PDA

Դիտել ողջ տարբերակը : Իոսիֆ Բրոդսկի



Sambitbaba
26.02.2017, 09:11
* * *

Մնաս բարով,
մոռացիր
և մի մեղադրիր:
Իսկ նամակներն այրիր,
որպես կամուրջ:
Եվ քո ճանապարհը տղամարդկային
թող լինի,
թող լինի ուղիղ
և անպաճույճ:
Եվ թող մեգի մեջ
վառվի քեզ համար
փայլազարդն աստեղնային,
և թող հույսն
իր ափերը տաքացնի
քո խարույկի կողքին:
Թող լինեն մրրիկներ,
ձյուներ, անձրևներ
ու մոլի մռնչոց կրակի,
թող հաջողություններ լինեն քո առջև
ավելի շատ, քան իմ:
Թող քո կրծքում շառաչող
կռիվը
լինի հզոր ու սքանչելի:

Երջանիկ եմ նրանց համար,
ովքեր, կարող է,
քեզ կլինեն
ուղեկից:


1957



Թարգմանությունը Ս-բաբա

Marcus
26.02.2017, 14:46
https://www.youtube.com/watch?v=PIO7ri1rNVU

Sambitbaba
26.02.2017, 22:43
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Այդ ամենը եղել է, եղել է:
Այդ ամենը մեզ հրկիզել է:
Այդ ամենը հոսել է, ձաղկել է,
կախաղան է հանել և օրորել է,
և մեր ուժերն էլ խլել է,
և գերեզման էլ քարշ տվել է,
և պատվանդաններ էլ բարձրացրել է,
իսկ հետո ցած նետել է,
իսկ հետո՝ մոռացել է,
իսկ հետո հրավիրել է
տարբեր ճշմարտություններ որոնելու,
որ ամբողջապես մոլորվենք
գոռոզամտության նոսր թփերի մեջ,
հուսալքության վայրի կեղտի մեջ,
զուգորդությունների, կոնցեպտների
և՝ ուղղակի զգացմունքների մեջ:

Բայց մենք պայքարել սովորեցինք
և տաքանալ սովորեցինք
նույնիսկ թաքնված արևից
և հասնել ցամաքին
առանց նավատարի,
բայց՝ գխավորը, - սովորեցինք չկրկնվել:
Մեզ դուր է գալիս մշտականությունը:
Մեզ դուր են գալիս ճարպի ծալքերը
մեր մայրիկի վզի վրա,
ինչպես նաև՝ մեր բնակարանը,
որը փոքրոտ է
տաճարի բնակիչների համար:

Մեզ դուր է գալիս փթթել:
Մեզ դուր է գալիս հասկավորվել:
Մեզ դուր է գալիս չիթի շրշյունը
և ժայթքալեզվի ճարճատյունը,
և, ընդհանուր առմամբ, մեր մոլորակը,
որը նման է նորակոչիկի՝
շքերթի ժամանակ քրտնած:


3 դեկտեմբերի 1958

Sambitbaba
26.02.2017, 22:51
https://www.youtube.com/watch?v=ji6lmO-nGHY

Sambitbaba
27.02.2017, 21:17
* * *

Հրեական գերեզմանոց է Լենինգրադի կողքին:
Ծուռ ցանկապատ է՝ փտած նրբատախտակից:
Ծուռ ցանկապատի հետևում կողք-կողքի պառկած են
իրավաբաններ, առևտրականներ, երաժիշտներ, հեղափոխականներ:

Իրենց համար էին երգում:
Իրենց համար էին կուտակում:
Ուրիշների համար էին նահատակվում:
Բայց սկզբում հարկերն էին վճարում,
պրիստավին էին հարգում
և այս, անելանելի նյութական աշխարհում,
մնալով գաղափարապաշտ,
թալմուդն էին մեկնաբանում:

Կարող է, տեսել էին ավելի շատ,
Իսկ հնարավոր է, հավատում էին կուրորեն,
բայց սովորեցնում էին երեխաներին, որ համբերող լինեն
և դառնան համառ:
Եվ չէին ցանում հաց:
Հաց երբեք չէին ցանում:
Ուղղակի հենց իրենք
սառը հողում պառկում էին, սերմերի նման:
Եվ հավերժ քուն էին մտնում:
Իսկ հետո՝ նրանց ծածկում էին հողով,
մոմ էին վառում,
և Մեռելոցին
սոված բիձուկները բարձր ձայներով,
ցրտից շնչասպառ,
հանգստյան մասին էին գոռում:
Եվ գտնում էին այն:
Նյութի քայքայման տեսքով:

Ոչինչ չհիշելով:
Ոչինչ չմոռանալով:
Փտած նրբատախտակից ծուռ ցանկապատի հետևում,
տրամվայի վերջին կանգառից չորս կիլոմետր այն կողմ:


1958

Sambitbaba
28.02.2017, 20:03
ՈՒԽՏԱԳՆԱՑՆԵՐԸ


Իմ երազներն ու զգացմունքները հարյուրերորդ անգամ
դեպի քեզ են գալիս ուխտագնացների ճանապարհով:

Վ. Շեքսպիր



Մեհյանների, ասպարեզների կողքով,
տաճարների ու բարերի կողքով,
շքեղ գերեզմանների կողքով,
մեծ շուկաների կողքով,
կողքով աշխարհի և սգի,
կողքով Հռոմի և Մեքքայի,
կապույտ արևից խանձվելով,
ուխտագնացներն են քայլում աշխարհով:
Խեղանդամ են նրանք, սապատավորված են,
կիսամերկ են նրանք, քաղցած են,
աչքերում նրանց մայրամուտ է,
սրտերում նրանց այգաբաց է:
Նրանց հետևից երգում են անապատները,
բոցավառվում են փայլակները,
նրանց գլխի վերևում կանգնում են աստղերը,
և խռպոտ ճչում են թռչունները.
որ աշխարհը կմնա նախկինը,
շլացուցիչ ձյունոտ կմնա
և կասկածելիորեն նուրբ կմնա,
աշխարհը կմնա կեղծ,
աշխարհը կմնա հավերժ,
կարող է, ճանաչելի նաև,
և այնուհանդերձ անվերջ:
Եվ, ուրեմն, չի լինի օգուտ
թե քեզ հավատաս, թե Աստծուն:
...Եվ, նշանակում է, մնացին
պատրանքն ու ճանապարհը միայն:
Եվ ուրեմն, երկրի վրա մայրամուտներ կլինեն,
և ուրեմն երկրի վրա լուսաբացները կմնան:
Զինվորները նրան կպարարտացնեն:
Պոետները նրանով կհպարտանան:


1958

Sambitbaba
01.03.2017, 19:28
ԳԻՐՔԸ


Ինձ մի գիրք ուղարկեք երջանիկ ավարտով...
Ն. Խիկմեթ


Ճանապարհորդը, վերջապես, գտավ օթևան:
Ազնիվ շիկահեր տղամարդը պատժեց սրիկային:
Գյուղացին կողպում է գոմը,
ծառերին նայելով,
երջանիկ ավարտով
գրքի
վերջին էջին:
Հիշատակված համաստեղությունները կաթում են լռության մեջ,
փակ պատուհաններից ներս, գոցվող թարթիչներին:

... Առաջին գրքում ծառերը
պատուհանին էին փարվում լուռ,
և քնած հիվանդանոցներում թռչնի պես ճչում են հիվանդները:
Իսկ երբեմն վեպերը ցերեկն են ավարտվում:
Բացահայտելով օրինաչափությունը, գիտնականը բացում է պատուհանը,
այն ճանապարհորդը թաքնվում է
բլուրից այն կողմ,
մնացած հերոսները հանդիպում են ճաշի ընդմիջմանը:
Էկոնոմիկան կայունանում է,
սոցիոլոգը հաստատամտվում է:
Պերճաշուք բարերի առջև
փայլում են համեստ մեքենաները:
Պատերազմները վերջացել են: Սերունդներն աճում են:
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԻՆ ԿԱՐՈՂ Է
ՀՈՒՍԱԼ ՄԻ ՏՂԱՄԱՐԴ ԻՐԵՆ:
Շեկերը շարադրում են տարբերությունը
չարի և բարու միջև:
Բոլոր ծառերը՝ կեսօրին՝ գյուղացուն թաքցնում են
ստվերում:
Բոլոր ինքնաթիռները բարեհաջող
օդանավակայան են վերադառնում:
Բոլոր կապիտանները
հստակորեն տեսնում են ցամաքը:
Հիմարները խելոքանում են: Ստախոսները ստել դադարում են:
Սրիկան, բնականաբար, ոչինչ անել չկարողացավ:
... Եթե առաջին գլխում ինչ-որ մեկը շարունակում է ճչալ,
երեսուներորդում, հասկանալի է, ճիչն այլևս չի լսվում:
Սեռական մոլագարություն և սոցիալական լավատեսություն,
վիլանդելներ, կանցոններ, սոնետներ լավ բնաբաններով,
կիսադեդեկտիվ սյուժետ, որը կյանք է կոչվում:
... Ուղարկե՛ք ինձ այդ գիրքը երջանիկ ավարտով:


22 օգոստոսի 1960
Լենինգրադ



Թարգմանությունը Ս-բաբա

Sambitbaba
27.03.2017, 19:45
ԱՅԳԻ


Որքա՜ն դատարկ ես դու և համր ես դու:
Աշնանային կիսամեգում
որքա՜ն անիրական է թափանցիկությունն այգու,
որտեղ տերևները մոտենում են հողին
տարրալուծման մեծ ձգողականության շնորհիվ:

Որքա՜ն համր ես դու:
Մի՞թե քո ճակատագիրը
իմ ճակատագրի մեջ կոչ է գուշակում,
և քեզ լքած պտուղների գվվոցը
մոտ չէ՞ քեզ, ինչպես ղողանջը զանգերի:

Ո՜վ մեծն այգի:
Նվեր տուր իմ խոսքերին
օրորը ծառաբների, ճշմարտության պտույտը,
որտեղ թափառում եմ ես դեպի թեքված ճյուղերը
տերևաթափի մեջ, դեպի վերածննդի մթնշաղը:

Ինչպե՞ս ապրեն
մինչև գալիք գարուն
քո հաստ բները, հոգին իմ տխուր,
երբ պտուղներդ հավաքել-տարել են
և իրական է միայն քո դատարկությունը:

Ո՛չ, հեռանա՛լ:
Թող ինչ-որ տեղ
տանեն ինձ հսկայական վագոնները:
Իմ հովտային և քո բարձր ճանապարհը՝
հիմա նրանք միանման անծայր են:

Մնաս բարո՛վ, այգիս:
Երկա՞ր... Ընդմիշտ:
Պահիր քո մեջ խորհուրդն այգաբացի,
ով մեծ այգի, որ թափում ես տարիները
դառն անդորրի վրա բանաստեղծի:


1960

Sambitbaba
08.05.2017, 18:40
* * *

Այժմ ավելի հաճախ եմ զգում հոգնածություն,
սակայն նրա մասին խոսում եմ ավելի հազվադեպ,
ո՜վ, հոգուս նախախնամությունների արհեստականություն,
սրտառուչ և ուրախալի արտել:

Ի՞նչ թռչուններ ես դու քեզ հորինում,
ու՞մ ես նվիրում կամ վաճառում,
և ժամանակակից բներում ես ապրում,
և ժամանակակից ձայնով երգում:

Վերադարձիր, հոգի՛, և տուր ինձ մի փետուր:
Թող փառքի մասին երգի ռադիոընդունիչը:
Ասա, հոգի, ինչպիսի՞ն էր կյանքը քեզ թվում,
ի՞նչ տեսք ուներ բարձրից թռչնաթռիչքի նա:

Քանի դեռ ձյունն, ասես անգոյությունից,
թափառում է պարզամիտ քիվերի վրա,
փողոց իմ, նկարիր դու մահվան մասին,
իսկ դու, ո՜վ, թռչուն, կյանքի մասին գոռա:

Ահա ես քայլում եմ, իսկ դու ինչ-որ տեղ թռչում ես,
չլսելով այլևս տրտունջները մեր,
ահա ես ապրում եմ, իսկ դու ինչ-որ տեղ ճչում ես
և թափահարում ես հուզախռով թևերդ:


11 դեկտեմբերի 1960

Sambitbaba
20.05.2017, 22:52
ԾՆՆԴՅԱՆ ՌՈՄԱՆՍ

Սիրով, Եվգենիա Ռեյնին


Աղյուսե լարվածության մեջ
անբացատրելի թախծում
գիշերային անմար նավակն է
այգուց Ալեքսանդրյան լողում,
անմարդամոտ լապտերը գիշերային,
նման դեղին վարդի,
իր սիրելիների գլխավերևում,
ոտքերի տակ անցորդների:

Անբացատրելի թախծում լողում է
հարբեցող-լուսնոտների երգչապարսը:
Կեսիշերային մայրաքաղաքն այս
նկարեց թախծոտ օտարերկրացին,
և դուրս է գալիս Օրդինկա
հիվանդ հեծյալներով տաքսին,
և մեռյալներն են կանգնել, գրկված
հետն առանձնատների:

Անբացատրելի թախծում լողում է
մայրաքաղաքով թախծոտ երգիչը,
նավթի կրպակի մոտ կանգնած է
թախծոտ կլորադեմ մաքրիչը,
անդեմ փողոցով շտապում է
ծեր ու գեղեցիկ սիրեկանը:
Կեսգիշերային նորապսակ գնացքը
լողում է անբացատրելի թախծում:

Առափնյա մառախուղի մեջ լողում է
պատահականորեն դժբախտ լողորդը,
հրեական առոգանությունը թափառում է
դեղին աստիճանների վրա թախծոտ,
և Տարեմուտին, կիրակի օրով,
իր թախիծը չբացատրելով,
սիրուց դեպի տխրությունն է
լողում գեղեցկուհի օրիորդը:

Աչքերում ցուրտ երեկոն է լողում,
վագոնում ձյան փաթիլներն են դողում,
ցուրտ քամին, գունատ քամին
կարմրած ձեռքերը կհամակի,
և ծորում է մեղրը լապտերների,
և քաղցր հոտ է գալիս հալվայի,
և ճրագալույցը բլիթն է տանում
դրած գլխին:

Անբացատրելի թախծում լողում է
քո Նոր Տարին մուգ-երկնագույն
ալիքներով քաղաքային աղմուկի մեջ,
ասես թե կյանք կսկսվի նորից,
ասես թե փառք կլինի և լույս,
օր հաջողված և բավական հաց,
ասես թե կյանքը, թեքվելով ձախ,
կթեքվի աջ:


28 դեկտեմբերի, 1961

Sambitbaba
22.05.2017, 20:39
* * *

Գյուղում երբեք ոչ ոք չի խելագարվում:
Այստեղ մութ դաշտերով գալիս է աշխատանքը:
Կլոր ծառերի կողքին շարված են տները,
որտեղ մարդիկ ապրում են, ծնվում ու մեռնում:
Քունքերդ գյուղում ավելի պինդ սեղմիր:
Բոլոր գյուղերում, ինչ խոսք, խոտ է աճում:
Այս գյուղում գետի աղմուկի միջից
կլոր ծառերի վրա տերևքն է խշշում:

Աստված իմ, Աստված իմ, լուսավոր է գյուղում,
և ամենն, ինչը մարդու խելքից էր հանում,
հիմա ընկերական է նրան դիմելու:
Տես, ծառերի ծաղիկներն են շողում
(կամուրջներ՝ անցյալին), բայց այստեղ մի լաստանավ,
ինչպես հեծանվահրապարակ մտքումդ է շողում,
ավարտված մեղեդու ճարճատյունը մարմար
գոռում է հենց ատամներիդ մեջ, գոռում:
Եվ, փայտե վահանը մոտեցնելով դեմքին,
մեռած թասի միջից կլլում է մրցուղին:

Գյուղում երբեք ոչ ոք չի խելագարվում:
Սպիտակ մատուռից՝ բլրի վերևում,
սպիտակ մատուռից՝ անճաշակ ու դժկամ,
դաշտերին է նայում Հովհանն Աստվածաբերան:
Դեպի գյուղ իջնելիս, երբ ցած ես նայում՝
հեծանվորդ-փոստատարն է փոշի բարձրացնում,
գետն է աղմկում ավելի ներքևից
լաստանավն էլ սևին է տալիս հեռվից,

դու, հավանաբար, կհասնես գնացքին:
Բայց դու չես գնա, փող չկա այստեղ
այսպիսի կյանքի մեջ, որ մի տոմս գնես:
Ամբողջ գյուղի համար չորս նամակ է տանում:
Գյուղում երբեք ոչ ոք չի խելագարվում:
Վերարկույով գետի մոտ նայիր ծաղիկներին,
անձրևի կաթիլները դիպչում են դեմքին,
ջուրն են ընկնում ջրի կաթիլները
և տարրալուծվում են, անիվների պես:


1961 (?)

Sambitbaba
26.06.2017, 20:24
* * *

1.

Երեկոյան նա տեսնում է, հապաղելով դռներում.
երկու հեծյալ են սուրում մերձակա դաշտերում,
շրջանագծով ասես, թավուտի ու ճահճի միջով,
և ոչ մի կերպ մեկմեկու հասնել չեն կարողանում:
Մեկ բաց են թողնում սանձերը, թուլացած ու հոգնած,
մեկ նորից ձիան թամքից ոգևորված բարձրացած
և արագ սլանում են նրանք բլրի լուսավոր լանջով,
մեկ էլ թավտում են նորից, մթնում թանձրացող:

Երկու հեծյալ սլանում են երեկոյան կեղտի մեջ,
ոչ միայն տանս են մոտիկ, նրանք մոտ են սրտիս էլ,
մեկմեկու ձայն են տալիս, տես, իրար են կանչում,
թավուտից այն կողմ երկնային զորքն է լողում:
Եվ այդպես, նրանք երբեք աշխարհում երկուսով
թավուտի ու ճահճի միջով, ցամաք ջրամբարի միջով,
չեն անցնի որևէ կայարանակետի տեսանելի,
ասես թե նրանց միջև մի հարյուր թուփ չլինի՜:

Երեկոյան ուրվականնե՜ր են, - ու՞ր են հետքերը նրանց,
չեն տեսնի նրանք երբեք ջրի կրկնակի ճղփանք,
նրանց նորից իր գիրկն է առնում լռությունը,
բազում կանչերից լռությունը գիտի նրանց անունը:
Գյուղական ճանապարհով, փոշու մեջ սառած,
սև սոճիների տակ, կույտերում հողի,
երկու հեծյալ են սուրում անգույն գետի վրա,
երկու հեծյալ են սուրում. թախիծ և հանգիստ:


2.

Դատարկ ճանապարհն է թխկիների տակ քնել,
սմբակների դոփյունն է պատուհանի տակ լռել,
գիտեմ ես երկուսին էլ, ես գիտեմ վաղուց.
այդպես սիրտս է դոփում՝ ինչպես նրանք են սուրում:
Այդպես սիրտս է դոփում. հարված, հարված նորից,
սառը մոռացություն է տարածվում դաշտերից,
և ալիքներն են փայլում առափնյա թփերում,
և սիրելի նվագախումբն է բարձր նվագում:

Հալվեց նրանց դոփյունը, բայց սի՛րտս է դոփում,
հասնում է շշունջի, բայց երբեք չի՛ լռում,
և, նշանակում է, նրանք, շարունակում են սլանա՛լ,
ընդունակ են դադարել, բայց լռել՝ չեն կարողանում:

Երկու հեծյալ են սուրում դեպի մութը գիշերվա,
մեկը մեկի հետևից, կռացած թամքի վրա,
թավուտներով ու գետերով, սև անտառներով,
այնտեղ, որտեղ կհաջողվի նրանց դեպի երկինք հառնալ:


3.

Հուլիսյան այս գիշերը մութ է ավանում:
Մժեղները ոսկե օդանցքից ներս են թռնում:
Տաք ռադիոընդունիչն է զրնգում հատակին,
և սեղանին է մոտենում համարձակ Գիլեսպին:

Սև տրտմությունից մինչև կուռ ճակատագիր,
սկզբի աղմուկից մինչև հստակ ձայնը շեփորի,
ընկերոջ սրտազեղումից մինչ թշնամու երջանկություն
այս սքանչելի աշխարհում երկու քայլ է բաժանում:

Ես կյանքըս սեփական չեմ սիրում, չեմ վախենում,
և իմ դարի հետ էլ ոչ մի կերպ չեմ պայքարում:
Իմ շուրջ թող բոլորը խոսեն, ինչ ուզում են,
ինձ անհանգստացնում են, նրան ուրախացնում են:

Այս երկրի յուրաքանչյուր արվարձանի մոտ,
ամեն աստիճանի վրա, ամեն պատի մոտ,
մոտակա ժամանակներս, խարտյաշ կամ շիկահեր,
իմ ոգին կհայտնվի, երկու դեմքը մեկտեղ:

Եվ մահի հետևից ուղղակի, որոշ ժամանակ,
գոնե այդպես, մոխրի պես, վաղուց քամուն տված,
բռնելով ժառանգիս թղթի վրա առավոտից,
գոնե փոշով իմ կդիպչեմ գրչիս թանկագին:


4.

Երկու հեծյալ սուրում են երեկոյան տարածքում,
մացառուտն է տարրալուծվում գետի մշուշում,
ջահել թախծի հետևից, մեկ մոտ, մեկ հեռու
սքանչելի հանգստությունն է սլանում մթնում:

Երկու հեծյալ սուրում են, նրանց ստվերները ճախրում են:
Գյուղական ճանապարհի վրա բոլոր աստղերը վառվում են:
Սմբակները քնած հողագունդն են դոփում:
Տղամարդն ու կինն են ընթանում մեգում:


7-9 հունիսի 1962

Sambitbaba
08.07.2017, 09:18
* * *

Սև երկնակամարը՝ այն ոտքերից լուսավոր էր
և միաձուլվել մթին նա անկարող էր:

- - - - -


Այն երեկո կողքին մեր խարույկի
մենք տեսանք սև նժույգին:

Ավելի սև ոչինչ ես չեմ հիշում:
Սև էին նրա ոտքերն, ինչպես ածուխ:
Նա սև էր, ինչպես դատարկությունն է սև:
Սկսած պոչից, նա մինչև բաշն էր սև:
Բայց մեջքը նրա, թամք չտեսած երբեք,
սև էր արտասովոր, այլ կերպ:
Կանգնել էր նա անշարժ: Ասես տրված քնի:
Նրա սմբակների սևն էր ահալի:

Սև էր այնքան, որ ստվերներ էլ չէր զգում:
Այնքան, որ ավելի մութ չէր դառնում:
Սև, ինչպես սև է մութը կեսգիշերում:
Սև, ինչպես սև է ասեղը իր ներսում:
Սև, ինչպես առջևում սաղարթը,
ինչպես կողոսկրների միջև տարածքը:
Ինչպես հողի տակի փոսիկը, որտեղ սերմն է:
Ես մտածում եմ, որ մեր ներսում էլ սև է:

Բայց սևանու՛մ էր նա աչքի առաջ:
Իսկ ընդամենը կեսգիշեր էր ժամանակը:
Չէր մոտենում նա մեզ և ոչ մի քայլ:
Աճուկներում նրա խավարը անհատակ էր:
Նրա մեջքն էլ անկարող էինք տեսնել:
Լուսավոր մի պու՜տ չէր մնացել:
Միայն աչքերն էին սպիտակին տալիս:
Սարսափելի էին բիբերն` էլ ավելի:

Ասես սևանկար լիներ ինչ-որ մեկի:
Ինչու՞ ուրեմն նա, կասեցնելով ընթացքն իր,
մինչև այգաբաց մեզ հետ մնաց:
Ինչու՞ խարույկից հեռու նա չգնաց:
Ինչու՞ մթնում սև օդ էր նա շնչում:
Ինչու՞ չոր ճյուղերով էր նա շրշում:
Ինչու՞ սև լույս էր աչքերից ծորում:

Մեր մեջ իրեն հեծյալ էր նա փնտրում:


28 հունիս 1962

Sambitbaba
17.10.2017, 15:59
ՍՏԱՆՍԵՐ


Ե.Վ., Ա.Դ.

Ոչ երկիր, ոչ գերեզման
ընտրել չեմ ուզում:
Մեռնել ես կուզենամ
Վասիլևյան կղզում:
Շենքիդ ճակատը մուգ-կապույտ
խավարում չեմ գտնի,
խունացած ուրվագծերի մեջ
կընկնեմ ասֆալտին:

Եվ հոգիս, որ անխոնջ
դեպի մութ է շտապում,
կցոլա կամուրջների վրա
պետրոգրադյան ծխում,
նաև շաղ ապրիլյան,
ծոծրակիս տակ՝ ձյուն,
և լսում եմ ես ձայն.
- բարեկամ, ցտեսություն:

Եվ կտեսնեմ երկու կյանք
գետից այն կողմ հեռվում,
անտարբեր հայրենիքին
թշերով են հպվում,
- ասես զույգ քույրիկներ
իմ չապրած տարիներից,
դուրս են վազում, թևածում են
տղայի հետևից:


1962

Sambitbaba
08.11.2017, 08:49
* * *


Ա. Ն.

Ծխնելույզից դուրս եկող ծուխը
հաստատում են տանն ապրող ծերերը:
Մետաղադրամն ափի մեջ այն մարդը
հաստատում է բախտի ճշմարտությունը:
Ճիշտ նույնպես հոգու շարժումը,
որ նման է ընդհանուր լռության մեջ
ձայնը կտրած նոտայի, -
հաստատում է մարմնի շարժումը:

Այդպես էլ մահը, այդ ջղաձգումը՝
ոչ գործերը պոետի, ոչ էլ փառքը, -
հաստատում է, որ պոետն ապրել է,
հստակ լույսից էլ ստվերներ կարել է:
Ճիշտ այդպես թռիչքը կամ ցատկը
անմեկին ստվերն է հաստատել:
Այդպես էլ կյանքը՝ տեսիլք-մարդուն, -
հաստատում է ամբոխից մեկի կատակը:



օգոստոս 1963