

Անբացատրելի թախծում լողում է
հարբեցող-լուսնոտների երգչապարսը:
Կեսիշերային մայրաքաղաքն այս
նկարեց թախծոտ օտարերկրացին,
և դուրս է գալիս Օրդինկա
հիվանդ հեծյալներով տաքսին,
և մեռյալներն են կանգնել, գրկված
հետն առանձնատների:

Անբացատրելի թախծում լողում է
մայրաքաղաքով թախծոտ երգիչը,
նավթի կրպակի մոտ կանգնած է
թախծոտ կլորադեմ մաքրիչը,
անդեմ փողոցով շտապում է
ծեր ու գեղեցիկ սիրեկանը:
Կեսգիշերային նորապսակ գնացքը
լողում է անբացատրելի թախծում:

Առափնյա մառախուղի մեջ լողում է
պատահականորեն դժբախտ լողորդը,
հրեական առոգանությունը թափառում է
դեղին աստիճանների վրա թախծոտ,
և Տարեմուտին, կիրակի օրով,
իր թախիծը չբացատրելով,
սիրուց դեպի տխրությունն է
լողում գեղեցկուհի օրիորդը:

Աչքերում ցուրտ երեկոն է լողում,
վագոնում ձյան փաթիլներն են դողում,
ցուրտ քամին, գունատ քամին
կարմրած ձեռքերը կհամակի,
և ծորում է մեղրը լապտերների,
և քաղցր հոտ է գալիս հալվայի,
և ճրագալույցը բլիթն է տանում
դրած գլխին:

Անբացատրելի թախծում լողում է
քո Նոր Տարին մուգ-երկնագույն
ալիքներով քաղաքային աղմուկի մեջ,
ասես թե կյանք կսկսվի նորից,
ասես թե փառք կլինի և լույս,
օր հաջողված և բավական հաց,
ասես թե կյանքը, թեքվելով ձախ,
կթեքվի աջ:


28 դեկտեմբերի, 1961

Sambitbaba
22.05.2017, 20:39
* * *

Գյուղում երբեք ոչ ոք չի խելագարվում:
Այստեղ մութ դաշտերով գալիս է աշխատանքը:
Կլոր ծառերի կողքին շարված են տները,
որտեղ մարդիկ ապրում են, ծնվում ու մեռնում:
Քունքերդ գյուղում ավելի պինդ սեղմիր:
Բոլոր գյուղերում, ինչ խոսք, խոտ է աճում:
Այս գյուղում գետի աղմուկի միջից
կլոր ծառերի վրա տերևքն է խշշում:

Աստված իմ, Աստված իմ, լուսավոր է գյուղում,
և ամենն, ինչը մարդու խելքից էր հանում,
հիմա ընկերական է նրան դիմելու:
Տես, ծառերի ծաղիկներն են շողում
(կամուրջներ՝ անցյալին), բայց այստեղ մի լաստանավ,
ինչպես հեծանվահրապարակ մտքումդ է շողում,
ավարտված մեղեդու ճարճատյունը մարմար
գոռում է հենց ատամներիդ մեջ, գոռում:
Եվ, փայտե վահանը մոտեցնելով դեմքին,
մեռած թասի միջից կլլում է մրցուղին:

Գյուղում երբեք ոչ ոք չի խելագարվում:
Սպիտակ մատուռից՝ բլրի վերևում,
սպիտակ մատուռից՝ անճաշակ ու դժկամ,
դաշտերին է նայում Հովհանն Աստվածաբերան:
Դեպի գյուղ իջնելիս, երբ ցած ես նայում՝
հեծանվորդ-փոստատարն է փոշի բարձրացնում,
գետն է աղմկում ավելի ներքևից
լաստանավն էլ սևին է տալիս հեռվից,

դու, հավանաբար, կհասնես գնացքին:
Բայց դու չես գնա, փող չկա այստեղ
այսպիսի կյանքի մեջ, որ մի տոմս գնես:
Ամբողջ գյուղի համար չորս նամակ է տանում:
Գյուղում երբեք ոչ ոք չի խելագարվում:
Վերարկույով գետի մոտ նայիր ծաղիկներին,
անձրևի կաթիլները դիպչում են դեմքին,
ջուրն են ընկնում ջրի կաթիլները
և տարրալուծվում են, անիվների պես:


1961 (?)

Sambitbaba
26.06.2017, 20:24
* * *

1.

Երեկոյան նա տեսնում է, հապաղելով դռներում.
երկու հեծյալ են սուրում մերձակա դաշտերում,
շրջանագծով ասես, թավուտի ու ճահճի միջով,
և ոչ մի կերպ մեկմեկու հասնել չեն կարողանում:
Մեկ բաց են թողնում սանձերը, թուլացած ու հոգնած,
մեկ նորից ձիան թամքից ոգևորված բարձրացած
և արագ սլանում են նրանք բլրի լուսավոր լանջով,
մեկ էլ թավտում են նորից, մթնում թանձրացող:

Երկու հեծյալ սլանում են երեկոյան կեղտի մեջ,
ոչ միայն տանս են մոտիկ, նրանք մոտ են սրտիս էլ,
մեկմեկու ձայն են տալիս, տես, իրար են կանչում,
թավուտից այն կողմ երկնային զորքն է լողում:
Եվ այդպես, նրանք երբեք աշխարհում երկուսով
թավուտի ու ճահճի միջով, ցամաք ջրամբարի միջով,
չեն անցնի որևէ կայարանակետի տեսանելի,
ասես թե նրանց միջև մի հարյուր թուփ չլինի՜:

Երեկոյան ուրվականնե՜ր են, - ու՞ր են հետքերը նրանց,
չեն տեսնի նրանք երբեք ջրի կրկնակի ճղփանք,
նրանց նորից իր գիրկն է առնում լռությունը,
բազում կանչերից լռությունը գիտի նրանց անունը:
Գյուղական ճանապարհով, փոշու մեջ սառած,
սև սոճիների տակ, կույտերում հողի,
երկու հեծյալ են սուրում անգույն գետի վրա,
երկու հեծյալ են սուրում. թախիծ և հանգիստ:


2.

Դատարկ ճանապարհն է թխկիների տակ քնել,
սմբակների դոփյունն է պատուհանի տակ լռել,
գիտեմ ես երկուսին էլ, ես գիտեմ վաղուց.
այդպես սիրտս է դոփում՝ ինչպես նրանք են սուրում:
Այդպես սիրտս է դոփում. հարված, հարված նորից,
սառը մոռացություն է տարածվում դաշտերից,
և ալիքներն են փայլում առափնյա թփերում,
և սիրելի նվագախումբն է բարձր նվագում:

Հալվեց նրանց դոփյունը, բայց սի՛րտս է դոփում,
հասնում է շշունջի, բայց երբեք չի՛ լռում,
և, նշանակում է, նրանք, շարունակում են սլանա՛լ,
ընդունակ են դադարել, բայց լռել՝ չեն կարողանում:

Երկու հեծյալ են սուրում դեպի մութը գիշերվա,
մեկը մեկի հետևից, կռացած թամքի վրա,
թավուտներով ու գետերով, սև անտառներով,
այնտեղ, որտեղ կհաջողվի նրանց դեպի երկինք հառնալ:


3.

Հուլիսյան այս գիշերը մութ է ավանում:
Մժեղները ոսկե օդանցքից ներս են թռնում:
Տաք ռադիոընդունիչն է զրնգում հատակին,
և սեղանին է մոտենում համարձակ Գիլեսպին:

Սև տրտմությունից մինչև կուռ ճակատագիր,
սկզբի աղմուկից մինչև հստակ ձայնը շեփորի,
ընկերոջ սրտազեղումից մինչ թշնամու երջանկություն
այս սքանչելի աշխարհում երկու քայլ է բաժանում:

Ես կյանքըս սեփական չեմ սիրում, չեմ վախենում,
և իմ դարի հետ էլ ոչ մի կերպ չեմ պայքարում:
Իմ շուրջ թող բոլորը խոսեն, ինչ ուզում են,
ինձ անհանգստացնում են, նրան ուրախացնում են:

Այս երկրի յուրաքանչյուր արվարձանի մոտ,
ամեն աստիճանի վրա, ամեն պատի մոտ,
մոտակա ժամանակներս, խարտյաշ կամ շիկահեր,
իմ ոգին կհայտնվի, երկու դեմքը մեկտեղ:

Եվ մահի հետևից ուղղակի, որոշ ժամանակ,
գոնե այդպես, մոխրի պես, վաղուց քամուն տված,
բռնելով ժառանգիս թղթի վրա առավոտից,
գոնե փոշով իմ կդիպչեմ գրչիս թանկագին:


4.

Երկու հեծյալ սուրում են երեկոյան տարածքում,
մացառուտն է տարրալուծվում գետի մշուշում,
ջահել թախծի հետևից, մեկ մոտ, մեկ հեռու
սքանչելի հանգստությունն է սլանում մթնում:

Երկու հեծյալ սուրում են, նրանց ստվերները ճախրում են:
Գյուղական ճանապարհի վրա բոլոր աստղերը վառվում են:
Սմբակները քնած հողագունդն են դոփում:
Տղամարդն ու կինն են ընթանում մեգում:


7-9 հունիսի 1962

Sambitbaba
08.07.2017, 09:18
* * *

Սև երկնակամարը՝ այն ոտքերից լուսավոր էր
և միաձուլվել մթին նա անկարող էր:

- - - - -


Այն երեկո կողքին մեր խարույկի
մենք տեսանք սև նժույգին:

Ավելի սև ոչինչ ես չեմ հիշում:
Սև էին նրա ոտքերն, ինչպես ածուխ:
Նա սև էր, ինչպես դատարկությունն է սև:
Սկսած պոչից, նա մինչև բաշն էր սև:
Բայց մեջքը նրա, թամք չտեսած երբեք,
սև էր արտասովոր, այլ կերպ:
Կանգնել էր նա անշարժ: Ասես տրված քնի:
Նրա սմբակների սևն էր ահալի:

Սև էր այնքան, որ ստվերներ էլ չէր զգում:
Այնքան, որ ավելի մութ չէր դառնում:
Սև, ինչպես սև է մութը կեսգիշերում:
Սև, ինչպես սև է ասեղը իր ներսում:
Սև, ինչպես առջևում սաղարթը,
ինչպես կողոսկրների միջև տարածքը:
Ինչպես հողի տակի փոսիկը, որտեղ սերմն է:
Ես մտածում եմ, որ մեր ներսում էլ սև է:

Բայց սևանու՛մ էր նա աչքի առաջ:
Իսկ ընդամենը կեսգիշեր էր ժամանակը:
Չէր մոտենում նա մեզ և ոչ մի քայլ:
Աճուկներում նրա խավարը անհատակ էր:
Նրա մեջքն էլ անկարող էինք տեսնել:
Լուսավոր մի պու՜տ չէր մնացել:
Միայն աչքերն էին սպիտակին տալիս:
Սարսափելի էին բիբերն` էլ ավելի:

Ասես սևանկար լիներ ինչ-որ մեկի:
Ինչու՞ ուրեմն նա, կասեցնելով ընթացքն իր,
մինչև այգաբաց մեզ հետ մնաց:
Ինչու՞ խարույկից հեռու նա չգնաց:
Ինչու՞ մթնում սև օդ էր նա շնչում:
Ինչու՞ չոր ճյուղերով էր նա շրշում:
Ինչու՞ սև լույս էր աչքերից ծորում:

Մեր մեջ իրեն հեծյալ էր նա փնտրում:


28 հունիս 1962

Sambitbaba
17.10.2017, 15:59
ՍՏԱՆՍԵՐ


Ե.Վ., Ա.Դ.

Ոչ երկիր, ոչ գերեզման
ընտրել չեմ ուզում:
Մեռնել ես կուզենամ
Վասիլևյան կղզում:
Շենքիդ ճակատը մուգ-կապույտ
խավարում չեմ գտնի,
խունացած ուրվագծերի մեջ
կընկնեմ ասֆալտին:

Եվ հոգիս, որ անխոնջ
դեպի մութ է շտապում,
կցոլա կամուրջների վրա
պետրոգրադյան ծխում,
նաև շաղ ապրիլյան,
ծոծրակիս տակ՝ ձյուն,
և լսում եմ ես ձայն.
- բարեկամ, ցտեսություն:

Եվ կտեսնեմ երկու կյանք
գետից այն կողմ հեռվում,
անտարբեր հայրենիքին
թշերով են հպվում,
- ասես զույգ քույրիկներ
իմ չապրած տարիներից,
դուրս են վազում, թևածում են
տղայի հետևից:


1962

Sambitbaba
08.11.2017, 08:49
* * *


Ա. Ն.

Ծխնելույզից դուրս եկող ծուխը
հաստատում են տանն ապրող ծերերը:
Մետաղադրամն ափի մեջ այն մարդը
հաստատում է բախտի ճշմարտությունը:
Ճիշտ նույնպես հոգու շարժումը,
որ նման է ընդհանուր լռության մեջ
ձայնը կտրած նոտայի, -
հաստատում է մարմնի շարժումը:

Այդպես էլ մահը, այդ ջղաձգումը՝
ոչ գործերը պոետի, ոչ էլ փառքը, -
հաստատում է, որ պոետն ապրել է,
հստակ լույսից էլ ստվերներ կարել է:
Ճիշտ այդպես թռիչքը կամ ցատկը
անմեկին ստվերն է հաստատել:
Այդպես էլ կյանքը՝ տեսիլք-մարդուն, -
հաստատում է ամբոխից մեկի կատակը:



օգոստոս 1963

Sambitbaba
17.04.2020, 01:34
* * *

Ոչ թախիծ, ոչ սեր, ոչ դառնություն,
ոչ տագնապ, ոչ ցավ կա կրծքում,
ասես թե ողջ կյանքդ է թիկունքումդ,
առջևում էլ կես ժամ է մնում:

Հետ նայիր՝ և կտեսնես անշուշտ.
նրբանցքում տաքսիներն են գռռում,
ժամի պարսպից այն կողմ ծառերը
հիվանդ երեխայի վրա են շրշում,

ինչ-որ անճանաչելի հեռվից
կսուլի պահակայինը ջահել,
և անիմաստ որոտը դաշնամուրի
կլողա քո գլխի վերև:

Չես հասկանա, կզգաս անմիջապես.
լավ կլիներ այն հինգ գմբեթներին*
և առայժմ դատարկ այս դիաբազին**
կիսովի կյանքդ կտակես:

4 հունիսի, 1962



- - - - - - -
* հինգ գմբեթներ - քրիստինեական տաճարների խորհրդանիշը. Հիսուս և չորս ավետարանիչները:
** դիաբազ - հավանաբար, խոսքը գնում է հրաբխային ապարի մասին, որից գերեզմանաքարեր էին սարքվում:

Sambitbaba
17.04.2020, 18:52
ՀՐԱՀԱՆԳ ԹԱԽԾՈՂՆԵՐԻՆ

Չպետք է շատ դժբախտ լինես
և, գլխավորը, ծածկամիտ...

Ա.Ախմատովա


Ես ավտոբուսի էի սպասում Իրկուտսկ քաղաքում,
ջրմուղում զնդանված ջուր էի խմում,
կուլ էի տալիս կանաչած ինչ-որ թեթև ուտեստեղեն
օդանավակայանի գիշերային ռեստորանում:
Ես արթնանում էի օդանավավորոտից
և պարում էի ռադիովալսի աղմուկի տակ,
հետո սլանում էի օդանավակայանով
և թախծոտ կտրվում էի գետնից:
Եվ ահա թռչում էի կերպասե ամպերի վրա,
ինձ, առաջվա պես, անտուն զգալով,
պնդում էի, կախված սքանչելի անդունդի վրա.
ամբողջ խնդիրը միայնությունն է անհատակ:

Կարիք չկա դառն համառությունից
պնդել տառապալի կյանքի վերաբերյալ:
Օտարությունը հայրենիքին նույնքան հարազատ է,
որքան փակուղին է տարածությանը հարևան:


6 հունիսի, 1962

Sambitbaba
21.04.2020, 23:25
* * *


Կրակը, լսու՞մ ես, սկսել է հանգչել:
Իսկ ստվերներն անկյուններում՝ շարժվել սկսեցին:
Չես կարող վրաները մատ թափահարել
և գոչել, որ նրանք կանգ առնեն նորից:
Այո, բանակն այս խոսքեր չի լսում:
Շարվել է քառանիստ, փակվել շղթայում:
Լուռ գրոհում է բոլոր անկյուններից,
և ես հանկարծ՝ տես, - հայտնվել եմ կենտրոնում:
Ցածից՝ բարձր ու բարձր են պայթյունները մթի:
Ասես թե նշան լինեն բացականչական:
Մութը թռչում, խտանում է վերևից,
ճմռթում է թուղթս, ծնոտիս հասավ:
Այժմ անհետացան ժամացույցի սլաքները:
Ոչ միայն անտեսանելի, նաև անլսելի են:
Եվ այստեղ մնացել է միայն ցոլքն աչքերում,
քարացած և անշարժ: Անշարժ քարացել է:
Կրակը հանգչեց: Լսու՞մ ես. հանգչեց:
Առաստաղի տակ այրված ծուխն է լողում:
Բայց այդ ցոլքն աչքերի՝ չի լքում աչքերը:
Ավելի ճիշտ, ցոլքը լռությունը չի լքում:


1962

Sambitbaba
21.04.2020, 23:27
* * *

Երկուսով նրանք նայում են հարևան այգուն,
և մտովի գտնվում են այն հսկայական սենյակում
արդեն վաղուց: Բայց ստվերները նրանց՝ երկուսով
հետ են վազում պոմիդորի մարգով:
Կնճռոտված ամբողջովին, կանգնած է փայտե տունը
լուռ. բայց պատերը, դուռը, կտուրը՝
ասես պատմում են այստեղ այն մասին,
որ վրա է հասել իրենց նմանությունը:
Եվ միևնույն ժամանակ խողովակը ծխնելույզի
հայացքի ուղղությամբ շիթ է թողնում ծխոտ լույսի,
ներդնելով այնտեղ աղյուսի հանդեպ իր նախանձը ողջ,
որը դանդաղ լողում է ցանկապատից այն կողմ:
Իսկ նրանք չեն էլ շարժվում: Բայց աչքերից
միապաղաղ լույս է ճառագում օտար վարդերին:
Եվ որքա՜ն սքանչելի է, որ նրանք հիմա
դեռ այնտեղ չեն, որտեղ անուրջները, բոլորովին,
նաև կարող են ընտրել, եթե ցանկանան,
դատարկ հողամասը, այլ ոչ ուռենին,
և կրկնել այնտեղ իրենց հին երկընտրանքը,
ինչպես Փիլեմոնի և Բավկիդի մասին հեքիաթը:


1962

Sambitbaba
23.04.2020, 22:32
* * *

Լույսը վառվեց: Պատուհանի մեջ ստվերը խլրտաց:
Դուռը, հարվածահարված, շխկաց պատին:
Ջահը երերաց: Բայց կրկնակի մթնած
թվաց նրան, ով ներքևում էր:
Ժամ էր համարյա կեսգիշերային:
Լուսամփոփները բոլոր, լապտերներն այստեղ էին:
Հետո լուսինը մտավ բակի քառակուսի,
և արծաթն ու դեղին լույսը խառնվեցին:
Լույսը փայլեց: Ջնջված է աղջամուղջի ակնարկը:
Եվ թող տեղա նույնիսկ լուսարձակների հեղեղ,
բայց լույսը միշտ կիսամեռած-ընկած է,
ինչպես ցածի այն կիսալուսավորվածը:


1963

Sambitbaba
24.04.2020, 20:18
1963 ԹՎԱԿԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Փրկիչը ծնվեց
խիստ սառնամանիքին:
Հովվական խարույկներն էին անապատում հուրհրում:
Բուքը գազազել և հանում էր հոգին
խեղճ արքաների, որ նվերներ էին բերում:
Ուղտերը փրչոտ ոտքերն էին տնկում:
Ոռնում էր քամին:
Աստղը, վառվող գիշերում,
նայում էր, թե ինչպես երեք քարավանների ճամփեքը
ճառագայթների պես խաչվում են Քրիստոսի քարանձավում:


1963 - 1964

Sambitbaba
25.04.2020, 19:45
ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ 1963

Մոգերը եկան: Նորածինը պինդ քնած էր:
Աստղը երկնակամարից լուսավորում էր վառ:
Ձյունը սառը քամին կույտավորում էր:
Խշշաց ավազը: Մուտքի մոտ խարույկը ճրթճրթաց:
Մոմացել էր ծուխը: Կրակը գալարվում էր:
Ստվերներն էլ մեկ կարճանում էին վերստին,
մեկ երկարում: Շուրջը ոչ ոք չգիտեր, որ կյանքը
իր հաշիվը սկսելու է հենց այս գիշերից:
Եկան մոգերը: Նորածինը պինդ քնած էր:
Դիք կամարներն էին մսուրը բոլորել:
Պտտվում էր ձյունը: Քուլա-քուլա գոլորշիանում էր:
Պառկած էր նորածինը, իսկ շուրջը՝ նվերներ:

հունվար 1964

Sambitbaba
26.04.2020, 23:40
ՆԱՄԱԿՆԵՐ ՊԱՏԻՆ

Պահպանիր իմ ստվերը: Բացատրել չեմ կարող: Ներիր:
Այժմ ինձ սա է պետք: Պահպանիր ստվերն իմ, պահպանիր:
Քո մեջքի հետևում վազվզոցն է լռում թփերում:
Գնալուս ժամանակն է: Ինձանից հետո դու ես մնում:
Ցտեսություն, պատ: Գնացի: Թող թփեր գան երազիդ:
Քնած հիվանդանոցների կողքին: Լուսավորված լուսնով: Ինչպես դու:
Կփորձեմ հավերժ պահպանել այս երեկոն խորքերում սրտիս:
Մի բարկանա ինձ վրա: Ինչ-որ բան պետք է ունենալ հետևում:

Պահպանիր իմ ստվերը: Այս գիրը պետք չէ ջնջել:
Միևնույն է, միտք չունեմ երբևէ գալ և այստեղ մեռնել:
Միևնույն է, դու ինձ չես խնդրի երբևէ. հետ արի:
Եթե մեկնումեկը հպվի քեզ, սիրելի իմ պատ, ծիծաղիր:
Մարդը՝ գունդ է, իսկ հոգին՝ թել, ասում ես դու:
Իրականում քեզ վրա անծանոթ մի մանչուկ է նայում:
Բաց թողնել՝ ասում ես՝ սաղարթների վրա վեր հառնալ:
Դու նայում ես ինձ, թե ինչպես եմ ես ընկնում գլխիվայր:

Խառնաշփոթ ու թախիծ, մթություն և արցունք աչքերում,
րոպեների առատություն բուժարանի ժամացույցին հեռվում:
Նավաքարշն է լողում-անցնում: Հետևում նրա՝ դատարկություն է:
Ոսկե լուսինն է թառել բարձր աղյուսե կալանատան վերևում:
Ազատությանը՝ միայնություն եմ նվիրում պատի կողքին:
Ավանդում եմ պատին լռության մեջ դոփյուն քայլերի:
Մթության մեջ լարված շնչելով, պատին դիմում եմ.
ավանդում եմ քեզ հավերժ սանձահարել մանչուկին:

Չեմ ուզում ես մեռնել: Ուղղակի անկարող եմ պահել մահը մտքումս:
Չվախեցնես մանչուկին: Մթի մեջ խորասուզվել ես վախենում եմ:
Չեմ ուզում հեռանալ, չեմ ուզում մահանալ, ես, հիմարս,
չեմ ուզում, չեմ ուզում ես գիտակցված սուզվել մթի մեջ:
Ապրել միայն, ապրել, թիկունքով հենվելով քո ցրտին:
Ոչ ուրիշներին, ոչ ինձ, և երբեք, ոչ սեր, ոչ մեկին:
Ապրել միայն, ապրել, մոռանալ, ամեն ինչի վրա թքել:
Ես չեմ ուզում մեռնել: Ես չեմ կարող ինձ սպանել:

Կանչի՛ր ինձ ուրեմն: Դու վարպետ ես ճչալ ու կշտամբել:
Կանչի՛ր ուրեմն: Այնքա՜ն հեշտ է մանչուկին վախեցնել:
Կանչի՛ր ուրեմն ինձ: Եթե ոչ, ես ի՛նքս հիմա կգոչեմ.
Հե՜յ, մանչու՛կ, - և դատարկ տարածություն կթռչեմ:
Պատ, դու ճիշտ ես. հետևում պետք է ինչ-որ բան ունենալ:
Լավ է, որ հիմա մթնում հետևումս կարող են մնալ
ոչ թե լուռ մի գործակալ աղավնու անձրևանոցն ուսին,
ոչ հոգի, ոչ մարմին՝ միայն ստվեր քո պատ-աղյուսին:

Մեկուսարան թախծի՝ կամ ուղղակի առաջընթաց շարժում:
Վերակացու սիրո՝ կամ ուղղակի իմ ռուս ժողովուրդ:
Լավ է, որ գտնվել է նա, ով կարող է ձեզ բարեկամացնել:
Լավ է, որ միշտ մեկ է ձեզ, թե ում կախաղան բարձրացնել:
Հետևում քո՝ զնդանն է: Իսկ իմ հետևում՝ միայն ստվեր քեզ վրա:
Լավ է, որ վառ-դեղին առավոտն է սողում խողովակի վրա:
Լավ է, որ վերջանում է գիշերը: Մոտենում է ցերեկը:
Պահպանիր իմ ստվերը:


հունվար - փետրվար 1964

Sambitbaba
27.04.2020, 21:29
ՀՅՈԻՍԻՍԱՅԻՆ ԵՐԿՐԻՆ


Հյուսիսային երկիր, ծածկիր:
Եվ խորը: Անտառում:
Ինչպես խեժը կեղևի տակ,
թաքցրու արցունքն աչքերում:
Եվ թող միայն բիբերս,
ինչպես փշատերև մի փունջ,
գալիք օրերի համար:
Եվ ծածկիր երկիրը:

Ոչ, մի տագնապիր իզուր.
ես կդառնամ ցախաքլոր,
և փետուրների պես, թևերիս կպառկեն
օրացույցի թերթիկները:
Կամ կթաքնվեմ, աղվեսի պես,
մարդկային դեմքերից,
շների ոռնախմբից,
երկփողանի ակնապիճից:

Թաքցրու և բերանս սեղմի՛ր:
Թող, երբ առաջ նայեմ,
չհանդիպեմ ոչնչի,
դեղին ճահիճներից բացի:
Եվ նրանց խոնավ կնքավազանին
թաքցրու անհամեստ աչքերից
հետքերս, եթե թողնեմ,
և ճահճուտի մեջ թաղիր:

Իմ հերթը չէ լռելու:
Բայց ժամանակն է կանչել
միայն նրանց, որոնք
չեն կշտամբի ամպերին,
որ անձուկ են նրանք, կարմրոտ:
Ժամանակն է, անխոս երգերով
բների ցանկապատին կրկնելով,
դուրս գալ, թափառել մթնում:

Եվ ուրեմն աղմկիր քո հոգում
դատապարտյալ քո ճակատագրում
և իմ գլխի վերևում,
քեզ վիճակագրված,
բայց միայն ձեռքով (ուսի)
տուր ինձ ջուր (աղբյուրի)
լցնել, որ հասկանամ,
որ կյանքն է միայն՝ ոչ ոքի:

Չհակաճառել, չվարկաբեկել:
Նոր ամպրոպներ չգուշակել:
Հետ նայիր, եթե կարող ես՝
հեռանում են այդպես.
քայլում են ամբոխի միջով,
հետո՝ գետերի ու դաշտերի կողքով,
հետո անտառներով ու սարերով,
արագորեն: Արագորեն:

մայիս 1964

ivy
05.05.2020, 23:37
Սիրուն թարգմանություններ են, մի քանի օր առաջ տարված կարդում էի:

Sambitbaba
06.05.2020, 00:34
Սիրուն թարգմանություններ են, մի քանի օր առաջ տարված կարդում էի:

Շնորհակալ եմ, Այվ ջան::love
Բրոդսկի թարգմանելն ինձ համար ոնց որ մտավոր թարմացում լինի: Ռուսները լավ բառ ունեն. отдушина, - ավելի է սազում::)

Sambitbaba
18.05.2020, 06:54
1965 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1

Մոգերը կմոռանան քո հասցեն:
Գլխիդ վերևում չեն լինի աստղեր:
Եվ դու, միայն, ինչպես հնում էր,
կլսես քամու խռպոտ ոռնոցը
Նախքան անկողին մտնելդ, մոմը փչելիս,
դեն կնետես ստվերը քո հոգնած ուսերից:
Քանզի ավելի շատ օրեր, քան մոմեր է
խոստանում մեզ օրացույցը:

Ի՞նչ է դա: Թախի՞ծ: Հնարավոր է, թախիծ:
Մեղեդի, որ ծանոթ է քեզ անգիր:
Կրկնվում է նորից: Թող կրկնվի:
Թող կրկնվի այսուհետև:
Թող հնչի այն նաև մահվան ժամին,
որպես երախտանք աչքերի և շուրթերի
նրան, ով ստիպում է մեզ հեռուներին
ժամանակ առ ժամանակ նայել:

Եվ լուռ, աչքդ առաստաղին հառած,
քանի որ գուլպան դատարկ է անկասկած,
կհասկանաս, որ ժլատությունը երաշխիքն է
նրա, ով ծեր է չափազանց:
Որ ուշ է հավատալ հրաշքների:
Եվ հառելով աչքերդ երկնքին,
դու հանկարծակի կհասկանաս,
որ անկեղծ նվեր ես ինքնին:


հունվար 1965

Jarre
26.05.2020, 01:39
Չգիտեմ ով ինչ ռաեկացիա կտա, բայց շատ զզվելի բան են արել։ Զսպում եմ ինձ որ կոշտ կոպիտ բաներ չգրեմ....
Все таки Բուլգակովյան պրոլետարիատի մակարդակից չբարձրացան.....


https://youtu.be/iidkjPc8URg

Sambitbaba
26.05.2020, 19:59
Սովդեպական գիտակցություն, տրեխի մակարդակի, ինչ կարող ես ասել...

Jarre
26.05.2020, 22:03
Ուղղակի ապշում եմ, անկեղծ։ Գոնե ծննդյան օրը թողնեին ու հետո ջնջեին։ Դա ոչ մեկի կյանքին վտանգ չէր սպառնում, կենսական կարևորություն ունեցող հարց չէր.... Հասկանում եմ, որ օրենքով պետք է թույլտվություն հարցնեին հետո անեին։ Բայց օրինակ ինձ որ էդ պատի «տերերի» տեղն եմ դնում ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ուղեղումս ինչ պիտի կատարվի որ տենց հրատապ ջնջել տամ ((( Միակ արդարացումը որ էս պահին գլխումս կա դա այն է, որ գուցե իրենց պետությունը դրա համար տուգանի կամ դատական գործ բացի։ Էդ դեպքում ուրիշ բան.... Բայց չեմ կարծում։

Sambitbaba
26.05.2020, 23:01
Ուղղակի ապշում եմ, անկեղծ։ Գոնե ծննդյան օրը թողնեին ու հետո ջնջեին։ Դա ոչ մեկի կյանքին վտանգ չէր սպառնում, կենսական կարևորություն ունեցող հարց չէր.... Հասկանում եմ, որ օրենքով պետք է թույլտվություն հարցնեին հետո անեին։ Բայց օրինակ ինձ որ էդ պատի «տերերի» տեղն եմ դնում ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ուղեղումս ինչ պիտի կատարվի որ տենց հրատապ ջնջել տամ ((( Միակ արդարացումը որ էս պահին գլխումս կա դա այն է, որ գուցե իրենց պետությունը դրա համար տուգանի կամ դատական գործ բացի։ Էդ դեպքում ուրիշ բան.... Բայց չեմ կարծում։

Չեմ կարծում, Ժառ ջան... Հաստատ տեղացի չի էդ ուսմասվարը, տեղացիների համար Բրոդսկին համարյա սրբություն է: Նկարողն էլ ասաց, որ օրենքից դուրս ոչինչ չեն արել: Համ էլ քռչոտ պատն էին վերանորոգել հավանաբար մինչև նկարելը... Մի խոսքուվ, էդ ժողովուրդը շարունակում է քայլել Պուտինի ցույց տված ուղղությամբ, այսինքն՝ հետ...

Sambitbaba
30.05.2020, 18:54
ՀԱՏՎԱԾ

Sad man jokes his own way

Ես փիլիսոփա չեմ: Ոչ, ես չեմ ստում:
Մեծահասակ մարդ եմ, այլ ոչ փիլիսոփա,
չնայած և չունեմ ես համարձակություն
որոշ խելագար հարցերի չտալ պատասխան:
Ես տխուր մարդ եմ, և նույնիսկ իմ կատակում
յուրօրինակ եմ, մասնավորապես նման
կողպեքի: Ընդ որում, նմանվել բանալու
չեն թույլատրում ինձ խիղճս և գլուխս ճաղատ:
Այն ճշմարտախույզները, որոնք որ այստեղ
իրենց հորանջոցները զսպել չեն կարող,
թող ամեն մեկը մի թութակ ձեռք բերեն
գռեհիկ և բռի զվարճապատումներ քամող:
Ճիշտ այնպես, ասես թե մերկ զբոսանքի դուրս գաս,
այո, այո՛, - և ասում եմ սա առանց կատակի, -
հաստատ, մի ինչ-որ նախամարդկային բան կա,
երբ ուրախանում ես սեփական արձագանքից:
Լրջությունը, ցավոք, առավելություն չէ:
Բայց եթե ես նրա վրա արհամարհաբար թքեմ,
ընդամենը կապացուցեմ դրանով, որ ես
երիտասարդություն վերադառնալու որևէ ձգտում չունեմ:
Այդպես տեսարանը, աչքերիս հաճելի,
ներբաններս գարշ ցեխին են տանում-հասցնում:
Թող գոնե դիալեկտիկայի օգուտն է տեսանելի
հետահայացության այս հարմարավետությունում:

Ոչ զավակ, ոչ հայր լինելու պիտանի չեմ:
Եվ չունեմ ես նաև զարմուհի կամ եղբայր:
Սկիզբներն ու վերջերն իրար միացնելը
զբաղմունք է ավելի շուտ ակրոբատի համար:
Ինչ-որ տեղ մեջտեղում չեմ, ես դրսում եմ հիմա:
Սակայն ջանում եմ, կատակին հանուն,
չնայած իրականում ես մի կողմ եմ կանգնած,
պնդել, որ "ոչ, գտնվում եմ կենտրոնում"...

1964

Sambitbaba
07.08.2020, 02:43
ՏԻԵԶԵՐՔԻ ՅՈՒՐԱՑՈՒՄԸ

Ձեղնահարկի պատուհանը բաց է:
Ես պատուհանից դուրս եմ նայում:
Լուսամուտագոգը փորումս խրված է:
Աղավնին է երկնքում պտտվում:
Ամպերից վեր կապույտ երկինքը բաց է,
բայց ոչ թե տանիք, այլ սառցածակ է թվում:

Շողում էր արևը: Հափրուկի հոտ էր գալիս:
Այծկիթի պես հողմացույցն էր ծղրտում:
Տունն իր ստվերն էր գցել: Ցանկապատը հին,
ստվեր գցել էր, բայց վագրաձի էր թվում,
և պատկերն այդ այլանդակել էր բակը թեթևակի:
Կալատեղերն էին ճկռել հողին հեռվում:

Թխսի վրա անկարգացել էր հարևան աքլորը:
տեսնելով այդ, իր թախիծը ծղրտաց
աքլորը մեր, պատռելով սեփական որկորը:
Այդ դրաման մերժեցի ես արհամարհանքով,
ռադիոընդունիչը միացրի ու թեք ընկա:
Եվ Բաբելոնն իմ այդ մարտկոցավոր

հայտնեց, որ տիեզերք է թռել մի մարդ:
Իսկ ես պառկել, կոպերս եմ փակել,
այս բազմադեմ աշխարհից եմ միտք անում:
Դատում եմ. հորանջիր թե նկատի առ,
բայց մեկ է. թե փոքր և թե մեծ հարցերում
եթե տեղեկանում ենք, ուրեմն միայն պատահաբար:

1966

Sambitbaba
15.09.2020, 04:40
* * *

Գրաֆինի միջի կոնյակը՝ սաթի գույն ունի,
ինչն, ընդհանրապես, Լիտվայի համար, հատկանշանական է:
Կոնյակը փոխակերպում է ձեզ խռովարարի,
Ինչը պրակտիկ չէ: Այո: Բայց ռոմանտիկ է:
Այն հզոր հարվածով կտրում է խարիսխները
ամենի, ինչն էականորեն անշարժ և ստատիկ է:

Սեզոնի վերջն է: Սեղանները տակն ի վեր:
Եղևնակոներից կուշտ, սկյուռներն են հրճվում:
Բուֆետում խռմփացնում է ռուս երկրաբանը,
ինչպես ճամփաբաժանին ընտելացած մի ծուռ:
Շատրվանը կարկաչում է, և պահուհանի տակ
Յուրատեն ու Կաստիտիսը սիրահետում են իրար:

Դատարկ լողափները կենդանի են ճայերով:
Արևի տակ չորանում են գույնզգույն խցիկները:
Ավազաբլուրների հետևում տրանսպորտներն են ոռնում
և հազում են կուռլյանդական շոգ բուխարիները:
Խորշոմապատ ջրփոսերում շագանակներն են լողում՝
համարյա թե իսկական գալվանական ականներ են:

Ինչի հանդեպ ամբողջ մետրոպոլիան խուլ է՝
ընդօրինակել են մի երկու տասնյակ գավառներ:
Ետևառաջ ոտանավորի առաքյալը երգում է
իր անհասկանալի խառնաշփոթ ամսագրում:
Եվ առաջնային մեղքի ծեփակերտ պատճենն էլ
իր պատկերն է տիրաժավորում եթերում:

Երկի՜ր, դարաշրջա՜ն, - թքիր և լղոզի՛ր:
Ալիքներին պարում է սահմանապահ նավակը:
Երբ ժամացույցը ցույց է տալիս "տասնիհինգ",
լսվում է, դեբարկադերից էլ այն կողմ, կոչնակը
կաթոլիկ եկեղեցու: Իսկ եկեղեցու ներսում
Աստվածամայրը Որդու տանջանքներն է դիտում:

Եվ եթե ապրես այն կյանքով, որտեղ ուղիները
իրոք, բաժանվում են, որտեղ մատնահատվածները,
լրբորեն մերկանալով մինչև ոսկորները,
երկար զրույց են սկսել բումերանգի մասին,
ուրեմն աշխարհի ամենալավ տեղն է
Պալանգան, բոլորից լքված, աշնանային:

Ոչ հրեաներ կան, ոչ ռուսներ: Ամբողջ հսկայական
լողափով հնեաբանը երկու տարեկան,
ամփոփված գոռոզամտության մեջ սեփական,
թափառում է, ձեռքին հաղճապակու կտորը:
Եվ եթե այստեղ պատռվի սիրտդ հանակարծ,
կմնա լիտվերեն գրված մի դամբանական,

ոչ ավելի մեծ, քան պիտակն այն տուփի,
որտեղ չրխկում են մնացած մի քանի լուցկին:
Եվ արևը, գնդահացի նման,
կմտնի, երաշտահավին ի զարմանս
մի վայրկյան, կուտակ-կուտակ ամպերի հետևը,
սգալու, իսկ միգուցե, ուղղակի ըստ սովորության:

Միայն ծովն է շառաչելու, ողբալով
անդեմ՝ ինչպես դերասանների դերերում:
Իսկ Պալանգան էլ, ֆսֆսալով, հազալով,
ականջ է դնելու այն անսանձ քամուն
և ուղեկցելու է հայացքով լռաձայն
հեծանվորդներին հանրապետական:


աշուն 1967

Sambitbaba
25.11.2020, 04:30
* * *

Մազերը՝ մատների միջից
քունքի հետև են վազում
ինչպես ալիքներ շեղակի,
շուրթերն էլ չեն երևում,
մնացել են հեռու ափին
դեմքեր, աչքեր գոցված,
վազքի մեջ քարացածների,
հոսանքին հակառակ: Ան-

ջատ դիմագծերի աշխարհ,
որ ոչնչով չես կպցնի:
Ամբողջ գիշեր մի հետք,
ուղեցույց թել մեն մի,
փնտրում են լեզու, հայացք,
արագավազ շան նման,
հենված անկաշկանդվածությանը,
արցունքներով ճեղքված:

Հոսանքով վեր, հետո վար՝
ես եմ: Նայիր ինձ,
փակ կոպերդ չբացած.
այնտեղ, վերում հոսանքի,
ի՞նչ կար արդյոք, տեսա՞ր:
(Բայց աչքերդ մի լարիր:)
Նույնը չէ՞ արդյոք, ինչ հիմա
բռնել եմ ես իմ ձեռքին:

Դաստակի աշխարհ: Գիշերվա
կտրվածք: Եվ աշխարհ կոպերի:
Սրանցից երկուսն էլ առանց
տեսանելի սահմանների:
Եվ իմ ու քո խոսքերը,
մտադրություննրը, գործերը
անծայրածիր են, ինչպես
հրեշտակի երկու թևերը:

1967